Jump to content

Անլռելի Զանգակատուն


Recommended Posts

Պարույր Սևակ

Ղողանջ Եղեռնական

Խանգարե՞լ: Ինչի՞ համար...

Գարուն էր: Չեկած ամառ`

Փուլ եկավ երկնակամար,

Ձյուն մաղեց մեր բաց գլխին,

Ձյուն մաղեց` կրակի՜ պես...

-Գարուն ա, ձուն ա արել...

Գետերը մեր երերման

Հոսեցին` երակի՜ պես

-Արունը ջուր ա դառել...

Ձորերը շիրիմ դարձան,

Վիհերը գերեզմանոց.

-Ջուրը մեր տունն ա տարել...

Ամեն քար` լուռ մահարանձան,

Ամեն տուն` վառման հնոց...

-Բնավեր հավք ենք դարձել…

Ինչքան բառ` ո՜ղջը մրմունջ,

Ինչքան երգ` ո՜ղջը լալով.

-Զուլում էր, զուլու՜մ, լաո՛…

Թրի դեմ, սրի, հրի`

Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.

-Տնավե՜ր-բնավե՜ր լաճ…

Մեր հողը, մեր հայրենին,

Մեր երկիրն ամայացավ.

-Սե՜վ կապիր, սեվսիրտ մարե…

Հինավուրց տոհմիկ մի ազգ

Չմեռավ, այլ… մահացավ.

-Գարուն ա, ձուն ա արել…

Գարուն էր: Ամառ եկավ,

Ձագ հանեց ձորում կաքավ,

Իսկ հայրը զրկվեց ձագից,

Իր պոռթկան թոնրի տաքից,

Իր մորից, հորից, յարից,

Իր բնից ու աշխարհից.

-Գարուն ա, ձուն ա արել…

…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ

Արհավիրքն այն օրերի.

-Աշխարհում ով մոռանա,

Ջուխտ աչքով թող քոռանա...

Գառնարած, հովիվ, նախրորդ

Ետ չեկան սար-ձորերից…

Կեսօրին էլ ո՞վ կերգեր.

-Սարերը հով չեն անում,

Իմ դարդին դարման անում…

Հնձվորը արտում մորթվեց

Իր ձեռքի սուր մանգաղով…

Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.

-Քաղվորին հաց եմ բերում,

Բերանը մաց եմ թողում…

Ձկնորսը Վանա ծովում

Չըփրկվեց ճարպիկ լողով…

Աղջիկը զու՜ր էր կանչում

-Իմ ծամթել տամ լողվորչուն…

Երկրի մեջ մարդ չըմնաց`

Մարդ թաղեր մարդու նման…

Ա՜խ, մնար մե՛կը գոնե

Ու կանչեր.

-Դլե յամա՛ն…

…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ

Արհավիրքն այն օրերի.

-Աշխարհում ով մոռանա,

Ջուխտ աչքով թող քոռանա...

…Ջահերը վառ մնացին

Ժամերգվող եկեղեցում,

Ժամկոչին կախ տվեցին

Պարանից զանգակատան…

Ջաղացից աղուն բերող

Ալրոտված խեղճ գյուղացուն

Իր սայլը դագաղ դարձավ,

Ալյուրը` արնոտ պատան…

Մայրը ընկավ` ծիծը թողած

Իր փըմփլիկ մանկան բերնում,

Ծծի տեղ ցից խրելով`

Խեղդեցին մինուճարին…

Տատն ընկավ` ձեռքը մեկնած

Կըչկըչան հավի թառին –

Իր հիվանդ թոռան համար

Խորոտիկ ճուտ էր բռնում…

Կալի մեջ պապիկն ընկավ –

Իր ոսկե թեղն էր էրնում,

Որպեսզի տուրքը թուրքին

Օր առաջ շուտ վճարի…

Ով ծաղիկ հաց էր թխում`

Խորովվեց թոնրի ծխում…

Ով հասել ուխտատեղի,

Վառել էր մոմը դեղին,

Մոմի դեմ իջել էր ծունր

Ու հայցում էր Աստըծուն,

Որ բախշի մի լաճ տղա,

Իր արյամբ մոմը մարեց`

Չավարտած ՙՏե՜ր, քեզ մեղա՚ -ն…

-Գարուն ա, ձուն ա արել…

…Խոցեցին ու ջընջեցին,

Հատեցին հաստ ու բարակ,

Հոշեցին ու տանջեցին,

Փշրեցին, տվին կրակ,

Վաթեցին արյուն-արցունք,

Ներկեցին ձոր ու բարձրունք,

Քանդեցին երկինք մի լուրթ,

Մորթեցին մի ժողովուրդ,

Հացառատ մի ողջ աշխարհ

Սարքեցին փշրանք-նշխար,

Սու՜րբ նշխար` շա՜ն բերանում,-

Ուզեցին մեկ հայ թողնել,

Եվ այն էլ… թանգարանում…

-Գարուն ա, ձուն ա արել…

Link to post
Share on other sites

Ղողանջ Աքսորի

Իզու՜ր Աստծուն պաղատեցին…

Ալա՜ն-թալա՜ն,

Կեռ յաթաղա՜ն,-

Ում որ պետք էր` փողոտեցին,

Գազանաբար ճղոտեցին,

Խողխողեցին սրածելով.

Քարափներից վար ածելով`

Դիակներով խեղդվողների

Ծանրացըրին հոսք ու հոսանք,

Չհարցնելով մանուկ ու ծեր:

Եվ ո՞վ կոծեր,

Կուրծքը ծեծեր.

-Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք…

Իզուր Աստծուն աղաչեցին…

Թե բյուրերով հայ խաչեցին,

Հազարավոր այր ու կանանց,

Անդող ձեռքով տեղահարած`

Քշեցին… ու՞ր.-

Դիել ալ-Զոր:

Մերկ ու բոբիկ, խեղճ ու անզոր`

Անցան նրանք ավազներով

Արաբական անապատի –

Մի մահուղի, ուր ամեն քայլ

Դիակներով ուղենըշվեց,

Եվ նորացավ նո՜ր Գողգոթան`

Ահագնացած տասնապատի՜կ…

Մեր փրկության աղաղակներն անցան իզուր,

Իզու՜ր հնչեց ողջ աշխարհով մի ահազանգ,

Որ լոկ դարձավ, վերջ ի վերջո, թառանչ մի սուր.

-Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք…

…15 թիվ: Ապրիլի 10…

Ապրիլական արբշիռ բույրեր,

Գարնանային ծաղկածլում,

Կանաչների շքահանդես,-

Եվ… ծաղկաբույր գիշերվա մեջ

Հեռուներից մոտենալով

Գաղտնագողի, ծածուկ, անտես

Խորշակը նույն,

Որ տարել էր միլիոն հայեր,

Խորշակը նույն անցավ նաև

Պոլսո բոլո՜ր հայ թաղերով`

Իր հրեղեն ոտների տակ

Խաշխշելով ու թաղելով

Վերջին հույսի շունչը մեր տաք…

Ահե՜ղ գիշեր,

Որ բորբ ներկվեց ո՜չ արևով,

Այլ մեր արյա՜մբ,

Ու կողոպտեց խորանները հայ կաճառի,

Խորանները հայ դպրության սուրբ տաճարի,

Բոլոր ճյուղերը կտրատեց

Հայ հանճարի

Ծաղկուն ծառի,

Ու մատյանից հայ մեղեդու

Ամենավառ էջը հատեց…

Եվ անուննե՜ր, որոնք երեկ

Հնչում էին փաղաքշական մասնիկներով

Մերձավորի ու մտերիմ բարեկամի սիրող շրթից

Եվ հիրավի հպարտության տրոփ պոկում

Մի բովանդակ ժողովրդի լեցուն սրտից.-

Թե կյանք էին` հիմա հանկարծ

Մի գիշերում դարձան լեգենդ,

Ապրող մարդուց հանկարծ դարձան

Մի մտովի կերտված արձան…

Ա՜խ, Պերայի Պանկալի թաղ...

Այս փողոցի ծանոթ մայթով

Երեկ անցավ Սիամանթոն,

Որ հանդիպի Վերուժանին`

Անց կենալոց Կոմիտասի տան սուրբ սեմը,

Եվ հնչյունի ու խոսքերի ձև ստանա

Այն ամենը, ինչ կատարյալ ու վսեմ է,

Անանձնական ու գեղեցիկ:

Ա՜խ, Ղալաթիո եռատաճար եկեղեցի…

Քո դարավոր գմբեթի տակ

Իրիկնային ժամերգության սուրբ պահերին

Պատարագիչ Կոմիտասին չէ՞ որ երեկ

Լսում էին հիացմունքով

Զոհրապ, Սեվակ…

Քանքարալից հազար գլուխ –

Փոքր ու ավագ,

Միահավաք`

Հակվում էին հայ մեղեդու սրբության դեմ

Ու հղանում նոր մեղեդիք`

Հնչյուններո՜վ, խոսքո՜վ, գրչո՜վ,

Արձանակերտ նրբին մուրճո՜վ,

Երանգների պնակի՜ մեջ,-

Հետո, մեկտեղ ակմբվելով

Պանկալթիի այնքան ծանոթ

Ու սիրելի տնակի մեջ`

Խնդրում էին Վարդապետին

Երգել Կռունկ կամ Խնկի ծառ,

Երգել Չինար ես…

-Չինար ես` կեռանալ մի…

Սակայն ինչպե՞ս չկեռանաս,

Երբ կացինն է բունըդ տաշում,

Երբ սղոցն է ճյուղդ մաշում,-

Դե՜, արի և-

Կեռանա՜լ մի:

Ի՞նչ.

-Մեր դռնեն հեռանալ մի՜…

Ա՜խ, որ շունը կհեռանար:

Իսկ եթե շուն, գայլ ու գազան

Կամ անխնա սրի քաշում ,

Կամ աքսոր են բռնի քշում

Ամբողջ մի ազգ` սասա՜ն-սասա՜ն,-

Դե՜հ, արի և-

…Հեռանալ մի:

Ո՞նց.

-Յար, աստվա՜ծըդ կսիրե՞ս…

Բայց ու՞ր է, ա՜խ, ու՞ր է Աստված:

Եթե կույր ու խուլ է Աստված,

Եթե “Գթա”-ն զուր է ասված,

Նման Աստծուն ո՞նց կսիրես…

Ի՞նչ.

-Հեռու ես, մոռանա՞լ մի…

Ոնց մոռանալ: Ե՜կ, մոռացիր,

Որ ապրիլյան այն ահավոր

Ու ոճրապարտ լուսաբացին

Բարբարոսի խուժդուժ ձեռքեր

Սուրբ խորաններ կողոպտեցին`

Խորանները հայ կաճառի,

Հայ դպրության սուրբ տաճարի,

Բոլոր ոստերն անգթորեն կտրատվեցին

Հայ հանճարի

Ծաղկուն ծառի,

Սուրբ մատյանից հայ մեղեդու

Բոլոր էջերն ամենավառ

Դարձան մոլի հողմին ավար,

Մի գիշերում պոկոտվեցին ու զատվեցին,-

Շեկ աքսորի սև փակուղուց չազատվեցին

Ո՜չ մի հանճար,

Ո՜չ մի տաղանդ,

Ո՜չ մի քանքար`

Ով որ Պոլսում եղեռնական այդ գարնանը կար…

Մարդիկ, որոնք կամքով վերին

Անցնում էին և պիտի որ անցնեին դեռ

Իրենց ճամփան անմահության ու սխրանքի,

Բոլո՜րը մեկ` հիմա արդեն

Կտրում էին ուղին մահվան,

Ճանապարհը աքսրոանքի…

Մի-մի քուրմեր`

Լեցուն բանիվ ու մեղեդով մեհենական,

Հիմա պիտի ըմբոշխնեին

Թույն ու լեղին գեհենական…

Դե՜հ, բերանդ բեր,

Որ չթքի,

Եվ քարե սիրտ,

Որ չճաքի:

Ու ձգվում էր ճանապարհը աքսորանքի.

