MONK Posted January 29, 2007 Report Share Posted January 29, 2007 ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔՀայ Առաքելական Եկեղեցին այս տարի փետրվարի 2-6-ը նշում է Առաջավորաց պահքը: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին և ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ օրերին ժողովուրդն իր արքայի հետ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլև ինչպես պահանջում է իսկական և Աստծո կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակի մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել: Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը` Առաջավորք): Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն` ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի և ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնվում է հավատացյալի կամքին: Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում ենք պահել Մեծ պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ: Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում ենք 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, որին հաջորդող շաբաթ օրը նշվում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքը հաճախ կոչում են սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը): Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում: Մեր Եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս.. ա) Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու ողջ հայ ժողովուրդը ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր: բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել: գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհը և նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում: Վեցերորդ օրն ստեղծեց մարդուն և թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրամանը, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել: Այդ հրամանը (տե'ս Ծննդ. Ա 29-30) մարդուն և ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում: դ) Ըստ եկեղեցական ավանդության` այս պահքը սահմանվել է նաև Մովսեսից առաջ եղած նահապետների կողմից: Ավանդությունն ասում է, թե դրախտից վտարվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ կամ Սեթը, երբ իր հայրը` Ադամը, մեռավ: Ենովքն էլ 5 օր պահք էր պահում յուրաքանչյուր ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից դուրս գալուց հետո: Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի ընթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չենք կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրված ոչ Հին Կտակարանի, ոչ էլ, առավել ևս, Նոր Կտակարանի գրքերը: Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի (Ն..Ք.. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը: Ինչպես պատմում է Սուրբ Գիրքը, Աստված, տեսնելով, որ Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն ամբարշտացել և օրեցօր շատացնում են իրենց անօրինությունները, կամենում է քաղաքը կործանել: Սակայն բազմագութ լինելու պատճառով որոշում է կործանումից փրկվելու մի հնարավորություն ընձեռել նրանց: Իր ծառաներից մեկին` հրեա մարգարե Հովնանին, հրամայում է գնալ Նինվե և բնակիչներին ապաշխարություն քարոզել` հայտնելով նրանց, որ եթե չզղջան իրենց գործած չարիքների համար ու չդադարեն անիրավություններ գործելուց, Նինվեն հաշված օրերից կկործանվի: Այս պատմության մանրամասների մեջ չմտնելով` նշենք միայն, որ Հովնանը կատարում է Տիրոջ պահանջը, նինվեացիները հավատում են Հովնանի խոսքերին, և բոլորը` մեծ թե փոքր, քուրձ հագնելով, պահք են պահում: Անգամ թագավորը, գահից իջնելով, իր թագավորական զգեստները հանելով ու քուրձ հագնելով, նստում է մոխրի վրա և ուղերձ հղում բոլոր նինվեացիներին. <<Մարդ և անասուն, հոտ ու արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն ու ջուր չխմեն: Թող մարդ և անասուն քուրձ հագնեն, սրտանց աղոթեն Աստծուն, բոլորը հետ կանգնեն իրենց չար ճանապարհներից և իրենց