Jump to content

Կանանց քահանայության խնդրի շուրջ


Recommended Posts

«Ազգի» հունիսի 20-ի համարում հրապարակվեց մի հաղորդագրություն, համաձայն որի ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցին իր պատմության մեջ առաջին անգամ հովվապետ է ընտրել կին եպիսկոպոսի` Քեթրին Ջեֆերս Շորիին: Այս առիթով որոշեցինք երկու խոսքով անդրադառնալ ընդհանրապես կանանց քահանայության խնդրին: Թեպետ այն մեր եկեղեցու եւ հասարակության համար սուր հրատապություն չի ներկայացնում, այդուհանդերձ, լիովին բացառել դրա առկայությունը սխալ կլինի:

Արդի դարաշրջանի կենսակերպի եւ մտայնության պայմանները քրիստոնեական եկեղեցու համար առաջադրում են նորանոր հարցեր` փորձելով վերանայել իր մի շարք սկզբունքային դիրքորոշումներ: Վերջին տասնամյակներին լայն թափ ստացած ֆեմինիստական տարբեր շարժումների արդյունքում նման հարցերից մեկը դարձավ կանանց քահանայության խնդիրը: Կինն այսօր հասարակական կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում տղամարդու կողքին հավասար դիրք է գրավում, հետեւաբար հարց է ծագում՝ չի՞ կարող արդյոք նույն ոգով նաեւ քահանայական աստիճան ստանալ: Այս հարցին բոլոր առաքելահաստատ ուղղափառ եկեղեցիները, այդ թվում եւ Հայ առաքելական եկեղեցին, միշտ էլ միանշանակ ժխտական պատասխան են տվել, մինչդեռ բողոքական հարանվանությունները եւ Անգլիկան եկեղեցին որոշ վերապահումների են դիմում` կանանց շնորհելով քահանայական, անգամ եպիսկոպոսական աստիճան: Նման քայլը փորձ է արվում հիմնավորել Սուրբ գրքով` վկայակոչելով Պողոս առաքյալի խոսքը. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք, ուրեմն, խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մեկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գաղատ. Գ:27-28): Եթե խտրություն չկա, ապա դա պետք է լինի բոլոր պարագաներում, հետեւաբար` նաեւ քահանայության հարցում: Վկայակոչումն առավել հաստատուն է դառնում Պետրոս առաքյալի կողմից քրիստոնյաներին տրվող բնորոշումով. «Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. Բ:9, տե՛ս նաեւ Ելք ԺԹ:6, Յայտ. Ե: 10): Հետեւաբար, վերոհիշյալ խնդրին արգելք եղող պատճառներն ավելի շատ արգասիք են ավանդապաշտական նախապաշարումների:

Սակայն որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը: Որպեսզի մեզ հստակորեն ներկայանան կանանց քահանայագործման արգելքները, նախ նշենք, որ քրիստոնեական եկեղեցու քահանայությունը սկզբնավորվում է հենց Քրիստոսից, եւ քահանան իր անձով խորհրդանշորեն ներկայացնում է նրան: Անժխտելի է այն փաստը, որ մարմնացյալ Աստվածորդին հանդես է գալիս տղամարդու կերպարանքով, հետեւաբար կնոջ անձը երբեք չի կարող դառնալ նրա խորհրդանշական պատկերը:

Քրիստոսի քահանայական իշխանությունն իր շարունակական ընթացքն ունեցավ առաքյալների միջոցով, իսկ Քրիստոս երբեք իր ընտրյալ 12 առաքյալների թվում որեւէ կնոջ չընդգրկեց, հակառակ, որ նրա հետեւորդների թվում կային բարեպաշտ կանայք, որոնք նրա կողքին էին անգամ այն ժամանակ, երբ առաքյալները լքել էին նրան: Կանանց քահանայության ջատագովները սա փորձում են բացատրել հետեւյալ կերպ. կինը հրեական միջավայրում ճնշված կարգավիճակում էր, եւ Քրիստոս, հարմարվելով ընդունված կարգին, ընտրեց միայն տղամարդկանց: Նախ` Քրիստոս երբեք տուրք չտվեց այդ կարգերին, այլ ընդհակառակը, վերացրեց կնոջ նկատմամբ եղած ավանդական սահմանափակումները. ուշադրության էր արժանացնում նրանց, այցելում եւ ուսուցանում ( Ղուկ. Ժ:38-40), անթաքույց զրուցում նրանց հետ (Հովհ. Դ:6-27), բժշկում եւ կատարում նրանց խնդրանքները ( Մարկ. Ա:29), ներում եւ պաշտպանում է օրենքով դատապարտելի շնացող կնոջը (Հովհ. Ը:3-11), որով ցույց է տալիս նաեւ, որ այս հարցում կնոջ պատիժն ավելի խիստ չպետք է լինի, քան տղամարդունը, վերացնում է տղամարդու` կամայականորեն կնոջն արձակելու օրենքը` հավասար իրավունքներ հաստատելով նրանց միջեւ ( Մատթ. ԺԹ:3-9, Մարկ. Ժ:2-11), իր հարությունից հետո նախ կանանց է երեւում, իսկ նրա հարության լուրը հրեշտակները կանանց են հանձնարարում հաղորդել աշակերտներին (Մատթ. ԻԸ:7-10): Կանանց այս աստիճան բարձրացնող Տերը երբեք չէր կարող զանց առնել այնպիսի կարեւոր հանգամանք, ինչպիսին քահանայությունն է, իսկ մարդկային, այն էլ սխալ օրենքների նկատմամբ հարմարվողականություն վերագրել հանուն արդարության եւ ճշմարտության խաչյալ Փրկչին` պարզապես անհանդուրժելի է:

Առաքելական շրջանում եւս կին քահանաների չենք հանդիպում, չնայած նրանք բարեսիրական գործունեություն էին ծավալում (Գործք Թ:36), սպասարկում եկեղեցուն (Հռոմ. ԺԶ:1), անգամ մարգարեանում (Գործք ԻԱ:9), բայց ոչ երբեք` քահանայագործում: Այս փաստն ընդգծվում է հատկապես նրանով, որ Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալի թեկնածուներ են առաջադրվում երկու տղամարդ աշակերտներ (Գործք Ա: 15-26), մինչդեռ կարո՞ղ էր լինեն ավելի մեծ թեկնածու, քան Տիրամայրն էր:

Հրեական միջավայրում ընդունված սովորություններն այստեղ եւս դեր խաղալ չէին կարող, քանի որ առաքյալներն իրենց քարոզչությամբ շուտով դուրս եկան հրեական շրջանակից եւ տարածվեցին դեպի շրջակա քաղաքներն ու երկրները, ուր հունահռոմեական քաղաքակրթության եւ հեթանոս քրմուհիների առկայության պայմաններում բնավ խորթ պիտի չթվար կին քահանաների գոյությունը, սակայն այստեղ եւս կին քահանաների չենք տեսնում` չնայած հրեական շատ օրենքներ ու սովորույթներ, ինչպես օրինակ` թլփատությունը, պարտադիր չհամարվեցին:

Արգելքի էությունը հասկանալու համար նշենք, որ Աստծո եւ նրան հավատացող մարդկության միջեւ կնքված ուխտը Հին կտակարանում խորհրդանշորեն նույնացվում է հարսի եւ փեսայի միջեւ եղող սիրո հետ (տե՛ս Օսէէ Բ:16, Երեմ. Բ:2, Երգ երգոց): Նոր կտակարանում եւս Քրիստոս եւ եկեղեցին հանդես են գալիս որպես փեսա եւ հարս (տե՛ս Մարկ. Բ:19, Հովհ. Գ:28-30, Բ Կորնթ. ԺԱ:2, Յայտ. ԺԹ:7-8):

