Jump to content

ՋԱՒԱԽՔԸ ԵՒ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈ


Recommended Posts

ՋԱՒԱԽՔԸ ԵՒ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Աշոտ Մելքոնեան

Բեռլինի վեհաժողովից յետոյ հայ ազգային-քաղաքական ե հասարակական կեանքը նկատելի վերելք է ապրում Ախալքալաքի գաւառում։ Արևմտահայութեան նկատմամբ Ջաւախքի հայութեան սրտացաւ վերաբերմունքը դրսևորւում է 1879 թ., երբ սկսաւում է Վանի սովեալներին օգնութիւն ցուցաբերելու համահայկական շարժումը1։ 1890-ական թուականներին Ջ. Տէր-Գրիգորեանի և Պ. Աբելեանի ջանքերով ստեղծւում է ազատագրական խմբակ2։ Այստեղ իրենց գործունեութիւնն են ծաւալում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն և Սոցիափստ-յեղափոխականների (էսէռ) կուսակցութիւները։ Դաշնակցութեան համար Ջաւախքում համակիրներ գտնելու հենքը ազգային խնդիրներն էին, իսկ էսէռների համար՝ գիւղացիութեանր յուզող հողային հիմնահարցերը։

Փաստաթղթերի ուսումնասիրութիւնից երևում է, որ Արևմտեան Հայաստանի ազատագրութեան գաղափարներր ջերմ արձագանք են գտել ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, լինելով ծագումով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ էրզրումի նահանգի հետ։ Ըստ Ախալքալաքի գաւառապետի կազմած մի զեկուցագրի՝ արդէն 1891թ. յունուարին Ջաւախքում շրջում էին երկու յեղափոխական քարոզիչներ, որոնք կոչեր էին անում զօրավիգ լինել թուրքահպատակ հայրենակիցների ազատագրական պայքարին` կամ մասնակցել նրանց օգտին կատարուող դրամահաւաքին, կամ զէնքը ձեռքին միանալ արևմտահայերի ապստամբական գործողութիւններին։ Այդ գործիչներին յաջողուել է հաւաքագրել կամաւորներ՝ Արևմտեան Հայաստան անցնելու և այնտեղ ազատագրական պայքար կազմակերպելու նպատակով։ Ըստ գաւառապետի՝ նրանց այդօրինակ յաջողութեան պատճառն այն էր, որ գաւառում բնակուող հայութեան, յատկապէս քաղաքաբնակների շրջանում մէծ թիւ են կազմել Հայկական թագաւորութեան վերականգնման մասին երազող անձինք։3

Քարոզիչներին յայտնաբերելու ուղղութեամբ Բոգդանովկայի պրիստաւ Մ. Ճաւճաւաձէի փորձերն անցել են ապարդիւն։ Բնակչութեան աջակցութեամբ, յատկապէս Փոքր Գոնդուրայի բնակիչ Արտաշէս Վարդանեանցի ուղեկցութեամբ նրանց յաջողուել է անցնել հարևան Ալեքսանդրապոլի գաւառ։ Ձերբակալուել են խռովարարներինե աջակցած մի խումբ գործիչներ՝ քահանայ Տէր Ստեփան Արուանեանր, նրա փեսայ Շահբազեանը, բժիշկ Արշակը, Դադէշ գիււփ բնակիչներ բժիշկ Դալի քէշիշ Կարսլեանը և քահանայ Տէր Կարապետը։ Յատկապէս մեծ ակտիւութիւն են հանդէս բերել Տէր Ստեփանի որդին՝ նոտարիուս Արուանեանր, Վաչիանի դպրոցի ուսուցիչ Հմայեակ Աղեկեանը և Ախալքալաք քաղաքի բնակիչ, գաւառում յայտնի յասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, Դիլիսկայի համայնքի նախկին գրագիր Բագրատ Պիճիկեանը։ Իշխանութիւնների համոզմամբ վերոյիշեալ մարդիկ հայկական գաղտնի կոմիտէի անդամներ են և գաւառում ստեղծել են այդ կազմակերպութեան մասնաճիւղ։ Ուստի, ըստ ոստիկանութեան, անհրաժեշտ է նրանց նկատմամբ գործադրել պատժամիջոցներ՝ գաւառից արտաքսել Հ. Աղեկեանին և Բ. Պիճիկեանին, յեղափոխականների հետ շփուող, նրանց գործունեութեան մասին իշխանութիւններին տեղեկութիւններ հաղորդելուց հրաժարուող մարդկանց նկատմամբ սահմանել մեծ չափերի տուգանքներ, ինչպէս նաև պետական քարոզչութիւն ծաւալել՝ ախալքալաքցիների “չափից դուրս հայրենասիրութիւնը” զսպելու համար։ Գաւառապետի համար յատկապէս աններելի էր թւում նոտարիուս Արուանովի արարքը, որը, “կրելով ռուսական չինովնիկի գլխարկ՝ ռուսական կառավարութեան տեսակէտներին դէմ քայլեր է արել...”4։

Ախալքալաքի գաւառում ցարական իշխանութիւները չկարողացան արմատախիլ անել նորաստեղծ դաշնակցական կազմակերպութիւնը։ Պատահական չէ, որ շուտով Ջաւախքը տուեց այդ կուսակցութեան բազմաթիւ յայտնի դէմքեր։ Սովորական երևոյթ դարձաւ ընտանիքի անդամներով այդ կուսակցութեանը զինուորագրուելը։ Այդպիսի ընտանիքներ դարձան Յովհանջանեանները (Օհանջանեաններ), Տէր-Մինասեանները, Իգիթեանները (Իգիթխանեաններ, Քաջազնունիներ)։ Օհանջանեանների բազմանդամ ընտանիքի անդամներից Համազասպը՝ Համոն (ծնուել է Ախալքալաք քաղաքում 1873թ.) շուտով ձեռք բերեց մեծ ճանաչում, դարձաւ կուսակցութեան ղեկավար գործիչներից մէկը։ Նրա եղբայրներից Արմէնը, որը մեծ համբաւ էր վաստակել ռուս յեղափոխական գործիչների շրջանում, զոհուեց իր ժողովրդի ազատագրութեան համար մղուող պայքարում։ Քոյրերից Սաթենիկը վաստակեց սիրուած կին յեղափոխական գործչի անուն։ Նա հանդէս եկաւ Ախալքալաքում իշխանութիւնների կողմից հետապնդուող դաշնակցական գործիչ Ջալալ Տէր-Գրիգորեանի և նրա րնկերների պաշտպանութեամբ5։

Դաշնակցութիւնը Ախալցխայում և Ախալքալաքում ուժեղացաւ յատկապէս 20-րդ դարասկզբին։ Կատարուած հանգանակութիւնների հաշուին, որոնց մեծ մասը նպատակաուղղուած էր արևմտահայ զինական խմբերի կազմակերպմանն ու գործունեութեան ֆինանսաւորմանը, տեղական գործիչների ձեռքին յայտնուեցին դրամական զգալի միջոցներ։ Այսպէս, 1904թ. Ախալցխա-Ախալքալաքի համատեղ կազմակերպութեան տրամադրութեան տակ կար 32 հազ. ֆրանկ գումար, այն դէպքում, երբ Կիլիկիոյ պատասխանատու մարմինն ուներ 16 հազ., Ամերիկան՝ 15 հազ., Բաքուն՝ 12,5 հազ., Թիֆլիսը, Գանձակր և Շուշին միասին՝ 38,5 հազ. ֆրանկ։ Բացի այդ, նոյն թուականին հիմնականում “Փոթորիկ” գործողութեան համար, Ախալցխայից և Ախալքալաքից սպասւում էր ևս 10 հազ. ֆրանկ գումար6։

Ախալքալաքցիների և սահմանից այն կողմ ապրող նրանց արևմտահայ եղբայրների հետ օրեցօր կապերն ամրապնդուեցին։ Ախալցխայի և Ախալքալաքի հայութեան հոգևոր կապը աբևմտահայութեան հետ արտայայտւում էր նաև գործնական քայլերով։ Արդէն 90-ական թուականների սկզբից բազմաթիւ ախալքալաքցիներ ու ախալցխացիներ, անմասն չմնալով այդ ժամանակ յատկապէս երիտասարդութեանը յամակած ոգևորութիւնից, միանում էին ամենուր կազմակերպուող զինական խմբերին և անցնում Արևմտեան Հայաստան, մասնակցում թուրքական բռնատիրութեան դէմ մղուող ազատագրական կռիւներին։ Պատմագիտական գրականութեան մէջ կայ հսկայական քանակութեամբ փաստագրական նիւթ, որում ներկայացուած է կովկասահայութեան գործուն մասնակցութիւնը արևմտահայ ազատամարտին։ Սակայն քանի որ այդ հայդուկ-ազատամարտիկների կենսագրականներում միշտ չէ, որ կարելի է գտնել վկայութիւններ նրանց իսկական անուն-ազգանունների, ծննդեան վայրերի մասին, շատ գործիչների ով և որտեղացի լինելը մնացել է անյայտ։ Այդուհանդերձ, կցկտուր տեղեկութիւնների հիման վրայ հնարաւոր է դառնում վեր հանել ախալցխացի և ախալքալաքցի մի խումբ ֆիդայիների գործունեութիւնը։

Ինչպէս յայտնի է, Արևմտեան Հայաստանում ազատագրական պայքար ծաւալելուն ուղղուած կովկասահայերի առաջին գործնական քայլր 1890թ. Սարգիս Կուկունեանի արշաւանքն էր։ “Կային խումբի մէջ,- գրում է Մ. Վարանդեանր,- և ռուսաց բանակի հայ զինուորներ եւ մեկ հարիւրապետ, ախալցխացի Ստեփանը, որ կը սորւեցնէր պէտք եղածը կամաւորներուն”7։

