Lazar Posted December 29, 2004 Report Share Posted December 29, 2004 Ինչո՞ւ են հայերն ատում Եհովայի վկաներին։ Որ նրանք խաչ չեն ընդունու՞մ։ Բողոքականներն էլ խաչը առանձնապես չեն պաշտում, ասում են՝ մահվան գործիքը ոնց պաշտես։ Իսկ աթեիստ հայերը խաչը մշակույթից էն կողմ չեն ընդունում։ Մի խոսքով, ոչ դավանաբանության համար։ Որ կենտրոնը դրսու՞մ է։ Բայց լիքը կազմակերպություններ կան, որոնց կենտրոնները դրսում են, ու ոչ ոք նրանց չի հիշում՝ բարեգործականներ, դաշնակներ, ռամկավարներ, մորմոններ, տարբեր սպորտային ֆեդերացիաներ, ձեռնարկություններ և այլն։ Մանավանդ մեր ժամանակներում, երբ աշխարհը գլոբալացվում է, բնական է, որ շատ կազմակերպությունների կենտրոններ դրսում լինեն։ Մյուս կողմից էլ՝ այլ երկրներում հայ առաքելական եկեղեցին է դրսից ղեկավարվում։ Որ իրենց փրկության համա՞ր են քարոզում։ Բայց ամեն քարոզ, լինի էկոլոգիական, քաղաքական, թե կրոնական, նաև քարոզողի փրկության համար է, որ համախոհները շատանան ու միացյալ ջանքերով փրկվեն։ Ուրեմն ինչո՞ւ են ատում։ Ատում են միայն մի պատճառով, ատում են, որ ակտիվ են, որ նրանք կարող են դուռդ ծեծել, փողոցում կանգնեցնել ու քեզ քարոզել, իրենց պատկերացրած ճշմարիտ կյանքը սովորեցնել ու իրենց գույնզգույն ամսագրերը բաժանելով՝ ավելի համոզիչ դարձնել իրենց դավանանքը։ Հայերը չեն սիրում, որ իրենց սովորեցնում են, անհանգստացնում ու մղում ակտիվության։ Իրենք էլ քարոզել չեն սիրում, քարոզելու բան չունեն, ի՞նչ քարոզեն։ Հասարակական կառույցները խորթ են հայի ասիական մտածողությանը։ Մինչև հիմա չեղավ, որ դուռը ծեծեին ու ասեին՝ ասենք, մթերքի որակը վատն է, ձեր ու մեր փրկության համար եկեք պայքարենք։ Երկրում արդարադատություն չկա, բոլոր դատավորները կաշառակեր են, եկեք ձեր ու մեր երեխաների համար պայքարենք, արդարության համար, որ նրանք պաշտպանված լինեն օրենքով։ Կամ՝ երկիրը անապատ դարձավ, ծառ չթողին, եկեք գնանք Շամշադինում ծառ կտրողների դեմ պիկետ անենք։ Քաղաքում գազոն չմնաց, եկեք գազոնի վրայի կաֆեների դեմը փակենք, որ մարդիկ չգնան նստեն։ Ո՞վ հավես ունի անշառ գլուխը փորձանքի տակ դնի։ Ուզում են՝ թող ամբողջ երկիրը ավերեն, մենակ բնակարանիս, ինձ ու երեխաներիս նեղություն չտան։ Աշխարհը բնակարանի դռնից ներս է սկսվում՝ եվրառեմոնտով, իսկ դուրսը, պադյեզդից սկսած, թող քանդվի ու ավերվի։ Մենակ քաղաքական ակտիվություն կա որոշ չափով, էն էլ՝ քյասիբների կռիվն է հարուստների դեմ (թեև լիդերները հարուստ են), քաղաքական ցույցերին գնացողներին էլ մի երկու կոպեկ ավել աշխատածն ասում է՝ թողեք էն մարդը աշխատի, կամ՝ որ փոխիք, դրանից լավն ա՞ լինելու, ու նարդին է չրխկացնում։ Նարդու չրխկոցը երկրի չկանոնակարգված հիմնն է, որ անտարբերույթուն է խորհրդանշում։ Երկու տարին մեկ մի քանի ցույցեր են լինում, ցուցարարները վանկարկում են՝ Ռոբերտ, հեռացիր։ Ռոբերտը չի հեռանում, ու այդպիսով ավարտվում է հայերի հասարակական ակտիվությունը։ Ու հանկարծ հայտնվել է ինչ-որ կազմակերպություն՝ Եհովայի վկաներ, ու տներն ընկած՝ փրկությունից է խոսում։ Մի անգամով չի բավարարվում ու պարտքը կատարած համարելով տունը նստում, հետևողականորեն տարածում է իր ուսմունքը։ Ավելի մեծ կրոնական կազմակերպություններ կան, բայց ժողովուրդը նրանց դավանանքի մասին ավելի