Jump to content

Դանիել Վարուժան


Recommended Posts

29. ԱՌԵՎԱՆԳԻՉԸ

Լերկակարկառ և ամայի լերան վրա

Ինչպես արծիվը` օձին,

Հանդիպեցա ես անոր

Եվ, ճապռորեն, ձեռքով ուսն իր պըրկեցի.

Գըլխուս վերև նախանձեն

Անգղը երեք հեղ թևերն իր բաբախեց:

Մինչդեռ պատվեն զորացած

Բազուկիս տակ լիրբ թըշնամիս դեռ հոխորտ

Կը գալարվեր` ես բարկասաստ մռընչեցի.

– «Գանկդ իբրև գուշ կը ջարդեմ.

Ե՛տ. ե՛տ դարձուր հափափած կույսըդ աչեղ»:

– «Այտերն առած` ծընոտը քեզ կը բերեմ»:

Ընդվըզեցավ: Ըզգացի

Որ ճակատես վեր խուժեցին բարկության

Վառ երակներս ինչպես հալած կայծակներ,

Եվ բարկասաստ մռընչեցի.

– «Ամեն մեկ ո՛սկրըդ զատ շան կը նետեմ.

Ե՛տ. ե՛տ դարձուր հափափած կույսըդ աչեղ

Զոր սիրտս արբշիռ կը ցանկա»:

– «Տո՛ւր, դաշույնս իմ սիրտըդ իրեն կը տանի»:

Ընդվըզեցավ: Մոլեցա:

Եվ հակընդդեմ իբրև երկու կայծակներ

Մեր դաշույններն ընդհարեցան բոցաթափ.

Մաքառեցանք. Սուրբ է սո՜ւրբ

Մաքառումն այն` ուրկե ժայթքած արյունն հիր

Արդարության ոտքերն զղվոր կը լըվա:

Մեր կըրունկներուն տակ թընդաց

Լեռն իր բոլոր ընդերքներուն խորերեն.

Մաքառեցանք. ձորե ժայռ,

Ժայռերե ձոր ելևէջներ գործեցինք:

Մեր սըրտերուն խորը ամպրոպն էր նըստած

Եվ բռունցքներուն վըրա` շանթ:

Դեմքն իր արյամբ ներկեցի`

Հեղելով դուրս կարմրությունն իր ցըռուկին`

Ուր, ո՛վ Սատան, գուցե հարվածս ըսպաննեց

Համբույր մ’երկա՜ր լըլկումներով ըստացված:

Զայն մըղեցի, մըղեցի,

Ըսպասելով կեր ընել

Տարտարոսի մ’ավելի խոր: Գըլխուս վրա,

Արեգակին շողերուն մեջ քողարկված

Հոգին կույսի մ’անծանոթ

Ուժերուս ուժ կը բարդեր,

Երակներուս մեջ կը ծորեր, շիթ առ շիթ,

Քըրտինքս արյան վերածած:

Զայն մըղեցի, մըղեցի զայն: Ձեռքերեն`

Բուռն հարվածի մը տակ, իբրև ընդոստ իժ,

Վիհ մը դաշույնն իր կըլլեց:

– «Ա՛յ, քեզ անե՜ծք…» – մըրմըռաց.

Եվ մեկ զարկիս տակ կարշնեղ

Սահմըռտկելով ինչպես կըրոնք մը խարդախ

Մութ արնունդի մ’արգանդին մեջ, ա՛լ անդարձ,

Թավալգլոր, արյունոտ, խոր, վիժեցա՜վ…

Հոն վարը. Ես լըսեցի.

