Jump to content

Դանիել Վարուժան


Recommended Posts

Գ

–«Տե՛ս, Նազենիկ, ինչպես դաշտն ըսպառեց ձիս վըզանուտ

Ա՜յնքան երագ` որ կարծես մոխիրի մեջ բոցանուտ

Սըմբակներն իր խըրվեին: Ան հպարտ է, իմ Սիրուն,

Երբ այդ մազերըդ խառնված կը զգա իր հորդ բաշերուն»:

–«Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՛ անդադրում`

Մինչև որ սա անիծված Սյունաց սահմանը թողում:

Սարսափն է դեռ սըրտիս մեջ, բայց մեն մի դռույթը ձիուդ

Հոգիիս մեջ կը սպաննե երկյուղի տրոփ մը անգութ:

Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մտրակե՛, անդադրում»:

Այսպես անոնք խոսելով` հըճըվանքով մ’անպատում

Կ’արշավերին դեպ Շիրակ: Տըրդատի լայն կուրծքին վրա

Կը հանգչեցներ` հարճն ամփոփ` գըլուխն իբրև լուսնկա.

Մերթ ոտքերն իր կը զարներ ձիուն փորին տըղընդեր,

Մերթ Տըրդատի անութին տակեն ետև կը նայեր,

Հորիզոնին շըրջելով կապույտ աչքերն` որոնց մեջ

Բերկըրանքներ կը հյուսերին շողերն առեչ առ առեչ

Միշտ մեծցնելով հույսը զվարթ` ծախված ճամբուն մեծությամբ:

Շանթ կը տեղար արեգակը երկընքեն վար անամպ

Իր տոթին տակ խեղդելով կենդանությունը շուրջի.

Կարծես հողին մեջ ղողված ըլլար ամեն մեկ ճըճի.

Միմիայն մերթ կը լսվեր բըզզոցը թավ զամբուռին,

Որ ա՛լ հոգնած ընդերկար հալածելե կենդանին`

Արշավանքին փոշվույն մեջ կանհայտանար խորամուխ:

Անոնք իրար փաթթըված կ’ամբարտակեն սարին գլուխ:

Խուլ դըրոդյուն մ’հեռվեն եղավ հանկարծ լըսելի,

Կարծես գետնին ընդերքեն անցներ ամպրոպ մ’ահռելի:

Տըրդատ շըրուշակը դարձուց, և երիվարը խոկուն

Ծամծըմելե դադրեցավ պահ մը լըկամը փըրփրուն:

Վարը, դեմի հովիտեն դեպի գագաթ ծառացան

Ձիավորներ զինավառ մըրրկարշավ ու դաժան:

Ոմանք աղեղ ունեին և ոմանք լախտ ու տապար,

Ոմանց տեգերն ուղղաձիգ արեգակին տակ փարփառ

Հանկարծակի սարեն վեր փայլատակներ ճայթռեցին.

Բակուր մեջտեղն էր անոնց աշտանակած ահեղ ձին.

Կու գար լուծել իշխանեն վըրեժ, պատժել հարճն անխիղճ`

Մորթելով հոն` փոխանակ զայն փըրկելու աղծապիղծ,

Կոչնականները բոլոր զինված էին արդ իր հետ.

Երեկ գինով հըղփացած, այսօր արյան հակամետ:

Երբ Բագոսեն վերջ որրեց զանոնք Արեսն արդընկեց`

Հանդիսատես վատության հուշն հոգինին զայրագնեց:

Ըսկուտեղին արհավիրքը սյուներուն ընդմեջեն

Հետո իրենց սըրտին մեջ վառեց վրեժի մը գեհեն:

Տըրդատ երկար նայեցավ դեպի հրոսակն հալածիչ,

Աչքերեն թույն կ’հոսեին մոլուցքի զույգ մը կարիճ.

Գըրկին մեջ հարճը հանկարծ արձակեց ճիչ մը տրտում.

–«Ո՛վ իմ ասպետս,– ողոգեց,– օ՜հ, մըտրակե՛ անդադրում.

Գերին ըլլամ քու սուրիդ, անոնց գերին մ’ըներ զիս.

Ահա տեգերն ուղղեր են միահամուռ կոկորդիս`

Ուր համբույրիդ տաքությունը դեռ, ավա՜ղ, չէ պաղեր»:

Ըսավ: Թաղեց ասպետին ծոցին մեջ գլուխն ոսկեհեր:

Հա՞րկ էր արդյոք ճակատիլ. ո՛չ. պիտի կռիվն ունենար

Անհավասար հաղթանակ, թեև վըսեր մ’հավասար:

Ու Տըրդատես թոթվեց սանձն երիվարին հողմասլաց,

Երկրադըղորդ թընդաց դռույթն, փոշին ելավ, և սուրաց,

Ու ըսկըսավ հալածումն հըսկաներուն սանձարձակ:

Ողոգեց հարճը նորեն.–«Ո՛վ իմ ասպետըս վրիժակ,

Ես կը տեսնեմ անութիդ տակեն զանոնք` որ կ’իջնեն

Բըլուրն ի վար, աչքերնին մեյ մեկ անդունդ լուսեղեն.

Հարյուր ձիեր կարկառեր են վիզերնին դեպի մեզ,

Որոնց շունչերը կ’ելլեն պինչերնեն տաք մոխրի պես:

Օ՜, մտրակե՛, մտրակե՛, երբ բըռնեն զիս` վագրի նման

Պիտի կրծեն ոսկորներս, լակեն արյունըս լըման»:

–«Հեղեղին մեջ մազերուդ փակե աչքերդ, իմ Աղվոր,

Եվ կուրծքիս վրա քընացիր օրորումով այս հըզոր,

Անոնք այստեղ չըհասած` մենք Շիրակ ենք գիրկ գըրկի»:

Ու լայնալանջ երիվարը մըտրակեց ուժգնակի:

Անցավ խորունկ փապերեն, հեղեղատեն մեծագոգ,

Ընկըղմեցավ խորն հովտին, ճեղքեց ավազն հրաբորբոք.

Եվ ուղղաբերձ, մեծաշունչ, համբարտակեց սարն հըսկա

Թավալելով հետք ի վար ապառաժներ` որոնց վրա

Լուսնանըման կուռ պայտերն իրենց դըրոշմը դըրին.

Ճապուռներուն մեջ որսն իր սեղմելով միշտ ավելի.

Ժայռերն ի վար խոյացավ ջըրվեժին պես փըրփրալի`

Հորձանքին մեջ տանելով լերան ծաղիկ մը կարմիր

Իբրև դաշտին մեկ ընծան տըրված վիհին լայնադիր:

Ու մըտրակե՜ց, մըտրակե՜ց, երբոր հանկարծ լըսվեցան

Իր ետևեն սուլումները նետերու դավաճան:

–«Ասպե՜տ, ասպե՜տ, մահն հասավ մեր թիկունքեն, կը շչա:

Օ՜, կը վախնա՜մ, կը վախնա՜մ. ուսիդ վրայեն նետ մ’ահա

Հըրախայթոց օձի պես շըշըչալով սըլացավ:

Վայրկյա՜ն մըն ալ և անոնք կու գան կ’հասնին մեծարշավ.

Աղեղներեն լայնալիճ կարծես արյուն կը կաթի

Եվ կը ներկե ձիերուն հորդ հորդ բաշերը կաթի:

Ասպե՜տ, ասպե՜տ, մի մատներս զիս անոնց խեռ մոլուցքին,

Ես քու գերին, ձիդ ըլլա թող գերին քու մըտրակին»:

Այսպես ըսավ Նազենիկ. լալ ըսկըսավ դառնահեծ,

Եվ Տըրդատի կուրծքին վրա գըլուխը այնքա՛ն սաղմեց`

Որ զրահին մեջեն իսկ կը լսեր տրոփը սըրտին:

Գանգուրներն իր հողմածուփ ձիուն բաշին կը խառնվին.

Ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մ’հանգունակ:

Սարսափելի էր տարափը նետերուն մահարձակ`

Որոնք ջուրի նըման օդն եռանդահորձ ճեղքելով

Կ’երթային մահ երգել փախըստական զույգին քով:

Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր

Եվ հեգնորեն մըռընչեց.–«Հալածեցեք, դե՛հ, գայլե՜ր,

Մինչև շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ.

Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»:

Ըսավ. և նժույգն այս անգամ խթեց այնքան ուժգնալի`

Որ արշավանքն եղավ շտապ մըտածումեն ավելի:

Ահա ձո՛րն ինք կը սուզի, սարի՛ն մյուսները կ’ելլեն.

Կը փայլակե ինք սարին, անոնք ձորին խորերեն

Կը փոթորկվին: Եվ նըման զույգ մ’ամպրոպի մոլեկան

Լեռնահարթին վրա անգամ մ’այնքա՛ն իրար մոտեցան,

Որ պիտի շանթը ճայթեր, պիտի պոռթկար նետն արյուն`

Եթե Տըրդատ ըզգեցած չըլլար քեմուխտ հաստատուն:

Անոնց հանած փոշիներն իրար միացան` կազմելով

Հըրատապ ամպ մը խարտյաշ` կարծես հըղի արյունով:

Այն ժամանակ պիտ’ հազիվ արձակեր տեգն իր Բակուր`

Որ ճեղքե թիկն ասպետին, և հարճին լանջը փըրփուր,

Երբ վիհ մ’հանկարծ դժոխորկոր լերան գըլխուն փեռեկված

Արհավիրքով մ’ընկրկեց հալածողները սրընթաց:

Ճողոպրեցավ Տըրդատես, և լեռն ի վար ուղղակի

Դիմեց անտառ մը մըռայլ` որ սահմանն էր Շիրակի:

Բակուրի խումը կեցավ հառաչակուլ, ոգեսպառ,

Կատաղության խարույկով ամբողջովին բոցավառ:

Ա՛լ հուսահատ` աղեղները պըրկեցին տըղընդեր,

Լարերն եղան լայնալիճ, անձրևեցին փըքիններ.

Նետե դատարկ կապարճներն եկան լեցվիլ վրեժ ու ոխ:

Հազիվ թե ծոցն անտառին կ’ընդգոգեր զույգը փախչող`

Բակուր իր նետը վերջին, հերձակ մ’ամբողջ ժահրաշիթ,

Արձակեց այնքա՜ն զորեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ,

Որ օձի նման շչալով թունոտ լեզվովը սաղապ

Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ,

Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մեջ լուսաբուխ

Եվ հոն մընաց` հորդառատ մազերուն մեջ խորամուխ:

Երեք անգամ սըրսըփաց զարնված աղվոր աղավնին,

Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին:

Այս բանը ո՛չ Տըրդատես նըկատեց, ո՛չ ալ Բակուր,

Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներեն դարձած կույր.

Բնավ չըտեսան թե ի՛նչպես կը փըշրվեր ու կ’իյնար

Դաշնակության ու գեղի աստվածակերտը գոհար.

Միայն նըժույգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց

Երբ սառեցավ փորին վրա զարնըվող ոտքը հանկարծ:

Link to post
Share on other sites
  • Replies 79
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Դ

Իջևան մ’է կառուցված սահմանին վրա Շիրակին,

Գործ արքունի ճոխության, մեծազանգված, ահագին:

Լայն դըռներն իր կը բացվին ճամբուն վըրա հրատոչոր

Դուրս շընչելով զովություն և աղբերուն հոտը չոր:

Արևուն դեմ կիզանուտ ապաստան մ’է մըշտազով

Ճամբորդներն հոն կը հասնին տոթեն թխացած ծոցերով

Եվ հոնքերնին բեռնավոր փոշիներով տապախարշ.

Հո՛ն կը հասնին սայլերն հույլ գոմեշներե ծանրաքարշ,

Եվ կաղացող ջորիներն ու կարավանն էշերու

Քաղցրաողկույզ խաղողին կողովներուն տակ հըլու:

Հո՛ն կը հասնին շար ի շար ուղտերը հաղթ` բեռնավոր

Տարաշխարհի զանազան համեմներով քաղցրածոր

Եվ կը պառկին ծընկածալ, խըրոխտավիզ, կ’որոճան

Անծանոթ խոտն հեռավոր երկիրներուն արփական:

Թանձրակառույց իջևանը բարիք մ’է երկնատու

Երբ կը հըսկե ճամբուն վրա` որուն ծայրերը երկու

Հորիզոնին խորհուրդին մեջ տաղտկորեն կ’անհետին,

Երբ կը վառե անկենդան լըռության մեջ լեռնային

Իր պանդուխտի օճախներն ամեն մարդու անխըտիր

Եվ հոն ամռան ջերմությունը մարելու ի խընդիր

Թանին ալիքը կը հոսի երակներու մեջ ծարավ:

Բայց միշտ հասնիլն հոն, անկե մեկնելեն քաղցըր չէ բնավ:

Ավասիկ այդ իջևանն է` ուր կու գա Տըրդատես

Ապաստանիլ նետերուն և արևուն դեմ հրակեզ:

Ծալքերուն մեջ թիկնոցին և կուրծքին վրա զրահակուռ

Պարուրված է Նազենիկ մարմարի պես ջարդուփշուր.

Այլևս, ո՛հ, չի հուզեր ոչ մեկ սարսուռ, ոչ մեկ վանկ

Չըքնաղ մարմինն իր սառած լուսարձանի մ’հանգունակ:

–«Արդյոք քնացա՞վ (կը խորհի` ասպետն հասած իջևան)

Թե սարսափեն մարեցավ, ճըրագի պես, կուրծքիս վրան:

Ի՜նչպես կըրնա սալանալ այդքան եռանդ մ’հանկարծույն

Եվ տարածվիլ սըրտիս վրա շիրմաքարի մը հանգույն»:

Խորհելով այսպե՛ս Տըրդատ վար կը ցատկե նըժույգեն

Եվ կ’իջեցնե վարձակն ալ, բայց աչքերն իր կը տեսնեն

Մազերուն մեջ Բակուրի նետն ըսպաննիչ, արյունն հիր`

Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր:

Կընոջ մարմինը անշունչ գիրկը կ’իյնա ցըրտագին.

Կատաղություն ահավոր ասպետական խաբկանքին…

Մազերն ամբողջ կը քըստմնին` երբ սիրտն անոր կը տեսնե

Տիեզերքի մը սըրտին նըման` դադրած տրոփելե,

Երբ կը խորհի թե կինն այդ մեկ թարթափին մեջ աչքին

Գեղեցկության հեթանոս ուներ գանձերը անգին,

Թե իր մարմինն է լոգցած երկնի շողովը անշեջ,

Մեղր ուներ իր թուշին տակ, լույս ուներ իր ծիծին մեջ,

Եվ իր ձեռքին ու ոտքին մատերուն ծայրն էր խըտացած

Տիեզերքն այս հարդագող Ճարտարությունն առեղծված.

Եվ խորհեցավ վերջապես` սրահին մեջ Բակուրին

Աստվածացումն իր միսին, փոթորկումները պարին,

Եվ առջի հեղ ըլլալով ապառաժ մարդն այդ լացա՜վ…

–Ո՜վ պատրանքի արցունքներ հերոսներուն մեծ համբավ,

Որոնք երբեմըն սըրտի խորեն կ’հոսին տըխրամած

Հին օրերու հաղթության պըսակներուն վրա դեղնած:

Ե

Բարտի մը կար հինավուրց` զոր ձեռքերովն իր բարի

Իջևանին քով տընկեր էր Դիցանույշ մ’անտառի.

Սակայն այդ օրն ոստ առ ոստ ան կը չորնար տրտմորեն

Տերևներն իր դալկահար հողին վրա ողբալեն:

Ո՛վ գիտե ո՛ր մըրրկածուփ գիշերվան մեջ Արամազդ

Զարկեր պատռեր էր անոր սիրտն իր շանթով մեծասաստ.

Եվ գըլուխն իր գեղուղեշ` որ կը հասներ արևին`

Արդ սոսափներ չէր երգեր, կը նիզակվեր դեպ երկին:

Հո՛ն, ահա այդ բարտիին շուրջը եկան հավաքվիլ

Անտառաբնակ չորս քուրմեր կընգուղ ու ջանջիլ,

Ու Տըրդատի հրամանով անոր բունին ճիշտ ներքև

Միահամուռ փորեցին Նազենիկի փոսը սև.

Ու երգեցին Աստղիկին: Տըրդատ սըրտեն շանթահար`

Անոր դեռ թա՛րմ դիակն առած գրկին մեջ կու լար:

Երբ զայն փոսին հանձնեցին` մազերուն մեջ շաղապատ

Դեռ Բակուրի նետն ոսկի կը փայլակեր լուսացայտ:

Իջևանի քով տնկված վաղընջական այն բարտին

Վերընձյուղում մ’ըստացավ` բուժելով վերքն իր սրտին`

Երբոր Հարճին լույս մարմնույն ավիշներով կենսահորդ

Թաթախվեցան հողին տակ արմատներն իր խորդուբորդ,

Եվ ըսվեցավ թե անոր տերևուտքին մեջ դողդոջ

Չըքնաղ հոգին վարձակին բընակեցավ դար մ’ամբողջ,

Լուսնկային ժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցույց,

Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուց:

Link to post
Share on other sites

ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Փա՜ռք սարբինային. Քրիստոս կը պատարագե:

22. ԱՍՏՈՒԾՈ ԼԱՑԸ

Գեղեցիկ բաները արցունքի մեջ կը ծնանին:

ՌԸՆԱՆ

Երբ միջոցին մեջ տեղի տըված չէր

Դեռ Ոչընչությունն այս Տիեզերքին`

Ես կարծեմ Աստված բան մը կ’որոներ`

Որ դարման ըլլա տաղտուկի վերքին:

Շըրջան ըրավ Ան միջոցը մեկեն,

Եվ հոն իրմե զատ բան մը չըգտավ.

Էություն մ’ուզեց իր Էութենեն.

Իր Էությունն իր արձագագն եղավ:

Հետո դառնալով, տըխուր և մորմոք,

Համըր լըռության և կույր Ոչինչին`

Ան իրենցմե ինչ մ’ուզեց և անոնք

Ինքզինքնին տըվին, կամ բան չըտըվին:

Երբ Անհունն այդպես դատարկ գտավ Ան,

Իր մեջ ըզգաց խոր, դառնակըսկիծ ցավ.

Եվ Լըռության վրա ու Ոչընչության

Հուսահատութենեն սըրտաբուղխ լացավ:

Վարն իր արցունքներն ուզածը տըվին`

Կազմելով մեյմեկ աստղեր երկընքին.

Եվ Բանաստեղծին նըման Աստված ալ

Որպեսզի ստեղծե` հարկ եղավ նախ լալ:

23. ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ

Ո՛վ մատնըված Հիսուս,

Դու որ փըշապատ գըլուխ մ’ունեցար`

Գըթա՛ իմ գըլխուս.

Դերաներդ զայն քարկոծեցին հար

Եկեղեցիին սալաքարերով:

Վերքերես բըղխող ըղեըղ կերան

Իշամեղուներն ամբարըշտության:

Տե՛ս, մազերուս վրա եղյամն է նըստեր.

Ես շա՜տ եմ տանջվեր:

Տառապա՛ծ Հիսուս,

Դուն որ ունեցար արտասվող աչքեր`

Գըթա՛ աչքերուս.

Անոնք ավելի արտո՛սր են քամեր

Քան թե խըմեր լույս: Դագաղներու վրա

Միշտ մահն են հըսկեր մոմերու հետ շեջ

Բիբերս են ընկեր վիշտի հորի՛ն մեջ:

Տե՛ս, կոպերուս վրա աճյուն է ցանվեր.

Ես շա՜տ եմ տըքներ:

Ապտակվա՛ծ Հիսուս,

Դուն որ ունեցար ձեռքեր կալ ու կապ…

Գըթա՛ ձեռքերուս.

Ափերս են տաղեր պայտերով հրատապ,

Եվ մատվըներս, ըստինքներու նման

Արյունս են կթեր: Դաստերս ճաթած են

Կըրելեն երկաթ, հողը փորելեն:

Տե՛ս, եղունգներըս սիրտս ե հոշոտեր.

Ես շա՜տ եմ խոցվեր:

Թըքնըվա՛ծ Հիսուս,

Դու որ ունեցար ձաղկըված կողեր`

Գըթա՛ կողերուս.

Անոնք աղբյուսի վըրա են պառկեր`

Եվ վիշտը քունեն ճանչցրեր հաղթական.

Բուծաներ են միշտ գըրկած Մահը կույր`

Իրենց քաղցն անոր տալով կերակուր:

Տե՛ս, փողոցի շուն մ’է կողըս պատռեր.

Շա՜տ եմ հալածվեր:

Մահապա՛րտ Հիսուս,

Դու որ բևեռված ոտքեր ունեցար`

Գըթա՛ ոտքերուս.

Արյուն սըրսկելով թափառեցան հար

Ավերակներու եղիճներուն մեջ:

Զանոնք չըլըվաց ձեռք մը սիարկան

Ո՛չ մեկ լալկանի մեջ ասպընջական

Ոտնամաններս կ’հոսին մոխիրներ.

Ես շա՜տ եմ քալեր:

Ո՛վ խաչված Հիսուս,

Դուն որ նիզակված սիրտ մը ունեցար`

Գըթա՛ սըրտիս հույզ.

Օր մ’որ անոր մեջ բաբախեց աշխարհ`

Հույսին տեղ այսօր Ոչի՜նչը կ’ապրի:

Սիրտըս սափոր մ’է, աճյունս` անոր մեջ,

Զոր պիտի հովե՛րն առնեն մահես վերջ:

Տե՛ս, տե՛ս, սըրտիս վրա դաշույն մ’է խըրվեր.

Ես շա՜տ եմ սիրեր:

24. ԼՈՒՅՍԸ

Դուն կը փայլիս մեծության և զոհագործումին համար:

ՌԻԿ-ՎԵՏԱ

Կ’երթամ աղբյո՜ւրը լույսին…

Ուղին երկա՛ր է. սալարկված է ուղին

Կայծքարերով, ցանկված` մուրտի փուշերով.

Ուղին շեղ է ճառագայթի մ’հանգունակ:

Անկե կ’ելլեմ` հենլով դողդոջ ծունկերուս,

Եվ ծունկերես, զոր գամեցին եղբայրներս,

Արյունըս տաք կը բըխի:

Հևքն է ` կուրծքիս, թարթիչներուս վրա` փոշին,

Սիրտըս սափորն է դատարկ,

Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…

Լույսն աղվոր է, բարձրության մեջ հոսանուտ.

Խոնարհումին մեջ` արդար:

Օր մը տեսա էութենեն մաս մը սուրբ

Մորս հոգվույն մեջ ճաճանչագեղ և ցաթած

Մեր գյուղակին մեկ վաղեմի հերոսին

Հողակույտին վրա դալար:

Միջօրեին` զայն տեսա

Որ` նըման մեծ թիթեռնիկի մ’ըսպիտակ`

Կը քալեր գաղջ պատուհանիս քարին վրա,

Որ մայթերեն կամ աղծապիղծ ճամբայեն,

Ներողամիտ գըթությամբ,

Կը հոսեր նոր կըթված կաթի մը պես եղկ,

Որ իրիկունն, հորիզոնե հորիզոն,

Կ’երիզանար գետերու պես հակինթի,

Կամ կը կազմեր, երկինքնեուն վրա խաղաղ,

Անըրջական ավազաններ, որոնց մեջ

Կը բռընկեին նունուֆարե կըղզյակներ:

Զայն ես տեսա՜ և հոգվույս մեջ արթընցավ

Պանդուխտի տենչ մը անորոշ և լըլկիչ

Դեպի գավառ մ’անծանոթ, լի արևով.

Եվ արդ կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…

Լույսն է Մըտքիս հարսը, աղջիկն` Աստուծո.

Ան գինին է Տիեզերքի բերկրության,

Որ իրիկուն մը, կողեն դուրս Հիսուսին,

Հեղեղորեն հոսեցավ,

Ներումի պես հոսեցավ, վա՛րը, Մեղքին

Սեղանին շուրջը հավաքված մարդեուն

Անհուսության ըսկիհներուն մեջ դատարկ,

Լույսը արյո՛ւնն է բնության,

Գիշերվան թագն, ու պատմուճանն է օրվան.

Աստվածային Ակնին է`

Որ` երկունքի մեջ մեռած մոր մը նման,

Կը ստեղծե ի վախճանելու ժամանակ,

Ակնին` հրեղեն բիբերով,

Որուն հոգին ամեն գարուն կը տրոփի

Հյուլեին մեջ և մարդկային մըտածման,

Որուն համար զոհերով դեռ կը մըխան

Նըվիրական ափերը հորդ Գանգեսին:

Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…

Լույսը մարմարն է երկնային հանքերուն,

Որով Արվեստն, անմահական երազով,

Կը քանդակե ձյունամարմին աստվածներ:

Իր ծոցին մեջ կը ծընին

Մռայլ Տանդեներն ու Հոմերները հըսկա,

Իր ծոցին մեջ իմաստությունը երգ մ’է`

Զոր գիշերվան մեջ խորին

Բանաստեղծները կը խըմեն աստղերեն`

Որ նըվագեն ցերեկվան մեջ` Մարդերուն:

Ան ամենո՜ւն զինքը կու տա, ամենո՜ւն

Կը բաժնըվի, և կը մընա անբաժան

Նըշխարքին պես. ան նըշխարքն է` որ կ’իջնե

Ամեն առտու, սեղաններուն վըրա մեր,

Մարդեղության արյունլըվա խորհուրդին:

Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…

Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ

Պետք է որ ա՛յսպես քալեմ.

Քանի՞ անգամ պետք է իյնամ կարեվեր,

Ճանապարհիս վրա բացված

Նըպատակիս ժայռափըշուր մուրճերով.

Չըգիտե՜մ ես. միայն թե, ո՜վ եղբայրներ,

Ո՛վ խաչ հանող եղբայրներ,

Թողուցեք զիս ճամբորդությանս մեջ մինակ.

Ա՛յնքան մինակ և ա՛յնքան լուռ, որ լըսեմ

Տըրոփը սըրտիս, զոր ընտըրած նըվագս է

Նըվագներուն մեջեն բյուր.

Արևով լի և արևները տանող

Ուղիիս վրա մի՛ սըփռեք

Ձեր շուքը, մռայլ թևի մը պես ուրուրի:

Եվ ոչ ալ զիս կանչեցեք

Խընճույքներուն ձեր զըվարթ`

Ուր բոզությունը կը զարնե նվագարան:

Ընդունա՜յն է խոստանալ

Սըրտիս կույսեր, սիտըս սափորն է դատարկ

Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը Լույսին…

Link to post
Share on other sites

25. ՏՐՏՈՒՆՋՔ

ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆԻՆ

Տրտում է անձն իմ մինչև ի մահ.

ՀԻՍՈՒՍ

Այս իրիկուն լալագին, ո՛վ սիրելի Եղիա,

Նիրվանայիդ աստղահեռ կու գամ դըռները բաղխել:

Իմ վիշտըս դուն կըրեցիր, դուն կըրնաս զայն հասկընալ`

Մարդիկներե ծանակված մահաբաղձիկ տրտմությունս

Հանճար մը լոկ իր գութով կրնա վայրկյան մ’ըսփոփել:

Ես չեմ ցանկար` քու սիրույդ ըլլալով պահ մ’արժանի`

Անմահությանդ նշույլն իսկ մեռած սրտիս մեջ կըրել,

Իմ կյանքս է լուռ մըխանքին, և մահըս ալ Ոչինչին:

Երբոր բաշխել ուզեց Տերն իր գանձարանն երկնաճոխ

Տաղանդներուն տվավ աստղերն, և արևն ալ հանճարին,

Բայց սընափառ իմ ճակատս արտախուրել ուզեցի

Ասուպներով` որոնք պահ մը շողացին ու մեռան

Մեռան անդա՜րձ. բայց այսօր կը համառիմ հավատալ

Թե ջախջախված լարերես և աճյունես գերիվեր

Կը մընա Վիշտս աննըվաճ, Հուսահատությունըս անմահ:

Տե՛ս, գարունեն ես կու գամ, հայրենիքեն վարդերու.

Օր մ’իմ շիրմիս առջև ալ մայիսն առույգ ծաղկեցավ.

Աղավնիներս ըսպիտակ ավազանիս եզերքին

Համբուրվեցան կարմրագեղ կտուցներով տարփահեղձ.

Բայց տառափանքն անպատում շիրմաքարի մը պես սև

Փակված էր սիրտըս ընդդեմ գարնանային ավիշին.

Ու մայիսի վարդերեն ճակատիս շուրջ լոկ մընաց

Փըշյա պըսակ մը խըրված մինչև ըղեղս արյունլվա:

Դուն որ օր մը, ո՛վ Հընդիկ, բռնված ցավեն հանճարիդ

Ծովակին մեջ Մոտայի, բուրումներով առլըցուն,

Անհայտանալ ուզեցիր բուստերուն տակ լուսաշիթ,

Բնավ երբեք չըտեսար` թե ինչպես շուրջըդ փարթամ

Կը ծիծաղեր բընությունն, աքասիաներն եզերքին

Կը ձյունեին ծաղիկներ անդունդներունվրա ծըռած.

Ծիծառը դուն չըլսեցիր` թևն ալիքին թաթխելով`

Երբ տափագին կը կանչեր քեզ վիհերու թովչանքեն

Արևուն տակ փայլակող աստվածային խընճույքին.

Չըխորհեցար դուն բընավ` թե կ’արժե՛ կյանքը ապրիլ,

Կ’արժե նայիլ աստղերուն, և մըտածել Աստուծո,

Կ’արժե՛ տալ սիրտ մը քընարին, և հետո զայն կըտակել

Անմահական դարերու` քանի մը պարզ թըրթռումով:

Այսպես ալ, ո՛վ Եղիա, կըրնաս դուն լավ հասկընալ

Թե ա՜հ, ո՛րքան ահեղ է անցնիլ կյանքի գարունեն`

Եվ միմիայն աչքերու մեջ արտասուք ունենալ,

Քղանցքըդ քըսել վարդերու, ճակատըդ հըպել դափնիի,

Եվ հուսկ վերքերը կըրել եղիճներուն դավադիր:

Քեզի պես ես ալ նըստա ծովակներու ափունքին,

Կամ նավեցի լըճին վրա բուրումնավետ իրիկունն,

Բայց դեռ չըմպած անդորրանքն` անդունդը ես չափեցի,

Եվ մաղթեցի որ մակույկն իսկույն դագաղըս ըլլար

Եվ բըռնաշունչ մըրըրկե մ’Անծանոթին ծոցն հասներ:

Սակայն կ’արժեր դեռ ապրի՜լ… ու փորձեցի ես սիրել.

Սըրտիս տրոփյունն զգալու համար` կուրծքի մը փարիլ:

Դուն չըրի՞ր նույնն, Եղիա՛, երբ հընդիկի փոստիդ վրա

Կու գար նըստիլ Սըրբուհին և դրած գըլուխը ծունկիդ`

Մըրըրկաշունչ նըվագներդ հրեշտակի պես կ’ունկնդրեր.

Երբ դուն բուի աչքերով կը կարդայիր Ռիկ-Վետան`

Անշուշտ գըտար իր գըլխիկը ավելի շնորհագեղ

Քան թե լուտասը ծաղկած Մայայի լույս ծոցին մեջ.

Ու երբ մազերն հորդառատ ջրվեժի պես թափեցան

Գիրքիդ վըրա` անոնք քեզ հիշեցուցին անպատճառ

Խորախորհուրդ ծըփանքներն անտառներուն հնդկական:

Բայց օր մըն ալ Սըրբուհին հիացումին մեջ հոգնած`

Մըտքիդ թըռիչն անհունին մեջ դիտելեն ձանձրացավ,

Եվ չըհասավ համբուրել վըսեմ ճակատն արևուն.