1892թ., երբ յայտնի ֆիդայապետ Արաբոն գալիս է Թիֆլիս՝ մասնակցելու Հ.3.Դաշնակցութեան առաջին Ընդհանուր ժողովին, կովկասահայ շատ երիտասարդներ խնդրում են նրան՝ իրենց վերցնել ջոկատի մէջ և անցնել Արևմտաhայաստան։ Արաբոն շատերին մերժում է և իր հետ 1893թ. էրգիր է տանում միայն արևմտահայ կամաւորականների՝ խնուսցի Մելքոնին, մշեցի Աւոյին ու Մարտոյին և ուրիշների։ Այն ժամանակ արևմտահայ գործիչների շրջանում տիրում էր այն կարծիքը, որ թուրքական բռնատիրութեան դէմ ֆիդայական պայքարը գլխաւորապէս արևմտահայերի խնդիրն է։ Բացառութիւն է արւում միայն ախալցխացիներ Վարդանի և Լեւոնի հարցում, որոնք, թերևս, ընդգրկւում են խմբի մէջ իրենց արևմտահայ (էրզրումցի) լինելու պատճառով։ Արաբոյի 16 հոգանոց ջոկատը Տարօնի սահմանագլխին, Գեալիսորի (Առաշի) ձորում, մարտի մէջ է մտնում քրդերի ու թուրքերի հետ։ Բոլոր ֆիդայիները զոհւում են։ Արաբոյի կողքին քաջի մահով ընկնում է ախալցխացի Վարդանը8։

1890-ականների առաջին կէսին պատմական հայրենիքը թուրքական լծից ազատագրելու գաղափարները լայն տարածում են գտնում Ջաւախքում։ Մեսրոպեան վարժարանում, քաղաքային գրադարանում, թատերական ներկայացումների ժամանակ, ամենուր խոսում էին հայ ազատամարտին նուիրուելու հրամայականի մասին։ Թիֆլիսից ստացուող առաջադիմական մամուլի էջերում առաջ քաշուած գաղափարները լայնօրէն քննարկւում էին մտաւորականութեան և երիտասարդութեան շրջանում։ Այդ տեսակէտից առանձնակի ակտիւութիւն է նկատւում Ախալքալաքի Մեսրոպեան ծխական դպրոցում։

Երկրի մասին խօսակցութրւններն աւելի յաճախակի են դառնում, երբ 1894թ. թուրքական եաթաղանից մազապուրծ, առաջին արևմտահայ գաղթականները՝ թուով 350 հոգի, հասնում են Ախալքալաք։ Բնակչութիւնը ջերմօրէն է ընդունում նրանց, տեղաւորում քաղաքում և Գումբուրդօ, Արագովա, Օրջա և այլ գիւղերում։ Կովկասի Հայոց բարեգործական ընկերութեան տեղի մասնաճիւղի ջանքերով կազմակերպւում է հանգանակութիւն9։ Տղամարդկանց մի մասը, գոյութիւնը մի կերպ պահպանելու համար, չնչին վճարումով, իբրև քարհատ, մասնակցում է զինուորական զօրամասի շէնքերի կառուցմանը։ Ծխական դպրոցի մի խումբ դասընկերներ՝ 12-ամեայ Մինասը (յետագայում ազատագրական պայքարի նշանաւոր գործիչ Ռուբէն Տէր-Մինասեանը), Պարոյրը, Բաղդիկը և ուրիշներ, այցելում են նրանց, ունկնդրում համիդէական զարհուրելի կոտորածների մասին նրանց պատմածները։ Ռուբէնի վրայ յատկապէս ծանր տպաւորութիւն է թողնում շփումը քարհանքում աշխատող գաղթականներից մէկի հետ, որը, տեսնելով պատանիներին, յիշում է իր “լաճին”։ Ռուբէնի հարցին, թէ “ի՞նչ է լաճը”, տաճկահայը պատասխանում է. “Իմ զաւակը, որ քեզի նման խորոտ էր, եարապ, ի՞նչ եղաւ” 10։ Պատանիները, համաձայնութեան գալով Եկատերինոդարից հայրենի քաղաք վերադարձած 11-ամեայ Արտաշէսի (Չիլինգարեան՝ յետագայի դաշնակցական գործիչ Ռուբէն Դարբինեանը) հետ, որոշում են “թուրքերից վրէժխնդիր լինելու և Հայաստանն ազատագրելու համար”, մեկնել Երկիր։ Նրանք ձեռք են բերում “զէնք”՝ վառօդ, դանակներ, և իրենցից իւրաքանչիւրի համար ընտրելով նոր անուններ՝ Րաֆֆու վէպերի սիրուած հերոսներից, ուղղւում են դէպի ռուս-թուրքական սահմանը11։ Այս պատանեկան ազնիւ պոռթկումը, բնականաբար, յաջողութիւն չի ունենում և կանխւում է։ Սակայն այն, լինելով շատ բնութագրական տուեալ ժամանակաշրջանին, խորը հետք է թողնում ինչպէս մասնակիցների, այնպէս էլ գաւառի պատանիների ու երիտասարդների հոգում։ “Արշաւանքի” մասին հիւսւում է յատուկ երգ, որը մեծ ոգևորութեամբ երգում էին փոքրերը, իսկ կեսկատակ՝ նաև մեծերը12։ Այդ մասին յետագայում Ռ. Դարբինեանը յիշում էր. “Այդ օրերուն ոչ միայն Կովկասի հայ երիտասարդութիւնը, այլեւ պատանիներն ու 10-12 տարեկան երեխաները կերազէին ,Հայաստանե երթալ։ Թէեւ կապրեին Կովկասեան Հայաստանի հողին վրայ, բայց բոլորն ալ այն հաւատքն ունէին, որ բուն Հայաստանը ռուսական սահմանի այն կողմն էր, այսինքն՝ Թրքահայաստանր։ Եւ ատոր համար դէպի հոն կը ձգտէին՝ թրքական արիւնոտ լուծէն տառապող իրենց եղբայրներուն եւ քույրերուն օգնելու համար”13։ Նոյն Ռ. Դարբինեանի խօսքերով, այդ ,ձախողուած մանկականե միջադէպը կոչուած էր լինելու Ռուբէն Տէր-Սինասեանի ապագայ յեղափոխական բուռն գործունեութեան առաջին, բայց խորապես գիտակցուած քայլը։

Որքան էլ զաւեշտական է, այս երեխայական խաղը մեծ իրարանցում է առաջացրել տեղական իշխանութիւնների շրջանում։ Գործով սկսել է զբաղուել գաւառապետը։ Սաթենիկ Օհանջանեանի վկայութեամբ դժուարութեամբ է յաջալուել փրկել դպրոցը փակելուց։ Եղել են խուզարկութիւններ և հարցաքննութիւներ, այդ թւում իրենց՝ Օհանջանեանների տանը։ Չհաւատալով, որ միջադէպը պատանիների մտայղացման արդիւնք է, այն կազմակերպելու մէջ ոստիկանութիւնը փորձել է մեղադրել դպրոցի տեսուչ Խաչատուր Դիլանեանին և ուսուցիչներին։

19-րդ դարի վերջին նորանոր ախալցխացիներ ու ախալքալաքցիներ գինուորագրուեցին արևմտահայ ազատագրական պայքարին։ Ախալցխայից էրգիր անցածների թւում էին երիտասարդ դաշնակցականներ Շամիլը (Տիգրան Օքոնյան), Հաճի Լեւոնը (Լեւոն Խզարճեան), Ուսուլ Խեչոն (Խաչատուր Տեր-Կարապետեան) և ուրիշներ, որոնց սպասւում էր բուռն ու փոթորկալից յեղափոխական գործունեութիւն։ Նրանցից իր քաջութեամբ աչքի ընկած Խեչոն 1897թ. ամռանը մասնակցեց Նիկոլ Դումանի, Վարդանի (Սարգիս Մեհրաբեան), Իշխան Արղութեանի և այլ նշանաւոր հայդուկապետերի կազմակերպած Խանասորի արշաւանքին։ Արդիւնքում հայդուկները վրէժ լուծեցին 1896թ. Վանի ինքնապաշտպանութեան մասնակիցների նկատմամբ արիւնալի կոտորած իրականացրած քրդական մազրիկ ցեղից։ “19 քաջեր ընկան հայրենի հողին վրայ այդ կռիւներու ընթացքին,- գրում է խանասորցի զոհերի մասին Մ. Վարանդեանը,- 19 նահատակներ հայոց աշխարհի բոլոր կողմերեն...։ Վանեցի, շատախցի, համադանցի, մշեցի, գողթնեցի, ղազախեցի, ղզլարցի, նոր-բայազէտցի, ալեքսանդրապոլցի, թիֆլիզեցի, ղարաբաղցի, ախալցխացի, ախալքալակցի և այլն”14։

20-րդ դարի սկզբին հայ ազատամարտին մասնակցած բազմաթիւ ախալքալաքցիների մէջ իր ծանրակշիռ գործունէութեամբ առանձնանում է տակաւին երիտասարդ Ռուբէն Տէր-Սինասեանը։ Գէորգեան ճեմարանն աւարտելուց յետոյ նա 1902թ. Թիֆլիսում ներկայանում է իր հայրենակից, աւագ եղբոր՝ Յարութիւնի մանկական ընկեր, արդէն ճանաչուած դաշնակցական գործիչ Համօ Օհանջանեանին և նրա խորհրդով կուսակցական աշխատանքի անցնում Բաթումում։ Աւելի քան 50 տոկոս հայ բնակչութիւն ունեցող այս քաղաքում մեծ թիւ էին կազմում այնտեղ տեղափոխուած ախալքալաքցիները։ Իր համերկրացիներից մի քանիսի հետ Ռուբէնին է վստահւում արևմտահայ զինական խմբերի համար միջոցներ հայթայթելու պատասխանատու գործը։ Երկու տարի անց Ռուբէնը յեղափոխական գործունէութիւնը շարունակում է Կարսում, ուր տեղափոխւում է նրանց բազմանդամ ընտանիքր։ Յեղափոխական այս ,հնոցումե՝ Ռ. Տէր-Մինասեանն ընկերակցում է յայտնի գործիչ Սերգէյին՝ Արամ Մանուկեանին։

