“ՎՐԱՍՏԱՆ”
9 ՄԱՅԻՍԻ 2008 Թ., դ 35 - 36 (15614)
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
ՌՈՒՍԱԹԱՎԵԼՈՒ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ ՀՆՉԵՑ ՀԱՅԵՐԵՆԸ
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր ժամանակներում, մերձավոր արտասահմանից ցանկացած թատրոնի համար հյուրախաղերը հազվադեպ շռայլություն են, առավել եւս, եթե դա մեծ ներկայացում է։ Հյուրախաղերը շռայլություն են նաեւ հանդիսականների համար, քանի որ նրանք ցանկանում են տեղյակ դառնալ ինչ-որ նորության։ Ուստի զարմանալի չէր, որ մայիսի 4-ին լեփ-լեցուն էր Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնի հանդիսասրահը։ Այդ երեկո թատրոնն ընդունել էր իր հայաստանցի գործընկերներին՝ Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Դա մեծապես հանրաճանաչ թատրոն է, որը հաջողությամբ համատեղում է ավանդույթներն ու նորարությունը, հռչակվել է փայլուն դերասանական աստղաբույլով, ինչպիսիք են Վ.Փափազյանը, Հ.Ներսիսյանը, Ֆ.Մկրտչյանը, Խ.Աբրահամյանը եւ շատ ու շատ ուրիշներ։ Երեւանցիները ներկայացրին Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ։
Թատրոնի հյուրախաղերը կազմակերպել էին Հայաստանի մշակույթի, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարությունները, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ։ Նշանավոր թբիլիսյան թատրոնի բեմում մեծ ժողովրդականություն վայելող ներկայացումն առնչվեց հայ գրականության դասական Շիրվանզադեի 150-ամյակի եւ վրացական բեմում «Պատվի համար» պիեսի անդրանիկ բեմադրության 100-ամյակի հետ։
«Պատվի համար» պիեսն առաջին անգամ Թբիլիսիում բեմադրեց վրացական թատերական ընկերության թատերախումբը՝ Լադո Մեսխիշվիլու բեմադրությամբ, իսկ Էլիզբարովի դերը կատարեց Վասո Աբաշիձեն։ Ողջ 20-րդ դարի ընթացքում այս դրաման արտակարգ ժողովրդականություն էր վայելում Անդրկովկասում, իսկ Վրաստանում բեմադրվել է բազմիցս՝ Թբիլիսիում, Թելավիում, Բաթումիում եւ վրացերեն թարգմանվել է մի քանի անգամ։
Գրող եւ դրամատուրգ Շիրվանզադեն պատկանում է ամբողջ Անդրկովկասին։ Շիրվանզադեն (Ալեքսանդր Մովսիսյան), Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդական գրող էր, Անդրկովկասի կուլտուրայի վաստակավոր գործիչ։ Ծնվել է 1858 թ., Շամախի քաղաքում (Ադրբեջան), սովորել է տեղի հայոց թեմական եւ ռուսական երկդասյա դպրոցներում։ 1875-1878 թթ. աշխատել է Բաքվի նահանգական վարչության գրասենյակում, 1878-81-ին՝ որպես հաշվապահի օգնական, ապա՝ որպես հաշվապահ, աշխատել է Բաքվի նավթային գրասենյակներում։ 1883 թվականին տեղափոխվել է Թիֆլիս եւ զբաղվել գրական գործունեությամբ։ 1894-1896 թթ. Թուրքիայում հայերի կոտորածի ժամանակ, Շիրվանզադեն մամուլում հանդես եկավ ի պաշտպանություն հայերի եւ նույնիսկ ձերբակալվեց ցարական իշխանությունների կողմից։ Նրա «Քաոս» վեպում ռեալիստորեն նկարագրված է խոշոր արդյունաբերական քաղաքի կյանքը, քաոս, որտեղ բոլոր զգացմունքները ենթարկվում են փողի անհագուրդ ծարավին, իսկ ազնիվ մարդիկ դառնում են չարչիական հարաբերությունների զոհեր։
Այս թեման գլխավորն է նաեւ «Պատվի համար» դրամայում։ Եվ այդ հիվանդագին թեման, ցավոք, գոյություն ունի բոլոր ժամանակներում։ Վահե Շահվերդյանն ստեղծել է զարմանալիորեն արդիական ներկայացում, երբ բոլորի կուռքն ու աստվածը փողի իշխանությունն է։ Մաֆիայի ճիրաններում անխուսափելի են դավաճանությունը, ընտանեկան դրամաները եւ ընտանեկան ողբերգությունները։
Մարդկանց հոգեկան տանջանքներն այդ բեմադրությունում հանդիսանում են սոսկ հետեւանք։ Ռեժիսորն առաջին պլան է մղել պատճառը՝ այն աշխարհը, որտեղ օրըստօրե խիղճը մարում է։ Նա այդ աշխարհը ներկայացրել է պարզորոշ, հստակորեն արտահայտված շեշտերով։ Հոյակապ ու բազմանշանակալից են բեմանկարչությունը, հուզահամակ երաժշտական ուղեկցությունը, տպավորիչ դերասանական խաղը. այս ամբողջը միաձուլվել, միասնական է դարձել բեմադրիչի մտահղացմամբ։
Ներկայացման մեծ հաջողությունն են նաեւ բեմանկարչությունը (նկարիչ՝ Եվգենի Սոֆրոնով) եւ Մերի Սարգսյանի ստեղծած զգեստները։ Դեկորացիաները լակոնիկ են, բայց չափազանց արտահայտիչ… Թիկնակի վրա առյուծի գլխիկներով ծանր աթոռները ուժի եւ իշխանության խորհրդանիշ են, իսկ այս ու այն կողմ ցրված նավթի մետաղե տակառները իրենցից ներկայացնում են բարեկեցության աղբյուր։
