Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

Մեղադրում եմ

- Ո՞վ ես դու Վահե, որ մեղադրես։ Չէ՞ որ տերն ասել է մի մեղադրիր։

Սա եղել է միշտ վերջին փաստարկը բոլոր նրանց, ովքեր բանավեճերում պարտվել են, բերածս փաստարկներից ոչ մեկը չեն կարողացել հերքել, եթե նյարդերը թույլ են տվել իհարկե, կամ իմ, կամ իրենց, մինչև վերջ հասցնել զրույցն ու չանցնել լուտանքի ու տուրոդմփոցի։

Խոստովանում եմ, որ ինքս բազմիցս մեղադրել եմ ինձ ու սաստել նույն արտահայտությամբ.

- Ո՞վ ես դու Վահե, որ մեղադրես։ Չէ՞ որ տերն ասել է մի մեղադրիր։

Մեղադրում եմ։

Թող ների ինձ տերը և միայն տերը, որովհետև նույն տերն ասել է նաև, որ տեր կանգնենք մեր տնտեսություններին ու ջրենք մեր ծառերը, իսկ Հայաստանն իմ տնտեսությունն է, այնտեղ աճող ամեն ինչ, այդ թվում մարդիկ՝ իմ ծառերը, ինչպես նաև ինքս՝ և տնտեսություն եմ, և ծառ և հիմա ծարավ եմ կենարար ջրի ու չորանալու եմ անկասկած շուտով, եթե չջրվեմ շտապ։ Նրանք ովքեր ծարավ չեն, կարող են դադարեցնել կարդալը հենց այս պահին, երախտապարտ եմ, որ մինչ այս տողը հետևեցին։ Ցտեսություն։

Գրածս նրանց համար չէ, այլ նրանց, ովքեր ծարավ են ինձ պես։

Մեղադրում եմ:

- Ո՞վ ես դու Վահե, որ մեղադրես։ Չէ՞ որ տերն ասել է մի մեղադրիր։

Այս տողերն արտասանում են սովորաբար նրանք, ոքվեր բոլորովին չեն հագել ճգնավորի զգեստն ու հեռացել մենաստան։ Նրանք՝ ովքեր ոչ միայն աղոթք չեն անում, այլ անգամ այբբենարանը չեն կարդացել միչև վերջ, վարում են ոչ միայն աշխարհիկ կյանք, այլ նաև աշխարհի տեր են իրենց կարգել, բայց սերտել են մի հատված աստվածաշնչային ոգով ու փորձում են մենաստանի ճանապարհը ցույց տալ բոլոր նրանց, ովքեր ինքնուրույն մտածելու հայտն են ներկայացնում աշխարհիկի մասին։

Ասենք միանգամից, որ բոլորովին վեճ չունենք հավատացյալ ժողովրդի հետ, որոնք հեռացած են աշխարհից, չեն ընդունում պետություն ու կառավարություն, հավատում են միայն աստծուն ու նրան աղոթում։ Կասկած չունեմ, որ եթե նման մեկն անգամ մեջներս լինի՝ կապրի երկիրը և հավանաբար այդպես էլ բացատրվում է տրամաբանությանը հակառակ մեր գոյատևումը:

Խոսում եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ պետություն, ազգ պետք է կերտենք, որ օրինական խորհրդարան ու կառավարություն պետք է ընտրենք մի օր, ապրենք անվտանգություն ազգովի, որը մեզանում շփոթում ենք օտարներին հլու հնազանդ, նախկին չեկիստներից կազմված մի կառույցի հետ, որի միակ նպատակը մեզ ստրկության մեջ պահելն է ու օտարներին ծառայեցնելը։

Սրանց մասին խոսելիս է, որ լսում եմ միշտ.

- Ո՞վ ես դու Վահե, որ մեղադրես։ Չէ՞ որ տերն ասել է մի մեղադրիր։

Մեղադրում եմ:

Ես մենաստան չեմ հեռացել ու չեմ պատրաստվում։ Ես այն տեսակից եմ մարդու, որը տնտեսությանը տեր կանգնելու կողմնակից է ու ծառ ջրելու և եթե սխալվում եմ տիրոջ խոսքը մեկնաբանելիս, նա անպայման ինձ կդատի՝ ոչ մարդուկները, որոնք գռփում են աշխարհիկում, բայց սաստում աստվածաշնչով և այնտեղից բխող ահեղ դատաստան Արմագեդոնով։

Եթե հետևենք չդատելու ու չմեղադրելու վերոհիշյալ մեկնաբանությանը, պետք է դադարենք ազգային ու պետական շինարարությունը, գոհ լինենք միայն հանապազօրյայով, աղոթենք, չաշխատենք բոլորովին, հրաժարվենք անձնագրից, քաղաքացիությունից, ընտանիքից ու թողնենք մեռելներին, որ թաղեն իրենց դիակները։

Եթե կարծում ենք այնուամենայնիվ, որ պետություն պետք է ստեղծենք, պետք է ունենանք օրենք, ենթարկվենք ու պարտադրենք շուրջներս, դատենք, աշխատենք, հարկ տանք, մեռելներին հանձնենք հողին, կամ այրենք, կամ վարվենք որևէ այլ կերպ, համապատասխան օրենքին ու սանիտարահիգենիկ պայմաններին, պետք է նաև մեղադրենք, կատարենք օրենքով նախատեսված մեր սրբազան իրավունքն ու ոչ պակաս պարտականությունը, որովհետև պետության հիմքը, տերը, ղեկավարն ու կառավարությունը, միակ պատասխանատուն ու հաշվետուն՝ ՔԱՂԱՔԱՑԻՆ է, որը չի նշանակում հարևանը, ինչ որ մեկն ինձանից բացի, անդեմ անորոշ ինչ որ մեկը կողքի գյուցից, կամ քաղաքից, այլ ԵՍ՝ ԱՆՁԱՄԲ և սրա խորը գիտակցումն է պարտադրում ինձ խոսել ու հայտնել բոլոր համաքաղաքացիներիս, որոնք նույնպես կարծում են, որ պետություն պետք է կերտել:

Մեղադրում եմ:

Ես չեմ կարող մեծամտանալ ու պնդել, որ տիրոջ խոսքն ինձ հասկանալի է ամբողջովին ու իմ մեկնաբանությունները միակ ճշմարիտն են, ինչպես դա անում են հաստափոր ենիչերիները, իրենք իրենց ավագանի ու հոգևոր հովվություն ինձ կարգած։ Աղոթեք ու վարվեք ձեր սրտի թելադրանքով սիրելի հավատացյալ եղբայրներ. մի մեղադրեք, մի դատեք ու մի խառնվեք քաղաքականությանը, բայց չհամարձակվեք մտնել այդ դեպքում դատարկ վեճի մեջ իմ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ հետ, որը մտածելը համարում է բաց գործընթաց, որը չունի սկիզբ ու ավարտ և որոշել է տեր կանգնել իր տնտեսությանը, որը նույն ինքը պետականակերտումն է։ Ես՝ քաղաքացիս,

Մեղադրում եմ,

և ձեզ՝ մոլեռանդ հավատացյալ ձևացող անբարիշտներ, որոնք աշխարհիկ վեճեր են վարում, և ձեզ՝ աշխարհի տեր կարգված ինքնանշանակ կառավարություն, ձեր հետույքների անվտանգությունն ապահովող բոլոր մետաստազ մարմիններով հանդերձ, որոնքդ քաղաքացուն՝ ինձ սաստել եք փորձում հոգևոր փաստարկներով:

Մի խառնեք իրար երկինքն ու երկիրը, հոգևորն ու աշխարհիկը։

Այլևս չի ստացվելու, որովհետև ես՝ ՔԱՂԱՔԱՑԻՍ.

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՄ

2005.12.25, Վաշինգթոն Դ.Ս.

Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա…

- Հայրենիքն ինչպե՞ս տեսար եղբայր։

- Կառավարությունը ձևանում է ազգային, հայերը ձևանում են ազգ։

2006-12-27, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Ես մուրացկան եմ

Ես մուրացկան եմ, որովհետև հայ գրող եմ, որին ով ասես կարող է ասել, որ չի աշխատում, որովհետև դրամ չի վաստակում, որովհետև գրելը հայերիս մեջ աշխատանք չէ, այլ անբան, պորտաբույծ մի զբաղմունք, հայերի աշխատանքը օտարին սպասարկելու ոլորտն է միայն, ու պատմական փաստ է նաև, որ հայերի համար գրելով չի վաստակել ոչ ոք, եթե իհարկե պատվերն իջեցված չի եղել որևէ օտարի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի կրտսեր տեսուչից։

Ես մուրացկան եմ, որովհետև գրելուս տարիներին ապրել եմ տիրոջ ողորմածությամբ միայն։

ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ,

որ պահեցիր, պահպանեցիր ինձ, ոգիս, ու ես երբևէ չ մեկնեցի ձեռքս որևէ մեկին տկարություններիս ու սրտնեղություններիս պահերին:

Ես մուրացկան եմ, որովհետև չեմ զբաղվել երբեք գործերով, որոնցով զբաղվում են ցեղակիցներիս բացարձակ մեծամասնությունը, կոչում ԲԱՐՈՆ տիտղոսով մեկ-մեկու, ու հանապազորյան վաստակում են քրտնաջան քոծությամբ, որն անվանում են ԱՇԽԱՏԱՆՔ։

Ինքնագիտակցմամբ իմ ցեղախմբից բարձր են միայն գնչուները, որոնք իրար անվանում են ԹԱԳԱՎՈՐ, բայց շատ շուտով մենք նրանց կհավասարվենք, այս գարնանը, երբ առաջին թագավորը կթագադրվի մեր բարգավաճ հայրենիքում։

Այդ մասին հաչում են բոլոր շներն այսօր, որոնք հավատարմորեն հայտարարում են, որ իրենց տերը առատաձեռն է, իրենցից թալանածով իրենց պահում է, շան բաժին հանում։

- Նա ավելի լավն է քան մյուսներն.

ասում են,

- որովհետև այդ վատերն անգամ շան լափ մեզ բաժին չեն հանում…

Ես մուրացկան եմ և հայտնում եմ դա ձեզ, ներկա ու գալիք հայոց սերունդներ, երջանիկ հպարտությամբ և մուրում եմ ոչ դրամ, ոչ հաց. այդ ամենն ինձ առատ շնորհել է ՏԵՐԸ կյանքիս բոլոր օրերում, և ես ԱՇԽԱՐՀՈՒՄՍ ԱԽ ՉԻՄ ՔԱՇԻԼ:

Ես մուրում եմ ուշադրություն, ոչ ինձ այլ նախկին ու ներկա մեր մուրացկաններին.

ՄԱՇՏՈՑ,

ԿՈՐՅՈՒՆ,

ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ,

ՆԱՐԵԿԱՑԻ,

ԽՈՐԵՆԱՑԻ,

ԼԱՍՏԻՎԵՐՑԻ,

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ,

ԿՈՂԲԱՑԻ,

ԵՂԻՇԵ,

ՇՆՈՐՀԱԼԻ,

ՖՐԻԿ,

ՔՈՒՉԱԿ,

ԲՅՈՒԶԱՆԴ,

ՓԱՐՊԵՑԻ,

ՐԱՖՖԻ,

ԱԲՈՎՅԱՆ,

ԶՈՀՐԱՊ,

ՊԱՐՈՆՅԱՆ,

ՉԱՐԵՆՑ

և բազում ուրիշ նախկին մուրացկան, որոնց անունքով միայն, հատոր կլցվի։

Ես մուրացկան եմ.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՂՈՐՄԱՑԵ՜Ք

Ինձ չէ, այլ ձեր մեծերին, մուրացկաններին, որնցից ոչ ոք երբեք ոչինչ չի վաստակել, որովհետև հայերի համար գրելն աշխատանք չէ, այլ անբան, պորտաբույծ մի զբաղմունք, իսկ աշխատողները միայն ԲԱՐՈՆՆԵՐՆ են, այն՝ ինչ ես ոչ մի դեպքում չեմ ու չեմ լինելու։

ԵՍ ՄՈՒՐԱՑԿԱՆ ԵՄ

28.12.2006, Վաշինգթոն ԴՍ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք

Վաղ 1988-ի փետրվարին մենք պայծառ մի ցեղ էինք, հավաքված ազատության հրապարակում մեկ միլյոն հոգով, բոլորս խելացի, բանիմաց, ուժեղն ամենա, ոսոխից չվախեցող, վստահ, անսասան հավատով, մեր փայլուն գալիքի, ծիրանով ու ջերմուկով միայն ապրելու մեր հայրենիքի ունակության նկատմամբ լեցուն:

Մեր մեջ միայն երեք հոգի հայտնվեց այն օրերին, որ տկար էին ու անխելք, փոքրոգի ու դավաճան։

Մեկը Գոռն էր ռեժիսոր, որն հետագայում կդառնա արժանապատիվ քահանա տեր Մարտիրոս։ Նա ասաց, որ եթե բոլորով միասին ծնկի գանք, ապաշխարհենք և աղոթք հղենք առ աստված, կկատարվեն բոլոր երազները մեր ու կհաղթանակի արդարությունը։

Մենք հորանջեցինք ձանձրացած ու կոլեկտիվ մտածեցինք, որ եթե աստված մեզ մոռացած չլիներ, չեր լինի Սումգաիթը, 37-ը, 48-ը, ցեղասպանությունն ու մնացյալ աղետն, որ եկան մեր գլխին, իսկ մեր մեղքով մեզ ոչինչ չի պատահել երբևէ, որովհետև մենք մեզ մոռացած այդ նույն աստծո ընտրյալ ցեղն ենք։

Մյուսն ինչ որ պապի էր, որին ես չէի ճանաչում, որն ասաց, որ գանդիզմ է պետք որդեգրել, ոչ վայրագություն:

Մենք ճչացինք միաձայն նախրի պես, որ Ինդիրա Գանդիին սպանեցին դավադիրները, ինչպես նաև Ռաջիֆին, իսկ սիոնիստներն ու դավադիր մյուս մութ ուժերը Սոնյային դարձնում են այդ երկրի տեր ու տիրական, իսկ ավելի համոզվածները պապիկին գցեցին քացու տակ ու վռնդեցին հարթակից, որտեղ կանգնած վսեմափայլ պարոններից ոչ ոք մեզ չասաց, որ խոսքը գնում է Մահաթմայի մասին, ոչ վերոհիշյալների, որ նրանք անգամ ազգակիցներ չեն, և իմաստ էլ չուներ. մենք ամեն ինչ գիտեինք ի սկզբանե։ Մենք խելոք էինք։

Երրորդ տկարը Պարույրն էր, որն ասաց, որ նա ով Ղարաբաղ է գոռում այսօր, չի հասկանում, որ հայրենիքի մի կտորն ընդամենը ուզում է բռնապետության մի բակից տեղափոխել մի ուրիշ բակ, ոչինչ չանելով բուն բռնապետության դեմ, որն իրականում պատասխանատուն է և ցեղասպանության, և 37-ի, և 48-ի, և Սումգաիթի ու բազում ուրիշ աղետի, որ եկել ու գալու են մեր գլխին։

Մենք ի պատասխան բոռացինք.

