Jump to content

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ


Recommended Posts

Le Petit Prince (French)

Der kleine Prinz (German)

The Little Prince (English)

Маленький Принц (Russian)

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

ԱՆՏՈւԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔՍՅՈւՊԵՐԻ

ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ

Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ` այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դրանից, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրենմ, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ`

ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ,

երբ նա փոքրիկ տղա էր

Link to post
Share on other sites

I.

Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:

pp01.jpg

Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջ-ողջ: Դրանից հետո նա այլեւս չի կարողանում շարժվել եւ կես տարի անընդհատ քնում է` մինչեւ որ մարսում է կերածը»:

Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին եւ գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ №1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:

pp02.jpg

Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին եւ հարցրի` սարսափելի չէ արդյոք:

-Մի՞թե գլխարկը սարսափելի է,- առարկեցին նրանք:

Իսկ դա ամենեւին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ №2 նկարը:

pp03.jpg

Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի եւ ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ. պատմությամբ, թվաբանությամբ եւ ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: №1 եւ №2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք եւ ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:

Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել եւ սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարեւոր է այս իմանալը:

Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենեւին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:

Երբ հանդիպում էի որեւէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ №1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»: Եվ ես այլեւս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների եւ ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ եւ գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:

Link to post
Share on other sites

II.

Այսպես ես ապրում էի մենության մեջ, եւ մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում: Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչ-որ բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղեւոր, եւ ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր: Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ:

Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս` հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես: Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչ-որ մեկի բարակ ձայնը:

-Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ...

-Ի՜նչ...

-Ինձ համար մի գառնուկ նկարիր...

Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի: Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ: Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել:

pp04.jpg

Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար: Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չիգա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի:

Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երեւույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երեւում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու ծարավից մեռնում է: Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի.

-Բայց... Ի՞նչ ես անում դու այստեղ:

Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց.

-Խնդրում եմ... գառնուկ նկարիր...

Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ` անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ ես հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս: Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել եւ ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց.

-Միեւնույն է, մի գառնուկ նկարիր...

Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը` վիշապօձը դրսի կողմից, եւ շատ զարմացա, երբ տղան բացականչեց.

-Ոչ, ոչ... ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր...

Եվ ես նկարեցի:

pp05.gif

Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց.

-Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր...

Եվ ես նկարեցի:

pp06.gif

Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց:

-Չէ՞ որ դու էլ ես տեսնում, - ասաց նա, - որ սա գառնուկ չէ: Սա մեծ խոյ է, կոտոշներ ունի...

Ես նորից նկարեցի, բայց նա այդ նկարից էլ հրաժարվեց:

pp07.gif

-Սա էլ արդեն պառավ ոչխար է: Ինձ այնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի:

Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը եւ ահա թե ինչ խզմզեցի: Եվ ասացի տղային.

pp08.gif

-Ահա քեզ մի արկղ: Մեջը մի այնպիսի գառնուկ է նստած, ինչպիսին դու ուզում ես:

Որքան ես զարմացա, երբ իմ խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ.

-Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք:

-Ինչո՞ւ ես հարցնում...

-Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է...

-Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս:

-Այնքան էլ փոքր չէ...- գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա:- Տե՛ս, տե՛ս, քնել է…

Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:

Link to post
Share on other sites

շարունակելի :)

Սա աշխարհի ամենագեղեցիկ, ամենաբարի հեքիաթն է…

Չեմ կարծում, որ աշխարհը այսքան խելահեղ լիներ, եթե մարդիկ մեկ անգամ գոնե կարդացած լինեին այս հեքիաթը: Նրա ամեն տողը ուղղակի ճչում է. “Բարի՛ եղեք, մարդի՛կ”: Արձագանքը պետք է որ մարդկանց սրտերում լինի…

Այն թարգմանված է աշխարհի շատ լեզուներով:

Սպասում ենք շարունակությանը…

Link to post
Share on other sites

III.

Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որեւէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ:

Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միեւնույն է, բան դուրս չի գա), հարցրեց.

-Սա ի՞նչ բան է:

-Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է:

Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց.

-Ինչպե՞ս, դու երնքի՞ց ես ընկել:

-Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

-Այ թե հետաքրքի՜ր է…

Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

-Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից:

«Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,- մտածեցի ես եւ ուղղակի հարցրի.

-Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել...

Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով` նա գլուխը կամաց օրորեց.

-Դու սրանով հեռվից գալ չէիր կարող...

Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը:

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից: Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ:

-Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը եւ ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը:

Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց.

-Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի:

-Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ:

Փոքրիկ իշխանը մռայլվեց:

-Կապե՞մ... ինչի՞ համար...

-Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու եւ կորչել:

Այստեղ իմ բարեկամը նորից ուրախ ծիծաղեց:

-Ո՞ւր կարող է նա գնալ:

-Քի՞չ տեղ կա գնալու: Կգնա ուղիղ, ինչքան աչքը կտրի:

Փոքրիկ իշխանը լրջորեն ասաց.

-Դա սարսափելի չէ, ինձ մոտ տեղը շատ փոքր է:

Եվ թախծոտ ավելացրեց.

-Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…

pp09.gif

Link to post
Share on other sites

IV.

Եվ այսպես, ես էլի մի կարեւոր գյուտ արեցի: Նրա հայրենի մոլորակն ընդամենը մի տան չափ է եղել…

Ասենք, դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես գիտեի, որ մեր Երկրի, Յուպիտերի, Մարսի եւ Վեներայի նման մեծ մոլորակներից բացի հարյուրավոր այլ մոլորակներ գոյություն ունեն, դրանց թվում այնքան փոքրիկները, որոնց նույնիսկ աստղադիտակով դժվար է նկատելը: Երբ աստղագետը նման մի մոլորակ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար: Օրինակ` №3251:

pp10.jpg

pp11.jpg

Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանը եկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ №612: Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ` 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ:

pp12.jpg

Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին եւ միայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին:

Դե ի՞նչ կարող ես անել, մեծահասակներն այդպես են:

№612 մոլորակի բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել: 1920 թվականին այդ աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին: Այս անգամ նա հագել էր ամենավերջին նորաձեւության համապատասխան, եւ բոլորը նրա հետ համաձայնեցին:

pp13.jpg

№612 մոլորակի մասին ես ձեզ այսպես մանրամասն պատմեցի եւ նույնիսկ համարն ասացի միայն մեծահասակների պատճառով:

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երեւակայում էն, թե ճանաչեցին մարդուն:

Երբ մեծահասակներին ասում ես` «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին` աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:

Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր եւ շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա: Բայց եթե նրանց ասես` «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է №612», դա նրանց կհամոզի, եւ նրանք քեզ այլեւս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք, այսինքն` նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզենայի սկսել այսպես.

«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, եւ նա սրտակից բարեկամ չուներ...»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:

Ես ամենեւին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, եւ ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա եւ իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում: Ահա մեկ էլ դրա համար էր, որ ես ներկատուփ ու գունավոր մատիտներ գնեցի: Իմ հասակում այնքան էլ հեշտ բան չէ նորից նկարչությամբ զբաղվելը, մանավանդ որ իմ ամբողջ կյանքում ես միայն վիշապօձ եմ նկարել` ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում: Ինչ խոսք, ես կաշխատեմ, որքան հնարավոր է, նմանությունը լավ տալ, բայց անքան էլ վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Մի դիմանկարը նման է դուրս գալիս, իսկ մյուսը` բոլորովին նման չի լինում: Ես հասակի մեջ էլ եմ սխալվում: Մի նկարում իշխանը չափազանց բարձրահասակ է ստացվել, իսկ մյուսում` չափազանց փոքր: Եվ ես լավ չեմ հիշում, թե ինչ գույն ունեին նրա հագուստները: Ես փորձում եմ նկարել ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես, ինչպես որ պատահի, մի կերպ: Վերջապես կարող եմ սխալվել ինչ-որ կարեւոր մանրուքների մեջ, բայց դուք ներողամիտ կլինեք: Իմ բարեկամը ինձ երբեք եւ ոչինչ չէր բացատրում: Գուցե նա մտածում էր, թե ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը: Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատկերի միջով գառնուկ տեսնել: Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երեւի ծերանում եմ:

Link to post
Share on other sites
  • 10 months later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...