Jump to content

Հին Երևանի պատմամշակութային շերտը վերաց&


Recommended Posts

Հին ու նոր Երեւանը

http://www.hetq.am/arm/society/0604-yerevan.html

Ապրիլ 24, 2006

h-0406-yerevan-1.jpg

Խորհրդային գաղափարախոսական մեքենան ամեն ինչ արել է, որպեսզի հին Երեւանի մասին հիշողություններ չպահպանվեն: Չկան ժամանակների շուքը կրող փողոցներ, ճարտարապետական հուշարձաններ եւ, ամենակարեւորը` անուններ, որ կապված են այդ կառույցների հետ: Եւ դա արվում էր համայն հայության համար միանգամայն նոր մայրաքաղաք ստեղծելու հավակնությամբ: Իսկ մինչ այդ, Երեւանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ փողոցներով, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր, որը դժվար էր նույնիսկ քաղաք անվանել: Համենայնդեպս, այսպես էր ներկայացվում:

Որպեսզի հին Երեւանի մասին պատմող ոչ մի բան չլիներ, նրա պատմությունը հաճախ ջնջվում էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում` Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում` Պանթեոնը:

h-0406-yerevan-2.jpg

Պողոս-Պետրոս եկեղեցի

h-0406-yerevan-3.jpg

Գեթսեմանի մատուռ

http://www.hetq.am/img/h-0406-yerevan-4.jpg

Մլեր գերեզմանատուն ու մատուռ

Վերջին վեց տարիներին Երեւանում սկսված քաղաքաշինական գործընթացը կրկին սկսեց ոչնչացնել մայրաքաղաքի պատմամշակութային շերտերը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանն այսպես է բացատրում. «Յուրաքանչյուր քաղաք քաղաք է այնքանով, որքանով մի քանի մշակութային շերտ ունի, որոնք քաղաքաշինորեն համադրված են: Դա հետաքրքիր է եւ տուրիստների համար, ովքեր գալիս են Երեւանում տեսնելու այն, ինչ չկա իրենց մոտ: Այսօր տուրիստները Երեւան են գալիս ու ասում՝ դուք էս ինչ եք քանդում, ինչ եք փոխարենը կառուցում»:

Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քաղաքաշինական հարցերում ավելի արմատական մոտեցումների կողմնակից է: «Թեեւ քաղաքին մշակութային տարբեր շերտեր անհրաժեշտ են, բայց այդ շերտերի պահպանության մեջ ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնել: Քաղաքը կենդանի օրգանիզմ է, եւ նրանից ժամանակ առ ժամանակ պետք է հեռացնել կենսագործունեությանը խանգարող մասերը»,-ասում է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Որպես կանոնավոր հատակագիծ ունեցող քաղաք` Երեւանը ձեւավորվել է 20-րդ դարի սկզբում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ու նրա դպրոցի շնորհիվ: Թամանյանական նոր ճարտարապետությունը նույնպես հակասության մեջ է մտել հին սկզբունքների հետ, սակայն այսօր այդ հակասությունը համարվում է բնական, քանի որ լուծումները ճաշակով են գտնված: Թամանյանը կարողացավ համադրել ազգային եւ մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքները:

h-0406-yerevan-5.jpg

Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը անթույլատրելի է համարում միջամտությունը Թամանյանի նախագծով կառուցված շենքերին. «Մենք պետք է գուրգուրանքով վերաբերվեինք Թամանյանի ու նրա դպրոցի ճարտարապետությանը, բայց մասնավորը հասավ ու ավերեց: Կարապի լճի դիմաց հրաշալի ձեղնահարկերով կառույցներ ունեինք: Բայց ձեղնահարկերի մասին օրենք չունենք: Էդ պատճառով էլ ով հասավ, խեղաթյուրեց ձեղնահարկը: Եվ, ընդհանրապես, ամբողջ Երեւանում հին շենքերի վրա մեկ կամ մի քանի հարկ բարձրացնում են, եւ այդ նորը հնի ճարտարապետության հետ ոչ մի կապ չունի»,-ասում է Լ. Վարդանյանը:

h-0406-yerevan-6.jpg

Ս. Շահումյանի անվան հրապարակը Երեւանի քաղաքաշինական դեմքի խորհրդանշական համապատկեր է` խորհրդային ոչ վաղ անցյալ (Ս. Շահումյանի արձանը) , նորանկախ հանրապետության ներկա («Կոնգրես հյուրանոցը») , անկանխատեսելի պատկերով ապագա (քանդված «Սեւան» հյուրանոցը): Այս փոքրիկ հատվածը մայրաքաղաքի միակ բեկորն է, ուր կողք-կողքի կանգուն են 19-րդ, 20-րդ դարի խորհրդային եւ ետխորհրդային շրջանի կառույցները: Ուր որ է կհայտնվի 21 դարի շինությունը:

Եթե խորհրդային կառավարությունը եկեղեցու տեղում գաղափարական շահերից ելնելով որեւէ կոմունիստ առաջնորդի արձան էր կանգնեցնում , ապա մեր ժամանակներում դրդապատճառները զուտ ֆինանսական են` կառուցվում է այնպիսի շինություն, որը եկամտաբեր է, իսկ պատմամշակութային հուշարձանները ոչ միայն որեւէ եկամուտ չեն բերում, այլ, տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում, «խանգարում» են քաղաքաշինական գործընթացին: Վերջերս քանդվեց եւս մեկ պատմական շենք` «Սպայի տունը»: Իսկ շենքը կառուցվել էր 1842 թվականին, ուներ ոչ միայն ճարտարապետական, այլեւ պատմական արժեք:

h-0406-yerevan-7.jpg

Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը վստահեցնում է, որ քանդված շենքը նույնությամբ կվերականգնվի. «Պաշտոնապես հայտնում եմ, որ շինարարությունից հետո այդ շենքը կամ իր տեղում, կամ մեկ այլ տարածքում կվերակառուցվի, սակայն պարզ է՝ այլ ֆունկցիոնալ նշանակությամբ: Իսկ հասարակության դժգոհությունը հուշարձանների քանդման վերաբերյալ արդարացի է, բայց մինչեւ 2004թ.-ը կատարվածի համար: Քանի որ 2004թ.-ին Կառավարության կողմից արդեն հաստատվել է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության պետական ցուցակը, այդ հուշարձաններն այլեւս պետության խնամքի տակ են առնված եւ եթե նույնիսկ այս պահին քանդվում են, հետո անպայման կվերականգնվեն»,-ասում է Կ. Այվազյանը:

2000-2004թթ.-ին, երբ շինարարական բումը սկսվել էր, որեւէ հաստատություն իրավասու չի եղել միջամտել հուշարձանների քանդման գործընթացին, որովհետեւ չկար կառավարության կողմից հաստատված Երեւանի հուշարձանների պահպանության նոր ցուցակը: Դա մի ժամանակահատված էր, երբ Երեւանի քաղաքապետարանն իրականացնում էր քաղաքաշինական մի քանի ծավալուն ծրագրեր, մասնավորապես Հյուսիսային պողոտայի կառուցումը: Միայն այս հատվածում 5-ից ավելի պատմամշակութային հուշարձան է քանդվել: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանը հիշում է այս հարցում նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վերաբերմունքը. «Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետը շատ հաճախ էր զարմանում, թե ինչպես այս կամ այն հուշարձան-շենքը քանդվեց: Պարզվում է` ինքը տեղյակ չի եղել այդ մասին: Աբովյան 1/4 հասցեում գտնվող Գաբրիել Գաբրիելյանի տունը քանդելու լուրը ստանալուց հետո ասաց՝ վայ, ես ուզում էի՝ դա մնա: Իսկ հետո առանց ամաչելու հայտարարեցին, թե այդ շենքը իրենք չեն քանդել, այլ քանդել են բոմժերը»:

h-0406-yerevan-8.jpg

Նարեկ Սարգսյանը հուշարձանների պահպանության մեկ այլ տարբերակ է առաջարկում. «Հուշարձան-շենքերի պահպանությունը քաղաքի համար լավ է, բայց եթե քաղաքաշինական ավելի կարեւոր խնդիր է լուծվում, ապա այդ շենքերը պետք է տեղափոխել: Ներկայիս Ալավերդյան փողոցի գրեթե բոլոր հին շենքերը տեղափոխված, այդտեղ կրկին կառուցված են, ո՞վ է դրա մասին հիմա հիշում»,-ասում է նա:

Երեւան քաղաքի հուշարձանների պահպանության պետական ցուցակում արձանագրված է 975 հուշարձան:

2004թ.-ից գոյություն ունի հուշարձանների տեղափոխման պետական ծրագիր, ու տեղափոխման ենթակա 14 հուշարձանների ցուցակ:

«Այդ ցուցակը կազմել են մի կողմից Հուշարձանների պահպանության գործակալությունը, մյուս կողմից՝ քաղաքապետարանը: Վերջինս այս գործընթացի մեջ խառնվելու որեւէ իրավասություն չուներ: Քաղաքապետարանը չի կարող մասնագիտորեն գնահատել, թե որ շենքը հուշարձան համարվի, որը՝ ոչ: Բացի այդ, նա ինչպե՞ս կարող է հանդես գալ հուշարձանների պահպանության օգտին, եթե խնդրի հակառակ կողմում է՝ կառուցապատող է: Դրա համար էլ թելադրում էր իր կարծիքը: Եթե հողի վրա հարմար մի գնորդ արդեն աչք ունի, ուրեմն պետք չի, որ էդ տարածքում գտնվող շենքը մտնի հուշարձանների ցուցակ»,-ասում է Մարիետա Գասպարյանը:

Տեղափոխվելիք հուշարձանների տեղն արդեն ընտրված է: Դրանք «կհամախմբվեն» Արամ-Բուզանդ-Կողբացի փողոցների միջեւ` «Սիլ Պլազայի» ետնամասում ընկած տարածքում: Հուշարձանային գոտու ստեղծումը մի կողմից փրկում է կառույցները վերահաս ոչնչացումից, մյուս կողմից զրկում է հուշարձաններին իրենց հատուկ պատմական միջավայրում գոյատեւելու հնարավորությունից:

«Այդ տարածքում վաղ, թե ուշ, սրճարաններ ու սննդի օբյեկտներ են գոյանալու, թող գոնե հուշարձաններ լինեն: Եթե նույնիսկ ժամանակի քննությունը չի բռնի, թող հետո սերունդները քանդեն»,-գտնում է ճարտարապետ Լեւոն Վարդանյանը:

Իսկ կառուցվող նոր շենքերի մասին Մարիետա Գասպարյանն ասում է. «Հաջորդ սերունդները կվերաբերվեն այս նոր շենքերին այնպես, ինչպես ժամանակակից ճարտարապետներն են վերաբերվում նախորդներին, այսինքն` նույն հաջողությամբ կքանդեն: Դա նշանակում է, որ երբեք ոչ մի պատմական շերտ չենք ունենա, մենք ուղղակի չենք հասցնի շերտ ունենալ, որովհետեւ բոլորը ջնջում ենք»:

Հին ու նոր Երեւանների բախման կետում կանգնած է ժամանակակից մի քանի սերունդ: Եվ ցանկացած մշակութային ժառանգության ճակատագիր գրվում է ոչ միայն քաղաքաշինական ծրագրերով, այլ սերնդի, կոնկրետ մարդու հոգեբանությամբ ու մտածելակերպով:

«Ժամանակակից հասարակությունը նեոլիբերալ հասարակություն է: Նա կոն ֆլիկտի մեջ է նախորդ՝ խորհրդային գաղափարախոսության հետ, որ ը թելադրում էր այդ դարաշրջանում ապրող յուրաքանչյուր մարդու կենսակերպը: Իսկ այդ մարդն այսօր` նոր հասարակարգի պայմաններում, հայտարարում է, որ այլեւս ես ինքս կձեւավորեմ իմ կենսակերպը, իմ փողոցը, իմ թաղամասը եւ հետո, այդ նույն մոտեցմամբ, կողքինիս կենսակերպը: Դա է պատճառը, որ նախորդ դարաշրջանի ճարտարապետության նկատմամբ վերաբերմունքը թշնամական է»,- ասում է արվեստաբան Ռուբեն Արեւշատյանը :

Ճակատագրի բերումով նոր Երեւանը կառուցողները նրանք են, ովքեր, կամա թե ակամա, ժխտում են հինը: Ովքեր ժամանակների բերումով ստացել են տնտեսական ու հոգեբանական ազատություն եւ ազատվում են այն ամենից, ինչը հիշեցնում է հին ժամանակները:

Աննա Սարգսյան

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...