Jump to content

Գրութեան արվեստը Նոր Ջուղայում


Recommended Posts

Մանե ջան, հեսա կասես` ինչ խնդրեցի, ինչ տպեց, բայց կարծում եմ սա էլ կհետաքրքրի քեզ:

Լեվոն Մինասեանի "Գրութեան արվեստը Նոր Ջուղայում" գրքից.

սբ. Ամենափրկիչ Վանքի տպարան, 1991 թ.

ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐ ՈՒ ԾԱՂԿՈՂՆԵՐ

Նոր Ջուղան իր մշակութային զանազան աշխատանքների մէջ, ինպէս` գրչութեան, արհեստների եւ արւեստի տարբեր բնագաւառներում, մեծ տեղ է յատկացրել նաեւ մանրանկարչութեան, գրքերի նկարազարդումներին ու ծաղկումներին:

Նոր ջուղայի դպրոցում կրօնական գիտելիքների հետ դասաւանդւում էր նաեւ գրչագրութեան, գեղագրութեան եւ մանրանկարչութեան արւեստը:

Գրքերի նկարազարդումների կողքին, յատուկ տեղ ունէր նաեւ որմանկարչութիւնը, որ 17-րդ դարում մի յատուկ ու զգալի վերելք ունեցաւ Նոր Ջուղայում: Խոջաների ապարանքները, եկեղեցիները եւ արքայական պալատներն ու անհատական տները զարդարւեցին գեղեցիկ որմանկարներով ու ծաղկազարդերով, որոնք կան ու պահւում են ոմանք այժմ եւս, եւ ապաղոյց են անցեալի այդ բարձր արւեստին, որ հայերն ունէին Նոր Ջուղայում:

Մինաս նկարիչի մասին ջերմ ու գնահատելի տողերով է յիշել Առաքել Դաւրիժեցին իր "Պատմութիւն հայոց" գրքի մէջ: Յայտնի նկարիչներից էր նաեւ Բոգդան Սուլթանովը (Աստուածատուր Սուլթանեան), որը ցարի պատւերով Ռուսաստան գնաց, Մոսկւայի պալատներն ու եկեղեցիները նկարազարդելու համար, ինչպես եւ Յովհաննէս վրդ. Մրքուղը, այնպիսի արւեստագետներ են եղել, որոնց անունը մի-մի պարծանք են հանդիսանում մեր մշակոյթի եւ յատկապես Նոր Ջուղայի հայութեան մշակութային աշխատանքներում:

Հայկական մանրանկարչութեան ալբոմներում շատ քիչ անգամ է կարող պատահել, որ յիշւած չլինի Ջուղայի մանրանկարիչների մասին, յիշւած են բազմաթիւ գրքերում եւ անգամ մենագրութիւններում: (Այդ գրքերից յիշենք Եղիշե Մարտիկեանի "Հայկական կերպարւեստի պատմութիւն", Մանիա Ղազարեանի :Հայ կերպարւեստը 17-18-րդ դարերում", "Բոգդան Սուլթանով" Մ. Ղազարեան եւ Վ. Ոսկանեան):

Նոր Ջուղայի գրչագրերի նկարազարդումների մէջ առանձնապես յատուկ տեղ ունեն հինգ - վեց հոգի: Ինչպէս` Մեսրոպ Խիզանեցին, Հայրապետ Դպիրը, Յակոբ Ջուղայեցին, Ստեփանոս քահանան եւ այլն, որոնցից մի քանիսի աշխատանքները հասնում են մի քանի տասնեակ գրչագրերի նկարազարդումների:

Բացի վերյիշւածներից, մենք հանդիպում ենք նաեւ այնպիսի անունների, որոնց անւանակից յիշւած է նաեւ իրենց արւեստի տիտղոսը, օրինակ Խոջասար նաղաշ, Մկրտիչ նաղաշ, Ստեփանոս երէց նաղաշ: Հայրապետ նկարիչը այնքան բարձրարւեստ է եղել, որ իր համար ասւել է "Վարպետաց վարպետ":

Այս բոլորի մէջ իրենց առանձին տեղն ունեն Յակոբ երէց Ջուղայեցին եւ Մեսրոպ դպիր Խիզանցին, յատկապես վերջինս ունի երկու տասնեակից աւելի նկարազարդւած գրչագրեր, իսկ Հայրապետ նկարչի նկարազարդածների թիւը հասնում է շուրջ երեք տասնեակի:

Վստահաբար, մեր յիշածները այն գրչագրերն են, որ մեր ձեռքի տակ եղած են գտնւել, իսկ թէ քանիսն են կորել ու անհետացել, որ մենք չենք տեսել, դժւար է այդ մասին կարծիք յայտնել:

Այստեղ միջանկեալ յիշենք, որ մանրանկարչութեամբ է զբաղւել նաեւ Նոր Ջուղայի Առաջնորդ Խաչատուր վրդ. Կեսարացին: Այս մասին յիշատակութիւն կայ երեք գրչագրի մեջ, որոնց ոսպիսութիւնը նկարագրւած է, որ բերում ենք ստորեւ:

Այդ գրչագրերից մէկը գտնւում է Երուսաղեմում (գրչ. թիւ 3043), գրւած է 1606 թիւն, երբ դեռ Կեսարացին աբեղայ էր եւ օգնել է ծաղկելուն, միւս երկուսից մէկը նկարագրւած է Աւ. Սանճեանի կազմած ձեռնագրացուցակում, էջ 430, իսկ երրորդը Ն. Ջուղայի հաւաքածոյի մէջ է (Բ. հատ. էջ 71-72), որոնցից միայն մէկի` Սաճեանի ցուցակի Աւետարանի (գրչ. թիւ 103) յիշատակարանը բերում ենք այստեղ.

