Amaras Posted November 30, 2006 Report Share Posted November 30, 2006 ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ</B> Վաղ միջնադարի նորահայտ հայկական բազիլիկ եկեղեցի Արարատի լանջին</I></B> Լույս է տեսել գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդեսի» 2006, 2 (172) նոր համարը, որտեղից, մասնավորապես, տեղեկանում ենք Արարատի վրա նորահայտ` V-VI դդ. հայկական եկեղեցու մասին: Հոդվածը նաեւ անսովոր է նրանով, որ հեղինակել են Վահագն Գուրզադյանը` աստղաֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, եւ Վարազդատ Հարությունյանը` ճարտարապետ, ակադեմիկոս: «Ազգ»-ի 2004-ի սեպտեմբերի 18-ի համարում տեղեկացրել էինք նույն թվականի օգոստոսին Վահագն Գուրզադյանի եւ Սվիր Աարսեթի` Քեմբրիջի համալսարանից, Արարատ բարձրանալու մասին. Աարսեթը մնացել էր 3850 մ բարձրության վրա, մինչդեռ Գուրզադյանը, տեղաբնակ քուրդ ուղեկցորդի հետ հասել էր գագաթ, այդպիսով 175 տարի անց կրկնելով Պարրոտ-Աբովյան անդրանիկ վերելքի (1829 թ.) ուղին: Ամեն տարի Արարատի գագաթ բարձրանում են մեծաթիվ խմբեր Դողուբայազետի` լեռան հակառակ կողմից, դա նույնիսկ որոշակի եկամտի աղբյուր է տեղացիների համար: Գուրզադյան-Աարսեթ վերելքի առանձնահատկությունը սակայն այն է, որ անսպասելիորեն եւ ի հարգանս գիտնականների, նրանց մուտք արտոնվել էր լեռան՝ Արարատյան դաշտի դիմահայաց լանջից: Այդտեղ գտնվում է թուրքական բանակի ուղեկալ եւ, ինչպես պարզվել էր, օտարերկրացիների համար տարածքը փակ է արդեն շատ տասնամյակներ: «Ազգ»-ի 2004-ի հարցազրույցի մեջ Գուրզադյանը նշել էր իրենց ճանապարհին հանդիպած մի շարք պատմական հուշարձաններ, այդ թվում նաեւ լեռան հյուսիս-արեւմտյան լանջի վրայի կիսավեր մի եկեղեցի: Հետազոտողի աչքը, թերեւս, նկատել է հուշարձանի կարեւորությունը, սակայն գիտական մեկնաբանման համար դիմել է մասնագետի: Եվ այսօր այդ նյութը ներկայացված է գիտական հանրությանը` հետեւյալ ծանոթագրությամբ. նկարագրությունը եւ լուսանկարները` Վ.Գուրզադյանի, իսկ հուշարձանի բնութագրումը եւ ժամանակի թվագրումը՝ Վ.Հարությունյանի: Ահավասիկ հոդվածից մի քանի հատված. «Եկեղեցու ավերակները գտնվում են հարթ կանաչապատ տարածքում, սահմանափակված հարավից զառիթափով, որ աստիճանաբար վերածվում է լեռան արեւմտյան լանջի ժայռոտ լեզվակի` թփերով պատված, հյուսիսից` մի բլրով, որի գագաթին գտնվում են բերդի, իսկ հարավային եւ հատկապես արեւելյան լանջերին` բնակավայրերի ավերակներ: Բերդի արեւմտյան պատաշարի մի փոքր հատվածն է համեմատաբար պահպանվել, իսկ բերդի կենտրոնական մասում կա շաղախով խնամքով մշակված պատերով հոր: Եկեղեցու եւ բերդի բլուրը առանձնանում են լեռան լանջի երկայնքով ձգվող ճանապարհով»: «Աչքի է զարնում, որ ավերակների հսկա բեկորներ` հարթ պատերի զգալի հատվածներ, ընկած են եկեղեցուց մեկուսի, մինչեւ 5-8 մ հեռավորության վրա, շրջված, ասես ուժգնորեն նետված, եւ ոչ բնավ աստիճանաբար քանդված: Տպավորությունը այն է, որ ուժգին երկրաշարժը կարող է հանգեցնել նման պատկերի, առավել եւս կա նախադեպը, նկատի ունենք Ակոռիի 1840 թ. երկրաշարժի փաստը»: «Եկեղեցին գտնվում է ծ.