- Գործադու՜լ, պարտիա, գլասնոստ, Գորբաչո՜վ,

ու գոհունակությամբ դիտեցինք թե ինչպես խրոխտ տղերքն իջեցրին մոլորվածին ամբիոնից, որ հետո հանձնեն ՉԿ-ին, որ սրանք էլ իրենց հերթին արտաքսեն մեր եղբորը իր հայրենիքից։

Այդպես են վարվում միշտ ջհուդները, պատժելով ինքնուրույն մտածող սեփական եղբորը ուրիշի ձեռքով։ Մեր ինքնավստահ ու խելացի ցեղում ինքնուրույն մտածել չի կարելի։ Մենք խելացի ենք, ճիշտ, անսխալական միշտ, իսկ մտածելն անում ենք կոլեկտիվ, երբ հարթակին կանգնած հերթական լուսապսակն ասում է թե ինչ հատկապես մտածենք։

Այսօր, 2007 գալիք նոր տարվա շեմին, մենք հաղթանակած ենք, ավելի պայծառ ու գիտակ, քան 88-ին, բոլորս խելացի, բանիմաց, ուժեղն ամենա, ոսոխից չվախեցող, վստահ, անսասան հավատով, մեր փայլուն գալիքի, ծիրանով ու ջերմուկով միայն ապրելու մեր հայրենիքի ունակության նկատմամբ լեցուն. և մեր մեջ երեք տկար անգամ այլևս չկա։

Մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք

30.12.2006, Վաշինգտոն ԴՍ

Link to post
Share on other sites

Դադարեցինք մարդ լինելը

Մեր պատմության վերջին հազարամյակը այնքան անողոք գտնվեց մեր էթնոտիպի նկատմամբ, կամ մեր էթնոտիպն այնքան անզոր և անմրցունակ գտնվեց հազարամյակի մարտահրավերները դիմակայելում, որ ստիպված եղանք սերնդե սերունդ վերականգնվել, վերածնվել, վերաճշգրտել այդ էթնոսն ու հասանք ներկայիս օրերին, երբ հայանալը դարձել է շիզոիդ մարմաջ, ինքնամաքրման ու ինքնակերտման հիվանդոտ մի մոլուցք:

- Ով դաշնակ չէ, հայ չէ, հայն արիացի է, մեր մեջ կա հազարավոր ծպտված մոնղոլոիդ ու հրեա…

Ինքնամաքրումն ու ինքնկերտումն այնքան զարգացրինք, որ դադարեցինք պարզապես մարդ լինելը։

2006

Link to post
Share on other sites

Հեղափոխական արարք է ճշմարտություն ասելը համընդհանուր կեղծիքի ժամանկներում։

Ջորջ Օրուել

Շնորհակալ եմ ճակատագրին, այստեղ հրապարակվելու կրկին հնարավորության համար։ Սիրելի ընթերցող՝ նայեք նոր գործերս 18-րդ էջից սկսած։

Շնորհակալություն՝ Վահե

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Բոլոր Հրեշտակների քաղաքը

Կմանրամասնե՞ս, թե ինչպես կարելի է աջակցել քեզ...

Ինչ իմանամ:

Էս Գլենդելը ոնց որ 70-80 թվականների Մարտունու շրջանի Վարթենիկ գյուղը լինի, որից տրաքում էր իրեն հարգող յուրաքանչյուր մարտունեցի, ըստ արիական-տարոնական ավանդույթի հարկավ։

Այս քաղաքը, որը "Բոլոր Հրեշտակների" է կոչվում, բնակեցված է բազում մարդ արարածով, որոնք առավոտից մինչև հաջորդ առավոտ ու բոլոր կրպակներում, փողոցների երկայնքով մինչ բազում հորիզոն ու անգամ անդին...

ԱՏՈՒՄ ԵՆ

***

Չգիտեմ սիրելիս, լուրջ չգիտեմ...

Ինչու՞ չփորձել օրինակ, բացել Միացյալ Ազգերի Կազմակերպության կայքը ու գրել սիրելի ընկեր Քոֆի Անանին:

Շատ զվարճալի կարող է լինել: Երևանում կհավաքվենք շուտով, հուսով եմ, ու կծիծաղենք եղած չեղածի, ինքներս մեր վրա ու մեր մանկական հիմարությունների...՝

ՍԻՐԵԼՈՎ

Ինչու՞ չգրել պարոն Բուշին, Պուտինին, Շիրակին, Լոռու Փամբակին ու Նախիջևան, Քոչարյանին անգամ, ինչու՞ ոչ: Չէ՞ որ նա վերոհիշյալների հետ վայելում է բարի դրացիական հարաբերություն...

Ինչու՞ չգրել միջազգային փեն կլուբներին, հայկական թերթերի խմբագրություններին:

Չե՞ որ բոլորն էլ կան ինտերնետում:

Կարելի է պարզապես հարցնել:

- Սիրելիներս՝ ինչու՞մն է բանը, էս ի՞նչ հաշիվ ա՜։

ՀԱ՞… (էս ամերիկանիզմը հայերեն մտցնողի մերը), ՀԱ՞։

- Ո՜Չ, Ո՜Չ և անգամ հազար չէ՜ անմիջապես, հենց այդ նախորոք մտածված, աննախապայման համաձայնության բռնադատող, հարցականի տակ սղցվող հարայգոչական "ՀԱ՞-ն" արտասանվի, որպես բնական արձագանք, առանց անգամ ակնթարթ մտածելու և խղճի խայթի զգացողության, ոչ հիմա, ոչ ապագայում երբևէ, եթե անգամ ձեզնից հետո ջրհեղեղ՝ սիրելիներս։

Դուք ընդամենը տխմար մի մարդ եք, չեք կարող հաճախ հարբած ձեր ոռը բարձրացնել աթոռից, գրավիտացիայի պատճառով իհարկե, ոչ ձեր, և ոչ մի կերպ չեք կարող դառնալ պատճառ ոչ ջրհեղեղի, ոչ Արմագեդոնի, դրանք իրենց գլոբալ պատճառներն ունեն, եթե մուտիլովկա չեն։

Հայտնեմ թանկագին կարծիքս՝ կարող են լինել։

Այնպես որ սիրելիներս՝ հանգիստ սիկտիր արեք յուրաքանչյուր կոմիսար սատանի ճուտ ու հանգիստ մատնվեք պորտաբուծության, կամ ինչին կմղի ձեր բյուրեղյա սիրտը՝

ԱՄԵՆ

Ինչու՞ ամեն մի խուլիգանի տուրուդմփոցի մասին գրում է ողջ մամուլը հայոց, իսկ Միացյալ Նահանգներում ձերբակալվող գրողի մասին ոչ մի տող:

Զարմանալի չէ՞ այս համառ լռությունը, հայերի պատմության մեջ երբևէ ամենակարդացված գրողի, տարիներ արդեն տևող քրեական հետապնդման մասին, որը սկսեց այն պահից, երբ հասարակավ հայտարարեցի, որ մասնակցելու եմ ազգային ժողովի ու նախագահական ընտրություններին և կրկին հայտարարում եմ հիմա՝ չարամտորեն չարաշահելով անպատեհ առիթը՝ գրականությունը, որը ծնում ենք այստեղ, այս պահին, երկունքի պարտադիր ցավերը քաշելով՝ մայրանում։

ՔԱՔՈՏՎԱԾ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ ՈՐՊԵՍ, - մեսիջ

Ինչպե՞ս են վազվզում շակալները, տեսեք։ Իմ սիրելի տեսարանը, որը միշտ նախորդում է մեծն որսին։

Փառք ինտերնետին ու ֆորումների հաշվիչներին, որոնք բազմիցս ետ տրվելու հանգամանքով հանդերձ, բավականին ազդեցիկ են.

Ստուգեք ինքներդ. Դեռ հնարավորություն ունեք, քանի արմյաշկաստանում քոքից չեն կտրել ինտերնետը, որովհետև Երևանն էլ է դարձել Բոլոր Հրեշտակների քաղաք և այնտեղ ել են

ԱՏՈՒՄ

***

Ես նրանց ու բոլոր ատողներին սիրում եմ.

