hravart Posted January 25, 2007 Report Share Posted January 25, 2007 (edited) Չարենցի Ձեռագրերի Հետ Նվիրում եմ բանաստեղծի Ծննդյան 100-ամյակին Ազատ Մաթյան 1987-1997 Օ՜, մարդ աստծո, Դրախտի Ադամ, Ու դժոխքի դեւ, Եղիշե Չարենց: Կարդում եմ ահա Տողերդ մահվան բորբոսով դեղին, Վերջին օրերիդ խոհերը մռայլ որպես մղձավանջ, Ահով պահ տված հայրենի հողին: Կարդում եմ ահա, Եվ յուրաքանչյուր քո բառ ու տողից Սարսափից սառած հայացքիս հանդեպ Հառնում է գունատ որպես մագաղաթ, Կամ եգիպտական որպես մի մումիա Դեմքդ անբասիր ու եղերական, Եվ անապատի նման ճաքոտած շուրթերով կապույտ, Մրմնջում ոճիր մի զարհուրելի: Կարդում եմ ահա, Եվ թվում է թե Խավար վիհերից Արարատ Լեռան, Թե խռով հոգուս մթին խորշերից, Մի ծծմբաբույր ծուխ է բարձրանում Ծանր ու թանձրամած, Ծածկում ամեն ինչ: Խուլ դղրդում է ընդերքը լեռան, և Նզովա՞նք է դա, ո՞ղբ է, թե՞ հառաչ և Դղրդում է խուլ ու հանկարծ, մեկեն Որպես նրա խուլ խառնարաններից ժայթքող հրաբուխ, Ծանր ու շառաչուն շղթաների մեջ Հառնում է հզոր Մեր առասպելի արքան Արտավազդ, Եւ բոցերի պես գազազած ու գիժ Ժայթքում են ժահրոտ գամփռերն իր հովազ Եվ ժայռերի դեմ ահեղ փշրելով Շղթա կրծոտող ժանիքներն իրենց, Մեր հազար տարվա զայրույթն են հաջում Արյան լճերում աներազ ննջող Աշխարհի վրա: Արթուն եմ արդյո՞ք, Թե՞ զառանցում եմ մղձավանջի մեջ... O՜, դու մեր երգի անիծյալ արքա, Օ՜, մեր դարերով շղթայված ոգու Կապանքը կրծող ժեռաժանի շուն, Եղիշե Չարենց: Այդպես, ճիշտ այդպես Ազատն Մասսյաց վիհերից խավար Ժայթքեցիր մի օր, Որ ավերակաց մեր թագավորես, Եվ մեր առանական լեզվով բարբարոս Դարեր երազած մեր նոր հարության Այգը շեփորես, Եվ վաստակես... ի՞նչ, Արարման վայե՞լք... Դառն է խորհուրդը հավիտենության, Հավերժով դյութված արեւելքի մոգ, Եղիշե Չարենց: Արյուն է կաթում Պողպատաճիրան, ոճրագործ դարի բոլոր մատներից, Դար, որ ճառագեց լույսի խոստումով Եվ արդարության, Եվ սակայն եկավ իրեն մկրտեց Արյան լճերում ազգ ու ցեղերի, Որոնց մեջ, ավա՜ղ, Ամենաառատ, ամենաձրի արյունն իմ ցեղի արյունն էր արդար, Ծննունդը լույսիդ ինչպե՞ս չանիծեմ, Քսաներորդ դար: Ինչպե՞ս չանիծեմ, եւ ինչպե՞ս ցնծամ, Որ քո լույսերում հարության հույսով Ճախրանքի ելած մեր գուսաններին Մահվան տեսիլներ լոկ բերիր ընծա, Ժայռին զարկելով նրանց երազող անգերը քնար, Եւ թողիր, որ մի ամբողջ ժողովուրդ, այլերից քշված հոտի պես անտեր Թիարան գնար: Եւ ինչպե՞ս, ասաþ, ինչպե՞ս Օրհներգեմ Եվ շռայլաշող ու մեծադղորդ Այգն այն փրկար, Որին նաիրյան հանճարդ հորդուն Ողջակեզ տարար, Եւ որը ճամբիդ նշավակության ու չարչարանքի Գողգոթա դառավ: Եւ ինչպե՞ս, ասա, Ա՜յս ասղաթռիչ, տիեզերահեն արհավիրքի դեմ - դար, որ արարեց Դեր-զոր ու Աշուիտս ու Հիրոսիմա, Եւ իր արնահեղ ալեբախումով Մի օր ափ նետեց Իր փառքը երգող խիզախ նավազիդ Մարմինը մեռած - Ինչպե՞ս չդառնամ երեզմաններում մազերս փետող ուժկան մի պառավ, Ու չմրմնջամ նզովք ու անեծք, Օ, Մարդ արարած, Դրախտի Ադամ Ու դժոխքի դեվ, Եղիշե Չարենց: Աշխարհը, այո, Վաղուց է դարձել մի փոքրիկ փողոց, Բայց այս փողոցը նման չէ, ավա՜ղ, քո երազածին: Այստեղ ոչ միայն բաժակ չեն զարկում Միմիանց կենաց հայն ու չինացին, Այլեւ հազիւ է բարեւում փոքրիկ փողոցում այս նեղ Եղբայրն եղբորը իր արյունածին: Եւ խելագարված ամբոխներն, այո, Արեգակներ են շպրտել ի վեր, Եւ երկինքներից արեգակներ են պոկել անհամար, Ու կախել շքեղ առաստաղներից ապարանքների, Բայց մեծահանճար պատասխանների դարում ան-դադար Ինչպե՞ս հարց չտալ, Մարդկային հոգու հորիզոնները Այդ ե՞րբ են եղել Այսքան լուսառատ ու այսքան խավար: Այդ ե՞րբ է եղել Աստծու գահին Մարդն այսքան մոտիկ, ու այսքան հեռու: Այդ ե՞րբ են եղել քաղաքները մեր այսքան բազմամարդ, Եվ քաղաքներում բնակվող մարդիկ այսքան մենավոր: Այդ ե՞րբ են եղել հաղորդակցության ցանցերն այսքան խիտ, Եվ մարդիկ իրար այսքան անհաղորդ, Ճանապարհները այսքան լայնահուն եւ անհանգրվան, Սովահարների բանակն այսքան մեծ՝ դաշտերն այսքան լի, Անցյալն անհաստատ, ներկան անստույգ, Ապագան այսքան անիմանալի, Մարդն այսքան ազատ ու այսքան գերի, Եվ ե՞րբ է եղել կյանքում ամեն ինչ այսքան կատարյալ ու այսքան թերի Օ՜, ժամանակի սեւեռուն իմ հարց, Եղիշե Չարենց, Դառն է խորհուրդը ժամանակների: Եվ անգամ դարում այս մեծահանճար պատասխանների Ամեն պատասխան ծնում է նոր հարց, Ամեն անսահման դառնում է մի նոր սահմանափակում, Ամեն հաղթանակ՝ մի նոր պարտություն, Ամեն մի նոր սեր նյութում է մի նոր թույն ատելություն, Ամեն ճանապարհ տանում է դեպի մի նոր փակուղի, Ամեն մի թռիչք դեպի նոր անկում, Դեպի նոր նահանջ՝ ամեն հարձակում, Եվ այսպես անվերջ տարուբերվում է Հողագունդն այս հին, Երկու բեվեռով կախված կեռերից հարցականների: Ու եդեմական Ադամից մինչեւ Եղիշե Չարենց Ու Տերունական Եղիցի Լույսից Մինչեւ լուսաբաղձ Սևակն Պարույր, Մենք մեր արյունից ու մեր մարմնից Խավարումի դեմ վառել ենք խարույկ, Եվ միշտ ըմպելով մեզ բաժին ընկած բաժակը դաժան, Հավատացել ենք միամտաբար լավին ու բարուն: Ու հիմա կրկին, Ու հիմա նորեն, Ո՜վ դու նաիրյան երգի Արտավազդ, Ագռավի քարում անժառանգ փակված Ո՜վ Սասմա Մհեր, Եւ պորտի վրա հավերժ սողացող օձերից խայթված, Օ՜ Վիշապաքաղ կործանված Վահագն, Եղիշե Չարենց, Բորբոսից դեղնած թղթերիդ փոշում, Սև տագնապներից վառված անտառի՝ Հավիտյան սառած մոխիրների տակ Ես որոնում եմ, որոնում համառ, Անկոր հավատքի անթեղված մի կայծ, Ջրհեղեղային տեղումների տակ մարած օջախի Դեռ վառ մնացած մի կտոր ածուխ, Որ բորբոքեմ ու տաքացնեմ հոգիս Անհավատության աշխարհակործան գիշերում այս ցուրտ: Ու որոնում եմ անմար հավատքի մենավոր մի աստղ Քո մեծ դառնության ծովում ալեծուփ, Որ ցույց է տալիս ճամբան փրկության, Ու որոնում եմ Երկնքիդ անաստղ խավարը