մ. 2100 մ բարձրության վրա, 39 48 N, 44 3 E (ունեինք բարձրաչափ եւ GPS), եւ այսպիսով, հայտնի առավել բարձրադիր տեղադրված հայկական եկեղեցիներից է»: Նշվում է, որ եկեղեցու մասին տեղեկություններ չեն տալիս անգամ առավել մանրամասն աղբյուրները` Պաոլո Կունեոյի «Հայկական ճարտարապետություն» երկհատորյա հանրագիտարանային մենագրությունը (Հռոմ, 1988), Ալիշանի «Այրարատը», Պարրոտի օրագիրը: Մենք հանդիպեցինք հեղինակներին: Վաստակաշատ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը նշեց, որ «կառույցը ըստ հորինվածքի վաղ միջնադարյան, V-VI դդ., հայկական միանավ բազիլիկ եկեղեցի է` արեւելյան կողմից աբսիդով, շինարարական տեխնիկայի տեսակետից` մեծաչափ սրբատաշ շարվածքը եւս համապատասխանում է այդ շրջանի բազիլիկ կառույցներին»: Իսկ Վ. Գուրզադյանը նշեց, որ Արարատի վերելքի նյութերը ժամանակին ներկայացրել է ճարտարապետներին եւ հնագետներին` ճարտարապետական ինստիտուտում կազմակերպված հանդիպման ժամանակ: Վարազդատ Հարությունյանը խորհուրդ էր տվել փաստը հրապարակայնացնել. «Արժեքավոր նյութ է, պետք է տպագրես, չէ՞ որ այն միայն դու ես տեսել»: Հետաքրքրական է, որ այս եկեղեցու մոտակա մյուս հայկական հուշարձանը` Զորի բազիլիկը եւ իջեւանատունը ուսումնասիրել է հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարը` Գուրզադյանի պապը, եւ որի` 1914 թվի Սանկտ Պետերբուրգի «ղՐՌրՑՌՈվրՍՌռ ԹՏրՑՏՍ» ամսագրում հրատարակված հոդվածը մեջբերվում է թե՛ Կունեոի գրքում, եւ թե՛ այս հոդվածում: Օգտվելով առիթից, Գուրզադյանից նաեւ տեղեկացանք, որ նրա համար հիրավի ոչ սովորական այս հոդվածին զուգահեռ, արդեն իր բնագավառում նրա ուսումնասիրությունները նվիրված տիեզերական մնացորդային ճառագայթմանը, տիեզերքի հիմնական բաղադրիչը կազմող, այսպես կոչված, մութ էներգիային, Գրենոբլի սինքրոտրոնի տվյալներին եւ լույսի արագության հատկություններին, գտնվում են տպագրության մեջ Physics Letters եւ Nuclear Physics միջազգային ամսագրերում: Իսկ հանրամատչելի ամսագրերից` Քեմբրիջի BlueSci-ում (No 6, 2006) տպագրված մեծանուն գիտնական Ռոջեր Պենրոզի հարցազրույցում, XXI դարի կարեւոր գիտական արդյունքների վերաբերյալ հարցի պատասխանում նա նշում է Գուրզադյանի ղեկավարած տիեզերական մնացորդային ճառագայթման աշխատանքները: Մինչ այդ, բրիտանական New Scientist հանրահայտ ամսագրի համարի (No. 2521, էջ 30) գլխավոր խմբագրական հոդվածը (ներառյալ այդ համարի կազմը) նվիրվել էր Վահագն Գուրզադյանի աշխատանքներին: ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ AZG Daily #230, 12/01/2006 Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.