Satenik Posted October 24, 2006 Report Share Posted October 24, 2006 Հովհաննես Ա Մանդակունի,Սուրբ Հովհան Մանդակունի, հինգերորդ դարի եկեղեցական նշանավոր գործիչ և մատենագիր: Ծնվել է մոտավորապես 403 թ. Տուրուբերանի Արշամունիք գավառի Ծախնոտ գյուղում: Եղել է Մաշտոցի և Սահակի արժանավոր սաներից, բարձրագույն կրթություն ստացել հունական մշակույթի կենտրոններում՝ ձեռք բերելով հունարեն լեզվի և քրիստոնեական գրականության խոր իմացություն: 478 թ., յոթանասունհինգամյա հասակում, բարձրացել է հայոց հայրապետական գահին: Ոգեշնչողն է եղել և մասնակիցը Վահան Մամիկոնյան սպարապետի գլխավորած հայ երկրորդ ազատագրական պատերազմի: Խոսրովակերտի ճակատամարտում (482 թ.) ձիուց վայր է ընկել և վնասվածք ստացել: Շուրջ 12 տարի վարելով հայոց կաթողիկոսի պաշտոնը՝ զարկ է տվել եկեղեցաշինությանը: Նրա խորհրդով է Վահան Մամիկոնյանը վերաշինել Վաղարշապատի կաթուղիկեն: Վախճանվել է 490 թ. և թաղվել Շիրակի Բեռնոս գյուղում: Մեծ է Մանդակունու ներդրումը հայ եկեղեցական մատենագրության մեջ: Նա կարգավորել է ժամագիրքը, Մաշտոց ժողովածուն հարստացրել բազմաթիվ օրհնություններով ու ծիսական կարգերով: Նրան են պատկանում Ժամագրքի մաս կազմող "Զարթուցեալքս ամենեքեան" քարոզը, "Զքէն գոհանամք" աղոթքը, Մաշտոց ծիսամատյանի մեջ մտած մկրտության, պսակ, խաչ, եկեղեցի, հիմնարկեքի, ավազան, սկիհ, մաղզմա, գիրք և պաշտամունքի հանդերձ, ժամահար, ինչպես նաև՝ սրկավագ, քահանա, եպիսկոպոս օրհնելու կարգերը: Հունարենից թարգմանել է Գրիգոր Նազիանզացու պատարագամատույցները, որոնցից մեկը (սխալմամբ վերագրված Աթանաս Աղեքսանդրացուն) 5-րդ դ. վերջին քառորդից սկսած մինչև 10-12-րդ դդ. հայ եկեղեցում համընդհանուր կիրառում ստացած պատարագն է եղել: Մատենագիտական հին ցանկերը Մանդակունուն համարում են բավական թվով շարականների հեղինակ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.