-Քելե՜-քելե՜, խելքի՜դ մեռնեմ,

Քո գովական խելքի՜դ մեռնեմ…

Ձգվում էր նա հայ բրդագած դիակների ստորոտով,

Միջահատված մանուկների թաղում հայցող բլրի մոտով…

Մարտիրոսված հայ մայրերի կոնքերը սուրբ

Ուզում էին ամոթն իրենց

Անապատի փոշով ծածկել,

Դեղին փոշո՜վ,

Ո՜չ թե փեշով,

Որ և չկար,

Ինչպես չկար ո՜չ սրբություն,

Ո՜չ էլ Աստված…

Լլկանքի մեջ նահատակված

Անմեղ կույսեր,

Ու լույս հարսեր,

Ջանում էին լանջերն իրենց

Ծածկել հողով անապատի,

Դեղին հողո՜վ,

Ո՜չ թե քողով,

Որ և չկար,

Ինչպես չկար ո՜չ սրբություն,

Ո՜չ էլ Աստված…

Դե՜հ, շրթունք բեր,

Որ չանիծի,

Դե՜հ, բեր բռունցք,

Պրկված կռու՜փ,

Որ չդառնա քինահարուց կրքի խոյանք

Ու մխրճվի երկնքի մեջ`

Իբրև՞նզովք,

Ո՜չ, ի՞չ նզովք-

Իբրև Աստծու և երկնքի լիրբ հասցեին

Մի առնական թունդ հայհոա՜նք…

Իսկ աքսորի ճանապարհը վախճան չուներ:

-Քելե՜-քելե՜, բերնի՜դ մեռնեմ,

Քո անուշիկ ձենի՜դ մեռնեմ…

Ավերակված հայ շեներից,

Իբրև նշան կենդանության,

Ահազարհուր ոռնում էին անբուն շներ^

Հիմարաբար չըմբռնելով,

Որ այսուհետ

Շունը մարդուց ավելի է գերադասված

Նրանց կողմից,

Որ կոչվում են մարդ ու Աստված

Բեկված սնե՜ր,

Այրված շենե՜ր,

Եվ մարդկանցից գերադասված անտուն շնե՜ր,

Որ երեկվա իրենց տիրոջ

Լուռ դիակն են նախ հոտոտում,

Ոռնում` կարծես այրվող ցավից,

Ոռնու՜մ, վնգու՜մ,

Մե՜կ օր, երկու –

Հետո` մղված ծանր սովից`

Երեկ իրենց կերակըրող ձեռքն են ուտում,

Գռմռոցով իրենց տիրոջ դին հոշոտում…

Իսկ աքսորի ճանապարհը վախճան չուներ,

Այլ հանգրվան…

-Կայնե՜, կըսե՜մ, կայնե՜, ուշ է,

Ոտըդ բոբիկ` ճամփեն փու՜շ է…

Աքսոր քշվող մեկ այլ քարավան,

Մեկ այլ վայրի հրամանով,

Մեկ այլ տեղում

Պառկոտել է իրար կողքի:

Յաթաղանի պաղբոց շողքից

Զու՜ր ես գոցում աչքերը քո, խե՜ղճ Վարդապետ,

Դու չես նայում, բայց տեսնում է Սիամանթոն,

Որ կողք-կողքի պառկածներին

Փողոտում են մեկ-մեկ հերթով`

Դեռ չսպանված թշվառների

Ահից սառած

Աչքի առաջ:

Չէ՜, Վարդապե՜տ, չե՜ն փողոտում,

Այլ ճղոտում

Ու ձգելով կիսակենդան`

Դուրս են թափում

Միայն նրանց… աղիքները:

Ի՞նչ հասկանաք:

Չե՜ք հասկանում,

Թե կիսամեռ այս հայերի աղիքներով

Ինչի՞ համար, ի՞նչ է անում

Շնաբարո այս խուժանը.

Որ գործում է մեծ եռանդով,

Որ քրքրում ու տնտըղում,

Աղիքներում… ի՞նչ է պեղում:

Տատամսելով ուսն է թոթվում

Մահատիպար Սիամանթոն,

Ու Սևակը Զոհրապին է

Հարցումհայաց աչքով անում:

Չէր կռահի և աչալուրջ Վարուժանը,

Եթե վայրի նույն խուժանը

Իր տենչանքը չվերածեր հատ-հատ խոսքի.

Ճղոտում են մարդկանց այսպես,

Ու դեռ ապրող իրենց զոհի երակներում

Փնտրում են – ի՞նչ – փընտրում… ոսկի՜,

Ոսկեդրամ, որ, մի գուցե, կուլ են տվել…

Ճանապարհն այս դժողքային

Կարող էր և անվերջ տևել,

Բայց սարսափի օրն է մթնում,

Եվ քարվանը արդա՜-արդա՜ր,

Եվ քարվանը դատապարտյա՜լ

Չանկըրըի բանտն է մտնում:

Բանտ թուրքակա՜ն

Եվ պատրաստված… հայի՜ համար.

Քստմնելի լլկանքների՜

Անպատվության,

Ոչ թե արդեն երազելի մահի՜ համար,-

Մի բախտ դժխեմ,

Մի անողորմ ճակատագիր-

Հիմա արդեն ո՜չ անմարմին, ո՜չ էլ անգո,

Այլ զնդանի դռան առաջ պատահակած

Թուրք ասկարի արյունազարկ կերպարանքով…

Եվ այդ պահին.

-Տէ՜ր, ողորմեա…

Առավել, քան երբևիցե,

Եվ ավելի, քան այլուրեք,

Այնքա՜ն տեղին, ժամանակին,

Ա՜խ, Վարդապե՜տ, գութ է հայցում

Տխրալալուկ ամբողջ մի ազգ

Քո սևասուգ սուրբ բերանով.

-Տէ՜ր, ողորմեա՜…

Եվ զնդանում նեղ ու անձուկ

Պղպջում է մի լայն փղձուկ,

Մի տաք փղձուկ տղամարդկանց,

Որ եղեգան իրենց փողով

Թունդ են հանել սիրտը դողով.

Որ սրտառունչ իրենց տողով

Ու երգերով իրենց թովիչ`

Գարնա՜ն նման լոկ վըրդովիչ,

Ծայր են տվել շիթ արցունքի –

Ո՜չ թե ցավի կամ տրտմության,

Այլ հուզառատ հիացմունքի՜…

-Յաղագըս հարց, եղբարց մերոց

Որք են տարեալ ի գերութիւն.

Տէ՜ր, ողորմեա՜…

Իսկ հայրերը արդեն չկա՜ն,

Եղբայրներին թուր ու ձգան

Վերջ են տվել սար ու ձորում,

Ու ջրի պես և ջրի հետ

Տաք արյունն է նրանց ծորում…

-Շիջո՜ զհուր վառ հնոցի

Փրկեա՜ զմեզ, ամենագու՜թ…

Բայց աղոթքից այդ ի՞նչ օգուտ,

Թե հնոցի

Ահեղ բոցին

Կուր է տված հայոց աշխարհն,

Ազգը հայոց` ցախի պես խառն…

-Հայցեմք ի քեն արտասուելով

Եվ պաղատեմք զայս ասելով.

Տէ՜ր, ողորմեա՜…

Ի՞նչ էր պահում վաղը նրանց`

Հանճարավոր այս մեծ արանց,

Ի՞նչ մի վախճան բարբարոսի –

Անշուշտ` զոհի՜,

Ո՜չ հերոսի…

-Ընկալ զմեր աղաչանքըս,

Լու՜ր, գթառա՜տ, և ողորմեա՜…

Ա՜խ, թե լսեր ու գթառատ եթե լիներ`

Գազանադեմ այս խուժանին նա կղինե՞ր

Ու շա՞ղ կտար դաշտ ու սարին`

Ակնից – Արճեշ,

Վանից – Կարին…

-Ցո՜յց մեզ զքո ողորմութիւն,

Տուր աշխարհիս խաղաղութիւն…

Խաղաղությու՜ն…

Եթե այսպես գնար քիչ էլ,

Մեկ էլ տեսար`

Խաղաղությունն իրոք իջե՜լ,

Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան,

Ուր այլևըս չեն էլ ճարվի ապրող մարդիկ,

Որ բյուրավոր հանգչողներին երանի տան…

-Տէ՜ր, ողորմեա…

Ո՜չ, Վարդապետ, ո՜չ, չողորմաց,

Իսկ քեզ պատժեց պատժով մի նոր`

Չառավ հոգիդ,

Ինչպես առավ

Նրա՜նց հոգին,

Որոնք մյուս օր`

Շիկադեղին անապատի

Ավազի պես ծարա՜վ-ծարա՜վ,

Աստվածային աչքերում` սով,

Չսնվելով նույնիսկ հույսով,

Անգամ թրից կամ գնդակից չխոցվեցին,

Այլ պարզապես… այլ պարցապես… քարկոծվեցի՜ն…

…Ի՞նչ էր արդյոք այն պատճառը,

Որ քեզ զատեց

Եվ անջատեց

Քո բախտակից ու սրտամոտ

Ընկերների դժխեմ բախտից`

Քարկոծվողի սուղ դրախտից

Քեզ նետելով մի լայն դժոխք,

Ուր ոչ մա՜հ կար,

Ո՜չ կյանքի շողք:

Ա՜խ, նրանցից ինչի՞ համար քեզ զատեցին,

Քեզ, այդքան ուշ, ինչի՞ համար ազատեցին:

Ազատեցի՞ն:

Ի՞նչ ազատել…

Եթե դա՞ էր ազատվելը…

Link to post
Share on other sites

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

ՑԱՅԳԱԼՈՒՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ

ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.

Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-

ԴԺվար է ասել:

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի

Արգանդը եղավ սրբորեն բեղուն:

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...

Նա հետո պիտի դառնա պատանի,

Եվ երիտասարդ, եւ այր իմաստուն,

Անբախտ Մարոյին լացով սպանի,

Մեր հառաչանքը հասցընի Աստծուն:

Մրմուռից դաղված նրա բերանով

Սարոյի նանը պիտի ողբ ասի,

Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,

Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք...»:

Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել

Իր մոխրակալած-հրակեզ հոգին

Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝

Տարիներ հետո նա պիտի դառնա

Մի Ժողովրդի ազնիվ կենսագիր...

Միեւնույն թվին, Լոռուց շատ հեռու՝

Անատոլուի խավար խորքերում

Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ:

Մինչ հայրը նրա՝ Գեւոն կոշկակար,

Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,

Հարեւան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝

Նրա տուն մտան՝ աչքալուսանքի:

Հետո հերթն եկավ կանանց հոսանքի.

Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝

Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝

Որդուն մաղթելով արեւշատություն,

Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,

Աղվորիկ մի հարս,

Բարի տատություն...

. . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . .

Երեւի այդօր-

Եթե ոչ մարդկանց,

Գեթ ամենալուր եւ ամենազոր բնության համար-

Տոն էր անսովոր.

Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել,

Լսում էր չէ որ,

Թե ինչ նվագներ եւ ինչ անհամար,

Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում

Այդ երկու թխլիկ նորածինների

Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում...

Երեւի այդօր ցերեկը ձգվեց՝

Քնից նոր զարթնած կտրիճի նման,

Իսկ ստվերները՝

Հարված սպասող շնիկների պես պոչերը քաշած՝

Լուռ կծկըվեցին...

Երեւի ահեղ ջրվեԺներն այդօր

Հոսեցին անձայն, ինչպես նկարում,

Եվ լույսը երգեց,

Քարը պար եկավ...

Անատոլուի ավազուտներում երեւի այդօր

Մարդիկ-քնի մեջ-ըմպեցին զովը Լոռվա ձորերի,

Ջահել այրու պես ծարավ արտերը եւ այգին պապակ

Հագուրդ ստացան կրքոտ Դեւբեդի ջրից անապակ...

Իսկ Լոռվա ձորում քուն մտած մարդկանց

Երազ այցելեց,

Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ.

Հարավից չված հազարան մի հավք,

Սոխակի ձայնով-ուԺով անգըղի,

Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար,

Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց

Եվ-մե՜կ էլ հանկարծ-

Իր կտցի վրա այնտեղից հանեց

Շողեր ծալծըլված,

Շողեր դարսիդարս՝

Օձունի վանքի Շարակնոցի պես:

Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով,

Հենց այն է պիտի-ծլընգ հա՜ ծլընգ-զնգային կարմիր,

Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝

Վերեւ սուրացող ասուպի նման,

Եվ...թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա,

Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր...

...Երեւի այդօր-քանի՜ դար հետո-

Երկինք ու երկիր հաշտվեցին նորից...

...Երեւի այդօր-քանի՜ դար հետո-

«Հայաստան» բառից պոկվեցին-ընկան

«Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն...

Link to post
Share on other sites

ваййййй эрэхеккк.......мерсиииии...........эс инч лав бан ек арел грел....шатттттттт мерси дзез...................:)

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ

Իր ժողովրդի զավակն իսկական`

Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց.

