MONK Posted August 3, 2007 Report Share Posted August 3, 2007 Նյութը, որ ներկայացնում են, իմ կողմից նկարահանվող ֆիլմի սցենարի նախագիծն է: Սցենարն այս տեսքը չունի իհարկե, բայց կարծում եմ սևագիր այս տարբերակը կարող է որոշ օգտակարություն ներկայացնել Անապատականության և Վանականության մասին ծանոթություն կազմելու տեսակետից: ԱՆԱՊԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Քրիստոսից հետո 4-րդ դարից սկսած Եգիպտոսի, Պաղեստինի, Սիրիայի և հարակից երկրների անապատներն սկսեցին լցվել առաջին հայացքից տարօրինակ թվացող մարդկանցով: Նրանք թողնում էին հասարակության մեջ ունեցած իրենց դիրքերը, հրաժարվում սեփականությունից, ամուսնական կյանքից, նախկին զբաղմունքներից ու սովորություններից և քաշվում անապատները` ապրելով միայնակ կամ խմբերով, ենթարկում իրենց ամենածայրահեղ զրկանքների, տրվում աղոթքին ու Սուրբ Գրքի ընթերցմանը` կյանքի վերածելով սուրբգրային պատգամները: Այդ մարդիկ քրիստոնյա անապատականներն էին, ովքեր Քրիստոնեական Եկեղեցու պատմության մեջ հիմք դրեցին վանական շարժմանը: Քրիստոնեական Եկեղեցու համար անապատականների նախատիպերը հինկտակարանյան նահապետներն ու մարգարեներն էին, հատկապես` Եղիա մարգարեն ու Հովհաննես Մկրտիչը: Ինքը` Հիսուս Քրիստոս, Իր երկրային առաքելությունն սկսելուց առաջ քառասուն օր առանձնանում է անապատում` փորձվելու սատանայից և հաղթելու նրան: Եկեղեցու հայրերը քառասնօրյա այս մենությունը բնորոշել են իբրև ՙանձի անապատացում՚: Հիսուս Իր առաքելության ընթացքում ևս հաճախ առանձնանում էր մարդկանցից և մենության մեջ աղոթում Երկնավոր Հորը` սրանով ցույց տալով նաև Իր հետևորդներին միայնության մեջ Աստծո հետ հաղորդակցվելու կարևորությունը հոգևոր կյանքի վերանորոգության մեջ: Չնայած առաջին երեք դարերում ևս արձանագրվել են քրիստոնյա անապատականների առկայություններ, սակայն անապատականությունը մեծ թափ սկսեց ստանալ 4-րդ դարից: Փրկչական առաջին երեք դարերը Եկեղեցու համար հատկորոշվում են քրիստոնյաների հալածանքներով: Հալածանքները, որ սկիզբ էին առել քրիստոնեության հիմնադրի` Փրկչի նկատմամբ, շարունակվեցին նաև Նրա հետևորդների նկատմամբ` ծայրահեղ դրսևորումներով իրենց գագաթնակետին հասնելով ողջ Հռոմեական կայսրության մեջ: Սակայն այդ հալածանքներն անզոր եղան ընկճել Քրիստոնեական Եկեղեցուն, և բազմաթիվ քրիստոնյա նահատակներ իրենց արյան գնով հաղթանակով պսակեցին քրիստոնեությանը երեքդարյա այդ պայքարում: 313թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր միլանյան հրովարտակով քրիստոնեությունը հռչակվեց կայսրության մյուս կրոններին համահավասար թույլատրելի կրոն: Քրիստոնյաներն ազատ կարող էին դավանել ու քարոզել իրենց կրոնը, ինչը մեծապես նպաստեց քրիստոնեության տարածմանն ու Եկեղեցու հզորացմանը: Սակայն այս ազատությունը բազում դրական