Ո՞ր գիրգ տատրակը արդյոք ատակեց ձուն արծիվին

Թևերուն տակ ամփոփել, տալ կենդանի ջերմություն.

Ո՞ր կընոջ սիրտը կըրցավ հանճար մ’ընել բարեբաստ:

Սե՜րն ու հանճա՜րն` ըլլալով զույգ հաստիչներն Աշխարհի

Երանության նպատակին բըռնակալներն են անհաշտ,

Մին մըտքերու փոթորիկ, և մյուսը կրակ սըրտերու,

Մին աստըղներ կը ստեղծե, կու տա մյուսն անոնց հուր,

Տիեզերքի բարերար և իրարու ախոյան,

Մեկըզմեկու արյունով անոնք Մեծե՜րն են ծըներ:

Ա՜խ, բանաստե՛ղծ, ի՜նչպես քեզ պատմել եգերգը սերիս.

Հիշելը զայն` վերըստին արյունիլ է ինձ համար:

Ի՞նչպես ըսել թե ես ալ պաշտեցի կին մ’հրաշագեղ.

Անոր հեղեղ մազերուն վըրա, քընար բյուրեղի,

Մատերըս սեր նվագելով մեղրամոմի պես ծյուրան.

Ամբողջ տարի մը նար բիբերու խորն ընկըղմած`

Արյունթաթախ թըռիչներս արբշըռությամբ պարզեցի`

Անեզրության մեջ ո՛րչափ ո՛ր կարելի է պարզել:

Ամբողջ տարի մը եկավ աշխատության խուցիս մեջ

Քնարիս լարերն հարդարել ու դըրած գլուխը կուրծքիս`

Մեծ գաղտնիքներն երգերուս սըրտիս խորունկը փընտռել:

Այն ատեն իր հետ դըռա՛նըս ծերպեն ներս ժըպտեցան

Գարուններ բյուր դարերու, անցյալ վարդերը առույգ.

Իսկ սըրբենի տատրակներն մեհյաններուն հինավուրց

Վերադարձած ձեղունիս գերաններուն մեջ մըրոտ

Տարածեցին եղկ հոտերն իրենց ճերմակ բույներուն:

Սոսափն անոր քըղանցքին դեռ ըստորին սանդուխեն

Տըվավ սըրտիս բաբախել և արյունիս պըղպըջալ.

Ու պահ մը ես ըզգացի թե զըվարթուն մը կու գա

Դուռիս մեջեն ավետել թե երջանիկն եմ երկրիս:

Սակայն ի զո՛ւր մեր տարփանքն անմահանալ խոստացավ.

Խիստ գգվելեն ա՛լ մեռած է թիթեռնիկն ափիս մեջ:

Ի զո՛ւր անոր ծոցին մեջ դըրի գըլուխըս կոշկոճ,

Եվ կուրծքիս տակ կանգ առնելն հավերժության ըզգացի

Ի զո՛ւր ճապուկ թևերուն մատնեցի վիզըս հըլու.

Ու գըլխիկոր պաշտեցի դավադրությունն իր սերին.

Նեկտարաբուղխ բաժակին տակ` զոր առի հույր ձեռքեն`

Իժ մը ծվարած մահվան թույն ատամներեն կը հեղուր:

Ան կը դըրժեր, ու դըրժանքն համբույրը իր կը ծածկեր.

Սիրտը` զոր ես բացի օր մ’ուրիշ բալլիք մ’էր կըղպած:

Մինչ գլուխն իր ծունկիս դրած` կը սևեռեր նայվածքն իր

Անծանոթի՛ մ’հոգվույն մեջ` որուն վըրա կը խորհեր:

Եվ օր մ’ալ ես, ո՛վ վայրկյան հոգեվարքի պես տըխուր,

Երբ լուսաբուղխ պորտին վրա ինկած` կասկածըս լացի`

Տեսա որ փորը խայտաց գաղտ ծիծաղով մը խենեշ`

Բերնիս վըրա համբույրն իր ուրի՛շ համբույր մ’համբուրեց.

Սիրտը սըրտիս վրա ուրիշ սըրտի մ’համար բաբախեց:

Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ`

Իր մարմինեն ես օտար անկողինի մ’հոտ առի:

Ամայությանմեջ հոգվույս հընչեց մըռունչ մ’այն ատեն.

Որուն անմահ արձագագն է այս քերթվածն, Եղիա՜:

Կինը լըքեց զիս հավետ, և աղմուկն իր քայլերուն

Վիշտս հեգնելով հեռացավ փողոցներուն ընդմեջեն:

Սարսափահար իմ սըտես և խուցես դուրս նետվեցա:

Ապրիլ ամիսը մինչև շիրմիս վերև կը ծաղկեր.

Գերեզմանատան լայն ուղին նոճիներուն մեջտեղեն

Մարեմխոտի բույրերով քայլիս առջև կ’երկըննար:

Այն ատեն ձայն մը կյանքիս ավերակեն լըսեցի`

Որ ըսավ.–«Գնա՛ թափառիլ ոսկորներուն մեջ փըտած.

Գարունն ի՛նչ փույթ, երբ չ’ըլլար սիրտըդ ծիծառը անոր:

Վարդերն ի՛նչ փույթ, երբ միայն կրնան վերքերդ հիշեցնել.

Գընա՛, անշուշտ կը գտնես փոս մը փորված ու պատրաստ,

Եվ հողը վրադ լեցնելու ո՞ր կինը բնավ չի փութար:

Մահվա՛ն համար մենք կ’ապրինք, բայց ա՛ն է լոկ երջանիկ,

Որ մահվան որս կը տանի ավելի՛ նվազ գարուններ»:

Ես այդ ձայնին ունկընդիր շիրիմներուն փութացի,

Բայց դատարկ փոս չըգտա` որ խոնջ գըլուխըս թաղեմ.

Նահատակնե՜րը զանոնք էին բոլոր լեցուցած:

Գուցե ես վա՛տ մըն էի. ուզած էի սոսկ ապրիլ

Սըրտի՛ս համար սեփական, զայն լեցընել բերկրանքով`

Երբ ան արդեն ճաթա՛ծ էր արցունքներուս կըրակով:

Թերևըս զիս ուրիշի՛ն համար բախտն էր սահմանած,

Եվ իմ կյանքիս նըպատակն էր ուրիշ կյանք մը գուցե:

Ու ես խաչիս վըրայեն խաչված Մարդուն նայեցա.

Ինչպես դուն իքըդ ըրիր, բազմաչարչա՛ր Տեսանող,

Երբ զոհի պես, Մեշճիդիդ չորս պատերուն մեջ կանգուն,

Հոսեցուցիր բամբռահար աստեղնահուպ մատերեդ

Սըրտիդ երգերն – ինչ կ’ըսեմ – սըրտիդ ծովերը` բոլոր

Եղբայրներուդ ճակատին շըղթայի պես ողջակեզ:

Եվ որպեսզի կըտակես սերունդներուն ապագա

Վըշտախոս քնար մը թըրթռուն` սարսուռին պես մըրրկին`

Զայն հանճարեդ իսկ առաջ` վըհատությամբըդ օծեցիր:

Անհույսներուն անոր հունչն արդ քույր մըն է ըսփոփիչ.

Ոմանք անով կ’ամոքվին, կ’օրինակեն ոմանք զայն.

Բայց ա՛ն միայն կը զորե երգը երգիդ դաշնակցել`

Ո՛վ որ կ’ըզգա թե սիրտն իր Տիեզերքին առանցքն է,

Եվ արյունլվա գըլուխն իր Նիրվանային կը դիպչի:

Նըվիրվի՜լ պետք է ինծի. ու ես տեսա այն ատեն

Իմ վերքերես ավելի՛ խորունկ վերքեր ու ցավեր.

Կը մորթեին Ժողովուրդ մ’որ առած մուրճը ձեռքին`

Սա կավեղեն դարուն վրա կը նետեր դարը մարմար:

Այն ժամանակ վհատ հոգիս կայծակներով պընդեցավ.

Ու լեցվեցավ ամբուռքով դատարկությունը սըրտիս.

Կամքս նվաճված իմ ցավով` կազդուրեց ցավն ուրիշին:

Ժողովուրդ մ’ես ըզգացի` որ լանջքիս տակ կը տրոփեր.

Աստված մը, ո՜հ, եկած էր քաոսիս մեջ բընակիլ,

Եվ խորն հնոցիս` որ դատարկ էր սերերեն եսապաշտ`

Նետեց անմահ Գաղափարն, ոսկեփըրփուր եռեփեց.

Ա՛լ հոն էի` ուր մըրոտ խըրճիթներուն մեջ մարդիկ

Կ’անիծեն լույսը վաղվան` որ պիտի հանկարծ սառի

Իրենց քաղցեն նըվաղկոտ բիբերուն մեջ մահաբաղձ.

Այնտե՛ղ էի` ուր բանվոր բազուկներ հանք կը պեղեն,

Կը բանան ծոցն ոսկիին, և չարադեպ վըտանգով

Գերեզմաննին կը գըտնեն, ունենալով զերդ պատանք,

Պատառ պատառ շապիկնին պանդըխտորեն քըրտնաթոր.

Այնտե՛ղ էի` ուր բախտին խորթ զավակները համուռ`

Ապրելու մեծ ու արդար իրավունքին ի խընդիր`

Բըռընկցուցին կատարներն ոստաններուն ցասումո՛վ:

Փողոցներեն գրոհն իրենց` եղավ արշավն ամպրոպին`

Որուն ճակտին ճայթեցավ խոսքըս նըման կայծակի.

Հառաջ մըղեց կամ զըսպեց, մըխիթարեց կամ սաստեց,

Եվ ամբոխին արգանդեն ճառագայթներ պոռթկացուց:

Օ՜, խրոխտ զարկերը Եսիս միլեոններու սըրտին մեջ.

Օ՜, շանթակուռ բազուկս իմ որ կըրակներ տեղացուց

Ծովածավալ մարդերու գըլուխներուն վրա` ամբարձ.

Օ՜, խոյացումըս վարազ` ամբոխներուն ուսին վրա.

Ես ժողովուրդը հեծա նըման ձիու մ’ամեհի,

Եվ լուսաղբյուր բիբերս իմ Նպատակին սևեռուն`

Մըրըրկավար քըշեցի զայն գահերուն վըրայեն.

Մերթ խոցեցի խթաններովս հըրաբորբոք կողերն իր,

Մերթ մատերովս քընքույշ բաշերուն ուղխն օծեցի

Մըտրակիս տակ ծառացած` երեք տարի ան վարգեց

Օրենքներուն բըռնակալ ավերակին ընդմեջեն.

Երեք տարի գանկերուն մեջ պայտերն իր թաթախեց,

Եվ արյունի խոշյունով լանջքին այրիլն ան ըզգաց:

Բայց օր մ’ալ խեթ եղավ ձին և խարազանըս խոտեց,

Ու տակավին Փըրկության կատարին վրա ադամանդ

Վըրընջյունն իր չարձակած` ահիպարան ոստումով

Զիս վար նետեց գավակեն, ժայռին դեմ կողըս պատռեց:

Եվ ահա, ո՛վ Եղիա, Նիրվանայիդ դըրան դեմ

Արշավանքիս արյունն է` զոր ճակատս իմ կը դրոշմե:

Ազատության սահմանված ազգը մընաց անմըտրակ.

Ծառացումին մեջ հոգնած, ընտրեց սողալը անարգ

Եվ որպեսզի ավելի ըստըրկության մեջ հեղգա՛

Օձի շապիկն ըզգեցավ, խըլուրդին խուղը մըտավ.

«Ի՜նչ փույթ,– ըսավ,– իմ կարթերս ապաժուժի մեջ թաթխել

Լավագույն է տերերուս հըղփանքին սայլը քաշեմ.

–Սայլ ո՛չ անբիծ մարմարով, ոսկի աղբով բեռցըված –

Ի՜նչ փույթ,– ըսավ,– արևուն տակ քըրտընիլը ազատ,

Ոտքիս շըղթան արգելք չէ` որ ես երբեմըն վերցնեմ

Գանգուրներուն վրա բոզիս գինվո բաժակըս փըրփրուն»:

Ու, Եղիա՜, օր մը ես աստվածային հպարտությամբ

Նախատինքիս եղիճով բաժակը այդ պսակեցի:

Վարժ չեղավ ձեռքս սեղմել ձեռքն` որ տըրմուղ զենքերու`

Ժանգոտ դըրոշմը կըրեց շըղթաներուն կամակիր:

Լա՛վ էր այրույթն ամբոխին, տոնախըմբելը վատթա՛ր.

Ու շանթերես վերջ ժըպիտս անոր դեմքին չըցաթեց:

Եվ երբ անոնք իմ փառքիս համար դափնի հյուսեցին`

Ես քամակիս ապառաժն անոնց շընթման դարձուցած`

Հեռացա, հյուղըս մըտա, մարեցի հույսըս վերջին

Ու պապակովը մահվան, Հընդի՛կ, քեզի՜ ձայնեցի:

Այժըմ ընդդեմ Բընության, և՛ Նըվիրման, և՛ Սերին

Դըռներս պինդ փակած եմ և վհատությամբըս կընքած:

Լուսամուտներս հյուսված են բաղեղներով տըրտմական`

Ուր վաղեմի բույնին մեջ չի՛ գար ծիծառն ալ երգել.

Լուսինն ինծի չըհասած դուրսն որմիս տակ կը մեռնի,

Եվ կը կոտրի փեղկերուս մեջ սյուքին թևն անուշակ,

Ես իմ կյանքես հալածված` խավարին մեջ կ’արտասվեմ.

Այժըմ հողին քացն ունիմ. ծարավ ունիմ Լեթեին.

Եվ օդն` երակըս շարժող, և լույսն` աչքերս կիտվածող

Ես կ’անիծե՜մ… և ահա խելահեղված կը զարնեմ

Նիրվանայիդ աստղահեռ դուռն, ու շեմն իր կը կըրծեմ:

Դեռ ապրի պե՞տք է, Ատո՛մ, հուս’հատությունն աննվաճ

Ոսկի կըռվանն ոտքերուս երբ փոխած է մըղեղի.

Սընուցանել հա՞րկ է դեռ այս փուճ մարմինն` հակառակ

Սրտիս անմեռ սադրանքին, որ մահվան լոկ կ’ունկընդրե:

Ո՛վ Տեսանող, թե ունի երջանկությունը գաղտնիք,

Թե կըրնամ ես պընդանալ մտածումով մ’անծանոթ,

Վերքերս օծել նոր աստղի մը մեղրակաթ շողյունով,

Ըսպիանալ թե կըրանամ, թե կըրնամ ես զըմըռսվիլ,

Հայտնե՛ ինծի… Սակայն դու աստվածորե՜ն կը լըռես.

Լուսացայտ մատըդ միայն ինձ ցույց կու տա զոհանվեր

Պարանը սուրբ` զոր քու մահդ իմ վախճանիս կըտակեց.

Կը հասկընամ թե անոր շուլլվելով է միայն

Որ սիրտս ըսփինքսը կ’ըլլա, վիշտըս գաղտնիքը անոր

Եվ ես զոհի մը ցընթող ճենճերին պես կը հասնիմ

Նիրվանայիդ և քեզի, հավերժակա՛ն Հանգստին…

Link to post
Share on other sites

Ո՞ր կընոջ սիրտը կըրցավ հանճար մ’ընել բարեբաստ:

Սե՜րն ու հանճա՜րն` ըլլալով զույգ հաստիչներն Աշխարհի

Երանության նպատակին բըռնակալներ են անհաշտ,

Մին մըտքերու փոթորիկ, և մյուսը կրակ սըրտերու,

Մին աստըղներ կը ստեղծե, կու տա մյուսն անոնց հուր,

Տիեզերքի բարերար և իրարու ախոյան,

Մեկըզմեկու արյունով անոնք Մեծե՜րն են ծըներ:

Ա՜խ, բանաստե՛ղծ, ինչպե՜ս քեզ պատմել եղերգը սերիս.

Հիշելը զայն` վերըստին արյունիլ է ինձ համար:

Կատրանիդե, :flower:

ընդունեք հարգանացս հավաստիքն ու խորին երախտագիտությունը: :flower: :yes:

Link to post
Share on other sites

Այսպիսով «Գեղեցիկի և Զորության» ձոնն է հնչելու այսօր.

ՀԱՐՃԸՓա՜ռք սարբինային. Ներոն կ’արբենա:

ՀԱՐՃԸ… զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, ԳԻՐՔ Բ

Ա

Գարնանամուտ երեկո մ’իր պալատին մեջ մարմար,

Բակուր, Սյունյաց Նահապետ, շքեղ հանդես մը կու տար,

.............................................

sa naxaban e te inch e?

steghcagorcutyan anun@ vor mekn e?

Link to post
Share on other sites

Կատրանիդե, :flower:

ընդունեք հարգանացս հավաստիքն ու խորին երախտագիտությունը: :flower: :yes:

Շատ շոյված և քաջալերված եմ Ձեր խոսքերից, և անտարակույս պիտի ավարտեմ շարքը :)

Link to post
Share on other sites

sa naxaban e te inch e?

steghcagorcutyan anun@ vor mekn e?

Բնականաբար դրանք բնաբաններ են այս պոեմի համար: Ինչ վերաբերում է պոեմի վերնագրին, ինձ թվում էր` ակներև է. «ՀԱՐՃԸ»: Իսկ տեխնիկական մի փոքր թերությունը իմ` այս կայքում ունեցած փորձի պակասից է հավանաբար: Սա կարող է ժամանակի ընթացքում շտկվել. քիչ-քիչ սկսում եմ կողմնորոշվել: Հույս ունեմ, որ այդքան էլ խիստ չեք դատի: :)

Edited by Katranide
Link to post
Share on other sites

Շարունակենք «Գողգոթայի ծաղիկները» շարքը.

28. ԽԵՂԴՎԱԾ ՄԻՋԱՏԸ

Գարնան բույրերեն արբշիռ` ինկար դուն

Աչքիս մեջ` որ քեզ ծով մ’եղավ անհուն:

Ափունքի մը հույսով ի զուր լըլկեցիր

Թևերդ այդ մըռայլ ալիքներուն վրա`

Որոնց տակ կ’ապրեր ցավը դավադիր,

Ցա՛վն` որ քեզ ճըմռեց, ըրավ հեղձամահ:

Հետո կոպս իջավ վըրադ` ամպի պես`

Եվ բիբըս հոգվույս լույսով ողողված,

Գերեզմա՛նդ եղավ: Նույն արցունքն ըզքեզ

Ըսպաննեց, և նույն արցունքը ողբաց:

Դուն հետաքըրքիր մեղքըդ քու մահով

Քավեցիր, ես իմս` ակամա լացով:

Գիտեմ թե քեզի եղավ ո՜րքան վիշտ

Լուծվիլը հեռու կառերուն ծոցեն`

Որոնց շուրջն ուրախ կը բըզզայիր միշտ`

Կարծելով երգիդ ականջ կը դընեն

Իրերը բոլոր, կամ քուկըդ է արփին

Եվ տարափներուն մասրենին նըրբին:

Եվ քուկըդ կ’ըլլար տիեզերքն անհուն`

Երբոր կ’իշխեիր հորիզոններուն

Մրըրկին թևին վրա: Ո՜վ կյանք երջանիկ,

Կ’անցնեիր ծաղրով կարծես անտառին

Գոռ ծըփանքներեն, երբ շուրջըդ` քաղցրիկ`

Խիժոտ գիհերեն հար կը խընկեին:

Բայց, ավա՜ղ, բախտիդ մարդն էր աչք տընկած,

Եվ ահա քեզ այդ աչքին մեջ որսաց:

Հոն մեռար: Վերջին բըզզյուներդ ողոք

Մըտերիմ զեփյուռ մ’ի զո՜ւր կանչեցին

Մահվանդ օգնության. ան չեկավ. ո՛չ ոք

Իշխեց մոտենալ մարդկային աչքին:

30. ՄԵՆԱՎՈՐ

Դեկտեմբերի պայծառափայլ իրիկուն.

Երկընքին տակ, ադամանդի նըման ցուրտ,

Ուղեկորույս հովը կ’անցնի մայելով:

Վըճիտ լույսերն աստղերուն

Արյուն կու լա սառույցին վրա լճակին:

Հոգիս կառչած մըտածումի մը համառ`

Կը սպասե գոց պատուհանին ետև լուռ…

Չեկա՜վ. –«Եվ ա՛լ պիտի չըգամ»,– ըսավ ան:

Որբ շեմիս վրա մըխիթարիչ քայլն անոր

Պիտի բընավ չըծաղկի. և դեռ հոգիս կը սպասե՜:

Ի՜նչ մենավոր սենյակ, ի՜նչ կյանք մոռացըված.

Հիշատակի մեջ հանկարծ կը փըղձկի

Սիրտըս տըրտում… Կը փըղձկի՜…

Ըզգացումներն հանկարծ կուլան մութին մեջ,

Քաղցըր, տըրտում, անհագո՜ւրդ:

Եվ կը խըմեն շրթունքներես

Արտասուքներս հոսանուտ:

Ո՜հ, ի՛նչ ցուրտ է հոս, Տե՛ր իմ.

Հանգեր է կայծը վերջին

Կըրակարանիս մեջը քամի՜ն կ’ողբերգե:

Կը զգամ եղյամն այս թողլըքված խուցին մեջ,

Որ մազերուս վըրա սև

Ձյունասպիտակ ծաղիկներն իր կը բանա.

Բոլոր աստղերն, երկինքեն վար սառնաշիթ,

Օրհասական յուղն օծման

Ճակատիս վրա կը հեղուն:

Կահերուն տակ թաքթաքուր

Ամեն վայրկյան մութն ավելի կը բարդի,

Կը տարածե անկողինիս վրա արդեն

Դամբանական ծածկույթը իր սևաշղարշ:

Ո՛հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն

Լամբարիս լույսը մատնիչ.

Վարագույրիս ժանյակներեն կաթկըթող

Լուսնկան բա՛վ է ինծի:

Մարդիկներուն շըռայլորեն տալե վերջ

Ավյուն և սեր, ծաղիկներն իմ էության,

Գըտնել զանոնք միշտ ծանծաղ,

Գըտնել Աստված միշտ ըսփինքս

Ոչնչությունը պըճնող,

Եվ հեռացվիլ այն սիրելի էակեն`

Որուն թարթափը կոպերուն կը բավեր

Արծարծելու համար կրակներն արյունիս,

Միսիս ճենճերն, սըրտիս բուրվառն հոտևան,

Հիմա, ավա՜ղ, ի՞նչ կը մընա ալ ինծի.

Մոխի՜ր, մոխի՜ր, և ավերա՜կ. և նույնիսկ

Խորունկ սոսկում մ’իմ իսկ անձիս նայելու:

Ո՜հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն

Լամբարիս լույսը մատնիչ:

Երբ ա՛լ դատարկ է հոգին

Ահավոր է տեսնել հատակը անոր:

Փլատակներուս կանգուն մնացած կատարին

Լուսնին ոսկի ծեփող մեկ շողը բա՛վ է:

Ես չե՜մ ուզեր լամբարիս լույսը մատնիչ.

բայց լուսինն ալ, ավաղ, լուսինն ալ ահա

Հո՛ն, դըրացի երդին ետև ծածկվեցավ:

Հովը կու լա, կը կաղկանձե, կը թըռչի:

Կրակարանիս մեջ պաղեր է մոխիրն իսկ:

Հովը կ’ոռնա… հովը բացավ մեղմորեն

Պատուհանիս փեղկը հին:

Ո՜հ, ո՜վ Տեր իմ, ո՜վ Տեր իմ,

Չայցելված ասյ սենյակը ո՜րքան ցուրտ է.

Արցունք մ’ահա մարգարտի պես սառեցավ

Ծայրին վըրա թարթիչիս,

Եվ սիրտըս դեռ տըրտո՜ւմ տրտո՜ւմ կը փըղձկի:

31. ՄԻՋՈՆ

Երիտասարդներուն մահը նավաբեկության մը կը նմանի

ՊՂՈՒՏԱՐԳՈՍ

Պատանի էր, հովերուն, ալիքներուն մեջ մեծցած,

Իր հայրենիքն օվկիանն էր, և նավը իր օրորոց:

Քամին հավետ կը լիզեր կուրծքն արևեն թըխացած.

Նըստած էր ա՛ղը ծովուն ճակատին վրա քրտնազօծ:

Միշտ ծըխամորճը բերնին մեջ կ’աշատեր անխըռով.

Նավը բոպիկ կը լըվար, կայմին կ’ելլեր ժիրաժիր.

Վեր կը քաշեր շանաձուկն` անոր քիթեն որսալով.

Եվ ամբարի մուկերուն կու տար երբե՛մըն նախճիր:

Ան մի առ մի կը ճանչնար աստղերն իրենց առաջնորդ.

Կարծեմ նույնիսկ լըսած էր թընծկալն երկու Արջերուն:

Ան կը ճանչնար լուռ դավերն ալիքներուն քինահորդ.

Եթե անգամ մ’ականջ տար Շընիկ աստղին հաչելուն:

Ան կըսիրեր ջուրին վրա երբ որ խարիսխ կը նետեր`

(Ուր Միջոն սև բիբերով բոպիկ աղջիկ մ’էր սիրած)

Արագաճեպ կը մագլեր թըռչարանեն դեպի վեր.

Կը տընկեր դրոշն, հովերո՛ւն ճակտին մազերը տըված:

Ու կայմեն վար հեղեղվող պարաններուն մեջ ծըփուն

Ան կը լողար… ի՛նչ ճապուկ ճախրեր կ’ըներ այդ տղան.

Մերթ կը սողար օձի պես, մերթ փորձելով վիհն անհուն,

Թըռչարանին ճիշտ ծայրին կը թառեր ան բուի նման:

Չըվաններուն գաղտնիքներն ո՛չ ոք կար իր չափ լուծող,

Անոնք իր իսկ մատերուն կարծես ջիղերն ըլլային:

Երբոր քամին կը հուզեր լարերը այդ լուսացող`

Երգովն անոնց կ’արբենար, կը վերանա՜ր լուսինին:

Վե՜րն էր դարձյալ, երբ շանթեց օր մը մրրիկն ախերոն.

Նավուն ներքև կատաղի ցուլի պես ծովը խոպաց,

Եվ ամպրոպի մ’հարվածով կոտերցավ կայմն, ու Միջոն

Գըլորեցավ աստղերեն` անդունդի մեջ լայնաբաց:

Անհունի՜ն էր միացած մասնիկը այդ Անհունին…

Բայց երբ մարմինը դըպավ խարակներուն թըխերանգ`

Դըժբախտ Միջոն ցանկացավ, հառած աչքերը նավին,

Խուսող ճերմակ առագաստն… իր դիակին գեթ պատանք:

32. ԴԱՇՏԵՐՈՒ ՏՂԱՆ

Ուշ ատեն դուն որ կը թողուս ա՛լ մարմանդ

Սիրտըդ` սըրտին, ձեռքըդ` ձեռքին մեջ մորկանդ,

Պահ մը կանգ առ, ո՛վ մանուկ.

Վեր վերցուցած ծաղկալի փեշդ` որ ինծի

Ցույց կու տա մերկ սրունքներըդ գույն բըրընձի,

Թո՛ղ, բա՛ց թևերըդ փափուկ:

Գըրկե՛ հոգիս. ես օտար չեմ. չե՞ս տեսնար`

Որ բացած է Բնությունը, մեր Մայրն արդար,

Իր մատերով բոցագույն`

Սիրտըս` ամենուն. սերս ամենուն կ’հոսի դեռ,

Սերս` որ ոսկի ճանկ մը կ’նետե վարեն վեր,

Ծաղիկներեն` աստղերուն:

Քեզ գըրկելու տենչ մ’հոգվույս մեջ կ’հոսի,

Դաշտերո՛ւ տղա. չէ՞ որ եղբայր եմ քեզի

Մեր Մայր-Բնության կողմանե:

Բուրումներուն մեջտեղ գարնան դաշտերուն,

Կամ բլուրին վրա – ծաղկե՜ բագին – մեր անհուն

Տիրոջ մեր զո՛հը նույնն է:

Քեզմե` սըրտիկդ, ինծմե` քընարս: Ո՛վ հոգիս,

Ճակտիդ համար համբույր մ’ունիմ շըրթունքիս.

Այդ համբույրովս հոգեծին`

Կը ցանկամ որ – իղձ` զոր մեկո՛ւն դեռ չըսի –

Գեթ պահ մ’հոգիդ իմ հոգվույս մեջ սուզի

Ինչպես կարապը` լիճին:

Խոշոր աչքերըդ` որոնք մեն մի թարթափեն`

Զիս իրենց մեջ կը նըկարեն ու կ’ավրեն,

Շուշան ճակատդ որ մերին

Ճակատներուն ցոլք մը հավետ կը ձըգե,

Բերա՛նդ, այտե՛րդ արդյոք դաշտի ի՞նչ ծաղկե

Կամ ի՞նչ խունկով երկնային

Հորինված են: Եվ քու հոգիդ փողփողէջ`

Ինչպես կայծոռը վարդենվույն ծոցին մեջ`

Զեփյուռներով կ’արծարծի:

Հողի՛ն հոտով խընկըված է քու արյունն.

Հողին հոտո՛վ ծըծված ես կյանք և ավյուն,

Դաշնակո՜ւմ մ’ես կարկաչի:

Հազիվ բացիր մեղույշ բիբերդ արևուն`

Քաղքեն հեռու` տեսար դաշտերը անհուն.

Օտար ձեռք քու երակներ

Շոշափած չէ: Լերան կողին, թաքթաքուր,

Դուն տորոնի ծաղիկ մըն ես` որուն բույրն

Ուրիշ բույր չի՛ խանգարեր:

Մեջդ եղծված չէ դրո՛շմն Աստուծո սըրբանվեր,

Զի սրբության` բնությունը չի վընասեր.

Շո՛ղ մ’ես, երբ զով մարգին վրա,

Շուքին, ծաղկին, ճյուղին մեջեն կը սահիս:

Ամեն ձորակ աշխարհ մ’է քեզ, ո՛վ հոգիս,

Քանի որ մեջդ Աստված կա:

Քեզ բնությունն է կազմած, կամ դո՛ւն ես բնություն,

Եթե ա՛յսօր – ներե՛ այս սև բառերուն –

Մահն հողին տակ լուծե քեզ,

Այտերըդ վա՛րդն առնե պիտի, սերդ` լուսնակ,

Սիրտըդ պըլպուլն, երգըդ հովն, աչքերդ մանիշակ,

Հոգիդ երկինքն, արցունքդ… ե՜ս:

Link to post
Share on other sites

33. ՍՊԱՍՈՒՄ

Ահավասիկ շուրջն ընդրիկի սեղանին

Նըստան տղաքն ու կինը ծեր բանվորին:

Մեջտեղը լուռ կը պաղի

Ոսպապուրն իր գոլորշիին մեջ անդորր:

Մայրը հացերը լեղի

Իր սըրտին պես բաժնեց կըտոր առ կըտոր

Տըղոցն համար և ամուսնույն` որ գործեն

Պիտի դառնա… կը սպասեն…

Մըխոտ ճրագին շառ լույսեն

Հացերն ամբողջ կարմիր են.

Կարծես անոնք թորեին

Արյո՜ւն, նըման Քրիստոսի մը կողին,

Ջուրը գույնով քացախի

Կ’երազե հոն ըմպանակի մեջ մեծղի:

Խաղաղավետ օրհնությունով մ’ընդհանուր

Օծված սեղան, հաց և ջուր,

Կ’ընեն աղոթքն ըսպասումի մը երկար

Երբ իրիկուն հոգնած բանվորը չի՛ գար:

Ի՜նքն է. ահա գոռ սանդալներ կը հընչեն

Մայթին վըրա փողոցին…

Ի՜նքն է. ո՛հ, ո՛չ. դըրացին`

Որ տընակին առջևեն

Կ’անցնի դանդաղ երգին հետ իր քայլերուն:

Խե՜ղճ որդիներ, կի՜ն տըժգույն…

Նորեն գըլուխնին կը խոնարհեն հուսակտուր

Սեղանին վրա` ուր կը պաղի ոսպապուրն:

Ո՛հ, ուշացավ ծերունին.

