Karmir Posted February 16, 2006 Report Share Posted February 16, 2006 «Ազգ» #029, 02/17/2006 http://www.azg.am/?lang=AR&num=2006021709 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ «ԴԱՎԹԱՐԻ» ՆՄԱՆԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը լույս է ընծայել բանասիրական գիտությունների դոկտոր, սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանի պատրաստած Սայաթ-Նովայի «Դավթարի» նմանահանությունը: Հատորն ընդգրկում է Սայաթ-Նովայի ինքնագիր երգարանի` «Դավթարի» նմանահանությունը: Գիրքն ունի հայերեն եւ անգլերեն առաջաբան: Վերջում ներկայացված է «Դավթարի» թուրքերեն եւ հայերեն խաղերի հաջորդական ցանկը: Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի, ի թիվս այլ հրատարակչությունների, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչությամբ լույս է ընծայվել նաեւ Դավթարի նմանահանությունը (սեւ-սպիտակ): Այդ հրատարակությունից անցել է ավելի քան քառասուն տարի, եւ այժմ ընթերցողի սեղանին է «Դավթարի» մի նոր նմանահանություն: Սա նախորդից շահեկանորեն տարբերվում է արդի տպագրական տեխնիկայի բարձր մակարդակով, «Դավթարը» ներկայացված է իր իրական չափերով: Գիրքն արժեքավոր է նաեւ նրանով, որ հատորի վերջում բերված է «Դավթարում» ընդգրկված խաղերի հաջորդական ցանկը` անհրաժեշտ նմուշներով: Սայաթնովագետը վերականգնել է սույն նմանահանության էջերի ճիշտ հաջորդականությունը եւ մասնագիտական վերանորոգման ենթարկել մեծ աշուղ-բանաստեղծի այդ թանկարժեք թողոնը: 1755-1759 թվականների ընթացքում արքունական բանաստեղծը կազմել է իր թուրքերեն եւ հայերեն խաղերի ժողովածուն` «Դավթարը»: Սայաթ-Նովայի այդ ինքնագիր երգարանը բաղկացած է եղել 148 էջից եւ ընդգրկել է 119 թուրքերեն (ամբողջական եւ թերի) եւ 47 հայերեն խաղեր: Երգչի «Դավթարի» սկզբում զետեղել է թուրքերեն (հայատառ եւ վրացատառ), այնուհետեւ հայերեն (վրացատառ) խաղերը: Գրքից տեղեկանում ենք, որ երգչի մահից հետո Դավթարը գտնվել է նրա ժառանգների մոտ: Միառժամանակ (1848-ից) ձեռագիրը հանձնվել է վաստակաշատ հայագետ Գեւորգ Հախվերդյանին, որը վերծանելով հայերեն խաղերը, 1852 թվականին Մոսկվայում առանձին գրքով հրատարակել է դրանք` հարակից ծանոթագրություններով, երգչի կենսագրությունը ներկայացնող առաջաբանով եւ թիֆլիսահայ բարբառի քերականությամբ: Այդ հրատարակչությամբ սկզբնավորվել է սայաթնովագիտությունը, որն արդեն անցել է 150 տարվա արգասավոր ճանապարհ: 1851 թվականից Դավթարը գտնվել է Սայաթ-Նովայի թոռան` Մովսես ավագ քահանա Սայաթնյանի, այնուհետեւ վերջինիս որդի Բագրատի ձեռքին: 1913 թվականին նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի միջոցով Բագրատ Սայաթնյանը «Դավթարը» նվիրել է հայ գրողների կովկասյան ընկերությանը: Մինչեւ 1921 թվականը այդ թանկագին մասունքը, ընկերության վարչության որոշմամբ, գտնվել է նրա նախագահ Հովհաննես Թումանյանի մոտ: 1921 թվականին Թումանյանը «Դավթարը» հանձնել է Հայաստանի Կուլտուր-պատմական թանգարանին, որի անմիջական ժառանգորդն է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը: Այդպիսով, «Խալխի նոքար» Սայաթ-Նովայի ինքնագիր երգահանը դարձել է ժողովրդի սեփականությունը ու նորաստեղծ թանգարանի գրական հավաքածուի հենաքարերից մեկը: Թանգարանում խնամքով պահպանվում են