Jump to content

Patmakan aknark hay joxovrti masin


Recommended Posts

Հայ ժողովրդի կազմավորումը վաղ դարաշրջանում (մ.թ.ա) և հայկական առաջին պետության ստեղծումը.

Հայաստանն առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա 521 թվ.-ին՝ Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ առաջինի եռալեզու արձանագրության մեջ, որտեղ Հայաստանն հիշատակվել է որպես Arminiya, իսկ հայ ժողովուրդը որպես Armina։ Նույն ժամանակ հույն մատենագիր Հեկատեոս Միլետացու (մ.թ.ա մոտ 540-ից 489 թ.թ) աշխարհի հնագույն քարտեզի վրա նշված է եղել Armenia երկիրը։ Հայ ժողովրդի կազմավորման մասին կան մի քանի հիպոթեզներ։ Ըստ դրանցից առաջինի, մոտավորապես մ.թ.ա XII դարում հայերի հնդեվրոպացի նախահայրերը իրենց արյունակից փյուռգացի ցեղերի հետ Ֆրակիայից եկել են Փոքր Ասիա և մոտ վեցհարյուր տարի ապրել խեթական ցեղերի հետ։ Հետագայում նրանք շարժվել են դեպի արևելք և հաստատվել Հայկական լեռնաշխարհի հարավային մասերում։ Ըստ մյուս հիպոթեզի հայերի նախնիները հենց մարդկության կազմավորման սկզբից էլ բնակեցված են եղել հնդեվրոպացի ազգերի նախահայրենիքը համարվող Փոքր Ասիայում։ Հետագայում Եփրատն անցնելով այստեղ են եկել փյուռգական որոշ ցեղեր և ապրել հայերի նախնիներն համարվող տարբեր ազգերի կողքին։

Հայերի «հայ» ինքնաանվանման մասին նույնպես կան մի քանի հիպոթեզներ։ Ըստ դրանցից առաջինի նրանք այդպես են կոչվել իրենց առաջնորդի՝ Հայկի անունով։ Իսկ ըստ մյուս հիպոթեզի նրանք այդպես են կոչվել մ.թ.ա II հազարամյակում Հայկական լեռնաշխարհում բնակվող «Հայասա» ժողովրդի անունով։

Ասորիները մ.թ.ա II հազարամյակում Հին Հայաստանի տերիտորիան անվանել են «Երկիր Նաիրի», որը բառացիորեն նշանակել է գետերի երկիր։ Ըստ ասորական հիշատակումների հարյուրավոր քաղաքներ են մտել այս լեգենդար երկրի մեջ, որոնցում ապրել են ավելի քան 60 ցեղեր։

Իսկ մ.թ.ա I հազարամյակում ասորական սեպագրերում արդեն խոսվում է ուրարտացիների մասին, քանի որ IX դարի սկզբում «Երկիր Նաիրի»-ի ցեղերի միավորումից ստեղծվեց Ուրարտու հզոր պետությունը՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքով։ Մ.թ.ա IX-ից VI դարերի ընթացքում Ուրարտական պետության ցեղերի կողմից ստեղծվեց վաղ ժամանակաշրջանի քաղաքակրթությանը պատկանող յուրահատուկ և համեմատաբար բարձրակարգ մշակույթ, որը հիմք դարձավ հին Հայաստանի մշակութային ապագայի համար։ Այդ քաղաքակրթության բարձր մակարդակի մասին է վկայում ոչ միայն գրերի առկայությունը (որը փոխառնված էր բաբելոնա-ասորական սեպագրերից), այլ նաև հողագործության, անասնապահության և մետաղամշակման զարգացումը, ինչպես նաև ամրոց քաղաքների կառուցման բարձր տեխնիկան։ Այդ ամրոց քաղաքներից մեկը՝ Էրեբունին, որն հիմնադրվել է մ.թ.ա 782 թվ.-ին Ուրարտուի առաջին թագավորներից մեկի՝ Արգիշտիի կողմից, գտնվում է ժամանակակից Երևանի տարածքում, որի անունը ծագում է հենց Էրեբունի անունից։ Ուրարտու պետության վերջին թագավորն էր Ռուսա II-ը ( 685 - 645 )։

590--580.թ , Ասորեստանի հետ ունեցած պատերազմի արդյունքում, Ուրարտական պետությունը վերջնականապես լքեց պատմության բեմը ։

Ուրարտուից հետո այդ նույն հողի վրա կազմավորվեց ամենահին Հայկական թագավորությունը ՝ Երվանդունիների թագավորությունը։ Այդ թագավորության առաջին թագավորն էր Տիգրան Երվանդունին։

Այդ ժամանակաշրջանում Պարսկաստանում տիրում էր Աքեմենյանների գերիշխանությունը, որի հետ Երվանդունիների թագավորությունը վարում էր վասալային հարաբերություններ։ Սակայն հետագայում այդ հարաբերություները խզվեցին և Հայկական թագավորությունը, ինչպես և Պարսկաստանին պատկանող մյուս բոլոր վասալային պետությունները, ստիպված եղավ բավարարվել սատրապության աստիճանով։

Աքեմենյանների տիրապետության ժամանակ Հին Հայաստանի կյանքի մասին որոշ տեղեկություններ է տալիս Քսենոֆոնտը ( մ.թ.ա. V դար) ։ Ըստ նրա այդ ժամանակաշրջանում հայերի հիմնական զբաղմունքներն են եղել հողագործությունը, անասնապահությունը և այգեգործությունը։

Իսկ Ստրաբոնը ( մ.թ.ա. I դար) և Հերոդոտը (մ.թ.ա. V դար) վկայում են հայ զինվորների զենքերի և ձիերի մասին։ Ըստ նրանց վկայությունների այդ ժամանակ հայ զինվորները կրում էին սաղավարտներ, վահաններ, տիրապետում էին նիզակին, սրին և կարճ թրերին։

