Jump to content

Խոնարհությ


Recommended Posts

Իրական խոնարհությունը կամովի խոնարհվելն է». Գրիգոր քահանա Հովհաննիսյան, Երեւանի Ս. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ

- Տե՛ր հայր, Քրիստոնեության մեջ մեծ տեղ է տրվում խոնարհությանը: Ինչո՞ւ:

- Խոնարհությունը քրիստոնեության մեծագույն առաքինություններից մեկն է: Հիշենք յոթ մահացու մեղքերից առաջինը՝ հպարտությունը: Այս մեղքի հակադիր առաքինությունը խոնարհությունն է: Արուսյակի հպարտության պատճառով աշխարհ մտավ մեղքը: Տեղի ունեցավ մարդու անկումը: Իսկ Աստվածածնի խոնարհումով մարդը նորից բարձրացավ, արժանացավ երկնային առաքինության: Խոնարհությունը Տերավանդ առաքինություն է: Վերջին ընթրիքի ժամանակ, որտեղ Քրիստոս լվաց աշակերտենրի ոտքերը, նրանց ասաց. «Ես ձեզ տվեցի խոնարհության օրինակ»: Մեկ ուրիշ առիթով աշակերտները Հիսուսին հարցրին. «Ո՞վ է մեզնից մեծը»: Եվ Հիսուս պատասխանեց. «Նա, ով բոլորի ծառան է»: Եթե մեր Տերը, Ուսուցիչը, Վարդապետը, Աստվածն այսպիսինն է, ուրեմն մեզ էլ պատշաճ է լինել խոնարհ, հեզ: Միայն խոնարհն է, որ կարող է ընդունել աստավածային լույսի շնորհը: Մինչեւ մարդ իր անձը չունայնացնի, չխոնարհեցնի, չի կարող Աստծուն ընդառաջ գնալ: Քրիստոնեական եկեղեցու սուրբ հայրերը աչքի են ընկել հատկապես խոնարհությամբ, օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչը, որը Հայոց դարձից, եկեղեցիներ հիմնելուց հետո գնաց ճգնության, չէր ուզում մեծարվել, պալատներում ապրել, կաթողիկոսական պատիվն ընդունել: Հեռացավ եւ ճգնությամբ խոնարհվեց Աստծո առջեւ:

- Ի՞նչ է նշանակում հոգով խոնարհ:

- Տիեզերքի Աստվածը կամովին խոնարհվեց եւ մարդացավ, քանզի իր եւ մարդու միջեւ ահռելի տարածություն կար: Աստված կամեցավ խոնարհվել, մարդ դառնալ եւ ոչ միայն դառնալ, այլ անարգվել, կրել փշե պսակը, ծաղրը, խաչը, մահվան դատապարտությունը: Սա է իրական խոնարհումը: Հոգու խոնարհությունն աշխարհից, մեղքերից կամովին հրաժարվելն է, որպեսզի կարողանալ Աստծով լուսավորվել ու գնալ երկնային շնորհներին ընդառաջ: Իզուր է այն կյանքը, որի արդյունքը երկնային արքայությունը չէ: Երկար կլինի կյանքը, թե կարճ, մարդիկ ինչպես կգնահատեն՝ արգասաբեր է, թե ոչ, միեւնույնն է: Մարդը առաքինություն ունի. մերձենալ Աստծուն: Սրա համար ամենահիմնական գործոնը խոնարհությունն է: Հիսուս Ինքն էլ ասաց, որ բնակվում է խոնարհ ու հեզ հոգիների մեջ: Ամենամեծ խոնարհության ու սրբության օրինակ է նաեւ Մարիամ Աստավածածինը, որը խոնարհվեց Աստծո կամքի առջեւ: Սա բավական էր, որ Աստված նրան մեծ շնորհների արժանացներ:

- Խոնարհությունը սովորաբար վերագրում են կանանց: Խոնարհ տղամարդիկ արդյոք չե՞ն կորցնում տղամարդկային արժանապատվությունը:

- Նորից ուզում եմ հիշեցնել, որ իրական խոնարհությունը կամովի խոնարհվելն է: Մարդը կորցնում է իր արժանապատվությունը, երբ խոնարհվում է հարկադրանքի ներքո, ուրիշի պաշտոնի, հեղինակության, ինչ-ինչ ուժերի ներքո: Բայց երբ մարդ սիրուց է խոնարհվում, այն բարձրացնում է մարդուն: Հիսուսին ի՞նչը մղեց խոնարհվել եւ լվանալ աշակերտների ոտքերը. սե՛րը, միմիայն սերը:

- Հիսուս Ինքը խոնարհվեց, որ մարդը բարձրանա: Եթե կարելի է մի քիչ մանրամասնեք:

- Հիսուս Քրիստոս Իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանքն առնելով, մարդկանց նման լինելով, հնազանդ եղավ մինչեւ անարգ մահ: Մարդն ընկավ, իսկ ընկածին օգնելու համար, կանգնածը պիտի խոնարհվի, մինչեւ ձեռքերդ չերկարես, չես բարձրացնի: Նույնն Աստված արեց. թողեց իր փառքը, որպեսզի բարձրացնի մարդուն: Նա մտավ մեղքի աշխարհ եւ այդ աշխարհից հանեց մեղավոր մարդուն: Խոնարհվել նշանակում է խաչ կրել, անտրտունջ տանել հալածանք, նեղություն, տառապանք, փորձություն:

- Արդյո՞ք խոնարհությունը ստրկամտություն չէ:

- Քրիստոնյա մարդը առաջին հերթին խոնարհվում է Աստծո առաջ եւ հետո եղբոր՝ մարդու առաջ: Քրիստոնեական եկեղեցու պատմությունը քաջերի պատմություն է: Այնտեղ ոչ մի ստրկամտություն չկա: Մեր հայրերը Վարդանանք, Ղեւոնդյանց քահանաները, Մաշտոցն ու Սահակ Պարթեւը խիզախման ու մաքառման ճանապարհ են անցել եւ հասել հաղթանակի: Իսկ ստրկամիտ մարդն ի վիճակի չէ հաղթանակ տանել: Քրիստոնեությունն իր ամբողջ ընթացքով հաղթանակ է՝ սկսած անհատից, երբ նա հաղթում է իր անձին, աշխարհին, մեղքին, վերջացրած՝ Ընդահանրական եկեղեցու հաղթանակով: Քրիստոսի եկեղեցին ունի Մարտնչող ու Հաղթանակած եկեղեցիներ. այս երկուսից ո՞վ կարող է ստրկամիտ համարվել: Եթե մարդն իր սրտի մեջ Աստված չունի, եթե նա չի գիտակցում իր մեղսաթաթախ վիճակը, իրեն ճիշտ չի կարողանում գնահատել քրիստոնեության բարոյականության լույսի ներքո, Ավետարանի լույսի ներքո, նա կարող է ստրկամիտ լինել: Իսկ հակառակ դեպքում քրիստոնյան, Ավետարանով լուսավորված, սիրո եւ խոնարհման օրինակ է դրսեւորում: Այն անում է հանուն Աստծո սիրո եւ հանուն եղբոր:

Link to post
Share on other sites
Մարդը կորցնում է իր արժանապատվությունը, երբ խոնարհվում է հարկադրանքի ներքո, ուրիշի պաշտոնի, հեղինակության, ինչ-ինչ ուժերի ներքո: Բայց երբ մարդ սիրուց է խոնարհվում, այն բարձրացնում է մարդուն:

:flower: Հոյակապ բառեր են :

Link to post
Share on other sites

«Մարդու կոչումը մեղքից ազատվելն է, սրբվելը, դրա համար էլ պարտավոր է ապաշխարության խորհրդով անցնել».

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, «Շողակաթ» հեռուստաընկերության փոխտնօրեն Հայր Զոհրապ աբեղա Կոստանյան

- Հա՛յր սուրբ, խոսեք, խնդրեմ, մեղքի ծագման և էության մասին։

- Լինում են երկու տեսակի մեղքեր՝ 1. ադամական, որոնք ծնունդ են առել դեռևս Ծննդոց գրքի 1-ին գլուխներում, երբ նախահոր եւ նախամոր անհնազանդության պատճառով մեղքը մտավ աշխարհ և շարունակաբար փոխանցվեց սերնդեսերունդ։ Տիեզերքն ամբողջությամբ ընկավ մեղքի մեջ, և աստվածային նզովքն իջավ մարդկության վրա։ Տիեզերքում եղող ամեն բան իր մեջ կրում է նախնական մեղքը։ Դրա համար է Սաղմոսերուն ասում. «Անօրենությամբ հղացավ և մեղքի մեջ ծնեց ինձ իմ մայրը»։ 2. Ձեռքբերովի մեղքեր, որոնք մարդը գործում է ողջ կյանքի ընթացքում։ Մեղքը կարելի է սահմանել հետևյալ կերպ. արարք, որն ուղղված է Աստծո կամքին հակառակ։

- Խոստովանության ընթացքում հաճախ ենք կրկնում «գիտակցված և չգիտակցված մեղքեր» արտահայտությունը։ Ո՞րն է դրանց տարբերությունը։

- Գիտակցված մեղքն այն է, երբ մարդը հստակ գիտի, որ այսինչ արարքը կամ խոսքը կամ վիճակը մեղանչական են և, այդ ամենը գիտակցելով, կատարում է դրանք, իսկ անգիտակից մեղքը մարդն առանց գիտակցելու է գործում։

- Հնարավո՞ր է ընդհանրապես չմեղանչել։

- Չկա մարդ, որ ապրի եւ չմեղանչի, Աստված է ասում: Որքան ապրում ենք այս աշխարհի վրա, այնքան էլ մեղանչում ենք:

- Եկեղեցու պատմության մեջ հանդիպում ենք «սուրբ», «սուրբ հայրեր» բառերին: Նրանք անմա՞սն են մեղքից, թե ավելի քիչ են մեղանչում, քան մյուս մահկանացուները:

- Որեւէ մեկը, որ գալիս է աշխարհ, իր հետ բերում է ադամական մեղքը, հետեւաբար սուրբերը նույնպես աշխարհ են եկել մեղքով, ինչպես նաեւ իրենց վրա կրել են ձեռքբերովի մեղքեր: Մեղքեր ունենալ՝ չի նշանակում ամբողջությամբ մեղքի մեջ մնալ, դրա համար եկեղեցու հայրերը սահմանել են ապաշխարության կարգը, որի միջոցով որեւէ մեղավոր անհատ կարող է մաքրվել իր մեղքերից, սրբվել եւ արժանանալ սուրբ կոչվելու տիտղոսին: Իսկ ցանկացած մարդ ոչ միայն կարող է, այլ նաեւ պարտավոր է սուրբ լինել, որովհետեւ մեր Երկնավոր Հայրն է Սուրբ: Սուրբ լինելն Աստվածաշնչի պատգամ է, հետեւաբար, ասելով, թե հնարավոր չէ ապրել եւ չմեղնաչել, ասել, թե մկրտությունից հետո ադամական մեղքը վերանում է, բայց մարդը մեղք է գործում, չի նշանակում, թե նա պետք է մնա մեղքի մեջ: Մարդու կոչումը մեղքից ազատագրվելն է, սրբվելը, դրա համար էլ պարտավոր է ապաշխարության խորհրդով անցնի:

Link to post
Share on other sites

Ինչպե՞ս վարվել այն մեղավոր մարդու հետ, որը չի ընդունում իր գործած մեղքերը:

Աղոթենք իր համար, որեւէ ճնշում, որեւէ խրատական վիճակ կարող է ավելի մեծ հակազդեցություն բերել այդ անձի համար, եւ եթե հարկ է, պետք է ձեռք մեկնել: Նա մի մարդ է, որը չի գիտակցում, թե ինչ է անում: Նորից պիտի հետեւենք մեր Տիրոջ օրինակին, երբ խաչի վրա իրեն ծաղրողների համար ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում»: Այս արտահայտությունը նաեւ մեր սրտից արտաբխած պիտի լինի, որովհետեւ նա առայժմ չգիտի, թե ինչ է անում, եւ հույս կա, որ դեռ կհասկանա եւ կվերադառնա մաքուր ու ճշմարիտ իրականությանը:

Եթե մեկը հպարտ է, որ հայ է, դա նույնպե՞ս հպարտության մեղք է համարվում:

Անշուշտ դա բացասական իմաստով հպարտություն, գոռոզություն չէ, այլ գնահատանքն է այն շնորհի, որ Աստված տվել է իրեն: Աստված իրեն հայ է ստեղծել եւ դա պատահականորեն չի արել: Հստակ ծրագրել է: Այն Աստծուց տրված նվեր է, պարտավոր ենք գնահատել:

Ինչպ՞ս ձերբազատվել հպարտության ախտից եւ հասնել խոնարհության:

Հպարտությունից ձերբազատվելու լավագույն տարբերակը եւ խոնարհության ճամփան բռնելու լավագույն օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքն է: Մի կողմ դնել ամեն անձնական շահ եւ լծվել ծառայության: Այդ ծառայության մեջ լինել վերջինը, լինել մեկը, որ լվանում է մյուսների ոտքերը, լինել մեկը, որ պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն ուրիշի: Եվ ահա այդ ծառայական վիճակի մեջ մտնելով եւ հետեւելով Տիրոջ ճանապարհներին՝ մենք այլեւս ժամանակ չենք ունենա մտածելու հպարտության մասին եւ կբռնենք խոնարհության ճանապարհը:

Ինչպիսի՞ արտաքին գործոններ կան, որ մարդուն մղում են մեղանչելու:

Աշխարհը լի է գայթակղություններով: Երբեք աշխարհը զերծ չի եղել դրանցից, քանի որ մարդն իր էությամբ արդեն իսկ անկյալ վիճակով է աշխարհ գալիս եւ կատարյալ չէ: Հետեւաբար չի կարող մեղքի մեջ չընկնել:

Ո՞ր մեղքերն են, որ չեն ներվում:

Ավերտարանը հստակորեն նշում է, որ կա մեկ մեղք, որը չի ներվում: Այն Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն է: Սակայն թե դրա տակ ինչ է թաքնված, դժվար է ասել: Դրա վերաբերյալ կան տարբեր մեկնություններ:

Հայ եկեղեցին ինչպե՞ս է վերաբերվում քավարանի գոյությունը:

Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում քավարանի գոյությունը: Դրան մենք հանդիպում ենք կաթոլիկ եկեղեցու աստվածաբանության մեջ: Մենք հստակորեն ընդունում ենք երկնքի արքայությունը եւ դժոխքի գոյությունը:

Կա՞ն մեծ եւ փոքր մեղքեր: Իսկ մեծի համար նախատեսվա՞ծ է մեծ պատիժ, փոքրի համար՝ փոքր:

Անշուշտ, կան մեծ եւ փոքր մեղքեր, դրա համար էլ հայրերը սահմանել են մահացու մեղքեր գաղափարը՝ դրանք համարելով մեծ մեղքեր: Իսկ ո՞ր մեղքն է ավելի վտանգավոր: Ասելով, թե փոքրերն այնքան էլ վտանգավոր չեն, ինչքան մեծերը, դրանով մեզ իրավունք ենք վերապահում հաճախակի փոքր մեղքեր գործել: Դրա համար եկեղեցու հայրերը նշում են, որ շատ հաճախ փոքր մեղքերն ավելի վտանգավոր են, քան մեծերը, որովհետեւ մեծ մեղքերը մեծ սարսափ են բերում իրենց հետ եւ մարդուն առաջնորդում ապաշխարության, իսկ փոքրերը, կաթիլ-կաթիլ հավաքվելով, ավելի մեծ ավերածություններ են գործում

Link to post
Share on other sites

Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Շիրակի թեմի առաջնորդ - Աստվածաշունչը ուղղված է ողջ մարդկությանը։ Սակայն հաճախ բազում պատճառաբանություններ ենք լսում, թե դժվարանում են կարդալ։ Ինչո՞ւ։ - Աստվածաշունչն ուղղված է մարդկությանը, բնականաբար, դժվարություններ պիտի առաջանան։ Դրանք կապված են հոգևոր կյանքի գիտակցությունից, պատրաստվածությունից։ Աստվածաշունչ այն գիրքը չէ, որ հնարավոր է մեկ անգամ կարդալով հասկանալ, այն ընթերցանության գիրք չէ։ Սուրբ Գիրքը Աստծո պատգամն է մարդկությանը, և ամենևին պարտադիր չէ անմիջապես հասկանալ ողջ գիրքը։ Նույնիսկ Աստվածաշնչի մասնագետներն իրենց ամբողջ կյանքում ընթերցում են այն, բայց դժվարանում են մեկնել։ Այնպես որ չպետք է վախենալ կամ սարսափել չհասկանալուց։ - Շատ անգամ հոգևորականները հորդորում են Սուրբ Գրքի ընթերցումը սկսել Նոր Կտակարանից։ Ճի՞շտ է դա։ - Անշուշտ, ճիշտ են վարվում, որովհետև մեր՝ քրիստոնյաներիս համար մուտքը Աստվածաշունչ համարվում է Ավետարանը։ Աստվածային արքայության, փրկության, կենաց ճանապարհի դուռը Քրիստոսն է, բնականաբար Աստվածաշնչի մուտքն էլ պիտի լինի Նոր Կտակարանով, հատկապես նրանց համար, ովքեր առաջին քայլերն են կատարում հոգևոր կյանքում։ Նոր Կտակարանն ավելի մատչելի է հատկապես նրանց համար, ովքեր քրիստոնյա են և ուզում են մերձենալ Աստծուն։ Նոր Կտակարանով բացվում է Հին Կտակարանը, այլապես այն կարող է թվալ սոսկ հրեական պատմություն։ - Քրիստոնյաները կամ սկսնակները երբեմն անհանգստություն են հայտնում, որ Սուրբ Գիրքն ընթերցելիս շատ հաճախ խանգարող մտքեր են ի հայտ գալիս, ինչը չի կարելի ասել այլ գրքերի ընթերցման դեպքում։ Ո՞րն է պատճառը։ - Այդ անհանգստությունը իրենցից է, որովհետև, առաջին անգամ կարդալով Աստվածաշունչը, արհեստական լարվածության մեջ են ընկնում։ Մնացած գրականությունն ընթերցելիս նրանք չեն լարվում, դրա համար էլ խնդիրներ չեն ունենում։ Անգամ եթե անհանգստացնող մտքեր էլ գան, ապա չեն մտասևեռվում դրանց վրա։ Չպետք է Աստվածաշնչին մոտենալ իբրև մոգական գրքի, այն Աստծո հայտնություն է։ Անշուշտ, ժամանակ է պետք ամբողջը հասկանալու և ըմբռնելու համար։ Շտապել պետք չէ։ Չար ուժերն էլ պիտի հարձակվեն և թույլ չտան, որպեսզի Աստվածաշունչն

Link to post
Share on other sites

Ավետարանը սեր ու բարություն է քարոզում: Իսկ այսօրվա լրատվամիջոցներից թույն եւ ատելություն է թափվում: Ի՞նչ անել, հեռուստացույց չդիտե՞լ:Ցանկացած բան աշխարհում կարող է ծառայել ե՛ւ չար, ե՛ւ բարի նախաձեռնության: Հեռուստացույցն ինքնին չար չէ, բայց կարող է ծառայել որպես չարիքի աղբյուր: Ես չեմ ասում, որ պետք է Խաչակրաց արշավանք սկսել հեռուստատեսության դեմ: Ո՛չ: Այդ լրատվամիջոցներից , որոնք նման կարգի քարոզչություն են կատարում եւ նպաստում չարի տարածմանը, կարելի է ուղղակի խուսափել: «Գնացե՛ք եւ քարոզե՛ք...»,- ասում է Սուրբ Ավետարանը: Ամեն ոք իրավունք ո՞ւնի քարոզելու:Քարոզչության երկու ձեւ կա: Քարոզել եկեղեցու բեմից եւ քարոզել կյանքում՝ կենդանի օրինակով: Եկեղեցու բեմից քարոզչությունը պաշտոնական է եւ ամեն ոք իրավունք չունի: Իսկ յուրաքանչյուր քրիստոնյա սեփական կյանքով եւ օրինակով է պարտավոր քարոզել, քանի որ իր մեջ ունի քահանայության սերմը: Պողոս առաքյալն ասում էր. «Դուք այլեւս ազգ եք սուրբ եւ քահանայություն»: Հիսուս ասաց. «Ով ինձ հավատա, կարող է հրաշքներ գործել»: Քահանան կարո՞ղ է հրաշքներ գործել:Անշո՛ւշտ, նայած թե ինչ ենք ասում հրաշք ասելով: Ամեն օր եւ ամեն քայլափոխի մենք ականատես ենք լինում հրաշքների: Սակայն կարեւորություն չենք տալիս, որովհետեւ հրաշք ասելով՝ անպայմանորեն փորձում ենք արտառոց մի բան տեսնել: Այդ իմաստով նույնիսկ Քրիստոսն է մերժել հրեաներին. «Այս խստապարանոց ազգին նշան չպիտի տամ»: Հրաշք չի կարող լինել հանուն հրաշքի: Այլ հրաշք պիտի լինի հանուն Աստծո փառքի: Չի կարող լինել որեւէ մեկի ինքնափառավորման, առավել եւս շահադիտական նպատակ հետապնդելու համար, այլ միմիայն Աստծո փառքի համար: Կնքահայր կամ քավոր հասկացությունը ե՞րբ է ծագել:Կնքահայր կամ քավոր հասկացությունը եկել է առաջին դարերից: Այն ժամանակ այդպես չէր կոչվում, այլ անվանվում էր վկայող: Դա այն անձնավորությունն էր, որին որեւէ մեկը բերում էր քրիստոնեական համայնք, վկայում էր, որ նա կարող է անդամագրվելու տվյալ համայնքին եւ արժանի է մկրտության: Դարերի ընթացքում այդ մարդը դարձել է կնքահայր եւ քավոր, բայց նույն վկայողն է, որ շարունակում է վկայել: Կնքահոր հիմնական պարտականությունը հոգեւոր եւ քրիստոնեական դաստիարակությամբ զբաղվել:

Link to post
Share on other sites

«Ինչպես ներենք, այնպես էլ կներվենք» Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան` Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ

- Ավետարանի «Ոսկի կանոնը» «Այն ամենը, ինչ որ կուզենաս, որ մարդիկ անեն քեզ, նույնը եւ դու արա նրանց» որքանո՞վ է արդիական այսօրվա իրական կյանքի մեջ:

-Հնում եւ այժմ ոսկին արժեք է ունեցել: Ինչն էլ, որ անվանել են ոսկի՝ լինի մարդ, թե հարաբերություն, ասվել է նրա համար, որ կարեւորվի թե ինչքանով է բարձր եւ հազվադեպ: Ավետարանի այս կանոնը շատ կարեւոր է մարդկային հարաբերությունների մեջ, որովհետեւ այդ հարաբերությունները ընդհանրապես հասարակության մեջ կառուցվում են մեկը մյուսի հետ ունեցած շփման, հարաբերությունների միջոցով: Ոչ ոք չի կամենա, որ իրեն վատություն անեն, իսկ լավությունը պիտի մարդու հոգուց ծնվի, անշահախնդիր լինի: Ցավոք, «Ոսկի օրենքը» շատ դժվար է պահել, որովհետեւ բոլորը չէ, որ քրիստոնյա են, եւ բոլորը չէ, որ ուզում են լինել քրիստոնյա:

- Հովհաննես առաքյալն ասում է. «Մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր»: Մեկնաբանեք, խնդրեմ, ինչպիսի՞ գործնական դրսեւորումներ կարող է ունենալ ճշմարիտ սերը:

- Ճշմարիտ սերն ավելի համընդհանուր երեւույթ է, քան առօրեական «Ես քեզ սիրում եմ» խոսքերը, գրկելը, համբուրելը ... Սերը ոչ միայն լավություն անելն է, այլ մարդու հետ խոսելը, շփվելը, նրան լսելը, ներելը: Այսպիսի սիրո մասին է խոսում Հիսուս, երբ աշակերտներին ուսուցանում է առակներով ու ասում, եթե մեկը գեղեցիկ հանդերձանքով իրենց տուն մտնի, իսկ մյուսն ավելի աղքատ, ո՞ւմ նախապատվություն կտան: Քրիստոնյաների հավատքն առանց գործերի մեռած է: Այդ հավատքը սեր է: Առանց սիրո հույս չի կարող լինել: Եվ առաքյալն ինքն էլ ասում է, որ հավատքի, հույսի եւ սիրո մեջ ամենամեծը սերն է: Առաջին երկուսը սիրուց են աճում: Սիրո դրսեւորումը տարբեր կերպ է լինում: Անգամ մուրացիկին եթե դրամ է տրվում. իմիջիայլոց տրվածը արժեք չի ունենա: Կարող է մուրացիկի համար արժեքավոր լինել, սակայն տվողի համար այն պարզապես գումարի կորուստ է: Մեկ անգամ մի դեպքի ականատես եղա եւ շատ զարմացա: Մի տատիկ փողոցն էր անցնում, երբ ինչ-որ մեքենա արգելակեց: Միջից դուրս եկավ մի երիտասարդ, օգնեց տատիկին փողոցն անցնելու, այնուհետեւ շարունակեց իր ճանապարհը: Նա զգաց, որ պիտի օգնի, սրտից եկավ այդ ցանկությունը: Սիրո դրսեւորումը մեծ կամ փոքր չի կարող լինել: Այն պարզապես սիրով լեցուն պետք է լինի:

- Որքանո՞վ է կիրառելի «Սիրեցեք ձեր թշնամիներին» պատգամը մեր օրերում:

- Ավետարանը չիմացող մարդու համար այս հատվածը համարվում է ամենախոցելին եւ հանդիսանում է նրա համար գայթակղության վեմ, ու մարդն ընդվզում է Աստծո դեմ: Ես բանակում հոգեւորական եմ եղել եւ ականատես եմ եղել զինվորականների ցասմանը: Բացատրել եմ, որ «թշնամի» հասկացությունը ծնվել է այն պահին, երբ մարդը բացասաբար է վերաբերվել իր մերձավորի հանդեպ: Պատմության վրա հենվելով կարող ենք ասել, թե հայերի թշնամիները թուրքերն են, հրեաներինը՝ գերմանացիները եւ այլն, սակայն նրանք թշնամի են համարվել որոշ ժամանակահատվածում: Աստվածաշունչը ժամանակահատվածային գիրք չէ: Այն համընդհանուր, ողջ մարդկության գոյության ընթացքում բոլոր դեպքերը պարունակող եւ բազմաթիվ իրադարձություների համար գրված գիրք է: Պիտի միշտ հիշել, որ դիմացինդ մերձավորդ է, քո թշնամին չէ, եւ չի դադարում լինել այն մարդը, որին դու ճանաչում ես: Անկախ դիմացինի պահվածքից, պետք է ներել, չպատասխանել թշնամաբար, որովհետեւ կգա մի ժամանակ, որ կգնահատվի քո մեծությունը:

- Ի՞նչը կարելի է համարել մարդկային փոխհարաբերությունների առանցքը քրիստոնեության մեջ:

- Դա նորից ու նորից սերն է, որովհետեւ այն մարդու մեջ հարատեւ է: Չուզենալով դիպչել այլ կրոնների բարոյական հիմքերին՝ պարզապես պիտի նշեմ հետեւյալը, որ արեւելյան կրոններից մեկի մեջ կա այսպիսի օրենք. «Եթե չես ուզում ինչ-որ բան անեն քեզ, դու եւս մի արա», այն համարում են «Ոսկե օրենքին» համարժեք օրենք, սակայն այստեղ առաջանում է ակտիվության եւ պասիվության խնդիրը ոչ մի բան չանելը ոչ չար է, ոչ բարի, եւ դա կհամարվի արդարություն: Իսկ քրիստոնեության մեջ ոչինչ չանելն արդեն իսկ խոտելի է: Քրիստոնյաները միշտ համարվել են ամենապարտաճանաչ, ազնիվ, բարեխիղճ մարդիկ: Անգամ հեթանոս մեծահարուստները նախընտրել են, որ իրենց ծառայեն եւ իրենց երեխաների կրթությամբ զբաղվեն քրիստոնյաները, որովհետեւ սիրով են վարել տնտեսության գործերը, սիրով դաստիարակել երեխաներին: Եթե հեթանոսն է հասկացել այս, ուրեմն քրիստոնյան առավել եւս պիտի հասկանա, որ ամեն ինչի հիմքում ընկած է սերը:

- Քանի՞ անգամ կարելի է ներել:

- Այս հարցը Հիսուսին տվեցին եւ նա ասաց. «Յոթ անգամ յոթանասունյոթ»: Այստեղ էականը թիվը չէ, այլ հարատեւությունը: Եթե պիտի հաշվելով ներենք,ապա սրտանց չի արվի: Եկեք մի հակադարձ հարց տանք. իսկ Աստված մեզ քանի՞ անգամ պիտի ների: Բոլորս գիտենք, որ նա մեզ անվերջ է ներում: Անգամ ներում է անհավատին: Ներեց Իր Որդուն խաչողներին, չարագործներին, իսկ մենք, որ Աստծո նմանությունն ունենք եւ Իր պատկերով ենք ստեղծված՝ պիտի ներենք բոլորին, որովհետեւ այդ ներելու հատկությունն Աստված դրել է մեր մեջ: Չպարտադրվենք ներելու, որովհետեւ ոչինչ չի ավելանա, եթե մենք չներենք, իսկ ներելուց միայն օրհնություններ ենք ժառանգելու, որովհետեւ Աստված ինքը մեզ կների: «Հայր մեր»-ի մեջ ինքներս ենք հայցում Տիրոջ ներողամտությունը՝ ասելով. «Ների՛ր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտք եղողներին»: Ուստի, ինչպես ներենք, այնպես էլ կներվենք:

Link to post
Share on other sites

Ըստ Աստվածաշնչի՝ մեռելներից հարություն առածներից անդրանիկը Քրիստոսն է, սակայն նույն Աստվածաշնչում հարության շատ դեպքեր են նշված թե՛ Քրիստոսից առաջ, թե՛ Քրիստոսից հետո: Ինչո՞ւ է Նա համարվում մեռելներից անդրանիկը:

Քրիստոսի Հարությունը այլ է, Նոր Կտակարանում նշված հարությունը` այլ: Քրիստոս Իր Հարությամբ ցույց տվեց, թե ինչպես պիտի լինի հարությունը, Իրենով սկսած հարությունը: Իսկ մնացածը հրաշքներ են, որոնք նախապատրաստում են Քրիստոսի գալուստը Հին Կտակարանում, եւ Նրա աստվածային զորությունն էին ակնարկում, իսկ Նոր Կտակարանում նշաններ էին, որ մարդիկ հավատային Քրիստոսին եւ հարությանը:

Հին Ուխտի քահանայությունը համարում են Նոր Ուխտի քահանայության նախապատրաստությունը: Մի՞թե հինը անկատար է:

Անկատար չէր կարող լինել, Քրիստոս Ինքն ասաց, որ եկավ ոչ թե ջնջելու, այլ լրացնելու համար: Հին ուխտի քահանաները մարդիկ էին, որոնք ընծայաբերում էին, զոհաբերությունները մոտեցնում էին Աստծուն: Նրանք բոլորովին կապ չունեին մարդկանց հոգիների հետ, այլ առնչվում էին նյութական պարգեւների հետ եւ այդ ամենը տաճար ճիշտ բերելու եւ օրենքն ուսուցանելու հետ: Քրիստոսով եկած քահանայությունը հոգեւոր տեսանկյունից այլ է: Արդեն քահանաները գործ պիտի ունենային ոչ թե նվիրաբերած նյութական պարգեւների հետ, այլ մարդկանց հոգիների, որոնք պիտի ընծայաբերեին Աստծուն:

Հայ եկեղեցին քանի՞ ժամերգություն ունի:

Հայ Առաքելական եկեղեցին ունի 7 ժամերգություն՝ համաձայն Դավթի սաղմոսի, երբ ասում էր, որ 7 անգամ պիտի ելնի եւ օրհնի Աստծուն: Ժամերգությունները հետեւյալն են՝ գիշերային, առավոտյան, արեւագալի, միջօրեի կամ ճաշու ժամամուտ, երեկոյան, հանգստյան եւ խաղաղական: Վերջին երկուսը կատարվում է Մեծ պահոց շրջանում: Մեր եկեղեցիներում օրական երկու անգամ է ժամերգություն կատարվում` առավոտյան և երեկոյան: Եկեղեցական այլ արարողություններ կատարելու նպատակով ժամերգությունները միացվել են և կատարվում են օրական երկու անգամ:

Link to post
Share on other sites

Սուրբ եկեղեցի

Եկեղեցին հավատացյալների սուրբ ժողովն է, և Եկեղեցի անունը ավելի վերաբերվում է Աստծու ժողովրդին, քան տաճարին, սակայն Եկեղեցի է կոչվում և՛ քարեղեն շինությունը, և՛ հավատացյալների բազմությունը՝ ներառյալ հանգուցյալ հոգիների սուրբ ժողովը (Եբր. ԺԲ 23) երկնքում, որը կոչվում է Հաղթանակած Եկեղեցի։

Եկեղեցի անունը առաջին անգամ հիշատակվում է Ղևտացիների գրքում։ Երբ Տերը հաստատում էր Ահարոնի քահանայապետությունը, ասում է. «Ամբողջ ժողովրդին եկեղեցացրո՛ւ, (այսինքն` (հավաքի՛ր) վկայության խորանի դռան մոտ» (Ղևտ. Ը 3)։ Ապա հիշատակվում է Երկրորդ Օրինաց գրքում։ Երբ Տերը հաղորդում էր Իր Ուխտը, կրկին ասում է. «Քո մարդկանց եկեղեցացրո՛ւ (հավաքի՛ր) Ինձ մոտ, որ նրանք լսեն Իմ այն պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպեսզի երկնչեն Ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին» (հմմտ. Բ Օրենք Դ 10)։

Երբ հրեաները խոտորվեցին շնորհներից, Տերը հեթանոսներից երկրորդ Եկեղեցին ստեղծեց՝ քրիստոնեականը, ըստ այն խոսքի, որ ասաց Պետրոսին. «Վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. ԺԶ 18)։ Իսկ Պողոս առաքյալը երկրորդ՝ քրիստոնեական Եկեղեցու մասին գրում է Տիմոթեոսին. «Աստծու տունը կենդանի Աստծու Եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության» (հմմտ. Ա Տիմ. Գ 15)։

Եկեղեցին հոգևոր է ու մարմնավոր, ինչպես Եդեմի պարտեզն է հոգևոր ու մարմնավոր, քանզի այնտեղ Աստված զգալի ծառերի և տունկերի հետ տնկեց նաև իմանալի ծառեր՝ Կենաց և Գիտության ծառերը։ Հոգևորը հավատացյալ ժողովուրդն է, իսկ մարմնավորը՝ քարեղեն տաճարը։ Եթե տաճարը նյութեղեն չլիներ, ապա մարդու համար բնակավայր չէր լինի, իսկ եթե սրբված և օծված չլիներ, Աստված այնտեղ չէր բնակվի, քանզի Աստված սուրբ է, և տաճարը ևս սուրբ պիտի լինի։ Այս պատճառով Եկեղեցին կառուցելուց հետո պետք է սրբել և օծել։ Նախ սրբել, որովհետև մարդու հանցանքների պատճառով անիծվեցին բոլոր տարրերը՝ հողը, քարը, փայտը, ջուրը, և այն ամենը, որոնցով կառուցվում է Եկեղեցին, ապա օծել, որպեսզի Սուրբ Հոգու շնորհները իջնեն Եկեղեցու վրա, ինչպես Պենտեկոստեի օրը իջան Վերնատան վրա։

Հարց է ծագում, թե ինչու անշունչ քարից ու փայտից կառուցված տաճարը և հավատացյալների ժողովը նույն անունով են կոչվում։ Որովհետև նույն Հոգին ունեն։ Եվ սա հայտնի է հետևյալից. երբ Պենտեկոստեի օրերը լրացան, երկնքից հանկարծակի մի ձայն հնչեց և լցրեց այն տունը, ուր նստած էին Տիրոջ աշակերտները։ Ապա երևացին բաժանված լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով (Գործք Բ 2-4)։ Սկզբում Վերնատունը լցվեց Հոգով, ապա՝ առաքյալները։ Հետևաբար՝ եկեղեցիները նախ իրենք են ընդունում Աստծու Հոգին, ապա ավազանի արգանդից Հոգով ծնում Աստծու զավակներ, ովքեր էլ դառնալով Քրիստոսի մարմնի անդամները՝ կազմում են Եկեղեցին՝ ըստ Պողոս առաքյալի. «Եկեղեցին Հիսուսի մարմինն է, լրումը Նրա, Ով ամեն ինչ լցնում է ամեն բանի մեջ» (Եփես. Ա 22, 23)։

Ինչպես անշունչ փայտից ու քարից պատրաստված տաճարում ամենակարող Աստծու անունն ենք կանչում, Աստծու անունով օծում և Աստծու տուն անվանում, նույնպես և հավատացյալները, ովքեր մկրտվում են Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և Աստծու անունով օծվում օրհնության յուղով` Ս. մյուռոնով, կոչվում են քրիստոնյա և Աստծու տաճար։ Ինչպես տաճարի օծությամբ զգալի եկեղեցին ընդունում է Սուրբ Հոգին, նույնպես և մարդը Դրոշմի խորհրդով ընդունում է Ս. Հոգին։ Եվ ինչպես զգալի Եկեղեցին քահանայի միջոցով իրենում ընդունում է Քրիստոսի Մարմինն ու Արյունը, նույնպես և մարդը ճաշակմամբ։ Այս պատճառով երկուսն էլ կոչվում են Աստծու սուրբ բնակարան և սուրբ տաճար, քանզի ստուգապես Աստված այստեղ է բնակվում։

Եկեղեցին կոչվում է նաև Աստծու տուն, Տիրոջ տաճար, Սուրբ Թագուհի, Մայր, ինչպես նաև Մի, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական։ Եկեղեցին Աստծու տուն է կոչվում, քանզի Աստծու Խոսքը այստեղ բնակվեց ըստ մարգարեության. «Այս է հանգստավայրն Իմ հավիտյանս հավիտենից, այստեղ պիտի բնակվեմ, քանզի հավանեցի սա» (Սաղմ. ՃԼԱ 13,14)։ Եկեղեցին նաև Աստծու փառքի տաճար է կոչվում, սակայն սա հրեական տաճարի նման միայն մի տեղում չշինվեց, այլ գերագույն հրաշագործությամբ կամար կազմեց տիեզերքի բոլոր անկյուններում, որում ոչ միայն փառքերի լույսն է երևում, այլև Ինքը՝ փառքերի Տերն է հայտնվում. «Աստված հայտնվում է Իր տաճարում» (Սաղմ. Է 4)։ Աստծու տաճար է կոչվում նաև մարդը. «Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կոր. Գ 16)։

Եկեղեցին Սուրբ Թագուհի է անվանվում, որովհետև Բանն Աստված սրանում թագավորելով, իբրև ծիրանիով՝ Իր անապական Արյամբ այն շքեղաշուք զարդարեց, պանծալի Խաչը, որպես թագազարդ պսակ, դրեց գլխին և Իր աջում կանգնեցրեց. «Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարված ու պաճուճված ոսկեհուռ զգեստներով» (Սաղմ. Դ 10)։

Դարձյալ՝ «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես Բ 6)։

Դարձյալ՝ Եկեղեցին Մայր է կոչվում հոգևոր ծնունդների համար, քանզի բազում զավակներ է ծնում հոգևոր առաքինությամբ։ Եվ ինչպես մայրը ծննդաբերելուց հետո իր որդիներին սնում է մինչև կատարյալ հասակի հասնելը, այնպես էլ Եկեղեցին կերակրում է իր զավակներին մինչև նրանց՝ Քրիստոսի կատարյալ հասակին հասնելը (Եփես. Դ 13)։ Եկեղեցին Մի է զանազան իմաստներով։ Այսպես` մի է իր հիմքով, մի է իր հավատքով, մի է իր առաքելությամբ կամ նպատակով (Եփես. Դ, 4 - 5)։ Եկեղեցու միության խորքը Քրիստոսի Անձն է և այն հավատքը Քրիստոսի աստվածության վրա, որով Պետրոս առաքյալը խոստովանեց Քրիստոսին իբրև Աստծո Որդի։

Եկեղեցին Սուրբ է նախ իր գլխով` Քրիստոսով։ Սուրբ է նաև իր բնույթով, որպես աստվածակառույց հաստատություն։ Սուրբ է նաև իր նպատակով կամ առաքելությամբ։ Սրբությունը հավատացյալների ամբողջությանը` եկեղեցուն է ասվում մկրտությամբ` ըստ առաքյալի խոսքի. «Քրիստոս սիրեց Եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ` խոսքով, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ և անարատ» (Եփես. Ե, 25 - 27)։ Եկեղեցու սրբությունը մի հատկություն է, որի ներգործումի ընթացքի մեջ հայտնվող թերությունները չեն ժխտում այն ըստ էության։ Այսպես, Եկեղեցու անդամների մեղավոր կամ մոլոր ընթացքը չի ժխտում այն իրողությունը, որ Եկեղեցին ըստ էության սուրբ է։ Ընդհակառակը, Եկեղեցին ոչ միայն սուրբ է, այլև սրբարար, որի համար էլ մեղավորները չեն կտրված Եկեղեցու անդամակցությունից։ Քրիստոս նրանց համար եկավ, և Եկեղեցին էլ նրանց համար կա։ Եկեղեցու սրբության այս գործնական հանգամանքի դրական փաստերը կարող ենք գտնել մյուս կողմից այն իսկապես սրբակյաց անձերի մոտ, ովքեր դարերի ընթացքում և մինչև այսօր Եկեղեցու փառքի լուսաշող պսակն են կազմում։Եկեղեցին ընդհանրական է կոչվում, որովհետև Քրիստոս ներկայացնում է համայն մարդկությունը։ Եկեղեցին կոչվում է կաթողիկե համաժողով, որովհետև Սրբարար Հոգին լուսարար մկրտությամբ ավազանից երկնեց Աստծուն ժառանգներ և նրանց հնազանդությամբ մի տեղում ժողովեց։

Եկեղեցուն նաև Առաքելական ենք անվանում գլխավոր երկու իմաստներով. առաջին` առաքյալներից է սկիզբ առել իր ծագումը և երկրորդ` առաքյալների հավատքի և ավանդության ժառանգորդն է այն։

Եկեղեցին նաև երկինք է երկրի վրա, որովհետև Աստված մարդացավ, Երկնավորը դարձավ երկրավոր, և մենք, որ մի ժամանակ հեռացած էինք Աստծուց, Քրիստոսի Արյամբ եղանք մերձավորներ։ Քանի որ մարդուն Աստծուց մեղքն է բաժանում, Տերն Իր խաչով քանդեց Աստծու և մարդկանց մեջ եղող այդ միջնորմը, վերացրեց թշնամությունը, մարդուն Աստծու հետ հաշտեցնելով խաղաղություն հաստատեց և մեզ արտոնություն տվեց Աստծուն Հայր կոչելու։ Քրիստոս, Եկեղեցում ծագեցնելով Իր Աստվածային Լույսը, այն լցնում է շնորհներով ու լուսավորում Եկեղեցու մանուկներին։ Իսկ հրեշտակների դասերը, երկնքից իջնելով, անդադար փառաբանությամբ օրհնության երգեր են երգում և մեզ տոնակից լինում, քանզի երկնային Թագավորը եկավ սուրբ Եկեղեցի։ Հետևաբար, մարդը այլևս օտար և պանդուխտ չէ, այլ՝ համաքաղաքացի սրբերին և ընտանի՝ Աստծուն (Եփես. Բ 13-22)։

Նարեկ աբեղա Ավագյան

Link to post
Share on other sites

Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյան` Երեւանի քահանայից պատրաստման լսարանի վերակացու

-Ըստ Ձեզ, ի՞նչ պատիժ պետք է սահմանվի նրանց, ովքեր իրականացրին 1915թ. Հայոց Եղեռնը:

-Եկեղեցին չէր կարող չդատապարտել 1915թ. կատարվածը, երբ որ մի ամբողջ ազգ էր ոչնչանում: Հենց այդ օրերին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցը դատապարտել է այդ՝ այն որակելով ցեղասպանություն: Եկեղեցին եւ պետությունը այս հարցում միշտ միակարծիք են եղել:Ոչ մի տարբերություն չկա: Միջազգային կոնվեցիաներով սահմանվում է, թե ինչ պատժի պետք է արժանա ցեղասպանություն իրականացրած երկիրը: Պետք է վերարդարձվեն հողերը, բռնագրավված գույքը: Հարկ է ասել, որ 1915թ. ցեղասպանության ժամանակ թալանվել են Հայոց բոլոր եկեղեցիները: Արծաթեղենը եւ ոսկեղենը տարվել է Գերմանիա՝ Երիտթուրքերի կառավարության հրամանով:Ըստ այդմ էլ, ոսկով պետք է փոխհատուցվի այդ ամենը:Հիշենք նաեւ Գրիգորիս Ծայրագույն վարդապետ Պալաքյանի հուշերը, որն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, հայոց Գողգոթային, մի ամբողջական գիրք է նվիրելդրան:Այնտեղ նա անդրադառնում է, թե ինչպես հայ հոգեւորականը հայ հոտի հետ միասին չարչարվել է, առաջնորդել իր հոտին եւ շատ դեպքերում կարողացել է փրկել նրան, օրինակ՝ սիրիական անապատներում:

-Հայոց եղեռնի զոհերը նահատակնե՞ր էին, թե՞ մարտիրոսներ:

-Մարտիրոսներ անվանում ենք նրանց, ովքեր հանուն Քրիստոսի գիտակցաբար գնացել են նահատակության: Օրացույցում մենք ապրիլի 24-ը նշում ենք իբրեւ նահատակների օր: Դեռ այդ հարցը պետք է քննարկվի, որովհետեւ ցեղասպանության զոհերը կարող էին փրկվել օսմանյան սրից, եթե ասենք՝ ընդունեինք մուսուլմանություն:Բայց նրանք գնացին դրան կամավոր կերպով, քանզի կան տվյալներ, որ ոմանք, նույնիսկ հայաբնակ որոշ գյուղեր, ընդունել են Իսլամի կրոնը եւ փրկվել են: Բայց ամբողջ ազգը չի գնացել դրան եւ մեկ ու կես միլիոն հայ ուղղակի նահատակվել է:

-Այսինքն չի՞ բացառվում, որ մի օր 1915թ.հայոց եղեռնի զոհերը դասվեն մարտիրոսների շարքը:

-Կան տվյալներ, որ զոհերի թվում կան մարդիկ, որոնք հենց հանուն Քրիստոսի են նահատակվել: Եղեռնի օրերին զոհվել է 2000 հայ հոգեւորական: Նրանց կարելի էիրոք անվանել մարտիրոսներ, բայց ընդհանուր ժողովրդին, իմ կարծիքով, պետք նահատակներ անվանել:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

«Միաժամանակ ժխտողական վերաբերմունք ցուցաբերելով հանդերձ աղանդների ու նրանց առաջնորդների նկատմամբ՝ երբեք չմոռանանք, որ նրանց կողմից խաբված անդամները պարզապես օգնության կարոտ մարդիկ են».

