Jump to content

Ռափայել Պատկանյան


Recommended Posts

Ռափայել Գաբրիելի Պատկանյան, ծնվել է 8.11.1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), , գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում:

Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում:

1943-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում:

1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում: Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը:

Առաջին ստեղծագործությունները՝ "Պանդուխտ հայ ի Փարեզ", "Առավոտյան երգ շինակաց", "Երեկոյան երգ շինակաց", "Հայոց գինի", "Թիֆլիսի քեֆ" ևն լույս են տեսել 1850-51-ին "Արարատ" շաբաթաթերթում:

1852-ին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քատիպա ընկերությունը: 1855-ին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ "Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են" բնաբանով: Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել "Արաքսի արտասուքը", "Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը" ստեղծագործություններում: Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա: Валерий Брюсов: «Ее [поэзии Патканяна] основная сила в чувстве высокого патриотизма, в той огненной и бескорыстной любви к родному народу, которая выражается не в одних дифирамбах, но и в горьких сатирах. Истинная любовь не чуждается гнева и даже ненависти, и именно потому веришь в глубину любви Патканяна...»

Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նայև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով:

Վախճանվել է 26.8.1892-ին, Նոր Նախիջևանում:

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Արի', ի'մ սոխակ, թո'ղ պարտեզ մերին,

Տաղերով քուն բե'ր տըղիս աչերին.

Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի' գալ.

Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե'կ, աբեղաձա'գ, թո'ղ արտ ու արոտ,

Օրորե' տըղիս, քընի է կարոտ.

Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի' գալ,

Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո'ղ դու, տատրակի'կ, քու ձագն ու բունը,

Վուվուով տըղիս բե'ր անուշ քունը.

Բայց նա լալիս է, տատրակի'կ, մի՜ գալ,

Իմ որդին չուզե սըգաոր դառնալ:

Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր,

Շահի զըրուցով որդուս քունը բեր.

Բայց նա լալիս է, կաչաղա'կ, մի' գալ.

Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո'ղ որսըդ, արի', քաջասի'րտ բազե,

Քու երգը գուցե իմ որդին կուզե...

Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,

Ռազմի երգերի ձայնով քնեցավ:

Link to post
Share on other sites
  • 9 months later...

ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՆՔԸ

Նվեր Գևորգ Քանանյանին

Մայր Արաքսի ափերով

Քայլամոլոր գընում եմ,

Հին-հին դարուց հիշատակ

Ալյաց մեջը պըտրում եմ:

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,

Պըղտոր ջըրով եզերքին

Դարիվ-դարիվ խըփելով

Փախչում էին լալագին:

Արա'քս, ինչո՞ւ ձըկանց հետ

Պար չես բռնում մանկական,

Դու դեռ ծովը չի հասած

Սըգավոր ես ինձ նըման:

Ինչո՞ւ արցունք ցայտում են

Քու սեգ, հըպարտ աչերից,

Ինչո՞ւ արագ փախչում ես

Այդ հարազատ ափերից:

Մի' պըղտորիլ հատակըդ,

Հանդարտ հոսե' խայտալով,

Մանկությունը քու կարճ է՝

Շուտ կհասնիս դեպի ծով:

Վարդի թըփեր թո'ղ բըսնին

Քու հյուրընկալ ափի մոտ,

Սոխակները նոցա մեջ

Երգեն մինչև առավոտ:

Մըշտադալար ուռիներ

Սառ ծոցի մեջ քու ջըրին,

Ճկուն ոստըն ու տերև

Թող թաց անեն տապ օրին:

Ափերիդ մոտ երգելու

Հովիվք թո'ղ գան համարձակ,

Գառն ու ուլը քու վըճիտ

Ջուրը մըտնին միշտ արձակ:

Մեջքը ուռցուց Արաքսը,

Փրփուր հանեց իր տակից,

Ամպի նըման գոռալով,

Էսպես խոսեց հատակից.