ձեռքի անօրինություններից: Ո՞վ գիտի, գուցե Աստված գթա, Իր սաստիկ բարկությունը մեզանից հեռացնի, և կործանումից փրկվեն>>: Այսպիսով, Աստված տեսնում է նրանց ապաշխարությունը և քաղաքը կործանումից փրկում: Ի՞նչ է մեզ սովորեցնում այս պատմությունը, որը հիշում ենք Առաջավորաց պահքի ընթացքում: Միայն մի բան` Աստված մեզանից պահանջում է ճշմարիտ ապաշխարություն: Ապաշխարության կոչով է, որ Տեր Հիսուս Քրիստոսն սկսեց Իր քարոզությունը. <<Ապաշխարեցե'ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը>>(Մատթ.. Դ 17), և այն օրից ի վեր` արդեն շուրջ 2000 տարի, շարունակում է մեզ այդ կոչով դիմել: Հեթանոս նինվեացիները, թագավորով հանդերձ, հավատացին իրենց թշնամու երկրից եկած մարգարեի Աստծու խոսքին, ապաշխարեցին, և Աստված կործանումից փրկեց նրանց քաղաքը: Հեթանոս Տրդատ արքան և հայ ժողովուրդը հավատացին սուրբ Գրիգորի քարոզած միակ ճշմարիտ Աստծուն, ապաշխարեցին և Հիսուսի ճշմարիտ հավատքի փրկավետ Լույսն ընդունեցին իրենց սրտերում: Այսօր էլ մեր ժողովրդի մեծ մասը, որ դժբախտաբար միայն անունով է քրիստոնյա մնացել, իսկ մտքով, սրտով ու գործերով հեռացել է իր Աստծուց, կուռք դարձրել այլոց կամ սեփական անձերը` կորցնելով Աստծու երկյուղը, կարիք ունի ճշմարիտ ապաշխարության, եթե իսկապես կամենում է իրեն ու իր երկիրը փրկել կործանումից և ազատվել այն թշվառ վիճակից, որում գտնվում է: Առաջավորաց պահքը մի պատեհ առիթ է, որ այժմ, թեկուզ հինգ օրով մտովի տեղափոխվենք շուրջ 1700 տարի առաջ, երբ սուրբ Լուսավորիչը ժողովրդին մկրտելուց և այդպիսով վերջնական դարձի բերելուց առաջ հնգօրյա պահքով ապաշխարություն նշանակեց: Այս հինգ օրերի ընթացքում, անհարկի, ավելորդ գործերից և աղմուկից խուսափելով, ժամանակ գտնենք ինքնաքննության. հիշենք մեր մեղքերը, սրտանց զղջանք դրանց համար և մեր Տեր Հիսուս Քրիստոսից ներում խնդրենք` այլևս դրանք չկատարելու վճռականությամբ: Կատարենք ողորմության գործեր` ամեն մեկս մեր կարողության չափով: Տեսնենք` մեր շուրջը կամ նույնիսկ մեր ընտանիքից ներս չկա՞ն մեր կողմից անտեսված մարդիկ, որոնք թեկուզ մի անկեղծ ժպիտի կարիք ունեն, որը կարող ենք պարգևել, եթե ավելին անելու կարողությունը չունենք: Տեսնենք` արդյոք ներե՞լ ենք մեր հանդեպ մեղանչածներին կամ ինքներս ներողություն խնդրել ու հաշտվե՞լ ենք նրա հետ, ում հանդեպ անիրավ ենք գտնվել: Երբ ուրիշներին դատում և մեղադրում ենք այս կամ այն բանում, ուշադի'ր լինենք` գուցե մե՞նք էլ այդ մեղքից անմասն չենք: Առանց այս ամենի չկա ոչ ճշմարիտ պահք, ոչ էլ ապաշխարություն: Աղոթենք ոչ միայն մեր անձերի, այլև մեր ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, մեր ժողովրդի, նրա հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների, իշխանությունների, ամբողջ աշխարհի համար, ինչպես պատվիրում է Սուրբ Գիրքը: Խնդրենք, որ Աստված բոլորիս մեղքերը ների և, ինչպես շարականներից մեկում է ասվում, <<արդարությամբ չդատի, այլ Իր գթությամբ քավի>> բոլորի սրտում Իր հավատքի, սիրո ու արդարության լույսը ծագեցնելով: Եվ մեր այսպիսի ապաշխարությունը տեսնելով` <<Աստված կգթա, Իր սաստիկ բարկությունը մեզանից կհեռացնի, և կործանումից կփրկվենք>>(Հովն.. Գ 9): Quote Link to post Share on other sites
MONK Posted January 29, 2007 Author Report Share Posted January 29, 2007 (edited) Ասեմ, որ նյութի հեղինակը ես չեմ: Բայց քանի որ այսօրվանից սկսվել է Առաջավորաց պահքը, որոշեցի այն տեղադրել այստեղ: Հուսով եմ,որ այն գոնե ամենաչնչին չափով պիտանի կլինի: Ես մոռացա ամսաթիվն ուղղել. Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի փետրվարի 2-6-ը նշում է Առաջավորաց պահքը:Այս տարի կլինի հունվարի 29-ից փետրվարի 2-ը: Edited January 29, 2007 by MONK Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted February 7, 2007 Report Share Posted February 7, 2007 Shnorhakalutyun! Quote Link to post Share on other sites
MONK Posted February 8, 2007 Author Report Share Posted February 8, 2007 Shnorhakalutyun! Խնդրեմ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.