քիչ գիտի, քան՝ Եհովայի վկաների։ Վկաները բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունը, գիտեն իրենց ուսմունքը ու պարտաճանաչորեն տարածում են այն։ Իսկ բարեխղճությունը, հետևողականությունն ու պարտաճանաչությունը անհանդուրժելի շքեղություններ են Հայաստանում։ Ո՞նց կլինի, դու ո՞վ ես, որ ինձ սովորեցնես՝ ոնց փրկվեմ, ես փրկված եմ արդեն, տունս զաբոռով փակել եմ, ընտանիքս ոչ մի բանի կարիք չունի։ Կարա՞ս՝ մինիստրություն մարդ ճարի, հորոխպորս տղուն վարչության պետի տեղակալ տան, չե՞ս կարա՝ ուրեմն դու ինձ փրկողը չես։ Կամ վիզաս դեսպանատանը խփել տաս, գնամ մի երկու կոպեկ փող բերեմ, աղջկաս նշանեմ, թե չէ՝ ի՞նչ փրկությունից ես խոսում։ Ու որ Եհովայի վկաներին կառավարությունը գրանցեց, ազգը մեկ էլ համախմբվեց։ Նյարդայնանում են բոլորը՝ քաղաքական ու հասարակական գործիչները, գիտնական ու լրագրող։ Կառավարության մի պաշտոնյա, հասարակական կազմակերպության նախագահ՝ Հրանուշ Խառատյան, որ չես ջոկում՝ քաղաքակա՞ն գործիչ է, թե՞ հասարակական, ու եթե հասարակական է, ինչի՞ համար է պայքարում, ու թե քաղաքական՝ որ կուսակցությունից է, բայց որին հա հեռուստացույցով ցույց են տալիս, ամեն ինչի մասին տեսակետ կասի, հիմա էլ բողոքում է Եհովայի վկաներից։ Իրենից ավելի հետևողական մարդիկ են հայտնվել ու, ի տարբերություն իրեն, բացահայտ ասում են, թե որն է իրենց ուսմունքը, ու կյանքում ինչ են հետապնդում (Խառատյանինը, կրկնում եմ, հայտնի չի)։ «Կենտրոն» հեռուստատեսության եթերով էլ սուտ է տարածում, թե Ֆրանսիայում Եհովայի վկաներին լուծարել են։ Նույն սուտը ասում է նաև Սահմանադրական դատարանի դատավոր Ռաֆիկ Պապայանը ու բողոքում է որ գրանցել են Եհովայի վկաներին(«168 ժամ», հոկտեմբերի 21)։ Նա մինչ դա առնվազն երկու անգամ դատարանի որոշումով ստել է, որ երկու չընտրված նախագահներ իբր ընտրվել են)։ Ֆրանսիայում չեն լուծարել Վկաներին ու եթե լուծարեին, ապա այնպիսի «կազմակերպություն» կլուծարեին, ինչպիսին Հայաստանի կառավարությունն է ու Սահմանադրական դատարանը, որտեղ աշխատում են Պապայանը ու Խառատյանը։ «Շանթ» հեռուստատեսության եթերում լցված են հակաեհովականները, ու Խառատյանն էլ՝ մեջները։ Նրա խոսքը շարունակում է մի ուրիշը՝ Կարինե Նալչաջյան, հոգեբան, ասում է, թե՝ գիտե՞ք էդ Եհովայի վկաները ինչ վատն են, ստրեսների մեջ գտնվող մարդուն ստրեսից հանում են։ Ու հասկանում ես, որ իր գործին խփողներ են հայտնվել, հոգեբանությունից հեռու ինչ-որ վկաներ կարող են մարդ բուժել։ Թերթերը իրար հետևից հարձակվել են Վկաների վրա։ Միակ թերթը, որ հնարավորություն էր տվել խոսել Եհովայի վկաներին, «Հայակական ժամանակն» էր, հարցազրույց էր արել վկա Հրաչ Քեշիշյանի հետ։ Իբրև փաստարկ, թե ինչու ինքն առաքելական չի, նա ասում է, որ հայ եկեղեցին մոմ է ծախում ու խունկ վառում, որը չի համապատասխանում հավատի մասին իր պատկերացումներին։ Պարզվում է՝ չի կարելի Առաքելականի մասին տեսակետ ասել։ Դա նյարդայնացրել է Տիգրան Պասկևիչյանին. «Արդեն անհանդուրժողականություն է սերմանում (Քեշիշյանը), որն էլ ծնելու է հակադարձ շարժում» («168 ժամ», հոկտեմբերի 21)։ Անհանդուրժողականության հեղեղը խեղդում է կրոնական կազմակերպություններին. կրիշնայականներին ուղղակի քշեցին երկրից, հիշեցնեմ, թե ինչպես երկրապահները 