ճեղքող հավատքի ասուպ, Որ նարեկացու բոց հառաչանքով Լուսավորում է խավարը հանկարծ Եւ մխրճվում է կողը Աստծու: Ու որոնում եմ Թղթերիդ ծամված ծվենների մեջ Մի վաղնջական հավատքի մասունք, Որ կոմիտասյան աճյունի պես սուրբ Վերադառնում է անապատներից ծով տառապանած, Ու անթեղվում է հայրենի հողում, Որ մի օր հառնի որպես հոգու հաց, Իր քաղցող ցեղին, Եւ ամենեցուն: Օ՜, մարդ արարած. Օ՜, բարի Չարենց Դու կատարյալի, լավի, արդարի Անկատար, կիսատ, գլխատված իմ քուրմ, Օ՜, դու պատմության հազարգլխանի իշատիչներից ծվատված իմ սուրբ, Ծվատված իմ հող, Շվատված երկիր, Ծվատված ծվեն ծվատված երգի, Ո՜վ դու իմ մարվող հավատքի մասունք... Ա՜խ, ի՞նչ եմ ասում, Ա՜խ, ի՞նչ եմ ասում, Կուրծքս ճեղքվում է արյուն է հոսում, Արյուն, Որ հորդում ու հեղեղում է Փտած թղթերիդ աղճատված լեզուն... Ողբամ քեզ Չարենց, Ու ողբամ զքեզ Իմ որդեկորույս մայր եղերաբախտ, Իմ հայ ժողովուրդ... Եւ հանկարծ հառնած Տողերից այս մութ ու խառնիճաղանճ, Որպես դարերի արնոտ մշուշից, Օձի մոգությամբ - Ինչպես նկարից սարյանական և Որ աչքերի մեջ պահում է - թույն - իմաստություն, Դու նայում ես ինձ, Նայում ես համառ, Եւ շունչս հատում: Ու հայացքը քո Պատասխան հայցող հայացքիս հանդեպ Մռնչում է խուլ, ու շաչում որպես արյունոտ մի հարց. - Բայց միթե՞, ավա՜ղ, միթե՞ չկա վերջ Լացին մեր աղի, Տառապանքին մեր այս թույն ու լեղի, Ու միթե՞ չկա Մեր եղերական ողբին այս ավարտ: Ես ողբն եմ ատել, և գովերգելով Ատել եմ անգամ մեր աղոթք դարձած Երգը ողբաձայն, Ատել եմ վերքը մեր արյունաքամ, Ատել եմ խարխուլ խուղերը մեր խեղճ, Եվ սրբությունն եմ ատել անաղարտ, Եվ խնդությունը բարեխիղճ ցեղիս, Որ ժառանգել եմ ես ինքս էլ, ավա՜ղ, Իմ խեղճությունն եմ ատել ես վհատ: Ու եթե կյանքում վերուստ սահմանված Դերեր կան անխախտ՝ Դերը դահիճի և դերը զոհի, Բայց ո՞վ ասաց թե մարդը հավիտյան Պիտի իր դերին իր կյանքը զոհի, Զոհվողի դերն եմ ատել հավիտյան, Բայց ժառանգել եմ ես էլ, - Օ՜ զավեշտ հավիտենական, - ավաթը զոհի: Եւ հարցականը քո հայացքի մեջ բռնկվում մեկեն, Դառնում է պատգամ անգութ ու դաժան: - Եթե չենք կարող վերուստ սահմանված օրենքների մեջ մեր մատը կոխել, Սակայն կարող ենք, և պարտավոր ենք դարեր խաղացած խաչ բարձրացողի մեր դերը փոխել: - Եւ սա է, Չարենց, Քո կախաղանի պատգամը վերջին, Որ մեր ականջին Որպես արթնության աքաղաղի կանչ դեռ պիտի հնչի, Մինչեւ... Մինչեւ ե՞րբ: Ու մինչ այդ, Մինչ այդ, Պիտի ընդունենք, Որ այս աշխարհի մանրեների պես աճող մեղքերը լվալու համար Ջրհեղեղ է պետք, Ու ջրհեղեղում աշխարհակործան պիտի խեղդվեն, խեղդվեն բազում ու բազմահազար անմեղ մանուկներ: Ու մինչ այդ, Մինչ այդ Պիտի ընդունենք, Որ իրենց բազում ու բազմաբարդույթ մեղքով մեղկացած հին պալատներին նոր ու զորավոր արքաներ են պետք, Եւ այս նորերին վեր մագլցելու համար ոսկորե սանդուղքներ են պետք տառապանքների