Նա նույնիսկ չկար և մի տարեկան,

Երբ… Մայրը գնաց:

Ա՜խ, եթե գնաց`

Նրա լույս հոգին թող որ համբառնա,

Արժանի դառնա

Իր հավատացած երկնային գահին:

Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:

Մնար

Ու ծիծ տար

Իր Սողոմոնի՛ն – մեր Կոմիտասի՜ն:

Մնար

Ու հոգար

Իր մինուճարի՜ - իր որդո՛ւ մասին:

Մնար ու նրան մայրություն աներ.

Հուսահատության, տրտմության պահին

Նրա ճակատի

Ամպերը վաներ,

Նախ` նրա ոտի

Ու հետո` սրտի

Փշերը հաներ:

Մնար, որ հետո,

Շա՛տ ու շատ հետո,

Երբ որդին քայլեց մութ արահետով,

Որ անդարձ եղավ ու եղավ անել,

Թերևըս նա իր մայրական սրտով

Իր մինուճարի

Ու մեր հանճարի

Սև ցավը տաներ…

Մնար, որ նրան մի ողջ ժողովուրդ

«Մեծ մա՛յր» անվաներ,

«վեհամա՜յր» կոչեր.

Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա

Իր բերնին տաներ,

Փեշե՜րը պաչեր…

Մնա՛ր… Չմնա՜ց:

Գեթ հայրը մնար…

……Բայց նա էլ գնաց.

Երբ որդին չկար դեռ տաս տարեկան:

Իր ժողովրդի պես նա որբուկ մնաց:

Նա մնաց անտուն, մնաց բնավեր:

-Տո լաճ տնավե՛ր...

Եղավ անդադար, եղավ քնավեր:

-Տո լաճ տնավե՛ր…

Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ,

Աչքերում` արցունք, ճակատին` քրտինք,

Աշնան պաղ քամուն և ձմռան ցրտին

Որբուկն ո՞ւր մնա, որբուկն ո՞ւր գնա,

Որտե՞ղ տաքանա, ո՞ւմ թոնրան շրթին:

-Տո լաճ տնավե՜ր...

Որբուկի սիրտը` ապակի փշուր,

Ա՜խ, դրսից կարմիր – ներսից փուշ մասուր,

Որբը` մոլոր գառ, աշխարքը` մսուր, -

Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան

Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր:

-Տո լաճ տնավե՜ր…

Դռնեդուռ երգեց – ձայնը` կլկլան,

Բերանն էր կերգեր, աչքերը կուլան:

Դունչիկից կելներ ծխի տակ քուլան,-

Սրտիկն էր էրվում, չէր տեսնում ոչ ոք:

Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան…

-Տո լաճ տնավե՜ր...

Երկու ձիգ տարի նա այսպես պիտի

Ման գա երգելով ու շուրջը դիտի,

Մի հացի հույսով կամ մի հավկիթի,

Միտքը` հազար տեղ, աչքը` մի կետի...

Սկիզբըդ խոց էր, վերջըտ` ո՞վ գիտի…

-Տո լաճ տնավե՜ր…

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ՑՆԾՈԻԹՅԱՆ

Գեվոն չթողեց որդուն ապարանք,

Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր,

Բայց ինչ ունեին-չունեին նրանք`

Իրենց որբացած որդուն էր անցել:

Իսկ ի՞նչ ունեին: Լոկ ձա՛յն կլկըլան.-

Մեկ այնպես մեղմիկ,

Ասես թե գինով լցնում են կուլան.

Մերթ այնպես զնգուն,

Ասես թե կիրճում հովն է շընկշընկում.

Մերթ այնպես խաղաղ,

Կաքավն է ասես սաղմոսում “կղա”.

Մերթ այնպես հորդուն,

Ասես ընկել ես ջաղացի ջրտուն…

Նրանք գիտեին իրենց Կուտինան`

Անատոլուի խավար խորքերում:

Բայց նրանք, դիցուք, նույնիսկ գիտենան,

Թե իրենց պապի պապին ու քեռուն

Գաղքի ճամփան է բերել Կուտինա

Ինչ-որ ժամանակ, ինչ-որ Ցղնայից:

Այսքանը թեկուզ և իմանային:

Ո՞վ պատմեր սակայն, որ գյուղն այդ Ցղնա

Եվ Մասյաց փեշը Գողթանն է չքնաղ:

Արդեն կիսակույր թուրքախավարից`

Ո՞վ պատմեր նրանց Գողթան գավառից,

Գողթան գավառի երգասաններից`

Վիպող – վիպասան մեր գուսաններից:

...Փանդիռը գրկած ու վինը ծնկան`

Դուռ-դարպասների սալքարին նստել,

Երգել են նրանք վեպը Սաթինկան,

Աչքերն են գովել Ալանաց դստեր,

Եվ խոսքը խելոք, և մեջքը բարակ,

Եվ Արտաշիսի սիգալը արագ`

Ձեռքին շիկափող-ոսկեօղ պարան...

Իսկ Արտավա՜զդը, որին և տարան

Քաջերը ի վեր Ազատն ի Մասիս...

Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին,

Որ սեգ սիգալով`

Իր հուժկու քայլով

Գետերի թմբեր և ամբարտակներ

ավերեց տարավ…

Իսկ Շամիրա՜մը պագշոտ

ու տաքշող,

Գեղեցիկ ապրած, գեղեցիկ մեռած

Գեղեցիկ Արա՜ն...

Հաճախ կույր ծնված, անուս ու թերուս,

Բայց միշտ ողողված կրակով ներքին,

Իրենց յոթնաղի տավիղը ձեռքին`

Նրանք են երգել ծնունդն այն աստծու,

Որ հուր հեր ուներ, բոց ուներ մորուս –

Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին,

Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից,

Երբ բոց էր ելնում եղեգան փողից...

Երգել են նրանք

Մեր պտղած հողից,

Գինուց, խաղողից,

Մեր սրտի դողից.

Երգել են նրանք

Մեր ցորեն հացից,

Մեր խինդ ու լացից,

Մարտում ընկածից.

Խորհել` երգելով,

Նվագով ցավել,

Երգել ձեռքերով`

Պարել-կաքավել...

Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք,

Փող ու թմբուկին խաղացող մատներ,

Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ,

Եվ նավասարդյան թարմ առավոտներ,

Եվ առավոտներ վառ Վարդավառի,

Եվ ծուխն ծխանի` հայրենի կրակ,-

Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք`

Վիպասանները Գողթան գավառի:

…Ո՞ւմ մտքով կանցներ, թե Գողթնից գաղթած

Գերանը ջարդած ու սյունը խախտած

Ինչ-որ տնակի կիսախավարում,

Գողթնից շատ հեռու, մի խորթ գավառում,

Որտեղ վարակը օտար շարավի

Ուտում էր մարմին ու հոգի կրծում,-

Ո՞ւմ մտքով կանցներ, և ո՞վ էր կարծում,

Թե պիտի շողա Գողթան շառավիղ,

Պիտի բոցկըլտա Գողթան պայազատ`

Նո՛ւյնքան հարազատ,

Նո՛ւյնքան հայ ազատ,

Որքան և նրանք –

Արժանի ժառանգ

Գողթան գավառի հայ գուսանների,

Փողհար-փանդռահատ վիպասանների`

Օտարի շնչից զանազանելի,

Այդքանով` նաև անհասանելի…

Ո՞վ է հասկացել քմայքը բախտի

Եվ այն էլ… հայոց.

Հանկարծ կեռմանը ազգավեր գաղթի`

Կածանը վայոց,

Դառնում է ճամփա համահավաքման,-

Խոյանք է դառնում թռիչքը անկման…

Ո՞վ է հասկացել քմայքը բախտի

Եվ այն էլ… հայոց:

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ՀՈՒՍՈ

Ութը հարյուր ութսունմեկ թիվ: Էջմիածին:

Միրգ ու փոշի: Անխիղճ արև:

Շողամրցում Մասիսների, Արագածի:

Սրբագործված հին-հին քարեր:

Եվ Մայր Արաքս, և Մայր Տաճար,

Տաճարի շուրջ սուրբ-սուրբ վանքեր,

Հնչո՜ղ,

Շնչո՜ղ,

Կանչո՜ղ զանգեր…

Եվ Ճեմարան` մտքի կաճառ –

Ուսումնատենչ երազների

Սառցակալում և տաքացում…

Ճեմարանի բակում արձակ`

Խոսվածքների, տարազների

Խայտաբղետ հավաքածու:

Ամեն մեկը` մի գավառից,

Եվ բոլորը` դեռ աղվամազ:

Ամեն մեկը խիտ խավարից`

Երազում է լույսի մի մաս:

Լույս է ուզում –

Ուսո՛ւմ, ուսո՜ւմ...

Ո՞վ կընդունվի,

Ոտ կդընի

Ճեմարանի դեռ փակ շեմքին

Հաջող կտա ո՞վ քննություն:

Մանուկների հուզված դեմքին`

Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն,

Խոսուն հետքե՛ր երազների:

Որտեղ էլ որ աչք ես ածում`

Խոսվածքների, տարազների

Զարմանալի հավաքածու:

Եվ նրանց մեջ սրա՛ն նայիր`

Հագին հալավ տաճկահայի.

Կարմիր շապիկ, կանաչ վարտիք`

Վրան պնդած մազե գոտիկ,

Նախշուն գուլպա` վրան զոլեր,

Ու պոչավոր մաշված սոլեր:

Դեմքը` գունատ, բայց խորոտիկ,

Իսկ հայացքը` քելե՜ր-վոլե՜ր…

Ամենքն իրար` մոտիկ-մոտիկ,

Իսկ նա` անվերջ մեն ու մենակ:

Թե զարնեին սրտին դանակ`

Մի պուտ արյուն դուրս չէր հոսի:

Ո՞նց չմնա նա մեկուսի,

Ո՞նց խառնըվի, ասի-խոսի,

Թե... հայերեն վատ է խոսում:

Բայց նա, մեկ էլ աստված գիտի,

Թե ինքն ինչպե՛ս, ո՜նց է ուզում

Ուսո՛ւմ, ուսո՜ւմ:

Սակայն նրան

Ո՞վ կընդունի, այն էլ… որտե՜ղ –

Մի հոգևոր ուսումնարան,

Որի սանը մի օր պիտի

Դառնա հայոց ժամտան տերտեր

Հագնի վեղար վարդապետի:

Իսկ նա...

......Եվ նա վաղը պիտի

Երգի ի լուր և ի վճիռ

Համայն Հայոց Հայրապետի...

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ

Եվ նա սկսեց... թուրքերեն երգել:

Մանկական ձայնը, սկըզբում կերկեր,

Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,

Հունի մեջ մտավ

Ու գնա՜ց-գնա՜ց:

Կաթողիկոսը մթագնեց մնաց:

Մինչ հանկարծահաս զայրույթի ծնած

Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ`

Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:

Առաջի՜ն անգամ, առաջի՜ն անգամ

Ա՛ստ` Վեհարանի հին պատերի մեջ

Սրբապղծորեն թուրգ երգ է մխում...

Ա՛ստ` հայոց հոտի այս սուրբ փարախում,

Հովվապետն ինքը ականջ է կախում

Ինչ-որ մի մանկան անօրեն երգի…

Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի`

«Հայր մեր», «Տէր կեցո», «Արեգակն արդար»,

«Բարեխոսութեամբ» կամ «Խորհուրդ խորին»,

Ուր գրաբարն է հնչել դարեդար,

Եվ շարականն է հուզել բոլորին,-

Ա՛ստ` Վեհարանի հին պատերի մեջ

Առաջի՛ն անգամ, առաջի՜ն անգամ

Սրբապղծության մանանեխ ընկավ...

Բայց Վեհափառը իր վեհ դերի մեջ`

Ինչպես վայել է` անայլայլ մնաց:

Իսկ մանկան երգը... թա՜փ առավ - գնաց:

Գնաց – բարձրացավ,

Եկավ – ծանրացավ,

Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց

Եվ հետո` կրկին պոկվեց ու գնաց,

Մի վայրկյան օդում կախ ընկավ մնաց`

Մի անտես թելով կարծես թե կապվեց

Եվ, մի պահ հետո, հանկարծ ցած թափվեց.

Թափվեց` նշենու ծաղկաթերթի պես,

Հին վանքի ծեփի ճաքած շերտի պես…

Բառերը… եղո՜ւկ: Իսկ ձայնը… զուլա՜լ,

Այդպես լեռնային վտակն է կարող

Քարերի վրա ծիծաղել ու լալ:

Բառերը… եղո՜ւկ: Իսկ ձայնը… գերո՜ղ.