Արամի ու Ռուբէնի ջանքերի շնորհիւ յաջողւում է ուժեղացնել Դաշնակցութեան Կարսի Կենտրոնական կոմիտէն՝ նրա մէջ ընդգրկելով առաւելապէս արևմտահայ ծագում ունեցող մարդկանց։ ,Այս պարագան պատճառ էր, որ Կ.Կոմիտէն ընդհանրապէս բաղկանար տեղացիներէ կամ ախալքալաքցիներէ եւ ալեքսանդրապոլցիներէ, որոնք ծանօթ էին իրենց եւ միեւնոյն ժողովուրդն էին՝ Բարձր Հայքէն ծնած։ Այս հանգամանքը Կ. Կոմիտէի նկարագիրը կը դարձնէր յարատեւ եւ աւանդապաշտե15։

Կարսի կոմիտէի անդամ է դառնում նաև Ռուբէնի կրտսեր եղբայր Երուանդը, իսկ աւագ եղբայր Յարութիւնը, որ անկուսակցական էր և գործարար մարդ, կուսակցութեանն օգնում է նիւթական միջոցներով։ 1904թ. գարնանը Նիկոլ Դումանի հետ Ռուբէնին վիճակւում է մեկնել Պարսկաստան, իսկ ամռանն անցնել Արևմտեան Հայաստան16։

1903թ. սուլթանական կառավարութեան կողմից ազատատենչ Սասունի նկատմամբ հսկողութեան սաստկացումը ստիպում է կովկասահայ շատ գործիչների զինական ջոկատներ ուղարկել Երկիր։ Դրանցից յաջողութեամբ Սասուն է հասնում Թորգոմի (Թուման Թումեանի) 23 հոգանոց ,Մրրիկե խումբը։ Այդ փառայեղ անցումը մեծ ոգևորութիւն է առաջացնում սասունցիների շրջանում։ Ջոկատում նշանաւոր Քեռու և Տուրբախի կողքին էին ախալցխացի Արտաշէսը և ախալքալաքցի Նիկոլը (Ջաւախեցի Նիկոլ)17։

Առաջինը յետագայում զոհուեց Բիթլիսի շրջակայքում, իսկ Նիկոլը՝ կեանքն անցկացրեց ֆիդայական կռիւներում ու բանտերում։

Հայդուկային խմբերից ոչ բոլորին էր յաջողւում անկորուստ հասնել Սասուն։ Աւելին, եղան դէպքեր, երբ ծանր մարտերի մէջ մտնելով թուրքական ու քրդական զօրքերի, երբեմն էլ՝ վերջիններիս աջակցող ռուսական սահմանապահ ջոկատների հետ, հայդուկները տուեցին ցաւալի կորուստներ։ Այդպիսի ջոկատներիից մէկը, որում ըստ տարբեր տուեալների հաշւում էր մինչև 150 հեծեալ ու հետիոտն հայդուկ, Խանի ու Նևրուզի հրամանատարութեամբ 1903թ. Կարսի մարզից մտնում է թուրքական սահմանը և Բասենի Դելի-Բաբա, Գոմաձոր և Յուզվերան գիւղերի շրջանում շրջափակւում թուրքական գերակշիռ զօրքերի կողմից։ Թշնամին Նևրուզի հետևակայինների վրայ թնդանօթային և հրացանային կատաղի կրակ է տեղում։ ,Ջաւախքցի Շէկ Համոն, որ ռուս բանակի մէջ երեք թել էր վաստկած եւ այժմս խումբի աչքը անոր վրան էրե, ոգևորում է ընկերներին՝ կոչ անելով չվհատուել, դիրքեր փորել և պատսպարուել։ Հայդուկների դիրքերի թնդանօթային երկարատև ռմբակոծութիւնից յետոյ, կարծելով, թէ բոլորը զօհուել են, թուրքերը երեք շարասիւնով անցնում են գրոհի։ Երբ մինչև ֆիդայիները ասկեարներին մնում է 200 քայլ, հնչում է Համոյի հրամանը, և սկսւում է ուժեղ հրաձգութիւն։ Անակընկալի եկած թուրք զինուորները, տալով մեծ կորուստներ, նահանջում են։ Ոգևորուած կամաւորականներից ոմանք առաջարկում են անցնել հակագրոհի։ Բայց Համոն արգելում է և փոխարէնն առաջարկում միասին երգել ,Դէ զարկէ՛ք, զարկէ՛ք...ե հանրայայտ ֆիդայական երգը։

Կառավարական զօրքերը, նոր համալրում ստանալով, հակառակ ֆիդայիների սպասումներին, յաջորդ օրն անցնում են ընդհանուր գրոհի։ Խանի հեծեալները, որ կտրուել էին Նևրուզի հետևակայիններից, թէև կարող էին հեռանալ և փրկուել, չեն լքում մարտադաշտը։ Շրջապատման մէջ, արիւնալի կռւում շատերի հետ զոհւում են արշաւանքի ղեկավարները, այդ թւում՝ ախալքալաքցի Շէկ Համոն։ Նիկոլ Դումանին Մխչոնց Մարգարի, ինչպէս և հրաշքով փրկուած այլ ընկերների պատմածների համաձայն՝ Շէկ Համոն եղել է ամենախիզախ ու երկար կռուողներից մէկը։ ,Ան եղած էր ոչ միայն քաջ, այլեւ գիտակցող իրենց վիճակին եւ անվեհեր կերպովե18։ Այս մարտում թշնամին կորցնում է 800 զինուոր։

Ծանր վիրաւորուած 4-5 կամաւորականների թւում գերի են ընկնում Թորգոմի ,Մրրիկե խմբից մեծ համբաւ վաստակած ջաւախեցի Նիկոլը և ախալցխացի Ուսուլ Խեչոն։ Նրանց թուրքական իշխանութիւնները տանում են էրզրումի բանտը։ Բարեբախտաբար, երկուսին էլ յաջողւում է ազատուել բանտից և շարունակել յեղափոխական պայքարը։ Նրանք կրկին միանում են զինատար և զինական խմբերին, յետագայում՝ առաջին աշխարհամարտի ժամանակ մտնամ հայ կամաւորական ջոկատների մէջ19։

Դարասկզբին ախալքալաքցիներն ու ախալցխացիները մեծ դեր ունէին նաև զէնքի ձեռք բերման և առաքման գործում։ Արևմտեան Հայաստան ուղարկուող զէնքի հայթայթման ամենայայտնի կենտրոններից մէկը Ալեքսանդրապոլն էր, ուր տեղակայուած էր ռուսական կայազօրը։ Դաշնակցութիւնն այդ խնդրի վրայ սկսեց աւելի մեծ ուշադրութիւն յատկացնել դարասկզբին, երբ ուժեղացան ոչ միայն արևմտահայերի, այլև՝ արևելահայերի հալածանքները։ Պատահական չէ, որ Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի զօրամասերից գաղտնաբար գնուած կամ ուղղակիօրէն առաւանգուած զէնքի շնորհիւ տեղի դաշնակցական կոմիտէի ձեռքին կատակուել էր զգալի քանակութեամբ զէնք։ Դրա մի մասն ուղարկուեց Արևմտահայաստան, միւս մասը՝ ցրուեց գաւառի գիւղերում։

Հայ եկեղեցու գոյքի բռնագրաւման մասին ցարական կառավարութեան 1903թ. յունիսի 12-ի օրէնքր դժգոհութեան ալիք առաջացրեց ամենուր, այդ թւում՝ Ախալքալաքում։ Այն ուղղակի կնշանակեր նաև տեղի հոգեւոր ճեմարանների փակում, որոնց մեծ մասը պահւում էին եկեղեցական կալուածքների, մասնաւորապէս Ս. Փրկիչ եկեղեցուն պատկանող հողերի հաշուին։ Բարեբախտաբար, Ախալքալաքում տեղի ղաշնակցական կոմիտէի հրահանգով բնակչութիւնր ձեռնպահ մնաց զէնքի գործադրումից, որր կարող էր յանգեցնել մեծ արիւնայեղութեան։ Օգոստոսի 24-ին, կիրակի օրը տեղի ունեցաւ բողոքի բազմամարդ հանրահաւաք։ ,Վաղ առաւօտուն շրջակայ գիւղերէն հազարաւոր շինականներ խումբ-խումբ եկան լեցուցին քաղաքը,գրում է Մ. Վարանդեանր։ Կուգային և քահանաներ ու երէցփոխներ։ Նաեւ բազմաթիւ կանայք ու երեխաներ։ Ամէն գիւղէ կը բերէին բողոքագիր մը, ուղղած Հայոց Կաթալիկոսինե20։ Ս. Խաչ եկեղեցու բակում և յարակից փողոցներում հաւաքուած ցուցարարների թիւը հասաւ 6 հազ. մարդու։ Պատարագի ժամանակ դպիրներր հրաժարուեցին յիշատակել կայսեր անունը։ Բանախօսները կրակոտ ճառերով դատապարտեցին իշխանութիւնների հակահայ քաղաքականութիւնը և խոստացան ,արեան գնով պաշտպանել մեր դարաւոր իրաւունքներըե։ Ոստիկանաթիւնը չհամարձակուեց արգելել հանրահաւաքը՝ անտեղի բախումներ չհրահրելու համար։

