QUOTE
«Ծառ գրկելը նույնն է, թե ընկերոջդ գրկես»...
Ուրբաթ երեկոյան մի խումբ երիտասարդներ Երեւանի կենտրոնական փողոցներում մաքրում էին ծառերի շրջակայքը, ապա... գրկում ծառերը։ «Գրկիր ծառ» ակցիան նորույթ էր ոչ միայն անցորդների համար, այլեւ՝ ակցիայի մասնակիցներից շատերի։ Նրանք վստահ են, որ բնությունը նախ պետք է մաքուր պահել, ապա նաեւ սեր ու ջերմություն փոխանցել բույսերին։
Անին բնապահպանական ակցիաների շատ է մասնակցել, բայց ծառ առաջին անգամ էր գրկում։
«Ինձ մանկուց են ասել, որ չի կարելի աղտոտել, ու ես գերադասում եմ աղբը ձեռքումս պահած կիլոմետրեր քայլել, քան այն թափել փողոցում: Երբ իմացա, որ այսպիսի հետաքրքիր բան է նախատեսվում՝ մաքրել ծառերի շրջակայքը ու ծառ գրկել, որոշեցի գալ։ Իսկ ինչու՞ միայն ծառ, կարելի է նաեւ ծաղիկներ գրկել, միայն թե հարկավոր է դա նուրբ անել, որ չվնասեք»,-խորհուրդ տվեց նա:
Վարդանը, ով միջոցառման նախաձեռնողներից է, նկատեց, որ մարդիկ աղբը հենց մայթերին, ծառերի շուրջն են նետում. «Այդպիսով մարդիկ խանգարում են ծառերի նորմալ աճին։ Մի՞թե այդքան դժվար է աղբը հասցնել մինչեւ աղբաման»:
Հելենն էլ, ծառերը ոչ միայն գրկում էր, այլեւ համբուրում: Կատակով նշում էր, որ բարակ ծառ գրկելն ավելի հեշտ է. «Հաստաբուն ծառ գրկելիս այնպիսի զգացողություն է, որ ոչ թե դու ես իրեն գրկում, այլ ինքը քեզ»:
«Ծառ գրկելը նույնն է, թե ընկերոջդ գրկես»,-նշեց մեկ այլ մասնակից՝ Տաթեւիկը։
Իսկ Արմանը, ով էկոլոգ է մասնագիտությամբ, բացատրեց, որ ծառ գրկելը նույնիսկ օգտակար է:
«Երբ ծառ ես գրկում, այն կլանում է ողջ բացասական էներգիան եւ քեզ դրական լիցքեր տալիս: Հենց բնության մեջ եմ լինում, անպայման ծառեր եմ գրկում։ Առհասարակ բնության հետ ձուլվելը հրաշալի է»,-ասաց նա:
Հավաքված 10-15 երիտասարդները Ավ. Իսահակյանի արձանի մոտից քայլեցին դեպի Նալբանդյանի փողոց, ապա՝ Սայաթ-Նովայով դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Զարմացած անցորդներից քչերն էին հետաքրքրվում, թե ինչու են երիտասարդները ծառ գրկում։ Բայց մի ոստիկան, ճշտելով, թե ինչ նախաձեռնություն է, ասաց. «Լավ է, որ երիտասարդները կուսակցական չեն ու զբաղվում են իրենց քաղաքի մաքրությամբ»։ Իսկ հարցին, թե ինքը ծառ գրկած կա, պատասխանեց՝ սիրուն աղջիկ լիներ, կգրկեի:
Երիտասարդներին միացել էր նաեւ Լոս Անջելեսում ապրող Ադրիադեն։ Նա զարմացել էր, որ փողոցներն այդքան կեղտոտ են, եւ մարդիկ ամեն տեղ աղբ են նետում։
«Մեզ մոտ էլ են կազմակերպվում նման ակցիաներ, ասենք՝ պաշտպանենք այս կամ այն անտառը։ Բայց էնտեղ մարդիկ գիտեն, որ եթե նույնիսկ ծխախոտի մեկ գլանակ գետնին նետեն, կտուգանվեն մոտ 1000 դոլարի չափով ու շատ զգույշ են»,- պատմեց Ադրիադեն՝ առաջարկելով Հայաստանում եւս տուգանել շրջապատը աղտոտողներին։
08.09.2008
http://media.am/students/text.asp?n=173