"...Եւ սա ծաղկեալ զդրախս աստուածատունկ եւ

պտղաբերեաց զբազում աշակերտս, որք են յաշա-

կերտած նորա Խաչատուր Արհի եպիսկոպոսն գիւղա-

քաղաքին Նոր Ջուղայոյ, որ է ուսուցիչ իմ եւ պատ-

կերանկար, որ նկարեաց իսկ չորեսին աւետա-

րանիչս, որք են ի միջի սորա:"

(Ցուցակ հայերեն գրչագրերի միացեալ նահանգներում)

Իր մասին աւելի հանգամանօրէն խօսւել է մեր "Նոր Ջուղայի առաջնորդները" աշխատութեան մէջ, որ դեռեւս մնում է անտիպ:

Վեր յիշւած Նոր Ջուղայի մանրանկարիչներից այստեղ բերում ենք միայն վեց հոգու համառօտ կենսագրութիւնը, այբբենական կարգով:

Link to post
Share on other sites

1. ԳԱՍՊԱՐ ԵՐԷՑ

Գասպար երէցը ծնւել է 1604 թւին: Հօր անունը եղել է Տէր Բաղդասար, իսկ մօր անունը` Թուրվանդա:

Աշակերտել է Մեսրոպ դպիր Խիզանցուն, Նոր Ջուղայում եւ նրանից էլ սովորել է գրչութեան արւեստը:

Իր ծննդեան թւականը իանում ենք իր գրած գրչագրերում ոտանաւորի ձեւով դրած յիշատակարաններից:

Այդ գրչագրերից առաջինը դրւել է 1635 թւին Թորըսկանում, որ "Յայսմաւուրք"-է ուր եւ ասւած է.

"Արդ ես Գասպար մեղօք ի լի,

Ըզ ԼԱ (31) ամն լը մնեցի,

Զամէնն ի հետ մեղաց կացի

Ու զմահու օրն չյիշեցի:

Զօրն ուտթի եւ ըմպէի,

Ես ծոյլ եւ թոյլ ամենայնի,

Աշխարհս ծով էր եւ ես ծփի,

Միթէ իմ Տէրն ինձ ողորմի":

(Ցուցակ ձեռագրաց Նոր Ջուղայի)

Միւս գրչագրերը Ն. Ջուղայի թիւ 432, գրւած 1640 թւին "Ճառընտիր" է: Թիւ 249, գրւած 1658 թւին "Յայսմանւուրք", որոնց մէջ յիշւած աւելի երկար բանաստեղծութիւններով, այդ ժամանակ ինքն եղել է 36 եւ 54 տարեկան հասակում:

Այս գրչագրերից 1658 թւի "Յայսմաւուրք"ը գրել է իր երեք աշակերտների` Մալխասի, Յարութիւնի եւ Մալիի հետ:

Գասպար երէցը Նոր Ջուղայի գրչագրերի ընդօրինակման մէջ ունի իր առանձին տեղը: Համաձայն մեր` ձեռքի տակ եղած գրչագրերի ցուցանակների, նա գրել է 24 գրչագիր, որոնք սկսւում են 1621 թւից, այսինքն իր 17 տարեկանից եւ աւարտւում են 1672 թւին` մինչ 68 տարեկան հասակւ, աւելի քան յիսուն տարի` կէս դար:

Նրա գրած գրչագրերից մի քանիսը, յատկապէս վերջին տարիներինը, գտնւում են Մաշտոցի անւան Մատենադարանում, որի պատճառով էլ հնարաւոր չեղաւ աւելի մանրամասնութիւն ձեռք բերել իր մասին: Նա ապրել է Թորսկան գիւղում, Գասկում, Նոր Ջուղայում եւ Դովլաթաբադում, որ տեղերում եւս գրել է վերյիշւած գրչագրերը:

Link to post
Share on other sites

2. ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԵՑԻ

Զաքարիա քհնյ. Վանեցին, ինչպէս տիտղոսն է ցոյց տալիս, ծնվել է Վանում, 16-րդ դարի առաջին կէսում, իսկ 17-րդ դարի սկզբներում նրան տեսնում ենք Սպահանում, ապա Զարմահալ գաւառի Քաթակ գիւղում, որտեղ եւ գրել ու նաեւ ծաղկել է մի քանի գրչագրեր:

Իր մասին, մի Աւետարանի յիշատակարանում (թիւ 565, 109), որը գրւել է 1615-18 թւին, Քաթակ գիւղում, այսպէս է յիշում.

"Գրեցաւ ՌԿԷ (1618) թւին, ձեռամբ Յովանէս սարկաւագին, անմեղադիր լերուք, ով ընթերցողք, զայս Աւետարանս, Վանեցի Տէր Զաքարայ վարպետ ասեն, այն էր սկիզբն արարել, թղթերն ամէն ծաղկել էր, տնաւրինականքն նկարեաց ապա ողորմած հոգին վախճանեցաւ":

Ապա շարունակում է ոտանաւորի ձեւով.

"Ես Յովանէս սարկաւագս Տզաղեցի,

Որ նորա աշակերտ էի,

Ապայ որ մնաց այնպիսի,

Ետոյ ես առի գիրեցի,

Պակասընին ամէն լցի,

Մատթէոսոյ Մարկոս ի լի,

Թեր ու թուփն ես քաշեցի

Ապա ամէնն կատարեցի,

Որ թամամ արի կապեցի,

Յիշատակ առ ձեզ թողեցի...

