MONK Posted April 5, 2007 Report Share Posted April 5, 2007 ԱՎԱԳ ՇԱԲԱԹ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: ՙԱվագ՚ կամ ՙՄեծ՚ կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է ՙավագ՚ անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի: Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները. ՙԵվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. ՙՕրհնությո¯ւն Դավթի Որդուն, օրհնյա¯լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո¯ւն բարձունքներում՚ (Մատթ. ԻԱ 8-9): Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. ՙՕրհնությո¯ւն Դավթի որդուն՚ (Մատթ. ԻԱ 15): ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ Ավագ երկուշաբթի-Անպտուղ թզենու չորացում: Նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին (Մատթ. ԻԱ 18-22, Մարկ. ԺԱ 12-14, 20-25), և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը (Մատթ. ԻԱ 12-17, Մարկ. ԺԱ 15-19, Ղուկ. ԺԹ 45-48, Հովհ. Բ 13-22): Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. ՙԱյսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի՚: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը: Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս. Հակոբոս առաքյալը` ՙՀավատքն առանց գործերի մեռած է՚ (Հակ. Բ 20): Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուսը մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. ՙԳրված է. ՙԻմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել՚ (Ես. ԾԶ 7, Երեմ. Է 11): Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել: Ավագ երեքշաբթի - Տասը կույսերի առակը: Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին և իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: ՙՄանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատուիրաններն աչքի առաջ ունենալը և գործելը` ըստ այս խոսքի. ՙՔո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար՚ (Սաղմ. ՃԺԸ 105) (ս. Գրիգոր Տաթևացի, Քարոզգիրք Ձմեռան, էջ 61): Օրվա ավետարանական պատգամն է. ՙԱրթո°ւն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ո°չ օրը և ո°չ էլ ժամը՚: Ավագ չորեքշաբթի - Օծում և մատնություն: Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. ՙԿարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին՚: Հիսուս նրանց ասաց. ՙԻնչո±ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց՚ (Մատթ. ԻԶ 6-13, Մարկ. 3-9, Հովհ. ԺԲ 1-11): Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. ՙԱյն ժամանակ Տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. ՙԻ±նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ՚: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան՚ (Մատթ. ԻԶ 14-15): Ավագ հինգշաբթի-Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա: Առտվոտյան մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. ՙԱռե°ք, կերե°ք, այս է Իմ մարմինը՚: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. ՙԽմեցե°ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՚ (Մատթ. ԻԶ 17-30, Մարկ. ԺԴ 12-26, Ղուկ. ԻԲ 7-14, 21-23, Հովհ. ԺԳ 21-30): Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր արյունը հեղելով և Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են և հոգևոր սնունդ` հավատացյալների համար. ՙՈվ ուտում է իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի՚ (Հովհ. Զ 55): Ոտնլվա: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: ՙԵթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք՚ (Հովհ. ԺԳ 1-20): Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373): Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105) ԺԱ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն և ներմուծել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաև զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են ՙՍիրտ իմ սասանի՚ և ՙՈւր ես, մայր իմ՚ գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի ՙՍիրո մասին՚ խորիմաստ խրատը: Եպիսկոպոսը կամ եկեղեցու քահանան տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ բարձրանում է խորան: Հոգևորականը խաչով ու Ավետարանով և ՙԹող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը՚ խոսքերով օրհնում է խորանում դրված ջուրը և յուղը: ՙՊահպանիչ՚ աղոթքից հետո հոգևորականը վերցնում է սրբիչը, ծունկի գալիս և լվանում տասներկուսի ոտքերը և յուղով օծում: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված ոտնլվան: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին պոռնիկ կնոջ թափած անուշահոտ յուղը (Հովհ. ԻԲ 3): Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը ՙԽավարում՚ է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում: Ավագ Ուրբաթ - Տիրոջ խաչելությունը և թաղումը: Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է ՙԽավարման՚ արարողությունը: Խավարում: Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության և մեղքերի քավության համար: Արարողությունն սկսվում է այսպես. խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր և մեկ հատ մեծ` նրանց միջև: ՙԽավարման՚ ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ և սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, և երգվում է ՙՓառք ի բարձունս՚-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. ՙՓա¯ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրա` խաղաղությո¯ւն, և հաճությո¯ւն` մարդկանց մեջ՚ (Ղուկ. Բ 14): Այս երգի վերջին խոսքերից ՙԾագեա՚-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ: Ավագ Շաբաթ - Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ: Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսոսի թաղմանը (Մատթ. ԻԷ 57-61, Մարկ. ԺԵ 42-47, Ղուկ. ԻԳ 50-56, Հովհ. ԺԹ 38-42) և գերեզմանի կնքմանը (Մատթ. ԻԷ 62-66): Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից (Մատթ. ԻԷ 57-60), փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը. ՙԵվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը՚ (Ղուկ. ԻԴ 54): Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին. (Մատթ. Ի 19): Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, այսինքն` ուսմունքը: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը: Զատիկ - Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց՚ ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով. ՙՕրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի՚: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.