Karmir Posted January 7, 2006 Report Share Posted January 7, 2006 Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը մի շատ հետաքրքիր և ուշագրավ հոդված «Շրջադարձ» համահայկական ամսագրի սեպտեմբեր'2004 համարից: Երևի իրոք, հայ պարի ապագայի համար անհանգստության լուրջ առիթ կա, քանզի պետականորեն ընդունված և խորհրդային տարիներից լայն տարածում գտած հայկական ժողովրդական պարարվեստը հիմնված է դասական բալետային պարերի սկզբունքների վրա և հակասում է իսկական հայկական պարարվեստի հիմունքների հետ, ինչը վտանգի է ենթարկում հայկական ավանդական պարարվեստի պահպանումը: ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ Մտորումներ [attachmentid=21553] «Կարին» ազգագրական երգի-պարի խումբ Ձախից առաջինը՝ Գագիկ Գինոսյան «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»: (Կոմիտաս) Ժողովուրդների կյանքում միշտ մեծ նշանա կություն է ունեցել պարարվեստը և, չնայած արվեստներից ամենակոնսերվատիվն (ամենապահպանողական - խմբ.) է, միշտ զարգացել է տվյալ ժողովրդի քաղաքակրթությանը և կենսակերպին զուգահեռ: Բայց այդ փոփոխություններով հանդերձ` մեր պարերը կրում են հազարամյակներ առաջ ստեղծված տոտեմական, էպիկական, վիպական, ծիսական և այլ պա րերի կնիքը, իսկ հոգեբանությունը գրեթե ոչ մի փոփոխություն չի կրել: Այդպես եղել է բազում դարերի ընթացքում: Նույնիսկ հայոց պետականության բացակայության շրջանում հային հայ պահող հիմնական կռվաններից մեկը ազգային արվեստն է եղել, իսկ այս ոլորտում թերևս կարևորագույն դեր է ունեցել պարարվեստը: Նշանակում է` ազգային դաստիարակության և ազգային դիմագծի պահպանման գործում անչափ կարևոր է ազգային պարարվեստի անաղարտության պահպանումը և, ազգային նկարագրին ու հոգեբանությանը հարազատ մնալով, նրա զարգացումը: Ազգային պարն այժմ բաժանվում է երկու խմբի՝ ազգագրական և ժողովրդական: Ժողովրդականը ազգագրականից պետք է տարբերվեր միայն բեմադրությամբ, այսինքն` ազգագրական պարին պետք է բեմական տեսք և բեմական կեցվածք տրվեր: Անցյալ դարի 50-ական թվականների վերջից ազգային պարը ձևախեղվեց` այսպես կոչված խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարը խցկելու համար: Եվ քանի որ հանրապետության բոլոր առաջավոր պարի խմբերը և պարարվեստի ուսումնարանը բացառապես ղեկավարեցին դասական, բալետային պարի ներկայացուցիչները, ազգային պարն օրեցօր հեռացավ իր ակունքներից և այժմ սկզբունքորեն հակասում է հայ պարի հիմունքներին, որոնք նշված են Կոմիտասի, Վահրամ Արիստակեսյանի և Սրբուհի Լիսիցյանի աշխատություններում: Հայկական պարի հիմքը զիստային շարժումներն են, այսինքն` ոտքերի զսպանակավոր շարժումները, որոնք հնարավոր են միայն ծնկածալերի միջոցով: Դասական պարերի համար ոտքերի այդ վիճակը անհարիր է, որովհետև «ծնկները դուրս են գալիս», և դասական պարը, ավելի ճիշտ կլիներ ասել` պարողը կորցնում է իր սլացիկությունը: Առանց վարանելու կարելի է ասել, որ ազգային և դասական պարարվեստների հիմունքները, մեղմ ասած, այնքան էլ համատեղելի չեն, և ոչ մի դեպքում չի կարելի ազգային պարի դասավանդումն սկսել դասական պարաքայլերի ուսուցմամբ: Վերջինս հիմնավորապես յուրացնելուց հետո գրեթե անհնար է դառնում ճիշտ «հայերեն պարելը»: Ցավոք, և՛ պարարվեստի ուսումնարանում, և՛ ժողովրդական կոչված պարախմբերում դասավանդումը հենց այդ ձևով էլ կատարվում է՝ օրեցօր հեռացնելով ազգային պարն իր ակունքներից, իսկ շատ հարցերում սկզբունքորեն հակասելով ազգայինին: Անաղարտ ազգային պարն այսօր պահպանվել է Հայրիկ Մուրադյանի և մի քանի այլ նվիրյալների հիմնադրած սիրողական ազգագրական խմբերում: Առանձին քննարկման խնդիր է ազգային տարազի վիճակը: Այստեղ նույնպես ավելի շատ օտարամուտ տարրեր կան («տրիկո», «չուվակի» և այլն), քան բուն ազգային: Հաճախ ազգայինի տարրեր կրող տարազներն էլ այնքան անճաշակ և գունային այնպիսի համադրումով են ներկայացվում, որ հարիր չեն նույնիսկ մեր ամենագեղջկական տարազին, էլ չեմ ասում, որ գրեթե ոչ մի խմբում ներկայացված չեն մեր քաղաքային և, առավել ևս, մեր հին իշխանական տարազները: Թողնենք այս խնդիրները տարազագետներին և կրկին անդրադառնանք ազգային պարարվեստի խնդիրներին: Ժողովրդական կոչված պարի թերևս ոչ մի կարկառուն ներկայացուցիչ չգիտե և, բնական է, որ չի էլ կարող ուսուցանել ազգային պարերից և ոչ մեկի ծագումնաբանությունը, անվանման մեկնաբանությունը և այլն: Ուրեմն խոսք անգամ չի կարող լինել պարերի հոգևոր ընկալունակության մասին: Ազգային պարը վերածվել է ֆիզիկական աշխատանքի` բացառելով հոգևոր որևէ ընկալում կամ ապրում, և դա այն դեպքում, երբ պարը միակ արվեստն է, որը համակցում է հոգին ու մարմինը և, ըստ Կոմիտասի, միակ արվեստն է, որը փոխկապակցված է ենթագիտակցության հետ: Ընդհանրապես չի ուսուցանվում նաև Լիսիցյանի կինետոգրաֆիայի (պարային գրառումներ) համակարգը, որի չիմացությունը բացառում է պարագետների հետագա բանահավաքչական աշխատանքները: Մենք արհեստականորեն օտարացրել ենք ազգային պարը ժողովրդից: Իսկ պարի բնականոն ընթացքը, առավել ևս զարգացումը կարելի է ենթադրել միայն այն ժողովրդին վերադարձնելու ճանապարհով: Այս ամենի մտահոգությամբ ես հանդիպել, զրուցել եմ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարուհու հետ: Նրա «արձագանքը» շատ ավելի մտահոգիչ էր, քան բուն խնդիրը: Ամենահանճարեղ միտքը, որ նա կարողացավ «երկնել», այն էր, որ «Ազգային պարարվեստի բարեփոխումները լուրջ քաղաքական լուծումներ են պահանջում», իսկ բարեփոխման համար իմ ներկայացրած առաջարկություններին պատասխանեց. «Ընդունելի առաջարկներ են, դուք ֆինանսները հայթայթեք, մենք ձեր առաջարկությունները կանենք»: (Ամենահանճարեղ տնտեսագետն անգամ անկարող է հաշվարկել, թե մեր երկրի «դե ֆակտո» տերերի և բազկաթոռներին «սոսնձված» պաշտոնյաների շքեղ առանձնատների, շքեղաշուք փոխադրամիջոցների «հիմքում» ինչքան Ազգային արվեստ է թաղված, և քանի դար հետո հնագետներին կհաջողվի նրանց փլատակներում պեղել բուն Ազգային արվեստը Մոտավորապես նույն «հանճարեղության» պատասխան տվեց պարարվեստի ուսումնարանի նորանշանակ տնօրեն պարոն Նորիկ Մեհրաբյանը. «Ես օպերայի և բալետի թատրոնի համար «պռոֆեսիոնալ» պարող-պարուհիներ եմ պատրաստում: Ազգային պարն իմ խնդիրը չէ, ով ուզում է թող զբաղվի»: Մինչդեռ պարարվեստի ուսումնարանի բուն առաքելությունը հայկական պարն իր ազգային ակունքներից ոչ թե կտրելն է, այլ ուսումնական ընթացքն ազգային պարի սկզբունքներին հարազատացնելը և վերստին ազգային պարի հիմքերին վերադարձնելը: Ի դեպ, վերջերս «Ավանգարդ» շաբաթաթերթին տրված հարցազրույցից իմացանք, որ նորանշանակ տնօրենը ծրագրել է ստեղծել մոդեռն բալետի բաժին: Եթե միայն իմանար երջանկահիշատակ Վահրամ Արիստակեսյանը, թե իր իսկ հիմնադրած ազգային պարարվեստի ուսումնարանն ինչ առաքելության է ծառայում... Այսքանից հետո ինչպես չմորմոքար Կոմիտասը. «Դե ե՛կ, վարդապետ, ու մի՛ խենթանա»: Մենք մեղանչել ենք հայ պարի դեմ: Կտրել ենք արմատները, փորձում ենք մի կերպ կանգուն պահել երերացող ծառը և դեռ ուզում ենք, որ պտուղ տա: Այսօրվա հրամայականն է վերադառնալ արմատներին և, կրկնում եմ, ազգային պարը վերադարձնել ժողովրդին, վերստին դարձնել ժողովրդական: Իսկ թե ինչպիսին է մշակույթի նոր նախարարի դիրքորոշումն ու վերաբերմունքն ազգային պարի հարցում, գոնե ինձ հայտնի կդառնա նրա հետ հանդիպման ընթացքում: Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը հայ պարը գրաբար դառնա... Գագիկ Գինոսյան «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.