(Ցուցակ Ն. Ջուղայի գրչագրերի)

Այսինքն նա մինչեւ իր մահւան օրերն եւս զբաղւել է գրչութեամբ ու մանրանկարչութեամբ:

Նա գրիչ, ծաղկող ու մանրանկարիչ լինելուց բացի, եղել է նաեւ կազմարար, այդ մասին յիշւած է 1570 թւին Փարխու գիւղում գրւած մի Աւետարանի մէջ, որը բերում ենք ստորեւ.

"Կազմեցաւ Սուրբ Աւետարանս ձեռամբ Զաքարա Վանեցոյ ի ՌԾԹ (1610) թվին ի գեաղւաքաղաքս Ջուղայ..."

Նոյնպիսի մի յիշատակագրութիւն կայ նաեւ Ն.Ջուղայի թիւ 349, 34, (Բ.հատ էջ 44) Աղօթամատոյցի մէջ.

"Գրեցաւ, նկարեցաւ եւ կազմեցաւ գիրքս որ կոչի Աղաւթամատոյց, ձեռամբ անարժան Զաքարայ Վանեցի իրիցու, Ի թվականիս Հայկազեան տումարին ՌԿԱ (1612) ամին, ի յաշխարհսս պարսից..."

Զաքարիայի հօր անունն եղել է Տէր Յովանէս, իսկ մօր անունը Ուլուխաթուն, որը յիշւած է թիւ 565 (109) գրչագրերի մէջ, (էջ 156 Ն.Ջ. ցուցակ Ա. հատ.) թաղւել է Զարմահալի Քաթակ գիւղում 1615 թ, բայց մեղ հնարաւոր չեղաւ գտնել տապանաքարի արձանագրութիւնը:

Link to post
Share on other sites

3. ՀԱՅՐԱՊԵՏ ԴՊԻՐ

Հայրապետ դպիրն եւս, ինչպէս Մեսրոպ Խիզանցին, իր ամբողջ կեանքը նւիրել է գրչութեան, մանրանկարչութեան ու ծաղկումին:

Մեզ հասած առաջին գրչագիրը ծաղկւած Հայրապետի ձեռքով, պատկանում է Մատենադարանի ժողովածուին, (թիւ 1260) գրւած 1642 թւին, իսկ վերջին գրչագիրը` դարձեալ Մատենադարանին (թիւ 247) գրւած 1691 թւին:

Նրա մանրանկարած գրչագրերի մի մասը, գտնւում են Մաշտոցի անւան Մատենադարանում, մի քանիսը Նոր Ջուղայի եւ մի երկու-երեքն էլ Երուսաղէմի գրչագրերի մէջ:

Հայրապետը ծաղկել ու նկարազարդել է շուրջ 30 գրչագիր, որոնց բոլորի մէջ եւս այլոց կողմից եղաց յիշատակարաններում բարձր է գնահատւել նրա աւրեստը եւ անգամ անւանւել "Վարպետաց վարպետ":

Իր ծաղկած մի Աստուածաշունչի մէջ ունի մի քանի բանաստեղծութիւններ, որոնցից մէկ համեմատաբար համառօտը բերում ենք ստորեւ.

"Ի թուականիս Ռ յիսնի (1050),

Երկ քսանի եւ միոյ թւի (1642),

Ես Հայրապետ մեղաց դերի,

Որ ցնորեալ կամ յաշխարհի,

Դառն կենոք երերայի,

Հոգիս է սեաւ ի մէջ մարմնի,

Մատամբ իմով մեղսամածի,

Երանգ-երանգ զարդարեցի,

Որպէս զդրախտ վայելչալի,

Եւ կամ զայգի պտղով ի լի,

Լուսափթիթ տերեւ ունի,

Պտուղ բերէ անծորալի,

Սեղան հացի որ ոչ սպառի,

Ջուր ծարաւի որ ոչ նուազի,

Զգեստ է պայծառ որ չաղտոտի,

Ջահ է ի վառ, որ շիջանի,

Զոր յիշատակ սա եղիցի,

Եւ բարեխօս առ Տէր բարի

Խոջայ Զօհրապէն ցանկալի,

Իսախան, Նիկողայոս, նորին որդի....

(Մայր ցուցակ ձեռագր. Երուսաղէմի)

1660 թւին գրուած Աստուածաշունչի մէջ ասւած է.

"Նաեւ առաւել յիշեցէք ի Քրիստոս զծաղկօղ եւ զարդարող սուրբ Մատեանս` զվարդապետաց վարպետ Հայրապետն, որ ծաղկեալ զարդարեաց զՍուրբ մատեանս, ոսկով եւ լաճվարտով, եւ զգոյնզգունօք` յոյժ աշխատութեամբ տքնեալ ի վերայ սորա, զոր Տէր Աստուած զարդարեսցէ զնա հոգով եւ մարմնով..."

Նոր Ջուղայի հաւաքածույի մէջ գտնւած մի Յայսմաւուրքի մէջ այսպէս է գրւել.

"Եւս առաւել (յիշեցէք) զՀայրապետն, որ վարդափթիթ բուրաստանս եւ զդրախտս գովելիս ծաղկեաց եւ զարդարեաց երանգ-երանգ գեղով եւ լաջվարով..."

Իր նկարազարդած ձեռագրերից է նաեւ թիվ 506 (316) Խորհրդատետրը, որը ունի շատ գեղեցիկ մանրանկարներ եւ խորհրդազարդեր:

Վերջին նկարազարդւած գրչագիրը, որ մեզ է հասել, մի Աւետարան է, գրւած Նոր Ջուղայում, 1691 թւին, Կիրակոս երէցի ձեռքով, Ղազար վրդ. Թաւրիզեցու պատւէրով.

