Jump to content

Գեւորգ Էմին


Recommended Posts

ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

------------------------- 1915 թիվ, ապրիլ, Այաշ -------------------------

1.

-Ո՜վ հղացավ այս միտքը դիվական`

Մասիսը ճերմակ,

Մասիսը անբիծ

Այս լայն աշխարհում դնել այն տեղում,

Ուր դար ու դարեր

Պիտի արյունեն լանջերը նրա

Եվ գագաթն անգամ.

Ո՜վ միտք հղացավ

Դժոխք արարել

Եղյալ ու չեղյալ Դրախտի տեղում,

Արարատ լեռան հովանու ներքո,

Երկրի փոխարեն

Մեզ տալով մի հին,

Ոտնակոխ ճամփա,

Հողի տեղ` չոր քար,

Ջրի տեղ` արյուն...

Ո՜վ միտք հղացավ,

Դեռ մեր պատմության վաղ արշալույսին,

Այս արարչագործ,

Հին ժողովրդի

Գլուխը դնել մի հարևանի

(Բիրտ Պարսկաստանի)

Արնոտ սրի տակ.

Մյուսի աջով--

(Բյուզանդիո խաչով),

Պահանջելով,

Որ նա...ծախի իր հոգին,

Եթե ուզում է... մարմինը փրկել:

Եվ եթե դարերն

Անզոր են եղել նրան ազատել,

Եվ եթե

Գալիք դարերն անզոր են ազատել նրան

Եվ հրաշքն է լոկ

Հնարն անհնար,--

Տե՛ր,

Տուր ինձ Մովսես մարգարեի պես

Հանել ու տանել ցեղն իմ հալածված

Այս Հայաստանից,--

Ոչ-Մահաստանից,

Ոչ-Քարաստանից,

Դեպի ապահով, ուրիշ մի եզերք

(Կա՞ այդպիսի տեղ...)--

Ցեղն իմ մշտատև--

Նրա սերմը նոր

Արմատները հին,

Վեպ, կոթող ու երգ...

Տուր պերճաբանիս

Թլվատությունը նրա մոգական

Եվ սուրը նրա`

Աղբյուր հանելու հանդիպած քարից,

Եվ գավազանը`

Ճեղքելու Կարմիր ծովը մեր բախտի,

Լացի ու արյան,

Թեկուզև Մովսես մարգարեի պես

Իմ մահը գտնեմ,

Օտար հող մտնեմ,

Այդ երանելի ափին չհասած,

Բաղձալի սեմին նրա փակ դռան...

Տե՛ր,

Չե՞ս լսում դու

“Կարմիր լուրերը” ջարդի ու արյան...

2.

Ջնջվում է ,

Կորչում,

Իմ ազնիվ սերմը,

Տեսակն ու սեռը.

Եվ ինչպե՞ս մնար,

Ինչպե՞ս դիմանար.

Երբ մենք, թվով` քիչ,

Սակայն եզակի որակ ենք եղել,

Քանակի աշխարհ...

Նետ ու աղեղի փոխարեն` տավիղ

Եվ գիր ենք պաշտել սրի փոխարեն

Եվ զենքի տեղ` երգ,

Զորքի տեղ` ցնորք--

Զենքի, զորքի ու բանակի աշխարհ...

Մենք` մարդկության ու պատմության դոնոր

Ամեն մի դարի

Արդար պայքարին

Արյուն ենք տվել,

Արյունը մեր քիչ,

Արյունը մեր թանկ.

Դրա փոխարեն

Մեզ գովք շռայլող

Թանաքի՛ աշխարհ...

Ինչքան ել դժվար,

Հաճախ` անհնար,

Բայց,ինչ էլ լիներ,

Միշտ մարդ ենք եղել

Ու մարդ մնացել--

Տմարդի՛ աշխարհ.

Եղել ձիրք, տաղանդ,

Երբ վսեմ տաղանդն

Աղանդ է կոչվել,

Աղանդի՛ աշխարհ.

Նվիրվել բարուն ու գաղափարին--

Նեղ կաղապարի

Ու... չարի աշխարհ.

Երկրպագել ու խնկարկել միայն

Ներշնչումի ու արարման պահին--

Փողի, օգուտի

Ու շահի աշխարհ...

Ջնջվում է ,

Կորչում իմ ազնիվ սերմը,

Տեսակն ու սեռը,

Իմ անկրկնելի ցեղը հայկական.

Քսաներորդ դար,

Եվ դո՛ւ, մարդկություն,

Որ,

Իբրև բարի,

Եվ հոգատար ու խղճով ես այնքան,

Որ պահպանում ես

Ու փրկում մահից

Նույնիսկ գորշ գայլի

Կամ շնագայլի տոհմ ու ցեղերին,

Ամեն տեսակի

Գիշատիչներին ցեղի մարդկային,

(Օձից մինչև... Կայեն... )

Մտցրո՛ւ ցեղն իմ

"Կարմիր գրքի" մեջ...

Բայց ո՛չ, սպասի՛ր.--

Հենց այդ գրքում եր--

Ցեղասպանության արյունոտ գրքում,--

Որ նա հասավ իր վերջին օրհասին

(Դեր Զորից` Պոլիս

Եվ Վանից` Բասեն... )

"Ճերմակ գիրք" կազմիր,

Հայերին տանջող

Ու բնաջնջող

Սև ոճիրների մասին բյուրավոր.

Եվ փրկի՛ր, փրկի՛ր

Իմ ցեղի

Վերջին այս սերմը մի բուռ--

Սերմը դարավոր,

Սերմը փառավոր...

Փրկի՛ր, զորավոր,

Եթե չես ուզում,

Որ մի դար հետո

Իմ ցեղի լեզուն

Եվ հայ դպրության գանձերն աննման,

Անհնար լինի վերծանել, ավա՜ղ,

Շումերների

Ու Ացտեկների հին գանձերի նման...

3.

-----------------" Ո՜վ մարդկային արդարություն,

----------------------թող ես թքնե՛մ քու ճակատիդ ":

Թքե՛լ եմ բոլոր

Չարին ծառայող

Ու բարուն դավող

Գրքերի վրա,

Բոլոր երգերի, ներկերի վրա

Եվ արվեստների,

Եվ արհեստների.

Խաբող հույսերի,

Նենգող հույզերի

Եվ սին մոռացում բերող

Տենչերի ու երազների.--

Իսկ ամենից շատ,

Ամենից ավել--

Մեծ-մեծ խոսքերի,

Մեծ-մեծ զորքերի,

Մեծ-մեծ աչքերի,

( Որոնք չեն տեսնում

Տեսածը իրենց... )

Եվ արդարության,

Եվ արդարության...

Թքել եմ, այո՛,

Եթե մի փոքրիկ,

Հանճարեղ մի ազգ,

Որը դարերով

Կերտել է միայն,

Ու պաշտել միայն

Ազնիվն ու բարին--

Այս էլ քանի դար,

Մորթվո՜ւմ է , մորթվո՜ւմ.

Եվ-- ամենից շատ--

Ամենից դաժան,

Այս... իբրև հույսի

Եվ... լույսի դարում...

Մորթվում է լկտի,

Մորթվում անպատիժ,

Մեծ--մեծ զորքերի,

Մեծ--մեծ խոսքերի,

Եվ նաև...

Մեծ--մեծ աչքերի առջև,--

Եվ ոչ-ոք, ոչ-ոք

Չի փրկում նրան,

Չի օգնում նրան

Կամ... ձեռք երկարում...

Եվ, թեև դուք ինձ,

Հայ բանաստեղծիս

Դափնի եք տալիս,

Սիրում, մեծարում,

Բայց ես չեմ կարող

Ապրել ու երգել

Այս հողագնդում`

Այսպիսի դարում

Եվ այս... աշխարհում...

Եվ, Եղեռնից ու ջարդից առավել,

Այդ է ինձ տանջում`

Յոթն անգամ ավել

Ու յոթնապատիկ.

Օ՜, դու մարդկային

Կամ.. անմարդկային

Կեղծ արդարություն,

Ես -- Սիամանթոն--

Ավելի` մեռած

Քան ապրած, սիրած --

Բանաստեղծս հայ,

Թքե՛լ եմ ես քո կեղտոտ ճակատին...

Link to post
Share on other sites
  • 10 months later...

Մեր ԱՅԲՈւԲԵՆԸ

Այբուբեն չէ սա

Բերդ է անմատույց,

Գանձ է աննվաճ:

Դուռ է փրկության,

Ելք, երբ հույս չկա,

Զարթոնքի նվագ:

Էությունն է մեր,

Ընթացքն ու ուղին,

Թագ ու զորավար.

Ժողովող մի կանչ,

Իմաստուն խորհուրդ,

Լինելու համար:

Խունկը խորանի

Ծնողը բանի,

Կնիքն ինքնության.

Հացն հանապազօր հայի սեղանի,

Ձիրքերի հնձան:

Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,

Ճեմարան ճառի,

Մարզարան մտքի,մատյան հավատքի,

Յուղ անմար ջահի:

Նախահիմքն է մեր,

Շողը մեր հույսի,

Ոգին մեր ճարտար.

Չինարին այգու,

Պարիսպը մեր տան,

Ջրաղացն արդար:

Ռումբն է մեր ռազմի,

ռունգը բնազդի,

ռահվիրան կյանքի,

Սերն ու սիրտն է մեր,

սերմը միշտ ծլող,

Վեմ ու վիմագիր:

Տունը՝ ցամաքում,

տապանը ջրում,

Րոպեն սլացքում,

Ցորյանը արտում,

ՈՒղին անհայտում,

Փառքը սխրանքում:

Քիստն է ու քաղն է մեր,

քանքար ու քնար,

քարավան ու ափ,

ԵՎ

Օջախն անմար,

օժիտն անհատնում

Ֆե-ից մինչև Այբ:

Link to post
Share on other sites
  • 1 year later...

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ

Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...

Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,

Ուր ծիրանն է հասնում ճյուղին,

Ուր կտրին չիրն է քաղցրանում,

Ուր հոտը սարն է բարձրանում,

Ուր փեշի տակ Արագածի,

Տան կտրին նստած հացի,

Ձայն են տալիս իրար հերթով

Եվ գյուղամեջ գալիս խմբով,

Աղջիկները՝ կարմիր հագած,

Տղաները՝ փուշի կապած.

Երբ զուռնան իր ձայնը զլում՝

Դափի բերնից խոսքը խլում,

Աշնակ գյուղից հյուր է կանչում

Շղարշիկին ու Աղաքչուն,

Կաթնաղբյուրին, Դավթաշենին,

Իրինդին ու Սասնաշենին,

Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք,

Եկեք Սասնա պա՜րը պարենք:

... Թող Սասունն իր պարը պարի,

Բայց դու դեռ մի՛ ծափահարի.

Այլ հասկացիր, թե այս պարով՝

Մերթ Անդոկից գրոհ տալով,

Մերթ գաղթելով սար ու քարով,

Մեկ խնդալով ու տաս լալով,

Սասունը քեզ ի՛նչ է ասում...

Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,

Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն...

Սասնա սարեր՝ մեջ ամպերուն,

Սասնա ջրեր՝ մեջ վիհերուն,

Ամեն սարին՝ մի վանք ու բերդ,

Ամեն ջրին՝ ջաղացի հերթ,

Ամեն քարից ջո՛ւր էր գալիս,

Աչքն ո՜ւր թեքվեր՝ դո՜ւր էր գալիս.

Երկնուց իջնում էր մանանա՛...

Ի՜նչ մանանա՝ լավ մահանա՜, -

Որ Սասունցի հարս ու աղջիկ,

Դաշտ իջնեին խունջիկ-մունջիկ,

Գազպայի տեղ նա՜զ քաղեին,

Հոտաղ տղի սիրտ դաղեին.

Որ հայրական հին տան կողքին,

Անտառի մեջ, ժայռի ճեղքին,

Մի նոր քողտի՛կ ավելանար,

Մի խորոտիկ հա՛րս մայրանար,

Նոր օրորո՛ց գնար ու գար.

Բարին լինե՛ր, չարը՝ չգա՜ր...

Հեյ վա՜խ, Սասնա բանձրիկ սարեր,

Հեյ վա՜խ, Սասնա քաղցրիկ ձորեր.

Զուռնան էսօր թե նվագեր՝

Եկող ամռան կարձագանքեր

Սասնա ամեն թուփ ու քարից.

Ու թե դհոլն էսօր թնդար,

Մինչև աշուն, դեռ անդադար,

Ամեն գիշեր ու ամեն օր

Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից

Ցա՜ծ կիջնեին գլոր-գլոր...

Բարին լինե՛ր, չարը չգա՜ր...

Բայց թե լինես միայն մի բուռ,

Դու սի՛րտ լինես՝ չորս կողմը՝ քա՛ր,

Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,

Աղո՛թք անես թե խաչհամբո՛ւյր,

Չարի ձեռքից պրծում չկա՜...

Եվ դեռ «գաթեք թոնիրն ի կախ»,

Եվ դեռ հարբած՝ փեսա, աներ,

Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,

Փեսան գոմից բերդա՛ն հաներ,

Զուռնեն չոլում ընկած մնաց,

Դափը՝ գլոր-գլոր գնաց,

Եվ ով ողջ էր՝ սարերն ընկած,

Գերանդու տեղ բերդան գրկած,

Մեկ ապրելով, տաս մեռնելով,

Մեկ զարկելով, տաս զարկվելով,

Թողին Սասնա զմրուխտ սարեր,

Դավթի ջաղացն ու իր քարեր,

Եկան ռուսի հողը հասան,

Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,

Տեսան ավեր ու կոտորած,

Եվ ի՜նչ մնաց... մի Սասնաշեն,

Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,

Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,

Մի խեղճ Իրինդ ու Շղարշիկ

Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ...

Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,

Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.

Հեյ վա՜խ, Սասնա զուլա՛լ ջրեր,

Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա.

Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝

Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա...

Եկան, դրին քարը քարին՝

Դուշմանն եկավ խառնեց իրար.

Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝

Դուշմանն եկավ խառնեց իրար.

Մինչև արյունը թանձրացավ,

Կարմիր գույնի դրոշ դարձավ,

Մինչև մանգաղն ելավ հողից,

Մուրճը պոկվեց սալի կողքից,

Ու երկուսն էլ, եղբոր նման,

Այդ դրոշի վրա ելան

Ու նոր արև ծագեց հողին,

Հող վարողին, հող սիրողին:

Մինչև նորից օջախ դրին՝

Ծուխը սողաց.

Մինչև նորից տաք թոնիրին

Բոցը շողաց.

Մինչև նորից, խունջիկ-մունջիկ,

Դաշտ գնացին հարս ու աղջիկ,

Որ աղցան ու սիբեխ քաղեն,

Հոտաղ տղի սիրտը դաղեն,

Հոր արտի մոտ նոր արտ վարեն,

Արթիկ տուֆից նոր պատ շարեն,

Մի նորելուկ հա՛րս մայրանա,

Մի նոր թոնրի ծո՛ւխ բարձրանա,

Նոր օրորո՛ց գնա ու գա,

Բարին՝ տևի՛, չարը չգա՜...

...Եվ երբ տեսան, էլ չարորդին մոտ չի՜ գալիս,

Եվ երբ տեսան՝ էլ վառոդի հոտ չի՜ գալիս,

Եվ երբ տեսան՝

Էլ չի՜ թափվում հողին արյուն,

Եվ երբ տեսան՝

Եկավ աշուն, եկավ գարուն,

Առանց ահի, կոտորածի,

Բա՜ց արեցին սուփրեն հացի,

Զուռնեն խոսե՜ց բերանացի

Եվ Արագած լեռան գոգին

Զարթնե՜ց կրկին Սասնա ոգին...

Եվ Սասունը նորի՜ց պարեց,

Ոտքը զարկեց, ձեռքով արեց,

Եվ նույն զուռնան, որ հնչում էր հին տան բակում,

Հնչեց հիմա ամեն գյուղում ու քաղաքում.

Իսկ դհոլը, որ քարե՛ր էր պոկում սարից՝

Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,

Պարե՜ց Սասունն, ու ողծ աշխարհը հասկացավ,

Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում՝

Սասնա ձորից ջուր են բերում, արտ քաղհանում.

Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝

Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.

Երբ խռնվում՝ կարծես ամպրոպ պայթի սարում՝

Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.

Երբ միանում՝ բերդ են դառնում շինված քարից՝

Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.

Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝

Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,

Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,

Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն,

Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,

Որ այս ջանքո՛վ

Ու այս կամքո՛վ

Պարե՜լ գիտի...

Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,

- Հալա՜լ է քեզ,

Սասո՛ւն, պարի՜...

Պարի՜,

Դու դեռ երա՜զ ունես կատարելու,

Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.

Պարի՜,

Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,

Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.

Պարի՜,

Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս,

Եվ այս պարը

ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...

Գևորգ Էմին

1957

Edited by Lateralis
Link to post
Share on other sites

Там несколько орфографических ошибок:

1вместо Մինչև написано Մինթև նորից, խունջիկ-մունջիկ

2в հանձե՛նք ա не нужен

3ի լուր ողջ աշխարհին последняя ն лишняя

4Սասունցի Ափո Գալուստի հիշատակին... сдвинуть вправо и сделать побольше название.

Спасибо

Link to post
Share on other sites

ՄԵՆՔ

Մենք փո՜քր ենք, այո՛,

Փո՛քր, -

Լեռների ծերպից սուրացող այն քարի՛ նման,

Որ դաշտում ընկած ժայռի ո՛ւժն ունի.

Փո՛քր,

Լեռնային մեր գետերի պես,

Որոնք վիթխարի ո՜ւժ են ամբարել,

Անծանո՜թ՝

Հովտի ծո՜ւյլ-ծո՜ւյլ գետերին:

Մենք փո՜քր ենք, այո՛,

Ձեզ ո՛վ էր ասում

Մեզ սեղմե՛ք այնքան,

Որ մենք ստիպված... ադամա՜նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝

Մեզ աստղերի պես ցիր ու ցա՜ն անեք,

Որ միշտ մե՛զ տեսնեք՝

Ո՜ւր էլ որ գնաք...

Մենք փո՛քր ենք,

Սակայն մեր երկրի՛ նման,

Որի սահմանը

Բյուրականի՛ց մինչ Լուսի՛ն է հասնում,

Եվ Լուսավանի՛ց մինչև Ուրարտո՛ւ...

Փո՛քր,

Այն հրա՜շք ուրանի նման,

Որ դար ու դարեր

Փայլո՜ւմ է,

Շողո՜ւմ,

Սակայն չի՜ հատնում...

Link to post
Share on other sites

ԵՍ ՀԱՅ ԵՄ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,

Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,

Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,

Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Իմ մատների հետքն է կրում կողի վրա,

Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,

Եվ միացած հողին շաղախով իմ արյան,

Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:

Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ

Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,

Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,

Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,

Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,

Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար

Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:

Link to post
Share on other sites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ

Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ,

Այնքան նո՛ր է ու ցանկալի՜.

Ամեն գարուն մի նո՛ր ձայնով

Ու նոր սիրո պե՛ս է գալիս.

- Տե՛ս, հավքերը հազարերանգ

Հին բնե՛րն են վերադառնում.

Ամե՛ն տեղ են դառնում նրանք՝

Բայց ուրի՜շ է Հայաստանում. –

Հայաստանում նրանց նման

Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում,

Ու բույն շինում, որ միշտ մնան

Հայության բո՜ւյն Հայաստանում...

- Տե՛ս, իր փեշերը հավաքած,

Ձմեռը սա՜րն է բարձրանում,

Ամե՛ն տեղ է սա անկասկած՝

Բայց ուրի՜շ է Հայաստանում, -

Ձյունից ծնված ամեն առվակ,

Մի գետի չափ գո՜րծ է անում,

Որ քա՜րն անգամ ծաղիկ դառնա

Մեր քարաշա՛տ Հայաստանում...

- Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ,

Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ.

Ամե՛ն տեղ է գարունն այսպես՝

Բայց ուրի՜շ է Հայաստանում.

Դարավոր սի՜րտն է հայկական.

Իմ աչքերի դեմ մանկանում...

Չէ՛, գարնանն այս աշուն չկա՛ -

Հավե՜րժ է նա Հայաստանում...

Link to post
Share on other sites

ԻՆՉ՞ՈՎ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄԵԾ...

Ինչո՞վ է մեր երկիրը մեծ,

Նա՛, որ հազար անգամ զոհվե՛ց,

Բայց հարությո՜ւն առավ նորից,

Խոր Վիրապի՛ց, Վայոց Ձորի՛ց...

Որ, մնացած միայն մի բուռ,

Այն էլ, ավա՜ղ, ո՛չ նույն բռում,

Որպես հրից փրկված խաչբուռ,

Ծլո՜ւմ է այս քար ու ղռում...

.............................................

Նրանով չէ՞ արդյոք նա մեծ,

Նրանով չէ՞, որ նա տևեց,

Որ օտարի հող չգերե՛ց,

Այլ Վահագնի ե՛րգը գրեց.

Սրին հաղթեց խոփով արդա՛ր,

«Սիրեց ղալամ, գիր ու դավթար»,

«Կռո՛ւնկ» երգեց օտար ափում.

«Լո՛- Լո՛» - ջարդի սև սարսափում.

Որ սպանվե՛ց, բայց չմեռա՜վ,

Որ սպառվե՛ց, բայց չկորա՜վ,

Ինչպես իր տան նոր ձեղունին

Թառած ճերմակ այս աղավնին,

Որ լեգենդի պես հնաբույր,

Ոտքերն՝ արնո՛տ,

Ինքը՝ մաքո՜ւր,

Արյան ծովից ելա՜ծ կրկին,

Աչքը հառած արեգակին,

Նրա նման հարատևում

Եվ գալիք է, նայի՛ր, թևո՜ւմ...

Link to post
Share on other sites

Հայ Ժողովրդին

Դու երգի ծո՛վ ես անափ,

Ես՝ քո մի կաթի՜լը կյանքում.

Դու ծառի բո՛ւն ես կանաչ,

Ես՝ ճյուղ, որ քեզնո՜վ է ծաղկում.

Չլիներ լի՛ճը Սևանա –

Հազի՜վ թե զրնգար Զանգուն

*

Թե չլիներ հո՛ղը քո,

Ասա՛ ինձ, ո՞ւր չռչեին,

Ո՞ր կտուրին իջնեին

Աղավնինե՜րը երգիս.

Թե չլիներ հո՛ղը քո,

Որտե՞ղ հողմից փրկվեին,

Ո՞րտեղ խարիսխ ձգեին

Առագաստնե՜րը երգիս.

Թե Արև իսկ լինեի –

Ինչի՜ս էր փառքն երկնային,

Թե լույսը քե՜զ չտայի,

Իմ հայրենի՛ք, իմ երկի՛ր...

Link to post
Share on other sites

Մասի'ս, հպա'րտ ես դու,

Մինչ ես

Քո վշտերից կռանու՜մ եմ.

Ջահել, զվա՜րթ ես դու,

Մինչ ես

Քո հոգսերից ծերանում եմ.

Դրանից չե՞ս դու վե՜հ ու վե՜հ,

Իսկ ես տանջվու՜մ,

Սրտնեղում եմ,

Որ մի օրվա անցորդ եմ ես

Իսկ դու հավետ քո տեղու՜մ ես...

Ես քարանում եմ քո վշտից,

Դու խաղ անում աստղերի հետ...

Երանի ես լեռ լինեի

Իսկ դու Մասի'ս,-հայոց պոե'տ:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
  • 4 weeks later...

ԵՐԳ ԳՐԻ ՄԱՍԻՆ (քաղվածքներ)

Դարեր շարունակ պատերազմներից ու աղետներից տառապած մեր ժողովուրդը դժվա՜ր թե դիմանար ու հարատևեր, եթե սրի հետ մեկտեղ չունենար իր ամենից զորավոր զենքերից մեկը` Մայրենի լեզուն, գիրը, դպրությունը:

Այնտե՛ղ, որտեղ նա չի կարողացել հաղթել սրով, հաղթել է... գրով` ծաղրելով ու ոչնչացնելով իր ոսոխներին և գալիք սերունդներին փոխանցելով իր երազը, հույսն ու հավատը:

Չնայած դարավոր աղետներին, ասպատակություններին ու թալանին, հրաշքով փրկվել ու մեզ են հասել ավելի քան 25 հազար հայկական հին ձեռագրեր, որոնք ո՛չ միայն մեր ժողովրդի առասպելական դիմացկունության և հարատևման գաղտնիքի բանալին են, այլև, Վալերի Բրյուսովի խոսքերով ասած. «Հայ ժողովրդի ազնվազարմության վկայագիրը:

Այդ ձեռագրերում անգնահատելի տեղեկություններ կան ո՛չ միայն Հայաստանի, այլև հին ու նոր աշխարհի բազմաթիվ այլ երկրների պատմության, մշակույթի ու գիտության, կենցաղի ու սովորույթների մասին:

Չէ՞ որ հինավուրց այս հողում, մարդկության ու նրա մշակույթի առաջին օրրաններից մեկում, խաչաձևվել են աշխարհի շատ ժողովուրդների բախտն ու ճանապարհները…

Հավանորեն ա՛յդ է նկատի ունեցել Իլյա Էրենբուրգը, երբ գրել է.

«Հայաստանն այն երկրների՛ց է, որն ամեն մի խորհող մարդու համար ակունք է ո՛չ միայն գեղագիտական խոր հիացմունքի, այլև` արվեստի դարավոր արմատների ու ճակատագրի մասին լուրջ խորհրդածությունների...

Այդ երկրների՛ց է Հայաստանը, որի առջև ո՛չ միայն ուզում ես խոնարհվել ու ծունկ չոքել, այլև, ինչպես այդ ընդունված է արևելյան սրբավայրերը մտնելիս, կոշիկները հանե՜լ...»:

Մեզ հասած հայոց ձեռագրերի կեսից ավելին պահվում է Երևանի Մատենադարանում, իսկ մնացածը, մեր ժողովրդի պես, ցրված է Վենետիկում ու Վիեննայում, Երուսաղեմում ու Նոր Ջուղայում, Կալկաթայում ու Զմմառում, Փարիզում ու Լոնդոնում, Բեռլինում, Մոսկվայում, Լենինգրադում, Թիֆլիսում և այլուր:

Մատենադարանի ձեռագրատուն մտնողը լսում է մեր ժողովրդի պատմության երեսուն դարերի լռությունը. լռություն, որը պերճախո՜ս է ամեն խոսքից ու բառից:

Եթե այդ ձեռագրերը լեզու առնեին, ապա ձեռագրատան խորհրդավոր սրահները կլցվեին աղոթքներով ու «հորովել»-ի կանչերով և այրուձիերի դոփյունով ու եկեղեցու զանգերով, զենքի շաչյունով և որբերի ու գաղթականների ճիչերով, Նարեկացու մրմունջով ու Սայաթ-Նովայի նվագով...

Այդ ամենը կա՛ նրանց մեջ, բայց լո՜ւռ, քարացա՜ծ...

Չկա մարդկային իմացության ու գործունեության մի ասպարեզ, որն արտահայտված չլինի Մատենադարանի ձեռագրերում:

Այստեղ առկա են բոլոր հավատներն ու աղանդները, փիլիսոփայությունը, պատմությունը, բժշկությունը, մաթեմատիկան, քերականությունը, բանաստեղծությունն ու արձակը, բուսաբանությունն ու կենդանաբանությունը, աստղաբաշխությունն ու քիմիան, մարդակազմությունն ու աշխարհագրությունը, երկրաբանությունն ու երաժշությունը, ալքիմիան ու նկարչությունը, քիմիան ու... օդագնացությունը:

Մատենադարանում կան բազում բառարաններ ու քերականական գրքեր, աշխարհագրական քարտեզներ ու տոմարացույցեր, գծագրեր ու թվաբանական խնդրագրքեր, թանաքներ ու ներկեր պատրաստելու և մագաղաթ հղկելու ձեռնարկներ...

Հայ միջնադարյան բժիշկների դրքերի կողքին դուք այստեղ կգտնեք Գալենի, Նեմեսիայի, Նյուսացու և Ավիցեննայի գրքերի թարգմանությունները, Նարեկացու և Ներսես Շնորհալու գրքերի կողքին` Հոմերոսի և Կատոնի, Օվիդիոսի և Եզոպոսի, Օլիմպիանօսի ու Մենանգրեսի գործերի հնագույն թարգմանությունները և Կեղծ-Կալիսթենեսի «Ալեքսանդրի պատմության» հայերեն վերապատումը կամ փոխագրությունը (Խաչատուր Կեշառեցու հիանալի բանաստեղծություն – «կաֆա»-ներով). որը համաշխարհային արժեք է ներկայացնում:

Իտալական միջնադարյան առակների ու պատմվածքների թարգմանություններ կան այնտեղ. «Ռոլանդի երգը», «Փարիզն ու Վիեննան». Ֆիրդուսու, Նիզամու, Ռուսթավելու և Ֆիզուլու գործերը և ուզբեկ բանաստեղծ Նավոյիի բանաստեղծությունների «դիվանը», արտագրված դեռևս 1494 թվականին, բանաստեղծի կենդանության օրոք..

Հիրավի՛, ի՜նչ կարող են ասել 20-րդ դարի` ամե՜ն ինչի համն ու հոտն առած մարդուն – Էյնշտեյնին ու քվանտային տեսությանը ծանոթ ու լուսնին հասած մարդուն, Հեգելի ու Մարքսի ուսմունքը մարսած գիտնականին,- աշխարհի մի անկյունում կորած, անընդհատ ավերվող ու թալանվող Հայաստանի խուլ վանքերում նստած դպիրնե՛րը...

Հայտնի է, որ փիլիսոփայության ու գիտության ողնաշարն ու էությունը նյութի և գաղափարի փոխհարաբերության հարցն է,- հարցերի հարցը.- որով որոշվում է այս կամ այն փիլիսոփայի ու գիտնականի տեղը մարդկային մտքի առաջընթացի մեջ:

Լսե՛նք ուրեմն.- լսենք զարմանքո՜վ ու հիացմունքո՜վ,- թե ի՛նչ է գրում 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացին` աշխարհի ճանաչման ու արտացոլման և նյութի ու գաղափարի հարաբերության մասին:

«Մենք մաս առ մաս ենք ճանաչում (աշխարհը), ավելի կամ պակաս գիտությամբ և ըստ իրի փոփոխման:

Մեր ջանաչումը հետևում է իրի էությանը, որովհետև նախ գոյություն ունի ի՛րը և ապա` մեր ճանաչո՛ւմը»;

Աշխարհը ճանաչելի է,- գրում է Տաթևացին,- որովհետև «իմաստուն մտքով մենք թափանցում ենք երկրի բոլոր ոլորտները, և ոչինչ չի՛ խուսափում իմաստության լույսից...»:

Համարձա՛կ, շա՜տ համարձակ պետք էր լինել և աներկյուղ, միջնադարում այսպե՛ս մտածելու և գրելու համար, և այդպիսի համարձակ ու աներկյուղ մտքին ու մտածողին չէ՜ր կարող սարսափեցնել ոչ մի աստվածային ու մարդկային պատիժ. չէ՜ին կարող սաստել ոչ կայսրը և ոչ էլ աստվա՛ծ...

Հետաքրքիր են նաև հայ փիլիսոփաների ու գիտնականների հայտնած մտքերը երկրագնդի ու արևի խավարումների ու լուսնի մասին դեռևս հինգերորդ և յոթերորդ դարերում, ա՛յն ժամանակ, երբ Եվրոպայում այդպիսի մտքերի համար հերետիկոսներին այրում էին խարույկի վրա նույնիսկ 16-17-րդ դարերում...

Հինգերորդ դարի հայ փիլիսոփա ու գիտնական Եղիշեի «Մեկնություն» գրքում կարդում ենք.

«Երբ Լուսինը գտնվում է վերին կիսագնդում, իսկ արևը` ներքին կիսագնդում, այսինքն միևնույն առանցքի վրա, ապա արևը չի՜ կարող միարժամանակ լուսավորել Լուսինը, և առաջանում է Լուսնի խավարում...»:

Ահա և յոթերորդ դարի աստղաբաշխ, մաթեմատիկոս ու աշխարհագրագետ Անանիա Շիրակացու ձեռագիրը.

«Ինչպես որ ձվի դեղնուցը գնդաձև գտնվում է մեջտեղում, սպիտակուցը` նրա շուրջն է, իսկ կճեպը շրջապատում է չորս կողմից, ճիշտ այդպե՛ս էլ, երկիրը գտնվում է մեջտեղում, օդը` նրա շուրջ, իսկ երկինքը շրջապատում է չորս կողմից»:

Մի այլ տեղ նա գրում է, թե ամեն լինելիություն ենթադրում է քայքայում, իսկ ամեն քայքայման մեջ լինելիության սաղմ կա, և լինելիության ու քայքայման այդ միասնական հակադրության, կամ, ժամանակակից փիլիսոփայության լեզվով ասած. «հակասությունների միասնության» հետևանքով է, որ աշխարհը կարողանում է գոյատևել...

Եղածն էլ լիուլի բավական է ցույց տալու համար, թե իրենց «անարժա՜ն» ու «ետի՜ն» կոչվող այդ հայտնի ու անհայտ դպիրները, կորած-մոլորած Հայաստանի ամենից խուլ գավառներում ապրող հայ գիտնականները եղել են գիտության ու փիլիսոփայության ամենի՛ց բարձր մակարդակի վրա և հայտնել են մտքեր, որոնք «համարձակ հայտնագործություններ» են համարվել դրանից շա՜տ դարեր հետո և շա՜տ քաղաքակրթված երկրներում...

Այդ չէ՞ր նաև պատճառներից մեկն ա՛յն բանի, որ ամեն բռնակալ ու խավարամիտ զավթող աշխատում էր առաջին հերթին ոչնչացնել այդ լո՜ւյսը,- այրել ձեռագրերն ու սպանել նրանց հեղինակներին:

1266 Թվականին արտագրված N823 ձեռագրի վերջին էջում կա մի հուզիչ նրար, արտասովոր ա՛յն պատճառով, որ ոչ մի կապ չունի ձեռագրի բուն նյութի հետ:

Հատակին ընկած է կարմիր ծիրանի հագած մի ծերունի, որի կրծքից արյուն է հոսում: Ծերունու կողքին ընկած են արյունոտ սրեր ու նիզակներ: Նկարի վերևում այդ ձեռագիրն արտագրող ծերունու աշակերտի «հիշատակարանն» է, որտեղ կարդում ենք.

«Արդ աղաչեմ ես, բազմամեղ և անարժան գրողս, յիշեա Յովհաննէս ի մաքուր, անբիծ յաղօթո քոյ, որ սպանեալ եղև յանօրինաց սրով զէնեալ...»

Ձեռագրի վերջին էջերի և «հիշատակարան»-ի տառերը հուզմունքից անկանոն են ստացվել, մեծ ու փոքր, տեղ-տեղ թանաքը լճացել ու շաղվել է (երևի... արցունքի՜ց):

...Յուրաքանչյուր նվաճող աշխատում էր ջնջել ո՛չ միայն մեր ժողովրդին, այլև, առաջին հերթին` նրա հոգևոր մշակույթը:

Փախչո՛ւմ, տեղահա՜ն էր լինում ժողովուրդը, տանելով իր հետ հրից ու սրից փրկած իր հոգևոր գանձերը, առաջին հերթին` ձեռագրերը:

Եվ բուն Հայաստանի գրչության ավեր օջախների կողքին կամ նրանց փոխարեն ստեղծվում էին գրչության նոր օջախներ Թեոդոսիայում (Կաֆա) և Ամստերդամում, Վենետիկում ու Երուսաղեմում, Լվովում ու Սուրխաթում, Փարիզում ու Բոմբեյում, Սպահանում ու Բասրայում, Կիլիկիայում և մինչև անգամ... Ֆիլիպինյան կղզիներում:

Նայեցեք աշխարհի քարտեզին և դուք համարյա չե՜ք գտնի մի երկիր, որտեղ ստեղծված կամ հասած չլինեն հայ ձեռագիր մատյանները:

Այսպես ամե՛ն անգամ, երբ ոսոխները փորձում էին չար հողմի պես արմատահան անել մեր գրչության դարավոր ծառը, նրա սերմերը, այդ նո՛ւյն հողմի թևով, ցրվո՜ւմ էին աշխարհով մեկ, դալար շիվեր տալով աշխարհի շատ ծայրերում:

Սակայն բանասեր ու գրապաշտ մեր ժողովուրդը, իր կյանքի գնով փրկել է ո՛չ միայն մեր հայկական ձեռագրերը, այլև բազմաթիվ սլավոներեն, պարսկերեն, հունարեն, եբրայերեն, հնդկերեն, լատիներեն, արաբերեն, վրացերեն և այլ լեզուներով գրված ձեռագրեր, որոնք նույնպես պահվում են Երևանի Մատենադարանում, շարժելով աշխարհի շատ ու շատ նշանավոր ձեռագրատների ու թանգարանների բարի՛ նախանձը...

Հին աշխարհի շատ նշանավոր գիտնականների ու փիլիսոփաների գրքեր, որոնց բնագրերը անհետ կորել են, վերստին աշխարհի սեփականությունն են դառնում գրքերի` Մատենադարանում պահվող հնագույն հայերեն թարգմանությունների շնորհիվ:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ

Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին,

Երբ չըւեցիր.

Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից,

Երբ չըւեցիր.

Ասիր. «Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,

Եղեռն, աւա՜ր...»

Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր

Ու չըւեցիր:

Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից

Դու դուրս չեկար.

Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի

Հայի տեսար.

Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր

Անպատասխան

Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս

Բոյն չտեսար:

Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից,

Թռար եկար.

Հազար հրի միջով անցար, հազար սրից

Փրկուած եկար.

Ասիր. «Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ

Իմ հին բնում...»

Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին`

Թռար, եկար:

Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի

Հուն է բացուել,

Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին

Տուն է դարձել

Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ

Արազն անցնէ,

Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին

Բոյնն է դարձել:

Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների

Վի՜շտը բերիր.

Նրանց կարօտն հայրենիքի ու դարերի

Ի՜ղձը բերիր.

Եկար, նորոգ բոյնըդ գտար ու չըւում ես

Ափերն օտար,

Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից

Քո ձագերին:

Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ`

Պանդուխտների՛ն,

Մի նշխար ձի՜ւն` Արարատից, ջո՜ւր Սեւանայ`

Պանդուխտներին.

Ականջիդ մէջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ`

Մեր լոյսը նոր`

Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանայ`

Պանդուխտներին:

Գնա՜, շրջիր երկրէ երկիր ու ե՛տ դարձիր,

Բարո՜վ դառնաս.

Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,

Բարով դառնաս.

Դարձիր այնպէ՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ

Քեզ չսպասի,

«Կռունկ, ուստի՞ կու գաս» չասի՛ ու չլացի՛...

Բարո՛վ դառնաս:

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Համերգից Հետո

Ինչ ուզում էի քեզ խոստովանել

Եվ գաղտնի՜ էի պահում իմ հոգում,

Այնքան հարազա’տ ու այնպես անե՜ղծ,

Դու լսում էիր երեկ… համերգում:

Դու’ էլ նույնն էիր ուզում ինձ ասել,

Ինչ ես լսեցի երեկ համերգում…

Բայց որտեղի՞ց էր ջութակն իմացել,

Անբառ գաղտնիքը իմ ու քո հոգու…

1

Ինչքան չքնա՜ղ ես դառնում ավելի,

Այնքան հպա’րտ է սիրտն իմ առնացի, -

Իմ սիրո’վ ես դու չքնաղ, սիրելի’ս,

Եվ իմ սիրու՜ց ես դառնում գեղեցիկ:

Չէ՞ որ շուրթերըդ շիկնու’մ են, վառվու՜մ,

Իմ շշուկների’ց ու համբույրների’ց.

Եվ քո աչքերը հմայի՜չ դառնում`

Երբ սե’ր են հայցում իմ խերթ աչքերից:

Եվ ե’րգն այս , որ դու երգում ես հնչեղ,

Մի՞թե սիրու’ց չի ծնվում շուրթերիդ,

Մի՞թե քո սիրո անտես թելին չեն

Շարվում հակինթնե՜րն իմ սիրերգերի.

Եվ ինչու՞, ինչու՞ մեկեն ու հանկարծ,

Հրաշքի՜ փոխվեց աշխարհը արար.

Ուրիշ գաղտնիք ու հանելուկ չկա`

Աշխարհը նու’յնն է` Սիրու՜մ ենք իրար…

2

Դու վախենու՜մ ես ինձ սիրել, անգին.

Դու նախատում ես, թե սիրտըս մերկ է, -

Ասում ես` սիրույդ գաղտնիքն անմեկին

Կասի աշխարհին իմ գրած երգը.

Մեր սիրո աստղը կխամրի՜ լույսից,

Ոճի՜ր կդառնա քո վսեմ մեղքը,

Որիշ սիրահար սրտե’ր կհուզի,

Սին փառքի փոխած սիրո վայելքը…

Օ՜, դու չգիտե՜ս բախտը պոետի,

Չգիտես նրան մորմոքող վերքը. -

Ի՜նչ ցավ էլ նրա սիրտը կտրատի`

Աշխարհի համար դա միայն… ե՜րգ է.

Այդպե’ս է եղել դարերում բոլոր -

Մարդիկ չե՜ն տեսնում ամենից մերկը…

Ոչ ոք չի զգա քո գաղտնիքը խոր`

Չէ՞ որ ուրիշի համար նա … ե’րգ է:

2

Եթե երա՜զ էր տեսնում քո հոգին,

Բիրտ արթնացումի համար այս, ների՜ր,

Թե սրբությու’ն էր որոնում, անգին,

Ների՜ր այս մեղքը, որ հոգուդ բերի.

Թե ցնորք - սե’ր էր տենչում, լուսածին,

Ների՜ր սիրո մահ բերող խոսքերիս.

Ների՜ր այս բոցը, որից այրվեցին

Թիթեռնե’րը քո լուսե տենչերի…

Ների՜ր

— որ ինձ սիրի’ր, ոչ ատիր.-

Անե՜ղծ կա սրտին բանաստեղծների,

Սիրո ձևերից հազարապատիկ,

Ես խե՜նթն եմ սիրում…

Ներիր, օ՜, ների՜ր…

2

Դու խռովեցի՜ր, դու գնացի՜ր

Եվ արցունքները քո աչքերի,

Անձր—ի նման ցա՜ծ մաղվեցին

Եվ բու’յր տվեցին ծաղիկներին:

Դու արցունքների մեջ ժպտացիր

Եվ քո ժպիտի հուր ցոլքերից,

Ծիածա՜ն իջավ աղեղնածիր

Ու գույնե’ր բերեց ծաղիկներին…

Լեռներով պատած այս ձորը խոր

Զամբյու՜ղ է կարծես` ծաղկով լցված,

Եվ ծիածանը` կո’թը կլոր -

Սուզված երկընքում կապույտ ու թաց…

Ուզու՞մ ես` բռնած ծիածանից,

Ծաղկաձորը քեզ նվե՜ր բերեմ,

Միայն չգնա’ս դու ինձանից,

Միայն թե այսօր դու ինձ ներե՜ս…

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,

Հայաստանից մի ծաղիկ է տարել.

Ջրել արցունքով՝ ամեն լացելիս

Եվ վերադարձի հույսով փայփաել.

Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,

Ձգտում է դեպի երկինք ու արև.

Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,

Նայել է դեպի երկիրն իր քարե.

Եվ ուղել է իր գլուխը տրտում,

Միայն հայրենի հողում քարքարոտ...

...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում

Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Սասունցիների Պարը

(Դասական Ուղղագրութեամբ)

Սասունցի Ափօի յիշատակին

Գրեց՝ Գէւորգ Էմին

Դու ծանօ՞թ ես Աշնակ գիւղին,

Ուր ծիրանն է հասնում ճիւղին,

Ուր կտրին չիրն է քաղցրանում

Ուր հօտը սարն է բարձրանում

Ուր փէշի տակ Արագածի

Տան կտոուրին նստած հացի

Ձայն են տալիս իրար հերթով

Եւ գիւղամէջ գալիս խմբով

Աղջիկները՝ կարմիր հագած,

Տղաները՝ փուշի կապած.

Ուր զուռնէն իր ձայնը զլում

Դափի բերնից խօսքը խլում

Աշնակ գիւղից հիւր է կանչում,

Շղարշիկին ու Աղաքչուն,

Կաթնաղբիւրին, Դաւթաշէնին,

Իրինդին ու Սասնաշէնին,

Թէ հէրիք է հնձենք, վարենք,

Եկէք Սասնայ պարը պարենք...

...Թող Սասունն իր պարը պարի

Իսկ դու դեռ մի ծափահարի,

Այլ հասկացիր թէ այդ պարով

Մերթ Անդոկից գրոհ տալով

Մերթ գաղթելով սար ու ձորով

Մէկ խնդալով ու տաս լալով

Սասրւնը քեզ ինչ է ասում...

Հէյ վա՜խ, Աշնա´կ տեսած լաո,

Թէ տեսնէիր մի օր Սասո՜ւն...

Աասնայ սարեր մէջ ամպերուն

Սասնայ ջրեր մէջ վիհերուն

Ամէն սարին՝ մի վանք ու բերդ,

Ամէն ջրին՝ ջաղացի հերթ,

Ամէն քարից ջո´ւր էր գալիս,

Աչքն ո՜ւր թեքւեր՝ դո՜ւր էր գալիս,

Երկնուց իջնում էր մանանա՜...

Ի՜նչ մանանա՝ լավ մահանա՜,

Որ Սասունցի հարս ու աղջիկ,

Դաշտ իջնէին խունջիկ մունջիկ,

Գազպայի տեղ՝ նա՜զ քաղէին,

Հոտաղ տղի սիրտ դաղէին,

Որ հայրական հին տան կողքին,

Անտառի մէջ, ժայռի ճեղքին,

Մի նոր քողտրի´կ աւելանար,

Մի խորոտիկ հա´րս մայրանար,

Նոր օրօրոց գնար ու գար,

Բարին լինէ´ր, չարը՝ չգա՜ր...

Հէյ վա՜խ, Սասնայ բարձրիկ սարեր,

Հէյ վա՜խ, Սասնայ Քաղցրիկ ձորեր,

Զուռնան էսօր թէ նւագէր՝

Եկող ամռան կարձագանգէր՝

Սասնայ ամէն թուփ ու քարից.

Ու թէ դհոլն էսօր թնդար,

Մինչեւ աշուն, դեռ անդադար,

Ամէն գիշեր ու ամէն օր

Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից

Ցա՜ծ կիջնէին գլոր-գլոր...

Բարին լինէ´ր, չարը չգա՜ր...

Բայց թէ լինես միայն մի բուռ,

Դու սի´րտ լինես՝ չորս կողմը՝ քա՜ր,

Չարը՝ հզօր, իսկ դու՝ տկար,

Աղօթք անես թէ խաչհամբոյր,

Չարի ձեռքից պրծում չկա՜յ...

Եւ դեռ գաթէք թսնիրն ի կախ,

Եւ դեռ հարբած՝ փեսայ, աներ,

Մինչեւ մէրիկն ասէր §հէյ վա՜խ¦,

Փեսան գոմից բերդա´ն հանէր,

Զուռնան չոլում ընկած մնաց,

Դափը՝ գլոր-գլոր գնաց,

Եւ ով ողջ էր՝ սարերն ընկած,

Գերանդու տեղ բէրդան գրկած,

Մէկ ապրելով, տաս մեռնելով,

Մէկ զարկելով, տաս զարկւելով,

Թողին Սասնայ զմրուխտ սարեր,

Դաւթի ջաղացն ու իր քարեր,

Եկան ռուսի հողը հասան,

Բայց էստեղ էլ կռիւ տեսան,

Տեսան աւեր ու կոտորած,

Եւ ի՞նչ մնաց... մի Սասնաշէն,

Մի Բազմաբերդ ու Դաւթաշէն,

Մի Կաթնաղբիւր ու Աղաքչի,

Մի խեղճ Իրինդ ու Շղարշիկ

Եւ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ...

Հէյ վա՜խ, Մշոյ սրսու´ռ Հողեր,

Դէ՜ քա´ր մաղի, որ հո՜ղ դառնայ,

Հէյ վախ, Սասնայ զուլա´լ ջրեր,

Դէ´, ձիւն հալի, որ ջո՜ւր դառնայ,

Հէ՜յ Աշնակայ չոլ ու ղռեր՝

Աշնակն ինչպէս Սասուն դառնայ,

Եկան դրին քարը քարին՝

Դուշմանն եկաւ խառնեց իրար,

Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝

Դուշմանն եկաւ խառնեց իրար,

Մինչեւ արիւնը թանձրացաւ,

Կարմիր գոյնի դրօշ դարձաւ,

Մինչեւ մանգաղն ելաւ հողից,

Մուրճը պոկւեց սալի կողից,

Ու երկուսն էլ, եղբօր նման,

Այդ դրօշի վրայ ելան

Ու նոր արեւ ծագեց հողին,

Հող վարողին, հող սիրողին:

Մինչեւ նորից օջախ դրին՝

Ծուխը սողաց,

Մինչեւ նորից տաք Թոնիրին

Բոցը շողաց.

Մինչեւ նորից, խունջիկ-մունջիկ,

Դաշտ գնացին հարս ու աղջիկ,

Որ աղցան ու սիբեխ քաղեն,

Հօտաղ տղի սիրտը դաղեն,

Հօր արտի մօտ նոր արտ վարեն,

Արթիկ տուֆից նոր պատ շարեն,

Մի նորելուկ հա´րս մայրանայ,

Մի նոր թոնրի ծո´ւխ բարձրանայ,

Նոր օրօրոց գնայ ու գայ,

Բարին տեւի՝ չարը չգա՜յ...

...Եւ երբ տեսան, էլ դաշնակը

Մօտ չի՜ գալիս,

Եւ երբ տեսան՝ էլ վառօդի

Հոտ չի՜ գալիս, Եւ երբ տեսան՝

Էլ չի՜ թափւում հողին արիւն,

Եւ երբ տեսան՝

Եկաւ աշուն, եկաւ գարուն,

Առանց ահի, կոտորածի,

Բա՜ց արեցին սուփրէն հացի,

Զուռնէն խօսե՜ց բերանացի

Եւ Արագած լեռան լանջին

Զարթնե՜ց կրկին Սասնայ ոգին...

Եւ Սասունը նորի՜ց պարեց,

Ոտքը զարկեց, ձեռքով արեց,

Եւ նոյն զուռնան, որ հնչում էր

Հին տան բակում, հնչեց

Հիմա ամէն գիւղում ու քաղաբում,

Իսկ դհոլը, որ քարեր էր պոկում սարից՝

Ծափե՜ր պոկեց ամէն աղգից ու

Աշխարհից...

Պարեց Սասունն, ու ողջ

Աշխարհը Հիացաւ,

Պարե՜ց Սասունն, ու ողջ

Աշխարհը Հասկացաւ,

Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում

Սասնայ ձորից ջուր են բերում,

Արտ քաղհանում,

Երբ ոտքի տակ տղաների հո´ղն է թնդում

Հօտաղները Սասնայ սարում

Գա՜յլ են խեղդում,

Երբ խռնւում՝ կարծես ամպրոպ

պայթի սարում՝

Այդ ոսոխն է նրանց գիւղերը պաշարում,

Երբ միանում՝

Բե´րդ են դառնում շինւած քարից՝

Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից,

Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում,

Ծափ են տալիս...

Մահւան վիհից դէպի կեանքի

Ա՜փ են գալիս...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ

Որ պար չէ սա, այլ՝ մի երկրի

Քաջ պատմութիւն,

Ուր պատմութիւ՜նն անգամ

Ունի հպարտութիւն,

Եւ չի յաղթի ոչինչ այն հին ժողովրդին,

Որ այս ջանքո´վ ու այս կամքո´վ

Պարե՜լ գիտի...

Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,

--Հալա՜լ է քեզ, Սասո´ւն պարի՜...

Պարի՜, դու դեռ երա՜զ ունես կատարելու,

Վրէ՜ժ ունես պատմութիւնից դեռ հանելու,

Պարի՜, գազպան դեռ քո ձեռքին է կարօտում,

Սասնայ հողը վար ու հերկի՜ է կարօտում,

Պարի՜, մինչեւ ողջ Հայերին դու ամբարես,

Եւ այս պարը

Մասիս լեռան լանջի՜ն պարես...

Վերոյիշեալ տարբերակը առաջին անգամ լոյս էր տեսել «Բագին»-ի մէջ, որին քննադատել էր Պօղոս Սնապեանը, «դաշնակ» բառի գործածութեան համար: 70-ականներին երբ Էմինը գտնւում էր Ամերիկայում եւ երեք օր միասին անց կացրինք, ինձ ասաց թէ այդ քննադատութեան պատճառով նա այդ բառի տեղ դրել էր «չարորդի» բառը: Ի հարկէ Սնապեանը դա երբէք չմոռացաւ:

Վարդահուր

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...