Jump to content

Հայաստանի անհետացող անտառներ` ինչպես կան


Recommended Posts

Disappearing forests: Illegal trade in lumber at root of Armenia’s tree loss

http://armenianow.com/?action=viewArticle&...ID=1500&lng=eng

Անհետացող անտառներ. պատճառը փայտանյութի ապօրինի առևտուրն է

http://armenianow.com/?action=viewArticle&...d5c7e3b2570e53e

Արփի Հարությունյան

«ԱրմենիաՆաուի» թղթակից

Հայաստանի անտառներին ու քաղաքների կանաչ տարածքներին հսկայական վնաս հասցվեց 1990-ականների սկզբի էներգետիկական ճգնաժամի տարիներին: 15 տարի անց հանրապետության անտառները կրկին վտանգված են, այս անգամ ապօրինի ծառահատումների, կոռուպցիայի ու փայտանյութի շահավետ առևտրի պատճառով:

ai150001.jpg

Փորձագետների հավաստմամբ` Հայաստանի անտառները միջին տաիքի են

Բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ մինչ ուշադրության կենտրոնում էր հայտնվել 1992-1993 թթ. էներգետիկական ճգնաժամի պատճառած վնասը, Հայաստանի անտառներին ավելի մեծ վնաս հասցրեց արդեն ճգնաժամից հետո ձևավորված փայտանյութի շուկան:

«Անտառահատումները սկսվեցին տարերայնորեն 90-ականներին,- ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: - Այնուհետև դրանք դարձան համակարգված, և պետական այրերը անտառի հատման մենաշնորհը վերցրին իրենց ձեռքը: Ծառաշատ մարզերից` Լոռուց, Տավուշից ու Սյունիքից, սկսեցին վառելափայտ ներկրել Արարատյան դաշտավայր ու վաճառել: Եվ այդպես հիմք դրվեց անտառի անմարդկային շահագործմանը»:

Այսօր ծառահատումները հանրապետության անտառներով հարուստ երեք մարզերում` հյուսիս-արևելքում գտնվող Տավուշում ու Լոռիում և հարավում գտնվող Սյունիքում, ընթանում են այնպիսի տեմպերով, որ Համաշխարհային բանկի և բնապահպանների կանխատեսումով` 20-30 տարում Հայաստանի անտառներն ամբողջովին կվերանան:

Ըստ «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության տվյալների` Հայաստանի անտառների վերջին հաշվառումը կատարվել է 1993 թվականին, երբ զանգվածային ապօրինի հատումները դեռ առջևում էին:

Ըստ այդ տարվա տվյալների` Հայաստանում անտառածածկ էր 334100 հեկտար տարածքը, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր տարածքի 11,2 տոկոսը:

Ըստ «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տվյալների` Հայաստանում տարեկան ապօրինաբար հատվում է մոտ 1 մլն խմ բնափայտ, որը կազմում է մոտ 8000 հա անտառ:

Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի անտառագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Վարդանյանի խոսքերով` անտառածածկ պետք է լինի Հայաստանի տարածքի 28-30 տոկոսը:

Հայաստանի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը փաստում է, որ Հայաստանում վերջին անտառաշինությունը կատարվել է 1988-89 թվականներին:

«1980-ականներին անտառաշինությունը զգալի էր. դա է վկայում արհեստական անտառների չափը` մոտ 50 հազար հա,- ասում է Պետրոսյանը: - Այդ տարիներին ապօրինի հատումներ գրեթե չէին լինում. նախ` չկար էներգիայի խնդիր, անգամ հատված ծառերը մնում էին անտառում ու փտում էին, և հետո՝ չկար փայտանյութի պահանջարկ»:

Այսօր Հայաստանի անտառների 47 տոկոսը պատկանում է միջին հասակային դասին, 26, 3 տոկոսը` հասուն ու գերհասուն, և միայն 10,6-ը` մատղաշ:

Մասնագետների խոսքերով` մատղաշ հասակի անտառի ցածր տոկոսը վկայում է, որ բնական վերականգնումն անբավարար է, քանի որ հատումները կոնկրետ ծառատեսակների կանգնեցրել են վերացման եզրին: Արդյունքում փոխվել է ոչ միայն Հայաստանի անտառների խտությունը, այլև տեսակային կազմը:

ai150002.jpg

Կապանի մերձակա բլուրների լանջերին ժամանակին ծառեր էին աճում

Բնական սերմային վերականգնումը անբավարար է հատկապես կաղնուտներում, որի պատճառով առանձին դեպքերում տեղի է ունենում անցանկալի տեսակափոխություն, ասենք՝ կաղնուն փոխարինում է բոխին: Այդ երևույթը նկատվում է հատկապես Սյունիքի մարզի անտառներում: Ինչպես նշում է Սյունիքի մարզի նախկին անտառապետ, Շիկահողի արգելոցի նախկին տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանը, անտառների կենսաբազմազանությունը մեծապես նվազել է:

«Այսօր կտրում են այն ծառերը, որոնք վերարտադրության համար խիստ կարևոր են: Այսինքն` ոչ թե կատարվում է սանիտարական կամ պատահական հատում, այլ ընտրովի: Իսկ դա նշանակում է, որ ընտրում են այն, ինչը թանկարժեք է»,- ասում է Սանասարյանը:

Կաղնու և ընկուզենու (որոնք ամենից թանկարժեքն են, իսկ ընկուզենին նաև գրանցված է Կարմիր գրքում` որպես վերացող ծառատեսակ) հատումը արգելված է Հայաստանում: 2005 թ. ընդունված Անտառային նոր օրենսգիրքը սահմանում է, որ արժեքավոր ծառատեսակներ (իսկ այդպիսին են համարվում, մասնավորապես, կաղնին ու ընկուզենին) ապօրինի հատողները տուգանվում են մինչև 50000 դրամ:

Սանասարյանի խոսքերը կոնկրետ օրինակով հաստատում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Անցյալ տարի հատվեցին Ստեփանավանի սոճու անտառները, որոնք արգելավայր էին համարվում: Մեղադրվեց գյուղապետը, բայց նրա թիկունքում, բնական է, կանգնած էին պաշտոնյաներ, ինչպես բոլոր խոշոր հատումների ժամանակ: Բացի այդ, միանշանակ է, որ ապօրինի հատումների մեծ մասն այդպես էլ չի բացահայտվում»,- ասում է Մանվելյանը:

«Երբեմնի սաղարթախիտ անտառները վերածվել են մացառուտի կամ առհասարակ վերացել են,- ասում է Մարտիրոսյանը: - Անտառը մի ամբողջ համակեցություն է. եթե ծառ չլինի, ապա կվերանան կենդանական, ջրային աշխարհը»:

ՀՀ գլխավոր անտառապետ Պետրոսյանը նույնպես չի ժխտում Հայաստանի անտառների վնասված լինելը: Բայց պնդում է, թե վիճակը կատաստրոֆիկ չէ:

«Ինչպես բոլոր մյուս երկրներում, հատումները միանգամից կասեցնելն անհնար է, քանի որ դա ուղղակիորեն կապված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, աշխատանքային զբաղվածության, մարդկանց կենսամակարդակի հետ,- ասում է նա: - Բայց այսօր ապօրինի հատումները զանգվածային չեն»:

Ապօրինի առևտուր

Փայտանյութի պահանջարկը պայմանավորված է դրա արտահանման բազմամիլիոն բիզնեսով: Համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների` 1999-ին Հայաստանից արտահանվել է 1,028 տոննա փայտանյութ, իսկ 2003-ին` 10,641 տոննա:

ai150003.jpg

Կապանի նախկին անտառապետ Ռաֆիկ Անդրեասյանը

Ամրապնդվել են Հայաստանի կապերը կահույք արտադրող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրատները և Իտալիան, աճել է այն ծառատեսակների պահանջարկը, որոնք աճում են Հայաստանում, օրինակ` կաղնին ու ընկուզենին:

Ինչպես «ԱրմենիաՆաուին» ասացին անտառտնտեսության նախկին ու ներկա պաշտոնյաները, փայտանյութի պահանջարկը հանգեցրել է կոռուպցիայի:

«Որպես կանոն, զանգվածային անտառահատումները տեղի են ունենում անտառտնտեսության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասում է 2003-2004 թթ. Կապանի անտառտնտեսության պետ, Կապանի փոխքաղաքապետ Ռաֆիկ Անդրեասյանը:

«Դա միանշանակ այդպես է, քանի որ կամ պետք է կեղծ թույլտվության փաստաթղթեր ունենալ կամ գաղտնի գործել: Երկու դեպքում էլ հարկավոր է ներսի մարդու միջամտություն: Իմ օրոք էլ էին նման դեպքեր լինում, ու ես ինքս մի քանի աշխատողի գործից հանել եմ, հետո էլ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել»,- ասում է Անդրեասյանը:

Իսկ Պետրոսյանն ասում է, որ կոռուպցիայի պատճառներից են նաև անտառտնտեսության աշխատողների ցածր աշխատավարձերը:

«Շատ դեպքեր են լինում, երբ անտառապետերն էլ են մասնակցում ապօրինի հատումներին,- ասում է Ռ. Պետրոսյանը: - Մինչև 2003 թ. անտառապահի ամսական աշխատավարձը 6000 դրամ էր, անտառապետինը` 13000, իսկ 40000 հա տարածք տնօրինող անտառտնտեսության տնօրենինը` 20000 դրամ: Այս պայմաններում անխուսափելի էր, որ վերահսկող անձինք չներգրավվեին ապօրինի հատումների բիզնեսում»:

Անտառտնտեսության նախկին պաշտոնյա և Շիկահողի արգելոցի նախկին տնօրեն Մարտիրոսյանն ասում է, որ հրաժարական է տվել ի նշան բողոքի կոռուպցիայի դեմ:

«Երբ անտառտնտեսության պետ էի, հիշում եմ, ինձ ասեցին, թե հենց էդ պահին «ԲէԷմՎէ»-ի բանալիները ինձ կտան, եթե թույլ տամ 8 հատ ընկուզենի կտրեն Կապանի անտառներից: Գժվեցի: Թքեցի պաշտոնիս վրա, գործից ազատման դիմում գրեցի ու դուրս եկա»,- ասում է նա:

Շիկահողի արգելոցի նախկին տնօրենն ասում է, որ հիմա էլ մեծ պահանջարկ են վայելում Կարմիր գրքում հայտնված ընկուզենին ու կաղնին, որոնք թանկ են գնահատվում Եվրոպայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում ու Իրանում:

Արտահանվում են նաև Տավուշի, Լոռվա ու Սյունիքի մարզերի անտառներում աճող հաճարի ու բոխու փայտանյութը:

Իշխանություններն ապավինում են նոր օրենքներին

ai150005.jpg

Վլադիկ Մարտիրոսյանը

Պաշտոնյաներն ասում են, որ նոր օրենքները, որոնք մինչև 50000 դրամ տուգանք են սահմանում յուրաքանչյուր հատված ծառի համար, կօգնեն դադարեցնելու ապօրինի հատումները: Նրանք նաև նշում են այն միջոցառումները, որոնք կոչված են պայքարելու չարաշահումների դեմ:

Անտառտնտեսությունից զատ, իրավական վերահսկողություն է իրականացնում նաեւ տարածքային բնապահպանության բաժինը: Համաձայն բաժնի տվյալների` 2005 թ.-ին է 10 անձանց դեմ էլ հարուցվել է քրեական գործ: 2005թ.-ի գրանցված ապօրինի հատումները:

Կոռուպցիայի մեղադրանքով անտառտնտեսության մի քանի աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից: Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ միայն Կապանում կազմվել է 46 վարչական ակտ, քրեական գործ է հարուցվել ապօրինի անտառահատման 10 դեպքի առնչությամբ, որոնք 1,2 մլն դրամի վնաս են պատճառել:

Կապանի անտառտնտեսության պետ Լյովա Գևորգյանը պնդում է, թե վերահսկողության ուժեղացումը և օրենքների խստացումը գրեթե վերջ են տվել արդյունագործական անտառահատմանը Կապանի շրջանում, որտեղ երբեմնի ծառաշատ լանջերի ու հովիտների մասին այսօր վկայում են կոճղերը: Նա պնդում է, թե ապօրինի հատումները հիմնականում կատարել են կարիքավորները ` ջեռուցման նպատակով:

«Ապօրինի ծառահատումները հիմնականում տեղի սոցիալապես անապահով մարդիկ են արել,- ասում է Գևորգյանը: - Խելքից դուրս է, որ այլ տեղերից գան ու ծառ կտրեն այս հեռավոր անտառներում»:

Որ երկրներն է Հայաստանը փայտ արտահանում

(փայտանյութ և փայտից պատրաստված իրեր)

Երկիր

Տոննա

ԱՄՆ դոլար

Ավստրալիա

2,2

24400

Բելգիա

20,7

14900

Բելառուս

31,7

26300

Ֆրանսիա

120,1

221700

Վրաստան

79,0

11800

Իրան

8702,9

802100

Իտալիա

136,1

220500

Լատվիա

0,1

800

Ռուսաստան

198,9

240400

Իսպանիա

61,9

33400

Շվեյցարիա

4,5

22400

ԱՄԷ

179,5

64700

Թուրքիա

1094,5

23600

Թուրմենստան

5,8

6700

ԱՄՆ

3,7

7200

Ընդամենը

10641,6

1720900

Աղբյուր` ՀՀ վիճակագրական ծառայություն, 2003 թ

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոռու մարզի Դսեղ գյուղի անտառապետի նկատմամբ՝ 2004-2005 թթ. մոտ 220 ծառ ապօրինի հատելու առնչությամբ: Քրեական գործ է հարուցվել նաև նույն մարզի Թումանյանի շրջանի անտառտնտեսության 4-րդ պահաբաժնի աշխատակիցների նկատմամբ՝ 333 ծառով ապօրինի հատելու համար: Չնայած նրանց սպասում է ծանր պատիժ, դիտորդները նշում են, որ պոտենցիալ շահույթը արդարացնում է ռիսկը:

Սակայն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարեն Մանվելյանը պնդում է, որ ապօրինի անտառահատումները շարունակվում են, և մի քանի քրեական գործերը չեն լուծի կոռուպցիայի պրոբլեմը:

«Որքան էլ քրեական գործեր հարուցեն իրավապաշտպան մարմինները, միևնույն է, անտառի հատումը շարունակվելու է, քանի որ դա իրականացվում է հենց անտառտնտեսության աշխատակիցների մասնակցությամբ` բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո»,- ասում է Մանվելյանը:

Անտառահատումների բարձր տեմպերը

Ըստ «Հայաստանի անտառներ» ՀԿ տվյալների` անցյալ դարասկզբին անտառածածկ էր Հայաստանի տարածքի մեկ քառորդը, իսկ այսօր` 10 տոկոսից պակաս:

Կառավարության և հասարակական կազմակերպությունների ձեռնարկած ծառատնկման միջոցառումներն ի վիճակի չեն վերականգնելու անտառահատման հասցրած վնասը: «Հայաստանի անտառները ենթարկվել են դեգրադացիայի և հավասարաչափ չեն բաշխված»,- ասում է Երևանի գյուղակադեմիայի անտառագիտության ամբիոնի վարիչ Վարդանյանը:

Ավելի չարագուշակ կանխատեսում է անում «Հայաստանի անտառներ» ՀԿ հասարակական կապերի կոորդինատոր Մհեր Շարոյանը. «Եթե անգամ մի քանի տոկոսով էլ պակասի մեր ծառերի խտությունը, անտառի ինքնավերականգնողական ֆունկցիան կկորչի, և անտառը` որպես էկոհամակարգ, կվերանա»:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...