Այնտեղ եւս իր մասին ասւած է.

"...Առաջնորդութեան Ջուղայու հոգելի ըՍտեփանոսի վարդապետի եւ վերակացու Ջուղայու պարոն Աւետին եւ ծաղկեալ որսկէնկար ծաղկօղ Հայրապետն, որ է բարեսէր յամենայն գործս բարիս..."

Իր ծաղկած գրչագրերից ոչ մեկի մէջ յիշւած չէ իր ծնողների անունը, միայն 1661 թւի Յայսմաւուրքի մէջ յիշւած է կնոջ անունը` որ է Աննա, իսկ զաւակների անունները` Աղաջան եւ Սարգիս:

Կարծում ենք ծնւած պէտք է լինի 1620-ական թւականներին եւ վախճանւած նոյն դարի վերջերում: Իր տապանաքարը չգտանք Նոր Ջուղայի գերեզմանատանը:

Անունը յիշատակւած է միայն "Կենսագրական բառարան"-ի մէջ, (Բ. հատ., էջ 160), որպէս հոգեւորական:

Link to post
Share on other sites

4. ՄԵՍՐՈՊ ԴՊԻՐ ԽԻԶԱՆՑԻ

Մեսրոպ Խիզանցին, ինչպս անունն է ցոյց տալիս, ծնւել է Խիզան քաղաքում 16-րդ դարի վերջին քառորդում: Ինչպէս Խաչատուր դպիր Խիզանցին, որ Խոջայ Ստեփանոսը Երուսաղէմից վերադարձին 1595 թւին, իր հետ բերել էր Հին Ջուղա, հաւանաբար Մեսրոպն եւս նոյնանման ձեւով գնացել է այնտեղ կամ հայերի գաղթից անմիջապես յետոյ Նոր Ջուղա է եկել, որտեղ եւ ծառայել է մեծ գործունէութիւն, որպէս գրիչ, մանրանկարիչ եւ վարպետ ու ուսուցիչ:

Ինչպէս Սիրարփի Տէր Ներսիսեանն է գրել եւ ինչպէս գրչագրերի յիշատակարաններից է պարզւում, նա սովորել է մարնանկարիչներ Սարգիս Մազմանցու, Մարտիրոս Խիզանցու եւ նրա որդու` Գրիգորիսի մօտ եւ աշխատանքի է անցել ծննդավաւյրում, իսկ սկսեալ 1608 թւից, նրան տեսնում ենք Նոր Ջուղայում, որ այդ թւին Խոջայ Վելիջանին պատկանած մի Աւետարանը ծաղկել ու նկարազարդել է:

Նա ծաղկել ու մանրանկարներով զարդարել է նաեւ Խոջայ Նազարին պատկանած եւ 1280 Փրկչական թւին գրւած մի Աւետարան:

Մեսրոպ Խիզանցին իր գրած ու ծաղկած գրչագրերի մէջ ունի մի շարգ յիշատակագրութիւններ, որոնցից մի քանիսը բերում ենք այստեղ.

"Արդ եւս առաւել յիշեցէք զիս անարժան Մեսրոպ Դպիր Խիզանցիս եւ զմարմնաւոր ծնողս իմ Տէր Մարտիրոսն եւ զԽոնդարքն եւ զեղբայրն իմ Տէր Թադէոսն, Պարսամն եւ քուերքն իմ Աննայն եւ Դեղծուն եւ զորդին իմ Մարտիրոսն, որ բազում աշատանք ի ծաղկել եւ զարդարել, յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք: Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զիս անարժան եւ զհոգեւոր վարպետս իմ, նախ զՏէր Սարգիսն, որ մականուն Մազման կոչի եւ զվարպետաց վարպետն զՏէր Մարտիրոս քաջ Խիզանցին եւ զորդին իւր Գրիգորիս եւ զամենայ աշխատաւոր, որ երախտիք ունէին ի յարուեստ յայս, յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք, Ամէն:"

Խոյքանի Ս. Աստուածածին եկեղեցու Աւետարանի մէջ գրւած 1619 թւին, յիշւած է.

"Զքեզ աղաչեմ ով Միածին

Յորժամ դաս դու յատեան դատաստանին

Անտես չառնես ծակող սորին,

ԶՄեսրոպ դպիրս Խիզանցին..."

(Ցուց. Ն. Ջուղայի)

Իր գրած կամ ծաղկած գրչագրերի թիւը անցնում է երեք տասնեակից, վերջին գրչագրիրը ծաղկւել ու մանրանկարւել է 1651 թւին, իսկ առաջինը 1603-4 թւին, որը 1975 թւի Ապրիլ 7-ին աճուրդի հանւեց Լոնդոնի "Սոտպի" աճուրդային ընկերութեան կողմից:

Link to post
Share on other sites

5. ՅԱԿՈԲ ԵՐԷՑ ՋՈՒՂԱՅԵՑԻ

Յակոբ երէցը ծնվել է Հին Ջուղայում, հաւանաբար 16-րդ դարի կէսերին, սովորել է Վանի Լիմ կղզում Զաքարիա Գնունու մօտ, ապա եղել է Էրզրումում, Քղիում, Վասպուրականի Դւնիկ գիւղում, Վարագում եւ Աւանում:

Շահ Աբբասեան մեծ գաղթի օրերին, հին Ջուղայի բնակիչների հետ, եկել է Նոր Ջուղա, ուր եւ վախճանվել է 1613 թւին:

Եղել է թէ գրիչ եւ թէ մանրանկարիչ: Մինչեւ այժմ իրենից մեզ ծանօթ են ութը գրչագիր, որոնք ծաղկւել ու մանրանկարւել են իր ձեռքով, դրանց մէջ օգտագործած վառ գոյներն ու ներդաշնակութիւնը` ցոյց են տալիս նրա վարպետ լինելու հանգամանքը, ինչպէս եւ իր ձեռներէցութիւնը մանրանկարչութեան մէջ:

Իր մասին յիշւած է "Հայկ. Սով. Հանրագիտարանի" (Զ. հատ. էջ 69), "Կենսագրական բառարան"-ի (Բ. հատ., էջ 139), եւ մի շարք մանրանկարչութեան ալբոմների մէջ, որտեղ եւ բերւած է իր մանրանկարներից:

Դրանցից բացի, Իրինա Դրամբեանը մի յօդւած ունի "Բանբեր Մատենադարանի" մէջ (թիւ 10, էջ 171-184), ուր "Յակոբ Ջուղայեցու մանրանկարների պատկերագրութիւնը" խորագրով, հանգամանօրէն անդրադառնում է նրա արւեստին եւ մանրանկարչութեան որպիսութեան:

Յակոբ երէցի նկարազարդւած գրչագրերից մի քանիսը գտնւում են Մաշտոցի անւան Մատենադարանում, մի երկուսը Եւրոպայի զանազան հաւաքածոներում, իսկ մէկը Նոր Ջուղայում: Նոր Ջուղայի հաւաքածուում գտնւածը մի Աւետարան է, որը ըստ յիշատակարանի գրութեան, աւարտւել է 1607 թւին Նոր Ջուղայում, այսինքն գրչութիւնը սկսւել է ըստ երեւույթին Հին Ջուղայում:

Այդտեղ ասւած է.

"Ի դառն եւ ի մրուր տրտմակիր ժամանակիս եւ եմք տարակուս եւ սրտաբեկ թէ զինչ լինիցի վերջն...: Ի թւականիս Հայոց ՌԾԶ (1607) ամի եղեւ աւարտ ի Շօշ քաղաք, որ է Ասպահան":

Ապա երկարօրեն պատմում է հայերի գաղթի եւ կրած տառապանքների մասին:

Յակոբ երէցից մեզ ծանոթ ամենահին ծաղկած գրչագիրը գրւել է 1585 թւին, Քղիյում, որն այժմ պահւում է Մաշտոցի անւան Մատենադարանի մէջ (թիւ 9691):

Յակոբի վերջին գործը մի "Ճաշոց" է, որը գրւել է 1613 թւին եւ ծաղկւել ու նկարազարդւել հաւանաբար իր կողմից եւ նոյն տարին էլ վախճանւել է:

"Ճաշոց"-ը գրել է Սարգիսը, որի յիշատակարանում այսպէս է ասւում այդ մասին.

"Այլ եւ ջերմեռանդ սիրով եւ գրով յիշեցէք ամենայն շնորհօք լցեալն, նման Բերսէլիէլի ճարտարապետի` պատկերանկար եւ ծաղկարար գոյն-գոյն դեղով` ոսկով եւ լաճվարդով, զարդարիչ գրոց եւ տանց նաղաշի եւ քաջ քարտուղար Տէր Յակոբին, որ յայսմն ամի փոխնցաւ առ Քրիստոս, յանանց կեանքն, յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք..."

Հակառակ մեր պրպտումների, Նոր Ջուղայի գերեզմանատան մէջ չյաջողւեց գտնել իր տապանաքարը:

Link to post
Share on other sites

6. ՍՏԵՓԱՆՈՍ ԵՐԷՑ ՋՈՒՂԱՅԵՑԻ

Նոր Ջուղայի գրչագրութեան մէջ, մենք հանդիպում ենք մի քանի Ստեփանոս անունով քահանաների: Դրանցից մէկի հօր անունը Կոստանդ է, մէկինը` Տէր Ստեփանոս, մի ուրիշը յայտնի է որպես Ձիգ Տէր Ստեփանոս, իսկ մէկ այլը` Ստեփանոս երէց կամ Ստեփանոս նաղաշ:

Մեր խօսքը այստեղ այս վերջինի մասին է, որի անունը կայ մի քանի գրչագրերում, բայց միշտ չէ, որ իր տիտղոսով է յիշւում, այլ յաճախ էլ միայն Ստեփանոս քահանայ կամ երէց, բայց դրանց մէջ մէկ տեղ յիշւած է հօր անունը Մուրատ, որով շատ դէպքերում դժւար է լինում ճշտել թէ իրօք նոյն Ստեփանոսն է թէ մի ուրիշը:

Նաղաշ կամ մանրանկարիչ Ստեփանոսի մաիսն, Նոր Ջուղայի թիւ 338 (24), գրւած 1646 թւին, կարդում ենք.

"Եւ արդ ես մեղաւորս նըւաստ անուամբ զՍտեփանոս քահանայս, իմոյս անարժան ձեռօք եւ փտեալ մատամբս ծաղկեալ նկարեցի զսուրբ Աւետարանս եւ զարդարեցի զսա ոսկուով եւ լաճվարդով եւ այլ գոյնզգոյնիւք, յորժամ հանդիպիք Սուրբ Աւետարանիս, բերան մի ողորմի ասացէք մեղաւորիս..."

Սա ծաղկել է նաեւ Ն.Ջ. գրչագրի թիւ 398 Աւետարանը, գրւած 1631 թւին, Գասպար երէցի ձեռքով, Թորսկան գիւղում: Դրա յիշատակարանում եւս գրիչը այսպէս է գրում.

