Jump to content

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ


Recommended Posts

Որոշեցի Հայկ Խաչատրյանի "Տիգրան Մեծ" վեպից հատվածներ տպել այստեղ, որպեսզի կարդաք ու հասկանաք, թե ինչպիսի մեծ դժվարությամբ է հայ ժողովուրդը ապրելու ու գոյատևելու իր իրավունքը վաստակել ու պաշտպանել զենքի ուժով ( դեռևս մեր թվարկությունից առաջ ) : Մեր քաղաքական գործիչներին էլ չէր խանգարի կարդալ .... Շատ ուսուցանող գիրք է

Angel ջան ցանկութայն դեպքում կարող ես տեղադրել նաև հայերեն Hayastan.com-ում

Եթե սխալներ ու վրիպումներ գտնեք, խնդրում եմ հայտնեք ինձ, որպեսզի ուղղեմ

Հաճելի ընթերցանություն

ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՀՈՎԻՏՆԵՐ

Տիզբոնն արթնանում էր քնից:

Բարձրահասակ արմավենիների տակ կուչ եկած շենքերը հեռվից նմանվում էին շուռ տված կարասների: Կամաց-կամաց դեպի երկինք չվող ամպերի տակից երևում էին քաղաքը շրջապատող բերդապարիսպները, որոնք աջ կողմից ուղիղ ձգվող Տիգրիսի հետ լարված աղեղի տեսք էին ստանում:

Աշնանային առավոտի ցուրտը ասես աշխուժացրել էր պարիսպների վրա թիկնոցները գլխներին քաշած պահակներին, որոնք ետ ու առաջ էին վազվզում անձրևից փախչողի նման:

Հարյուր դռներով քաղաքի գլխավոր դարպասի առջև իրարանցում էր: Մի քանի հեծյալներ ցանկանում էին քաղաք մտնել, բայց զինվորները դարպասը չէին բացում:

_Այսպես չեն վարվի Հայոց աշխարհում: Մեր դռները բաց են ոչ միայն արքայական դեսպանախմբերի, այլև ամեն անծանոթի առջև,_ կարծես ինքն իրեն խոսում էր սևաթույր նժույգի վրա անհագիստ նստած մի ծեր զինվորական:

_Թող ների մեզ հայոց արքայի դեսպանը, որ մենք չենք կարող խաղտել արքայից-արքայի հրամանը,_ արձագանքում էր նրան պահապաններից մեկը, որը, ըստ երևույթին, դարպասապահ զորամասի գլխավորն էր:

Վերջինիս շուրջը խմբված պարթև զինվորները՝ տարված դեսպանախնբի նժույգներն ու հանդերձները զննելով, համարյա չէին ունկնդրում այդ խոսակցությունը:

_Բայց արքայից-արքային դեռ հայտնի չէ մեր ժամանումը, ի՞նչ հրաման է դա:

_Մինչև արևը չերևա հորիզոնում՝ օտար մարդ չթողնել քաղաք, որ չարը հեռու լինի մեզանից:

_Ինչպես տեսնում եք , մենք չորս հոգի ենք, չլինի՞ կարծում եք, թե չորսով մենք կգրավենք Տիզբոնը:

_Դե չէ,_ ժպտաց դարպասապահ զորամասի գլխավորը,_ դու դեսպան մարդ ես ե գիտես, որ մեծ չարիքները նախ նյութվում են մի մարդու գլխում...

_Լավ ես իմաստասիրում, հարգելի զորական, բայց որպես դեսպան քեզ կարող եմ ասել, որ ամենամեծ չարագործությունը լինում է հենց արևի լույսի տակ:

_Ահրումազդը հեռու պահի մեզ դրանից:

_Ասել է թե՝ որ օրը ամպոտ լինի ու արևը չծագի, մենք այստե՞ղ պիտի մնանք:

_Ինչպե՞ս թե արևը չծագի, Ահրումազդը...

Պարթևը չհասցրեց իր խոսքն ավարտել: Բերդապարիսպների աշտարակներից գալարափողերը ազդարարեցին լուսածագի աղոթքի ժամը: Խոսակցությունն ավարտվեց, դարպասապահի առջև մնացին միայն չորս հեծյալները:

Երկար ճանապարհից ու հոգնածությունից նրանց դեմքերը կնճռոտվել էին, սևացել: Տխուր լուր էին բերել, տխուր՝ իրենց, բայց ուրախ՝ պարթևների համար:

Վախճանվել էր հայոց Տիգրան թագավորը: Հանգուցյալ արքայի ծերունի խորհրդատու և դեսպան Արշամը մի շաբաթ առաջ դուրս էր եկել Հայոց աշխարհից և աճապարում էր ժամ առաջ հասնել Տիզբոն: Նրա հետ էր Հուսիկ քուրմը և երկու զորական՝ արքունական տան պահակազորից: Դեսպանախումբը գլխավորում էր Արշամը, որն իր հետ բերել էր հայոց արքայազն Գուրի հավատարմաթուղթը:

Զորական չէր Արշամը, բայց իր կյանքի մեծ մասը անց էր կացրել նժույգի վրա, շրջել աշխարհը, եղել օտար արքունիքներում, արքաների հետ նստել-վերկացել և աշխատել էր կռահել, թե ինչ են նյութում այդ արքաները ի վնաս Հայոց աշխարհի: Սուր էլ ուներ կողքին, բայց այն երբեք չէր հանել պատյանից, չնայած քիչ ճակատամարտեր չէր տվել նա Հայոց աշխարհի համար, երբեմն ահեղ ու օրհասական, երբեմն էլ՝ հաղթական: Դրանք մտքի ու խոսքի, խորամանկության ու ճարպկության մարտեր էին, որտեղ խոսքի սուրն ավելի շատ բան էր տեսնում, քան բյուր ու տասնյակ բյուր զորականների սրեր: Այս անգամ, սակայն, նա հուզված էր կռվի նոր մասնկացող զինվորի նման: Այդ հուզմունքը պատել էր նրան Հայոց աշխարհից դուրս գալիս և ահա բազում օրեր մաշում էր ուղեղը: Ծերունին իր դեսպանական կյանքի քառուղիներում բազում ու բազմաբնույթ հանձնարարություններ էր կատարել, բայց այս մեկը, որի համար նա եկել էր Տիզբոն, առավել ծանր ու դժվարին էր թվում: Նա պետք է փրկեր պատնադված արքայորդուն, փրկեր Միհրդատ Մեծի ճանկերից: Արշամին այստեղ էր առաքել համայն Հայոց աշխարհը՝ պատվիրելով Տուն բերել արքայազն Տիգրանին, որը Տիզբոն է ընկել տարիներ առաջ:

Այո, տարիներ առաջ էր: Պարթևների դեմ Կապուտանի ճակատամարտում հայերը ծանր դրության մեջ ընկան: Կապուտան ծովակի ափին հայկական այրուձին շրջապատվեց պարթևների ահռելի բանակով: Կռիվը կատղի էր, սակայն թշնամուն ահ ու սարսափ պատճառող հայկական այրուձին ընկել էր մի լեռնավանդակի մեջ, որը միայն մի ելք ուներ՝ բաց ծովակը: Մարդկանց կյանքը փրկելու համար հայերը հաշտություն խնդրեցին: Պարթևները, որոնք լեռնագագաթից քրքրջում էին հայերի անհուսալի դրության վրա, պահանջեցին պատանդ տալ արքայազն Տիգրանին: Հաշտություն կնքվեց ի վնաս հայերի: Արքայազն Տիգրանը պատանդ պիտի մնար պարթևների մոտ և չպետք է տեսներ Հայոց աշխարհն ու իր հոր դեմքը, մինչև վերջինիս վախճանվելը: Միաժամանակ պայման կապեցին, որ պատանի Տիգրանը կգլխատվեր, եթե հայերը փորձեին կռիվ սկսել պարթևների դեմ:

Շատ տարիներ են գլորվել այդ օրից, շատ դեպքեր կատարվել աշխարհում: Պարթևական հողի վրա չդոփեց հայոց նժույգի սմբակը, պարթևի ու հայի սրերը այլևս չբախվեցին իրար: Պատանի Տիգրանը իր պատանդությամբ զսպում էր հայոց վրիժատենչ ոգին և ապահովում Միհրդատ Մեծի տերության սահմանները արևմուտքում:

Իսկ Հայոց աշխարհում լուրեր էին պտտվում, թե արքայազնը դարձել է խոհեմ ու քաջ տղամարդ, թե պարթևների արքունիքում նախանձով են նայում նրա ընդունակություններին, և ինքը՝ պարթևաց արքայից-արքա Միհրդատ Մեծն էլ երիտասարդ Տիգրանի մեջ տեսնում է իր ապագա ախոյանին:

Այժմ Տիզբոնի դարպասների տակ ծերունի Արշամը սպասում էր: Նա վաղուց չէր եղել Տիզբոնում, որը կարծես մնացել էր նույնը, այն տարբերությամբ միայն, որ Միհրդատ Մեծը հրամայել էր արևածագից առաջ օտարական մարդոու առջև չբացել քաղաքի դարպասները:

_Յուր ոտքով եկած հյուրը պատիվ չունի,_ լսելի ձայով շշնջաց ծերունին և դարձավ քուրմ Հուսիկին:

_ Ի՞նչ է խորհում Արամազդի պատգամախոսը:

_ Հաջողություն եմ մաղթում մեր ձեռնարկած գործին:

_ Հայոց աշխարհի համար հաջողությունը միշտ նման է եղել նապաստակի, հենց ձեռքիցդ բաց թողեցիր, ուրիշներին է որս դառնում:

շարունակելի

Link to post
Share on other sites

Մի պահ նրանք լռեցին: Թվում էր, թե արդեն մի քանի օր է, ինչ իրենք սպասում են Տիզբոնի դարպասների տակ:

Քիչ հետո հորիզոնում երևաց արևը:

Վերջապես բացվեցին քաղաքի դարպասները, և Արշամն իր մարդկանց հետ ներս մտավ՝ հետևելով արքայից-արքայի զորապետի խմբին, որն ընդառաջում էր նրանց: Խումբը շարժվում էր քաղաքի կենտրոնական փողոցով, որի աջ ու ձախ կողմերին ձգվում էին խանութներ ու դարբնոցներ:"Քառասուն պատյանների" քաղաքը մտել էր իր առօրյա եռուզեռի մեջ: Խմբի առջևից քայլող պարթև զորականը ստեպ-ստեպ դեպի շուրթերն էր տանում անտակ կուլայի տեսք ունեցող մի նվագարան և ականջ ծակելով սուլում, որից փողոցում անցուդարձ անողները իսկույն մի կողմ էին քաշվում: Քառորդ ժամից հետո նրանք կանգ առան մի հսկա շինության առջև: Դա Միհրդատ Մեծի արքայական ապարանքն էր: Շինության դիմացի լայն հրապարակը մի ձվաձև տափարակ էր, հարթեցրած կավածեփ աղյուսներով: Վագրի ու առյուծի գիրկընդխառն պղնձաձույլ մի արձան գեղեցիկ կամար էր կազմում ապարանքի նախամուտքի շուրջը: Այդ կամարի տակով հեշտությամբ կարող էին անցնել չորս հեծյալներ:: Ապարանքի առջև, հսկա պատի կենտրոնական մասում, նրբին արվեստով քանդակված էր արևի գունդը, որից սկիզբ առնող բոսորագույն ճառագայթները տարածվում էին չորս բոլորը և պատի վերջավորություններում վերածվում նիզակների:

Ապարանքի շքամուտքի մոտ նրանց դիմավորեց սպասավորների մի ստվար բազմություն: Խոնարհ գլուխ տալով, նրանցից մի քանիսը իսկույն բռնեցին ձիերի երեսաններից ու թամբերի ասպանդականերից՝ օգնելով հեծյալներին ձիերից իջնելու: Արշամին և նրա հետ եկած մարդկանց ուղեկցեցին դեպի ապարանքի ձախակողմյան անկյունում կուչ եկած փոքրիկ տաղավարը, որի մի դռնակը բացվում էր Տիգրիսի վրա: Հոգնատանջ Տիգրիսը պղտոր ալիքներով ծեծում էր ափի պատնեշները:

Կարճահասակ մի պարթև, որի թիկնոցի ծայրերը քայլելիս քսվում էին գետնին, մտավ տաղավար և, փայլեցնելով իր խեժագույն աչքերը, դիմեց եկողներին:

_Կցանկանայի իմանալ, թե ո՞վ է ձեր մեջ հարգարժան դեսպանը:

Արշամը թեթևակի շարժեց գլուխը, որից պարթևը կռահեց, որ դեսպանը ծերունին է:

_Երկար կյանք և ողջություն լեռների զավակներին, ձեր ժամանմուն արդեն հայտնի է արեգակնափայլ արքայից-արքային: Առայժմ դուք կարող եք փոքր ինչ դադար առնել: Ի դեպ, ես արքունիքի սենեկապետն եմ և ուրախ կլինեմ հայոց դեսպանի հետ անձնապես ծանոթանալու, ինձ կոչում են Սանատրուկ:

Արշամն ու Սանատարուկը ողջունեցին իրար՝ ի նշան ծանոթության, հետո Արշամը սիրալիր հարցրեց նրան.

_Ե՞րբ կընդունի մեզ արքայից-արքան:

_Դա կախված է ձեզանից, չգիտեմ ձեր գալու նպատակը, բայց ենթադրում եմ այն առնչվում է արքայորդի Տիգրանի հետ:

_Դու ճիշտ կռահեցիր, մենք արքայորդու հետևից ենք եկել, բայց կցանկանայինք արքայից-արքայի հետ տեսակցվել այսօր: Քո ծառայության համար դու կվարձատրվես ըստ պատշաճի:

Արշամը Սանատրուկի գրպանը խոթեց մի փոքրիկ դրամաքսակ և այնպիսի տեսք ընդունեց, որ ասես իր պարտքն էր վերադարձնում պարթևին:

_Ամեն ինչ կանցնի հաջող,- ժպտաց Սանատրուկը և դուրս եկավ տաղավար-հյուրանոցից:

Սանատրուկի գնալուց հետո քուրմ Հուսիկը դարձավ ծերունուն.

_Տարօրինակ աշխարհ է սա, ոսկուց են սկսում բանակցությունները:

_Զգույշ, քուրմ Հուսիկ, ավելորդ ասված մի բառը կարող է փչացնել ամեն ինչ:

_Բայց մենք հայերեն ենք խոսում, ի՞նչ պիտի հասկանան սրանք, եթե նույնիսկ լրտեսեն:

_Արքունիքում ամեն բան ականջ ունի, ամեն ինչ լսվում է այստեղ, թեկուզ սատանայի լեզվով էլ խոսելուց լինենք:

Տաղավարում, ուր իջեվանել էին նրանք, դրված էին փայտե թախտեր, որոնք ծածկված էին ծովախոտով լցված ներքնակներով: Նրանք հանցին թիկնոցները և նստելով ներքնակների վրա՝ յուրաքանչյուրը յուրովի թախվեց խոհերի մեջ:

Կեսօրին հայտնվեց Սանատրուկը և առաջնորդեց նրանց Միհրդատի պալատը: Ապարանքի նեղ, ոլորապտույտ միջանցքներով նրանք հանդարտ քայլերով հասան մի ընդարձակ սրահ: Մի քանի սպառազեն թիկնապահներ արձանների պես անշարժ կանգնել էին սրահի տարբեր անկյուններում: Դահլիճ տանող գլխավոր մուտքից ծաղրածուի դեմքով մեկը դուրս եկավ և ծափ զարկեց: Սանատրուկը, Արշամի կողմը նայելով, հպեց ձախ աչքը: Նրանք մտան դահլիճ:

Մետաքսակար, ասեղնագործ արքայական պատմուճանում փաթաթվել էր Միհրդատ Մեծը՝ գլխին շականակագույն ######ր: Նրա դուրս ընկած աչքերը, փոքր քիթը և արտասովոր հաստ շրթունքները տարօրինակ ներդաշնակություն էին կազմում: Գահավորակին բազմել էր հպարտորեն: Աջ կողքին ճերմակազգեստ քրմապետն էր, ձախ կողքին՝ զորական մի մարդ:

Արշամը, Հուսիկը և երկու հայ զորականները խոր գլուխ տվին.

_Արևի ու լուսնի եղբորը, պարթևաց արքաների-արքա Միհրդատ Մեծին Հայոց աշխարհից ամենաջերմ ողջույններ,_ մի քիչ առաջ անցնելով ու կրկին գլուխը խոնարհելով ասաց Արշամը:

Հայ զորականներից մեկը ձեռքին բռնած փայտե մատուցարանը, որի վրա ոսկե և արծաթե սպասք էր դասավորված, հանձնեց ընդառաջ եկող մի պարթև մեծապետի:

_Խաղաղություն Հայոց աշխարհին,_ նույն հպարտ կեցվածքով, ժպտալով պատասխանեց Միհրդատ Մեծը,_ վաղուց է, որ մեր աշխարհում հյուր չի եղել դեսպան Արշամը. վերջին անգամ ես նրան տեսա երիտասարդ, իսկ այժմ ճերմակ մազեր են երևում գլխին:

_Արևելքի արեգնակափայլ արքաների արքա, մարդկային կյանքը նման է մի ցերեկվա, բացվեց առավոտը, դեռ գործ չտեսած՝ վրա կհասնի իրիկունը:

_Խելոք ասացիր, Ահրումազդը վկա, ի՞նչ նորություն կա Հայոց աշխարհում, ինչպե՞ս է իրեն զգում Տիգրան արքան:

Արշմաը անխոս Միհրդատին մեկնեց մագաղաթյա թղթակալը:

Մի քանի րոպե դահլիճում ծանր լռություն էր իջել: Արքայից-արքան կարդում էր Հայոց աշխարհից ուղարկված հավատրմաթուղթը:

_Այսպես,_ գահավորակի վրա շուռ գալով, ծոր տվեց Միհրդատ Մեծը,_ ցավում եմ Հայոց աշխարհին հասած դժբախտության համար: Ձեր հանգուցյալ արքային տվածս խոստումը ես կկատարեմ: Արքայազն Տիգրանը կստանա հոր գահն ու իշխանությունը: Սակայն հայոց թագաժառանգը մեծացել է ինձ մոտ,ես նրա հանդեպ տածել եմ հայրական հոգատարություն,և մեզ պատանդ թողած թագաժառանգից դուք ստանալու եք մի հասուն արքա, որի հայրը խոստացել էր նվերներ տալ ողջ ու առողջ նրան ձեզ վերադարձնելու ժամանակ: Գուցե այդ մասին մոռացել է Գուրը կամ Տիգրան արքան չի հայտնել նրան: Ասենք, երկար տարիներ է անցել, մարդու հիշողությունը... ո՞վ գիտե...

