Jump to content

Շինարարական սխալներից տուժում են հասարա&


Recommended Posts

Արտատպում եմ հոդված «Չորրորդ Իշխանություն» թերթի, հունվարի 27-ի համարից

ՎՈԼՈԴՅԱ ԳԻՆՈՎՅԱՆ

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԻՇՏ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՏՈՒԺՈՒՄ»

Երեւանում ընթացող շինարարությունը իրականացվում է մեծ մասամբ այն տեղերում, որտեղ կամ սողանցքներ են, կամ սելավներ, կամ էլ մարդիկ են քշվում-փողոց շպրտվում իրենց տներից, որպեսզի մի քանիսը իրականացնեն մայրաքաղաքը նվաճելու իրենց գավառական երազանքները: Այսօր շենքեր են կառուցվում Հրազդանի կիրճում, Գետառի վրա, Վարդաշենում, որոնք ռիսկային գոտիներ են` բնական աղետների առումով: Այս մասին զրուցեցինք մի քանի նախագծային ինստիտուտներում ժամանակին աշխատած, այսօր «Երկրաբան-Ուտիք» (տեղագրագեոդեզիական հանույթ եւ ինժեներաերկրաբանական հետազոտումներ) ՍՊԸ տնօրեն, ինժեներ-երկրաբան Վոլոդյա Գինովյանի հետ:

- Այսօր Հրազդանի կիրճում արդեն բազմաթիվ նորակառույցներ կան: Ինչպիսի՞ վտանգների տակ են դրանք:

- Կիրճում շատ տարածված են սողանքային երեւույթները, քարաթափերը, փլվածքները, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Հրազդան գետը նաեւ սելավատար է քաղաքի համար: Մի քանի տարի առաջ գետի մակարդակի բարձրացման հետեւանքով որոշ կառույցներ վնասվեցին, ջրածածկման երեւույթներ եղան, իսկ 2004-ին համապատասխան միջոցառումների նախագիծ կազմվեց եւ մի հենապատ կառուցվեց:

- Դա կփրկի՞ սելավներից:

- Որոշ չափով: Ինչ վերաբերում է կառուցապատմանը, 1987-ին բարձրահարկերի վերաբերյալ որոշում ընդունվեց, որի համաձայն արգելվում էր կիրճի եզրից մինչեւ 50 մ հեռավորության վրա կառուցապատում կատարել: Հետագայում արված ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց այդ թիվը փոքրացնել մինչեւ 30 մ-ի: Իսկ վերջին ժամանակներում յուրաքանչյուր շենքի համար առանձին ուսումնասիրություն է կատարվում, որպեսզի թույլատրվի կամ ոչ` կիրճին մոտ կառուցելը:

- Այսինքն` գնալով այդ նորմերը հարմարեցվում են ոմանց ցանկություններին: Իսկ հիմա կիրճում չկա՞ն վտանգավոր կառույցներ:

- Որոշ բաներ, իհարկե, կան: Կիրճի եզրին շատ մոտիկ կառուցված շենքեր կան, որոնց տակի ժայռային գրունտները կպոկվեն-կփլվեն եւ, բնականաբար, կփլվեն նաեւ այդ կառույցները: Իհարկե, դրանք հիմնականում զվարճանքների համալիրներ են, բայց, ի վերջո, մարդիկ են աշխատում այնտեղ:

- Այսօր արդեն Գետառն է ծածկվում: Ի՞նչ վտանգներ կարող ենք սպասել դրանից:

- Գետառը մեր քաղաքի հիմնական սելավատարն է եւ այն համատարած ծածկելու մոլուցքը կարող է բերել մեծ վնասներ: Կառույցները ջուրը կքշի-կտանի: Հետո` Գետառի հունը պետք է հաճախակի մաքրվի կոշտ առաջացումներից, ճահճացման տեղեր կան, բուսականություն կա: Դրանցից պետք է գետը մաքրվի: Հիմա կառուցապատելուց հետո կան հատվածներ, որտեղ շատ ցածր է կառույցը եւ հնարավոր չէ գետը մաքրել այդ հատվածներում: Ի՞նչ կարող է լինել: Կարող է ջրի առաջը փակվել, գետը դուրս գա ափերից, ինչպես նաեւ քայքայել ափը, որի հետեւանքով կարող են հենապատերի հիմքերը խարխլվել-քայքայվել: Ջուրն այնպիսի բան է, որ չես կարող ճանապարհը փակել: Փակվեց` մի ուրիշ ճանապարհ կգտնի եւ բոլորիս էլ պարզ է, թե ջուրը ինչ ավերածություններ կարող է պատճառել:

Գետառը երկու անգամ արդեն` 1948-ին եւ 1964-ին բարձրացել է: Սելավներ են առաջացել, որոնք մեծ ավերածությունների, վնասների պատճառ են դարձել: Եվ ոչ մի երաշխիք, որ այլեւս նման բան չի լինի եւ լինելու դեպքում էլ` երբ կլինի: Ճիշտ է, այսօր ջուրը շատ սակավ է, բայց դա ոչինչ չի նշանակում: Հիսուն, հարյուր տարին մեկ բնությունը անակնկալներ է մատուցում աղետների տեսքով: Օրինակ, այս օրերին տեղացած ձյունը արդեն հումք է եւ հիմք, որ գետը կարող է բարձրանալ:

- Ի դեպ, շշուկներ կան, որ կենտրոնում կառուցված շենքերից մեկի պատշգամբները թեքված են: Տեղյա՞կ եք:

- Ես նման տվյալ չունեմ, բայց եթե իսկապես կա, պետք է ուսումնասիրվի, պատճառը գտնվի:

- Այսինքն, դա նշանակում է` վստահ հնարավոր չէ ասել, որ կառուցված-կառուցվող շենքերի ինժեներաերկրաբանական հետազոտությունները ըստ ամենայնի են կատարվել:

- Այո, հնարավոր չէ: Ես կարող եմ միայն իմ աշխատանքի մասով վստահեցնել: Կարծում եմ, պետք է լինի մի կենտրոնացված կառույց, որը իրականացնի վերահսկողություն բոլոր ինժեներաերկրաբանական հետազոտություններ կատարող կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ եւ ընդհանրապես` կառուցվող շենքերի նկատմամբ: Շինությունը երեք հիմնական աշխատանքների արդյունք է` ինժեներաերկրաբանական հետազոտություն, որի մեջ մտնում է նաեւ սեյսմիկ հետազոտությունը, նախագծային աշխատանք եւ շինարարություն: Եթե այս երեք օղակներից մեկը սխալ թույլ տվեց...

- Որը բացառված չէ մեզանում:

- Այո, իհարկե:

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ ինժեներաերկրաբանական հետազոտությունը թերի է կատարվում կամ ընդհանրապես չի կատարվում:

- Այդ հետազոտությունը, այսպես ասած, թանկ հաճույք է: Բայց դա արդարացում չէ: Շենքը մեկ օրվա, նույնիսկ մեկ տարվա համար չի կառուցվում: Էլ չեմ ասում, որ շինարարական սխալներից հետագայում միշտ անմեղ մարդիկ են տուժում:

- Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ վերահսկող կառույցն իր հերթին չարաշահումներ-բացթողումներ թույլ չի տա եւ կաշառքի գնով կնիքներ չի դնի:

- Բոլորս էլ այս երկրի քաղաքացիներ ենք: Երկիրը բոլորինս է եւ պիտի սրտացավ լինել: Ես, համենայնդեպս, հույս ունեմ, որ վերահսկող կառույցի դեպքում բացթողումներ-սխալներ չեն լինի: Պետք է ամեն ինչ օրենքի սահմաններում արվի, եւ կառուցապատման յուրաքանչյուր նախագիծ տեղանքին համապատասխան լինի` բոլոր առումներով:

Ես կուզենայի եւս երկու պրոբլեմ նշել Երեւանի համար` կանաչապատումը եւ տրանսպորտի վիճակը: Երեւանում մեծացել է տրանսպորտային միջոցների քանակը, որը էկոլոգիայի վրա բացասական ազդեցություն է ունենում: Նոր մեքենաների հետ ներմուծվում են հները, հաճախ շահագործման ժամկետն անց մեքենաներ, որոնք օդի աղտոտվածության աստիճանն են բարձրացնում: Իսկ կանաչապատված գոտիները վերջին տարիներին գնալով պակասում են: Ասվում է, որ այդպես չի մնա, քաղաքը կկանաչապատվի, բայց իմ տպավորությամբ այդպես չէ: Կառուցապատումը իրականացվում է կանաչ տարածքների հաշվին: Հասկանալի է, պետք է կառուցվի, բայց պետք է մտածել կանաչը ավելացնելու մասին, ոչ թե հակառակը:

- Եվ դա ինչի՞ կհասցնի:

- Էկոլոգիական աղետի: Հիմա մենք այս աղետի ճանապարհին ենք, սկիզբը դրվել է: Եվ մի շարք երեւույթներ արդեն խոսում են սպասվելիք վատ հետեւանքների մասին:

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Link to post
Share on other sites

Շարունակելով թեման:

ՍՈՂԱՆՔՆԵՐՆ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆԸ

http://www.a1plus.am/arm/?go=issue&id=35323

Կապանի 11 սողանքային գոտիներից 5 գործող է: Չնայած դրան` մարդիկ շարունակում են բնակվել այդտեղ: 2002 թ պետության կողմից փոխհատուցվել է միայն 7 ընտանիք՝ 4-ը Արփիկ եւ 3-ը Երկաթուղայինների թաղամասերից: 10 տարի առաջ 3 մարդ նույնիսկ սողանքի զոհ են դարձել:

Բնակիչներն արդեն չեն զարմանում, երբ առավոտյան արթնանում եւ տեսնում են, որ տան մի պատը անջատվել է մյուսից: Վերջին անգամ ճապոնական «Ջայկա» կազմակերպության մասնագետներն են ուսումնասիրություններ կատարել Մ. Հարությունյան թաղամասի սողանքային հատվածում` պարզելու սողանքի առաջացման պատճառները: Սակայն 10 տարուց ավելի է սայլը տեղից չի շարժվում, նշում են բնակիչները: Բազմաթիվ մարդկանց կյանքեր այժմ էլ վտանգի տակ են, իսկ մասնագետներն առայժմ բավարարվում են միայն ուսումնասիրություններ կատարելով:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...