"Ով հար(ք) եւ եղբայրք, յորժամ հանդիպիք Սուրբ Աւետարանիս տենչութեամբ, յիշեցէք ի յերկնաբացիկ աղօթս ձեր զծաղկող եւ զկազմող սորա, զջուղայեցի զՏէր Ստեփաննոս Մուրատի որդի եւ զիւը ծնողն եւ զկողակիցն եւ զիւը դստերքն..."

Մի այլ գրչագրում, որ Յասմաւուրք է, եւ դարձեալ գտնւում է Նոր Ջուղայի հաւաքածույի մէջ (թիւ 219 (249) էջ 403 Ա. հատ.) գրւած 1658 թւին, յիշւած է նաեւ նրա որդիների անունը, այսպէս.

"Ով ընթերցողք, յորժամ ընթեռնուք, յիշեցէք ի Քրիստոս զծաղկող սորա զՏէր Ստեփանոսն եւ զորդիքն իւր զՄալումն, զՎարդանն եւ զՄուրատջան..."

Ստեփանոս երէցը ճամբորդել է նաեւ Ջուղայից դուրս եւ 1637 թւին Խարակոնիսում գրել ու ծաղկել է մի Աւետարան, Քուչակի համար, որտեղ յիշւած է նաեւ Աշըղ Քուչակի` Նահապետ վարպետի մասին.

"Յիշեցէք զՔուչակ եւ միւս կենակից Թանգխաթունն: Դարձեալ յիշեցէք զՔուչակ եւ զմեծ պապն իւր` Նահապետ վարպետն, ու մականուն Աշըղ Քուչակ ասի...":

"Եւ ես` Ստեփանոս Ջուղայեցի նաղաշ երէցս հանդիպեցայ Խարակոնիս.."

Ստեփանոսը ծաղկել եւ կազմել է նաեւ Ն. Ջուղայի թիւ 433 (251) Յայսմաւուրքը, գրւած 1661 թւին:

Ստեփանոս երէցը ճամբորդել է նաեւ Վան, Երուսաղեմ, Հալէպ, Լիմ եւ այլ տեղեր. վերոհիշեալ վայրերում գտնված միջոցին եւս պարապ չի մնացել, այլ գրել ու ծաղկել է մի քանի Աւետարաններ, որոնց յիշատակարանները գրւած են բանաստեղծական չափերով, որոնք ըստ թւական հերթականութեան, բերում ենք ստորեւ.

ա. Ստեփանոս Ջուղայեցի,

Տուն աւետաց մտաւ ածի,

Երուսաղէմ յաւժարեցի,

Փութով պարսից երկրեն ելի,

Աստ Վան քաղաք եկայ հասի,

Նստեալ փութով զայս ծրեցի,

Ոսկով պայծառ զարդարեցի,

Սակաւ պաշար ճամփիս առի,

Եւ աղաչեմ հանդիպողի,

Րաբունապետ ընթերցողի,

Եւ ինձ տրուփս տուք ողորմի,

Ցաւակից լերուք մեղաւորի,

Ի թվին հազար ԶԴ (1635)-ի

Վայ է ինձ մեղաւորի:

բ. Ստեփանոս Ջուղայեցի,

Տանէն պարսից ելի եկի,

Երուսաղէմ (ես) գնացի,

Փութո(վ) (ուխ)տ կա(տա)րեցի,

Ապա եկա աստ Վան հասի,

Նստեալ փութով զայս ծաղկեցի,

Ոսկով պայծառ զարդարեցի,

(Սակաւ պաշար ճամբիս առի),

Եւ յիշատ(ակ) (ինձ) գրեցի,

Րաբունապետ Ստեփանոսի,

Եւ է նա հայր անապատի,

ՑԼիմ կղզի ծովամիջի:

(ԺԷ դար, յիշատ., Բ. հատ., էջ 6768 (667-68 գրչ. N. 5637, Աւետ. 1636 թ.)

գ. Ստեփանոս Ջուղայեցի,

Տուն աւետեաց մտաւ ածի,

Երուսաղէմ յաւժարեցի,

Փութով պարսից երկրէն ելի,

Աստ Բերիա քաղաքս հասի,

Նստեալ փութով զայս ծաղկեցի,

Ոսկով պայծառ զարդարեցի,

Սակաւ պաշար ճամփիս առի,

Ես ձեզ հայցեմ արտասւալի..."

(Հալէպի 40 մանկաց, էջ 46, գրչ. թիւ 15, Աւետարան, 1660 թ.)

Հալէպի ձեռագրաց ցուցակի մէջ, (էջ 42-45) երկարօրէն եւ խօր հիացումով խօսւում է ծաղկողի ու մանրանկարողի մասին, որից մի քանի տող բերում ենք այստեղ.

"Բայց հատորիս ամենէն շքեղ խորանները չորս Աւետարաններու սկզբնական զարդերն են, իսկապես պատւաբեր գործ Ջուղայեցի Ստեփանոսի տաղանդաւոր վրձնին: Չորսին ալ յատակը, առանց բացառութեան ոսկի է, աւելորդ է ըսել ընտիր եւ անարատ ոսկի: Կոնաձեւ լայնմէջք ճակատի մը շուրջը կը ծփան երփներանք տասը վարդեակներ..."

