Jump to content

Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...


Recommended Posts

Սիրո ներգաղթ եմ հայտարարում

Ժանեկագործ,

Աստղածածան

Իմ հույզերը վարար

Դեռ նեկտարի նման

Օշարակ են թորում…

Թմրում են ցավերս կարոտի,

Երբ ջերմածին ձգտումներս

Ընդդեմ մերժումի

Ու հանուն սիրո

Շիկանում են դարձյալ

Երազաթև,

Հեքիաթահար

Իմ հույզերից վարար…

Մենակ եմ,

Դառնաղավաղ

Անհավատ,

Ահույս

Ու կարոտահար

Սպասումից կիսակորսված…

Մեղրոտ մատներս

Էլ ու՞մ շուրթերին պիտի հպեմ,

Եվ կրծքոտ կրծքիս

Ո՞վ կհենի գլուխ,

Ու՞մ վարսերը պիտի տարփեն

Բռովս մեկ…

Եվ ու՞մ շուրթերը պիտի

Նորից սերս հեգեն…

Էլ ո՞նց պիտի

Ափով անունս տան

Ծափ տան շրթիս շրթով,

Ու թևերս որպես ճոպան

Կոնքեր բարուր անեն…

Էլ ո՞վ պիտի ինձ հանդուրժի

Որ մատներս նորից

Դաշնակահար դառնան

Ողնաշարի վրա`

Ակորդները նրա

Մեկիկ, մեկիկ

Հնչեցնելով:

Էլ ո՞վ ինձ կվստահի

Ճերմակահաս պարանոցին

Շրթակնիք դաջեմ,

Միրգ-այտերը կճպեմ շրթունքներով…

Էլ ո՞վ պիտի թարթի

Իմ կոպերը անթարթ

Սեփական երազներով,

Թարթիչներով մաքրի

Այտերիս փոշին կարոտամեռ,

Ու ճակատով քունքիս զոդի

Քնահարամ հրճվանքս գիշերագես…

Էլ ու՞մ այտափոսերը պիտի

Բերնեբերան լցնեմ համբույրներիս

Եռման ջերմաստճանով,

Ու ժպտալուց` շրթանկյունի

Սրությունը չափեմ

Շրթունքներիս թացությունով:

Ախ, ո՞վ պիտի թույլ տա նորից

Լույս աչքերը մթնեմ

Իմ անկշտում զույգ ափերով,

Հարություն տամ իմ մեղքերին

Ու հյուր գնամ դեպի դրախտ

Պարանոցի արահետով…

Լույսեր հեղեմ բոց ճակատին,

Փաղաքշանքներ ցանեմ մարմնով մեկ,

Թևաբախում զգամ սպիոտ մեջքիս,

Ձեռքեր-աղավնիներ հպումներից...

Ո՞նց պիտի ես դաստակներիս

Դողը կարճեմ ինչ-որ մեկի

Գիրգ կոնքերի ձգողությամբ,

Համբյուրներս փակագծեմ

Համբյուրների կայտառությամբ:

Ու չակերտեմ քնքշությունս

Նշաններով դունչ-ճակատի…

Ու ծնկներս էլ ո՞նց պեղեն

Ինչ-որ մեկի ազդրերը,

Ո՞նց հոտոտեն լանջը նրա

Ջերմ ափերիս գորովները:

Էլ ու՞մ ուսին թուխս նստեցնեմ

Ես ձեռքերիս տենչանքները,

Ու ակոսեմ դնչով ի ցած

Թուլությունս համբուրելու…

Ու՞մ արցունքները կաթոտ

Պիտի ծորան իմ այտերով`

Ինձ ստիպելով զղջալ

Չարածներիս համար…

Ո՞նց արարեմ` մենակ եմ…

Սակայն

Շնչակտուր,

Սիրակոտոր

Հոգուս թևի վրա

Կարոտները նախշ են հյուսում…

Ու՞ր է կանչիս զիլ շեփորը…

Սիրո ներգաղթ եմ հայտարարում…

Link to post
Share on other sites

Ո՞ր բառն ես ուզում

Քո ամեն մտքից, բառերից նույնիսկ,

Միշտ էլ կարող եմ շարունակ խոսել,

Զարգացնել միտքդ, բառդ ձգձգել

Ու ճկել տանել իմ ուզած տեղը...

Դու մի՛ նեղանա`

Հաճախ շատերը ասված բառերը

Լռությամբ սպանում ու սատկացնում են,

Ի՞նչ է, ամո՞թ է,

Երբ չասվածներն էլ կյանքի եմ կոչում:

Բայց դու ինձ համար չանհանգստանաս`

Ես նաև գիտեմ, որ կյանքի կոչված

Բառերիս կյանքի տևողությունը

Քո ձեռքերում են...

Բայց չեմ ուզում` դու

Դրանք պարզապես մտքերի վարժանք,

Բառախաղ, հանգածին մոլուցք համարես

Ու արհամարհես դրանց իմաստը:

Տողախաղերի, վանկաբանության

Մեծ դասընթացը վաղուց եմ մարսել,

Կարող եմ խաղալ, ինչքան ուզենաս,

Գլուխ չեմ գովում:

Թե կուզես, մի քիչ, կարող եմ ցույց տալ

Աճպարարության իմ հնարքները...

Ո՞ր բառն ես ուզում մի քիչ չլմլեմ

-«Արև՞ը», «սե՞րը», թե՞ «ծիածանը»

Բայց սրանք մեղք են, շատ են տանջվել...

Արի քչփորենք «քարերը» մի քիչ`

«...Այդ քարացած քարերը հանկարծ

Խելագարվեցին բահի հարվածից,

Որը հերկվորը խրել էր հողին,

Որ կարողանա ճակատից սրբել

Հանապազօրյա քրտինքը աղի,

Քարերը մի պահ բարկացան անգամ

Զնգոցներից բահի հարվածի,

Բայց երբ գյուղացու քրտինքը կաթեց,

Նրանց սառնարյուն քարոտ ճակատին,

Նրանք հասկացան գյուղացու ցավը,

Իրենցը ոչինչ չարժեր նրա դեմ....»

Արի հիմա էլ... լավ ինքդ ասա`

Դե՞… Ո՞րն ես ուզում,

Սեղանիս դրված «բաժա՞կը» գուցե

«...Սրճարանների սպասքերի բովոմ,

Երբ ժողովվում են նրանք միասին

Պատրաստ լոգանքի, որ նորից գնան

Հաճախորդներին հաճոյանալու,

Մի սուրճի բաժակ, սակայն թաքնվել

Ու չէր ցանկանում կրկին մաքրվել,

Նա մաքրասեր էր բոլորից էլ շատ,

Սակայն քիչ առաջ նրա շրթունքին,

Դիպել էր սիրուն անմեղ պչրուհու

Ստորին շրթունքը`

Դե ոնց նա կուզեր, կորցնել իր թանկ

Հիշողությունը...»

Իսկ հիմա, ո՞րի միտքը երկարեմ,

Թե հավատում ես,

Լավ, դե հերիք է,

Ըմբոստանում են մատներս արդեն:

Դե սա էլ մի քիչ Աստծո ուղարկած

Համեստ շնորհն է,

Բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս,

Հենց նույն բաժակը ոչինչ էլ չարժէ,

Թե այն չի լցվում կազդուրիչ գինով,

Ու նույն քարերը շատ էժան արժեն

Թե տան պատերից մեկը չեն կազմում...

Եվ իմ այս համեստ շնորհն էլ դարձյալ

Մի գրոշ չարժէ, թե չի սնելու անկեղծությունս,

Եվ եթե «չզգամ»...ինչպե՞ս կգրեմ

Ինչպե՞ս ցույց կտամ իմ անրադարձը:

…Բայց դու մի՛ շտապիր,

Ես այնքա~ն քիչ եմ դեռ անրադարձել…

Link to post
Share on other sites

Որ ինձ հասկանաս…

Որ ինձ հասկանաս,

Որ ինձ ճանաչես,

Հարկ եմ համարում հենց հիմա ասել

Թե ով եմ արդյոք մասնագիտությամբ...

Բայց, ցավոք սրտի, մի քանիսն ունեմ.

Առաջին հերթին

Մասնագիտությամբ «աղանդավոր» եմ.

Դեռ մորս փորում հավատացել եմ,

Որ աշխարհում կան լուսածինները…

Ու այդ լույսերի անսպառ պարտեզում

Պիտի հարբեի մի օր անպատճառ…

Ես հետո նաև

Մասնագիտությամբ շատ «բախտավոր» եմ.

Չեմ փնտրում երբեք, բայց պատահում եմ

Միշտ լավ պատառի…

Ու երբ կորցնում եմ, հետո անպատճառ

Ավելի լավին կրկին հանդիպում...

(Շատ մոտ վերջերս այդ ասպարեզում

Դոկտորի կոչման ես արժանացա…)

Եվ վերջում մի քիչ

Մասնագիտությամբ «ոգևորվող» եմ.

Ոգևորվում եմ անգամ նրանով

Ինչը դեռ չունեմ...

Ու անվեջ շատ են հատկություններս,

Բայց դրանց մասին

Թու՛յլ տուր ինձ` քիչ-քիչ...

Link to post
Share on other sites

Չէ, չեմ հեգնում… շոշափում եմ լռությունդ

Ես պարապ-սարապ նայում եմ քեզ…

Դու չգիտես որտեղ թաքցնես հայացքիդ

Իրական արտահայտությունը,

Որ կեղծը հագիդ լավ լինի,

Բայց ես արդեն որսացել եմ

Եղած-չեղածդ,

Որի մեղավոր լռությունը չեմ կարդում,

Բայց ցույց եմ տալիս,

Թե անգիր գիտեմ,

Որովհետև ինձ այդպես էլ չլքեց

Մարդկանց դրության մեջ մտնելու հատկությունս…

Դու էլի չես հասկանում ժեստս,

Որ գնահատես այն,

Բայց չես զլանում դարձյալ բողոքել,

Որ ե՛ս քեզ չեմ հասկանում:

Գնալով անտանելի չի դառնում քո այս

Թոքաբորբ լռությունը,

Որովհետև

Դու արդեն մի բուռ աղմկաբեր

Հաբ ես կուլ տվել,

Որը չի օգնում…

Երևի անգամ

Ուզում ես ապտակել,

Բայց դու դա չես անի,

Որովհետև դեռ կարծում ես,

Որ ապտակելուց

Այտերիս ձոնված

Քո համբյուրները կթափվեն

Ու կկոտրվեն.

Էլի քո մասին ես մտածում:

Երևի մինչ այս ամենը ենթադրել ես,

Որ պարապ-սարապ լռությունը

Կփոխարինվեր նույնքան

Պարապ գրկսեղմումով`

Թեև ոչ պաշտոնական,

Բայց գոնե ձևական:

Ու դու ստիպված չէիր լինի

Համտեսել ամենօրյա հնությամբ լռություն:

Ու մենք կբաժանվեինք ընդհամենը

Մտածված հոգոցներ փսխելով…

Էլի քո մասին ես մտածել:

Իսկ գիտես, թե ես ի՞նչ եմ մտածել:

Ես մտածում էի, որ դու չէիր գա,

Որովհետև չէիր վախենա

Անդառնալի կորող սնափառությանդ համար…

Դե՞, ինչու՞ ես լալիս:

Էլի՞ քո մասին ես մտածում…

Link to post
Share on other sites

Մեջբերում «Գրքի» Շապիկից

Ես ծնվածս օրվանից Գառնիկ Սարգսյանն եմ:

Վկան` տողերս ու Դուք:

Ես բանարար եմ կամ բանարարող,

Բայց բանարարությամբ դեռ չեմ կարողանում հացս վաստակել:

Գրելը չեմ սկսել ոչ վաղ, ոչ էլ հասուն տարիքից.

Ես պարզապես շարունակող եմ,

Որովհետև սկիզբն ունի վերջ, իսկ ինձնից հետո

Ինձ էլ են շարունակելու...

Ես դեռ չունեմ հրատարակած բազում գրքեր հետևալ վերնագրերով.

«Մարդաշունչ», «Ի քեզ», «Թռչող կամուրջներ»,

«Նրա ժպիտը ոնց էլ շուռ տաս, ժպիտ է էլի»,

«Կանայք կին լինելու համար են»,«Արցունքի քրքիջը»,

«Նիհար գարուն», «Որդեգրված հայրենիք»,

«Վերջի ծնունդը», «Միջանկյալ սեր»... և այլն:

Հետևաբար այս ամենից հետո, ես չեմ էլ թարգմանվել

Աշխարհի ամենատարբեր ու բազում լեզուներով, նույնիսկ մեռած:

Ու զարմանքով եմ նայում բոլոր նրանց,ովքեր նախանձով են նայում

Ինձ առաջին անգամ ընթերցողին:

Էլի հետևաբար չունեմ խցան մրցանակներ ինձ շնորհված`

Հյուսված դափնիներից կամ սաղարթներից:

Չունեմ Միջտիեզերական Տարօրինակ Գույնի Պատվոգրեր:

Իմ բանարումները մինչև հիմա դուրս չեն եկել

Ինչ-որ երկրների կամ ժամանակների սահմաններից,

Որովհետև ես ի սկզբանե ոչ մի սահմանների մեջ չեմ եղել:

Ես չեմ հանդիսանում

Համաշխարհային Գրազգացումների Ակադեմիայի Պատվավոր Անդամ:

Եվ չեմ ղեկավարում Վերացող Հռչակավոր Միություններ,

Որովհետև ես չեմ տառապում այն հիվանդությամբ,

Որից ինքնասիրությունը փոխակերպվում է եսասիրության:

Ու զարմանում եմ, թե մարդ ո՞նց կարող է խանդել ինքն իրեն...

