Jump to content

ՅՈՎՀԱՆՆէՍ ՇԻՐԱԶ


Recommended Posts

ՀՐԱՇՔ(Դասական Ուղղագրութեամբ)(3) և (4) պարբերութիւնները անտիպ ենՅովհաննէս Շիրազ(1)Երազիս մէջ դուռը զարկին- Ո՞վ է ասի ներսից ես,Դրսից ինչ որ պառաւ մի կինԱսաց «Մատաղ լինեմ քեզ»...Մի կտոր հաց ողորմացիր,Աղքատ կին եմ, որբ, անտէր,Ու ես իսկոյն դուռը բացի՝Հրաշք... մեռած մայրիկս էր:Սարսափեցի, բայց գիրկն ընկայ,Մայրս ասաց, «ես եմ, ես,Քեզ փորձելու համար եկայ,Հօ չի՜ փոխել կեանքը քեզ:Մուրացկանի տեսքով եկայ,Որ աշխարհն էլ իմանայ՝Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»(2)Երազիս մէջ հօրս տեսայ՝Մօրս նման յայտնւեց,Խինդ ու վախով գիրկը հասայ,Շիրիմից ելավ ինձ գրկեց:Հեկեկացինք դառն ու անուշ,Հայրս նայեց իր չորս դին,Արագածին նայեց քնքոյշ,Ասաց՝ կապրի իմ որդին...Բայց երբ նայեց Արարատին՝Ինձ խեթ նայեց հայրս ծեր,- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,Երբ կիսատ է տունը մեր:Վշտից նորից մեռավ հայրս,Ասաց՝ «որդիս, թէ կուզեսՀողը թեթև լինի վրասՏունս կիսատ չթողնես...»(3)Պիտի ելնեմ Մեծ ՄասիսիԱստւածամերձ գագաթին,Որ վրէժիս հրաբուխըԹքեմ թուրքի ճակատին,Որ տենչում է իր դարավորՈխը նորից յորձանել,Նորափետուր ԵրևանսՆորից գաղտնի կործանել,Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,Աստւած ինքն էլ չգթայ,Եօթնահողով ՀայաստանիՏունդ կիսատ չի մնայ...(4)Իմ նորակերտ Երևան,Լոյսի շքերթ Երևան,Անիս աւեր չթողնեսԻմ լոյսի բերդ Երևան:Ինձ էլ բերէք Մասսի ձյունիցԻմ հողերի արցունքովԵրբ կազատւի լուրն ինձ բերէքՈչ թմբուկով, ոչ շուքով,Քանզի սիրտս շատ է մաշել Արարատիս կարօտից,Որ չմեռնեմ խնդութիւնիցԼուրն ինձ բերէք շշուկով:ՀՐԱՇՔ(Նոր Ուղղագրութեամբ)(3) և (4) պարբերությունները անտիպ են Հովհաննես Շիրազ(1)Երազիս մեջ դուռը զարկին- Ո՞վ է ասի ներսից ես,Դրսից ինչ որ պառաւ մի կինԱսաց «Մատաղ լինեմ քեզ»...Մի կտոր հաց ողորմացիր,Աղքատ կին եմ, որբ, անտեր,Ու ես իսկույն դուռը բացի՝Հրաշք... մեռած մայրիկս էր:Սարսափեցի, բայց գիրկն ընկա,Մայրս ասաց, «ես եմ, ես,Քեզ փորձելու համար եկա,Հո չի՜ փոխել կյանքը քեզ:Մուրացկանի տեսքով եկա,Որ աշխարհն էլ իմանա՝Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»(2)Երազիս մէջ հորս տեսա՝Մորս նման հայտնւեց,Խինդ ու վախով գիրկը հասա,Շիրիմից ելավ ինձ գրկեց:Հեկեկացինք դառն ու անուշ,Հայրս նայեց իր չորս դին,Արագածին նայեց քնքույշ,Ասաց՝ կապրի իմ որդին...Բայց երբ նայեց Արարատին՝Ինձ խեթ նայեց հայրս ծեր,- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,Երբ կիսատ է տունը մեր:Վշտից նորից մեռավ հայրս,Ասաց՝ «որդիս, թէ կուզեսՀողը թեթև լինի վրասՏունս կիսատ չթողնես...»(3)Պիտի ելնեմ Մեծ ՄասիսիԱստվածամերձ գագաթին,Որ վրեժիս հրաբուխըԹքեմ թուրքի ճակատին,Որ տենչում է իր դարավորՈխը նորից հորձանել,Նորափետուր ԵրևանսՆորից գաղտնի կործանել,Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,Աստված ինքն էլ չգթա,Յոթնահողով ՀայաստանիՏունդ կիսատ չի մնա...(4)Իմ նորակերտ Երևան,Լույսի շքերթ Երևան,Անիս ավեր չթողնեսԻմ լույսի բերդ Երևան:Ինձ էլ բերեք Մասսի ձյունիցԻմ հողերի արցունքովԵրբ կազատվի լուրն ինձ բերեքՈչ թմբուկով, ոչ շուքով,Քանզի սիրտս շատ է մաշել Արարատիս կարոտից,Որ չմեռնեմ խնդությունիցԼուրն ինձ բերեք շշուկով:

Edited by hravart
Link to post
Share on other sites
  • 1 month later...

ԷՐԷԲՈՒՆԻ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ

(Դասական Ուղղագրութեամբ)

Իմ յուշերի մի աչքի մէջ Տրտադագէտ չքնաղ Անին,

Էրէբունի բլրին կագնած ես նայում եմ Երևանին,

Մի աչքովս հետ եմ նայում, մի աչքովս նայում առաջ.

Կշռում եմ նորն ու հինը զոյգ աչքերով, կշեռք դառած,

Վեր ու վար են անում սակայն երկու թաթերն իմ կշեռքի

Զոյգն էլ քանի իրենց վրայ հանճարն ունեն հայոց ձեռքի,

Օ՜ չեմ կարող ես մի աչքով նայել ընկած հին հրաշքին

Ում աուերակ մի տաճարն էլ հիացմունք է գոռոզ աչքին,

Նորի տւած պատառ հացս, թէկուզ լինի կաթն էլ իմ մօր,

Նորից հինը մօրս կէսն է, միւս կէսը, ելնոզն է նոր...

Ընկած մօրից երես դարձնեմ, լաւ է երես դարձնեմ կեանքից,

Լաւ է թաղւեմ քան թէ մի կեզծ շշուկ լսւի իմ շրթունքից:

Ու նայում եմ Երևանին կագնած բլրին Էրէբունի

Հին Անիս է վերածնում բարուրի մէջ Երևանի

Վեր խոյանում ժայռաբարուր հազարաձև գմբէթներով,

Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանւելով

Հազար ու մի եկեզեցիք փոխւում են ճոխ պալատների

Սուրբ զանգերի ղոցանջի տեղ, ժխորն է բիւր Հայ մուրճերի,

Ելնում է նորն հնի ձևից Մասիսաչափ ձւից անմեռ

Մեծ Տէրեանից Թումանեանը, Թումանեանից նորերը դեռ

Ասես Մեսրոպ Մաշտոցն ինքն է մոնումենտւում նոր արձանով

Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանւելով:

ԷՐԵԲՈՒՆԻ

Հովհաննես Շիրազ

(Նոր Ուղղագրութեամբ)

Իմ հուշերի մի աչքի մեջ Տրտադագետ չքնաղ Անին,

Էրեբունի բլրին կագնած ես նայում եմ Երևանին,

Մի աչքովս հետ եմ նայում, մի աչքովս նայում առաջ.

Կշռում եմ նորն ու հինը զույգ աչքերով, կշեռք դառած,

Վեր ու վար են անում սակայն երկու թաթերն իմ կշեռքի

Զույգն էլ քանի իրենց վրա հանճարն ունեն հայոց ձեռքի,

Օ՜ չեմ կարող ես մի աչքով նայել ընկած հին հրաշքին

Ում ավերակ մի տաճարն էլ հիացմունք է գոռոզ աչքին,

Նորի տուած պատառ հացս, թեկուզ լինի կաթն էլ իմ մոր,

Նորից հինը մորս կեսն է, մյուս կեսը, ելնոզն է նոր...

Ընկած մորից երես դարձնեմ, լավ է երես դարձնեմ կեանքից,

Լավ է թաղվեմ քան թե մի կեզծ շշուկ լսվի իմ շրթունքից:

Ու նայում եմ Երևանին կագնած բլրին Էրեբունի

Հին Անիս է վերածնվում բարուրի մեջ Երևանի

Վեր խոյանում ժայռաբարուր հազարաձև գմբեթներով,

Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանվելով

Հազար ու մի եկեզեցիք փոխվում են ճոխ պալատների

Սուրբ զանգերի ղողանջի տեղ, ժխորն է բյուր Հայ մուրճերի,

Ելնում է նորն հնի ձևից Մասիսաչափ ձվից անմեռ

Մեծ Տերյանից Թումանյանը, Թումանյանից նորերը դեռ

Ասես Մեսրոպ Մաշտոցն ինքն է մոնումենտվում նոր արձանով

Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանվելով:

Link to post
Share on other sites

ՎԵՐՋԵՐԳԱՆՔ «ԱՆԻ» ՊՕԷՄԻՑ

(Դասական Ուղղագրութեամբ)

Յովհանէես Շիրազ

Իմ Ախուրեանի այն ափին ընկած՝

Անին վիրաւոր եղնիկ է կրկին,

Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝

Չեն թողնում անգամ լեզու տայ վերքին:

Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրաւոր,

Չի կարող լիզել կաթող արիւնը վերքի դարաւոր, -

Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս,

Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, -

Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս,

Լուսնի մահիկը՝ որպէս իր արնոտ աղեղը ձեռքին,

Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր,

Ոչ սպանում է, ոչ կեանք է տալիս մօրս վիրաւոր..

2

Դեռ մի կարօտ ունեմ անյագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,

Բանամ ճամբիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Բալասանւեմ իր բաց Վէրքին, մանուկ ծնեմ մեռած մօրից՝

Ախուրեանի օրօրի տակ, փրկեմ Անին՝ կարօտս առնեմ:

Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց յոյսերն օրօրելով,

Որպէս որդուն իմ երկւորեակ՝ երկնհմ Անին՝ կեանքն օրօրեմ:

Ախուրեանի ջրերի պէս մօրս փէշերն համբուրելով՝

Լցւած կեանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնւեմ:

Կրծքիս սեղմեմ Անիս աւեր, բուերի տեղ սոխակ դառնամ,

Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝

Իմ Սևանի լոյսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,

Որպէս անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:

Աւեր թողնեմ միայն Քեօշքը թուրք չարայուշ բռնակալի,

Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ:

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամեայ իր խոր քնից

Արագածի պէս անխորտակ բուրգեմ Անին« վեր պարսպեմ:

Վեր փիւնիկեմ հազար ու մի տաճարներով իր աւերակ,

Մայր տաճարի գմբէթի տակ խնկեմ Անին, կեանք բուրվառեմ:

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,-

Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղօղանջեմ:

Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,

Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կեանքի կոչեմ:

Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,

Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ:

Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատւած փոքրիս խառնեմ,

Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ:

Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,

Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագաւորեմ:

Հազար տարվայ կարօտ ունի իմ երազը հազարաթև

Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ աւերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:

Որպէս ոսկի վաղվայ գուշակ, որպէս Մասիսին իմ անուշակ,

Գլխին հայոց մի դրօշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ:

3

Ախուրեանն է քեզ մայրական օրօր,

Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,

Միթե՞ իրաւ չես զարթնելու մի օր,

Անի´, միթե՞ մեր քունն ես դու, Անի´:

Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լոյս ու զրահ,

Յոյսս՝ խաւար, աւար ես դու, Անի´,

Չի մնացել քարդ քարիդ վրա,

Անի´, բայց դու գոհար ես դու, Անի´:

Հայ արւեստի դու փշրւած Մասիս՝

Անմահութեան աճիւնն ես դու, Անի´,

Փետուրներդ ցրւած հարաւ, հիւսիս՝

Մեր փիւնիկեան թռչունն ես դու, Անի´:

Քո արծվազարդ մի խոյակից անգամ

Աշխարհ գիտէ, թե ումն ես դու, Անի´,

Ա՜խ, ե՞րբ պիտի քո մէջ մէկ էլ ման գամ,

Աւեր, բայց հին մեր տունն ես դու, Անի´:

Անի´, հայոց անսպին ես դու դեռ,

Հայոց վշտի անունն ես դու, Անի´,

Հօրս կորած գերեզմանն ես անմեռ,

Անի´, մօրս մրմուռն ես դու« Անի´:

Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վէրք՝

Հայոց Պոմպէյն ու սուգն ես դու, Անի´,

Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե´ր, բացւե´ք-

Պապերիս հող մասունքն ես դու, Անի´:

Անի´, ողբ է օրօրն Ախուրեանի,-

Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,

Բա´ւ է քնես քնով սրտակեղեք՝

Հազարամեայ մեր քունն ես դու, Անի´...

Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց,

Անի´, երգիս ղօղանջն ես դու, Անի´,

Պիտի հնչես, շատ չես մնայ վայոց,

Վաղվայ որդուս մօր կանչն ես դու, ԱնԻ...

ՎԵՐՋԵՐԳԱՆՔ «ԱՆԻ» ՊՈԵՄԻՑ

(Նոր Ուղղագրությամբ)

Հովհաննես Շիրազ

Իմ Ախուրյանի այն ափին ընկած՝

Անին վիրավոր եղնիկ է կրկին,

Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝

Չեն թողնում անգամ լեզու տա վերքին:

Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրավոր,

Չի կարող լիզել կաթող արյունը վերքի դարավոր, -

Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս,

Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, -

Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս,

Լուսնի մահիկը՝ որպես իր արնոտ աղեղը ձեռքին,

Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր,

Ոչ սպանում է, ոչ կյանք է տալիս մորս վիրավոր..

2

Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,

Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Բալասանվեմ իր բաց Վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝

Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ:

Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով,

Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնհմ Անին՝ կյանքն օրորեմ:

Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝

Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնվեմ:

Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,

Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝

Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,

Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:

Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի,

Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ:

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից

Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին« վեր պարսպեմ:

Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,

Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ:

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,-

Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ:

Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,

Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի կոչեմ:

Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,

Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ:

Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ,

Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ:

Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,

Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագավորեմ:

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև

Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:

Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ,

Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ:

3

Ախուրյանն է քեզ մայրական օրոր,

Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,

Միթե՞ իրավ չես զարթնելու մի օր,

Անի´, միթե՞ մեր քունն ես դու, Անի´:

Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լույս ու զրահ,

Հույսս՝ խավար, ավար ես դու, Անի´,

Չի մնացել քարդ քարիդ վրա,

Անի´, բայց դու գոհար ես դու, Անի´:

Հայ արվեստի դու փշրված Մասիս՝

Անմահության աճյունն ես դու« Անի´,

Փետուրներդ ցրված հարավ, հյուսիս՝

Մեր փյունիկյան թռչունն ես դու, Անի´:

Քո արծվազարդ մի խոյակից անգամ

Աշխարհ գիտե, թե ումն ես դու, Անի´,

Ա՜խ, ե՞րբ պիտի քո մեջ մեկ էլ ման գամ,

Ավեր, բայց հին մեր տունն ես դու, Անի´:

Անի´, հայոց անսպին ես դու դեռ,

Հայոց վշտի անունն ես դու, Անի´,

Հորս կորած գերեզմանն ես անմեռ,

Անի´, մորս մրմուռն ես դու« Անի´:

Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վերք՝

Հայոց Պոմպեյն ու սուգն ես դու, Անի´,

Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե´ր, բացվե´ք-

Պապերիս հող մասունքն ես դու, Անի´:

Անի´, ողբ է օրորն Ախուրյանի,-

Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,

Բա´վ է քնես քնով սրտակեղեք՝

Հազարամյա մեր քունն ես դու, Անի´...

Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց,

Անի´, երգիս ղողանջն ես դու, Անի´,

Պիտի հնչես, շատ չես մնա վայոց,

Վաղվա որդուս մոր կանչն ես դու, Անի ...

Link to post
Share on other sites

«ԲԻԲԼԻԱԿԱՆ»

(Դասական Ուղղագրութեամբ)

Ցաւը տւեց սարերին

Սարերը չտարան

Ցաւը տւեց մարդուն

Մարդը տարաւ...

Մօրս խօսքերից

Երբ անյայտ ոգին աշխարհն արարող,

Որ աստւած կոչւեց դարեր ու դարեր,

Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,

Ստեղծեց համայն տիեզերքը մեր,

Եւ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,

Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն:-

Լոյսի հրճւանքը տւեց երկնքին,

Կապոյտ ծիծաղը ծովին ծաւալեց...

Ճերմակ ժպիտը սփռեց ձիւներին,

Վեհութեան խինդը լեռներին տւեց:

Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան,

Դայլայլը տւեց հավք ու հաւերին:

Հողին՝ բերկրանքը տւեց մայրութեան

Սիրոj խայտանքը տւեց ամէնքին,

Ու բոլոր վարդերն իր ուրախութեան

Շաղ տւեց այսպէս նորաստեղծ երկրին:

Բայց վշտի փուշը իրեն մօտ թողեց՝

Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հանէր,

Ո՞վ ունէր մի սիրտ՝ այնքան լայն ու մեծ,

Որ վշտի խայթը անխռով տանէր:

Ու խորհեց խորին արարողը մեծ

Եւ անտեսօրէն երկրում թափառեց.

Տեսաւ ցնծում է սիրտը հաւքերի,

Խենթ համբուրում են գազաններն իրար,

Ու նրանց տւեց խայթը ցաւերի՝

Ցրելով նրանց խինդը խելագար:

Եւ իսկոյն աշնան տերևների պէս

Ցաւից սգացին հավք ու ծաղիկներ,

Եւ կակաչների սիրտը սևացաւ,

Այն օրից իրենց լեզուն կորցրին

Ու դեռ նետում են կաղկանձով անբառ

ազաններն իրենց անեծքը լուսնին:

Եւ գթաց նրանց արարողն, ասես

Նայելով երկրի խրոխտ լեռներին,

Լեռները, ասաց հզօր են ու վէս,

Գոռոզ է նրանց կեծւացքն իմ աչքին.-

Թող քիչ խոնարհւեն ու խորհեն ինձ պէս:

Ասաց ու վիշտը տւեց լեռներին

Եւ հառաչեցին լեռները ցաւից.

Անէծք ժայթքեցին հրաբուխներով,

Ցաւից լանջերին խոցեր բացւեցին՝

Դարձան անդունդներ ու խորանալով

Այն սէգ լեռների տանջանքը լացին:

Եւ արցունքները գետերի փոխւած՝

Իբրև լեռների լեզուն փրփրած՝

Խոցւած լեռների անէծքն են լալիս.

Իսկ գագաթներին՝ ձիւնն յաւերժացած

Սառած արցունքն է, որ ցած չի գալիս:

Գթաց լեռներին արարողն ու մեծ

Ցաւն առաւ՝ անհոգ դաշտերին տւեց,

Վէրքեր բացւեցին դաշտերի կրծքին

Եւ հառաչեցին դաշտերը դարեր

Ու դեռ մնում են նրանց վէրքերից

Անապատները, որպէս սպիներ:

Գթաց դաշտերին արարողը մեծ՝

Մռայլ նայելով ծովի ծիծաղին,

Առաւ վշտի շանթն ու ծովը նետեց,

Ու ծովն անդնդից ելաւ կատաղի,

Մինչև աստղերը ծառս եղաւ ցաւից,

Այնպէս ծառս եղաւ, որ կոհակների

Մատները կարծես աստղերն հանեցին

Որպէս երկնքի աչքերը անգութ,

Որ նոյնպէս լացին...