Մերթ բողոքում է ու գանգատ անում,

Մերթ` դառնում այնպես վսեմ ու բարի,

Կարծես հինավուրց այս Մայր Տաճարի

Երկինք խոյացող զանգակատընում

Կախել են մի նոր` անլեզվակ մի զանգ –

Մի համա՜կ հուզանք…

Թվաց` ամպերն են բացխուփիկ խաղում,

Թվաց` երկինքը շողեր է շաղում,

Թվաց, թե շոգը հանկարծ կոտըրվեց,

Թվաց, թե մի հին երգում կատարվեց…

Կաթողիկոսի ծեր երակներում

Ասես սրսկվեց ջահել տաք արյուն`

Անցած օրերի արյուն վարակիչ –

Երբ աննյութ հոգուն մարմինն էր այրում`

Մարմինը մեղսոտ, սատանայակիր:

Եվ հին լլկանքով կրկի՞ն չարչարել…

(-Տէ՜ր, ողորմեա, ինձ փրկեա ի չարէ)...

Իսկ երգող տղա՞ն,

Մորմոքող տղա՞ն:

Իրենց ամենքի աչքերի առաջ,

Ասես հեքիաթի դյուցազուն դառած,

Նա միանգամից աճե՛ց, զորացա՜վ...

Կաթողիկոսը մի պահ մոռացավ,

Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում,

Ովքե՜ր են շուրջը` իր Վեհարանում,-

Եվ այդքանի մեջ,

Ասես քնի մեջ,

Նա դանդաղ ժպտաց

Աչքերով իր թաց:

Հետո ժպիտը սկըսեց հալվել

Ու հետզհետե անհետ վերացավ,

Մինչդեռ աչքերի թացն ավելացավ,

Թացն ավելացա՜վ ու ավելացա՜վ…

Փղձկացող Վեհը հազիվ բարբառեց.

-Որդյա՜կ իմ, ո՜րբ իմ…

Ու ձայնը մարեց:

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ

Եվ վարանումից, վեճերից հետո,

Իբրև եզակի մի բացառություն,

Կանոնագրքի մի զանցառություն,

Անհայտ օրենքի չգրված կետով`

Լոկ ձայնի համար –

Համարվեց նա սան:

Դեռ չեկած ամառ`

Նոր բոթեր հասան:

Սուլթան Համիդը, ի փառս ալլահի,

Ի նշան ահի

Ամեն մի հայի

Եվ իր գիտության

Իր երկար քթով ամեն տեղ մտնող

Այդ Եվրոպայի,-

Սուլթան Համիդը տարավ ու բերեց

Եվ –

Ապտակի տեղ,

Ապտակի նման –

Շրը՜խկ`

“Հայաստան” բառը արգելեց –

Լեզվի՜ց, քարտեցի՜ց, գրքերի՛ց քերեց.

-Ջնջում եմ, չկա՛,

Ալլա՜հը վկա:

Եվ չի՛ էլ եղել,-

Այդ ո՞ւմ եք նեղել:

Եվ չի՛ լինելու,

Եվ չի՛ լինելու,-

Քանդողը ես եմ,

Ո՞վ է շինելու…

Իսկապե՛ս. քանդածն ո՞վ պիտի շիներ,

Թե Ալեքսանդր ցարն էլ իր հերթին`

Սուրբ խաչելության նշանը սրտին,

Քրիստոնեական ժպիտը շրթին`

Իր „ամենագութ“ ձեռքով ցարական

Հայոց պատմությունն, իբրև առարկա,

Արգելեց բոլոր դպրոցներում.

-Չկա՛, չի՜ եղել…

Սուլթանն ու արքան

Ձեռք-ձեռքի տվին

Միևնույն թվին…

Իսկ Ճեմարանում…

Թուրքախոս սանի կարոտ բերանում

Անուշ մրգի պես, բայց չհալվելով,

Ի՜նչ բառեր էին հիմա քաղցրանում,

Անհայտությունից հանկարծ բարձրանում

Քանի՜ չջնջվող, քանի կարծր անուն`

Քաջն Հայկ, Արամ,

Տիգրան Մեծ, Արա,

Մաշտոց, Եղիշե,-

Ո՞ր մեկին հիշել…

Եվ չժանգոտած հին բանալիքը մեսրոպյան տառի

Նախ` դժվարությամբ,

Բայց հետզհետե մի լուրջ բարությամբ`

Ուրախ զնգոցով անվերջ պտըտվեց կողբեքում բառի

Ու բացեց դռներ`

Սխրագործության,

Դարպասներ բացեց`

Ահեղ փորձության,

Եվ զարմանալի՛, անհավատալի՛, ճշմարի՜տ դեպքեր`

Մահադարձության…

Իր այդ բանալուն հավետ պարտական`

Ընկել էր տղան մի կախարդական,

Մի հեքիաթային վիթխարի դղյակ:

Որին մինչև այդ ինքն էր անտեղյակ:

Ե՛վ սերտարանում, և՛ իր պաղ խցում,

Աղոտ լույսի տակ իր նավթավառի,

Մինչև իսկ եթե ականջն էր խցում`

Փանդիռն էր հնչում Գողթան գավառի

Մարտ ու սեր երգող ձայնեղ գուսանաց.

Ե՛վ խրախճանքը հին Վարդավառի,

Ե՛վ մեհյաններում մորթվող տավարի

Բառաչը խռպոտ, բոռոցը հորդուն

Դիսոնանսվում էր արդեն կուսանաց

Քրիստոսասեր թախծոտ մեղեդուն.

Հետո խուժում էր, մեղեդուն խեղդում

Վայրի աղմուկը վայրի քուշանաց,

Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց

Ու քաղաքակիրթ –

Նույնքան բիրտ

հունաց...

Ծակող դիսկանտը հռովմեական մարտափողերի

Եվ կոնտաբասը պարսից ահավոր մարտափղերի,

Տեգ, նիզակ, աշտե,

Ասես թմբուկի վիթխարի փայտեր,

Թմբուկի տեղակ գլուխ են ջարդում,

Պատռում են այտեր.

Է՛լ սելջուկական սրերի շառաչ,

Է՛լ կտրիճների մահազդու հառաչ,

Է՛լ մոնղոլական աղեղից պոկված երկաթե նետեր`

Ասես թշնամու հեռավոր մատեր,

Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ.

Ե՛վ վահանների ծնծղան անծիծաղ,

Ե՛վ շեփորումը զոհապետերի,

Խոլ ելևէջը արյան գետերի,

Հրդեհի ձեռքում հողմերի ֆուգան,-

Արձագանքում են նրա ականջում

Եվ ինքնամոռաց.

“Մարե՛ ջան, կուգա՜ն”,-

Տեղից ցատկելով` ակամա կանչում,

Ճչում է ձայնով փոքրիկ գազանի

Եվ արթնացընում մի քնած սանի,

Որ վեր է թռչում, նույնպես վախեցած,

Աչքերն է ճմլում, մազերն է խառնում,

Վերակացուի անվամբ սպառնում

եվ մինչև անգամ իր տված հարցի

Պատասխանի դեմ ականջը խցած`

Հակում է նորից իր գլուխը ցած`

Մագնիսի նման ձգող չոր բարձին…

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ԽԼԱՁԱՅՆ

Ամեն ամսում` երեսուն օր –

Դուռն է բացվում միշտ նոր ու նոր:

Ամիսն ամսի ձեռքն է բռնում –

Նա կարդում է և ըմբռնում:

Ամեն ամսում ինչքան շաբաթ`

Այնքան հարցեր մշուշապատ:

Ամիսն ամսին ձեռք է տալիս,

Ամիսն ամսին ետքից տանում:

Կան շատ բաներ, որ կարդալիս

Նա դեռևս չի հասկանում…

Ամեն ամսում` երեսում օր,

Եվ ամեն օր`

Մի նոր շնորհ.

Ամսըվա մեջ` չորս կիրակի –

Նա է հոգին պատարագի:

Երգում է նա Մայր Տաճարում,

Լսողներին լաց պատճառում:

Ո՞վ է նրան պարտադըրում,

Իսկ նա նստած արտագրում,

Պատճենում է հայ և օտար

Ձայնանիշեր, խազեր, նոտա:

Ամեն ամսում` երեսում օր,

Եվ ամեն օր`

Մի նոր շնորհ....

Ամիսներն են դանդաղ հոսում –

Եվ նա կարդում է Մանրուսում:

Թո՛ղ բորբոքվեն նախանձ կրքեր –

Ընթերցում է նա Խազգրքեր:

…Գանձե՜ր, գանձե՛ր` փականքի տակ,

Իսկ գանձերի տերն` անգիտակ:

Անբանալի-գոց գանձարան...

Կյանքըդ լինի թող տանջարան –

Թեկուզ մեռնես, բայց ման արի,

Փնտրի՛ր, գտի՛ր այդ բանալին:

Եվ աչքերն է ցավով թարթում:

-Տարիները թո՛ղ որ վազեն:

Աչքերի դեմ, քուն թե արթուն,

Չվերծանված խազե՜ր, խազե՜ր-

Մեղեդիներ`

Ոչ թե մինչև վանքի գմբեթ

Սուրբ խորանից երկարացած,

Այլ… քարացած.

Եղանակներ`

Ո՛չ պար ածող,

Այլ... բրածո.

Աստվածային վսեմ «Տաղ»-եր,

Որ ծալքերում մագաղաթի

Ժամանակն է փոշով թաղել.

Գանձի նման անգին «Գանձ»-եր,

Բայց ի՞նչ օգուտ, երբ չեն կարող

Կիզել անձեր,

Հոգի խանձել.

Արձանացած-անշարժ «Փոխ»-եր,-

Ինչպե՞ս շարժել, տեղից փոխել.

Դիակնացած «Քարոզ» ու «Ճառ»,-

Ինչպե՞ս գտնել հարության ճար.

«Եղիցի»-ներ, «Ավետիս»-ներ,-

Ա՛խ, թե նրանց հնչո՜ղ տեսներ...

Տարիներ են նորից հոսում,

Իսկ նրա դեմ` միշտ Մանրուսում,

Իսկ նրա դեմ` անվերջ Խազգիրք –

Շո՛ւնչը, հոգի՛ն, տրո՜փն ազգի,

Որ դարձել է խազ ու նշան,

Մագաղաթի թերթեր խշշան:

Թե՞ հանդուգըն մի փորձ անել

Համըր խազերը վերծանել:

…Տարիները հոգնած մարդու

Տնքոցով են կրկին հոսում,-

Ակնաբույժի համբերությամբ

Զննում է նա կույր Մանրուսում:

Ինչպես հմուտ հնաբանը`

Իր ձեռքն ընկած հին առարկան –

Քննում է նա ութձայնանի

Ու երկստեղ բյուր շարական:

Կարծես թե մարդ հանկարծակի

Ընկել է լուռ մի շիրմատուն,

Ու լեզվազուրկ շիրմաքարեր

Նախանձով են նայում մարդուն:

Շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր,

Եվ մամուռի ու փոշու տակ` շիրմագրե՛ր,

Եվ ի՜նչ խոսուն շիրմագրեր.

Արծիվ, Աղավնեկ, Բազե, Վարուժնակ,

Տանուտրակ, Ծիծեռն ու Տիրոցի ձագ,

Յուրաքանչյուրը ինչպե՞ս է ճախրել,

Եվ ո՞ւր է իջել, ինչպիսի՞ թևով…

Աղաչանք, Հիվանդ, Տժգույն ու Լալկան, -

Յուրաքանչյուրը ինչպե՞ս է տխրել,

Ինպե՞ս հառաչել, լացել ի՞նչ ձևով…

Դարբին ու Երկաթ,-

Ինպե՞ս էր զնգում,

Ինպիսի՞ սալի,

Ինպե՞ս էր մարդու հոգին պար ածում…

Հովիվ ու Ոչխար,-

Ո՞նց էր շընկշընկում,

Ի՞նչ քարի ու սարի

Ի՞նչ շշուկով էր հոտը արածում...