Գարիկ դպիր Ասրյան՝ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի սան

- Ի՞նչ է իրենից ներկայացնում աղանդը:

- Այս հարցին տարբեր մոտեցումներով տարբեր ձեւակերպումներ են տրվում, որովհետեւ «աղանդ» հասկացությունը ժամանակի ընթացքում իմաստային նոր լրացումներ ու փոփոխություններ է ունեցել: Քանի որ խնդրո առարկան ժամանակակից տոտալիտար աղանդներն են, ապա ես կնախընտրեի հետեւյալ բնութագրումը. աղանդը մի կազմակերպություն է, որ ձգտում է ստեղծել տոտալիտար համակարգ՝ հիմնականում օգտագործելով կեղծ կրոնական գաղափարներ: Տոտալիտարիզմը (ամբողջատիրությունը) քաղաքական տերմին է եւ բնութագրում է այն փակ հասարակությունը, ուր ամեն ինչ ենթակա է խստագույն վերահսկողության եւ կառավարվում է միասնական կենտրոնի կողմից: Տոտալիտարիզմին բնորոշ է խարիզմատիկ առաջնորդի (գուրու) կողմից կառավարվող հիերարխիկ կուռ համակարգը եւ կազմակերպության անդամներին պարտադրվող անքննարկելի գաղափարախոսությունը: Խուսափելու համար բացահայտորեն բացասական երանգ ունեցող «աղանդ» եզրից՝ հաճախ փորձ է արվում այն փոխարինել «նորագույն կրոնական շարժումներ» անվանումով, ինչը սխալ է, քանի որ աղանդները բոլորովին էլ նոր երեւույթ չեն, իսկ նրանց մի մասը նույնիսկ կրոնական չէ:

- Ի՞նչ տարբերություն կա պատմական եւ ժամանակակից աղանդների միջեւ:

- Դավանական առումով՝ գրեթե ոչ մի: Ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից աղանդների թիրախում քրիստոնեական ուղղափառ վարդապետության հիմնարար սկզբունքներն են՝ Ամենասուրբ Երրորդության դավանանքը, Հիսուս Քրիստոսի Աստվածությունը, Նրա Հարությունը, Սուրբ Հոգու Աստվածությունը, Խաչի փրկարար զորությունը, եկեղեցու աստվածաշնորհ առաքելությունը, հոգու գոյությունը կամ անմահությունը, սրբերի բարեխոսությունը, վախճանաբանական ուղղափառ ուսմունքը եւ այլն: Տարբերությունը հիմնականում գիտական տարբեր նվաճումների եւ արդի աշխարհի գլոբալիզացիոն պայմաններում տարբեր հարթություններով ձեւավորվող հարաբերությունների ու աշխարհայացքի ընձեռած հնարավորություններով գործադրվող մեթոդներն են, որով նրանք կարողանում են մասսայականացնել իրենց գաղափարները եւ, միաժամանակ, վերահսկել ու շահագործել իրենց հսկայաքանակ անդամներին: Այսպիսով, նրանք հոգեբանական հսկայական վնաս են հասցնում բազմահազար խաբված մարդկանց:

- Ինչպե՞ս են ժամանակակից աղանդները թափանցել Հայաստան:

- Խորհրդային Միության փլուզումով նախկին կայսրության երկրներում վերացավ «գիտական աթեիզմով» արհեստականորեն գերհագեցվածությունը, ինչն առաջացրեց, այսպես կոչված, հոգեւոր սով: Յոթանասունամյա երկաթյա ռեժիմից թուլացած եկեղեցին չհասցրեց լցնել այդ հոգեւոր վակուումը, որից էլ օգտվեցին աղանդները՝ տառացիորեն արշավանք սկսելով նախկին Խորհրդային երկրների վրա: Հայաստան ներթափանցումն առավել դյուրացրեց 88-ի սոսկալի աղետը, ինչն օգտագործելով՝ բազմաթիվ աղանդներ մարդասիրական ու բարեգործական կազմակերպությունների անվան տակ արմատավորվեցին Հայաստանում:

- Որո՞նք են մարդկանց դեպի աղանդները դրդող պատճառները:

- Գոյություն ունեն տարբեր ուղիներ, որոնցից կարելի է առանձնացնել 4-ը՝ հոգեւոր, մտավոր, հուզական եւ նյութական: Մարդն իր բնույթով հոգեւոր էակ է եւ ձգտում ունի դեպի հոգեւոր ճշմարտությունները: Շատերը, բավարար չափով հոգեւոր սնունդ չստանալով, հաճախ ընկնում են աղանդավորների ծուղակը: Իբրեւ բանական էակ՝ մարդը հաճախ փորձում է գտնել էական նշանակություն ունեցող շատ հարցերի պատասխաններ, որոնք դարեր շարունակ հուզել են իրեն եւ մնացել գրեթե անպատասխան: Աղանդավորներն ունեն շինծու պատասխանների համակարգեր, որոնցով հավակնում են տալ ցանկացած հարցի լուծում, ինչը նույնպես հագեցնում է բազմաթիվ մարդկանց խաբվելուն եւ աղանդի սարդոստայններում հայտնվելուն: Աղանդավորների համար հեշտ որս են նաեւ հոգեկան ճգնաժամ տանող, հարազատի կորստից ընկճված, ընտանեկան եւ հասարակական կյանքում խնդիրներ ունեցող ու մեկուսացված անձինք, որոնք փորձում են սփոփանք գնել աղանդավորների հատուկ «ուշադրության» եւ «մխիթարանքների» մեջ: Եւ, ի վերջ, օգտվելով մարդկանց սոցիալապես անապահով վիճակից, նյութական որոշակի «մարդասիրական օգնության» միջոցով նրանք կարողանում են կախման մեջ գցել բազմաթիվ մարդկանց:

- Ինչպե՞ս են աղանդավորները տարածում իրենց գաղափարները:

- Նրանք ունեն հմտորեն մշակված բազմաթիվ մեթոդներ՝ սկսած փողոցներում անցորդներին կանգնեցնելուց, բնակարաններ այցելելուց եւ զանգահարելուց՝ մինչեւ տպագրական ու լրատվական միջոցները լայնորեն կիրառելը եւ ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտներ թափանցելը: Նրանք հատկապես ձգտում են իրենց ձեռքը վերցնել մատաղ սերնդի դաստիարակությունը, ինչի համար էլ հովանավորում են կամ իրենց մարդկանց տեղաբաշխում են մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում, անգամ հիմնում էլիտար կրթահաստատություններ (օրինակ՝ Վալդորֆյան դպրոցը Հայաստանում): Իրենց գաղափարները ներկայացնելիս՝ աղանդավորները հենց սկզբից դիմում են խաբեության՝ հանդես գալով բոլորովին ուրիշ՝ չեզոք կամ դրական նշանակության անվանումներով: Անգամ շահարկում են Հայ Առաքելական եկեղեցու անունը, եւ մատուցում հիմնականում ընհանուր իրողություններ՝ աղանդավորական մեկնաբանություններով: Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում են գրականություն, հրավիրում են ժողովների, ուր ավելի ու ավելի են «մշակում» զոհին: Որպես կանոն՝ աղանդները հոգեորսություն են իրականացնում բացառապես քրիստոնեական երկրներում:

- Ի՞նչ հետեւանքներ է ունենում աղանդների գործունեությունը:

- Աղանդների հասցրած չարիքների մասին հատուկ գաղափար կազմելու համար պետք է դիտարկել նրանց գործունեությունն իր ամբողջության մեջ: Նախ զրկում են անհատին սեփական կամքից ու մտածողությունից, ամբողջական կախվածության մեջ գցում, քայքայում նրան բարոյապես ու ֆիզիկապես, ապա ընտանեկան հարկերում սերմանում են փոխադարձ անվստահություն ու անհանդուրժողականություն, ինչը հասցնում է ընտանիքի փլուզմանը, որով նաեւ հասարակության տարբեր օղակների քայքայմանը: Ոտանհարվում են քաղաքակրթության նվաճումները, խարխլվում պետության հիմքերը՝ սպառնալիքի տակ դնելով նրա գոյությունը: Եվ ամենասարսափելին՝ հեռացնելով մարդուն ճշմարիտ հավատքից՝ մոլորեցնում են եւ տանում կործանման:

- Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքն աղանդավորների նկատմամբ:

- Միաժամանակ ժխտողական վերաբերմունք ցուցաբերելով հանդերձ աղանդների ու նրանց առաջնորդների նկատմամբ՝ երբեք չմոռանանք, որ նրանց կողմից խաբված անդամները պարզապես օգնության կարոտ մարդիկ են, եւ մեր գործը պիտի լինի հնարավորության սահմաններում մեր գիտելիքներով, քրիստոնեավայել վարքով ու վերաբերմունքով, սիրով նրանց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գիրկը դարձնել:

- Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ այն մարդկանց, որոնք, բավականաչափ գիտելիքներ չունենալով տվյալ հարցի շուրջ, բախվում են աղանդավորների հետ:

- Նման դեպքերում անհրաժեշտ է ոչ մի շփում չունենալ կասկածի տեղիք տվող անձանց հետ, այլ պարզապես գիտակցել, որ աղանդավորական ցանկացած մոլորության վերաբերյալ եկեղեցին վաղուց տվել է իր պատասխանը, եւ մնում է միայն մշտական ու կենդանի հաղորդակցություն ունենալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Link to post
Share on other sites

Արշեն աբեղա Սանոսյան - Զինված Ուժերի հոգեւոր առաջնորդ

-Եկեղեցին ինչպես է վերաբերվում դասալքությանը, եթե դատապարտում է, ապա` ի՞նչ տրամաբանությամբ։

-Մեր եկեղեցին միշտ էլ դատապարտել է դասալքությունը։ Ոչ միայն բանակից, այլեւ ընդհանրապես։ Ամեն մարդ, որ իր բնագավառում պետք է ծառայություն բերի եւ հրաժարվում է այդ ծառայությունից, դա դատապարտելի է։ Բանակից` առավել եւս։ Դա այն առումով է դատապարտելի, որ իրենց վրա պատասխանատվություն կա, բանակում ծառայելու այդ պատասխանատվությունը պետական օրենքներով սահմանվում է եւ եկեղեցին միանշանակ կողմ է այդ ծառայությանը։

-Իսկ եթե մարդն անկեղծորեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ է, բայց նրա քրիստոնեական համոզմունքները նրան խանգարում են սպանել եւ սպանվել, հատկապես պատերազմի ժամանակ։ Եկեղեցին ի՞նչ է մտածում այդ մարդու մասին։

-Եթե նա Հայ Առաքելական Եկեղեցու զավակ է, այդպես չի կարող մտածել։ Որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցին խրախուսում է Հայրենիքի պաշտպանությունը եւ իզուր չէ, որ ժողովուրդը եւ եկեղեցին սրբացրել է Հայրենիքի պաշտպաններին։ Այսինքն, Հայրենիքի պաշտպանությունը նկատվում է իբրեւ սրբազան գործ։ Հայրենիքն Աստծո պարգեւ է, այն հողակտորը, այն երկիրը, այն մշակույթը, ինչ-որ ստեղծվել է այդ հողի վրա, միանշանակ պաշտպանության կարիք ունի։ Իսկ ո՞վ պետք է պաշտպանի, եթե ոչ` ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը եկեղեցու անդամ է։

-Եկեղեցին Հայրենիքի պաշտպանությունն ինչպե՞ս է տարանջատում սպանությունից։

-Դա սպանություն չէ։ Համարվում է, որ պատերազմները մղվում են արդարության վերականգնման համար։ Այսինքն, եթե մեր երկրի` Աստծո տված այդ պարգեւի հանդեպ եղել է ոտնձգություն, հետեւաբար եկեղեցին իր ժողովրդին քաջալերում է վերականգնել արդարությունը։ Եվ այդտեղ սպանելը թշնամուն, պարզ, կենցաղային սպանություն չի դիտվում, դա դիտվում է իբրեւ Հայրենիքի պաշտպանության համար կատարված սպանություն։

-Ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովին երկար տարիներ մտահոգում է հետեւյալ հարցը` պատերազմի դաշտում որտե՞ղ է Աստված։ Ես պատերազմ եմ գնում, կարո՞ղ եմ վստահ լինել, որ Աստված ինձ հետ է։

-Քիչ առաջ ես նշեցի, որ եթե արդարության համար պատերազմ ես մղում, եկեղեցին քաջալերում է այդ պատերազմը։ Իսկ եկեղեցին Աստծու ներկայությունն է այս երկրի վրա։ Այսինքն, Աստված այն զինվորի կողքին է, ով արդարության համար պատերազմ է մղում։ Շատ հաճախ պատերազմներ են մղվում այնպիսի պայմաններում, երբ թվում է, թե երկու կողմն էլ արդար են։ Ամեն դեպքում Աստված այնտեղ է եւ այն զինվորի կողքին է, որն իր Հայրենիքի համար, արդարությունը վերականգնելու համար պատերազմ է մղում։

-Երբ թշնամու գնդակից զոհվում է հայ հավատացյալ կամ նույնիսկ ոչ հավատացյալ զինվորը, զոհվելուց առաջ կարո՞ղ է վստահ լինել, որ Աստծո աչքն իր վրա էր։

-Պատերազմի դաշտում դժվար է առանձնացնել հավատացյալին եւ ոչ հավատացյալին։ Անհավատ մարդը պատերազմի դաշտում նեղության մեջ մահն աչքերի առաջ անկախ իրենից Աստծուն է ապավինում։ Եվ շատ շատերն իրենց փաստարկներով են ապացուցում, որ նույնիսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ չեն հավատացել Աստծուն, նույնիսկ այդ մասին լսել չեն ուզել։ Բայց պատերազմի դաշտում նեղ իրավիճակում հայտնված մարդը փորձում է գտնել մի ուժ, որին կարող է ապավինել։ Եվ Աստծուն են փնտրում, մեկին, որն իրենց օգտակար կլինի եւ դուրս կբերի մահվան ճիրաններից։ Աստծո աչքը բոլորի վրա է։ Նույնիսկ` անհավատների։ Չի կարելի տարանջատել, որովհետեւ բոլորն էլ Աստծու զավակներն են։ Անհավատն ուղղակի չգիտի, որ Աստված իրեն սիրում է։ Մոլորյալ ոչխարի օրինակն Ավետարանից հայտնի է։ Այդ ոչխարն ավելի փնտրելի է, ավելի թանկ է։ Դեպք են պատմում, որը կատարվել է Շուշիի գրավման ժամանակ։ Զինվորներից մեկը գետնի վրա սողեսող առաջացել է եւ նկատել, որ պարանոցի խաչը եւ շղթան խանգարում են իրեն։ Փորձում է պոկել շղթան եւ բազուկին գնդակ է ստանում։ Դա միգուցե նշան է` Խաչից, Փրկչից հրաժարվում է այդ պահին եւ այդ գնդակը նրա համար նշան է, որ հրաժարվել պետք չէ։

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...