Թերեւս հենց այդպիսի դեպքերի համար է ասված, որ շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը, երբ խոսվում է փոխվարչապետի պաշտոնանկության մասին, բայց պաշտոնանկ է լինում Ազգային Ժողովի նախագահը: Ընդ որում, խնդիրն այստեղ միայն պաշտոնը չէ, այլ այն կալիբրը, որ իշխանական համակարգում ուներ այդ պաշտոնի տեր անձնավորությունը:
Հովիկ Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգում առանցքային դերակատարում էր ստանձնել դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից, երբ ստանձնեց տարածքային կառավարումը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը առանցքային դեր ունենալով նրա բարձրացման գործում, անուղղակի, բայց թերեւս էական նշանակություն ունեցավ նաեւ Հովիկ Աբրահամյանի անկման հարցում:
Ինչպես Lragir.am-ը տեղեկացրել էր օրերս, Հովիկ Աբրահամյանն ուրվագծվել էր Մարգար Օհանյանի գործում: Բանն այն է, որ ըստ տեղեկությունների, Աբրահամյանը Մարգար Օհանյանի ձերբակալությունից շատ առաջ զրույց էր ունեցել նրա հետ, որի ընթացքում Օհանյանին առաջարկել էր խորհրդարանի ընտրությանը իր ճանապարհային ոստիկանության համակարգով աշխատել ԲՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին, իսկ դրա դիմաց Հովիկ Աբրահամյանը Մարգար Օհանյանի առաջ պատկերել էր ոստիկանապետի պաշտոնը, որպես ԲՀԿ-ի եւ Քոչարյանի օգտին աշխատելու վարձատրություն:
Ըստ Lragir-ի աղբյուրի, Հովիկ Աբրահամյանի եւ Մարգար Օհանյանի այդ զրույցը ձայնագրվել էր, ներկայացվել Սերժ Սարգսյանին, ինչի հետեւանքը եղել էր այն, որ Սարգսյանը հանձնարարել էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին լուծել Մարգար Օհանյանի հարցերը:
Ի դեպ, այդ տեղեկության առումով ի հայտ են եկել որոշ չճշտված տեղեկություններ այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի եւ Մարգար Օհանյանի զրույցի ձայնագրությունը հաջողացրել, եւ հետո Սերժ Սարգսյանին է հասցրել Վովա Գասպարյանը, ինչի դիմաց էլ Գասպարյանը որպես խրախուսում ստացել է Ալիկ Սարգսյանի պաշտոնը:
Այդպիսով, կարծես թե Մարգար Օհանյանով սկսվել եւ այժմ քանդվում է ներիշխանական բավական ուշագրավ մի շղթա: Ալիկ Սարգսյանն այդ շղթայի անկասկած թույլ օղակն էր, որը չէր տիրապետում, թե ինչ ներիշխանական գործարքների են գնում իր համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները: Հովիկ Աբրահամյանը թերեւս այդ շղթայի այսպես ասած կապող օղակն էր, կամ այսպես ասած այն կամուրջը, որով Ռոբերտ Քոչարյանը պետք է վերադառնար համակարգ:
Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը, որոշելով հետաձգել Արմեն Գեւորգյանի հարցը, ով իշխանական համակարգում թերեւս հանդիսանում է Քոչարյանի շահերի գլխավոր ներկայացուցիչը, ձեռնամուխ է եղել Հովիկ Աբրահամյանի հարցի արագ լուծմանը: Սերժ Սարգսյանը թերեւս համարել է, որ այժմ լինելով առավել ուժեղ քան երբեւէ, հետագայում կարող է չունենալ ամրության այդպիսի պաշար եւ ներիշխանական այդպիսի առավելություն, սեփական իշխանության ձեւավորման առանցքային քայլեր կատարելու համար: Դրա համար էլ նա թերեւս որոշել է լուծել շղթայի կապող օղակը քանդելու հարցը, հետաձգելով թերեւս վերջին օղակի` Արմեն Գեւորգյանի հարցը:
http://lragir.am/armsrc/comments55576.html