նշանակությունների հետ ունեցավ նաև խիստ բացասական հետևանքներ: Երբեմնի հալածվող Եկեղեցին, պետական կարգավիճակ ստանալով, աստիճանաբար հայտնվում էր հալածողի դերում` երբեմն իր անհանդուրժողականությունը հասցնելով ծայրահեղության: Քրիստոնյա լինելն այլևս մասնավոր քաջություն չեր պահանջում, կարելի էր դառնալ քրիստոնյա` առանց ոչինչ զոհաբերելու մտահոգության: Սա լայնորեն բացեց Եկեղեցու դռները հեթանոսության մի հոծ զանգվածի առջև, ովքեր իրենց հետ Եկեղեցի էին բերում նաև հեթանոսական աշխարհայացքի, բարքերի, հավատալիքների, սովորույթների ու մտածելակերպի տարրերը: Աստվածաբանական բարդ վիճաբանությունները մի կողմից բյուրեղացնում էին ուղղափառ վարդապետությունը, մյուս կողմից, սակայն, պատճառ էին դառնում Եկեղեցու մասնատման և անգամ հերձվածների: Եկեղեցու և աշխարհի, քրիստոնեության և հեթանոսության միջև եղած տարածությունը որոշ դեպքերում տագնապեցնող մերձավորության էր հասնում: Այս ամենի արդյունքում սկսեց տուժել ամենակարևորը` քրիստոնեական կրոնի բարոյական-գործնական կողմը, քրիստոնեավայել ապրելակերպն ու վարվելակերպը: Ստեղծված իրավիճակը խորն ընդվզում առաջացրեց բազմաթիվ քրիստոնյաների մեջ: Մնալով հասարակության մեջ` դժվար էր հոգևոր-բարոյական մաքրություն ձեռք բերել կամ պահպանելը, անհնար էր նաև հոսանքին հակառակ թիավարելը և հասարակությանը փոխելը: Ուստի նրանք սկսեցին թողնել մարդկային հասարակությունը, քաշվել անմարդաբնակ վայրեր և վարել պարզ ու խստաշունչ կյանք` հոգեկան սրբության և Աստծո մշտական ներկայությանը հասնելու համար իրենց նվիրելով աղոթքի ու ապաշխարության: Նրանք պատերազմ սկսեցին մեղսալի հաճույքների ձգտող մարմնական ցանկությունների ու կրքերի դեմ, որոնք անապատականների վարքերում պատկերված են դևերի տեսքով, և որոնք հաղթահարելու համար դիմում էին ամենածայրահեղ ինքնազրկանքների, գործադրում գերմարդկային ճիգեր, ինչի համար էլ կոչվեցին նաև ճգնավորներ: Նպատակը պարզապես մարմինը ճնշելը չէր, այլ դրանով կամքի ամրացումը, մտքի պայծառացումը և հոգու կատարելագործումը: Իմիջիայլոց, հետաքրքիր է այն հանգամանքը, որ, չնայած կրած դաժան զրկանքներին, ճգնավորներն աչքի էին ընկնում առողջությամբ ու երկարակեցությամբ: Հասարակությունից այդ մեկուսացումը պայմանավորված չէր ոչ մարդկանց նկատմամբ ունեցած բացասական զգացումներով և ոչ էլ միայն սեփական անձի փրկության եսամոլական ձգտումներով: Անապատականների ապրած կյանքն ու խոսքերն աներկբայելիորեն ցուցադրում են այն անսահման բարությունը, սերը և ծառայելու պատրաստակամությունը, որ ունեին նրանք մարդկության նկատմաբ: Հիմնական նպատակը քրիստոնեական գերակա արժեքներն այլասերված հասարակության ապականող ջանքերից ձերբազատելը և իրական կյանքի ու ապրելակերպի վերածելն էր, մաքրագործմամբ մարդու մեջ Աստծո պատկերի վերականգնումը: Այսպիսով` անապատականները դարձան այն խորհրդանշական ՙտասն արդարները՚, որոնց առկայությամբ դեպքում Աստված խոստանում էր Աբրահամին խնայել ու չկործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները: Քրիստոնյա նահատակներից հետո այս երկրորդ սխրանքը Եկեղեցու հայրերը բնորոշեցին իբրև ՙանարյուն նահատակություն՚: Անապատական շարժման առաջին փուլը բնորոշվում է լիակատար կղզիացմամբ: Սակայն ժամանակի ընթացքում առավել հայտնի միայնակյացների շուրջն սկսում են հավաքվել սկսնակ անապատականներ և ուսանել կրոնական մեծ փորձառություն ձեռք բերած միայնկյացից, ում անվանում են աբբա` հայր: Աբբայի ընտրությունը, նրան հնազանդությունը և նրանից հեռանալը պայմանավորված էր բացառապես կամավոր սկզբունքով: Անապատ հասկացությունը, իր աշխարհագրական բովանդակությունից զատ, աստիճանաբար ձեռք է բերում նաև նոր` կրոնական իմաստ` բնութագրելով ճգնակյացների ապրելավայրերը: Ժամանակի ընթացքում սկսում են ձևավորվել համատեղ կյանքի տարրերը, և անապատականությունն աստիճանաբար սկսում է վերաճել վանականության: Միայնակեցական անապատականությունն իր ծաղկման գագաթնակետին մնում է վաղ միջնադարում` ժամանակի ընթացքում վերջնականապես զիջելով իր տեղը վանականությանը: Անապատականության հայրենիքը Եգիպտոսն է: Որոշ աստվածաբաններ դա համարում են պարգևաշնորհ Հերովդեսի հալածանքներից մանուկ Հիսուսին ապաստան տված այդ երկրին, որ ապաստան դարձավ նաև ՙմանուկ՚ անապատականության համար: Աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի այս օրրանը ճգնակեցական` ասկետիկ կյանքի որոշակի ավանդույթներ արդեն ուներ, ինչին նպաստում էր միստիկ մտածելակերպին հակվածության առկայությունը: Բարենպաստ նախադրյալներից էր նաև երկրի բնությունը. տաք ու չոր օդը, մեծ քանակությամբ խորշերն ու այրերը, ձկնառատ Նեղոսը, պտղատու ծառերի զգալի քանակությունը դյուրացնում էին անապատականների կեցության համեստ պահանջների բավարարումը և հնարավորություն տալիս նվիրվել հոգու զորացմանը: Անպատականության հայրը պաշտոնապես համարվում է Ս. Անտոն Անապատականը (251-356 թթ.): Ղպտի բարեկեցիկ ընտանիքի քսանամյա զավակը, Եկեղեցում լսելով կատարելության ձգտող հարուստ երիտասարդին Հիսուսի տված ավետարանական պատգամը. ՙԵթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի’ր քո ունեցուածքը ու տո’ւր աղքատներին. և երկնքում գանձեր կþունենաս. և դու արի’ իմ յետևից՚ (Մատթ. 19.21), վաճառում է իր ունեցվածքը, բաժանում աղքատներին, հեռանում հայրենի Կոմա գյուղից և նախ 15 տարի բնակվում մոտակա քարայրաձև մի գերեզմանում, իսկ այնուհետև բոլորովին հեռանում անապատի խորքում գտնվող մի լքված բերդ, ուր 20 տարի մարդու երես չի տեսնում: Նրա սրբության և հոգևոր զորության համբավը մեծ տարածում է գտնում, և աստիճանաբար նրա ապաստանի շուրջն սկսում են բնակություն հաստատել անապատական կյանքի ծարավ ունեցող բազմաթիվ մարդիկ: Տեղի տալով նրանց երկարատև թախանձանքներին` Ս. Անտոնն ի վերջո համաձայնում է դուրս գալ իր բերդից և դառնալ նրանց առաջնորդն ու դաստիարակը` իր բազմամյա փարձառությամբ բացատրելով ճգնողական կյանքի կանոները: Այսպիսով նա Պիսպիրում` Նեղոսի դելտայից հարավ ընկած շրջանում, հիմք է դնում ճգնակեցական մի կազմակերպված համակարգի և, պատմականորեն առաջին ճգնավորը չլինելով, դառնում անպատական կյանքի վրա մեծագույն դրոշմը դրած առաջին անձը և արժանանում ՙանապատականության հայր՚ կոչմանը: Անտոնին այցելող բազմաթիվ մարդկանց թվում էր անգամ Կոստանդիանոս կայսրը, սակայն ինքն Անտոնը մերժում է անապատը թողնելու և մայրաքաղաք գնալու կայսեր հրավերը: Մի քանի տարի ուսուցանելով իր հետևորդներին` Անտոնը քաշվում է անապատի ավելի ամայի խորքերը: Միայն երկու անգամ է Անտոնը թողնում անապատը և հայտնվում Ալեքսանդրիայում, առաջին անգամ 311թ.` Մաքսիմիանոս կայսեր դաժան հալածանքների ժամանակ` քաջալերելու քրիստոնյաներին, իսկ երկրորդ անգամ 351թ.` սատարելու ուղղափառ քրիստոնյաներին արիոսականների դեմ մղված պայքարում: Ս. Անտոնը վախճանվում է 105 տարեկան հասակում` մինչ այդ խնդրելով իր երկու աշակերտներին, որ իրեն թաղելուց հետո գաղտնի պահեն գերեզմանի տեղը: Անտոն Անապատականի կյանքը հետագա բազմաթիվ ճգնակյացների համար ուղեցույց էր ծառայում Ս. Աթանաս Ալեքսանդրացի հայրապետի գրած ՙԱնտոնի վարքը՚ երկի շնորհիվ, որը սրբի կյանքի պատմության հիմնական աղբյուրն է: Պահպանվել են նաև Անտոնին վերագրվող կանոներ անապատական կյանքի վերաբերյալ: ՙԱնտոնի վարքը՚ երկի շնորհիվ հայտնի է նաև մեկ այլ մեծագույն միայնակյացի` Պողոս Թեբայիդացու անունը, ում աստվածային տեսիլքով գտել էր Անտոնը, երբ 113-ամյա ծերունին բազմամյա ճգնակեցությունից հետո իր կյանքի վերջին պահերն էր ապրում: Դեռևս Անտոնի կենդանության ժամանակ Եգիպտոսում անապատական այլ կենտրոններ են սկսում երևան գալ: Առավել մեծ հռչակ են ստանում Ստորին Եգիպտոսի երեք մեծ անապատները` Նիտրիան, Սկիտեն և Քելլիան: Նիտրիան հիմնվել է մոտ 325թ., իսկ Քելլիան` 338թ. : Երկու անապատներն էլ հիմնվել են Ամոնիոսի առաջնորդությամբ: Սկիտեն հիմնվել է մոտ 330թ. ` Մակար Եգիպտացու կողմից: Այս երեք անպատներում ապրում էին կես-միայնակեցական, կես-վանական կյանքով: Շաբաթվա ընթացքում ապրում էին միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող խցերում, որոնց կենտրոնում գտնվում էր գլխավոր շինությունը, ուր հավաքվում էին միայն շաբաթ-կիրակի օրերին` միասին կատարելու Հարության ժամերգությունները, ինչպես նաև միասին ճաշելու և հոգևոր խոսակցությունների համար: Օրակարգը շատ պարզ էր. աղոթք և նյութական աշխատանքներ` լռության ու անդորրի մեջ ապրված խոնարհությամբ: Հնագույն աղբյուրների համաձայն` 4-րդ դարի երկրորդ կեսին Նիտրիայում ապրում էին հինգ հազար, Քելլիայում` վեց հարյուր, իսկ Սկիտեում` հինգ հարյուր անապատականներ: Մոտավոր հաշվարկներով կատարված այս տվյալները ընդգծում են մի կարևոր փաստ` անապատականության աննախադեպ աճը: Միայնակեցությունից վերջնականապես անցումը համատեղ կեցության` վանական կյանքի, իրականացավ Պաքոմիոս Մեծի շնորհիվ: Նա Նեղոսի Տաբենյան կղզում և Վերին Եգիպտոսի ափերին 314թ. հետո հիմնեց վանական կենտրոններ, ուր սկսեցին հավաքվել մեծ թվով անապատականներ` իսկական վանական քաղաքների վերածելով դրանք: Պաքոմիոսը գրեց վանական կյանքի առաջին կանոնները և, լինելով նախկին զինվորական, կարգապահական մեծ ամրություն հաղորդեց իր ստեղծած հաստատություններին: Նրա գրած կանոնները կարևորում էին առաջին հերթին աշխատանքն ու աղոթը, պարունակում էին հրահանգներ` կապված վանականների զգեստների, սննդի և քնելու հետ` մեծ զսպվածություն թելադրելով: Վանականներին արգելված էր թողնել վանքը, որի միակ դուռը հսկվում էր դռնապանի կողմից: Վանքերն արտաքին աշխարհից մեկուսացված էին բարձր պարիսպներով: Վանականերն օրը երկու անգամ մասնակցում էին ընդհանրական աղոթքի, իսկ շաբաթվա առաջին ու վերջին օրերին մատուցված Ս. Պատարագի ժամանակ Հաղորդություն էին ստանում: Իրենց համատեղ ապրուստը նրանք հոգում էին երկրագործությամբ, հյուսնությամբ, ջրաղացպանությամբ, կողովներ ու զամբյուղներ գործելով և այլ աշխատանքներով: Սեփական ոչինչ չկար. սնունդ և հագուստ ստանում էին ընդհանուր միջոցներից: Չնայած օրենքների խստությանը, դրանց հիմքում ընկած էր քրիստոնեական սերն ու ծառայելու փոխադարձ պատրաստակամությունը, ինչը վանահայրերն ապացուցում էին անձնական օրինակով: Ուստի այնքան մեծ էր Պաքոմիոսի ստեղծած վանական կյանքի ձգողականությունը, որ դեռևս նրա կենդանության օրոք վանականների թիվն անցնում էր յոթ հազարից: Պաքոմիոսը նաև հիմնեց կանանց առաջին մենաստանը, որի մայրապետը դարձավ նրա քույրը` Մարիամը: Հետագայում կանանց մենաստաններն ավելի մեծ տարածում գտան: Անապատականների սիրելի վայրերից մեկը դարձավ Սինա լեռը, ուր ավելի ուշ հիմնվեց Ս. Կատարինեի հռչակավոր վանքը: Եթե 4-րդ դարում անպատականության դասական կենտրոնը Եգիպտոսն էր, ապա 5-6-րդ դարերում այդ կենտրոնը տեղափոխվեց Պաղեստին: Դրան մեծապես նպաստում էր նաև 4-րդ դարի վերջից դեպի այդ երկիրը սկիզբ առած ուխտագնացության մեծ թափը: Դեռևս 4-րդ դարի առաջին կեսից Պաղեստինում անապատականությունն իր սկզբնավորությունն առավ Անտոնի աշակերտ Իլարիոն Գազացու շնորհիվ, ով կարճ ժամանակում Գազայում հազարավոր հետևորորդներ ունեցավ: Երուսաղեմից հարավ` Հուդայական անապատում, մեծ ճանաչում ձեռք բերեց Եպիփան Կիպրացին: Պաղեստինում մեծ տարածում գտան նաև կանանց մենաստանները: Հռոմեացի հարուստ ազնվականուհի Մելանյա Ավագը Ձիթենյաց լեռան վրա հիմնեց կանանց առաջին մենաստաններից մեկը: Բազմաթիվ նման մենաստանների հիմնադրումով նշանավորվեց նաև երկու այլ կանանց` Պավլայի ու Մելանյա Կրտսերի անունները: Պաղեստինյան վանականության առանձնահատուկություններից մեկը նրա էթնիկական բազմազանությունն է. ստեղծվում էին ինչպես հունական ու ասորական, այնպես էլ հայկական ու լատինական, իսկ ավելի ուշ` նաև վրացական վանական համայնքներ: Անապատականության մեծագույն հանգրվաններից էր նաև Ասորիքը` ներկայիս Սիրիան: Ասորական անպատականության նշանավոր դեմքերից էին Հակոբ Նիզիբիացին, Մար Ավգինը (Եվգենիոս), Հուլիանոսը և Եփրեմ Ասորին: Իսկ Սեբաստիայի հայազգի եպիսկոպոս Եվստաթեոսը հայտնի է իբրև Հարավային Պափլագոնիայի, Պոնտոսի և Հայաստանի վանական կյանքի հիմնադիր: Լիբանանից հարավ` մինչև Հայաստան, մեծ տարածում ունեին միայնակյաց ճգնավորները, որոնց ինքնազրկանքներն ու ճգնությունները երբեմն ծայրահեղ դրսևորումներ էին ստանում: Նրանք մարմինը չարչարող քուրձ էին հագնում,սնվում էին խոտերով, իրենց շղթայում էին ժայռերին, ապրում էին գուբերում և այլն: Ավելի ուշ զարգացավ սյունակյացությունը, երբ ճգնակյացներն իրենց կյանքն անց էին կացնում հատուկ սյուների վրա, ուր կարող էին միայն կանգնել կամ ծնկել` ապրելով բաց երկնքի տակ` բոլորովին անպաշտպան տարերքի հարվածների դիմաց: Սրանցից հատկապես նշանավոր էր Սիմեոն Սյունակյացը, որ իր կյանքի մեծ մասն անց էր կացրել շուրջ տասնութ մետրանոց սյունի վրա, որտեղից նա քարոզում էր իր հազարավոր հետևորդներին և բժշկում իր մոտ բերված հիվանդներին: Վանականությունը մեծ ծաղկում ապրեց Հայաստանին սահմանակից Կապադովկիայում` շնորհիվ կապադովկյան երեք մեծ հայրերի` Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուսացու: Բարսեղ Կեսարացին, որ դեռ վաղ հասակից հակված էր ճգնակեցության` շնորհիվ նման կյանքով ապրող իր մայր Էմիլիայի և քույր Մաքրինայի, ինչպես նաև Եվստաթեոս Սեբաստացու, մանրամասն ծանոթանալու համար Եգիպտոսի, Պաղեստինի ու Սիրիայի անապատականների կենցաղին` մեկնում է այդ երկրները և հարուստ փորձառություն ձեռք բերում: Պաքոմիոսից հետո նա դառնում է վանական կանոնադրություն գրած երկրորդ անձը: Նրա ՙՄեծ և փոքր վանական կանոնները՚ դառնում են արևելյան վանականության պաշտոնական կանոնադրությունը` մեծ արժեք ներկայացնելով նաև հետագայում արևմտյան վանականության համար: Բարսեղյան կանոնադրությամբ մեծ կարևորություն է տրվում վանականների հնազանդությանը վանահորը, որով վանականությունը ձեռք է բերում խիստ կազմակերպված բնույթ, ինչը կարևոր դեր է խաղում նրա հետագա զարգացման, տարածման և հարատևման մեջ: Արևելյան վանականության հետագա կարևորագույն կենտրոններից մեկը դառնում է Կոստանդնուպոլիսը, իսկ ավելի ուշ` մինչև օրս ուղղափառ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Աթոս լեռան վանքերը: Անապատականությունը դեպի Արևմուտք