Մ.թ.ա 330 թվ.-ին Ալեքսանդր Մակեդոնացին մի շարք պետությունների հետ գրավեց նաև Պարսկաստանը և Արևելքում հաստատեց Սելևկյան միապետությունը ։ Դա հին Հայաստանի համար քաղաքական ու տնտեսական նոր վերելքի սկիզբ հանդիսացավ։

Այդ դարաշրջանի սկզբում հայերով բնակեցված տարածքները բաղկացած էին երեք հիմնական շրջաններից ՝ Մեծ Հայք, Փոքր Հայք և Ծոփք։Գտնվելով Սելևկյան տիրապետության ներքո, նրանցից յուրաքանչյուրը պահպանում էր ներքին ինքնուրույնությունը և ղեկավարվում էր հայկական դինաստիաների կողմից։ Սակայն նրանք հարկ էին վճարում Սելևկյան միապետությանը և պատերազմների ժամանակ զինվորներ տրամադրում։

Մ.թ.ա 189 թվ.-ին Սելևկյան միապետությունը գրավվեց հռոմեացիների կողմից և մեծ Հայքը լիովին ազատվեց նրանց տիրապետությունից։ Այդ ժամանակ մեծ Հայքի դինաստ Արտաշեսը իրեն հռչակեց որպես Մեծ Հայքի անկախ թագավոր Արտաշես I, և իր թագավորությանը միացրեց Փոքր Հայքը, ինչպես նաև շրջապատում եղած բոլոր հողերը, որոնցում խոսում էին հայերեն լեզվով։ Ծոփքի միացումը Մեծ Հայքին կատարվեց դրանից մոտ 70 տարի հետո, Տիգրան Մեծի ժամանակ։

Դրանով սկիզբ դրվեց Արտաշեսյանների դինաստիային։ Այդ դինաստիայի կազմավորման սկզբնական շրջանում ամենագլխավոր իրադարձությունը դա հայոց լեզվի վերջնական ձևավորումն էր և հայերի վերջնական ձևավորումը որպես առանձին էթնիկական խումբ։ Ստրաբոնը վկայում է, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող ողջ ժողովուրդը արդեն խոսում էր մեկ լեզվով՝ հայերենով։

Իսկ դա համընկնում էր Հելլենիստական դարաշրջանի հետ, որը չէր կարող իր հետքը չթողնել հայկական մշակույթի և տնտեսության վրա։ Այդ ժամանակ արդեն Հայաստանում պատրաստվում էին պղնձե դրամներ հունարեն մակագրություններով։ Հիմնադրվեցին հայկական առաջին քաղաքները, այդ թվում նաև մեծ Հայքի մայրաքաղաքը՝ Արտաշատը։ Գտնվելով դեպի Սև ծովի նավահանգիստները տանող ճանապարհների խաչմերուկում, Արտաշատը դարձավ ոչ միայն քաղաքական, այլ նաև կարևոր արևտրական կենտրոն հին Հայաստանում։

Այդ ժամանակ տեղի ունեցող հունապարսկական պատերազմները հազվադեպ էին խախտում հայկական շրջանների խաղաղ զարգացումը։ Հայաստանը ուժեր էր հավաքում։ Սկսվեց մ.թ.ա I դարը՝ Հայաստանի Ոսկե Դարը։ Դա Արտաշես I-ի թոռ Տիգրան Մեծի ( 95 - 55 թ.թ) ղեկավարման տարիներն էին։ Պետության մայրաքաղաքը դարձավ Տիգրանակերտը։ Զարգացան մշակույթը, առևտուրը, արտադրությունը։ Գոյություն չուներ մասսայական ստրկատիրություն, հողը մշակում էին գյուղացիները։

Տիգրան Մեծի այդ հսկայական թագավորությունը զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի հիմնական մասը։ Այն ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, իսկ սահմանակից պետությունները, որոնցից էին Իբերիան և Ալբանիան հյուսիսում, Պարֆիան և արաբական ցեղերը արևելքում և հարավում, նրա վասալներն էին։ Սակայն դա երկար չտևեց, քանի որ նրա համախոհ Միհրդատ Պոնտացու պարտությունից հետո Հայաստանը մնաց Հռոմի և պարֆիայի մեջտեղում։ 69-65 թ.թ -ին Տիգրանի թագավորության տակ մնաց միայն Մեծ Հայքը, որը հայտարարվեց հռոմեական ժողովրդի բարեկամն ու համախոհը։

Մ.թ. I-IV դարեր. Քրիստոնեության ընդունումը Հայաստանում. Պետության բաժանումը Պարսկաստանի և Հռոմի միջև.

Հայաստանի մուտքը նոր դարաշրջան համընկավ Արտաշեսյանների դինաստիայի վերջի հետ, որոնք մոտ երկու հարյուրամյակ թագավորել էին Հայաստանում ։ Նոր դարաշրջան մտավ նաև Արտաշեսյանների կողմից ստեղծված Հայկական պետությունը, որին հաջորդ երկու հազարամյակում շատ դժվար փորձություններ էին սպասվում։

Մինչև առաջին հարյուրամյակի կեսերը Հայոց գահը թագավորների մի ամբողջ շարք փոխեց, որոնց նշանակում էր Հռոմը և որոնք Հռոմի հետ պահպանում էին վասալային հարաբերություններ։ Դարի երկրորդ կեսերին հռոմեական ազդեցությունը սկսեց փոխարինվել պարթևական ազդեցությամբ, իսկ հայոց գահին բարձրացավ Տրդատ թագավորը, որը հիմք դրեց թագավորների նոր դինաստիայի՝ Արշակունիների դինաստիային։ Այդ ժամանակ Հռոմի կայսր Ներոնը որպես դրա պատասխան դեպի Արևելք ուղարկեց իր լեգեոնները։ Մի քանի տարի շարունակվող ճակատամարտները ոչ մի հաջողություն չբերեցին հռոմեացիներին և նրանք ստիպված էին հաշտվել Հայաստանի անկախության հետ։ Ավելին Տրդատ թագավորն անձամբ գնաց Հռոմ, որպեսզի Ներոնի ձեռքից ընդունի իր արքայական իրավունքներն հաստատող նվերները։ Ներոնը ոչ միայն արժանապատիվ ձևով ընդունեց Տրդատին, այլ նաև նրա հետ Հայաստան ուղարկեց նկարիչների, վարպետների և բանվորների, դրա հետ նաև դրամական միջոցներ, որպեսզի նրանք վերակառուցեն հռոմեացիների կողմից ավերված քաղաքները։

Իսկ Հռոմի և պարթևների միջև պատերազմները շարունակվեցին մինչև երրորդ դարի վերջը։ Մինչ այդ Հայաստանն հաստատեց իր նեղ սահմանները հայկական շրջաններում և հրաժարվեց Տիգրան Մեծի կողմից Հայաստանին ժառանգություն թողած մնացած սահմանակից հողերից։ Այդ նույն ժամանակ Հայաստանի մայրաքաղաքը Արտաշատից տեղափոխվեց Վաղարշապատ։ Այս քաղաքի ողջ պատմությունը կապված է Հայոց Եկեղեցու հետ, քանի որ 301 թվ.-ին Հայաստանը առաջինն էր, որ քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն ։ Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսն էր Գրիգոր Պարթևը (Լուսավորիչ)։ Նրա և Տրդատ Գ թագավորի օրոք Վաղարշապատում կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը, որն 1441 թվ.-ին հռչակվեց որպես հայ եկեղեցու կաթողիկոսության նստավայր։ 1945 թվ.-ին Վաղարշապատը վերանվանվեց Էջմիածին։

Սկսած առաջին պարսկա-հռոմեական պատերազմից, ավելացրած դրան հաջորդող բոլոր բախումները, որոնք ըստ էության հանդիսանում էին ողջ դարի ընթացքում անընդհատ շարունակվող մեկ ընդհանուր պատերազմ, Հայաստանը մնում էր Հռոմի կողմնակիցը։ Սակայն Հռոմի և Պարսկաստանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմը ավարտվեց Հռոմի համար շատ վատ վերջով։ Հռոմը Պարսկաստանին զիջեց հինգ գավառներ և վտանգի տակ դրեց Հայաստանի ապագան։ Շուտով հռոմեացիները և պարսիկները եկան այն եզրակացության, որ իրենց անհրաժեշտ չէ պահպանել Հայաստանի անկախությունը և որոշեցին բաժանել այն իրար մեջ։ Դրան նպաստեցին նաև Հայաստանում տիրող ներքին անհաշտությունները։ Եվ այդ ամենի արդյունքում Հայաստանը 428 թվ.-ին կորցրեց իր ինքնուրույնությունը և դադարեց գոյություն ունենալ հին Հայկական պետությունը։

Link to post
Share on other sites

V - XI դարեր. Պարսկա - Հայաստանը և Բյուզանդա - Հայաստանը . Արաբական նվաճումերը. Բագրատունիների դինաստիան.

V - VI դարերի ընթացքում Հայաստանը մնում էր բաժանված Արևելա-Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) և Պարսկաստանի միջև։ Տարբեր ճակատագրերի արժանացան նաև հայկական հողերը. բյուզանդական մասում ղեկավարում էր կայսրը, իսկ պարսկական մասում թագավորությունը անցավ նախարարներին, որոնք ենթարկվում էին պարսից կայսեր կողմից նշանակված թագավորին։ Սակայն այդ դժվար շրջանում նույնպես հայերը կարողացան պահպանել իրենց ազգային և մշակութային արժեքները։ Դրան մեծապես նպաստեց V դարի ամենամեծ հայտնագործությունը՝ հայ մեծ գիտնական Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը։

Այդ դարաշրջանին հատուկ ֆեոդալական կարգերը հաստատվեցին բաժանված Հայաստանի երկու մասերում էլ և ժամանակի ընթացքում Հայաստանն ամբողջությամբ բաժանվեց նախարարությունների։ Դրա հետևանքով VII դարի վերջում Հայաստանում արդեն հաշվվում էին մոտ հիսուն նախարարություններ։ Ավելի ազդեցիկ նախարարություններից էին Մամիկոնյանների, Բագրատունիների և Արծրունիների նախարարությունները։

Տարբեր ձևով դասավորվեցին նաև վասալային հարաբերությունները Հայաստանի բյուզանդական և պարսկական մասերում։ Հայաստանի բյուզանդական մասը ենթարկվում էր միահավատ իմպերատորին և քիչ-քիչ տրվում հելլենիզմին, իսկ պարսկական մասում ձգտում էին իրենց նշանակած պարսկամետ ղեկավարների և որոշ նախարարությունների միջոցով պարսկացնել հայ ժողովրդին։ Դա տարեցտարի ավելացնում էր ապստամբությունների քանակը։ V-VI դարերի ընթացքում դրանք հաջորդում էին մեկը մյուսին։ Այդ ապստամբություններից թերևս ամենանշանակալին 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտն էր, որը գլխավորում էր Սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Այդ ճակատամարտի նշանաբանն էր՝ «Մահ իմացյալ անմահություն է»։ Ըստ պատմիչ և ականատես Եղիշեի, այդ ճակատամարտի ժամանակ, որին մասնակցում էին 66 հազար հայ զինվորներ, «ծաղկող դաշտերը ծածկվել էին արյունով»։ Այդ ճակատամարտն ավարտվեց պարտությամբ, սակայն հայ ժողովուրդը տարավ բարոյական հաղթանակ, քանի որ պարսիկները, հանդիպելով ուժեղ դիմադրության, ստիպված եղան հրաժարվել հայերին բռնի պարսկացնելու իրենց մտադրությունից։ Հետագայում Վարդանն ու իր համախոհները հայ եկեղեցու կողմից դասվեցին սրբերի շարքը։

VI դարի կեսերին սկսվեց բյուզանդական Հայաստանի սահմանների ընդլայնումը պարսկական սահմանների հաշվին։ VII դարի սկզբին Բյուզանդական Հայաստանի սահմաններն արդեն հասնում էին Վանա լիճ։ Հետզհետե թուլանալով Պարսկաստանը VII դարի 30-ական թվականներին ավերվեց արաբների կողմից։ Արաբական Խալիֆայության՝ այդ հզոր ֆեոդալա-զինվորական պետության կազմավորումը երկար ժամանակ մնաց որպես պատմական այնպիսի իրականություն, որի հետ ստիպված էին հաշտվել հին աշխարհի շատ պետություններ ու ազգեր։ Նրանց օրոք աշխարհում սկսվեց տարածվել նոր կրոն՝ Իսլամը։

Արաբների աշխարհավեր հարձակումները 640, 642-643 և 650 թվականներին, որոնք ուղեկցվում էին թալանով, բնակիչների գերևարությամբ, ստիպեցին նախկին պարսկա-Հայաստանին ընդունել Արաբական Խալիֆայության իշխանությունը, բայց պետության ինքնավարությունը և նախարարությունները պահպանելու որոշակի պայմաններով։

652 թվականին սպարապետ և դիվանագետ Թեոդորոս Ռշտունին կնքեց Հայաստանի համար շատ ձեռնտու պայմանագիր, ըստ որի Հայաստանը դառնում էր Արաբական Խալիֆայության գավառներից մեկը և ղեկավարվում էր Խալիֆի կողմից նշանակված տեղական կառավարիչի կողմից, որին հայ պատմիչներն անվանում են ոստիկան։

Սակայն VII դարի վերջին և VIII դարի սկզբին սկսվեցին հայ ժողովրդի ապստամբությունները Արաբական Խալիֆայության դեմ։ Դրանցում հատուկ մասնակցություն ցուցաբերեց Բագրատունիների նախարարական տունը, որը 744 թվականին վերջիվերջո հասավ իր նպատակին և Բագրատունիները ստացան Հայաստանի թագավորների աստիճան։

859 թվականին Բագրատունիների տան նախարար Աշոտ Բագրատունին ստացավ Հայաստանի ղեկավարումը՝ Իշխանաց-իշխանի աստիճանով։ Դրանից հետո նա ստեղծեց բանակ, ուժեղացրեց իր իշխանությունը, որից հետո Արաբական Խալիֆայությունը չմերժեց նրան Հայաստանի թագավորի աստիճանը և փաստորեն քառորդ դար թագավորելուց հետո ՝ 885 թվականին, Աշոտ Բագրատունին ընդունեց թագավորի աստիճան։ Նրա իշխանությունն ընդունեց նաև բյուզանդական կայսր Վասիլի I-ը և Աշոտ I-ին ուղարկեց արքայական թագ և այլ թանկարժեք նվերներ։

Նրա օրինակին հետևեցին Արծրունիների և Սյունիքի նախարարական տները և հասան ինքնուրույնության։ Այդպիսով երկիրը բաժանվեց նախարարությունների, որոնցից յուրաքանչյուրը հետապնդում էր իր նպատակները և որոնց միջև հարաբերությունները քիչ-քիչ ձեռք էին բերում ֆեոդալիզմին հատուկ գծեր։

Հայոց Պատմության մեջ Աշոտ I-ի թագավորման տարիները նկարագրվում են որպես Հայաստանի ծաղկման տարիներ։ Իսկ հարևան նախարարությունները գտնվում էին անընդհատ շարունակվող պատերազմների մեջ, որոնց ավելի ճիշտ է համարել երկպառակություններ։ Բագրատունիների տիրապետության սահմաններում տիրում էր հարաբերական խաղաղություն, կառուցվում էին եկեղեցիներ, մենաստաններ, հիվանդանոցներ։961 թվականին մայրաքաղաքը Կարսից տեղափոխվեց Անի, որը հարստացավ և ծաղկեց։ Հարևանները կապեր էին փնտրում հզոր Բագրատունիների հետ, զարգանում էր առևտուրը։

Բագրատունյաց թագավորությունը իր ծաղկման գագաթնակետին հասավ 989-1020 թվականներին ՝ Գագիկ թագավորի օրոք։ Այդ ժամանակ նույնպես կառուցվեցին նոր հիվանդանոցներ, դպրոցներ, ավարտին հասցվեց Անիի պարսպի կառուցումը, որը մինչև օրս էլ առաջ է բերում պատմաբանների և հնեաբանների հետաքրքրությունն ու հիացմունքը։

XI դարի կեսերին հայկական թագավորությունը և նախարարությունները սկսեցին անկում ապրել, որի պատճառ հանդիասացան մի կողմից նրանց միջև եղած երկպառակությունները, մյուս կողմից էլ Բյուզանդիայի հարձակումները, որը գործողությունների ազատություն էր ստացել Արաբական Խալիֆայության թուլացումից հետո։ Այդ ժամանակ էր, որ պատմաբեմ ելան նոր զավթիչները՝ թուրք -սելջուկները։ XI դարի երկրորդ կեսին նրանց արշավանքները Հայաստանի վրա նույնպես նպաստեցին Հայաստանի անկմանը։ Հայաստանը նորից բաժանվեց մուսուլմանական Արևելքի և քրիստոնեական Արևմուտքի միջև, ինչպես մի ժամանակ Հռոմի և Պարսկաստանի միջև։ Պատերազմների ու թալանի արդյունքում երկիրը ամայացավ, քաղաքները ավերվեցին, կանգ առավ առևտրի զարգացումը, մեծ վնաս հասցվեց մշակույթին։

Մի քանի հայկական նախարարություններ, որոնք իրենց հողերը զիջեցին Բյուզանդիային, կայսրության հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափերին, որպես նվեր-փոխհատուցում ստացան քաղաքներ։ Դրանք գտնվում էին Կիլիկյան Տավրի լանջերին։ Կիլիկյան էլ հենց հանդիսացավ այն օրորոցը, որից կյանք առավ նոր հայկական թագավորությունը՝ Կիլիկյան Թագավորությունը, որը մոտ երեք հարյուր տարի պահպանեց հայկական պետականությունը և հայկական մշակույթի ավանդույթները։

XI - XIV դարեր. Կիլիկյան թագավորությունը.

Նոր պետության ստեղծումը հեշտ չէր, քանի որ Բյուզանդիան մեծ ուշադրությամբ հսկում և ինչպես կարողանում էր խանգարում էր դրա իրականացմանը։

Կիլիկյան պետության սկզիզբ համարվում է 1080 թվականը։ Նրա հիմնադիրներն էին Ռուբինյան դինաստիայի ներկայացուցիչները։ Պետության ստեղծման իրադարձությունները համընկան առաջին Խաչակրաց արշավանքների հետ (1096-1099 թ.թ)։ Խաչակիրների ճանապարհն անցնում էր Կիլիկիայով, իսկ հայերը դիմավորում էին արևմուտքի քրիստոնյաներին ինչպես համադավանների, ցուցաբերում ամեն կարգի օգնություն, և նույնիսկ իրենք էին մտնում խաչակիրների շարքերը։ Դրա շնորհիվ, հենց սկզբից էլ ձևավորվեցին լավ հարաբերություններ Արևմտյան Եվրոպայի հետ և հենց այդ հարաբերություններն էլ հետագայում որոշեցին Կիլիկյան թագավորության ողջ պատմությունը։ Ռուբինյանները միշտ կապ էին պահպանում եվրոպական հայտնի դինաստիաների հետ, իսկ դինաստիաների միջև կատարվող ամուսնությունների միջոցով ճանապարհ բացում դեպի եվրոպական բարձր հասարակություն։ Այդ ամուսնությունները, ճիշտ է, որոշ հակասություններ էին ստեղծում հարազատների միջև, սակայն միաժամանակ հայտնի էին դարձնում Կիլիկիայի իշխանների անունները արևմուտքում։ Վերջապես, 1198 թվականին Լևոն II (Մեծ)-ը թագադրվեց որպես Կիլիկիայի թագավոր։ Նրա օրոք Կիլիկիայի թագավորությունը հասավ իր ծաղկման գագաթնակետին։ Պետության մայրաքաղաք դարձավ Սիսը, որը գտնվում էր Պիրամ գետի ափին։ Ըստ XII դարի պատմական աղբյուրների Կիլիկիայի մայրաքաղաքն ուներ մեծ բնակչություն , հրաշալի եկեղեցիներ, շատրվաններով ու այգիներով պալատներ և այլն։ Կիլիկիայի նավահանգիստներն էին Այասն ու Տարսը, ծովային առևտուրը կատարվում էր նաև դրսի վաճառականների կողմից։ Իսկ բնությունը զարմանալիորեն նպաստում էր Կիլիկիայի անվտանգությանը։ Այն մի կողմից սահմանակցում էր Միջերկրական ծովի հետ, մյուս կոմից նրան պաշտպանում էին բարձր լեռները, որոնք ունեին շատ քիչ թվով անցումներ, դրանք էլ լավ հսկողության տակ էին։

Սակայն այդ բարենպաստ պայմաններն էլ չփրկեցին Կիլիկիային այն աղետից, որին ենթարկվեց ողջ Առաջավոր Ասիան XII-XIV դարերում եգիպտական մամելյուկների կողմից։ Կիլիկյան թագավորությունը անկում ապրեց 1375 թվականին, բայց նրա երեք դար տևած գոյությունը շատ մեծ դեր խաղաց ազգի համար, քանի որ նա կարողացավ զարգացնել իր մշակույթը, գիտությունը, գրականությունն ու արվեստը։ Կիլիկիան շատ սերտ կապերի մեջ գտնվելով Արևմտյան Եվրոպայի հետ , դարձավ Եվրոպայի «ավանգարդ»-ը Ասիայում։

Կիլիկիայի միջոցով մեզ են հասել միջնադարյան Հայաստանի մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնց մեջ պահպանված են մնացել հին հայկական մշակույթին բնորոշ գծերը։ Մեզ հասած ձեռագրերի մեծ մասը, որոնց միջոցով ծանոթանում ենք հին հայկական գիր ու գրականության հետ, գրվել են Կիլիկիայի կենտրոնում, նրա քաղաքներում ու եկեղեցիներում։

Կիլիկիայի պատմությունը հանդիսանում է հայ ժողովրդի պատմության ամենավառ ու յուրահատուկ էջերից մեկը։

XII դարում պատմական Հայաստանի հյուսիսում ինքնուրույն կյանքի լույս ծագեց։ Մինչև 1122 թվականը քրիստոնյա Վրաստանը այնքան ուժեղացավ, որ նրա թագավոր Դավիթ IV-ը (Շինարար) կարողացավ մուսուլմանների ձեռքից վերցնել Թբիլիսին, իսկ 1124 թվականին նաև Անին։ Իսկ Թամար թագուհու օրոք ամբողջ Հյուսիսային Հայաստանը ազատվեց այլերկրացիներից և ստեղծվեց Զաքարյանների նախարարությունը։ Այն գլխավորում էին հայտնի զինվորական և քաղաքական գործիչներ Զաքարե և Իվանե Զաքարյանները, ինչպես նաև այդ հայտնի տոհմի այլ ներկայացուցիչներ։

Այդ ժամանակաշրջանում ՝ XII-XIV դարերում, Անին մնում էր հայ մշակույթի կենտրոնը հյուսիսում։ Կախվածությունը Վրաստանից շատ քիչ էր։ Շատ կառույցներ Անիում ստեղծվեցին հենց այդ շրջանում։ Կառուցվեցին նոր եկեղեցիներ, վերանորոգվեց քաղաքի պարիսպը, բարձրացվեցին աշտարակներ և այլ կառույցներ։ XIII դարում քաղաքն արդեն ուներ 100 հազարից ավել բնակիչ և ավելի քան 10 հազար տուն։

Անիի զարգացմանը և հին Հայաստանի մյուս քաղաքների վերապրելու հույսերին մեծ հարված հասցրեցին թաթար-մոնղոլական արշավանքները, այն նույն արշավանքները, որոնք թաթարական լծի տակ դրեցին նույնիսկ Ռուսաստանին։ 1236 թվականին մոնղոլների զորքը մտավ Անի և հիմնահատակ ավերեց այն, որից հետո արդեն քաղաքն ի վիճակի չէր ոտքի կանգնելու։ Սակայն դրանից հետո էլ Անիում և հայկական այլ բնակավայրերում կյանքը շարունակվեց գրեթե մեկ հարյուրամյակ։ Իսկ XIV դարում ամբողջ Ասիայով մեկ սկսվեցին Լենկ-Թեմուրի արշավանքները։ Հայաստանը մտավ իր պատմության ամենամռայլ ժամանակաշրջաններից մեկը:

Link to post
Share on other sites

XV-XVIII դարեր. Հայաստանի գրավումը Օսմանական Թուրքիայի և Պարսկաստանի կողմից. Հայ-ռուսական հարաբերությունները.

Հայաստանի ինքնուրույն պետություն ունենալու վերջին հույսերը վերջնականապես մարեցին, երբ պատմության ասպարեզ մտան թուրք սելջուկների հետևորդ թուրք-օսմանները և պարսիկները։ Թուրք օսմանների սկիզբ է համարվում XIII դարը, երբ Փոքր Ասիայում իր պետությունն հիմնեց Օսման բեյը։ XIV դարի վերջին նրանք արդեն գրավել էին ողջ Փոքր Ասիան և Բալկանյան թերակղզին։ Լենկ Թեմուրի հաղթանակները որոշ ժամանակ թուլացրին նրանց, բայց դա երկար չտևեց և նրանք նորից սկսեցին իրենց արշավանքները։ 1453 թվականին նրանք գրավեցին Կոստանդինապոլիսը, որով վերջ դրվեց Բյուզանդական իմպերիայի գոյությանը։ Դրանով թուրք օսմանները հանգցրին Արևելյան Եվրոպայի ամենահին քրիստոնեական օջախներից մեկը։

Օսմանական Սուլթանը չբավարարվեց Եվրոպայում իր հաղթանակներով և շարժվեց դեպի Ասիա։ Սկսվեցին պատերազմները Օսմանական Թուրքիայի և 1502 թվականին իրենց նոր պետությունը ստեղծած Պարսկաստանի միջև։ Այդ բախումները շատ դժբախտություններ բերեցին Հայաստանի և նրա հարևան շատ երկրների համար։ 1513 թվականին՝ պարսիկների պարտությունից հետո, դեռ գրեթե մեկ հարյուրամյակ շարունակվում էին պատերազմները Թուրքիայի և Պարսկաստանի միջև ՝ Անդրկովկասի հողերի համար։ 1639 թվականին վերջապես նրանք պայմանագիր կնքեցին, ըստ որի արևմտյան Հայաստանն անցավ Թուրքիային, իսկ արևելյան Հայաստանը Պարսկաստանին։ Այդ դրությունը պահպանվեց մինչև XIX դարը։ Այդ ժամանակ արևելքում արդեն սկսում էր թևածել Վերածննդի ոգին, իսկ Հայաստանը կարծես վերադառնում էր հին ժամանակները, քանզի ժողովրդի վրա վայրենության և անարգանքի մի ամբողջ հեղեղ էր թափվում։ Ամենուրեք սփռված և իրեն կորցրած հայ ժողովրդին կապող միակ օղակը դա Հայ Եկեղեցին էր և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրն 1441 թվականին Կիլիկիայից տեղափոխվեց Էջմիածին։ Այդ տարիներին Կաթողիկոսը ազգի միակ ներկայացուցիչն էր պարսկական շահերի և թուրքական սուլթանների մոտ։ Սակայն իր անտանելի վիճակի հետ մեկտեղ Հայաստանը չէր դադարում հուսահատ քայլեր անել դեպի իր փրկությունը։ Սկսած XVI դարից, հայ ժողովուրդը ի դեմս իր կաթողիկոսների, օգնության խնդրանքներով դիմում էր Եվրոպայի քրիստոնյա ժողովուրդներին։ Կաթողիկոս Ստեփանոս V -ը իր կյանքի վերջին տարիներին մեկնեց Վենեցիա, հույս ունենալով, որ Պապի շնորհիվ Եվրոպան ուշադրություն կդարձնի հայերի դժբախտ վիճակի վրա։ Նրա հաջորդը՝ Միքայել Սեբաստացին, որոշեց դեսպանություն ուղարկել Եվրոպա։ Այդ և նման մյուս առաքելությունները շարունակվում էին ողջ XVII դարի ընթացքում։ Եվրոպայի տիրակալները երբեմն իրոք պաշտպանում էին հայերի շահերը սուլթանի կամ շահի առաջ։ Դրա օրինակներից է ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի նամակը Շահ Աբբասին։

XVII դարի երկրորդ կեսերին, երբ Հակոբ IV Ջուղայեցի կաթողիկոսը դիմեց Ալեքսեյ թագավորին, որպեսզի վերջինս «բարեհաճի օգնել հայերին»,դարերի պատմություն ունեցող հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի զարգացան։ XVII դարի վերջին Հակոբ Ջուղայեցին մասնակցություն ունեցավ մի դեսպանության կազմի մեջ, որը մեկնում էր Արևմտյան Եվրոպա՝ հայերի համար ռազմական օգնություն խնդրելու ։ Սակայն այդ դեսպանությունը իր նպատակին չհասավ, քանի որ Կոստանդնուպոլիսի ճանապարհին Հակոբ Ջուղայեցին վախճանվեց։ Բայց այդ դեսպանության մասնակիցներից մեկը՝ Մելիք Իսրայել Օրին, ավելի ուշ գնաց Ռուսաստան, անձամբ ներկայացավ Պետրոս I թագավորին և հայ մելիքների անունից օգնություն խնդրեց հայերին թուրքական ու պարսկական լծից ազատագրելու համար։ Պետրոս I -ը խոստացավ շվեդների հետ պատերազմի ավարտից հետո օգնել հայերին ։

XVIII դարում Ռուսաստանը սկսեց իր արշավանքները Անդրկովկասում։ 1722 թվականին ռուս զինվորները Աստրախանից շարժվեցին դեպի հարավ, մտան Դերբենտ, գրավեցին Բաքուն և հասան Կասպից ծով։ Ռուս զինվորների հաջողությունները ոգևորեցին հայ ժողովրդին իրենց ազատագրական պայքարներում։ 1724 թվականին սպարապետ Դավիթ Բեկին հաջողվեց Կապանում ստեղծել հայկական անկախ նախարարություն, սակայն սա երկար կյանք չունեցավ, քանի որ որոշ օբյեկտիվ պատճառներ ստիպեցին Ռուսաստանին խաղաղություն կնքել Պարսկաստանի հետ։ Դրա հետևանքով Օսմանյան կայսրության իշխանությունը Անդրկովկասում ուժեղացավ։ Հայկական ազգային ազատագրական շարժումները այս անգամ էլ արդյունք չտվեցին, սակայն պատմությունը ևս մեկ անգամ ականատես եղավ հետագա սերունդների համար օրինակ հանդիսացող ժողովրդի քաջությանն ու հավատին։

XVIII դարի երկրորդ կեսին թվում էր թե մոտ է ազատությունը, հայ և ռուս զինվորները ստեղծում և քննարկում էին համատեղ պայքարի պլաններ։ Ռուս զինվորները Զուբովի գլխավորությամբ ևս մեկ անգամ անցան Անդրկովկասի սահմանները, սակայն Եկատերինա II թագուհու մահը հայկական հողերի ազատագրումը տեղափոխեց XIX դար։

XIX - XX դարեր. Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պայքարը Պարսկաստանի և Թուրքիայի դեմ։ Հայերի ցեղասպանությունը արմտյան Հայաստանում։ Հայկական պետականության վերականգնումը։

1804 թվականին սկսվեց պատերազմը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, որը կարճ ընդհատումերով շարունակվեց մինչև 1813 թվականը։ Ռուսական բանակը շատ դժվարություններ կրեց Արևելքում և նրա համար ավելի դժվար կլիներ, եթե չլիներ հայ ժողովրդի ամենօրյա օգնությունը։ Ողջ արևմտյան Հայաստանը դարձել էր պատերազմական գործողությունների թատերաբեմ։ 1812 թվականի հոկտեմբերին Արաքս գետի ափին տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտում ռուսական զորքերը գեներալ Կոտլյարովսկու հրամանատարությամբ ջախջախեցին պարսից զորքին։ Այդ հաղթանակի արդյունքը եղավ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանին միացվեցին ի սկզբանե Հայաստանին պատկանող շրջանները։ Իսկ մյուս հայկական շրջանները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները Էջմիածին քաղաքի հետ միասին, Ռուսաստանին անցան Պարսկաստանի հետ երկրորդ պատերազմից հետո, 1826-1828 թվականներին՝ Թուրքմենչայի պայմանագրով, որը վերջնականապես որոշեց Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Հենց այդ ժամանակ էր, որ Պարսկաստանին մնացած շրջաններից մոտ 90 հազար բնակիչ տեղափոխվեց և վերաբնակեցվեց Ռուսաստանին պատկանող շրջաններում։

1828-1829 թ.թ. ռուս-թուրքական պատերազմները տեղի էին ունենում Բալկանյան և Կովկասյան ֆրոնտերում։ Ռուսները Բալկաններում գրավեցին Դունայի գետաբերանը, իսկ Կովկասում Փոթին, Ախալցխան և Ախալքալակը։ Իսկ Ադրիանապոլսի պայմանագիրը պահանջում էր, որ ռուսական զորքերը ազատեն Արևմտյան Հայաստանի թուրքերի կողմից գրավված տերիտորիաները՝ Բայազետը, Կարսը և Էրզրումը։ Դրանք վերադարձվեցին Թուրքիային, սակայն մոտ 10 հազար ընտանիքներ այնտեղից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանի 1878 թվականի պատերազմից հետո Ռուսաստանին անցավ Կարսի նահանգը Անի քաղաքի տերիտորիայի հետ միասին։ Արևելյան Հայաստանում սկսեց տարածվել ռուսական իմպերիայի վարչական համակարգը։ 1828 թվականի մարտին կազմավորվեց Հայկական մարզը, որն իր մեջ էր ներառում Երևանի ու Նախիջևանի գավառները և Օրդուբադի շրջանը։ 1849 թվականին ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ։ Այդպիսի վարչական բաժանումը կարելի է ասել պահպանվեց մինչև 1917 թվականը։