Ես չեմ հանդիսանում Նոբելյան Մրցանակի առաջադրված

Բազմահազար գրողներից մեկը:

Ու տեսնես, քանի՞ գրող կա աշխարհում...

Չունեմ նաև ոչ մի տիտղոս և Հերթական Գիտական Աստիճան:

Եվ իմ մասին սիրով ու մեծարանքով

Չի արտահայտվել ոչ մի նշանավոր անձ,

Որովհետև նման անձիք չունեն դրա կարիքը:

Ու դարձյալ հետևաբար ես չեմ դասախոսել

Ոչ մի Թագավորական Ակադեմիաներում,

Որովհետև ես չգիտեմ կաշառվել:

Եվ վերջապես` ոչ միայն այսքանը...

Ես Գառնիկ Սարգսյանն եմ` բանարար...

Կամ ինչպես երբեմն ոմն մեկն է ասում ինձ` ԽելաԳառնիկը...

Ամենից շատ այս աշխարհում ուզում եմ մայրս միշտ առողջ լինի,

Որ հայրենիքումս անսասան խաղաղություն լինի,

Որ դեռ չծնված զավակիս դեռ իմ չճանաչած մայրը

Ժպտա հատուկ ինձ համար գոյություն ունեցող ինձ կազդուրող ժպիտներով...

Ահա և ոչ բոլորը...

modify_inline.gif

Link to post
Share on other sites

Սիրտս բացել եմ

Սիրտս բացել եմ,

Գալիս ե՞ս, դե ե’կ,

Կուզե՞ս քո գալու ճանապարհներին

Մաշված ափերս որպես ուղեգորգ

Փռեմ ոտքիդ տակ,

Մատներս սանդուղք սարքեմ քեզ համար,

Աչքերս` լապտեր,

Բերանս` զանգակ,

Որ չմոլորվես,

Որ չվախենաս ճանապարհների ավերակներից…

Սիրտս բացել եմ ահա քո առաջ,

Եվ որպես սրտիս մի նոր բնակիչ

Դու մտիր այնտեղ,

Ոչ որպես կրկին մի իջևանող,

Ով ներս է մտել իր ցրտահարված

Սիրտը տաքացնի, նորից հեռանա…

Դու այնտեղ մտիր տանտիրոջ նման…

Սիրտս բացել եմ…

Ոչ թե երդիկից,

Հենց դռնից մտիր,

Ներս արի, նստիր:

Ծունկս քեզ աթոռ,

Կուրծքս` հենարան,

Հոգիս` թթվածին…

Դե հիմա, պատմիր,

Տեսնեմ շաղ տված մարգարիտներս

Ճանապարհների ցեխից ու կեղտից

Շա՞տ են խունացել…

Որ էլ շաղ չտա՞մ,

Եթե ուզում ես ամուր բռնվիր մարգարտաշարից,

Որ չխճճվես ավերակներիս լաբիրինթոսում,

Ու … Գալդ Բարի

Սիրտս բացել եմ…

Գալի՞ս ես, դե ե’կ…

Link to post
Share on other sites

Գարունն ինձ ընդառաջ

(Խորհուրդ է տրվում փայփայել թարմ ու լուսավոր սրտերում

և կարդալ գարնան թույլտվությամբ, իմ ձայնով ու իմ շնչառությամբ…)

Ես զբոսնում եմ գարնան երկայնքով…

Եվ գարունը գայթակղված իմ զբոսանքով

Ոգևորվում է էլ ավելի ու էլ ավելի է մոտենում ինձ…

Ես թերթում եմ գարնանային թարմ արևաթափը ներբաններով,

Եվ ոտնահետքերս փշաքաղվում են գարնան անմիջականությունից…

Զբոսանքս դանդաղում է ոտքերիս տակ

Եվ արագանում գլխիցս վեր…

Ես հիշում եմ գարնան մոր ժպիտը

Եվ ակամայից ինքս էլ ժպտում…

Դա օգնում է, որ գարունը սրտապնդվի

Ու սկսի ինձ դուր գալու փորձեր անել…

Ես արձակում եմ երազանքներիս կոճակներն

Ու հանում հրեշտակների փետուրներից

Գործված գուլպաներս…

Գարունը պղպջում իմ աչքերում

Ու սերը խելապատառ նետվում է գիրկս…

Գարունը հարբած իմ հոգեթուրմով

Փարվում է գրծքիս…

Ես գերազանցում եմ գարնան բոլոր սպասելիքները,

Ու նա փշաքաղվում է իմ ներկայությունից…

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...