Ի՞նչ է պատահել եղբայրներիս, այդքան սարսափելի, որ ատում են: Ի՞նչ է նրանց սպառնում, սարսափեցնում:

ԻՄ ՑԵՂՆ ԻՆՁ ԱՆՄԱՀԱՑՆՈՒՄ Է ԼՌՈՒԹՅԱՄԲ

ՓԱՌՔ ՔԵԶ ՑԵՂ

Ի՞նչ կարող ենք անել սիրելիս:

Զվարճանալ, կատակել, ուրախանալ ունեցածով, սիրելիով, եթե նմանը կա կողքդ, տխրել, երբ չկա, ապրել, տեսնել, շոշափել...,

ՓՈՐՁԵԼ

Մի ատեք պարզապես, փորձեք, գրել Քոֆի Անանին ու Բերլուզկոնիին, կամ Պրոդիին.

Յորան Փերսսոնին գրել չարժե: Նրան լարեցին վարչապետությունից, ինչպես խոստացել էի ձեզ սիրելիներս, 4 տարի առաջ:

Շվեդական թագավորությունը դարձավ այդով երկրորդ իմ կյանքում պետությունը, որտեղ հայտարարեցի, գրավոր, ստորագրությամբ, քաղաքացիական անհնազանդությունս.

Միացյալ Նահանգներում, Գլենդելում, ինձ ձերբակալել են ու դատում են հայերը...

Դուք հուշեք սիրելի հայրենակից, կամ մայրենակից. Ինձ շատ դուր է գալիս վերջինը,

Ի՞ՆՉ ԱՆԵՔ

Միթե տնօրինում եմ որևէ մեկի երևակայությունը:

Ես ինչ կարողացել արել եմ տարիներ շարունակ, երբեմն ավելի, դեռ շարունակում եմ.

Սպասում եմ քեզ՝

ՑԵՂ

2006-10-22, Բուրբանք, Լոս Անջելես

Link to post
Share on other sites

Բարև Փասիֆիք

-Հը՜, հասար տե՞ղ. - կասի ինձ երեք անգամ կյանքում իմ սիրելի բարեկամ, զինակից եղբայրս, որը պարտաի գենոսե կդառնա մի օր՝ չեմ կասկածում, եթե այսպես շարունակվի ընթացքը։ Ինչպես տեսնում ես բարեկամ շարունակվում է, քոնը նույնպես ու ես սիրելի ընկերոջս ու ընկերոջ նման հրճվում եմ։

Նա գուցե հասկանում է ինձնից լավ, ու պարտաի գենոսե դառնալը հավանաբար օգտակար է ազգի բարգավաճման, զարգացման, ֆեմինիզացման, անարխիստաբոլշևիկախառը, փիլիսոփայական, իմացական, չիմացական, տխմարական-հանճարական անհասկանալի բան-մաների և երկրի զարգացման համար. իմ կարծիքով մուտիլովկա է։ Վերջերս թվում է թէ նույն բանն են, որովհետև ամեն քայլափոխի հանճարին դեգենեռատ և այլանդակ և այլասերված ու խուլիգան կարող է անվանել հավերժ անպակաս, տգետ, հավակնոտ լյումպեն պրոլետարիատը, որը դպրոց չի գնացել, բայց ի տարբերություն վերջերս Հայաստանից ներգաղթած պրոֆեսորի հարուստ է իրեն կարծում, որովհետև քսան տարի պիցա ծախելուց հետո հավաքել է իր իմանալով կլորիկ մի գումար, որի չափը պարտադրում է նրա անմիջական մասնակվցությունը բոլոր գիտական կոնֆերանսներին, հավաքներին, որովհետև պետական բյուջեով, հայկական, ամերիկյան, եվրոպական՝ կարևոր չէ, կարելի է թրև գալ Հայաստան, ետ, գնել փողոց նետված հայրենակիցների բնակարանները, ափլփել նրանց դուստրերին ու այրիներին, քայլել Քլենթելին մեջ իբրև բարերար.

- Հայրենիքին մեջ «փրոփերթի մը առիմ», գռնայի ուրիշ տեղ առնիլ, ամա հայրենիքիս մեջ ինվեսթըՄԵՆԹ ըրի, որ զարքնան անոնք։ Խեղճ են։

Անոնք, որ տներից վտարվեցին նկատի ունի հավանաբար, նրանք որ քշվեցին և բարերարը անոնց փրկելու համար գնեց նրանց տան ավերակների վրա կառուցվող իր դամբարանը, փակեց բանալիով ու եկավ հայրենիք՝ Քլենթել։

- Ախպեր՝ գնացի, մի հատ ցենտր կվարտիրա առա, էս թազա սարքած շենքերից, լավ ինվեսթ ա, իրեք տարի առաջ հիցուն հազար էր, էսօր մի իրեք հարուր ապե... Մեխկ են ապե, մեր ազգն ա, մի քիչ դնենք, մեզնից պոկենք, մանրից լավանան։ Չարժի էլի ապե մենակ վատը տենալ, ապե, սիոնիստները, պան ու հասարակ թուրքերը, ամերիկացիք, եվրոպան, մասոնները, սատանեքը, սրբերն ու վաբշե սաղ, մեր թշնամին են, ուզում են մեր ազգը փչացնեն, այլասերեն, դրա համար վատ բաները մի ասա, մենակ լավ բաները ասա, ապե ջան, որ մի քիչ մեր ազգը ամրանա, լավ ըլի ապե։

Նկատի ունի անշուշտ, որ իր «ինվեսթըՄԵՆԹԸ» բազմապատկվի, իսկ տնից քշածի կինը Ամերիկա գնա քոծության, որ մարդուն փող ուղարկի ամեն ինչի ու նաև հարբեցողության սեղանների շուրջ տղամարդկության կենացը լակելու համար:

Առաջինին ընդհանրացնելով համայն սփյուռքի հետ, կասի հայաստանյան եղբայրս միջին հանրահաշվական.

-Ախպարները փչացրին մեր հայրենիքը, կարծես ախպարներն ինչ որ մի վայրագ ցեղ են, պոլինեզյան կամ եսիմ ինչ կղզիներից ու հնարավոր չէ, որ նրանց մեջ դպրոց գնացած լինի։ Չի կարող լինել դպրոց գնացած, ախպարը տուպոյ է ու հարիֆ ու լավագույն դեպքում կթան կով, ինչպես այն տխմարը պիցայագործ, որը դրամով դուրս է մղել գիտնականին, որեվհետը շատ անուշիկ են հայաստանյան դեռատի պոռնիկները, որոնց շարքերը կհամալրեն հավանաբար տնանկների դուստրերը։

Մի մասն էլ, ազնվազարմ հայոց տիկինների վարպետ ճաշակով ընտրված՝ կմեկնեն Դուբայ, տասը դոլարով մատուցելու արաբ և այլն հաճախորդներին այն, ինչի մասին գրել եմ նախկին մի գրքում ու սաստիկ հայհոյվել ու գովաբանվել միաժամանակ՝ բազմիցս։

Վերանանք անհատականացումից։ Երևեույթին վերադառնանք սիրելիներս։

Երկրորդ ինվեսթրին ընդհանրացնելով կասե սփյուռքահայ ցեղակիցս, գիտական ու տգիտական բոլոր հնարավոր հավաքներում ու անգամ երազում ինքն իրեն.

- Հայաստանցիք փոզ են, փոզ, անփարոյական: Մեզի խայդառակ ըրին հոս Քլենթելուն ու ամերիգացիներուն մեջ, մենք ասքան դարի հոս էինք, մեզի ամնեը գսիրեին, ասոնք եգան, մեզի ըրին խայդառակ.

