Jump to content

ՍԱՐՄԵՆ


Recommended Posts

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

(Դասական Ուղղագրութեամբ)

Գրեց՝ Սարմեն

Ա

Աշնան միջօրէն շռայլ պերճութեամբ

Գունազարդել է դաշտն Արարատեան,

Երկինքը լազուր, երկինքը անամպ

Փռւել է որպէս անպարփակ ովկիան:

Ամենուր գոյնե՜ր, գոյնե՜ր ու գոյնե՜ր,

Ոսկեզօծւել են և´ դաշտ, և´ այգի,

Մասիսներն այնպէս հաստատ են կանգնել,

Որ կարծես սիւներ լինեն երկնքի:

Անդորր է չորս դին. հովը չի փչում,

Չեն դողում ո´չ շիւղ, ո´չ տերև, ո´չ ծառ,

Երգով գնում է կռունկների չուն,

Դէպի հեռաւո՜ր արևոտ աշխարհ:

Այդ խաղաղ պահին, թագաւորանիստ

Վաղարշապատի իր ապարանքում,

Մթնած, մտախոհ, անքուն, անհանգիստ,

Մի մարդ էր ցաւից մերթ ընդ մերթ տնքում:

Նրա մահճի մօտ նստել էին լուռ

Ազնւատոհմիկ երկու այր հասուն.

Մէկը հագել էր սքեմ սևաթոյր,

Մէկը կապել էր զօրականի սուր:

Հիւանդը նստեց՝ բարձին հենւելով,

Հայրաբար նայեց այցելուներին,

Բացելով հոգու խորքերը խռով,

Այսպէս սկսեց խօսքն իր մտերիմ.

-- Ծերութիւնը ինձ ուզում է յաղթել,

Երկնքից մի ձայն կանչում է՝ արի,

Երբ իմ տենչերը անկատար են դեռ,

Եւ ծանր է բախտը հայոց աշխարհի:

Մենք չունենք հիմա թագաւորութիւն,

Խլել են մեզնից թէ´ թագ, թէ´ երկիր,

Մենք չունենք հիմա Լուսաւորչի տուն,

Սահակ Պարթևը մեռաւ տարագիր:

Եւ ես խորհում եմ, խորհում անդադար,

Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս,

Պիտի կորնչի հայն ստեղծարար,

Թէ՞ պիտի ապրի ինչպէս այս Մասիս: -

Ասաց ու ձեռքը պարզեց Մասիսին,

Որ այդ վայրկեանին ննջում էր կարծես,

Այնքան վճիտ էր, այնքան անբասիր

Նրա հայացքը խորն ու վեհատես:

Մի պահ լռեց նա ու հաստատ ասաց.

--Ո´չ, մենք չենք կորչի, մենք կապրենք անմեռ,

Եւ ոչ Հոռոմը, ոչ ազգը Արեաց

Չեն կարող ընկճել ժողովուրդը մեր:

Երբ նա խօսում էր, զինւորականի

Աչքերը հրով բոցկլտում էին,

Սքեմաւորը նման արձանի

Լսում էր նրան լո՜ւռ, երազային:

Յետոյ զրոյցը հոսեց այլ հունով.

Զւարթացել էր դահլիճը լռին,

Խօսում էր յուզւած, այրող աւիւնով,

Կեանքի կրակում կոփւած ծերունին:

--Քիչ ես երևում Վարդան սիրելիս, -

Դիմեց տանտէրը զինւորականին, -

Ա´յ մեր Կորիւնը յաճախ է գալիս, -

Ասաց, նայելով իր խոնարհ սանին:

--Ուր էլ լինենք մենք, մեր սրբազան հայր

Դու մեր սրտումն ես,- ասաց Վարդանը, -

Մենք աղօթում ենք քո կեանքի համար

Քեզնով հպարտ է ողջ Հայաստանը:

--Զօրանաս, որդի´, դու Մամիկոնեան

Դիւցազուն տոհմի շառաւիղն ես քաջ,

Թուրըդ սուր պահիր, կրակըդ՝ վառման,

Դեռ շա՜տ փորձութիւն, դաւ կայ մեր առաջ:

Յանկարծ խզելով վայրկեանն անշշունջ,

Թնդաց հայրենի նորաստեղծ մի երգ,

Պատանիների վառվռուն մի փունջ

Երգով գալիս էր դաշտից լիաբերք:

Մայրենի լեզուն զնգում էր զւարթ,

Այնպէ՜ս հմայիչ, այնպէ՜ս կենսալի,

Կարծես կարկաչով լցրած մարգ ու արտ՝

Ուրախ հոսում էր գետակը սարի:

Երգն այս պարուրեց թախծող ծերուկին,

Ու նա ջերմացած՝ գոչեց սրտագին. -

-Ոչ, դու միշտ կապրես, չես մեռնի երբէք,

Հայրենի բարբառ, հայրենական երգ:

Ու կարծես մի պահ մոռացաւ և´ ցաւ,

Ե´ւ հիւանդութիւն, և´ խոր ծերութիւն.

Տօթակէզ հոգին կարծես հովացաւ,

Եւ անդորր տիրեց ալեկոծ սրտում:

Կորիւնն ուզում էր ինչ-որ բան ասել,

Բայց տեսաւ՝ խօսքը հեռուներ գնաց,

Կանգնեց՝ աչքերում անսահման մի սէր

Դէպի անկոտրում մարդն այդ մենակեաց:

Վեր կացաւ նաև Վարդանն առնական՝

Թաւ յօնքերի տակ աչքերն հրացայտ,

Թիկնեղ, թևերը երկաթամկան

Ու սև մազերում թելիկներ արծաթ:

Հրաժեշտ տալով սիրելի մարդուն,

Փողոց դուրս եկան նրանք միասին.

Դղեակում նորից տիրեց լռութիւն,

Պատուհանի տակ թախծում էր սոսին:

Այս խիստ հաճելի այցելութիւնից

Կարծես կեանք առաւ բեկւած ծերունին,

Ուժ տւեց բազկին, վեր ելաւ մահճից,

Հագաւ սքեմը՝ կռթնելով սիւնին:

Ծաղկազարդ գորգով մի քանի անգամ

Դատարկ դահլիճը չափեց ծայրից ծայր,

Արծւաքիթ էր նա, դէմքը՝ առնական,

Ճակատը՝ խոհուն, աչքերը՝ պայծառ:

Յաղթահասակ էր, բայց քիչ կորացած,

Կրծքին փառահեղ ձիւնահեր միրուք,

Թէև իր գլխին ձմեռ էր նստած,

Բայց դեռ ամուր էր և հոգով առոյգ:

Մօտեցաւ, բացեց Աստւածաշունչը

Ու Սաղմոս կարդաց մի քանի բերան.

Անդորրութիւն էր հեռուն ու շուրջը,

Լոկ օրօրւում էր սոսին գեղիրան:

Աշնան արևի անխառն ոսկին,

Անուշ մեղմութեամբ անձրևում էր ցած.

Նա խոհուն նստեց գահաւորակին՝

Դաշտի, փշատի բոյրով արբեցած:

Յիշեց Հացեկաց գիւղն իր հայրենի,

Կարօտով յիշեց Սահակ Պարթևին,

Որի հետ յիսուն տքնաջան տարի

Այրւելով, կեանքին, մարդուն լոյս տւին:

Ու մէկ-մէկ յիշեց սիրած սաներին -

Մովսեսին՝ այնքան խրոխտ ու խոկուն

Մամբրէին՝ այնպէս երազկոտ, լռին,

Ղևոնդ երեցին՝ բուռն ու փոթորկուն:

Ու կամաց-կամաց թմբիրը տիրեց,

Եւ լուռ յանձնւեց նա Մորփէոսին,

Որպէս սրտակից ու եղբայր տարեց,

Պատուհանի տակ երգում էր սոսին:

Բ

Զանգերի տխուր, գուժկան ղօղանջով

Բացւում է օրը խստաշունչ ձմռան.

Անվերջ, ալեկոծ մարդկային մի ծով

Հոսում-յորդում է դէպի Վեհարան:

Այնտեղ դագաղում ննջում է մի մարդ,

Հայոց առաջին ուսուցիչը մեծ.

Ընկել է կաղնին, կաղնին խորարմատ,

Եւ արդ, անտառն է հեծում հողմածեծ:

Լցւել է արդէն վանքի շրջական,

Բայց մարդիկ դարձեալ գալիս են, գալիս.

Մի մայր գրկել է մեղմանուշ մանկան,

Տան դռան կանգնած նայում է, լալիս:

Բոլորի դէմքին՝ վհատանք ու վիշտ,

Ծիծաղը կարծես ջնջւել է հողից,

Սևեր են կապել պալատ ու խրճիթ,

Ձիւնը մաղւում է որպէս նուրբ թախիծ:

Բիւր-հազարաւոր աչքեր են յառած

Դէպ Վեհարանի ապարանքը մեծ.

