ՓԱԽՈՒՍՏ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈ՞Վ31 Հոկտեմբերի, 2007
Այս օրերին Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը ընթանում է մի քանի աղմոտ սկանդալներով, որոնցից մեկում անմիջական մասնակցություն ունի Հայաստանի հավաքականը:
Ինչպես արդեն հաղորդվել էր` հայ բռնցքամարտիկներից մեկը փախուստի էր դիմել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ փախչողը 54կգ քաշային Վաչագան Ավագյանն է, որ նախորդ շաբաթ իր 1-ին իսկ մրցամարտում պարտություն կրեց եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Սկանդալային այս պատմության մասին Հայաստանում տեղեկացան ուրբաթ օրը արտասահմանյան լրատվական գործակալությունների տարածած հաղորդագրությունից:
Շուրջ 6 օր է անցել, սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում առայժմ պաշտոնական տեղեկատվություն չունեն կատարվածից, թեեւ Չիկագոյում է Հայաստանի` մոտ 2 տասնյակ անձանցից բաղկացած պատվիրակությունը: Վերջիններս, ըստ ֆեդերացիայի, Հայաստան չեն զանգել, եւ որեւէ հաղորդագրություն չեն ուղարկել փախուստի մասին: Թե որն է հայկական պատվիրակության նման պասիվության պատճառը` անհասկանալի է, քանի որ ԱՄՆ-ից Երեւան զանգահարելը այքան էլ թանկ հաճույք չէ:
Իսկ այս օրերին տարբեր վարկածներ են շրջանառվում Վաչագանի փախուստի վերաբերյալ: Վարկածներից մեկի համաձայն` փախուստը նախօրոք է պլանավորված եղել: Դրա համար Ավագյանը ունեցել է նպաստավոր պայմաններ, քանի որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը նրա անձնագրում խփել է վիզա, որը նրան հնարավորություն է տալիս 90 օր գտնվել Միացյալ նահանգներում: Բացի այդ Վաչագան Ավագյանը, դիմելով փախուստի, ետ դարձի ճանապարհ չունի, քանի որ Հայաստանում նրան բավական ՚ջերմՙ ընդունելություն է սպասվում: Նախ բռնցքամարտիկը գործ կունենա Ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ, որը նաեւ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, ապա բացատրություններ պետք է տա նաեւ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Նախքան Չիկագո մեկնելը` Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիան լուրջ խնդիրներ ունեցավ ԱՄՆ դեսպանատանը, որտեղ մեծ դժվարությամբ են մուտքի վիզա տալիս: Դեսպանատան աշխատկիցները, ուսումնասիրելով Հայաստանի հավաքականի կազմը, նկատել էին, որ մեր առաջատար մարզիկներ Գաբրիել Տոլմաջյանը եւ Սամվել Մաթեւոսյանն ԱՄՆ-ում բնկավող հարազատներ ունեն: Մտավախություն ունենալով, որ նրանք չեն վերադառնա Հայաստան` դեսպանատունը նրանց չէր թույլատրել մեկնել Չիկագո: Արդյունքում Հայաստանի հավաքականը թերի կազմով մեկնեց մրցավայր: Վաչագան Ավագյանի փախուստը վկայում է, որ ԱՄՆ-ի դեսպանատան մտավախությունը անհիմն չէր եւ կարելի է ենթադրել, որ այսուհետեւ արտասահման մեկնելը շատ ավելի բարդ խնդիր կդառնա հայ մարզիկների համար: Խոսքը միայն ԱՄՆ-ին չէ վերաբերվում, քանի որ Հայաստանում գտնվող մյուս դեսպանատները այս ամենից եւս լուրջ եզրակացություններ են անում: Հայտնի է, որ այս տարի Հայաստանի 2 հավաքականներ չեն կարողացել մասնակցել միջազգային կարեւոր ստուգատեսների հենց դեսպանատներում ունեցած խնդիրների պատճառով: Ապրիլին Մոսկվայում գտնվող Իռլանդիայի դեսպանատունը չթողեց Հայաստանի հոկեյի հավաքականին մեկնել Իռլանդիա եւ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլին: Իռլանդացիները եւս մտավախություն ունեին, որ հայերը չեն վերադառնա, թեեւ մեր հոկեյիստները բազմիցս եղել են արտասահմանում եւ վերադարձել առանց ՚կորուստներիՙ: Իսկ հուլիսին Իտալիայի Երեւանում գտնվող դեսպանատունը թույլ չտվեց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների աղջիկների հավաքականին մասնակցել Քետի քաղաքում կայանալիք Եվրոպայի Բ դիվիզիոնի հանդիպումներին, թեեւ բասկետբոլում եւս նման պատահարներ չէին գրանցվել: