Jump to content

MONK

Forumjan
  • Posts

    216
  • Joined

  • Last visited

Posts posted by MONK

  1. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Նոյեմբերի 28, 2008թ.

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց

    Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով

    Նոյեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով:

    Միասնական Տերունական աղոթքից հետո Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին: Նորին Սրբությունը խորհրդի անդամներին ներկայացրեց Հնդկաստան և Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցի կատարած Հովվապետական այցերի մանրամասները և տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայ համայնքի և Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ ունեցած հանդիպումների մասին:

    Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին` թեմի իրավաբանական կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին և նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության և հայկական գերեզմանների պղծման դեպքին: Իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ և մանրամասներ հաղորդեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

    Խնդրի շուրջ ծավալված քննարկումներից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդին և ողջ վիրահայությանը ձեռնարկած քայլերի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց ժողովականներին, որ նկատի ունենալով այն, որ Վրաց իշխանությունների և Վրաց Եկեղեցու կողմից որևէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները:

    Այնուհետև Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ կոչով.

    ՙԳերագույն Հոգևոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի և հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները:

    Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում և նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների և հայրենական իրենց սրբությունների՚:

    Օրակարգում ընդգրկված էին նաև ներեկեղեցական և միջեկեղեցական կյանքին առնչվող այլ հարցեր:

    Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի ՙՊահպանիչ՚ աղոթքով:

    ###

  2. Մայր Աթոռ Ս. Էջմիածին

    Տեղեկատվական Համակարգ

    Հեռ.: (374 10) 517 128

    Հեռատիպ: (374 10) 517 301

    Էլ-փոստ: [email protected]

    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Փետրվարի 15, 2008 թ.

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաև ՀՀ Նախագահի ընտրություններին և այդ առիթով կոչ ուղղեց ժողովրդին:

    ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ

    ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

    Փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները կարևոր իրադարձություն են մեր երկրի և ժողովրդի կյանքում:

    17 տարիներ առաջ մեր ժողովուրդը կատարեց ազատ, անկախ ապրելու իր ընտրությունը: Հայաստանի պետականության վերականգնումը մեր իրականության մեջ սկիզբ դրեց նոր գործընթացների` ուղղված արդար և հասարակական համերաշխությամբ հատկանշվող երկրի կառուցմանը: Մեր ժողովրդի արդար սպասումն է, որ նոր նախագահի ընտրությունը դառնա երաշխիք երկրում կայունության ու համերաշխության ամրապնդման և առաջընթացի:

    Մեր հորդորն է, որ պատասխանատու այս իրադարձության առջև մեր ժողովուրդը դրսևորի հայրենասիրության բարձր գիտակցություն, առաջնորդվի բացառապես հայրենի մեր երկրի հեղինակության գերակայության գաղափարականով: Թող ո'չ մի քայլ, ո'չ մի դրսևորում չստվերի մեր ընտրությունը, չպառակտի մեր ժողովրդի միասնությունը: Հայրենասեր ենք ճիշտ այնքան, որքան գիտենք հարգել, հանդուրժել, սիրել միմյանց: Հայրենասեր ենք ճիշտ այնքան, որքան գիտենք ազգային շահի առջև խոնարհեցնել անձնական հավակնություններն ու զգայնությունները:

    Աղոթող ենք, որ Տերը դեպի նոր հաջողություններ առաջնորդի մեր երկիրը խաղաղության, սիրո միաբանության ու համերաշխության մեջ:

    «Հարգեցեք բոլորին, սիրեցեք եղբայրությունը, վախեցեք Աստծուց» (Ա Պետրոս 2.17):

    ###

  3. Ժամանակի հոսանքի մեջ հերթական պտույտը կատարելով սեփական առանցքի շուրջ` տարին դարձյալ մոտեցավ այն նվիրական պահին, երբ պատրաստվում ենք տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը: Բոլորովին նպատակ չունենալով խորամուխ լինել տոնի աստվածաբանական խորհրդի մեջ` պարզապես կցանկանայի պատմության քրիստոնեական ընկալման տեսանկյունից անդրադառնալ շրջադարձային այդ իրողության համամարդկային նախապատրաստական ընթացքին` այսու անդրադառնալով այն երեւույթին, որ Սուրբ Գիրքն անվանում է ՙժամանակի լրում՚ (Գաղատ. 4: 4):

    Կարծել, թե միայն քաղաքական, տնտեսական կամ դասակարգային շարժումները կարող են համարվել ընկերային (սոցիալական), անշուշտ սխալ է, քանի որ բոլոր այն գաղափարական շարժումները, որոնք ի վիճակի են փոփոխություններ առաջ բերել անհատների ու հասարակությունների կենցաղի ու հարաբերությունների մեջ, անտարակույս ընկերային են: Ուստի բոլոր մեծ կրոնները նաեւ ընկերային շարժումներ են, քանի որ անջնջելի դրոշմ են դրել (եւ շարունակում են դնել) մարդկության ընկերային կյանքի վրա: Եվ, թերեւս, ոչ մի գաղափարախոսություն կամ ուսմունք այնքան մեծ փոփոխություններ ու հեղաշրջումներ չի առաջացրել անհատի ու հասարակության կյանքում, ինչքան Հիսուս Քրիստոսի Ավետարանով քարոզված վարդապետությունը: Այդ վարդապետությունը եկավ վերացնելու սեռային, ազգային, լեզվական ու մշակութային տարբերազատումներն ու ստորադասումները, ամոքելու մարդկանց ցավերն ու վշտերը, լուսավորելու խավար սրտերն ու մտքերը, ոգորելու հավասարության, ներողամտության, եղբայրության ու սիրո ոգով եւ գոտեպնդելու գերագույն փրկության հույսով: Եվ այս հիրավի տիեզերական շարժումն իր սկիզբն առավ Հիսուս Քրիստոսի Ծնունդով, որ, սակայն, պատահական մի դիպված չէ` տեղի ունեցած ժամանակի պատահական մի պահի: Երբ մի հետադարձ հայացք ենք ձգում մարդկության անցած ուղու վրա, տեսնում ենք, որ պատմության մեծագույն իրադարձությունը մարդկության մեծագույն դեմքի Ծնունդն է, երկնքի ու երկրի Արարչի, անժամանակի ու անսահմանի հայտնվելը ժամանակի ու տարածության մեջ, որով ողջ համաշխարհային պատմությունը կիսվում է Հիսուս Քրիստոսի անձի շուրջը` նախքան Քրիստոս եւ Քրիստոսից հետո: Նախքան Քրիստոս պատմությունը նախապատրաստություն է նրան ընդունել եւ հասկանալ կարողանալու համար, իսկ Քրիստոսից հետո` նրա քարոզածը յուրացնելու եւ կյանքի վերածելու ճիգ: Նախապատրաստական ընթացքն առավելապես տեղի ունեցավ երեք ոլորտներում` հոգեւոր-կրոնական, մտավոր-իմացական եւ վարչաաշխարհագրական: Իհարկե, այս երեք ոլորտներում էլ տեղի ունեցող գործընթացները սերտորեն պայմանավորված էին միմյանցով, այնուհանդերձ դրանց սահմանները խիստ որոշ են, եւ եթե առաջինը հիմնականում ընթանում էր հրեական միջավայրում, ապա վերջին երկուսը` հեթանոսական` այսպիսով կրելով համամարդկային բնույթ:

    Հոգեւոր-կրոնական ոլորտում նախապատրաստությունը գերազանցապես ներկայացված է Սուրբ Գրքում, մասնավորապես` Հին Կտակարանում:

    Պատվիրանազանցության ու մեղանչման հետեւանքով մարդն արտաքսվեց դրախտից եւ դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանությանը: Իր ընկած վիճակում մարդը փորձում էր վերստին գտնել կորուսյալ դրախտի եւ անմահության ճանապարհը, սակայն մոլոր ճանապարհներով փորձելով գտնել Աստծուն` միայնակ մնացած մարդն ավելի ու ավելի էր խրվում անկյալ կյանքի ճահիճը: Բնապաշտական, կռապաշտական եւ դիցապաշտական կրոններից սկսած օտար պաշտամունքները եկան սովորեցնելու մարդուն կրոնի ժխտական երեսը, այսինքն` թե ինչպիսին չպետք է լինի ճշմարիտ կրոնը: Այնժամ Աստված մի հատուկ միջամտությամբ` հայտնությամբ, սկսեց մարդուն ցույց տալ ճշմարիտ կրոնի հիմունքները, սկզբունքներն ու օրենքները` նախապատրաստելով այն մեծ փրկությանը, որ կանխորոշել էր Ինքը: Աստված ուխտ դրեց արդար Նոյի հետ` ցույց տալով ճշմարիտ կրոնի առաջին նախապայմանը` արդարությունը : Այնուհետեւ իր անսահման հավատի շնորհիվ ընտրվեց Աբրահամը, որին տրվեց խոստումը` դառնալու հայրը մի ժողովրդի, ում ծոցում պիտի ծնվեր մարդկության Փրկիչը: Աբրահամի` խոստմամբ ծնված զավակից առաջացած հրեա ժողովրդի առաջնորդ կարգվեց Մովսեսը, որը դուրս հանեց այդ ժողովրդին եգիպտական գերությունից եւ առաջնորդեց դեպի Ավետյաց երկիրը: Եվ հենց Մովսեսի միջոցով տրվեց Օրենքը, որով վավերացվեց ճշմարիտ կրոնի սրբության գաղափարը: Սուրբ հայրերն ասում են, որ Նոյի միջոցով տրվեց բնական օրենքը, Աբրահամի միջոցով` բանականը, իսկ Մովսեսի միջոցով` գրավորը: Ուխտի ժողովուրդ ընտրված հրեա ազգը չկարողացավ մնալ իր բարձունքի վրա, այլ, անընդհատ մեղանչելով, զրկվեց իր թագավորությունից ու գերի տարվեց օտար ազգերի կողմից եւ սկսեց ձուլվել ու անհետանալ: Հավատարիմ մնացորդը թեպետ վերադարձավ մաքրագործված ու բյուրեղացած, սակայն ժամանակի ընթացքում վերածվեց բրածոյի` կյանքից ու ոգուց զուրկ ծեսերի ու ավանդությունների մեքենայական կատարածուի:

    Սակայն հրեական կրոնն ինքնին մի նպատակ չէր, այլ միջոց` մի ավելի կատարյալ կրոնի համար, որը պետք է գար այն լրացնելու: Եվ հասունացման գագաթնակետին հասավ այն Ազատարարի գաղափարը, որի մասին խոստացվել էր դեռեւս առաջին մարդուն, թե նրա սերունդը պետք է ջախջախի օձի գլուխը (Ծննդ. 3:15): Աստծո ընտրյալ մարգարեները սկսեցին ազդարարել Փրկչի` Մեսիայի գալստյան մոտալուտ լինելու մասին, որը պետք է ծնվեր կույսից եւ Աստծո Հոգով հովվեր իր ժողովրդին (Ես. 7:14, 11:1-2, Միք. 5:2): Քրիստոսի Ծննդյանը նախորդող շրջանի վերջին տարիներին հրեական միջավայրի ողջ մթնոլորտը շիկացած էր Մեսիայի գալստյան սպասումով, եւ այս սպասումը փոխանցվել էր ուրիշ շատ ազգերի:

    Թեպետ կրոնն ընդունվում է հավատքով ու հայտնությամբ, սակայն այն պետք է նաեւ ըմբռնելի դառնա մարդկային բանականության եւ տրամաբանության օրինաչափությունների համար: Իհարկե, թեկրոնի, եւ թենրա մասին գիտության զարգացման դրսեւորումներ արձանագրվել են աշխարհի շատ վայրերում (Միջագետք, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, անգամ` հին Ամերիկա), սակայն ինչպես ճշմարիտ Աստծո եւ կրոնի գաղափարն իր կատարելությամբ արտահայտվեց Սինայի անապատում եւ Հրեաստանի բլրաշարքերի վրա, այնպես էլ Աստծուն ընկալելու եւ կրոնը մարդկային մտքին հասու դարձնելու կարեւորագույն գործընթացը գերազանցապես տեղի ունեցավ Էգեյան ծովի ափերին եւ կղզիներում: Այստեղ իր գագաթնակետին հասավ Աստծուն, բնությունը, մարդուն եւ կյանքն իմացական օրենքներով բացատրելու գիտությունը` փիլիսոփայությունը: Հույն իմաստասերների շքերթը սկսվեց Ն. Ք. 6-րդ դարից եւ առանց ընդհատվելու հասավ 1-ին դար` նույնանալու քրիստոնյա աստվածաբան հայրերի հետ: Նրանց քարոզած բարձր բարոյականության անժխտելի նմանությունը քրիստոնեական բարոյականությանը հիմք դարձավ, որ նրանցից ոմանք անվանվեն ՙքրիստոնյաներ նախքան Քրիստոս՚, իսկ նրանց ստեղծած բազմաթիվ հասկացություններ եւ եզրեր դարձան քրիստոնեական նորակազմ աստվածաբանության կաղապարները, այն ՙնոր տիկերը՚, որոնց մեջ պիտի լցվեր քրիստոնեական վարդապետության ՙնոր գինին՚: Իրենց իմացական բարձր կարողություններով նրանք հասան ՙԱնծանոթ Աստծո՚ գաղափարին, եւ հետագայում հենց այդ ՙԱնծանոթ Աստծուն՚ է, որ պիտի բացահայտեին Հիսուս Քրիստոսի առաքյալները` տարածելով ճշմարտության լույսն աշխարհով մեկ (Գործք 17: 23): Մարմնացյալ Աստվածորդին իր անձով կամուրջ էր դառնում հրեական Մեսիայի եւ հեթանոսական Լոգոսի միջեւ:

    Հունական այս միջավայրում ծաղկեց նաեւ գրականությունը` իր բազմատեսակ սեռերով ու ժանրերով, որոնք պիտի օգտագործեր քրիստոնեական եկեղեցին իր աստվածաբանական հսկայական ժառանգությունը կազմելիս: Դասական կատարելության հասան քանդակագործությունը, ճարտարապետությունը, խճանկարչությունը եւ արվեստի բազմաթիվ այլ ճյուղեր, որոնց շնորհիվ անգերազանցելի գեղեցկությամբ պիտի օժտվեին քրիստոնեական փառահեղ տաճարները:

    Եթե կրոնական նախապատրաստությունը կայացավ հրեական կրոնի, իսկ մտաիմացականը` հունական մշակույթի միջոցով, ապա վարչաշխարհագրական ոլորտում կատարվող նախապատրաստությունն իրականացվեց համամարդկային պատմության այնպիսի մի ֆենոմենի միջոցով, ինչպիսին էր Հռոմեական կայսրությունը: Աննշան մի քաղաքից այն վերածվեց պատմության ամենահզոր, ամենահսկայածավալ ու ամենակազմակերպված կայսրությանը, որի սահմանները տարածվում էին Պարսից ծոցից մինչեւ Ատլանտյան օվկիանոս, Սեւ ծովից մինչեւ Կարմիր ծով, Կենտրոնական Եվրոպայից մինչեւ ամբողջ Հյուսիսային Աֆրիկան ներառյալ: Այս կայսրության միջոցով իրականացավ պատմության մեծագույն միությունը` քաղաքական, վարչական, աշխարհագրական եւ անգամ լեզվական առումներով: Եվ հենց այս միությունն էր, որ պիտի նպաստեր քրիստոնեության արագ զարգացմանն ու տարածմանը: Այս հսկայական կայսրության բոլոր մասերը միավորված էին հռոմեական սրի ուժով, որի շնորհիվ կայսրության մեջ տիրապետում էր հռոմեական օրենքն ու ՙհռոմեական խաղաղությունը՚: Հիսուսը նույնպես գալիս էր` բերելու աշխարհին մեծագույն միությունն ու խաղաղությունը, որը, սակայն, պետք է հիմնված լիներ ոչ թե սրի, այլ սիրո վրա: Հռոմեական օրենքը, որով պետք է մահվան դատապարտվեր Երկնային Փրկիչը, հետագայում պիտի դառնար նրա առաքյալների պատվարը հրեաների ամբաստանություններից, եւ այդ օրենքի ուժով նրա առաքյալները համարձակորեն Երկնային Արքայության խոսքը պիտի քարոզեին իշխանական եւ կայսերական ատյանների առաջ:

    ՙԲոլոր ճանապարհները տանում են Հռոմ՚,-ասում էր լատինական ասացվածքը. նույն այդ ճանապարհները Հռոմից տանում էին դեպի աշխարհի չորս կողմերը, եւ հռոմեական օրենքով ու խաղաղությամբ ապահովված այդ ճանապարհներով է, որ պիտի հետագայում քայլեին Քրիստոսի առաքյալները` տանելով բոլոր ազգերին Աստծո եւ փրկության ճանապարհը բացահայտող երկնային պատգամները (Գործք 16:17, 18: 26):

    Եթե հեթանոս ժողովուրդները միավորված էին հռոմեական մականի ներքո, ապա հրեաները ցրված էին կայսրության ողջ տարածքով մեկ եւ անգամ նրա սահմաններից դուրս: Այսպիսով, հեթանոսներն աստիճանաբար գաղափար էին կազմում հրեական կրոնի մասին, որը պետք է կամուրջ դառնար քրիստոնեության համար: Իսկ հետագայում, երբ քրիստոնյա քարոզիչները պիտի սկսեին իրենց ավետարանական առաքելությունը, հրեական այս գաղթօջախները պետք է դառնային այն առաջին հանգրվանները, ուր պիտի գային Ավետարանի քարոզիչները եւ շատ հաճախ, հրեաներից մերժվելուց հետո, միայն դառնում հեթանոսներին քարոզելու:

    Հռոմեական կայսրությունը, թերեւս, կարող է իրավամբ օրգանական իրավահաջորդը համարվել Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության, որում տիրապետող լեզուն հունարենն էր: Կայսրության տարածքում ապրող շատ ժողովուրդներ, այդ թվում նաեւ Հրեաստանից դուրս ապրող շատ հրեաներ, հունախոս էին: Քրիստոսից դեռեւս երկու-երեք դար առաջ անհրաժեշտություն էր ծագել Հին Կտակարանը հունարեն թարգմանելու, որով իրականացել էր Սուրբ Գրքի անդրանիկ` Յոթանասունից թարգմանությունը (Սեպտուագինտա): Այս թարգմանությամբ ոչ միայն բավարարվում էին հունախոս հրեաների հոգեւոր պահանջները, այլեւ հեթանոս մտավորականները նույնպես հնարավորություն էին ստանում ծանոթանալու ճշմարիտ կրոնի պատգամներին: Այս թարգմանությունը պիտի դառնար նորակազմ քրիստոնեական եկեղեցու պաշտոնական Սուրբ Գիրքը, որին շուտով պիտի ավելանային նաեւ դարձյալ հունարենով գրված Նոր Կտակարանի գրքերը:

    Եվ այսպես, բոլոր նախադրյալները պատրաստ էին ընդունելու Երկնային Փրկչին: Նոր դարաշրջանի եւ նոր ընկերության հիմքերը գցված էին, ողջ մարդկությունը կանգնած էր նոր կյանքի արշալույսի նախաշեմին, եւ ինչպես Սուրբ Գիրքն է ասում . ՙԵրբ ժամանակն իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց Իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրենքի տակ` փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրութիւն ընդունենք՚ (Գաղատ. 4: 4-5):

  4. а теперь еще одна просьба в тему.

    поделитесь красивыми фотографиями Армении (все равно что: природа, горы, здания, люди), отдельно фотографиями церквей, монастырей и хачкаров.

    в интернете, к сожалению, хороших по качеству не нашлось.

    Posmotrite v etom sajte :flower:

    http://armenica.info/

  5. А у нас на форуме нет священнослужителей?

    Կան իհարկե, ինչպես օրինակ` Հայր Ղևոնդն ու Ձեր խոնարհ ծառան :flower:

    Իսկ ինչ վերաբերում է թեմայի հարցին` ասեմ որ եկեղեցական նման արգելք` մայիս ամսին պսակադրություններն արգելող, գոյություն չունի: Իսկ եկեղեցական օրինադրությամբ արգելվող օրերի ցուցակը Դուք արդեն մեջ եք բերել Rouna-ի հուշումով: Այսինքն` մայիսին եկեղեցական կանոնների համաձայն Պսակ կատարելը կարող է արգելվել միայն այն դեպքում, եթե այդ ամսվա օրերը համընկնեն նշված ցուցակի օրերի հետ: Դա հիմնականում կարող է լինել Մեծ Պահքի վերջնամասի և Զատկի ու նրան հաջորդող նշված օրերի հետ: Մի խոսքով ասեմ, որ արգելված օրերի ցուցակում հիմնականում պահոց օրերն ու Տնօրինական տոներն են: Որպեսզի ասածներս չինարենի շատ չնմանվեն և հասկանալի լինեն սովորական ընթերցողին, ով կարող է այս տերմինալոգիային ծանոթ չլինել, ես բացեցի մի թեմա, որով հնարավոր կլինի հնարավորինս հստակ պատկերացում կազմել Հայաստանյայց Եկեղեցու տոնական համակարգի վերաբերյալ.

    http://forum.hayastan.com/index.php?showtopic=35075

    Բայց կրկնում եմ, որ Պսակները արգելող օրենք միայն բանի համար, որ դա մայիս ամիսն է, Հայ Եկեղեցին չունի:

    еще вопрос.

    КОГДА АРМЯНСКИЙ ВЕЛИКИЙ ПОСТ В 2008 ГОДУ?

    Բուն Բարեկենդանն այս տարի կլինի փետրվարի 3-ին, որի հաջորդ օրվանից` փետրվարի 4-ից էլ կսկվի Մեծ Պահքը:

  6. Թեեկեղեցական, թեազգային կյանքում տոները, հիշատակության օրերը հաստատված են հստակ առաքելությամբ` անհատի գիտակցության մեջ արթուն պահել պատմական իրողությունների հետ կապը: Դրանք ենթագիտակցական կապակցում են ստեղծում անցյալի և ներկայի միջև` երաշխավորելով ապագայի կերտումը:

    Եկեղեցական օրացույցով տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Եկեղեցական տոները կոչված են հոգևոր խորհուրդներով օժտելու և կարգավորելու ժամանակը` տարին բաժանելով շրջանների, որոնք յուրօրինակ հոգեղեն իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Եկեղեցական տոները պատմական իրադարձությունների պարզ վկայակոչումներ չեն. աստվածային տնօրինությունների ուղիով ընթանալը հնարավորություն է ընձեռում հոգով մասնակից դառնալու Փրկչի երկրային կյանքին և տոնից տոն հասունանալու հոգևոր իրողությունների կենդանի վերապրումով: Տոները նաև Եկեղեցու կյանքի տարեգրության յուրօրինակ արտահայտությունն են, ուստի դրանք դարեդար զարգացել են` ներառելով ոչ միայն Քրիստոսի, այլև սրբերի և ազգային-եկեղեցական կարևոր իրադարձությունների հիշատակները:

    Եկեղեցական տոները ժամանակագրական առումով բաժանվում են երկու խմբի` անշարժ և շարժական: Անշարժ տոներն իրենց հաստատուն տեղն ունեն օրացույցում, իսկ շարժականները տեղաշարժվում են` կախված լինելով Զատկից, որը նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը:

    Հայոց Եկեղեցու տոները կարգավորվում են Տոնացույցի միջոցով և բաժանվում են երկու խմբի` Տերունի և Սրբոց: Տերունի տոների շարքն իր հերթին բաժանվում է չորս խմբի` Տնօրինական, Աստվածածնի, Խաչի և Եկեղեցու:

    Տնօրինական տոները ներկայացնում են Աստվածորդու երկրային առաքելության հանգրվանային դրվագները` Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն (հունվարի 6), Անվանակոչություն (հունվարի 13), Տեառնընդառաջ (փետրվարի 14), Վարդավառ կամ Պայծառակերպություն (Զատկից հետո 14-րդ կիրակին), Ծաղկազարդ (Զատկի նախորդ կիրակին), Ավագ Շաբաթ (Զատկին նախորդող ամբողջ շաբաթը), Սուրբ Զատիկ կամ Հարություն, Համբարձում (Զատկից հետո 40-րդ օրը), Հոգեգալուստ կամ Պենտեկոստե (Զատկից հետո 50-րդ օրը):

    Աստվածամոր տոները յոթն են և կապված են նրան առնչվող կարևորագույն իրողությունների հետ` Աննայի հղացվելը (դեկտեմբերի 9), Ս. Կույսի ծնունդը (սեպտեմբերի 8), Ընծայվելը տաճարին (նոյեմբերի 21), Ավետում (ապրիլի 7), Վերափոխում (օգոստոսի 15-ի մոտակա կիրակին), Գոտու գտնելը (Վերափոխմանը հաջորդող կիրակին) և Տուփի գտնվելը (Հոգեգալստին հաջորդող 5-րդ կիրակին):

    Խաչի տոները չորսն են. Խաչի երևումը. հիշատակն է Երուսաղեմում 351թ. Խաչի լուսեղեն նշանի երևման, որ ճառագում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ և տեսանելի էր ամենքին (Զատկին հաջորդող 5-րդ կիրակին):

    Խաչվերաց. հիշատակն է խաչափայտի վերացման` վեր բարձրացման: Խաչափայտը 629թ. պարսկական գերությունից վերադարձվել ու բարձրացվել էր Գողգոթայում (սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին):

    Վարագա Ս. Խաչ. տոնը զուտ հայկական ծագում ունի և հիշատակն է 660թ. Վարագա վանքում խաչափայտի մասունքի հայտնաբերման, որն այդտեղ թաքցրել էր Ս. Հռիփսիմե կույսը (Խաչվերացին հաջորդող 2-րդ կիրակին):

    Խաչի գտնվելը. 326թ. Հեղինե թագուհու կողմից Տիրոջ խաչափայտի գտնվելու հիշատակը (հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակին):

    Եկեղեցու տոները երկու բնույթի են. վերաբերում են Եկեղեցի-ժողովրդին և Եկեղեցի-տաճարին:

    Նոր կիրակի. Քրիստոնեական Եկեղեցու ստեղծման հիշատակը (Զատկի հաջորդ կիրակին):

    Աշխարհամատրան կիրակի. Քրիստոնեական առաջին եկեղեցու` Երուսաղեմի Վերնատան հիշատակը (Զատկից հետո 2-րդ կիրակին):

    Շողակաթի տոն. Հայ Եկեղեցու հիմնադրման Լուսավորչի տեսիլքի հիշատակը (Հոգեգալստից հետո 11-րդ օրը):

    Ս. Էջմիածնի տոն. Ս. Էջմիածնի կառուցման հիշատակը (Հոգեգալստից հետո 2-րդ կիրակին):

    Տապանակի տոն. Եկեղեցու նախատիպ-խորհրդանիշ Ուխտի Տապանակի հիշատակը (Վարդավառի նախորդ շաբաթ օրը):

    Տերունական օր է համարվում նաև յուրաքանչյուր կիրակի (հունարեն կյուրակե նշանակում է տերունական), որ նվիրված է Տիրոջ Հարությանը, ուստի ամեն կիրակի մատուցվում է Ս. Պատարագ:

    Սրբոց տոները մեծավ մասամբ շարժական են և կոչված են պայծառացնելու Քրիստոսի վկաների հիշատակը և նրանց սրբության ուղին իբրև օրինակ մեզ ավանդելու: Մեր Տոնացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը (վերջինը` Ս. Գրիգոր Տաթևացի): Հետագա դարերի սրբերի համար սահմանված է ՙԱմենայն սրբոց՚ տոնը, որով հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Սրբոց տոներից առավել մեծ ժողովրդականություն են վայելում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, Ս. Գրիգոր Լուսավորչի, Ս Սարգիս զորավարի, Վարդանանց և Թարգմանչաց սրբերի տոները:

    Եկեղեցական գլխավոր հինգ տոները` Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխում և Խաչվերաց, կոչվում են ՙտաղավար տոներ՚: Այդ անվանումը կապվում է Հին Կտակարանի Տաղավարահարաց տոնի (Ղևտ. 23. 41-43) հետ և տրվել է այս հինգ տոներին` որպես մեկից ավելի տոնական օրեր ունեցողների: Տաղավար տոներն ունեն իրենց նախընթաց պահոց շրջանը (օրինակ` Զատկին նախորդում է Մեծ Պահքը): Ս. Ծննդյանն ու Ս. Զատկին նախորդող երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Պտտարագ: Տաղավար տոներին միացված են նաև առանձին արարողություններ, որով յուրահատուկ շուք և ժողովրդականություն է հաղորդվում այդ տոներին (օրինակ` Ս. Ծննդյանը միացված է Ջրօրհնեքը, Վերափոխմանը` Խաղողօրհնեքը և այլն): Տաղավար տոների հաջորդ երկուշաբթիները կոչվում են Մեռելոց: Մեռելոցներին մատուցվում է Ս Պատարագ և կատարվում Հոգեհանգիստ` ի հիշատակ ՙհավատով ի Քրիստոս ննջած՚ հանգուցյալների:

  7. ԳԵՐՇ. Տ. ՎԻԳԷՆ ԱՐՔ. ԱՅԳԱԶԵԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ

    Հինգշաբթի Նոյեմբեր 8, յետ միջօրէի ժամը 6:00-ին` Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Ամերիկայի Արեւելեան Թեմի Թեմական Պատուիրակ եւ Միջ-Եկեղեցական Յարաբերութեանց Վարիչ Տնօրէն Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանի հաստատումը բարձր ու պատուաբեր պաշտօնին` Նախագահ Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի:

    Ժամանակէն առաջ Մայր Տաճար փութացած էին Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի պատգամաւորներ եւ Հայ հաւատացեալներ` ներկայ գտնուելու համար այս հոգեպարար արարողութեան:

    Եկեղեցականներու շքախումբը, որուն մաս կը կազմէին Գերշ. Տ. Եղիշէ Արք. Կիզիրեան, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Եպս. Գալստանեան եւ Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի (ԵԱԽ) նորընտիր պաշտօնեաներ, հանդիսապետութեամբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի մուտք գործեց Մայր Տաճար: Արարողութիւնը ընթացաւ համաձայն ԵԱԽ.ի ծիսական կանոններուն: Երգեցողութիւնը կատարեց Ս. Վարդան Մայր Տաճարի դպրաց դասը` ղեկավարութեամբ ծանօթ երգահան-խմբավար Խորէն Մէյխանէճեանի եւ երգեհոնի նուագակցութեամբ տաղանդաւոր երգեհոնահար Հոգշ. Տ. Մամիկոն Վրդ. Քիլէճեանի:

    Համաձայն Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի կանոնադրութեան` նախագահը կընտրուի պաշտօնավարութենէն երկու տարի առաջ, եւ պաշտօնի հաստատումէն ետք կը ծառայէ երկու տարի: Նոր նախագահ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանի պաշտօնավարութիւնը կը սկսի 2008 թուականի Յունուար 1-էն:

    Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի պատմութեան մէջ առաջին անգամն է որ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիի մը հոգեւորականը նախագահ կընտրուէր` յանձին Հայց. Առաքելական Եկեղեցւոյ երիտասարդ եւ գործունեայ եկեղեցական Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանի:

    Եկեղեցիներու Ազգային Խորհուրդը հաստատուած է 1950 թուականին, եւ անոր մաս կը կազմեն Բողոքական, Անկլիգան, Ուղղափառ եւ Արեւելեան Ուղղափառ, Աւետարանչական եւ Ափրիկեան-Ամերիկեան եկեղեցիներ: Ամերիկայի տարածքին Խորհուրդը ունի 100,000 համայնքներ` 45 միլիոն անդամներով:

    Արարողութիւնը տպաւորիչ էր, եւ հպարտացուցիչ, եւ յուզիչ: Տեսնել Հայ եկեղեցական մը այսպիսի բարձր պաշտօնի մը վրայ` իրապէս հոգեկան անխառն ուրախութեան բացառիկ առիթ մըն է: Արտասանուած խօսքերը կրօնաշունչ եւ իմաստալից էին: Յուզիչ էր այն պահը` երբ ԵԱԽ-ի նախկին նախագահ Տ. Մայքըլ Քհնյ. Լիվինկսթըն խորհրդանշանական լանջախաչը փոխանցեց նորընտիր նախագահ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանին, որ իր շնորհակալութիւնը յայտնեց բոլորին եւ խնդրեց որ աղօթեն իր առաքելութեան յաջողութեան համար:

    Արարողութենէն ետք` Առաջնորդարանի Հայկ եւ Ալիս Գավուքճեան հանդիսասրահին մէջ ճաշկերոյթ տեղի ունեցաւ, որուն ընթացքին Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի շնորհաւորութիւնները փոխանցեց Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանին, ինչպէս նաեւ շնորհաւորութիւնները` Ամսթերտամ գտնուող անոր ընտանեկան պարագաներուն` տիրամօր, եղբայրներուն, քոյրերուն եւ ազգականներուն: Այս առիթով կարդացուեցան շնորհաւորական նամակներ եւ հեռագիրներ:

    Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի նոր նախագահի կողքին եօթը այլ անձեր պաշտօններ ստանձնած էին:

    Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան իր շնորհակալութեան սրտի խօսքը արտասանեց եւ ՙՊահպանիչ՚ով փակեց ի պատիւ իրեն տրուած այս ճաշկերոյթը, որուն ներկայ էին աւելի քան 400 հոգի, եւ որոնց մէջ զգալի էր նախկին պոլսահայերու եւ Իսթանպուլի Ս. Խաչ Դպրեվանքի սաներու թիւը:

    * * *

    Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան ծնած է 1951 թուականին Թուքիոյ մէջ: Աւարտած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան դպրեվանքի եւ ընծայարանի բաժինները եւ կուսակրօն քահանայ ձեռնադրուած է 1971 թուականին: Երջանկայիշատակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ Ս. Էջմիածնի մէջ Եպիսկոպոս ձեռնադրաուծ է 1992 թուականին: Պսակաւոր Աստուածաբանութեան աստիճանը ստացած է Լոնտոնի Գինկս Գոլէճէն: Գէնթըրպըրիի Ս. Օկըսթին Գոլէճի մէջ հետեւած է Հովուական Աստուածաբանութեան դասընթացքներու, Զուիցերիոյ Ֆրայպըրկ Կաթոլիկ Համալսարանի տոքթորայի աստիճանի բոլոր պահանջները լրացուցած է: Տոթքորայի այստիճան ստացած է Երեւանի Գիտութիւններու Ակադենիայի Պատմութեան Բաժանմունքէն (1999):

    1972-74-ին եղած է ՙթարգման՚ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին: 1974-75-ին` Իսթանպուլի եկեղեցիներուն մէջ քարոզիչ եւ օգնական օրուան Պատրիարք երջանկայիշատակ Տ. Շնորհք. Արք. Գալուստեանի: 1980-92-ին` հովիւ Զուիցերիոյ Հայ Եկեղեցւոյ. այս շրջանին եկեղեցական նոր համայնքներ հաստատած է Ցիւրիխի, Պերնի, Քրիզլինկընի եւ Լուկանոյի մէջ: 1992-ին Եպիսկոպոս կը ձեռնադրուի եւ Առաջնորդ կը նշանակուի Զուիրեցիոյ Հայ Եկեղեցւոյ Թեմին: Այս պաշտոնը կը վարէ մինչեւ 1996 թուականը: 1997-99-ին` տնօրէն Հայց. Եկեղեցւոյ Ամերիկայի Արեւելեան Թեմի Հայ Օգնութեան Ֆոնտի Երեւանի գրասենեակին: 2000-էն` Թեմական Պատուիրակ եւ Միջեկեղեցական յարաբերութեանց Վարիչ:

    1985 թուականէն սկսեալ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան անդամակցած է Ամերիկայի Եկեղեցիներու Ազգային Խորհուրդին եւ անոր Տեսչական Մարմնին, ինչպէս նաեւ` Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Վարչական Յանձնախումբին եւ ՙՀապիթաթ Ֆոր Հիւմանիթի՚ի Միջազգային Մարմնին: Սրբազան Հայրը հիմնադիր-կազմակերպիչներէն մէկը եղած է ՙՔրիստոնեայ Եկեղեցիներ Միատեղ՚ Կազմակերպութեան: Ան յարգուած դէմք մըն է ամերիկեան եւ համաշխարհային միջ-եկեղեցական կազմակերպութեանց կողմէ:

    ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

    ՀԱՅՈՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԻ

    Նոյեմբեր 9, 2007

    Նիւ Եորք, Ն.Ե.

  8. Սյուրյուն ջան, անումը վռազես վեչ: Մի էրկու պրագրեսի կլխովն էլ վեր լոք տաս, լոխ էտ սյուրյուն աշքերովտ էլ ըրեվալ պտի: Տյու կենդու մղայիդ կաց:

    Տժյարը ըռչի հյարյուր տարինա:

    Համոթ չինի հրցընելը, էս շտեղի լյուզվավըք խոսում: :mellow:

  9. Խրիմյան Հայրիկ` նուագող վշտից հայրենեաց

    ՙԽրիմյան Հայրիկը պատմական այն դեմքերից է, որոնք իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են որպես եզակի անհատականություն և որոնք հավերժ կապրեն իրենց ժողովրդի սրտում, ու նրանց պայծառ հիշատակը միշտ անմոռաց կմնա որպես գաղափարի ազատության ջահակրի՚:

    Սիամանթո

    Հոկտեմբերի 29-ին լրանում է հայ ժողովրդի երախտավոր զավակ, հասարակական, քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ, մեծ մտավորական ու գրող, Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյանի (1820-1892-1907թթ.) կամ, ինչպես նրան տակավին երիտասարդ հասակում կնքել էր ժողովուրդը, Խրիմյան Հայրիկի մահվան 100-ամյակը: Խրիմյան Հայրիկն ամենայն իրավամբ համարվում է մեր պատմության մեծագույն դեմքերից մեկը. մարդ, ով դեռ ժամանակակիցների աչքում դարձավ կյանքի ուղենիշ և չափանիշ, խորհրդանշեց մի բազմատանջ ժողովրդի ազատատենչ ոգին և դարձավ այդ ժողովրդի արդար պահանջի ու բողոքի խոսնակը: Նրա կերպարը ոգեշնչել է շատերի` հոգևորականների ու աշխարիկների, արվեստագետների ու գրողների, քաղաքական ու հասարակական գործիչների և մեր ժողովրդի ազատագրական պայքարին նվիրյալ բազում հայորդիների:

    Ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին` Վանում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա խորացրել գիտելիքների պաշարը Լիմ և Կտուց կղզիների վանական դպրոցներում: Պատանի հասակից վճռում է ողջ կյանքով նվիրվել սեփական ժողովրդին և ծառայել նրա ցավերի ու վշտերի թեթևացմանը, հասնել օտարի լծից ազատագրմանն ու սեփական երկրում արժանավայել կյանքով ապրելուն: Նվիրյալ իր առաքելությանը` Խրիմյանը 1843թ. սկսում է ուսուցչական առաքելություն` նախ հաստատվելով Կ.Պոլսում, ապա ճանապարհորդում հայաշատ վայրերով ու երկրներով և ամենուրեք մեծ նպաստ բերում հայ կրթության և ինքնության ճանաչման զարգացմանը: Իր կրակոտ խոսքով, գործով ու գրչով նա ամենուրեք շահում էր ժողովրդի սերն ու համակրանքը, դառնում նրա իրավունքի անվեհեր պաշտպանը:

    1854թ. Խրիմյանն Ախթամարի վանքում ձեռնադրվում է վարդապետ: Նա դառնում է Վարագա վանքի վանահյրը և հիմնադրում Ժառանգավորաց վարժարանը: 1855թ. Կ. Պոլսում սկսում է հրատարակել ՙԱրծուի Վասպուրականի՚ հանդեսը, որ 3 տարի անց փոխադրում է Վարագա վանք` հայրենի հողի վրա հիմնելով առաջին պարբերականը: Հանդեսին գլխավորապես աշխատակցում էին Խրիմյանի հիմնած դպրոցի սաները` Գարեգին Սրվանձտյանցը, Արսեն Թոխմախյանը և ուրիշներ:

    1862թ. Խրիմյանը դառնում է Տարոնի հոգևոր առաջնորդը և Մշո Ս. Կարապետ վանքի վանահայրը: Նա այստեղ էլ հիմնադրում է Նոր Ժառանգավորաց վարժարան և սկսում հրատարակել ՙԱրծուիկ Տարոնո՚ երկշաբաթաթերթը:

    1869թ. Ս. Էջմիածնում ձեռնադրվում է եպիսկոպոս, այնուհետև ընտրվում Կ. Պոլսի հայոց պատրիարք, սակայն 5 տարի անց հրաժարվում է այդ պաշտոնից` գտնելով, որ այն սահմանափակում է ժողովրդին ծառայելուն ուղղված իր ճիգերը: Նա բազմիցս իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ թուրքական կառավարության` հայերի նկատմամբ վարած դաժան քաղաքականության և պարբերաբար իրականացվող ջարդերի համար:

    1878թ. Խրիմյան Հայրիկը գլխավորում է Բեռլինի վեհաժողովին մեկնած հայոց պատվիրակությունը: Հետագայում նա այդ ժողովը նմանեցրեց հարիսայով լի կաթսայի, որի շուրջ հավաքվածները ներկայացել էին երկաթե շերեփներով և ստացել իրենց բաժինները, մինչդեռ իր շերեփը թղթից էր և մնաց կաթսայի մեջ

    Ազատագրական պայքարին բերած Խրիմյանի մեծ ակտիվության հետևանքով 1885թ. թուրքական կառավարությունը նրան աքսորում է Երուսաղեմ` ՙերկարատև ուխտագնացության՚:

    1892թ. ողջ հայությունը, ի հեճուկս թուրքական և ռուսական կառավարությունների ընդդիմության, 72-ամյա Խրիմյան Հայրիկին ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Հայրապետական գահին բազմաչարչար Հայրիկի ուսերին ծանրանում է պայքարի նոր բեռ` ուղղված ցարական արքունիքի հայահալած քաղաքականության դեմ: Այդ պայքարի ծանրագույն շրջանն ընկավ 1903-1905թթ., երբ ցարական կառավարությունը, գտնելով, որ ազատագրական պայքարի օջախը Մայր Աթոռն ու նրա հովանու ներքո եղող դպրոցներն են, կարգադրեց փակել հայկական դպրոցները և բռնագրավել վանքապատկան կալվածքները, որոնց միջոցներով պահվում էին այդ դպրոցները: Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ ռուսական հզոր կայսրության հանդեպ ողջ հայության ցուցաբերած համառ դիմադրությունն ի վերջո պսակվեց հաջողությամբ, և ցարական արքունիքն ստիպված եղավ հրաժարվել հակահայկական այդ ծրագրից:

    Իր արգասավոր կյանքի ընթացքում Խրիմյանն ստեղծեց նաև գրական հարուստ ժառանգություն` ՙՀրավիրակ Արարատյան՚, ՙՎանգույժ՚, ՙՀայգույժ՚, ՙԴրախտի ընտանիք՚, ՙՊապիկ և թոռնիկ՚, ՙՍիրաք և Սամուել՚ և այլն:

    Ամենայն Հայոց Հայրիկն իր բազմավաստակ մահկանացուն կնքեց 1907թ. հոկտեմբերի 29-ին և ամփոփվեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարի բակում: Շիրմաքարի վրա գրված է մի պարզ, բայց խորախորհուրդ նախադասություն. ՙ Խրիմյան Հայրիկ` նուագող վշտից հայրենեաց՚:

  10. Եթե այս պատմությունը լսեի մի քիչ այլ կերպ, ասենք, անծանոթ մարդուց, անկեղծ ասած մի քիչ թերահավատորեն կվերաբերվեի սրան: Բայց բանն այն է, որ ես ճանաչում եմ հոդվածագրին: Նա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից է և Ս. Գայանե վանքի վանահայրը: Հոդվածում նշված բոլոր փաստերը` վթարը, երկար ժամանակ կոմայի մեջ մնալը և այլն, լիովին համապատասխանում են իրականությանը և բոլորովին էլ հեռավոր անցյալին չեն պատկանում: Մնում է մի հարց. ինչ կասեիք Հայր Սուրբի տեսած տեսիլքի և ընդհանրապես այս ամենի մասին?

  11. ՆԱ ՏԵՍԵԼ Է ԱՍՏԾՈՒՆ

    ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈ ՎԵՐԱԴԱՐՁԱ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ

    Այն, ինչի մասին ուզում եմ պատմել, շատերին անիրական, ֆանտաստիկ կթվա: Ինքս էլ, միգուցե, այնքան էլ չհավատայի, եթե լսեի մեկ ուրիշից, քանզի, կարծում էի` անհավանական է լինել Արարչի մոտ եւ այնուհետեւ վերադառնալ Երկիր:

    2006-ի նոյեմբերի 9 կարծես թե չէր տարբերվում մյուս օրերից: Սուրբ Գայանե եկեղեցում, որի վանահայրն եմ, օրվա ծառայությունները կատարելուց հետո, ժամը 18:30-ի սահմաններում իմ մեքենայով ուղեւորվեցի դեպի Երեւան. մի քանի օր առաջ պայմանավորվածություն ունեի համապատասխան գրքեր վերցնելու իմ վարդապետական ատենախոսությունը գրելու համար:

    Մեքենան արագ վարելու սովորություն երբեւէ չեմ ունեցել, կարծում եմ, այդ օրն էլ չեմ գերազանցել արագությունը: Երեւի թե հոգնածությանս գումարվել էր աշնանային մռայլ մթնշաղը, այդ պատճառով կոպերս ծանրանում էին ու մերթընդմերթ փակվում (միգուցե սրանք դատարկ պատճառաբանություններ են, եւ ամեն ինչ որոշված էր ի վերուստ): Մուսալեռի կամարն անցնելուց հետո չնկատեցի շրջադարձ կատարել պատրաստվող հսկա բեռնատարը, եւ տեղի ունեցավ սարսափելի վթարը:

    Ականատեսների վկայությամբ` իմ ջախջախված մեքենային նայելով ոչ ոք չէր ասի, թե վարորդը ողջ է մնացել: Ուշքի գալուց հետո` ամիսներ անց պիտի հիշեմ, որ վթարի պահին կարծես աներեւույթ մի ուժ հետ քաշեց իմ նստատեղը եւ կոտրեց:

    Այն դժոխային տառապանքները, որ ապրել են իմ հարազատները եւ հատկապես ծնողներս, մինչեւ հիմա դրոշմված են նրանց աչքերում, քանի որ ո’չ Էջմիածնի հիվանդանոցում եւ ո’չ էլ Երեւանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում բժիշկներից ոչ ոք հույսի նշույլ անգամ չի ունեցել, թե ես կյանք կվերադառնամ:

    Հիվանդանոց տեղափոխելուց երկու ժամ անց այնտեղ եկավ նաեւ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդը: Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարի հետ կարճ առանձնազրույց ունենալուց հետո հուզված դուրս եկավ եւ ասաց. ՙՄեզ մնում է աղոթել առ Աստված, որ կյանք պարգեւի հայր սուրբին՚:

    Համոզված եմ, որ ծնողներիս, Վեհափառի եւ իմ եղբայր հոգեւորականների, իմ մյուս քույրերի ու եղբայրների աղոթքներն էին, որ հասու եղան Հայր Աստծուն:

    22 օր ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում մնալուց հետո` 23-րդ օրվա կեսին, աչքերս բացեցի եւ առաջինն ավագ եղբորս տեսա, որն այդ ողջ ընթացքում գիշեր ու զօր պահապան հրեշտակի նման եղել է կողքիս:

    Այդ սարսափելի դեպքից արդեն ամիսներ են անցել: Օր օրի, կաթիլ-կաթիլ, Աստծո օրհնությամբ, ծնողներիս ու բժիշկների օգնությամբ վերագտնում եմ կորցրած ուժերս: Կարծում եմ` հեռու չէ այն օրը, երբ ի զորու կլինեմ շարունակելու իմ առաքելությունը...

    Իսկ այժմ թույլ տվեք անցնել այս պատմության ամենակարեւոր հատվածին:

    ***

    Վթարից անմիջապես հետո ես կարծես տեղափոխվեցի մի ուրիշ աշխարհ: Քաղցր նինջը պատեց աչքերս, եւ ես սկսեցի բարձրանալ: Մարդկային լեզուն ի զորու չէ նկարագրելու իմ տեսած գեղեցկությունը: Անծայրածիր կանաչ տարածություններ` ծաղկազարդ ու խնկաբույր: Այդ վայրը թվում էր այնքան սքանչելի, որ կարող էի մի հավիտենականություն անհոգ ապրել:

    Այս դրախտային վայրում մի մեծ ու գեղեցիկ տուն կար: Ներս մտնելով` տեսա մի սպիտակամորուս, փառահեղ ծերունու, որն ինձ ընդառաջ էր գալիս: Ես անմիջապես հասկացա, որ ինձ մեծ բախտ է վիճակվել սեփական աչքով տեսնելու տիեզերքը արարողին, մեր բոլորի Հայր Աստծուն: Ողջունելուց հետո ինձ ծանոթացրին տան պայմաններին: Այստեղ ինձ հյուրասիրեցին երկնային ուտելիքներով` սուրբ հացով եւ փլավով: Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ այնտեղ կար ինչ-որ մի հսկա իր, որը ցույց էր տալիս, թե ինչ է կատարվում Երկրում: Այս հիասքանչ վայրում շատ մարդիկ կային: Մարդկանց հոգիներում խաղաղություն էր եւ անհոգություն: Նրանց մեջ ես ճանաչեցի մեր հարեւանուհիներից մեկին (որը, ինչպես հետագայում իմացա, մահացել էր իմ վթարի ենթարկվելուց մի քանի օր անց): Այն, ինչ կատարվում էր այս դրախտային վայրում, պարզապես հրաշք էր: Այստեղ կարծես չկար ժամանակ, համենայն դեպս ես չեմ զգացել: Ինքս ինձ զգում էի հավիտենականության եւ երանության գրկում: Ամեն ինչ անեղծ ու անբասիր էր, հետաքրքրական, հիասքանչ: Մեզ տեղեկացնում էին ամեն բանի մասին, մենք տեսնում էինք ամեն ինչ:

    Միառժամանակ հետո սպիտակափառ ծերունին, ինքը` Հայր Աստված, կանչեց ինձ եւ ասաց, որ պետք է վերադառնամ Երկիր` ծնողներիս եւ ինձ սպասող մյուս մարդկանց մոտ. ՙԵս քեզ հետ եմ ուղարկում Երկիր, - ասաց նա,- հորդ ու մորդ մոտ, եւ քեզ տեսնելով շատ անհավատներ, շատ մոլորյալներ դարձի են գալու եւ հավատալու են Ինձ՚:

    Ես ասացի, որ չեմ կարող վերադառնալ, քանի որ հետդարձի ճանապարհը չգիտեմ: Նա մի հրեշտակի կարգադրեց ուղեկցել ինձ:

    Վայրէջքը նույնքան հուզիչ էր, որքան վերելքը: Իջնելիս աչքս ընկավ խոր գետնախորշերի, որտեղից մարդկային սրտակեղեք ձայներ էին լսվում: Այդ չարագուշակ փոսերում ես տեսա հսկայագլուխ շներ (կարծեմ ցերբեր էին անվանում): Այդ գազանների երախն այնքան մեծ էր, որ մարդ առանց դժվարության կարող էր մտնել այդտեղ ու դուրս գալ: Հրեշտակն ասաց, որ դրանց մոտ գցում են չար մարդկանց:

    Քիչ անց հրեշտակն այլեւս ինձ հետ չէր:

    Հետդարձս կատարված էր: Ես Երկրի վրա էի` շրջապատված հարազատ մարդկանցով:

    Տ. ՄԱՄԲՐԵ ԱԲՂ. ՏԱՇՉՅԱՆ

    http://www.azg.am/?lang=AM&num=2007092617

  12. Բարի հաջողում Մոնք:

    Նման առաքինի Հայ հոգևորականների գոյությունը ուրախություն է Ազգի համար, իսկ բազմությունը ներազգային հաշտություն՝, ուստի և փրկություն կլիներ:

    Շնորհակալություն, հարգելի բարեկամ, միայն թե ես իրոք արժանի չեմ համարում նման բարձր գնահատականի և պատվի:

    Տա Աստված, որ մեր խոսքերը դադարեն զուտ խոսքեր լինելուց և իրական կյանքի վերածվեն:

  13. Ողջույններ AYG

    Ես նույնպես ուրախ եմ տեղեկանալ,որ թյուրիմացություններն իրոք չեզոքացված են:

    Ինչ վերաբերում է «խոնարհ ծառա» արտահայտությանը. քանի որ մեր քննարկումը տեղափոխվեց այս հարթության մեջ, կպատասխանեմ այդ կտրվածքով: Իբրև հոգևորական և հայ, ես խոնարհ ծառան եմ իմ Եկեղեցու և Ժողովրդի: Իսկ օտարի և թշնամու նկատմամբ ես ոչ խոնարհ եմ և ոչ էլ ծառա: Ընդհակառակը...

    Հարգանքներով՝ MONK

    Հ.Գ. Կներեք, որ Ձեր գրածին ուշացումով եմ արձագանքում: Շուրջ 2 ամիս արձակուրդի մեջ էի, որի ընթացքում գրեթե չեմ մտել ֆորում:

  14. Նյութը, որ ներկայացնում են, իմ կողմից նկարահանվող ֆիլմի սցենարի նախագիծն է: Սցենարն այս տեսքը չունի իհարկե, բայց կարծում եմ սևագիր այս տարբերակը կարող է որոշ օգտակարություն ներկայացնել Անապատականության և Վանականության մասին ծանոթություն կազմելու տեսակետից:

    ԱՆԱՊԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Քրիստոսից հետո 4-րդ դարից սկսած Եգիպտոսի, Պաղեստինի, Սիրիայի և հարակից երկրների անապատներն սկսեցին լցվել առաջին հայացքից տարօրինակ թվացող մարդկանցով: Նրանք թողնում էին հասարակության մեջ ունեցած իրենց դիրքերը, հրաժարվում սեփականությունից, ամուսնական կյանքից, նախկին զբաղմունքներից ու սովորություններից և քաշվում անապատները` ապրելով միայնակ կամ խմբերով, ենթարկում իրենց ամենածայրահեղ զրկանքների, տրվում աղոթքին ու Սուրբ Գրքի ընթերցմանը` կյանքի վերածելով սուրբգրային պատգամները: Այդ մարդիկ քրիստոնյա անապատականներն էին, ովքեր Քրիստոնեական Եկեղեցու պատմության մեջ հիմք դրեցին վանական շարժմանը:

    Քրիստոնեական Եկեղեցու համար անապատականների նախատիպերը հինկտակարանյան նահապետներն ու մարգարեներն էին, հատկապես` Եղիա մարգարեն ու Հովհաննես Մկրտիչը: Ինքը` Հիսուս Քրիստոս, Իր երկրային առաքելությունն սկսելուց առաջ քառասուն օր առանձնանում է անապատում` փորձվելու սատանայից և հաղթելու նրան: Եկեղեցու հայրերը քառասնօրյա այս մենությունը բնորոշել են իբրև ՙանձի անապատացում՚: Հիսուս Իր առաքելության ընթացքում ևս հաճախ առանձնանում էր մարդկանցից և մենության մեջ աղոթում Երկնավոր Հորը` սրանով ցույց տալով նաև Իր հետևորդներին միայնության մեջ Աստծո հետ հաղորդակցվելու կարևորությունը հոգևոր կյանքի վերանորոգության մեջ:

    Չնայած առաջին երեք դարերում ևս արձանագրվել են քրիստոնյա անապատականների առկայություններ, սակայն անապատականությունը մեծ թափ սկսեց ստանալ 4-րդ դարից: Փրկչական առաջին երեք դարերը Եկեղեցու համար հատկորոշվում են քրիստոնյաների հալածանքներով: Հալածանքները, որ սկիզբ էին առել քրիստոնեության հիմնադրի` Փրկչի նկատմամբ, շարունակվեցին նաև Նրա հետևորդների նկատմամբ` ծայրահեղ դրսևորումներով իրենց գագաթնակետին հասնելով ողջ Հռոմեական կայսրության մեջ: Սակայն այդ հալածանքներն անզոր եղան ընկճել Քրիստոնեական Եկեղեցուն, և բազմաթիվ քրիստոնյա նահատակներ իրենց արյան գնով հաղթանակով պսակեցին քրիստոնեությանը երեքդարյա այդ պայքարում: 313թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր միլանյան հրովարտակով քրիստոնեությունը հռչակվեց կայսրության մյուս կրոններին համահավասար թույլատրելի կրոն: Քրիստոնյաներն ազատ կարող էին դավանել ու քարոզել իրենց կրոնը, ինչը մեծապես նպաստեց քրիստոնեության տարածմանն ու Եկեղեցու հզորացմանը: Սակայն այս ազատությունը բազում դրական նշանակությունների հետ ունեցավ նաև խիստ բացասական հետևանքներ: Երբեմնի հալածվող Եկեղեցին, պետական կարգավիճակ ստանալով, աստիճանաբար հայտնվում էր հալածողի դերում` երբեմն իր անհանդուրժողականությունը հասցնելով ծայրահեղության: Քրիստոնյա լինելն այլևս մասնավոր քաջություն չեր պահանջում, կարելի էր դառնալ քրիստոնյա` առանց ոչինչ զոհաբերելու մտահոգության: Սա լայնորեն բացեց Եկեղեցու դռները հեթանոսության մի հոծ զանգվածի առջև, ովքեր իրենց հետ Եկեղեցի էին բերում նաև հեթանոսական աշխարհայացքի, բարքերի, հավատալիքների, սովորույթների ու մտածելակերպի տարրերը: Աստվածաբանական բարդ վիճաբանությունները մի կողմից բյուրեղացնում էին ուղղափառ վարդապետությունը, մյուս կողմից, սակայն, պատճառ էին դառնում Եկեղեցու մասնատման և անգամ հերձվածների: Եկեղեցու և աշխարհի, քրիստոնեության և հեթանոսության միջև եղած տարածությունը որոշ դեպքերում տագնապեցնող մերձավորության էր հասնում: Այս ամենի արդյունքում սկսեց տուժել ամենակարևորը` քրիստոնեական կրոնի բարոյական-գործնական կողմը, քրիստոնեավայել ապրելակերպն ու վարվելակերպը:

    Ստեղծված իրավիճակը խորն ընդվզում առաջացրեց բազմաթիվ քրիստոնյաների մեջ: Մնալով հասարակության մեջ` դժվար էր հոգևոր-բարոյական մաքրություն ձեռք բերել կամ պահպանելը, անհնար էր նաև հոսանքին հակառակ թիավարելը և հասարակությանը փոխելը: Ուստի նրանք սկսեցին թողնել մարդկային հասարակությունը, քաշվել անմարդաբնակ վայրեր և վարել պարզ ու խստաշունչ կյանք` հոգեկան սրբության և Աստծո մշտական ներկայությանը հասնելու համար իրենց նվիրելով աղոթքի ու ապաշխարության: Նրանք պատերազմ սկսեցին մեղսալի հաճույքների ձգտող մարմնական ցանկությունների ու կրքերի դեմ, որոնք անապատականների վարքերում պատկերված են դևերի տեսքով, և որոնք հաղթահարելու համար դիմում էին ամենածայրահեղ ինքնազրկանքների, գործադրում գերմարդկային ճիգեր, ինչի համար էլ կոչվեցին նաև ճգնավորներ: Նպատակը պարզապես մարմինը ճնշելը չէր, այլ դրանով կամքի ամրացումը, մտքի պայծառացումը և հոգու կատարելագործումը: Իմիջիայլոց, հետաքրքիր է այն հանգամանքը, որ, չնայած կրած դաժան զրկանքներին, ճգնավորներն աչքի էին ընկնում առողջությամբ ու երկարակեցությամբ: Հասարակությունից այդ մեկուսացումը պայմանավորված չէր ոչ մարդկանց նկատմամբ ունեցած բացասական զգացումներով և ոչ էլ միայն սեփական անձի փրկության եսամոլական ձգտումներով: Անապատականների ապրած կյանքն ու խոսքերն աներկբայելիորեն ցուցադրում են այն անսահման բարությունը, սերը և ծառայելու պատրաստակամությունը, որ ունեին նրանք մարդկության նկատմաբ: Հիմնական նպատակը քրիստոնեական գերակա արժեքներն այլասերված հասարակության ապականող ջանքերից ձերբազատելը և իրական կյանքի ու ապրելակերպի վերածելն էր, մաքրագործմամբ մարդու մեջ Աստծո պատկերի վերականգնումը: Այսպիսով` անապատականները դարձան այն խորհրդանշական ՙտասն արդարները՚, որոնց առկայությամբ դեպքում Աստված խոստանում էր Աբրահամին խնայել ու չկործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները: Քրիստոնյա նահատակներից հետո այս երկրորդ սխրանքը Եկեղեցու հայրերը բնորոշեցին իբրև ՙանարյուն նահատակություն՚:

    Անապատական շարժման առաջին փուլը բնորոշվում է լիակատար կղզիացմամբ: Սակայն ժամանակի ընթացքում առավել հայտնի միայնակյացների շուրջն սկսում են հավաքվել սկսնակ անապատականներ և ուսանել կրոնական մեծ փորձառություն ձեռք բերած միայնկյացից, ում անվանում են աբբա` հայր: Աբբայի ընտրությունը, նրան հնազանդությունը և նրանից հեռանալը պայմանավորված էր բացառապես կամավոր սկզբունքով: Անապատ հասկացությունը, իր աշխարհագրական բովանդակությունից զատ, աստիճանաբար ձեռք է բերում նաև նոր` կրոնական իմաստ` բնութագրելով ճգնակյացների ապրելավայրերը: Ժամանակի ընթացքում սկսում են ձևավորվել համատեղ կյանքի տարրերը, և անապատականությունն աստիճանաբար սկսում է վերաճել վանականության: Միայնակեցական անապատականությունն իր ծաղկման գագաթնակետին մնում է վաղ միջնադարում` ժամանակի ընթացքում վերջնականապես զիջելով իր տեղը վանականությանը: Անապատականության հայրենիքը Եգիպտոսն է: Որոշ աստվածաբաններ դա համարում են պարգևաշնորհ Հերովդեսի հալածանքներից մանուկ Հիսուսին ապաստան տված այդ երկրին, որ ապաստան դարձավ նաև ՙմանուկ՚ անապատականության համար: Աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի այս օրրանը ճգնակեցական` ասկետիկ կյանքի որոշակի ավանդույթներ արդեն ուներ, ինչին նպաստում էր միստիկ մտածելակերպին հակվածության առկայությունը: Բարենպաստ նախադրյալներից էր նաև երկրի բնությունը. տաք ու չոր օդը, մեծ քանակությամբ խորշերն ու այրերը, ձկնառատ Նեղոսը, պտղատու ծառերի զգալի քանակությունը դյուրացնում էին անապատականների կեցության համեստ պահանջների բավարարումը և հնարավորություն տալիս նվիրվել հոգու զորացմանը:

    Անպատականության հայրը պաշտոնապես համարվում է Ս. Անտոն Անապատականը (251-356 թթ.): Ղպտի բարեկեցիկ ընտանիքի քսանամյա զավակը, Եկեղեցում լսելով կատարելության ձգտող հարուստ երիտասարդին Հիսուսի տված ավետարանական պատգամը. ՙԵթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառիր քո ունեցուածքը ու տուր աղքատներին. և երկնքում գանձեր կþունենաս. և դու արիիմ յետևից՚ (Մատթ. 19.21), վաճառում է իր ունեցվածքը, բաժանում աղքատներին, հեռանում հայրենի Կոմա գյուղից և նախ 15 տարի բնակվում մոտակա քարայրաձև մի գերեզմանում, իսկ այնուհետև բոլորովին հեռանում անապատի խորքում գտնվող մի լքված բերդ, ուր 20 տարի մարդու երես չի տեսնում: Նրա սրբության և հոգևոր զորության համբավը մեծ տարածում է գտնում, և աստիճանաբար նրա ապաստանի շուրջն սկսում են բնակություն հաստատել անապատական կյանքի ծարավ ունեցող բազմաթիվ մարդիկ: Տեղի տալով նրանց երկարատև թախանձանքներին` Ս. Անտոնն ի վերջո համաձայնում է դուրս գալ իր բերդից և դառնալ նրանց առաջնորդն ու դաստիարակը` իր բազմամյա փարձառությամբ բացատրելով ճգնողական կյանքի կանոները: Այսպիսով նա Պիսպիրում` Նեղոսի դելտայից հարավ ընկած շրջանում, հիմք է դնում ճգնակեցական մի կազմակերպված համակարգի և, պատմականորեն առաջին ճգնավորը չլինելով, դառնում անպատական կյանքի վրա մեծագույն դրոշմը դրած առաջին անձը և արժանանում ՙանապատականության հայր՚ կոչմանը: Անտոնին այցելող բազմաթիվ մարդկանց թվում էր անգամ Կոստանդիանոս կայսրը, սակայն ինքն Անտոնը մերժում է անապատը թողնելու և մայրաքաղաք գնալու կայսեր հրավերը: Մի քանի տարի ուսուցանելով իր հետևորդներին` Անտոնը քաշվում է անապատի ավելի ամայի խորքերը: Միայն երկու անգամ է Անտոնը թողնում անապատը և հայտնվում Ալեքսանդրիայում, առաջին անգամ 311թ.` Մաքսիմիանոս կայսեր դաժան հալածանքների ժամանակ` քաջալերելու քրիստոնյաներին, իսկ երկրորդ անգամ 351թ.` սատարելու ուղղափառ քրիստոնյաներին արիոսականների դեմ մղված պայքարում: Ս. Անտոնը վախճանվում է 105 տարեկան հասակում` մինչ այդ խնդրելով իր երկու աշակերտներին, որ իրեն թաղելուց հետո գաղտնի պահեն գերեզմանի տեղը: Անտոն Անապատականի կյանքը հետագա բազմաթիվ ճգնակյացների համար ուղեցույց էր ծառայում Ս. Աթանաս Ալեքսանդրացի հայրապետի գրած ՙԱնտոնի վարքը՚ երկի շնորհիվ, որը սրբի կյանքի պատմության հիմնական աղբյուրն է: Պահպանվել են նաև Անտոնին վերագրվող կանոներ անապատական կյանքի վերաբերյալ:

    ՙԱնտոնի վարքը՚ երկի շնորհիվ հայտնի է նաև մեկ այլ մեծագույն միայնակյացի` Պողոս Թեբայիդացու անունը, ում աստվածային տեսիլքով գտել էր Անտոնը, երբ 113-ամյա ծերունին բազմամյա ճգնակեցությունից հետո իր կյանքի վերջին պահերն էր ապրում:

    Դեռևս Անտոնի կենդանության ժամանակ Եգիպտոսում անապատական այլ կենտրոններ են սկսում երևան գալ: Առավել մեծ հռչակ են ստանում Ստորին Եգիպտոսի երեք մեծ անապատները` Նիտրիան, Սկիտեն և Քելլիան:

    Նիտրիան հիմնվել է մոտ 325թ., իսկ Քելլիան` 338թ. : Երկու անապատներն էլ հիմնվել են Ամոնիոսի առաջնորդությամբ: Սկիտեն հիմնվել է մոտ 330թ. ` Մակար Եգիպտացու կողմից: Այս երեք անպատներում ապրում էին կես-միայնակեցական, կես-վանական կյանքով: Շաբաթվա ընթացքում ապրում էին միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող խցերում, որոնց կենտրոնում գտնվում էր գլխավոր շինությունը, ուր հավաքվում էին միայն շաբաթ-կիրակի օրերին` միասին կատարելու Հարության ժամերգությունները, ինչպես նաև միասին ճաշելու և հոգևոր խոսակցությունների համար: Օրակարգը շատ պարզ էր. աղոթք և նյութական աշխատանքներ` լռության ու անդորրի մեջ ապրված խոնարհությամբ: Հնագույն աղբյուրների համաձայն` 4-րդ դարի երկրորդ կեսին Նիտրիայում ապրում էին հինգ հազար, Քելլիայում` վեց հարյուր, իսկ Սկիտեում` հինգ հարյուր անապատականներ: Մոտավոր հաշվարկներով կատարված այս տվյալները ընդգծում են մի կարևոր փաստ` անապատականության աննախադեպ աճը:

    Միայնակեցությունից վերջնականապես անցումը համատեղ կեցության` վանական կյանքի, իրականացավ Պաքոմիոս Մեծի շնորհիվ: Նա Նեղոսի Տաբենյան կղզում և Վերին Եգիպտոսի ափերին 314թ. հետո հիմնեց վանական կենտրոններ, ուր սկսեցին հավաքվել մեծ թվով անապատականներ` իսկական վանական քաղաքների վերածելով դրանք: Պաքոմիոսը գրեց վանական կյանքի առաջին կանոնները և, լինելով նախկին զինվորական, կարգապահական մեծ ամրություն հաղորդեց իր ստեղծած հաստատություններին: Նրա գրած կանոնները կարևորում էին առաջին հերթին աշխատանքն ու աղոթը, պարունակում էին հրահանգներ` կապված վանականների զգեստների, սննդի և քնելու հետ` մեծ զսպվածություն թելադրելով: Վանականներին արգելված էր թողնել վանքը, որի միակ դուռը հսկվում էր դռնապանի կողմից: Վանքերն արտաքին աշխարհից մեկուսացված էին բարձր պարիսպներով: Վանականերն օրը երկու անգամ մասնակցում էին ընդհանրական աղոթքի, իսկ շաբաթվա առաջին ու վերջին օրերին մատուցված Ս. Պատարագի ժամանակ Հաղորդություն էին ստանում: Իրենց համատեղ ապրուստը նրանք հոգում էին երկրագործությամբ, հյուսնությամբ, ջրաղացպանությամբ, կողովներ ու զամբյուղներ գործելով և այլ աշխատանքներով: Սեփական ոչինչ չկար. սնունդ և հագուստ ստանում էին ընդհանուր միջոցներից: Չնայած օրենքների խստությանը, դրանց հիմքում ընկած էր քրիստոնեական սերն ու ծառայելու փոխադարձ պատրաստակամությունը, ինչը վանահայրերն ապացուցում էին անձնական օրինակով: Ուստի այնքան մեծ էր Պաքոմիոսի ստեղծած վանական կյանքի ձգողականությունը, որ դեռևս նրա կենդանության օրոք վանականների թիվն անցնում էր յոթ հազարից:

    Պաքոմիոսը նաև հիմնեց կանանց առաջին մենաստանը, որի մայրապետը դարձավ նրա քույրը` Մարիամը: Հետագայում կանանց մենաստաններն ավելի մեծ տարածում գտան:

    Անապատականների սիրելի վայրերից մեկը դարձավ Սինա լեռը, ուր ավելի ուշ հիմնվեց Ս. Կատարինեի հռչակավոր վանքը:

    Եթե 4-րդ դարում անպատականության դասական կենտրոնը Եգիպտոսն էր, ապա 5-6-րդ դարերում այդ կենտրոնը տեղափոխվեց Պաղեստին: Դրան մեծապես նպաստում էր նաև 4-րդ դարի վերջից դեպի այդ երկիրը սկիզբ առած ուխտագնացության մեծ թափը:

    Դեռևս 4-րդ դարի առաջին կեսից Պաղեստինում անապատականությունն իր սկզբնավորությունն առավ Անտոնի աշակերտ Իլարիոն Գազացու շնորհիվ, ով կարճ ժամանակում Գազայում հազարավոր հետևորորդներ ունեցավ:

    Երուսաղեմից հարավ` Հուդայական անապատում, մեծ ճանաչում ձեռք բերեց Եպիփան Կիպրացին:

    Պաղեստինում մեծ տարածում գտան նաև կանանց մենաստանները: Հռոմեացի հարուստ ազնվականուհի Մելանյա Ավագը Ձիթենյաց լեռան վրա հիմնեց կանանց առաջին մենաստաններից մեկը: Բազմաթիվ նման մենաստանների հիմնադրումով նշանավորվեց նաև երկու այլ կանանց` Պավլայի ու Մելանյա Կրտսերի անունները: Պաղեստինյան վանականության առանձնահատուկություններից մեկը նրա էթնիկական բազմազանությունն է. ստեղծվում էին ինչպես հունական ու ասորական, այնպես էլ հայկական ու լատինական, իսկ ավելի ուշ` նաև վրացական վանական համայնքներ: Անապատականության մեծագույն հանգրվաններից էր նաև Ասորիքը` ներկայիս Սիրիան: Ասորական անպատականության նշանավոր դեմքերից էին Հակոբ Նիզիբիացին, Մար Ավգինը (Եվգենիոս), Հուլիանոսը և Եփրեմ Ասորին: Իսկ Սեբաստիայի հայազգի եպիսկոպոս Եվստաթեոսը հայտնի է իբրև Հարավային Պափլագոնիայի, Պոնտոսի և Հայաստանի վանական կյանքի հիմնադիր:

    Լիբանանից հարավ` մինչև Հայաստան, մեծ տարածում ունեին միայնակյաց ճգնավորները, որոնց ինքնազրկանքներն ու ճգնությունները երբեմն ծայրահեղ դրսևորումներ էին ստանում: Նրանք մարմինը չարչարող քուրձ էին հագնում,սնվում էին խոտերով, իրենց շղթայում էին ժայռերին, ապրում էին գուբերում և այլն: Ավելի ուշ զարգացավ սյունակյացությունը, երբ ճգնակյացներն իրենց կյանքն անց էին կացնում հատուկ սյուների վրա, ուր կարող էին միայն կանգնել կամ ծնկել` ապրելով բաց երկնքի տակ` բոլորովին անպաշտպան տարերքի հարվածների դիմաց: Սրանցից հատկապես նշանավոր էր Սիմեոն Սյունակյացը, որ իր կյանքի մեծ մասն անց էր կացրել շուրջ տասնութ մետրանոց սյունի վրա, որտեղից նա քարոզում էր իր հազարավոր հետևորդներին և բժշկում իր մոտ բերված հիվանդներին:

    Վանականությունը մեծ ծաղկում ապրեց Հայաստանին սահմանակից Կապադովկիայում` շնորհիվ կապադովկյան երեք մեծ հայրերի` Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուսացու: Բարսեղ Կեսարացին, որ դեռ վաղ հասակից հակված էր ճգնակեցության` շնորհիվ նման կյանքով ապրող իր մայր Էմիլիայի և քույր Մաքրինայի, ինչպես նաև Եվստաթեոս Սեբաստացու, մանրամասն ծանոթանալու համար Եգիպտոսի, Պաղեստինի ու Սիրիայի անապատականների կենցաղին` մեկնում է այդ երկրները և հարուստ փորձառություն ձեռք բերում: Պաքոմիոսից հետո նա դառնում է վանական կանոնադրություն գրած երկրորդ անձը: Նրա ՙՄեծ և փոքր վանական կանոնները՚ դառնում են արևելյան վանականության պաշտոնական կանոնադրությունը` մեծ արժեք ներկայացնելով նաև հետագայում արևմտյան վանականության համար: Բարսեղյան կանոնադրությամբ մեծ կարևորություն է տրվում վանականների հնազանդությանը վանահորը, որով վանականությունը ձեռք է բերում խիստ կազմակերպված բնույթ, ինչը կարևոր դեր է խաղում նրա հետագա զարգացման, տարածման և հարատևման մեջ:

    Արևելյան վանականության հետագա կարևորագույն կենտրոններից մեկը դառնում է Կոստանդնուպոլիսը, իսկ ավելի ուշ` մինչև օրս ուղղափառ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Աթոս լեռան վանքերը:

    Անապատականությունը դեպի Արևմուտք անցնում է մի փոքր ավելի ուշ` 5-րդ դարի սկզբին` արևելյան անապատականության ազդեցության շնորհիվ: Արևմտյան անապատականության հայրը համարվում է Հովհան Ոսկեբերանի աշակերտներից մեկը` Հովհաննես Կասսիանոսը, ով 415թ. Մարսելում հիմնում է Ս. Վիկտորի վանքը` մինչև կյանքի վերջը մնալով այդ վանքի վանահայրը: Արևմտյան անապատականության և վանականության ծաղկման մեջ մեծ երախտիք ունեն Հերոնիմոս Երանելին, Մարտինոս Տուրցին, Ամբրոսիոս Մեդիոլանցին, Օգոստինոս Երանելին, իսկ 6-րդ դարում Բենեդիկտոս Նուրչիացին գրում է արևմտյան վանականության պաշտոնական կանոնադրությունը, որով արևմտյան վանականությունը վերջնականապես ինքնուրույնություն է ստանում արևելյանից: Աստիճանաբար ստեղծվում են արևմտյան վանականությանը առանձնահատուկ միաբանությունները` օրդենները, որոնք առանցքային դեր են ստանձնում Կաթոլիկ եկեղեցու գործունեության մեջ:

    Վանականությունն Արևելքում համընդհանուր կերպով իր ծաղկման գագաթանակետին մնում է մինչև 12-րդ դար, որից հետո այն սկսում է թուլանալ, իսկ Բյուզանդական կայսրության անկումից հետո վերջնականապես առանձին բեկորների է վերածվում` զուտ տեղային բնույթի դրսևորումներ ստանալով: Արևմտյան վանականությանը մեծ հարված են հասցնում Վերածննդի ու Բողոքականության առաջացումը և Ֆրանսիական հեղափոխություն հետևանքով հասարակական մտայնության համընդհանուր աշխարհիկացման գործընթացը: Անապատականությունը թեպետ առաջացավ առանձին անհատների ինքնաբուխ նախաձեռնությամբ` Եկեղեցու նվիրապետական իշխանության ամիջական ներգործությունից թերևս մի փոքր անկախ, սակայն այն երբեք չվերածվեց Եկեղեցուց դուրս առանձին շարժման: Միայնակեցական անապատականների` անհատական կատարելության քրիստոնեական իդեալին գումարվեց նաև վանականների` հավաքական կատարյալ կենսակերպի իդեալը` իբրև օրինակ ունենալով քրիստոնեական առաջին համայնքներում իշխող փոխադարձ եղբայրասիրության և ծառայության ոգին: Այն կարելի է բնորոշել իբրև Երկնքի Արքայության` երկրի վրա հոգևոր խորհրդանիշն իրական կյանքի վերածելու գործընթաց: Վանականությունը սերտորեն ներգրավվեց նվիրապետական համակարգի մեջ` առաջացնելով կուսակրոնության ինստիտուտը: Վանքերում զարգացավ նաև Եկեղեցու պաշտամունքային ծիսակարգը` հակապես ամենօրյա աղոթաժամերի` ժամերգությունների համակարգը: Իբրև զուգահեռ բարիք` վանքերում ծաղկում ապրեց նաև քրիստոնեական մշակույթը: Վանքերը դարձան գիտակրթական և մշակութային օջախներ` մեծ առաջընթաց ապահովելով քրիստոնեական գրականության, արվեստի և գիտական տարբեր համակարգերի համար:

    Մեր օրերում ևս, թեպետ ոչ երբեմնի հզորությամբ, վանքերը շարունակում են իրականացնել կարևոր առաքելություն` թե նպաստելով հոգևոր սպասավորների պատրաստությանը և թե հանդիսանալով մշակութային ուրույն կենտրոններ:

  15. Ողջույն հարգելի Մոնք:

    Քանի որ այսօր ժամանակս սուղ է, ապա կարճ պատասխանեմ:

    Այս պահից սկսում եմ համարել, որ Դուք իմ մասին չէիք գրել, որպես փախուստ տալու մտայնություն ունեցողի:

    Իսկ իմ հակումների մասին կարող եմ ասել, որ անում եմ ոչ ավել, քան գույներն եմ խտացնում, քանզի չեմ սիրում սպիտակի աղավաղում:

    Մեղադրանքի էությունը չի փոխվում, որքան էլ այն քողարկվի գեղեցիկ բառերով:

    Թշնամանքի և անարգանքի առումով ասեմ, որ չափազանց ծայրահեղ եք ասում:

    Հակառակը, Ձեր նման հայերենը մաքուր գործածողի անձը անարգելն ու թշնամանք տածելը առնվազն անբարոյականություն կլինի:

    ՈՒզում նաև նշել, որ«խոնարհ ծառա» արտահայտությունը ամենևին տեղին չէ: Հուսով եմ այն գործածել եք առանց անարգանքի միտումի:

    Հարգանքներով՝ Այգ

    Հարգանքներիս հավաստիքը, հարգելի Այգ

    Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մայրենի լեզվիս կիրառությանը Ձեր տված բարձր գնահատականի համար: Ուրախ եմ, որ գոնե այս համետս կարողությանս շնորհիվ կարող եմ խուսափել անարգանքից և անձիս նկատմամբ տածած թշնամանքից:

    Ուրախ եմ նաև Ձեր եզրահանգման համար, որ վերոնշյալ արտահայտությունը Ձեզ չէր հասցեագրված: Իսկ հիմա գուցե մի փոքր ավելի մանրամասնեմ ասածս. թերևս նկատած կլինեք, որ ես ինքս հենց հոգևորական եմ: Եվ ես հիմա չգիտեմ, թե ինչքանով է անհրաժեշտ խտացնել գույները և խուսափել սպիտակի աղավաղումից, որպեսզի առավել հստակ դառնա, որ այդ տողերը Ձեզ կամ մեկ ուրիշին չեին ուղղված, այլ սեփական անձիս վրա բերված օրինակով պարզապես պատասխան էր Ձեր արտահայտած մտքին: Ավելի չեմ մանրամասնի` հուսալով, որ թյուրիմացությունը պարզված է:

    Ինչ վերաբերում է անարգանքին ու թշնամանքին, ապա հավանաբար ես ինքս էլ մի քիչ ավելի շատ էի խտացրել գույնները:

    Միայն ինձ համար զարմանալի է լսել Ձեզ նման հրաշալի հայերեն իմացող ամձնավորությունից «խոնարհ ծառա» արտահայտության շուրջ հնչեցրած միտքը: Չեմ կարծում, թե ծանոթ չեք ոճական այդ կիրառությանը:

  16. ՄԻ ԲԱՐԻ ԳՈՐԾ ԷԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՐԵՔ, ՎԵՀԱՓԱ’Ռ

    Եկեղեցական իմաստով թե այլապես, օրերս կարեւոր իրադարձություն է արձանագրվել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես ավետում է Անթիլիասից ստացված պաշտոնական հաղորդագրությունը, միմյանց հետ հաշտեցրել է Ղպտի եւ Հաբեշ եկեղեցիներին, որոնք 40 տարուց ավելի խոր տարակարծության մեջ էին ու պայքարում էին միմյանց դեմ ոչ թե դավանաբանական, այլ ՙհատկապես վարչական խնդիրների շուրջ՚: Հաղորդագրությունը հայտնում է, որ Արեւելյան ուղղափառ այդ երկու եկեղեցիների առաջնորդներին` Շնուդա 3-րդ եւ Աբբա Պաուլոս պատրիարքներին հաշտեցնելու ուղղությամբ նախապես շատ փորձեր են արվել քաղաքական թե կրոնական պատասխանատուների կողմից, որոնք մնացել են ապարդյուն: Սակայն Արամ Ա կաթողիկոսին հաջողվել է, շնորհիվ երկու առաջնորդների հետ ունեցած ՙմտերմիկ՚ իր հարաբերությունների ու ՙհարատեւ ճիգերու՚:

    Իսկապես պետք է ծափահարել Անթիլիասի գահակալին, որի հեղինակությունը, հատկապես Եկեղեցիների համաշխարհային խորհրդում երկար տարիներ ունեցած իր բացառիկ դիրքի շնորհիվ, մեծ է մանավանդ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների շրջանակում, որին ավանդաբար պատկանում է նաեւ Հայ առաքելական մեր եկեղեցին: Եվ հենց այս` Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնության տեսակետից, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի իսլամական հոծ բնակչությամբ ու շարժումներով հագեցած միջավայրում այդ եկեղեցիների դիմադրողականությունը մեծացնելու առումով, կարեւոր է Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությունը: Եվ շատ տեղին է արտահայտվել Արամ կաթողիկոսը, երբ հաշտությունը կայացնելուց հետո Ադիս Աբեբայում ի պատիվ իրեն Պաուլոս պատրիարքի տված հացկերույթի ընթացքում, ինչպես արձանագրում է հիշյալ հաղորդագրությունը, ասել է. ՙՍուրբ հոգին է, որ մեզ բոլորս մղեց այս բարի գործը իրականացնելու՚:

    Ավելորդ է ասել, որ Սուրբ հոգու կարիքն ունենք նաեւ մենք` մեր եկեղեցին, որ արդեն 51 տարի տառապում է երկփեղկման, հակաթոռության ու թեմական զուգահեռ կառույցների հակասություններից, դրանց բոլոր` վարչական, նյութական, հոգեւոր ու հոգեբանական վատ հետեւանքներով: Եվ քանի որ Արամ կաթողիկոսը, որպես իսկական հոգեւորական, գիտի գործել, առաջնորդվել Սուրբ հոգով, կարծում եմ, իրավունք ունենք նրանից ակնկալելու, որ կրկին մղում ստանա Սուրբ հոգուց եւ կատարի եւս մի բարի գործ, այս անգամ իր եւ մեր եկեղեցու համար: Այդ գործը նվազ կարեւոր չէ, քան Հաբեշ ու Ղպտի եկեղեցիների համերաշխ համագործակցությունը: Ավելին` այդ գործը հրամայական պահանջն է մեր ժողովրդի: Մանավանդ որ այլեւս բացարձակապես որեւիցե պատճառ չկա, որ ազատ եւ անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր ժողովուրդը շատ ավելի կարիք ունի Հայաստան-սփյուռք եւ սփյուռք-սփյուռք միասնության, Հայ եկեղեցին չմիավորվի կրկին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի շուրջը: Դա իսկապես աստվածահաճո գործ է, եւ Սուրբ հոգին, որի հետ լավ հարաբերությունների ապացույցը տվել է արդեն Անթիլիասի գահակալը, վստահաբար պիտի օգնի դրա իրականացմանը:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

    Copyright AZG

    http://azg.am/?lang=AM&num=2007071901

  17. "ՀՈԳԵՎՈՐ" ՆԵՐԽՈՒԺՈՒՄ

    ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՈԳԵՄՏԱՎՈՐ ՁԻԱՀ

    Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ աղանդավորների մուտքը Հայաստան նման է ամենակործան վիրուսի ներթափանցման: Այն հատկապես տարածում գտավ 1988-ից ի վեր, երբ երկրաշարժից ու ղարաբաղյան պատերազմից մազապուրծ գաղթականներին բաժանվող արտասահմանյան օգնության հետ միաժամանակ բաժանվեց մի թունավոր ու զորավոր խայծ` հոգեւոր խաղաղության ու բարեպաշտության անվան տակ: Հազարավոր կարիքավորների, հարազատների կորստից հոգեկան հավասարակշռությունը կորցրած սգավորներին գրկաբաց ընդունեցին տարատեսակ աղանդավորական քայքայիչ կազմակերպությունները: Վերջիններս իհարկե, մեր գեղեցիկ աչքերի համար չէին եկել, այլ արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկը գաղափարական կայուն հենք եւ քաղաքական կամք ունեցող հասարակությունից "մաքրելու"` աշխարհաքաղաքական խաղերի համար: Թե որքանով է դա նրանց հաջողվում, համոզվել կարելի է այցելելով բացեիբաց գործող աղանդավորական ժողովատեղիներ, ինչպես Երեւանի ծայրամասերում, այնպես էլ մարզերում: Այնտեղ կգտնեք սեւեռուն մտքերի հոգեխախտ եղած, տարօրինակ վարք ու բարքով ուշադրություն գրավող ամբոխներ, որոնց մեծ մասը սովորել է կիսավայրենի ծիսական վայրենություններին ու քարոզիչներին: Հանուն արդարության պետք է նշենք, որ վերջիններս տիրապետում են հոգեբանական ազդեցության մեխանիզմներին, որոնց շնորհիվ դահլիճներ են լցնում, ուր ոչ միայն աղոթում են, այլեւ թասերով ու դույլերով դրամահավաքություն կազմակերպում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:

    Մի կողմ թողնելով մարդկանց հոգիների բիզնեսով եւ խեղված տրամաբանության գնով "համեր" ու "սուզուկի" քշող "բարեպաշտներին" ու նրանց պետական հովանավորներին, անդրադառնանք զոհերին: Որեւէ մեկը չգիտե հոգեորսությամբ կրոնական կազմակերպություններում հայտնված մարդկանց ու նրանց երեխաների ստույգ թիվը: Ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի կարող ներկայացնել կոնկրետ օրինակներ ու դեպքեր, երբ մարդը կրոնական կազմակերպության լիդերների ազդեցության տակ գտնվելով, նրանց է հանձնում իր ունեցվածքը: Աղանդավորներն այդ մասին ոչ մտածում են, ոչ էլ հարկ են համարում տեղյակ պահել անգամ հարազատներին: Նշանակո՞ւմ է սա արդոք, որ մարդիկ զոմբիացվում են հենց պետական թողտվությամբ, քանի որ հատկապես քայքայիչ աղանդների մուտքն ու օրենքով նրանց գործունեության ամրագրումը Հայաստանում ներկայիս ու անցյալ իշխանական համակարգերի թեթեւ ձեռքով եղավ: "Եհովականներն ու այլ տարատեսակ աղանդները մարդու ուղեղն են անջատում: Վերջերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Սբ. խորանի վրա հարձակման դեպքը եւս ապացույց է, որ պետությունն իր իսկ ձեռքով նմանատիպ կազմակերպությունների մուտքը Հայաստան օրինականացրեց, առանց մտածելու պատճառված եւ դեռ պատճառվելիք չարիքների մասին: Մինչդեռ հայտնի է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր երկիրն անկարող է պատժել կամ կանխարգելել այս եւ նման կարգի խուլիգանությունները, զգուշանալով, որ կհամարվի ոտնձգություն խուլիգանությունը կատարողի կրոնական համոզմունքների դեմ", մեր հարցով մեկնաբանություններ տվեց Սբ. Էջմիածնի վարչատնտեսական գործերի կառավարիչ Փառեն եպս. Ավետիքյանը, որ շուրջ 35 տարիների հովվության փորձ ունի ԱՄՆ-ի Արեւելյան թեմում: Մեկ այլ բարձրաստիճան հոգեւորական` Մայր աթոռի լուսարարապետ, Մայր աթոռի վանքերի տեսուչ Արարատ եպս. Գալթաղչյանը նշում է. "Հոգեւորականն ու եկեղեցին բնույթով ներողամիտ են, սակայն դա չի նշանակում, որ կանխամտածված վնասարարությունը, սրբապղծությունը կամ բարբարոսությունը պետք է անպատիժ մնան: Քրեական հայցի հարուցմամբ, թե մարդու հետ զրույցի ու հորդորի արդյունքում, ընտրության հարց է, բայց արձագանք նման արարքին անհրաժեշտ է, որպեսզի չկրկնվի: Իսկ մոլությունն ընդհանրապես մեղք է, անկախ այն բանից՝ կրոնական է, թե ոչ: Բռնի քարոզումը, որ այդքան ընդունված է աղանդավորների մեջ, ինքնին մեղք է, քանի որ կաշկանդում է մարդու ազատությունը, բռնանում է նրա կամքին", ասում է Արարատ սրբազանը:

    "Կրոնախեւությունը, կրոնական ծայրահեղականությունը բերում են կրոնամոլության", ասես սրբազանի միտքն է շարունակում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Ղուկաս աբեղա Զաքարյանը: Նա խոսում է մանկական հոգեորսությունից ու բռնությունից, որին հատկապես ենթարկվում են դպրոցահասակ երեխաները: "Աղանդավորների կրոնամոլությունը բացահայտվում է հենց առաջինը իրենց ընտանիքի անդամների վրա, որոնց եթե անգամ չեն կարողանում հոգեորսության ծուղակը գցել, ինչպես իրենք են ընկել, ապա բռնության են ենթարկում, երեխաներին ստիպում են չշփվել իրենց հասակակիցների հետ, չեն թողնում մասնակցել հանդեսների, ծննդյան տոնակատարությունների ու այլ տոնախմբությունների, որոշ դեպքերում արգելում են նստել հայ եկեղեցու պատմության դասերին, ծեծում են, կամ ամուսնալուծությամբ քանդում ընտանիքը, իսկ որոշ դեպքերում սպանում են մերձավորներին: Դեպքեր կան, որոնց նաեւ ԶԼՄ-ներն են անդրադառնում", ասում է հայր սուրբը: Նա անդրադառնում է մոլության մեկ այլ ձեւի եւս. "Մոլությունը շեղվածություն է ընդհանրացված մոտեցումներից: Դրա օրինակներից է վրաց քաղաքականությունը հայ եկեղեցիների նկատմամբ, երբ դրանց վրայից սրբվում են հայկական տառերը: Սա արդեն ոչ միայն մոլություն է, այլեւ հանցագործություն պատմության եւ մշակույթի հանդեպ: Նմանօրինակ արարք են նաեւ Նախջեւանում Հին Ջուղայի դեպքերը":

    Կրոնախեւությունն ու կրոնական մտասեւեռումները հոգեբանական խախտումներ են, որոնց քաջատեղյակ են հոգեբանները: Այս երեւույթների կոնկրետ օրինակների համար նրանք մատնացույց են անում յուրաքանչյուր տոտալիտար աղանդիներկայացուցչի, զգուշացնելով, որ աղանդավորությունը հոգեբանական անպաշտպան մարդկանց համար վարակիչ հիվանդության նման մի բան է, որ, ի տարբերություն ՁԻԱՀ-ի, կարող է տարածվել անգամ "օդակաթիլային" ճանապարհով, այսինքն` պարբերաբար կրկնվող խոսակցությունների դեպքում: Այս երեւույթի մասին գիտեն երկրի քաղաքացիների եւ պետական անվտանգության համար պատասխանատուները: Բայց նրանք դեռ չեն էլ համարձակվում մտածել հատկապես մարզերում մոլեգնող այդ հոգեմտավոր վարակի դեմն առնելու մասին: Գալով Հայաստանյայց առաքելական եկեղեցուն եւ նրա սպասավորներին, եւս մեկ անգամ ցավով փաստում ենք` հոգեւորականները ցավալիորեն սակավաթիվ են, շատ փոքրաթիվ աղանդավորական հազարավոր քարոզիչների համեմատությամբ:

    ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

    © Copyright AZG

    http://www.azg.am/print_new.php?num=2007071316&lang=AR

  18. Հարգելի AYG

    թերևս մարդ կարող է ծայրագույնս ազատ լինել իր ենթադրությունների մեջ, սակայն չեմ կարծում, թե նույնը կարող է լինել դրանք արտահայտելու հարցում: Մի բան, որ չէի ասի Ձեր պարագային` ելնելով արտահայտված վերագրումներից: Նախ` ես հրաշալի հասկանում եմ, որ ներքին անդորրն ու փախուստը լիովին տարբեր հասկացություններ են, ինչպես տարբեր հասկացություններ են, դիցուք, բաժակն ու ցանկապատը: Եվ հետո` որտեղ եք տեսել իմ խոսքերի անձնավորումը, և որտեղ եմ ես ինձ հայտարարել հերոս, իսկ Ձեզ` վախկոտ? Ես նման հայտարարություն չէի անի երբեք: Իմ պարագային ասեմ, որ ես ինձ գերագնահատելու սովորություն չունեմ, էլ ուր մնաց, որ հասնեի այն աստիճանի մեծամտության ու ինքնաբավության, որ ինձ հերոս հայտարարեի: Ձեր պարագային էլ ասեմ, որ նախ սովորություն չունեմ կարծիք արտահայտել մարդկանց հասցեին, ում չեմ ճանաչում, և հետո` կտրականապես դեմ եմ վիրավորանքներ հասցնելուն: Համոզված եք, որ ճիշտ եք հասկացել ինձ?

    Ինչ վերաբերում է ողջ ճիգերս ու ջանքերս հավաքած և ժխտելով, մերժելով, բացառելով Ձեզ ինչ-որ բանում համոզելուն, ապա կներեք, բայց ես միտք չունեմ ինձ ճղելու և սեփական հայացքներս որևէ մեկին պարտադրելու: Եթե բարի լինեք նկատել, ինձ միայն հետաքրքրում էր մի հարց. թեման բացած տողերի հեղինակը հոգևորական է, թե ոչ? Ստանալով հարցիս պատասխանը` ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնել` այլևս ոչինչ չհավելելով: Հետագա շարունակությունն առաջացել է Ձեր հավելյալ արտահայտությունից հետո: Չնայած ես սրանով չեմ ցանկանում ասել, թե խուսափում եմ երկխոսությունից: Որևէ խնդիր չկա, եթե ինչ-որ հարցի շուրջ կարող ենք քննարկում ծավալել, ապա խնդրեմ: Միայն հավելեմ, որ եթե Դուք հակում ունեք Ձեր զրուցակցին Դոն Քիշոտի, Քաջ Նազարի կամ գրական այլ հերոսների հետ համեմատելու, ապա կխնդրեի իմ պարագային այդ հարցում մի քիչ զուսպ լինել: Նույնիսկ թշնամիները կարող են միմյանց նկատմամբ հարգանք պահպանել, իսկ մենք, կարծում եմ, թշնամի լինելուց բավականին հեռու ենք: Գոնե Ձեր խոնարհ ծառան իր հարցում վստահ է:

    Հարգանքներով

    MONK

  19. «Պարսավ» արմատի գործածումս պայմանավորված է ոչ իմ նախաձեռնությամբ, այլ ենթա-ենթաբաժնի անվանումով:

    Իսկ հոգևորական չլինելս ծայրագույն բարեբախտություն է, քանզի դրանով իսկ զերծ եմ ծայրագույն գայթակղություններից:

    Որ հոգևորականի կյանքը լի է ծայրագույն գայթակղություններով, դրա հետ միանշանակ համաձայն եմ: Սակայն ես ավելի նախընտրելի եմ համարում այդ ծայրագույն գայթակղությունների դեմ պայքարն ու հաղթահարումը, քան դրանցից փախչելը ծայրագույն բարեբախտություն համարելու մտայնությունը:

    Հավելեմ նաև, որ ծայրագույն գայթակղությունների կարող ենք հանդիպել ամեն քայլափոխի, և դրա համար բոլորովին պարտադիր չէ հոգևորական լինել: Այդ իսկ պատճառով ես ավելի կարևոր եմ համարում պայքարը, քան թե փախուստը:

  20. Սրբոց մասունքները կամ նշխարները բնական կամ մարտիրոսական մահվամբ իրենց մահկանացուն կնքած սրբերի նյութական-մարմնական մնացորդներն են, ինչպես նաև նրանց անձի հետ կապված իրերն ու առարկաները: Դեռևս Հին Կտակարանում առկա են սրբերի մասունքների հրաշագործ զորությունների և դրանց նկատմամբ եղած հարգանքի նախադեպեր (օրինակ` Դ Թագ. 2.13-14): Քրիստոնեական Եկեղեցում այն վառ սկսեց արտահայտվել հենց ամենավաղ շրջանից: Պատմական ամենաառաջին վկայությունը թերևս կարելի է համարել 2-րդ դարից մեզ հասած ՙՄարտիրոսություն Պողիկարպոսի՚ երկը, ուր սրբոց մասունքները գնահատվում են ՙավելի թանկագին, քան ամենաթանկագին քարը, և ավելի ցանկալի, քան ամենաազնիվ ոսկին՚: Քրիստոնեության հալածանքներին հաջորդող շրջանում սրբոց մասունքների հարգանքը լայն տարածում գտավ թե’ Արևելքում և թե’ Արևմուտքում: Դա պայմանավորված էր այն մեծագույն սիրով ու հարգանքով, որ վայելում էին իրենց կյանքով և անգամ մահվամբ քրիստոնեական վարդապետության ճշմարտությունը վկայած և դրանք իրական կյանքի վերածած, սեփական անձը Սուրբ Հոգու ներգործարան դարձրած սրբերը: Նրանց մահվանից հետո էլ Եկեղեցին շարունակում էր վայելել նրանց իրական ներկայությունը նյութեղեն մասունքների միջոցով, որոնց հրաշագործ զորությունը սրբոց բարեխոսության ու մարդկանց ունեցած նրանց անմար սիրո աեհավատչյան էին:

    Նախապես սրբոց նշխարները պահվում էին հատուկ պատրաստված գերեզմաններում: Հետագայում մասունքների համար սկսեցին պատրաստվել հատուկ պահարաններ` տուփերի, խաչերի կամ աջերի (վերջինիս մեջ պահվում էին աջ ձեռքի մասունքները) տեսքով:

    Ենթադրվում է, որ Հայ Եկեղեցում մասունքներ պահելու ավանդույթը հիմնականում սկզբնավորվել է 4-րդ դարի սկզբից, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը, ձեռնադրվելով Կեսարիայում, Հայաստան վերադարձին իր հետ բերում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս Աթանագինեի մասունքները: Հետագայում լայն տարածում են գտնում նաև սրբոց այլ մասունքներ: Դրանք հիմնականում ամփոփվում էին իրենց պատվին ու անվամբ կառուցվող եկեղեցիների ու վանքերի հիմքում, որոնք հետագայում վերածվում էին ուխտավայրերի և լայն ժողովրդականություն վայելում:

    Մեր Եկեղեցու և ժողովրդի համար միշտ էլ հատուկ նվիրական ու սրբազան նշանակություն և արժեք են ունեցել հատկապես ՙՀայոց հավատի հայր՚ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները, որոնք մեծ հարգանք են վայելում նաև ողջ քրիստոնեական աշխարհում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու կարևորագույն իրադարձության առթիվ սահմանել է հատուկ տոն` ՙԳյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ՚, որը նշվում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը, այս տարի` հունիսի 23-ին:

    Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցավ մարդկանցից հեռու և անտես` ճգնության մեջ Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել էր Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են: Պատմությունը բավարարվում է հայտնելով, որ Մանյա այրի առանձնության մեջ կնքեց իր մահկանացուն և նույն այրում թաղվեց հովիվների ձեռքով: Սա Լուսավորչի նշխարների առաջին գյուտն էր: Հետագայում նրա նշխարների մոռացության մատնված տեղն Աստված տեսիլքով հայտնում է Գառնիկ անունով մի ճգնավորի, ինչն էլ Լուսավորչի նշխարների երկրորդ գյուտն էր: Ս. Լուսավորչի նշխարները բերվեցին և ամփոփվեցին Դարանաղյաց գավառի Թորդան ավանում, որը նրա հայրենական սեփականությունն էր:

    Հայտնի չէ, թե Լուսավորչի` Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Նրա Ս. Աջը, որը պահվում է Մայր Աոթռ Ս. Էջմիածնում, եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը: Խաչափայտի և Գեղարդի մասունքների հետ այն մեռոնի օրհնության ժամանակ գործածվող գլխավոր սրբություններից է: Ըստ որոշ տեղեկությունների` 5-րդ դարում Բյուզանդիայի Զենոն կայսեր (474-491 թթ.) հրամանով Լուսավորչի նշխարները Թորդանից բռնությամբ տեղափոխվում են Կ. Պոլիս: Հայաստանում է թողնվում միայն Լուսավորչի Աջը: Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկության համաձայն` Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը (641–661 թթ.), Զվարթնոցի տաճարը կառուցելիս, Լուսավորչի ոսկորների նշխարները բաժանում և դնում է չորս հաստահեղյուս սյուների տակ, իսկ գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում` Ս. Սեղանի տակ գզրոցի մեջ է զետեղում` փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար: Վարդան պատմիչը նշում է, որ նշխարները Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանը 7-րդ դարում Կ. Պոլսից է բերում, և այնուհետև դրանք տեղադրվում են Զվարթնոցում: Սակայն Մովսես Կաղանկատվացին, երբ նկարագրում է Արցախի Իսրայել եպիսկոպոսի` Գրիգորի նշխարներից ծնոտի մի մասը Գլխովանքում ամփոփելու դեպքը, գրում է, որ այն հենց Թորդանից տարվեց Արցախ: Հետագայում Ս. Գրիգորի գլուխը, որոշ ոսկորներ և տանջանքի գործիքներից շղթայի մի մասը հայ կույսերը Զվարթնոցի տաճարից տեղափոխում են Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի է կառուցվում ի պատիվ Լուսավորչի (ըստ այլ աղբյուրների` Լուսավորչի նշխարները Նեապոլ են տեղափոխվել Կ. Պոլսից` տեղի վանքերից մեկի միաբանության կույսերի կողմից): Դրանք մինչ այժմ էլ մեծ պատվով պահվում են Ս. Գրիգոր եկեղեցում` մեծ ջերմեռանդությամբ հարգվելով բարեպաշտ նեապոլցիների կողմից: Նեապոլի պահապան սուրբ Գենարիոսից հետո Գրիգորը ճանաչվում է քաղաքի երկրորդ պահապան սուրբը և ունի հատուկ տոն` սեպտեմբերի 30-ին: 2000 թ. նոյեմբերի 8-11-ը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վատիկան, որտեղից հայրենիք բերեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որոնք ի նշանավորումն քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի` Կաթոլիկ Եկեղեցին վերադարձրել էր Հայ եկեղեցուն:

    ՙՀայոց մեծ սուրբ Գրիգորին՚ 5-րդ դարից սկսած պատվել են նաև Բյուզանդիայում: Այժմ էլ Հունաստանի եկեղեցիներում կան Գրիգոր Լուսավորչին նվիրված խորաններ, սրբապատկերներ, որմնանկարներ, խճանկարներ, ինչպես նաև` մասունքներ ու նշխարներ, որոնք ամփոփված են մասնատուփերում: Իսկ Ռուսաստանում` Կարմիր հրապարակում, Վասիլի Երանելու տաճարական համալիրի մեջ է մտնում նաև ՙՀայոց Գրիգորի եկեղեցին՚, որը կառուցվել է Իվան Ահեղ ցարի հրամանով: Ս. Գրիգորին նվիրված սրբապատկերներ կան նաև Կրեմլի Ավետման ու Սպասկի տաճարներում, Կոլոմնայի, Պսկովի, Ռոստովի եկեղեցիներում, ինչպես նաև` Նովգորոդի Ներեդիցա տաճարի պատերը զարդարող որմնանկարներում:

  21. Շարունակելու համար այս բանավեճը, կարիք կլինի ավելի բացահայտ խոսել, որոշ անուններ տալ եւ այլն: Եթե համաձայն ե՞ս կարող ենք այդ հարթության վրա տեղափոխել, կամ էլ հատուկ հանդիպենք այս հարցով:

    Հարգանքներով՝ Արամ

    Խնդիրը շատ նուրբ է, և դրան ամբողջությամբ ոչ տեղյակ մարդու մոտ սխալ պատկերացումներ կառաջանան: Թերևս ճիշտ կլինի հանդիպելը, քանի որ այս պարագայում գրավոր խիստ դժվար է ամբողջությամբ արծարծել այն ու ընդհանուր հայտարարի գալ: Բացի այդ, կոնկրետ այս թեմային այն արդեն չի առնչվում, իսկ առանձին թեմայի նյութ դարձնելը, վերոնշյալ և այլ պատճառներով, հարմար չի: Ես մի քանի օրից Արցախ պիտի մեկնեմ. վերադառնալուս պես կկապվեմ Ձեզ հետ:

    Հարգանքներով` MONK

  22. Եհովայի վկան ազատ է արձակվել, քանի որ իր մոտ ունեցած որոշ թղթերի օգնությամբ ապացուցել է, որ ինքը հոգեկան հիվանդ է և մազաչափ անգամ պատասխանատվություն չի կրում սեփական արաքների համար:

    Այն, որ աղանդների հետևորդները հոգեկան խեղումներ են ստանում, դա հայտնի էր: Բայց որ աղանդավորներն արդեն սկսել են անձը հաստատող փաստաթղթերի շարքում նաև <գժի թուղթ> պահել` արդեն հետաքրքիր գյուտ էր: Ինչ որ տեղ նաև արդեն հասկանալի է դառնում այդ երիտասարդի հանդգնության ու վստահության աղբյուրը: Չնայած դեպքից օրեր առաջ, երբ իր գլուխը լցրած համարների օգնությամբ ժամերով վիճաբանում էր մեզ հետ և փորձում մեզ <դարձի բերել>, իրեն բավականին վիրավորված կզգար, եթե նրան գիժ անվանեինք: Եվ ասեմ նաև, որ մյուս աղանդավորներից ավելի <գժոտ> տպավորություն չէր թողնում:

    Ինչ արած, երևի Մայր Աթոռում մետաղե իրեր հայտնաբերող սարքեր տեղադրենք ու պարետային ժամ հայտարարենք, թե չէ մեկ էլ տեսար աղանդավորները որոշեցին մահապարտ գժեր ուղարկել:

×
×
  • Create New...