բեռան տակ կորված բազում ուսերի: Ու մինչ այդ, Մինչ այդ, Պիտի ընդունենք, Մաքսավորներով ու չարչիներով ճոխ- ապականված հին տաճարներին նոր ու զորավոր աստվածներ են պետք մտրակը ձեռին, Եւ Հուդաներ են հարկավոր սրանց մատնելու համար, Եւ բորոտներ ու դիվահարներ են հարկավոր սրանց՝ բիճ թե կուսածին այդ աստվածների: Ու մինչ այդ, Մինչ այդ, Պիտի ընդունենք, Որ շքեղազարդ սքեմի համար ու սաղավարտի համար սսկեզոծ մեղկ ու մեղսական մարմիններ են պետք, եւ գանգեր են պետք նենգ ու դավադիր, որ դրանք կրեն իրենց գագաթին, եւ ուսերն ի վար: Ու մինչ այդ, Մինչ այդ, Պիտի ընդունենք, Որ սրան օծման ու թագադրման համար մերկիրան մարգարեներ են պետք ու հարկավոր, որ դավաճանվեն ու խաչ բարձրանան Փշե պսակը գունատ ճակատին: Դու ջրհեղեղում խեղդամահ դառած մեր անմեղ մանուկ, Դու գահ մագլցող ինչ որ ճիվաղի ոսկորե սանդուղք, Դու սրբագործող քո խարազանով տաճարը մտած տկլոր մարգարե, Եւ դու փշազարդ մեր գունատ ճակատ, Պսակազերծող մեր պսակավոր, Եվ դու անբասիր ու եղերական մեր "Առեք-Կերեք" Դրախտի Ադամ, Ու դժոխքի դև, Եղիշե Չարենց: Ազատ Մաթյան Իրանահայ ճանաչված բանաստեղծ թարգմանիչ, թատերագիր, Իսֆահանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս, մի խոսքով, մշակույթի մարդ Ազատ Մաթյանը ծնվել 1942 թվականի մարտի 11-ին, Իրանի մայրաքղաք՝ Թեհրանում: Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Աբադանում: 1967 թվին ավարտել է Իսֆահանի պետական համալսարանի հայագիտական բաժինը՝ Հայոց լեզվի եվ գրականության լիսանսի աստիճանով: 1968 թվին ընդունվել է Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ֆակուլտետը, որտեղ պրոֆ. Շարլ Դեդեյանի ղեկավարությամբ պատրաստում է դոկտորական ավարտաճառ, նյութ ունենալով Եղիշե Չարենցի կյանքը եւ գործը: 1972 թվականից սկսած հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում նույն Իսֆահանի համալսարանում, միաժամանակ զբաղվելով բանաստեղծությամբ, գրականությամբ ու թարգմանություններով: Նրա տպագրված աշխատություններն են. - 1. Անապատի ծաղիկներ, բանաստեղծությունների ժողովածուն 1980 թ. , Նոր Ջուղա, Սբ. Ամենափրկչյան Վանքի տպարան 2. Ո՞վ է Չարենցը, 1983 թ. , Թեհրան, «Փյունիկ» հրատ. 3. Մատյան Ողբերգության, պարսկերեն թարգմանություն, 1986 թ. , Թեհրան 4. Չնդհատվող եղանակ, 1995 թ. , Երեւան, «Լույս» պետական հրատ. Ազատ Մաթյանը հեղինակն է նաեւ մի շարք գրական-քննադատական հոդվածների, որոնք լույս են տեսել սփյուռքահայ մամուլում: Ունի թատերգություններ, որոնք թե իր եւ թե այլ բեմադրիչների միջոցով բեմադրվել են Իրանում եւ արտասահմանում: Նա հայերենի է թարգմանել Իրանի ժամանակակից բանաստեղծների լավագույն գործերից շատերը՝ մի ամբողջ «Ծաղկաքաղ» կամ «Հատընտիր», որն սպասում է իր հրատարկչին: Edited April 28, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.