բազմաթիվ արժեքավոր վավերագրեր, հայ գրականության ու թատրոնի, կինոյի, երաժշտարվեստի մեծերի արխիվները, այլ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը լույս է սփռում թե՛ այդ մեծերի կյանքի, թե՛ հայ արվեստի պատմության վրա: Անխոնջ նվիրումով թանգարանում տարիներ շարունակ աշխատում են մարդիկ, տարիների փոշին մաքրում այդ փաստաթղթերի վրայից, բազում դժվարություններ հաղթահարելով կազմում այդ արժեքավոր վավերագրերի ժողովածուները, դրանք դարձնում մեր բոլորի սեփականությունը: Այդ անխոնջ նվիրյալներից է սայաթնովագետ, թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը: Նա 1970-ական թթ.-ից է զբաղվում Սայաթ-Նովայի կյանքի ու ստեղծագործության գիտահետազոտական աշխատանքով, որոնք տեղ են գտել գիտական հանդեսներում ու հանրապետական մամուլի էջերում: Ուսումնասիրելով աշուղ-բանաստեղծի հայերեն ժառանգության ձեռագիր ու տպագիր աղբյուրները եւ սայաթնովագիտական լայնածավալ գրականությունը, Բախչինյանը կազմել է երգչի հայերեն խաղերի ակադեմիական հատորը, որը 1984-ին լույս է ընծայել Ազգային ակադեմիայի հրատարակչությունը: Այստեղ մի շարք բնագրային ճշտումներով հրատարակել են բոլոր հայերեն խաղերը, ինչպես եւ դրանց շուրջ չորս տասնյակ տարբերակները` ընդարձակ ծանոթագրություններով ու բառարանով` հիմք ունենալով սայաթնովագիտական բազմամյա փորձը: 1987-ին Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Բախչինյանի կազմած Սայաթ-Նովայի եռալեզու խաղերի ժողովածուն: Այստեղ արեւելագետ Նիկոլայ Գեւորգյանի վերծանությամբ լույս տեսան Սայաթ-Նովայի բոլոր թուրքերեն խաղերի հայատառ բնագրերը եւ նրանց տողացի թարգմանությունները` Բախչինյանի անմիջական մասնակցությամբ: Խաղերի բնագրի զգալի մասն առաջին անգամ է վերծանվել եւ թարգմանվել հայերեն: Նույն սկզբունքով ներկայացված են նաեւ վրացերեն խաղերը, որոնց տողացի թարգմանությունը սայաթնովագետը կատարել է վրացագետ Հրաչյա Բայրամյանի աջակցությամբ: Արդյունքում հրապարակ հանվեց Սայաթ-Նովայի ողջ գրական ժառանգությունը` ճշգրտված եւ ծանոթագրված: Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի առթիվ «Սովետական գրող» հրատարակչությամբ Բախչինյանը տպագրել է նաեւ սայաթնովյան խաղերի մեկ այլ` հոբելյանական շքեղ հատոր: Այստեղ եւս հայերեն խաղերից զատ տեղ են գտել թուրքերեն եւ վրացերեն բոլոր խաղերի գեղարվեստական թարգմանությունները: Սայաթ-Նովայի երգերի ամբողջական հատորների հրատարակությունից եւ որոշ նորահայտ նյութերի հրապարակումից հետո լիովին հասունացել էր աշուղ-բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մի նոր, առավել ամբողջական բանասիրական գրականագիտական ուսումնասիրություն, եւ 1988-ին ծնունդ առավ Բախչինյանի «Սայաթ-Նովա. կյանքը եւ գործը» մենագրությունը: Իսկ 2003 թվականին թանգարանի հրատարակչությունը լույս ընծայեց Բախչինյանի կազմած «Սայաթ-Նովա. խաղեր» լիակատար ժողովածուն` ձոնված սփյուռքահայ անվանի գրող, մանկավարժ, հրապարակախոս, սայաթնովագետ Հմայակ Շեմսի հիշատակին: Բախչինյանը Դավթարի թե՛ վերանորոգման եւ թե՛ նոր նմանահանության գաղափարը վաղուց է փայփայել: Նորընծա գրքի ծնունդը իրականացավ սփյուռքահայ երաժիշտ, խմբավար, մշակութային գործիչ Վաչե Պարսումյանի մեկենասությամբ: ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.