Ո՞ւր էր Ջաղացք-ի դղիրդը ահեղ,

Ինչո՞ւ է Սրինգն իր շունչը պահել,

Եվ Ինչո՞ւ Նավ-ը չի ուզում սահել…

Փող-ը Փորակ-ից, Բդեշխ-ը Բերդ-ից

Իրար նվագը Ինչո՞ւ չեն խլում…

Դե՛հ, արի բեր սի՛րտ, եկ ու բեր գլո՛ւխ,

Որ բան հասկանա այս շիրմատնից:

Ինպե՞ս չզրկվես հացից ու քնից…

Եվ նա վիրավոր աչքերն է թարթում:

-Թո՛ղ ժամանակը անշտապ վազեր:

Իսկ աչքերի դեմ` քնած թե արթուն`

Նորի՛ց բերանփակ խազեր ու խազեր:

Խազեր Ձայնուժի

Աստված չի՜ հուշի…

Խազեր Բանալի

Ի՛նքդ ման արի…

Խազեր Ոճական,

Նաև` Կոչական

Փնտրողի ճամփին

Միշտ էլ խոչեր կան…

Եվ Առոգանող ու Կետադըրող

Մի՛ հուսահատվիր,

Կարո՛ղ ես, կարո՜ղ…

Եվ Ամանակի

Կարիք ես զգում

Լոկ… ժամանակի…

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ՄԵՂՍԱԿԱՆ

Իսկ ժամանակը իրենն է անում:

Ամիսը ամսին` անցնում են տարիք,

Եվ զգում է նա… այդ ինչի՞ կարիք...

Դեղնած գրքերի փոշին բերանում`

Նա դուռն է բանում իր խոնավ խցի

Ու դուրս է գալիս` փոքր-ինչ օդ ծծի:

Կանաչ Բնառվից անվայել թռնում

Եվ այգիների ճամփան է բռնում:

Ճամփան տանում է դեպի Արարատ,

Դեպի Մայր Արաքս` ճոխ դաշտի միջով:

Գարում է գալիս: Օդը` անարատ,

Բույրով ու թույրով, լույսով է առատ

Ու նրա ջահել սրտի պես` ճիչով:

Գարուն է գալիս:

Ձներն են լալիս,

Որ առու-առու`

Կրքից պղտորված

Իրար գիրկ վազեն:

Բացվող գարնան հետ

Վերադառնալիս`

Զույգեր են կազմում

Տատրակն ու բազեն:

Ծառեր ու խոտեր

Ծաղիկ են տալիս,

Ու բնազդական –

Բուսական սիրով

Իրար փոշոտեն:

Որսի դուրս գալիս

Եվ արածելիս

Քիչ է մնում թե

Գազաններն անգամ

Լափլիզող սիրուց

Իրար հոշոտեն:

Իսկ սի՛րտը, սի՜րտը…

Իսկ սիրտը մարդու`

Սիրո հովերից

Այլևըս արթուն`

Գարնան գետի պես

Մերթ` վարար հորդում,

Մերթ` անձրևի պես`

Լալի՛ս է, լալի՜ս.

Ուզում է մեկին

Ասել. „Ցանկալի՜ս”,

Ուզում է մեկին

Խեղդվելով ասել.

“Իմ երա՛զ ու սեր,

Դու ե՞րբ ես գալու…“:

Գարուն է, գարու՜ն:

Դաղձի բուրմունքից հարբել է առուն

Եվ ափերին է մի գլուխ զարկվում ութաձև քայլով`

Ինչպես հարբածն է խփվում պատերին:

Նայողի աչքը խտուտ են ածում գույնով ու փայլով

Խլվլան փնջեր կարմիր պուտերի,

Կապույտ անմոռուկ ու հորոտ-մորոտ:

Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ`

Բարեգութ դահճի ձեռքով գլխատված շարքն է թթերի.

Նախկին կոշտապատ ճյուղերի տեղակ

Թթենիները հիմա դալարուկ շիվեր են տվել`

Մեկի տեղ քսան ու դեռ ավելի

Եվ հեռվից հիմա նման են… արդյոք

Մի փայտե պոչով մեծ ցախավելի՞,

Որ հորիզոնից պիտի որ – ա՛յ-ա՛յ –

Ամենավերջին ամպերը ջնջի,

Թե՞ հսկայական – բուկը հուպ տված – մի կանաչ փնջի,

Որ – հոժարակամ – ուզում է իրեն անցորդին բաշխել`

Ով կկամենա՛, ով կվերցնի՛,

Կամ կոթի վրա տնկված վրձինի՞,

Որ մտադիր է

Լազուր երկինքը մուգ կանաչ նախշել:

Հիմա Բնառվից մյուս ափ թռած`

Առաջ է գնում նա ինքնամոռաց:

Հրավիրականչ շեփորի նման`

Հնչում է ցուլի կարոտի բառաչ...

Եվ ջրից թափուր սափորի նման`

Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի:

Այգիների մեջ թաղված Տաճարի

Գմբեթն է միայն հեռվից երևում

Ծաղկած ծառերի գլխավերևում`

Անհայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բույնի նման:

Մի վաղուց ջարդված կավե հին աման.

Նա էլ չի փրկվել գարնան վարակից –

Նրա շուրջբոլոր

Մամուռն է քաշել կանաչ պարագիծ:

Վիրավոր սնձի բացված երակից

Տաք արյան տեղակ պաղ կաթ է ծորում:

Դեղձենիների անբոց կրակից

Կայծեր են թռչում դիմացի ձորում:

Գյուղի մեջ, գուռին,

Մի ծուռմեջք ուռի,

Ծեր մուրացկանի ձեռքերի նման

Այդ ի՞նչ հույսով է ճյուղերը մեկնել –

Որ ի՞նչ տան ախար, դիցուք, ողորման,

Ա՛յ դու փչակված-բնաքանդ ուռի...

Ու դաշտ են ելել հարս ու աղջիկներ,

Որը` սիբեխի, որը` դանդուռի:

Մերթ ցրվում են

Ու մերթ կուտակվում,

Մերթ կռանում են

Ու մերթ` շիտակվում,

Մերթ` ուրախ ճիչով,

Ասես կարոտով,

Իրար են պարզում լխտիկ թևերը,

Ցուցադրում են,

Կարծես թե դիտմամբ,

Փակ մարմինների բոլոր ձևերը,

Որ... աբեղայի սիրտը խռովեն,

Որ... աբեղային անհուր խորովեն,

Որ... Աստված ու նա կռվեն – խռովեն...

Եվ մի անօրեն,

Մի անվանելի՛,

Անանվանելի՜

ինչ-որ զգացում

Կպչում է նրա սրտին ու անձին`

Կաթի պես սնձի:

Նա շրթունքներն է ակամա կրծում,

Որ ցավը օգնի:

Իզուր է կարծում,

Թե ամենազոր գարնան դավերին

Կհաղթի ուժով ինչ-որ ցավերի:

Եվ, ճարահատյալ, աչքերն է գոցում,

Որ սատանեկան տեսիլքն ավերի,

Բայց մթությունը… սա էլ իր սևով

Նրանց վառվռուն ձևերն ընդգծում,

Մաքրագրում է, շեշտում ավելի:

Խաչակնքել է ուզում աբեղան,

Բայց նրա աջը շարժվել չի ուզում.

Ուզում է կանչել մի բերան “մեղա”,

Բայց… կապ է ընգնում և խոսնակ լեզուն:

Եվ, բնազդաբար,

Նա սիրտն է բռնում սև վեղարի տակ,

Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք,

Նա սիրտն է սեղմում,

Որ չտորոփի այդպես խենթորեն,

Որ չտորոփի և… չտրաքի`

Պղպջող գինու սափորի նման:

Մինչդեռ անվտանգ խուցի դարակին

Ննջում են տաղեր` կարոտ հորինման,

Մինչդեռ անփորձանք խուցի դարակին

Կարոտով նրա ճամփան են պահում

անլեզու խազեր:

Նա ետ է դառնում, ուզում է վազել,

Գնալ ու նորից վերածվել համառ,

Աչքի լույս մաշել

Այն հույսով անմար,

Թե ցավն աչքերի թերևըս մի օր

Փոխարկվի մի նոր

Ցնծուն հանդեսի`

Իր, ուրիշների… ականջի համար:

Նա ետ է դառնում իր ճամփի կեսից,

Որ գնա կրկին աչքի լույս մաշի

Եվ մի կերպ պրծնի իր սրտին կպած

Այդ կաթից սնձի,

սոսնձից,

խեժից, -

Եվ այդ վայրկյանին հանկարծ –

Սոնա՜ յար,

Սոնա՜ յար

Թնդում,

Ու երգը խնդուն

Ընկնում է ետքից ու հետապնդում,

Կախվում է նրա վեղարի փեշից,

Թառում է նրա փակված կոպերին,

Հալվում է նրա այրվող ափերին,

Ոտքերի առաջ թավալ է տալիս,-

Ճամփան է փակում ու հիշեցնում,

Թե Վարդավառն է վերստին գալիս –

Սոնա՜ յար,

Սոնա...

Ցնծությամբ օծված ծաղիկ է ծնում,

Ծաղիկների պես դաշտերով ցանում

Ջանգյուլում կանչող հարս-աղջիկներին –

Սոնա՜ յար,

Սոնա՜...

Քայլը հնչում է նո՛ւյն տակտով –

Սոնա՜

Կուրծքը շնչում է նո՛ւյն տակտով –

Սիրո՛ւն...

...Ու երբ, հոգնատանջ, աքլորականչին

Նա լուռ ննջում է`

Ինչ-որ մի Սոնա

Գալիս է թեքվում նրա ականջին

Ու շշնջում է,

Թե սարալանջին

Պառկած է քույրը` անունը Խումար,

Ու երեսն էլ բաց` տեսնելու համար:

...Շողերով հինված իր գորգը թողել,

Առվի արծաթով երեսը ցողել,

Կանգնել էր ճամփին մի շաղոտ Շողեր`

Բոլոր գլուխը պսակած ծամով,

Աչքերով նման սուրբ աստվածամոր:

-„Իսկ դու` անխելքդ, վախենամ քնես.

Վախենամ քնես, քնով ընկընես`

Արտերդ մնան առանց հերկելու.

Ու երբ վեր կենաս,

Վազեվազ գնաս`

Հա՜ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս,-

Խումար-իդ առան,

Սոնա-իդ տարան,

Շողեր-ըդ մնաց առանց գրկելու“:

Մի խառմնակ երազ

Տանջում է նրան մինչև լուսադեմ:

…Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթո

Թևերը կանթել,

Կանգնել է իրենց կալի պռնկին:

Քամին խլում է նրա մինթանան,

Որ նրա թմփլիկ ծնկները բանա

Ու ցույց տա խալը` ծալի մեջ ծնկի:

Հետո այդ խալը դառնում է հանկարծ

Մի պուտ սև թանաք`

Այն Շարակնոցում Սաղմոսավանքի,

Ուր այդ կաթիլից

Իրար են ձուլվել զարդախազերը…

…Ու մեկ էլ քամին

Քանդում է հարսի դեղձան մազերը,

Եվ այդ մազերը լարերի նման,

Ձգվում են մինչև ոտքերը նրա,

Ու շեկլիկ-մեկլիկ, աչքերով ծավի

Այդ հարսը հանկարծ… դառնում է տավիղ,

Եվ այդ ոսկելար, և այդ մսեղեն ծավիղի վրա

Քամին նվագում

Ու… վերծանում է մեռած խազերը:

Ուզում է որսալ ու ձայնագրել

(Ա՛յ, հիմա՜-հիմա՜ լռած խազերի

Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի

Եվ իր մեծ գյուտով աշխարհը սարսի),

Բայց… մինչ այս – մինչ այն`

Նախանձկոտ քամին այնպես է փչում,

Որ կտրատելով լարերը բոլոր`

Վերև է ցցում,-

Հիմա ո՛չ տավիղ,

Ո՛չ էլ վերծանվող մեռած խազերը...

Հիմա հուրհրան բոցեր են թվում դեղձան մազերը,

Դեղձան մազերը թվում են հուր վառ`

Բարակ ծխի հետ պարզված երկընքին:

Եվ հարսը հիմա դառնում է բուրվառ

Ու շուրջը փռում բուրմունքը խնկի:

Աղջիկը բուրվա՞ռ,- որտե՞ղ է լսված…

Բայց հանկարծակի քամին դադարում

Եվ, գունդուկծիկ, բարդուն է թառում

(Ի՜նչ անտանելի շոգ է, տե՛ր Աստված)…

Ու դարձյալ նրա մազերը դեղձան,

Ու ծուփ-ծուփ էին` ծալեծալ դարձան.

