“ՎՐԱՍՏԱՆ”
15.12.2007
«ԳԱՅԼԵՐ ԵՎ ՈՉԽԱՐՆԵՐ»
Ռուս դասական դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկին մի առիթով ասել է, որ թատրոնը ոչ այլ ինչ է, քան բեմականացված կյանք։Այդ միտքն, ասես, նորից ճշմարտվեց, երբ Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում օրերս դիտվեց նույն Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» պիեսը՝ ռեժիսոր Լեւոն Ուզունյանի բեմադրությամբ։Երկու գործողության մեջ ամփոփված ներկայացումը, շնորհիվ ռեժիսորական նուրբ հնարամտության, ուղեկցվեց կիսամութի մեջ հաջորդվող արարներով, որոնք հանդիսատեսի համար զարմանալիորեն աննկատելի ընթանալով, միեւնույն ժամանակ համակցում էին գործողությունները։ Եվ ակնհայտորեն նկատելի էր նաեւ ա’յն, որ շուրջ երկու ժամ տեւող բեմադրությունը դիտվեց լռին խորհրդածությամբ։ Իր ստացած գեղարվեստական հաճույքի դիմաց, հանդիսատեսը, դրամատուրգի ու նրա թարգմանիչ ռեժիսորի «ստիպումով» արձագաքեց առավելապես ներքին հուզմունքով։
Ի՞նչ էր կատարվում բեմին, ի՞նչն էր հուզել նրան։
Հանդիսատեսի առջեւ սեփականատիրական աշխարհն է՝ փողը եւ, հանուն նրա, պայքարը։ Իր հերոսներին թատերագիրը գայլեր է անվանում… Նրանց կյանքի նպատակը, անկախ նրանից, հարուստ են, թե չունեւոր, չինովնիկ են, թե աղախին, մեկն է՝ հոշոտել-ոչնչացնել նպատակին հասնելու ճանապարհին հայտնված խոչընդոտները։
Բեմադրողն ու դերասանական ողջ խումբը, ընդհանուր առմամբ, ճիշտ են հնչեցնում թատերագրին։ Հավատարիմ մնալով ռեժիսորական իր դիտակետին՝ Ուզունյանը, ինչպես նախորդ՝ «Փախիր կնոջիցդ», ներկայացման մեջ, այստեղ եւս ջնջել է հերոսներին բեւեռացնող՝ դրական-բացասականի սահմանագիծը։ Ըստ ռեժիսորի, մարդը երբեմն ստիպված է չարն ու վատը լինել՝ ի բնե չլինելով չար ու վատ։ Այս հայեցակետն իր դրսեւորումներն է ունեցել բեմադրական ողջ աշխատանքում։ Շնորհիվ ինչի եւ ներկայացման դերասանական կերպարանավորումների մեջ հանդիսատեսը կարողանում է տեսնել կենդանի, մարդկային խառնվածքներ…
Ահա իր էությամբ «պողպատյա տիկին» Մուրզավեցկայան, որին հաջողությամբ վերամարմնավորում է դերասանուհի Էլեոնորա Օհանյանը։ Էությամբ մի փոքրիկ բռնապետություն, որ նույնիսկ փորձում է տնօրինել մարդկային ճակատագրեր, այս դեպքում՝ երիտասարդ Պավլինի ճակատագիրը։ Տիրական է ո’չ միայն դերասանուհու պահվածքը, նայվածքը, ձայնը, շարժուձեւը… Հանդիսատեսի վրա թողած հոգեբանական ներգործությունը «գործում» է նաեւ հերոսուհու բացակայությամբ,- դե’, իհարկե, չինովնիկ Չուգունովը եւ մյուսները չպետք է համարձակվեն նստել այն աթոռին, որին սովորաբար, տեսել են նրա’ն նստած։
Ահա Վրաստանի վաստակավոր արտիստ Ժիրայր Կարապետյանի Չուգունովը։ «Զոհին» հեռվից արդեն ճանաչող եւ ըստ այդմ էլ հոգեբանական համապատասխան մոտեցումով նրան իր ցանցը գցող չինովնիկը, որն ունի իր հերոսի համար բնութագրական կորացած քայլվածք, համոզել-վստահեցնելու սահուն ժեստեր ու ձայնախաղ։
Ֆելիքս Խաչատրյանի Բերկուտովն իր ուժը գիտակցող «գայլն» է. դերասանն իր կերպարանավորմամբ կարողացել է լուծել հերոսին բնութագրող պահանջները, տալ այս խառնվածքի մարդկային նկարագիրը. սա այն տիպն է, որին ուզում, բայց չես կարողանում համակրել։ Բերկուտովն էլ, իրեն հերթին,- ճիշտ է, ո’չ կեղծ մուրհակների, այլ փողի միջոցով, մաքրում է դեպի ցանկալի՝ հարուստ հարսնացուն տանող ճանապարհը…
