Jump to content

LINGUIST

Forumjan
  • Posts

    65
  • Joined

  • Last visited

About LINGUIST

  • Rank
    Newbie
    Newbie
  1. Այս և նման արտահայտությունների գործածումն ի-ով կամ առանց դրա քերականության խնդիր չէ և որևէ կանոնով չի սահմանվում: Պարզապես լեզվում պահպանվել են մի շարք գրաբարյան ձևեր, որոնք պետք է հիշել, ինչպես` ի լուր, ի հեճուկս, ի զարմանս, ի դեմս, ի կատար ածել ևն (բայց` հօգուտ, ոչ թե ի օգուտ): «Նկատի ունենալ/առնել» արտահայտությունները երկու ձևով էլ հանդիպում: Սակայն այս շարքին չի պատկանում «ի շնորհիվ» տարածված սխալ ձևը. այստեղ միակ ճիշտ ձևն է «շնորհիվ»-ը:
  2. Ճիշտ ձևերն են` «best in the world, highest in the city»: Ածականների գերադրական աստիճանից հետո սովորաբար գործածվում է in նախդիրը, եթե այն նախորդում է խումբ կամ տեղ ցույց տվող եզակիով գոյականի, ինչպես` «She’s the best pupil in the class», իսկ ժամանակ ցույց տվող գոյականի, հոգնակիով գոյականի կամ lot, bunch բառերի դեպքում գործածվում է of նախդիրը, օր.` «the most famous scientist of this century», «the tallest player of them all», «the most active of the bunch» և այլն:
  3. Տարբերությունն այս է. երբ պատրաստման, արտադրության արդյունքում սկզբնական նյութը փոխվում է, գործածվում է «made from» տարբերակը, ինչպես` «Cheese is made from milk», երբ պատրաստման արդյունքում նյութը մնում է նույնը, ապա գործածվում է «of» նախդիրը, ինչպես` «This watch is made of gold», իսկ «made with»-ը հիմնականում գործածվում է խոհարարական բաղադրատոմսերում, օրինակ` «The cookies are made with sugar and cinnamon»: Նույն կերպ և` «Paper is made from wood», «The table is made of wood», «What did you make this chocalates with?» և այլն: Հաճախ «of» նախդրի հետ գործածվում է «out» նախդիրը` «a statue made out of bronze», և սա ունի ծագման իմաստի ավելի լայն կիրառություն, ինչպես` «made out of envy» արտահայտության մեջ նախանձից դրդված իմաստն է:
  4. Ոչ: «Լիմոն» բառը հանգում է պարսկերեն «լիմուն» բառին, որը արաբերենի, իսկ այնուհետև` հին իտալերենի միջոցով մտել է եվրոպական լեզուներ: Իսկ հայերեն «կիտրոն» բառը փոխառյալ է լատիներեն «citrus»-ից:
  5. «Թոնիր» բառի ծագումը վերջնականապես պարզված չէ դեռևս: Հյուբշմանի վարկածը հերքվում է, փախառությունը պարսկերենից չէ, որովհետև համաձայն հնչյունական կանոնների` պարսկերեն բառից «թոնիր» ձևը չէր ստացվի: Հատկանշական է, որ այս բառը կար նույնիսկ աքքադերենում` «թինու՛րու», որ նշանակում էր ջեռոց: Սակայն դժվար է ասել` աքքադերե՞նն է փոխատու լեզուն, թե՞ մեկ ուրիշը: Բացի նշվածներից նույն արմատից է նաև անգլերեն բառը` «tandoor» (փոխառել են հնդկերենից, սա` պարսկերենից, սա էլ` արաբերենից, որն իր հերթին` աքքադերենից):
  6. Սաս, գրական հայերենի համար այսօր «ճիշտ չի» ձևն ընդունելի չէ: Այլ բան է, երբ հայտնի գրողների գործերում հաճախ միտունավոր գործածվում են գրականից շեղված ձևեր: Սևակի դեպքում (այդ նախադասության համատեքստին ծանոթ չեմ) դժվար է ասել, թե ինչն է եղել պատճառը: Եթե նա իրոք այդպես է գրել, և վրիպակի խնդիր չէ այստեղ, ապա հնարավոր է, որ դա միտումնավոր արված լինի. քիչ հավանական է, որ Սևակը նման տարրական սխալ աներ: Նման օրինակ կարող է ծառայել և Չարենցի «իմ մոտ»` բազմիցս քննարկված, գրական լեզվի տեսակետից սխալ ձևը: Սակայն սրանք առանձին, բացառիկ դեպքեր են, այլ ոչ այսօրվա հայերեն լեզվի գործածության օրինաչափություններ: Նման դեպքերում գրական հայերենի համար ընդունելի է վերոհիշյալ կանոնը:
  7. MIG-35,բանն այն է, որ Էքերսլին և շատ ուրիշներ իրենց գրքերում հիմնական շեշտը դնում են նյութի, բացատրության մատչելիության վրա` նպատակ չունենալով տալ համապարփակ քերականական վերլուծություն, օրինաչափություն (տվյալ դեպքում դա հնարավորություն է տալիս շրջանցելու հատուկ և հասարակ գոյականների քերականական տարբերակումը ևն): Դրանով է պայմանավորված նշված կանոնի անհամապարփակությունը, թեև հիմնականում այն ճիշտ է:
  8. Նյու Յորք, Պապուա-Նոր Գվինեա (նույնը` ռուսերենում), ցուցահանդես-վաճառք, չարաչք (նաև քաջառողջություն), բացօթյա, Վանաձոր, Վանա լիճ, կիլոմետր-ժամ, մերձավորարևելյան:
  9. Տարբեր բառեր են: «Ոչ ոքի»-ն ոչ ոք դերանվան սեռական հոլովաձևն է, ինչպես` «Ոչ ոքի գործը չէ, թե ես ու՛ր եմ գնում», իսկ «ոչ-ոքի»-ն խաղը հավասար հաշվով ավարտելն է` «Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի»: Այսպիսով, «Ոչ ոքի չհաջողվեց վարպետի հետ պայքարում խաղն ավարտել գոնե ոչ-ոքի»:
  10. Նման դեպքերի համար անգլերենում կանոն կա, որի համաձայն` երբ տեղանվան բառակապակցության մեջ որոշյալին հաջորդում է հատուկ անուն, ապա հոդ չի գործածվում, իսկ երբ հաջորդում է հասարակ անուն` գործածվում է որոշյալ հոդը, ինչպես` «Soviet Armenia», «Northern Ireland», «South America», «Eastern Europe», «Central Asia» բայց` «the Soviet Union», «the Persian Gulf», «the Middle East», «the Pacific Ocean», «the United States», «the Sahara Desert», «the Mediterranean Sea» և այլն:
  11. Կարելի է, դա չի հակասում ուղղագրական կանոններին, ինչպես` Հայոց Աշխարհ, Հայաստանի Հանրապետություն և այլն:
  12. Դրանցից առավել ընդունված է ապաթարցով ձևը (շնչավորների համար), ինչպես` «Our income is no business of Tom’s», «That’s a nice dress of hers»: Իսկ երբ խոսքը մարդկային հարաբերությունների մասին է, սրան զուգահեռ կիրառվում է նաև առանց ապաթարցի տարբերակը, ինչպես` «He’s a friend of my brother/brother’s»: Պետք է նշել սակայն, որ առանձին դեպքերում կախված ձևից` իմաստի տարբերակում է նկատվում, օր.` «a picture of Andrew» նշանակում է նկար, որում պատկերված է Էնդրյուն, բայց «a picture of Andrew’s» ցույց է տալիս, որ նկարը պատկանում է Էնդրյուին կամ նրա գործն է: Սրան համարժեք «Andrew’s picture» բառակապակցությունը երեք իմաստով էլ կարող է գործածվել (ինչպես հայերենում, ռուսերենում ևն):
  13. Համաձայն ավանադական գործածության կանոնների` «silk» գոյականը, որոշչի դերում հանդես գալիս, նշում է մետաքսից պատրաստված լինելու փաստը, ինչպես` «a silk scarf», «silken» ածականը կիրառվում է հիմնականում փոխաբերական` նուրբ կամ շքեղ իմաստներով, ինչպես` «The cat moved with silken grace», «silken wine», իսկ «silky»-ն սովորաբար գործածվում է «շոշափելիս մետքաս հիշեցնող, մետաքսի նման» գաղափարը նշելու համար, օր.` «silky cotton»: Սակայն այսօր այս կանոնը հաճախ խախտվում է նույնիսկ հեղինակավոր բառարաններում: Այդուհանդերձ, գրական անգլերենում խորհուրդ է տրվում պահպանել վերոհիշյալ տարբերակումը:
  14. Ներգործական բայերը միշտ չէ, որ հանդես են գալիս ուղիղ խնդրով (հակառակ տարածված կարծիքի): Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ դրանք ցույց են տալիս շարունակական, կրկնվող գործողություն, ենթակայի մշտական հատկանիշ, ինչպես` «Վերջերս սկսել ես վատ ուտել»: Ներգործական «ուտել» բայն այստեղ ցույց է տալիս պարբերաբար կրկնվող գործողություն, այդ իսկ պատճառով հնարավոր է դառնում նրա գործածությունն առանց ուղղակի խնդրի: Հնարավոր, թեև ոչ պարտադիր. անհրաժեշտության դեպքում բայը կարող է ուղիղ խնդիր ստանալ` «Վերջերս սկսել ես միս վատ ուտել»: Այդուհանդերձ, «ուտել» բայը համարվում է ներգործական, որովհետև այն կարող է ստանալ ուղիղ խնդիր, և սովորաբար այդպես է որ կա, հմմտ.` «Նա շատ է կարդում» և «Նա շատ է քայլում», առաջին դեպքում գործ ունենք ներգործական բայի հետ, քանի որ այն կարող է ստանալ ուղիղ խնդիր` «Նա շատ է գիրք կարդում», իսկ երկրորդ դեպքում «քայլել» չեզոք բայն ուղիղ խնդիր չի կարող ունենալ: Նեգործականների գործածումն առանց ուղիղ խնդրի կոչվում է ներգործական բայերի բացարձակ գործածություն:
  15. Smally, ճիշտ գրությունն է գծիկով` «Ի՞նչ կա-չկա»: Հայերենի ուղղագրության կանոնների համաձայն` բայերի զուգադրումով բարդությունները գրվում են գծիկով, եթե բաղադրիչները հականիշային հարաբերության մեջ են, ինչպես` «Ու՞ր ես գնում-գալիս», «Անընդհատ տանում-բերում են», «Ձեռքը բարձրացրեց-իջացրեց» և այլն:
×
×
  • Create New...