_Վսեմափայլ տեր, մեր արքունիքի գանձարանը միշտ բաց է իր արքաների ցանկությունների ի կատար ածելու համար. ասա նվերենրի չափը, և ես Հայոց աշխարհին տեղյակ կպահեմ այդ մասին, կամ, որ հաճելի կլինի, թող թագաժառանգը մասնակցի մեր զրույցին և իր խոսքը ասի:

_Արքայազն Տիգրանը հիմա պալատում չէ, այլապես բազմած կլիներ իմ կողքին: Նա որսի է գնացել վաղ լուսաբացին և կգա արևմուտին, իսկ այն նվերները, որոնց մասին խոսք եղավ, թող նախորոք խոսատանա Հայոց աշխարհը: Արքայազն Տիգրանը նույնիսկ իր մասնակցությամբ այս գործին օգնել չի կարող, որովհետև առայժմ նա ոչինչ չունի, իսկ ոչինչ չունեցող մարդուց ոչինչ չեն պահանջում: Ինչ վերաբերում է նվերների չափին, ապա այս դեպքում գահաժառանգ Տիգրանը պետք է քավի իր պապի՝ Արտաշես արքայի հանցանքը, որը յոթանասուն տարի առաջ պարթևներից գրավել է Կապուտան աշխարհը, յոթանասուն գետ ու հովիտ կտրել պարթևաց աշխարհից: Այդ հովիտները թող նվեր լինեն պատանդ արքայորդուն ստանալու համար: Հայոց հարգարժան դեսպանը թող իմանա նաև որ դա նույնիսկ նվեր չէ , այլ տվածը ետ ստանալու պահանջ: Դրան, ի միջիայլոց, ավելացնում եմ յոթ հազար պայտ: Այսքանը:

_Օ պարթևաց հզոր արքա, ես միայն դեսպան եմ և Հայոց աշխարհի գավառները նվիրաբերելու լիազորություններ չունեմ: Հետո, թող ների ինձ արքայից-արքան, որ վերջի պահանջն էլ զարմանալի ծանր կլինի հայոց աշխարհի համար: Այդքան պայտ Տիզբոնի ինչի՞ն է պետք , որ մեր աշխարհում հայտնի է իր բազմաթիվ պայտանոցներով, և իզուր չէ, որ քառասուն պայտանոցների քաղաք է կոչվում:

_Քո զարմանքը կչափավորվեր, դեսպան, եթե հիշեիր ձեր՝ հայերի առածը ՝ " Դերձակի հագուստը ծակ կլինի ": Իսկ լիազորութայն հարցում դու համեստություն ես անում, որովհետև իշխան Գուրի հավատարմաթուղթը այլ բան է ասում քեզ տված իրավունքների մասին:

_Վսեմափայլ արքայից-արքան, կարծում եմ, ժամանակ կտա խորհելու այդ մասին:

_Խորհիր, դեսպան, իմ Արևը քեզ հաջողություն է մաղթում,_ Միհրդատը ուղղվեց գահավորակի վրա, իսկ մուտքի մոտ կանգնած ծաղրածուի դեմքով պարթևը ծափ զարկեց նորից: Այդ նշանակում էր, որ զրույցը ավարտված է:

Նորից խոր գլուխ տալով Արշամը, Հուսիկը, երկու հայ զորականները դուրս եկան դահլիճից և ուղղվեցին դեպի իրենց հատկացված տաղավարը: Սանատրուկը նրանց հետ էր: Վերջինս ժպտում էր անվերջ և շողոմ խոսքեր քրթմնջում Արշամի ականջին.

_Շուտով որսից կդառնա ձեր Տիգրանը, օ՜, իշխան Արշամ, գիտե՞ք, թե որքան գեղեցիկ տղամարդ է նա: Արծիվ է, բայց ոչ մեր տափաստանների արծվի նման, ձեր լեռների պես ամուր ու չքնաղ տեսք ունի նա: Մեր կանանց չի հավանում, ասում է պարթևուհիները թթված են: Ձիարշավներում մրցորդ չունի, իսկ սուսերամարտերում միշտ հաղթող է:

_Սանատրուկ,_ ընդհատեց նրան Արշամը,_ գահաժառանգ Տիգրանի վերադարձը ե՞րբ իմաց կտաս մեզ:

_Մի հրասխի վրա, դեռ Տիզբոնում չլսած որսից վերադարձողների ձիերի դոփյունը, հարգարժան դեսպանը տեղյակ կլինի այդ մասին:

Նրանք հասան տաղավարին: Սանատրուկն անջատվեց խմբից և գնաց հյուրերի համար ուտելիք բերելու:

շարունակելի

Link to post
Share on other sites

Մանե ջան կենսագրության հարցով ոչնչով օգնել չեմ կարող ցավոք սրտի

Արաքսիա ջան, շատ շնորհակալություն այս հոյակապ թեմաի համար, անհամբեր սպասում եմ հաջորդ պոստերիդ :flag:

ՇՆՈՐՀԱԿԱլՈՒԹՅՈՒՆ :flower:

Link to post
Share on other sites

Хачатрян Айк Арутюнович

Дата рождения 15/12/1926

Место рождения Нагорный Арцах(карабах), Аскеранский район, с. Хаграв

Link to post
Share on other sites

Արաքսիա ջան, շատ շնորհակալություն այս հոյակապ թեմաի համար, անհամբեր սպասում եմ հաջորդ պոստերիդ :flag:

ՇՆՈՐՀԱԿԱլՈՒԹՅՈՒՆ :flower:

Խնդրեմ Ակսել ջան :flower:

Ես այսքանը չեմ զլանում տպել, միայն թե դուք էլ չզլանաք կարդալ... իսկ հնարավորության դեպքում ձեռք բերեք գիրքն ու կարդացեք ամբողջովին :flag:

Հ.Գ Ակսել ջան անունս յ-ով է գրվում՝ Արաքսյա...(անունները միշտ յ-ով են գրվում) :flower:

Link to post
Share on other sites

Իրիկնադեմին հյուրանոց-տաղավարի դռնակը բացվեց շրխկոցով: Թախտերի վրա թիկնած Արշամը, քուրմ Հուսիկն ու զորականները վեր թռան տեղներից: Նրանց առջև կանգնած էր հայոց գահաժառանգը՝ արքայազն Տիգրանը, ամբողջովին սպառազինված, վրան ծաղկազարդ թիկնոց, խոնավ ու վշտոտ աչքերով:

_Հայր Արշամ,_ շշնջաց նա ու գրկեց ծերունուն:

Տիգրանի աչքերից առատ արցունքներ էին հոսում: Արտասվում էր և ծերունին: Հուսիկը՝ ձեռքերը վեր կարկառած աղոթք էր շշնջում Արամազդ աստծուն: Զորականները կարմրատակած դեմքերով կանգնել էին զգաստ և չէին շարժվում: Դռնակի մոտ կանգնել էր Տիգրանի պանդխտության տարիների անբաժան ընկեր ասպետ Բագարատը, որը լուրջ ու խոհուն հայացքով նայում էր հայրենի աշխարհից եկած մարդկանց: Մի քանի վայրկյանից հետո արքայազնը պոկ եկավ ծերունու գրկից և անխոս բարևեց քուրմ Հուսիկին ու երկու զորականներին: Նրա օրինակին հետևեց Բագարատը:

_Ինչո՞ւ չես խոսում, հայր Արշամ , բերածդ նորությունների տխուր բաժինն արդեն հայտնի է ինձ, պատմիր, ծերունի:

_Ո՞վ հայտնեց քեզ այդ մասին, տեր իմ:

_Նվեր որոնող մի պարթև պալատական, որին մի ժամ առաջ ուղարկեցի մյուս աշխարհ՝ իր նախնինների մոտ: Թշվառականը կարծում էր, թե հորս մահը գուժալով ոսկու քսակներ կստանա: Որսից դառնալիս ճանապարհի մեջտեղը կանգնել և ամբարտավան դիրքով հայտնում է, որ ես այլևս պատանդ չեմ, այլ հայոց արքա: Ես հասկացա ամեն ինչ և չթողեցի պարթևին շարունակելու: Իմ սուրը թռցրեց նրա գլուխը:

_Վանդակված արծվի կատարած սխրագործությունը կարող է միայն ամրացնել վանդակի պատերը, տեր իմ, այնտեղ, Հայոց աշխարհում, քեզ են սպասում հորդ թափուր գահը և... այնքան կիսատ գործեր: Ազատվել է պետք այստեղից, տեր իմ, ազատվել ժամ առաջ:

Արշամը պատմեց Միհրդատ Մեծի պայմանները՝ նրան պանդխտությունից ազատելու համար:

_Ի՞նչ,_ ծերունուն լսելով, ձգվեց տեղում թագաժառանգը: _Նվերներ է պահանջում: Յոթանասուն հովի՞տ: Հասկանում եմ:

_Հանգստացիր, արքայազն, լսիր ծերունուս: Պետք է զիճել արքայից-արքային այդ յոթանասուն հովիտը, պետք է շտապել Հայոց աշխահը, որն այժմ գահաթափուր է և կարող է տուժել, եթե Միհրդատի հետ վեճի մտնենք և համառենք:

_Ես դեռ ոչինչ չասացի, հայր Արշամ, թույլ տուր ինձ առանձնանալ, իմ մտքերը խառնվում են...

_Գնա հանգստացիր, տեր իմ, և խորհիր:

Տաղավարում արդեն կիսախավար էր, որը խանգարում էր տեսնել խոսողների դեմքերը: Շուտով ներս մտավ պարթև սպասավորը, վառեց ճարպով լեցուն ճրագը և դուրս գնաց խոր գլուխ տալով:

Նրա հետևից դուրս եկան արքայազն Տիգրանն ու ասպետ Բագարատը և քայլերն ուղեցին դեպի մոտակա դղյակը: Արքայազն տեղ հասնելով, բաժանվեց Բագարատից և առանձնացավ իր ննջարանում:

Թագաժառանգը սկսեց վերապրել իր պանդխտութայն անցած տարիները:

Տիգրիսի ափին, արքայական պալատից կես հրասխ հարավ, սրբատաշ քարերից կերտված դղյակի առաջին հարկում պարթևաց արքայից-արքան արքայազնի համար հատկացրել էր մի սենյակ, որն առանձին մուտք ուներ և բոլորովին կտրված էր դղյակի մյուս հարկաբաժիններից: Դղյակի առաջին հարկը զբաղեցրել էր արքայից-արքայի տիկնունու ներքինապետը: Այստեղ քնում էին տասի չափ զորականներ, որոնք ենթարկվում էին ներքինապետին: Երկրորդ հարկում ապրում էին արքայից-արքայի երեսուն հարճերը: Միհրդատ Մեծի ավագ կինը երկու տարի շարունակ տիկնունում այնպիսի դավեր սարքեց, որ համարյա ամեն ամիս մի հարճ էր սպանվում:: Այն հարճը, որի մոտ գիշերով լինում էր Միհրդատը, առավոտյան անշնչացած հայտնվում է տիկնունու պարտեզում: Արքայից-արքան ստիպված էր իր հարճերին առանձնացնել պալատից և տեղավորել այս դղյակում: Տիկնունին երկատվել էր, և ապարանքում մնացել էին տիկնանց-տիկինն ու տասնհինգ ազնվազարմ տիկիններ:

Առաջին օրերին արքայազն Տիգրանը չգիտեր դղյակի մյուս բնակիչների մասին: Մի մատռվակ ամեն օր, առավոտյան ու կեսօրին, դղյակի մյուս բաժնից ուտելեղեն էր բերում և, ձեռքերով խոսելով արքայազնի հետ, շտապ հեռանում: Դրսում Տիգրանը դիտում էր պարսպապատ բակի դեմ-դիմաց կանգնած երկու պահակներին, որոնք աջ' ձեռքով բռնած երկարակոթ տեգերը՝ արձանացել էին տեղերում:

ՈՒրեմն, չի կարելի դուրս գալ, ահա թե ինչ բան է պատանդը ,_ անցնում էր արքայազնի մտքով:

Պատանդ, երևի դա նույնն է, ինչ ծառան կամ ընդոծինը:

Բայց չէ: Ծառային կարելի է գնել մի արծաթով, իսկ իմ արքա հայրը չի կարող այս պահակներից ազատել ինձ նույնիսկ իր գանձարանը դատարկելով: Ասենք ինչո՞ւ, Միհրդատը կարող է զիճել ինձ հորս, եթե պարգև ստանա ողջ Հայոց աշխարհը:

Քնում էր անհանգիստ և երազում տեսնում դղյակի մուտքի առջև կանգնած պահակներին: Մի քանի օր հետո նրա մոտ եկավ արքունիքի սպասավորներից մեկը, արքայազնին խոր գլուխ տվեց և հորջորջեց հայերեն.

_Ցանոթանակ, ես անունը Սանատրուկ, շահնշահի հրամանով կեզ հետ պարապեմ պարտև ,_ հետո ծափ զարկեց ու ժպտաց այն կեղծ ժպիտով, որ հատուկ է արքունիքի բոլոր սպասավորներին:

Ամեն օր Սանատրուկը գալիս էր արքայազնի մոտ ու պարապում: Տիգրանը կամաց-կամաց սկսեց ընկալել նրա կոտրտված բառերի իմաստը և սովորել պարթևերեն: Սանատրուկը օրական նրան զբաղեցնում էր մի ժամ: Իսկ ամպոտ և անձրևային օրերին արքայազնը Սանատրուկի երեսը չէր տեսնում:

_Արև չկա, չեմ գա,_ ասում էր Սանատրուկը:

_Ինչո՞ւ,_ հարցնում էր արքայազնը:

_Արևի որդի Ահրումազդը կզայրանա:

Մի տարի հետո արքայազնը առաջին անգամ դուրս եկավ քաղաք շրջագայելու: Նրան ուղեկցում էր Սանատրուկը: Առաջին անգամ դղյակի մուտքից դուրս գալիս արքայազնի սիրտը թպրտաց: Պահակները նրան տեսնելով զգաստացան:

Ձմեռ էր: Տիզբոնի նեղլիկ փողոցներում հետիոտն անցվորները կարող էին կարմրավուն ցեխի մեջ խրվել մինչև գոտկատեղը:

Սանատրուկը նրան քաղաքի մասին բացատրություններ էր տալիս: Բայց, երբ նա արքայազնին հասկացրեց, որ դղյակի մյուս բաժինների իր հարևանները արքայից-արքայի հարճերն են, Տիգրանի դեմքը քրտնեց:

_Ետ դառնանք,_կտրուկ հրամայեց արքայազնը:

_Ինչո՞ւ,_ Տիգրանի այլայլված դեմքից երկյուղած հարցրեց Սանատրուկը:

_Դուք՝ պարթևներդ, ոչ միայն կարող եք հոշոտել մեր քաղցրալուր լեզուն, այլև պայազատների սրտերը, ուրեմն քո արքայից-արքայի աչքում ես մի հարճի՞ կշիռ ունեմ, ինչ է, որ ինձ բնակեցրել է հարճերի կողքին: Դառնանք շուտ:

Ետ դարձան: Իր մենավոր խցում, չկարողանալով զսպել զայրույթը, անդադար անցուդարձ էր անում: Նրա սրտում ծնունդ առավ մի նոր զգացում: Երբևէ վրեժխնդիր լինել Միհրդատից, պարթևներից: Նրա մտքերը սլացան հեռու: Երբ ինքը գահ բարձրանա, հարյուր հազար հայկական այրուձիով առաջին հերթին կարշավի պարթևների դեմ և ծունկի կբերի նրանց: Հետո կարշավի դեպի Անտիոք, կգրավի Մեծ ծովի ափերը: Հռոմը կդողա հայկական հզորությունից և ետ կքաշվի փոքրասիական իր պրովինցիաներից:

Բայց չէ՞ որ այժմ ինքը պատանդ է, որը քառապատիկ վատ է, քան գերի լինելը: Իր ազատությունը կախված է միայն հոր՝ Տիգրան արքայի վախճանից: Բայց գուցե անվախճան մնա հայրը, գուցե աստվածները մի քանի դար կյանք շնորհեն նրան: Եվ ի՞նչ օրենք է սա: Մեկի ազատությունը պայմանավորվում է մյուսի մահով: Խեղճ արքայազնամայր, երևի հիմա դու խնդրում ես աստվածներին, որ թագավոր ամուսինդ շուտ մահանա, միայն թե հարազատ որդուդ տեսնես օտար աշխարհից ազատված: Իսկ հա՞յրը:

Հայրը հիմա չկա, բայց ինքը դեռ պատանդ է: Խորամանկում է Միհրդատ Մեծը: Յոթանասուն հովիտ ու յոթ հազար պա՞յտ: Երևի ձգտում է իր կամքը թելադրել ինձ, ապահովում է իր երկրի արևմտյան սահմանը: Հետո՞, հետո ինչ: Երազում է Հայոց աշխարհում է՞լ ինձ պատանդ պահել: Գուցե սխալվեցի ես, որ մերժեցի կնության առնել Միհրդատի գեղեցկուհի դստերը: Գուցե այդ դեպքում Միհրդատը ինձ համարեր իր ազգական, և ամենևին խոսք չլիներ յոթանասուն հովտի մասին: Բայց ինչպե՞ս կարող էի ամուսնանալ պարթևուհու հետ: Չէ՞ որ ինձ պատանդ է վերցրել նրա հայրը: Չէ՞ որ ես առաջին Արտշեսյան պայազատն եմ, որ պատանդ մականունը ստացա: Հայքում իմ անունը չեն տալիս, պատանդ են կոչում: Ոչ, ես չէի կարող իմ արյունը խառնել պարթևականին: Դա կմթագներ Հայոց աշխարհը հզոր ու ինքնուրույն տեսնելու իմ երազանքը: Յոթանասուն հովիտը կարելի է ետ նվաճել, բայց պարթևուհուց ծնված հայկազուն պայազատից չես կարող քամել պարթևական արյունը, ներեցեք ինձ աստվածներդ հայոց, որ ես ստիպված եմ յոթանասուն հովիտ զիճել Միհրդատին: Դաժան մի լինեք իմ հանդեպ, մտածելով, թե ես հորս հիշատակը հավերժացնում եմ պարթևներին հայկական գավառներ նվիրաբերելով: Դուք շատ ուշ եք ձեռք մեկնում ինձ: Չէ՞ որ ես հիմա քառասունհինգ տարեկան եմ: Ես շատ եմ ուշացել: Մեծն Ալեքսանդրն աշխարհում երեսուներեք տարի ապրեց: Իսկ դուք իմ ձեռքին սուր եք դնում հիմա: Ծաղրո՞ւմ եք ինձ, ինչ է: Էլ ինչպե՞ս կարող եմ հասնել մեծերի հետևից: Ի՞նչ, նախապատրաստե՞լ եք ինձ: Նախապատրաստել եք քառասունհինգ տարի՞: Այդ ինչքա՞ն կյանք եք շնորհել ինձ, որ քառասունհինգը հատկացրիք իմ կամքը կոփելուն: Լռում եք: Իսկ ինչո՞ւ եք լռում: Կարող եմ նվաճել ամբողջ աշխա՞րհը: Օ, ոչ , ես հայկազուն եմ, աշխարհն ինձ պետք չէ, օգնեցեք միայն ապահով դարձնել Հայոց աշխարհը:

շարունակելի

Link to post
Share on other sites

Arm_Lionne, очень хочется почитать продолжение....

Գոռն ջան շուտով կտպեմ: Կներեք դանդաղ առաջանալու համար, պարզապես ուսումնական տարին սկսվել է, ազատ ժամանակ շատ չունեմ:

Չէի սպասում Ձեզ էլ ընթերցողների շարքում տեսնել: Շատ ուրախ եմ :flower:

Link to post
Share on other sites

Տիգրանը շփեց ճակատը, ոտքի ելավ ու քայլեց դեպի դուռը: Նա ամուր գոցեց սենյակի դռան սողնակը և նորից մոտեցավ թախտին: Բարձի տակից հանեց Մեծ Արտաշեսի պատգամենրը տարեգրող հաստափոր մատյանը, շրջեց առաջին մագաղաթն ու սկսեց բարձրաձայն կարդալ.

" Եվ դու պայազատդ հայկազուն, որ բախտ կունենաս թերթելու մատյանն այս, գիտցիր, որ հայրենիքը քո բաժանված է երեք մասի:

Ես ջանացի անդուլ, որ Ծոփքը միանա մեր բնաշխարհին, բայց Զարեհը ցանկանում էր իր գլխին ունենալ այնպիսի թագ, ինչպիսին իմ գլխին է:

Ես կռիվ տվի Զարեհի դեմ, բայց Գամիրքը օգնեց Զարեհին, և իմ այրուձին նահանջեց:

Ես կռիվ տվի Պոնտոսի սահմանակից Փոքր Հայքի դեմ, բայց այստեղ էլ մեր արյունակիցները նախընտրեցին մնալ Պոնտոսից կախյալ վիճակում, քան մտնել հայրենիքի գիրկը:

Չհաջողվեց ինձ, ով դու, պայազատդ հայկազուն, միավորել հայոց ծվատված հողերը: Փորձիր այդ բանն անել ինքդ, և եթե քեզ էլ չհաջողվի, ավանդիր քո որդոց նույնը: Կկորչի աշխարհի վրա հայ ազգը, եթե ի մի չձուլվի, կկորչեն հայրենախոս մեր լեզուն ու երգը, եթե հայերը շարունակեն անջատված մնալ իրարից:

Հայը շնորհաշատ է: Աստվածները նրան՝ այս հին աշխարհի հին բնակչին, պատվիրել են քայլել դեպի հեռավոր գալիքները, իր հարևան ազգերի հետ դառնալ հավերժության ուղեկիցը: Նա քաջայր է և կռվի մեջ ետ չի մնա ոչ պարթևից, ոչ էլ հելլենից: Նա գիտե երկնահաս տաճարներ կառուցել և շարժել հին ու նոր աստվածների նախանձը: Նա կարող է անտաշ քարի վրա այնպես գեղազարդել աստվածներին, որ վերջիններս պապանձվեն գոհունակությունից: Հայը կարող է ժայռը դնել ժայռի գլխին, ուսել հսկա գերանը և ելնել Մասիսն ի վեր: Նա կարող է նաև ուսել ամենածանր տառապանքը, հելլենի ու պարթևի հետ դուրս գալ մրցասպարեզ և հաղթել:

Եվ դու, պայազատդ հայկազուն, մի թողնիր, որ հայն իր շնորհները շաղ տա աշխարհի բոլոր անկյուններում: Օտար երկրում հայը թեկուզ կառուցի ամենաշքեղ պալատը, միևնույն է, այդ երկրի սերունդները չեն տա նրա անունը: Բայց թե նա իր երկրում թողնի թեկուզ մի սրբատաշ քար, դարերի փոշին չի կարող նստել նրա անվան վրա:

Հայը օտարի համար չափազանց լավ հարևան է: Բայց դու, պայազատդ հայկազուն, սովորեցրու նրան, որ նա միայն լավ հարևա լինի, որ հարևանին դուր գալու համար չհանդերձափոխվի նրա պես, խոսի նրա լեզվով, ամեն ինչում աշխատի նմանվել նրան: Այս մեծ աշխարհում մարդու ամենամեծ արատը նմանվելու գայթակղությունն է: Ով աշխատում է նմանվել, նա կորցնում է իրեն " :

Արքայազնը հայացքը կտրեց մագաղաթից և գլուխն առավ ափերի մեջ:

Նա նորից ձեռքը տարավ դեպի մատյանը և բացեց հաջորդ մագաղաթը: Հուշել է Մեծն Արտաշեսը, և արքայական մատենագիրը ողորկ մագաղաթի վրա հունատառերով քերթել նրա մտքերը:

" Իմ կյանքն անցավ կռիվների մեջ, ով դու, պայազատդ հայկազուն: Տեսա ես թշնամուն առերես, հարվածեցի նրան, որ մաքրեմ մեր տունը, բայց մի քանի սենյակներում նա թաք կացավ: Ես գիտեմ, նա նորից կգրոհի: Եվ դու մի սպասիր, թե կգրոհեն միայն մի կողմից: Թշնամին կարող է Հայոց աշխարհի վրա հարձակվել բոլոր կողմերից, քանզի պարսպապատ չէ այն ":

Արքայազն Տիգրանը շուռ տվեց հաջորդ մագաղաթը, հայացքը դարձրեց փոքրիկ սենյակը հազիվ լուսավորվող ճրագը ու սկսեց երազել:

_Թող վկա լինեն հայոց բոլոր աստվածները. ես երդվում եմ ի կատար ածել իմ մեծագույն պապի սուրբ պատգամենրը: Ներիր ինձ, պապ, Մեծդ Արտաշեսյան, ես ստիպված եմ հիմա յոթանասուն հովիտ զիճել պարթևին, բայց հենց վերադառնամ Հայոց աշխարհ՝ գիտեմ, թե ինչ լեզվով կխոսեմ պարթևի հետ:

Մի պահ լռեց ու նորից շարունակեց:

_Դու լսո՞ւմ ես, պապ: Չէ´, Հայոց աշխարհը այսպես չի մնա: Ես չեմ հանդուրժի, որ հայկական տան սահմաններում հրամաններ արձակեն պարթևն ու հելլենը: Թող նրանք նստեն իրենց տներում, հանգիստ պահեն իրենց և աչքը չտնկեն մեր լեռների վրա: Դու լսո՞ւմ ես, պապ:

Լեռներ ու լեզու, ուրիշ էլ ի՞նչ է ավանդել Հայկ նահապետը: Կորցնես լեռները, կկորչի և լեզուն, կորցնես լեզուն՝ այդ լեռներն աչքիդ հարթություն կերևան: Ես կպահեմ մեր լեռների պես հպարտ ու անկոտրում մեր լեզուն, ես կպահեմ հայոց լեզվի պես հպարտ ու անկոտրում մեր լեռները:

Գիշերն ալարկոտի պես փռվեց Տիսբոնի վրա և խոր քուն մտավ: Երրորդ աքլորականչին նա հազիվ ճպճպացրեց աչքերը և սկսեց շարժվել տեղից:

Գիշերի պես երկարեցին Տիգրանի խորհրդածությունները:

Լուսադեմին արքայազնը լսեց դռան փափուկ թխթխկոց: Նա ետ տարավ սողնակը: Պարթևի համազգեստով շեմին կանգնել էր զինավառ մի երիտասարդ: Տիգրանը ներս հրավիրեց նրան:

_Դու գունատ ես երևում,_ հայացքը չկտրելով երիտասարդի դեմքից, ասած Տիգրանը:

_ Ես շտապում էի, տեր իմ:

_ Եվ:

_Դավադիրները մտադրվել են քո շքախմբի առաջը կտրել Խուլփի ափին:

_Ո՞վ պետք է նրանց տեղյակ պահի, թե երբ եմ ես դուրս գալու Տիզբոնից:

_Տիզբոնում գտնվող նրանց լրտեսները:

_Իսկ եթե ես Արտաշատ վերադառնամ Կապուտանի ափով:

_Բայց Հայոց արքունիքն ու բանակը քեզ սպասում են Աղձնիքում, Տիզբոնից Աղձնիք կարելի է հասնել մի քանի օրում, իսկ Արտաշատի վրայով...

_Այդպես են համոզված նաև դավադիրնե՞րը:

_Նրանք չեն էլ կասկածում, թե դու ուրիշ երթուղի կընտրես:

_Եվ նրանք չեն էլ սխալվում:

_Ի՞նչ, դու որոշել ես ընդառաջ գնալ վտանգին:

_Այո:

_Այդ դեպքում դու ստիպված կլինես Միհրդատից պահանջել, որ մի ամբողջ զորամաս նա ուղեկից դարձնի քո շքախմբին:

_Ոչ, Միհրդատ Մեծին ես չեմ հայտնի այդ մասին: Այս նամակը դու պետք է հասցնես եղբորս ՝ արքայազն Գուրին: Ես Տիզբոնից դուրս կգամ այն ժամանակ, երբ դու իմաց տաս, որ Գուրն ստացել է նամակը:

Զինավառ երիտասարդը ժպտաց, գլխով համաձայնության նշան արեց և, հրաժեշտ տալով արքայազնին, դուրս եկավ նրա ննջարանից:

Երկու օր հետո պալատում Միհրդատ Մեծը արքայական հրովարտակով ազդարարեց Տիգրանի պատանդությունից ազատվելը և Հայոց արքա դառնալը: Տիգրանն ստորագրեց այն պայմանագիրը, որով նա հրաժարվում էր Կապուտան ծովակի շրջակա աշխարհի յոթանասուն հովտից: Միհրդատ Մեծին յոթ հազար պայտ հանձնելու ժամկետը սահմանվեց տասը տարի: Արքայից-արքան խոստացավ իր թիկնապահ զորամասերից մեկը տալ, որը պետք է ուղեկցեր նրան դեպի Հայոց աշխարհը:

Գահաժառանգը իր շքախմբով և պարթևաց թիկնապահ զորքով որոշեց Տիզբոնից դուրս գալ և դեպի հայրենիք ուղևորվել այն ճանապարհով, որն ուղիղ տանում էր Աղձնիք, և որտեղ նրան սպասում էր Գուրը:

Մի քանի օր հետո, երբ արքայազն Տիգրանը ճամփա ընկավ դեպի Հայոց աշխարհ, Արշամը ոտքը ձիու ասպանդակին դնելով, մտքում ասած . " Առյուծի ձագը փրկվեց գայլի ճանկերից" :

Վերջ (այս հատվածին)

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...