Karmir Posted November 1, 2005 Report Share Posted November 1, 2005 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆ ԵՂՋԵՐՈՒՆ Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում: Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը: Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը: Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ: Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից: Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել: Ապա երևաց Եղջերուն - Լուսաստղը: Վեր կացավ վաղորդյան զեփյուռը: Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին: Անտառն սկսեց զարթնել: Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ հեռվից... Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից ու զմայլած դիտում էի շուրջս - բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը: Հանկարծ մի ձայն... չորացած մի ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում: Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի – խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ... Բան չի երեում, բայց դարձյալ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ, մոտենում է ավելի ու ավելի... Եվ, ահա, դուրս եկավ... Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ: Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության ամեն մի գեղեցկությունների տերն ու թագավորը: Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնած, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը: Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում: Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս... Շարժվեցի թե չէ, նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը, վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը: Հրացանի ձայնից անտառը որոտաց ու սկսեց ճռճռալ: էն եղջերուն էր փախչում: - Հա՛յ քո տունը չքանդվի,-ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի ո՛ր կողմից կերևա փախած որսը: Առավոտը բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանաչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը: Վիրավորված էր եղջերուն: Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու: - Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է,– հայտնեց որսկան Օսեփը: Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում: Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ: Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով: Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճղփալով ընկավ իր արյան մեջ մի ծանր, անզոր թառանչով: Որսկանը վրա վազեց... Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի... Նա բռնեց եղջերուի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը... Ես դարձյալ սիրտ չարի... Եվ ահա դաշույնը փայլատակեց: ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում: Ետևից մի խուլ տնքոց լսեցի... ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.