Jump to content

Դանիել Վարուժան


Recommended Posts

Դանիել Վարուժանը ծնվել է 24 ապրիլի 1884 թվին Սեբաստիայի նահանգի Բրգնիք գյուղում: Սոորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բարձրագույն կրթությունը ստացել է Գենտի (Բելգիա) համալսարանում: Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ. Սեբաստիայի Արամյան վարժարանում դասավանդել է հայերեն և ֆրանսերեն, հայ գրականություն, սահմանադրություն և քաղաքատնտեսություն, Թոքատի (Եվդոկիա) ազգային ճեմարանում՝ հայ գրականություն, տնտեսագիտություն, բարոյագիտություն, ֆրանսերեն, Կ.Պոլսում (1912-15, ապրիլ) եղել է Լուսավորչյան վարժարանի տնօրենը:

Դանիել Վարուժանը ձերբակալվել է թուրք իշխանության կողմից 11 ապրիլի 1915 թ., սպանվել է 13 օգոստոսի 1915 թ.:

ՁՈՆ

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.

- Քեզի ընծա՜, իմ հայրենիք -

Սոսյաց անտառեն էի զայն կտրեր...

- Քեզի ընծա՜, հին հայրենիք -

Եղեգնյա գրչով երգեցի քուրմեր.

Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ:

Եղեգնյա գրչով երգեցի կարոտ.

- Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ -

Ան տարաշխարհիկ բույսի մ'էր ծղոտ...

- Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ -

Եղեգնյա գրչով երգեցի հարսեր.

Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ:

Եղեգնյա գրչով երգեցի արյուն.

- Ձեզի ընծա՜, սուրի զոհեր -

Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...

- Ձեզի ընծա՜, կրակի զոհեր -

Եղեգնյա գրչով երգեցի վերքեր.

Ընդ եղեգան փող սի'րտս ելաներ:

Եղեգնյա գրչով որբ տունս երգեցի.

- Քեզի ընծա՜, հայր ալեհեր -

Ցամքած աղբյուրեն մեր զայն հօտեցի...

- Քեզի ընծա՜, մայր կարեվեր -

Եղեգնյա գրչով օճախս երգեցի.

Ընդ եղեգան փող ծո'ւխ ելաներ:

ՈՒ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...

- Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -

Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո'ց ելաներ:

http://www.distancelearning.am/armenian_po...try/tanielv.htm

Link to post
Share on other sites
  • Replies 79
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Սաթենիկ,

իսկ Հայրիկյանի այս երգը լսե՞լ ես:

Պատմում են, որ Այաշում՝ աքսորի վայրում, շարունակել է «Հացին երգը» շարքը: Թուրքերը, գլուխը քարերով ջախջախելուց առաջ, խլել են տետրը և վաճառել մի նպարավճառի: Պատկերացնո՞ւմ ես, եթե այդ նպարավաճառը թուրք չլիներ ու պահեր այդ տետրը, այլ ոչ թե օգտագործեր թղթի փոխարեն...Գուցե ես ներեի բոլոր թուրքերին, որ նրանց մեջ էլ է եղել գոնե մի մարդ...Բայց չի՛ եղել: :no: :no: :no:

Շնորհակալություն, վերհիշեցի պարմանության տարիներս, երբ առաջին անգամ կարդացի «Ձոնը» ու տեղնուտեղը անգիր սովորեցի... :yes:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...

- Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -

Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո'ց ելաներ:

-Ընդ եղեգան փող վըրե՛ժ ելաներ: :)

Link to post
Share on other sites

Ոչ, ՍԱՍ, չեմ լսել: Բայց Հայրիկյանը լավ է երգում: Լավ Կոմիտաս է զգում: Սա հանկարծ չնդունեք որպես Հայրիկյանի գովազդ :) :

Իսկ թուրքերի մեջ մարդ փնտրելը ամենաանլուրջ գործն է աշխարհում:

Link to post
Share on other sites
  • 2 months later...

ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆ

Պատուհանիս տակեն, ամեն առավոտ,

ՈՒրվականի պես կ'անցնիս.

Եվ կուսագեղ գըլուխիդ վրա կ'արտասվե

Տերևաթափ վարդենիս:

Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող

Շունն` որ վըրադ կը հաչե՜.

Կամ կը լըսեմ քընիս մեջեն ձայնն հազիդ`

Որ ծոցդ աղվոր` կը տանջե:

Եվ կը խորհիմ թե քընատ ես և նոթի.

Իրանդ հովեն կը դողա.

Եվ կը նըստի գանգուրներուդ վըրա, քո'ւյր,

Եղյամն իբրև շափյուղա:

Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին

Ջուրն անոնց մեջ կը ճողպա.

Կամ ետևեդ շըվայտորեն կը սուլե

Սըրիկա մը անոպա:

Եվ կը խորհիմ թե, տան մեջ, մայրդ է հիվանդ.

Ցամքած է ձեթն ալ ճրագին.

ՈՒ դուն կ'երթաս գործատան մեջ աշխատիլ

Լույսին համար ու կյանքին:

Ես կը խորհի՜մ - և խենթի պես կը բաղձամ

Վար իջնել, քո'ւյր դալկադեմ,

Քո'վըդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,

Եվ հըծծել. - "Քեզ կը սիրեմ:" -

Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագույն,

Կը սիրեմ կուրծքըդ քանդված`

Որուն մեջ դեռ կը համառի Սերդ երգել

Արտույտի պես սըրարբած:

Կը սիրեմ քու անոթությունդ ու ծարավդ,

Եվ ոսկորներդ ուժասպառ.

Ես կը սիրեմ կույս աղիքներըդ ցամքած,

Մազերուդ սուգն` ուսեդ վար:

Եվ ես կ'ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա

Տատրակի պես տարագիր,

Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,

Եվ ազգանունս անբասիր.

Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշավակ,

Եվ քողն ըլլալ պատիվիդ,

Կրանիդե բազուկիս տակ պաշտպանել

Սեռըդ ու գեղըդ անժըպիտ:

Կ'ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըվավ,

Ինչ որ խլեցի մարտերով.

Քեզ պըսակել արյունիս գույնն ունեցող

Հաղթանակիս վարդերով:

Միայն թե դուն չըլլաս տըժգույն ու քաղցած,

Արևուն տակ չըհազաս.

Մորըդ վերև չըմարի ճրագն, ու, ո'վ քույր,

Դուն գործատուն ա'լ չերթաս:

Link to post
Share on other sites
  • 6 months later...

ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

Գրասեղանիս վըրա, սա

Սկավառակին մեջ կա բուռ մ'հող, բերված հոն

Հայրենիքի դաշտերեն:

Նըվեր է ան.- Զայն ինձ ձոնողը կարծեց

Սիրտն իր տըրված, առանց երբեք գիտնալու

Թե կու տար իր պապերունն ալ միասին:

Զայն կը դիտեմ.- մերթ ժամեր

Բիբերս անոր վըրա հառած կը մընամ

Լո՜ւռ և թախծո՜տ, իբր այդ հողին մեջ հուռթի

Նայվածքս արմատ արձակեր:-

Կը մըտածեմ.- Գուցե իր գույնը բոսոր

Չէ պարգևված բնության ներհուն օրենքեն.

Վերքերու սպունգ մ'ըլլալով

Խըմած է մաս մը կյանքի, մաս մ'արևու.

Եվ իբըր տարր անպաշտպան

Կարմիր հող մ'է եղած, հայ հող մ' ըլլալուն:

Գուցե իր մեջ կը բաբախեն տակավին

Դարերը հին-հին փառքին,

Կայծն ամրակուռ սըմբակներու որոնց գոռ

Արշավանքն օր մը ծածկեց

Հայկյան վաշտերն հաղթության տաք փոշիով:

Կ'ըսեմ.- Իր մեջ դեռ կ'ապրի

Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,

Կյանքս իմ, քու կյանքդ, ու տըվավ,

Կարծես ձեռքով գիտակից,

Նույն թուխ աչվին նույն և նըման հոգիով

Կիրք մ' Եփրատեն առնըված,

Սիրտ մը կամշոտ, թագըստոց

Ըմբոստանքի ու նաև բո'ւռըն սիրո:

Իր մեջ, իր մեջ կը կայծկըլտա հոգի մ' հին՝

Հին դյուցազնի եղած փըսոր մը գուցե՝

Կույսի մ' աղվոր արցունքով.

Հյուլե մը կա Հայկեն, փոշի մ'Արամեն,

Անանիայեն բիբ մը դետ՝

Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.

Ա'զգ մը կա հոն, սեղանիս վրա ազգ մը հին,

Որ այսօր իր վերաշողշող այգուն մեջ,

Հողի բնատուր մարմնույն տակ ինձ կը խոսի,

Կ'ոգեզինե - և աստղերու ինչպես ցանն

Անհունության մեջ կապույտ -

Փոշիներովն իր հրաբորբ

Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգե:

ՈՒ այն ատեն լարը ջղերուս կը դողա

Սարսուռով մ' հորդ, ա'յն սարսուռով՝ որ մըտքին

Հերկերուն վրա ավելի'

Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ:

ՈՒ կը զգամ անցքն ուղեղես

Նոր հուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր

Խոր վերքերովն իրենց, վրեժի՝ շրթունքներ.

Եվ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ

Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիթ չըներ

Եթե մարմնույս աճյուններն

Օր մը մահեն վերջ հովերուն մեջ գըտնար.

Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ

Մնացած մեր հաղթ պապերեն,

Բըժժանքն ու ձոնն այդ կարմիր,

Սիրտըս սեղմած մագիլներով անծանոթ,

Երկինքն ի վեր, գըրքի մը վրա, թանկագին

Ժամու մը մեջ ժըպիտներու, սերերու,

Կամ քերթվածի մը ծընած վեհ վայրկյանին

Զիս հապըշտապ կը մըղե

Մերթ լալու, մերթ մռընչելու,

Եվ զինելու բռունցքըս, հոգիս բռունցքիս մեջ:

Link to post
Share on other sites
  • 3 months later...

ՀԱՇԻՇՍիրտը լեցուն է բանտին խավարով.Ա՛լ դաշտ ու երկինք չը կան իր համար.Պիտ՚ գըներ աչքի հազար գոհարով՝Աստըղ մ՚ան նույն իսկ՝ ասուպ ալ ըլլար։-«Օ՜ն, հաշիշ բերեք, կը մըրմընջե ան,Երբ աշխարհս ինձմե այսպես կ՚ապշոպեն,Ես կ՚ուզեմ հոգվույս մեջ ըստեղծել զայն։-Օրորվիլ, բուժի՜լ հըզոր ցընորքեն։Օ՜ն, հաշիշ բերեք»։- Եվ ան կը ծըխե,Իբր ուրախութեան ըստի՛նքը ծըծեր.Կը հոսի երազ ջըլերուն մեջե.Աշխարհը լուծված կ՚ելլա սիրտն ի վեր։Աչքերը բանտին դիմաց կը գոցվին՝Ապարանք մ՚իր մեջ գըտնելու համար.Բիբերն հըրաժեշտ կու տան խավարին՝Աստղեր բերելու խոստումով ճարտար։Եվ կը քընանա՜ արվեստի քընով՝Ինչպես խըղճի խայթն՝ աղոթքե մը վերջ.Ո՛վ թըշվառ հոգի, հիմա ապահով,Ազատ է եւ տեր՝ ցընորքներուն մեջ.Եվ կ՚երազե շա՛տ, շատ բաներ աղվորԿամ հուրիներն ալ աղվոր կ՚երազե.-Բըռնած շըղթայի մ՚օղակն ահավոր՝Կընոջ մը մանյակը զայն կը կարծե։Վարդե, ոսկիե գետի մ՚ափն ի վարԻր մանկան խաղին կը ժըպտի հիմա.Կամ ինքն իսկ մանուկ՝ լըճակին մեջ հարԵրկինքն՝ երկընքին մեջ զինք կը տեսնա։Շըրթունքները լուռ, մեղմիկ կը դողան՝Անշուշտ ուրիշներ գըտնալնուն համար.Թերեւս (ո՞վ գիտե) կը լըրացնե անՀամբույր մ՚ատենով թողված կիսկատար։Կամ կը շըրջի արտն՝ ազատ քայլերով.Կը վայլե երկինքն, աստղերու արգանդ։Մի՛ արթընցընեք, քանզի ապահովԶինք կը փոխադրեք լույս աշխարհեն՝ բանտ։Թողեք քընանա.- թող հաշիշին մեջՍեւ շըղթան բեկտի՝ վիշտը լուծելով։... Ո՛վ անմահ մեկոն, երազի առէջ,Դու ցընորքն հյուսե ոսկեղեն թելով.Հյուսե խընդություն մը անըրջականԻր խոցված հոգվույն, ուղեղին վըրա.Ժըպիտն աղվո՜ր է, եթե նույն իսկ անԽաբված ջըղերու վիժա՜ծն ալ ըլլա։ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒժԱՆ

Link to post
Share on other sites
  • 1 year later...

Սաթենիկ,

իսկ Հայրիկյանի այս երգը լսե՞լ ես:

Պատմում են, որ Այաշում՝ աքսորի վայրում, շարունակել է «Հացին երգը» շարքը: Թուրքերը, գլուխը քարերով ջախջախելուց առաջ, խլել են տետրը և վաճառել մի նպարավճառի: Պատկերացնո՞ւմ ես, եթե այդ նպարավաճառը թուրք չլիներ ու պահեր այդ տետրը, այլ ոչ թե օգտագործեր թղթի փոխարեն...Գուցե ես ներեի բոլոր թուրքերին, որ նրանց մեջ էլ է եղել գոնե մի մարդ...Բայց չի՛ եղել: :no: :no: :no:

Շնորհակալություն, վերհիշեցի պարմանության տարիներս, երբ առաջին անգամ կարդացի «Ձոնը» ու տեղնուտեղը անգիր սովորեցի... :yes:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...

- Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -

Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո'ց ելաներ:

-Ընդ եղեգան փող վըրե՛ժ ելաներ: :)

Տեսնում եմ, որ վաղուց չենք անդրադառնում այս թեմային, ցավոք: Բայց ես մտադիր եմ շարունակել: Ու քանի որ վերջին անգամ խոսք է գնացել Վարուժանի բանաստեղծություններով երգերի մասին, կուզենայի հիշեցնել Դավիթ Ամալյանի հեղինակած երգերից մեկը, կարծեմ, «Օրորոցային» վերնագրով, կատարում էր Արմինե Ամալյանը` շատ հուզիչ տեսահոլովակով, որտեղ որպես նախաբան հնչում էր այս բանաստեղծությունը.

ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ

Հաղթանակի գիշերն է այս տոնական.

Հա՛րս, եղ լեցուր ճըրագին:

Պիտի դառնա կռիվեն տըղաս հաղթական.

Հա՛րս, քիթը ա՛ռ պատրույգին:

Սայլ մը կեցավ դըրան առջև, հորին քով.

Հա՛րս, վառե՛ լույսը ճրագին:

Տըղաս կու գա ճակատն հըպարտ դապնիով.

Հա՛րս, բե՛ր ճըրագը շեմին:

Բայց… սայլին վրա արյո՞ւն և սո՞ւգ բեռցեր են…

Հա՛րս ճրագդ ասդի՛ն երկարե:

Հերոս տըղաս հոն զարնվա՜ծ է սըրտեն.

Ա՜խ հարս, ճըրագըդ մարե՜…

Link to post
Share on other sites

Սաթենիկ,

իսկ Հայրիկյանի այս երգը լսե՞լ ես:

Պատմում են, որ Այաշում՝ աքսորի վայրում, շարունակել է «Հացին երգը» շարքը: Թուրքերը, գլուխը քարերով ջախջախելուց առաջ, խլել են տետրը և վաճառել մի նպարավճառի: Պատկերացնո՞ւմ ես, եթե այդ նպարավաճառը թուրք չլիներ ու պահեր այդ տետրը, այլ ոչ թե օգտագործեր թղթի փոխարեն...Գուցե ես ներեի բոլոր թուրքերին, որ նրանց մեջ էլ է եղել գոնե մի մարդ...Բայց չի՛ եղել: :no: :no: :no:

Շնորհակալություն, վերհիշեցի պարմանության տարիներս, երբ առաջին անգամ կարդացի «Ձոնը» ու տեղնուտեղը անգիր սովորեցի... :yes:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...

- Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -

Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո'ց ելաներ:

-Ընդ եղեգան փող վըրե՛ժ ելաներ: :)

Իսկ այժմ անդրադառնանք «Հացին երգը» շարքին: Նախ այստեղ կտեղադրեմ այդ շարքը հերթականությամբ: Առայժմ կեսը շարքի, մյուս անգամ մնացած կեսը կտեղադրեմ:

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ

1. ՄՈՒՍԱՅԻՆ

Թե ջըլապինդ մըշակն ի՛նչպես կը փարի

Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն:

Եվ սահանքին տակ արփական շողերուն

Ի՛նչպես կ’ըլլան լերկ ակոսները` բերրի:

Թե շիկագույն ցորյանն ի՛նչպես կալին մեջ

Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն.

Ի՛նչպես կ’հորդի քաղցած խըմորը տաշտեն,

Զոր հուսկ կ’եփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ:

Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրբազան

Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՛նչ կորով,

Սորվեցո՛ւր ինձ, ո՛վ հայրենի իմ Մուսան:

Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով,

Զի կալին մեջ, զով շուքին տակ ուռիին

Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն:

2. ԱՐՏԵՐՈՒՆ ՀՐԱՎԵՐԸ

Գյուղակներեն հորիզոնները մինչև

Կը տարածվի մեր մայրությունը հողի:

Գարունն եկա՛վ. չի բավեր ձյունը թեթև

Ա՛լ ծածկելու մեր մերկությունը հըղի:

Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,

Առավոտներն արդեն Ապրիլ կը բուրեն.

Սառեն լուծված կը կարկաջեն առվակներ.

Մեր տաք կողեն ծըլավ նարգիսը արդեն:

Մեզի եկեք. ձեր սերմով լի բուռերուն

Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով.

Ճաճանչն արդեն խըվեցավ մեր սիրտերուն:

Պիտի լեցվին քըրտինքներու համրանքով

Հասկերը շեկ, ու պիտի ո՜րքան բերկրինք

Երբ առջի հեղ խոփը ճըմլե մեր ըստինք:

3. ՄՇԱԿՆԵՐԸ

Մըշակնե՛րն են իմ գյուղիս, դաշտի հըզո՛ր զավակներ,

Քըրտինքներով մարգարտյա` բընության թա՛գն են հյուսեր:

Կը բաբախե սիրտն հողին իրենց բըրդոտ կուրծքին տակ.

Ու իրենց լայն երակին մեջ կը հորդի արեգակ:

Երբ որ քալեն` մայր-երկիրն իր արգանդեն կը սարսռա.

Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հըսկա:

Գըլուխն իրենց, զոր կ’հակեն առջևը սուրբ խորանին,

Պըսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:

Ակոսներուն մեջ անոնք խինդ կը ցանեն, և Աստված

Իրենց ճակտին ակոսեն բարություններ կը հընձե:

Ավիշներուն հոսուն երգն անո՛նք միայն են լըսած:

Եզին շողիքն ի՛նչ փույթ թե իրենց ձեռքերը կ’օծե,

Եվ ախոռի հոտ կու գա իրենց նախշուն լոդիկեն.

Նախ անենց լայն ափի՛ն մեջ կը ծըլին սերմերն համորեն:

4. ՀԱՐԿԻՔ

Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով`

Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:

Գարունի առտվան օդեն են գինով.

Կը նային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:

Ձըմեռը զանոնք խարո՛վ սընուցի.

Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:

Իրենց սանտըրված պոչը թավարծի

Կը լիզե իրենց կողերն` օձի պես:

Կը սիրեմ անոնց նյուսը բյուրածալ,

Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`

Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,

Եվ ճոճքը իրենց, և պոչյունն հըզոր

Հորիզոններե՜ն. երբ կ’երթան անվերջ

Եղջյուրնին մըխած Արշալույսին մեջ:

5. ՀԵՐԿԵՐ

Հո՜, հռո՛ հռո՛ հռո՛. Հողին տակ հըռընդյունն է արորին

Լուրթ մշուշին մեջ առտվան, կողին վրա բըլուրին

Կ’երթան եզները հուժկու` զանգակներով դաշնավոր,

Ու մսուրին վերջին հարդը կ’որոճան գլխիկոր:

Սարին ուսեն ծըյլացող արևն ահա կը ծագի

Ու մըշակին ճակտին վրա կը դնե հումբույրը ոսկի:

Մարդը կ’երթա երգելով` մաճն ափին մեջ պընդաջիղ,

Ու իր ճամբան կը գծե իր հոգիին պես ուղիղ:

Հո՜, հռո՛ հռո՛ հռո՛. Ակոսները կը բացվին մըխալով,

Եվ կը դիզվին արգավանդ հողակոշտերն իրար քով:

Մեկ ծագեն մյուսն հուլորեն կը սողա խոփը պողպատ,

Կը հեղեղե հերկերուն մեջ իր լույսերը արծաթ:

Իր տակ ճըմլված, կարեվեր, կը գալարվի հույր Ճըճին.

Կ’ահաբեկին խըլուրդներ իրենց խուղին մեջ մըթին:

Բունծերն ահա կ’ոռոգին մերթ օձերու արյունով,

Զոր ըսպաննած է արորն անոնց գլուխեն անցնելով:

Արևն արդեն կը հոսե իր երակներն հրածորան

Ակոսներուն նորաբաց արգանդին մեջ հոտևան:

Հո՛, հռո՛ հռո՛ հռո՛. Անդաստանն է կորդացած այս տարի,

Բայց հերկերուն ծարքն արդեն անհունորեն կ’երկարի:

Եզները հաղթ թափ կու տան, դողացնելով մերթ ընդ մերթ,

Սուր խըթանեն` ըստևներն իրենց փորին լուսաշերտ:

Ի՛նչ փույթ թե ճղուղն արորիին խութին դեմ հա՛նկարծ կու լա,

Եվ կը ծորի մըշակին քիրտը ամեն գուղձի վրա:

Դեռ սուրբ կոչնակը գյուղին` սարին ետև չըհընչած`

Բըլուրին կողը ամբողջ պիտի ըլլա թըխացած,

Եվ պիտի լայն ակոսները շար ի շար ավարտին`

Օծված շաղով իրիկվան, շողիքներովն հարկիքին…

Այն ատեն երբ արտին ծայրն հասած, ճիգով մը դողդոջ,

Տըղմուտ արորն հողին մեջ հանկարծ կասի, Մշակը խոնջ

Պիտի խորհի անկասկած – հանո՜ւն վաղվան հունձքերուն–

Թե կարասի՛ մ’ոսկելից կառչեր է խոփը իսկույն:

6. ՑԱՆ

Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի

Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր:

Ոտքին առջև անդաստաններն հայրենի

Կը տարածեն մերկություննին անպարույր:

Լի է ամբողջ ցորեններով աստղահատ

Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան` ծարավի`

Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ

Արտերուն վրա` զերդ արշալույս` կը բացվի:

Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին

Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա.

Վաղ` նետած ցորեններդ այդ կը թափին

Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա:

Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին

Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ.

Աղքատ մ’այսօր ճըրագին մեջ տաճարին

Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ:

Մըշա՛կ, ցանե՜. հանուն Տիրոջ նըշխարին

Թող մատներդ հորդին սերմեր լուսեղեն.

Վաղը ամեն հասկի մեջ կաթնային

Պիտ’ հասուննա մաս մ’Հիսուսի մարմինեն:

Ցանե՜, ցանե՜. նույնիսկ հեռու սահմանեն,

Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜:

Ծիտերն ի՛նչ փույթ թե հատիկներդ կ’ավերեն.

Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե:

Լեցո՛ւր ակոսն, հորդե՛ հերկերը բերրի,

Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին:

Օրը ահա կ’իրիկնանա. կ’երկարի

Շուքը թևիդ հորիզոննե՜րն աստղային:

7. ՏԱՓԱՆ

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,

Թաղե ցաներն հողին մեջ.

Ցորենն` ոսկի, սերմն հակինթ է`

Երբ միանա հողին գեջ:

Տափա՜ն, թևերըդ տարածե,

Գրկե արտերը հուռթի.

Հերկն աննըվաճ ալիք մըն է`

Զոր կ’անդորրես դուն հեշտին:

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,

Փակե բերանն ակոսին`

Ուր ամեն մեկ ցորեն սաթ է.

Թող սարյակներ չը տանին:

Տափնեց տափանն, հարթեց կոշտեր,

Հըղկեց անդերը անհուն…

Այժմ հողին տակ կ’ուռին հունտեր`

Ինչպես ծիծերն ուլերուն:

8. ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց

Սերմերն: Արտերս այս գիշեր

Կանանչցեր են լուսնկային տակ գարնան…

– Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,

Քըրտինքիս ցողը վըրան:

Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են

Տե՛ս, ցորեններն աղածրի:

Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան…

– Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի,

Եզիս շողիքը վըրան:

Կը փողփողին արտավարե արտավար

Կարծես կանանչ մոմիկներ:

Ամեն ընձյուղ մարգրիտ մ’ունի իր բերանն…

– Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,

Արևուն շողը վըրան:

Կը զարդարե ամայությունը հողին

Մատղաշ ծաղի՛կը հացի.

Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան…

– Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,

Մատերուդ բույրը վըրան:

Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս,

Հոն միսմինա՜կը ծաղկեր…

–Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,

Բերեք անկե ծաղիկներ,

Բերեք վարդգույն ծաղիկներ,

Հընձվորին հո՜ւյսը վըրան:

9. ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող

Անձրևը չէ՛ ասիկա:

Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն

Լուսացընցուղ կը տեղա:

Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,

Տեղատարափ կը թափին,

Եվ կը լըվան իրենց լույսին մեջ փաղփուն

Անդաստաններն ու այգին:

Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,

Եվ կը տեղա ադամանդ.

Կը լուսանան կույր աղբերակներն ու կ’երգեն

Իրենց ծընունդն արգավանդ:

Անհունն ի վար կը հեղեղվին շառաչուկ

Մեծ կաթիլներ շափյուղա,

Լի արևով, ցընծությունով, կապույտով,

Ծիծաղներով սատափյա:

Մարգերը թաց կ’արտաշընչեն զովություն…

Կը լըվացվին գառնուկներ…

Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,

Կը լեցնե գյուղն ու եթեր:

Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ

Իմ ցորյաններս համեցող

Նոր ուժերով հորդահոսա՜ն կ’ընձյուղին

Կայլակներու մեջ ի լող:

Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս,

– Ըստ իմ գյուղիս հեքիաթին –

Կը ծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,

Եզնորդ մը ` նման լուսինին:

10. ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ’ացնին.

Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.

Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:

Գեղադալար կողերն ի վար բըլուրին

Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.

Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`

Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:

Գոգին մեջեն ալետատան հովիտին

Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.

Ու ցորյանին պատմուճանները ծըփուն

Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:

Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին

Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.

Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`

Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:

Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին

Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.

Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:

Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`

Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին

Ծովե՜ր կ’անցնին,

Հովե՜ր կ’անցնին:

11. ԿԱԿԱՉՆԵՐ

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.

Ահա սիրող սիրտերու պես կ’արյունին:

Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե

Խըմենք ալիքն արևին:

Անոնք ա՛յնչափ բըռնըկեր են` որ կարծես

Հըդեհն իրենց կ’այրե դաշտերը անհուն:

Պիտի իրենց բաժակներեն հըրակեզ

Խըմենք կայծերն աստղերուն:

Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկըված

Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կը նազին:

Պիտի իրենց բաժակներեն բոսորած

Խըմենք արյունն ակոսին:

Անոնք ծըռած արտույտներու բույնին վրա

Լալ շողերով ողկույզ ողկույզ կը ծըփան:

Պիտի իրենց բաժակներեն հակընթյա

Խըմենք խոստումը Գարնան:

Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ, բո՜ց քղե դուն.

Հըրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի:

Պիտի իրենց բաժակներեն փափկասուն

Խըմենք կրակներն Հունիսի:

Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,

Կը խոսակցին ցորյանին հետ օրորուն:

Պիտի իրենց բաժակներեն ծիրանի

Խըմենք գաղտնիքն հասկերուն:

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով

Վաղվան զըվարթ տոնին համար գյուղակին:

Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,

Խըմենք գինին Տարփանքին:

12. ԱՆԴԱՊԱՀԸ

– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:

Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է:

Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին`

Ցորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին:

Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն:

Աչքերուն մեջ կը ծավալի կականչ երազը դաշտերուն:

Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կ’ածե սըրինգ.

Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լսե զինք:

Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին.

Կը կատաղի` երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին:

Ան սարսափն է բոլոր անոնց` որ կ’ավրեն անդ ու անդաստան.

Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան:

Ի՜նչ խլուրդներ ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ

Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ:

Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մ’հալածելով`

Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մ’հաղթ ծնոտով:

Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կ’աղաղակե.

– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:

13. ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն է…

Նըման բոցերու

Ցորենն է բըռնկեր`

Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…

Երկինքն է կըրակ.

Հողը խորխոլած

Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…

Քառաշար հասկեր

Քառաշար սաթով

Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…

Բոռ, մեղու, պիծակ,

Քիստերուն մեջեն

Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…

Մերթ կ’ելլե, հովեն,

Դեղձանիկ մը, թի՛ռ,

Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,

Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,

Գամ ոսկիդ հնձեմ

Մանգաղով արծաթ:

14. ՀՈՒՆՁՔ

Կը սոթտըվին թեզանիքներ,

Link to post
Share on other sites

14. ՀՈՒՆՁՔ

Կը սոթտըվին թեզանիքներ, գերանդիներ թող հեսանվին.

Այսօր երկու հազար մըշակ կը հնձեն ցորե՛նը և գարին:

Քա՜ղցր է թեղվիլ հասկերուն մեջ` որոնց քիստերը խարշափուն

Կը խառնըվին բաց կուրծքերու անտառացած թուխ մազերուն:

Քա՜ղցր է լողալ համառորեն որաներուն մեջեն հեղեղ.

Ըզգալ ուռիլը բազուկին երակներուն արևազեղ:

Ահավասիկ գերանդիներ, կատաղությո՛ւն փայլատակի,

Ցորեններուն մեջ իբր արծաթ կ’ընկղմվին, դուրս կ’ելլեն` ոսկի:

Հասկեր կ’իյնան շարվեշարան, և կ’արյունին կակաչներ լուռ.

Բըլուրներուն քողը խարտյաշ կը ծալլըվի լայնասարսուռ:

Ծըփանքներ նո՛ր ծըփանքներու ներքև ընդմիշտ կը փըլուզին.

Ալիք կ’ըլլան ակոսին մեջ ծովե՛ր, ծովե՛ր, ծովե՛ր դեղին:

Ու կ’ընդլայնին դաշտեր, սարեր, խոզաններով միշտ քըստմընած.

Հովիտին մեջ հեղեղներ կան` որ կը ցամքին կամաց կամաց:

Հանկարծ թուփեր կը հատնվին, կամ կը ցըցվի քար մը ճերմակ.

Առվակ մ’հեռուն կը փալփլի, որ կը նիրհեր վասակին տակ:

Մըշակներ կան` որ փարչն իրենց բերնին դըրած, Արև՜ն ի վեր,

Կ’ըմպեն երկա՜ր ջուրը գըլգլուն` զոր աղբյուրեն հարսն է բերեր:

Ոմանք իրենց ափերուն մեջ` մերթ կը փըշրեն հասկ մը ատոք,

Եվ կ’օրհնեն թիվն հատիկներուն, ու կը ծամեն հետո զանոնք:

Հոտաղներ կան արտերե արտ` որ ժիրաժիր կը հեսանեն

Աղոտ մահիկը մանգաղին, աղմըկելով լուռ միջօրեն:

Եվ կը հնձե՜ն, միշտ կը հնձե՜ն. թևի ամեն լայն շարժումի

Ամառներու բերկրությունն է` որ քիստե քիստ կը ծավալի:

Օ՜, ի՜նչ կոծեր, հորիզոնե հորիզոն ի՜նչ նըվաճումներ,

Ի՜նչ հեծկըլտանք հանճարներու, ի՜նչ փըլուզվող օվկիաններ:

Ու կը հնձեն, դեռ կը հնձե՜ն. մինչև շուքերը երկարին

Եվ շըփոթվին իրարու հետ ա՛լ սահմաններն անդաստանին:

Այն ատեն լուռ ճամբուն վըրա կը տեսնըվին շարան շարան,

Հընձվորները որ դեպ իրենց տընակներուն ճրագը կ’երթան:

Գերանդիներն անոնց ուսին կը ցոլցոլան լուսնկայեն,

Կը հովանան անոնց քըրտնած կուրծքերն անուշ ծըմակներեն:

Իսկ անդորրին մեջ դաշտերուն ահա ծըղրիդ մը արթընցած

Կը լեցընե իր երգերով ամբողջ Անհունն աստեղամած:

Link to post
Share on other sites

Katranide,

շնորհակալություն: :flower: Հուսով եմ, որ շուտով այստեղ կկարդանք «Հարճը»:

Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն՝

Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,

Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցիկին, Զորության՝

Փրփուրներու Դիցուհին՝ ըստինքներով ռոշնական...

Կհիանանք կաքավող Նազենիկի պարով, որ «զերգեր ձեռամբ»:

Ան կը ճախրե՜,կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜:

Երբոր ետև կը թեքի՝ կուրծքին վըրա հոյաշեն

Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսռալեն:

Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,

Կ'երթան փրփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով,

Ան կը ճախրե՜,կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜...

Եվ, իհարկե, հարճին պետք է հետևի «Ո՜վ, Լալագե»-ն: :yes: Իսկ հետո՝ հայ բանաստեղծության երկրորդ հանճարեղ «Տրտունջք»-ը

Ըզգալու համար ցավն հաճույքին և հաճույքները ցավին:

Link to post
Share on other sites

Քանի որ խոստացել էի շարունակել «Հացին երգը», նախ ավարտեմ սա, իսկ մյուս անգամ մեծ հաճույքով կանդրադառնամ «Հեթանոս երգեր»-ին ու, անշուշտ, «Հարճը», եթե դրա անհրաժեշտությունը կա:

15. ՀՈՒՆՁՔ ԿԸ ԺՈՂՎԵՄ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,

–Լուսնակը յարս է–

Ակոս ակոս ման գալով,

–Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,

–Անո՜ւշ են հովեր–

Արտերուն մեջ թափառիկ,

–Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,

–Կաքավը կու լա–

Կապեցի մե՛կ նարոտով,

–Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,

–Ասուպը անցավ–

Աստղեր մյուռոն կը ծորեն,

–Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,

–Վարդենին թաց է–

Ես կապեցի խաղերով,

–Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,

–Կ’երթա՜ լուսնակը–

Դեզերով լեռ եմ շինած,

–Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,

–Յարըս յա՜ր ունի–

Քարեն լորիկը թըռավ,

–Լե՜րդըս կ’արյունի:

16. ՍԱՅԼԵՐԸ

Գյուղի ճամբայեն սայլերը կ’երթան

Հունձքով բեռնաբարձ:

Մայրամուտին մեջ շարժուն բուրգեր են`

Ճաճանչներ հագած:

Թխադեմ տղաներ, դեզերուն վըրա,

Կը խըթանեն մերթ

Մեծղի եզերուն կողը սըրսըփուն,

Կողը լուսաշերտ:

Գոմեշներ, համառ, ետև կարկառած

Իրենց մութ լեզուն`

Կը քանդեն որան` որ կը հեղեղվի

Իրենց նուսերուն:

Ցորեններ ի լյուղ պերճ արյունին մեջ

Իրիկնադեմին`

Նոր պըսակ կ’ըլլան պըսակին վըրա

Անոնց եղջյուրին:

Ճամբան, արտերեն կալերը մինչև,

Կը ծըփա հասկով`

Զոր ուշ մընացած հավեր կը քըրքրեն

Զըվարթ կըտուցով:

Ճամբան խարտյաշ է, կարմիր է ճամբան,

Որուն եզերքին

Արյուն կը ծորե չափազանց հասուն

Փոշոտ մորենին:

Սայլրեը կ’երթան, անդորրության մեջ

Աղաղակելո՜վ…

Կը տանին արև, հըրդեհ կը տանին

Հըսկա դեզերով:

Կը տանին հեղեղն ահա լեռնացած

Քըրտինքի, Հույսի,

Որ լուծեն մինչև անիվներուն վրա

Առատ կը հոսի:

Կ’երգե՜ն տըղաներ, խըթանելով միշտ

Կողը եզերուն…

Ջինջ անհունին մեջ զիրենք կ’օրորե

Ցունցը դեզերուն:

Կ’երգեն ճըպուռին, մանգաղին նըման,

Կ’երգեն հովի պես,

Մինչ հասնին կալերն, ու հոն տարածեն

Հունձքը ծովի պես:

17. ՃԱՐԱԿՈՒՄ

Բըլուրին գաղջ կողին վըրա ընկողմանած

Սըրինգ կ’ածեմ.

Եզներըս լայն հովիտին մեջ, սըրտի երգով,

Ես կ’արածեմ:

Լուսնակն իջած է մանգաղված լուռ արտերուն

Մակերեսին.

Կը ծավալե խոզանններուն մեջեն հեզիկ

Կաթը լույսին:

Ջինջ գիշեր է: Երգս անհունե անհուն, խաղաղ,

Կը ծըփծըփա.

Եվ սըրինգըս, հովերուն հետ, իր ծակերեն

Շաղե՜ր կու լա:

Հեռո՜ւն կը լսեմ բոժոժներն իմ նախիրներուս,

Որոնք կ’արծին

Ցորյաններուն ծիղն` ոռոգված մեղրերուն մեջ

Ծիր Կաթինին:

Կը լըսեմ մուշ մուշ ճարակումն` առվեզերքի

Թուփերուն մեջ`

Ուր մոզին իր դունչը մըխած` կը բըզըքտե

Խոլորձը գեջ:

Ցուլերն ամեն, գլուխնին կախ, կարծես դյութվա՛ծ

Ինձ կ’երևան.

Գոմեշներուն բիբերն ահեղ` աստղերուն տակ

Մերթ կը շողան:

Կ’ընե միջատ մը, շուրջն անոնց, ճաճանչաթիռ

Միշտ ելևէջ:

Ճերմակ եզը, կարծես կուռք մ’է, ձուլված լուսնին

Արծաթին մեջ:

Կը ճարակի՜ն, հովուն տըված թավ պոչերնին.

Եվ կը խըմեն

Իրեն մազոտ ու բաբախոտ ականջներով

Սըրնգիս ակեն:

Կը ճարակի՜ն, բութ ակռաներն իրենց` մինչև

Կանանչանան,

Եվ որովայնն անպարագիծ լեցվի՛, լեցվի՛

Մարագի նման:

Եվ ատեն ա՛լ դաշտերուն մեջ կը մակաղին

Մեծազանգված,

Մեկը մյուսին կըռնակին վրա, որոճալով,

Դունչը դըրած:

Մինչև որ ա՛լ Արփին ծագի, լույսն արտին վրա

Իջնե սարեն,

Եվ ժողվե ցողն, հակինթ հակինթ, անոնց խոնավ

Եղջյուրներեն:

18. ԽԱՉԲՈՒՌ

(Աստվածամոր սեղանին)

Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան:

Զոհագործե՛ սեղանիդ վրա` ուր, դարե՜ր,

Փեթակներուս մեղրամոմերը դեղձան

Լույս ու արցունք են հոսեր:

Դո՛ւն, սուրբ պաշտպան հայրենական հողերուս`

Որոնց տըվիր անմահությունը դրախտի.

Ծիլը ծաղիկ ըրիր, հույսը` Արշալույս,

Որ խըրճիթիս կը ժըպտի:

Դո՛ւն, Խաչաբուռն այս, զոր իմ ձեռքով եմ հյուսեր,

Ընդունե՛, Մա՜յր: Բյուր հասկերուս մեջ ասոնք

Կը նազեին կույսերու պես շիկահեր,

Արևահե՛ղց և ատո՛ք:

Գերանդիիս տակ, գըլուխնին դեռ ցողով,

Լուսնեն հնձված ճառագայթի պես` ինկա՜ն:

Ոչ մի արտույտ քանդեր է իր կըտուցով`

Անոնց շարքերը լըման:

Ես հյուսեցի զանոնք, գիսակ առ գիսակ,

Տալով խաչին ձևը Որդվույդ կարեվեր`

Որուն արյունն, ամեն Զատկի, սո՜ւրբ կըրակ,

Մեր ակոսներն են խըմեր:

Իր հույսերուս, իղձերուս հետ հյուսեցի:

Անոնց մեջ է հույզն արտին, հուրն արևուն,

Խոփին փայլակն ու թևիս թափն առնացի,

Պաղատանքն իմ թոռներուն:

Մա՛յր, Խաչաբուռն այս օրհնե՜. և տուր արտերուս

Ամառն` ոսկի, ինչպես գարունը` մարգրիտ.

Որքան ամբարքըս լի ըլլան` ջահեր լույս

Պիտի տան խորանիդ:

Ըրե այնպես` որ – նման հի՜ն օրերուն–

Երբ դաշտերե դաշտ ժուռ գալու դուն ելլես`

Փուշեր չըգա՜ն ոտքերուդ տակ` այլ սարսռուն

Կակաչներ` մեր սըրտին պես:

19. ԿԱԼԵՐ

Կալերու մեջ ես կը նըստիմ իմ երազուն

Հովանիին տակ էշիս`

Որ քովս սա կոճղին կապած` կը շըփե

Աղու ծընոտը ուսիս:

Տափաստանին վըրա, խաղաղ, կը փըռվի

Ճերմակ ալիք մ’արևու`

Որուն մեջ լյուղ կու գան դեզերն, և կըրիան

Եկեր է հոն տաքնալու:

Թևը հովին, ծանրացած գաղջ բույրերով,

Հազիվ ծույլ ծույլ կը շարժի:

Կովին ըստվերը փառահեղ լույսին վրա`

Սև կարկըտան մ’է լայնշի:

Շինականն իր կահն ու կազմածը բերած`

Հոն հիմներ է նո՜ր գյուղակ…

Հեռուն` լըքված իր մամռապատ շեմին վրա

Կը հըսկե գամփռը մինակ:

Կալերուն մեջ դեզը` ծեփված արևով`

Կարծես տընակ մ’է ոսկի:

Տերևախիտ ծառին զով շուքը կ’ըլլա

Առագաստ մը նոր հարսի:

Ու ես նըստած հովանիին տակ էշիս

Կ’երգեմ քաջերը հողին`

Որոնք մանգաղն հազիվ կախած պատն ի վար`

Կը կըրթեն ցուլը` կամին:

Կ’երգեմ հոտաղն` որ կը հարթե կալատեղ

Լողքարի՛ն զինքը լըծած,

Մինչ քըրտինքով կը թըրջըվի շապիկն իր

Կուրծքին վըրա` պատըռտած:

Կ’երգեմ հարսերն` որ հինան դեռ մատերնուն`

Կը մաղեն ժիր ժիր գարի.

Կը թափթըփին իրենց մաղին ծակերեն

Կարծես շիթեր գոհարի:

Կ’երգեմ մշակներն` որ սայլերուն կատարին

Աստվածներու պես կանգուն`

Երկժանիով կատաղորեն կը քանդեն

Ճակատն հըսկա դեզերուն:

Կա՜մը կ’երգեմ` որ կը նավե շուրջն հունձքին

Իբրև հրագույն լիճի վրա,

Հետո ցորե՜նն աշխարհածուփ` որ արդեն

Հարդերուն մեջ կը լողա:

Օ՛, ի՜նչ քաղցր է երթալ խառնվիլ էությամբ

Այդ սըրբագույն վաստակին.

Տըրեխներեդ մինչև մազերդ համակվիլ

Մըղեղներուն մեջ դեզին:

Փուռի կայծի՜ն, դաշտի հացի՜ն ի խնդիր

Ըլլալ Պա՜նը կալերուն,

Վերադարձնել ջաղացքներուն սըրտին մեջ

Իրենց երգերը անհուն:

20. ԿԱԼԵՐՈՒ ԳԻՇԵՐ

Ամարվան քա՜ղցր գիշեր, գլուխը կամին վրա դրած`

Աշխատանքի սուրբ Ոգին Կալերուն մեջ կը նընջե:

Կը լողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:

Անհունը` բյուր աչքերու թարթափով` զի՛ս կը կանչե:

Կ’երգեն, հեռուն, ծըղրիդներ: Ջուրերուն մեջ լըճակին

Կ’ըլլա հարսնիք մը ծածուկ նայադներու` այս գիշեր:

Սյուքն հուզելով ուռենին ափերուն վրա գետակին`

Կ’արթընցընե անծանոթ լարերու վրա նըվագներ:

Ծոթրիններու բույրին մեջ, պառկած կատարը դեզին`

Ես կը թողում որ սըրտիս դըպչի ամեն մեկ ճաճանչ.

Ու կ’արբենամ գինիովն Անհունի մեծ կարասին`

Ուր կը ճըմլվին ասուպներ քայլի մը տակ անճանաչ:

Հե՜շտ է մըտքիս ընկըղմիլ կապույտին մեջ լուսալիք,

Նավաբեկիլ – թե հարկ է – կըրակներուն մեջ վերին.

Գըտնել աստղեր նորանոր, կորսըված հի՜ն հայրենիք`

Ուրկե ինկած հոգիս դեռ կու լա կարոտն եթերին:

Վերանալ քա՜ղցր է ինծի թևերուն վրա լըռության,

Լըսել միա՛յն Միջոցին շընչառությունն անխըռով,

Մինչև աչքերըս գոցվին քունի մը մեջ դյութական,

Ու կոպերուս տակ մընա Անհունը իր աստղերով:

Ա՛յսպես, ա՛յսպես կը նընջեն գյուղին մարդիկը ամեն.

Հոտաղն է իր սայլին վրա, վերմակին տակ լուսածոր,

Հարսն է դեզի կատարին` ծոցը բացված զեփյուռեն`

Ուր կը պարպե Հարդգողն իր կաթը սափոր առ սափոր:

Եվ այսպես` օր մը պառկած` փողփողումին տակ երկնի,

Իմ ծընողներըս մըշակ` զիս հըղացան կաթոգին,

Զիս հըղացա՜ն սևեռած իրենց աչքերը բարի

Վերն ամենեն մեծ Աստղին, ամենավառ Հըրայրքին:

21. ԿԱՄՆԵՐԳ

Կամ կը քըշեմ վաղվան հույսով`

Արևն առած ճակտիս վըրա:

Հորիզոնը, անհուն լույսով

Իմ աչերուս մեջ կը լողա:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր ժիր:–

Կը թըռչըտի շուրջը կալին

Իշամեղուն, բռնկած գոհար,

Ու թափ տալով խըռպոտ տաղին`

Լըծկանն առաջ կը մըղե հաչ:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր:–

Վարոցըս սուր, հըսկա մասուր,

Հոտված` սըրտեն անտառներուն

Իմ ծույլ եզիս կողեն հաստույր

Մերթ կը քաղե կաթիլ մ’արյուն:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Խուզե հասկին բոց մորուքը, ժիր, ժիր:–

Հորձանքին մեջ աշխետ հունձքին

Ես կը լողամ երգերուս հետ.

Մըղեղներուն հետ միասին

Կ’ըմպեմ խարին հոտն ափավետ:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Կույս հատիկին պատռե քողը, ժիր, ժիր:–

Ի՜նչ փույթ քաղցած ըլլան եզներ,

Ու մըշակներն ալ` ծարավի.

Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ,

Թան աղբյուրին մեջ կը պաղի:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Հասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր:–

Զուր տեղը չէր, կա՛մս աղվոր,

Որ օծեցի քեզ կուպրերով,

Զինեցի պորտըդ սևավոր

Կայծքարե սուր ակռաներով:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Կըրծե հարդին ոսկիները, ժիր, ժիր:–

Ցորե՜նն ահա, ցորե՜նն ահա,

Մըշուշին մեջ մըղեղներուն,

Անհունորե՜ն կ’արշալույսնա:

…Զվարթությո՜ւն խըրճիթներուն:

– Կեցի՛ր կամըս, ա՛լ կեցիր դուն,

Խաղաղությո՜ւն խըրճիթներուն…

22. ՄԻՋՕՐԵ

Այս այն ժամն է` երբ կալին մեջ Աշխատանքն առած կանգ`

Արևուն տակ կը հևա:

Կը նընջե մեն մի մըշակ:

Քարայրին մեջ հեռակա

Հեծեծագին կը մեռնի զով Զեփյուռը ամրափակ:

Միջոցին սիրտն` հըրեղեն ցանցի մը մեջ սեղմված`

Կը բաբախե հազի՜վ հազ:

Լըռության մեջ շողարծարծ

Ի՜նչ հըծծյուններ, ի՜նչ երազ.

Եվ ի՜նչ բույրեր առտըվան եղեգներուն կըտըրված:

Կը քընանան անտառներ թուխ կողերուն վրա սարին`

Արծաթահյուս քողի տակ

Կապույտին մեջ, առանձին,

Կ’երթա ամպ մը կաթնորակ

Փափուկ բուրդեն ծըվեններ թողլով ժայռի կատարին:

Կ’ընդունի հողն իր սըրտին մեջ` իր սըրտեն ճեղքելով`

Լույսին նիզակն արյունոտ:

Աղբյուր մը հոն, ծառին քով,

Կը հեծեծե նըվաղկոտ`

Իր ոռոգած ծաղիկին վրա մեռնի՜լ չուզելով:

Գոմեշներ` լուծը լըքած` ճահիճին մեջ կը պառկին

Իրենց բերնեն հոսելով

Թելերն արծաթ շողիքին:

Սայլերն, անդին, դեզին քով,

Հըսկա ցռուկներ ցըցած` դատարկությա՛ն կը նային:

Այս այն ժամն է, ո՜վ հոգիս, որ ճըպուռին պես մինակ`

Կատարներուն վրա մընաս.

Անդորրին մեջ անապակ

Դուն քու երգով արբենաս`

Ինչպես արևն իր լույսով, իր լույսին հետ մի՜ս-մինակ:

Link to post
Share on other sites

23. ԳՈՒՌԸ

Իրիկվան մեջ, գյուղին քով,

Կը մըրմընջե գուռն ուռիին տակ շըքեղ:

Զայն կը լեցնե աղբյուրին երգովը բյուրեղ,

Աստղը` բյուրեղ արցունքով:

Խորհուրդին մեջ ըստվերին

Կընունքի ջինջ ավազան մ’է կարծես ան`

Ուր քաղցրորեն կը մըկըրտվի լուսնկան`

Տըղու մը պես նորածին:

Հոգնաբեկ խումբն եզներուն

Հոն կը դիմե արահետեն ճախճախուտ`

Ուրկե կը հոսի, ճապաղելով, ջուրն անփույթ`

Մարգերուն տակ` պըսպըղուն:

Կողեր կողի դեմ ահա՛,

Եվ գավակներ գավակներու կ’ընդհարին.

Հանկարծ մոլուցք մ’եղջյուրներու ահագին

Կը տատանի գուռին վրա:

Միահաղույն կ’երկարեն

Վիզերն իրենց, և ռունգերնին հարդամած

Հըստակ ջուրին ադամանդին մեջ մըխած`

Հավերժորե՜ն կը խըմեն:

Կ’ըմպեն ալիքն անապակ,

Լույս ծյուրումը պարեխներուն սառնակերտ.

Ու չե՛ն խըրչտիր լուսնկայեն` որ մերթ մերթ

Կ’լողա իրենց բերնին տակ:

Կը վերցընեն երբեմն, հա՛գ,

Հըզոր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն…

Կը սորսորա իրենց դունչեն` քարերուն`

Ջուրը, երակ առ երակ:

Անդեորդն, հոն, մահակին

Վըրա կըռթնած` կը սուլե երգն հեշտօրոր,

Մինչև վետ վետ ցամքե հեղուկը բոլոր,

Մընա մամուռն` հատակին:

Կ’երթան հետո, օրորուն,

Գոմին խաղաղ գավիթին մեջ պառկելու.

Կը կարկաջե գյուղամեջեն, զերդ առու,

Զանգակն իրենց վիզերուն:

Ու երբ դարձյալ գան առտուն

Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին

Գուռը նորե՜ն լեցված երգովն աղբյուրին,

Եվ արցունքովն աստղերուն:

24. ԵՐՆՈՒՄ

Իրիկվան մեջ հովերն հևուն

Երբ դուրս կ’ելլեն քարայրներեն`

Մեկ ծայրեն մյուսը կալերուն

Ա՛լ կամնըված հունձքը կ’երնեն`

Հըծծելով երգն Աշխատության.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

Հարս ու աղջիկ, պարմանիներ,

(Ժըպտուն վարդեր մասուրի քով)

Իրենց ձեռքին հոսելիներ

Կը ճեղքեն թեղն, հույսերու բով.

Ու կը պոռթկա երգն հաղթական.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ

Ելլող իջնող բազուկներու…

Հեղեղներ են` որ հապշտապ

Վեր կը նետվին` սաթ տեղալու.

Ու կ’եռա երգն ալետատան.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

Հովեր կ’անցնին, խարտիշահեր,

Թողլով որ վա՛րը երկարին

Հարդգողի լույս ճանապարհներ`

Ու սարյակներ կը թափառին`

Սուլելով երգը ցընծության.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ,

Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ…

Ցորենին հետ, հատիկ հատիկ,

Կը թափի ցողն իրիկվան գեջ:

Ու կ’ըղձա երգն երանության.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

Ու երբ ոսկվով ծեփվին կալեր.

Հարսերն ոսկի քողեր առնեն,

Եվ ցորյանի ձուլվին սարեր`

Զոր գա լուսնակն օրհնել վերեն`

Պիտի նվաղի երգն աղվական.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:

25. ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Ափ մը ցորյան ափերուդ մեջ

Թող լեցընեմ, կըտրի՛ճ Որդիս.

Կըտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս

Թող մաճակալ բազուկներեդ

Քըսան ցուլի արյուն անցնի,

Եվ եղևնի քու հասակեդ

Քըսան տունի սյունը կանգնի.

Ու երբ թիվովը մատերուդ

Սերմանես քու սերմընցուն`

Հընձես թիվո՜վն աստղերուն:

Ափ մը ցորյան գըլուխդ ի վար

Թող որ թափեմ, Թոռնի՛կ սիրված,

Թոռնիկ սիրված, ցո՛ւպըս ծաղկած.

Թող ճակատիդ վըա գըրվի

Հարյուր սաղմոս իմաստության,

Եվ ուսերուդ վըրա դըրվի

Տապանակը ըզգաստության.

Ու երբ հոտիդ օր մ’այցելես`

Թող քու ափիդ գարիին

Հազա՜ր ոչխար երկարին:

Ափ մը ցորյան մազերուդ մեջ

Թող որ տեղամ, վա՛րդ Թոռնուհիս,

Վարդ Թոռնուհիս, պըսա՛կ շիրմիս.

Թող այտերուդ վըրա շողան

Ամեն գարուն նո՛ր կակաչներ,

Եվ աչքերուդ մեջը լողան

Ամեն ամառ նո՛ր ճաճանչներ.

Ու երբ տընկես ճյուղ մ’ուռիի

Ամեն ապրիլ դուն տեսնես

Իր շուքին տակ կանա՜նչ քեզ:

Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ

Թող որ ցանեմ, Հա՛րսըս աղվոր,

Հարսըս աղվոր, սե՜րս հեռավոր.

Թող անկողնիդ ակոսին մեջ

Հասկ մը ծըլի` լըման շարքով,

Եվ օրորած օրոցքիդ մեջ

Արշալույսնե՜ր նընջեն փառքով,

Ու երբ կըթես քառսուն երինջ

Դույլերուդ մեջ մակըրդի

Կաթը` արծաթ, դալն` ոսկի:

Ափ մը ցորյան, ափ մը ցորյան

Ա՜յ իմ պառավ, ա՜յ իմ Աննա,

Մեր գըլխուն ալ թող որ տեղա.

Թող չըսառի՜ արևն աշնան

Մեր մազերուն ձյուներուն մեջ.

Չը մարի՜ մեր մոմն իրիկվան

Ժամուն մարմար սյուներուն մեջ`

Ու երբ դրվինք ա՛լ գերեզման`

Մեր ներքև հո՛ղը, Աննա՛,

Քիչ մը կակո՜ւղ թող ըլլա:

26. ՎԵՐԱԴԱՐՁ

Այս իրիկուն ձեզի կուգանք, ե՜րգ երգելով,

Լուսնակ ճամբով,

Ո՛վ գյուղակներ, գյուղակներ.

Ձեր բակերուն մեջ ամեն

Թող գամփըռներն արթըննան,

Եվ աղբյուրները որեն

Դույլերու մեջ քրքըջան.

Ձեր տոներուն համար դաշտեն` մաղերով

Վարդ ենք բերեր` խաղերով:

Այս իրիկուն ձեզի կուգանք, սե՜ր երգելով,

Սարի ճամբով,

Ո՛վ հյուղակներ, հյուղակներ.

Եղջյուրներուն դեմ եզին

Թող ա՛լ բացվին ձեր դուռներ,

Թոնիրը մխա, պըսակվին

Կապույտ ծուխով կըտուրներ.

Ահա ձեզի հարսերը` նո՜ր մանչերով`

Կաթ են բերեր` փարչերով:

Այս իրիկուն ձեզի կուգանք, հո՜ւյսն երգելով,

Արտի ճամբով,

Ո՛վ մարագներ, մարագներ.

Ձեր պատերուն մեջ խավար

Թող նոր արև նըշողե,

Երդիկներուն վրա դալար

Լուսնակն ալյուր թող մաղե.

Ահա ձեզի բերեր են խար` խուրձերով

Հարդը` անույշ ուրցերով:

Այս իրիկուն ձեզի կուգանք, հա՜ցն երգելով,

Կալի ճամբով,

Ո՛վ ամբարներ, ամբարներ.

Փեր մութ ծոցին մեջ հըսկա

Թող բերկրության շող ցաթի.

Սարդոստայնը ձեր վըրա

Թող ըլլա քող մ’արծաթի.

Զի բերեր են սայլե՜ր, սայլե՜ր շարքերով

Ցորե՜նն` հազար պարկերով:

27. ԱՄԲԱՐՆԵՐ

Տընակին մեջ մըթըշաղ, կըտուրին տակ հայրական.

Ամբարնե՜րն են, շար ի շար, նոր բերքերով ծոցվորած:

Իրենց լայնշի արգանդեն` թանձր բույրերը կու գան

Աշուններուն պըտղալից և արտերուն մանգաղված:

Հո՛ն է վիգը թըխահատ, հո՛ն է գարին իլաձև.

Հո՛ն, քամվելով ակոսեն ու հոսելով սարն ի վար

Ցորյանն հեղե՜ղ է կազմեր: Անոնք ոսկի և արև

Գըրկած կարծես թե ըլլան արշալույսներ ամպածրար:

Գերաններեն ծըխապատ, և մենավոր պատերեն

Սարդն անոնց վրա է փըռեր պատմուճանները մոխրոտ:

Մերթ անոնց վրա կը ցաթե շեշտակի լույս մը վերեն

Տատամսելե վերջ երկա՜ր շուրջն երդիկին արևոտ:

Անոնք իրենց ծոցին մեջ գանձերն հողին ծըրարած`

Կարծես լըռիկ կը հեգնեն ձըմեռն ու սովը վաղվան…

Իրենց առջև, մըշտարթու, թավ պոչին մեջ ծըվարած,

Կը հըսկե տանը կատուն, Համբարուի մը նըման:

28. ՄԱՐԱԳՆԵՐ

Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով

Խունկի, հաշիշի.

Երբ դուռըդ բանամ` ցուլերը բոլոր

Ճակատով լայնշի

Կը պոչոռեն, խո՛լ, կըտրելով իրենց

Վըզտեքը կաշի:

Ոլոռնի՛ մարագ, լեցուն լեռնաբույր

Հազար ծաղիկով.

Երբ մըսուրներուն խուրձերըդ տանիմ

Կողով առ կողով`

Կը խընկե ծոցիս, թեզանիքիս մեջ

Համեմդ` օրերով:

Հարդերո՛ւ մարագ, երդիքեն նայող

Արևով լեցուն.

Դու` որուն կակուղ դեզին վրա պառկած

Կը ցըկնի կատուն,

Դու` որ կ’արծաթես դունչը գառներուս

Օրհնյա՜լ ըլլաս դուն:

29. ԱՂՈՐԻՔ

Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր,

Նըստած կանանչ խորը ձորին.

Աղաղակե՛ երգըդ խորին

Դեպի լուսնակն արծաթածիր:

Դուն դողդոջուն տընակ մըն ես

Ալյուրոտած պատերով` ուր

Կարծես կու լան հիազարհուր

Ջըրանույշներ հագած բեհեզ:

Միշտ կը հըսկե մեջըդ արթուն,

Աղորեպանը ճեփ-ճերմակ.

Եվ ըստ պետքի` մեղմ կամ արագ`

Կը լարե սի՛րտըդ բաբախուն:

Է՜յ աղորիք, բանտվա՛ծ մրրիկ

Ծառերուն մեջ. Աղա՛, աղա՛,

Փըրփուր խըմե՛, ալյուր տեղա՛.

Քարե կուրծքեդ տեղա՛ բարիք:

Կեցո՛ւր գետակն ընթացքին մեջ

Իր ծըփանուտ բաշեն բըռնած:

Ջըրվեժն ահեղ երգի փոխած

Պոռթկա վիհեն վար գահավեժ:

Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր

Ջաղացքներուն ճերմակ ճամբեն

Աղոնն իրենց քեզ կը բերեն…

Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր:

Ցորեններ թող ալյուր ըլլան

Պորտին մեջ ժիր երկաններուն`

Որոնք բռնված տենդով մ’անհուն

Կը մըռըլտան ու հիռ կու գան:

Ցորեններ թող ըլլան փոշի

Զիրար գըրկող քարերուն տակ.

Զիրար կըրծող ժայռերուն տակ

Ցորեններ թող ըլլան նաշիհ:

Մինչև լեցվին շարան շարան

Պարկերն, ու վե՛ր կանգնին նորեն.

Եվ սայլերն ալ ճըռվողելեն

Ոսկի թողած լույսով դառնան:

Եվ մեկ էլ այս բանաստեղծությունը, որ թեպետ «Հացին երգը» շարքից չէ, բայց ես չեմ ուզում տարանջատել նրանից, քանզի այն կարող էր և՛ որպես նախերգ, և՛ որպես վերջերգ դառնալ շարքի համար.

ԱՆԴԱՍՏԱՆ

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղություն թող ըլլա…

Ո՛չ արյուններ, քըրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`

Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմըտյան կողմն աշխարհի

Բերրիութո՜ւն թող ըլլա…

Ամեն աստղե ցող կայլակի,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատությո՜ւն թող ըլլա…

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին.

Ու լայն ամբարն աշուններուն երբ բացվի`

Բերկըրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի

Պըտղաբերում թող ըլլա…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

Ու երբ թըխեն հարսերը հացը բարի`

Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Link to post
Share on other sites

Katranide,

շնորհակալություն: :flower: Հուսով եմ, որ շուտով այստեղ կկարդանք «Հարճը»:

Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն՝

Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,

Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցիկին, Զորության՝

Փրփուրներու Դիցուհին՝ ըստինքներով ռոշնական...

Կհիանանք կաքավող Նազենիկի պարով, որ «զերգեր ձեռամբ»:

Ան կը ճախրե՜,կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜:

Երբոր ետև կը թեքի՝ կուրծքին վըրա հոյաշեն

Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսռալեն:

Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,

Կ'երթան փրփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով,

Ան կը ճախրե՜,կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜...

Եվ, իհարկե, հարճին պետք է հետևի «Ո՜վ, Լալագե»-ն: :yes: Իսկ հետո՝ հայ բանաստեղծության երկրորդ հանճարեղ «Տրտունջք»-ը

Ըզգալու համար ցավն հաճույքին և հաճույքները ցավին:

Շատ ուրախ եմ, որ գոհացրի Ձեզ, մյուս անգամ արդեն «Հեթանոս երգերը», բայց ես կաշխատեմ հաջորդականությունը չխախտել, իսկ «Գողգոթայի ծաղիկներին» կանդրադառնամ ավելի ուշ, թեպետ այդ շարքից բանաստեղծություններ արդեն այստեղ կան…

Link to post
Share on other sites

ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ

Ես կերգեմ Գինին

–Բագիններուն ծիծաղը և

խորաններուն արյունը:

Դարերու կյանքը կերգեմ,

հանուն հաճույքի և

տառապանքի գեղեցկության:

Փառք Սաբինային. Բագոս կը պսակվի:

1. ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

Կ’ուզեմ ըլլա քու մարմարիո՛նըդ պեղված

Ոլիմպոսի ամենեն խոր արգանդեն.

Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղեն

Միս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած:

Աչքերդ ըլլան վիհեր` ուր մարդ երբ սուզի`

Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.

Գիծերդ անե՛ղծ ըլլան, ըլլան քու ըստինք

Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,

Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքև

Տառապի՛ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ:

Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,

Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթըվիլ`

Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:

2. ՎԱՆԱՏՈՒՐ

… Ամենաբեր նորոց պտղոց տօնից

հյուրընկալ դիցն Վանատրի.

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

Նըստած պարարտ եզիդ վրա, ո՛ Վանատուր,

Մեկ ծագեն մյուսը կանցնիս

Հայրենական դաշտերուն:

Մեռա՜ն բոլոր մեծ աստվածները, իրենց

Բագիններուն վըրա մամուռը կ’աճի:

Անմահ եղար դո՛ւն միայն

Նըման հողին և կըրակին, ու նըման

Օվկիանոսի աղերուն:

Ուսերուդ հիր պատմուճանեն դեռ կու գա

Գինիի հոտն Ամանորի տոներուն:

Հակառակ այնքա՜ն դարերու ավերին`

Բիբերըդ դեռ զըվարթություն կը բըղխեն.

Ու կենեղուտ դեմքիդ վրա

Արբեցողի կարմիր ծիծաղն է ծեփված:

Ու երբ պարարտ եզիդ վըրա կ’այցելես,

Ծաղկամիսեն Միգաբեր,

Անեզրությունն հայրենական դաշտերուն`

Կ’հոսի ալի՛քը կյանքին

Ակոսներեն հայրենակա՜ն դաշտերուն:

Ահա գարունն ու զարթումներն իր առույգ.

Հիրիկներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր,

Ճամբուդ վրա ճառագայթներ կը հոսին

Երակներո՛ւդ պես զեղուն.

Եվ կը թաղվին կանանչին մեջ ցողաթուրմ

Բոլոր քարերն ըսպիտակ:

Կըտուրներեն գեղջկական

Կը բարձրանա ծուխը, խունկի պես խաղաղ:

Թող ես վարդով և ուլունքով գեղաշար

Քառամանյաըս կախեմ

Պարանոցեն քու եզիդ,

Հըլու եզիդ` որ դարձած`

Մերթ կը լիզե բոպիկ ոտքերդ Աստվածի:

Օ՜, իր պոչյուը գերազոր, որ ահա

Քարանձավե քարանձավ

Կ’արթընցընե թըմրած օձերն ու արջերն,

Ու խաղաղ կյանքն արևուն տակ կը պոռթկա:

Ատղերը մեղը՛ր կը ծորեն երկընքեն

Նայադներու սափորներուն մեջ մարամար

Արշալուսված աղբյուրներուն եզերքին

Աղավնիներ կը լոգնան

Իրենց կտուցեն մարգարիտներ սըրսկելով:

Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,

Քու հեթանոս ծիծաղներովըդ վըճիտ,

Զի բընությունն արթընցա՛վ իր քողերեն.

Զի Բերկրությունն, արգասավոր և անհուն,

Օդին մեջեն կ’անցնի կ’երթա, նըման

Մեծ կարապի մը վայրի,

Քու հաղթանա՜կըդ կ’երգե:

Ահա ամառն ու իր անդերը խարտյաշ.

Որաներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:

Պըճեղներուն տակ եզիդ

Մատղաշ ցորյանն անտառացավ. այժըմ իր

Ծովերուն մեջ` ոսկյա լոգանքըդ ըրե՛:

Թուփերուն տակ ծաղկահեղց

Բույներն են լի՛ օրհնությամբ,

Եվ արտույտին երգն արևե՛ն մեզ կու գա:

Քու արգավանդ անույշ շունչդ է` որ կ’անցնի

Դալարավետ բըլուրներուն կողն ի վար:

Երդիքին վրա քընացող

Գեղջուկին աչքն ա՛լ կը բանա` Արշալույսն,

Եվ կը փակե` Լուսնկան:

Հյուղերն են լի համեմներու բույրերով,

Ավերակներն իսկ մոխրապատ` են զեղուն

Եղիճներու, մոլոշներու հունձքերով:

Ուռենիին տակ, Վանատո՛ւր, կը զոհեմ

Նոխազը, քեզ նըվիրված,

Քամակին վրա` ակոսի պես կը ճեղքվին.

Նոխա՛զն որ միշտ կը կըրծեր

Սուրբ շերտափակն այգիիդ:

Արյո՛ւն խըմե ու մի՛ս կեր, ո՛ Վանատուր,

Քու հինօրյա խըրախներովդ հեթանոս,

Զի հասկաթուռ ցորյանին մեջ փայլակող

Գերանդիներ քե՛զ կ’երգեն:

Ահա աշունն ու արյուններն իր հուռթի.

Որթատունկո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:

Նիզակըդ ա՛ռ, որուն վըրա ոլորուն

Բարունակներ կը ծաղկին.

Թող ես եզիդ եղջյուներն

Ողկույզներո՛վ զարդարեմ:

Մըրգածառերն, հըղի կընոջ մը նըման,

Կ’հևան իրենց բեռին տակ.

Բուներն համակ կըպչուն են քա՛ղցըր հույզով.

Կորիզն ամեն պըտուղի

Քու սերմովդ է պընդացած.

Եվ քու եզիդ շողիքով

Օծված է հողը բեղուն:

Ամբարներն ողջ` խաղաղւթյամբ կը լեցվին,

Եվ կարասներ` ցընծությամբ…

Թող, թեղերուն մեջ, ուտե եզըդ գարի՛ն

Աստղերու պես: Իսկ դուն, Աստվածըդ զըվարթ,

Աստվածըդ գեր, վարդերես,

Ա՛ռ դաշխուրանդ, ըմպե՛ այրունը աշնան:

Աղբյուրին քով ես քեզի

Մատըռվակեմ թող գինի՜,

Մատըռվակեմ թող բոցե՜ր,

Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,

Ո՛ Վանատուր, կաքավե՛.

Զի այգիեն տերևաթափ` կ’երևան

Հավերժհարսերն, երկայնքն ի վեր ցանկերուն,

Եվ աղջիկներ, նուռ լեցուցած գոգերնին,

Դեպի մեհանըդ կ’երթան.

Զի դու անմահ ես` դիքերեն վերջ մեռած`

Օվկիաններու աղին պես,

Զի տաղտկալի ձըմրան մեջ,

Հայրենական օճախներուն քով խաղաղ,

Ամեն կիթառ քե՛զ կ’երգե:

3. ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ

Անոնք երեք քույրեր էին

Նըման երեք Շընորհներուն.

Երեքն երեք ուխտեր ըրին

Առջևն երեք բագիններուն:

Երեցն ըսավ. – «Դի՛ք կայծակի,

Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի»:

Միջնեկն ըսավ. – «Ըզգա՛ստ Հիմեն,

Քեզ կ’ընծայեմ մատնիս հրեղեն»:

Կըրտսերն ըսավ. – «Վավա՛շ Աստղիկ,

Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ»:

Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի`

Յոթը ազգի յոթ խույր կապեց

Գահին վըրա Արտաշեսի:

Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին`

Յոթը չըքնաղ հերոս ծընավ

Գերահըզոր Հայաստանին:

Ո՛վ կույս գոտին մեջքեն ձըգեց`

Ան` տառապյալ քույրը եղավ,

Եվ բոզնոցին մեջ նուռ ծախեց:

4. ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

Ապարանքին մեջ մարամար կախարդական Երազին,

Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,

Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,

Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:

Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`

Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,

Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`

Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:

Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ

Կը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:

Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ

Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.

Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`

Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:

Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ

Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողէջ:

Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում

Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինաս ապըրշում:

Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,

Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծես

Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:

Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`

Մագարեի մ’աղոթող բիբերուն պես տեսլացած`

Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլաց

Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`

Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…

Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման

Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.

Իսկ երբեմն այնքա՛ն զորեղ թափ մը կու տա ոտքերուն`

Որ խարույկված բոց կ’ըլլա` քամիներն ծըփծըփուն:

Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.

Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե

Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`

Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:

Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…

Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:

Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`

Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:

Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպի ընդառաջ.

Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ.

Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղ

Հանկարծակի կը փըշրե փոշիաբար զերդ բյուրեղ.

Ու հազիվ հազ դաշնակում մ’իր մարմինեն եղծանած`

Նոր թեքումով կ’հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:

Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,

Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.

Ու իր հատուկ ճախրանքեն կ’առնու հով մ’ա՛յնքան ծավալ,

Որ կը մարե երբեմն հա՛պ, ու կ’արծարծե երբեմն ալ

Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ

Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:

Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,

Միշտ հըպատակ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:

Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.

Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,

Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,

Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծված

Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`

Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:

Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`

Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ’ամչընա.

Այն ատեն ցունց մը կու տա փորթորկալից մազերուն`

Որոնց քամին թափընդթափ կ’երթա մաել սըրսըփուն

Ադամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,

Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռետին:

Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`

Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…

Այն ժամանակ կ’ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`

Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:

Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`

Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,

Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսի

Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:

Օ՜, մագնիսով և լույսով թըրծունմարմինն աղարծրի`

Որ թևերուս մեջ կաթի արյունի պես կը փըրփրի.

Օ՜, իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամ

Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,

Օ՜, ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`

Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:

Հուսկ իրարու կ’միանանք մենք համբույրով մը հըզոր…

Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,

Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,

Օ՜հ, այն ատեն ճաշակած կ’ըլլամ կարծես համորեն

Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,

Հընդկաստանի համեմնե՜րն, համյն խունկե՜րն Արաբիո:

5. ԿՂԵՈՊԱՏՐԱ

Կյուդնոսին վրա քարավազ

Հընչեց տավիղ, հընչեց վին..

Եթովպիացի մ’ոպնիազ

Կ’երգե` քիթին վրա կուրին.

–« Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ.

Արծաթ ցռուկիդ ես գերի.

Մեջըդ սիրտ մը բոցանուտ

Դափնեվարդի պես կ’այրի:

Դըշխո՛, նավակըդ բուրյան

Ունի սատափ թևճակներ`

Որոնց ծայրեն կը տեղան

Ադամանդյա կայլակներ:

Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ

Ահա Տարսոնը գինով:

Կ’ուզե Իտալը անգութ

Շըղթայվիլ մեղկ թևերով:

Բաբի՛շ, դեմքեդ կը ցոլան

Բոցեր` գետի երեսին.

Լուսինն այսպես կու գա ման

Ջուրերուն վրա Նեղոսին:

Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ

Ծաղկածիծաղ ափն ի վեր.

Նուռ մ’ավասիկ կարմրակուտ

Այգիեն մեջդ է ինկեր:

Դըշխո՛, վըրադ պարզեր են

Ամպհովանի մ’ոսկեթույր,

Առջևըդ խունկ կը ծըխեն

Յոթը նաժիշտ, յոթը քույր:

Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ

Եվ օրորե թագուհին…

Մեր տակ կ’երգե ջուրն ընդփույթ

Պատմելով թովքն անդունդին:

Բամբի՛շ, ծոցիդ բուրումեն

Վիհին օձերն արթընցան.

Շուրջըդ ահա կ’արտասվեն

Մարգարիտներ մոգական:

Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ

Տարսոնն հեռուն կ’երևա.

Ջահեր կ’այրին բոցանուտ

Նիզակներուն ծայրին վրա:

Դըշխո՛, կողեն նավակին

Ներս քաշե ձեռքըդ քընքույշ.

Մատնիդ կ’իյնա խորն ալքին.

Կ’ընկըղմվի կույսըդ, ըզգո՛ւյշ:

Սահե՛, ո՛վ նավ, վիհին վրան

Բաբելոնյան կա՛խ պարտեզ`

Ուր Շամիրամն է` շուշան,

Կղեոպատրան` վարդ մ’է վես:

Բամբի՛շ, գոհարը թագիդ

Եղավ Քաղքին ա՛լ փարոս:

Աչքը քեզի անքըթիթ

Հոն կը սպասե Անտոնեոս:

Սահե՛, ո՛վ նավ, շո՛ւտ սահե,

Քանի որ մեջդ է Իսիս`

Ցըռուկդ աշխարհ կը ջահե`

Քանի որ մեջդ է մայիս:

Դըշխո՛, երկիր պագին ա՛լ

Լեգեոններն Հըռովմի:

Ըզքեզ դատող սալարն ալ

Հմայքեդ դողալ կը թվի:

Կեցի՛ր, ո՛վ նավ, շո՛ւտ կեցիր.

Ափը կ’ելլե թագուհին,

Երգս ալ կ’ըլլա ցանուցիր.

Պետք է փոխեմ լարերս հին»:

Գուսանն ա՛լ վինը չածեց.

Իսկ համբույրով մ’այն գիշեր

Կին մ’Իտալիան նըվաճեց,

Մարդ մը Բուրգերն հաղթաժեռ:

Link to post
Share on other sites

6. ՋՈՒՐԻՆ ՎՐԱ

Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա,

Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս.

Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա

Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս:

Աշխարհը մոռնա՜նք. ջուրին վրա` լուսնին

Լուսասփյուռ ճամբա՛ն ըլլա մեր ճամբան…

Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն,

Սըրտիս արյուննե՛ն իսկ գինի կ’ըլլան:

Թող երգդ հըրճըվի՜. Ծովը լուսավետ

Անդունդին աղով կ’օծե գանգուրներդ`

Զոր խառնեց ահա սյուքը` լարերուդ:

Թող երգդ արփենա՜. լեցուցի գինին

Կիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ…

Աստղի՜կն է նըստեր մեր նավուն քիթին:

7. Ո՜ ՏԱԼԻԹԱ

Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառի

Կապելադ, ո՛ Տալիթա:

Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ

Մատերդ ի վար պըղպըջա:

Ի՛նչ փույթ թե ես ազնըվական կը թվիմ,

Ունիմ ձեռքեր քընքշենի.

Եվ ի՛նչ փույթ թե դուն աղջիկ մ’ես ջըլեբաց`

Որ բանվորներ կ’ընդունի:

Կ’ատեմ կիներն` որոնք դիմացն հայլիին

Դիմաներկեր կը շաղվեն.

Կը ծըցընեն Ծերակույտի անդամներ

Տըռփանքներով տարորեն:

Դահլիճներուն փարթամ կիները կ’ատեմ.

Իրենց կավատն է` ոսկին.

Զիրենք սիրողը կը սպառեն, և իրենք

Տան շընիկեն կը սպառին:

Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նըստե

Ծունկիս վրա` թույլ տալով

Որ աղախնի կարճ քըղանցքեդ երևնան

Բումբերըդ` սև գուլպայով:

Թող ճըրագներդ հյուծին մինչև առավոտ,

Եվ թող շեմին վրա երգե

Գինով աշուղն` հառած բիբերը մեզի,

Բիբերը զուրկ կըրակե:

Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես

Գավաթին մեջ բյուրեղյա,

Եվ ծունկերես վար սըրունքներդ օրորես`

Մինչև որ սերս հասուննա:

Ինծի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածեր

Նավաստիները կոպիտ,

Եվ հոսեր են քըրտինքն իրենց տըռփանքին

Աչքերուդ մեջ` ու ծոցիդ:

Այսօ կ’ուզեմ կուրծքիդ վըրա գինովնալ

Ինչպես զինվոր մը արբուն.

Կ’ուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես

Սիրտըս` նուռի պես հասուն:

Այսօր կ’ուզեմ դահլիճին մեջ ծաղըրված

Սերըս առջևըդ պղծել,

Խաբված հոգիս բերել ռամիկ աղջըկան

Գարեջուրով մը ծախել:

8. ԱԴՈՆԻՍԻ ՄԸ

Արշալույսին դեմ խեփոր մը բացիր`

Զոր ծովն ոտքիդ տակ նետեց վիհերեն:

Արշալույսին դեմ խեփոր մը բացիր,

Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն:

Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն`

Զոր ճակտիդ վրա դըրիր ներդաշնակ:

Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն

Վայրի կատուի մ’աչքին հանգունակ:

Վայրի կատուի մ’աչքին հանգունակ`

Մարգրիտն ուղիիդ լույս տըվավ գիշերն:

Վայրի կատուի մ’աչքին հանգունակ

Թովեց Աստղիկին բոլոր տատրակներն:

9. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ

Մորճագըմբեթ բաղանիքին ներքնադուռն հո՜ւյլ կը բացվի,

Եբենոս դո՛ւռն հաստաբեստ` որ կը ծեծվի միշտ թակով,

Եվ անընդհատ կը քըրտնի, կը ճըռընչե ուժասպառ

Հուրիներուն ետևեն` որոնք դանդա՜ղ կը մըտնեն:

Բոլոր մե՛րկ են ու չըքնա՛ղ, – թևերն իրենց ծալլեր են

Լանջքերուն վրա հոյաշեն` որոնց վրա կըդիզվին

Կույտերն րենց ծիծերուն, պըտուկներով թըխագեղ:

Սատափազօծ սանդալներն հատակին վրա կը հընչեն.

Սրտերուն հևքն աղվական, ձայներն իրենց քաղցրանույշ

Բաղնիքեն ներս կը փոխվին անդընդասույզ ղողանջի.

Աստղերուն պես` լողացող մառախուղին մեջ աղոտ`

Իրենց աչքերը խոնավ նըշողյուններ կ’արձակեն,

Եվ գոլորշին, իր տամուկ շըղարշներով, կը պատե

Մարմինն իրենց` որ պըտղիլ կը սկըսի ա՛լ քրտինքով:

Հուրիները կը լոգնա՜ն. Պորտաքարին կիզանուտ

Ոմանք պառկած նըվաղկոտ նայվածքներով կ’երազեն:

Լուսացընցուղ գըմբեթեն` արևուն շողը ճերմակ

Ներս կը մաղվի` մարգարտյա հորդ անձրևի մը նըման.

Եվ ծփանուտ գոլորշին կը դառնա ծով մ’արծաթյա,

Ուր լյուղ կու գան կարապներն Արևելքի Հեշտանքին

Ըսպածանին` որ կըպած է զիստերնուն լոռի պես,

Ա՛լ կը նետվի. մարմինները կը փոխվին արձանի.

Եվ մազերնին, հյուս առ հյուս, ծովերու պես կը քակեն,

Ուրկե երբե՛մն կ’իյնան գոհարներու հատիկներ,

Օ՜, ծամե՜րն այդ, ծամե՜րն այդ, որոնցմով ա՛լ կը ծփա

Կարծես բաղնիքը ամբողջ. և պորտաքարը մարմար

Կը թըխանա անոնց հորդ սևափըրփուր ալիքով:

Գըլուխն իրենց կը սանտրեն ոսկեդրվագ սանտրերով

Երկա՜ր, երկա՜ր, մինչև ծայրն անծայրածիր մազերուն

Կ’երթան իրենց մատվըները ծեքծեքուն ու դանդաղ

Միշտ լողալով կայծերուն մեջ մատնիի ադամանդ:

Անոնք երբեմըն կը զգան նըվաղումներ, ու երբեմն

Հանկարծակի կը սարսռան` երբ գմբեթեն կը կաթի

Ցուրտ ցող մ’իրենց ծոծրակին հեշտագրգիռ փոսին մեջ:

Ահա հարյուր ծորակնե՜րն, ահա մարմար ծորակնե՜րն

Իրար ետև կը բացվին` աղմըկահույզ կարկաջով.

Մոխիրի պես գորշ շոգին կը բարձրանա ծուփ առ ծուփ,

Դատարկ գուռերը բոլոր կենդանություն կը ստանան.

Ջուրը կ’հորդի ամեն կողմ, ջուրը կ’երգե քաղցրահունչ.

Հուրիները կը լոգնա՜ն. Գուռերուն շուրջ հավաքված

Գանո՛վայի Շընորհներ, կարծես իրար կը փարին,

Եվ կը խառնեն ծիծերնին, կը խառնեն ժիր թևերնին

Եվ սըրունքնին պաղպաջուն, և պորտերնին կոշարա`

Ուրկե մուշկի հատիկներ, տարրալուծված, կը բուրեն:

Մարմարներուն վրա նստած զիստերն իրենց կ’ընդլայնին`

Ու կը խըմեն հեշտությունն իրենց տակեն սահող ջրին:

Ոսկի թասերը ահա քարերուն վրա կը հընչեն,

Տոսա՜խ թասերն, որոնք մերթ սիրտերու պես կը ճաթին`

Այդ անպատում մերկությանց ծառայելու ժամանակ:

Կը քըրքըրի կավն ահա, ծոթրինաբույր կավը զով,

Ծաղկահյութով զանգըված` զոր մեր նախնիք կ’ուտեին:

Մազերն անով կը ծեփվին, ու կը դառնան ապըրշում:

Լանջերն անով կ’օծանվին, ու կ’ըլլան նման փրփուրի.

Անոր խյուսովը պաղուկ, և լըպըրծուն շաղախով

Կը զովանան հուրիներն, որովայննին կը հըղկեն

Գետի խիճին պես ողորկ ու թավշորեն օծանուտ:

Կ’եռան ջուրերը, կը լվան Կըրակներն այդ պաշտելի.

Կը փըրփըրին օճառներն` Մաքրություններն անգամ մ’ալ

Իրենց մածան լույսերուն մեջ մաքրելու ի խընդիր,

Ջուրն, որ ամեն կողմանե, պորտաքարին շուրջն ի վար,

Կ’հոսի կ’երթա` կոյուղին իսկ բուրումով լեցնելու,

Գո՜րշ է կավով ու կիրով, լեղի կիրով հերաթափ,

Եվ իր ուղխին հետ մեկտեղ մերթ կը գըլե կը տանի

Թըխակուտակ թընճուկներ, անութներու գանգուրներ,

Եվ խըռիվներն աղվամազ այդ կիպերյան լուսեղեն

Արձաններուն կենեղուտ` որոնք այլևս ուժաթափ

Կը լեցընեն հուսկ թասերն, թասերը հուսկ կը պարպես.

Գուռերն հե՛ղ մ’ալ կը հորդին, բաղնիքն հեղ մ’ալ կ’աղմկի

Ջուրն եռեփուն կը վազե, հե՛ղ մ’ալ կ’լողնան հուրիներն:

Կը բըռնըկի մորթերնին վարդի մը պես բոցավառ.

Եվ նըվաղուն բիբերով, թասերն` իրենց գըլուխին,

Կուրծքերնուն վրա միշտ գրկած դեզերն րենց ծիծերուն`

Այլևըս դուրս կը փութան, շարան շարան, հևասպառ,

Անգայտացած շոգիով, կակաչներու պես բոսոր…

Օ՜, գանգուրներն հորդառատ` իրենց կուրծքին վրա մերկ,

Օ՜, գանգուրները խըխում, կաթիլնեով ծանրացած,

Որոնք բոբիկ ոտքերնուն` սատափ ցողեր կը ծորեն…

Ինչպես պատմել ձեր օծումն, ի՜նչպես պատմել ձեր զարդերն`

Երբ մարմիննիդ կը սըրբեք, և կուռքի պես կը հագվիք…

Թող համբուրեմ մատերնիդ` զոր դուք այսօր կը թաթխեք

Հինաներու գուշին խորն` իբր արյունոտ սըրտի մեջ,

Թող համբուրեմ մազերնիդ` կընդրուկներով օծանուտ`

Որոնք, գիշերը, լուսնին տակ, կը բուրեն բարձին վրա,

Եվ հոնքերնիդ ծարուրված, ամպանըման թարթիչնիդ,

Եվ լա՜նջքը ձեր` որ փաղփուն մանյակներով ոսկեշար

Ամուսնական անկողնին նըշողուն ջա՛հը կ’ըլլա.

Թող համբուրեմ պորտը ձեր` ուր ծըրարած կը ծածկեք

Թե՛ Արաբիո հաշիշներն և թե՛ մուշկերն Ափրիկյան:

Ձեր տուներն այժը՛մ կ’երթաք գահարներով բեռնավոր…

Թող սալարկները Քաղքին ձեր քայլերեն թարմանան…

Ցուրտը խածնե թուշերնիդ, ու այտերնիդ բոսորե:

Վարշամակեն ձեր տամուկ, քըղանցքներեն ծըփծըփուն

Արտաբուրե՛ և հորդի՛ լոգանքին հոտը ծոթրին.

Եվ լեցընե գըռեհներն, հըրապարա՜կն և ուղի՜ն.

Ավելցած մասն այն հացին` զոր դուք բաղնիք կը տանիք,

Զոր թասին մեջ կը դընեք և կը ծածկեք ղենջակով,

Թող արձակե՛ բուրումն իր`տարաշխարհիկ համեմով,

Զի այն ատեն փողոցներն Արևելյան Քաղաքին

Պիտի ըզգան թե Մայիսն հետքերնուդ վրա կը ծաղկի,

Եվ թարմացած մայթերեն Գարո՜ւն, Գարո՜ւնը կ’անցնի:

Link to post
Share on other sites

10. ԳՐԳԱՆՔ

Անոր որ պիտի գա…

Ափը լճակին մենավոր`

Ուր տընակս իմ կախարդորեն շիներ եմ`

Ձեռն ի ծընոտ ըսպասեցի իր գալուն:

Նըռենիին տերևներուն տակ բոսոր,

Նուռի մը պես ճեղքըված,

Սիրտըս, շիթ շիթ, արյուն թորեց ծունկերուս`

Կարոտը սե՜րս արյունեց.

Եվ ամիսներ բովանդակ

Եղնիկի պես լացի գոհար արցունքներ

Ափը լճակին մենավոր:

Ու վերջապես ան եկավ

Այգիներեն քաղցրաբույր`

Ու ողկույզներն, ըստինքներու պես լեցուն,

Հողին վրա կը կախվին,

Մոր մը գըրկեն, որ իր մազերը խարտյաշ

Ամեն առտու, ճաճանչներու պես, սանտրեց,

Շուշաններու պարտեզեն`

Ուր տատրակներն Անմեղությո՛ւնը կ’երգեն`

Ան վերջապես ա՛լ եկավ:

Ո՛վ վարսագեղ հովվուհիս,

Որ աղբյուրին լույսեն ծըլած խոտին մեջ,

–Գալու համար իմ սիրույս–

Լըքեց անթիվ գառնուկներն իմ մոլորուն.

Եվ զարնելով փարախին դրան քարին վրա

Խորտակեց սրինգը տոսախ

Խենթի մը պես կողկողագին ողբալեն,

Ո՛վ վարսագեղ հովվուհիս:

Երբ նես մըտավ իմ շեմես,

Ձյուն կարապներս օձաճապուկ վիզերնին

Կարկառեցին դեպ անոր,

Դեպ մարմարե իր ոտքերուն համբույրին:

Եվ շունս հըլու, փորին վըրա սողալով,

Եկավ լիզել կրունկներն անոր ադամանդ.

Ժըպիտներով աչքերը լի, վիթի պես,

Ան ներս մըտավ իմ շեմես:

Տնակըս բույրո՜վ լեցվեցավ,

Զի ծոթրիններ ծորեցան

Պատմուճանին քըղանցքեն,

Զի արևով օծված ոսկի մազերեն

Բուրյան մեղրեր ծորեցան.

Եվ բիբերեն` մարգրիտներու պես փաղփուն`

Թափթըփեցան ասուպներ.

Տնակըս լույսո՜վ լեցվեցավ:

Մեզ գըրգարան շինեցի.

Գարնան բոլոր վարդերը գոգ գոգ բերած`

Հարդարեցի մեր անկողինն հիմենի.

Նունուֆարներն` որոնց ծղոտները կակուղ

Հոտող սուրիս ներքև արյուն ծորեցին`

Մեր գըլխուն տակ բարձ եղան.

Ծաղիկներովն հողին և ջինջ ջուրերուն,

Աղվամազով տատրակներու դունչերուն

Մեզ գըրգարան շինեցի:

Վարդերուն վրա փըրփրեցավ

Իր մերկությունն երե՛ք անգամ կաթնային,

Հընդկաստանի յուղերով

Լույսերու պես օծեցի շեկ վարսերն իր.

Եվ ծալերուն մեջ մարմինին` իր բոլոր

Խընկամաններըս քըրմորեն պարպեցի:

Ան, առաջին համբույրիս տակ խըռոված,

Օշնանի պես պըղպըջուն

Վարդերուն վրա փըրփրեցավ:

Ու քընացավ կուրծքիս վրա…

Օ՜, մատերս իմ` որ ժամերով լողացին

Մազերուն մեջ հորդառատ.

Օ՜, բերանն իմ` որ բերնին վրա ըզգըլխիչ`

Խըմեց սափորն իր սըրտին:

Իրար հյուսված, մենք բաղեղներ խանդակաթ.

Ծաղիկներուն միջև հեղ մ’ա՛լ ծաղկեցանք:

Ան քընացավ կուրծքիս վրա…

Կարապներն ա՛լ թուխս նըստան.

Եղեգնուտին մեջ քամին մեղմ նըվագեց

Ծըլարձակման մեծ օրենքները Գարնան.

Նունուֆարի հոտված ծղոտները դարձյալ

Ջուրին մեջեն արձակեցին փթիթներ:

Մերին սըրտերն ունկընդիր

Իրարու մեղմ տըրոփյունին` նընջեցին.

Եվ լիճին խորն, աստղերուն վրա թևամփոփ,

Կարապներն ա՛լ թուխս նըստան:

11. Ո՛Վ ԼԱԼԱԳԵ

Կը հիշե՞ս, ո՛վ Լալագե.

Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,

Այգիիս մեջ ման եկա

Պըտղաբերձ օր մը աշնան:

Մայրամուտին շողերուն տակ դալկահար

Ծառերն էին ոսկեձույլ:

Եվ ողկույզներն աչքերու պես հըրեղեն

Քաղցրություններ կը ծորեին հողին վրա:

Օ՜, իմ այգիս, օ՜, իմ այգիս կութքի՛ մեջ…

Հարյուրավոր ժիր գերիներըս հըլու`

Երկայնքն ի վեր ցանկերուն`

Կը կըթեին սարբինան.

Եվ կողովներն հյուսված էին հրաշագեղ

Մայրամուտի ոսկեառէջ նշույլներով…

Անապատի անծանոթ երգ մը` շուրթին,

Եթովպուհին խընձորենին կը թոթվեր

Ծիծերն ի վար, գոգին մեջ:

Հոն, տըղաներ խառնածին`

Կանանչացած, լեղակե թուխ ձեռքերով`

Կը ժողվեին ընկույզներ:

Անդին բլուրեն վար, դեպ Քաղաքը, ճռընչուն,

Մեծղի եզներ, որոնց եղջյուրն այգեպանն

Որթատունկի սաղարթներով է պսակեր,

Կը քաշեին սայլերն ամբող բեռնաբարձ

Ողկույզներու դեզերով

Եվ ալիքով գինիի:

Եվ փարչին մեջ, աղբյուրներուն վրա բոլոր

Տերևներ լյո՜ւղ, տերևներ լյո՜ւղ կու գային…

Արդ հիշեցի՞ր դուն այն օրն, ո՛վ Լալագե,

Ակոսներու և կողերուդ ընդմեջեն,

Այն ծանր ամիսն հղությանդ,

Կ’անցներ ալիքն հողին հորդող ույժերուն:

Արեգակի արյունին նուռն էր` ծոցիդ

Մեջ հասունցած: Բուներն ի վար ծառերուն

Կը ծորեին շիթ առ շիթ

Հույզերը` նման արցունքի:

Քու համբուրված մարմինի պես ծանրակիր

Հողն էր թըրջված, էր կպչուն

Քաղցուներով և մեղրով:

Անուշաբույր իր բեռին տակ կը կըքեր

Դեղձենին քե՛զ նըմանակ,

Քու ծիծերուդ նըմանակ

Ողկույզներն այն լեցուն էին` ապագա

Ծիծաղներով, ցընծությունով ու կայթով:

Ու իրիկունն այն` կ’ուռեր կո՜ւրծքը հողին…

Հընձաններուն քովեն անցանք մենք դյութված

Խազմուզին բարկ բուրումեն:

Գերուհիներ, պարեգոտնին հանգրըճած

Մինչև իրենց պորտին տակ,

Կը կոխեին խաղողն ատոք`թըրջելով

Մինչև իրենց պորտին տակն, ո՛վ Լալագե:

Վայրածըփիկ մազերնուն ծայրը համակ

Կը ներկըվեր բոսորագեղ հույզին մեջ

Եվ քովն իրենց` հընաբույր լայն կարասներ

Նվիրագործված ամեն տարի, ծոցիդ պես,

Լեցո՛ւն էին գինիներով – ծոցիդ պես–

Լեցուն շողո՛վ, հաղթանակո՛վ, բերկրանքո՛վ,

Հավերժակա՛ն կյանքերով:

Հետըդ անցանք ծիծաղներու, երգերու

Մեջեն առույգ, զոր աշխատող հոգիներ

Կը պոռթկային տերևներուն ներքևեն.

Ու բուրումներն աշունին

Կը հասնեին մինչև աստղերն արծարծուն.

Ու այգին, լի պըտուղներով բազմազան,

Կարծես կ’այրեր, կը ծավալեր խունկ մ’անույշ

Վա՛րը, մինչև Քաղաքին վրա հեթանոս,

Քաղաքի՛ն վրա որ միշտ, տոնի խրախի մեջ,

Կը սպառեր հողն ու ավիշները հողին:

Այն ատեն (թույլ կու տա՞ս ինձ

Խոստովնիլ, Լալագե՛)

Ես ունեցա ընդվըզումներ արյունի:

Ու ցանկացա արեգակին, հողին պես

Ուռճացընել ինձ մերձեցող ամե՛ն հունտ.

Ու – Թո՛ւյլ տուր ինձ խոստովանիլ, Լալա՜գե–

Երբ դուն անդին` կարկառուն նուռը ծառեն

Կը քաղեիր, ու հետո

Կը խածնեիր լիաբերան հեշտանքով

Անոր բոսոր մարգրիտներուն շարքն անույշ`

Ես ասդին թուխ Եթովպուհին – որ ջլեբաց`

Հընձանին մեջ կը ճըմլեր կուզն –

Համբուրեցի՜… բըռնած հընդիկ ծամերեն

Պառկեցուցի ժըպտագին գլուխը կուրծքիս,

Եվ հեշտաբո՜ւռըն շրթներով, Լալագե՛,

Համբուրեցի՛…

… Բայց դուն ինչո՞ւ կ’արտասվես:

Այն հեռավոր աշունին

Բուրումներուն մատնըչությանը համար,

Ո՛վ աշնագեղ Լալագե,

Արտասվել չա՜րժեր այսօր:

12. «ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ…»

Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս

Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,

Համբուրեմ խաժ երակներն

Այդ ձեռքերուդ` որոնցմե լույս կը ծորի,

Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ

Էա՛կ մ’որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե,

Այն գիշերեն` երբ մազերդ այդ բարձին վրա

Անփութորեն լեցուցած`

Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն

Քըրտինք մ’առատ քունքերեդ ի վար հոսեցավ,

Եվ կուսությունըդ մեռավ

Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,

Այն գիշերեն` թարթիչներեն կոպերուդ

Մե՜ղրը ծորեց, դուն եղար

Հեզահամբույր, լըռակյաց,

Ձյունափետուր դուն աղավնյակը եղար`

Որ արևուն տակ կըծկըված` կ’երազե

Բույնին վըրա շինվելիք…

Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ

Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ` որոնց մեջ

Կը բաժնըվի կյանքըդ և դուն

Բաժնըվելով մա՜յր կ’ըլլաս:

Մեն մ զարկին մեջ երակիդ` ես կը զգամ

Տրոփյունը նո՛ւյն իմ սըրտիս

Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին`

Որուն բուրումը կ’արբեցնե զիս և քեզ

Եվ սերն է մեր երկուքին:

… Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,

Դո՛ւն որ անհուն գորովով

Կողերդ ինծի կու տաս, և ոսկրը՛դ ` ուրիշ

Ոսկրի մ’համար կը քամես,

Դո՛ւն` որ կ’ըլլաս ամենեն

Մաքուր ակոսն` ակոսներեն բեղնավոր,

Ու ամենեն չըքնաղ թաղարը` բոլոր

Թաղարներեն շուշանի`

Օրհնյա՜լ ըլլաս հավիտյան:

Դո՛ւն` որ, ըզգոն, կը կըրես

–Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ–

Աստվածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ`

Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ…

13. ՀԻՆ ՍԵՐ

Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,

Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն`

Որուն քընքույշ Ծաղիկներն էին զարդարեր

Օր մը գըլուխը հանվույն:

Անոնք սաստիկ կը դողդոջեն` իբր ըլլան

Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.

Բայց քովերնին` ցուպե՛րն իրենց լոկ կը մնան

Խոտին վըրա` գըրկըված:

Չունին այլևս հըրդեհումներն արյունին.

Անոնց հոգին համբույրի երգը չունի.

Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին

Սերմերը` նման շուշանի:

Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն

Կը նվաղի` չըթափանցած դեռ սըրտին.

Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն

Անոնց ծոցին մեջ ցըրտին:

Եթե փորձե՛ն իսկ տարփանքի փորձ մ’անմեղ

Գարնան դըրդիչ բուրումներեն սըրարբած`

Կը փըշրի՜ սիրտն` իբրև բաժակ մը բյուրեղ

Հանկարծ կրակին դեմ ճաթած:

Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե.

Սերն անոնց կայծ մ’է մոխիրին մեջ թաղված`

Զոր հիշատակն իր շունչով իսկ կը մարե

Վայրկյան մ’հազի՛վ արծարծած:

Ու հիմակ այս գարնանային իրիկունն`

Երբ կը բուրեն կինամոնները բըլրան`

Կ’իյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն`

Հին աղոթքի մը նման:

Եվ կը հիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,

Մեռած գըգվանքն, իրենց տարփանքը հեշտին,

Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն`

Եվ իրարու կը ժպտի՜ն…

14. ՎԵՆԵՏԻԿ

Ծավի՛ Վենետիկ, փառապա՛նծ Տիկին,

Զոր Իտալիան գինով սընույց,

Եվ Արևելքն իր զարդերով անգին,

Պըճնեց վեհ ճակատդ ու ոտքերըդ լույծ:

Ադրիականին բամբիշն ես հավետ,

Զարդարված` ջուրե ժապավեններով,

Լիտոյի արևն, ելլելով ծոցեդ,

Թագ կ’ըլլա գըլխուդ և կ’ընկըղմի ծով:

Կը հեղու երկինքն, իբրև սիրահար,

Աստղե՛ր գըրկիդ մեջ, աստղեր մազերուդ,

Ծովն առջևդ սըփռե՜ր է գորգ ու գոհար.

Զույգ կապույտի մեջ Երա՜զ մ’ես կապույտ:

Կըռթնած` բարձերուն վըրա փըրփուրե`

Որքա՜ն թովիչ ես, երգն ալքերուն լուրթ

Երբ որ կ’ունկընդրես, ո՛վ Քաղաք ջուրե,

Ո՜վ Լափյուրինթոս քայլերու պանդուխտ:

Ունիս ճամբաներ նեղ ու օձհոլով,

Կեսը սալաքար, և կեսը ալիք.

Հոն կըրնանք, ընկերս ու ես, խոսելով

Երթալ, ես` ոտքով, նավակի մեջ` ինք:

Անիվն անոնց մեջ ակոս տողած չէ.

Եվ ոչ ալ պայտն հուր կայծեր սերմանած.

Ձըկնորսին սանդա՛լն հըզոր կը հընչե

Հո՛ն, ուր ճեմեց Տոժն օր մը սիգընթաց:

Անթիվ կըղզիներ, շենքեր վըրանին,

Կոր կամուրջներով են շըղթայարկված:

Կարծես կուզ ուղտերն են կարավանին`

Անապատին մեջ ժայռերու փոխված:

Կը լվա ջուրն հի՛մը տուներուն գեջ`

Փոշի առ փոշի ծեփը լիզելով,

Երկու կըղմինտրի անջրպետին մեջ

Կ’ածե սլականջն ի՛ր ձուերն ալեխռով:

Պատուհաններուն տակ ջրանցներ շափյուղա

Հայլի են կարծես` զոր ծովն է հըղեր,

Ուր աստղերուն մեջ, լուսնին քով, կըրնա

Վենետկուհին իր դեմքը զետեղել:

Որմերուն ըստվերն հևհև կը նազի

Ալիքներուն վրա, ալիքն` որմերու:

Տունը ջուրին մեջ նորեն կը սկըսի,

Միշտ քայքայելով` առանց փըլչելու:

Դըռներուն խոնավ շեմը կոնտոլ մ’է.

Անզույգ Քաղաքին անզո՛ւյգ կարկուրա,

Որ գիշերվան մեջ` ճակտին կը կըրե,

Միակ աչք մ’հրեղեն, փայտե՛ կիկլոպա,

Որ լորտուի պես սև, սողագընաց,

Կամուրջներուն տակ կը սահի կ’անցնի,

Ինչպես զըղջումին տակ մե՛ղքն ամոթխած…

Ա՛յս տարբերությամբ` որ մեղքն աչք չունի:

Ահա Մեծ-Ջըրանցդ, ո՛վ Քաղաք-դըշխոդ,

Որ կոր երիզով քեզ կը պարուրե,

Իբր Ադրիականն իր թևը կապույտ

Վիզըդ անցըներ` որ թուշդ համբուրե:

Սուրբ Մարկո՛սն ահա, թանգարան անհուն

Գեղարվեստներու, բրածո սուրբերու.

Անոր կից պալա՛տն ահա Տոժերուն.

Խորանը գահեմ քայլ մըն է հեռու:

Ահա Փիոմպիններն` որոնց տակ հավետ

Այսօր կը մընչեն տատրակնե՛ր հըլու.

Երնե՜կ քեզ անկմանդ մեջ իսկ, ո՛վ Վենետ,

Բանտերդ են փոխված թըռչնո բույներու:

Եվ ա՛յլ տաճարներ, ա՛յլ ապարանքներ,

Կոթողներ կրոնքիդ, հանճարիդ հըսկա.

Ալիքներ անոնց առջև կ’երգեն դեռ

Փառքդ անցյալ` գըրված ծովերուն վրա:

Ու Հառաչանքի կամուրջն ավասիկ,

Կամուրջն` որուն վրա, իրիկնադեմին,

Երգը լըսեցի ջուրերուն հեզիկ`

Երբ կու գար աչքերս համբուրել քամին:

Կանգնած` արևուն առջև մայրամուտ`

Սերտեցի գույներ, շողեր մեղմընթաց.

Քու եկընքիդ մեջ և քու ջուրերուդ`

Հոգիս նըկարչի վըրձին մ’էր գըտած,

Ո՜րքան ալիքներ, ալիքներ լաժվա՜րդ,

Ալիքներ նարի՜նջ, հակի՜նթ ալիքներ…

Ո՛վ Վենետիկդ իմ, Լըճակըդ զըվարթ

Թիցիանոյի երանգապնակն էր:

Պիտի քընարս իմ քեզ հիշե հավետ,

Քու փառքըդ մուրճի, փառքըդ վըրձինի.

Պիտի հիշե և՛ խուցն այն տըխրավետ

Կանանչ ջրանցին վրա սուրբ Գարմինիի:

Իր պատուհանին ձողերուն առջև

Էր` որ ես լացի, նայելով լուսնին,

Կամքըս բանտարկված: Հոն սիրտս հևիհև

Ըմպեց հեռացող երգը ձըկնորսին:

Դարձյալ անկից է` որ ես առջի հեղ

Տեսա Լինտան, կույսն ատամներով բրինձ,

Որ նըստած իր հոր նավակին մեջտեղ`

Կը հյուսեր ուռկան մ’ու կը ժըպտեր ինձ…

Link to post
Share on other sites

Շնորհակալություն, օրիորդ Կատրանիդե: :flower: Լավ կլիներ, եթե նշեիք, թե ո՞ր հրատարակությունից եք օգտվում:

Հ.Գ. Ինձ թվում է, թե Լալագե ծածկանունը ձեզ ավելի է սազական: :) Լա՜-լա՜-գե՜... :flower:

Link to post
Share on other sites

Շնորհակալություն, օրիորդ Կատրանիդե: :flower: Լավ կլիներ, եթե նշեիք, թե ո՞ր հրատարակությունից եք օգտվում:

Հ.Գ. Ինձ թվում է, թե Լալագե ծածկանունը ձեզ ավելի է սազական: :) Լա՜-լա՜-գե՜... :flower:

Շնորհակալ եմ այդքան գեղեցիկ և թափանցող համեմատության համար, թերևս այստեղ դուք շատ ավելի մոտ եք իմ կերպարին, քան օրիորդ անվանելով :rolleyes: :

Իմ կողմից այստեղ տեղադրված Վարուժանի բոլոր գործերը 1986 թ. Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հրատարակած ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ Երկերի լիակատար ժողովածուից է (երեք հատորով):

Ինչևէ, կարծում եմ` արժե շարունակել…

15. ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

Ձորերուն մեջ, սարերուն վրա կ’արածեր

Ան ամեն օր ուլն իր կապույտ աչերով.

Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ

Մեն մի քայլին` շուշան վրա կոխելու:

Ճերմակ կրծքին մերկության վրա վիժանուտ

Ոսկի հերքեն կը ծորեին ծոթրիններ.

Ո՛չ մըրտենին և հասմիկները գըլխուն

Կը թոշնեին, ո՛չ ալ վարդերն այտերուն.

Ան միշտ կ’երգեր, ու երգն իր

Կը ծիծաղե՜ր սըրտին մեջ,

Իր ըզգեստիկը կապույտ

Երկընքի մեկ ջինջ կըտորեն էր ձևված.

Եվ հովվական իր ցուպն էր օձ մը բրածո`

Քարացա՛ծ օձ` որ իր մաքուր ձեռքին մեջ

Դեղձիի ճյուղ մը եղավ:

Երբ վըտակին եզերքեն

Ան կը քըշեր ուլն իր կապույտ աչքերով`

Ծառերուն մեջ` գաղտագողի` լուսնկան

Իր ետևեն կը քալեր.

Եվ լուսնկան տարփատենչ բիբն էր գուցե

Եհովային, կույսերու հի՛ն Սիրահար:

Բայց իրիկուն մ’ան հովտեն ձայն մը լըսեց`

Որ զինքը, վա՛րն, աղբյուրին քով կը կանչեր.

Երգ մ’էր կարծես, այնքա՜ն աղվոր և դյութիչ`

Որուն իր ուլը ճերմակ

Վիզը տընկած, խոտը բերանն, ունկընդրեց.

Նոր երգ մ’էր ան` որ կ’ըսեր.

«Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր,

Եվ աղբյուրին քով ուլդ ինծի զոհ ըրե:

Թզենիին շուքին տակ,

Ճերմա՛կ աղջիկ, ճերմակ ուլդ ինձ զոհ ըրե:

Այս լեռներուն ես Ոգին եմ լիազոր.

Իմ շունչիս տակ` թե ուզեմ`

Գետեն արծա՛թ կը հոսեն

Եվ հեղեղները` ոսկի.

Հասած տեղն իմ համբույրիս

Կ’անցնի սարսուռն` որ բաղձանքն է ծնունդին.

Իմ գըրկիս մեջ շուշաններ վա՛րդ կը դառնան,

Եվ կույսերն ալ` թագուհի:

Ես քու զոհիդ արյունեն

Դաշտերն ամբողջ ծաղիկներով կը լեցնեմ,

Եվ ուլիդ տեղ թիթեռնիկներ կ’արածես.

Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր»:

Ան լսեց այս ձայնը, երկա՜ր ու երկա՜ր,

Որ կարծես իր արյունին մեջ կը խոսեր.

Լըսեց ու, լուռ, աստղերուն տակ հառաչեց:

Հետո դյութված` ցուպն առավ

Ու քըշեց ուլը ճերմակ`

Բըլուրեն վար` դեպի հովիտն հեշտաբույր:

Հո՛ս է աղբյուրն, հո՛ս թզենին, և կը զգա՞ս

Արու Ոգին` որ ծոթրինի և թյումի

Ըզգըլխիչ հոծ բույրերով

Գըրկեր է քեզ: Զոհդ ըրե՛:

Ջինջ ու ողորկ քարերուն վրա աղբյուրին`

Ծունկին վերև ան պառկեցուց ուլն` որուն

Փոքրիկ եղջյուրն ավազին մեջ խըրեցավ:

Ո՛հ, ի՛նչ արբշիռ էր պահն ու որքա՜ն անույշ.

Ան կը հավտար թե զոհելեն վերջը դեռ

Պիտի ուլն իր ողջ մընա,

Պիտի մարգին մեջ պապաչե և ոստնու:

Ան` մահն ի՛նչ էր` կ’անգիտանար, ու երգե՜ց.

Երգեց բնության ներշնչման տակ մեկն այն մեծ

Հաճույքներեն` զոր կու տա

Զոհագործումը անձին.

Երգեց գարունն հասակին,

Դաշնակույթունն իր էության, և առանց

Ուլին կապույտ աչքերուն

Աղիողորմ նայիլն իրեն` տեսնելու,

Դրավ դանակն անբիծ վըզին, և արբշիռ,

Երգը շուրթին` զայն հեշտանքո՛վ մը զոհեց.

Ծունկին վըրա այն մոլորիչ Ոգիին`

Ճերմակ աղջիկն իր ճերմակ ուլը զոհե՜ց:

Բայց իր զոհեն նոր ծաղիկներ չըբուսան,

Եվ ինք չեղավ թիթեռներու հովվուհի.

Պըղտորեցավ աղբյուրն ուլին արյունեն`

Ուր ջուրին հետ պիտի ան ալ չըկըրնա՛ր

Խըմել աստղերը ցոլացիկ երկընքին.

Խոտերուն մեջ ցուպն հագավ

Իր նախկին բնույթը օձի.

Լուսինն իջավ լեռնեն վար,

Եվ ինք մութին մեջ, սարսռուն,

Բոպիկ ոտքով մեռա՜ծ ուլին քով կանգնած`

Լացա՜վ, լացա՜վ, և արյունլվա ձեռքերով

Իր թաց աչքերը շըփեց,

Մինչ գըլխուն վրա կը թոշնեին հասմիկներն,

Հրապուրված կույսն իր անուշ Մեղքը լացավ:

16. ԱՆԱՀԻՏ

Խոտին մեջ է թաղված բագինդ: Չեն ծըխար

Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր:

Կուգա լոկ բույր մը համպար

Խորխի` զոր հոն թողեր է օձ մը կարմիր:

Հոն կը նըստիմ, խո՛նջ ուղևոր: Ձիս կ’արծի,

Եվ Վահագնի զամբկին կարծես հոտն առած`

Կըտղուցեն խոլ կը խաձի:

Բայց արևեն մեզ չի գար ոչ մեկ Աստված:

Անհետացան անդարձ խորեն անտառին

Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր

Ծիծերըդ` վինը Վրույրին:

Բագինիդ շուրջ կը հեծկըլտան եղեգներ:

Չես հանգըրճեր պատմուճանդ ալ, ո՛չ մեկ վիթ

Նիզակահար` կը ներկե ծունկդ արյունով:

Թանգարանին մեջ անդրիիդ

Կը տաղտկանա, և չի՛ պսակվիր գարունով:

Բայց դուն կ’ապրիս, պիտի ապրիս հավիտյան,

Ո՛չ երկրիս վրա. երկինքի՛ն մեջ, Անահի՛տ:

Ահա կ’ծագի լուսնկան,

Եվ կը ծագիս դարձյալ` մահիկը ճակտիդ:

Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերեդ

Լույս կը հոսի աղբյուրին մեջ` ուրկե խմող

Եղնիկին դունչը նամեդ

Եվ եղջյուրները կ’օծվին ոսկեշող:

Վա՛ր կը նայիս. օրիորդները վարար

Կը զգաստանան. գինիին տաշտը կի’իյնա

Բագուսուհվույն ուսեն վար:

Կ’աղոթե կույսը ծընրադիր մահճին վրա:

Կապարճըդ ուսիդ, լարած աղեղըդ լայնշի`

Կը վարես սայլը լուսնակին լըռելյայն…

Կյանքն անտառին կը շարժի.

Ձեռքիդ ջահեն վախցած` գայլերը կ’ոռնան:

Կ’երազե դաշտն. ու կոկոնները վարդին,

Փըքիններուդ խայթին ներքև, մի առ մի,

Բերանիդ պես կը բացվին:

Կ’եռա ավիշն այգիին մեջ վաղեմի:

Կ’հոսես ծիծերդ, կ’անցնիս կ’երթաս, բայց մարդիկ

Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ’ընդունին:

Քանդած են հովն ու ալիք

Մեհյա՛նըդ իսկ քերսոնեսի ափունքին:

Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված

Կը տեսնե վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,

Ու բագինիդ վրա նըստած`

Կը նայի քեզ և կու լա, ո՛ Անահիտ:

17. ԱԿԱՆՋՆԵՐՈՒՆ

Մարգարտածո՛ց ականջներ, գանգուրներուն տակ սիրուն,

Ամենանուրբ մասն եք դուք իմ նըրբագեղ մարմինին.

Լոկ դո՛ւք կըրնաք հաղորդել երգը քնարիս լարերուն

Իր ըսքողած հոգիին:

Թիթեռնիկի՞ կը նմանիք, թե՞ ծովամույն խեփորի`

Որ խըմած է բուստին լույսն և նըվագներն անդունդին.

Ա՛յնքան փոքրիկ եք` որ տղեկ մ’իր ափին մեջ աղածրի

Պիտ’ ամփոփե ձեզ դյուրին:

Ո՛վ բավիղներ նըրբակերտ, ո՛վ ոլորտներ վարդագույն`

Որոնց մեջեն, չեչքարե մը վար թորող ջուրին նման,

Բոլոր ձայներն աշխարհի կ’հասնին մինչև իր հոգվույն

Եվ խորհուրդնե՛ր կը դառնան:

Ուշիմորեն կ’ամփոփեք ձեր ձագարին մեջ բյուրեղ

Անծանոթ խոսքը բոլոր դաշնակավոր իրերուն,

Հեռավոր երգն աստղերուն, որ անհունին մեջ լուսեղ

Կը ծովանա՜ փոփողուն:

Եվ ձեր քունքին առընթեր բռնեմ ճըրագս ադամանդ

Աղավնյակի մը կարմիր սըրտին նըման բաբախուն,

Թափանցկությամբ մը վճիտ կը բըռընկի ձեր թաղանդ

Կակաչի պես հըմայուն:

Սըրտիս վըրա՛, ականջնե՛ր, խոնարհեցեք սըրտիս վրա՛.

Դեռ չերգըված կույս երգեր հոն կը բզզան անհամբեր`

Ինչպես քընքույշ և խըլրտուն բըժոժներուն մեջ ոսկյա

Լուսակարոտ թիթեռներ:

Եվ թողեք, գո՛ղտր ականջներ, ձեզ համբուրեմ զգայնոտ,

Տամուկ լեզվովըս հըպիմ խորշերը ձեր սատափյա,

Որ ան սարսռա անպատում հեշտանքներով ջըղայնոտ`

Քընարիս պես դյուրազգա:

Թո՛ւյլ տվեք ձեզ ողբերգեմ` Գեղեցկության դաշույնին

Բյուր հարվածներն հոգվույս մեջ, և զույգ մ’արցունք աչքերես

Տըրտմորեն վար կախեմ ձեր բըլթակներեն փափկագին`

Իբրև օղեր` ընծա ձեզ:

Edited by Katranide
Link to post
Share on other sites

18. ՍԱՆԴՈՒՌՆԱԿԱՆ

Այս իրիկուն նորեն Քաղաքն հեշտանքի,

Ծովափին վրա, գոհարազարդ բոզի պես,

Անթիվ ջահերն իր կը վառե: Երբ տակավ

Հըռընդյունները սըղոցին կը լըռեն,

Եվ սալին վրա մուրճերն ալ չե՛ն կայծկըլտար,

Ան` խորտակված սափորեն հանկա՛րծ թափվող

Հին գինիի մը նըման`

Կը փըրփըրի, կը պըղպըջա իր կարմիր

Կիրքերուն մեջ: Երեկոյան խորշակով

Բըլուրներեն այգեվետ

Հոտ մ’ողկույզի փողոցներն հորդ կը լեցնե,

Ու կըծու աղը ծովուն

Կու գա ռունգերը գըրգըռել կըտղուցի.

Այն ժամանակ մեհյաններեն դուրս կ’ելլեն

Քըրմուհիներ սանդուռնական տոներուն.

Կ’անցնին կիներ` վարդ դըրած

Իրենց քունքին ու գոտիին վրա արծաթ.

Կ’անցնին մարդիկ, նըվագներով ու պարով.

Պոռնիկ մ’հանկարծ, անոնց մեջ,

Կ’արձակե հերքն իր կըրունկները մինչև,

Եվ լողալով գանգուրներուն ծովին մեջ,

Կը ծիծաղի՜, կը ծիծաղի՜ խելահեղ

Երեսն ի վեր քարձ կավատի մը հարբած:

Քաղքին պատերն ամբարիշտ

Կարմրաշառայլ լույսով մ’ամբողջ ծեփված են.

Եվ նըռնենին, լապտերներով պաճուճված,

Պատըշգամբին տակ կը ծաղկի հեշտօրոր:

Սլարկներեն վար գինինե՛ր կը հոսին.

Տան շեմերն են թըրջըված

Մամացներով ու մաղձով

Դուռներեն վար կը կախվին

Հոմանիի դրասանգներ.

Եվ գիշերվան լոգարանները բոլոր

Կը քըրտընին գըմբեթներովը իրենց`

Որոնց ներքև կը թալկանա հեշտությունն

Ու կը զեղուն կոշարաները զըմուռս.

Ամփիթատրին մեջ, փըփրած,

Կ’հոսի արյունն, ու մեհյանին մեջ ծածուկ

Կը հոշոտվի հազածոն.

Բոզնոցներուն դրան առջև`

Որոնց պագշոտ ծերպերեն

Թըխակարմիր շառայլներ դուրս կը նշողին`

Կիներ պառկած` կ’ունկընդրեն

Փողոցներեն անցնող ձայները դափին,

Ու տըռփագին ու զոշաքաղ ակնարկով

Կը խայտացնեն պորտերնին…

Բոլո՛ր, բոլո՛րը կ’ընեն

Սանդուռնական գինարբուքները` մինչև

Արշալույսին ծագիլն արյան քողերեն:

Պալատներուն մեջ` խըրա՛խ

Պողոտային վրա` շուրջպա՛ր,

Եվ մըթընշաղ անկյուններուն մեջ, ավա՜ղ,

Ումպետ հոսումն ուղխորեն

Առնական գա՛ղջ սերմերուն:

Գերիներ, մերկ, ներբաններին այրելով,

Հըրաբորբոք կուպրին վըրա մայթերուն`

Կը հայթայթեն, վազն ի վազ,

Խեժն այդ փըրփրած հըրդեհին.

Ոմանք ըշտապ կը տանին

Համադամներ, ոմանք գինի` փարչերով.

Խառնածին մ’իր գոգին մեջ

Ծաղկի պսակները դիզած`

Կ’երթա արբշիռ ճակատներն իր տերերուն

Արտախուրել բաղեղներով, վարդերով.

Եվ Պահլագուն մը հուժկու`

Կույս մը շալկած մազերեն`

Պատրիկներու ոսկեճամուկ սեղանին

Կը տանի զոհ մը իբրև…

Գինի, ռետին ու տըռփանք

Քաղաքին վրա, կը պանծացվին տավիղով.

Քաղաքի՜ն վրա, որ նըստած

Ափը ծովուն, գոհարազարդ բոզի պես,

Կը պըճնե ծոցն իր` ջահերով անհամար.

Եվ Քաղքին վըրա ո՞ւր ես դուն, Է՜րոս.

Խա՞յթն էր ոսկի փըքինիդ,

Որ շաղաշույտ այդ ժողովուրդը կըտղեց…

Ո՛չ, ո՛չ, Է՜րոս. տատրակի պես տարագիր

Այդ Ոստանեն խույս տըվիր:

Աստվածներու կըղզիին մեջ` այժըմ դուն

Լուսնկային հետ, քնքշորեն կը հըսկես

Սոխակներու բույնի՜ն վրա:

19. ԳԻՆԱՐԲՈՒՔԵՆ ՎԵՐՋ

Նկարիչ բարեկամիս` Արսեն Մարկոսյանին

Սըրահն է լուռ: Կոչնականներն հեռացան:

Ջահերն ոսկի դեռ կը վառին մոլեգնած,

Եվ կը հեղուն, սեղաններուն վրա անձայն,

Արյունն իրենց երակներուն բորբոքած:

Վինը լըռեց: Կը թափառի նըվաղուն

Երգն իր վերջին` զոր հարբած սիրտը չըմպեց:

Անոնց բերնին վըրա և ցոփ աչքերուն

Կը սըփռե քունն իր չըղջիկի թևը մեծ:

Սեղանին վրա է ամեն ինչ ցիրուցան:

Սափորին մեջ կ’երազե մաս մը գինի:

Նուռ մը լըքված, ակռաներու վերքեր վրան,

Ջահերուն տակ, ջահերուն հետ կ’արյունի:

Եվ կը փըշրի բաժակ մ’հանկարծ, հեծելով

Լըռության մեջ: Զայն ճեղքած էր նախապես

Կին մը արբշիռ` երբ կը ներկեր կըտղանքով,

Գինիին խորն, ատամներն իր, բուստի պես:

Ծաղկամանին մեջ կը թոռմին հիրիկներ`

Որոնց բույրով գուսանն եղավ սըրարբած:

Աթոռին վրա հողմահա՛ր մ’է մոռցըվեր`

Զերդ հոլաձև մեծ թիթեռնիկ մը մեռած:

Դուրս կը հոսին բաց մընացած դուռներեն

Գաղջ ալիքներն հալվեներուն ու մուշկին:

Եվ քըրքիջներն ու կըտղուցներն համորեն

Հայլիներուն խորության մեջ կը մեռնին:

Կ’աշխատին հոն միայն երկու գերիներ,

Մին` աղախին, մյուսը` ծառա մ’անճոռնի,

Որ կը խըմե մերթ ավելցուկ գինիներն

Ու կ’համբուրե ընկերուհին, գողունի…

20. ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

Արյունափառ Խաչին տակ,

Որուն թևերը տըրտմություն կը ծորեն

Աշխարհիս վրա բովանդակ,

Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն

Կ’ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:

Մեռա՜վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե՛ր

Օրենքներու կարկինին սուր սըլաքով:

Ձանձրո՜ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով:

Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա

Խուլ Աստուծո մը հրեա:

Դիո՛ս, մեռար: Մեռար դուն,

Ո՛վ Ապողոն, որուն կառքեն քառաձի

Կու գար խըխինջն Արևուն:

Կայծակն անտեր` աստղերուն մեջ կը հածի

Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր

Հերայի սայլն` որ ուներ լույս սարիքներ.

Ոչ ալ կ’հոսին, իբրև սերմեր դիցական,

Զևսի անձրևն ոսկի, արյունն Ուրանյան:

Չե՛ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին

Աստղերը որբ երկինքին:

Անտառին մեջ, Անահի՛տ,

Ալ չեմ լսեր շանդ հաչյուններն` ետևեն

Նախընտրած գեր երեիդ.

Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն

Ջուրն իր խըմել կ’երթա եղնիկը անվախ:

Չի՛ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ

Անոր շունչով նորեն առույգ չի՛ ծաղկիր:

Դափ չե՛ք զարներ, Այծեմարդե՛ր բարեկիր,

Լոկ կը տեսնեմ Ավանդությունն` որ կու լա

Նըստած կոճղի մը վըրա:

Հավերժահարսե՛ր, մեռաք դուք.

Կը խածատեն փըրփրուն գետերը` ցավեն,

Իրենց ափերն հեղհեղուկ:

Նայուհինե՛ր, եղեգներուն ընդմեջեն

Ա՛լ չեք երգեր` երբոր ցաթե լուսնկան.

Կանանչ լոռերն այժըմ կ’ըլլան ձեզ պատան:

Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ

Բիբերուդ կայծն, անբա՛խտ Նարգիս: Տատրակներ

Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին`

Դոդոշներեն կը խըրչտին:

Քեզմե, ո՛վ վեհ Պոսիդոն,

Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու

Չի՛ խոյանար բարձրահոն

Քառանըժույգը՛դ փըրփրագեղ. ոչ ալ քու

Երեքարձենըդ կ’առխըթե դըղըրդմամբ

Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ:

Մեռա՛վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան.

Կ’անցնի նավազն անկե առա՛նց դյությության:

Չ’ըլլար փրփուրն` Աստղիկ, ոչ ալ կոնքը` կուր.

Ծո՜վն, Աստվածնե՛ր, ծո՜վն է տխուր:

Տանս ակութեն, Թերափնե՛ր,

Ո՞ւր հեռացաք, ո՞ր ջերմեռանդ սըրբուհին

Ձեզ իր խաչովն է փըշրեր,

Ձեր մեջ պապերս պապե՛րն իրենց դրոշեցին`

Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար:

Չըկաս, Էրո՛ս. պիտի քույրս իմ սիրահար

Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին.

Չըկա և՛ դուռը պահպանող Շան անդրին…

Միայն սնարես կախվեր է Խաչ մ’հաղթական`

Ուր կա լոկ փառքը Մահվան:

Եվ այժըմ այդ Խաչին տակ,

Որուն թևերը տըրտմություն կը ծորեն

Աշխարհիս վրա բովանդակ,

Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն

Կ’ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:

Տեսե՛ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,

Աղբերակներն ու երդիկները խաղաղ

Ամայացա՜ն ու տաղտկացա՜ն: Այժմ, ավա՛ղ,

Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա

Խուլ Աստուծո մը հրեա:

Link to post
Share on other sites

21. ԲԵԳԱՍ

Ընկեր Մուրատին և իր ձիուն կայծակնավազ

Բե՛գաս, հրեղեն ձիս,

Երկնամուխ լեռն արևուն մեջ կը շողա

Զերդ շափյուղա.

Իր կատարին աստղապսակ` պիտի զիս

Տանիս:

Զետեղեցի քամակիդ ավասիկ թամբըդ` ծեփված

Ադամանդով,

Եվ դըրի սանձըդ` հյուսված

Շանթով.

Եվ նյուսիդ վրա զերդ մըրրիկ

Ես նետվեցա ավասիկ:

Դե՛հ, թող մտրակըս` հավետ լույսերու մեջ թաթախուն`

Կողերուդ շուրջը սուլե օձի նըման գալարուն.

Եվ դուն

Անդունդերուն վըրայեն և վըրայեն ձյուներուն

Տար զիս

Արևո՜ւն:

Ահա դափրեց բարձունքն ի վեր բարձրավիզ.

Ռունգերն հըզոր բացվեցան

Լեռնեն իջնող պաղ քամիին հանդիման.

Եվ բաշերն իր լուսալիր

Եկան մինչև թևերուս մեջ փըրփըրիլ:

Գլուխն ընդվիզ

Ա՛յնքան հըպարտ կը բըռներ`

Որ կը հըպեր

Կըզակիս:

Ու ան վարգե՜ց, վարգե՜ց, վարգե՜ց քառատրոփ…

Լեռը թընդաց.

Կը ցայտեին սըմբակներեն ոսկեմած

Աստղեր բորբ.

Փապարներուն մեջ ամփոփ

Հըղի օձեր ձագերն իրենց վիժեցին,

Բայց իմ ձին

Լոկ կը լըսեր պինչերուն մեջ մըռընչող

Քամին:

Օ՜, երբուծն հույր` մըկանունքով բըլրավետ`

Ուր արյունն իր զըսպըված հըրաբուխի պես հավետ

Կ’եռար:

Կ’ընդհատեր միշտ սեպերուն դեմ մրըրկաբար

Ու վերքերով կը պանծար:

Օ՜, պոչը իր լուսացընցուղ, աղեղնաձև,

Որ գավակեն կը հոսեր

Զերդ արև:

Օ՜, գլուխն իր պերճասոսորդ, մեծղի բիբերն` ուր կ’այրեր

Կարծես անհունն արփախայտ.

Եվ սըմբակներն ոսկեկուռ` որոնց ներքև իբրև պայտ

Լուսնկաներ գամեցի,

Ժայռերուն վրա Իտեալի մը պողպատ

Կ’երգեին երգն առնացի`

Զոր խըմելու համար ես սիրտըս բացի

Զերդ ծովու

Խեցի:

Ու բարձրացա՜վ, բարձրացա՜վ

Վայրենարշավ.

Միշտ նորահայտ միջոցներ անակնկալ բացերու

Նայվածքն հազիվ ընդգրկած` արշավն ընդհուպ կը սպառեր

Լեռնալանջին վըրա հըսկա նոճիներ

Եվ գիհիներ խընկարկու`

Որոնց մեջեն ան կանցնի նմա՛ն կայծակին:

Ի զո՛ւր ծաղկած վարդենին բռնել կ’ուզե քղանցքես

Հարսի պես.

Անոնց մեջեն ես կը վարգեմ սըրընթաց.

Ուսերս ամբողջ, ասպանդակներս ոսկեմած

Ծաղիկներ հիր կ’ողողեն…

Ես կը վարգեմ թամբին վըրա լուսեղեն

Զերդ թառած

Շահեն:

Ահա պարեխը կու գա թումբ կանգնելու արշավիս,

Բայց իմ ձիս

Փայլակնաթափ դռույթին տակ կը քանդե զայն քար առ քար

Կը հեղու

Լեռն ի վար:

Ո՛ւր որ դոփե սմբակն` հոն կը բանա վիհ ծուխերու,

Ո՛ւր որ բաղխե լանջը գոռ` կը թոթափե փըշըրված

Կայծ:

Կը բարձրանա ամպին վրա իր կուտակած փոշիին.

Աստեղաբիբ կը լողա լուսալիքին մեջ բաշին.

Կը վըրնջե ցնծագին`

Ռունգերը բաց

Անհունի՜ն:

Վա՛րը, այնտեղ, երանավետ այգիեն

Ցանկապատին վրա ծըռած ողկույզներու բիբեր մեծ

Ի զո՛ւր, ի զո՛ւր կը կանչեն

Զիս իրենց.

Եվ ծառեն վար նուռ մը ճեղքված` բերնի պես`

Կ’աղաղակե ետևես:

Եվ կիներ, վա՛րն, հովիտներու աղբյուրեն

Իզո՛ւր ինծի կ’երկարեն

Լույս սափորներ` ուր կըթեր են հեշտությունն

Իրենց մարմնույն

Եվ համբույրի մ’անձկությունով` համրեն

Գինին իրենց ծոցերուն:

Փոխան իրենց օրորին` երիվարիս ցունցը խեռ

Սիեցի,

Փոխան իրենց գըգվանքին` հոգիիս վրա լիզումներ

Բոցի:

Շուրջըս ի զուր ջըրվեժներ կը մոլեգնին ու կ’երգեն`

Կաթի նման փըրփրադեզ,

Հետո մեղմիկ կը սահին զմրուխտ մարգին ընդմեջեն

Օձի պես.

Իրենց ջուրեն` ես ավելի կը սիրեմ

Գաղջ փըրփուրներն երիվարիս երախին`

Զոր խըլած բո՛ւռն քամին

Կը լըվա

Անոնցմով բոց աչքերս իմ, կամ արևուն երկնաճեմ

Աչքն հըսկա:

Վե՜ր, դեպի բարձո՛ւնքը, Բե՛գաս…

Կըռանակուռ լույս պայտերդ ահավասիկ կը թաղես

Պորտերուն մեջ ոպնիազ

Վիշապներուն.

Եվ դուն

Ջախջախելով հրեշներուն

Կուռ պատյանին մեղեսիկներն հըրակեզ`

Կը ծառանա՜ս, կը ծառանա՜ս մոլեգին

Կատարն ի վեր հաղթական

Լերան:

Նընջող գազան մ’ավասիկ խըխընջյունեդ արթնցած

Նետվեցավ ծոցը վիհին

Զարհուրած:

Եվ անգըղներ ժայռերու կատարներեն կը թափին

Ձորերուն խորը մըթին:

Ահա փախչող վարազահավ մ’իր մախիզ

Խըլուրդ բզըքտող կըտուցեն,

Վերեն,

Շիթ մ’արյուն կայլակեց իմ գըլխարկիս

Արծվային

Փետուրին…

Ա՛լ քեզ համար ամայի՛ են գագաթները ահարկու.

Ո՛չ ջըրվեժի մըռունչ կա, ո՛չ հըրավեր կիներու.

Մեզ չի՛ հասնիր կալին մեջ պոռոչող ձայնն երինջին.

Կարծես արդեն մեր գլուխները աստղերու կամարին

Կը դիպչին:

Վե՜ր, վե՜ր, Բե՛գաս…

Բայց, հեռուն, ի՞նչ սպիտակ տարածություն լուսափառ

Ճառագայթեց աչքերուդ մեջ ամեհի.

Ցուրտ սըլաքներով դըժպըհի

Լուսնակին պես կ’արյունին ահա բիբերըս փարփառ.

Օ՜, Բե՛գաս,

Կատարներուն ձյունն է այս.

Ձըմեռներու մեջ բյուրավոր` բյուր աստղեր

Իրենց ծոցեն սառնաշիթ

Հո՛ն են, հո՛ն են տեղացեր

Ձյունն այս վճիտ:

Բե՛գաս,

Այդ ծովուն մեջ բյուրեղե

Նետվե`

Դըլբնի լանջքով հորդե ուղիդ երկնահաս:

Լողա՜, լողա՜…

Անապատի ավազին մըրրիկներուն փոխարեն`

Փորիդ ներքև կը փըրփրին

Մըրրիկնե՛րն այդ լուսեղեն

Ձյունին:

Նա՛վը եղիր կենդանի`

Որ զիս առած կը տանի

Աստեղազարդ նավահանգիստն հեռակա

Երկնի:

Լողա՜, Բե՛գաս, լողա՜…

Մեր Երազին ճեղքե՛ ակոսը հըսկա:

Բացած փոսերը պայտերուդ լուսագին,

Հետքիդ վըրա, շուշանի պես թող ծաղկին:

Ի՛նչ փույթ թե ձյունն իր տակ ծածկած է հավետ

Նենգություններն անդունդին,

Եվ մենք կըրնանք ըլլալ հանկարծ գահավեժ.

Միշտ Աստղերո՜վ թաթախված պիտի իջնենք խորն ալքին

Զերդ ջըրվեժ:

Բե՛գաս, Բե՛գաս, կաղնիացո՜ւր վիզըդ վես.

Ահավասիկ ձյունահյուս մ’աստվածաբնակ գագաթեն

Մըրըրկելով ճամբուն վրա փրփրուն փոշի մ’համորեն

Կու գա մեզ:

Ո՛հ, ի՜նչ պայքար, Բե՛գաս.

Անոր վըրա պերճասոսուդ կը խոյաս.

Առջի ոտքերդ լուսադըրոշմ պայտերով

Աշխույժով

Արդեն ահա փըխրուն ծոցին մեջ անոր

Կը մըխըրճին ահավոր…

Ո՜վ Ձիս-Աստված,

Այն հյուսն արդեն պորտիդ ներքև է լայնշի

Եղած

Փոշի:

Լողա՛, Բե՛գաս, լողա՛…

Զգեցեր են պատմուճանն կույս տարրին փողփողուն,

Բուքը կ’հալի լանջքիդ տակ, ռունգերուդ մեջ բաբախուն:

Դե՛հ, խոյանք մ’ալ, ոստում մ’ալ,

Զի բարձունքները շողալ

Կը սկըսին,

Հորիզոնները ծավալ

Կը բացվին:

Դե՛հ, խոյանք մ’ալ, ոստում մ’ալ.

Նըպատակի կատարին ադամանդները անհալ

Շողացին.

Եվ իմ ձին

Փայլակելով Գաղափարն աչքերուն մեջ ռոշնական`

Կոթողվեցավ-պինչերը բա՜ց արևուն–

Լերան

Գըլխո՛ւն:

Օ՜, Բե՛գաս,

Կողերուդ մեջ գալարվող լիաթոք հևքըդ ահա

Ռունգերեդ դուրս` ողողեց հորիզոններն հեռակա:

Օ՜, Բե՛գաս,

Ահա Կապույտը վըճիտ` շողակնաշող ալիքով`

Զերդ ծով.

Ահա Արևն հըրամազ

Լոկ ի՜մ վրաս…

Տիրապետման մեջ լույսին կանգուն` թագն ենք աշխարհին,

Երկինքը թագը մերին.

Եվ մեր ներքև Երկիրն է` բուռ մը ցեխի հանգունակ,

Ամպերն են մեր ոտքի տակ`

Որ ծույլ ծույլ կը սողան կայծակներով բեռնաբարձ.

Կը տեսնե՞ս վարը, հանկա՛րծ

Թուխ ամպրոպի մը խորին փայլակ մը աչքն ամեհի

Կը բանա,

Հետո դարձյալ` խուլ որոտ մ’արձակելով` կը թաղվի

Երկրիս ցեխին մեջ հըսկա:

Կը տարածվի քու խրխինջդ անհունին մեջ ալեկոծ,

Եվ աստղերուն ժայռակույտերն ոսկեզօծ

Շունչեդ ահա կ’արծարծվին

Իբրև բոց:

Բեգաս, ահա՛ վար կ’իջնեմ թամբիդ վրայեն վերստին:

Բաշերուդ հետ կը հանձնեմ անտառներն իմ մազերուն

Հովերո՛ւն.

Եվ կը թողում որ Մրրիկն իր պատմուճանը ծըփուն

Հագցընե հաղթ մարմինիս,

Եվ լոգցընե Արեգակն իր շողերով ոսկեզօծ

Աստվածացած միսըս բոց

Եվ հոգիս:

Տե՛ս, աշխարհիս զառամած քամակին վրա կոթողուն`

Իր հերկերուն մեջ թափուր`

Սիրտս, ուր հանճարըս կ’ապրի, կը սերմանեմ լիաբուռ.

Ի՛նչ որ Արևն ինձ կու տա` զայն կու տա միտքս Մարդուն.

Տե՛ս, աստղերու ժըպիտներ և հուր վարդեր անթառամ

Կը տեղամ

Որդիներուն մեջ կավի.

Կը տարածեմ Երկրիս վրա արշալույսի ծիրանին.

Մինչդեռ դյուրավ կըրնայի

Տարածել շուքն հասակիս` Երկրագունդին վրա փանաք

Ու խավարե՜լ զայն համակ:

Բեգա՜ս, Բեգա՜ս, այժըմ երբ ե՛ս կը պարզեմ

Առագաստները Մըտքիս լույսին վըրա ծովացած

Եվ քընարիս լարերով` քու բաշերովըդ հյուսված`

Կ’երգեմ

Արեգդեմ

Ազատությունը Մարդուն, և գերությունն Աստուծո,

Բեգա՛սդ իմ հաճո,

Դուն իմ քովիկըս կանգուն

Բաշերդ ու պոչդ հանձնելով ցըրտասարսուռ քամիին`

Վիզըդ ծըռե սիրասուն,

Ծըռե՛, և քու առջի ոտքովըդ նըրբին

Փորե՛ ընդթափ կույս ձյունը կույս բարձունքին.

Փորե՛, Բե՜գաս, փորե՛, մինչև որ գըտնես

Լուսածաղիկ Էտըլվայսները անտես

Եվ ճարակիս – նոթի Մըտքիս հետ միասին –

Էտըլվայսներն Երազին:

Հոս, ձյուներուն ու լույսին

Մեջ թաթախված` խաղաղորեն կը ծաղկին

Էտըլվայսներն Երազին:

Դանդաղ քայլերով, բայց հաստատուն, հասանք «Հարճին»…

Link to post
Share on other sites

Այսպիսով «Գեղեցիկի և Զորության» ձոնն է հնչելու այսօր.

ՀԱՐՃԸՓա՜ռք սարբինային. Ներոն կ’արբենա:

ՀԱՐՃԸ… զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, ԳԻՐՔ Բ

Ա

Գարնանամուտ երեկո մ’իր պալատին մեջ մարմար,

Բակուր, Սյունյաց Նահապետ, շքեղ հանդես մը կու տար,

Երբ Ուղևոր մը հանկարծ մըրըրկարշավ կը հասնի

Լուսնկափայլ ճամբայեն` մեծ դըրան քով արքենի:

Ձին կը հևա, ու բերնին փըրփուրն` հողմեն միշտ խլված`

Կը թըրջե թամբն համորեն, ասպանդակներն ոսկեմած:

Հեռուներեն ան կու գա, զայս կը մատնե թե՛ փոշին,

Որ դիզվեր է խավերուն մեջ թիկնոցին թավիշին,

Թե՛ նըժույգին վըրնջյունն աստեղացունց մաքրությամբ`

Որ կը խընդրե ախոռին գոլուտ հանգիստը անթամբ:

Բակուր այդ հյուրն իր անձեն և անունեն կը ճանչնա.

Բագրատունին Տըրդատն է, հըզոր իշխան ու փեսա

Տիրան հայոց արքային, որ կը փախչի Մարաստան.

Կը փախչ ան` զի կինն իր, Տիրանի դուստրն աննըման,

Գանակոծեր է խըստիվ, պալատեն դուրս արտաքսեր,

Խուզելով, իբր անարգանք, անոր խարտյաշ գանգուրներ:

–«Տրդա՛տ,– կ’ըսե Նահապետն,– այս գիշեր քուկդ է իմ տուն.

Մարաց աշխարհն հեռու է, և դու անշուշտ պարտասուն.

Մըտի՛ր սրահը տոնին, թող իրարու դեմ փըշրին

Մեր բաժակներն, ու մեր սերը մըկըրտե թող գինին»:

Եվ կոչունքի կը բազմի Բագրատունին վտարանդի

Աջ կողմը ճիշտ Բակուրին` որ իր կարգին կը նըստի

Գահի մը վրա` որուն լայն թիկնատեղն է քանդակված

Բագոսը` եզ մ’որթերով պըսակելու ըզբաղած:

Սեղանի շուրջը արդեն Մեծամեծերն հայկազուն

Դեմ հանդիման բազմեր են, բայց ո՛չ իրենց մեծանուն

Աստիճանին համեմատ, այլ սուրերու մեծության;

Հոն են ճորտերը Սյունյաց գավառներուն երկտասան,

Լերան ազատ զավակներ, միշտ զրահի մեջ կուրծքերնին`

Որոնք հըզոր կումբի պես ջահերու տակ կը փայլին:

Հոն կան նաև բըդեշխներ, ազատանին քաջարի`

Որ կը պատմեն թե ի՛նչպես կ’որսան վարազը վայրի

Ազնըվատոհմ սեպուհներ ոսկեճարմանդ խլաներով

Գինվո բաժակ ի ձեռին կը ծիծաղին կես գինով:

Պալատին մեջ ծով մը կա ծիծաղներու և լույսի`

Որ գաղջորեն ծուփ առ ծուփ դռներեն դուրս կը հոսի:

Կոչնականները զարմիկ պատերն ի վար կախեր են

Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղեն.

Եվ նիզակները, դեռ թաց վարազներու արյունով,

Տըրձակ տըրձակ կը հանգչին հըսկայափեղկ դըրան քով:

Լայնակոնք սըրահը քըսան սյուներով է կառուցված`

Որոնց վըրա կը շողան քըսան ջահեր դեմ դիմաց.

Եվ այն քըսան սյուներուն մեջեն քըսան գերիներ

Կը բերեն թանկ սաներուն վըրա` խորոված երեներ`

Որոնց շոգին քըմապարար կը բարձրանա ոլորուն

Ջահերուն շուրջը կազմելով խըլատեռեր ծըփծըփուն:

Ըսպասներն ալ սեղանին մեծարժեք են. և կարծես

Արծաթազօծ դըգալներն ու դանակները նույնպես

Փողփողումին տակ լույսին փայլակներ են աղմըկոտ`

Որ կը ծըփան դիպակյա նըվարտանին վրա փութկոտ:

Ծաղկակալներ են դըրված երկայնքեն ի վեր սեղանին,

Որոնցմե եղկ բուրումներ շուրջը արբշիռ կը սըփռին.

Ծաղիկներուն ընդմեջեն, քըրքիջներուն հետ թըրթռուն,

Կը նըշմարվին ըսպիտակ ակռաներն հյուր ճորտերուն.

Եվ գինիին թանձըր հոտն և խահերուն գոլորշին

Վեր բարձրացած` կը սքողեն կատաղությունն այդ ճաշին:

Կու գա համեղ գերերին` որով Սյունիքն է առատ,

Զոր եփեր են տատրակի սըրտիկներով անարատ:

–«Աղավնիի սիրտ ուտենք,– կը կոչե ճորտը Բալի,–

Որ ունենանք վագրի լյարդ»:– «Ես այդ մասին ավելի,–

Կը կատակե հանկարծ մին,– կընտըրեմ սիրտը՛ կընոջ»:

Ծիծաղելով այն ատեն կից վերնատունը ամբողջ

Կ’ալեկոծի, ուր ժողվված հայ տիկիններ բազմական

Կ’ընեին նույն խըրախճանքները նույն շուքով տոնական:

Այն ատեն ներս կը մտնեն երկու ջուխտակ գերիներ

Կրելով երկու լախտ վարազ սաներու վրա ոսկեհեռ.

Եվ ուրիշներ նույն թիվով` իրենց ուսին վրա ունին

Ըսկուտեղները նուռին, սափորները հորդ գինիին.

Հաղթանա՜կն է այս խրախին: Հեղեղ մ’հանկարծ վարդերու,

Իբրև ամեն տիկին արձակեր սիրտն իր աղու,

Վերնատունեն կը տեղան կոչնականաց վրա գինով:

Քանի մ’ասպետ կը կոփեն վահանն իրենց աշտեով:

Աղավնիներ ավասիկ կամարին տակ կը ճախրեն,

Եվ ծայրն իրենց թևերուն մըխըրճելով ծուլորեն

Շատըրվանին մեջ` որ լույս կ’ողբա բակին առընթեր,

Կու գան իրենց թռիչներեն վար անձրևել մարգրիտներ:

Ու վարդ, տատրակ հոն խառնված հեղեղներով ճաճանչի

Կ’ստեղծեն դրախտ մ’ուր կարմիր հեշտության նուռը կ’աճի:

Մատըռվակներ ավասիկ կարապնավիզ սափորով

Բաժակներուն մեջ գինին կ’հեղուն դեմքով մ’անխըռով:

Բագրատունին այն ատեն, կորովաբիբ Տըրդատես,

Դաշխուրանն իր վեր կ’առնու, և.–«Ասպետնե՛ր,– կ’ըսե,– ես

Վանատուրին սերմնահորդ, և տըռփածոց Աստղիկին,

Անոր` որ հուրն է արու, անոր` որ հողն հեշտագին

Կ’ըմպեմ ի փառս: Անոնց տռիփն ու համբույրները հավետ

Այգիներուն մեջ ձեր թող ծավալանան ծաղկավետ»:

–«Ձեր Թագավոր աներոջ,– կ’ըսե Բակուր,– սուրբ կյանքին

Ըմպենք որ մեզ կը պահե խաղաղության մեջ հեշտին»:

–«Թագավորի՜ն, որ կ’հանգչի,– աղաղակեց ճորտ մ’հանկարծ,–

Ձյուներուն մեջ Մասիսի»: Այս հայտնությունն հեղակարծ

Ներկաները ապշեցուց:–«Մեռա՞վ Արքան մեր հայոց…»:

–«Արդ իր դիակը կ’իշխե հավերժանիստ սառին ծոց:

Գուժկան մ’երեկ ագռավի երագությամբ հոս հասավ,

Պատմեց թե ի՛նչպես Տիրան խեղդըված է բըքազրավ:

Կ’ըսեն թե թագը միայն ձյուներեն դուրս է մնացած,

Որուն վըրա կը շողա դեռ հայ արևը Մասյաց»:

Շըրջան ըրավ սև լուրն այս պալատին մեջ բովանդակ

Գինեփըրփուր բաժակե մ’ավելի և՛ըս արագ,

Որ միմիայն արբեցուց բերկրանքներով անպատում

Տըրդատի սիրտն` որ մինչև արքային մահն էր սըրտում:

–«Խըմե՜նք,– ըսավ,– ու տոնենք Արշակունի գահերուն

Թավալումներն անդունդի և մեղկանքի մեջ փըցուն»:

Եվ հազիվ հազ շըրթներուն դըրավ գավաթն հրահոսան`

Վերնատան մեջ աչքերն իր զույգ մ’աչքերու դիպեցան:

Կին մը իրեն կը նայեր, կը զգար սըրտին մեջ շըմոր.

Իր կազմին վրա կ’հիանար, առնագեղ, խրոխտ ու հըզոր,

Հըզոր` վիզովն առյուծի և բիբերով աստղահեռ`

Որոնց բոցեն այրելու համար անգամ մ’իսկ բավ էր

Որ անոնց մեջ հանդըգներ առնաբաղձ կին մը նայիլ:

Հըզոր` մարտիկ գըլուխով, լայնշի լանջքով անարգիլ

Որ ճոշանին մեջ կ’ուռեր կոհակի պես փըրփրազեղ.

Հըզոր` թիկնով մեծադիր, բազուկներով առնագեղ`

Որոնց միջեն կը սիրեն կիներն իբր օ՛ձ գեղածալ

Բյուր ձևերով գալարվիլ ու ծըվարիլ ու տաքնալ:

Վերնատան կինը սարսռաց: Տըրդատ մեկ ձեռքը հենած

Սեղանին վրա, մյուսով տաշտը բերնին գըլխիբաց,

Անոր կապույտ աչքերուն հառած աչքերն իր մըթին

Խըմեց երկա՜ր– փըրփուրեն մինչև մըրուրն– իր գինին:

Հետո ծոցեն դուրս քաշեց խուրձ մը դեղձան մազերու

Մութ ամպեն դուրս մացառվող ճաճանչներու պես աղու.

Եվ անով իր գինիոտ բերանն աղեկ մը սըրբեց…

Անոնք մազերն էին իր գոռոզ կընոջ` զոր բրածեծ

Ըրավ ու ա՛յսպես ահա ծաղրեց այն էգն անուղղա,

Եվ ապշեցուց ամենքն այդ իր անսովոր գործին վրա:

Հազիվ Տըրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր`

Լույսերու հոծ ծովուն մեջ թնդաց սըրահն ընդհանուր.

–«Վարձա՜կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք.

Մազերուն մեջ, ոտքին տակ մարգարիտինե՜ր լեցուցեք» :

Սանդուխներեն վերնատան վար կ’իջներ կին մը խաժակ.

Կը թըռվռային գըլխուն շուրջ աղավնիներ ըսպիտակ:

Ճաճանչավուխտ քողին մեջ աստըղ մ’էր ան` որուն մեծ

Աչքերուն մեջ սևեռուն Տըրդատ գինին իր խըմեց:

Այդ ժամանակ սրահ մըտան հինգ ծերունի գուսաններ,

Ուսերուն վրա վիժանուտ գանգուրներով լուսահեր.

Ոլորակեց տավիղն հեշտ, փանդիռն հնչեց փառակոչ,

Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ.

Եվ յոթնաղի քընարին որովայնին մեջ տոսախ

Նըվագի ծով մ’ըսկըսավ մըրըրկոտիլ աղեբախ:

Հետո հանկարծ միացած բոլոր լարերն իրարու

Պանծացուցին անգամ մ’ալ փառքերը հին դարերու,

Երգը հըզոր դիքերուն, Դիցուհիի ոսկեմայր,

Երգն աստղահմա քուրմերուն` որոնք բագնին վրա մարմար

Վըզան օձեր այրեցին բոցերուն հետ ծառացող.

Երգն` ասպետի մը զարմիկ, դյուցազներու զինաշող,

Որոնք նըման կայծակի տեգերն` իրենց պիրկ ձեռքին`

Փաղանգներուն կազմը կուռ արյունառուշտ ճեղքեցին.

Հընչեցուցին երգերն հուսկ մեհենական պարերու,

Սերն հայկազուն կույսերուն և հարճերուն գինարբու`

Որոնք այգվույն զովալից հովանիին տակ պառկած

Լույս ծոցն իրենց կը թողուն սեպուհներուն համար բաց:

Կոչնականները համուռ դեպ գուսանները դարձան,

Որոնց մեջտեղ ըսկըսած էր պարել կին մը դեղձան:

Վարձակն էր ան, Նազենիկ, նազելագեղ անունով:

Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով.

Դաշներգը իր ջիղերուն դաշներգին հետ լարերուն

Կը միանար, կը սըփռեր համանըվագ մ’հարաճուն:

Յոթն հարճերն հերքը խարտյաշ մատվըներով նախանձոտ

Արաբական յուղի մեջ օծաներ են քաղցրահոտ.

Եվ գըլխուն շուրջը պըսակ մը վարդերու հյուսեր են`

Որոնք եթե ճըզմըվին անշուշտ արյուն կը ծորեն:

Կը շողշողան ունկերուն ծայրը օղեր փողփողէջ

Աստղերու նման ցոլալով անրակներուն փոսին մեջ.

Արմունկեն վեր աջ բազուկը կը խածներ սեղմորեն

Նուրբ մարգրիտով հելուզված ապարանջան մ’ոսկեղեն.

Իսկ վիզեն վար մինչև ծայրն ըստինքներուն սևապտուկ

Կը բոլորվի վառ մանյակ մը լույսերով հեղեղուկ:

Եվ այնքան նուրբ է զառքաշեն` որ կը բըղխե դեպի դուրս

Ազդըրներուն գաղջություն և կաթնագույնը սընդուս.

Մուճակներուն մեջ խարտեշ կաղապարված ոտքերն ա՛լ

Դռույթ տալով կը սկըսին հատակին վրա պար դառնալ:

Կոչնականները լըռիկ հիացումով քարացած,

Մարմնակարկառ, ապշոպյալ, աչուներով լայնաբաց,

Կը դիտեն զինք: Նազենիկ նախ կ’օրորե մեղմորեն

Ալապաստրե ուսերուն վըրա գըլուխն հըրեղեն`

Ներկաներուն շըրջելով զույգ մը աչքերը աղվոր`

Ուր կ’ընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կ’ելլե վիրավոր:

Վեր կը վերցնե հոլանի բազուկներն իր հուլորեն

Լայնշի քողին կապուտակ խաղաղության ընդմեջեն

Զույգ մը տոսախ բամբիռները մատերուն մեջ ճարտար

Հանկարծակի կը հընչեն, կ’ըլլան պարին կառավար:

Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռույթ,

Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մեջ հորձանուտ

Կարծես վայրկյան մը այլևըս աչքերե կ’անհետի`

Ինչպես երկնի մեջ կորսվող լուսադայլայլ մեղեդի:

Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն,

Գեղեցկության այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.

Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`

Որոնց մեջ կաթն իսկ կ’եռա հուզումներեն սաստկագին.

Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ

Կարծես երկար կրթըված կախարդ սրինգով ներդաշնակ.

Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբույշ.

Եվ բոլորին իբր առանցք մեջքն ուռիին պես քընքույշ`

Որուն շուրջ մարդ պիտ’ ուզեր բազեղի նման փաթթըվիլ,

Եվ վերջապես հյութասպառ բաղեղի նման թառամիլ:

Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մեջ սաստկորեն

Իբրև օրենք մարմինին բյուր ձևերուն հոյաշեն.

Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բյուրեղ

Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ.

Եղունգներով հինայված մատերեն վար աղածրի`

Դաշնակություն մ’հրաշալից մազերուն մեջ կը ծորի:

Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես

Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ

Սըրտին մեջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր

Կը զեղու սրահն` ուր շատոնց գուսաններն ա՛լ չեն նվագեր:

Կոհակներուն մեջ լոգցող աղկիոնին հանգունակ

Ան կը լողա մատերուն երգերուն մեջ ներդաշնակ`

Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ

Ցանցին մեջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ`

Որոնք, ալիք առ ալիք, կ’երթան սըփռիլ ման ի ման

Ասպետներուն գըլխուն վրա արշալույսի մը նըման:

Կոչնականները գինվո մեջ թաթախված, տըռփագին,

Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին

Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե:

Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜:

Երբոր ետև կը թեքի` կուրծքին վըրա հոյաշեն

Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն.

Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,

Կ’երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով.

Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…

Հոգվույն մեջ` ծով, շուրջը` լույս, ան Կիպերյան Աստղիկն է`

Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ

Փորձեր կ’ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,

Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած,

Վերջին թափով կը սուզի կապույտին մեջ վերասլաց

Թողլով որ քողն ամպերեն հորձանապտույտ իյնա վար

Տիոնիսյան բագնին վրա, գինիին մեջ հըրավառ:

Ա՛յսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին

Հոն թաթախեց դիրտին մեջ ամեն մարդու բաժակին:

Ա՛լ հոգնած էր ու քըտնած, կ’ուռեր ծոցն իր լուսեղեն,

Երբոր վերջին ճախրին մեջ Տրդատ բըռնեց բազուկեն

Եվ ծունկին վրա նըստեցուց, գգվեց գըլուխն ոսկեհեր:

Վարսերն ի վար շիթ առ շիթ կը ծորեին քըրտինքներ.

Edited by Katranide
Link to post
Share on other sites

Ձեռքերուն մեջ դեռ տենդոտ, Բագրատունվույն ճոշին վրա

Կը դողային բամբիռներն իր մարմնույն պես դյուրազգա:

Տըրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի

Եվ շամբշելով անոր հետ զերդ սեղեխներ վաղեմի.

–«Նահապե՛տ, ո՞վ է,– ըսավ,– վարձակը այս լուսաստինք:

Եթե Աստղիկ երկնի մեջ Վահագնի մ’օր հանձներ զինք,

Ու կաթիլները սերմին ըլլային նույնիսկ աստղեր`

Դարձյալ այսքան չըքնաղ ծնունդ մը երբեք չէր բողբոջեր:

Այս կինն ինձ տուր, եթե չէ օրեն` որ մենք ընենք վեճ.

Արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ»:

Բազմականներն ըսկըսան նախանձահույզ քըրքըջալ.

Բակուր ծածուկ մախանքե մ’ակռաներն իր ձյունափայլ

Սեղմեց. և նուռ մ’որ ձեռքին մեջ բըռնած էր այն ատեն,

Ըսկըծանքեն ըսկըսավ ճըմլել: Ըսավ.–«Իշխա՛ն քաջազեն,

Վըրաց երկրեն, ուր կիները կը ծաղկին վարդի պես,

Զայն նիզակովս եմ շահեր, մարտիկներու ընդդեմ վես

Մղելով երկար պայքարներ: Այժըմ ներե որ ըսեմ`

Թե իմ հարճս է, և չ’ըլլար քեզ աղախին մը նըսեմ:

Եթե կ’ուզես` որ մեր զույգ բաժակներն այս մըտերիմ

Հազիվ թափուր գինիե, չլեցվին արյամբ ոխերիմ`

Թո՛ղ զայն, իշխա՛ն»: Բնավ չանսաց Բագրատունին սըրարբած

Սեղանեն վեր բարձրացուց դաշխուրանն իր գինեմած

Ու ձեռքովն իսկ զայն խմցուց, ծունկին վըրա, վարձակին`

Որ կը ժըպտեր ըմպելու ատեն ժըպտով մ’հեշտագին:

Իր գողտըրիկ բերանին երկու կողմեն ընդհոլով`

Թափեցավ քիչ մը գինին ու ծոցն ի վար սահելով`

Գընաց լճակի պես կարմիր ժողվիլ պորտին մեջ անհայտ:

Երբ դեռ բոսոր էին կզակն ու շըրթունքները, Տըրդատ

Զանոնք առած բերանին մեջ համբուրեց կըտղանքով`

Զվարթ հեղուկին մնացորդն ըսպունգի պես ծըծելով:

Լըռեց սրահը համուռ: Բոլոր դարձած Բակուրին

Կը նայեին, որ կը լմեր դեռ նուռը մեջն ագուռին:

Ամեն մարդ հոն թափվելիք արյան մը հոտը կը զգար…

Նահապետն ա՛լ վեր ցատկեց տեղեն իբրև քանասար.

Գնաց որ հարճն ազատե, ջախջախե գըլուխն Ասպետին`

Որ կինն իր տան մեջ կը լլկեր` իբր իր ողկույզն իր տաշտին:

Այս որ տեսավ Տըդատես վարազացավ ու խոպաց.

Հրեղեն սյունի մ’էր նըման, դահլիճին մեջ` վերամբարձ.

Կոպիճներուն մեջ աչքերն ըսկըսան ժիր թավալիլ

Մերթ ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ:

Ձախ թևով հարճը գըրկեց, հետո–«Հա՜, հա՜,– քըրքըջաց,–

Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տըրված»:

Եվ միշտ ժայռի պես կանգուն, շընչելով բոց աչքերեն,

Հուժկու ձեռքով սեղանին վրայե խըլեց, իբրև զեն,

Մեծաքանդակ ըսկուտեղ մ’ամբողջ պղնձով կուռ ձուլված,

Գազանացավ, փըփըրեցավ, շամբշոտացավ ու մըխաց.

Եվ ուղղակի արձակեց զայն Բակուրի ճակատին…

Վերնատան մեջ ահեղ ճիչ մ’արձակեց տան տիրուհին,

Ճորտ ու սեպուհ բոլորն ալ դուրս պուղեցան զահանդած.

Որոնց բազուկն էր միշտ վատ` երբ հոգին էր սըրարբած:

Սակայն կարծես մըրգակալն այն վրիպեցավ հըրաշքով,

Եվ Բակուրի լոկ մեկ ունկն արյունառուշտ խլելով`

Գընաց բաղխիլ դիմացի մարմար սյունին մեծադղորդ

Թոթափելով անկե վար կուճեր, կայծե լուսահորդ:

Ոմանք սատար փութացին Նահապետին կարեվեր`

Որուն խըլված ականջեն, ճըմլված քունքեն կը հոսեր

Հոն գինիի սափորին մեջ արյունն իր թըխագույն,

Այն ժամանակ Նազենիկ սարսափահար, հանկարծույն,

Փաթաթվելով Տըրդատի պարանոցին` ողոգեց.

–«Այս հարկին տակ, ո՛վ ասպետ, ա՛լ բաժինս է գան ու ծեծ.

Դուն որ գիտցար զիս վտանգել, ազատե արդ շուտափույթ,

Երբ ես հոժար խըմեցի ձեռքեդ գինին քու սիրույդ`

Հարկ է ասկե վերջ խըմեմ Բակուրի թույնն ոխության.

Դուն հոս արյուն թափեցիր, և պիտի ե՛ս քավեմ զայն:

Զիս հեռացուր այս երկրեն, եթե չէ գործ մ’արքենի

Որ ասպետի մը վրիպած հարվածը կին մ’ընդունի»:

Ու ավելի ցած ձայնով հարեց.–«Ես քեզ կը սպասեմ

Արշալույսին` որ մոտ է: Մեծ դրան քով արեգդեմ

Կա թուզի ծառ մը` որուն սաղարթներուն ընդմեջե

Պատուհանիս ճրագն առկայծ ճամբորդներն հար կը տեսնեն:

Հոն կը սպասեմ ես քեզի վարդենիի մը նման,

Որ կոկոններն իր բանա պիտի կուրծքիդ վրա տիտան»:

–«Ձիուս առջի խըրխինջին պատրաստ եղիր, Նազենի՛կ,

Դեռ ճրագդ արփվույն շառայլեն չընըվաղած` կը մեկնինք»:

Ըսավ Տրդատ: Թուրը մերկ միշտ ափին մեջ շողարծարծ,

Տալով կամա երևույթը մեկնումի մը անդարձ,

Գընաց թամբեց երիվարն ու խավարին մեջ, անտես,

Անհետացավ քառատրոփ, փայլակնացայտ ամպի պես:

Կոչնականներն ահաբեկ, կոչնականներն հիազարհուր,

Գինո՜վ ու վա՜տ, մի առ մի պարպեցին սրահն ընդհանուր.

Լոկ կույր գուսան մ’երգին մեջ անվերադարձ տեսլացած`

Դեռ լռության մեջ կը նվագեր սյունի մը հաղթ կռթընած:

Բ

Ահա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ

Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ`

Որուն ետև հարճն արթուն.– «Ինչո՞ւ չեկավ,– կը խորհի,–

Արտույտն ահա արձակեց կալին մեջ երգը բարի.

Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա

Բակին մեջ` մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա:

Ինչո՞ւ չեկավ, ո՛վ Երկինք»: Հորիզոնեն հեղակարծ

Արփվույն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ

Նազենիկի խուցին մեջ. դալկացավ լույսը ճըրագին:

Օ՜, ի՞նչ խրխինջ, ի՞նչ դոփյուն, ի՞նչ փոթորկում թանկագին…

Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն:

Պատուահանին ներքև՛ է Տրդատ ձիուն վրա արդեն:

Բերկրանքեն հա՛րճը խայտաց. զեղան աչքերը վըրդով

Անպատմելի խընդությամբ, ինչպես երկինքն` արևով,

Գիշերն ամբողջ ինք հոն էր, զով խավարին մեջ արթուն,

Հանդերձներովը պարի, բամբիռներն ալ` մատերուն.

Աստղերուն տակ աղոթող բագոսուհվո մ’էր նման`

Վարդերը դեռ հանդեսին մազերուն մեջ ցիրուցան,

Եվ լանջքը մերկ` որուն վրա թափված գինին խըրախին

Տակավին միշտ կը սըփռեր իր զըվարթ բույրը չորս դին:

–«Ձեռքդ երկարե, ‘սավ Տրդատ»:– «Դու գիրկդ բաց, կը ցատկեմ»:

–«Գըլուխդ, ըզգո՜ւյշ, չըփշրես լանջապանիս զրահին դեմ»:

Եվ Նազենիկ անհամբեր հեղեղին հետ վարսերուն

Ասպետին մռայլ ծոցին մեջ նետեց ինքզինքը սարսռուն,

Եվ զայն հեղ մ’ալ ողողեց մազերովն իր դարալիր:

Դափրեց նըժույգն և ռունգերը փեռեկած լայնալիր`

Հորիզոնին դարձուց գլուխն ու մըտրակի մ’հարվածով

Թաղվեցավ իր արշավին ամպրոպին մեջ փոշեծով:

Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն`

Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,

Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցկին, Զորության`

Փըրփուրներու Դիցուհին Ըստինքներով ռոշնական:

Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց,

Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց

Սիրտ մը հավետ անձնըվեր` տըկարներուն, ընկճվածին,

Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին:

Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մկունդխաղեր շանթասլաց`

Որոնց օդին մեջ շաչուն տեգերն հանկարծ բըռընկած`

Կայծակներու խաղն եկան երկրիս վրա փոխադրել.

Վիշապասպան սուսերներ, ժանգոտելու անընդել,

Կառարշավներ փոշեմուղ, գուպարահաղթ ոգորներ

Շառափնաթափ տեգ տեգի, կումբ կումբի դեմ ոսկեհեռ

Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ որսեր թըրթռուն ձայնով շեփորին,

Երբ լիճին քով վիրավոր կ’իյնա եղնիկն ողբագին,

Եվ վարազներ արդնահար կը թավալին մարգին վրա`

Որոնց կողեն արյունն հորդ կրակի պես կը մըխա:

Փա՜ռք ձեզի միշտ ավարներ, հափափումներ կիներու`

Որոնք տըվին իրենց տարփն ու համբույրները աղու

Առյուծներու քաջության, և ո՛չ ոսկի հորթերուն

Որոնց սիրտերն առավ լոկ սուրերու ծայրը փաղփուն:

Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,

Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նըման գինիին:

Առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրե.

Փոխան տեգին հոլանի` պատյանի մեջ դաշույնն է`

Որ կը շողա մութի՛ն մեջ, կը ժանգոտի՛ արևին.

Ոճիրներն արդ խավարի լռության մեջ կը դարբնվին

Մըխոտ ճրագի լույսին տակ ծըռած գունատ մարդերեն:

Երբ արեգակը նընջե` մեղքերն հայնժամ կը գործեն:

Չեն պաշտեր կնոջ մարմինին դաշըն ձևերն հըրահրուտ

Լոգցըված բյուր ջահերու շառայլներով հոսանուտ:

Կինը մարդուն միացնողը Աստղիկի սիրահոդ

Լուսեղ մատերը չե՛ն բնավ, այլ շանսըխուրը ցեխոտ:

Գեղեցկությունը ծընունդն է Զորության հորձանքին`

Ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներուն մոլեգին:

Բայց այսօր չե՛ն քանդակեր սուսերներով կորովի

Գեղեցկության սուրբ բագինն` ուր իգությունը խընկվի:

Բավական է լի գավաթ մը Մյունիխի գարեջուր,

Որ աճուրդի հանված սերը գնեն մարդիկ քրեիքուր,

Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրված` ինչպես պըսակ սարդենի

Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կ’ընդունի:

Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,

Ո՛վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ

Ձեր բազուկի մեկ ոսկրին` որ հողին տակ ճերմկած է,

Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե

Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ,

Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...