Jump to content

Ջավախքը 21-րդ դարի


Recommended Posts

http://www.yerkir.am/arm/index.php?sub=new...mber=17&id=6647

Ջավախքը 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ

Հայաստանի եւ Ջավախքի շուրջ երկու տասնյակ հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների, կուսակցությունների ուսանողական եւ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ էին փետրվարի 14-ին մասնակցում Երեւանում ՀՅ Դաշնակցության ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միության նախաձեռնած ՙՋավախքը 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ՚ խորագրով մեկօրյա խորհրդաժողովին:

ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միության ատենապետ Իշխան Սաղաթելյանը իր խոսքում նշեց, որ երիտասարդությունը չպետք է անտարբեր լինի Ջավախքի իրավիճակի նկատմամբ, հատկապես այն դեպքում, երբ այսօր Վրաստանի իշխանությունների կողմից տարվում է Ջավախքը հայաթափելու քաղաքականություն:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց այն փաստը, որ խորհրդաժողովը տարբերվում է այն բանով, որ Ջավախքի հիմնախնդիրների հետապնդման եւ լուծման էստաֆետն իր ձեռքն է վերցրել երիտասարդությունը:

ՙԱյս մտահոգությունը պետք է անցնի նաեւ մեր պետական մարմիններին՚,- նկատեց Ա. Մելքոնյանը` ափսոսանք հայտնելով, որ ՀՀ անվտանգության հայեցակարգում արտացոլված չէ Ջավախքի հիմնախնդիրը. ՙՑավոք, Հայաստանում չենք պատկերացնում այս հիմնախնդրի քաղաքական էությունը: Մեր անվտանգությունը չխաթարելու համար նախ պետք է պահպանել Ջավախքի ներկայիս ժողովրդագրական պատկերը, նպաստել, որպեսզի կանխվի արտագաղթը, ստեղծվեն աշխատատեղեր՚,- ընդգծեց պատմաբանը:

Իսկ ՙի՞նչ քայլեր պետք է անեն ՀՀ իշխանությունները՚ հարցին Ա. Մելքոնյանը պատասխանեց, որ նրանք չպիտի խուսափեն Վրաստանի իշխանություններին որոշ առաջարկներ ներկայացնելուց:

Ինչո՞ւ Ջավախքում Հայաստանը չպետք է ունենա ներկայացուցչություն եւ այդ պատճառով Ջավախքի հետ հաղորդակցվի Թբիլիսիի միջոցով, իսկ այնտեղ մեր եռագույնի ծածանումը կարող է հոգեբանական ազդակ լինել, կամ ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմը Վրաստանում պաշտոնական կարգավիճակ չունի, ինչո՞ւ Հայոց պատմությունը հայկական դպրոցներում պետք է ֆակուլտատիվ ուսուցման կարգով դասավանդվի: ՙՄեր իշխանությունները թող դիմեն, իսկ եթե մերժվեն, մենք կիմանանք` ինչն ինչ է՚,- նկատեց պատմաբանը:

Պետք է կասեցվի հայաթափումը

ՙՀՀ անելիքները Ջավախքում հայապահպանության եւ զարգացման հարցում՚ թեմայով զեկույցում բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը զգուշացրեց Ախալքալաքը շրջանցող` Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման վտանգի մասին` դրանում տեսնելով ՙԹուրքիայից դեպի Ադրբեջան զենք տեղափոխելու լավագույն միջոց՚: ՙԿարս-Թբիլիսի-Բաքուն սպառնում է դառնալ պանթուրքիզմի նոր ճանապարհ, որը ոչ միայն կշրջափակի Հայաստանը, այլեւ կհայաթափի Ջավախքը, որի արդյունքում Հայաստանը կհայտնվի100 տոկոսանոց թուրքական շրջափակման մեջ՚,- ընդգծեց նա:

Վրացական իշխանությունները, ըստ բանախոսի, փորձում են ՙսոցիալականացնել ջավախահայերի քաղաքական հիմնահարցերը՚, ինչը հանգեցնելու է պայթյունավտանգ իրավիճակի. ՙԱյս բոլորը կատարվում է ոչ միայն քաղաքակիրթ Արեւմուտքի, այլեւ Հայաստանի իշխանությունների աչքի առաջ՚:

Այնինչ, Հայաստանը պետք է մասնակցի Ջավախքի կրթական ծրագրերին, Ջավախքում պետք է հիմնվի ԵՊՀ-ի մասնաճյուղ, խրախուսվի ներդրումային քաղաքականությունը, պետք է առանձին հիմնադրամներ լինեն, որոնք կօգնեն հայ մանկավարժներին, ինչպես դա անում է Վրաստանի նախագահի հատուկ հիմնադրամը Ջավախք գործուղված վրացի ուսուցիչների դեպքում: ՙՍա միջամտություն չէ Վրաստանի ներքին գործերին, սա թույլատրվում է ինչպես Վրաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային բոլոր չափանիշներով՚,- ասաց Հ. Ալվրցյանը:

Նրա խոսքերով` Հայաստանի իշխանությանը մաս կազմող ՀՅԴ-ն ջանք չի խնայում միջազգային կառույցներում, ԵԽ-ում, ԱՄՆ Սենատում այս հիմնախնդիրը բարձրացնելու համար, նաեւ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների միջոցով, ՀՕՄ-ի աջակցությամբ ծրագրեր է իրականացնում Ջավախքում: Բայց այս շրջանակը, ըստ նրա, պետք է մեծանա եւ ստանա պետական աջակցություն:

ՙՋավախքի ինքնավարությունն իբրեւ նրա զարգացման նախապայման՚ զեկույցում Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Խաչիկ Ստեփանյանը նկատեց, որ բոլոր միջազգային չափանիշներով որեւէ տարածքում ժողովրդագրական պատկերը փոխելու արհեստական քայլերը հակաիրավական են: Նրա խոսքերով` եթե Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր երկիրը համարում է ժողովրդավարական, ապա չպետք է խորշի Ջավախքին ինքնավարություն տալու առաջարկից:

ՙՄենք Վրաստանը պատկերացնում ենք որպես դաշնային պետություն, որտեղ Ջավախքը պետք է ունենա ինքնավարություն՚,- ասաց Խ. Ստեփանյանը` ավելացնելով, որ դա կարող է լինել հանրաքվեի կամ ընդհանուր ստորագրահավաքի միջոցով: Նա կարեւորեց հայերենին Ջավախքում պետական լեզվի կարգավիճակի շնորհման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քաղաքական իրավահավասարության խնդիրը:

ՙԱյս երկու պայմանների գոյությամբ կարող է մեղմանալ ջավախահայերի զայրույթը Թբիլիսիի դեմ՚,- հայտարարեց նա: Խորհրդաժողովում ներկայացված այլ զեկույցներում անդրադարձ եղավ Ջավախքի պատմամշակութային հուշարձանների վիճակին եւ նրանց պահպանման խնդրին, ինչպես նաեւ Ջավախքի ինքնավարության իրավական հիմնավորումներին:

Եղան նաեւ հաստատումներ

Խորհրդաժողովի ավարտին ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միությունը տարածեց հաղորդագրություն, որում նշված հաստատումների հետ համաձայնեցին խորհրդաժողովի մասնակիցները:

ՙԽորհրդաժողովը մտահոգությամբ արձանագրեց, որ բացարձակ մեծամասնությամբ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախք երկրամասը դուրս է մնացել պետության տարրական հոգածությունից, ինչն էլ երկրամասում բազմաթիվ քաղաքական, ընկերային-տնտեսական, կրթամշակութային հիմնախնդիրների տեղիք է տալիս:

Մտահոգված լինելով տարածաշրջանի կայունությամբ եւ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ` ջավախահայությունը միաժամանակ հետամուտ է սեփական իրավունքների պաշտպանությանը, որը նրան տրվում է Վրաստանի գործող օրենսդրությամբ, ինչպես նաեւ Վրաստանի` միջազգային ատյաններում ստանձնած պարտավորություններով:

Վրաստանի կազմում ջավախքցիների ինքնավարության օրինական պահանջը նրանց անկապտելի իրավունքն է, եւ այն չպետք է անհանգստացնի ո°չ Վրաստանի, ո°չ էլ Հայաստանի իշխանություններին: Վրաստանի կազմում ջավախքցիների ինքնավարության պահանջը նրանց ազատ ապրելու, սեփական լեզվով եւ մշակույթով զարգանալու երաշխիքներ է ապահովում, ինչը, անկասկած, կնպաստի Վրաստանում կայունությանն ու զարգացմանը:

Ելնելով կողք-կողքի խաղաղ ապրելու անհրաժեշտությունից` Վրաստանի, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունները պարտավոր են միասնաբար օր առաջ կարգավորել Ջավախքում տիրող կացությունը, մեղմել երկրամասում տիրող ընկերային-տնտեսական լարվածությունը, խթանել կրթամշակութային կյանքի զարգացումը, իսկ համայն հայությունը պարտավոր է նեցուկ կանգնել Ջավախքի հայությանը ընկերային-տնտեսական, կրթամշակութային եւ այլ բնագավառներում:

Խորհրդաժողովին մասնակից Հայաստանի ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունները պատրաստ են իրենց բաժին մասնակցությունը բերելու այս նպատակների իրականացման աշխատանքներին՚,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարինե ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...