Որպես հետևանք կլռեցվի կրկին նկարիչը, քանդակագործը, երաժիշտը ու գրողի տարած գրողը։ Հայրենիք գնացող ու եկող եղբայրության ու քույրության մեջ կան անշուշտ գրականագետներ ու արվեստաբաններ նաև, որոնք լռության կարող են մատնել լռեցումը, որովհետև պարզվել է, որ Հայասանում այդ թեման շոշափել չեն ուզում ու համարում են դա բավարար փաստարկ, արդարացնելու համար իրենց ուղղակի մասնակցությունը հանցագործությանը՝ ազատ խոսքի բռնաբարմանը։

Նա գռեհիկ է, լեզվին վատ է տիրապետում, գրածը ոչ մի բանի պետք չէ ու վիրավորանք մեր ազգային արժանապատվությանը և ընդհանրապես, քանի որ նա դուր չի գալիս ինձ անձամբ, հանճարիս, արվեստագետիս, արվեստաբանիս, գրականագետիս ու ազգի հերոսիս՝ թող գնա բանտ։

- Բա՞նտ։

- Այո, այո բանտ։

- Քլենթելու՞ն մեջ։

- Ինչու՞ միայն Քլենթելուն դառագոյ ախպեր։ Հայաստանում էլ, տո Եվրոպայում էլ և ամենուր, ուր կհալածի ճակատագիրը տարագիր հային։

Միմոսությունից անցնենք։

Եղիշը վերջերս պատմում էր, որ միմոսի մասին իր բանաստեղծությունը, որտեղ հայտնել է թանկագին հասարակությանը, որ տխմարներին պոետ պետք չէ հարկավ, ոչ էլ առաջին կամավորական ջակատի զինվորական, ոչ էլ պատերազմով, գրչով թրծված քաղաքական այր ու նաև հասարակական գործիչ, որի փորձված աչքից չի վրիպի ոչ մի պիցայագործ ու կապիտան թենքեշ, կոմիսար զորգեներով ու շտիռլիցներով ներառյալ։ Միմոս է պետք, միմոս, կապիկների այս ցեղին, սրանք քեֆ են ուզում մայն ու գռեհիկ ծիծաղ։ ՈՒ գալիս են իրար հետևից լենինն ու ալին, մուժիկն ու չիկը։ Ծիծաղեք ձեր պրոլետարկան ծիծաղները կոմիսարներ:

Անբիծ կենսագրության փայլից կուրացած ֆետիշիստ եղբայրները նրան կոխեցին ծակը, մոտավորապես ենթանդրում ենք ինչ եղավ, անհետ կորավ, դա հո գիտենք բոլորս, վա՜խ Չարենց, ա՜խ Չարենց։ Մենք քեզ շատ ենք սիրում, լացում ենք, ողբում ենք սրտանց, բայց առանց քեզ էլ մեր դարդը շատ է, այդ պատճառով մնա անհետացած ու անգամ վարկաբեկված, անգամ մինչ օրս.

- Ապե, ըսում են էդ Եղիշե Չարենցը ջահել տղերք ա սիրել։ Մի հատ էլ տենց բանաստեղծութուն ունի ապե։ Հենա Բնագիրը բաց, կարդա։

Էդ բանաստեղծությունը հայվան՝ կոմիսարի համար չէ, իմ համար է, նամակ է, ոչ վկայություն։ Նամակ է պոետից՝ պոետին, անուշ լինի դարերով բոլոր կարդացողաց, որովհետև նա ով կարդում է, ինքնաբերաբար պոետ է, անգամ նա ով չի կարդում, պոետ է, պարզապես ապուշությամբ զբաղվող մի պորտաբուծ է դառել։ Բանաստեղծությունը տասնվեց տարեկան Եղիշին ուղարկած նամակ է, որ քառասնամյա պոետը ուղարկել է, ինքն իրեն՝ տասնվեց տարեկանում և այն մանչուկին, որ կկարդա հետո։

Նա արել է դա մի հիսուն տարի ավելի շուտ, քան ամերիկացի Րիչարդ Բախը, Լիվինգստոն Ճայի հայրիկ, բայց ամերիկացուն կղզի, ինքնաթիռ՝ հային անհետ կորուստ ու բանտ։

Կոմիսար՝ դու ախր դիալեկտիկա չգիտես ու ապագատ կապում ես միայն քյաշ փողի հետ։ Ես Եղիշին եմ սիրում, էն զինվորին, էն քաղաքական-հասարակական գործչին, էն գրողին, պոետին ու էն տղուկին, որը ստացավ նրա նամակները։

ԵՍ ԻՆՁ ԵՄ ՍԻՐՈՒՄ

որովհետև իմ մեջ դուք եք, իմ ցեղն է, բոլորն անխտիր, ոչ մեկին դուրս թողնել չեմ կարող, թաբու է, որովհետև ես նախնադարյան, համայնական օրագուտանգի սերն եմ կրում մեջս, անհիշելի ժամանակներից այնքան, որ լակոտ-լուկուտ են թվում ինձ ձեր ադամ-եվան էլ, Նոյն էլ ու բոլոր սրբերն էլ, քրիստոնեական էլ, նախաքրիստոնեական էլ ու մնացայալ ամենն էլ աշխարհքիս երեսին ուր ես երբևէ ախ չեմ քաշել, որը նշանակում է նաև, որ ախ եմ քաշել միայն տանս՝ Հայքում, ծանոթ-անծանոթ, հայտնի, թե գաղտնի, հնարաված պատրանք, թե իրական խաժամուժ՝

ՍԻԿՏԻ՜Ր։

ԵՍ իմ ցեղն եմ սիրում, իմ գեղը, իմ եզը։

Իմը կեղտ չէ կոմիսար։ Իմը թրիք է։

Թրիքը բարիք է կոմիսար, պարզապես քո խելքի բանը չէ։

Ես չեմ ասել կոմիսար։ Վարպետն է ասել։ Նա՝ ում դուստրը ինձ լռության է մատնում այսօր, ինչպես նախկինում անհույս սիրահարված մի կույս:

Լրագրող է, զբաղեցնում է հասարակական դիրք, ուրիշին մոտ չի թողնում ու ակնկալում, որ վարպետի խաթր պետք է հանդուրժենք հանցագործության մեղսակցություն ու դառնանք վարպետի ասած կեխտը կոմիսարի աչքում ու բանտարկվենք։ Սկզբում Երևանում, հետո կրկին, տասնհինգ տարի անց, հետո Սթոքհոլմում, հոտո Քլենթելում, Միացյալ Նահանգներում, որտեղ ինձ դատի տվեղները կրկին հայեր են և անգամ ձերբակալող ոստիականը:

Ինձ ձերբակալում են ու բանտարկում մի երկրում, որտեղ ծնվել է Ջորջ Վաշինգտոնը, որտեղ իրավունքների մասին հռչակագիրն է գրված ու բոլոր ձերբակալողները, նպաստողները, կեղծ վկայություն տվողներն ու ոստիկանները՝ հայեր են։

Ինձ ձփրբակալում են ազատի խոսքիս պատճառով։

Զահլես ձեզնից գնաց արդեն ցեղ։ Ինչ բութ եք ու ինչ ավելի բութ եմ ես, որ շարունակում եմ ձեզ սիրել՝ անգամ ձեր բթությունը։

Օֆ աման, բալամ։ Չգիտեմ ինչ անեմ։

Չէ գիտեմ։ Գնամ օվկիանոս մայրիկիս խոնարհվելու, որին ժամանակ չեմ ունեցել այցելելու, որովհետև խիստ զբաղված եմ հայրենակիցներովս, կամ նրանք են ինձնով զբաղված կազմակերպված։

Գնում եմ, չգիտեմ ուր, չգիտեմ որտեղ եմ, ինչ որ տեղ, որ այստեղ ֆրիվեյ են կոչում, ազատ ճանապարհ թարգմանաբար, որն ինձ հասցրել է օվկիանոսներին նախկինում, երբ անհետ կորել եմ ամեն անգամ ու հայտնվել կրկին։

- Բարև Փասիֆիք մայրիկ։

- Շշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշ…

- Քեզ բարևում էր Ատլանտիս մորաքույրը, ջերմ գգվում կարոտով։

- Շշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշ…բալես, ապրես: Բարևիր մյուս քույրերիս էլ երբ առիթ ունենաս։ Հաղորդիր որ տեղում եմ.