Անոնք գիտեն` որ ունին

Աշխատանքները վըտանգ.

Ունի պայթում ամեն հանք.

Անոնք գիտեն` որ սանդուխներն որմնադրին

Մատնըչորեն կը կոտրին:

Եվ մեքենան կը կասկե,

Զինքը կըրթող թևը ժիր.

Անոնք գիտեն` որ աշխատիլն է ոճիր

Երբ լուսնկան երդիկին վրա կը հըսկե:

Կու գա՜. ահա դուռն հյուղին

Լալաճըռինչ բացվեցավ իր շեմին վրան.

Ի՜նքն է. ո՛չ, ո՛չ. է քամին`

Որ բոթաբեր դըրացիի մը նըման

Ներս կը մըտնե, կը սողոսկի ճրագին մեջ`

Որ բոցին տակ ծըխահարույց կը մեռնի:

Նոթի տղաներն աղիողորմ աչքով գեջ

Կը նային մորն երեսին տըխրունի…

Ինչո՞ւ չեկավ… ո՞ր անիծված ընկերներ

Զինքը իրենց ճամբուն մեջ են մոլորեր:

Սուրբ զո՞հն եղավ բանթողի,

Թե կը խըմե արդ օղի

Գինետան մեջ, սեղանին տակ թըքնելով:

Չեկա՜վ. ահա մորը կուրծքին վրա խորով

Կրտսերագույնը լալեն

Նընջեց… և դեռ կը սպասեն:

Ո՞վ կը հազա դըրան առջև. ա՜ն է, ա՜ն:

Անոնք հազն այդ կը ճանչնան:

Կը ճանչնա կինն ամուսնույն

Շուքն իսկ ջուրին վրա հոսուն:

Ան կ’երևա՛ ավասիկ.

Գլուխն է փոշոտ, փոշոտ լոդիկը բըզիկ.

Եվ իր կապույտ տաբատն հին

Շըպարն ունի շաղախին:

Դըժնե բիբերը արյունի մեջ ի լող,

Կը թավալին կոպերուն տակ շըլմորուն:

Կը նետե մուրճը փողփող

Օճախին մեջ. ու դըրան մեջը կանգուն

Սեղմած կռուփները ջըղուտ

Կ’աղաղակե կընոջ` մռունչով մ’առյուծի.

–«Բո՛զ հերատուկ, չըսպասեցի՞ր դուն ինծի»:

Շունչը լեցուն գինվո հոտով ժանտաժուտ`

Կը հուզե հյուղն համորեն:

Կինն ու տղաները զարհուր

Կու լա՜ն… լացով կ’օծանեն

Սեղանն` որուն վրա պաղե՜ր է ոսպապուրն:

34. ԸՆԿԵՑԻԿԸ

Բուքը կը մռընչե: Շըքեղ տան մ’առջև.

Կես գիշերին, հո՛ն, մայրը առավ կանգ:

Հույզեն կը դողա սիրտը, զերդ տերև.

Մարմինը ձյունեն հագեր է պատանք:

Կը նիրհե գըրկին մեջ դեռ երեխան.

Գուցե անոթի, գուցե նըվաղած…

Կթեն կաթիլ մը, մարգարտի նըման,

Բերանին վըրա ցուրտեն է պաղած:

Պետք է լըքե՛լ հոս: Ի՞նչ նըկուղի մեջ

Ծընավ ծաղիկն այդ զարնված եղյամեն…

Ունեցա՞վ շապիկ, կամ օրոցք մը գեջ…

Հրեշտակ մ’իջավ վար` ժըպտելու իրեն:

Հայր մ’հավատարիմ ունեցա՞վ արդյոք`

Որ խառներ քըրտինքն իր արտասուքին.

Թե կույս մը խաբված սիրով մը բորբոք

Անոր մայր եղավ` նախ չեղած դեռ կին:

Չըգիտեմ. միայն այդ մայրն է տըժգույն`

Խոնավ քարին տակ բուսնող սեզին պես:

Ոտքերն են բոպիկ, հասակը նըկուն`

Զոր պիտի փըշրե ցուրտ քամին կարծես:

Թոշնած են ծիծերն` ուրկե բըղխեցուց

Սերը` կաթի տեղ` շիթ մը շարավի:

Մերթ թափը հովին կուրծքը կու տա ցույց,

Ուր վիշտն է պառկեր, ձյունը կը մաղվի:

Պետք է լըքե՛լ հոս. կը դընե տըղան

Ծածքին տակ քիվին, տանը շեմին վրա…

Իր կանեփ շալով կը սքողե վըրան.

Ինք երընքին տակ, մերկ, կը դողդըղա:

Զայն կը համբուրե և կ’ուզե փախչի՜լ…

Բայց սիրտը քայլին չի՛ հըպատակիր.

Ո՜հ, ինչպե՛ս բաժնել, փետե՜լ հոգեխիլ

Իր աղիքն որդվույն աղիքեն կարմիր:

Եվ հոն կը սպասե մինչև արշալույս.

Խելահեղ ուրուն կ’ըլլա գիշերվան.

Ու երբոր տըղան կու լա սըրտահույզ`

Մարմար շեմին վրա մերթ կ’օրորե զայն:

Կը խորհի. գուցե ունենա որդին

Վաղը այս կյանքեն կյանք մը լավագույն.

Դըրվի օրորան. ծիծերն ըստընուին

Իրեն ավելի՛ առատ կաթ մ’հեղուն:

Ունենա գուցե նույնիսկ խաղալիք.

Պուպրիկ մ’իրեն պես բեհեզներ հագած.

Մարդիկ զայն կարծեն իշխան մը փոքրիկ.

Եվ զայն իր հրեշտակն ընդունի Աստված:

Ա՛յսպես կը խորհի մայրը դողդոջուն,

Մայրը` հոն հագած պատանքը ձյունին…

Այգը կը ծագի. փողոցներն համբուն

Կյանքի շըշուկով տակավ կը լեցվին:

Կ’երգե աքաղաղն, որդին կը ճըչա,

Զի կոպերն անոնց շո՛ղն է համբուրած:

Մայրը խելացնոր, մայրը ակամա,

Ըշտապ կը փախչի՜… սիրտը հոն թողած:

35. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՍ

Ա. ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ

Ֆերրա՜րա… երբ քու ամայի պալատներդ

քար քարի վրա չմնան`քերթողի մը բանտը

փառքիդ մեծագույն տիտղոսը պիտի ըլլա:

ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ

«Ըսե՛, ծիծեռնա՛կ,

Ճանճ մը կըտուցիդ կ’երթաս ծաղկավետ ո՞ր այգեստաներ.

Ո՞ր աշտարակն է` որ գաղջ արևու մեջ է ընկըղմեր.

Ըսե՛, ծիծեռնա՛կ»:

–Մետեխի բանտին պատին նորոգել կ’երթամ բույնս ամա`

Որուն մեջ ձյո՛ւն է տեղացեր ձմեռն, ու այնտեղ հիմա

Օձ մը ծըվարած, գլուխը պոչին տակ, լուռ կը մըրափե:

Օձի շապիկով կ’երթամ կարկըտել բույնըս կանեփե:

«Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, երգը կըտուցիդ:

Միայնության մեջ մեծ եղբայր մ’ունինք մենք հոն կալանված.

Թեզաններն ի վար կը հոսեն թոքերն արյուն մ’անձնուրաց,

Հաց մ’են դրեր իր քով, մոխիրո՜րով թըրուն, դառնահամ բըլիթ,

Եվ կուժ մ’որուն մեջ ծըռած կ’արտասվեն մողեզներ դեղին:

Ծիծա՛ռ, շող մը տար լուսնեն` որ օծե բիբերն անժըպիտ,

Երգ մ’որ ըսփոփե հոգին` ուր տրոփեց հողը մայր Երկրին:

Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, համբույրըս կտուցիդ»:

«Ըսե՛, իմ կըռո՛ւնկ,

Դեպի հորիզոն նետի պես սլաքած վիզըդ բոցեղեն`

Այսպես ո՞ւր կ’երթաս ուրախ կրկռոցով երդիքիս վրայեն.

Ըսե՛, իմ կըռո՛ւնկ»:

–Կովկասը լիճեր ունի` որոնց մեջ եղեգներ ջով ջով

Բարձըր ուռճացած արև կը շնչեն փրփրուն կատարով:

Ու լըքվածներու տընակներ կան հոն` որոնք կը բաղձան`

Որ իրենց շեմին երգեմ, իրիկունն, երգերս ըսփոփման:

Ա՜խ, գընա՜, կըռո՜ւնկ, հույսը կըտուցիդ:

Բայց բանտի մ’երդին պահ մը ամփոփե թևեըդ հոգնած:

Հոն Արվեստի քուրմ մը կա` որ նվագեց Վիշտն համատարած

Ըստեղնաշարին վըրա աստղերուն` մատերով վըճիտ:

Արդ իր գանկին ջահն արյուն կը ծեփե պատերն Ոճրի Տան:

Կըռո՛ւնկ, պըսակ տար ի ջախջախ քնարին սա ճյուղը փըթիթ

Զոր մենք ամենքնիս օծանեցինք մեր ողբովն հավիտյան:

Ա՜խ, գընա՛, կըռո՛ւնկ, արցունքըս կտուցիդ:

Ըսե՛, արագի՛լ,

Գորտ մը, զմրուխտի նըման, բերնիդ մեջ ո՞ւր կու տաս խույս.

Ո՞ւրտեղ օգոստոսն իրենց փոսերեն իժերն հանեց դուրս,

Ըսե՛, արագի՛լ:

–Հեռո՜ւն, կը տեսնեմ գլուխներն ադամանդ լեռներուն Կավկաս`

Որոնց կողերեն ձորերը կ’հոսի արևն հըրամազ:

Գարունն է պճներ հոն հարսի նըման բարտի մը վըսեմ.

Իր սոսափյունին մեջ բույնս ուռիով ես պիտի հյուսեմ:

Ա՜խ, գնա՛, արագի՛լ, կարոտը կըտուցիդ:

Հոն կապանքի տակ Հայրենիքն ունի հանճար մ’ողջակեզ:

Գրիչը մատերուն մեջ խորտակեցին ճառագայթի պես:

Արագի՛լ, վրայեդ փետուր մը ձգե, բանտն իր մահառիթ`

Ուր ան օրե օր իր գերեզմանին համար կ’հասուննա:

Ի՜նչ փույթ թե խլված փետուրեն` թևադ այդ արյունի շիթ շիթ.

Անով հաղթանակն ան պիտի գըրե իր Ուխտին հըսկա:

Ա՜խ, գնա, արագի՛լ, սիրտըս կըտուցիդ:

Ըսե՛, խրոխտ բազե՛.

Ճեղքելով անտառը կայծակներուն, ամպերուն խորեն,

Ինչ կատարի վրա կ’երթաս քըթվըտել պորտըդ լուսեղեն.

Ըսե՛, խրոխտ բազե՛:

–Ռուս հորիզոնեն գաղթող մրրիկներն ինձ հոտը բերին,

Հոտ դիակներու, հունտերը կարմիր բեղուն ժանտախտին:

Հըզոր թըռիչներես վար գաղջ արյուններ ես անձրևելով`

Կ’երթամ արածիլ մարդկային բիբերն ու սիրտերն համով:

Ա՜խ, գընա՛, բազե՛, կայծակը կտուցիդ…

Բայց մեռելներն այդ` զոհերն են լույսի. անոնց մի՛ դըպչիր.

Սիրտեր` որ վրեժեն չեն գիտեր պաղիլ. անոնց մի՛ դըպչիր:

Այլ այնտեղ Պայքարն Առաքյալ մ’ունի բանտին մեջ կրանիթ.

Թևերովդ հուժկու զա՛րկ, փըշրե՛ խախամն իր լուսամուտին,

Եվ շանթը կտուցիդ` Հույսն երգե՛` թառած իր ուսին վըճիտ:

Ըսե՛ թե շուտով մենք պիտի կանգնենք արձանն իր փառքին:

Ա՜խ, գընա՛, բազե՛, դափնի՜ մը կտուցիդ:

Իմիջիայլոց, կարծես թե ոչ ոք չի անդրադարձել Ավետիս Ահարոնյանի ստեղծագործություններին: Չարժե՞ արդյոք շտկել այդ բացթողումը:

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Բավականին երկարատև ընդմիջումից հետո փորձեմ շարունակել կիսատ թողած շարքը.

36. ՄԵՌՆՈՂ ԲԱՆՎՈՐ

Քամին կ’ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե

Իբրև ահեղ դամբարան:

Ծյուրախտավոր բանվոր մ’հոն կը վախճանի մազկըռինչ`

Խարին վրա հոտևան:

Հանո՜ւն պատառ մը հացի` գործատան մեջ թաղեց ան

Ճառագայթներն հոգիին.

Տըվավ փերթ փերթ որ ուտեն մեքենաները վիշապ

Միսերն հուժկու կըռնակին:

Անիվներուն ակռաներն ողնածուծո՛վն օծանեց,

Եվ սըրբեց իր մազերով.

Հընոցին դեմ` մերկալանջ, ժահրոտ օդին մեջ` մըղձկուկ

Ապրեցավ միշտ մեռնելով:

Արդ տապալող նոճիի հանգույն բան մ’է այդ տըղան,

Այդ հա՛ղթ ռամիկն երբեմնի:

Երկաթներու հետ պայքար մ’եղավ իր կյանքն հարատև.

Արդ կը փըշրի զերդ վանի:

Գերեզմանին դեղին հո՛ղն իր աչքերուն վրա կապույտ

Սըփռեր է Մահն անժըպիտ.

Մեղրամոմի պես մարմինն ահավասիկ կը հալի

Մատերն ի վար շիթ առ շիթ:

Ի զո՜ւր գարունն երազեց, և հովերուն մեջ ազատ

Կաղնիացումն հասակին.

Ի զո՜ւր տենչաց երգով լի շրթունքներն իր երկարել

Աղբյուրներու ջինջ ակին:

Արևուն տեղ` դալկություն, շուշաններու տեղ` մըրուր

Պըսակեցին ճակատն իր:

Սիրո երգին փոխարեն` եկավ փըրփրիլ շըրթունքին

Հըրատապ հազ մը կարմիր:

Արդ կը հազա՜, կը հազա՜ իր զոհի գլուխը դրած

Ծոցին մեջ մո՛րն աղեկե՜զ`

Որուն կուրցա՛ծ աչքերն իսկ արտասուք կը բըղխին`

Հողեն պըտղող ջուրին պես:

Վար կը կախվի սընարեն Հիսուսի խաչը կարմիր,

Բայց ճակատին վրա չինկած

Շիթ մ’Արյունեն փրկության-որ սառե՜ր է խաչին վրա–

Ինք կը մեռնի, վաստակած:

Քամին կ’ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե

Իբրև ահեղ դամբարան…

Ու սև կատուն տընակին կը մըլավե՜ խելահեղ

Ճանկըռթելով շեմքը դրան:

37. ԽԱԲՎԱԾ ԿՈՒՅՍԵՐ

Կ’աշխատեիք հյուղակին մեջ, ճըրագին տակ արդար,

Հարուստներուն պատմուճան, մերթ ալ պատանք կարելով.

Ասեղն հյուծած մատներուդ միջև ցուրտեն կը սարսռար…

Հոգինիդ էր անվըրդո՜վ:

Բայց հեշտությունն ամբարիշտ կը դավեր քա՛ղցը ձերին,

Եվ ծախեց ձեր հոգիները` գընելով մարմիննիդ:

Անմեղությունն անպաշտպան` կուրություն մ’է երկնային`

Զոր խաբեցին ուխտն ու ժպիտ:

Օ՜, այն հարուստ պարոններն, այն հըտպիտները շըքեղ,

Որոնք ոսկի ցանեցին` որ բոզությունը հըձեն,

Ձեր հյուղերեն ներս մըտան սիրահարի պես անմեղ,

Եվ դուրս ելան քըրքջալեն:

Ձեր սիրտն անոնց համար լո՛լ բաժակ մ’եղավ գինիի`

Զոր, պարպելե վերջ, հարբածը կը կոտրե հաճույքով:

Ու օր մ’ալ երբ մայր եղաք` անոնք ըրին ձեզ այրի

Արցունքներու մեջ թողլով:

Եվ փողոցնե՜րը ինկաք. Դուք օր մ’ազնիվ բյուրեղներ,

Կոխոտվելով մարդերեն` եղած էիք այժըմ ցեխ:

Սակայն ոճիրն հըտպիտին արգանդնուդ մեջ գոհար մ’էր,

Եվ կը մեծնար սիրազեղ:

Դուք կոչվեցած Գաթինա, և կամ Ֆանթին արտալած`

Որ պաշտպանեց բոզությամբ իր մայրությունը անզեն.

Մարգարիտա կոչվեցաք` Դըժոխքեն իսկ պըղծըված,

Մարիամ` եղծված Երկինքեն:

Ես կը տեսնեմ ձեզմե մին կեցած ահա հորին քով:

Սըրտաճըմլիկ փորին վրա կիներ ծածուկ կը ժըպտին:

Իրմե հեռուն կը խուսեն կույսերն անբիծ` զինք թողլով

Իր դույլին հետ` առանձին:

Ահա ուրիշ մը լըքված` խավարներուն մեջ հյուղին…

Կը հանդերձե նորածինն իր վարսերով տըխրաշուք.

Քըքույշ բերնին կը ճըմլե ծիծերն, ուրկե կը ծորին

Կաթերու տեղ` արտասուք:

Խարտիշուհի մ’հերատո՜ւկն ահա կ’ըլլա փողոցին,

Եվ իր սերը կը դընե հացի մ’համար գըրավի:

Ու օր մ’ալ` երբ ճարահատ` դուռը զարնե բոզնոցին,

Դըժո՛խքն իրեն կը բացվի:

Եվ դուք, ծեփած սընգույրով բոլոր ամոթն այտերնուդ,

Ահա կ’անցնիք բյուրավոր տըռփանքներուն ընդմեջեն.

Ա՛լ միսերնիդ կը լըկտան` բաց ի ձերին մայրագութ

Նվիրագործված ըստներեն:

Ես կ’արտասվեմ ձեր վրա, ո՛վ տարաբախտ իմ Քույրեր.

Ես ձեր այպանքը կու լամ` աչքերս այպեն փակելով.

Գինետան հույր տակառին կատարն եք դուք պըսակեր

Ձեր կուսության պըսակով:

Զազրաթորմի ձեր մազերն հոգվույս վըրա կը սողան`

Շընչելով քեն մ’արյունիս, օձերու պես թունավոր.

Եվ ես քենո՛վ կ’անիծեմ դարուս կավատ Մարդկության

Ոսկի Հորթերը բոլոր:

38. ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Արեգակին մեջ ամրան, որուն բոցով կը մըրրկին

Արծաթացոլ գըմբեթներն ու տանիքները Քաղքին,

Կը ցըցվի բա՛րձըր կատարը գործատան մըշտագոռ:

Մուխը բարդ բարդ կը պոռթկա բուխերիկեն լայնորկոր`

Ճակատն երկնի ծեփելով կարծես կուպրով թանձրամած:

Կը սողոսկին շոգիներ պատերուն շուրջը քըրտնած.

Ու կը մըռնչե գործատունն ընդերքներեն բոցավետ:

Մենք, ո՛վ Ընկեր ջահակիր, այնտե՛ղ մըտնենք քեզի հետ,

Մենք սերմանող մըրըրկի, տառապանքի հընձողներ:

Օ՜, ի՛նչ ժըխոր, ի՛նչ պայթում. ալիքն օդին ջերմաջեր

Մարմինս ամբողջ ողողեց ծըծումբի պես հոսանուտ::

Ի՜նչ թավալում ահավոր զանգվածներու մառախլուտ…

Հազարավոր բանվորներ մըկանունքով կը ստեղծեն`

Ողջագուրված` պողպատին, բիրտ ուժին հետ համորեն,

Կը ծառանան բոցին հետ, ու մոխիրին հետ կ’իյնան,

Ու կը պըրկեն, կը կըրծեն, ու կը կըռփեն հաղթական`

Մինչև որ նյութն ապստամբ գեղ ու արժեք կը ստանա,

Հոն բուրդն ըլլա` լուսակիզ, քըրտինքն ըլլա` շափյուղա:

Եվ կը մըռընչե Աշխատանքն, Աշխատանքն հոն կը ստեղծե

Իբրև վիշապ` բըռնըված օձագալար երկունքե:

Փողրակներուն ընդմեջեն, մինչև չորս ծագն Աշխարհին,

Կը հոսին միշտ ծութ առ ծուփ տաք ալիքներն ոսկիին:

Մեքենաներն հոս կ’իշխե՛ն ըղեղին վրա մարդերուն`

Իբրև հրեշներ վիթխարի` որջի մը մեջ մըշտարթուն:

Հաստ գըլաններ զուգարշավ, գըլուխներով ահագին,

Մինչև ձեղուն խորդալով կը ծառանան. կ’ընկըղմին

Հետո իրենց կըլանող անդունդին մեջ մըթապատ:

Դատարկին մեջ սուլելով կը թավալին անընդհատ

Հըսկայածիր անիվներ, ու ակռանին իրարու

Լինդերու մեջ մըխըրճած` կ’ոռնան նըման շուներու:

Փոկերը պիրկ կը ձըգվին ճախարակե ճախարակ,

Ու կը հոսին խըժալուր` ջըրվեժներու պես արագ

Լիսեռներու գոգավոր շըրջանակին ընդմեջեն.

Մեքենական կազմվածքին անոնց ջիղերն են հրեղեն`

Որոնցմե մին թե բեկտի` աշխարհներն այդ ներդաշնակ

Կը ջախջախեն մեկըզմեկ, աստղափըշուր, եղերգակ,

Գուժելով մահն Ոսկիին, և փըրկությունը Ույժին:

Կարկահներու անհամար կըկոցներուն մոլեգին

Մեջեն կ’անցնին պատառները բուրդերուն մեծաշահ.

Գեղմը փափուկ, ձյունեղեն, ատամներով պողպատյա

Կը հոշոտվի գեղագեղ` անբըծության նըմանակ.

Եվ ծվենները թըռչուն թիթեռներու պես ճերմակ`

Գըլաններու կատարին, պատերուն վըրա կը թառին,

Եվ կամ կ’իջնան լույսի պես` բանվորներու գըլուխին:

Թեռերն հետո նըրբոլոր, առեչներուն ընդմեջեն,

Ճաճանչի նըման հապըշտապ կը խուսափին ուղխորեն,

Եվ շար ի շար, լուսաբեկ, բյուրապատիկ թելերով,

Կը ջըրվեժին ճախրին վրա ճախրակներուն մըշտահոլով`

Որոնք արբշիռ կը դառնան, ու կը փաթթե՜ն, կը փաթթե՜ն

Զանոնք իրենց հաստաբեստ իրաններուն վրա շըրջկեն:

Մեկ ծայրեն մյուսը կ’եռա գործատունն այս հաղթակերտ,

Մեկ ծայրեն մյուսը կ’ոռնան մեքենաները ժըմերտ

Իրարու մեջ թավալող, և իրարմե արտալած

Աշխարհներու հանգունակ, անհունին մեջ խենթացած:

Կը զեռա վարը կաթսանգոլորշիով առլըցուն`

Ընդհատ ընդհատ պուղլով մեծ կափարիչն: որմերուն

Աղյուսներն հար արյուններ կը քըրտընին շոգիեն.

Ձեղունն ի վար կը կաթին արտասուքներ օդեղեն:

Կյանքը այստեղ կը ստեղծե խավարին մեջ մեռնելով…

Վա՛րը, հընոցն անդադար դեռ կը կատղի բոցերով,

Ոսկի՜, ոսկի՜ կը լափե, դուրս կը փըսխե միշտ մոխիր,

Եվ ծուխին հետ միասին տարածելով լույս մը հիր`

Կարծես արյուն կը ծեփե մեքենաներն ու մարդեր:

Այս գեհե՜ն մ’է, գեհե՜ն մ’է, ուր կը հուսան, ո՛վ Ընկեր,

Սա բանակները կըմախք, սա բանվորները ոսին.

Եվ միշտ ի զո՜ւր կը խընդրեն ազատությունը օդին`

Որուն մեջ խըլուրդն իսկ լույսով և բուրումով կ’արբենա.

Ի զո՜ւր անոնք կ’երազեն հողին համբույրը հըսկա

Զոր լիաբուռ սերմանողն` անմահության է հընձող.

Ի զո՜ւր կ’ուզեն, ծիտի պես, լոգանքն երկնի լուսաշող.

Աչքերն անոնց կը կուրնան արեգակի կարոտեն:

Միշտ կա երկաթն իրենց շուրջ, երկաթի ժխորն համորեն:

Մեքենա՛ն է իրենց տերն, իրենց օրենքը անեղծ,

Որ կը մռընչե անդադրում հոգիներուն մեջ տըխեղծ,

Որուն անոնք կ’աղերսե՛ն, կը ծառայե՛ն, կը հուսա՛ն,

Եվ փոշիին կ’ըմպեն ուղխն` աղբյուրին տեղ ռոշնական:

Հընոցին բոց երախեն, ժանիքներեն ճախրակին

Որպեսզի հացը կորզեն` տըվեր են կյանք գարնային:

Արդ կը տեսնեմ, ո՛վ Ընկեր, որ խորդացող այս գլաններ

Պատերն ի վեր կը զգայռեն անմարսելի արյուններ.

Եվ իրար մեջ թավալող անվակներն այս գահավեժ

Կը հափըշտակեն իրարու լինդե միսեր գեղագեշ:

Ես կը տեսնեմ այս պահուս` որ աղմուկն այս խելահեղ,

Մըշտաթավալ, շոգեմուղ մեքենաները ժանեղ

Դահիճի պես կարմի՜ր են և կը պոռթկան ձեղունին

Զիրենք ճընշող մեծ Եղեռն, անպատմելի Եղեռն հին`

Որ կը սողա կռանակուռ իրենց փորին մեջ անկուշտ:

Երեկ, Ընկե՛ր, սըրատամ սա ճախարակն արյունռուշտ

Կատաղորեն հափափեց, փըշրեց ոսկոր առ ոսկոր,

Աչքերնին լի գարունով զույգ մը կտրիճ գործավոր:

Ու դեռ կ’հոսին ծուփ առ ծուփ մինչև չորս դին Աշխարհին,

Փողրակներուն ընդմեջեն տաք ալիքներն Ոսկիին:

39. ՄԱՄՈՒՍ ԱՂՈԹՔԸ

Լիալուսնին դմ նըստած

Մամըս ալևոր կ’ընե աղոթքն իրիկվան:

Գըլխուն վերև սև չըղջիկներ կը դառնան.

Կ’ապրի սըրտին մեջ Աստված:

Շըրթունքներն իր (սո՜ւրբ վարդեր

Թոռմած առջևն Աստվածամոր խորանին)

Կը շարժին ա՛յնքան մեղմորեն` որ հոգին

Իր ըսածն ի՛նք չի լըսեր:

Ցո՛ւրտ շողին տակ լուսինին

Հանդարտորեն վար կը կախվի գլուխը ծե՜ր,

Տըխրահա՜կ, խո՜նջ, իբրև նմանիլ ան ուզեր

Մեր այս դարուն հավատքին:

Հայր մեր… Բայց չի՛ դառնար ա՛լ

Գարունն հին, մա՛մ, կալերուն երգը աղու.

Արյուն ետ չի՛ շեղիր զարկեն. վայլելու

Իղձդ արթընցավ, բայց մա՛հն ալ:

Ողջույն… բայց միշտ պիտ’ պարապ

Մընան ոսկրերդ ավյունի մեծ հոսանքեն,

Եվ մերթ բեղուն կողերուդ մեջ

Ա՛լ հին սերերն հըրատապ:

Բայց ո՛հ, գիտեմ, դուն ծարավ

Ես Երկինքին` որուն մինչ ցարդ հավտացիր,

Որուն համար մարմինըդ միշտ ծընրադիր

Հոգվույդ առջև ապրեցավ:

Երկինքը քո՛ւկդ է, ո՛վ մամ,

Քանի որ ծեր բիբերուդ մեջ դեռ անեղծ

Մընաց անոր կապույտն` ամեն ամպե զերծ.

Քանի որ, մայր բարեխնամ,

Արյունիդ հետ միասին

Ծիծերըդ հինգ զավակներու քամեցիր:

Եղար աննենգ. և բարձեդ մաս չըտըվիր

Օտարներու գըլուխին:

Եվ հիմա որ, ո՛վ հանիս,

Ճերմակ մազերդ լուսնին խառնած` մեր կրոնքին

Փուլերուն վրա կանգուն կ’մեռնիս ծեր և կին`

Պիտ’ վաղ կո՛ւյս վերածնիս:

Link to post
Share on other sites

40. ՃԻՎԱՂԸ Կ’ԱՆՑՆԻ

Գիշերվան մեջ, փողոցներեն ամայի

Կ’անցնի սարսափ մը թևին հետ հովերուն,

Եվ բարտիներն անհունորեն կը սարսռան

Աստղերուն մեջ ընկըղմած:

Շուն մը նըստած գերեզմնատան պատվարին`

Քաղքին վերև միշտ կ’ոռնա,

Ու երդին վրա խոշոր կատու մը ճերմակ

Բուխերիկին տակե հանկարծ կու տա խույս`

Կենալով մերթ ուշադիր

Քայլի մ’ըշտապ` որ թևին հետ հովերուն

Կ’անցնի կ’երթա փողոցներեն ամայի.

Կենդանացած կմախ մ’է,

Կմա՛խ մըն է լուսասփյուռ

Քողի մը սև ալիքին տակ ծածկըված:

Գերեզմանի դեղին հողերն հորդառատ

Կապիճներուն խոռոչներեն կը հոսին.

Ու ծընոտները մըսաթափ

Լըռության մեջ կը կափկափեն չարախինդ:

Ջուրի նըման` ոսկորներուն մեջ քամին

Հորձանապտույտ կը մըռընչե ու կ’անցնի:

Ճամբուն վըրա պառկող շուներն` ավելի՛

Ցռուկնին իրենց պոչերուն տակ կը թաղեն:

Գըլխուն վերև ճիվաղին

Պատուհաններն շըռընդալից կը փակվին:

Ան միշտ կ’անցնի. գարշապարներն ոսկրակուռ

Մայթերուն վրա կը հընչեն`

Ազդելով դողը մահվան

Տուներուն մեջ հոգիներուն կըծկըված:

Հոգիներուն դողահար:

Քողին ծալքերը քամիեն փըքուռույց

Փողոցն համայն կը ծածկեն,

Եվ, ագռավի թևերուն պես, կը ծըփան

Պատերն ի վեր լուռումունջ.

Եվ կըմախքին անրակներուն ընդմեջեն

Կը ջըրվեժին ժանտ թույներու փոշիներ:

Օդը, աստղերը մինչև,

Կը ժահրանա ու կը հեծե մահաբույր:

Իր ժանտաժուտ շունչին տակ

Վար կը թափին, թիթեռներու պես մեռած,

Հիր ծաղիկները նըռենվույն գեղեցիկ:

Ան միշտ կ’անցնի՜ կըրունկներով ոսկրակուռ…

Պատուհանե պատուհան

Ճրագներն ընդփույթ կը մարեն.