1903-1904 թթ. հակացարական ելոյթների շրջանում, օգտուելով ողջ կայսրութիւնում ստեղծուած քաոսային վիճակից, Ախալցխայի և Ախալքալաքի դաշնակցական գործիչները նոր քայլեր կատարեցին զինամթերք հայթայթելու ուղղութեամբ։ Նրանք իրենց ծրագրերը համաձայնեցրին Ալեքսանդրապոլում գործող գաղտնի խմբերից մէկի հետ, որը ղեկավարում էր ճանաչուած գործիչ Պադուալի Վաղոն։ Համատեղ ջանքերով 1904թ. տեղի ռուսական զօրամասից առաւանգուեց մեծ քանակութեամբ զէնք։ Մէկ ամիս տևած այդ վտանգաւոր գործողութեան գլխաւոր կազմակերպիչ Վաղոյին օժանդակեցին Սուազցի Բիձան (Յարութիւն) և գիւմրեցի Յակոբը, վերջինիս փորձուած ֆիդայի-ընկեր Ուսուլ Խէչոն, Հաջի Լևունը և Աշիկը, որոնք Արևմտեան Հայաստանից նոր էին վերադարձել Ախալցխա։ Նրանց օգնութեամբ իրականացուեց ոչ միայն զէնքի դուրսբերումը պահեստներից, այլև՝ 30 սայլերով առաքումը Երկիր և Անդրկովկասի զանազան շրջաններ։ Ի դէպ, 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհաւտւմների ժամանակ այդ զէնքը ի սպաս դրուեց նաև Անդրկովկասի քաղաքներում հայ բնակչութեան ինքնապաշտպանութեան գործին21, որին ակտիւօրէն մասնակցեց նոյն Ուսուլ Խէչոն։

Ալեքսանդրապոլի զինական պահեստներից զէնքի առգրաւման և առաքման յաջող գործողությունից ոգևորուած՝ Հաջի Լևոնը22, Ուսուլ Խէչոն, Աշիկը (Աշըգ), Ասլանը և ուրիշներ, որոշում են ստեղծել մի առանձին զօրաջոկատ՝ բաղկացած հիմնականում ախալցխացիներից ու ախալքալաքցիներից և, շատերի օրինակով՝ մեկնել Երկիր։ Վճռւում է Վասպուրական մտնել Պարսկաստանի վրայով։ Բանն այն է, որ Արևմտեան Հայաստանի զինատար ճանապարհներից առաւել յուսալին Պարսկաստան-Վասպուրական երթուղին էր։ Կարսի մարզի թուրքական սահման տանող Բասենի ճանապարհը թուրքական և ռուսական իշխանութիւնների համագործակցութեան յետևանքով վտանգաւոր էր դարձել։

Ապրիլի առաջին կէսին Հաջի Լևոնի հեծեալ խումբը ժամանում է Սալմաստ, որտեղ համալրւում է Երկրին լաւատեղեակ վանեցիներով և ապրիլի 17-ին անցնում պարսկա-թուրքական սահմանր։ Արշաւանքի երկրորդ օրը նրանց ներկայացած բարեկամ քրդերը յայտնում են, որ իշխանութիւները ծուղակ են պատրաստել, ուստի անհրաժեշտ է վերադառնալ։ Սակայն ֆիդայիների պատուախնդրութիւնը թույլ չի տալիս բռնել յետդարձի ուղին։ Որոշւում է կռիւներով ճեղքել համիդէական զօրքերի օղակը և առաջ շարժուել։ Հայդուկներին յաջողւում է կոտրել քրդերի դիմադրութիւնր և հասնել Վանից հիւսիս-արևելք ընկած Լիմ գիւղը։ Այստեղ խումբն ընկնում է թշնամու ուժեղ կրակի տակ։ Ձիերի մի մասր սպանւում է, միւսներին ֆիդայիներն են գնդակահարում՝ թշնամու ձեռքը չանցնելու և բոլորով, աննկատ առաջ շարժուելու համար։ Զոհւում են վանեցի Յովհաննէսը, Ջոջ Աղան և ուրիշներ23։ Այդուհանդերձ, ախալցխացիների նախաձեռնած այս համարձակ ձեռնարկումը պսակւում է յաջողութեամբ։ Խումբը հասնում է Վարագայ վանք՝ տեղ հասցնելով նաև որոշակի քանակութեամբ զինամթերք։

Դեռևս 19-րդ դարի վերջից Պարսակահայքում՝ Խոյում, Սալմաստում, Մակուում՝ պատմական Աւարայրի դաշտում գործող զինատար խմբերի շրջանում մեծ ճանաչում են ձեռք բերում Դարալագեազցի (ծնունդով՝ Մալիշկա գիւղից) Սարբազ Խէչոն և ախալքալաքցիներ Գրիշն ու Սուրէնը։ Վերջիններս, որոնց յաճախ անուանում էին ,Ջաւախեցիե, ռուսական բանակի հեծելազօրի նախկին ենթասպաներ էին, տարբեր տեսակի զենքերի քաջատեղեակ ու վարձառու մասնագէտներ, թողնելով ծառայութիւնը, տեղափոխուել էին Պարսկահայք և Սարբազ Խէչոյի հետ, ստանձնել էրգրի ֆիդայական խմբերին զէնք մատակարարելու կենսական գործը։ 1904թ. Երկիր անցնելու նպատակով Պարսկաստան ժամանած Ռուբէն Տէր-Սինասեանի այն հարցին, թէ իր հայրենակիցներն ինչո՞ւ են թողել զինուորական գործը, Սուրէնն ու Գրիշը վիրաւորուած պատասխանում են, թէ իրենք չեն կարող ,ազգի համար նահատակութեան գործը թողածե, ծառայել ռուսական բանակում։ Ռուբէնի վկայութեամբ ,Հէր ու Զարեւանդ եւ Արտազ հին հայկական գաւառներուն մէջ անոնք արդէն ճանաչուած մարդիկ էին։ Ոչ միայն կուսակցական մեր գոյքերի փոխադրողներն էին ռուսական սահմաններէն մինչեւ Վասպուրականի սահմանները, այլեւ դարձած էին պատուհասը հաղորդակցութեան ճամբաները բռնող եւ երթեւեկը խանգարող աւազակներուե24։ Պատահական չէ, որ պարսկաթուրքական սահմանով զէնքի տեղափոխման դժուարին գործը գրեթէ միշտ վստահւում էր Սարբազ Խէչոյին, Գրիշին և Սուրէնին։ Աւելին, շատ կարաւանապետեր, փոստային ծառայողներ, նոյնիսկ պարսկական ու թուրքական պետական մարմիններ, իրենց գոյքի տեղափոխման համար դիմում էին նրանց։ Բանն այն է, որ այս եռեակը մեծ հեղինակութիւն էր վայելում ոչ միայն երկու երկրների պաշտօնեաների, այլև սահմանային գօտում տէր ու տնօրինութիւն անող քրդական աւազակախմբերի շրջանում։ Եւ որպէս կանոն, զանազան բեռների հետ, այն կարողանամ էր ապահով Վասպուրական հասցնել նաև զինամթերք։

1904թ. գարնանը (հաւանաբար՝ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին), երբ տարբեր շրջաններից բազմաթիւ զինական խմբեր էին անցնում Արևմտահայաստան՝ յատկապէս ապստամբած Սասունին օգնութեան հասնելու համար, Սարբազ Խէչոյի խումբը ևս միացաւ Նիկոլ Դումանին, որը Կոստի Համբարձումեանի, Դաշնակցական Խէչոյի, Ռուբէն Տէր-Մինասեանի, Յակոբ Զաւրիեանի և այլ գործիչների հետ կազմակերպեց զինարշաւ՝ Պարսկաստանից Երկիր։ Յունիսին 17 հոգանոց այդ խումբն անցաւ Կոտուրի լեռները, դէպի Վարագ տանող ճանապարհին, Ռազիի մոտ յայտնուեց ծուղակի մէջ։ Սկսւում է կատաղի մարտ (Ռազիի կռիւը)։ Գրիշն իր երգով ոգևորում է ընկերներին։ Դիրքեր բռնած ֆիդայիները ձայնակցում են նրան։ Սարբազի և նրա հաւատարիմ ընկերների քաջութեան շնորհիւ ջոկատին յաջողւում է նահանջել դէպի պարսկական սահմանը և մի քանի խմբերով, փոքրաթիւ կորուստներով հասնել Սալմաստ։ Խմբին կործանումից փրկելու գործում որոշակի դեր է կատարում նաև Ռուբէնը։25

Մայիսի սկզբին Սալմաստում և Խոյում գործող ֆիդայիները ստանում են Սասունի ապստամբութեան ճնշման և արիւնալի կոտորածների լուրը։ Վախենալով, որ Անդրանիկի ու ընկերների անցումը Սասունից Վասպարական կարող է կոտորածների առիթ տալ նաև իրենց մօտ, վանեցիներն օգնութեան խնդրանքով դիմում են Սալմաստի հայդուկներին։ Հակառակ Նիկոլ Դումանի կարծիքին, որն այդ ժամանակ ճանապարհների ուժեղացուած հսկողութեան պատճառով աղէտաբեր էր համարում իւրաքանչիւր արշաւանք, Սալմաստում հաստատուած ֆիդայապետերից Փոխիկը (Վահրամ Յովհաննիսեան, ծագումով՝ շատախցի)՝ վճռում է մի խմբով անցնել Վան։ Այդ յանդուգն քայլի համար նա Նիկոլ Դումանին խնդրում է իր տրամադրութեան տակ դնել ռազմական գործին քաջատեղեակ, դասակապետ Ջաւախեցի Սորէնին։ Նիկոլը համաձայնում է։ Առաջին անգամ Սուրէնը ստիպուած բաժանւում է իր հաւատարիմ ընկերներից՝ Սարբազ Խեչոյից և Ջավախեցի Գրիշից, որոնք շարունակում են մնալՆիկոլի ղեկավարության ներքոյ։

Փոխիկի 14 հոգանոց խումբը Երկիր է մտնում մայիսին, ,անյայտե ճանապարհով՝ հարաւից, Սարայի մոտով։ Սակայն արդէն լեռնելու բարձրացած քրդերից ջոկատն աննկատ չի մնում և շատով յայտնաւմ է ծուղակի մէջ։ Բոլոր հայդուկները զոհւում են։ Նրանց հետ կռուի բռնուած քրդերի պատմածներից պարզւում է, որ կողք կողքի, փողփողացող կամաւորական դրօշի ներքոյ քաջաբար կռուել ու գոհուել են Փոխիկն ու Սուրէնը։ Քրդերի խոստովանութեամբ հայդուկները կռուել են մահուան դատապարտուածի նման, մաուզերներով ու դանակներով, մինչև վերջին մարդը և իրենց պատճառել աւելի մեծ կորուստներ։ Ցաւով խօսելով Սուրէնի զոհուելու մասին, Ռուբէնն իր յուշերում գրում է, որ նա իր տաճկահայ ընկերների համար անյայտ երկրից եկած, բայց միանգամայն գնահատուած, գիտուն զինուորական էր և ռազմական գործի հրաշալի ուսուցիչ։ ,Ի՞նչ էր բուն անունր, չգիտցանք։ Ան ախալքալաքցի էր, կարծեմ Խանչալի գիւղէն։ Ես ...անոր գեղեցիկ դէմքր բնաւ չեմ կրնար մոռնալ։ Ան պէտք չէ, որ մեռնէր այդպիսի մահով...ե26։