ասեց ու աչքով արեց, այդ ակնթարթին հայտնված բազում դելֆինի ջրից միաժամանակ դուրս եկած լողակի շարժով.

- Բարև զավակս, բարև…

2006-10-03, Սուրբ Մոնիք, Լոս Անջելես

Մ - ին

Link to post
Share on other sites

Ես Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ Վահե ջան : Ինձ շատ են դուր գալիս Ձեր մտքերն ու մտածելու ոճը : Դուք հերոս եք - հայրենիքի հերոս , մեր ֆորումի հերոսը , մեր ազգի ու հայերի միակ հույսը : Ոչինչ չի օգնի լսել ու տեսնել սեփական աչքերով կյանքի ճշմարտությունը կատարվող մեր աչքերի առաջ , ինչպես Ձեր իմաստուն տողերն ու անհավատալի փաստերը : հափփփփչի՜

Ես մի խնդրանք ունեմ, նշվածս տիտղոսները Ձեզ կարող է ուրախացնեն , ուշադրության արժանացնեն, բայց դուք էս ֆորումի պապա չեք դառնա : Էդ տիտղոսից հետո աքսորում ենք սիբիր : Հեսա կասեք , պապան ո՞րն ա , լավ էլի-ն ո՞րն ա.... հավեսով ու ջիգյարով ֆորումներում մի լա՜վ կբամբասեք, կքննադատեք, ու Ձեր ապերոյական ճշտով գրված , քֆուր-քյաֆարով "հոդվածների" մեջ հենց նույն բամբասող-քննադատողներին կհայհոյեք : Բա լավ, մենք մի օր կգնանք , դուք էլ ՝ Աստված գիտի .. ի՞նչ կլինեք , դուք , ինքներդ, առանց Ձեզ ու Ձեզ սիրելու , ո՞նց եք հայրենիքն ու հայերին սիրում : Ես այսքան լավ բնավորությունների կողքին, կուզեի տեսնել Ձեր ինքնասիրությունը , ինչը բացակայում է , ավա՛ղ : :)

Link to post
Share on other sites
Նրա կոշիկը ծակ էր

Հոգևոր դատարկություն ապրեցի, երբ տեսա նրա մաշված կոշիկի ծակը, թերթերում տարածված լուսանկարում։ - Նուրսուն Էրել (թուրք լրագրող)

Հրանտ Դինքի հիշատակին

2007.02.08, Վաշինգտոն

Շնորհակալություն հենց այս գրվածքի համար:

Զարմանալի է, որ նույնիսկ կարճատև այցելության ընթացքում զգացել եք ամերիկահայերի մեջ տիրող ատելությունը նամանավանդ միմյանց նկատմամբ: Չնայած կարծում եմ չափազանց ուժգին է ասված. ես դա անվանում եմ պասսիվ ատելություն, որի անբաժան մասնիկներն են բամբասանքը, նախանձը, չարախոսությունը... Հուսամ, որ սրանք վերջապես պետք է որ տեղի տան բարությանն ու հասկացողությանը, քանզի ուզում եմ հավատալ, որ ազգիս մեջ այս դրական մարդկային հատկանիշները ամբողջովին դեռ արժեքազրկված չեն:

Link to post
Share on other sites
Բա լավ, մենք մի օր կգնանք , դուք էլ ՝ Աստված գիտի .. ի՞նչ կլինեք , դուք , ինքներդ, առանց Ձեզ ու Ձեզ սիրելու , ո՞նց եք հայրենիքն ու հայերին սիրում : Ես այսքան լավ բնավորությունների կողքին, կուզեի տեսնել Ձեր ինքնասիրությունը , ինչը բացակայում է , ավա՛ղ : :)

Ձեր գրած ամբողջ տեքստից հասկացա միայն, որ ինձ անվանում եք անինքնասեր։ Չեմ հասկանում ինչու՞ եք այդքան նեղություն քաշել ու այդքան երկար գրել, որ մի հասարակ բան ասեք։ Գրեիք պարզապես անինքնասեր ու վերջ էլի։ Կարծում էիք կզարմանայի՞, որ հայ մեկը անծանոթին վիրավորում է առանց պատճառի և առիթի, այն էլ ինտերնետային անվտանգ հեռավորությունից։ Բոլորովին չէի զարմանա, հիմա էլ չեմ զարմանում։ Ես հենց դրա մասին եմ գրում և մեր ցեղի այդ որակն եմ բացահայտում գործերումս, հույսով, որ եթե ոչ այս սերնդի մեջ, գոնե ապագայում այդ որակը կվերանա։

Մենք կոմպլեմենտար ու ներողամիտ ենք օտարների նկատմամբ, բայց անողոք յուրայինների։ Սրանք իմ խոսքերը չեն, Գարեգին Նժդեհինն են։ Ես պարզապես կրկնում, ֆիքսում եմ։ Ավելին՝ գրածս ոչ մի բանը իմը չէ։ Մեր մեծերից սերտածն է, որ պարզապես վերաձևակերպում ու փոխանցում եմ հաջորդ սերնդին։

Անում եմ այն, ինչ արել են իմ նախնիները սերնդե սերունդ, իսկ տգետները մեղադրում են ինձ ոչ ավանդապահ լինելու մեջ, այն դեպքում, երբ ամբողջ կյանքս ապրել ու ապրում եմ ավանդույթի տառին հավատարիմ։

Դուք նունպես ի դեպ՝ ապրում եք ձեր ավանդույթին հավատարիմ, հայհոյում եք աննշան գրչակին, փոխանակ ստրկատերերին հայհոյեք։

Ի՞նչ նպատակ եք հետապնդում աննշան գրչակ հայհոյելով սիրելիս. որ վերջ տա գրելու՞ն։ Գուցե հաջողվի ձեզ վերջապես անել դա։

Կհպարտանանք, որ ստացվե՞ց։

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Վերադարձ դեպի ԵՍ

1999 - ին որոշեցի վերադառնալ հայրենիք։

Որոշումս մի քանի գործոնով էր պայմանավորված։ Առաջինը հարկավ այն էր, որ բոլոր ազգականներիս ու մտերիմներիս, որոնց առաջ ինձ պարտավորված էի զգում, հասցրի Շվեդիա, աշխատելով օրնիբուն հասցրի նրանց խաղաղ հանգրվանի: Նրանք բոլորն արդեն քաղաքացիներ էին, տնավորված, աշխատանք գտած, ինքնուրույն, ի տարբերություն այն թշվառ արարածների, որոնք աղերսում էին, որ հանեմ իրենց դժողքից։ Ես նրանց բոլորի հետ պայմանավորվել եմ դուրս բերելուց առաջ, որ արտագաղթը պետք է դիտենք, որպես ժամանակավոր երևույթ, վերապրելու միջոց միայն և պետք է անմիջապես վերադառնանք, երբ դրա հնարավորությունը ստեղծվի, իսկ Շվեդիայում ապրելու տարիներին պետք է աջակցենք մեկս մյուսին, ամրանանք, հարստանանք, գիտելիք կուտակենք հայրենիք տանելու համար։ Բոլորն անխտիր համաձայնել են ու բոլորն էլ խաբել են։ Բոլորն անխտիր լքել են ինձ անմիջապես, երկրում մշտական ապրելու իրավունք ստանալուն պես։ Սկզբում կարծում էի, որ խելքի կգան, դեռ տարված են արևմտյան գայթակղություններով, աչքերը կկշտանա վերջապես մի օր, բայց 99-ին հասկացա, որ զուր են սպասումներս և արեցի կյանքիս ամենադառը հանյտնագործությունը՝ սրիկա կարող է լինել նաև իմ եղբայրը, քույրը, հայրը, մայրը, կամ ուրիշ որևէ ազգական, այլ ոչ միայն ուրիշինը։

