Jump to content

Առաջին Հանրապետության Կառավարության շե&#


Recommended Posts

ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԾ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԶՈՒԳԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ

«Ազգ» օրաթերթ, #243, 20/12/2006

http://www.azg.am/?num=2006122016&lang=AR

200624303.jpg

Առաջին հանրապետության կառավարության պատմական շենքն արդեն ամրակայվում է

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հեղինակային նախագծով Հայաստանի առաջին հանրապետության կառավարության շենքը (Հանրապետության 37) կդառնա Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակը: Շենքը հիմնովին քանդելու մասին հայտարարությունները ճարտարապետը համարում է անհիմն եւ անտեղի, որովհետեւ իր մտահղացմամբ վերականգնողական աշխատանքները կատարվելու են առանց արտաքին պատերին դիպչելու: «Ծածկից բացի, ոչինչ չի քանդվելու, չնայած շենքը ֆիզիկապես բավականին տխուր վիճակում է: Տասն օր առաջ տանիքը քանդող շինարարներն ինձ ահազանգեցին, որ դրսի պատերի վրա ճաքեր կան: Ուշադիր զննելուց հետո համոզվեցինք, որ Հանրապետության փողոցին նայող պատը 10 սմ ճեղք ունի: Տեղնուտեղը միջոցառումներ անցկացրինք, որպեսզի տանիքը քանդելու ընթացքում ճեղքն ավելի չխորանա:

Մեր նախագծով շենքի ներսում սյուներ են դրվելու ու կապվելու են դրսի պատերին: Հիմքից կքանդվի միայն շենքի մի մասը՝ նկուղով, որովհետեւ այդ մասում սաստիկ խոնավ է՝ ոչ բարձր որակի տուֆով կառուցված լինելու պատճառով: Դա հնարավորություն կտա նորացնելու նկուղը եւ ամրացնելու շենքի հիմքերն ամբողջ պարագծով: Երկու հարկերի պատերն ու նկուղը ներսից կկապվեն երկաթբետոնե նոր կմախքին, այդպես հնարավոր կլինի փրկել ժամանակի ընթացքում տարբեր փոփոխությունների ենթարկված այս պատմական շենքը»: Ճարտարապետի ասելով, շենքի ամենահին մասը Հանրապետության եւ Տիգրան Մեծի փողոցներին նայող հատվածն է: Կառավարության ներկայիս շենքին նայող մասը կառուցվել է մոտ 50 տարի առաջ, իսկ երրորդ կցակառույցն ավելացվել է ավելի ուշ: Հենց վերջինն էլ հարկավոր է քանդել, «որովհետեւ ոչ հուշարձան է, ոչ էլ որեւէ արժեք է ներկայացնում»:

Ճակատային մասի զարդաքանդակները նույնությամբ պահպանելու համար վերականգնման աշխատանքները կատարվում են չափազանց նրբորեն: Փայտյա ծածկերը քանդելու ժամանակ նկատել են, որ ճակատի ցցուն զարդերն արդեն ճոճվում են: Դրանք զգուշորեն հանել են, որպեսզի նորից տեղադրեն` ամրացնելու նպատակով դրանց մեջ երկաթ դնելուց հետո:

Պատմամշակութային այս շենքն, անկասկած, վաղուց արդեն փլատակների վերածված կլիներ, եթե ունենար մեկ ուրիշ սեփականատեր ու ճարտարապետ: Քարերը նրբորեն ամրացվելու փոխարեն ձեւականորեն կհամարակալվեին ու կիսով չափ ջարդուխուրդ արվելուց հետո ով գիտի որտեղ կհայտնվեին:

«Ապամոնտաժումը լավ բան չէ, դրանից անպայման մի բան վնասվում է, շենքի ճարտարապետական տեսքը՝ խաթարվում: Ապամոնտաժման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ շենքի փայտե ծածկերը քանդելուց պարզվում է, որ պատերը հնարավոր չէ պահել: Պատմամշակութային մյուս շենքերի պես, այս շենքը նույնպես կառուցված է Երեւանի ընդերքից հանվող տուֆից: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հնարավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնցով հնարավոր կլինի շենքը վերականգնել առանց քանդելու: Երկհարկանի շենքի վրա ավելացրել ենք եւս 2 հարկ: Այնպես ենք արել, որ նոր միջամտությունն ընդգծված լինի», ասում է ճարտարապետը:

Երեւանի կենտրոնի նորակառույց բազմահարկերի կողքին պատմամշակութային շենքերի տեսքն առավել գրավիչ դարձնելու համար, նրա կարծիքով, պետք է արվեն հնի եւ նորի ներդաշնակ համադրությամբ աչքի ընկնող ճարտարապետական նախագծեր: «Ասում ենք Երեւանը 2788 տարեկան է, բայց արդեն իսկ քաղաքում 100 տարվա պատմություն ունեցող մի շենք չենք կարող ցույց տալ: Ծայրահեղ մոտեցումները միշտ էլ վտանգավոր են ու տանում են կործանման: Պետք է գտնել այն ոսկե միջինը, որ քաղաքի զարգացման հետ հուշարձանները պահպանվեն: Պատմամշակութային շենքերը համարակալելով քանդելն ու նոր տեղում ապամոնտաժելը խիստ ուշացած քայլ է: Մի քիչ նման է վրացիների վերականգնած հին Թիֆլիսին, որը ոչ թե քաղաքի իրական պատմությունն է, այլ թատերական դեկորացիա: Եթե նույնն ենք ուզում անել, սխալ ճանապարհ է: Եթե պատմական շերտը պահպանում ենք, պիտի պահպանենք այնպես, ինչպես եղել է: Հիշում եմ, օրինակ, Աբովյան փողոցում բարդու ծառեր կային, փողոցի 2 կողմում՝ առվակներ: Դրանք ավելի պակաս հուշարձաններ չէին, քան կողքի շենքերը, որ քանդեցին ու նույն տեղում սպիտակ տներ կառուցեցին: Առվակները մեր միջավայրի ու ապրելակերպի մի մասն էին: Սա լուրջ հարց է, եւ եթե հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել, ապա բարբարոսաբար քանդելու փոխարեն պետք է նոր կյանք տալ այդ շենքերին»:

Կարելի էր, չէ՞, հին Երեւանը պահպանել: «Իհարկե կարելի էր: Լավագույն փողոցը Հանրապետության՝ նախկին Ալավերդյանն էր, հետո Արամի, Բուզանդի փողոցները, պարզապես վերջիններում մի բարդություն կար: Այնտեղ շենքերը հաջորդական դասավորությամբ չէին՝ լավ շենքի կողքին կային նաեւ վատերը, միջավայրը ամբողջական չէր: Պահելու դեպքում պետք էր արանքները ներդաշնակ դարձնել, որ դրանք մենակ չթվային:

Մի խոսքով, այս հարցը շատ բարդ է: Մենք մեր պատմությունը պիտի պահպանենք, հասկանալով, որ հանված յուրաքանչյուր էջ վատ բան է, նաեւ 20-րդ դարի կառույցները քանդելը՝ «Սեւան» հյուրանոց, Երիտասարդական պալատ, Հանրապետության հրապարակի պատվանդան: 1950-60-ականների հրաշալի շենքեր կան Երեւանում, կառուցված ճարտարապետներ Զավեն Բախշինյանի, Կորյուն Հակոբյանի, Սամվել Սաֆարյանի նախագծերով, բայց դրանց մասին ոչ ոք չի խոսում: 50 տարի հետո դրանք էլ արժեքավոր կլինեն, բայց արդեն սկսել են դրանք էլ մաս-մաս աղավաղելով ոչնչացնել:

Այս ամենն անընդունելի է ինձ համար, որովհետեւ մշակույթը պիտի շարունակական լինի, պետք է կուտակման ճանապարհով գնալ, ոչ թե քանդել - կառուցելու: Դա ի՞նչ ճանապարհ է: Մեր ձայնը չեն լսում, եթե մեր խոսքն անցներ, այսպես չէր լինի, մենք ասում ենք, բղավում, բայց իրենք իրենց ուզածն անում են, որովհետեւ սեփականատերերը փող են տալիս: Նրանց համար ի՜նչ պատմություն, ի՜նչ բան»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Link to post
Share on other sites

Ի՞նչ կարծիքի եք:

Այնուամենայնիվ, ես համոզված չեմ որ այս նախագիծը ճիշտ լուծում է: Պատմական այսպիսզի շենքերը, իմ կարծիքով, պետք է վերականգնվեն առանց շենքի սկզբնական տեսքի մեջ փոփոխություններ մտցնելու:

Թեկուզ իհարկե, իրոք ավելի լավ է այսպես քանց թե ընդհանրապես քանդեն-ոչնչացնեն, ինչպես այսօր մեր մոտ ընդունված է:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...