Եվ գետակին սագերն, հանկարծ թևաբախ,

Սարսափահա՜ր, սարսափահա՜ր կը կըռչեն:

Բայց չի՛ կենար, կ’անցնի՛ ճիվաղն ահավոր…

Մերթ ծիծաղով դիվահար

Բաց մընացած դուռե մ’երկա՜ր կը նայի,

Ու երբեմն ալ կը մըտնե նե՛րս:

…Տունն այն խեղճ`

Որ փողոցին ծայրը լըքված առանձին`

Իբրև վանդակ մ’հովերուն մեջ կը դողա`

Տեսավ անցնիլն իր շեմեն

Սարսափելի ճիվաղին,

Որ բարձրացավ սանդուխներեն զաղփաղփուն,

Ընտըրեց քա՛ջն ամենեն`

Որուն սըրտին բաբախյունները առույգ

Կը լըսվեին լըռության մեջ գիշերվան:

Մահասփյուռ քողն` իր ուսեն

Անոր վըրա տարածեց.

Ու համբույրով մ’ահավոր,

Անկողնին մեջ, խեղդեց պարմանը կարշնեղ:

Ժանտ շունչին տակ ածխացուց

Արյունն, ու սիրտը լափեց…

Հետո գընաց մըտնելու տուն մը ուրիշ`

Անցքին վըրա թողլով բաց

Հյուղակին դուռն, ու մարելով ներսն, ավա՜ղ,

Տանը ճըրա՛գը պըլպլուն:

Եվ դեռ նըստած գերեզմանատան պատին վրա

Շուն մը կ’ոռնա քաղքին վերև անընդհատ:

41. ԳԻՐՔԵՐՈՒՆ ՄԵՋ

Խոժո՛ռ գիրքեր, մե՛ծ գիքեր,

Ահա ճակատըս այսօր ձեր էջերեն

Վեր կ’առնեմ, դեպի արև՜ն,

Ու կ’անիծեմ րաբունորեն բոլորնիդ…

Բայց երկանային շողն ինչո՞ւ

Հանկարծակի աչքերուս մեջ կը սառի:

Եվ քայլերս այս, որ գիտության կրանիդե

Ապառաժեն վերամբառնալ իշխեցին,

Մարգերուն վրա ինչո՞ւ համար կը դողան:

Ո՛վ խաբեբա գիրքե՛ր, գիրքե՛ր մահաբույր,

Ես կը տեսնեմ որ ինծի

Ոչի՛նչ տըվիք, առիք ամե՛ն բան ինծմե,

Առիք գարունս և գարունն իմ հասակիս,

Առիք վարդերը ճակտիս`

Ձեր էջերուն մեջ դալկորեն թափթըփած.

Եվ ջընջեցիք Աստվածս` որուն հավատալն

Եթե իրավ պատրանք է

Սակայն ո՛չ կյանքն, այլ Մահվան

Ճշմարտությունն է պարտըվողը միայն:

Այսօր ահա, գըրկած նոճի մը տըրտում,

Գերեզմա՜նն եմ իմ սըրտիս`

Որ իր թույնով թունավորված զերդ կարիճ`

Այրեցավ իր իսկ կրակեն:

Հանդեսներու խընծիղներուն դեմ փակված

Պատուհանես` չանցա՜վ զեփյուռն Ապրիլին:

Արշալույսներն երգեցին

Եվ սըրսկեցին մարգրիտներ,

Հարսնևորները, թըմբուկով ջահակիր,

Դընելով պըսակ մը շեմիս`

Տանս առջեն կաքավեցին ու անցան:

Դուռըս փա՛կ էր, մընաց փա՛կ

Դամբարանի մը նըման`

Ուր հեգ մեռելը պառկած

Լըռության մեջ կը ծյուրի:

Ես ծյուրեցա… ո՜վ խոլություն մարդկային…

Որ մարմինիս կաթիլներովը լեցնեմ

Հոգվույս բաժակը լուսեղ:

Եվ այսօր որ ավանդական ժամուն հետ,

Եկավ Աղջիկն ըսպասված

Ծըռիլ ուսես, և գիրքիս վրա ժըպտիլ,

Շըրթներուս վրա մեռա՜ծ է

Վաղանցավոր կյանքիս համբույրը արդեն,

Համբույրն` որ հեշտ նախերգն է

Իմաստնագույն կյանքերուն,

Եվ վերցնելու համար, վայրկյա՜ն մը գոնե,

Ձեռքն իր քնքույշ, բայց ծանրացած` գարունով,

Իմ ձեռքս է տկա՜ր, դողդոջո՜ւն…

Եվ, ո՛վ վիճակ ահռլի,

Սիրտըս ծովուն ափին լըքված խեփորն է`

Որուն մեջի կենդանին

Արդեն մեռա՜ծ է շատոնց:

42. ԴԱԴԱՐ

Միջօրեի դադարն է գեհենամռունչ գործատան.

Ինչպես վիշապ մը թըմրած` կը նիրհե հընոցը տիտան,

Բուխերիկին կլափին մեջ պահ մը ծուխն է խեղդըվեր.

Ներսը գլանները արշավ, և անիվներն ընդհոլով

Հանկարծ կեցեր են` իրենց ընթացքին մեջ խոկալով.

Այդ անդորրին մեջ միա՛յն կարծես կ’ըլլան լըսելի

Մեքենական ճախրանքին հոգնած հևքերն ահռելի:

Ընկե՛ր, թույլ տուր շողշողա երկաթներուն գագաթին

Բանվորներուն քիրտն առատ, գոհարն իրենց ճակատին.

Թույլ տուր որ ներս մոռացվող արևուն մեջ, թռչըտուն,

Զըմրուխտ ճանճերը բըզզան` հեգնելով կյանքը մարդուն,

Կանգնե՛ դուն մայր-դըրան քով. Տե՛ս պատառուն շապիկով

Անոնք փողոց կը խուժեն, ու կ’ընդլայնին իբրև ծով:

Ռամիկ ուժին բանա՜կն է, հանճա՜րն է վաստակին

Որ կըրեր է դարերու կոթողն իր հաղթ քամակին:

Սա փոշիով և կուպրով ծեփված գլուխներըը տիտան`

Որոնց վարսերը երբեք աստղերուն մեջ չըլոգցան`

Կը կարկառվին, խենդի պես, դեպի հովերը քաղցրիկ,

Գարնան բույրով կ’ողողեն իրենց բիբերը հըրձիգ:

Ծերերն ունին կըռնակներ ծալլված մինչև գերեզման`

Որոնց խորեն կը լըսվին ճարճատյուններ ողբական

Համրորեն վար թավալող ողնային փուտ սյուներու:

Եվ կույսերն են դալկահար, կմախներ թոռմած վարդերու,

Թիթեռներուն թևին վրա զո՜ւր կը շողա թանկ փոշին,

Հնոցին մոխի՜րն է ցանվեր իրենց երկար թարթիչին:

Ահա մայրերն աղճատված, և արգանդները անբավ`

Ուր սերմի հունտն արցունքի կաթիլներու փոխվեցավ,

Ահա ծիծերը, քամված ողկույզներու հանգունակ,

Որոնցմե բյուր սերունդներ խըմեցին մաղձ ու պատրանք:

Հարյուր հազա՛րն են անոնք. բանակներն են զոհերու`

Զոր կը տանին միշտ Ոսկյա Հորթին առջև մորթելու.

Ունին տաղված դաստակներ, և կըռնակներ ողընտեռ.

Այժըմ միայն թիթեղի կ’արձակեն փայլը աղոտ.

Իրենց սըրտին ծաղիկներն են խամրած, ծղոտ առ ծըղոտ:

Ճակատնե՜ր` լի խորշոմով, խորշոմնե՜ր` լի քըրտինքով.

Արյունոտ հաց մ’են կերեր` իրենց հոգին ծախելով:

Գիտեն որ այդ վաստակով պատանք մը լոկ կը ստանան.

Բախտ մ’է սակայն ունենալ կուշտ փոր մը օրը մահվան:

Հարյուր հազա՜րն են անոնք. անոնք են որ կանգնեցին

Անմահությունն բուրգերուն, և խորհուրդներն ըսփինքսին:

Կմախնին, մարմար առ մարմար, սանդուխ ելավ գահերուն`

Ուրկե Դենպետն ու Արքան ելան մինչև աստղերուն.

Մինչև այսօր, հիմին տակ պալատներուն, կը գըտնես

Շուշանն անոնց կրծոսկրին, անբավ սրտերն ողջակեզ.

Անոնց արյան շաղա՛խն են պատերը մռայլ Եըլտըզին.

Անոնց լուսեղ քըրտինքին մարգրիտներով են ծեփված.

Անոնց խոփին նախ հանձնեց կորդ բընությունը` Աստված.

Կուռքերն անո՛նք դրոշեցին, և նույն անո՛նք զոհ եղան.

Խաչն անոնցմով ճանանչեց, բայց ուրիշներ փըրկվեցան.

Հըղկեցին միշտ իրենց հաղթ ոսկորներով կարծրացած

Հաղթողներու նժույգներուն լայնշի պայտերը արծարծ:

Փեռեկտեցան պարեխներն անոնց ուժին դեմ ռամիկ`

Եվ հոսեցին ոսկիի և արյունի ջերմ ալիք,

Եվ մեր դարուն Հաղթության Կամարն այսօր կը հանգչի

Հարյուր հազա՜ր բանվորի ուսերուն վրա արճիճի:

Ու երբ այսօր ելլելով գործատունեն` կը ցըրվին

Կորագըլուխ, մերկալանջ, անոնք նըման են գերիին`

Զոր աճուրդի կը հանեն տոնավաճառ օրերուն:

Նըման գետին, որ ակեն դուրս ժայթքելով փրփըրուն

Կը բաժնըվի սըրընթաց առվակներու անհամար,

Անոնք կերթան ծավալիլ գռեհներուն մեջ հազար.

Բյուրապատիկ գլուխներու անդընդածին ալիքով

Քաղաքն ամբողջ կ’ողողեն` ամեն անկյուն հորդելով:

Բոլոր քաղցա՜ծ են, քաղցա՜ծ, քոսոտած շան մը նըման`

Զոր խաշնարածը հոտեն հալածեր է անգուման:

Սակայն իրե՛նց է ինչ որ կ’իյնա կտուցեն վար ցինին.

Իրե՛նց է խյուսը թեփին, բայց ո՛չ նըկանն ալյուրին.

Խառնապուրներն իրե՛նց են զոր գըլխահակ կը լակեն

Ճակատներե վար` անոնց մեջ քըրտինքներ հոսելեն.

Նեխած միսերն իրե՛նց են, ու բորբոսները հացին`

Զոր կը գնեն ումպ մը ջրով կըրպակներեն փողոցին.

Երշիկն իրե՛նց է, լեցված ճարպով ծեր ջորիի,

Հետո ծխարմո՜րճը սևցած, միակ ըսփո՜փն հոգիի:

Ահա՛ բոլոր հույսն անոնց, երազն անոնց փորերուն`

Զոր կ’երազեն գործատան միջօրեի հեշտ ժամուն…

Ու կը քալե՜ն, կը քալե՜ն, փոշվով, կուպրով միշտ ծեփված

Նեղ կու գան այդ ուղխերուն պողոտաներ լայնաբաց:

Իրենց հորձանքը կարծես խուլ զայրույթով կը փորե

Դղյակներու հիմունքներն ու սալարկներն որձքարե:

Կարծես մեռե՜ր են Քաղքին մեջ մյուս կյանքերն ինքնագոհ

Միայն Սարսափն այդ ահեղ բանակներուն` կու տա գրոհ.

Սիրտերն հըզոր կը տրոփե՜ն, և միշտ կ’ըլլան լըսելի

Սովալըլուկ կողերու բաբախյուններ ահռելի.

Կը կըճըրտվին ակռանե՜ր, ու կը ծամվին լեզունե՜ր.

Քաղցը ինքզինք կը կըրծե, գազանի պես շաղղակեր:

Ախորժակներն, ավելի գըրգըռված եղկ արևեն,

Կը զայրագնին ու քարեն իսկ հացի հոտը կ’առնեն:

Դուն կը լըսե՞ս, ո՛վ Ընկեր, գըռեհներեն բյուրավոր

Մըշտագալար փորերու խուլ աղաղակն ահավոր:

Բիբերն հանկարծ կ’ընդլայնի՜ն, և ըղեղները կ’եռա՜ն.

Կը սեղմըվին բըռունցքներն` ուր կը ձուլվի Ապագան.

Ճարճատյունին ընդմեջեն կըմախներու տըրտմագին

Աստվածային ոճիրներ կանչող ձայնե՛ր կը լըսվին:

Օ՜, այս սիրտերը հըսկա, որոնց տրոփները, նըման

Փոսապեղի մը բրիչին հարվածներուն, կը թընդան.

Օ՜, բազուկներն այդ ստրուկ, խարանված բորբ երկաթով,

Որոնք կարմի՜ր պիտ’ ըլլան օր մը գանկե՛ր դարբնելով.

Օ՜, այդ քայլերն, որոնց բիրտ սանդալներուն հունչը գոռ

Փողոցներուն թե՛ երգն է, թե՛ մահազանգն ահավոր.

Օ՜, իրաններն այդ ռամիկ, այդ մարդակներն` որոնք ցանգ

Աշխարհը վեր են բըռներ, ու փըտեր են անոր տակ…

Ատոնք բոլոր մըրրի՛կ են, ատոնք բոլոր կայծա՛կ են`

Որոնք գոռան պիտի օր մ’ու Մարդկությունը սարսեն:

Վաղն, ո՛վ Ընկեր, պիտի այս ամբարտավան Քաղքին վրա

Ճայթի Ամպրո՛պն, ու վառե հազար ջահերն իր հըսկա,

Զի կը տեսնե՞ս գըռեհներն, հույր աղիքները անոր,

Գետնահարկերը խոնավ, կոյուղիներն աղբաթոր.

Եվ կը տեսնե՞ս անոնց մեջ Քաղցին ճիվաղն հոգնահեռ`

Ով քինահույզ կը սողա, կուշտին կը կրե կայծակներ.

Վաղն, ո՛վ Ընկեր, ո՛վ Ընկեր, Քաղաքին վրա այս գոռոզ

Պիտի Ամպրո՜պը ճայթի, վառե ջահե՜ր բարբարոս:

43. ՄԱՅԻՍ ՄԵԿ

Քընարս այսօր կըտըրտելով լարերն իր,

Ձե՜զ կը կանչե Արևելքեն Արևմուտք,

Ո՛վ դուք

Հաց՛ի զոհեր, որ ունիք միշտ արևու

Պասուք:

Այս առավոտ` գըտա հասակըս թաղված

Հեղեղին մեջ շուրջըս ծաղկած վարդերուն.

Եվ կանգուն`

Խմեցի ավիշն հողին, երգերը բոլոր

Բույներուն:

Ինծի՛ եկեք, ես կախարդն եմ Մայիսին.

Ձեր քըրտինքն ես կ’ընեմ գոհար ցողն անգին

Վարդին.

Կը հեղում ձեր ոսկորներուն մեջ ցամքած`

Արփին:

Ինծի՛ եկեք գործատունեն` ուր երկար

Շաղվեցիք դուք մեր աշխարհին ցեցակեր

Նո՛ր հիմեր.

Փուռեն` որ ձեր գըլխուն, սըրտին վրա` մոխիր

Է ցաներ:

Ինծի՛ եկեք նավարանեն` ուր կռեցիք

Նավեր, վաղվան ձեր դագաղները պողպատ

Ելե՛ք արդ

Աղիքներեն հողին, ճահճին արգանդեն,

Դա՜շտն ու ա՜րտ:

Ինծի՛, ինծի՛ եկեք այսօր բոլորնիդ.

Սիրտս ա՜յնքան բոց ունի, հոգիս` ա՜յնքան լույս`

Որ ձեր խյուս

Ցեխերեն իսկ կը շաղվեմ նո՛ր Մարդկություն

Եվ նո՛ր Հույս:

Հերի՛ք հյուծաք նըկուղներուն մեջ խոնավ,

Եվ ունեցաք միշտ կարոտ, նման խըլուրդի,

Օդի,

Եվ ժանգի պես երկաթներուն փարեցաք,

Նոթի՜:

Թող ձեր մուրճն ա՛լ չըկայծակե սալին վրա.

Մըխված մընան թող ատամները սղոցին`

Հեցին.

Կոճղին խըրված` թող խեժերեն ժանգոտի

Կացինն:

Ի՛նչ փույթ թե որբ մընա շարժիչ մեքենան,

Եվ գործատան մեջ ճիվաղներ սողան լուռ.

Ի՛նչ փույթ ո՛ւր

Դառնա ճախրակն, ու խորտակվին լույծ փոկերն

Ընդհանուր:

Դե՛հ քրտնաբույր ձեր շապիկներն հանեցեք.

Թող ճենճոտած ձեր գըտակները նետվին

Հնոցին.

Գլուխնիդ այսօր պիտի սուզիմ արևուն

Բոցին:

Ինծի՛ եկեք, եկեք ինծի՛, Եղբայրնե՛ր,

Ձեր ամենուդ այսօր տոնն է Մայիսի,

Վասընզի

Հողն ըստեղծիչ, ձեր ըստեղծիչ արյան լոկ

Կը խոսի:

Զեփյուռն ահա՛, ո՛վ տառապյալ հոգիներ,

Ձեր կուրծքերուն բացե՛ք վերքերն` իր անգին

Խունկին.

Աղբյուրն ահա՛, թո՛ղ գըլուխնիդ իր լույսին

Հակին:

Դեղձին ահա՛, ծաղիկներն իր կ’անձրևե

Ձեր կոշկոճված ձեռքերուն վրա արյունոտ.

Եվ կարոտ

Կը զգա մայրին` որ գըրկեք զինք թևերով`

Վիրոտ:

Ահա Արև՜ն, Արև՜ն ահա. լոկ ձեզի`

Այսօր կ’նայի. կը համբուրե միայն ձե՛ր

Ճակատներ.

Ան` բոլոր մյուս ճակատներուն վրա իշխող

Է թըքեր:

Ձե՛րն են դաշտեր, ձե՛րն է Քաղաքն, որուն լուռ

Փողոցներեն պետք է անցնի լոկ այսօր

Ձե՛ր թափոր,

Դրոշներ ծըփան, ծաղկին հույսեր, և գոռա

Շեփոր:

Հանգի

Link to post
Share on other sites

Հանգի՜ստ երգեն թող ձեր բոլոր արծիվներ.

Հանգի՜ստ երգե քընարս, որուն, ձեզ համար,

Իբրև լար,

Ես արծիվի տըվի այսօր աղիքներ`

Որ գոռար:

Թող ձեր շեմերը ողողվին վարդերով:

Երբ գա լուսինն ու իր բիբերը բոցե

Հածե`

Բալասանո՜վ թող այս գիշեր ձեր դուռներն

Օծե…

44. ՀՐԱՇՔԻՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Աղջի՜կս, եկո՜ւր, քեզ տանիմ

Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն

Վըճիտ Աղբյուրն Հըրաշքին:

Հիվանդներուն թափորն անոր կը դիմե

Արևին տակ հազալով:

Լուրթ ու կարմիր վարշամակով, խուռներամ,

Կ’երթան դանդաղ. կը լըսե՞ս ձայնն աղոթքին

Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն:

Ձեռքդ ինծի տուր դո՛ւստըր, աչքերըդ ծածկե

Ձյունասպիտակ քողիդ տակ`

Որ ըզգաս խոր – մինչև դըպչիլը հոգվույդ –

Արեգակին հոտն առողջ`

Որ շուրջը մեր կը բարձրանա ավասիկ

Անդորրավետ այգիեն:

Տերևներուն տակ լայնշի

Կը կարմըրին ողկույզներն, որքա՜ն ատոք.

Որթատունկին կորակոր

Կարծես գինին – որ աշնան

Ծունկերուդ ուժ պիտի տա –

Հողին վըրա պիտի թափի անհամբեր:

Քալե՛, աղջի՛կըս, քալե՛,

Մո՛տ է Աղբյուրն Հըրաշքին:

Վատախտարակ ամբոխը զայն չըծածկած,

Աղջի՛կըս, տե՛ս, ինչպե՜ս հըզոր կը բըղխի

Ժայռին ծոցեն գուռին մեջ:

Սարավանդեն թըխապըտուղ մորենին

Անոր վըրա է կախվեր:

Ո՜րքան մարգրիտ ակին մեջ.

Եվ գուռին մեջ ո՜րքան լույս:

Հովիտին խորը թագնված

Ան ադամանդ ու երգ է,

Երգ մըն է ան` մենության մեջ գըլգըլուն`

Որուն ի լուր մայր բընությունը շուրջի

Գիշերվան մեջ կ’ավշավետի, կը մեղմե

Ծըլարձակման աշխատանքն իր ծանրակիր:

Հեռուներե՜ն ու խորերե՜ն ան կու գա.

Կ’անցնի թագուն անձավներե` ուր առկախ

Շըթաքարեր կան լազվարթ

Նայադներու աչքերուն մեջ արտասվող,

Ուր կա սառույց բյուրեղյա`

Որուն հազիվ կը հասնին

Մայրիներուն վիմապատառ արմատներն.

Հոն կան բրածո ադամանդյա խըլուրդներ,

Մարգարտացած հին օձեր,

Հոն կան հուրեր, լույծ ոսկիի լըճակներ,

Լայնածավալ անտառներ`

Իրենց մեջի մրրիկներով ածխացած…

Հեռուներե՜ն ու խորերե՜ն ան կու գա:

Եվ կը պատմեն թե առած է ա՛յն օրեն

Պայծառությունն իր լուսեղ`

Երբ սըրբուհի մը մոտակա գյուղերեն

Եկավ անոր մեջ լըվալ

Համեստ աչքերն այր մարդե բնա՛վ չհամբուրված:

Ո՜հ, ջուրն է սուրբ, աղջի՛կս, ջուրը դեղ է`

Գերեզմանի հոտ բուրող

Ամեն տեսակ ախտերու:

Հիվանդներու հոտն ահա

Ի՜նչպես անոր լույսին վըրա կը հակի:

Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և ջուրին մեջ կը հազան.

Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և ջուրին մեջ կը տըքան:

Կիներ են, տե՛ս, որ բընավ

Վարդ շըրթունքներ և վարդ այտեր չունեցան.

Ծըխախոտի արտերուն մեջ թունաբեր

Ծառին բունին վրա բուսնող

Սունկերուն պես դեղնեցան:

Իրենց արգանդը երբեք

Բեղմնավորել չզորեց սերմն առնական:

Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և կը կապեն մաքրենի

Մորենիին ճյուղերուն

Հարսանեկան նուրբ նարոտնին իբըր նվեր,

Ու ավասիկ պտուկներն իրենց ծիծերուն

Անգամ մըն ալ կը թաթախեն Աղբյուրին

Զովության մեջ, ու կ’ըմպե՜ն…

Տըղաքներ են, պատանիներ ջլախտավոր,

Գործատունի մեջ ծընած,

Որոնց աչքին մեջ խուժեց

Արյուն մ’հիվանդ ու տեռատես, կամ որոնց

Թևն ու սըրունքը, մեքենան հաստաբեստ

Իբրև վիշապ մ’ամեհի`

Խըլեց, խառեց, կուռ ժանիքովը կասկեց.

Կու գան ահա՛ նըվիրական ջուրին մեջ

Լըվալ իրենց Աշխատանքի վերքերուն

Բերանն հրաբորբ, և բիծերն

Իրենց երկար թարթիչին:

Կույսեր են, տե՛ս, ժանեկազարդ քույրեր են`

Որ բարձին վրա հալեցան

Փըրփուրներու պես անգայտ,

Որոնց թոքին կեսն, ավա՜ղ,

Դատարկեց որդը սիրո,

Եվ արդեն իսկ պըտըղցուց

Սըրտերուն վրա իր սողոսկյունը ցըրտին:

Ահա լայնշի քողերուն տակ կը հակին

Աղբյուրին վրա, կը խըմեն փա՜կ աչքերով.

Ավերն իրենց դեմքերուն

Չըտեսնելու համար խորունկը ջուրին`

Կը խըմեն փա՜կ աչքերով:

Եվ կը զոդեն մազերնեն փունջ մ’օծանուտ

Մորենիին` արդեն նվերով բեռնավոր,

Ու կը դառանան մըմունջներով աղոթքի

Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն:

Դո՛ւստըր, ահա մինակ ենք.

Հավատքը թող տաք անձրևի մը նըման

Մեր սըրտերուն մեջ ցողի:

Եկո՛ւր, եկո՛ւր, ո՜վ իմին Սերս անուշակ,

Զանակացոլ ավազուտին վըրա նուրբ

Ծալլե ծունկերըս դողդոջ

Եվ Աղբյուրին վրա ծըռե:

Ահա ես քողդ ե՛տ առի. ո՜րքան լույս

Ճառագայթեց դեմքիդ վրայեն` ակին մեջ:

Կարծես բերնին մեջ Աղբյուրին` երկինքեն

Աստըղ մ’ինկեր կը ցոլա:

Ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե՛…

Եվ թող կուրծքիդ տակ մեռնի

Եղեռնավոր սերն այն հըպարտ պարմանին`

Որ քեզ տվավ իր մատանին, սիրտը` ո՛չ:

Մի՛, մի՛ հազար, ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե՛:

Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով

Է քաղցրացած, թախիծդ ընդհուպ կը բուժե.

Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված

Շուշանի պես` պիտ’ բուրեն

Գեղ ու առույգ թարմություն.

Եվ երբ քալես պիտի սըրսփա միսըդ հույր

Բյուր ձևերով ներդաշնակ:

Ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե.

Եվ Աղբյուրին ձոնելու

Նըվերըդ ահա՛, կը տըրոփի ափիս մեջ.

Տատրա՜կն է այս Աստղիկին,

Վարդ կըտուցով, փետուրներով ձյունաթույր

Տատրա՜կն` որ միշտ թևածեց

Շուրջը գըլխիդ, ըստինքներուդ վրա թառած`

Խըմեց ջըրիկն իր անհագ

Սըրտիդ ակեն վիրավոր:

Այս` քու հիվանդ սիրույդ պատկերը, մորթե՛,

Գուռին քարին վրա մորթե՛:

Հերի՛ք ծոցիդ մեջ գըգվես

Գըլուխը ժիր և մագիլներն իր խոցող:

Հերի՛ք լուսեղ ափիդ մեջ

Կերցընես կուտն իր անգին.