Այնպէս ծառս եղաւ,որ յատակներից

Քարացած արցունք՝ աւազն երևաց,

Դարեր մոլեգնեց ու հետքը ցաւի

Ալիքների մառ կնճիռը մնաց

Եղծելով չքնաղ երեսը ծովի:

Ծովին էլ գթաց արարողը լուռ,

Ցաւն առաւ ծովից երկնքին տւեց,

Ամպերով գոռաց երկինքը զարհուր,

Ցաւից անձրևը կարկուտի փսխւեց,

Անէծք կայծակեց ու լացեց անյոյս,

Ու մնաց լուսինն աչքում երկնքի,

Որպէս մի շիթը սառած արցունքի:

Իսկ յաւերժական ցաւից հալածւած

Աստղերն այն որից ասուպներ դարձած

Թռան ու մեռան իրար գրկի մէջ,

Եւ դարեր ցաւը երկնքում մնաց՝

Ցրեց աստղերի դաշնութիւնը պերճ:

Ու ցաւն առնելով արարողն էլի

Խորհում էր՝ ում տար, որ գէթ մի գիշեր

Անխռով տանէր պարգևն ահալի,

Որ, աւա¯ղ ինքն էլ չէր կարող տանել:

Սոսկաց, թէ ցաւը կմնայ իրեն...

Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում,

Երբ տեսաւ մօտիկ հովտում տարօրէն

Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում,

Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում...

Տեսաւ, խաղաղւեց խռովյալ ոգին,

Եւ ասաց՝ լոկ սա կարող է տանել,

Ու մարդուն տւեց վիշտը երկրային

Եւ ինքը թեթև սլացաւ եթեր...

Եւ ծնւեց մարդու դեռ վայրի սրտին

Ցաւի զգացումն ու ահը մահւան.

Եւ մարդն այսույետ խեթ նայեց վագրին

Սրելով աչքը ժանիքի նման:

Այդ ցաւն էր մարդու աչքերը բացեց,

Եւ մերկ ուղեղը զգեցած ահով՝

Զգաց, որ մահն է վիշտն ամէնամեծ

Եւ կռւի ելաւ մահւան դէմ մահով,

երեզմանի դէմ դնելով մանկան

Ոսկի օրոցքը՝ իր յոյսն օրօրեց,

Իր մահը դարձրեց գոյի հոլովում

Ու սերնդաշար ապրեց վերստին՝

Տանելով դժնի վիշտը մօր մահւան,

Դիմացաւ որդոց անհետ կորստին,

Տարաւ դառնանուշ տանջանքը սիրոյ,

Տոկաց բնութեան խօլ աղէտներին,

Ու լցւած կեանքի ծարաւոտ սիրով՝

Դիմացաւ այրող վէրքերի ցաւին:

Բայց իր թոյնի հետ վիշտն էլ մեղր ունի՝

Եւ առագաստը բացեց մտածման

Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի,

Վիշտը, որ դարձաւ յոյսի օթևան...

Ու երբ նորախոհ մարդը մի վայրկեան

Առաջին վշտերն յոյսի մէջ խեղդեց,

Ոգին հիացքով յայտնւեց անձայն՝

ոյութեան կռւի ցաւերն էլ տւեց:

Բայց մարդը կրա¯կ պոկեց ժայռերից

Լոյսի ծնունդով ցաւերը մեռցրեց.

Ու կենաց պտուղն հանապազօրեայ

Իր տառապանքի անտառում գտաւ,

Ու ոգորումով յաղթեց այն վշտին,

Որից խօլական մամոնտը կորաւ...

Եւ դարեր ծխաց սիրտը մարդկային,

Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով,

Բայց չկորցրեց իր յոյսն աստղային

Եւ իմաստութեամբ իր նորաբողբոջ

Դարեր գուպարեց ին նմանի դէմ,

Որ լուծ էր դարձել իր բիւր ուսերին,

Մարդը մարդուն գայլ ոսկորով դժխեմ...

Բայց անագորոյն ոգին նորից նոր

Մարդու մէջ քամեց գետերով պղտոր

Իր տիեզերքի ցաւերը բոլոր,

Եւ հրամայեց ապա մայր հողին,

Որ մարդու առջև բարիք չփռէ,

Եւ անապատի փոխւեց տխրագին

Մարդու աչքի դէմ՝ դաշտը զմրուխտէ,

Այնպէս տոչորւեց և հողն աշխարհի,

Որ անապատում օձն էլ իր ձագի

Աչքի արցունքը ծարաւից խմեց...