Զիս օրհնեցին. Ես լըսեցի. վա՛րը հոն:

Հայուհիներ հափափված`

Որոնց համար գեղեցկությունը եղավ

Մագնիսը պիղծ ոճիրին,

Քըրքում կույսեր, վարդ կույսեր`

Որոնք բըռնի տըռփանքներու ենթարկված

Տեսան որ ծոցն իրենց փեթակը դարձավ

Պիծակներու թունալից,

Շուշանազգեստ նոր հարսեր`

Որոնց ճերմակ քողերն եղան պատանքներ

Կուսաժըպիտ երազներու. և կիներ,

Տժգույն աստղեր ճահճի մեջ ցոլացած,

Կիներ գերված, կիներ խեղճ,

Թագըստոցի, քարայներու ներքևեն,

Հավատարմության հավտարիմ,

Անձնասպանի երազներով` դալկահար,

Եվ, ո՛վ Սարսափ, պըղծըված`

Մեր պապերուն նըշխարքներուն վրա քինոտ,

Շըղթայված էգ առյուծներ,

Խոժոռ, ահեղ, մռընչելով զի՛ս օրհնեցին…

30. ՎԱՀԱԳՆ

Ո°վ Աստվածն իմ հայրերուս,

Կը մոտենամ ահա բագնիդ,և ինձ հետ

Իր պախուրցեն քաշելով

Կը բերեմ ցուլ մ'հովիտներեն Տարոնի:

Տե'ս պարարտ է զոհս իմին.

Երբուծին մեջ կաթնաթույր

Հողին ամբողջ կյանքը կա.

Պարանոցն իր մըսուրն ի'նչ է չի' գիտեր.

Ան սընած է արոտներուն մեջ ազատ,

Ու ակռաներն իր լըվացված են միայն

Հացյաց դրախտի աղբյուրին մեջ նվիրական:

Երբ կը հևա` իր հըզոր շունչն առջևեդ

Կը վանե հողն ու ավազները գետնեն,

Եվ կու գա սև ռունգերեն հոտը ամբողջ

Դաշտային թաց կանանչին:

Տե'ս, զոհս իմին գեղեցիկ է և վսեմ.

Գըլխուն վըրա կոր եղջյուրները խարտյաշ

Փառքի պսակն իր կ'ըլլան.

Կը բորբոքին աչքերուն մեջ ամեհի

Հըզորության սև խունկեր.

Եվ թավամազ իր ագին

Իբրև լորտու կողերուն շուրջը հարասող

Գոռեխներեն, բոռերեն.

Մարմինն անբի'ծ, մարմինը սո¯ւրբ կը պահե:

Ո'վ դու Վահագն, աստվածահա'յր զորության,

Ո'վ Տիգրանի սերմին մեջ

Դու մարդացած Արեգակ,

Լըվա հոգիս, ճառագայթով մը օծե

Շըրթունքներս այս, զի ավասիկ կ'համբուրեմ

Բագինդ սուրբ և առած մուրճը ահեղ`

Ըսպասարկու հաղթ բազուկով կը ջարդեմ

Ցուլիս ճակատն և իր արյունն հորդավեժ

Կը նըվիրեմ ծունկներուդ:

… Արդեն ահա կը մըխա

Նըվիրական խարույկն առջևդ ճարճատուն.

Կը շըրջի բոցն ոստերուն մեջ ձիթենվո,

Եվ գինուն հալած խեժեն արբեցած

Կ'ոստնու ուղիղ, և կ'երգե

Վերափոխումն իրերուն ջինջ հոգիին:

Ա'ռ. Արյունոտ ասոնք կողերն են զոհիս.

Ցըռուկն է այս, ասոնք ճարպոտ զիստերն են,

Ահա ըղեղն` որ ուղղեց բնա'զդն ու շընչեց

Եղջյուրներուն խեռություն:

Ահա ջերմ սիրտն` որ տակավին կը սըրսփա,

Եվ իր լեղին` զոր ազդրին վրա կը դընեմ

Հույսով մ'որ ան պիտ' տոչորի ամբողջ. ա'ռ:

Եվ բոցն ար արդ նետած պսակն իր ծուխի

Վըճիտորեն կը բարձրանա. Կը տանի

Ցուլը ճենճեր առ ճենճեր

Վերն, ապարանքըդ երկնային խընկելու.