Աստղիկի պես տատրակը վարդ կըտուցով,

Գուռին մամռոտ քարին վրա,

Մորթե՛, աղջի՛կըս, մորթե՛:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

33. ԼՔՈՒՄԿորիցէ օրն` յորում ես ծնայ:ՀՈՎԲ. Իրիկուն է: Մեր տան դըրան առջևի Պարտեզին մեջ բարտիներուն ըստվերներն Անհունորեն կ’երկարին: Իրիկուն է: Այնտեղ մինակ և տըրտում, Ջըրհորին եզրն արմըկած` Վար կը նայիմ, կը նայիմ խո՛րն ու կու լամ: Ներսը, տան մեջ, հանդարտավետ երգելով` Հանիիս հետ մայրըս խաղող կը հընձանե, Ու եղբայրներս, իր չորս դին, Ողկույզներուն բույրեն արբշիտ կը կայտռեն… Ո՛չ ոք, ո՛չ ոք գիտե վիշտն` Որ թոքերուս մեջ, զերդ խաշխաշ թունաբեր, Արագորեն կ’ուռճանա. Ո՛չ ոք գիտե թե ի՜նչ կերպ Հուսհատություն օրե օր զիս մահվան հետ Կ’ընդելացնե, թե կ’երթամ ի՛նչ ճամբայով Կյանքիս մոխիրն ես իմ ափիս մեջ կըշռել. Մահկանացու նայվածքներու վարագույր Պիտի ըլլա սարդի ոստայնը` զոր ես Լռությամբս հոգվույս ավերին վրա կը հյուսեմ: Դուն գիտես լոկ ճակատագիրս ահավոր, Ո՛վ Լուսնկա ուրվադեմ, Որ հուրին մեջ տըրտմաթախիծ կը ժըպտիս Եվ զիս քեզի՛ կը կանչես: Դո՛ւն գիտես լոկ թե ի՛նչ հողով թունավոր Թըրծըված է բաժակն այն` Որով կյանքս իմ խըմելու եմ սահմանված. Ու կը խոկաս բախտիս վըրա, կը գըթաս. Յուրաքանչյուր շիթն արցունքիս` որ կ’իյնա Խորության մեջ ջըրհորին` Կ’այլանդակե դեմքդ, ու հառաչել կու տա քեզ: Կանո՜ւխ է դեռ, իմ ձեռքերս իմ արյան մեջ Թաթխելու դեռ կանո՛ւխ է: Երբ շիրմաբույր իմ գոյությանըս կարոտ Սըրտերուն մեջ, սըրտերուն հետ նախ մեռնիմ. Եվ հանձնեմ քնարս աստվածներուն ոլիմբյան, Որ կը դարձնե դեռ հաճո Իմ կյանքս ուրիշ արեգնամոլ կյանքերու. Երբ հույսի Ուղտն, ալ խոնջ, ծալլե ծունկներն իր Անապատին մեջ օրերուս անծաղիկ, Այն ժամանակ, մըտերի՛մ հոր, Ամեն անոնք, որ ինձ դափնի կը քաղեն, Պետք է դառնան, թող դառնան, Շուրջն եզերքիդ, մեռելապսակս հյուսելու. Քանզի այն օրն, անիծելով հայրական Համբույրը կույր` որ եղավ Իմ սև սերմիս առաջնորդ, Դարձյալ քեզի՜ պիտի գամ, Քու երազկոտ, նիրվանական ջուրերո՜ւդ` Ուր ճակատեն կը սըրբըվի` արևուն Խարանը պիղծ, կը լըվացվի ամեն տարր Ու ամեն հոդ կը հաղթըվի, կը թողու Հոգին ազատ, հոգին մաքուր, մըտնելու Գիրկն Հանգիստին: Դարձյալ քեզի՜ պիտի գամ, Այսպես խաղաղ իրիկուն մ’երբ տնակին մեջ Մայրըս կ’երգե, ըզբաղած, Մահվան սաստիկ ծարավեն` Չըդընելով ուշ եզերքիդ բաղեղին` Որ գըթությամբ պիտի կառչի քըղանցքիս, Պիտի նետեմ մարմինս այս խոնջ, կարեվեր, Խորհուրդիդ մեջ… իմ հետին ճիչս օրհասի` Խորության մեջ դարձդարձիկ` Պիտի գանգյուն տա քարերուդ միջև թուխ, Որուն ի լուր` մերձակա Դըռնեն մայրս իմ լեղապատառ պիտ’ վազե. Սակայն զարթնուն պիտի քնացող ալիքներդ Ու զիս ընդհուպ ընկլուզեն. Հետո իրենց սովորական պըշնումով, Աղիտավոր գահավիժման ամեն հետք Պիտի ջընջեն: Լըռությունն` իր պատըռված Պատանքը վրաս պիտի հյուսե վերըստին Եվ Լուսնկան (որ պիտի փշրի անկումես Ծընունդ տալով հազարավոր աստղերու) Հետո դարձյալ, խաղաղիկ, Պիտի առնե ձևն իր նախկին, պիտ’ ըլլա Ջուրերուդ վրա` իմ անձնասպան հոգիես Բողբոջած մեծ արյունլըվա նունուֆար Մ’որույն արմատն ոչ ոք գիտե թե ո՛ւր է:46. ՍԻՐՏՍ Է ՀՈԳՆԱԾ Սիրտս է հոգնած, վիրավո՜ր. Ո՛չ մեկ գարնան ծաղիկներուն կը սպասե. Կին մը ապուշ մոլոցքով Զայն բըզըքտեց. արդ տասը լույս մատերեն Արյուններս են, որ հատերու պես նուռի, Կաթիլ կաթիլ կը ծորին… Սիրտս է հոգնա՜ծ, Ու սերս իր մեջ վիրավոր: Քնարս է տըրտում, փըշըրվա՜ծ. Կը սպասե ո՛չ մեկ տոնական գինիի. Կին մ’անգիտակ ոճիրով Անոր լարերն աղիքներուս մեջ փետտեց… Ու տոսախե պորտին մեջ Կըթեց թույներն իր ծիծերուն ու լեզվին… Քնարս է տըրտո՜ւմ, Ու երգս իր մեջ վիրավոր:47. ՎԱՐՈՒԺՆԱԿԻՍ Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս` Որ սըրտիս վրա բացվեցար, Եվ քեզի հետ բացիր հոգիս վըշտահեղձ Նոր երազի մը պայծառ: Հին օրորանն, որ թաղարի պես լըքված, Կ’ըլլար խըշտյակը սարդին, Կենդանացա՜վ ճըռվողյունով, բույնի պես Պաճուճվեցավ վերըստին: Արև մը նոր, շողերուն հետ աչքերուդ, Շեմիս վըրա ցաթեցավ. Եվ վանդակին մեջ կաքավս վիրավոր Կարկաջեց երգ մը անձկավ: Դուն սենյակե սենյակ թըռար դեդևուն Բույնեն ինկած ծիտի պես. Ձայնեդ դյութված` այցելեցին տընակիս Սերոբեներ լուսագես: Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս, Եկուր նըստե` ծունկերուս. Թող լուսնակի պես` մըռայլ ծոցս ողողեն Ոսկի վարսերըդ սընդուս: Շըղթայե վիզըս այդ թևերովըդ քընքույշ Նըման ծաղկե մանյակի. Ժըպտե՛ ինծի, որ ցուրտ անդունդը սըրտիս Արշալույսո՛վ բըռընկի: Խոսե՛ ինծի, անծանոթ խոսքը, զոր դուն Երկինքեն հետըդ բերիր, Կը բան շողը` վարդն, իսկ շուրթը մանկան Աստուծո մատը կարմիր: Նայե՛ ինծի, լուսնակն ինչպես կը նայի Դամբանին խորը խավար. Սերըս մեռած` պիտի առնե հարություն Ու պիտ’ ապրի քեզ համար: Քեզի՜ համար, որուն միսն է գոյացած Շուշաններու թերթերեն, Մյուռանաբույր շապիկն հյուսված է թևով Թիթեռներու նըկարեն: Քեզի՜ համար, ո՛վ իմ քերթվածըս անմահ` Զոր արյունովս հըղացա, Զոր երգեցի` հպելով սըրտիս լարերուն Լարն ամենե՛ն դյուրազգա: Քու ձեռքըդ լոկ դեռ կը բըռնե զիս կանգուն Ավազներուն վրա փառքիս. Եվ մազիդ մեկ թելը բա՛վ է կապելու Տիեզերքին հետ` հոգիս: Վարուժնա՛կդ իմ, իմ փափկասո՛ւն Դիցուհիս, Ո՛վ քընարե դու հոգյակ, Թող որ արցունքս, որ այտերուդ վրա կ’իյնա, Ըլլա ծիծաղ կամ սուտակ. Բիբերուդ թող սըրսկեն աստղե՛րն երկընքին Իմ խորշոմած ճակատիս` Որ իր վըրա, թագի պես, բա՛րձըր բըռնեց Խոր ըսպիները սըրտիս: Զի ես անդո՛ւնդն եմ` որ կ’ըլլա երջանիկ Փոսուռայի մը լույսով. Անապա՛տն եմ, որ երկինքին կը ժըպտի Իր ծըլարձակ մե՛կ բույսով:48. ԱՆԻՇԽԱՆՈՒՀԻՆ Պիտի մեկնիս: Սև պարեգո՛տդ ես հագած. Ներքև քու այդ բաղեղնազարդ փեղույրին Դուն կը թըվիս զոհ մը ինծի` բարձրացած Մարմարակերտ բագինին: Զո՜ւր հուսացի օծումն հոգվույդ սիրահալ Դուն փափկությունը չունեցար կիներուն. Մատերդ հինա չըներկեցիր, և ոչ ալ Հավերուն կուտ տըվիր դուն: Միշտ սերտեցիր Մարգարեներն ռահվիրա Քու կուսական գիշերներուդ մեջ արդար. Եվ Բրյուտոմի եղեռնաբույր գանկին վրա Գարուններով թուխս նըստար: Դուն կըկեցիր դավեր և ռումբ շաղվեցիր. Գաղափարի հուրե՛րն աչքերդ բըղխեցան. Սև գանգուրներդ, ուսերուդ վրա ցանուցիր, Եղան դրոշակը Մահվան: Ռունգրըդ արդ կը բաբախեն բոցանուտ Հորիզոնին դեպի հովերը անհուն. Կը փըրփըրի մարմինիդ մեջ կենեղուտ Հըրդեհն հըզոր գահերուն: Բո՞ց կը տանիս պալատներուն` թե ժանտախտ… Ծըրարվեր են շանթեր սըրտիդ մեջ խորով. Օրենքներուն, թագերուն վրա ձեռքդ է լա՛խտ, Գիրգ ձեռքըդ` լի վարդերով: Հակառակ իմ տարփանքներուս կ’երթաս դու: Զո՜ւր տեղ ըզքեզ խընդրեցի հարսն իմ հյուղին. Սիրտդ է պըտուղ մը նըռնագեղ` որ կ’հեղու Թո՜ւյն` ափին մեջ բացողին: Գընա՜, և ես թող միամիտ հավատամ Թե պիտ’ դընեմ օր մը գըլուխիդ պըսակներ, Եվ ռումբը սա` զոր հիշատակ քեզ կու տամ` Օր մը Աշխա՜րհն է ջահեր:49. ԵՓՐԵՄ Դագաղն արդեն փակվեցավ. վըրան վարդեր Շիրազի, Սուր մը հըսկա, դեռ ջերմիկ, ուրկե արյո՛ւն կը հոսի: Կափարիչին տակ կը նիրհե, անմահությամբ սըրարբած, Շանթն Աստուծո` խորտակված: Զինվորներ լուռ կ’արտասվեն. թնդանոթները կ’ողբան Ահեղ անունը անոր, բարձունքներուն վրա լերան, Եվ ձորերուն մեջ` իրենց պողպատակուռ երախեն Կ’հեղուն արցունք հըրեղեն: Եփրե՜մ… անունդ ավասիկ քանդակվեցավ խորասույզ Արծիվներուն կուրծքին վրա, և ճակատին վրա դարուս, Անուն մ’որ միշտ կայծակո՛վ փորագըրված պիտի մնա Ազատության սուրին վրա: Երիվարիդ վրա անցար` ինչպես ամպրոպը կ’անցնի` Տանելով կրակն երկնային իր ծոցին մեջ հոլանի. Դուն լոկ պատանք ըզգեցար, սըփռեցիր քու ծիրանին Ժող’վուրդներու քամակին: Կարիպալտին` Հռովմինն է, և Բոնաբարդ` Ոճիրին. Կը պատկանիս դո՛ւն միայն Ազատության Ոգիին: Ըզքեզ խրճիթ մը ծընավ, հայ վիշտը քեզ օրորեց. Այդ վիշտին չափ եղար մեծ: Հայրենիքն այն, զոր քու մեծ ըստվերովդ իսկ լեցուցիր, Ի՛նչ փույթ թե օր մը հյուղիդ քարերն ըրավ ցանուցիր, Գերիներու շըղթան ա՛յժմ էր քավությունը ինքնին Հազկերտներու ոճիրին: Պատառ պատառ կը հոշվեր ձեռքերուն մեջ Բըռնության Հաֆըզներու երկիրն հեգ, սոխակներու Վարդաստանն: Հարկ էր փըրկել Գեղեցիկն ու Գաղափարը ցանված. Կապեց սուսերըդ` Աստված: Նըժույգդ հեծար, հեծար այդ կայծակնավազ կենդանին` Որուն չհասան քամիներն ու ետևեն հևացին. Մռունչը փողիդ թավալեց գոռոզ վաշտերն հըրեղեն` Եվ Ահրիմանն` երկինքեն: Քաղաքներուն ապըստամբ դըռներն ի փուլ բացվեցան Հրանոթներուդ կատաղիշունչին առջև հրահոսան: Խըլեցիր թագն Իպլիսին, ու զայն դըրիր վերըստին Մանուկի մ’հեզ գըլուխին: Փախան Շահե՛րն առջևեդ. Պատմուճաննին պատառտուն Հազիվ բավեց ըլլալու պատանքն իրենց զորքերուն: Սիրեց նըժույգդ հաղթական դընել անոնց գահին վրա Լուսաբուղխ պայտն արյունլվա: Դուն սիրեցիր ողջունել ծագող Արևն Իրանին Աստվածորեն միշտ կանգնած թընդանոթիդ կատարին, Կառքիդ ետև շըղթայած` բերիր գերի բանակներ Ժողովուրդիդ զերդ նըվեր Բայց ակոսն այն, զոր սուրովդ հողին լանջքին վրա բացիր Պետք ուներ քու արյունիդ` որ բողբոջեր լուսալիր. Եվ մարմարյա՛ ճակատեդ պոռթկաց Արյունդ հըրաշող Արշալույսին պես ծագող: Ինկա՜ր… նըման արծիվին որ կ’իյնա վա՛ր ամպերեն` Ճանկին մեջ շանթը շոպած, հոգվույնմեջ մաս մ’արևեն. Անհունին մեջ քու անկումդ` ինչպես նաև սըրտերու` Բացավ ակոս մ’ահարկու: Ով որ զարկիր թուրիդ տակ` դյուցա՛զ մ’ըրիր զանիկա: Դյուցազնացար մ’ավելի դուն քու մահովըդ հըսկա: Ա՜յս է վըճիռն, երբ Աստված կարկառե պսակը փառքի` Հանճարն հարկ է խոնարհի: Խոնարհեցար արյունլվա` խորության մեջ անոհւնին Ինչպես Արևն հըրավառ կ’ընկըղմի ծոցն օվկիանին. Մարմինս` Անդունդը առավ, սուրըդ առավ` Եհովան, Անունդ առավ` Ապագան: … Կ’երգե Իրանն հաղթանակ, արդեն կու գա նոր Գարուն, Եվ կը հյուսվի դափնիի ճյուղ մը` քնարիս լարերուն: Իսպահանի լիճերուն մեջ կարապներն աղվական Մարգրիտներով կը լոգնան: Զո՜ւր է, Եփրե՛մ. Մինչ ազատ Ժողովուրդները արդեն Պըղընձախյուսն արձանիդ Արշալույսով կը շաղվեն, Հո՛ն, շիրմիդ վրա, հերարձակ Մայր մը կա միշտ ցավագին Լըքվա՜ծ Վիշտին մեջ կըրկին:50. ՄԱՏՅԱՆՆ ԱՀԱ…Բարեկամիս` Հովհ. Պալյանին Մատյանն ահա` զոր խոստացա… Երբ գըտնես Հոն դարերու կյանքին Երազն ահատակ, Եվ Բագոսի քըրմուհիներ վարդերես Որ կը պարեն բըլուրին վրա, լուսնին տակ, Եվ աստվածներ` որ կ’ուզեն սիրտն Հոմերին Դե ողջակեզ, կամ Մեսալին մ’հըրաչյա` Որ պատանքի տեղ կը սըփռե ծիրանին Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա, Երբ հոն գըտնես Պոմպեյի գիշերներ, Նո՛ւռն` հրաբխին բերանին վրա հասունցած, Հետո այն Դարն` Հիսուսի պես կարեվեր` Արշալույսի մը երկունքեն բըռնըված: Երբ հոն գըտնես սիրտեր ճրագի պես մարող, Մաքառումներն երկաթներուն ու մարդուն, Ցեխեն կանգնող Ոճիրը խենթ, անսըքող, Որ կը խըմե արյունն անմեղ վարդերուն, Ո՛վ բարեկամ, խորհե թե Երգս է պատմեր Ցավն հաճույքին և հաճույքները ցավին. Սիրտն ըսկիհ մ’է` ուր երբ լեցվին գինիներ Աստվածներու սուրբ արյունին կը փոխվին. Խորհե թե սանձն արևաբիբ Բեգասիս Ոչ ոք կըրցավ իր ափին մեջ ամփոփել. Ագռավներուն կըռընչյուններն ամախեզ Խըրտչեցընել չըկըրցան վազն անարգել. Խորհե թե միշտ քըննադատն է միաչյա, Եվ ներքինի` բարոյագետը խոհեմ. Տառապած Սիրտն ո՞վ պիտի կշռել կարենա Նըժարին մեջ Տիեզերքին դեմ առ դեմ: Ա՛ն լոկ կըրնա ճանչնալ Երազը սրարբած` Ո՞վ կ’արբենա կյանքի դիրտովն ու խունկով, Ա՛ն որ Մարդն է` լույսով ցեխով թըրծըված, Ա՛ն որ Մարդն է` սըրբագործված արցունքով:Ավարտեցինք նաև «Գողգոթայի ծաղիկները» ժողովածուն:Այժմ ժամանակն է անդրադառնալու Վարուժանի առաջին ժողովածուին` «Սարսուռներ»-ին…

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Այստեղ զետեղված են 1902-1905 թթ.-ի գործերը:

ՍԱՐՍՈՒՌՆԵՐ

ՔՆԱՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՔ

Կը ձոնեմ խորին երախտագիտությամբ Մուրատ և Ռափայել բարերարներու անմահ հիշատակին

1. ՄՈՒՍԱՅԻՆ

–«Թևերս, ուղիղ դեպի բարձունքըդ վըսեմ`

Քնարըդ կ’ուզեն, կ’ուզեն քընարդ. երկընցո՛ւր:

Կը տրոփե մեջս երգերու սաղմն. կը սպասեմ,

Ե՞րբ պիտ’ տըրվի անոր ծնուցիչ քու համբույր:

Երգե՜լ կ’ուզեմ. թող սարսըռա բընությունն

Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի`

Մանկան առջի բընազդական դըպչելուն.

Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի:

Երգե՜լ կ’ուզեմ. որոտներն ի՞նչ կ’ըսեն մեզ,

Կ’առնե խոսք մ’հովն ամպեն, հովեն ալ` ջաղաց,

Բա՛ռ ունի աստղն. երգել, երգե՛լ կ’ուզեմ ես,

Զի կը խոսին երգով Բնությունն ու Աստված:

Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,

Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,

Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,

Եվ գլուխս` Էին գաղտնիքներուն դեմ բախել:

Գըրված է Սերն` վարդին, Հավատքն` աստղին վրա,

Զանոնք հեգել կ’ուզեմ քընարի շըրթունքով,

Կ’ուզեմ բնությունն հորինել քող մը ծաղկյա`

Մտածման ամեն ձև իր ներքև քողելով:

Տո՛ւր, ո՛վ Մուսա, տո՛ւր այդ քընարըդ բըռնած,

Պիտ’ իմին սիրտս, իմին աշխարհս ըլլա ան`

Ուր գաղափարն պիտի բնակի զերդ Աստված,

Վեհ գաղափարն աչքերով բո՜ց, թռիչքով լա՜յն:

Անոր վըրա պիտի հալի խանդն հոգվույս,

Անոր վըրա պիտի սիրտս հար քըրտընի,

Ինչպես կարմիր և սարսըռուն արշալո՛ւյս

Մը` սեզերուն, հասկերուն վրա գարունի:

Պիտի այդ քնարը կապե իմ շըրթներուն

Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրագին,

Եվ պիտի այդ համբույրն ըլլա բուռն, անհուն,

Համբույրին պես` տըրված ծովեն եզերքին:

Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ`

Մարմնավորված իմ արյունես, շարժումես,

Ներշընչելով տողեր, թուշի ակոսներ,

Ուր, հողմակոծ, պիտ’ ծըլի վիշտն աղեկեզ:

Պիտի մռընչեն զարհուրանքները կյանքին`

Մե՛ջը սուզած` արդարության, բարության.

Սըրբազա՜ն քնար, պիտ’ լարերն իր մըկըրտվին`

Մարտիրոսված եղբայրության ավազանն:

Ո՛վ սուրբ Մուսա, Մուսա մատաղ, լանջաբաց,

Կարծես դու նո՛ր ձըգած աստղե օրոցքդ հուր.

Ո՜վ վարդ կույս, դո՛ւ, ժողովուրդին խոստացված,

Լայն սերերո՜ւ դու խոստացված քնարըդ տո՜ւր:

Երիտասարդ` բայց շուտ ճանչցած շատ բաներ`

Գիրկը՛դ կու գամ երազելու առանձին.

Մեկդի թողած ե, ժըպիտ, խաղ ու պարեր,

Նորընծա եմ գաղափարի աշխարհին:

Թևերս, ուղիղ դեպի բարձունքըդ վըսեմ`

Քնարըդ կ’ուզեն, կ’ուզեն քընարդ. երկընցո՛ւր:

Կը տրոփե մեջս երգերու սաղմն. կը սպասեմ,

Ե՞րբ պիտ’ տըրվի անոր ծնուցիչ քու համբույր»:

Այսպես ըսի: Եվ պատասխանն աղեկեզ`

Մուսան` վերեն հովին հանձնեց դեպ ինծի.

–«Տենչիդ ըզգո՜ւյշ, այս քընարս է շիված, տե՛ս,

Սև նոճիե, փթթում մահվան ավիշի:

Թըշվա՜ռ հոգի, անոր լարերն են բերված

Փետըռտըված գանգուրներեն որբերուն.

Կ’երթան երգերն, հևհևալով, սըրընթաց,

Ուր որ կ’երթա ոտքը բոպիկ` խեղճությունն:

Հեռո՜ւ ասկե. գիտցած ըլլաս` որ այս քնար`

Քամահրանքով պիտ’ անտեսեն ձերիններ.

Զի օտարին ոսկվո՜ւյն քով իսկ` ձեր գոհար`

Աչքերնուդ շո՛ղ մըն ալ, ըստեպ, չի ցայտեր:

Պիտի գոցե իրենց ալիքը բուստերդ,

Եվ փուշերու, եղիճներու մոխիրով

Պիտի թաղեն կայծերն հոգվույդ բոցակերտ`

Նըվագներուդ ողբը քեզի՜ դարձնելով:

Հեռատեսե՛. ապագադ խիստ մըթին է.

Հեռատեսե՛. գերեզման մ’է ապագադ.

Խանձարուրեդ պիտի օրոցք մը չելլե.

Պիտ’ չը գըտնես միջոց թռիչքիդ համեմատ:

Ժողովուրդի՞ն ըլլալ կ’ուզես մո՜րդ չեղած.

Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կը սպասե.

Արևմուտքի մեջ ծաղիկներդ ընձյուղած

Պիտի խորշակն Արևելքի ազազե:

Մըտածումի, ըզգացումի այս ճամբուն`

Խընդի արևը չէ սըփռած իր շեկ բաշ.

Հոն կը շըրջի Աբովյանի մ’հեգ ուրուն,

Հոն Դուրյանն է լացած, տըխրած Պեշիկթաշ:

Ի՛նչ կ’ուզես քնա՜րն, որուն շանթերը մեջի`

Պիտի հաճո չը մըռնչեն շատերուն.

Որուն վրայի քողն է սև քող մը խեղճի,

Թեպետ ըլլա մեջն արշալույս մը շողուն:

Ի՛նչ, այս քնա՞րը կ’ուզես, քնար սև փայտե՜.

Այս` վերքերու գործի մըն է, այս է հուր.

Ապագադ է, այս` դագաղդ է, անո՜ւնդ է»:

Ես, անհողդողդ, ըսի անոր.

– Ըլլա՛, տո՜ւր:

Link to post
Share on other sites

2. ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛

http://www.armenianhouse.org/varujan/poems-am.html

3. ՁՅՈՒՆԵ ԴԱԳԱՂԸ

Հոս կը պառկի: Ոսկե ձեղուն չը կա վրան.

Եվ պատեր պերճ, դիպակազարդ, անսասան`

Ցուրտը դըրսի` ներսի տաքեն չեն բաժներ

Նըկարներե նըկար մրափուն իր աչքեր

Հեշտ երազի մ’ետևեն չեն թափառիր.

Եռոտանվույն վըրա հալվեն չի վառիր:

Հոս կը պառկի: Քուն մըն է այդ` որ երբեք

Պիտ’ չը բանա իր այդ գոցած աչքերն հեգ.

Գիշեր մըն է` որուն արգանդը մութի

Պիտ’ չհըղանա արշալույս մ’իսկ` որ փըթթի:

Ան իր գըլուխն հըռըլտյունո՛վ վար դըրավ,

Եվ աղոթքով ալ պիտի վեր չառնե բնավ:

Երեկի ձյունն անոր դագաղ մ’է ճերմակ,

Այսօրվան ձյունն ալ` կափարիչ մ’ըսպիտակ.

Բնությունն ուզեց այդ մարմընույն մերժըված

Պատըսպարան մը նըվիրել, ո՛հ, առա՜նց

Մըտածելու թե գերեզման մը կու տա:

Հե՜գ մոլորված, սա գինետան մոտակա

Դըռնեն ելավ, և անգիտակ, խոլ, ինքնին,

Ինկավ դըրան առջևը սա պալատին:

Արբեցած էր: Ձյունի մեջ ըլլա՛լը չըզգաց.

Հոս չը կար վիշտ, չը կար լալոնը մանկան,

Եվ ողբը մոր ա՛լ անկարող դիեցման.

Չը կար խեղդուկ ձեղուն, խավար և բորբոս,

Չը կա մըրուրն առկայծ ճրագին. լավ էր հոս:

Լա՜վ էր այստեղ:

Սառ բուրգին տակ եղավ սառ,

Եվ սա քարե սեմին վըրա եղավ քար,

Հոն դընելով ահռելությունը կյանքին.

Եվ իր ուրուն պտըտցնելով` ներսն հեշտին

Ննջողներուն երազին մեջ, իբր օձ մի`

Որ զինք ճընշող գավազանին կ’ոլորտի:

Ա՛լ բնությունն այս իր խորթ որդին ընկեցիկ

Մոռացոնքի մեջ թող պատե. թող մարդիկ

Վաղն` այս իրենց խեղճ աքացածը տանին

Լըռության ծոցն – երկրորդ աշխա՜րհը մերին –

Երազանքի համար է մեր օրորանն,

Ու անկողինն` հույզի, շիրիմն` լըռության…

Դեմքն հեգնությամբ մը դարձած է երկընքին`

Ուրկե շող մ’իսկ չինկավ անդունդն իր կյանքին.

Ուրկե խուսած մեկ կաթիլ մ’իսկ կապտագույն`

Չը միացավ իր օվկիան սևերուն.

Մինչ շատերուն անծիր գըմբե՜թ խընդության,

Իրեն համար նեղ առաստաղ մ’եղավ ան.

Եվ չը սըփռեց լույս մ’իր քայլին այցելու`

Որ, մոլորած, կ’երթար եղտյուրն ախտերու,

Այդ երկինքն, ո՛հ, տըվավ անոր օրերուն

Սև հյուղ մը լոկ, և դիակին` ճերմակ ձյունն:

… Պիտի փայլի վաղն արեգակն անոր վրա,

Այդ մեծ ճըրագն` որ կույր երկրիս լույս կու տա.

Եվ պիտի ձյո՛ւնը շողշողա ցուրտ մարմնույն`

Պըտույտքելով անոր դեռ սև՜ մազերուն,

Ինչպես ճերմակկ եղյամն հովեն կը թըրթռա`

Սև վեհությամբ կանգուն նոճի մը վըրա:

Վաղը, ժողղված վառարանի մը չորս դին

Մինչդեռ ժըպտով մը որդիներն հարուստին

Գիրկերե գիրկ պիտի կայտռեն, – ըստորև,

Հոն հյուղին մեջ, ցուրտ անկողնի մը առջև`

Որ դատարկ է, խեղճին տըղաքն անխնա

Պիտի ճըվան. «Հայրի՜կն, հայրիկը չը կա»:

Ո՜վ լըքվածներ փոքրիկ, նոթի, ցըրտահար,

Պիտի այլև՛ըս չը դառնա ձերին հայր.

Թերևս առանց ողբացվելու ձեզմե` զայն

Փութկոտորեն մոռացումի հողին տան.

Զի մարդըս այնքա՜ն կը շտապե` մեջտեղեն

Վերցընելու իրեն նըմանը արդեն:

Ան հոն է, հեռո՛ւն մեծ տան մը սեմին`

Ա՛լ անկենդան տարածված է իր մարմինն:

Հոն սըգավոր աչք մ’իսկ չը կա` որ զինք լա.

Դագաղի ծածքը սև չիյնար իր վըրա:

Հավերժորեն գիշերն իջավ ծոցին մեջ.

Թույլ երակները չունին ա՛լ ելևէջ.

Ցուրտն իր ներսի` դուրսի ցուրտին միացած`

Խեղճն ըրին մարդ մը սառույցե հորինված.

Սև քուրջերուն, կընճիռներուն մեոջ ճակտին

Կը քընանա կարծես սոսկումն ահագին.

Կե՛ս բաց շըրթներն (ձյունե ակոս դեմքին վրա)

Կ’ըսեն կարծես. «Ինձ գերեզմա՞ն մ’ալ չը կա»:

Պիտի բացվին դըռներն հիմա պալատին.

Պիտ’ միանա ծիծաղ մ’հիմակ այս սուգին:

Ոտքի ծայրով` դիակը ցուրտ վըշտակիր`

Պիտի շարժեն և պիտ’ ըսեն. «Արթընցի՛ր»:

Եվ իր գըլուխն աստիճանեն մարմարյա

Սալհատակին քարին, անշունչ, պիտ’ իյնա…

(Ո՛հ, ո՜վ Տեր իմ, Տեր անայլայլ, անվըրդով,

Է՞ր կը փըշրես ալիքն` եկող ալիքով.

Է՞ր կը հանձնես տերևը` գուժ մըրըրկին,

Լերան ավազն` հեղեղներուն մոլեգին.

Է՞ր կը մատնես մարդը` մարդուն կեղեքման

Եվ հեգ ճակատը` ոտքերու հաղթական):

Օ՛ն, արթընցի՜ր: Եվ պիտի ան նընջե դեռ:

Պիտի ըսեն. «Հողին տըվեք, չը խըմե՜ր»:

Ի՞նչ, չը խըմե՜ր: Ոճիր մ’է այդպե՛ս խորհիլ

Դատաստան մ’է քարե սըրտի, մըտքի շիլ:

Մենք, անձնապուրծ, նավուն վըրա ջըրհերձիկ`

Անոր համար ուսման լաստ մ’իսկ փըշրեցինք,

Եվ արդ կ’ապշինք չը գըտնելնուս համար զայն`

Հոս, ծովեզերքն ազատության, փըրկության:

Անգետ մանուկ մ’էր առաջ` որ ամեն

Մեր անարդար թողլքումի շարժումեն`

Սահմռտկելով իջավ դեպի ցուրտ պատրանք.

Ու երեկվան հեգ մերժվածն (այս գիտնա՜ք)

Այսօրվան կույր կորսըվածն է` զոր կ’ատեն:

Այն նոթի տղան` որ կը վըռնտվեր մեր դըռնեն`

Այս մոլորած մաչդն է, որ մեր սեմին վրա`

Կը դառնա Վրեժը սըրբազան և հըսկա:

Ան` մեր հրածն է, որ խոցոտ քա՛ն թե գինով,

Հոս տեղ ինկա՛վ, պատե ի պատ երթալով:

Ի՜նչ, մաքրափայլ շիթը պըղտոր ուղխին վրա

Կը կաթեցնեք և կ’ուզեք ալ պայծա՞ռ մնա:

Թարմ տունկին չե՛ք տար ոռոգումն կենսական,

Սյուքի համբույրն, լույսի հեղե՛ղը գարնան,

Եվ կ’ուզեք ալ` որ հողմնավար, ազազուն,

Անցքին վըրա չը կառչի՞ ձեր ոտքերուն:

Աղքատությունն ըզմարդ կ’ընե ախտավոր.

Բյուր գինովին ինն հազարն են չըքավոր:

Զիրենք մոռցող աշխարհն մոռնալ կը ճըգնին`

Ալքոլի մեջ խեղդելով կյանքը վըշտին:

Կ’ուզեն իրենց հառաչին մեջ ու լըքման,

Եվ լացին խորն իրենց կընոջ և մանկան`

Գտնել ցնորքի մը երազներն սատապե

Եվ խինդ մ’որ թույլ ուղեղը լոկ կը խաբե՜:

Կ’ուզեն քողեր ձըգել իրենց աչքերուն`

Որ չը կարդան ճակատագրին տողն-արյուն,

Որ չը տեսնեն մըռնչող ալիքն ոտքի տակ,

Եվ գըլխու վրա` գիշերվան սևն այլանդակ.

Որ չը տեսնեն նույնիսկ զիրե՛նք, սև՜ թաղված

Կիսով չափ խո՛րը դամբանի մ’մըթամած,

Նման լացող ուռենիի մ’որ, տըկար,

Կ’իջեցընե գըլուխը մութ վըհեն վար:

Եվ այսպես, ո՛հ, նըման շուքին, սարսուռին`

Հորիզոնեն դողդըղալով կը սահին:

Զիրենք հիշող լոկ կը ձըգեն, մերկ, անտեր,

Խոնավ հողին մեջ վիժած, փո՛քր անդամներ.

Տալով (տխո՜ւր ժառանգ` որ միշտ կը մընա)

Իրենց անցյալն` անոնց իբրև ապագա:

Կ’երթա՜ն, կ’երթան փուշի մեջե և ձյունի.

Փուշին վըրա կը սըրսկեն շիթն արյունի

Բաց վերքերե, և ձյունին վրա կը թողուն

Կաղապարներն իրենց նիհար, ցուրտ մարմնույն:

Կ’անցնի՜ն, կ’անցնի՜ն մութի մեջե, եղյամի,

Հուսալով միշտ հանգըստությունը շիրմի…

Մինչ դո՛ւ, ո՛վ մարդ, պատուհանիդ առջև, գոհ,

Կը ժըպտիս ցուրտ պըտույտքներու ձյունին… ո՜հ,

Անոնք, անգետ, կը ծածկեն, հո՛ն, քիչ մ’հեռուն,

Մարմի՜նն եղբորդ` որ կը հըծծե. – Գըթությո՜ւն:

4. ԴԱՍՏԻԱՐԱԿ

Դաստիարակն է: Կը խոսի ծանր, հըստակ.

Ձայնն աստղերեն, լույսեն կու գա:

Բառը կ’ելլե, թըռիչքներուն վրա հուր կա.

Զայն կ’արձակեն իրենց բույնեն գիրքն ու կյանք:

Թոք կը սպառե, միտք կը լըլկե, շունչ կու տա,

Եվ չի խորհիր իր վերքերուն.

Մանկության դեմ դըրած ամբողջ ծերությունն`

Կը բաժնե իր ծովը բազում լըճի վըրա…

Վըսե՜մ կոչում: Հոգյակներու մեջ հըլու,

Ըզգուշավոր հըպումներով`

Կը գըրե գութն էջերու վրա ապահով,

Կը ցանե սերն` անձնվիրություն քաղելու:

Անոնց կոկոն ուղեղին մեջ կիսաբաց

Կը զետեղե ճառագայթներ,

Եվ կը լեցնե խավարն անոր` բարեբեր

Իր գիտությունն Աստուծո մե՜ջ ամփոփած:

Եվ հավաքած ամանին շուրջն իր սըրտին

Մանկան շըրթներ` որք կը ծըծեն,

Կը բաշխե, հեզ, անոնց արյուն արյունեն.