Բուրվառ չէր արդեն,

Այլ կրկին

Մի կին,

Բոցավառ մի հա՞րս,

Թե՞ խարտյաշ աղջիկ,

Եվ տղամարդու հայացքից ազդված`

Պտույտ է գալիս,

Որ թողնի փախչի

(-Էդ ո՞ւր, անհոգի, էդ ո՞ւր, անաստվա՛ծ)...

Մինչ տեսիլքով է աչքը հիանում`

Սուրացնող հարսը մինթանի փեշով

Պտտահողմի պես սյուն փոշի հանում

Եվ թեպետ – շո՜գ է – քիչ զով է անում,

Բայց մի սեղման բուռ փոշի է ցանում

Խեղճի աչքերը…

Ու նա քնի մեջ

Ձեռն ակամայից աչքին է տանում,

Որ կսկծում է ու մռմռում է:

Աչքերը ձեռքով նա ճմըռում է,

Քնից արթնանում…

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

Հետևում է տարին տարուն, չի ուշանում,-

Եթե սան էր` դառնում է նա լսարանցի:

Սովորում է, երազում է և ուսանում

Ամենքի պես` ամենքի հետ, և առանձին:

Հետևում է տարին տարուն, միտքը` մտքին,

Հետևում է դեռ նոր գտած ելքը մուտքին:

Ապրում է նա աչքը` գրքին,

ուշքը` երգին:

Ե՜րգ և ուսո՛ւմ,

Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՜ւմ…

Մինչ օրերն են համըր հոսում`

Մտքի հետ է միտքը խոսում.

Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի,

Գուցե մի օր և վերծանի –

Ու ժողովուրդն ապերջանիկ

Նախանձելի բախտ ստանա,

Աղքատաղած մի ընտանիք

Ծով գանձերով հարստանա:

Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի,

Գուցե մի օր և վերծանի:

Բայց խազն է խազ ու գիրքը` գիրք:

Իսկ գրքից զատ կա կյանք ու գիրկ,

Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ

Կենսաթրթիռ, լուսաթաթախ,

Որ ապրում են, շնչում, հնչում

Մարդկանց շրթին, իր ականջում.

Որ կենդանի մարդն է հյուսում

Ու կենդանի մարդուն հուզում.

Որ հոսել են ու տեղ հասել

Ու չեն դարձել դեռ Մանրուսում,

Ու չեն դարձել մեռած խազեր...

Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն:

Այսօր թե կան`

Վաղը չկան.

Շուրջն ամեն տեղ

Երգվում են դեռ,

Բայց երգվելուց թե դադրեցին,

Խազերի պես, մեկ էլ տեսար,

Համրացան ու քար կտրեցին:

Որտեղի՞ց են դրանք գալիս,

Եվ ի՞նչ ճամփով, ո՞ւր են գնում,

Ի՞նչն է անցնող փրփուր տալիս

Եվ ջրի պես ի՞նչն է մնում:

Ի՞նչն է այնտեղ ոգեվորիչ,

Ինչո՞վ է խորթ և հարազատ,

Ինչո՞վ մոտիկ, ինչո՞վ է զատ

Աշխարհիկը հոգևորից:

Ի՞նչն է պայծառ, ի՞նչը` մթար,

Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար,

Ի՞նչն է եղծված կամ անվթար,

Ի՞նչն է կոպիտ կամ նազելի…

Իսկ թե հանկարծ այնտե՞ղ գտար

Բանալիքը մունջ խազերի…

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ՕԾՈՒՄԻ

Եվ որտեղ երգն էր` այնտեղ էլ նա էր:

Իսկ ամենուրեք` լե-լե, թխկոնդա,

Ամեն տեղ քե-լե, տույ-տույ, նայ-նայ – էր:

…Ուրա՞խ է կյանքը, տխո՞ւր, դաժա՞ն է`

Մի՛շտ ժողովրդից երգն անբաժան է.

Նա միշտ երգով է բանում ու դատում,

սիրում ու ատում,

վիշտը փարատում.

Երգով է ուրախ, երգով է տխուր,

Երգով է վառվում, երգով ե մխում.

Երգելով է նա վարում ու հերկում,

մանում ու ներկում,

երեխա գրկում.

Երգով քաղում է,

Աղում, մաղում է,

Ողբում, թաղում է,

Երգով է կնունք, հարսանիք անում,-

Երգով է օդը բացվում-տաքանում,

Երգով է նորից օրն իրիկնանում...

Ամեն տեղ ջան-ջան, վայ-աման-վայ – է,

Եվ որտեղ երգը` այնտեղ էլ նա է:

Իսկ նա՜…

Այդ ե՞րբ էր, այդ ե՞րբ էր, ե՞րբ էր, -

Տասներկուամյա թշվառ մի որբ էր,

Որ ձեռքից բռնած Ճեմարան բերին –

Եվ որբուկ Սողոն Սողոմոն դարձավ:

Ու չար թե բարի,

Խոցող թե անցավ

Ե՛վըս տասներկու բոլորակ տարի

Ճեմարանի մեջ եկավ ու անցավ,

Ու երբ չմնաց պատասխանելու արդեն ոչ մի դաս,

Ով Սողոմոնն էր` ավարտման օրը դարձավ Կոմիտաս

Ի խոր հարգանըս հայոց այդ լուսե կաթողիկոսի,

Որ տասներկու դար դրանից առաջ

Ապագա հունձի հունդերը ցրած`

Ծիրը բաց արեց հայոց մեղեդու անթաղ ակոսի:

Նա բանաստեղծ էր,

Ու երգաստեղծ էր,

Նա ուներ վառ ձայն

Ու նվագման ձիրք,

Եվ իր անվան հետ թողեց մի արձան`

Խոսուն, բայց անձայն –

«Նուիրեալք անձինք»:

Եվ հիմա – հանկա՜րծ – հայոց նորընծա

Երկրո՛րդ Կոմիտաս,

Որ Հայրապետի

Անվանը պիտի

Ամենայն ինչում

Տա մի նոր հնչում,

Սուրբ հիշատակը մշտավառ պահի:

Ո՞ւմ մտքով կանցներ այդ վսեմ պահին

Թե այդ նորընծա նոր Կոմիտասը

Պիտի մոռանա իր պարտավորիչ`

Անխոս ստացած պատվիրան դասը –

Պիտի նա մի օր երախտավորից

Յուրովի դառնա մի չար ապերախտ`

Պիտի կողոպտի մի թափուր դրախտ.

Հոգևոր պապի` իր անվանատուր

Կաթողիկոսի անունն ստվերի,

Հակառակ անխոս տրված պատվերի`

եվ հիշատակը մոռացության տա,

Իր շենշող կյանքի կարմիր բոցերով

Մատիտի նման թավ ընդգծելով

Իր մեծ նախորդի մեռածության տակ...

Link to post
Share on other sites

ՑԱՅԳԱԼՈՒՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ

ՂՈՂԱՆՋ ԱՄԱՌՆՕՐՅԱ

Եվ որտեղ երգը`

Այնտեղ էր հիմա և Կոմիտասը:

Նա, որ դեռ երեկ,

Իբրև մի ձայնեղ երգիչ-տիրացու,

Երգչախմբի մեջ վսեմ մեներգ էր միայն տարածում

Ու լսարանում հեզ պատասխանում սերտումի դասը,-

Հիմա դարձել էր խմբավար վանքի,

Դարձել էր հիմա երգի դասատու:

Թեթևանում էր երբ աշխատանքից,

Ծառայությունից օձիքն ազատում,

Հեռանում էր նա խուցից ու վանքից,

Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում:

Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ,

Ամենո՛ւր ու մի՜շտ –

Ուր հայն էր շնչում:

…Ինչպես աղջիկն է հանկարծ հարսնանում`

Գարունն էլ այդպես դառնում է ամառ.

Համբարձման տոնը պաղ հովն է տանում

Ու տեղ է բանում

Որ գա Վարդավառ:

Քանի չեն թոշնել կաթնառատ խոտեր,

Կանաչ ու ծաղիկ,

Գերանդիներն են սրվում-բթանում,

Եվ ծլարձակման հաղթ օրենքի դեմ

Կարճ հաղթանակ է վերստին տանում

Ոգին խոտքաղի:

Բայց քիչ առաջվա մարտում կատաղի

Յուրաքանչյուրը մի անգութ մարտիկ`

Հիմա տմարի

Նույն տղամարդիկ

Ասես գթության եղբայր են դառնում`

Իրենց ավշաքամ զոհերին առնում

Իրենց իսկ ուսին, իրենց շալակին,

Խնամքով դարսում սայլ-պատգարակին,

Ջորուն են բառնում

Կամ ավանակին,-

Եվ մեռած խոտեր, ծաղկունք մահացող

Գերեզմանի տեղ մարագ են գալիս,

Որ այնտեղ դառնան բույրի պահածո:

Շոգը, որ մինչ այդ հյուր էր ցանկալի,

Աներեսորեն դառնում է տանտեր

Ու կռվացնում կնկան ու մարդուն:

Անբոց վառվում են արոտ ու հարդեր,

Արծաթ է հալում վաղահաս գարին,

Այնինչ հանճարի,

Ցորենի արտում

Հասկերը հասուն

Հասկերը հոսուն,

Յուրաքանչյուրը մի հրե լեզու,

Ձգվում են վերև, կարծես թե ուզում

Մոտիկ երկնքի կապուտակ ծովից

Զովություն ըմպել,-

Բա չէ՜ մի` կըմպե՛ս,-

Չեն ըմպում սակայն,

Այլ միայն լիզում

Եվ անմիջապես քաշում են լեզուն,

Երբ հասկանում են բուսական խելքով,

Որ մինչև անգամ երկինքը ծավի

Նո՛ւյնպես կապտել է անհագ ծարավից…

Ամառվա շոգը այնպես է կիզում,

Որ արևի տակ –

Թեկուզ անկրակ –

Եթե ուզում ես` “իշխան” տապակիր:

Անշարժանում են լճեր ու լճակ,

Դառնում են ասես կապույտ ապակի,

Մինչդեռ նրանց տեղ

Օդն է ծփծփում ալիքով հրե,

Եվ օդի հետ էլ երգն է ալիքվում.

-Հո՜վ արեք, սարե՛ր…

Սարերը սակայն

Հովը պահում են հոտերի համար և սարվորների,

Որ գյուղը թողած`

Սար են բարձրանում:

Պղնձի նման հողն է կարծրանում,

Ու երգն էլ հիմա

Աղոթքի նման`

Երկինք է թռչում,

Ամպերին կառչում

-Մի քիչ զո՜վ արեք…

Ամպերը սակայն ինչպե՞ս զով անեն

Եվ ինչպե՞ս անձրև թափեն, ծով անեն,

Եթե բովանդակ երկնակամարին

Դեղի համար էլ ամպիկ չի ճարվի

Ո՛չ մի աչքաբաց-հունարով հեքիմ:

Եվ աշխատանքի ոգին է կրկին

Տիրում ամենքին:

Գյուղացիները, տղամարդ թե կին,

Հավ-աքլորի պես զարթնում են հիմա

Գիշերը դեռ կես և ոչ թե ծեգին

Եվ, աքլորների-հավերի նման,

Իրիկնանալիս` դեռ հացը բերնում`

Չեն թառում, օ չէ՜.

Հոգնած ու դադրած

Ոչ թե քնում են,

Այլ կարծես թե մեռնում –

Իրենց խշխշան անկողիններին

Քրիստոսի պես

Խաչվում են այնպես,

Որպեսզի շուտով

Հարություն առնեն

Եվ կիսամութով

Վերստի բռնեն

Նույն աշխատանքի

Վառվռուն պոչը

Ու նորից խառնեն

Հրդեհին ծեգի

Իրենց աչքերի հրավառ բոցը,

Եվ որ քրտինքի շիթը ծորացող

Անվերջ շտկվող – անվերջ կորացող

Իրենց թիկունքի վազի մանեման`

Ճամփան կորցրած մրջյունի նման:

Չէ՞ որ ամառվա ճռճռան շօգին

Մի բուռ ոսկի է ամեն կորած օր.

Մարդիկ կուզեին նույնիսկ դիակի

Ձեռքը տալ կոթը բահ ու թիակի,

Որ գնա բանի,

Աշխատանք անի:

Եվ աշխատում են քափ-քրտինք մտած,

Աչքերը հույսից ու երազից թաց,

Ու հետն էլ երգում.