Ո°վ դու Հըզոր, ընդունե

Նըվերներս իմ` զոր մաքրափայլ սափորով

Կըրակին վրա կը հեղում:

Ահա գինին. Պինչերըդ բա'ց ու շընչե

Քաղցրաբույր հոտն, և հաշտվե`

Աստվածային գինովությամբ մը զըվարթ`

Այսօրվան քու ժող'վուրդին հետ կրոնափոխ:

Ահա հոման.– առջևդ զայն կը թափեմ

Մաքո¯ւր, անո¯ւշ և առա¯տ,

Ինչպես թափեց ծառն իր կուրծքեն վիրավոր

Իմ յոթ անգամ լըվացված

Թակույկներուս մեջ շըքեղ,

Զայն ընդունե, համարե

Ինչպես արյունն երեխայի մը` անմեղ,

Ինչպես քըրտինքն հըղիներու` թանկագին:

Ո՛վ վեհ, գո՞հ ես, տըվի քեզի ի՛նչ որ կար

Խըրճիթիս մեջ և հոգիիս, քեզ տըվի

Թըշնամին ի՛նչ որ մոռցած էր այսօրվան

Այրիացած Հաշտիշատիդ մեջ ամա:

Արդ մեր տոհմին իբրև վերջին Վահունի

Բագնիդ առջև ծունկի կու գամ երկյուղած

Կը համբուրեմ հողն ուր քու

Հոգիեդ մաս մ’արմատ կու տա շոճերուն,

Եվ վերցուցած քեզի՜, քեզի՜ կարկառուն

Սա սոթտըված թևերս` որոնց արմուկեն

Ցուլին արյունը տակավին կը կաթի,

Ո՛վ դու Վահագն, ո՛վ աստվածն իմ հայրերուս

Կ’աղոթե՜մ ես… կ’աղոթե՜մ…

Ուժի՜ն համար, կրոնքի՜ն համար բազուկիդ,

Որով դու օր մը պատռեցիր բերաններ

Վիշապներու, երկընքին մեջ սըփռեցիր

Զերդ արևու հունտեր, աստղերն Հարդգողին.

Ո՜ւժին համար` որ թըռիչն է և հոգին

Արարչության անվախճան,

Որուն անհուն համբույրին տակ կը ծընի

Աշխարհներեն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,

Կ’ապրի սկըզբունքն Անմահության հուլին մեջ

Եվ ըղեղին և կամքին,

Որուն հըզոր մատին տակ

Կը ճեղքըվին սերմերն, ավիշն երգելով

Կաղնիներուն մինչև գագաթը կ’ելլե.

Ուժի՜ն համար` որ կը լեցնե ստինքներ,

Կ’օրորե մեր օրրանն, ու մեզ, մահեն վերջ,

Մինչև աստղերը կը տանի, ու մինչև

Երկրորդ կյանքի մ’արարչագործ պատճառին,

Որ կը կանգնե Ազգ մ’ինչպես խումբ մ’առյուծի,

Բազուկդ անոր բազուկին մեջ կը հեղու,

Եվ զերդ հրեղեն վարազահավ` իր լուսեղ

Թըռիչներուն ամփոփման տակ կը թըխսե

Մեր մայրերուն ծոցին մեջ

Դյուցազուննե՜ր, հանճարնե՜ր,

Այդ սուրբ Ուժին համար կ’ըսեմ` որուն դու

Իմացական աղբերակն ես հորդահոս,

Ո՜վ դու Վահագն, ահա քեզի կարկառած

Բազուկներս իմ արյունոտ

Կ’աղոթե՜մ ես… կ’աղոթե՜մ…

Link to post
Share on other sites
  • Replies 79
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