Մեսխէթ-ջաւախքցի ֆիդայիներն անմասն չմնացին Սասունի 1904թ. ապստամբութեանը։ Նրանցից ախալցխացի Մարտոն, որ մեծ հեղինակութիւն էր վաստակել ապստամբութեան ղեկավարների շրջանում, ապրիլի 13-ին Սեմալից Գելիեգուզան տանող ճանապարհին, Չայի կռխներում հերոսաբար զոհուեց իր հրամանատար Հրայրի հետ27։ Այս ապստամբութեան ճնշումից յետոյ վերջնականապէս պարզ դարձաւ, որ ֆիդայական կռիւների շնորհիւ անհնար է հասնել արևմտահայութեան ազատագրութեանը և անհրաժեշտ է հրաժարուել պայքարի այդ ձևից՝ նախապատւութիւնը տալով համաժողովրդական ապստամբութեանը։ Այդ դժուարին խնդիրն իրագործելու համար նախ և առաջ հարկ կլինէր համոզել Արևմտեան Հայաստանում գործող հայդուկապետերին՝ զէնքը վայր դնել և հրաժարուել ֆիդայական պայքարից։ Յատկանշական է, որ 1906թ. Դաշնակցութեան որոշմամբ Տարօն անցած 24-ամեայ Ռ. Տէր-Մինասեանին յաջողւում է Դզլաղաճի ժողովում համոզել անդրդուելի Գէորգ Չաուշին ու Սպաղանցի Մակարին՝ ընդունել կուսակցութեան որդեգրած նոր քաղաքականութիւնը, այն է՝ հայդուկային կռիւներից անցնել համահայկական ապստամբութեան նախապատրաստութեանը։

Սուլուխի կռուից և յատկապէս երիտթուրքական յեղաշրջումից յետոյ, երբ սահմանադրութեամբ հռչակւում է ազգերի իրավահաւասարութիւն, ազգային ու կրօնական հալածանքի վերացում, շատ ֆիդայիներ, հաւատալով երիտթուրքերի խոստումներին կամ ենթարկուելով իրենց կուսակցութիւնների ընդունած որոշումներին, դադարեցնում են հայդուկային պայքարը։ Շատ կովկասահայերի հետ տունդարձի ուղին են բռնում նաև ջաւախեցի ու ախալցխացի հայդուկները, որոնց թւում և նշանաւոր Ուսուլ Խէչոն։ Ծննդավայր Ախալցխայում նրան ժողովուրդն ընդունում է ցնծութեամբ։

ԾԱՆՕԹԱԳՐՈԻԹԻԻՆՆԵՐ

1 Մշակ, 1880, թիւ 10, 26, 31, 35, 59 և այլն։

2 Ախալքալաքի գաւառագիտական թանգարան, գործ 3674, թ.1-10։ Ախալքալաքում հասարակական-քաղաքական կեանքի աշխուժացմանը մեծապէս նպաստել է ժամանակի մամուլը, յատկապէս ,Մշակըե, ,Տարազըե և այլն (տես Մշակ, 1875, թիւ 5, 1880, թիւ 25 , Տարազ, Թիֆլիս,1901, թիւ 19)։

3 Խուդինեան Գ., Հայ յեղափոխական դաշնակցութեան ծնունդը, Ե., 2000, էջ 116։

4 Նոյն տեղում, էջ 116-117։

5 Ախալքալաքի գաւառագիտական թանգարան, գործ 3674, թ. 9-10։ Յետագայում Սաթենիկը Պոլսում և Կիլիկիայում զբաղուեց բարեգործական աշխատանքներով, առաջին աշխարհամարտի օրերին այցելեց Արեմտեան Հայաստան գաղթականներին օգնելու նպատակով և, վերջիններից վարակուելով համաճարակով, մահացաւ։ Սաթենիկի գործունէութեան մասին տես Զէյթլեան Ս., Հայ կնոջ դերը հայ յեղափոխական շարժման մէջ, Լոս Անճըլըս, 1992, էջ 145-149։

6 Վարանդեան Մ., Հ.3.Դաշնակցութեան պատմութիւն, Ե., 1992, էջ 364։

7 Նոյն տեղում, էջ 69։

8 Նոյն տեղում, էջ 120։

9 Դավթեան Ա. Խ., Ջաւախք, էջ 42։

10 Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. Զ, էջ 333։

11 Ռուբէնի խոստովանութեամբ հայդուկների մասին մեծերի պատմածներն այնքան էին կլանել իրեն, որ այդ տարիներին Ծալկայի և Աբուլ լեռան շրջանում գործող Ղաչաղ Նաբիի և Ալէի աւագակախմբերին ինքն ակամայից ընկալում էր իբրև ժողովրդական հերոսների և նոյնպէս ուզում էր նմանուել նրանց, դառնալ հայդուկ ( Ռուբէն, նշ. աշխ., հ. Ա, էջ 110)։

12 Երգը կոչւում էր ,Մէկ չետվէռթ բարութ, մէկ չաթլաղուզով, ռըսթոփին գրպանս Հայաստան կերթամե։ ,Չաքուրգան առաջէն կերթայ, երգում էին ջաւախքցիները, շալուարին կոճակը կտրած..., ռըսթոփին գրպանն է դրած։ Փախէք առաջէն դուք, անհաւատ թուրքեր, թէ որ դուրս հանէ, դուք կը կործանիքե (Ռուբէն, նշւ. աշխ., հ. Զ, էջ 330)։

13 Ռուբէն, նշւ. աշխ., հ. Ա, էջ 20։

14 Վարանդեան Մ., նշւ. աշխ., էջ 156։

15 Ռուբէն, նշւ. աշխ., հ.Ա, էջ 136։

16 Շուտով Երկրում Ռուբէնը դառնում է Վասպուրականի և Մուշ-Սասունի դաշնակցական ազդեցիկ գործիչներից մէկը, տեղերում ամրապնդում կուսակցական մարմինները կամ հիմնում նորերը, բազմաթիւ ճանաչուած ֆիդայապետերի հետ մասնակցում հայդուկային մի շարք կռիւների, այդ թոււմ Սուլուխի կռուին (1907թ. մայիսի 27), որի ժամանակ զոհւում է Գէորգ Չաուշը։

17 Ռուբէն, նշւ. աշխ., հ. Ա, էջ 147։

18 Ռուբէն, նշւ. աշխ., հ. Ա, էջ 172-173։

19 Նիկոլը, ըստ Ռուբէնի, որ անցել էր ազատամարտի փառայեղ ուղի, շատ դաժան կեանք ունեցաւ և մահացաւ անօգնական վիճակում։ Ռւսուլ Խէչոյին (նաև Ռւսուլ Խաչո։ ,Ուսուլե Կարնոյ բարբառով նշանակում է հանդարտ, հաւանաբար նրան այդպէս էին անուանում ամենադժուարին պահերին հանդարտութիւն և սառնասրտութիւն դրսևորելու համար), վիճակուած էր դառնալ իսկական լեգենդ՝ դեռ երկար ժամանակ մնալ հայդուկային շարժման մէջ, քանիցս թուրքական իշխանութիւնների կողմից ձերբակալուել ու դատապարտուել ցմահ բանտարկութեան, կրկին փախուստի դիմել, խուսափել ռուսական ոստիկանութեան հետապնդումներից, մասնակցել 1912-1913 թթ. Բալկանեան պատերազմներին, առաջին աշխարհամարտի տարիներին Քեռու և Համազասպի կամաւորական ջոկատներում որպէս վաշտի հրամանատար կռուել Վանի և Բիթլիսի նահանգների բնակավայրերի ազատագրման համար մղուած մարտերին։ Խէչոն ակտիւ մասնակցութիւն ունեցաւ նաև Ախալցխայի ու Ախալքալաքի 1918թ. ինքնապաշտպանութեանը և 1921թ. վրաց մենշևիկներից Լօռու ազատագրմանը։ Մահացել է Թաւրիզում 1941 կամ 1942 թ. (Սիմոնեան Ե., նշւ. աշխ., էջ 137-139, 141, Սանոսեան Ա., նշւ. աշխ., էջ 22, 49, 79, 144, 160, 163-165, 173)։ Մ. Կարապետեանի հրատարակած արխիւային վաւերագրերից մէկում Ռւսուլ Խէչոյի անունը Խաչատուր Կարապետեան, յիշատակտւմ է Համազասպի ջոկատի 2-րդ վաշտի 2-րդ դասակի մարտիկների ցանկում, 104 համարի տակ (Կարապետեան Մ., Հայկական կամաւորական խմբերը և ազգային գումարտակները Կովկասեան ռազմաճակատում (1914-1917 թթ.), Ե., 1999, էջ 138)։

20 Վարանդեան Մ., նշւ. աշխ., էջ 283։

21 Ռուբէն, նշւ աշխ., հ. Ա, էջ 215-222։ 1905-1906 թթ. Ախալցխայի և Ախալքալաքի գաւառներում, ուր կողք կողքի ապրում էին հայերն ու մեսխեթցի թուրքերը, ընդհարումներ չեղան. Պատճառներից գլխաւորն այն էր, որ ի հեճուկս Թուրքիայից ժամանած գործակալների սուննի մահմեդական թուրքերը, զգուշանալով մեծամասնութիւն կազմող հայերի հետ ընդհարման հաւանական ծանր հետևանքներից, չպաշտպանեցին շիա թաթարների հակահայ գործողութիւները։ Բացի այդ, իշխանութիւնները ևս չկամեցան հայերի դէմ օգտագործել թուրք-մեսխեթցիներին վախենալով Թուրքիայի հնարաւոր միջամտութիւնից, որը խիստ անցանկալի էր ռուս-ճապոնական պատերազմի և սկսուած յեղափոխութեան պայմաններում։ Ի դէպ, այս գաւառների բնակչութիւնը 1905-1907թթ ակտիւ մասնակցութիւն չունեցաւ ռուսաստանեան առաջին յեդափոխութեանը։