Ես դա հասկացա տառապալից այն երկու ամիսների ընթացքում, երբ ծանր հիվանդ պարկած էի տանը, ոտքերս պարալիզված, շուրջս ապրում էին իմ զարմիկներն ու եղբայրները, իմ մորոքույր, հորաքույր, քեռի, հորեղբայրները, որոցից յուրաքանչյուրի Շվեդիա հասնելն իմ վրա մի ամբողջ կարողություն է նստել, բայց ես սողալով էի գնում պետքարան, որովհետև զավակներս դպրոցում էին, կինս աշխատանքի։

Անաշխատունակության նպաստ ստացող իմ ազգական-բարեկամ-ընկերներն ինձ այցելում էին այդ երկու ամիսներին միայն հետս մի 5 րոպե նստելու, ներկա ստանալու, կամ որևէ բան խնդրելու համար միայն և անհետանում էին արագ։

Նրանք բոլորը կարծում էին հարկավ, որ ես հավերժ գամվել եմ անկողնուն, որովհետև այդպես էին կասկածում անգամ բժիշկները։

Տիրոջ կամքով կանգեցի ոտքի երկու ամսից։ Հրաշք տեղի ունեցավ, որովհետև ոչ մի բժիշկ այդպես էլ չկարողացավ բացատրել թե ինչու և ինչպես կազդուրվեցի։

Ես ադ տարի հասկացա, որ ոչ Շվեդիայում անելիք ունեմ այլևս, ոչ պարտականություն որևէ ազգականի, ընկերոջ ու բարեկամի նկատմամաբ։

շարունակելի…

Link to post
Share on other sites

***

Ոչ պակաս կարևոր գործոն էր նաև զավակներիս մկրտվելու որոշումը։ Նույն այդ տարում ավագ որդիս ասեց ինձ հանկարծ.

- Պապ, մենք քրիստոնեաներ ենք չէ՞։

- Այո բալես, իհարկե։

- Բա ինչու՞ մկրտված չենք։ Մեր դասարանում կրոնի դասին պարզվեց որ բոլորը մկրտված են բացի ինձանից ու Մհերից։ Ինչու՞ մեզ չեք մկրտել:

- Մտածել էինք ձեզ Հայքում մկրտել բալես։ Մեր կնքահայրն էլ այնտեղ է ապրում։ Կամ պետք է իրեն հրավիրենք, կամ մենք պետք է գնանք, դեռ չի ստացվել։ Մեր ավանդույթն այդպես է։

- Բայց մենք ուզում ենք մկրտվել։ Հո չե՞նք մնալու մեր դասարանի միակ չմկրտվածները։

Երեխանենր իրենց կամքով որոշեցին մկրտվել։ Դա այն օրերին համարվեց երկրորդ, ծսնրսկշիռ պատճառը վերադարձի ճամբեն բռնելու:

Ու կգնանք այդ տարի ուխտի, մեր զավակներին երկաթե խաչերով մկրտելու…

շարունակելի…

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Մարդկանց բավարար է իմանալ, որ ընտրություն եղել է։ Նրանք՝ ովքեր նետում են քվեաթերթիկները, ոչինչ չեն որոշում։ Որոշում են նրանք, ովքեր հաշվում են։

Իոսիֆ Ստալին

Link to post
Share on other sites

Ապրվում է, ապրում ենք էլի։ Ուզելս, ո՞րն է…

Եկեք մի քիչ խոսենք: Մեկ է ուրիշ անելու բան չունեմ։ Եթե դուք ունեք, արեք իհարկե։ Ես հո չեմ կարող ձեզ զոռով պահել այսեղ ու պարտադրել կարդալ գրածս։ Կարդում եք, որովհետև ուզում եք, կարևոր եք համարում, կամ դուք էլ իմ պես բան չունեք անելու։

Այս երևույթը, որ մինչ վերջերս գրականություն երկնել էի անվանում մեծամտաբար, հիմա անվանում եմ պարապ վախտի խաղալիք, որովհետև շուրջ բոլոր սիրելիներս և ոչ այնքանները միահամուռ պնդում են, որ տղամարդը, պետք է դրամ հայթայթի և ընտանիք պահի, այն, ինչ իմ մոտ ոչ մի կերպք չի ստացվում և ես ստիպված եմ խոստովանել, որ ես տղամարդ չեմ։ Մինչ օրս կարծում է, որ տղամարդը հոմոսապիենս տեսակի որձն է, էգից տարբերվում է առնանդամ-ամորձիների առկայությամբ ու կրծքի և արգանդի բացակայությամբ։ Պարզվում է, որ դա միայն մինիմում պահանջն է։ Բացի դրանից պետք է դրամ ունենաս, քեզ հարգեն հասարակական վայրերում, ունենաս դեմքի ազդու և խելացի արտահայտություն։ Նման հատկություններով լինում են անգամ տղամարդ կանայք։

Ես տղամարդ չեմ, դա ինձ պարզ է արդեն։ Ես պարապ-սարապ մեկն եմ, որը դրամ չի վաստակում, ծնվել է իր կամքից անկախ, չգիտե թե ինչու, դիտում է շուրջը կատարվող անցուդարձը, սպասում ինչ որ բանի, բայց չգիտե ինչի։

Պարապությունից էլ գրում է այստեղ, շարում է տառեր։

- Դրա փոխարեն աշխատանք գտիր ասում է ինձ ազդեցիկ, գործունյա սիրելի մեկը։

- Ինչու՞:

- Որ ապրես, չսատկես սովից։

- Չեմ ուզում ապրել։ Իրեն-իրեն ապրվում է։ Ո՞վ եմ ես, որ ուզեմ, կամ չուզեմ։ Ինձ չեն հարցրել, ապրեցրել են, չեն էլ հարցնելու, մեռցնելու են։ Ի՞նչ ուզել-չուզել։

- Ինքնասպան եղիր։

- Չեմ ուզում ինքնասպան լինել։

- Բա ի՞նչ ես ուզում։

- Ուզում եմ գրել։ Ուզում եմ քայլել Երևանի փողոցներում։ Ուզում եմ գնալ կազիրյոկ, պապլավոկ, հարիսնոց ու ուրիշ կաֆեներ։ Ուզում եմ խոսել մարդկանց հետ: ՈՒզում եմ…, շատ բան եմ ուզում, բայց չեմ ուզում ասել։

- Հա բայց ապրել էլ է պետք չէ՞։

- Չե՞մ ապրում։

- Դու սա ապրե՞լ ես համարում։

- Ոչինչ չեմ անվանում։ Իսկ դու ինչն ես ապրել համարում։ Օրինակ երբ լիքը դրամ ունես ու լավ աշխատանք, բայց երկիրդ գրավված է. ապրու՞մ ես, , կամ ավելի վատ, երբ դրամդ վաստակում ես երկիրդ գրավողներից, ապրու՞մ ես։

- Դա միայն քո հարցը չէ։ Թող ամբողջ ազգը մտածի… Հո մենակ դու չե՞ս։ Չեն մտածում, դու էլ քո կյանքը ապրի։

- Չեմ ուզում ապրել։ Թող մտածեն, թող չմտածեն։ Ես չեմ ուզում, ոչ էլ ուզում եմ, կամ չեմ ուզում։ Ապրվում է։ Իմ ուզել-չուզելով չէ։ Ասել եմ։ Գրում եմ։ Դա է իմ ապրելը։ Ուրիշ ոչ մի բան անելուց ինձ կենդանի չեմ զգում, չեմ ապրում։

… Ու կանցնեն, կգնան այս օրերը, կանցնեմ ես էլ, դու էլ, ամենն էլ, դրամն էլ կծախսվի ու կվերածախսվի, կվերանա, կառաջացվի, սերունդներ կանցնեն, կգան նորերը ու նրանցից ոմանք գուցե կկարդան այս տողերը…

