Jump to content

Տինիկե վան Խեյլը սիրահարված է հայկական պ&#1377


Recommended Posts

Քույրեր՝ ռիթմով. հայկական պարերի նվիրյալ հոլանդուհին աշխարհով մեկ տարածում է հայկական ավանդույթները

Գայանե Աբրահամյան

«ԱրմենիաՆաուի»

Սերը հայկական պարարվեստի նկատմամբ ստիպել է հոլանդուհուն հայկական պարեր սովորեցնել աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների:

Ձեռքերի նուրբ շարժումներով Տինիկե վան Խեյլը հայկական «Շորորա» է պարում, և թվում է, թե չարենցյան հայտնի տողը՝ «Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում», գրված է հենց նրա համար:

«Պրոֆեսիոնալ պարի ակադեմիայի ուսանող էի և պարզապես հետաքրքրվում էի տարբեր ազգերի ժողովրդական պարերով: Լսեցի, որ ամերիկահայ երկու պարուսույց են եկել Հոլանդիա և դասընթաց են անցկացնելու, գրանցվեցի ու ինձ համար հայտնագործեցի մի նոր աշխարհ»,- ասում է վան Խեյլը:

Այդպես 28 տարի առաջ ծանոթացավ հայկական պարերին: Այդ օրից պարզ հետաքրքրությունը վերածվեց մեծ սիրո: Նրա հետաքրքրությունն այնքան ուժեղ էր, որ, չնայած ակնհայտ դժվարություններին, դիմեց Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարությանը` Հայաստան գալու խնդրանքով:

«Երկար քաշքշուկներից հետո 1985 թվականին ինձ թույլ տվեցին գալ Հայաստան, բայց ընդամենը երեք շաբաթով»,- պատմում է վան Խեյլը:

«Ի՞նչ եք ուզում այստեղ անել» հարցին վան Խեյլը պատասխանեց. «Ուզում եմ հայկական պար սովորել, տեսնել, թե ինչպես է ապրում այսպիսի պար ունեցող ժողովուրդը»:

Վան Խեյլը պարերի դասընթացներ անցավ «Կանազ», «Ակունք», «Հայաստան» և «Մալաթիա» պարի անսամբլներում և անհատական պարապեց պարուսույցներ Սուրեն Գյանջումյանի, Ազատ Ղարիբյանի և այլոց մոտ:

Առաջին այցելությանը հաջորդեց երկրորդը, երրորդը… այնքան, մինչև թույլ տվեցին Երևանում մնալ 5 ամիս:

«Դա ամենավատ տարին էր` 1988-ը, ես տեսա երկրաշարժի, իսկ հետո նաև Խորհրդային Միության փլուզման հետևանքները: Իսկապես սարսափելի էր: Երբ 92-ին վերադարձա, շատ անսամբլներ արդեն չկային»,- ասում է վան Խեյլը:

Հայկական պարերի գիտակ հոլանդուհին հայկական «Քոչարի», «Շորորա» ու այլ պարերի դասընթացներ է անցկացրել Հոլանդիայում, Իտալիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հունգարիայում, Կանադայում, Ֆինլանդիայում, Ճապոնիայում և Թայվանում (տես նրա կայքը՝ http://www.tinekevangeel.nl):

«Օրինակ՝ Ճապոնիայում, բացի հայկականից, կային նաև այլ ժողովուրդների պարերի ուսուցման ծրագրեր, բայց մեծ մասը` մոտ 800 հոգի, դիմել էր հենց հայկական պարերի դասընթացների համար և շատ մեծ հետաքրքրություն էր հանդես բերում»,- պատմում է վան Խեյլը:

Պարեր սովորեցնելուց զատ, վան Խեյլն անպայման պատմում է Հայաստանի և հայերի մասին, ցույց տալիս նկարազարդ գրքեր ու ալբոմներ:

«Չես կարող պարը զգալ առանց այդ երկրի պատմությունն իմանալու: Ես միշտ պատմում եմ Եղեռնի մասին, թե ինչու այսօր հայերն ունեն սփյուռք և ինչ տարբերություն կա նրանց պարերի միջև»:

«Շատ հաճախ ընդմիջմանը դուդուկի ձայնագրություններ եմ դնում: Դա պարզապես ցնցում է նրանց: Շատերն ասում են, որ այս գործիքի, այս երաժշտության մեջ հայ ժողովրդի պատմությունն է արտացոլվում»,- ասում է վան Խեյլը:

Հայկական պարերից բացի, վան Խեյլը սիրում է նաև հայկական պարային երաժշտություն, որի տարածման մեջ նույնպես մեծ ներդրում ունի: Հայաստանի համար ծանր տարիներին` 1988-1996 թվականներին, վան Խեյլը Հոլանդիա էր հրավիրում հայ երաժիշտների և կազմակերպում հայկական պարեղանակների ձայնագրությունը:

«Արդյունքում ունենք 7 ձայնասկավառակ, որոնք, ի դեպ, Հայաստանում ապօրինի են վաճառվում»,- ասում է նա:

Հայկական պարի, երաժշտության և պատմության նվիրյալ քարոզիչը դա «բացահայտել» է վերնիսաժում, երբ խնդրել է ձայնասկավառակ վաճառողներին ցույց տալ ժողովրդական երգերի ալբոմներ: Պարզվել է, որ մեծ մասն իր թողարկած ձայնասկավառակներն են:

Հույս ունենալով ամաչեցնելու վաճառողին՝ նա հայտարարել է, որ «Տինիկե վան Խեյլ ռեքորդզը» հենց ինքն է որ կա: Սակայն պատասխանը նրա համար շատ անսպասելի է եղել:

Վաճառողը խանդավառությամբ սեղմել է նրա ձեռքը և ասել, որ նրա ձայնասկավառակների երաժշտությունը պարզապես ֆանտաստիկ է:

«Ասացին՝ շարունակեք ձեր հրաշալի աշխատանքը: Դե, ինձ էլ ոչինչ չի մնում, բացի աշխատանքս շարունակելուց»,- ասում է վան Խեյլը:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...