95 թվին ջարդեցին ութ կրոնական կազմակերպությունների անդամներին, որ մնան մենակ խունկ վառողներ։ Կրիշնայականներին ձողերով էին ծեծել, արյունլվա արել, խեղճերին Հայաստանում ոչ մի ատյան չէր պաշտպանում, դատախազություն ու ոստիկանություն ասում էին՝ մեր գործը չի։ Ու ոչ ոք չասեց՝ էս ինչ անհանդուրժողականություն է ծավալվել (բացառությամբ մի երկու հոգու)։ Ու հիմա հանկարծ մի անմեղ խոսքի համար համարյա քրեական հոդվածի բառապաշար են օգտագործում։ Պասկևիչյանը շարունակում է. «Առանց այդ էլ մենք չափից ավելի հանդուրժող ենք»։ Միթե՞ չափից ավելին էն է, որ երկրապահները միայն ծեծել են ու չեն սպանել։ Քեշիշյանը շատ մեղմ էր ասել։ Եթե Առաքելականը մենակ խունկ ու մոմ վառեր, լավ կլիներ, անշառ գործ է։ Ավելի վատն այն է, որ այդ եկեղեցին, ուր ինձ, իմ կամքին հակառակ, փոքր ժամանակ կնքել են, այսօր քրեականացված իշխանության հենարաններից մեկն է, կաթողիկոսը տրնդեզ է անում բռնակալ նախագահի հետ։ Հեռուստատեսության մասին օրենքը խախտելով՝ «Շողակաթ» ալիք է բացել (ըստ օրենքի՝ կրոնական կազմակերպությունն իրավունք չունի հեռուստաալիք ունենալ)՝ անկախ հեռուստատեսությունների դեմը փակելով։ Տարբեր տիպի խոսակցությունները առաքելական եկեղեցու ստվերոտ կողմերի մասին բանավոր պտտվում են, բայց տաբու է, ոչ մի լրագրող չի փորփրելու։ Հետաքննող լրագրող չկա, ինչի՞ հետաքննություն անես ու վատամարդ դուրս գաս, ավելի լավ է՝ չափառդ քաշես ու ընտանիքիդ հետ անշառ ապրես։ Եւ մեկ էլ մի հարց, բոլորը խոսում են, թե Եհովայի վկաները վտանգավոր են։ Եթե վտանգ համարենք քրեական հանցանքը, ապա Եհովայի վկաները բանտում հայտնվում են միայն քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք պատիժ են սահմանում բանակում ծառայելուց հրաժարվողների համար։ Որ այլընտրանքային զինվորական ծառայությունը նորմալ գործի, այլևս բանտերում Եհովայի վկաներ չեն լինի։ Մինչդեռ առաքելական եկեղեցին, փաստորեն, դուրս է գալիս ամենավտանգավորը, որովհետև գրեթե բոլոր քրեական հանցագործները՝ մարդասպաններ, գողեր, բռնաբարողներ և այլն, առաքելական են։ Բայց «լեգիտիմ» հանցագործներին թողնենք, ամեն հասարակությունում էլ նրանք կան։ «Ոչ լեգիտիմ» հանցագործներով է լցված երկիրը, կաշառակերներով իրավական համակարգ, կոռումպացված կառավարություն ու սադիստ օլիգարխներ, որ հայաթում առաքելական եկեղեցի են կառուցում։ Ու բոլորը՝ առաքելական, իրար քավոր-սանիկ։ Կամ կուսակցությունները՝ բանտերում դեռ մնացել են ՀՀՇ-ի ու Դաշնակցության մարդասպաններ։ Բայց ոչ ոք չի ուզում այս ու մյուս՝ կոռուպցիայի մեջ աչքի ընկած կուսակցությունները (Հանրապետական ու Օրինաց երկիր) արգելել, գրանցումից զրկել։ Ես շատ ուրախ կլինեի, որ դատավորներն ու օլիգարխները մի օրում դառնային Եհովայի վկա կամ մի այլ աղանդի անդամ, ասենք, հիսունական կամ բապտիստ կամ կրիշնայական։ Մարդկանց նրանք սափրագլուխներով էլ չէին ծեծի, կաշառքով դատավճիռներ չէին ընդունի, ու կյանքն ավելի անվտանգ կլիներ։ Որովհետև նրանք, վատից-լավից, փորձում են կատարել իրենց կրոնների պատվիրանները։ Եւս մի մեղադրանք. որ Եհովայի վկաները ազգային չեն, և որ հայը միայն առաքելականն է։ Նախ՝ հայ չի նշանակում հայ առաքելական եկեղեցու անդամ, եթե այդպես լիներ, ուրեմն մինչև հայերի առաքելական դառնալը, մինչև 4-րդ դար հայ չի եղել։ Հայը կրոնով չի որոշվում, Հայաստանի նախկին նախագահն ու Շիրակի նախկին մարզպետը կաթոլիկ էին, ու ոչ ոքի մտքով չէր անցնում նրանց այլ ազգ համարել, բանաստեղծ Ինտրան՝ շաբաթապահ։ Մյուս հայտնի ոչ առաքելականների ցուցակը թողնենք մյուս անգամ։ Կրոնն այն բնագավառն է, որով մարդ ընտրում է իր հետմահու կյանքը, ու ոչ ոք չի կարող պարտադրել այլ հետմահու գոյություն ընտրել։ Այս կյանքում փաստերով համոզել մարդուն ինչ-որ արարք՝ կարող է տրամաբանական լինել, ասենք, համոզել մեկին, որ չգնա Ամերիկա, ասի՝ էնտեղ չես կարա աշխատանք գտնես, որ գտնես էլ, առավոտից-իրիկուն տանջվելու ես։ Բայց այն կյանքինի ճանապարհի ընտրությունը անելու համար որևէ մեկը չի կարող մյուսին փաստերով համոզել, հակառակը, քանի որ ոչ ոք փաստ չունի, թե ինչ կա այն կյանքում։ Այն կյանքի ընտրությունը հիմնված է միայն հավատի վրա ու նեղ անձնական, ինտիմ խնդիր է։ Ուրեմն, ամեն մեկն իր հավատը կարող է ունենալ ու քարոզել՝ անկախ ազգությունից։ Իսկ հանուն այս կյանքի մեկին համոզել, որ հրաժարվի այն՝ իր ընտրած հետմահու կյանքի ճանապարհից, անհեթեթություն է։ Ասենք, դու դառի հանուն ազգի առաքելական, ոչինչ, որ դժոխք կընկնես։ Այդ անհեթեթությունը քարոզում են մենակ դաշնակցականները, որ ասում են՝ հանուն ազգի սատանայի հետ էլ կհամագործակցենք։ Ուրեմն, կրոնի ընտրություն կատարելիս անհեթեթ է ազգային շահերով առաջնորդվել։ Եվ, ընդհանրապես, ամեն կրոն էլ կոսմոպոլիտ է, ու կրոնով ազգ որոշելը վաղուց դուրս է եկել շրջանառությունից (մեկը կասի՝ բա հրեաները, չեմ վիճում, որովհետև խոսքս երևույթի մասին է, ոչ թե բացառության։ Ուրիշ հարց, որ ինչ-որ պայմաններում կրոնականությունը նպաստում է ազգի զարգացմանը, քանի որ հավատը դառնում է ստեղծագործական խթանիչ, բայց սա էլ այլ թեմա է)։ Իսկ ժամանակակից ազգի ըմբռնումներին ավելի լավ են համապատասխանում Եհովայի վկաներն ու մյուս աղանդավորները, քան՝ շատ ազգայիններ։ Նախ՝ լեզուն. նրանք տարածում են «Դիտարանը»՝ իրենց ամսագիրը, հայերեն, իսկ ազգային «ոլոս Արմենիի» կամ «Նովոյե վրեմյայի» աշխատողները իրենց գաղափարները օտար լեզվով են տարածում։ Ցուցափեղկերի վրա շատերը խուսափում են հայերեն գրել, անգլերեն ու ռուսերենը նախընտրում են, մենակ հայերեն չլինի։ Իսկ ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում լեզուն համարվում է գլխավոր, նույնիսկ միակ ազգային ինքնությունը: Quote Link to post Share on other sites
Lazar Posted December 29, 2004 Author Report Share Posted December 29, 2004 Աղանդավորները Հայաստանի հանրապետության ամենաբարեխիղճ քաղաքացիներից են, ազնիվ աշխատանքով ապրող. տարբեր տիպի խմբերի համեմատությամբ ամենաքիչը նրանք են խախտում օրենքները։ Միայն բանակում ծառայելու օրենքը նրանցից մի քանիսը չեն ընդունում։ Այդ օրենքն էլ իրականում պիտի չգործի, քանի որ Հայաստանը, 2002 թվին Եվրախորհրդի անդամ դառնալով, պարտավորվել էր կրոնական համոզմունքների համար բանակից խուսափողներին չդատել։ Եզրակացություն. աղանդավորները ոչ թե վտանգավոր են, այլ օգտակար Հայաստանի համար, նրանք հասարակությունը դարձնում են ավելի բարոյական։ Վահան Իշխանյան «168 ժամ» շաբաթաթերթ, թիվ 8, հոկտեմբերի 28 նոյեմբերի 3 Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.