22 Լևոն Խզարճեանն իրականում հաջի չէր։ Նրան այդպէս էին անուանում ընկերների շրջանում վաստակած յարգանքի համար։

23 Ռուբէն, նշւ. աշխ., հ. Ա, էջ 327։

24 Նոյն տեղում, էջ 279-280։

25 Ներսիսեան Ա., Ռուբեն (Մինաս Տէր Մինասեան), Դրոշակ, 1999, թիւ 16, հոկտեմբեր, էջ 37։

26 Ռուբէն, նշւ. աշխ., հ. Ա, էջ 330-333։

27 Վարանդեան Մ., նշւ. աշխ., էջ 231։

Edited by Javakhk
Link to post
Share on other sites
Ախալքալաքցիների և սահմանից այն կողմ ապրող նրանց արևմտահայ եղբայրների հետ օրեցօր կապերն ամրապնդուեցին։ Ախալցխայի և Ախալքալաքի հայութեան հոգևոր կապը աբևմտահայութեան հետ արտայայտւում էր նաև գործնական քայլերով։

Ողջունելի է դասական ուղղագրութեամբ գրելը: Ըստ իս, հայերէնը չունի և այս տառը: Նոյնիսկ եթէ ողջ հայաշխարհը ընդունի, ես չեմ ընդունում: Պիտի գրել. ԵՒ-եւ: Եչը եւ Ւիւնը անջատ տառեր են:

Ոմանք, դիւրիմացաբար, կարծում են դասական ուղղագրութիւնը նոյնինքն արեւմտահայերէնն է: Մինչեւ տխրահրչակ դեկրետը, ողջ հայութիւնը գրում էր նոյն ուղղագրութեամբ, չնչին տարբերութիւններ ունենալով հանդերձ:

Մինչեւ Հայաստանի անկախութիւնը, մենք, դաշնակցական երիտասարդական միութիւնների շարքերում դաստիարակուածներս, յոյժ գիտակից էինք Ջաւախքի պատմութեան, գոյութեան, արժէքին, ի տարբերութիւն՝ գուցէ, այլ գաղափարներ կրող շրջանակների երիտասարդութեանց, որոնց դաւանանքի մէջ չկայ, թերեւս, «հայահաւաք հողահաւաք»:

Այդ ժամանակ, Ջաւախքի անունն էր Ախալքալաք, քանզի այդ տեղանունով էր արձանագրուել դաշնակցական արխիւներում, գրականութիւնում:

Մեզ համար, միշտ էլ, լինի՛ Ջաւախքը, լինի՛ ջաւախահայը, մաքրամաքուր Հայաստան ու մաքրամաքուր Հայութիւն է եղել: Քաջ գիտակից ենք, բոլորս, Ջաւախքի, Բարձր Հայքի հայութեան ունեցած մշակութային ու քաղաքական դերին, ընդ հայութեան կեանքին:

Ու այս առթիւ կոչ եմ անում, որպէս սփիւռքահայ, բոլոր սփիւռքահայերին, աչքաթող չանել Ջաւախքը, որ Արեւմտահայաստան է, իր ժողովրդով, ու եթէ այդպէս տեսնել ուզենք, ինչպէս որ Արեւելահայաստան է իր ժողովրդով, ու եթէ այդպէս տեսնել ուզենք:

Այն ժամանակ արևմտահայ գործիչների շրջանում տիրում էր այն կարծիքը, որ թուրքական բռնատիրութեան դէմ ֆիդայական պայքարը գլխաւորապէս արևմտահայերի խնդիրն է։ Բացառութիւն է արւում միայն ախալցխացիներ Վարդանի և Լեւոնի հարցում, որոնք, թերևս, ընդգրկւում են խմբի մէջ իրենց արևմտահայ (էրզրումցի) լինելու պատճառով։ Արաբոյի 16 հոգանոց ջոկատը Տարօնի սահմանագլխին, Գեալիսորի (Առաշի) ձորում, մարտի մէջ է մտնում քրդերի ու թուրքերի հետ։ Բոլոր ֆիդայիները զոհւում են։ Արաբոյի կողքին քաջի մահով ընկնում է ախալցխացի Վարդանը:

Գելիսոր բառը, երեւի, հյ. կալիձոր տեղանուան թրքական արտասանութիւնն է:

Առաաջին անգամ եմ լսում վերեւի տեսակէտը, որպէս հայի տեսակէտ: Կարծում եմ Օսմանեան-թուրքական քարոզչութիւն է, ամեն անհանգստութիւն վերագրելը «դրսեցիներին»: Արեւմտահայաստանում գործել են ծայր-արեւելա-հայեր, արցախցիներ, ու արժանացել են ժողովրդի մեծ յարգանքին ու համակրանքին: Ի՞նչ է խնդիրը:

Ի դէպ, Ռուս-թուրքական իրերայաջորդ մուկ ու կատուի խաղի նմանող պատերազմներից ետք, Արեւմտահայաստանի արեւելքը՝ Ռուսական սահմանի մօտ գտնուող Հայաստանը հայաթափուեց, մի իրողութիւն, որ ճակատագրական դեր ունեցաւ Արեւմտահայաստանում ազատաագրական շարժման ձախողութեան, քանզի զինատար խմբերը յաճախ պիտի անցնէին քրդաբնակ «Հայաստանից»:

Այդ օրերուն ոչ միայն Կովկասի հայ երիտասարդութիւնը, այլեւ պատանիներն ու 10-12 տարեկան երեխաները կերազէին ,Հայաստան երթալ

Ժողովրդական մակարդակի վրայ, նկատել եմ, որ յաճախ, երբ կովկասահայերը «Հայաստան» են ասել, նկատի են ունեցել «Արեւմտեան Հայաստանը», որի արեւելեան սահմանները միշտ էլ աղոտ ու փոփոխակի է եղել, ինչեւէ, այժմ այդ «Հայաստանը» գաղթել է արեւելք, ու հաստատուել նոյնքան սիրելի հայրենիք Արեւելեան Հայաստանում: Ես չգիտեմ՝ Ռուսական քարտէսներում ի'նչ են գրել Արեւելեան Հայաստանի տարածքի վրայ, բայց գիտեմ, որ մինչհամիդեան Օսմանեան քարտէսներում, Արեւմտեան Հայաստանը ճանաչուել է Հայաստան անունով (արաբատար օսմաներէն՝ Արմանստան):

Համեստ կարծիքովս, Ռուսն ու թուրքը, գիտակցաբար թէ անգիտակցաբար, ուղղակի-անուղղակի, ձեռք ձեռքի տուած, Հայաստանը դատարկեցին հայերից: Մեկը իբր փրկում էր՝ արջի «ծառայութիւն մատուցելով», միւսը խանդոտ՝ կոտորում էր:

Որքան էլ զաւեշտական է, այս երեխայական խաղը մեծ իրարանցում է առաջացրել տեղական իշխանութիւնների շրջանում։ Գործով սկսել է զբաղուել գաւառապետը։ Սաթենիկ Օհանջանեանի վկայութեամբ դժուարութեամբ է յաջալուել փրկել դպրոցը փակելուց։

Յաջողուել

19-րդ դարի վերջին նորանոր ախալցխացիներ ու ախալքալաքցիներ գինուորագրուեցին արևմտահայ ազատագրական պայքարին։ Ախալցխայից էրգիր անցածների թւում էին երիտասարդ դաշնակցականներ Շամիլը (Տիգրան Օքոնյան), Հաճի Լեւոնը (Լեւոն Խզարճեան), Ուսուլ Խեչոն (Խաչատուր Տեր-Կարապետեան) և ուրիշներ, որոնց սպասւում էր բուռն ու փոթորկալից յեղափոխական գործունեութիւն։ Նրանցից իր քաջութեամբ աչքի ընկած Խեչոն 1897թ. ամռանը մասնակցեց Նիկոլ Դումանի, Վարդանի (Սարգիս Մեհրաբեան), Իշխան Արղութեանի և այլ նշանաւոր հայդուկապետերի կազմակերպած Խանասորի արշաւանքին։ Արդիւնքում հայդուկները վրէժ լուծեցին 1896թ. Վանի ինքնապաշտպանութեան մասնակիցների նկատմամբ արիւնալի կոտորած իրականացրած քրդական մազրիկ ցեղից։ "19 քաջեր ընկան հայրենի հողին վրայ այդ կռիւներու ընթացքին,- գրում է խանասորցի զոհերի մասին Մ. Վարանդեանը,- 19 նահատակներ հայոց աշխարհի բոլոր կողմերեն...։ Վանեցի, շատախցի, համադանցի, մշեցի, գողթնեցի, ղազախեցի, ղզլարցի, նոր-բայազէտցի, ալեքսանդրապոլցի, թիֆլիզեցի, ղարաբաղցի, ախալցխացի, ախալքալակցի և այլն"

Ուղղագրութեան նայելով՝ ենթադրեմ աղբիւրդ պարսկահայ հրատարակութիւն է: Երեւոյթը յատուկ չէ մի կողմի, այլ ընդհանուրին է պատկանում «Էրգիր» գրելաձեւը:

Հայոց Ե տառը, միշտ ու ընդմիշտ եղել է latin E

Երկիր գրելու փոխարէն Էրգիր գրելը չի արդարացւում: Եթէ ես, իմ բարբառից ազդուելով, Կապադովկիա աշխարհագրական անունը արտասանում եմ Գաբատովգյա Gabatovgia, արդարանալի՞ է այդ ձեւով գրելս: Անշուշտ ո'չ: Հետեւաբար՝ երկիրը միշտ պիտի գրել երկիր, ո'վ էլ լինի արտասանողը:

20-րդ դարի սկզբին հայ ազատամարտին մասնակցած բազմաթիւ ախալքալաքցիների մէջ իր ծանրակշիռ գործունէութեամբ առանձնանում է տակաւին երիտասարդ Ռուբէն Տէր-Սինասեանը

Ռուբէնն իր յուշերում, ցաւով յիշում է, որ չկարողացաւ կազմակերպել աննման տարօնցիների ինքնապաշտպանութիւնը, Առաջին Աշխարհամարտի տարիներին, ու քաշուելով լեռներ՝ Սասուն, կազմակերպեց նոյնքան աննման Սասնոյ ինքնապաշտպանութիւնը, դիտելով իր սիրեցեալ ժողովուրդի կորուստը դաշտում:

Փաստօրէն, հայրենասիրութիւնը չի փրկում հայրենիք, զէնքն է որ փրկում է, ինչից զուրկ էր, կամ անհամեմատելի՝ թշնամաբար տրամադրուած պետութեան միջոցների հետ: Չմոռանալ նաեւ՝ Օսմանեան Սահմանադրութեան տարիներին (1908), ֆիդայիների զինաթափումը, որի ճարտարապետն էր դաշնակցութիւն-իթթիհադ եղբայրութիւնը:

Կարդացէ'ք Ռուբէն:

Ռուբէնը, եւ արեւմտահայ զինեալ գաղթականները (ինչո՞ւ չէ՝ Դաշնակցութիւնը), ունեն անգնահատելի դեր. այժմեան Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման գործում:

Այս պարագան պատճառ էր, որ Կ.Կոմիտէն ընդհանրապէս բաղկանար տեղացիներէ կամ ախալքալաքցիներէ եւ ալեքսանդրապոլցիներէ, որոնք ծանօթ էին իրենց եւ միեւնոյն ժողովուրդն էին՝ Բարձր Հայքէն ծնած։ Այս հանգամանքը Կ. Կոմիտէի նկարագիրը կը դարձնէր յարատեւ եւ աւանդապաշտ:

Մինչեւ եօթ պորտ պիտի ստուգէին դաշնակցութեան հետ առնչուիլ ուզող անձին ընտանեկան կապը, ժամանակի բարոյական արժէչափերով: Այդ ժամանակուայ Դաշնակցութիւնը, իր ճիշտով ու սխալով, կուսակցութիւն եւ կազմակերպութիւն կոչուելու ամեն իրաւունքն ունէր: Հիմա, եթէ մի քիչ թօթափուենք՝ ընկերվարութիւնից, յեղափոխականութիւնից ու վերոյիշեալ ապակենտրոն կառոյցների բարոյական չափանիշներից մնացած վերջին փոշեհատիկներն էլ կընկնեն մեր վրայից: Սակայն ինչ անենք, որ գորգ թօթուող չկայ:

Վաղոն։ Համատեղ ջանքերով 1904թ. տեղի ռուսական զօրամասից առաւանգուեց մեծ քանակութեամբ զէն

Կարծեմ «առեւանգել» բայը յարմար է անհատին, եւ ո'չ իրին:

Ցաւով խօսելով Սուրէնի զոհուելու մասին, Ռուբէնն իր յուշերում գրում է, որ նա իր տաճկահայ ընկերների համար անյայտ երկրից եկած, բայց միանգամայն գնահատուած, գիտուն զինուորական էր և ռազմական գործի հրաշալի ուսուցիչ

«Տաճկահայ» արտայայտութիւնը վիրաւորական եմ գտնում, ու առաջարկում՝ ի սպառ վերացնել մեր բառապաշարից: Արամ Մանուկեանը անհանգստանում էր ու իր գրասենեակի ցուցատախտակից սրբեց «փաշա» տիտղոսը: Նմանապէս Ռուբէնն անկախ իր կամքից, թուրքերից ստացաւ «փաշա» տիտղոսը: Եթէ անպայման պէտք է նշել հայի աշխարհագրական ծննդավայրը, ապա նախընտրելի է ասել «արեւմտահայ»: Հայը ինչպէ՞ս կարող է տաճիկ լինել:

Edited by Johan
Link to post
Share on other sites

Յարգելի Johan, շնորհակալութիւն Աշոտ Մելքոնեանի տեքստի նկատմամբ Ձեր ուշադրութեան եւ արժեքաւոր առաջարկութիւնների համար: Մենք ուղղուած տեքստը առ Ձեզ շնորհակալութեամբ յանդերձ դրեցինք այստեղ`

http://javakhk.net/forum/index.php?showtop...amp;#entry11265

Փոփոխութիւններից մի քանիսը միայն չէինք կարող անել, քանի որ սա յայտնի պատմաբանի գրուածք է, եւ մենք նրա բառերը փոխելու իրաւունք չունենք, իյարկէ:

-----------------------------

Դասական ուղղագրութեան մասին Ձեր ասածին միանգամայն յամամիտ ենք: Այն ամենից բացի նաեւ շատ ազնուազարմ է, եւ գիրը աւելի ազնուատօհմ է յնչում…

:)

Link to post
Share on other sites

Սիրելի Ջաւախք, երախտապարտ եմ շնորհակալութեան:

Ինչպէս նկատեցիք, միայն ուղղագրական ու լեզուական քննարկում չէի արել, արձանագրել էի նաեւ մտորումներ: Հարկաւ՝ պիտի չի փոխել յարգելի պատմաբանի խօսքը:

Անհամեստութիւն թող չթուի՛, եթէ ասեմ.

Հանդերձ, ի հարկ է, համամիտ, ազնուատոհմ, հնչում ձեւերն են ճիշտը: Ոչ բոլոր հ հնչոյթները արձանագրուել են Յ տառով: Հին հայերէնում Յ տառով արձանագրուել են այն բառերը, որոնք իրապէս հնչուել են այդպէս (Y):

Օրինակ՝ ունենք յար «նման» եւ հար «զարնել, խփել», որոնք անջատ բառեր են:

Link to post
Share on other sites

Հարգելի Johan ջան: (Ի դեպ, հրեական անուն ունեք):

Եթե դեմ չեք, թույլ տվեք մի երկու բարյացակամ նկատողություն կատարել:

Նախևառաջ՝ ընդհանրապես ֆորումներում ընդունված չի` մեկը մյուսի տառասխալները նկատելը և ուղղելը: Դա վատ էթիկետի նշան է համարվում: Դուք էլ էք բազում տառասխալներ կատարում (օրինակ՝ դիւրիմացութիւն, և տասնյակ այլ սխալներ, որոնք դուք կատարել եք և որոնց վրա մենք ուշադրություն ընդհանրապես չենք դարձնում): «Սիրուն չի» - այսպես ասած: :)

Link to post
Share on other sites
Այդ ժամանակ, Ջաւախքի անունն էր Ախալքալաք, քանզի այդ տեղանունով էր արձանագրուել դաշնակցական արխիւներում

:lool:

Link to post
Share on other sites

Թվում է թե ժամանկն է ձեռք բերել «Հայերեն-Դաշնակցերեն Նոր Պատմա-Աշխարհագրական Բառարան, Ըստ Ջոհանի»

Link to post
Share on other sites

Մի բան էլ: Ջավախքը միավորում եք Արևմտյան Հայաստանի հետ: Շատ բարի:

Ելնելով նրանի՞ց որ Ջավախքի այսօրվա բնակչության մեծամասնության նախնիները Էրզրումի վիլայեթից են: :hm:

Եթե դրանից եք ելնում, ուրեմն վրացիք ճիշտ են:

Link to post
Share on other sites

Դիւր՝ հեշտ, թեթև, հաճելի, ախորժելի:

Թիւր՝ սխալ, անճիշտ, թերի:

Հետևաբար, դիւրիմացություն՝ թեթև(մակերեսային, ոչ խոր) իմացություն:

Շատերի մոտ թյուր կարծիք է ստեղծվել, թե ХХХի վեպը ոչ միայն դյուրընթեռնելի է, այլ նաև՝ դյուրըմբռնելի: Սա իհարկե, թյուրիմացություն է և արդյունք է ... դյուրիմացության: :lol: Փորձեք ապացուցել, որ գրածս անհեթեթություն-թյուրիմացություն է:

Link to post
Share on other sites

Յարգելի Կարս,

Գիտէի անունս, նաեւ՝ ընդհանրապէս բոլոր սուրբ գրային անունները հրէական են:

Նկատել եմ անհանգստութիւն, երբ, որեւէ անհատ փորձում է ճշտել. նախորդի գրածը: Ես չեմ անհանգստանում եւ քաջալերում եմ որ մարդիկ լինեն պարզ, համեստ, սովորելու պատրաստ: Բացի այդ, թեմայի հեղինակը սրբագրման նպատակով էր տեղադրել յօդուածը:

Երբ քաջալերում եմ դասական ուղղագրութեամբ գրել, ուստի՝ պատասխանատւութիւն եմ զգում դասականով գրողների ուղղագրութեան հանդէպ...Չէ՛, աւելի լաւ է Աբեղեանի ուղղագրութեամբ գրեն, քան թէ դասական կարծեցեալ, սակայն ուրիշ մի ձեւ: Ամերիկահայ Երաժիշտին տուած պատասխանիդ մէջ, այդպիսի սխալ կատարել էիր Կարս: Մեծահոգաբար ընդունի՛ր:

Երանի սխալներս միշտ ճշտէք: Այո՛, այդ բառը գրւում է թիւր:

Կարս ջան, երեւի ձեռ առնելու ուրիշ անձ չգտար:

Երբեմն գրում եմ արագ, յոգնած մտքով: Գրելիս անդրադարձայ իմաստի ոչ դիպուկ լինելը, այդուհանդերձ ապաւինեցի ձեր հասկացողութեան:

«Այդ ժամանակ, Ջաւախքի անունն էր Ախալքալաք» Այս խօսքով անշուշտ հասկացած կլինէք, որ «Ջաւախքի խնդիր», «Ջաւախքի ժողովուրդ», «Ջաւախքի պահանջատիրութիւն», բառակապակցութիւների փոխարէն գործածւում էր . «Ախալքալաքի խնդիր», «Ախալքալաքի ժողովուրդ», «Ախալքալաքի պահանջատիրութիւն»:

Ջաւախքի մշակոյթը, իր մէջ կրում է Արեւմտեան Հայաստանի մշակոյթից տարրեր: Եթէ սխալ եմ՝ ուղղի'ր խնդրեմ:

Վրացիք ճիշտ են այնքանով, որքանով որ ճիշտ է անտեսել բնիկ ջաւախեցի հայերի գոյութիւնը, որոնց մասին տեղեակ պէտք է լինէք:

Edited by Johan
Link to post
Share on other sites

Ա'յ ուղղագրութեան մըլիցայ, ճիշտն ըսէ՝ Կուսակցութեան շարքերը ե՞րբ անցած ես...