…Սեղանի մեծածավալ սկավառակը, որի կենտրոնում մոմակալներ են, կիսախավար սենյակում՝ վառվող մոմեր, ասես եկեղեցու բեմ լինի աղոթքի համար։ Եվ հանկարծ, հաջորդ տեսարանում աղոթքի այդ սեղանը վերածվում է սեղան-ռուլետկայի։ Իսկ վերջնախաղում այդ սեղանն ընդհանրապես դառնում է ահավոր աշխարհի ինչ-որ խորհրդանիշ, մոմերը, թողնելով վառվող ձողերի հետքեր, հիշեցնում են նավթաշտարակներ… Նավթի հավերժական կրակը լափում է երիտասարդ, սիրահարված հերոսների համար փրկարար փաստաթղթերը՝ նրանց կյանքով ու պատվով հանդերձ։ Առաջին պլան է դուրս գալիս հաշվենկատ ժառանգորդը, ապագա օլիգարխը, որի համար, բացի փողից, ուրիշ ոչինչ արժեք չունի…
Ներկայացման մեջ ընդհանրապես չկա կենցաղային, ընտանեկան դրամայի հետք։ Այստեղ շատ են խորհրդանիշերը, թեեւ դերասանների խաղը մնում է սուր հոգեբանական։ Այս հակասությունը ներկայացմանը հաղորդում է արտակարգ հետաքրքրություն։ Ուժեղ է եւ դրամատիզմով հագեցված Հայաստանի վաստակավոր արտիստներ Արմեն Մարուքյանի եւ Նելլի Խերանյանի խաղը։ Ասենք՝ յուրաքանչյուր դերասան, մարմնավորելով կերպարը, հստակորեն հետեւում է առաջադրված ոճական արվեստին, ինչը շատ կարեւոր է ամբողջ բեմադրության համար։ Այստեղ առանձնապես գնահատելի է ամբողջ դերասանական կազմի ներդաշնակ կատարումը, ինչը այսօրվա համար շատ հազվադեպ է։ Պետք է նշել նաեւ բեմական խոսքի կուլտուրան։
Ընդհանուր առմամբ, այս հյուրախաղերը կարելի է համարել Սունդուկյանի թատրոնի հաղթանակը։ Եվ, առանց այլեւայլության, ոչ վերջինը՝ դատելով թբիլիսյան թատերասերների արձագանքից։
Ներկայացումից հետո, ռուսթավելցիները հյուրերի համար կազմակերպեցին ընդունելություն, իսկ հաջորդ օրը, հյուրերի մեկնելուց առաջ, նրանց ընդունեց Վրաստանի թատերական գործիչների ընկերությունը՝ Գիգա Լորթքիփանիձեի կամ Լորդի գլխավորությամբ, ինչպես նրան հին հիշողությամբ անվանում էին վաղեմի բարեկամները։ Հանդիպմանը կարծիքներ փոխանակվեցին ներկայացման, դերասանների խաղի մասին, գնահատվեցին բեմական գյուտերը, վերհիշեցին անցյալը, երբ փոխադարձ հյուրախաղերը սովորական երեւույթ էին, խոսեցին գալիքի մասին։ Վահե Շահվերդյանը, օրինակ, Լորթքիփանիձեին առաջարկեց իրացնել վաղուցվա պայմանավորվածությունը՝ ներկայացում բեմադրել Սունդուկյանի թատրոնում։
Հրաժեշտի պահին Շահվերդյանն ասաց. «Մենք համոզված ենք, որ շուտով կհանդիպենք կա’մ Հայաստանում, կա’մ Վրաստանում։ Մենք ձգտում ենք հաճախ լինել Թբիլիսիում, եւ հույս ունեմ, որ ինչ-որ տարելիցի կապակցությամբ, կբերենք եւս մեկ ներկայացում մեր նոր խաղացանկից։ Իսկ Երեւանում հույս ենք տածում դիտել վրացական ներկայացումներ։ Մենք երախտագետ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ համար կազմակերպեցին այս տոնը։ Իսկ թատերական գործիչների միությունը մեր տունն է, որովհետեւ, եթե կա դերասանի տուն, ապա այն տուն է ե’ւ հայերի, ե’ւ վրացիների, ե’ւ բոլորի համար։ Դա միասնական բազմազգ տուն է՝ ինչպես ամբողջ Թբիլիսին։ Դա էլ քաղաքի հարստությունն է, ինչը պայմանավորված է թբիլիսցիների հոգու հարստությամբ, նրանց հույզերի ծովով, զգացմունքների խորությամբ։ Տա’ Աստված, մեզ բոլորիս հանգիստ, խաղաղ կյանք, մենք ակնկալում ենք նոր հանդիպումներ Հայաստանում կամ Վրաստանում»։
Գլխավորն այն է, որ ստեղծագործական պլանների իրականացման համար երեւան են եկել իրական հիմք։ Ինչպես հայտարարեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, արդեն մշակվել է պայմանագիր Վրաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային համագործակցության մասին, եւ այն շուտով կստորագրվի։ Այդ նախագծի շրջանակներում, պլանավորվում են մեծ թվով նշանակալից, հետաքրքիր, մշակութային միջոցառումներ։
Այնպես որ, հայկական արվեստը վրացական բեմահարթակներում մենք այսուհետեւ էլ կտեսնենք շատ անգամ։ Եվ մշակույթների փոխհարստացումը, ինչպես նախկինում, կջերմացնի մարդկանց ու կթեւավորի ստեղծագործողներին։
ՎԵՐԱ ԾԵՐԵԹԵԼԻ - Թատերագետ
Լուսանկարները՝ - ԱԶԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