Մի խուլ փսփսուկ ծայր առաւ յանկարծ,

Շրթից-շուրթ անցաւ ժողովրդի մէջ.

--Բերո՜ւմ են, նայէ´ք, բերո՜ւմ են սրբին…

Եւ ահա քայլքով համընթաց, դանդաղ,

Ջերմեռանդութեամբ, քնքշութեամբ նրբին

Դուրս բերին մի սև, ոսկերիզ դագաղ:

Վարդան, Հմայակ Մամիկոնեաններ,

Եւ Ամատունի իշխանը՝ Վահան,

Եւ եօթը պարթև երիտասարդներ

Դագաղը ուսած՝ բերում են ահա:

Ճեղքւում է ծովը և ճամբայ բացում,

Թափորը հանդարտ շարժւում է առաջ,

Նորից յոյզերի խուլ ալեկոծում,

Ե´ւ լաց, և´ մրմունջ, և´ ողբ, և´ հառաչ:

Ջահերի լոյսը մշուշն է ցրում,

Թաղման երգերը հնչում են տխուր,

Այրւում է սիրտը վշտի բոցերում,

Ցաւը դառնում է հանուր-ընդհանուր:

Երկար է ճամբան, բքոտ է ճամբան,

Բայց կարծես ցուրտ չէ, այլ կիզիչ ամառ,

Արագածի տակ փորւած է դամբան

Մեծ լուսաւորչի աճիւնի համար:

Վահան իշխանը, քաջ Ամատունին՝

Հազարապետը հողին հայկական,

Տեղատարափին, ցրտաբեր ձիւնին

Թափօրն ուղղում է դէպի Օշական:

Ճամբին մարդկային խուռներամ խմբեր

Գալիս ձուլւում են այս լաց ու կոծին,

Որ վերջին անգամ տեսնեն լուսաբեր

Այն հացեկացի հրաշագործին:

Անցնում է անվերջ դագաղն ուսից-ուս,

Որպէս սուրբ մասունք՝ չեն դնում գետին.

Հասան Քասախին՝ մեր փոթորկայոյզ

Յաւերժ հառաչող հայրենի գետին:

Նոր ու կամարուն կամրջի ծայրին

Թափորը կանգնեց քիչ հանգստանայ,

Որպէս սրտաբեկ սգաւոր այրի,

Գետն է բարձրաձայն արտասւում հիմա:

Մի պահ… և ահա սգերթը կանգնեց

Օշական շէնի այն ցածրիկ բլրին,

Ուր ձիւնի անծայր ճերմակութեան մէջ,

Մի թափուր սև փոս թախծում է լռին:

Եւ Ամատունեաց իշխանը ահա

Գլխաբաց կանգնած փոսի եզերքին,

Ձայնով դողդոջուն, հոգով վշտահար,

Սրտի խօսքով է դիմում ամենքին.

--Հայե՜ր, մենք այսօր մեր այս սուրբ հողում

Մեր ամենամեծ հային ենք թաղում:

Մեսրոպ վարդապե՜տ. սա մի սրբազան,

Սա մի թանկագին անուն չէ միայն,

Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի,

Եւ դարեր, դարեր նման մի ջահի

Մեր ճամբին պիտի շողայ ու վառւի,

Որ հայն ապրի միշտ ու չմոլորւի:

Խոնարհւենք այս սուրբ աճիւնի առաջ…

Եւ երբ իշխանը այս խօսքը ասաց,

Բաց գլուխների մի թանձր անտառ

Խոնարհւեց, իջաւ տխուր ու անբառ…

Յետոյ տխրահունչ աղօթաերգի,

Հազար սրտերի հառաչանքի տակ,

Զսպած կսկիծը արնածոր վէրքի,

Իշխան Վահանը, քաջն Հմայակ,

Կորիւնն ու Գիւտը, Եզնիկ Կողբացին

Ննջեցեալի դին հողին յանձնեցին…

Վարդանն առաջին ափ հողը լցրեց

Իր ուսուցչի անբիծ աճիւնին,

Յետոյ՝ Եզնիկը, Յովսէփը երեց

Կորիւնն ու Գիւտը և Ամատունին…

Ու երբ խոր փոսը լցւեց, բլրացաւ,

Մարեց աղօթքի մրմունջը վերջին

Մի շիրմաքարի ելաւ բարձրացաւ՝

Տխրութեան մուժը աչքերի միջին,

Երկար մազերը ուսերին թափւած

Հայացքը դիւթող, հասակն հոյաշէն,

Իր խռովայոյզ խոհերով տարւած,

Բոլորից սիրւած քերթող Եղիշէն:

--Իմ բարեկամնե՜ր, եղբայրնե՜ր, քոյրե՜ր,-

Այսպէս դիմեց նա ծփուն ամբոխին,-

Այսօր մեր ձեռքով մի անձնւէր,

Մի մեծ իմաստուն յանձնեցինք հողին:

Նա մեզ գիր տւեց, մեզ դպրոց տւեց,

Փրկեց մեր հոգին, հաւատն ու լեզուն,

Ամէն մի գիրը՝ մի բանակ է մեծ,

Յաւիտեան յաղթող հսկայ զօրասիւն,

Որ ժողովրդի ոգորող ոգին

Միշտ պիտի պահի անվթար, անխոց,

Եւ մեր դաշտերին, բերքին ու կեանքին

Միշտ պիտի վառւի արևը հայոց:

Յաւիտեան հանգի՜ստ քո ոսկորներին,

Իմ մեծ ուսուցիչ, իմ մեծ բարեկամ,

Յանձնում ենք ահա մենք քեզ դարերին,

Դու մեր ներկան ես ու մեր ապագան, -

Գոչեց Եղիշէն և արտասւաթոր

Քաշւեց մի անկիւն, կանգնեց գլխահակ.

Մի պահ՝ յամրութիւն, ծանրաշունչ անդորր,

Յետոյ սգերթը կոհակ առ կոհակ

Սկսեց ցրւել, իջնել դէպի տուն,

Մնաց մի շիրիմ, խորի՜ն լռութիւն:

*

Դարեր են եկել, գնացել անդարձ,

Ազգեր են ծնւել ու մեռել անյետ,

Այրուձիերի արշաւն հողմընթաց

Տրորելով մեր հողը ծաղկավէտ,

Մեր դաշտի, արտի, սրտի վրայվ

Անցել է որպէս աւերիչ մորեխ,

Հետքից թողնելով աւեր, մահ ու սով,

Արիւն սփռելով ամէ՜ն, ամէն տեղ:

Կործանւել են մեր կոթողները ճոխ,

Մեր ոստանները դարձել աւերակ,

Մեր երգի, կեանքի ծառը բողբոջող

Եղել է կացնին ու հրին ճարակ,

Մեր աւանները, մեր շէները նոր

Քանդւել են, դարձել հողին հաւասար,

Մեր տառապանքից՝ խոր ու ահաւոր,

Մեր տեսած վշտից մաշւել քար ու սար:

Բայց մենք կանք նորից, կայ երկիրը մեր,

Անուշ հնչում է մեր հայոց լեզուն,

Նորից կերտում ենք շքեղ կոթողներ,

Հայրենաբարբառ երգեր ենք հիւսում.

Ծաղկում-ծփում են մեր արտերը ծով,

Ծուխն է բարձրանում մեր օջախներից,

Ու մեր խնդութեան երգի զնգոցով

Սար ու ձորերը թնդում են նորից:

Ու մեր յորդաբուխ ուրախութեան մէջ

Մենք երբէք, երբէք քեզ չենք մոռացել,

Դու մութն ակօսող հրի պէս անշէջ

Ժողովրդի հետ ճամբայ ես անցել,

Լուսաւորել ես մեր դժւար ուղին,

Մեր մաքառումին եղել ես սատար,

Նոր ուժ ես տւել հայրենի հողին

Ու քո ազգի հետ քայլել դարեդար:

Դու քո գրերով զրահել ես մեզ,

Դարձրել յաւերժող ու անխոցելի.

Մեր դէմ բացել ես անծիր ասպարէզ՝

Խօսքի, խոյանքի, խիզախումների:

Եւ արդ կանգնել եմ շիրիմիդ առաջ,

Ես՝ շառաւիղը քո երախտապարտ,

Իմ սրտի բոլոր լոյսերը վառած

Աշխարհի առաջ քեզանով հպարտ՝

Պսակ եմ դնում քո շիրմաքարին,

Ջերմեռանդութեամբ, հոգով ալեկոծ.