- Խիզա՜խ, անմի'տ պատանի,

Նիրհըս ինչո՞ւ դարևոր

Վրդովում ես, նորոգում

Իմ ցավերը բյուրավոր:

Սիրելիի մահից հետ

Ե՞րբ ես տեսել, որ այրին

Ոտից գըլուխ պըճնվի

Իր զարդերով թանկագին:

Որի՞ համար զարդարվիմ,

Որի՞ աչքը հրապուրեմ,

Շատերն ինձ են ատելի,

Շատերին՝ ես օտար եմ...

Կար ժամանակ, որ ես էլ,

Շըքեղազարդ հարսի պես,

Հազար ու բյուր պըչրանքով

Փախչում էի ափերես:

Հատակըս պարզ ու վըճիտ,

Կոհակներըս ոլորուն,

Լուսաբերը մինչև այգ

Ջըրիս միջին էր լողում:

Ի՞նչըս մընաց էն օրից,

Ո՞ր ջըրամոտ գեղերըս,

Ո՞րը իմ շեն քաղաքից,

Ո՞ր բերկրալի տեղերըս:

Տուրքը ջըրի ամեն օր

Իր սուրբ ծոցեն Արարատ

Մայրախընամ ինձ սընունդ

Պարգևում է լիառատ:

Բայց ես այն սուրբ ջըրերով,

Սուրբ Ակոբի աղբյուրին,

Պիտի ցողեմ արտորա՞յք

Իմ ատելի օտարին...

Մինչ իմ որդիք,- ո՞վ գիտե-

Ծարավ, նոթի, անտերունչ

Օտար աշխարհ հածում են

Թույլ ոտքերով կիսաշունչ...

Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին

Բընիկ ազգըն իմ Հայկյան,

Նորա տեղը ինձ տըվին

Ազգ անկըրոն, մոլեկան:

Դոցա՞ համար զարդարեմ

Իմ հյուրընկալ ափերը,

Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ

Ճըպռոտ, պըլշած աչերը:

Քանի որ իմ զավակունք

Այսպես կու մընան պանդուխտ՝

Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,-

Այս է անխաբ իմ սուրբ ուխտ...

Էլ չի խոսեց Արաքսը,

Հորձանք տվեց ահագին,

Օղակ-օղակ օձի պես

Առաջ սողաց մոլեգին:

Link to post
Share on other sites
  • 3 months later...

chgitem ka ardyoq espisi tema? ete ka ,kxndrey miacnel!...knereq anushadrutyan hamar,,aysqan@ inchqanov porceci stugel chkaroxaca .. :bye:

:flower: ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

patkanyan.jpg

1830-1892

Հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ։ Ծնվել է նոյեմբերի 8-ին Նոր Նախիջևանում։ Սկզբնական կրթությունն ստացել է հոր՝ Գաբրիել Պատկանյանի, դպրոցում: 1843—49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել Թիֆլիս: Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել 1850—51-ին «Արարատ» շաբաթաթերթում:

1851-ին սովորել է Դորպատի համալսարանում, ապա ընդունվել Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1852-ին ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է Գամառ-Քաթիպա ընկերությունը: Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854-ին տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ. ֆակուլտետի հայ-վիրա-թաթարական բաժինը: 1855-ին լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով...

Link to post
Share on other sites

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պատկանյան Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա (8.11.1830, Նոր Նախիջևան — 26.8.1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Գ. Պատկանյանի որդին:

Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843—49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել է Թիֆլիս:

Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել 1850—51-ին «Արարատ» շաբաթաթերթում: Առաջին պոեմում Պ. հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները: Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի:

Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է:

1851-ին Պ. սովորել է Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու, վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով հագեցած բանաստեղծություններ («Հայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»): 1851-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակ-ը:

1852-ին ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է Գամառ-Քաթիպա ընկերությունը: Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854-ին տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ. ֆակուլտետի հայ-վիրա-թաթարական բաժինը: 1855-ին լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով: Պ. ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը» (1856), «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856) ստեղծագործություններում:

1857-ին Պ. դարձել է Մ. Բադաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից:

1857—62-ին գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի...», «Նապոլեոն Բոնապարտ», «Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դև Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին: 1863—64-ին հրատարակել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտի դրվագները:

1866-ին մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնա-կրթական աշխատանքներին զուգընթաց, ստեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղափարներ, որոնք արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիւլզատե» պատմվածքներում և «Նոր Նախիջևանի քնար» (1878) ժողովածուում:

1875-ին թուրք բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել Պ-ին, և նա գրել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը:

Բեռլինի կոնգրեսից (1878) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին Պ. շարունակել է ստեղծագործել նույն ոգով: 1880-ական թթ. ստեղծել է «Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ անձնազոհ հերոսին:

1880-ին Պ-ի ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական գիտելիքներին զուգընթաց, տիրապետելու արհեստների, ստանալու անվճար սնունդ ու հագուստ: Պ. մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը: Այդ տարիներին նա գրել է մի շարք դասագրքեր («Մայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմություն»), «Մեր տեղի ծակլաբունները» պատմվածքը, որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին, խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց: 1880-ական թթ. կեսերին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել ստեղծելու «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը համայն հայությանը կոչ է արել զորավիգ կանգնել հայրենիքի փրկության գործին:

Պ. Նոր Նախիջևանի բարբառով գրել է նաև երգիծական պատմվածքներ, որոնցում ներկայացրել է բուրժ. հարաբերությունների զարգացման հետևանքով փլուզվող հայ համայնքի պատկերը («Օձի խածածը», «Շատերեն մեկը», «ՒԽոռթլախը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսոլխին Ավագը», «Խ՚ապաաթը վորի'նն է» ևն):

______________

Երկ. Ընտ. երկասիրություններ, հ. 1—3, ՍՊԲ, 1893-1904: Երկ. Ժող., հ. 1—8. Ե., 1963—74:

Գրկ. Մուրադյան Հ., Ռափայել Պատկանյան, Ե., 1956: Սիմոնյան Ռ., Ռափայել Պատկանյան: Գեղարվեստական արձակը, Ե., 1956: Վարդունի Լ. Մ., Ռափայել Պատկանյանր մանկավարժական գործունեությունը և ասույթները, Ե., 1966: Սաղյան Մ., Ռափայել Պատկանյան. կյանքը և գործը, Ե., 1980: Оհանյան Ա., Ռափայել Պատկանյանի հրապարակախոսությունը, Ե., 1981:

Մ. Սաղյան

Link to post
Share on other sites

ՍԻՐՈ ԵՐԳ

Սիրելիք, օգնություն հասե'ք,

Նաչար գլխիս ճար տեսե'ք,

Սրտումս է սիրո բոցը,

Շատ խոր է նորա խոցը,

Հանգցնելու հնար չի կա,

Լավցնելու ճար չի կա։

Բաղչից վարդ քաղել ուզեցի,

Փըշով ձեռքըս ծակեցի,

Անհույս սիրով վառված եմ,

Բռնավորից դաղված եմ.

Աշխարհ աչքիս սևցել է,

Հոգիս մեջը դևցել է.

Ժամ, պատարագ, սրբություն

Ինձի էլ չեն փրկություն։

Աշխարքումըս մի կին էլ

Յարիս թայը չի ծընել.

Ո՛չ Սարրա, ո՛չ Շամիրամ՝

Իլել են Զանանիս նըման.

Երկեն բոյը չինարի,

Ինքը տասնըվեց տարի.

Նախշուն աչքը ջեյրանի,

Քեզ պաչողին երանի~,

Ո՛չ Հուդիթ և ո՛չ Եսթեր

Ունեցել են քու թուխ ունքեր,

Սիրուն, նազելի Զիանան,

Աշխարքումըս աննըման։

Ո՞ր թագավոր քու սերեն

Վեր չի գալ յուր աթոռեն,

Ծընկովըդ չի փաթաթվիլ,

Քու սերը չի պաղատիլ։

Աշխարքումըս չե՛ բախտը

Նստել արքայի թաղդը.

Չեմ ուզում ես գանձ ու թագ,

Տվե՛ք անձկալվույս մենակ,

Ոտնախողիդ ես ղուրբան,

Անգին գոհար, իմ Զանան։

Link to post
Share on other sites

ՄՇԵՑՈՑ ՆՈՐ ՍԵՐՈԻՆԴ

Երբոր մայրը երկունքով

Աշխարհ բերե երեխա,

Հայրը որդուն մի սըրած

Պիտի դաշույն տա ընծա։

Երբ երեխան մեծանա,

Խաղալիկներու փոխան՝

Հայրը ձեռքը պիտի տա

Մի մահաբեր հըրացան։

Երբոր տըղին վարժատուն

Գա ժամանակ երթալու,

Նախ՝ սուր խաղցնել, և ապա

Պիտ սովրեցնունք կարդալու*

Կարդալ-գըրել լավ բան է...

Բայց որ հասավ քննություն՝

Աշակերտին հարցուցե'ք —

Վոթել գիտե՞ նա արյուն։

Լոկ դուք այսպես հուսացեք

Փըրկել խղճուկ Հայաստան...

Ազատ, անկախ մարդ երբեք

Լինելու չէ՛ մուրացկան։

1855

Link to post
Share on other sites

ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,

Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,

Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,

Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,

Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,

Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,

Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին

«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.

Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,

Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,

Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,

Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,

Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։

Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,

Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —

Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,

Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,

Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.

Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,

Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,

Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.

Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,

Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...

Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ

Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,

Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,

Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։

Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,

Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,

Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ

Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,

Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,

Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,

Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։

Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,

Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:

Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,

Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։

Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,

Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.

Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,

Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։

Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,

Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,

Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,

Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։

Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,

Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։

Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,

Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։

Link to post
Share on other sites

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Քո՛ւն էղիր, պալաս, աչքըդ խուփ արա՛,

Նաշխուն աչքերուդ քուն թող գա վըրա,

Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,

Իմ (այս անունին) քունը կը տանի։

Օսկի խաչ վըզիդ՝ քեզի պահապան,

Նարոտ կապիլ է ծարեն տեր-պապան.

Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,

Իմ (այս անունին) քունը կը տանի։

Մավի հիլուններ կախիլ իմ ես ալ,

Նազար չիս առնուլ, քո՛ւն էղիր, մի՛ լալ,

Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,

Իմ (այս անունին) քունը կը տանի։

Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը

Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.

Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,

Իմ (այս անունին) քունը կը տանի։

Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,

Մըղկըտան ծանով սիրտըս չի մաշիս,

Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,

Իմ (այս անունին) քունը կը տանի։

Դուն ալ քո՛ւն էղիր, ինծի ալ քուն տուր,

Սուրբ աստվածամայր (այս անունին) քուն տուր։

Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,

Իմ (այս անունին) քունը կը տանի։

1857

Link to post
Share on other sites

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ

ՀԱՅ ԱՂՋԻԿ

Շուշա՛ն, շուտով դեմքըգ ծածկե', ձյուն դու թվի՛ր մըրոտած.

Տե'ս, սիգաճեմ ման է գալիս հալ աղջիկը մեր կըրթած.

Վարդի գույնը уж не в моде: то-ли дело бледный лик!

Այստեղումը бледный են դիփ հա՛մ աղջկունք, հա՛մ կնանիք:

Ի՞նչ է գաղտնին бледныйության, այդ հայտնի չէ' ոչ ոքին,

Միայն կասեն, որ շատուց է կավիճն ունի բարձըր գին։

Առավոտ է, մեր աղջիկը հայլիից չի հեռանում,

Նորա ծընողք այսօր ճաշի гвардеец են ըսպասում,

Гвардеец է, լա՛վ միտք արեք, Հայ չէ՝ անշնորհ ու տըգետ,

Гвардеец է՝ փայլուն շորով, ուսին դըրած эполет.

Տուն կըմտնի, գըլուխ կըտա այնպե՜ս սիրուն, շնորհաշուք,

Որ մեր կըրթած հայ աղջըկա սիրտը կանե тук-тук-тук!

էնդուր համար նա հայլիից օրն ի բուն չի պուկ գալի,

Гвардеец-ին դուր չի գալը խիստ է նորան ըզգալի։

Ո՛չ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով,

Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, դուք կը հարցնեք, այդ էլ չըգիտե ոչով։

Բարձի տակը պահած ունի նա George Sande-ի ռօման-ը,

Գիշերները մորից թաքուն կարդում է մինչ չորս ժամը.

Անհատական այդ աղբյուրից նա քամում է անդադար

Սիրո զգացմունք, սիրո խոսքեր—կանանց սըրտին մըխիթար։

Նա գըտավ յուր идеал-ը, այսօր ճաշին կըտեսնե

Նա յուր անտես սիրահարին, ում որ սիրտը տվել է։

Հայո'ց աղջիկ, Հայո՛ց աղչիկ, գնա' առաջ, մի՛ վախիլ,

Бледный դեմքըդ, շինծու խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիլ։

Гвардеец-ին դուր չես գալի, — ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վընաս,

Քեզ սիրահար гусар, улан, артиллерист կունենաս։

Դու փո'րձ փորձե նորից դուր գալ, անույշ ժպտա' ու խոսե',

Քըսանմեկըդ արդեն մոտ է, տե՛ս, առաջիդ մեծ փոս է:

Բայց մի' թողնիլ դու George Sande-ին, идеал-իդ մի' ուրանալ.

Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал.

Բայց զգուշացի'ր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ

Քեզ, ինչպես դու ցանկանում ես. դու քեզ Հային մի' մատնիլ:

Փորձ փորձեցիր ու դուր չեկար ո՛չ улан-ին, гусар-ին,

Քըսանհինգըդ մոտենում է. Հա՛յ աղջիկ, վա՜յ քու հալին։

Հայո՛ց աղջիկ, Հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի՛ վախիլ,

Бледный դեմքըդ, սիրուն խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիչ:

Տարիներըդ ակոս ձըգեց քու շնորհալի երեսին,—

Վընաս չի կա,— подруг-ներըդ դորա համար ճար ունին.

Երբ որ տանն ես՝ մի՛ հրամայիլ տըղոց քեզի մոտենալ,

Դուրս գնալիս՝ лик-իդ ձըգե' դու կըրկնածալ հաստ вуаль,

Հարցնողներից ուշի-ուշով ծածկե' տարիդ ծընընդյան,

Ու ամենին հավատացո'ւր, որ տասնութ ես տարեկան:

1863

Link to post
Share on other sites

ԳԻՆԻ ԵՎ ՋՈԻՐ

Երեկ բժիշկ կանչեցի, գլխիս մեկ դեղ խնդրեցի,

Նա ինձ դեղ տալ չուզելով, ասաց մի' խմիր գինի,

Արյունս գլխիս տվեց, բերնումս խոսքս սառեց.

Ասի՝ ի՞նչ է պատճառը, որ ինձ գինին պաս դրվեց.

Բժիշկն ասաց, պատվելի, պատճառն այս է իսկ հայտնի,

Որ միշտ գլուխդ կպտտի, երբ էլ որ խմես գինի.

Ասի՝ բժիշկ, դու սուտ ես, դու լավ մարդ չես, բժիշկ չես,

Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես.

Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար,

Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին։

Եղբայրք, բերեք շուշեքը, լցրեցեք բաժակը,

Խմենք ու առողջանանք, ասենք սուտ է բժիշկը.

Մեզ գինին չի հարբեցնիր, նաև չի հիվանդացնիր,

Խմենք կարմիր նեկտարը, մեզ մարդ հիվանդ չի տեսնիր։

1878

Link to post
Share on other sites

ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈԻՔԸ

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,

Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -

Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,

Անուն հաղթողի ունես փառավոր.

Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,

Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.

Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,

Հըզոր իշխանի սիրելին դարձար.

Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար ղուն ունիս ձեռքեր,

Շատ կըհորինես թանկագին բաներ.

Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,

Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.

Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,

Գովքովըդ լըցված է մարդոց բերան.

Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,

Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,

Երբ օրորանեդ մինչի գերեզման

Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

Link to post
Share on other sites
:) moderatorner kan dra hamar.... es asel em arden kjnjen hesa!

Ես տեղադրեցի «ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ

ՀԱՅ ԱՂՋԻԿ» բանաստեղծությունը, բայց նկատեցի, որ մի քանի րոպեով ուշացրել եմ: Ուստ ջնջեցի և ներեղություն խնդրեցի: Այնպես որ, քեզ չեր վերաբերվում:

Իսկ թեմայի համար շնորհակալություն: :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...