A1PLUS //
--------------------------------------------------------------------------------
ՄԱՅՔՐՈՍՈՖԹԸ ՊԱՀԱՋՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԱԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
[08:08] 16 Մայիսի, 2006 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=38923 ]
Մայքրոսոֆթ ընկերության կողմից Microsoft Windows Vista/ Windows XP/ MS Office ծրագրերի հայալեզու տարբերակների ստեղծումը նախատեսվում է ավարտել 2007թ.-ին: Բայց կա խնդիր. համակարգչային տերմինների մեծ մասը հայերենում չունի համարժեքը:
ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Մայքրոսոֆթն ինտերնետում հասանելի կդարձնի այդ տերմինները եւ հնարավորություն կտա հասարակության տարբեր շերտերին արտահայտելու իրենց կարծիքը դրանց թարգմանաբար օգտագործելիության վերաբերյալ, ինչպես նաեւ համապատասխան իրազեկման միջոցառումներ կանցկացնի այդ քննարկմանը հասարակության հնարավորինս լայն շերտեր ներգրավելու համար:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին, որին ուղեկցում են ԱՊՀ երկրներում ընկերության գլխավոր տնօրեն Սերգյուշ Վիզան, գործարար կառավարման եւ ռազմավարության գծով տնօրեն Պոլ Մակլեստոնը եւ Հայաստանում Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է ստեղծել նաեւ համատեղ աշխատանքային խումբ՝ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Մայքրոսոֆթի հնարավոր աջակցության, համագործակցության հարցերը քննարկելու նպատակով: Նա նշել է, որ Հայաստանում այսօր էլ լայնորեն օգտվում են Մայքրոսոֆթի ծրագրային փաթեթներից եւ ընկերության հետ փոխգործակցության խորացումը կնպաստի նրա նոր ձեռքբերումները, արդյունավետ առաջարկները հայաստանյան շուկայում կիրառելուն:
Ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը, ողջունելով աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը, նշել է, որ տնտեսության զարգացման համար շատ կարեւոր է ՏՏ նպատակները կառավարության նպատակներին ու ծրագրերին համապատասխանեցնելը:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության, մասնավորապես, Մայքրոսոֆթի ծրագրային ոչ լիցենզիոն փաթեթների օգտագործման, Հայաստանի կրթական ծրագրերի իրականացման գործընթացում Մայքրոսոֆթի մասնակցության, էլեկտրոնային կառավարության գաղափարի իրագործման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: