Karmir Posted December 30, 2005 Report Share Posted December 30, 2005 «Չորրորդ իշխանություն» № 16 Դեկտեմբերի 24 2005 թ., շաբաթ http://chi.am/news/051224/05122408.htm ԿՈՐԵԼ Է... ՄԻ ՎԱԳՈՆ ԶԵՆՔ Էջմիածնում` Արմավիրի առաջին ատյանի դատարանում այս օրերին քննվում է մի քրեական գործ, որը արդեն հասցրել է բավական մեծ աղմուկ հանել: Մեղադրյալի աթոռին են հայտնվել երեք անչափահասներ` Հայկ Խաչատրյանը, Վահան Մարգարյանը եւ Արմեն Պուլուզյանը. բոլորն էլ հաշվառման են կանգնած որպես հոգեկան հիվանդներ: Շատ հետաքրքիր է: Համառոտ ներկայացնենք գործը: Մի քաղաքացի` Մայիս Ավետիսյանը, «Զվարթնոց» թաղամասում գոմեր ունի եւ զբաղվում է անասնապահությամբ: Նրա մոտ 16-ամյա մի տղա է աշխատում` Արսեն Մկրտչյանը: Մի օր Արսեն Մկրտչյանը պատահաբար այդ գոմերում մի նկուղ է հայտնաբերում, որտեղ մեծ քանակությամբ զենք է լինում` 7 ինքնաձիգ, 1 գնդացիր, 140 փամփուշտ, մեկ օպտիկական սարք: Այդ անչափահասը զենքի մասին պատմել է վերոհիշյալ երեք անչափահասներին, այդ ավտոմատներից է նրանց տվել կամ փոխանակել բջջային հեռախոսի հետ: Երեխաներից մեկի` Արմեն Պուլուզյանի ծնողները տեսել են զենքը երեխայի ձեռքին, մտածել են, թե ինչ անեն, գնացել են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մոտ: Հետո վերջինիս ուղեկցությամբ գնացել են ոստիկանություն` զենքը հանձնելու: Այսքանը նորմալ պատմություն է: Բայց հետո տարօրինակ բաներ են սկսվում: Այդ երեխային մի քանի օր պահում են ոստիկանությունում, ահավոր խոշտանգումների եւ ծեծի են ենթարկում, իսկ հետո քրգործ են հարուցում: Նույնը` մյուս անչափահասների դեմ: Այս անչափահասներին ներկայացվել է մեղադրանք, ըստ որի, վերջիններս մեկ այլ անչափահասի` Արսեն Մկրտչյանին «ներգրավել են առանձնապես ծանր հանցանք կատարելու` զենքի հափշտակության մեջ», նրա «կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել, սպառնացել եւ դրդել, որ Արսեն Ավետիսյանը Էջմիածնի բնակիչ, գործով վկա Մայիս Ավետիսյանի տնտեսությունից զենք հափշտակի եւ տա իրենց: Այս մեղադրանքով անչափահասներին սպառնում է 6-10 տարի ազատազրկում: Մի պահ ընդունենք, որ իսկապես այդպես էլ եղել է: Բայց օրինական հարց է առաջանում. բա զենքի տե՞րը: Զենքն ու զինամթերքը անօրինական են եղել, բայց դրանց տերը գործով վկա է: Իսկ զենքը հափշտակած Արսեն Մկրտչյանի նկատմամբ քրգործը կարճվել էր: Ու ամեն ինչ այդ երեխաների վրա են բարդել: Մենք հանդիպեցինք մեղադրյալի կարգավիճակում հայտնված Արմեն Պուլուզյանի ծնողների հետ: Վերջիններս մեզ պատմեցին այս գործի հետ կապված որոշ մանրամասներ, որոնք ոչ միայն հիմնովին լույս են սփռում այս գործի վրա, այլ նաեւ ցույց են տալիս, որ այս գործին խառնված են բավական բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ազդեցիկ դեմքեր, որոնք էլ ցանկանում են գործը նման մեթոդներով ծածկել, քանզի հակառակ դեպքում դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Նախ եւ առաջ, նախաքննությունը ամեն ինչ արել է, որպեսզի այս գործում որեւէ կերպ չարծարծվի Գրիգոր (Գոքոր) Ավետիսյանի անունը: Հենց վերջինիս է զենքը իրականում պատկանել, բայց որոշել են եղբոր` ամբողջ կյանքը անասնապահությամբ զբաղված Մայիսի անունը շոշափել: Ո՞վ է Գրիգոր Ավետիսյանը: «Պրոֆեսիոնալ խառնակիչ է,- պատասխանում է Արմեն