ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Թուրքերը ցույցի են հավաքվում SMS հաղորդագրություններով
Բրյուսելում թուրքերը նորից են հարձակվել Պ. Պետրոսյանի սրճարանի վրա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մոտ երեք հարյուր թուրքեր, հակաամերիկյան ցույցից հետո շարժվել էին դեպի Բրյուսելի Սեն-Ժոս թաղամաս ու ջարդուփշուր արել ՚Բաբելոնի պարտեզՙ սրճարանը` Պ.Պետրոսյանին հասցնելով 100 հազ եվրոյի վնաս:
Նախօրեին հակաքրդական ցույցին մասնակցել են հարյուրավոր թուրքեր՝ զինված Աթաթուրքի լուսանկարներով, թուրքական դրոշներով: Ի դեպ, ցույցն արտոնված չէր: Թուրքերը Սեն- Ժոս եւ Սկարբեկ /Saint-Josse, Schaerbeek/ թաղամասերում ջարդել են կանգառների ապակիները, մեքենաներ, նորից հարձակվել հայի սրճարանի վրա, ավերել հարեւանությամբ գտնող մեկ այլ սրճարան, որի տերը քուրդ է:
Այս անգամ ոստիկանները միջամտել են՝ փորձելով կանխել ոչ միայն սրճարանի ավերումը, այլեւ հայերի, քրդերի ու թուրքերի բախումները: Բրյուսելի Սեն-Ժոս թաղամաս ոստիկանական զրահամեքենաներ են մտել: Կան ձերբակալվածներ:
Թաղամասում ուժեղացված ոստիկանական վերահսկողություն էր սահմանվել դեռեւս կիրակի օրվանից, երբ ոստիկանությունը չէր կարողացել կանխել վայրագությունը, եւ Պ.Պետրոսյանի սրճարանը ավերվել էր: Թաղամասում արգելվել է ցույցերի անցկացումը: Սակայն թուրքերը գտել են ձեւը. նրանք մեկը մյուսին հեռախոսային կարճ հաղորդագրություններով են տեղեկացնում հավաքի մասին: Եվ քաղաքի ոստիկանությունը խոստովանում է, որ չափազանց դժվար է կանխել այսպիսի հավաքները, որոնք հախուռն ու առաջին հայացքից անկազմակերպ են թվում:
Բելգիական իշխանությունները լրջորեն անհանգստացած են, թերթերը գրում են, որ սա մեծ սպառալիք է ժողովրդավարության համար: Բելգիան չի կարող հանդուրժել Անկարայի վարած հակաքրդական քաղաքականությունը:
Թուրք ՚տառապյալ զինվորիՙ ու ՚անբաժանելի Թուրքիայիՙ գաղափարները հասնում են մինչեւ Բելգիա ինտերնետով ու արբանյակային հեռուստատեսությամբ:
՚Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը կարեւոր սկզբունք է: Հայերը, թուրքերը, ասորիները ազատ ապրելու եւ արտահայտվելու իրավունք ունեն: Իբր գաղափարի համար կարմիր կիսալուսնով դրոշ թափահարողները հրահրում են ազգատյացություն, այդպիսիք պետք է խստագույնս պատժվենՙ,- գրում է Le Soir թերթը:
Որոշ մեկնաբաններ այս ամեն կապում են թուրք բնակչության ցածր կենսամակարդակի հետ: ՚Այդ երիտասարդները աղքատ են, ոչ քաղաքականացված եւ հեշտ կառավարելի:ՙ
Հերթական թուրքական ցույցը, ըստ SMS հաղորդագրությունների, տեղի կունենա շաբաթ օրը: Ոստիկանությունը կարծում է, որ հավաքը մարդաշատ կլինի, քանի որ շաբաթվա վերջ է, բացի այդ դպրոցներում սկսվել են արձակուրդներ:
Ռուզան Ամիրջանյան Բրյուսել