Տեսնես ի՞նչ կասեն այդ նորերը։

Ապրու՞մ էի արդյոք ես, թե չէի ապրում։ Թե՞ դու ես ապրում։ Թե՞ դուք եք ապրում։

Ապրվում է, ապրում ենք էլի։ Ուզելս, ո՞րն է…

2007.02.17, Վաշինգթոն

Link to post
Share on other sites

Այս տարի կճանաչի հավանաբար ԱՄՆ կոնգրեսը հայերի ցեղասպանությունը ու հայերը վերջնական կցեղասպանվեն, որովհետև որպես հավաքականություն ցեղասպանություն ճանաչել տալուց բացի ուրիշ անելիք չունեն։

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites
Այս տարի կճանաչի հավանաբար ԱՄՆ կոնգրեսը հայերի ցեղասպանությունը ու հայերը վերջնական կցեղասպանվեն, որովհետև որպես հավաքականություն ցեղասպանություն ճանաչել տալուց բացի ուրիշ անելիք չունեն։

Բոլորովին զարմանալի կամ պատահական չէ, որ երբ էս Վահեն իր հերթական տափակությունն է դուրս տալիս, հայերին դիմում է երրորդ դեմքով :)

Link to post
Share on other sites
Բոլորովին զարմանալի կամ պատահական չէ, որ երբ էս Վահեն իր հերթական տափակությունն է դուրս տալիս, հայերին դիմում է երրորդ դեմքով :)

Զարմանալին այն է, որ անըդհատ դուրս տված տափակությունս շարունակում եք կարդալ և ավելի համառորեն շարունակում եք մեկնաբանել, պարզապես արհամարհելու փոխարեն։

Դուք իմ ամենահավատարիմ ընթերցողներից մեկն եք, ինչի համար հայտնում եմ ձեզ իմ խորին երախտագիտությունը։

Սրտանց կուզենայի, որ նույն քաջությամբ հայտնեիք ձեր կարծիքները ինձ, երես առ երես, բայց ոչ ինթերնետային անվնաս հեռավորությունից ու կեղծանունով։

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Վահե, Ճիշտն ասած դեռ մի քանի բան եմ հասցրել կարդալ ձեր գրածներից, բայց այն ինչ ես լսել էի ձեր գրվածքների մասին և ինչի պատճառով որ միշտ շրջանցել էի ձեր թեման, կարդացածովս չի հիմնավորվում: Մերկացնող անկեղծություն. սա է հիմնական գիծը, որ նկատեցի այստեղ, Իսկ անկեղծությունը գրականության մեջ ամենից շատն եմ գնահատում: Ավելի մանրամասն երևի կարտահայտվեմ այս ձեր գործերին ավելի լավ ծանոթանալուց հետո:

Link to post
Share on other sites

Եվ ես հիշեցի…

Ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից։

Խելոք բաներ ասե՞նք։ Այնքան խելոք, որ բոլորը հասկանա՞ն։ Մեր մեջ մի հոգի չգտնվեց մինչ օրս, որ ասի այնքան խելոք մի բան, որ բոլորը, կամ գոնե մեծամասնությունը հասկանան ու համաձայնեն։

Ես արդեն մի քանի տարի առավոտից գիշեր մտածում եմ, կարդում, ուսումնասիրում պատմություն, փիլիսոփայություն ու էլ ինչ ասես, որ գտնեմ վերջապես այն իմաստնությունը, որը հնարավորություն կտա մի քանի կարճ նախադասությամբ, բանաձևով մի բան ասել, որ մարդիկ հասկանան անմիջապես, ու անենք այն, ինչ անհրաժեշտ է անել, որ այս վիճակից դուրս գանք, դառնանք նորից հզոր ցեղ, անկախ ազգ, կուռ պետություն։

Ոչինչ չի ստացվում։ Ամեն գրածս բառը գտնում է մեկ համաձայնող, տասը հայհոյող։

Այսօր մեկն ասեց.

- Որքան իմաստնանաս, այնքան ավելանալու են հայհոյողներդ, պակասեն համակիրներդ։

- Ինչու՞.

հարցրեցի։

- Պարզ պատճառով.

պատասխանեց.

- Մարդկության մեծամասնությունը զբաղված չէ իմաստնանալով, գիտելիք հավաքելով, գիրք կրծելով ու գրականությամբ։ Մարդիկ աշխատում են ծանր, դառը քրտինք թափում, որ վաստակեն իրենց հացն ու կերակրեն զավակներին։ Դու որքան ավելի ես ուսումնասիրում, կրծում գիտության գրանիտն, այնքան ավելի ես իմաստնանում, այդով ավելի հեռանում մարդկանցից քո իմացական մակարդակով ու այդով դառնում նրանց համար ավելի անհասկանալի։

Քեզ հասկանում են փիլիսոփաները, բայց նրանց վրա միշտ ծիծաղել են, իսկ դու խնդիր ես դրել մարդկանց հասկանալի լինել։

Ուրեմն նրանց գիտություն տալը չէ քո ճանապարհը, այլ մի բան, որը հասկանալի է անգամ անգրագետին։

Եթե գիտությունը, որը կրծում ես, քեզ չի տալիս այդ իմացությունը թե ինչ տաս, ինչի՞ է պետք այն։ Մի թե՞ ավելին կսովորես երբևէ, քան Հիսուսը գիտեր։

Հիշիր՝ մարդիկ ՀԻՍՈՒՍԻՆ խաչեցին անգամ։

Եվ ես հիշեցի…

Ամենակարող մեր տեր Հիսուս Քրիստո՜ս

Աղերսում եմ քեզ,

Պահպանիր, պաշտպանիր ցեղն իմ,

Ամոքիր ցավերը մեր,

Փափկացրու կարծրացաց սրտերը մեր իշխանների,

Բացիր աչքերը նրանց,

Սրտերը,

Հորդորիր, որ լվանան իրենց աղքատ եղբայրների ոտքերը, ինչպես դու լվացիր ձկնորսներինը,

Ներիր մեր մեղքերը,

Փրկիր մեզ չարից,

Նախանձից, ամբարտավանությունից, մեծամտությունից, ագահությունից, վախերից,

Ներողամտությունը հայցիր մեր նկատմամաբ, մեր տիրոջից, երկնային հորից մեր,

Ներողամտություն սերմանիր մեր սրտերում նաև, որ ներենք մեր պարտապանաց, մեր եղբայրներին, կարողանանք չդատել նրանց,

Լինել խոհեմ, բարյացակամ, հեզ, համեստ։

ՀԻՍՈՒ ՜ Ս,

Մի թողնիր մեզ, երբ անգամ մենք քեզ թողնում ենք փոքրոգաբար։

Մենք թույլ ենք, տկար, անպաշտպան։

Առաջնորդիր մեզ,

Հանուն հոր և որդու և սուրբ հոգու։

ԱՄԵՆ

Link to post
Share on other sites

Երկուշաբթի, Փետրվար 19, 2007

Այն պատճառով, որ բանի տեղ չեմ դնում ճորթած բերան տհասներին, ասում են, որ չեմ սիրում հայերին։:

*

Լավ բացատրությունները վերջնական պատասխանները չեն, այլ փոքր քայլեր ընդամենը դրանց ուղղությամբ։

*

Ուրիշի բարի կամքից և ըմբռնումից կախված լինելը նույնն է ինչ ստորացված ապրելը։

*

Նրա կարծիքը ձեր վերաբերյալ ցածր չէ, իր նկատմամբ է շատ բարձր։

*

Մարդիկ չեն ատում ճշմարտությունը։ Ատում են այն ասողներին։

*

Ես դեռ պետք է տեսնեմ ոչ ստախոս քաղաքական գործչին։

*

Մարդը դառնում է շառլատան առանվ այդ մասին իմանալու։

*

Սանտ Բուվե. Հանրահայտությունը կարող է հոմանիշ լինել պոռնկության հետ։

*

Լամարտին. Հայրենիքը մի կառույց է, որը կանգնած է մեռելների ոսկորների վրա։

Արա Բալիոզյան

թարգմանեց Վահե Ավետյանը

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...