անցնում է մի փոքր ավելի ուշ` 5-րդ դարի սկզբին` արևելյան անապատականության ազդեցության շնորհիվ: Արևմտյան անապատականության հայրը համարվում է Հովհան Ոսկեբերանի աշակերտներից մեկը` Հովհաննես Կասսիանոսը, ով 415թ. Մարսելում հիմնում է Ս. Վիկտորի վանքը` մինչև կյանքի վերջը մնալով այդ վանքի վանահայրը: Արևմտյան անապատականության և վանականության ծաղկման մեջ մեծ երախտիք ունեն Հերոնիմոս Երանելին, Մարտինոս Տուրցին, Ամբրոսիոս Մեդիոլանցին, Օգոստինոս Երանելին, իսկ 6-րդ դարում Բենեդիկտոս Նուրչիացին գրում է արևմտյան վանականության պաշտոնական կանոնադրությունը, որով արևմտյան վանականությունը վերջնականապես ինքնուրույնություն է ստանում արևելյանից: Աստիճանաբար ստեղծվում են արևմտյան վանականությանը առանձնահատուկ միաբանությունները` օրդենները, որոնք առանցքային դեր են ստանձնում Կաթոլիկ եկեղեցու գործունեության մեջ: Վանականությունն Արևելքում համընդհանուր կերպով իր ծաղկման գագաթանակետին մնում է մինչև 12-րդ դար, որից հետո այն սկսում է թուլանալ, իսկ Բյուզանդական կայսրության անկումից հետո վերջնականապես առանձին բեկորների է վերածվում` զուտ տեղային բնույթի դրսևորումներ ստանալով: Արևմտյան վանականությանը մեծ հարված են հասցնում Վերածննդի ու Բողոքականության առաջացումը և Ֆրանսիական հեղափոխություն հետևանքով հասարակական մտայնության համընդհանուր աշխարհիկացման գործընթացը: Անապատականությունը թեպետ առաջացավ առանձին անհատների ինքնաբուխ նախաձեռնությամբ` Եկեղեցու նվիրապետական իշխանության ամիջական ներգործությունից թերևս մի փոքր անկախ, սակայն այն երբեք չվերածվեց Եկեղեցուց դուրս առանձին շարժման: Միայնակեցական անապատականների` անհատական կատարելության քրիստոնեական իդեալին գումարվեց նաև վանականների` հավաքական կատարյալ կենսակերպի իդեալը` իբրև օրինակ ունենալով քրիստոնեական առաջին համայնքներում իշխող փոխադարձ եղբայրասիրության և ծառայության ոգին: Այն կարելի է բնորոշել իբրև Երկնքի Արքայության` երկրի վրա հոգևոր խորհրդանիշն իրական կյանքի վերածելու գործընթաց: Վանականությունը սերտորեն ներգրավվեց նվիրապետական համակարգի մեջ` առաջացնելով կուսակրոնության ինստիտուտը: Վանքերում զարգացավ նաև Եկեղեցու պաշտամունքային ծիսակարգը` հակապես ամենօրյա աղոթաժամերի` ժամերգությունների համակարգը: Իբրև զուգահեռ բարիք` վանքերում ծաղկում ապրեց նաև քրիստոնեական մշակույթը: Վանքերը դարձան գիտակրթական և մշակութային օջախներ` մեծ առաջընթաց ապահովելով քրիստոնեական գրականության, արվեստի և գիտական տարբեր համակարգերի համար: Մեր օրերում ևս, թեպետ ոչ երբեմնի հզորությամբ, վանքերը շարունակում են իրականացնել կարևոր առաքելություն` թե նպաստելով հոգևոր սպասավորների պատրաստությանը և թե հանդիսանալով մշակութային ուրույն կենտրոններ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.