Իսկ Արևմտյան Հայաստանը, որում XIX դարի երկրորդ կեսին բնակվում էր մոտ 3 միլիոն հայ, մնում էր Աբդուլ-Համիդի մուսուլմանական լծի տակ։ Այստեղ հայերը գտնվում էին ֆիզիկական և բարոյական մահվան եզրին։ Մարդկանց կյանքն ու ունեցվածքը գտնվում էին մշտական վտանգի տակ, նրանց մշտապես թալանում էին, սպանում, սնանկացնում։ Թուրքերի այդ վարմունքի հետևանքն էին հայերի զինված ապստամբությունները Զեյթունում 1862 թվականի ամռանը, Մուշի վիլայեթում 1863 թվականին, Վան քաղաքում 1872 թվականին։

Ռուսաստանի պահանջները Թուրքիայում բնակվող հայերի անվտանգության վերաբերյալ, որոնք 1878 թվականի պատերազմից հետո մտցված էին Սան-Ստեֆանոյի պայմանագրի մեջ, Բեռլինի կոնգրեսում մերժվեցին։ Թուրքիան բացահայտ կերպով հայտարարեց, որ հայկական հարցը պետք է լուծել միայն հայերին բնաջնջելու ճանապարհով։

Առավել աղետալի էր հայ ժողովրդի վիճակը XIX դարի վերջին տասնամյակում։ 1894 թվականի ամռանը թուրքերը ամայացրին Սասունը, մորթելով մոտ 10 հազար մարդ։ 1895 թվականի ամռանը սրի քաշվեցին Կոստանդնուպոլսի, Տրապիզոնի, Էրզրումի, Սեբաստիայի, Վանի, Բայազետի և այլ վայրերի հայ բնակիչները։ Այդ հարձակումները կատարում էին ոչ միայն թուրքական զորքերը, այլ նաև ավազակային խմբերը։ Նրանք չլսված դաժանությամբ ու վայրենությամբ էին սպանում տղամարդկանց ու ծերերին, կանանց ու երեխաներին, թալանում էին նրանց ունեցվածքը, վառում տները։ Հայերի հերոսական պաշտպանությունները որոշ շրջաններում (Զեյթուն, Վան) տասնյակ հազար հայերի կյանքեր փրկեցին, բայց այնուամենայնիվ 1894-1896 թ.թ.-ի մասսայական ջարդերի արդյունքում 300 հազար հայեր կոտորվեցին։

Նոր սկսվող 20-րդ դարը բազմապատկեց նահատակների այդ ահավոր ցուցակը։ Իսկ 1908 թվականի քաղաքական հեղափոխությունից հետո Թուրքիայում իշխանության գլուխ անցան երիտթուրքերը (բուրժուա-ազգայնական երիտասարդ թուրքերի կուսակցությունը)։ Այդ կուսակցության նացիոնալիստական ծրագիրը իր դաժանությամբ գերազանցեց նույնիսկ Աբդուլ Համիդի արյունալի ծրագրին։ Իշխանության գլուխ անցնելուց հետո դեռ չէր անցել մի տարի, երբ նրանք արդեն 30 հազար մարդ էին կոտորել Կիլիկիայի Ադանա քաղաքում։

Իսկ Եվրոպայում առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Թուրքիայի հայերի համար դարձավ նոր եղեռնի սկիզբ։ 1914 թվականի վերջին, երբ Թուրքիան մտավ պատերազմի մեջ որպես Գերմանիայի կողմնակից, գնդակահարվեցին թուրքական բանակ կանչված հայ սպաներն ու զինվորները։ 1915 թվականի գարնանը սկսվեցին հայերի մասսայական տեղահանությունները դեպի Սիրիայի և Եգիպտոսի անապատները։ Նրանց մի մասը սրի քաշվեց հենց տեղում, իսկ մնացած մասը զոհվեց ճանապարհին։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սպանվեցին հայ մտավորականության մոտ 800 ներկայացուցիչներ։

Կոտորածը շարունակվեց 1916 թվականին, այն տեղի էր ունենում Արևմտյան Հայաստանի բոլոր մասերում և Թուրքիայի հայ բնակչություն ունեցող վայրերում։ Զոհերի թիվն արդեն հասել էր մեկ ու կես միլիոնի։ Արևմտյան Հայաստանը զրկվել էր իր հիմնական բնակչությունից։

Թուրքիայի պարտությունը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և իշխանության անցումը Մուստաֆա Քեմալի կուսակցությանը, ոչ մի կերպ չթեթևացրեց Թուրքիայում կենդանի մնացած հայ բնակչության վիճակը։ 1920 թ.-ին Թուրքական գավառ դարձած Կիլիկիայում տեղի ունեցող իրադարձությունները պարզեցին քեմալականների իրական մտադրությունները։ Կազմակերպելով ապստամբություն Կիլիկիայում գտնվող ֆրանսիական զորքերի դեմ, թուրքերը հասան նրան, որ ֆրանսիական զորքերն հեռացան, բախտի քմահաճույքին թողնելով մոտ 120 հազար հայերի։ Թուրք ջարդարարները բնաջնջեցին Կիլիկիայի Մարաշ, Զեյթուն, Հաճն, Այնթափ և այլ քաղաքների բնակչության մեծ մասին, իրականացնելով իրենց հին ծրագիրը՝ վերացնել Կիլիկիայի հայ բնակչությանը։ Կենդանի մնացած հատ ու կենտ հայերին հաջողվեց հասնել Սիրիա և այլ երկրներ։

XIX-XX դարերում թուրք ջարդարարների կազմակերպած եղեռնի արդյունքում զոհ գնացին մոտ երկու միլիոն հայեր։

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...