Այդ իր կյանքն է` որ կ’անցընե ուրիշին:

Եվ այսպես օր մ’երբոր ըլլա զոհ մը, ծեր,

Մեռնելու մոտ և հոգեվարք,

Պիտ’ մընա լոկ անոր այս մեծ մխիթարանք`

Թե` իր կյանքն իր սաներուն մեջ կ’ապրի՜ դեռ:

Link to post
Share on other sites

5. ՀԱՇԻՇ

Այս բանաստեղծությունն արդեն կա այս թեմայի առաջին էջում:

6. ՏՂԱ՛Ք, ՆԵՐԵՑԵՔ

Մի՛, մի՛ ծեծեք: Ի՛նչ, խառնակե՞ց ձերին խաղ.

Կամ թե անգետ և դիպվածով, մըտազբաղ,

Ձեր գընդակի՞ն զարկավ ոտքոբ մեկեն մեկ.

Թափե՞ց մելանը թուղթներուդ. – Ներեցեք:

Ո՜հ, ներեցեք, զի հայ մըն է, մեր եղբայր.

Ո՛հ, ներեցեք, զի տըկար է, ցավագար.

Բնությունը այդ խեղճ էակն է անտեսեր.

Չէ թափած իր կազդուրող հյութն և ուժեր`

Անոր մարմնույն, և իր բոցերն` հոգիին.

Կույր կ’է եղած անոր, մինչդեռ դայակ մ’հին

Ձեզ շատերուդ: Սուգի շիթ մ’է այդ տըղան`

Որ եկավ հոս` մեր լուտանքին, նենգության

Մեջ ընելու իր սև շըրջանն արցունքով.

Թողեք այդ աստղը, հանդարտիկ, անվըրդով,

Իր հորիզոն իջնե, առանց զանիկա

Ասուպ ‘նելու, թեպետ արև ալ չըլլլա:

Թըշվա՜ռ ծաղիկ գերեզմանի, տըխրության,

Ո՛հ, փոթորկե փոթորիկ մի՛ հուզեք զայն,

Այսինքըն` խոլ բարկութենե բարկություն.

Ինչպես դուք, ա՛ն ալ սիրտ մ’ունի ըզգայուն:

Հակած ճակատն ու նայվածքները աղոտ,

Ամեն քայլին` վարանումները վախկոտ,

Եվ արցունքներն, որոնք կախած շըրթներուն

Կը թափթըփին, կ’ըսեն ձեզի. – Գըթությո՜ւն:

Երբ ծիծաղե դուք նոր ծիծաղ կը թըռչիք`

– Ինչպես գարնան աչքը ծաղկե ի ծաղիկ –

Խորշ մը քաշված` անիկա սև կը ծըծե,

Այդ զըրկըվածը խայտանքե, քըրքիջե,

Այդ վտիտ սիրտն, այդ թույլ ճաճանչը դեղնած`

Որ ամպե ամպ կը փաթթըվի տըխրամած.

Կարծես հոգվույն` Աստված դամբան մ’է դըրեր:

Կարծես բըբին մեջ քամած է սև գիշեր:

Օ՛ն, այդ տըխուրն հյուսեցեք ձեր զըվարթին

Ձեր շողերուն, պայծառության, ժըպիտին:

Գարունը իր ըստվերներուն հետ, տըղա՛ք.

Է ավելի՛ քաղցրազըվարթ, ներդաշնակ:

Թերևս օր մ’այդ սըրտեն տըխուր, վըհասույզ,

Մարգրիտ բըղխի, տըխմար աչքեն` արշալույս.

Երբ ժամն հասնի սին փոսուռան լույս չի՞ տար.

Ո՞վ գիտե վաղն, այսօրը ո՞վ պիտ’ գիտնար:

Դեռ տարաժամ` թող որ չը չափե այդ տըղան,

Ձեր աչքին մեջ մըռայլ հոգին Մարդկության,

Այգուն առջի թույլ շողին պես` որ կանուխ`

Կը խեղդի մութ վըհի մ’մեջ խորամուխ,

Եվ դեռ մատաղ` թող չը կարդա ձեր դեմքին`

Մարդկությունն իր ճիրաններո՜վ միասին:

Սիրտ սըրտի տվեք և ձեռք ձեռքի, սիրելիք,

Քանզի աշխարհ կոր է, չըլլա՜ թե սահիք:

Գիտցե՜ք սիրել. մի՛ անարգեք, մի՛ ծեծեք.

Աստվա՜ծ մը կա, ո՛վ եղբայրներ. – Ներեցե՛ք:

Ներեցեք դուք և պիտ’ ներվիք հավիտյան:

Մեր եղբայրն է` դատաստանի մեր մատյանն.

Ըզգույշ եղեք. օրենքը ո՞ր կոխկըռտող

Նույն օրենքովը չի դատվիր: Թողե՛ք ոխ:

Ներել գիտցեք և պիտի դուք ապրիք հար:

Հավատարիմ մեր հայլին է` մեր եղբայր.

Օր մը Աստված մեզ անոր մեջ պիտ’ դիտե. –

Միթե ո՞ր աչքն, որ թունալից, պըղտոր է,

Կ’անդրադառնա իբրև պայծառ արևակ,

Ո՞ր արյունն – ձեռքն` իբրև շուշան ըսպիտակ:

7. ՄՈԽԻՐՆԵՐՈԻՆ ԱՌՋԵՎ

http://www.armenianhouse.org/varujan/poems-am.html

Link to post
Share on other sites

7. ՎՇՏԻՆԱ

Ինծմե հեռո՜ւ, ահավոր է տեսնալ քեզ.

Գարնան ծաղիկն ուղխին կըրնա՞ դեմ դընել.

Ո՛հ, քեզի հետ ի՞նչպես կըրնամ չափվիլ ես.

Դու արհեստիդ մեջ վարպետ ես և ընդել:

Դեռ նոր դըրի մեծ հովտին մեջ իմ քայլեր`

Ուրկե` երկա՜յն ճամբան կ’երթա նեղնալով.

Ծայրն է շիրիմն` զոր հասակս այս չի տեսներ

Կամ կը տեսնե միայն սոսկմա՜ն մը դողով…

Քայլիս առջև` մի՛ վերցըներ այդ հովտե`

Ծաղկի, շողի և ցողերու պատմուճանն.

Թո՛ղ որ երկնի հորդ ալիքներն հըրեղեն

Հոն` կապուտակ իրենց ժըպտով հաշտ իջնան:

Ինծի համար խորդենին մի՛’ներ եղիճ,

Աղավնին` անգղ, ու ջինջ վըտակը` հեղե՜ղ.

Վարդին ծոցեն հանե պիծակը խայթիչ,

Մարգն` օձին մի՛ կապեր դիմակ մը շըքեղ:

Բ

Նորեն վըրա՛ս հարձակեցար բըրտորեն,

Դո՛ւ, ողջերու զերդ բորենի դժոխային.

Ժանիքիդ մեջ խըրած` արյուն կը կաթեն

Ծըվեններն որս եղած սըրտի մը նախկին:

Կը տեսնեմ. չե՛ս կըրնար ծածկել աչքերես

Ձեռքիդ մեջի սըրվակն ողբի, արցունքի.

Սըրվակն հյութի մ’ (մահացուցիչ` թույնի՜ պես)

Որ մարմինն հար կը վարակե հյուծանքի:

Մորթիդ ամբողջ ծակտիներեն կ’արտադրի

Հուսհատություն և թախծություն հոգեկան.

Արտաշընչմանըդ մեջ Լըքումը կ’ապրի`

Որ միշտ ճամբա կը բանա քու հարձակման:

Վայրի մազիդ ալիքին մեջ ծըփանուտ`

Ես կը տեսնեմ պըսակ մ’հագած արյան գույն.

Զոր ինքնակալ Մահը ձոնեց քու գըլխուդ`

Երբ տվիր անոր թանկ ավարի մ’հըղփությունն:

Գ

Քեզ հըղացան փոթորիկնե՞րն ավրող հար,

Թե՞ քեզ ծընան նավը փըշրող կոհակնե.

Սև հրաբուխի մը ոսկորե՞ն դուրս ելար`

Ուր մեզի դեմ Սատանան քեզ կը զիներ:

Երբոր Աստված իջավ կավին փըսփըսաց,

Որ ծընավ ա՛յսպես հողն` ըզմարդ, մարդն` ըզկին,

Կը թագչեիր պըտուղի՞ն մեջ արգիլված`

Որ փոքրիկ բան օրենք դրավ մե՛ծ աշխարհին.

Բայց ա՛յս գիտեմ` թե ճանչցուցին քեզ ինծի`

Երբ էակներ փափագեցան որ ապրիմ.

Երբ օրոցքին մեջ մորըս շիթը լացի`

Եկավ ըլլալ իմ շիթերուս մըտերիմ:

Երբ աչքս, արբշիռ, դիպավ աչքի մը բոցե,

Եվ փոքրիկ սի՛րտըս սիրո մեծ վիհն իջավ.

Զերդ ծիտ մ’որ դեպ արփվույն հասնիլ կը փորձե,

Եվ կամ արփին գըրկել` Անհունը անբավ:

Երբ բաշխեցինք հիշատակներ զատվելու,

Եվ մեռավ մամս, ու եղբայրներս ետևեն.

Զի` փաստաբան` ծերը մանուկը կ’առնու`

Սուրբ Դատողին դեմն ելլալու նեղ ատեն:

Դ

Ինծի կու գաս ո՞ւր տեղվանքներ այցելած.

Դալուկ դեմքե՞ն սև դագաղի՛ մը հակող,

Հառաչանքե՞ն որբիկներու, աղքատաց`

Որոնց համար կը պարզե ձյունը սև՜ քող:

Հուր ողբերգնե՞րն Ուսկյուտարի Սոխակին,

Թե՞ Հուսահատ Ռեգանաթցվույն անհուն ցա՛վն

Ըզքեզ սընույց, որոնց սիրած գեղն, ինքնին,

Իր օրոցքեն գերեզմանին նայեցավ:

Կուրծքե՞ն կու գաս Ավարայրի Պըլպուլին`

Թ’Իսրայելի Երանելվույն սըրտին լայն,

Որուն վըրա փորձություննե՛րը Դիվին

Եվ Աստուծո համբերությունն կըռվեցան:

Ե

Արդ, այդ զոհե՛րըդ կը նընջեն ընդերկար.

Վառ հիշատա՛կ մ’անոնք մեզի զըգեցին`

Որ իրենց տեղ պաշտըվելով կ’ապրի հար,

Քանզի կյանք կա` որ մահ չունի բընավին:

Հիմա չը կա՜ն անոնք, շատե՜ր ալ նաև`

Որոնց գըլուխն կեղեքումներդ թափեցիր.

Ինծի՜ կու գաս. արդեն լանջքիս ճիշտ ներքև`

Կը զգամ խորնալը թաթերուդ մահացիր:

Խընդության հետ` կյանքըս ձեր մեջ կը բաժնեք,

Ու է՛ն մեծ մասն, ագա՛հ, դու, դու կը խըլես.

Ո՜հ, գոնե մի՛ լըմընցըներ այդ ամենք`

Որ ուրիշ ալ չըլլա թ’ընես բաժին քեզ:

Արդեն կը զգամ. կը խառնակին իմ աչքին`

Ներդաշնակված կապն իրերուն մութ, և ջինջ

Սըրտիս վըրա փըլատակներ կը սըփռին.

Կարծես Բնությունն ինձ կը դառնա ցուրտ Ոչինչ:

Իսկ դու ինձ չե՛ս ուզեր լըսել. ի՛նչ, այնքա՜ն

Արշալույսին պիտ’ չը տամ փոխը ժըպտին.

Դեռաբուսիկ այս հասակիս խընդության

Օրենքին դեմ պիտ’ մեղանչե՞մ տակավին:

Է՞ր կը խըլես ապագայիս կայծը վառ`

Եվ բոցերու ճարա՜կ կ’ընես իմ ներկան:

Անտառին մեջ չը մընաց ե՛րգ ինձ համար.

Ամեն բան դեպ գերեզմաննե՜րը փախան:

Զ

Պիտի վայրկյա՜ն մը չապրեի քեզի հետ

Հեգ սիրտըս այդ թաթերեդ դուրս կորզելով.

Եվ իմ ձեռքով պիտ’ ընեի կյանքս անհետ,

Թեպետև ես ըստեղծվեցի իմ ձեռքով:

Պիտ’ չապչե՜ի, եթե ինծի չըսեին

Անոնք` որոնք ունին տարվո խորշոմներ,

Ու շա՜տ գիտեն, և ձըգելով ետևնին

Արշալույսներ` կ’երթան վըհի մ’ալեհեր.

–«Ճակտին վըրա, ակոսներուն մեջ վըշտի`

Կը ցանվի սերմն իտեալին սեփական.

Օր մ’այն հոգին` որ ցավերով կը տվայտի,

Պիտ’ դառնա վարդը Անհունին խընդության»:

9. ՎԻԺԱԾԸ

Առանց շունչի վըտիտ սիրտ,

Առանց ժըպտի, սև ծաղիկ,

Արյուններու մեջ խեղդված,

Կը ծընանի: Չի լար. է

Լուռ և տըձև. ուղխեն ափ

Նետված քուրջի մ’է նըման

Թըշվա՜ռ էակ, երբեք իր

Աչքին մեջ` բիբ, կուրծքին` իղձ

Չը թըրթըռաց. կույր հույսիս

Նըման եղավ, զոր հոգիս

Իր վիհեն դուրս կը նետե`

Դիակ մ’ըլլալուն համար սոսկ:

Ծընա՜ծ մեռել. ո՛հ, իզուր

Մայրդ համբույրով ըսպասեց

Շըրթունքներուդ վարդերուն.

Անոնք թոռմած դուրս եկան.

Իզուր հյուսեց երգերով

Շապիկը սուրբ կընունքիդ.

Ան քու պատանքըդ եղավ:

Ինչո՞ւ, ըսե (թող քեզի

Մոր մը ծարավը սիրո

Լեզու հանե) , մեր կյանքին

Այսպես ինչո՞ւ փութացիր.

Դեռ սաղմըդ լավ չանցուցած

Իրեն սուրբ քաղց իննամսյա

Ծընող մարմնեն, արյունեն,

Ինչո՞ւ համար, կոկո՞ն հունձք,

Դեպ օրոցքի մ’ըշտապեն

Գերեզմանի մեջ ինկար:

Քեզ ո՞ր ծաղիկը դյութեց

Դուրսը, հոս տեղ. և կամ ո՞ր

Թիթեռնիկին ետևե

Դու վազվըզել ուզեցիր…

Ո՜վ տառապանք. ձեզ համար

(Ըստեպ) ձեզի համար է

Վիժումն, աղքա՜տ Հըղիներ,

Քաղցածության, տաժանքի

Սայլին լըծվա՜ծ Հըղիներ:

Անոթության ժանիքեն

Ցորչափ ձեր կուրծքը մաշի,

Պիտ’ չունենաք դուք արյուն

Արյան համար, միս` մըսի.

Ցորչափ ըլլաք հազար ծանր

Աշխատության սահմանված`

Սեռի բընազդն, առնական

Համբույրը ձեզ չարիք է.

Ձեր արգանդները մեյ մեկ

Գերեզմաններ պիտ’ ըլլան:

Մինչդեռ կաթով մը վատուժ

Ամսե ամիս, շիթ առ շիթ,

Կը լեցվին ձեր ըստինքներ.

Մինչ անգիտակ կը ժըպտիք,

Երազի մեջ, մանկական

Սև աչքերու, շըրթներու

(Խոսուն վարդեր) և անոնց

Սոխակն հաղթող կակազին,

Խորը, ձեր մեջ, – լո՜ւռ ոճիր –

Սև Մահն էակ մը, անձայն,

Ձեր աղիքով կը խեղդե:

Link to post
Share on other sites

10. ՄՈՒՐԱՑԻԿԸ

Միաչյա է, անդամալույծ` մեջքեն վար.

Դեղնություն մ’իր նիհար մարմինն է ծածկած.

Իր խորթ կյանքին աշնանը մեջ կ’ապրի հար,

Մինդեռ անցքին գարուն մըն ալ չէ ձըգած:

Մեգերո՜ւ շող, հիվանդ ծաղի՜կ եղտյուրի,

Մարդկության մեջ` ըստվե՜ր ձըգած մեր ճակտին:

Միայնակ է. վըրայեն այս աշխարհի

Բան մը չառավ, պիտի չը տա բան մ’ալ սին:

Երգեոնիկ մ’է միայն` իր մեծ հարստությունն`

Զոր, պատի մ’տակ, մորն օրհասին նեղ ատեն`

Անոր ձեռքեն քաշեց հանեց շըլմորուն,

Ահաբեկած` անտեր կյանքին ապրուստեն:

Ո՞վ պիտի այդ գործիքն անոր զըլանար,

Պակսած աչքին տեղ այդ երկրորդ աչքն հընչող`

Զոր տըվավ Տերն, որպեսզի ան թափե վար`

Գոց բըբին տակ ժողվված արցունքը ճընշող:

Այդ երգեոնիկը շատ հինէ. գիտե ան

Հիվանդ, տըխեղծ սերունդներու պատմությունն.

Հին արցունքներ չորցած են վրան, որք եղան

Պահարաններն իր նըվագած վըշտերուն:

Բաբախուն կուրծ մհոն կ’ընե միշտ ելևէջ

Ուրախ շեշտ մ’իսկ եկած չէ իր հևքին քով.

Բուռ մը արցունք նետած է Տերն անոր մեջ`

Մակընթացման, տեղատվության ծըփանքով:

Փողոցին մեջ երգը կ’երթա դարձդարձիկ,

Ճամբուն ծայրեն մինչև տունի մը ետև,

Չը մնալով շատ հեղ անկե կըտոր մ’իսկ`

Գիրգ լանջերու մեկ ժանյակի մ’ալ ներքև:

Այդ երգեոնիկն իր մ’է որ մեզ կը խոսի`

Բյուր ցավի բյուր լեզու ժողված իր բերան.

Կը բան ա՛յն կյանքերուն քողը մեզի`

Որոնք մեր կույր ոտքերուն տակ կը վըխտան:

Ահա՛.

Վիհ մութ, զազրատեսիլ, ահռելի,

Ժըխոր զեռուն, իրարու վրա, կարեվեր,

Զերդ խըռնըված պոլիպոտներ քըստմնելի,

Տըժգույն դեմքեր, տըժգույն աչքեր, անդամներ:

Հառաչանքներ` հանդիպած պինդ սըրտերու`

Ինչպես ծովուն թույլ ծըփանքները ժայռին.

Ելլող սրունքներ` սառին վրա մո՛տ հալելու,

Ինկող գանկեր` խորն ըստվերին ու գայռին:

Տապըլկըտող ուսեր` որոնք կը հըրեն

Մերին գոց դուռն` որուն բըռնած ենք նիգեր.

Սև՜ փըրփուրներ` նետված թյուրակն ալիքեն`

Որք կը ցընդին մեր ոտքին տակ. չե՜նք տեսներ.

Դողդո՜ջ քայլեր` մերին քայլին ետևեն`

Որուն ճամբան իրենց ճամբա է միայն.

Տըմույն այտեր` չը բոսորած արևեն.

Իրաններ ցուրտ` սարսուռներու գերեզման:

Աչքե՜ր որ լոկ (Գըթածը մերթ մոռնալով),

Իրկունն, ձեռքին մեր կը սպասեն դողդղագին`

Թե պիտ’ արդյոք արձանագրե՞նք գըթալով`

«Վաղը» իրենց տետրակին մեջ ապրուստին:

Օրոցքներ սո՜սկ շիրմի համար խավարչտին.

Առանց բոցի և համբույրի մը` սերեր,

Որոնք իրենց դեռ սաղմին մեջ կը մեռնին`

Ինչպես չելած դռ կոկոնեն` ծաղիկներ:

Անդամներ գոս, պակաս դըրված, և կամ ծուռ,

Ցամքած սըրտեր` որոնք վախեն ժանտ Մահվան`

Նույնիսկ տըղմի մեջ կը պահեն թաքթքուր`

Մեկտեղ իրենց ներկային` կույր ապագան:

Կուրծքեր` վերքով և արյունով պատարուն,

Հազիվ ծընած` փոշի դարձած երազներ,

Եվ արցունքներ հևքով մ’ինկած քուրջերու.

Նըվաղումներ, կոծեր, դողեր, օրհասնե՜ր.

Ահ, այս ամենն ոտքերեն մեր վեր կ’ելլա

Եվ, վարանոտ ու դողդոջուն, ճիշտ նըման

Քայլը դընողի մը անհաստատ ճյուղի վրա,

Կը ծեծե սնարը մեր նընջող Գըթության:

11. ՄԵՌԱԾԻՆ ՀԱՄԲՈՒՅՐ ՄԸ

Համբուրեցի, Մըտերմությամբ սիրահեղց,

Սիրտս անտեսեց նախ սարսուռն այդ դիակին:

Կը զատվեր ան. հոգիս մեծ փերթ մը ուզեց

Իրմե հանձնել մահվան այդ սև թըռչանքին:

Այդ համբույրն արդ կը ճամբորդե ու կ’ացնի

Գերեզմանին մեջեն, մեջեն սևության.

Մեռած ճակտի մը վրա սիրտ մ’է կենդանի..

Ծաղիկ` նետված ցուրտ մարմարին շիրմական:

Եվ կը դողա՜ փաթթված այդ ճակտին վրա:

Զինք մահվան այդ ճամբորդին` Սերն է հանձներ.

Եվ Սերն է խի՜ստ, խիստ զորավոր, ան կըրնա

Կայծը` մոխրին, ողջը` դիակին միացնել:

Ո՜վ համբույր, դու արցունք մ’էիր շըրթունքի.

Քեզ հըղացա խոցված սըրտի արյունով,

Եվ դամբանի ջահին մրուրովը սուգի.

Քեզ սընույց կոծն ուռիներուն հողմախռով:

Երբ սիրելի Մեռնողն հևքոտ իր հոգվույն

Թռիչները, լուռ, կը տարածեր դեպ երկին,

Մինչ իմիններս անոր դեմքին դեղնագույն

Կ’ամփոփվեին` ծընա՜ր դու այն վայրկյանին…

Ո՜վ սերերուս ցայտումն անկեղծ և անանց,

Գիտես այլևս ապրիլ նույնպես կյանքե՜ վերջ…

Մըտերմական անունի մ’հետ սիրտ կապված`

Կը հոսեցնես քաղցր հիշատակ մ’հոգվույս մեջ:

Ուրիշ հազար համբույրներու մեջե հին`

Քու վըրադ սոսկ կը մըտածեմ ընդերկար.

Մյուսներն հիմա սըրտերու մեջ կը հանգչին,

Մինչ, անձնանվեր, դու լոկ դագաղ դըրվեցար:

12. ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՍԵՄԻՆ

Գերեզման մ’էր, լերան ոտքին, գետին մոտ.

Թափառական քայլերըս զայն գըտան հոտ,

Երբ կ’երթայի երազուն,

Իրիկունն, հագած արևին հուսկ շողը լալ

Սիրտըս հանձնած ծաղիկներուն և միտքս ալ,

Փըթթելու մոտ աստղերուն:

Գերեզման մ’էր: Խաչ մը անտաշ, քար մ’անխոս.

Քարն անանուն, և խաչըն ալ` անքրիստոս,

Հոն կը հըսկեն մենակյաց.

Մին զետեղված է ձեռքերով մըտերիմ,

Եվ մյուսն, երկու մասրի ճյուղեր, սև մազի մ’

Գիսակներովն հոն կապված:

Այս է բոլորն. ու ասոր հետ բընությունն

Որ կ’օրորե այդ քունն իբրև մայր մ’անքուն:

Տերևներու սոսափներ,

Գետին ողբանքն ու խոշոր բիբը լուսնին

Մոռացությունն հոն կը սպաննեն. հոն երկինն

Իր նայվածքներն է թափեր:

Ի՜նչ լավ է հոտ. կարծես թե դա՛շտն է` հըսկա

Ուխտավոր մ’այդ գերեզմանին, զի տեսա

Անմոռուկներ ինքնաբույս`

Զոր կապած է բնական ոլոռ մը` խաչին,

Եվ համբուրող շըրթունքը բոց կակաչին

Քարին ծըռած սիրահույզ:

Խոնարհեցա և հոգիս լի աղմուկով

Դատարկեցի մեռածին լուռ սնարին քով.

Գյուղի գիշեր մը երբե՛ք

Ա՜յնքան լավ չի ծըծեր ղողանջը զանգին`

Որքան ծըծեց մահվան այս փոսը լըռին

Հոգվույս ճիչերն հուսաբեկ:

Խոնարհեցա և կածես ինձ հետ բոլոր

Բնությունը հոն խոնարհեցավ, ահավոր

Ըստվերին մեջ ծընրադիր.

Եվ միացավ իրերուն սիրտը սըրտիս`

Խիզախորեն ընկըղմելու համար զիս

Խորհուրդին մեջ սևածիր:

Վար, վար: Լըռե՛, ճըպուռ սյուքե՜ր, լըռեցե՛ք.

Դագաղին խորը չի հասնիր ձայնն երբեք.

Գերեզմանին քարին տակ

Մայր – լըռությունն է բանտարկված: Վար, վար, վար.

Կը կարկի գետն, աստղը կ’մարի, հով չի գար.

Վի՜հ, մութին պես անհատակ:

Կը խափանեն մըտքիս թևերն. ո՞ւր է, ո՞ւր

Վախճանողին գացած ճամբան. ո՛հ, ի զուր

Կը փընտըռեմ հոն, իմ շուրջ,

Անոր անունն ի՞նչ է, կամ ի՞նչ է անունն

Անդըրշիրմի Եղածին, ո՞ւր է Անհունն,

Ո՞ւր է Խորհուրդն. Աղջամո՜ւղջ:

Ո՜հ, դու ո՞վ ես, ո՛վ անծանոթ վախճանած:

Ի՞նչ սըգավոր քեզ կը բերե ուխտ կամ լաց

Ո՞վ, ո՞վ ես դու` որ ըրիր

Շիրիմըդ դուռ, քեզ դըռնապան գաղտնիքին.

Ո՞ւր կյանք առիր, և կամ ո՞ր շողն, ո՞ր երկինն

Այտըդ ու շըրթունքդ երփնեց հիր:

Ռազմի՞կ մ’եղար` որ սիրուհվույն ծունկին վրա,

Ուր ժանտ Մահն իսկ խենթ սիրահար կը դառնա`

Կը սպաննըվի անդարման.

Թե դու հյուծախտ տղա մ’էիր, հեգ գեղջուկ,

Որ հըրդեհված իրենց գյուղեն` խուսափուկ`

Կը մեռնի հոս, կես ճամբան:

Վըհուկ ծե՞ր մ’ես` թաղված երգով մը թովչոտ

Եվ ողբացված` ժամերու մեջ անծանոթ

Իրեն վըհուկ կընոջմեն:

Կյանքի բաժակդ` որ ա՛լ դատարկ կը հըսե

Գըլխուդ վերև, քանի՞ շիթով լեցվեր է

Տարիքն համրող արցունքեն:

Խոսե, ո՞վ ես. սակայն ո՛վ որ ալ ըլլաս,

Թող ես շիրիմըդ համբուրեմ, քանզի այս

Մեր կյանք – զոհին բագինն է.

Քանզի քեզ ա՛լ չեն աղարտեր մեր օրեր`

Ուր ապրողն, ո՛հ, մեռնողին չափ չի գիտեր,

Ուր մարդուս չափ վիշտն հին է,

Ուր մեր գըրքին երկրորդ էջերն են ճերմա՜կ:

Եվ գիտության ծառին արմատն հողին տակ

Դեռ միշտ թաղվա՜ծ է անհայտ: –

Դու բարի ես` ինչպես սուրբ զոհն Աբելին,

Զի մահվան սև համբույրին տակ կը փոխվին

Ամեն շանթեր` ճառագա՜յթ:

Եվ դու սուրբ ես` ժըպիտին պես բընության.

Արշալույսն իր ցողը ճերմակ քարիդ վրան

Ամեն առտու կը թափե,

Զերդ արցունքներն` որոնք լըռիկ կը կաթին

Գըրած սիրո նամակին վրա նոր հարսին`

Որուն փեսան զինվոր է:

Դու գիտո՜ւն ես. մըտածումն ա՛լ գանկիդ տակ

Ճողոպրած է ուղեղեն փուտ ու ցամաք.

Երակներուդ մեջ հիմա

Արյունի տեղ ճառագայթներ կը սահին,

Եվ վերնագիրն հին գիտությանըդ գըրքին

Ադ փոխեց ձեռք մը հըսկա:

Քու ճակատդ Էն կը շոյե, մերը խավար.

Մեր գիշերն է հոտ միջօրե քեզ համար,

Անշըրջելի՜ հակոտնյա:

Մենք օրոցքին մեջ ըստինքեն մայրենի

Սիրտ կը լեցնենք, իսկ դու հոգի՜դ հոլանի

Գերեզմանին մեջ անգա:

Եվ կ’ըլլա հոտ մեր մայրն` Աստված, կաթը` լույս,

Թողլըքելով Տարակույսն ա՛լ շիրմեդ դուրս

Աշխարհիս հետ միասին:

Ո՛վ սուրբ մեռնող, ո՛հ, մինչև ե՞րբ շըլմորած

Պիտ’ ճակըռթենք ահավոր ամպը` առանց

Զայն շերտելու բընավին:

Խորհուրդին դեմ մենք մինչև ե՛րբ, ծընրադիր,

Առկայծ հույսով պիտի գոչենք. «Լո՜ւյս, իջի՛ր…

Պատռե, պատռե, ո՜վ մըթություն, լըռությո՜ւն.

Կարծիք, պատռե, պատռե ո՜վ մեգ, անվերջ քուն,

Անդունդներն մեզի նայող, ո՛վ մեծ աչք`

Որ չունիս քու բիբըդ, ո՛վ բիբ, դու նայվանծք:

Մենք հերաձակ քեզի կ’նայինք. ծառերուն,

Աստըղներուն, ալիքներուն, ժայռերուն

Մեջե քեզի, քեզի կ’նայինք. մերկացիր:

Դո՛ւ – որուն քողն է ապագան – մերկացի՛ր:

Ո՜վ ներքին կողմը դամբանի քարերուն,

Ո՜վ միգամած, ահեղ գիսաստըղ` որուն

Գըլուխն է պահվա՜ծ ամպի մը տակ հավիտյան.

Ուրեմըն մենք մեր ուղեղներն ընդունա՞յն

Պիտի ճըզմենք ոտքերուդ վրա պըղընձյա,

Եվ ընդունա՞յն պիտի նետենք անխընա

Մռայլ գիշերվան մեջ մեր սըրտերն` որ կ’երթան

Քեզի համար մրըրիկներուն բըռնության

Դեմ գալարիլ, որ` մոլորած խավարին

Մեջ` ժայռերուն դեմ ճըչալով կը բախին.

Եվ բուերեն քըշված, քըշված լըքումեն,

Խորը, ձորին մեջ կ’ընկընղմին, կ’որոնե՜ն,

Անկե մեզի դուրս բերելով, ա՛լ հոգնած,

Հեգ կայծոռիկ մ’ավա՜ղ, արև համարված:

Ո՜հ, մինչև ե՞րբ ըսփինքսային ճակատով,

Դու, ո՛վ Խորհուրդ, պիտի ծաղրես անվըրդով

Առջևդ մեռած մեր խոհն, արծի՛վ – ողջակեզ.

