Шалапунька Posted November 23, 2004 Report Share Posted November 23, 2004 Երևան, Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և շինարարական աշխատանքները սկսվել են 1997 թվականի հունվար ամսից։ Եկեղեցին կառուցվել է վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։ Այն մի համալիր է, բաղկացած երեք եկեղեցիներից՝ Մայր եկեղեցին 1700 նստատեղով և Սբ. Տրդատ Թագավորի և Սբ. Աշխեն Թագուհու մատուռները՝ յուրաքանչյուրը 150 նստատեղով։ Եկեղեցու մուտքում տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը, որը ծառայելու է դեպի երեք եկեղեցիները առաջնորդող նախասրահ։ Մայր եկեղեցու ներքևի հարկում նախատեսված են սրահներ՝ ընդունելությունների և եկեղեցու հետ առնչվող միջոցառումների համար։ Նախագծում որդեգրված ընդհանուր սկզբունքը հիմնված է հայկական եկեղեցիների խորհրդանիշ՝ «հավասարաթև» խաչի հատակագծի ու դեպի երկինք ուղղված «ադամանդակերպ» ծավալի վրա։ Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 ք.մ. է, իսկ ամենաբարձր կետը՝ Մայր Եկեղեցու խաչը՝ հատակից 54 մետր։ Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնի եղանակով, երեսպատման համար ընտրված է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ 2001թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի խորհրդանիշ դարձած Մայր եկեղեցու օծումը, և այսօր այն իր ողջ վեհությամբ ու գեղեցկությամբ տեսանելի է քաղաքամայր Երևանի բազմաթիվ անկյուններից։ Երևանի Մայր եկեղեցու բարերարներն են ճանաչված ազգային բարեգործներ Ալեք և Մարի Մանուկյաններն ու նրանց զավակներ՝ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանները։ Սբ. Տրդատ և Սբ. Աշխեն մատուռները կառուցվել են Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, զանգակատունը՝ Էդուարդո Օռնեքյանի նվիրատվություններով։ Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted November 23, 2004 Author Report Share Posted November 23, 2004 Երևան, Սբ. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղագույն ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Պարիսպներով շրջապատված վանք-անապատի ընդարձակ համալիրը բաղկացած էր Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառուցներից: Սուրբ Սարգիս եկեղեցին Առաջնորդանիստ էր, իսկ վանքը՝ կաթողիկոսական իջևանատեղ:Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի համալիրի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերաշինվել է նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.):Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին վերաշինվել է 1835-1842 թվականներին: Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով այն ամենից անբարետեսն էր հին Երևանի բոլոր եկեղեցիների համեմատությամբ: Եկեղեցու անշուք տեսքը չէր համապատասխանում նրա նշանակությանը՝ որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք այն ենթարկվեց հիմնական վերանորոգման և բարեզարդման:Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի կողմից 1972թ. կազմած նախագծի համաձայն սկսվեցին Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցման աշխատանքները: Ըստ նախագծի, եկեղեցու հին շենքը հիմնականում պահպանվել է, եկեղեցու բոլոր ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆաքարով և մշակվել են հատույթում եռանկյունաձև խորշերով: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակում է նրա հեղինակակից, ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. հիմնովին բարեզարդվեց եկեղեցու ներքնատեսքը, արևմտյան կողմից հավելվեց վերնատուն՝ երգեցիկ խմբի համար: Վերնասրահի հավելումով հիմնովին քանդվեց-վերացվեց նախկին գմբեթն ու թմբուկը, փոխարենը կառուցվեց առավել բարձրադիր գմբեթի բազմանիստ թմբուկը՝ պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվեց Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը:Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումն իրականացվեց լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ, ինչի մասին եկեղեցու արևմտյան բարավորի ներսի երեսին արձանագրվեց. «Ի Հայրապետութեան Տ.Տ.Վազգեն Ա Կաթողիկոսի Հայոց եւ փոխանորդութեան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոսի հիմնէ վերակառուցաւ եւ բարեզարդուեց Սուրբ Սարգիս եկեղեցիս արդեամբ լոնդոնաբնակ Գէորգի եւ Յովհաննէսի որդւոյն Սարգսի եւ Աստղիկի Քիւրքճեան յամի տեառն 1976 յամսեանն հոկտեմբերի ի վայելումն հաւատացելոցն քաղաքամայր Երեւանի. ճարտարապետք Ռաֆայել Իսրաելեան եւ Արծրուն Գալիկեան»: Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted November 23, 2004 Author Report Share Posted November 23, 2004 Երևան, Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին: Եկեղեցու կառուցման ծախսերը հոգացել է երևանցի մեծահարուստ Մելիք Աղամալը: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Պողոս-Պետրոս, Զորավոր և Կաթողիկե եկեղեցիների նման, պատկանում է եռանավ բազիլիկ տիպին: Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը՝ կողքի ավանդատներով հանդերձ:Մտահոգված Կոնդի եկեղեցու անբարետես վիճակով` ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1979թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ուշադրությանը ներկայացրեց եկեղեցու հիմնական վերակառուցման նախագիծ: 1980-ական թվականներին հեղինակի որդի՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանն իր հոր մտահղացումը վերածեց աշխատանքային նախագծի, որի համաձայն կատարվեց եկեղեցու հիմնական վերակառուցումը: Կառուցվեց եկեղեցու գմբեթը, արտաքին պատերը երեսպատվեցին տուֆով: Մեծ ծավալի աշխատանքներ կատարվեցին եկեղեցու ներսում: Արևմտյան կողմից հավելվեց վերնատուն երգչախմբի համար, հատակը պատվեց մարմարյա սալերով, ավագ խորանի բեմապատը զարդարվեց գեղաքանդակ հորինվածքներով, բարեզարդվեց տաճարի ներսը:Կառուցվեց եկեղեցու զանգակատունը, իսկ 2000թ`. եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը: Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են օտար լեզուների և համակարգչային անվճար դասընթացներ, գործում է սրբապատկերի դպրոցը:Продолжение следует Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.