Ինչպես կինն է գոյություն առել ամուսնու կողից, այնպես էլ եկեղեցին է հիմնվել Քրիստոսի կողից բխած ջրի եւ արյան` Ս. Մկրտության եւ Ս. Հաղորդության խորհուրդների վրա: Եվ եթե առաջին Ադամը մեղքի ու մահվան իշխանության տակ ընկավ կողակցի դրդումով, ապա երկրորդ Ադամը` Քրիստոս, ազատեց իր կողակցին` եկեղեցուն, այդ իշխանությունից եւ հաստատեց անարատության եւ սրբության մեջ: Ինչպես ամուսինն ու կինն են մեկ մարմին, այնպես էլ Քրիստոս եւ եկեղեցին: Քրիստոս, որ գլուխն է եկեղեցու, իրականացրեց մարդկության փրկությունն իր մարմնի խաչելությամբ ու հարությամբ եւ շարունակում է փրկագործությունը դարձյալ իր մարմնի` եկեղեցու միջոցով: Քահանան հանդես է գալիս ոչ թե սոսկ իբրեւ մարմնի անդամներից մեկը, այլ խորհրդանշում է հենց գլուխը` Քրիստոսին, ուստի նա պետք է նման լինի նրան ամեն ինչով, նաեւ սեռով:

Ինչ վերաբերում է Գաղատ. Գ:27-28 եւ Ա Պետ. Բ:9 վերոնշյալ համարներին, ասենք, որ քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի. առաջինը քրիստոնյաների համընդհանուր քահանայական կարգն է, որ տրվում է մկրտությամբ` փրկության եւ հաղթանակած եկեղեցու անդամ դառնալու համար: Սրանով իրոք վերանում են բոլոր տեսակի սեռային, ազգային, տարիքային, դասային եւ այլ տարբերությունները, եւ ամենքը հավասարվում են փրկության շնորհի առջեւ: Երկրորդը պաշտոնակատար կամ սպասարկու քահանայությունն է, որով համընդհանուր քահանայության միջից ընտրված անձինք, ձեռնադրությամբ ստանալով առաքելավանդ իշխանությունը, կոչվում են կատարելու սրբազան խորհուրդներն ու պաշտամունքային ծիսակարգերը եւ դառնալու Տիրոջ տեսանելի ու շոշափելի խորհրդանիշները: Այս երկրորդ պարագայում էլ հենց կանանց առջեւ պատնեշվում է բնական եւ աստվածադիր արգելքը:

Այսուհանդերձ հստակեցնենք, որ տղամարդու եւ կնոջ համար հաստատված այս կարգը երբեք էլ խտրականություն կամ ստորադասում մտցնել չի նշանակում, այլ Աստծո սահմանած նվիրաբաշխում: Աստված կնոջը տվել է մեկ այլ մեծագույն շնորհ` մայրությունը, որով նա կարողացավ բարձրանալ իր ճնշված դիրքից եւ հասնել Աստվածամոր փառքին: Տեղին է իբրեւ եզրափակում հիշել Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի խոսքը, ըստ որի ընտանեկան հարկը մի եկեղեցի է, որի քահանան մայրն է:

Ազգում տպագրված իմ հոդվածներից մեկն է սա: Հուսամ որոշ չափով օգտակարություն կներկայացնի նաև այստեղ:

Link to post
Share on other sites

Հետեւաբար, վերոհիշյալ խնդրին արգելք եղող պատճառներն ավելի շատ արգասիք են ավանդապաշտական նախապաշարումների:

Ինչ վերաբերում է Գաղատ. Գ:27-28 եւ Ա Պետ. Բ:9 վերոնշյալ համարներին, ասենք, որ քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի. առաջինը քրիստոնյաների համընդհանուր քահանայական կարգն է, որ տրվում է մկրտությամբ` փրկության եւ հաղթանակած եկեղեցու անդամ դառնալու համար: Սրանով իրոք վերանում են բոլոր տեսակի սեռային, ազգային, տարիքային, դասային եւ այլ տարբերությունները, եւ ամենքը հավասարվում են փրկության շնորհի առջեւ: Երկրորդը պաշտոնակատար կամ սպասարկու քահանայությունն է, որով համընդհանուր քահանայության միջից ընտրված անձինք, ձեռնադրությամբ ստանալով առաքելավանդ իշխանությունը, կոչվում են կատարելու սրբազան խորհուրդներն ու պաշտամունքային ծիսակարգերը եւ դառնալու Տիրոջ տեսանելի ու շոշափելի խորհրդանիշները: Այս երկրորդ պարագայում էլ հենց կանանց առջեւ պատնեշվում է բնական եւ աստվածադիր արգելքը:

Այդ ինչ « քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում » - ների մասին եք գրում: Սա ձեր սեփական ընկալումն է, թե կարող եք աղբյուրը նշել:

Ձեր նշված հղումում հետեւյալն է ասվում. «Այլ դուք ազգ էք ընտի՛ր՝ թագաւորութիւն՝ քահանայութիւն. ազգ սո՛ւրբ. ժողովուրդ սեպակա՛ն. ... » (Ա Պետ. Բ 9):

Ինչպես այս խոսքից կարելի է ենթադրել, որ կա

« ... առաջինը քրիստոնյաների համընդհանուր քահանայական կարգ»

եւ

« ... Երկրորդը պաշտոնակատար կամ սպասարկու քահանայություն»:

Այս ի՞նչ երկու տեսակի քահանայությունների մասին եք գրում: Կարո՞ղ եք պարզաբանել:

P.S. Լավ կլիներ նման դեպքերում իրական անունով հանդես գալ:

Edited by Aram_D
Link to post
Share on other sites

Նախ ասեմ Բարի Գալուստ, սիրելի Մոնք: :flower:

Եվ, հանդգնություն ունենեմ ներկայացնելու քեզ: :blush:

Սիրելիներս, մեզ հյուրընկալել է Մայր Աթոռ Էջմիածինի միաբան սարկավագներից մեկը: :flower: :flower:

Link to post
Share on other sites

Աստվածաշնչում, սիմվոլիկ կերպով խոսվում է Մելխիսեդեկի քահանակական քարգի մասին և հետո գիտենք Ղևտյան քահանայական կարգի մասին: Մելխիսեդեկյան քահանայական կարգը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին: Միթ՞ե Մոնք, դրա մասին չես ասում:

Link to post
Share on other sites
Աստվածաշնչում, սիմվոլիկ կերպով խոսվում է Մելխիսեդեկի քահանակական քարգի մասին և հետո գիտենք Ղևտյան քահանայական կարգի մասին: Մելխիսեդեկյան քահանայական կարգը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին: Միթ՞ե Մոնք, դրա մասին չես ասում:

Եթե ես ճիշտ եմ հասկացել՝ Մոնքը գրում է. « ... քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի ...»: Այստեղ խոսք չկա Մելքիսեդեկի կամ Ղեւտական քահանայության մասին:

Ինչո՞ւ եմ կարեւոր համարում, որ այս արտահայտությունը պարզաբանվի հենց Մոնքի կողմից: Քանի որ Մոնքը գրում է, որ մկրտությամբ մեզ տրվում է «քահանայական կարգ»: Ես գիտեմ, որ Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից եւ մինչ մկրտությունը գործած բոլոր մեղքերից, ինչպես նաեւ վերստին ծնվում է ու դառնում Աստծու որդի, սակայն Աստվածաշնչում կամ Մաշտոց ծիսամատյանում չեմ հանդիպել, որ խոսք գնա նաեւ քահանայական կարգի տրման մասին:

Հարգանքնեպով

Link to post
Share on other sites
Նախ ասեմ Բարի Գալուստ, սիրելի Մոնք: :flower:

Եվ, հանդգնություն ունենեմ ներկայացնելու քեզ: :blush:

Սիրելիներս, մեզ հյուրընկալել է Մայր Աթոռ Էջմիածինի միաբան սարկավագներից մեկը: :flower: :flower:

Եվս մեկ անգամ շնորհակալություն, Մարո ջան: :flower: :flower: :flower:

Link to post
Share on other sites
Եթե ես ճիշտ եմ հասկացել՝ Մոնքը գրում է. « ... քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի ...»: Այստեղ խոսք չկա Մելքիսեդեկի կամ Ղեւտական քահանայության մասին:

Հարգանքնեպով

Այսպես միանգամից կպատասխանեմ ձեզ երկուսիդ էլ, սիրելի բարեկամներ :flower: :

Այո, ես չեմ խոսում Մելքիսեդեկյան և Ղևտական (կամ Ահարոնյան) քահանայությունների` այս կարգի ըմբռնման մասին, թեպետ որոշակիորեն հակված եմ նման մտքի: Սակայն ի չեմ հիշում որևէ աղբյուր, որ հաստատում է իմ այս ենթադրությունը, իսկ սովորություն չունեմ աստվածաբանության մարզում գյուտարարություններ անելու: :)

Link to post
Share on other sites

Դուք ցանկանում եք, որ այս հարցին Մոնքը պատասխանի, Արամ ջան: Բայց ոչ, Մոնքն այլ կերպ կվարվի. նա խոսքը կտա իրենից անհամեմատ ավելի բարձրաստիճան հոգևորականի` արքեպիսկոպոսի: Այսպիսով ,կարծում եմ, նաև երկու հարց կլուծվի. կպարզաբանվի, որ սա իմ արած գյուտը չէ և միաժամանակ կնշվի Ձեր կողմից պահանջված աղբյուր:

Խնդրեմ. <<Պէտք է ասել, որ գոյութիւն ունի Քրիստոսի հաւատացեալների համընդհանուր քահանայութեան մի հասկացութիւն, որի մէջ, իհարկէ, ընդրկուած են նաև բոլոր հաւատացեալ կանայք: Այդ հասկացութեան հիմք է ծառայում Պետրոս առաքեալի ասածը. ՙԲայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծոյ սեփական ժողովուրդ՚(64), այսինքն` իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալ, լինի դա կին կամ տղամարդ, ինքնին, իր մարմնի զոհաբերումով, մասնակից է այն քահանայութեան, որի գլուխն է Յիսուս Քրիստոս. դրա համար էլ Պօղոս առաքեալը գրում է. ՚Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, գթութեամբ Աստուծոյ, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս պատարագ կենդանի, սուրբ, հաճելի` Աստծուն. այդ է ձեր բնական պաշտամունքըՙ(65): Այստեղ սակայն, ՚մարմնի պատրաստումը որպէս կենդանի պատարագ կամ զոհՙ, նկատի ունի հաւատացեալի ներքին մաքրազարդումը, մարմինը մեղքերի համար խաչելը, և ոչ թէ` մարմինը իբրև փրկութեան զոհ մատուցելը, քանզի այդ իմաստով միակ և յաւիտենական զոհը Յիսուսն է, իսկ հաւատացեալի ամբողջ կեանքը մի ձգտում է միանալու և մասնակցելու նրա զոհագործման խորհրդին, որը Ս. Պատարագի մատուցմամբ Տիրոջ մշտական ներկայութիւնն է այս աշխարհում: Այսպիսով, հաւատացեալների ընդհանուր քահանայութիւնը նշանակում է` մահ մեղքի համար և կեանք ի Քրիստոս, վերըստին ծնուելով իբրև Աստծոյ որդիներ ու վկաներ նրա փառքի: Դա հիմնականում խտացուած է մկրտութեան խորհըրդում, որի շնորհիւ հաւատացեալները հաւաքաբար անդամակցում են Քրիստոսի խորհրդաւոր մարմնին և, հետևաբար, նրա քահանայապետութեան փառքին:

Ընդհանուր առումով պարզ է դառնում, թէ` հաւատացեալների ընդհանուր քահանայութիւնը` դա հէնց ինքն Քրիստոսի եկեղեցին է, որ տարբերւում է սպասարկու կամ խորհրդակատար քահանայութիւնից նրանով, որ ինքն է մասնակցողն ու ընդունողը Տիրոջ զոհագործման խորհրդին:Այդ ընդհանուր քահանայութեան միջից ընտրւում է պաշտօնակատար քահանան, որն առաքելական յաջորդականութեամբ իշխանութիւն է ստանում առաջնորդ դառնալու քահանայացած ժողովրդին և նրա փրկութեան համար մատուցելու Ս. Պատարագ` փոխարինաբար ներկայացնելով Քրիստոսին>>:

Մեջբերումն արված է Հակոբ արք. Գըլընճյանի <<Հաւատի եւ բանականութեան հետքերով>> գրքից:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...