Ըսե, խոսե, պիտի մինչև ե՞րբ լըռես»:

Մինչև ե՞րբ ան պիտի լըռե: Ո՛վ շիրիմ,

Ճակատս ահա քարիդ դըրած կ’ընկըղմիմ

Աղոթքիս մեջ: Կը հուսամ:

Գանկիս ներքև կրակի տըվի ամեն բան.

Հոն հըրդեհ կա. մըտածումներըս կու գան

Քեզի կու գան հրավարսամ:

Օ՜ն, սըրբագրե, կամ ավելցուր, կամ ջընջե:

Ճերմակ քարեդ ճակտիս անցածը ի՞նչ է.

– Խոր լըռությո՜ւն, այլ ոչ բառ:

Լավ. կը հանե՜մ շուրջիդ բույսերն արմատեն.

Սըրտիդ, գանկիդ մեջ անոնք ի՞նչ կը ծըծեն.

– Մարմինն, այլ ոչ գաղափար:

Լավ. վըրայե՛դ կը թավալեմ քարն անդին,

Ըսպիտակ էջ, որուն մյուս կողմն է գըրված

Անպատճառ բան մը Մահեն

Անոր ներքև գաղտնիք մ’անշուշտ կը շնչե.

Սի՞րտ թե հոգի՞. օ՛ն, ըսե ինձ, թե ի՞նչ է.

– Երկու կարիճ, այլ ոչ Էն:

Արդ, այս հուժկո՜ւ թևերովս ես կը բըրեմ

Հողն, և աչքերս այդ գերեզմանըդ նըսեմ

Ուղղահայաց կը չափեն:

Ո՜վ խորություն. մութին ծոցեն ի՞նչ լուսին

Պիտի պոռթկա, ի՞նչ հուր – բառեր պիտ’ ժայթքին

Հավերժության շըրթունքեն:

– Լըռությո՜ւն. տե՛ս.

Հողերուն հետ դուրս կու գան

Փուտ ոսկրոտիքը, մընացորդ մարդկության,

Որով վանդակ մ’հորինեց ձեռքը կյանքին

Հոգի կոչվածը մեզ անծանոթ փյունիկին:

Ահա կողերը մերկացած զերդ ճանկեր,

Ահա կըրծոսկրը` որուն դեմ կը բախեր

Իղձն իր ճակատն երակային զարկերով`

Իբրև հեզիկ ալյակին մեջ ուռչող հով.

Ահա թևերն և ուլն անջատ ու լըքված`

Որոնք երբեմն, ո՞վ գիտե, սիգապանծ

Կ’հոխորտային. «Կը ծռենք, բընա՛վ չենք ծըռիր»…

Լիսեռին հետ ահա սրունքներն անհարիր`

Որք կարծեցին, թե ժայռն իրենց ներքև հար

Պիտի թընդա` քանի որ դեռ, բոցավառ,

Արևն արյունը կը շարժեր. և ահա

Չորցած կըզակն, ահա ծընոտն` որոնց վրա

Կը ծաղրեին այտերն վարդն` երբոր ան

Կը դառնար հեգ իբր հյուծախտ սիրտ մը, աշնան.

Եվ ահա գանկն, ոսկրեղեն թաս` ուրկե հար

Մարդ կը խըմեր մտածման գինին կենսարար.

Արդ ուղեղի տեղ հողով է լեցված ան`

Որուն վըրա չար խորհուրդի մը նըման`

Ոլոր պառկած օձ մը գլուխն յուր կը տընկե,

Եվ սարսափն հոն սարսափողե միշտ զուրկ է:

Ա՛լ ոչ կյանք կա, ոչ հույս, ոչ սեր և ոչ քեն,

Իր որդնակներ, գոս ջըղերուն վըրայեն

Ըզգացումն ա՛լ փախավ, նըման զեփյուռին

Որ կը սահի տերևներեն, ողբագին:

Փոշի՜, աճյո՜ւն, խառնորդ մըռայլ, վիթխարի,

Փըսորներու, մոխիրներու, որդերու

Ո՛վ կույր անդունդ, ալիքին տակ վարդերու:

…Կ’իջնան, կ’իջնան: Ժամանակին ափը, հոս,

Գերեզմանին ափին ծըռած է. քաո՜ս.

Ահա Ադամն, Ներոնն ահա, և Վարդան,

Սոկրատն է այս, Բարաբբան է, ես, դու, ան.

Այս ծակծըկված կողերն իմին կողերս են.

Իմ աչքերս` իմ ոսկրոտիքս հոս կը դիտեն:

Մարդ կ’իյնա. ո՞ւր. ահեղ գոգն օվկիանին`

Եվ ալիքներն անոր վըրա կ’համբուրվին,

Հոն փըռելով ճերմակ փըրփուր մը անվերջ.

Եվ կ’իյնա. ո՞ւր. երկրիս խորունկ կլափին մեջ`

Ու վրան զիրար կա գան գըրկել սև հողեր`

Հոն թողելով ըսպիտակ քար մը, հրավեր

Ծընրադրության: Ժամանակն է խարբալ մ’հին,

Ժողովուրդներն ավաղ` որ միշտ կը մաղվին:

Որոտընդոստ ձայն մ’որուն ամպն է շրթունք`

Կը մըռընչե. «Անդունդի՜ն. զո՛ւր է արցունք»:

Եվ թըխաշուրթ խորխորատին մեջ մըթին`

Կու գան դիակներ իրարու վրա կը դիզվին.

Պապն հոր ներքև, ու զավակին ներքև հայր.

Եվ հոն համբույրն ա՛լ համբույրեն չի տաքնա

Link to post
Share on other sites

Եվ հոն համբույրն ա՛լ համբույրեն չի տաքնար.

Եվ մոր ըստինքն որդվույն սառած բերնին վրա

Կը քայքայվի. կյանքն իր ակե՛ն կը չորնա:

Այրուձին մեծ հաղթանակեն իր գինով`

Երբ կը կըտրեր մեծ ձոր մը մեկ ոստումով

Մահվան փոսն այս` լայն կը գըտնե իր չափեն:

Ո՜վ արհավիրք. երբ պատերազմն իր թափեն

Ա՛լ կը դադրի, իր զայրույթեն փառքն անշեջ,

Եվ թագավորն իր կընճիթն ա՛լ վերքի մեջ

Մըխըրճելեն, կը բերե դաշտը վարդգույն`

Որուն սերմն է` դիակ, տարափը` արյուն,

Կը բերե հո՛ս, հոս պարպել իր մարմիններ,

Հոս լըճացնել իր խոլահոս արյուններ.

Մահաբեմերն (ուր միշտ պատրաստ Սատանին

Մորթին վըրա դանակներն հար կը սըրվին)

Կը պարպին հո՛ս, հոս քաղաքին ճամբաներ.

Հո՛ս հիվանդին անկողիններն մահաստվեր`

Որոնց մեջ հեգ հոգին, ջերմի ցընորքեն

Կը համարի թե վարն դագաղ կը շինեն.

Հոս կը նետե իր գահն արքայն մոլեգին,

Հո՛ս կը նետե լեռնամեջն իր բորենին,

Հո՛ս Բյուզանդիոնն ու Հռովմն ամեն սոս կեսար.

Հո՛ս հաղթ արծիվն իր փետուրներ շանթահար:

Այս է աշխարհս, ո՛վ Զորեղներ: Դար դարե

Կը թավալի մըղված ուրիշ դարերե.

Եվ հազիվ դող մ’Հավերժությունը կը զգա`

Իբրև նետվեր քար մ’օվկիանի մը վըրա.

Կը պարպըվին վարն անթիվ սև դագաղներ,

Մըժեղներու հըսկա երամ, տարուբեր,

Անվերադարձ կը կորսըվին ձորին մեջ.

Ահա սիրտ մ’ա՛լ չի բաբախեր, անկե վերջ

Ուրիշ մըն ալ, ուրիշ մըն ալ, զոհ, զոհ, զո՜հ,

Ժամը ժամին, րոպե րոպե: Եթե ո՛հ,

Մեկտեղ բերվին սգավորներուն արցունքներ,

Ո՛վ Երկինք, քու ցասման շանթերդ մահաբեր

Դեռ չե՞ն մարեր: Եվ կը վիժին մարդիկներ

Գիշերվան մեջ` երբ հազիվ հազ է սառեր

Իրենց քաղցրիկ օրոցքներուն տաքությունն

Երբոր, ավա՜ղ, դեռ չէ սևցած` մատերնուն

Ամուսնական սուրբ մատանին. և կ’իյնան

Մեռա՜ծ, երբ դեռ մեղրալուսինն ըղձական

Իրեն մահի՜կ վիճակին մեջ կը շողա,

Կամ երբ, տարեց, դեռ գիտության պըղընձյա

Բերանն հազիվհազ բանալւ տագնապին

Մեջ` կը դողան իրենց մատեր… կը սառի՜ն:

Ցավի, ողբի, ճիչերու մեջ, դեպի վար

Կը սայթաքին. հե՜գ թըռչուններ նետահար,

Որ չեք գիտեր հարվածն ուրկե՛ եկավ ձեզ,

Կը սարսըռաք, կը թավալիք աղեկեզ,

Եվ թըռիչնիդ ամփոփելով, շըվարած,

Գըլուխնիդ կըծկած թևերուդ տակ, լուռ, սառած,

Ձեր երգերուն արձագանգին մեջ, ավա՜ղ,

Կ’անշընչանաք: Մութը կ’իջնե միապաղաղ,

Արտասվաթոր պատանքին մեջ, հողին տակ,

Արշալույսի մ’ըսպասելով` կը քնանա՜ք…

Կու գա Քրիստոս, կը մոտենա ձեր շիրմին,

Եվ վերքին մեջ մըխելով մատն երկնային,

Ձերին երմակ քարին վըրա, անայլայլ,

Արյուն գըրով մ’ան կը գըրե. – ՀԱՆԴԵՐՁՅԱԼ:

Ամպի մը տակ լուսինն հանկարծ կը մարի,

Կը լըռե հովն, ամեն աստղեր մի առ մի

Ասուպ կըլլան, կ’ըլլան վարդերն ալ` վերքեր:

Ո՛վ անանուն շիրիմ, դու որ անտարբեր,

Ու երազկոտ կը նայիս դե՛պի երկին`

Մարդիկ այսօր, օ՜հ, գիր առ գիր լիզեցին

Այդ բառը քու քարիդ վրայե սըրբազան,

Ահա ինչո՞ւ թե ճերմակ է մնացած ան:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

13. ՀԻՎԱՆԴ Է

Ըստվերին մեջ, խանի մ’անկյունը լըքված

Թըշվա՜ռ պանդուխտ, հիվանդ է.

Խոնավությունն անոր մարմինը շիթ շիթ

Գերեզմանին կը նետե:

Բըժիշկ չունի. եղած դըրամն ալ հատավ.

Ցավը ծանր է. գըթությո՜ւն:

Հոն չը կա սիրտ մ’որ բարությունը քամե

Անոր ծարավ շըրթներուն:

Եվ ինքն իրեն մըտերիմներ կը ստեղծե

Ցընորքներուն մեջ ջերմին.

Իր վիճակին կարեկցող մեկը չունի

Բացի մամուկը որմին:

Մըթընշաղին մեջ կը մարմրի, կը հյուծի

Մըթընշաղի մը նըման.

Լըռությունն հոն կարծես դագաղ մը կ’երկնե.

Օրոցք` տունեն գերեզման:

Երիտասարդ է տակավին, և փեսա.

Պոլսեն մինչև Վան հեռու,

Հոն` հաց կ’ուզեն հարսն ու ծընողք. զի՜նք կ’ուզեն.

Դեռ շատ շուտ է մեռնելու:

Ան իր արյունն իր քըրտինքով կը շահեր…

Տե՛ր, ի՞նչ սըրտով կը կոտրես

Թևն` որուն վրա կը թըռթընին մանուկներ

Եվ ծընողքներ ձյունագես:

Դուրսն արևին, զեփյուռին տակ կ’ուռճանան`

Բախտավորներն աննիազ.

Արտին մեջ աստղն ավշի ելքին կը ժըպտի.

Տե՛ր, զինք ինչո՞ւ կը մոռնաս:

Այդ բազուկներն աշխատանքի համար են`

Ո՛չ մահվան դեմ կըռվելու:

Բախտը խուցին մեկ անկյունեն կը խընդա

Օձի ժըպտով մ’ահարկու:

Պիտի մեռնի. խիստ մահացու հիվանդցավ.

Եվ պատանքին մեջ երբեք

Պիտ’ չը տանի սիրելիի մ’արցունքներն

Ու սև ուխտերն հուսաբեկ:

Պիտի մեռնի. և իր բընիկ լուսնին տակ,

Հարսը սիրո ծարավով`

Պիտի զուր տեղ անոր գալուն ըսպասե…

Խեղճ վանուհի, ապահով

Հույսի ամեն խոստումներու վայելքին`

Կը ծիծաղիս աստղին հետ.

Մինչդեռ կյանքին երկընքին վրա կը գըծվի

Շանթը շողին զուգահետ:

Որո՞ւն համար շուշանն ու վարդ փոխ կու տան

Իրենց միացումն` այտերուդ.

Ինչո՞ւ Վանա լիճն աստղերով կը վառի

Նախանձելով աչքերուդ:

Որո՞ւն համար հաջաղիդ տակ կը պահես

Ըմբոստանքներն համբույրին…

Վաղն, հե՜գ ծաղիկ, պիտի ճամբորդ մը գուժե.

«Մեկ աչքը բաց թաղեցին»:

14. ԱՎԱԶԱՆԻՆ ՁՈՒԿԵՐՈՒՆ

Մըտածողի մը նըման

Ջուրին միջև կը շըրջիք:

Ա՛լ գծված է ձեր սահման,

Ո՛վ լողակներ խատուտիկ:

Հոս պիտի ա՛լ չը գըտնաք

Անհուն, կապույտ այն աշխարհ,

Որուն հորձանքն ու վըտանգ

Կը կըտրեիք հեգնաբար:

Ձերին ճարպիկ թևերով`

Ազատություն, զվարթություն

Կը գըրկեիք անվըրդով,

Անգե՜տ` նենգող խայծերուն…

Արհեստն արդ ձեզ կը պատե.

Ավազան մ’հին, ձեզի նեղ,

Շատըրվան մ’ալ կրանիտե,

Եվ փոքրիկ ժայռ մը մեջտեղ`

Որ գործ մըն է ձեռքերու:

Այս է ահա ձեր աշխարհ.

Ամբողջ այս է, ո՛վ աղու

Բանտարկյալներըս թըշվառ:

Երբ կը կայտռեք ջուրին վրա`

Կը զվարճանա անխըռով

Անձնասեր մարդն` արծաթյա

Պըղպըջակներն դիտելով:

Ո՜հ, ի բընե չար է ան.

Իր հաճույքին, իր փառքին

Կ’ուզե զոհել ամեն բան.

Բըռնավորն է աշխարհքին:

… Այս սև ժայռին խոռոչներ

Ձեր շիրիմներ պիտ’ ըլլան,

Ուր կ’երկարին բողբոջներ`

Բաղեղներու ցիրուցան:

Ուր ջըրերուն թըրթըռմունք

Կու գան բախիլ մեղմորեն,

Ցընցըղկելով արտասուք`

Ողբ ու հանգիստ կ’եղերգեն:

Ո՜վ իմ դըժբախտ անմեղներ,

Ճիշտ նըման է աշխարհս ալ

Ձեր այդ տեղին: Դեպի վե՜ր

Կը ջանա միտքս իմ ելլալ:

Կ’ուզե ուրիշ մեկ աշխարհ

Ան գըտնելու, ուր անհուն

Ազատությունն իշխե հար`

Եվ անխարդախ բարություն:

Սակայն ի զուր: Լոկ բանտող

Գըծուծ նյութեր կան չորս դիս`

Որ թըռիչներս աղամող

Կը ջախջախեն և հոգիս:

Առկայծ հույսով մ’ո՞ւր կ’երթամ.

Կ’երթամ նույն տեղըս գացած.

Հոս, կյանքն ու սև գերեզման

Իրարու ձեռք են տըված:

Օր մը ձեզի պես ե՛ս ալ

Պիտի իյնամ ցուրտ, անշունչ,

Մոռացոնքի մեջ մըռայլ.

Հոս ամեն բան է անուրջ:

Պիտ’ լոռ ըլլաք, ես` հող.

Բայց ինծմեն եք երջանի՜կ,

Զի վըրանիդ միշտ լացող

Գեթ շատըրվան մը ունիք:

15. ԱՐՅՈՒՆՈՏ ՃՅՈՒՂԸ

«Հոն, ի՞նչ է ան` որ շուրթին վրա ջըրերուն

Ինկած կու գա, օրորտկումով մը կու գա.

Մըխըրճելով մերթ ծըփանքի մեջ հնայուն

Կարծես բոցերն իր կը մարե` ճակտին վրա

Վառված կարմիր արևմուտեն…

«Այսպես հևքոտ, դանդաղորեն,

Ո՜վ մեծ գետին ջուրերեն, արդյոք ձեր շըրթունք

Ի՞կը բերեն` որք լեռներու ապալեր

Քըղանցքներուն միշտ սըփռելով արտասուք`

Կարծես ցավե մ’ կը խածխըծեն եզերքներ:

«Ո՛հ, լըռությո՜ւն. ձեր լեզվեն չե՛մ հասկընար.

Մի՛ մըրմըջեք ինծի բաներ հոգեհույզ,

Այլ, կըրկնակի վազքով, հասեք սըրավար`

Նըման իմ կույս կարոտակեզ օրերուս`

Որոնք անձայն կ’անցնին կ’երթան…

«Կանաչ ճյո՜ւղ մ’է ուղևորն այն`

Որ կը ծըփա անդաստական, մոլորուն,

Ցըցված մեջտեղ փըրփուրներուն ըսպիտակ,

Ինչպես լանջքիս վրա կը ճոճ սուր դաշույնն,

Որ բաժանումը մըխեց խոր, դըժընդակ:

«Ո՜վ արմավի թափառական ճյուղն, ըսե՛,

Մեջն ալեհույզ ճամբորդությանդ ի՞նչ տեսար.

Կամ թե սըրտիս` որ միշտ հյուսեն կը խուսե,

Եվ պաշտումի մը բացական կու լա հար,

Արդյոք դու ի՞նչ լուր կը բերես…

«Մարտի փառքին ավետի՞սն ես,

Մարտին որ միշտ դաշտերե դաշտ, լեռնե լեռ

Կատղած կ’ոռնա` ինչպես որոտն երկնի վրան.

Հորիզոնին, ուր հազիվ իմ նայվածքներ

Կը թափառին, ան կը ձըգե քող մ’արյան:

Քաջամարտիկըս արդյոք ի՞նչպես կ’ընե

Ըսպառնանքին մեջ սուրերու փայլակին,

Կամ վրիժառու նիզակներե, տեգերե

Եվ լախտերե ձևակերպված` մահածին

Անտառներուն դեմ հանդիման…

… Ո՛հ, ի՜նչ մտածում է այս դաժան.

Ըրի՞ն այնպես, որ իր վեհ կուրծքն ինձ համար

Այլևս երբեք չը բաբախե, չը հուսա,

Որուն վըրա հանգիստ կ’առներ գըլուխս հար.

Լոկ այտերո՜ւս տակ ապրած էր անիկա:

Թե, իր ձեռքե՞ն կու գաս, բանբեր ալեխռով.

Ի՞նչ, պարզեցի՞ն սահմանեն ներս թըշնամվույն

Դրոշակը սուրբ` զոր շինեցի իմ ձեռքով.

Կամ հաղթության ըրի՞ն հանդեսը ցընծուն.

Խըմե՞ց ան իր և իմ կենաց:

Ան պաշտպանե՞ց` ըսպաննըված

Ծընողքներու հեգ մանուկներն անտերունջ,

Կամ դյուցազներ` ինկած միայն սև բախտեն.

Անոնց աչքին, թուրին փայլով թաթավուչ,

Իր գըթության փայլն ալ ցըցո՞ւց վեհորեն:

Եթե իր խրոխտ կորդակին հետ միասին

Հոխորտեցի՞ր, կամ պըճնեցի՞ր հաղթական

Լանջապանակն. եթե խիզախ ճակատին

Դու ծըփացիր, եկուր, եկուր սըրտիս վրա՜ն

Աճեցընեմ համբույրով քեզ»:

Ըսավ: Եվ բոց արևուն պես,

Որ մերթ կ’իջնե ալիքներուն ծովին լուրթ,

Կույսն հակեցավ, մեղմիկ, ջուրին վրա պայծառ,

(Անդրադարձած թովիչ դեմքին իր` անփո՜ւյթ)

Եվ վեր հանեց խուսափուկ ճյուղը դալար:

Ու վեհերոտ, ինչպես եղնիկ մը սիրուն,

Սուր ճիչով մ’ետ ընկըրկեցավ ան հանկարծ.

Մեկդի նետեց ձեռքերեն ճյուղ` որուն

Ցից ծայրին վրա, ավա՜ղ, էին չորացած

Կարմիր արյան մը նետվածքներ…

Անոր համար գետը բոթբեր

Լըռեց կարծես, չը ժըպտեցավ արեգակ.

Խաշնահավն ա՛լ չերգեց երգն իր խընդության.

Կարծես դըրին կարմիր դագաղ մ’աչքին տակ.

Հատակը` տեգ, և կափարիչը` վահան:

Link to post
Share on other sites

16. ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆԻ ՄԸ ՆԱՄԱԿԸ

Այս նամակն իմ եղբայրըս է գրեր. քա՜ղցր էակ`

Որ փոքր է դեռ. Էն իր համար քող չունի.

Իր առջև դեռ մեծ գաղտնիքն է անդիմակ.

Երանության ամեն երկինք` հոլանի՜:

Մերթ վարդերու, թըռչուններու անուրջե

Ոգիներուն հետ կը խոսի անարգել.

Փոքրիկ ձեռքով թիթեռնիկներ կը կանչե.

Կ’ուզե աստղերն երկնի դաշտեն հավաքել:

Երկամյա էր` երբ զատվեցանք տըխրալի.

Մեկնումին զիս դիտեց ապշած ու երկա՜յն,

Թե ինքը է՞ր կ’երթար, ես է՞ր կը մնայի,

Եվ ո՛հ, լացա՜վ. մարդն էր` շնորհքին տակ մանկան:

Արդ կը գըրե: Այդ նամակն ե՛ս կ’ըմբռնեմ.

Զայն կ’հասկընա ի՛մ սիրտըս լոկ հուսաթափ,

Իբրև թե այդ գիրն անծանոթ ու նըսեմ`

Մենք նույն ատեն գըտնեինք, նո՛ւյն ըզգացմամբ:

Հորիզոն մ’հարկ է որ ինքն ա՛լ պաղ աղոտ,

Ձայն տան նընջող արշալույսին. Ե՛լ ժամն է…

Զեփյուռ մ’որ թույլ հունտին հըծծե. Տո՛ւր ծըղոտ:

Մայր մ’որ տըղուն ըսե. Քալե՛… Հայր մ’որ` Գրե՛:

… Եվ սա թուղթին մանուկ մ’հակեր է քընքուշ,

Մանկան վրա հայր մը` ժըպտալով պեխին տակ.

Այսպե՛ս կ’իջնե արշալույսին ամպ մ’անուշ,

Արշալույսն ալ ձյունոտ դաշտին ըսպիտակ:

Ու գըրեր է: Տարօրինա՜կ նըշաններ,

Գիծե՜ր` որք ինձ թըվին երազ բեկբեկուն,

Ժպիտներով ցանված քըսված մելաններ,

Բիծեր` դըրված մանկան թափով մը նըկուն:

Սա մինարե մըն է դեռ կես մընացած`

Ուր չ’ամփոփվիր հոգվո մ’աղոթքը համակ.

Հոն ծուռումուռ խաչափայտ մ’է զետեղված`

Ուր կը գամվի խեղանդամ մարդ մը մինակ:

Հոս տեղ թըռչուն մ’ուրվագըծված է, լըռի՜կ,

Որուն երգերն իր շըրթունքներն են գողցեր.

Անդին կա հոնք մ’առանց աչքի, թափառիկ,

Իսկ ասդին աչք մ’առանց հոնքի, մերկ, անտեր:

Սա կիսկատար գըմբեթ մըն է, ձյունի վրա,

Որ կը սքողի ամպի մը տակ մելանե.

Վերջապես հո՛ն գոց կոկոն մ’է անիկա`

Որ, վարն, անոր ըստորագիրն կը դընե:

Եվ ես ճաճանչ մը ասոնց մեջ կը գըտնեմ.

Պատկերական գըրություն մ’է` մենք որով

Կըրնանք կարդալ խորհուրդ-մանուկը վըսեմ`

Մեր մութ երկնի` աստղ մ’օրեօր դընելով:

Պիտ’ տարիներ կազմեն ամեն գաղափար`

Երազը խոկ հորինելով օրեօր.

Մանուկը մարդ պիտի ըլլա, գիծը` բառ,

Տըրվելով կրոնն` մարդուն, բառին ոտ’նավոր:

Ան` այժմյան այդ գաղափարներն մի քանի

Ժողվեց երկրես (Թե երկընքեն չի բերեր).

Ժողվեց իր մոր գըրկեն, դըպրո՜ց կենդանի,

Գըգվող սյուքեն, ծաղիկներեն տարուբեր:

Սոխակն ուսույց երգել, լալ` փուշը վարդին.

Ամփոփ թառած տատրակն ըսավ. Կը նիրհեն:

Բարձին ծաթող լուսնակն ըսավ. Կը ժըպտին:

Իր քունն հըսկող մայրն ալ ըսավ. Կը սիրե՜ն:

17. ԱՆՀԱՎԱՏԸ

Սև ագռավի մը ետևեն, զառ ի վար,

Արբշիռ հոգվով մ’ան կը վազեր ուժգնորեն.

Հեշտանքի մ’երգ իր շըրթունքին կը թըրթռար`

Որ կը թովե գաղտագողի քեզ իրե՛ն:

Անոր ըսի. «Հո՛ն, աղավնին տեսա՞ր ան`

Որ ագռավին ներհակ թռիչքով կը սուրար.

Սուրբ աղավնին Անբըծության, Գիտության

Ու երկնային Միջոցներուն լուսատարր»:

Ուղղեց այնպես հեգնող ժըպիտ մը ինծի`

Որ ՚սել կ’ուզեր. «Կատա՞կ կ’ընես»: Եվ դարձավ:

Ու կը վազե՜ր, երբոր նորեն գոչեցի

Ետևեն իր խոլ վայրէջքին սըրարշավ.

«Տեսա՞ր ծաղիկն` որ հակառակ վազքիդ` ան

Քեզ հակառակ կ’անցներ կ’երթար, չը թոռմի՜լ,

Ծաղիկն Հույսի, Ճըշմարտության, Հեզության,

Որ է փըթթուն Արշալույսին փըթթուն ծիլն»:

Ան հուսահատ փույթով մ’հեծեց դառնորեն.

«Տեսա… Ո՜ւշ է: Ո՜հ, ոտքերուս բուռըն էջ

Կեցընել ա՛լ դըժվար է այս դարվարեն»:

Եվ գահավիժե՜ց, զերդ կույր, կյանքին ճամբուն մեջ:

18. ԵՐԱԶ և ԽՈՀ

Պառկած էի. խոր լըռությո՜ւն. գիշեր էր…

Ճըրագս յուղե պատերն արյուն կը ներկեր:

Ծանրացավ մըրափ մ’աչքերուս.

Մըտածումնե՛րըս երազի մեջ սուզան,

Եվ բիբերես ամեն ճաճանչ լուսական

Կոպերուս վրա՛ տըվին ######ս:

Սև դեմքի մ’հետ ձեռք մը տեսա մահճիս քով.

Կուրծքիս դըրավ մատերը բոց եղունգով,

Սընդիկի պես խորամուխ:

Փայտ կըտրեցավ լեզուս. վախցա՛ շեկ աչքեն:

Ես ճանչցա զայն. սատններուն ամենեն

Կատաղին էր` մ’է՛ն թուխ:

Բացավ բերանն` որուն մեջ լինդ միայն կար.

Իր ակռաները խորտակված էին վար

Իյնալու օրն երկընքեն…

Ըսավ. – «Սըրտե՛դ, սըրտեդ քաշել ես եկա

Զայն` որուն տեղն իմ տեղըս պետք է ըլլա.

Տո՛ւր, ինծի՛ տուր սերդ իրեն»:

Անկողնիս մեջ թալթըլեցա, ու երկու

Ձեռքով` սարսուռն բըռնեցի թևն ահարկու`

Ինծմե անդին մըղելով:

Մաքառեցա Անոր համար, անկրոննե՛ր.

Խածեցի ձեռքն` որ Զինքն ինծմե կ’անջատեր.

Իր ոսոխին արյունով`

Ներկեցի շուրթս, և անցուցի ծարավս հուր:

Դևն երեսիս կատղած պոռաց. «Տեղի՛ տուր`

Թե չէ ըզքեզ կը խեղդեմ.

Թոքերուդ տակ կը ճըմլեմ սիրտդ անխընա.

Ճերմակ սավանդ վաղը կարմիր կը դառնա.

Մա՛հը կ’հանեմ քեզի դեմ:

Ագռավներու կեր կու տամ այդ սև աչքերդ.

Քաղցած օձի բերաններու երակներդ

Կը հանձնեմ ես. տեղի՛ տուր:

Կը գողնամ քարն գերեզմանիդ վըրայե,

Որպեսզի մա՛րդ ըզքեզ բընավ չարտասվե,

Անգութ եմ, տե՛ս. տեղի տուր»:

Պիտի չըտա՜մ: Կըսմըթեցի, կըռփեցի

Թևն` որ ոսկրերս կը խորտակեր զերդ խեցի,

Եվ մատներովս անխընա,

Բըզիկ բըզիկ ճանկըռթեցի դեմքն անոր,

Դողդըղացի, տառապեցա քըրտնաթոր,

Եվ սուր ճիչով մ’արթընցա…

Ա՜հ, արթընցա: Եվ միտքըս շուտ մ’ըշտապեց

Սըրտիս վըհին. դեռ Ան հոն տեղ էր, անեղծ,

Յոթն արևի նըման ջերմ:

Դևն եղունգով լանջքըս շերտած էր տեղ տեղ.

Ուրախ էի` որ եղա զրահ մ’արյունհեղ

Անոր համար, Անոր դեմ:

Ո՞վ պիտ’ կըրնար փետե Զայն սըրտես`

Ուր (ինչպես ա՛ստղը կապույտին ծոցեն ներս)

Ագուցված է ա՛յնքան խոր:

Իր խարիսխներն ալի՛ք մ’ըն ալ չի շարժեր,

Զի անհունին և բընության են կառչեր

Անոնց ճանկե՛րը հըզոր:

Վասընզի իր սուրբ Էությանն հաստատման`

Բյուր բյուր աստղեր մեյմեկ հրաշեկ գամ եղան,

Եվ իր հետն ենք մե՛կ խըմոր.

Վասընզի սուրբ Ավետարանն իր ամեն

Մեկ էջով` միշտ ծորեց Անոր երակեն

Արյո՜ւյն մ’արյանս մեղավոր:

… Անդունդ մ’է Ան զույգ որկորով անսահման`

Որոնց մեկեն դուրս կը պոռթկա Ապագան

Անցյալ եղած մյուսին մեջ,

Եվ, կեդրոնն, ինքը ներկան է, որուն շուրջ

Ժամանակն իր ճիշտ ոլորտովն, անմըռունչ,

Կ’ընե անդուլ ելևէջ:

Եվ այսպես, մեր աչքեն, մըտքեն իսկ անդին,

Ան` իրեն չափ, իրեն միջև, յուրովին,

Է հավիտյան և անհուն.