Ընդունիր սէրս, հիացքս խորին.

Դու, Մեսրո՜պ Մաշտոց, հանճա՜ր մեծագործ:

Edited by hravart
Link to post
Share on other sites

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

(Նոր ՈՒղղագրությամբ)

Գրեց՝ Սարմեն

Ա

Աշնան միջօրեն շռայլ պերճությամբ

Գունազարդել է դաշտն Արարատյան,

Երկինքը լազուր, երկինքը անամպ

Փռվել է որպես անպարփակ ովկիան:

Ամենուր գույնե՜ր, գույնե՜ր ու գույնե՜ր,

Ոսկեզօծվել են և´ դաշտ, և´ այգի,

Մասիսներն այնպես հաստատ են կանգնել,

Որ կարծես սյուներ լինեն երկնքի:

Անդորր է չորս դին. հովը չի փչում,

Չեն դողում ո´չ շյուղ, ո´չ տերև, ո´չ ծառ,

Երգով գնում է կռունկների չուն,

Դեպի հեռավո՜ր արևոտ աշխարհ:

Այդ խաղաղ պահին, թագավորանիստ

Վաղարշապատի իր ապարանքում,

Մթնած, մտախոհ, անքուն, անհանգիստ,

Մի մարդ էր ցավից մերթ ընդ մերթ տնքում:

Նրա մահճի մօտ նստել էին լուռ

Ազնվատոհմիկ երկու այր հասուն.

Մէկը հագել էր սքեմ սևաթույր,

Մէկը կապել էր զօրականի սուր:

Հիվանդը նստեց՝ բարձին հենւելով,

Հայրաբար նայեց այցելուներին,

Բացելով հոգու խորքերը խռով,

Այսպես սկսեց խոսքն իր մտերիմ.

-- Ծերությունը ինձ ուզում է հաղթել,

Երկնքից մի ձայն կանչում է՝ արի,

Երբ իմ տենչերը անկատար են դեռ,

Եւ ծանր է բախտը հայոց աշխարհի:

Մենք չունենք հիմա թագավորություն,

Խլել են մեզնից թե´ թագ, թե´ երկիր,

Մենք չունենք հիմա Լուսավորչի տուն,

Սահակ Պարթևը մեռավ տարագիր:

Եւ ես խորհում եմ, խորհում անդադար,

Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս,

Պիտի կորնչի՞ հայն ստեղծարար,

Թե՞ պիտի ապրի ինչպես այս Մասիս: -

Ասաց ու ձեռքը պարզեց Մասիսին,

Որ այդ վայրկյանին ննջում էր կարծես,

Այնքան վճիտ էր, այնքան անբասիր

Նրա հայացքը խորն ու վեհատես:

Մի պահ լռեց նա ու հաստատ ասաց.

--Ո´չ, մենք չենք կորչի, մենք կապրենք անմեռ,

Եւ ոչ Հոռոմը, ոչ ազգը Արյաց

Չեն կարող ընկճել ժողովուրդը մեր:

Երբ նա խոսում էր, զինվորականի

Աչքերը հրով բոցկլտում էին,

Սքեմավորը նման արձանի

Լսում էր նրան լո՜ւռ, երազային:

Հետո զրույցը հոսեց այլ հունով.

Զվարթացել էր դահլիճը լռին,

Խօսում էր հուզված, այրող ավյունով,

Կյանքի կրակում կոփված ծերունին:

--Քիչ ես երևում Վարդան սիրելիս, -

Դիմեց տանտերը զինվորականին, -

Ա´յ մեր Կորյունը հաճախ է գալիս, -

Ասաց, նայելով իր խոնարհ սանին:

--Ուր էլ լինենք մենք, մեր սրբազան հայր

Դու մեր սրտումն ես,- ասաց Վարդանը, -

Մենք աղոթում ենք քո կյանքի համար

Քեզնով հպարտ է ողջ Հայաստանը:

--Զորանաս, որդի´, դու Մամիկոնյան

Դյուցազուն տոհմի շառավիղն ես քաջ,

Թուրըդ սուր պահիր, կրակըդ՝ վառման,

Դեռ շա՜տ փորձություն, դավ կայ մեր առաջ:

Հանկարծ խզելով վայրկյանն անշշունջ,

Թնդաց հայրենի նորաստեղծ մի երգ,

Պատանիների վառվռուն մի փունջ

Երգով գալիս էր դաշտից լիաբերք:

Մայրենի լեզուն զնգում էր զվարթ,

Այնպե՜ս հմայիչ, այնպե՜ս կենսալի,

Կարծես կարկաչով լցրված մարգ ու արտ՝

Ուրախ հոսում էր գետակը սարի:

Երգն այս պարուրեց թախծող ծերուկին,

Ու նա ջերմացած՝ գոչեց սրտագին. -

-Ոչ, դու միշտ կապրես, չես մեռնի երբեք,

Հայրենի բարբառ, հայրենական երգ:

Ու կարծես մի պահ մոռացավ և´ ցավ,

Ե´վ հիվանդություն, և´ խոր ծերություն.

Տոթակեզ հոգին կարծես հովացավ,

Եւ անդորր տիրեց ալեկոծ սրտում:

Կորյունն ուզում էր ինչ-որ բան ասել,

Բայց տեսավ՝ խոսքը հեռուներ գնաց,

Կանգնեց՝ աչքերում անսահման մի սեր

Դեպի անկոտրում մարդն այդ մենակյաց:

Վեր կացավ նաև Վարդանն առնական՝

Թավ հոնքերի տակ աչքերն հրացայտ,

Թիկնեղ, թևերը երկաթամկան

Ու սև մազերում թելիկներ արծաթ:

Հրաժեշտ տալով սիրելի մարդուն,

Փողոց դուրս եկան նրանք միասին.

Դղյակում նորից տիրեց լռություն,

Պատուհանի տակ թախծում էր սոսին:

Այս խիստ հաճելի այցելությունից

Կարծես կյանք առավ բեկված ծերունին,

Ուժ տւեց բազկին, վեր ելավ մահճից,

Հագավ սքեմը՝ կռթնելով սյունին:

Ծաղկազարդ գորգով մի քանի անգամ

Դատարկ դահլիճը չափեց ծայրից ծայր,

Արծվաքիթ էր նա, դեմքը՝ առնական,

Ճակատը՝ խոհուն, աչքերը՝ պայծառ:

Հաղթահասակ էր, բայց քիչ կորացած,

Կրծքին փառահեղ ձյունահեր միրուք,

Թէև իր գլխին ձմեռ էր նստած,

Բայց դեռ ամուր էր և հոգով առույգ:

Մօտեցավ, բացեց Աստվածաշունչը

Ու Սաղմոս կարդաց մի քանի բերան.

Անդորրություն էր հեռուն ու շուրջը,

Լոկ օրորվում էր սոսին գեղիրան:

Աշնան արևի անխառն ոսկին,

Անուշ մեղմությամբ անձրևում էր ցած.

Նա խոհուն նստեց գահավորակին՝

Դաշտի, փշատի բույրով արբեցած:

Հիշեց Հացեկաց գյուղն իր հայրենի,

Կարոտով հիշեց Սահակ Պարթևին,

Որի հետ հիսուն տքնաջան տարի

Այրվելով, կյանքին, մարդուն լույս տվին:

Ու մեկ-մեկ հիշեց սիրած սաներին -

Մովսեսին՝ այնքան խրոխտ ու խոկուն

Մամբրեին՝ այնպես երազկոտ, լռին,

Ղևոնդ երեցին՝ բուռն ու փոթորկուն:

Ու կամաց-կամաց թմբիրը տիրեց,

Եւ լուռ հանձնվեց նա Մորփեոսին,

Որպես սրտակից ու եղբայր տարեց,

Պատուհանի տակ երգում էր սոսին:

Բ

Զանգերի տխուր, գուժկան ղօղանջով

Բացվում է օրը խստաշունչ ձմռան.

Անվերջ, ալեկոծ մարդկային մի ծով

Հոսում-հորդում է դէպի Վեհարան:

Այնտեղ դագաղում ննջում է մի մարդ,

Հայոց առաջին ուսուցիչը մեծ.

Ընկել է կաղնին, կաղնին խորարմատ,

Եւ արդ, անտառն է հեծում հողմածեծ:

Լցվել է արդեն վանքի շրջական,

Բայց մարդիկ դարձյալ գալիս են, գալիս.

Մի մայր գրկել է մեղմանուշ մանկան,

Տան դռան կանգնած նայում է, լալիս:

Բոլորի դեմքին՝ վհատանք ու վիշտ,

Ծիծաղը կարծես ջնջվել է հողից,

Սևեր են կապել պալատ ու խրճիթ,

Ձյունը մաղվում է որպես նուրբ թախիծ:

Բյուր-հազարավոր աչքեր են հառած

Դեպ Վեհարանի ապարանքը մեծ.