Ստեփանոս երէցը եղել է նաեւ Ն.Ջ. Վանքի Տաճարի գլխաւոր նկարիչներից մէկը, իր անունը գրւած է Տաճարի սեղանի ձախ կողմում Սբ. Աստւածածնի նկարի տակ, այսպէս` "Կոյս սուրբ ողորմեա Տէր Ստեփանոս պատկերահանիս":

Վանքի նկարազարդման եւ նկարիչների մասին, մի յօդւածաշարք ունի Յ. Քիւրտեանը, "Հայրենիք" ամսագրի մէջ, (1939 թ. Դեկտ., էջ 149-156, 1940 թ. Յունւ., էջ 120-135 եւ Մարտ, էջ` 118-126):

Կարծում ենք Տէր Ստեփանոսը ծնւած պէտք է լինի 17-րդ դարի սկիզբներում եւ վախճանւած նոյն դարի վերջին քառորդում:

Link to post
Share on other sites

ՆՄՈՅՇՆԵՐ

ԳՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՁԵՒՈՎ ԳՐՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ

Գրչութեան մէջ իր առանձին հետաքրքրութիւն ունի գրիչների կողմից, որպէս յիշատակագրութիւն, բանաստեղծութեան ձեւով եղած գրութիւնները:

Դրանցից ոմանք խրատական են, ոմանք զգացմունքային ու կրօնական, ոմանք ցաւի եւ դժւարութեան կամ լաւ ու վատ զգացմունքների արտայայտութիւններ:

Դրանց մէջ շատ անգամ գրիչն իրեն մեղկ ու ստոր ներկայացնելով, խնդրում է որ յիշեն իրեն եւ ողորմի տան:

Ստորեւ որպէս հետաքրքրութիւն բերում ենք մի քանի օրինակներ, հաւանաբար սրանցից մէկ-երկուսը թերեւս յիշւած լինեն գրչի կենսագրութեան մէջ կամ այլ առիթով, բայց այնուհանդերձ այստեղ դրանք ներկայացւում են միւսների հետ, մի ամբողջական ճաշակ տալու համար:

1. ՅԱԿՈԲ ԵՐԷՑ

"Գերի Յակոբ դու եղկելի,

Անպիտանակ մեղաւք ի լի,

Գնա ջանայ գտիր բարի,

Որ չընկղմիս մեղածովի,

Ով ընթերցող քաջ եւ արի,

Վարժեալք բիւրոց, քանականի,

Յերբ որ նայիս դու հըմտալի,

Լի բերանով տաս ողորմի":

"Աւետարան" 1607 թ. Ն.Ջ. ցուցակ Ա. հատ., էջ 149, գրչ. թիւ 396 (105)

2. ՍԱՐԳԻՍ ԱԲԵՂԱՅ

Ձեռքս գնայ, տեղն երեւայ,

Մարմինս փտեալ փոշի դառնայ,

Յիշատակ առ ձեզ մնա, Ամէն,

Տեսի բերան մի յիշեա,

Այլ դիւր ընթեռնուք աւգտի սմա,

Յիշել ի Տէր զգծող սորա,

Եւ Քրիստոսի փառք յաւիտեանս ամէն":

"Աւետարան" 1607 թ. Ն.Ջ. ցուցակ Ա. հատ. էջ 152, գրչ. թիւ 412 (106)

3. ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅ

"Ձեռքս փտի եւ հող դառնայ,

Գիրս յիշատակ առ ձեզ մնայ,

Յահեղ աւուրն, որ Տէրն գայ,

Ինձ գծողիս հազար մի վայ,

Զի սուտ անուամբս եմ քահանայ,

Չարիւք լցի զիս յարակայ,

Յիսուս Քրիստոս անմահ արքայ,

Քո ծառայիս դու ողորմեայ,

ԶԱւետարանս ով ստանայ

Արքայութեանդ արժան արայ":

"Աւետարան" 1607 թ. Ղազւին, Ն.Ջ. ցուցակ, Բ. հատ., էջ 11, գրչ, թիւ 324 (12):

Link to post
Share on other sites

4. ՅԱԿՈԲ ԵՐԷՑ

"Քանի դատիս ի յետ մեղաց,

Ու շահ չունիս անցաւորաց,

Ընկղմեալ ես մէջ ի մեղաց,

Գիշեր ու ցերեկ նստիր ի լաց,

Միթէ լսէ Տէրն ողորմած,

Անտես չառնէ զգործս ձեռաց,

Հաւասար առնէ իւր սիրելեաց,

Մեղքդ չյիշէ, թողնու ի բաց,

Ով հանդիպող յայսմ տառի,

Մէկ բերան ինձ ողորմի ասի,

Արժան լինի տեսոյն Քրիստոսի,

Եւ Քրիստոսի փառք յաւիտեանս, ամէն":

"Մասունք Աստուածաշունչի" 1627 թ. Ն.Ջ. ցուցակ, Ա. հատ, էջ15, գրչ. թիւ 96 (8):

5. ԳԱՍՊԱՐ ԵՐԷՑ

"Կարդա սիրով դու զայս Եղբայր,

Սա մարգարիտ յոսկին ի շար,

Սա է բազմաց յոյժ օգտակար,

Իմաստութիւն բան է հանճար":

"Գիրք պարապմանց եւ մոլորութեանց" ԺԷ դար, Ն.Զ. գրչ ցուց, Բ. հատ., էջ 61, գրչ. թիւ 367 (45):