Աշգիս գերևա թե 80-ականներին...

Ջավա՞խք թե Ճաւախք :lol:

Մի բան հիշիր, ընկեր Հոհան, ուր որ դու ես գնում, ես վաղուց այնտեղից եմ հետ եկել: ;)

Հաջող:

Link to post
Share on other sites
Ա'յ ուղղագրութեան մըլիցայ, ճիշտն ըսէ՝ Կուսակցութեան շարքերը ե՞րբ անցած ես...

Աշգիս գերևա թե 80-ականներին...

Ջավա՞խք թե Ճաւախք :lol:

Մի բան հիշիր, ընկեր Հոհան, ուր որ դու ես գնում, ես վաղուց այնտեղից եմ հետ եկել: ;)

Հաջող:

Քեզ չհարցրի ջանիկ, երբ ես անցել ու ետ եկել:

Հիմա հասկացայ ցաւդ, ու թթուած պատասխանիդ պատճառը:

Ջաւախք մասնակցին մի քանի բան գրել էի անցեալի յուշերից: Այդքան: Երկար բարակ մաղելու պէտք չունէիր:

Ինձ չես ճանաչում, այդ պատճառով էլ ինձ ուղղուած քննադատանքդ՝ Ջ/Ճ-ի, եւ կուսակցամոլութեան վերաբերեալ, ի չիք եմ համարում:

Ճիշտ ես՝ յաջող, ո'չ հաչող:

Սիրով՝ Յովհաննէս

Link to post
Share on other sites

http://forum.hayastan.com/index.php?showtopic=18002&st=0

Կարս գնահատելի է ջանքդ: Կրնա՞մ միջամտել: Եթէ ո'չ, ապա կրնաս ջնջել ամենակարող բարեկամ:

Ինչո՞ւ ջնջել: Ընդհակառակը՝ մեծ շնորհակալություն է պետք քեզ հայտնել՝ ուղղումների համար:

Եւս մեկ ապացույց, որ արևմտահայերենի իմ գիտելիքները բավարար չեն ինչ-որ լուրջ գործում մասնակցելու համար:

Հարգելի Johan, շատ հաճելի է քեզ տեսնել «Language» բաժնում, և ընդհանրապես՝ ֆորումում: :welcome:

Արևմտահայերեն լեզվով գրող մասնակիցներ մենք այստեղ չունենք, դու կարծես թե միակն ես:

Link to post
Share on other sites

Ի դեպ, Ռուբենի յայտնի յօդուածներից մեկը ("Ախալքալաքի պայքարը") հենց էդպիսի բառերով է սկսւում` "Ախալքալաքի գաւառը, որը անցեալում կոչվում էր Ջաւախք"...

Քանի որ XX-րդ դարասկզբին գրեթե ողջ Ջաւախքը մտնում էր Ախալքալաքի գաւառի մէջ, ՀՅԴ հին ծրագրերում Ջաւախքի պահանջատիրութիւնը արտայայտուած էր "Ախալքալք" տերմինով: Այսօր ՀՅԴ ծրագրերում Ջաւախք է գրուած: Բայց այդ գրուածին առանձնապէս ուշադրութիւն դարձնող չկայ:

Երեւանում արվող հիմնական սխալն այն է, որ ղեկավարությունը եւ էլիտայի մեծ մասը (եթե էլիտա բառը կիրառելի է այսօրվա Երեւանում) Ջավախքի հարցը ընկալում է որպես ջավախքցիներին օգնել/չօգնելու հարց: Սա էժանացնում է խնդիրը, քանի որ, ըստ երեւանյան պատկերցումների, Ջավախքին չօգնելու դեպքում տուժողը միայն Ջավախքն է լինելու: Այնինչ Ջավախքում վտանգվում են հենց Հայաստանի կենսական շահերը: Եթե Ջավախքը շարունակի թուլանալ, իսկ թուրքերի ոտքը շարունակի ամրանալ այնտեղ, ապա մի օր թուրքերը Կարս-Ախալքալաք-Մառնեուլ ուղով կարող են “Թուրանի ճանապարհ” գծել (ինչը չկարողացան անել Զանգեզուր-Ղարաբաղի վրայով)…

Առանց այն էլ այսօրվա Հայաստանը ԲՈԼՈՐ կողմերից (բացառությամբ Ջավախքը) թուրքաբնակ տարածքներով է շրջապատված: Եթե Ջավախքն էլ չլինի, ապա Հայաստանը մի տեսակ Լեսոտո է դառնում թուրքական ծովի մեջ ներփակված:

Link to post
Share on other sites
ուր որ դու ես գնում, ես վաղուց այնտեղից եմ հետ եկել: ;)

Ցաւալին գիտե՞ս ինչն է, Կարս ջան... Այսօր, այո, Դաշնակցական գաղափարախօսութեան կրիզիս կայ, ու դա թաքցնելը աւելի ու աւելի դժուար է դառնում:

Սակայն ցաւն այն է, որ դա միայն մի մասն է մեր ազգային արժեքների կրիզիսի: Այսինքն` այո կարելի է ձեռք առնել, ասենք, Վահան Հովհաննիսեանի կամ այսօրուայ Բիւրոյի այլ անդամների անկարողութիւնը` թարմ լուծումներ առաջարկելու... Բայց հետո՞ ինչ անենք... Ո՞ւմ դառնանք... Գլուխներս ո՞ր քարին տանք:

1988-ին Զօրի Բալաեանը կարողանում էր լարուածութիւնից պայթող աչքերով հեռուստաելույթներ ունենալ... ու մատով քարտեզի վրայ այնքան խփել Զանգեզուրին ու Ղարաբաղին, մինչեւ Հայաստանում բոլորը հասկացան, որ եթե դրանք թուրքերի ձեռքն անցնեն, ապա մեզ բոլորիս մի քանի տասնամյակ կմնա դեպի Ռուսաստան կամ Ամերիկա արտագաղթելու համար: Այսօր նոյն բանը Ջաւախքում է կարարւում, իսկ Երեւանի հեչ վեջը չի. քնած է թմրամոլի քնով:

Link to post
Share on other sites

Հարգելի Johan,

Ինչ խոսք, դու գնահատելի մասնակից ես այս ֆորումում: Ինչպես և բոլորը: Դու՝ հատկապես, որովհետև ֆորումի մասնակիցների մեծամասնության շարքերը չես ընկնում (մեծ մասն այստեղ ռուսախոս է), անտարակույս՝ կիրթ անձ ես, և այլն և այլն. բարի խոսքեր շատ ունեմ քեզ համար: :up:

Բայց մյուս կողմից՝ անտանելի ու տհաճ անձնավորություն ես որպես զրուցակից: Լսե՞լ ես «ձվի մեջ մազ փնտրել» խոսքը (դա հայկական բանահյուսության բնագավառից է): Եթե ոչ՝ ապա մեծ հաճույքով կբացատրեմ իմաստը:

Շատ մըզմըզ ես, կարճ ասած: Ու դրանով իսկ անտանելի ես - իմ անձնական կարծիքով:

Լավ կլիներ քեզ տեսնել «Լեզու» բաժնում, որտեղ դու, անկասկած, մեծ համբավ կունենաս՝ հաշվի առնելով քո գիտելիքները այդ ճյուղում:

Հարգելի Javakhk, ցավոք, ես միտումներ չունեմ հայկական այս կամ այն քաղաքական կուսակցությունը քննարկելու, այնպես որ ներողամիտ գտնվեք, եթե չպատասխանեմ Ձեր կողմից հարուցած հարցերին: :hi:

Link to post
Share on other sites

New Articles added to Javakhk1915-23.com Site:

http://javakhk1915-23.com/index_en.php?rpa...23_docs_en.html

Javakhk and the Armenian national-liberaton movements,

Ashot Melkonyan (in Armenian).

Ջաւախքը եւ հայ ազգային-ազատագրական շարժումները,

Աշոտ Մելքոնեան (հայերեն):

Джаваxк и армянские национально освободительные движения,

Ашот Мелконян (на армянском).

Shoulder to shoulder agains enimy,

Artyush Sanosyan (in Russian).

Ուս ուսի թշնամու առաջ,

Արտյուշ Սանոսյան (ռուսերեն):

Плечем к плечу против врага,

Артюш Саносян (на русском).

The status of Akhalkalak region in 1917-1918,

Artyush Sanosyan (in Russian).

Ախալքալաքի գավառի կարգավիճակը 1917-1918 թթ.,

Արտյուշ Սանոսյան (ռուսերեն):

Вопрос статуса Аxалкалакского уезда в 1917-1918 гг.,

Артюш Саносян (на русском).

Zori Zorian – the defender of the city,

Artyush Sanosyan (in Russian).

Զորի Զորյան` քաղաքի պաշտպանը,

Արտյուշ Սանոսյան (ռուսերեն):

Зорий Зорьян – защитник города,

Артюш Саносян (на русском).

Zori Zorian,

Yervand Simonyan (in Armenian).

Զորի Զորյան,

Երվանդ Սիմոնյան (հայերեն):

Ерванд Симонян,

Артюш Саносян (на армянском).

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...