§Հեթանոս երգերը¦ ոչ այլ ինչ են, քան հայ ժողովրդի ճակատագրի և ցանկալի ապագայի դիտումը հեռավոր անցյալից: Վատթարագույն ներկայից դեպի հեթանոսական դարերը ցատկելու համար Վարուժանին տրամպլին է ծառայել ոչ այլ ինչ, քան նրա հայրենասիրությունը, քան հայ ժողովրդի ճակատագրի հարցը. միայն թե, կրկին անգամ, չմոռանանք, որ հայրենասիրությունը հայ գրողի մոտ հանդես է գալիս ոչ որպես սոսկական մի զգացում, այլ որպես աշխարհայացք, որպես գաղափարախոսություն: Եվ հիրավի, պատմական անցյալին, կոնկրետ դեպքում հեթանոսական դարերին անցնելու փաստը Վարուժանի մոտ հանդես է գալիս իբրև ամբողջական աշխարհայացք:

Իրականության վատթարագույն վիճակը, հայ ժողովրդի օրհասական ապրումները` ազգային անկախության բացակայության և սուլթաններու ու ցարերի բռնակալության պայմաններում, երբ մեղքերն ու ոճիրները գործում են միայն այն ժամանակ, երբ արևը ննջում է և ոչ թե բացահայտ, ոչ թե արևի լույսի տակ, որպես հետևանք առաքինի քաջության, երբ ճիշտ նույն անալոգիայով սրերը պատյանի մեջ են թաքնվում` փոխանակ հեթանոսական դարերի օրինակով մերկ մնալու, ինչպես այդ դարի նիզակներն ու հոլանի տեգերը, երբ տիրողները §ոսկի են ցանում, որ բոզությունը հնձեն¦` փոխանակ հեթանոսական դարերի, ուր §գեղեցկությունը ծնունդ էր զորության հորձանքին, ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներում մոլեգին¦, §ուր պաշտվում էր Գեղեցկությունն ու Զորությունը¦ միայն, ուր սերը ոչ թե վաճառվում էր Մյունխենի մի բաժակ գարեջրով, այլ §նվիրվում իբրև պսակ սարդենի¦:

Այդ տեսակետից հեթանոսական դարերի մարդը իր պարզ և բնական վարք ու բարքով, իր զորության և գեղեցկության պաշտամունքով Վարուժանի իդեալն է` համեմատած այն իրականության հետ, որի մեջ ապրում էր ինքը. բայց ոչ միայն այդ: §Հեթանոսությունը¦, ինչպես մի անգամ ասել ենք, նրա համար դառնում է ամբողջական աշխարհայացք, գաղափարախոսություն, և ոչ սակայն նախասիրություն վաղնջական դարերի նկատմամբ: Ամբողջական աշխարհայացք, գաղափարախոսություն նախ ր առաջ այն պատճառով, որ §հեթանոսություն¦ բառի տակ բանաստեղծը խտացնում է այն ամենը, ինչ վեհ է, գեղեցցիկ, ինչ լավ է և երազելի, այն ամենը, ինչին բանաստեղծը §հաճույք¦ է անվանում` հակադրելով §ցավին¦ և ընդհակառակը` իր ժամանակակից իրականության տակ դնելով այն ամենը, ինչ ստոր է, վատ, դաժան, անբնական և անբանական` լինեն դրանք սուլթան-համիդյան խարդավանքներ, եվրոպական դիպլոմատիայի խաղեր, թե բանվոր դասակարգի նորորակ թշվառություններ ու հարստահարում, այն ամենը, ինչ բանաստեղծի համար §ցավ¦ է: Պատմականի և ժամանակակցի իրար հակադիր այս երկու բևեռները բանաստեղծը ներկայացնում է երկու սիմվոլով` ի դեմս հեթանոսության և քրիստոնեության:

Վարուժանի այն գիրքը, որ հայտնի է §Հեթանոս երգեր¦ խորագրով, իսկապես երկու` իրար ծայրահեղորեն հակառակ, բայց միաժամանակ իրար սերտորեն պայմանավորող գրքեր են` §Հեթանոս երգերը¦ առանձին և §Գողգոթայի ծաղիկները¦ առանձին:

Դա պատահական երևույթ չէ:

Այստեղ առավելագույն խորությամբ հանդես են գալիս բանաստեղծի հոգեկան ներհակությունները §ինքն իր մեջ¦, որոնց պայմանավորվածությունը §իրենից դուրս¦ եղած ներհակությունների հետ այստեղ արդեն միանգամայն պարզորոշ է: Ինշպես նույնը տեսանք §Ցեղին սրտին¦ մեջ` ի դեմս §Բագինին վրա¦ և §Կրկեսին մեջ¦ բաժինների, այստեղ առավել ցցունությամբ հոգեկան երկփեղկվածության արգասիքը դրսևորվում է առավել ծայրահեղ բևեռներով, արդեն միանգամայն առանձնահատուկ և նորորակ արտահայտությամբ: Բավական է միայն թվել այդ բաժինների պարունակությունը, որպեսզի պարզ դառնա այն ամբողջ հակադրությունը, որ բանաստեղծը տեսնում է §հեթանոսություն¦ հասկացության և §քրիստոնեություն¦ հասկացության միջև` անդադրում հյուսելով այն շղթան, որ գոյանում է §ցավն հաճույքին և հաճույքները ցավին¦ պատմելուց: Փորձենք ավելի մոտիկից ծանոթանալ այդ բաժիններին:

Քրիստոնեության հակառակ` հակումը դեպի հեթանոսություն, Քրիստոսի փոխարեն` հեթանոս աստվածների սիմվոլիկ կուլտը սկսվում է դեռ <<Ցեղին սրտից¦: Հարստահարված, բայց և ըմբոստացած ամբոխը դիմում է <<հեթանոս¦ Նեմեսիսին հետևյալ խոսքերով.

Դո՛ւ մեզ Աստված, դո՛ւ Տիրամայր, դե՛հ իջիր

Պատվանդանեդ և ձուլե մեզ կամքիդ մեջ,

Եվ օրենքներըդ գըրե

Մեր ճակատին վըրա արյան գըրերով:

Քու ժողովուրդըդ մե՜նք ենք.

Պիտ’ ըսպաննենք մեր աստվածներն հին և նոր

Եվ աճյունին վրա անոնց`

Ատտիկեի և մեհյանեդ ալ հոյակապ

Պիտ’ քու մեհյանըդ կանգնենք:

Link to post
Share on other sites
  • 2 months later...

31. ՊԱՊՍ

Ձըմերային հրապույրով ծեր մ’է շըքեղ,

Մերկացուցած են տարիները մեջտեղ

Իր գանկին

Իր լուսափայլ մազերը շուրջ կը պատեն

Անոր պըսակ մ'որ կը հասնի ճակատեն

Ծոծրակին:

Ջինջ պըսակն այդ կարծես դափնի մ'է տըժգույն

Սնած ամենե՛ն ճերմակ շողովն արևուն.

Ան չունի

Բիծերն արյան կայսերական թագի վես.

Մաքուր կյանքի մ'արտաբըխումն է, ինչպես

Ձյունն երկնի:

Ճակտին վըրա խորշոմներ ծալ ծալ կ'իջնեն.

Մինչև անոր թավ թավ հոնքերը գըլխեն

Կը շարվին

Շատ մ'աշխարհներ, շատ մ'աշխարհներ զանազան

Երկար կյանքի մը սյուքերուն, և որոտման,

Աշունին:

Կորաքամակ և հևքոտ ան կը քալե.

Ա՛լ չի տեսներ երկինքն. երկինքը մեջն է

Հոգվույն տաք

Ու երկիրս ալ աչքին ներքև ըղձական.