6. ԿՈՅՍ ՎԱՐԴԽԱԹՈՒՆ

"Գրեցաւ Ռ եւ Ճ (1651) ի թվականիս,

Ի Շաւշ քաղաքի եւ ըՍպայնանիս,

Դարձեալ աղաչեմ ի հոգայկանիս,

Խոշորութեան գրոյս եւ սխալութեան բանիս,

Անմեղադիր լինել կարիս եւ ջանիս,

Դեռ նոր եմ ըկսեալ ի նաւտար բանիս,

Որ չեմ կատարեալ վարետութիւնիս,

Անհաս եւ խակ եմ արւեստարանիս,

Կարիս իմ այս էր կատարել բանիս 97":

"Աւետարան" 1651 թ. Ն.Ջ. գրչ., Ա. հատ., էջ 175 գրչ. թիւ 42 (126):

7. ԹՈՒՄԱ ԵՐԷՑ

"Ես մեղաւոր եւ անարժան,

Եւ եղկելի քան զամենայն,

Հոգով, մտօքս եմ անպիտան,

Անկեալ չարօք խիստ զանազան,

Անուանովս եմ ի լուծ կարգի,

Գործովս չար եմ լալկան,

Բարեխօս ունիմք Սբ. առաքեալքս ամենայն,

Որ ահեղ մեծի հրապարակին,

Զմեզ արժան առնեն յիշման,

Մուտ անուն երէց Թուման":

"Մասուք Նոր Կտակարանի" 1668 թ. Ն.Ջ. ցուցակ, Ա. հատ., էջ 233 գրչ. թիւ 116 (179):

8. ԴՊԻՐ ՄԱԼԻՆ

"Արդ մեք Գրիգոր, Յովսէփ քահանայքս եւ Մալին դպիրս,

Զքսան եւ վեց ամն լցի,

Զամէնն ի հետեւ մեղաց կացի,

Եւ զմահու օրն չյիշեցի,

Զօրն ուտեաք եւ ըմպէաք

Մեք ծոյլ եւ թոյլ յամենայնի,

Աշխարհս ծով էր ծփեան,

Մի՞թե մեր Տէրն ողորմի,

Զինչ, որ այլոց խրատ տայաք,

Յօժար կամօք զայն գործեաք,

Զայլոց զշիւղն յայտնէաք,

Եւ զմեր գերանն ծածկեաք...."

"Քարոզագիրք" 1667, Ն.Ջ. գրչ., Ա.հատ., էջ 713, գրչ. թիւ 311 (454):

Link to post
Share on other sites

9. ՄԱԼԽԱՍ

"Լուծմունքս համեղ է եւ յարմար,

Քան զմարգարիտ ոսկին ի շար,

Գանձ պատուական է եւ ջոհար,

Կարդա եւ ի մրտւած անդադար,

Զմեղօք լցեալ անձն իմ տկար,

Եւ ամենայն գործովք խաւար,

Յիշեա սիրով քո տիրաբար,

Ով սիրելի քաղցրիկ եղբայր,

Փառք արարչին տուր անդադար":

"Ժողովածու" 1685 թ. Ն.Ջ. ցուցակ, Ա.հատ., էջ 602, գրչ. թիւ 138 (400):

10. ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ԱԲԵՂԱ

Ա.

"Փցուն գրչիցս ինչ բան ասեմ,

Կամ կրակ դնեմ, թէ յիշեցէք,

Միայն ի քեզ եմ ապաստան,

Զողորմութիւն ձրի շնորհեք:

Նա որ առատն է պարգեւօք,

Ձեզ պարգեւէ զոր ինչ խնդրէք,

Զփափգ սրտիս ձեր կատարէ,

Որպէս դուք զմերս կատարէք:

Բ.

Գիրս է խորին ծովու նման,

Ծածկեալ ի սա գանձ պատուական,

Լօղորդ պիտի ճարտարաբան,

Արտաքս բերէ զգանձս որ աստ կան,

Մի լինիցիս յանձդ ապաստան,

Կարծել գիտուն ընդ ճարտասան,

Այլ յուսացիր յաստւածնաբան,

Ձայն որ աղբիւրն է գիտութեան,

Կրթեալ եղբայր մինչեւ վախճան,

Մարքեայ զքո միտըդ եւ զգայարան,

Եւ լեր հոգւոյն սուրբ բնական,

Որ հասանիս իմաստութեան:

Այս բանս լիցի քեզ բաւական,

Վայ եղկելոյս Ռ(հազար) բերան:

"Առ որս ճառք, Գր. Ածաբ." 1694 թ. Ն.Ջ. ցուցակ, Բ.հատ., էջ 52, գրչ. թիւ 360 (38):

11. ԱՍՈՒԱԾԱՏՈՒՐ ՔԱՀԱՆԱՅ

Ով վայելող սուրբ մատենիս,

Մաղթեմ յիշել զիս եղկելիս,

Աստուածատուր գծող տառիս,

Դաւթի սրբոյ երգարանիս":

"Ժամագիրք Ատենի" 1714 թ. Ն.Ջ. ցուցակ, Ա.հատ., էջ 473 գրչ. թիւ 119 (266):

12. ԱՒԵՏԻՍ ՔԱՀԱՆԱՅ

"Խուպէք բգոյ, աղբէր փափաս,

Որ սորա լազաթն իմանաս,

Թէ յամառիս եւ գոռաս,

Ապա մէկ էշ մը ես` կու զըռաս":

13. ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ

"Կամիմ դառնալ քահանայ,

Հեռացիր ով սատանայ,

Թող իմ նպատակիս հասնեմ,

Մեր սուրբ Փրկչին աղօթեմ,

Սուրբ Կոյս, աղաչում եմ քեզ,

Դու բարեխօս լինես մեզ":

"Գանձարան" 1714 թ. Ն.Ջ. ցուցակ, Բ. հատ., էջ 185, գրչ. թիւ 713 (174):

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...