Մի խուլ փսփսուկ ծայր առավ հանկարծ,

Շրթից-շուրթ անցավ ժողովրդի մեջ.

--Բերո՜ւմ են, նայէ´ք, բերո՜ւմ են սրբին…

Եւ ահա քայլքով համընթաց, դանդաղ,

Ջերմեռանդությամբ, քնքշությամբ նրբին

Դուրս բերին մի սև, ոսկերիզ դագաղ:

Վարդան, Հմայակ Մամիկոնյաններ,

Եւ Ամատունի իշխանը՝ Վահան,

Եւ յոթը պարթև երիտասարդներ

Դագաղը ուսած՝ բերում են ահա:

Ճեղքվում է ծովը և ճամբա բացում,

Թափորը հանդարտ շարժվում է առաջ,

Նորից հույզերի խուլ ալեկոծում,

Ե´ւ լաց, և´ մրմունջ, և´ ողբ, և´ հառաչ:

Ջահերի լույսը մշուշն է ցրում,

Թաղման երգերը հնչում են տխուր,

Այրվում է սիրտը վշտի բոցերում,

Ցավը դառնում է հանուր-ընդհանուր:

Երկար է ճամբան, բքոտ է ճամբան,

Բայց կարծես ցուրտ չէ, այլ կիզիչ ամառ,

Արագածի տակ փորված է դամբան

Մեծ լուսավորչի աճյունի համար:

Վահան իշխանը, քաջ Ամատունին՝

Հազարապետը հողին հայկական,

Տեղատարափին, ցրտաբեր ձյունին

Թափորն ուղղում է դեպի Օշական:

Ճամբին մարդկային խուռներամ խմբեր

Գալիս ձուլվում են այս լաց ու կոծին,

Որ վերջին անգամ տեսնեն լուսաբեր

Այն հացեկացի հրաշագործին:

Անցնում է անվերջ դագաղն ուսից-ուս,

Որպես սուրբ մասունք՝ չեն դնում գետին.

Հասան Քասախին՝ մեր փոթորկահույզ

Հաւերժ հառաչող հայրենի գետին:

Նոր ու կամարուն կամրջի ծայրին

Թափորը կանգնեց քիչ հանգստանա,

Որպես սրտաբեկ սգավոր այրի,

Գետն է բարձրաձայն արտասվում հիմա:

Մի պահ… և ահա սգերթը կանգնեց

Օշական շենի այն ցածրիկ բլրին,

Ուր ձյունի անծայր ճերմակության մեջ,

Մի թափուր սև փոս թախծում է լռին:

Եւ Ամատունյաց իշխանը ահա

Գլխաբաց կանգնած փոսի եզերքին,

Ձայնով դողդոջուն, հոգով վշտահար,

Սրտի խոսքով է դիմում ամենքին.

--Հայե՜ր, մենք այսօր մեր այս սուրբ հողում

Մեր ամենամեծ հային ենք թաղում:

Մեսրոպ վարդապե՜տ. սա մի սրբազան,

Սա մի թանկագին անուն չէ միայն,

Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի,

Եւ դարեր, դարեր նման մի ջահի

Մեր ճամբին պիտի շողա ու վառվի,

Որ հայն ապրի միշտ ու չմոլորվի:

Խոնարհվենք այս սուրբ աճյունի առաջ…

Եւ երբ իշխանը այս խոսքը ասաց,

Բաց գլուխների մի թանձր անտառ

Խոնարհվեց, իջավ տխուր ու անբառ…

Հետո տխրահունչ աղոթաերգի,

Հազար սրտերի հառաչանքի տակ,

Զսպած կսկիծը արնածոր վերքի,

Իշխան Վահանը, քաջն Հմայակ,

Կորյունն ու Գյուտը, Եզնիկ Կողբացին

Ննջեցյալի դին հողին հանձնեցին…

Վարդանն առաջին ափ հողը լցրեց

Իր ուսուցչի անբիծ աճյունին,

Հետույ՝ Եզնիկը, Հովսեփը երեց

Կորյունն ու Գյուտը և Ամատունին…

Ու երբ խոր փոսը լցվեց, բլրացավ,

Մարեց աղոթքի մրմունջը վերջին

Մի շիրմաքարի ելավ բարձրացավ՝

Տխրության մուժը աչքերի միջին,

Երկար մազերը ուսերին թափված

Հայացքը դյութող, հասակն հույաշեն,

Իր խռովահույզ խոհերով տարված,

Բոլորից սիրված քերթող Եղիշէն:

--Իմ բարեկամնե՜ր, եղբայրնե՜ր, քույրե՜ր,-

Այսպես դիմեց նա ծփուն ամբոխին,-

Այսօր մեր ձեռքով մի անձնվեր,

Մի մեծ իմաստուն հանձնեցինք հողին:

Նա մեզ գիր տվեց, մեզ դպրոց տվեց,

Փրկեց մեր հոգին, հավատն ու լեզուն,

Ամեն մի գիրը՝ մի բանակ է մեծ,

Հավիտյան հաղթող հսկա զորասյուն,

Որ ժողովրդի ոգորող ոգին

Միշտ պիտի պահի անվթար, անխոց,

Եւ մեր դաշտերին, բերքին ու կյանքին

Միշտ պիտի վառվի արևը հայոց:

Հավիտյան հանգի՜ստ քո ոսկորներին,

Իմ մեծ ուսուցիչ, իմ մեծ բարեկամ,

Հանձնում ենք ահա մենք քեզ դարերին,

Դու մեր ներկան ես ու մեր ապագան, -

Գոչեց Եղիշէն և արտասվաթոր

Քաշվեց մի անկյուն, կանգնեց գլխահակ.

Մի պահ՝ համրություն, ծանրաշունչ անդորր,

Հետո սգերթը կոհակ առ կոհակ

Սկսեց ցրվել, իջնել դէպի տուն,

Մնաց մի շիրիմ, խորի՜ն լռություն:

*

Դարեր են եկել, գնացել անդարձ,

Ազգեր են ծնվել ու մեռել անհետ,

Այրուձիերի արշավն հողմընթաց

Տրորելով մեր հողը ծաղկավետ,

Մեր դաշտի, արտի, սրտի վրայով

Անցել է որպես աւերիչ մորեխ,

Հետքից թողնելով ավեր, մահ ու սով,

Արյուն սփռելով ամե՜ն, ամեն տեղ:

Կործանվել են մեր կոթողները ճոխ,

Մեր ոստանները դարձել ավերակ,

Մեր երգի, կյանքի ծառը բողբոջող

Եղել է կացնին ու հրին ճարակ,

Մեր ավանները, մեր շեները նոր

Քանդվել են, դարձել հողին հավասար,

Մեր տառապանքից՝ խոր ու ահավոր,

Մեր տեսած վշտից մաշվել քար ու սար:

Բայց մենք կանք նորից, կայ երկիրը մեր,

Անուշ հնչում է մեր հայոց լեզուն,

Նորից կերտում ենք շքեղ կոթողներ,

Հայրենաբարբառ երգեր ենք հյուսում.

Ծաղկում-ծփում են մեր արտերը ծով,

Ծուխն է բարձրանում մեր օջախներից,

Ու մեր խնդության երգի զնգոցով

Սար ու ձորերը թնդում են նորից:

Ու մեր հորդաբուխ ուրախության մէջ

Մենք երբեք, երբեք քեզ չենք մոռացել,

Դու մութն ակոսող հրի պես անշեջ

Ժողովրդի հետ ճամբա ես անցել,

Լուսավորել ես մեր դժվար ուղին,

Մեր մաքառումին եղել ես սատար,

Նոր ուժ ես տվել հայրենի հողին

Ու քո ազգի հետ քայլել դարեդար:

Դու քո գրերով զրահել ես մեզ,

Դարձրել հավերժող ու անխոցելի.

Մեր դեմ բացել ես անծիր ասպարեզ՝

Խոսքի, խոյանքի, խիզախումների:

Եւ արդ կանգնել եմ շիրիմիդ առաջ,

Ես՝ շառավիղը քո երախտապարտ,

Իմ սրտի բոլոր լույսերը վառած

Աշխարհի առաջ քեզանով հպարտ՝

Պսակ եմ դնում քո շիրմաքարին,

Ջերմեռանդությամբ, հոգով ալեկոծ.

Ընդունիր սերս, հիացքս խորին.

Դու, Մեսրո՜պ Մաշտոց, հանճա՜ր մեծագործ:

Edited by hravart
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...