Ան` Ամբողջն է, որուն անունն պարծանքով

Կը հանձնեն այս մաքուր թուղթին սըրտիս ծով`

Որ իր հայլին է տրոփուն:

Թող գըրաշարը դողդոջե` երբ Անոր

Անվան տառերն իյնան ձեռքին տակ անզոր.

Չը շարե՜ ծուռ կամ անտած…

Եվ մամուլն ալ` այդ անվան վրա բըրտորեն

Թող չը ճընշե` թե չէ կ’հերձի սև կուրծքեն,

Վասընզի Ա՛ն է. – Աստված:

Link to post
Share on other sites

Նախ մի փոքր ուղղում անեմ ինքս ինձ. «Սարսուռներ» ժողովածուին անդրադառնալիս այն անվանեցի Վարուժանի առաջին ժողովածուն, այս ծանուցումը մասամբ է ճիշտ, իրականում «Սարսուռներ»-ը Վարուժանի կենդանության օրոք հրատարակված առաջին ժողովածուն է, բայց մինչ այդ գրի էր առել «Ծաղկեփունջ կամ բրգնիկցիի մը նվագները» շարքը, որը թեպետ արդեն իսկ կենդանության օրոք` 1902 թ.-ին, պատրաստ է եղել տպագրության և նույնիսկ ստացել գրաքննության թույլատվությունը, բայց ինչ-ինչ պատճառներով չի տպագրվել: Ինչևէ, խոստանում եմ այս շարքին ևս անդրադառնալ հետագայում: Իսկ գուցե գտնվեն նաև ուրիշ արձագանքողներ մինչ այդ:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

ԻՐ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻՆ

(«Սարսուռներ» հատորին երևման առթիվ)

Դանիել Վարուժան մին է այն անձնավորություններեն, զոր Մուրատ-Ռափայելյան վարժարանը կրնար հպարտանալ արտադրած ըլլալուն: Վարուժանի պես դեմք մը անշուշտ ոևէ դպրոցի արդյունքը չէ, այլ է՛ն առաջ իր բնածին ձիրքերուն. բայց միջավայրը միշտ իր ներգործությունն ունի նույնիսկ ամենեն ուժեղ խառնվածքին վրա, կաջակցի կամ կհակառակի անոր կազմավորման: Ակնհայտ է, որ Վարուժան իր ուսանողության իսկ շրջանին Մուրատ-Ռափայելյան վարժարանին հորիզոնեն դուրս ալ նայած է հաճախ, ուշադիր և ուշիմ աչքով մը Հայոց արդի գրական ու ազգային շարժման հետևած ու եվրոպական մտավոր աշխարհին քանի մը մեծ երևույթներուն վրա իր նայվածքը երկարորեն հառած է, բայց նույնքան հայտնի է, որ Մխիթարյան միջավայրին մեջ ինչ որ կա լավ, իր վրա ազդած է բարերարորեն, ու «Մխիթարյան միջավայր» ըսելով, կհասկնամ` ոչ որոշ վայրկյան մը Մխիթարյան տան կյանքին, այլ ամբողջ ավանդական մթնոլորտն այդ հաստատության: Վարուժան տեսած է հոն անցնիլն իր հոգիին առջևեն Բագրատունիներուն, Հյուրմյուզներուն, Պեշիկթաշլյաններուն ստվերին, Ալիշանը ճանչցած ու հասկցած է, խոկացած է օրինակին վրա մեծ նախորդներուն, որոնք ելած են Մուրատ-Ռափայելյան վարժարանեն, ու թևերը, զոր բնությունն իրեն արդեն իսկ շնորհած էր, ուժեղցած են այդ հզոր թռիչքներուն հպանցքեն: Ազնիվ ու ճոխ հայերենը, զոր կգրե, տաղաչափական հմտությունը, զոր ցույց կուտա, հստակ ու կուռ շարադրության, համաչափության ու կարգի դասական հատկությունները, զոր ի հայտ կբերե, Մխիթարյան մթնոլորտին շատ բան կպարտին: Ինչ որ ի՛րն է, այն բուռն ու սուր զգայությունն է, տաք ու քաղցր սրտի մը հզոր ու խորունկ բաբախումը, ամենեն սովորական տեսիլներն ուրույն եղանակով մը նկատելու, զգալու և արտահայտելու կարողությունը, որ կտիրե իր քերթվածներուն մեջ:

Որոշ խնամություն մը կգտնեմ իր և Պետրոս Դուրյանի միջև:

Ահա, օրինակի համար, քանի մը տուն իր հատորին առաջին քերթվածեն, որոնք «դուրյանական» բան մը ունին.

Երգե՜լ կ’ուզեմ. թող սարսըռա բընությունն

Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի`

Մանկան առջի բընազդական դըպչելուն.

Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի:

Երգե՜լ կ’ուզեմ. որոտներն ի՞նչ կ’ըսեն մեզ,

Կ’առնե խոսք մ’հովն ամպեն, հովեն ալ` ջաղաց,

Բա՛ռ ունի աստղն. երգել, երգե՛լ կ’ուզեմ ես,

Զի կը խոսին երգով Բնությունն ու Աստված:

Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,

Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,

Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,

Եվ գլուխս` Էին գաղտնիքներուն դեմ բախել:

Գըրված է Սերն` վարդին, Հավատքն` աստղին վրա,

Զանոնք հեգել կ’ուզեմ քընարի շըրթունքով,

Կ’ուզեմ բնությունն հորինել քող մը ծաղկյա`

Մտածման ամեն ձև իր ներքև քողելով:

Նմանապես սա տողերը.

Օ՜հ, ինծի ի՞նչ` թե կփետտեմ վարդին թերթ,

Եվ փուշինկյանք կու տամ միշտ,

Թե գըրկաբաց հորձանքին մեջ կը նետվիմ,

Խինդս է ձանձրույթ, սերս է վիշտ:

Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ,–

Չեմ վախնար սև ծծելե.

Վանք մտնող կույս մ’եմ որ խըզված իր վարսեր,

Անխիղճ, անհոգ, կը դիտե:

Ակներև է արդեն, որ Վարուժան հաճախ, ու մասնավոր գորովով մը, կարդացած է Դուրյանը, մեկե ավելի անգամներ իր քերթվածներուն մեջ կհիշե խանդաղատանքով «Իսկյուտարի Սոխակը»:

Վարուժան չունի հոգեվարքի վարդերու այն անասելի դալկությունը, հատնող լույսի այն կսկծալի ու եղերական գեղեցկությունը, որ Դուրյանին մեջ արդյունք է ա՛յնքան մահվան սպառնալիքն իր կյանքին վրա ցցված տեսնող հիվանդի ճակատագրին, որքան անոր արդեն իսկ թրթռուն, ցավագին ու կույս հանճարին:

Բայց Վարուժան ունի Դուրյանին հանկարծական, սեղմ ու վառ պատկերները, անոր կտրուկ ու սրտե ուղղակի ժայթքող ճիչերը, և այն չեմ գիտեր ինչը, որ ժողովրդական է ի բնե ու «հայ» և որ Դուրյանին բնազդական խորքը կկազմե: Վարուժան ավելի հմուտ է, ավելի գիտակից, ավելի բազմալար, ինք պիտի ըլլա, ինչ որ Դուրյան եղած պիտի ըլլար, եթե ապրեր ու զինքը մաշող ախտը չունենար իր ներշնչմանց գլխավոր աղբյուր

Մանրամասն վերլուծում մը չէ, որ կուզեմ ընել հոս Վարուժանի հատորին, որ կպարունակե արդեն մեկ փոքր մասը միայն այն քերթվածներուն, զոր գրած է ցարդ և հրատարակած «Բազմավեպ»-ի մեջ և այլուր:

Շտապելու հարկ չկա, երբ մարդ Վարուժանի մը պես բեղուն բանաստեղծի մը դեմ կգտնվի: Այս հատորիկը մինակ չպիտի մնա: Վարուժան մեզի պիտի տա դեռ մեկե ավելի հատորներ, ամբողջ բանաստեղծություն մը, բազմագույն, կենսախայտ, ու հետզհետե ավելի հզոր ու հասուն:

Հատորիկը, ինչպես կուգա ներկայանալ հասարակության, ինքնին աղվոր ամբողջություն մըն է: Դեռ անհավասար իր արտահայտության մեջ, պատանեկան անփորձութենեն ու հապճեպեն դեռ ոչ բոլորովին ազատված, Վարուժանի քնարը ամենամեծ հատկությունն ունի ինքնահատուկ հնչյունով մը օժտված ըլլալու, ու հոն ուր ուժեղ կթրթռա` ուժը կձգտի դեպի շատ վեհ բարձունքներ, ուր մերթ կհասնի շքեղ թռիչով մը:

«Մուսային», «Հայր, օրհնե՛», «Վշտին», «Հավերժության սեմին», «Հիվանդ է», «Արյունոտ ճյուղը», «Երազ և խոհ» տիտղոսված քերթվածները հոյակապ էջեր են, և գեղեցիկ բաներ կան «Հաշիշ»-ին, «Մեռածին համբույր մը»-ին մեջ:

«Արյունոտ ճյուղը» զմայելի բալլադ մըն է, գոհար մը գրեթե անթերի այդ փափուկ ու թանկագին քերթողական սեռին, որմե այնքան քիչ նշույլ ունի մեր գրականությունը: «Հիվանդ է»-ին մեջ, Վարուժան կերգե ղարիպության մեջ մեռնող Վանցի կտրիճի մը եղերավեպը, հին պատմություն, զոր անթիվ ժողովրդական երգեր ավաչած են արդեն, բայց որ Վարուժան գիտցած է նույնքան խոր զգացմամբ և նոր շեշտով մը, թարմ գույնով մը վերանորոգել.

Ըստվերին մեջ, խանի մ’անկյունը լըքված

Թըշվա՜ռ պանդուխտ, հիվանդ է.

Խոնավությունն անոր մարմինը շիթ շիթ

Գերեզմանին կը նետե:

…Մըթընշաղին մեջ կը մարմրի, կը հյուծի

Մըթընշաղի մը նըման.

Լըռությունն հոն կարծես դագաղ մը կ’երկնե.

Օրոցք` տունեն գերեզման:

Երիտասարդ է տակավին, և փեսա.

Պոլսեն մինչև Վան հեռու,

Հոն` հաց կ’ուզեն հարսն ու ծընողք. զի՜նք կ’ուզեն.

Դեռ շատ շուտ է մեռնելու:

Ան իր արյունն իր քըրտինքով կը շահեր…

Տե՛ր, ի՞նչ սըրտով կը կոտրես

Թևն` որուն վրա կը թըռթընին մանուկներ

Եվ ծընողքներ ձյունագես:

…Պիտի մեռնի. և իր բընիկ լուսնին տակ,

Հարսը սիրո ծարավով`

Պիտի զուր տեղ անոր գալուն ըսպասե…

Խեղճ վանուհի, ապահով

Հույսի ամեն խոստումներու վայելքին`

Կը ծիծաղիս աստղին հետ.

Մինչդեռ կյանքին երկընքին վրա կը գըծվի

Շանթը շողին զուգահետ:

Որո՞ւն համար շուշանն ու վարդ փոխ կու տան

Իրենց միացումն` այտերուդ.

Ինչո՞ւ Վանա լիճն աստղերով կը վառի

Նախանձելով աչքերուդ:

Որո՞ւն համար հաջաղիդ տակ կը պահես

Ըմբոստանքներն համբույրին…

Վաղն, հե՜գ ծաղիկ, պիտի ճամբորդ մը գուժե.

«Մեկ աչքը բաց թաղեցին»:

«Երազ և խոհ»-ը (որուն տիտղոսը չեմ սիրեր) ուժեղ տեսիլքով մը կգծե դեմքը սատանին, զայն ջախջախելու համար Աստուծո դեմքին ամենագեղ ճաճանչավորման տակ. Վարուժանի համար այդ երկու խորհրդանշաններն իրենց դասական նշանակությունը կպահեն. սատանը` չարն է, տգիտությունը, խավարը, Աստված` բարին, գեղեցկությունը, լույսը: Հյուկոյական շունչ մը կանցնի քերթվածին մեջեն. սքանչելի են տողերը, որ կպատկերացնեն սատանին երևումը.

Պառկած էի. խոր լըռությո՜ւն. գիշեր էր…

Ճըրագս յուղե պատերն արյուն կը ներկեր:

Ծանրացավ մըրափ մ’աչքերուս.

Մըտածումնե՛րըս երազի մեջ սուզան,

Եվ բիբերես ամեն ճաճանչ լուսական

Կոպերուս վրա՛ տըվին ######ս:

Սև դեմքի մ’հետ ձեռք մը տեսա մահճիս քով.

Կուրծքիս դըրավ մատերը բոց եղունգով,

Սընդիկի պես խորամուխ:

Փայտ կըտրեցավ լեզուս. վախցա՛ շեկ աչքեն:

Ես ճանչցա զայն. սատններուն ամենեն

Կատաղին էր` մ’է՛ն թուխ:

Բացավ բերանն` որուն մեջ լինդ միայն կար.

Իր ակռաները խորտակված էին վար

Իյնալու օրն երկընքեն…

Ըսավ. – «Սըրտե՛դ, սըրտեդ քաշել ես եկա

Զայն` որուն տեղն իմ տեղըս պետք է ըլլա.

Տո՛ւր, ինծի՛ տուր սերդ իրեն»:

Հետո կուգա պայքարն բանաստեղծին հոգվույն ու սատանին միջև, որ կպարտվի. և երազողը արթնցած` հրճվանքով կզգա Աստված իր սրտին մեջ, անխախտ.

Ա՜հ, արթընցա: Եվ միտքըս շուտ մ’ըշտապեց

Սըրտիս վըհին. դեռ Ան հոն տեղ էր, անեղծ,

Յոթն արևի նըման ջերմ:

Դևն եղունգով լանջքըս շերտած էր տեղ տեղ.

Ուրախ էի` որ եղա զրահ մ’արյունհեղ

Անոր համար, Անոր դեմ:

Տարօրինապես ազնիվ է ու սրտաշարժ զգացումը, որով տոգորված է «Հայր, օրհնե՛» քերթվածը. հոն, իր բյուրեղի մաքրությունովը, առտվան արևու աղվոր ու թարմ ջերմությունով` ի հայտ կուգա «բարի մարդու» սիրտը, որ կբաբախե այս բանաստեղծին մեջ.

Հա՛յր, ես կ’էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ

Մազերուդ զիս կը տանի,

Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ

Եվ սերերուդ կենդանի....

Բավական է. - աշխատեցար, կըրեցիր,

Ամեն նետի, հարվածի

Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝

Որ հոգվույս մեջ կը հածի։

Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ.

Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։

Հոգիդ, կաղնի՜, երբ կուրծք կու տար մըրըրկին՝

Ես շուքին տակ, հանգիստ, լուռ

Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՛լ հանգչես

Եվ ես քեզի հաջորդեմ...

Խոնջե՜նք, խոնջե՜նք, կ’ուզեմ կըռվիլ, աշխատիլ,

Ելլել կյանքին, կյանքին դեմ...

Հայր իմ, օրհնե՛. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.

Թող մատերեդ կաթի վար

Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն։

Վերջին ժամն է. օրհնե՜, հա՛յր:

Գեղեցիկ տողեր կան «Մուսային» տիտղոսված կտորին մեջ, որ կերպով մը բանաստեղծին քերթողական հավատո հանգանակն է – և հանգանակ մը մեծ ազնվությամբ ու արությամբ հղացած: «Վշտին»-ը հատորին ամենեն խորունկ ու ամենեն աղվոր կտորներեն է.

Ինծմե հեռո՜ւ, ահավոր է տեսնալ քեզ.

Գարնան ծաղիկն ուղխին կըրնա՞ դեմ դընել.

Ո՛հ, քեզի հետ ի՞նչպես կըրնամ չափվիլ ես.

Դու արհեստիդ մեջ վարպետ ես և ընդել:

Դեռ նոր դըրի մեծ հովտին մեջ իմ քայլեր`

Ուրկե` երկա՜յն ճամբան կ’երթա նեղնալով.

Ծայրն է շիրիմն` զոր հասակս այս չի տեսներ

Կամ կը տեսնե միայն սոսկմա՜ն մը դողով…

Քայլիս առջև` մի՛ վերցըներ այդ հովտե`

Ծաղկի, շողի և ցողերու պատմուճանն.

Թո՛ղ որ երկնի հորդ ալիքներն հըրեղեն

Հոն` կապուտակ իրենց ժըպտով հաշտ իջնան:

Բայց, իր պարմանական հոգիին ամբողջ հասկնալի ու գեղեցիկ զարհուրանքն ու սոսկումը նետելե հետո վշտին, բանաստեղծը կվերջացնե երգը ունկնդրելով անոնց, որ կըսեն, – և իրավունք ունին, – թե վիշտը մեծցնող, ազնվացնող, դեպի իդեալն առաջնորդող մեծագույն ուժն է.

Ճակտին վըրա, ակոսներուն մեջ վըշտի`

Կը ցանվի սերմն իտեալին սեփական.

Օր մ’այն հոգին` որ ցավերով կը տվայտի,

Պիտ’ դառնա վարդը Անհունին խընդության:

«Հավերժության սեմին»-ը ամենեն հզոր կտորն է հատորին, և մին ամենեն շքեղ էջերեն հայ բանաստեղծության: Մահվան խորհրդին հանդեպ այդ լայն ու սարսռագին խոկումը նորեն մտածել կուտա Հյուկոյին, ձևովը մանավանդ. եթե հայ բանաստեղծներեն Դուրյանը Վարուժանին վրա ազդած է ավելի, հայտնի է, որ եվրոպացիներեն Հյուկոն ամենից ավելի իր հոգին խոսած է և հոն իր մեծ արևեն քանի մը ճառագայթ ձգած:

Չեմ կրնար ինքզինքս արգիլել հաճույքը հիշատակելու քերթվածին գեթ սկզբնավորությունը, որ հրաշալի է.

Գերեզման մ’էր, լերան ոտքին, գետին մոտ.

Թափառական քայլերըս զայն գըտան հոտ,

Երբ կ’երթայի երազուն,

Իրիկունն, հագած արևին հուսկ շողը լալ

Սիրտըս հանձնած ծաղիկներուն և միտքս ալ,

Փըթթելու մոտ աստղերուն:

Գերեզման մ’էր: Խաչ մը անտաշ, քար մ’անխոս.

Քարն անանուն, և խաչըն ալ` անքրիստոս,

Հոն կը հըսկեն մենակյաց.

Մին զետեղված է ձեռքերով մըտերիմ,

Եվ մյուսն, երկու մասրի ճյուղեր, սև մազի մ’

Գիսակներովն հոն կապված:

Այս է բոլորն. ու ասոր հետ բընությունն

Որ կ’օրորե այդ քունն իբրև մայր մ’անքուն:

Տերևներու սոսափներ,

Գետին ողբանքն ու խոշոր բիբը լուսնին

Մոռացությունն հոն կը սպաննեն. հոն երկինն

Իր նայվածքներն է թափեր:

Ի՜նչ լավ է հոտ. կարծես թե դա՛շտն է` հըսկա

Ուխտավոր մ’այդ գերեզմանին, զի տեսա

Անմոռուկներ ինքնաբույս`

Զոր կապած է բնական ոլոռ մը` խաչին,

Եվ համբուրող շըրթունքը բոց կակաչին

Քարին ծըռած սիրահույզ:

Խոնարհեցա և հոգիս լի աղմուկով

Link to post
Share on other sites

Խոնարհեցա և հոգիս լի աղմուկով

Դատարկեցի մեռածին լուռ սնարին քով.

Գյուղի գիշեր մը երբե՛ք

Ա՜յնքան լավ չի ծըծեր ղողանջը զանգին`

Որքան ծըծեց մահվան այս փոսը լըռին

Հոգվույս ճիչերն հուսաբեկ:

Խոնարհեցա և կածես ինձ հետ բոլոր

Բնությունը հոն խոնարհեցավ, ահավոր

Ըստվերին մեջ ծընրադիր.

Եվ միացավ իրերուն սիրտը սըրտիս`

Խիզախորեն ընկըղմելու համար զիս

Խորհուրդին մեջ սևածիր:

Վար, վար: Լըռե՛, ճըպուռ սյուքե՜ր, լըռեցե՛ք.

Դագաղին խորը չի հասնիր ձայնն երբեք.

Գերեզմանին քարին տակ

Մայր – լըռությունն է բանտարկված: Վար, վար, վար.

Կը կարկի գետն, աստղը կ’մարի, հով չի գար.

Վի՜հ, մութին պես անհատակ:

Կը խափանեն մըտքիս թևերն. ո՞ւր է, ո՞ւր

Վախճանողին գացած ճամբան. ո՛հ, ի զուր

Կը փընտըռեմ հոն, իմ շուրջ,

Անոր անունն ի՞նչ է, կամ ի՞նչ է անունն

Անդըրշիրմի Եղածին, ո՞ւր է Անհունն,

Ո՞ւր է Խորհուրդն. Աղջամո՜ւղջ:

Ըսի վերև, որ Վաուժանի հատորը անհավասար է: Այն քերթվածներեն դուրս, զոր հիշատակեցի, մյուսները, առանց զուրկ ըլլալու մերթ գեղեցիկ իմաստներե ու սիրուն տողերե, թույլ են, երբեմն նույնիսկ տափակ: Ու նույնիսկ այն քերթվածները, զոր հիշատակեցի հիացումով, զերծ չեն ձևի թերություններե: Գրողի մը մեջ միայն և է՛ն առաջ թերություններ տեսնել և անոնց մեջեն նկատել անոր գործն ու տաղանդը, անոնցմով մրոտել և ուրանալ ինչ որ կա անոր մեջ գեղեցիկ և առողջ, գծուծ հոգիներու և կարճատես մտքերու վարմունք է: Կան գրողներ, որ բազմաթիվ տկար արտադրությանց հետ տված են մեկ կամ երկու հզոր ու կատարյալ գործ. ճշմարիտ քննադատը կնկատե է՛ն առաջ այդ դրական տարրը գործին մեջ:Հյուկոյի գործերուն, որոնց թիվը հարյուրը կանցնի, մեկ չորրորդ հազիվ պիտի ապրի, բայց այդ մեկ չորրորդ այնքան շքեղորեն ուժեղ է, որ մյուսներուն տկարությունը ոչ մեկ կերպով չի կրնար վնասել անոր անմահությանը: Ժամանակը, որ մեծ ընտրողն է, կուգա, կավլե կտանի ինչ որ թույլ է, ու կպահպանե ինչ որ կարող է դիմանալ դարերու կրծումին: Սակայն եթե սխա է գրողի մը մեջ միայն թերությունները տեսնել, նույնքան սխալ պիտի ըլլար զանոնք բնավ չնկատել: Երբ մանավանդ կգտնվինք հանդեպ նորածիլ տաղանդի մը, որ իր ճամփան դեռ նոր կբանա, անհրաժեշտ է իրեն ցույց տալ իր առաջին էջերուն մեջ գեղեցկություններուն հետ ինչ որ կար տկար, ատով իրեն օգնած կըլլանք ոչ միայն հզոր ներշնչումով ու խոր զգացողությամբ բանաստեղծ մը ըլլալու, ինչ որ Վարուժան է արդեն, այլև անթերի արվեստագետ մը, ինչ որ ըլլալու համար բոլոր ձիրքերն ունի: Վարուժանի թերությանց ամենեն աչքի զարնողը տեսակ մը «վարժապետական» նոթ է, որ հաճախ կուգա ավրել իր ներշնչմանց մաքությունը, դանդաղեցնել իր թռիչքը նույնիսկ իր ամենեն գեղեցիկ քերթվածներեն ոմանց մեջ, արձակունակ ու հասարակ գույն մը կբերե կսահեցնե իր քերթողական երանգապնակի վրա.

…Երիտասարդ` բայց շուտ ճանչցած շատ բաներ…

…Զի մարդըս այնքա՜ն կը շտապե` մեջտեղեն

Վերցընելու իրեն նըմանը արդեն…

…Աղքատությունն ըզմարդ կ’ընե ախտավոր.

Բյուր գինովին ինն հազարն են չըքավոր…

…Ո՛հ, փոթորկե փոթորիկ մի՛ հուզեք զայն,

Այսինքըն` խոլ բարկութենե բարկություն…

…Ըսպիտակ էջ, որուն մյուս կողմն է գըրված

Անպատճառ բան մը Մահեն…

Հատորին մեջ կան մի քանի քերթվածներ, որ ամբողջապես վարժապետական են նյութի հղացմամբ ու արտահայտության ձևովը («Դաստիարակը», «Տղաք, ներեցեք», «Չորս տարեկանի մը նամակը»), ահա քանի մը տողեր, որ գաղափար կուտան.

Մի՛, մի՛ ծեծեք: Ի՛նչ, խառնակե՞ց ձերին խաղ.

Կամ թե անգետ և դիպվածով, մըտազբաղ,

Ձեր գընդակի՞ն զարկավ ոտքոբ մեկեն մեկ.

Թափե՞ց մելանը թուղթներուդ. – Ներեցեք:

Ո՜հ, ներեցեք, զի հայ մըն է, մեր եղբայր…

(Դաստիարակը) Թոք կը սպառե, միտք կը լըլկե, շունչ կու տա,

Եվ չի խորհիր իր վերքերուն.

Մանկության դեմ դըրած ամբողջ ծերությունն`

Կը բաժնե իր ծովը բազում լըճի վըրա…

Վըսե՜մ կոչում… և այլն:

Ասոնք հրապարակագրություն են կամ ճառախոսություն, բայց ոչ բանաստեղծություն: «Դաստիարակը» քերթվածը տասն անգամ արդեն ատենաբանված է մեր մեջ, ու շատ լավ կերպով, Ռեթեոս Պերպերյանեն: Վարուժան մեզի ուրիշ բաներ ունի ըսելու, ավելի նոր, ավելի ուժեղ, իր բանաստեղծի սրտի խորեն ժայթքած, իր քնարը ատո՛նց միայն թող պահե:

Այդ նոթը Վարուժանին մեջ եկվոր է, իր բնության ու խառնվածքին զավակ չեմ կրնար ընդունել զայն: Պետք է – ատ ալ – մտած ըլլա իր մեջ Մխիթարյան միջավայրեն, որուն գրականության ժխտական կողմերեն մին կազմած է ան և որմե Ալիշաններն իսկ չեն կրցած զերծանիլ: Հյուկոյին ալ ներգործությունը կարելի է տեսնել հոտ, որովհետև ոչ ոք այնքան «վարժապետ» է, նույնիսկ «տիրացու», որքան Հյուկոն ամեն անգամ, երբ թևերը հոգնած ըլլալով, աթոռի մը վրա նստած քարոզ տալու կելլե: Արդ, ոչինչ ավելի անհաշտ է «բանաստեղծության» հետ, քան «քարոզը». բանաստեղծությունը պետք է երգե, ոչ թե տրամաբանե, դասախոսե, ապացուցանե: Ու ասով չեմ ուզեր սահմանափակել բանաստեղծության ոլորտը. ան այնքան լայն է, որքան տիեզերքը, ամեն բան, գիտությունը, ֆիլիսոփայությունը, գիտական հարցերը, ինչպես բնության գեղեցկություններն ու սերը, ու նույնիսկ կաթիլ մը ցող, ու նույնիսկ ճանճի մը բզզյունը կրնան նյութ ըլլալ բանաստեղծության, պայմանավ սակայն, որ քերթողի հոգի հաջողի հալեցնել, աննյութականացնել, թևավոր ու թրթռուն ու գեղեցիկ դարձնել այդ բոլորը: Ոչինչ ավելի դյուրին պիտի ըլլա Վարուժանի համար, քան իրմե դուրս նետել այդ անախորժ տարրը, որովհետև իր հոգին թևեր ունի ի բնե իեն շնորհված և շատ զորեղ, ու այդ թևերը` երբ կթրթռան` զմայելի երաժշտություն մը կարձակեն:

Ուրիշ թերություն մը, պատկերներու և բառերու անճիշտ կամ անճաշակ ընտրությունն է, որ մերթ, նույնիսկ լավագույն կտորներուն մեջ, կնկատվի.

Կը տրոփե մեջս երգերու սաղմն. կը սպասեմ,

Ե՞րբ պիտ’ տըրվի անոր ծնուցիչ քու համբույր:

Պատկերը ճիշտ չէ, քանի որ «սաղմ»-ը բնախոսապես արդյունք է «ծնուցիչ համբույր»-ին, և գոյություն առնելո հետո ա՛լ պետք չունի ոևէ համբույրի սպասելու:

…Անոր վըրա պիտի սիրտս հար քըրտընի…

«Սիրտ մը որ կքրտնի», աղվոր չէ, և բնական չէ պատկերը:

Կսմըտեցի, կռփեցի…

Այս բառերը` գործածած սատանին դեմ բանաստղծին պայքարը նկարելու համար, գռեհիկ են, քմծիծաղ կարթնցնեն, պայքարին մեծությանն ու վեհությանը համապատասխան բառեր չեն:

Կան վերջապես Վարուժանի քերթվածներուն մեջ տաղաչափական անփություններ. ըսի որ քաջ գիտե հայկական տաղաչափությունը, և զայդ կապացուցանեն իր տողերուն մեծամասնության կուռ շինվածքը, դաշնակավոր սահքը, շեշտերու գիտակից կիրարկումը. բայց դժբախտաբար Վարուժան մերթ անհոգության նշաններ կուտա, իմաստին լիալիր արտահայտմանը համար տաղաչափության պահանջները զանց կառնե: Ատիկա արդեն գրեթե բոլոր հայ բանաստեղծներուն թերությունն է, ֆրանսիացի հետին բանաստեղծը տաղաչափական օրենքներուն կճգնի պատշաճացնել իր ներշնչման թռիչքը. ոտանավորը երաժշտություն է ամեն բանե առաջ, ու ոևէ մեղանչում երաժշտականության դեմ աններելի պետք է ըլլա բանաստեղծության մեջ. մեզ մոտ` նեղը մնալուն պես` կզոհե երաժշտականությունը: Հյուրմյուզն ու Պեշիկթաշլյանն են, որ ամենեն ավելի հարգած են այդ պայմաը իրենց տաղաչափած էջերուն մեջ. ու նույնիսկ Պեշիկթաշլյանին մոտ կգտնենք անկարելի տողեր, ինչպես հետևյալը…

Թե երգք թռչին սրողաբար…

Վարուժանին քերթվածներուն մեջ բավական բազմաթիվ տողեր կան աններդաշնակ, ուր բաղաձայնները կխճողվին, մերթ տողն անընթեռնելի դարձնելու աստիճան.

Երբ տվիր անոր թանգ ավարի մ’հղփությունն.

Կը ծնանի, – չի կար. է

Լուռ ու տձև,

(է-ն տողին ծայրը ստորոգելիներեն առաջ` խորթ է աշխարհաբարի մեջ):

Երգեոնիկ մ’է միայն` իր մեծ հարստությունն…

… Դիակ մ’ըլլալուն համար սոսկ…

… Որ բաժանում մը մըխեց խոր, դժնդակ…

… Տրվելով կրոնն` մարդուն, բառին ոտ’նավոր…

Այս թերությունները Վարուժան ինքն իսկ պիտի նկատե անշուշտ և պիտի ուղղե իր ապագա արտադրությանց մեջ: Իրմե մեծ բաներ, ու կատարյալ բաներ կհուսանք: Իր սկզբնավորությկունը մին է ամենեն շքեղներեն, որ հայոց մեջ հայտնված ըլլան: Մեր այս ցավի ու սուգի օրերուն մեջ մխիթարություն մըն է տեսնել, իրմով, անգամ մը ևս, հոյակապ ապացուցումը հայ հանճարին հարանորոգ կենսունակության, հակառակ մեր վրա ծանրացող անողոք ճակատագրականության բոլոր խեղդիչ ու ջախջախիչ պայմաններուն:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...