Jump to content

Վահրամ Մավյան


Recommended Posts

Վահրամ Մավյան, սփյուռքահայ գրող:Ծնվել է Երուսաղեմում 1926 թվին, նախնական կրթությունը ստացել է Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանում,այնուհետև ուսումը շարունակել տեղի անգլիական քոլեջում:Երկար տարիներ դասավանդել է սփյուռքի տարբեր հայկական դպրոցներում:Հետագայում ավարտել է Բելֆասթի համալսարանը և աշխարանքի անցել Գալուստ Գյուլբենկյան հաստատությունում(Լիսաբոն), որպես հայկական բաժնի վարչության անդամ:

Հայտնի է դարձել «Ամեն տեղ հայ կա», «Հայու բեկորներ», «Մխացող հոգիներ» ևլն գրքերով:Վերջին երկուսը լույս են տեսել Հայաստանում՝ «Սփյուռքահայ գրողներ» մատենաշարով:

Նյութերը վերցված են 1977թ. Երևանում լույս տեսած «Մխացող հոգիներ» գրքից:

Link to post
Share on other sites

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Քանի օր է քեզմե հեռու եմ նորեն ու շրթներուս վրա բույրը քու վերջին համբույրին,տե՛ս, կարոտի կարմիր կրակ է դարձեր:

Մեր անփոխարինելի այս սերեն ժամանակն ու մարդեր ոչինչ, ոչինչ կրցան նվազեցնել: Որքան ավելի մոտեն ճանչցա քեզ՝ երբեմնի թարմությունդ ու գրավչությունդ շեշտվեց անանձնականացա՜ն ավելի:

Քեզ որքան սիրեցի՝ ցանկացա այնքա՜ն ավելի: Ու դուն աղվորցար, բյուրապատիկ աղվորցար ամեն անգամ, որ քիչ մ’ավելի ունեցա, իմս ըրի քեզ:

Գիտնաս միայն, թե որքան անհրապույր են օրերս առանց քեզի ու ես մինակ՝ առանց քու ձայնին, ներկայության, երբ կանցնիմ բազմամարդ, հսկա քաղաքներու լուսազարդ օտար մայթերեն, ուր ոչ ոք, ոչ ոք ծանոթ է քեզի:

Տարբեր ես դուն իմ անցյալ բոլոր սերերեն, որոնք ապրեցան,իմաստավորեցին օրերս շրջան մը, բայց դառնացած հեռացան, մահացան ի վերջո՝ չդիմանալով զիրենք միայն իմս ընելու իմ միամաիտ մարմաջին:

Տարբե՜ր ես դուն, ու աննման է սերը մեր՝ որուն մասին կուզեմ հիմա, որ ամբողջ աշխարհը գիտնա: Քեզ որքան սիրեն ուրիշներ՝ ուրախ ու հպարտ կզգամ քեզմով, քու շնորհներովդ որքան բաշխվիս ամենուն,

այնքան ավելի կհարստնամ ես: Առանց քեզի, ըսե, ինչպե՞ս ապրիլ օտար սա ափերուն վրա, մոլորած ու տարագիր, իմ անդիմադրելի կարոտեն, տանջանքեն հալածաական:

***

Այս գիշեր մոռցված հին երգի մը փշրանքին հետ դարձեր ես տուն նորեն՝ զիս տանելու համար կրկին անցյալի երջանիկ, անփույթ օրերուն, երբ հանդիպեցա քեզի, ու դուն հայտնվեցար առաջին անգամ, հայկական համեստ ու փոքրիկ վարժարանի մը սեղաններուն առջև: Անծանոթներ չէինք իրարաու, բայց կերպարանքդ ու ձայնդ աներևակայելի ջերմություն մը, մտերմություն մը ունեին անշուք այդ հարկին տակ, ուր փլած պատերու վրայեն մեր սրբացած հերոսներուն փոշեծածկ, մագաղաթյա նայվածքները հայություն կծորեին վար՝ մեր մանկական աչքերուն, հոգիին: Սիրուն էիր ու սիրելի, էիր այնքան հրապուրիչ, որ մեր հանդիպման առաջին իսկ վայրկյանեն ես գալիք օրերս անբաժանալիորեն արդեն կապեր էի քեզի:

Ավելի ետք կյանքը շրջան մը բաժանեց իրարմե, ու օտարության մեջ քեզ իզուր փնտրեցի օրերով, ամիսներով, բայց մնացի հավատարիմ իմ ուխտին, ուր որ գացի, և ուրախության մեջ, թե ցավի՝ երգեցի քեզ, քեզ միայն, դուն դաշն մեղեդի ու անկորընչելի երազ, կիրակմուտի բազմախորհուրդ «ծիրանի լույս զվարթ», վճիտ՝ ինչպես հասկերու ցողի կաթիլն է առտվան, ու շենշող՝ ճախրին նման գարնանային ծիծեռներուն լուսաթև:

Ամեն անգամ, որ քեզմե հեռու մնամ այսպես երկար ատեն, կսոսկամ՝ մտածելով, թե կրնաս օտարանալ հետզհետե, թե կրնանք օր մը ի վերջո ա՛լ դառնալ խորթ իրարու:

Երբ շուրջս ուրիշներ գինով են իրենց սերերով, իմ առանձնության մեջ ես ինչպե՞ս քեզ չկանչեմ կարոտով: Երբ սենյակիս մեջ ամեն իրի շրթունքին մտերմության ծարավն է, որ կայրի, քեզ ինչպ՞ս չհիշեմ ես: Երբ խոսիմ, ու մարդեր չհասկնան զիս, չհասկնան քեզ, ես ինչպե՞ս չդողամ քու մշկաբույր բառերուդ,քաղցրահունչ ձայնիդ վրա: Իսկ երբ պատմեմ քու անկրկնելի շնորհներեդ, ու մարդեր չուզեն հավատալ ինծի, ես ինչպե՞ս, ըսե՛, ինչպե՞ս չըմբոստանամ:

Քու ներկայությունդ բավական է, որ մոռնամ աշխարհը ամբողջ ու գովերգեմ քեզ միայն.

քեզ՝ որ սիրո սյուք ես ու կանաչ կարոտի. հառաչ ալևորի ու ճիչ մանկան.

քեզ՝ որ արևածագին հետ արտերուն վրա բացվող հորովել ես լուսաշաղախ ու դարավոր ծառ ծիրանի.

քեզ՝ նաիրյան բարդիներու իրիկնային հսկում արարատյան. մեղեդի կապույտ ու պայծառ երկինք բազմաստեղյան.

քեզ՝ իմ աննման, համբուրելի լեզո՜ւ մայրենի...

***

Քանի օր է քեզմե հեռու եմ նորեն, ու շրթներուս վրա բույրը քո վերջին համբույրին, տե՛ս, կարոտի կարմիր կրակ է դարձեր:

1968

Link to post
Share on other sites

«ՏԱԼԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀՈԳԻ ԳՆԵԼ...»

Յոթանասունը անցած մարդ մըն էր.մինակ, միս-մինակ:

Վերը աստված՝ վարը ինք, ինչպես կըսեր: Ունեցած քանի մը ազգականները որևէ ձևով չէին փոխեր այս կացությունը:Ամերիկա գացած էր երկրեն ավելի քան հիսունհինգ տարի առաջ, դեռ հազիվ պատանի, և մնացած այնտեղ:

-Տղաս, գնա՛,գոնե դո՛ւն ազատե գազաններուն ձեռքեն,- ըսավ մայրս, ու արցունքը աչքերուն ճամփա դրավ զիս:Երեկ ըլլա կարծես:

Ամերիկա հասնելե վերջ իրմե առաջ եկած հայրենակիցներ գործ մը գտած էին իրեն համար գործարանի մը մեջ, ուր աշխատած էր քանի մը տարի,«շան պես, շաբաթական չորս տալերով»:

-Հիմա, անշուշտ, դժվար է հավատալ, բայց այդ չորս տալերին մեկ մասն ալ մեկ կողմ կդնեինք տուն ղրկելու համար:

Երկու-երեք տարի վերջ տարեց ազգականի մը օգնությամբ եկած էր նաև այրիացած մայրը ու մտած հարուստ տուն մը սպասարկության մեջ:

-Երբեմն, երբ գիշերը աշխտելու հերթը գար, մայրս ու ես քանի մը շաբաթ զիրար չէինք տեսներ գրեթե:Առտուն, երբ վերադառնայի գործարանեն, ինք մեկնած կըլլար, իսկ երեկոյան ես արդեն գործի կըլլայի, երբ ուժասպառ տուն վերադառնար ինք:

Մայր ու տղա ապրած էին այսպես տարիներով:Ապրելե ավել գոյություն պահած,քաշքշած:Ու հիմա, երբ պատկառելի,սպիտակ մազերով, քաղաքի շքեղագույն ճաշարաններուն մեկուն մեջ դիմացս նստած կպատմե այդ բոլորի մասին, լուռ դառնություն մը կա բառերուն մեջ, լեզվին տակ, հոգիին խորը:

-Կկարծեինք, թե արքայություն կուգանք փողոցներեն տալեր հավաքելու:Այդպես էր Ամերիկայի հմայքը այն օրերուն մեր երկրի մեջ:Սենթ մը շահելու համար թափվելիք ափով քրտինքին խոսքը ընող չկար սակայն, ոչ ոքի միտքեն կանցներ:Այո, շաբաթական չորս տալեր:

Կշարունակե տակավին պատմել, թե ինչպես ցերեկվան չարաչար աշխատանքեն վերջ, գիշերներն ալ հետևած էր դասընթացներուն, որպեսզի տեղական լեզուն սորվի և «մարդ ըլլա»:

-Ա՞ս է մարդ ըլլալու չափանիշը,-կըսե, դուրսը դռան առջև կանգնած ՔԱՏԻԼԱՔԸ ցույց տալով:Այսօր երբ հաշիվ մը կընեմ ես ինծի, կշիռքին երկու աչքերեն վնասուց կողմն է, որ ավելի ծանր կկշռե մյուսին նյութական բազմաթիվ բարիքներուն, ֆիզիկական հանգիստին,վայելքներուն դիմաց:

-Ձեր զավակները գոնե կրցա՞ծ են բան մը պահել ձեր հայությունեն:

-Զավակնե՞րը...:Ընտանիքի տեր անգամ չկրցանք ըլլալ, որովհետև այն քանի մը աղջիկները, որոնց հետ կրնայի ամուսնանալ ատենոք, օտար էին բոլորն ալ:Երկուքեն մեկը պետք պիտի ըլլար զոհել անպայման.- կա՛մ կինը, կա՛մ՝ հայությունս:Վերջինը հաղթական դուրս եկավ:Ինչո՞ւ, սակայն, զոհողություն պետք է ըլլա հայ մնալը, ազգություն պահելը, չեմ հասկնար:Գիտես, տարբեր էին մեր ժամանակները:

-Վստահաբար նույն այդ ոգիին կպարտիք նաև հայերեն այդքան մաքուր խոսիլը:

-Լույս իջնա մորս գերեզմանին վրա:Ողջ եղած տարիներուն տունը պզտիկ Հայաստան մըն էր:Երեկոյան գործեն վերադարձիս հայերեն քանի մը բառ փոխանակելն անգամ կբավեր զիս հոգեկան խաղաղությամբ մը լեցնելու:Պզտիկ քաղաքի մեջ կբնակեինք այն ատեն.մեզմե զատ ոչ մեկ հայ կար մեր շուրջը:

Հետո կմահանա մայրն ալ, ու ինքը մենակ կմնա առանձին, մինակ,միս-մինակ հայ մը՝ օտար այդ ափերուն վրա.- «վերը՝ աստված, վարը՝ ինք»:

-Երևակայե, ամիսներով հայերեն չէի խոսեր:Որո՞ւ հետ խոսեի:

Եվ օր մըն ալ գաղափարը կունենա շուն մը բերելու տուն:Փոքրիկ, հազիվ քանի մը ամսվան թոնթոշիկ շնիկ մը, որպեսզի տունին մեջ մեկը ունենա հետը հայերեն խոսելու:

-Կհավատա՞ս, եթե ըսեմ, թե քանի մը ամիսեն հայերեն սորվեցուցի անբան անասունին:Կպատասխաներ միայն հայերենով եղած կանչերուն:Ինչ ալ ըլլա, կենդանի ներկայություն մըն էր տունին մեջ:

Ու պարոն Թագվոր- «Սա «պարոնը» վերցուր առջևեն, աստվածդ սիրես» - ամեն իրիկուն սիրտը կբանա միակ ընկերոջը, կպատմեր իրենց երկրեն, մանկութենեն,կարոտներեն, հուսախաբություններեն ու չարչարված երազներեն:Ու շունը բազմոցին մեկ անկյունը պպզած՝ լուռ մտիկ կըներ զինք՝ շեշատակի աչքերուն նայելով:Թագվորին կթվեր նույնիսկ, թե բարի այդ անասունը կհուզվեր ալ երբեմն, երբ պատմած միջոցին կլցվեին աչքերը ու ձայնը կխեղդվեր կոկորդին մեջ:Այն ատեն աջ թաթը կերկարեր առաջ դեպի իրեն ու ցավակցական փայփայանքով մը օդը կհարվածեր քանի մը անգամ:

-Մորս մահեն ետք հետզհետե նվազեցան ատեն-ատեն հեռավոր ազգականներե հասնող նամակները:Անգամ մը պատահեցավ, որ ամբողջ տարի մը ոչ մեկ հայու հանդիպիմ, հայերեն ոչ մեկ տող ստանամ:Օր մըն ալ խելքս փչեց և ելա ես ինծի նամակ գրեցի:Տեսնելիք բան էր ուրախությունս, երբ զայն ստացա երկու օր վերջ:Հայերեն նամակ, երևակայե: Առջի տարի երբ գրոց-բրոց բարեկամի մը պատմեցի տարիներ առաջ ըրածս, ըսավ, թե մեծ ռուս գրող մը նման պատմություն մը ունի եղեր մարդու մը մասին, որ իր առանձնությունը փարատելու համար այսպես, ինծի պես, նամակներ կգրե ինքնզինքին:Մարդիկ կկարծեն, թե ասանկ խենթություններ պատմություններու, գրականության մեջ կպատահին միայն:Է՜, մարդուս սիրտը այրի նե, ինչե՜ր չըներ:Դուն տինճությանս մի նայիր, յոթանասուն կըլլամ կոր գալ տարի, եթե ողջ մնանք իհարկե:Շատ-շատ քանի մը տարի ալ, հետո ոտքերս պիտի տնկեմ, ելլեմ երթամ այս աշխարհեն:Ինչի՞ ծառայած պիտի ըլլա ամբողջ չարչարանքս, առանձնությունս, կարոտս:Վաստակած քանի մը հազար տալերներուս խե՛րն եմ անիծեր:

Արտաքին երևույթներեն դատելով, անհավատալի էր այսքան դառնություն գտնել մարդու մը մոտ, որ կվայելեր հանգստավետ կյանքի մը բոլոր բարիքները:

-Երկու երազ ունեի կյանքիս մեջ:Ձևով մը կյանքիս իմաստը կազմած էին անոնք տարիներ ի վեր:Առաջինը՝ քրոջս զավակին՝ Ռոճըրին, բարձրագույն ուսում տալն ու զինք հայ մեծցնելն էր:Երկրորդը՝ մեյ մը Հայաստանը տեսնել չմեռած:

Ռոճըրը հորը անակնկալ մահով որբ մնացած էր տասը տարեկանին:Անկե ի վեր քրոջը ու մեկ հատիկ զավկին նյութական ամբողջ բեռը Թագվոր վերցուցած էր ուսերուն:Երկու տարի առաջ, որպես բժիշկ վկայվելե վերջ,Ռոճըր ամուսնացած էր ՓՈԼՈՆԻԱԿԱՆ ծագումով աղջկան մը հետ և «կորսված»:

-Շունը ապերախտ դուրս եկավ:Սխալ չհասկնաս, Ռոճըրին մասին է խոսքս, ոչ թե շնիկիս:Ամբողջ ըրածս պարապի գնաց:Դուն ինծի մի նայիր, հիմա պայմանները տարբեր են մեր օրերեն: Հարցը այդ չէ սակայն:Սիրտիս դերդ եղողը իր ազգությունը, հայությունը ուրանալն է: Ես ամերիկացի եմ, կըսե, կելլե մեջեն:Նեղը դնելուս նե, շատ-շատ ետևեն - ՕՖ ԱՐՄԻՆՅԸՆ ՕՐԻՃԻՆ – մըն ալ կավելցնե, կարծես ըսելու համար, որ հայության հետ ունեցած իր կապը պատմական է պարզապես, կպատկանի հին ժամանակներու և ի զորու չէ այլևս: Դուն ըսե, եղա՞վ ասիկա:Երկու տարի է կապս ամբողջությամբ խզած եմ հետը:Քույրս ալ արդեն մեռավ ասկե տարի մը առաջ: Ալ ես ի՞նչ ընեմ տալերը: Տարիներով ըրած զոհողություններուս փոխարեն հարազատ քրոջս զավակի՛ն անգամ հայությունը չկրցա ապահովել: Չէ, տալերով կարելի չէ հոգին գնել, լավ գիտցեք ասիկա:

Կրած իր ամդարմանելի այս հուսախաբութենեն վերջ, Թագվոր կապրի հիմա իր երկրորդ և վերջին երազին համար միայն և անով.- Չմեռած Հայաստան այցելել անգամ մը, հայրենիքը տեսնել:

-Երթամ մեյ մը, որպեսզի հիսուն տարիներե ի վեր այրող սիրտս պաղշտկեցնեմ:Ազգականներ, նույնիսկ հարազատ զավակներ կրնան օր մը հուսախաբ ընել քեզ, բայց հայրենիքը՝ երբեք:Մեռնելե առաջ երթամ Արարատը տեսնեմ, հայկական երկինք, հայկական քաղաքներ ու հ ա յ ո ց պ ա տ մ ու թ յ ուն տ ե ս ն ե մ: Հայերեն խոսող պզտիկներ ու իրենց հայությունով հպարտացող երիտասարդություն տեսնեմ: Վերջապես, հայ քար ու հայ հող տեսնեմ ու այդ բոլորեն հագեցած կարոտով գոցեմ աչքերս:

Այո՛, ես այս բոլո՛րն է, որ կորսնցուցած եմ, իսկ շահած տալերներով մեկ հատիկ հոգի անգամ չեմ կրցած փրկել:

1971

Link to post
Share on other sites

Այս պատմվածքի բնաբան կարող են դառնալ Վահան Տերյանի տողերը.

Այնպե՜ս տխուր են և նման լացին,

Երգերն իմ երկրի այնպե՜ս տխրագին.

Մեզ չի հասկանա օտարերկրացին,

Մեզ չի հասկանա սառն օտարուհին...

===================================================================

«ԻՆՉՈ՞Ւ ԱՅԼԱՄԵՐԺ ԵՔ ՀԱՅԵՐԴ»

Ներկանայալի, զարգացած,վառվօուն աչքերով աղջիկ մըն էր:Հավաքույթին եկած էր ամուսինին հետ:Ներկաներուն մեջ միակ անծանոթ դեմքը ես էի իրեն համար:Բարեկամս, որուն ծննդյան տարեդարձն էր, որ կտոնեինք,ներկայացուց մեզ.

-Կրասան է,Արմենին աղջիկը:Այս մեկն ալ՝ ամուսինը:

Գոհունակ ժպիտ մը շիկնեցավ Կրասային պայծառ դեմքին վրա:

Հետո տվավ ի՛մ անունս:

- Օ՜, հայ մը ուրեմն.ձեր մասին շատ լսած եմ Արմենեն, ձեր տղոցմե,- եղավ Կրասային անմիջական անդրադարձը:

«Մեր տղաքը» Արևելքեն եկած տասնյակ մը այն ուսանողներն էին, որոնք տարիներ առաջ մասնավոր կարգադրությամբ մը այստեղ՝ Փորթուգալի մեջ, չորս տարի մասնագիտական պատրաստություն ստացան որպես մարմնակրթանքի ուսուցիչ՝ հետագային հայկական վարժարաններու մեջ պաշտոնավորելու համար:

Արմենը մեկն էր այդ տղոցմե, ու Կրասան տարիներով սիրած էր զինք «խենթի պես», ինչպես կվկայեին ընկերները:Մյուս տղաքն ալ ունեցած էին իրենց կրասաները, բայց այս մեկը տարբեր էր իր շնորհներով, սիրո՛վ մանավանդ:

Այն ատեն հազիվ տասնըութ տարեկան, Կրասան ամբողջ էությամբ նվիրված էր Արմենին, բանաստեղծական հոգիով այդ տղուն, ինչպես կըսեր ինք, ու անսովոր պաշտամունքով մը սիրած ամեն բան, որ ուղղակի կամ հեռավոր կերպով կապ ուներ անոր հետ:

Կրասային մասին այն ատեն լսած էի Արմենեն, որ Փորթուգալը վերջնականապես ձգելեն քանի մը շաբաթ առաջ գիշեր մը եկավ իր հոգեկան տագնապին մասին պատմելու:Հավատարմությունը բաժնված էր երկուքի, կիսված՝ ծնողքին և սիրած աղջկան միջև:Անկարելի կգտներ դիրքորոշվիլ:Գրած էր ծնողքին, մանրամասնորեն ներկայացուցած Կրասան, պատմած իրենց սիրույն մասին ու խնդրած որ հավանություն տան կատարած ընտրության:Ուզած էր, որ իրենց կյանքերը միացած ըլլային հորն ու մորը օրհնությունով:

- Հայրս սակայն, չափահաս որբ ու կուսակցական մարդ, երկար նամակով մը պատասխանած է ու խիստ բառերով կսաստե զիս, իր «միակ մանչը», նման կարելիություն մը նույնիսկ միտես անցուցած ըլլալուս համար:Ու կյանքի փորձառութենեն շահած իմաստության մը վավերականությունը հաստատող որպես վկաներ, նամակին կցած է նաև ՆԱԻՐԻ-ի երկու թիվեր, ուր կերևին ձեր «Հայու բեկորներ»-են երկուքին կյանքի դժբախտ պատմությունները:

Ոլորված թերթերը ձեռքին մեջ, Արմեն եկած էր կարծես մեղադրելու զիս՝ ծնողքին կողմե իրեն դեմ նյութված դավադրության անգիտակցաբար մասնակից եղած ըլլալուս համար:

Ավելի ուշ լսած էի ընկերներեն, թե մեկնումի նախօրյակին, հակառակ ջերմ սիրույն, Արմեն հայտնած էր Կրասային, թե անել սեր մըն է իրենցը, դատապարտված ի վերջո մեռնելու ժամանակին հետ, խաղաղ, բնական մահով մը:Փորձած էր բացատրել կացությունը ու խնդրած, որ հասկնա զինք, հավատա զգացումներուն անկեղծությանը:Ու մեկնած էր հաջորդ առավոտ, սիրտեն ավելի ականջ տալով տրամաբանության ձայնին:

Տասը տարի անցած էր հիմա այդ օրեն, ու Կրասան դիմացս կեցած էր փորթուգալացի ամուսինին հետ:Խելոք մանչուկ մը ասիկա, լուռ շուրջը կդիտեր առանց բան մը հասկընալու անցած-դարձածեն:

Մեր առաջին հանդիպումն էր, բայց Կրասան ու ես լավ կհասկնայինք զիրար, կճանչնայինք արդեն:Չէի կրնար որոշել սակայն,- պե՞տք է որևէ ակնարկություն ընել անցյալին, թե ավելի պատշաճ պիտի ըլլար պահը լեցնել ընդհանուր, անանձնական խոսակցությունով:Մտահոգությունը ավելորդ էր սակայն.շատ չանցած ի՛նք եղավ նախահարձակը և զարկավ ուղղակի ... ճակտես:

- Ինչո՞ւ այսքան այլամերժ եք հայերդ:

Օ՜, արդեն:Ձեռք անցուցած էր հայ մը – հազվագյուտ այս կողմերը – ան ալ Արմենին ծանոթ, և կուզեր սիրտը պարպել տասնամյա դառնութենեն:Ուրիշ ո՞վ պիտի հասկընար զինք:Առիթ չտվավ, որ ընդմիջեմ.

- Այլապես հոյակապ, ամեն տեսակ առաքինություններով օժտված ժողովուրդ, կյանքին դեմ բացվող, զայն ընկալող, հանկարծ կվերադառնաք ձեր պատյանին, կկծկվիք, երբ զգաք կամ ենթադրեք, թե երևելի կամ աներևույթ որևէ վտանգ կսպառնա ձեր ազգային ինքնության:

-Ատոր մեջ ի՞նչ կա դատապարտելի:

-Չեմ գիտեր՝ սերն է կարևոր, թե ազգությունը:Ես պատրաստ էի, եթե պետք ըլլար, ամեն զոհողություն հանձն առնելու և մեծագույն հաճույքով, միայն թե փրկվեր մեր սերը:Նյութականը ոչ մեկ նշանակություն ուներ ինծի համար:Ծնողքս ավելի դյուրավ հասկցան ու գնահատեցին կեցվածքս:Երբեք չհարցուցին ինծի, թե ընկերային ո՞ր խավեն կուգար Արմենը, նյութական ի՞նչ միջոցներ ուներ ընտանիք պահելու համար:Գիտեք, թե այդ բոլորը կարևոր են այստեղ:

Գիտեի, թե Կրասային հայրը հարգված և կարևոր դատավորներեն մեկն էր քաղաքին, նյութապես ապահովված և ընկերական ընտրանի շրջանակով մը:Չէին առարկած նույնիսկ Արմենի «համեստ մարզանքի ուսուցիչ մը» եղած ըլլալուն:«Կարևորը ձեր սիրելն է, աղջիկս,- ըսած էր հայրը,- մնացյալը երկրորդական է:Նախընտրելի է պատառ մը հացով սիրով ապրիլ, քան թե ճոխության մեջ՝ առանց սիրո»:

-Ձեզի՝ հայերուդ համար, սակայն, ազգությունն է կարևորը:Ոչ մեկ ատեն կասկածը ունեցած եմ Արմենին սիրույն և գիտեմ, թե իր միակ մտահոգությունը ծնողքն էին, որոնք ամեն նամակի մեջ կզգուշացնեին զինք, որ չըլլա թե «օտար ծուղակի» մը մեջ իյնա:Իրեն հանդեպ ունեցած սերս արտահայտելու համար ամեն քայլ առի:Սերտեցի հայոց պատմությունը:Գիտեմ, օրինակ, թե ինչ-ինչ թվականներ են Ապրիլ 24-ը, Նոյեմբեր 29-ը, թե ով են և ազգային ինչ արժեք կներկայացնեն Սուրբ ՄԵսրոպը, Վարդան Մամիկոնյանը, Կոմիտասը:Կարդացած եմ ինչ գիրք, որ կրցած եմ ձեռք ձգել հայ ժողովուրդին մասին:Բոլոր ազատ ժամերս կանցնեի հայ տղոց հետ: Իրենցմե մեկը կզգայի ինքզինքս այլևս:Այնքան շեն եք հայերդ, տարբեր ուրիշներե, մեզմե:«Նուբար-Նուբար»-ը գիտե՞ք:«Հովիվը սարում տխրեց»-ը:Հետո լրջորեն սկսա հայերեն սորվիլ, որպեսզի լեզուն, գլխավոր պատվարը Արմենին ծնողքին և իմ միջև, վերցված ըլլա:Չեղավ, չեղավ:Արմենի մեկնումի նախօրյակին, գիշեր ուշ ատեն եղանք նորեն միասին, վերջին անգամ մըն ալ:Խոսեցանք երկար:Փորձեց բացատրել, թե հակառակ սիրույն չէինք կրնար մեր կյանքերը կապել իրարու, որովհետև ինք հայ էր, իսկ ես հայ չէի:Դուք ըսեք, կարելի՞ է այս աստիճան այլամերժություն երևակայել:

Կրասային ամուսինը, ձանձրացած մեր խոսակցութենեն, միացած էր քիչ մը անդին պարողներուն:

-Նոր է որ ամուսնացա, անցյալ տարի:Ճիշտ է, սքանչելի տղա է Ֆերնանդոն, սիրով ենք, բայց Արմենին տեղը ուրիշ է սիրտիս մեջ, կյանքիս մեջ, նույնիսկ երբ մեր կապը այլևս կպատկանի անցյալին:

-Ըսել կուզես՝ զինք կսիրես տակավին:

-Կենթադրեմ, թեև սխալ մի հասկնաք, ուրիշ սեր մըն է ասիկա, որ չի միջամտեր ամուսնական կյանքիս:

-Խորքին մեջ Արմենն ավելի անցյալդ է, որ կսիրես հիմա, չե՞ս կարծեր,- կըսեմ, հարցը դուրսեն քննողի, վերլուծողի պաղարյունով:-Տասնըութ տարեկան աղջիկ այն օրերուն, առաջին կայծկլտումներուդ քաղցր տպավորությունն է, որ հիշողությանդ մեջ կդիմանա տակավին:Իսկ եթե պատահի, որ այսօր, տասը տարի վերջ, կրկին անգամ հանդիպելու ըլլաս Արմենին, անհավանական չէ, որ անդրադառնաս, թե երբեմնի տղան, որ իդեալականացուցած ես ու սիրած, իրականություն ըլլալե ավելի քու կողմե ստեղծված գոյություն մըն է պարզապես:Չե՞ն ըսած քեզի բնավ, թե երազին տիրանալը՝ երազը կսպաննե հաճախ:

-Չեմ գիտեր, կրնան ճիշտ ըլլալ ձեր ըսածները, բայց ինծի համար ասոնք չեն էականը:Եթե Արմեն զիս մերժեր սիրած չըլլալուն համար, պիտի ցավեի անկասկած, վիրավորվեի ծանրորեն:Ետև ձգած զգացումը,սակայն, այսօր դառնություն մըն ալ ունի իր մեջ:Երևակայե, սիրելով հանդերձ մերժե զիս,այրե, ուրանա ամեն բան.ինչո՞ւ, որովհետև հայ չեմ եղեր:Գիտնաս միայն, թե այն օրերուն որքան զղջացած եմ – կարծես ձեռքս ըլլար – անիծած բախտս՝ հայ չըլլալուս համար:

Պահ մը առաջվան ժպիտը անհետացած է դեմքին վրայեն, ու խոնավ աչքերուն տրտմությունը ներքին վրդովում մըն է, որ կմատնե:Ի՞նչ լավ է, որ ամուսինը անդին կպարե և ականատես չէ այս փոթորկումին, կըսեմ ես ինծի:Կրասան լուռ է:Կարծես կսպասե, որ մինչև հիմա ըսածները նախ հասնին տեղը, որպեսզի շարունակե դարձյալ:

-Տարօրինակ եք հայերդ, ուրի՛շ հոգի ունիք, քիչ մը խենթ, ռոմանտիկ.երգը, երաժշտությունը, պարը, գեղեցիկը, կյանքը սիրող:Բայց այս ամենուն հայկակա՛նն է լավ.երգին ալ, ռոմանտիզմին ալ,երաժշտությանն ալ, հայրենիքի՛ն ալ:Ինչո՞ւ Արմենը պիտի չկարենար սիրել առանց իր հայությունը զոհելու, մանավանդ, երբ ես պատրաստ էի զիջելու իմ փորթուգալացիի և՛ անցյալս, և՛ ներկաս: «Չըլլար,-ըսավ,- չես հասկնար դուն, սիրով չի վերջանար ամեն բան, ուրիշ ավելի խորունկ հոսանքներ կան մեր մեջ:Անցյալ մը ունին մեր կյանքերը, դարերու անցյալ մը, արյունի ձայն մը, որմե պետք չէ, չե՛նք կրնար հրաժարիլ ոչ դուն և ոչ ալ ես, որքան ալ զորավոր ըլլա մյուսը, մեզ իրարու կապող սիրո հոսանքը»:

Կրասան բնավ չպարեց այդ գիշեր:Մնաց կողքիս նստած ու խոսեցավ առանց դադարի՝ նույն հաճախանքեն տարված:Տեղեկություններ ուզեց Արմենին և մյու տղոց մասին:Հետաքրքրվեցավ հայերեն նոր երգերով:

- «Կռունկ»-ին երգապնակը կա՞:

Խոստացա բերել տալ իրեն համար:Ուրախացավ մանուկի մը պես:Հավաքույթին մեջ չըլլար կարծես.փոխադրված էր տասը տարի ետ ու վերածված տասնըութ տարեկան սիրահար, բարի աղջկան:

-Գիտե՞ս, նույնիսկ Արմենին տուն վերադառնալեն ետք տարի մը ամբողջ շարունակեցի հայերեն դասերս, նախ՝ որովհետև գիտեի, թե Արմենը հեռու տեղ մը կխոսեր այդ լեզվով և ապա՝ կհուսայի, թե հայերեն սորվիլս ի վերջո ընդունելի պիտի դարձներ զիս ծնողքին, պիտի հալեցներ սառը իրենց սիրտերուն:

-Կրցա՞ր գոնե բան մը սորվիլ:

-Իհարկե.սկսած էի գրել-կարդալ:Կրնայի հետևիլ պարզ խոսակցության մը:

-Չեմ կարծեր, որ սորվածեդ շատ բան մնացած ըլլա միտքդ անցնող սա տասը տարիներու ընթացքին:Տառերը կհիշե՞ս:Հայերեն բառ մը գրե տեսնեմ, ուրախանամ,-կըսեմ, գրպանես թուղթի կտոր մը երկարելով իրեն:

Կվերցնե գրիչը և առանց տատամսելու, նախակրթարանի առաջին դասարանի աշակերտի մը անվարժ գիրերով, հատիկ-հատիկ կշարե իրարու քով.- Ա-ր-մ-ե-ն:

-Սքանչելի,-կըսեմ շեշտով մը, որուն մեջ չարաճճի գնահատանք մըն ալ կա գրած բառին, անունին ընտրության համար ու կավելցնեմ կես կատակով,- շատ հավանաբար միակ հայերեն բառն է ասիկա, որ սորված ես գրել:

-Ո՛չ,-կըսե, կարծես վշտացած,- եթե կուզես՝ շարունակեմ:-Ու առանց պատասխանին սպասելու «Արմեն»-ին քով կավելացնե նաև. - Հ-ո-գ-ի-ս:

Թերահավատությունս սկսած է տեղի տալ:Ինք կերթա ավելի առաջ ու կկազմե նախադասություն մը, որ ամբողջացվելե վերջ պարզ և որոշ բառերով կըսե այն, ինչ որ անգիտակցաբար կփորձեր ապացուցել ժամե մը ի վեր.

-Արմեն, հոգիս, դեռ միայն քեզ կսիրեմ:

Առաջին անգամ ըլլալով կընահանջեմ ազգային դիրքերես ու կանցնիմ ... սիրո՛ կողմը:

1971

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...