Պուլուզյանի հայրը` Վահագն Պուլուզյանը,- մարդ, որի հետ 40 տարի մոտ հարաբերություններ ենք ունեցել, բայց այսօր կանգնում է, ասում, թե երեխայիս չի ճանաչում: Իսկ ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ մինչեւ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները Գոքորը եկավ մեր տուն եւ ասաց, թե Սամվել Բաբայանի կուսակցության շտաբ է բացում եւ ինձ առաջարկեց անդամագրվել դրան: Ես եղել եմ Անկախության բանակի մարտիկ, մասնակցել եմ արցախյան ազատամարտին, սակայն որեւէ կուսակցության չեմ անդամագրվել: Ես մերժեցի նրա առաջարկը, տեղի ունեցավ վիճաբանություն, եւ մեր միջեւ թշնամանք առաջացավ: Եվ երբ առիթը եկավ, նա երեխայիս վրա դիտավորյալ գործ սարքեց»: Այս պատասխանը մեզ չբավարարեց: Որովհետեւ դա չտվեց պատասխանը այն հարցի, թե ինչու են գործը շուռ տվել այդ երեխաների վրա, եւ այն էլ այդքան անշնորհք ձեւով: Վահագն Պուլուզյանի պատասխանը պարզապես սենսացիոն է. «Չնայած խոսք է գնում մի քանի ավտոմատի մասին, բայց այդ թաքստոցում վագոնով զենք է եղել: Ահռելի քանակությամբ: Եվ այդ զենքի մասին խոսք չկա: Ով որ այս գործը կոծկել է, նա սովորական մարդ չի եղել. մի վագոն կամ բեռնատար զենքը սովորական մարդը չէր կարող թաքցնել: Թե ով է այդ մարդը, ես չգիտեմ»: Նշենք, որ զենքի ծագումնաբանության հետ կապված կա հետեւյալ բացատրությունը, թե 1992թ. աշնանը այդ զենքը Գ. Ավետիսյանի մոտ պահ է տվել «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Մելսիկ Թանգամյանը, որը դրանից կարճ ժամանակ անց զոհվել է, եւ զենքերը մնացել են Ավետիսյանի մոտ: Գ. Ավետիսյանն էլ զենքերը թաքցրել է եղբոր գոմերում: «Շատ հնարավոր է,- նշում է Վահագն Պուլուզյանը,- այդ զենքը ինչ-որ նպատակի համար էին բերել: Մեկը չէ, երկուսը չէ, այլ մի բեռնատար»: Թե ինչ զենքեր են եղել թաքստոցում, Վահագն Պուլուզյանը պատասխանեց, որ բացի ինքնաձիգներից եղել են մեծ քանակությամբ գնդացիրներ, օպտիկական նշանառությամբ հրացաններ, նռնակներ, ականանետներ եւ այլն: Մի ամբողջ գումարտակի զենք: Քանի որ այս գործի մեղադրական նյութերը ուսումնասիրելով, ակնհայտ է դառնում, որ գործը ամբողջությամբ շինծու է եւ սարքված, մենք հավատում ենք Վահագն Պուլուզյանին: Եթե ահռելի քանակությամբ զենք կա եւ դա բոլորի աչքի առջեւ կորչում է, նշանակում է այս գործում իսկապես լուրջ մարդիկ են ներքաշված: Որոնք էլ, այն բանից հետո, երբ պատահաբար զենքի թաքստոցը հայտնաբերվել է, որոշել են գործը հոգեկան հիվանդությամբ տառապող երեխաների վրա բարդել: Այս կապակցությամբ նշենք, որ մաֆիայում հատուկ մարդիկ են պահում, որոնց միակ գործը նստելն է: Այսինքն, այդ մարդիկ իրենց վրա են վերցնում ինչ-ինչ հանցագործություններ, գնում են կալանավայր, հետո դուրս գալիս, ստանում իրենց հասանելիքը: Սրանք, այսինքն այն մարդիկ, ում զենքը իրականում պատկանել է, ակնհայտորեն լուրջ մաֆիոզ խմբավորում է: Ավելի շուտ, նման խմբավորման տնազ, եթե չեն կարողանում մարդ ճարել, որը իրեն կհամարեր զենքի տերը: Փոխարենը` ուժերը պատել է անչափահաս երեխաների վրա: Գործը բավական հետաքրքիր է, մենք անկախ դատավարությունից որոշել ենք պարզել, թե իրականում ինչ է կատարվել, որովհետեւ այս գործի հետքերը շատ բարձր ատյաններ կարող են տանել: «ՉԻ» Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.