Իսկ այդ հարուստ հարսնացուն՝ երիտասարդ, գեղեցկատես այրի Կուպավինան, որ դարձել է տիկին Մուրզավեցկայայի զոհը, իր առաջին՝ աղջկական ամուսնությունը 70 տարեկան մեծահարուստի հետ վավերացնելիս, իհարկե, առաջնորդվել է նորից փողի, հարստության տիրանալու նպատակով։ Համոզիչ է կերտել իր այս հերոսուհուն դերասանուհի Սնեժանա Յաղուբյանը։
Հանդիսատեսը հավատում է դերասանուհի Նանո Պողոսյանի Գլաֆիրային։ Նրան դիտելիս՝ հիշում ես հայտնի ճշմարտությունը, որ նվաճելն էլ արվեստ է. ինչպես համոզիչ է նա վերափոխում երդվյալ ամուրի Լինյաեւին՝ դարձնելով իրեն նրա կինը եւ ապա, դառնալուց հետո, ինչպես համոզիչ հանդես գալիս իր իսկական՝ իշխող էությամբ։
Առինքնող է Գլաֆիրայի թակարդն ընկած, երիտասարդ չինովնիկ Լինյաեւի կերպարը, որին հիանալի մարմնավորում է դերասան Սերգեյ Սաֆարյանը։
Ոչ գլխավոր, բայց տպավորիչ կերպար է ներկայացրել պիեսում Կարեն Ղազարյանը։ Նրա Ապոլլոնը հարբեցող, գաղափարազուրկ մի երիտասարդ է։ Ժամանակին, հարուստ ծնողներից հիանալի դաստիարակություն ստացած մեկը, որ կարծես թե պիտի տարբերվի շրջապատից, որից օտարացած է, սակայն, նա էլ ունի հոշոտման իր մեթոդները. հիշենք, թե ինչպես է յուրացնում Կուպավինայի ոսկյա բրոշկան, որ գտնում է նրա տանը, եւ որը հետո հայտնվում է աղախնի ձեռքում, ըստ ամենայնի՝ տրված աղախնին մի բաժակ օղու դիմաց։ Այս կերպարը ներկայանում է հոգեբանական «բացումներով». ձեռքից գնացած, անսիրտ-անհոգի թվացող հարբեցողը, մարդկանցից երես թեքելով, իրեն «բարեկամ» է ընտրել շանը, որի մահը տառապանք է բերում նրան եւ ակամա հանդիսատեսի հոգում բարձրացնում՝ իսկ ինչո՞ւ է այս նրբազգաց երիտասարդը բարոյապես ընկել, խնդրահարույց հարցը։
Երկրորդական դերերում հանդես եկող, մորաքույր Անֆուսա-Եվգենյա Վարդանյանը, աղախիններ Պավլին-Էդուարդ Մուրադյանը, Սոնյա-Սոֆյա Ներսեսովան, արհեստավոր Գորեցկի-Արթուր Գրիգորյանն իրենց «փոքրիկ» դերերը մարմնավորեցին ճի’շտ ու տպավորի’չ։ Այնպե’ս որ, իրենց խաղաբաժնի սուղ հնարավորություններում նույնիսկ, կարողացան ներկայացնել կյանքին հարմարվող եւ իրենց հնարավորության սահմաններում իրենցից թույլերին հոշոտող«փոքր» գայլերին։
Պետք է առանձին հաճույքով նշել ներկայացման նկարչական ձեւավորման, հագուստների՝ պիեսի բովանդակությանը համահունչ լուծման ու նրա երաժշտական ձեւավորման մասին։ Առաջինը իրականացրել է Մալխազ Իոբաշվիլին, երկրորդը՝ Վալերի Ամիրաղյանը։ Երաժշտական ձեւավորողը կատարել է իր դժվարին պարտավորությունը. նրա նրբանկատ լուծումով՝ նույն ռոմանսը ներկայացման մեջ հնչում է ե’ւ սկզբում, ե’ւ ավարտին։ Առաջինը երգում է հասուն մեներգչուհին, երկրորդը՝ երիտասարդ աղջիկը։ Աղջկական լույս թախիծն է ծորում նրա երգից՝ պարուրելով հանդիսասրահը մշտապես սպասվող երջանկության ապրեցնող հույսով։
Հանդիսատեսից ստացած կարծիքների մեջ ասվեցին նաեւ նման բառեր, որով, ի դեպ, կցանկանայինք ավարտել մեր խոսքը. «Գիտեք, ես չգիտեմ, թե երբ է գրել Օստրովսկին այս պիեսը, բայց որ նրանում տեսա այսօր ինձ ծանոթ մարդկանց, փաստ է։ Ու կարծես նաեւ հասկացա մինչ այս շատ անգամներ լսած, բայց, ըստ ամենայնի, չհակացած այն ճշմարտությունը, որ կյանքը պայքար է… ու կյանքում կան նաեւ ազնիվ գայլեր, որոնց զենքը ճշմարտությունն է։ Իմաստուն եմ գտնում այդ խրատը, թեպետ նրանում կա տխուր մի բան» (Արկադի Գրիգորյան, տնտեսագետ)։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