-Սարե՜ր ջան, սարե՛ր…-

Հովից են երգում,

Զովից են երգում,

Որ շոգ ու տաքից շուտ չբեզարեն:

Իսկ շո՛գը, տա՜քը…

Թո՛ղ որ շները`

Բները մտած,

Շոգից շնչասպառ` լեզուն դուրս գցեն –

Իրենց կաս-կարմիր բոցաձև լեզուն,-

Կարծես սխալմամբ կրակ են կրծել

Եվ հիմա, իզո՜ւր,

Ետ տալ են ուզում…

Շոգի սիրահար դդումներ ցմփոր

Թո՛ղ որ թխսի պես նորից ետ տանեն

Փարթամ թևերը իրենց թաղերի

Եվ ճտերն իրենց ետևը գցած`

Չափարի վրա արևկող հանեն,

Թառեն էյվանի փայտե ճաղերին...

Ուրիշի աչքին խիստ ծիծաղեկի

Արևածաղկի մի պուճուր գնդիկ

Կապկելով հսկա մեր երկրագնդին`

Երկրագնդնի պես ծանրորեն ու լուրջ

Թո՜ղ որ պտտվի`

Ինչպես արևի,

Այնպես էլ նաև իր առանցքի շուրջ`

Անշարժ պահելով ծաղկատերևի

Դիրքը նախնական,

Մոռացած սակայն,

Որ դա երևի

Ոչ թե սեփական հունարն է որ կա,

Այլ... քամու իսպառ բացակայություն...

Թող որ շոգն իրոք չարամտորեն

Մարդկանց խեղդելու մահափորձ անի,

Եվ շուք ու շվաք տան վկայություն,-

Միևնույնը չէ՞ գյուղացու համար,

Թե նա մեռնի՛ էլ`

Պիտի գործ անի,

Քանի որ

Ամա՛ռ է, ամա՛ռ է, ամա՜ռ…

Խեղճ այրի կնոջ անծեփ-անսվաղ տանիքի նման`

Այգիների մեջ հասած պտուղն է անվերջ կաթկթում,

Պիտի հավաքել – փռել տանիքին

Շեկ ծիրանները`

Մանրակոտորակ արևների պես,

Սև սալորները`

Եզան աչքերի միամիտ փայլով,

Եվ կորիզահան դեղին դեղձերը`

Անանուն ծաղկի փերթերի նման:

Սայլը բեռնաբարձ`

Ծանր փրձերից խղճուկ ճռռալով`

Անիվի կունդից իր մաշված սռնու

Քիթն է մեկ հանում

Ու մեկ ետ տանում`

Աղուրի փոշում – լորձունքի նման –

Մազութ ծորալով:

Իսկ ջառջաջների սեպերը երկաթ,

Քար ատամները գիշատիչ կամի –

Ծամի՜ հա ծամի՜-

Հաշանն են ծամում, հաշանը ոսկե,

Որ չուզենալով դարանը խառնել

Սրսուռ ցորենի արևահամին`

Մի բան է տենչում –

Էրանի քամի՛.

-Սարե՜ր ջան, սարե՛ր,

Մի քիչ հո՜վ արեք…

Իսկ քամին

Կարծես մարդու գնացած աղջիկ է դարձել –

Քանի՜ ամիս է` հորանց չի գալիս,

Իսկ եթե եկավ`

Չի՛ ուզի գնալ…

Մղեղն է թառում պատահած տեղում

Եվ ամեն ինչի,

Մինչև իսկ վանքում կիսաբաց ննջող

Աստվածաշնչին.

-Մեղա՜ քեզ…

Ատված բարի՛ն կատարի:

Իսկ բարին`

Թառած դեզի կատարին,

Ծտի պարսերն է շեղջերից քշում.

Իսկ բարին`

Մաղված ցորեն-գարու հետ

Փայտե ամբարի դռնով է խշշում:

Մեծ կարասները

Ծույլ հորանջում են դատարկ մառանում,

Բայց ոչի՜նչ –

Արդեն խաղողի վազն է կրկին մայրանում.

Ճութը, ծոցի պես, ուռչում է հյութից

Եվ` օգոստոսյան եռացած օդից

Ու խեղդող տոթից

Շնչահատ արդեն`

Մի պահ զրկվելով աբուռ – ամոթից,

Անզգուշորեն կոճակն է բացում

Զմրուխտ թփերի.-

Հե՜րն էլ անիծած.

-Ի՞նչ անեմ, ադե՛,

Արևն ինձ կերի՜…

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

ՂՈՂԱՆՋ ԱՇՆԱՆԱՇՈՒՆՉ

Բայց ահա նաև շոգն է կոտրվում`

Գոռոզության պես,

Եվ իր տեղը զիջում

Իր գինն իմացող համեստությանը:

Կապող անձրևի միջամտությամբ

Երկիրն ու երկին

Գրկվում են կրկին`

Վերջ տալով իրենց սուր խստությանը

Ու գժտությանը:

Եվ աշունն էլի,

Չարչիների պես ու բոշաների,

Տեղից-տեղ գնում,

Դռներն ընկընում

Եվ զբաղվում է իր ներկարարի սիրված փեշակով:

Չարչին բարձրականչ կհպարտանա

Իր հուլունքների հազար տեսակով,

Ասեղ ու շյուղեր, ծամոն կծախի

Պառավ տատերին, հարսներին շարմաղ:

Բոշան ցորենով զամբյուղ կփոխի

Եվ ինչով ուզես` մեծ ու փոքր մաղ:

Մինչդեռ աշունը…

Նա բա՜ն չի ծախում,

Օդ, եղանակ, գույներ է փոխում:

Մինչդեռ աշունը

Միայն բաշխում է`

Ցորեն ու գարի,

Խմիչք ու փշատ,-

Հազար մի բարիք

Եվ – ամենից շատ –

Անվարձ ու ձրի

Միայն նախշում է...

Եվ այնպես դանդաղ, որ չես նկատի,

Ավելուկների ծամերը կանաչ

Էյվանի դեմքին ու տան ճակատին

Դեղնում են հանկարծ, դառնում անճանաչ:

Ու քաղցրությունից ճաքող սեխերի

Անուշ բուրմունքով

Օծվում են կրկին բոստան-բաղերը:

Իսկ ձմերուկի կըրծված ճաղերը –

Լուսնի հաստ-բարակ փուլերի նման –

Հող ու փոշով են ամպոտվում հիմա:

Ընկուզենիներն իրենց սաղարթով

Այնպես են մեկից դառնում հուրհրան,

Կարծես թե լինեն

Մարմանդ առկայծող հսկա ծխամորճ,

Եվ որպես ծխի կոհակվող քուլա`

Մշուշն է սողում դաշտերի վրա

Ու պտույտ տալիս

Ծերուկներիպ ես պպզած լեռների

Սանր չտեսած – փռչոտ գլխի շուրջ:

Մինչ դեղձին պարկեշտ ու ծիրանին լուրջ

Իրենց սաղարթն են աշխատում կոճկել

Լիրբ քամու հանդեպ`

Հաստլիկ ուռենին ու ձիգ կեռասին

Պատրաստ են իսկույն

Իրենց լաչակը գլխներից քանդել`

Մարդաթող հարսի,

Լաչառ կնկա պես:

Նորից, իսկապե՛ս,

Աշուն է, աշո՜ւն:

Նորից սանդի մեջ ծեծում են կորկոտ,

Ձավար են խաշում,

Տաք հնձաններում ճմլում են խաղող

Ու գինի քաշում:

Նորից առիշտան,

Որ ձողերն են շարեշար փռել,

Թաց` օրորվում է լուռ ու անշշուկ,

Չորացած` խշշում

Եվ փշուր-փշուր

Թափվում է գետին`

Խսիր-կարպետին:

Քամին կարծես թե բան է կորցրել

Եվ որոնելով`

Ավլում է գետնին

Ու տեղից-տեղ խաշամը քշում:

Եվ տերևների հաստ ծածկույթի տակ

Ավռակ ու վտակ

Խոսում են ոչ թե խշշոցով ջրի,

Այլ կարծես անվերջ տժտժում-թշշում`

Իրենց մեջ ընկած բոց տերևների

Չմարող հրից:

Սերկևիլները սրտի թրթիռով

Վերջինն են լքում անխռով այգին

Ու տեղափոխվում-մտնում են սնդուկ,

Որ հաստակաշի ու կողքապնդուկ

Զառ խնձորների հարևանությամբ

Պլլվեն սիրով ու գորովագին

Կանանց պահուստի շորերին փոթ-փոթ

Եվ իրենց բույրը խենթորեն խառնեն

Նրանց մարմնային բուրմունքին տռփոտ:

Աշուն է, աշո՜ւն:

Լուսաստղը հիմա

Նույնիսկ ցերեկվա դռներն է մաշում

Եվ ճառագայթուն ու մեծ է այնքան,

Կարծես մի բացված հովհար է որ կա:

Հովհարը սակայն

Ո՞ւմ է հարկավոր, երբ շոգ չէ արդեն,

Երբ եղանակը այնքան է ցրտել,

Որ նորից ահա տան խոնավ օդից

Մինչ աղը լալիս`

Լավաշն է ծաղկում,

Իսկ պաղ եղյամի հալվելուց հետո

Կալում մնացած կույտը ծղոտի

Ւրար է կպչում`

Կարծես թե թաղքում

Մազերի նման շեկլիկ աղջկա:

Անցած ձմռանը նշանվածների կոպերի տակով

Անհամբերությամբ սահում է հիմա երազանքն այրող

Այն հարսանիքի,

Որ պիտի լինի, բայց դեռ, ա՜խ, չկա:

Գիշերվա կեսին ոռնոցն է լսվում

Հոտ ու նախիրի հետ սարից գյուղ իջած

Անկուշտ գայլերի:

Իսկ նույնքան անկուշտ ջրաղացների

Անխոնջ չախչըկան

Կոչնակի նման կանչելով անվերջ`

Ճամփան է պահում

Աղունով բացված սողուն սայլերի:

Եվ ահա –

Կամաց քշեք սելերը...

Եվ ահա –

Աշուն եկավ սարիցը...

Եվ ահա –

այստե՛ղ –

Երկինքն ամպել է…

Եվ ահա –

այնտե՛ղ –

էս լուսնակ գիշեր…

Եվ ահա –

այսպե՛ս –

Միշտ նա է ներկա`

Նա՛

շինականի հար հավատարիմ,

հավետ անբաժան

մեծ օգնականը.

Նա՛ -

շինականի համկալ ընկերը,

հոտաղ-մշակը

ու… երրորդ ձեռքը –

Նա՛ -

ինքը... ե՜րգը:

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ԱՀԱԳՆԱՑՈՂ

Ե՜րգը…

Կարծես տնից ելած մի պանդուխտ էր բազմաթափառ

Եվ ուզում էր կրկին փարել հայրենիքին:

Հայրենիքն էր… նրա հոգին:

Ե՜րգը...

Կա՜րծես մի թռչուն էր, որ չվելով բնազդաբար`

Ետ էր թևում գիշերն ի լույս և օրն ի բուն:

Եվ նրա շեն ականջն էր… բույն:

Այն ակա՜նջը...

Ջրվորների,

Սարվորների ուրախ կանչը,

Ձույլ զանգերի ծույլ ղողանջը,

Առվի հիմար բլբլոցը,

Ճրագների պլպլոցը,

Հովի հունչը,

Թոնրի շունչը,

Մերժված սրտի խուլ մրմունջը,

Երազների ու ծաղկունքի փսփսուկը,

Ողբասածի կոծն ու սուգը,

Արտասուքը,

Որ ցնծվելով վառ ցավի մեջ`

Դուրս չի պոռթկում,

Այլ կաթում է սրտի խորքում,

Ինչպես մթին անձավի մեջ,

Եվ այդ ահեղ կաթկթոցը

Մինչև անգամ քար է ծակում.

Կեսչոր ու թաց փայտի նման

Վառվող հույսի ճրթճրթոցը,

Որ վառ ցրտի դեմ-հանդիման

Ինչքան չլինի դուռ է փակում.

Չարաճճի քամու առաջ

Տերևների սրսփումը`

Աշնան վառած անհուր բոցում.

Նոր մայրացած ստինքների

Միմյանց հետ լուռ շփումը`

Այգու նման բուրող ծոցում.