Նըպատակն է գըլխուն վըրա, իսկ ճամբան

Ոտքին տակ:

Երբեմն իր հետ կը պըտըտինք սիրասույզ,

Եղած ես իր խոնջած մարմնույն, ինքն` հոգվույս

Հենացուպ.

Ու ան վըրաս ձըմեռ, գարուն ես իր տակ,

Կը հառաջենք միշտ իրարու հակառակ,

Միշտ ալ հուպ:

Երբոր իրեն այսպես կու տամ թիկունքն իմ,

Կը զգամ թե վրաս արմատն ամբողջ կը տանիմ

Մեր ցեղին:

Կը զգամ եղած փըթթուն խեչակ մ'ուռենի`

Որ հազիվ հազ ա՛լ կը վերցնե հայրենի

Դրան կաղնին:

Ո՛հ, ո՜րքան ինձ քաղցր է ըլլալ միշտ իր քով,

Զինքը դիտել` երբ Խորհուրդին մեջ հոգվով

Կը սուզի,

Լըսել` երբ ուշ ատեն նըստած մեր բակին

Ջըրհորին քով` Աստուծո հետ առանձին

Կը խոսի:

Մըտածումներըս շատ անգամ կը մագլեն

Դեպի վե՜ր իր տարիներուն աստղերեն,

Բայց չընչին

Թիթեռնիկս իմ չըհասած իր արևուն`

Կ'ուժասպառի. թերթելեն գիրքն իր անհուն`

Կը խոնջիմ:

Մերթ կը պատմեմ թե մըղած է ի՛նչ պայքար

Մարդուն դեմ նենգ, և այս հողին դեմ համառ,

Եվ զերդ հին

Զինվոր մ'որ պարծ` կը թըվե իր ըսպիներ`

Ան ցույց կու տա իր կընճիռներն ու մազեր

Ձյունային:

Ես երկյուղած կը համբուրեմ մազերն այդ`

Որոնք այսօր իրենց ներքև անարատ

Կը սքողեն

Այլևս առանց մըրրկի օվկիան մ'ամփոփված,

Եվ շուշաններն են բարության` մընացած

Անցյալեն:

Եվ կը դըպչի ճակատս իմ իր ճակատին

Եվ անդամներս անգիտակից կը սարսռին,

Զի ընդդեմ

Հանդըգնորեն կ'հանեմ Խորշս իր անհունին,մ

Եվ տասնևինս ութսունին հետ միասին

Կը չափե՜մ...

Link to post
Share on other sites
  • 1 year later...

Երազստանի նորագույն պատմության մեջ առաջին ահազանգը հնչեցրեց Դանիել Վարուժանը.

Մարդն է ինկած գարշապարին տակ հսկա

Խուլ Աստծո մը հրեա:

Վարուժանի այս տողերին չենք հանդիպում աշխարհով մեկ ցունդ ստրուկ երազողների ոչ մի դասագրքում:

Վարուժանի գլուխը ջախջախեցին ցեղասպանության կազմակերպիչները երեսունմեկ տարեկան հասակում:

հայի որդիներն ամենուր են, բոլոր ազգերի մեջ: Հոգևոր սերունդներն են Նոյի:

Այն հայերը, սկսելով Աստծուց և հրեշտակապետերից, որոնք ստի, պատիրքի, շողոքորթության, ընչաքաղցության և անարդարության որդիներ են, դուրս են շպրտվելու հայի երկրավոր անդաստանից:

հայը հավատ է: Եվ դա`առաջին հերթին: Նա մարդու ճանապարհն է:

ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ

Edited by shun
Link to post
Share on other sites
  • 2 years later...
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.

— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —

Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,

— Քեզի ընծա՜, հին հայրենիք —

Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,

Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.

— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —

Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ...

— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —

Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.

Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,

— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —

Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...

— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —

Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.

Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.

— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —

Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի...

— Քեզի ընծա՜, մայր կարևեր —

Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...

— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —

Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...