Ջրի ճամփին աղջիկների քչփչոցը,

Մինուճարին հեռու ճամփող

Մոր խելագար պաչպչոցը,

Տաք հնձանի կպչուն դռան

Զիլ ճռինչը,

Անգղ տեսած թուխսի սարսափն ու կռինչը,

Նորածնի ազդարարիչ-հրամայող բարակ ճիչը,-

Ամե՛ն, ամե՛ն, ամե՜ն ինչը

Ալիք տալիս,

Գալիս-գալիս,

Ծովանում էր այդ ականջում,

Հազար ձևով այնտեղ հնչում,

Հետո տանջում ու պահանջում,

Ելնել-թափվել սրտերից-սի՜րտ,

Հոգուց-հոգի՜,

Հույզով ցողել

Ու ողողել

Ամեն ոքի…

Ա՛յն, որ այնպես ցիրուցան էր`

Կամենում էր լինել հավաք.

Ա՛յն, որ միայն աղմուկ էր դեռ^

Ցանկանում էր դառնալ նվագ.

Ա՛յն, որ հնչյուն, անկապ ձայն էր`

Եղանակ ու երգ էր ուզում,-

Վարարումի ու հորդումի

Ելք էր ուզում:

Իսկ թղթերին –

Հազար ու մի երգ-եղանակ`

Դարձած նոտա.

Իսկ թղթերին –

Հազար ու մի խաղիկ-տաղիկ`

Հայաշխարհիկ

Նաև օտար:

Իսկ թղթից դուրս –

Որքա՜ն երգեր,

Որ չեն տեսել ձայնագըրող`

Գոնե օտար ժանգը քերող

Հմուտ ձեռքեր:

Իսկ թղթից դուրս –

Որքա՜ն վերքեր,

Որ գեղջուկը ձայնով կերկեր

Երգ է դարձնում ամեն վայրկյան:

Իսկ թղթից դուրս –

Որքա՛ն, որքա՜ն

Շինականի ձեռքով ցանված,

Բայց չհնձված-անտուն բերքեր...

Ա՜խ, հավաքե՛ր այդ ամենը,

Կրկնապատկված ե՛տ տար կրկին,

Սիրով բաշխեր նրանց, ովքեր

Իրենց արյամբ ու քրտինքով

Խմորում են տվել երգին:

Իր հտ մեկտեղ այն ժամանակ

Գյուղացին էլ գուցե երգեր.

-Հով, հով, հովն ընկավ,

Դարդըս ծովն ընկավ...

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ԲՆԱՇԽԱՐՀԻԿ

Սակայն դարդը գյուղացու

Եթե անգամ

Ծովն ընկավ,

Ծովը դարդին գյուղացու

Կարծես դիտմամբ յուղ ածում,

Ոչ թե ծանըր աղաջուր –

Կարծես յուղով է օծոմ,

Որ այդ դարդը չընկղմի`

Որս չդառնա չար տղմի:

Ալիքների մոլի ծա՛փ,

Կոհակների խաղացո՜ւմ,

Եվ նույն դարդը ողջ-առողջ

Շպրտվում է նորից ափ

Ու… կպչում է գյուղացուն,

Ինչպես շապիկը` մեջքին,

Տաք քրտինքից թաց մեջքին –

Եվ ի՛նչ քրտինք... աղաջո՜ւր:

Զուր է գեղջուկն աղաչում

Եվ հույսի շողն իր աչքի

Նետում երկնի հրաշքին:

Վերում` աստված ծանրականջ,

Ցածում` աղոթք ու զուր կանչ,

Արտեր պատառ-պատառիկ`

Սարի լանջին կարկատան.

Ծխոտ-մրոտ պատ-առիք,

Բոբիկ ոտեր, հին քաթան,

Եվ հազար ու մի կարիք,

Հազար ու մի ծակ ու ծուկ,

Պիտի ուզեն հարսնացու,

Առնեն շոր ու մատանիք,

Պիտի փոխեն ծածկը տան,

Պարտքը մարեն, հարկը տան`

Ու կաշառեն ջրպետին,

Նաև պիտի… դեռ պիտի…

Պիտի վարեն ու հերկեն,

Վարեն-հերկեն

Ու երգեն.

Օրհնյա՜լ է Աստված

Հիշյա՜լ է Աստված…

Աքլորը կանչեց գոմի դռանը,

Դեռ նոր է բացվում աղոթարանը:

-Աստվա՛ծ, փառքդ շա՜տ...

Եզարած տղան թող անուշ քնի,

Գութանավորը վեր կենա բանի:

-Աստվա՛ծ, փառքդ շա՜տ...

Գութանն է գնում – գութանն է գալիս.

-Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ…

Ուրախությունից ակերն են լալիս.

-Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ…

Հո՜ արա, Շեկո՛,

Շո՛ արա, Լաչի՛ն.

-Մեջը կորդ մնաց:

Քշի՜ր հա, Նիկո՛,

Դաղիր սատկածին.

-Գնաց հա՜ գնաց:

Գնաց հա՜ գնաց.

-Ոտդ լեն արա,-

Էն էլ ո՜նց գնաց:

Գնաց հա՜ գնաց.

-Տղա՛ ձեն արա,-

Էլ բա՜ն չմնաց:

Չո՛ռ ուտես, Ծիրա՜ն,

Ի՜նչ ես կախ ընկել.

-Դե, քաշի՛, քաշի՛,

Հագնեմ քո կաշին:

Տո՛, տղա Տիրա՜ն,

Մաճկալի ընկեր.

-Աչքդ բաց արա,

Կքնես ճաշին:

Արտը լեռ քար է,

Առը երկար է.

-Բայց խոփն էլ սուր է:

Քաղցած ենք, ծարավ,

Ա՛յ հարս, ի՜նչ դառավ.

-Բա գալըդ ո՞ւր է:

Է-հե՜յ, հորիվար, ճիպոտի՛ն տուր,

Սևին հո՜ արա, Կապտի՛ն տուր.

-Կապույտ եզ, չսատկե՜ս հա:

Թե հո ես անում` լավ արա,

Բերան չես բանում, ավարա՛.

-Վարել ենք արտի վատ կեսը:

Թթվել ես ոնց հերվա մածուն,

Լծի տակ եզդ է արածում.

-Սատկածին տեսա՞ր:

Ես քեզ եմ ասում, էյ Վաչե՛,

Կլորիկ զոքանչիդ պաչեմ.

-Ա՜յ դու շան փեսա:

Ծիր տանք հա՜ ծրենք,

Մեր դարդը ցրենք.

-Ես քեզ եմ ասում,

Սրապ ջան,

Հողը սևանա:

Հացն եկավ: Բանանք,

Ուտենք կշտանանք,

Որ, քեզ եմ ասում,

Արաբ ջան,-

Ուսդ հովանա:

Քեզ` խոտի լավը,

Մեզ էլ` փլավը.

-Հորովե՜լ հո:

…Դե, ելեք լծենք,

Խոփը հող գցենք.

-Հո՜ հորովե՛լ:

Նո՛ր ակոս բացենք,

Խո՛ր ակոս բացենք

Է՜լ առավել:

Հաջող է տարին.

Նամուսով վարի`

-Մեկին տաս կտա:

Խոտի տեղ դու, տե՛ս,

Չոր ճիպոտ կուտես

-Ա՛յ եզ անպիտան:

Գիտե՛մ, ոտմաշ ես,

Ոտների՛դ մատաղ:

Բա ե՞ս, Ծիրան ջան,

Իմ սի՜րտն է մաշած:

Քրտընքախա ես,

Իմ համե՜ղ հոտաղ,

Բա ե՞ս, Տիրան ջան,

Իմ սի՜րտն է խաշած:

Ականջ մի՛ դրեք.

-Հո՜ արեք,

Դարդներդ ցրեք,

-Շո՜ արեք:

Դարդը քա՞ր կանի`

Աստված ճա՛ր կանի.

-Հորովե՜լ:

Աստված ինչ չանի`

Մարդը դի՜նջ կանի.

-Առավե՛լ:

Թող չկտրվի ակի ճռինչը,

Գութանի անուշ ճլվստիկ ճենը.

-Իր ձենի՛ն մատաղ:

Առանց գութանի աշխարքը ի՞նչ է,

Նրա վրա է աշխարքի շենը.

-Իր շենի՛ն մատաղ:

Հո՜ արա, եզո՛ ջան, հորովե՜լ,

Ծարավ ես` ես էլ եմ ծարավել,

Դադրած ես` ես քեզնից առավել,

Ինձ էլ է արևը խորովել.

-Հորովե՜լ:

Թե մեզնից Աստված է խռովել`

Աստըծուն ձեն կտանք առավել.

-Օրհնյա՜լ է Աստված,

Հորովե՜լ.

Հիշյա՜լ է Աստված,

Հորովեեեե՜լ...»

Link to post
Share on other sites

ՂՈՂԱՆՋ ԲՈՂՈՔԻ

Եթե հայ խաղի ու տաղի հանդեպ

Խլացե էին մեզնից շատերը,

Եթե մերային խեղճ ու վատերը

Մեր արդար հացն ու պանիրը թողած,

Աչք էին տնկում օտար փախլավին,

Ապա օտարը –

Ամենա՛յն սիրով,

Ապա օտարը –

խոսքերո՛վ,

գրո՛վ,

թաքո՛ւն, բացահա՛յտ

Մեզ էր բանտարկում`

Մի ամբողջ ազգի հեշտորեն զրկում

Ի անկապտելի երգից ու պարից,

Մի ողջ ժողովուրդ կապում օտարից,

Օտար դռանը տնփեսա սարքում

Մի տղամարդու, որ շեն տուն ուներ,

Տան մեջ սյուն ուներ,

Սյան վրա` տանիք

Ու տանիքի տակ` հսկա ընտանիք,

Որ, ճիշտ է, գիտեր հյուրեր ընդունել,

Բայց գիտեր նաև ճանապարհ դնել,

Ու թե կտուրը կաթեր անձրևից`

Գիտեր վերստին պատել սվաղով...

Մինչդեռ խուլ,

անլուր,

Եվ կամ չարալուր

Ականջներն օտար միշտ հակված էին

Հայոց երգի մեջ

Լսել սոսափը պարսկա-զենդական,

Հայոց տաղերում

Որսալ մեղեդին հույն-բյուզանդական,

Հայոց խաղերում`

Թուրք-թաթարական բայաթի-շարքին:

Հայերն աշխարհում բանսարկված էին.

Սրերի՛ց հետո,

Թրերի՛ց հետո`

Հիմա էլ լեզվի՛ թունավոր նետով –

Ա՜ռ –

զարկված էին…

Քեզ հարվածողին որպեսզի զարկես

Եվ ունեցվածքըդ ու կյանքըդ փրկես`

Պիտի զարկողին իր զարկից զրկես:

Թե ոստայնի պես ստեր ես հյուսում,

Եվ դու կեղծիքը ճեղքել ես ուզում`

Պիտի սովորես ստողի լեզուն:

Իսկ նա շատ հաճախ ինքն էլ էր զգում,

Ինքն էլ էր զգում,

Որ իր հաղթ բազկում

Տալիք հարվածի թափը պակաս է –

Դատապաշտպանի իր արդար լեզուն

Դժվար է պտտում, պտտում է հազիվ,

Պտտում է այնպես, կարծես կակազ է:

Մինչդեռ ուզում էր

Ու երազում էր

Պաշտոն ստանալ և դատախազի.

Աշխարհի առաջ բարձրանալ տեղից

Ու հատ-հատ ասել.

-Խոսելն իզուր է, ճառը` անտեղի:

Մի՛ստր, աղա՛, սե՛ր,

Տիկնա՛յք մեծարգո, պարոնա՛յք ազնիվ,

Քար ու կշեռքին ի՞նչը կհասնի:

Այս` կշռաքարը, այս էլ` կշեռքը.

Մեզանից ահա` մեր տաղն ու երգը,

Ձեզանից` կշեռքն ու կշռող ձեռքը:

Թող դժվարությամբ ու հսկա ջանքով

Բարձրանան-իջնեն կշռաթաթերը,

Անվստահությամբ ու կասկածանքով

Իրար հոտոտեն կշռաքթերը,

Եվ ճիշտը խոսի, լռեն ստերը:

Այս էր նա ուզում,

Ա՛յս օրը հուսում,

Բայց և զգում էր,

Որ հաղթ բազկում իր

Տալիք հարվածի թափը պակաս է –

Դատապաշտպանի ու դատախազի

Իր արդար լեզուն

Շարժվում է հազիվ`

Պտտում է այնպես, կարծես կակազ է:

Իսկ թե կեղծիքը հեքել ես ուզում,

Պիտի սովորես ստողի լեզուն`

Հրաժարվելով դատարկ զեղումից:

Պետք է սովորել,

Իսկ որտե՞ղ, ումի՞ց,

Իսկ ո՞ւմ մոտ, իսկ ո՞ւմ...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...