Այնպէս, որ ծովն էլ շոգից կարկամեց:

Բայց ինչքան շատ է մարդն իմաստանում՝

Իր ցաւերն այնքան հեշտ է դարմանում:

Ու մարդը խորհեց և մառ դաշտերից

Փախած գետերը ձորերից հանեց

Եւ անապատւած դաշտերում սփռեց՝

Եւ գինի քամեց դաժան դաշտերից...

Եւ մեղրագետեր քրտինքով քամեց:

Եւ դժնետեսիլ հոգսերով ելաւ

Պեղեց ծովերը, լեռները պեղեց,

Աստծոյ թաքցրած գանձերը գտաւ

Ու մտքի ձեռքը աստղերին մեկնեց

Եւ լուսնի վրայ մահեր նշմարեց...

Եւ կեանք նշմարեց աստղերի վրայ,

Եւ մահւան ահից իմաստնանալով՝

Գտաւ հիւլէի հոլովումն անմահ,

Շարժմունքն անընդմէջ ու նորից խորհեց,

Զգաց, որ երկու անգամ չի կարող

Անցնել նոյն ջրով նոյն գետի՝ անցնող:

Զգաց, որ մահը և կայ և չկայ,

Որ նիւթն, ինքնագոյ, շարժւում է նորէն,

Որ ոչ թէ Աստւած ստեղծեց մարդուն,

Այլ մարդն իր ահից ստեղծեց Աստծուն,

Դարերի մթնում իր խարխափանքի,

Նիւթին անգիտակ՝ նա երկնեց ոգի

Եւ կոյր խնկարկեց պատրանքն իր ունայն,

Մարդը, որ ծնւեց ծովափնեայ տիղմից

Ու դարձաւ միակ խոհը բնութեան,

Կռահեց, որ հողն է աճիւնն արևի

Եւ եղել է, կայ, անստեղծելի,

Ու անեղծելի, ու դարեր խորհեց,

Եւ իմաստութեամբ իր լուսաբողբոջ՝

Իր արցունքի պէս սրբելով ընկճեց

Իր ցաւերի հետ ցաւերն ընկերոջ.

Եւ կործանելով իր մէջ գազանին՝

Նա իր մէջ զգաց երազներ վսեմ,

Լոյսը դարձնելով իր սպեղանին՝

Անցաւ ցաւերի ճամփէքը դժխեմ,-

Նոյն ծաղկից թէ´՝ թսյն, թէ´ մեղր քամեց,

Եւ աստծուց հզօր՝ ինքն էլ արարեց

Չեղած հրաշքներ աշխարհի վրայ,-

Իր արաչութեան խնդութեամբ խեղդեց

Մարդը բիւր դարեր բիւր ցաւերն իրա:-

Մարեց կրակով իր ստեղծագործ՝

Ցաւերի ծովը իր մի բուռ սրտում,

Եւ տիեզերքում լոկ մարդը՝ անեղծ

Վշտին յաղթելով՝ դարձաւ իմաստուն:-

Այդ աշխատանքն էր, որ ինչպէս դարբին

Կռեց ու կոփեց հոգսերի սալին

Բիրտ անբանից մարդ ու մարդուց Աստւած...

Եւ վերջին անգամ ոգին յայտնւեց՝

-Դու, ասաց մարդուն, վշտին յաղթեցիր,

Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,-

Քո մտքի թագով իր արքան դարձիր:

Վշտին յաղթողը՝ իշխանն է խինդի,

Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն,

Ինքդ ստեզծիր հողը դրախտի

Եւ սնիր որ յար վայելես նրան,

Որ վշտիդ գետերն էլ չծովանան:

Իշխիր ծովերի մռայլ յատակում,

Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր,

Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում,

Մրջիւնեց մինչև աստղերին իշխիր:

Եւ ինչ որ քո դէմ գաղտնիք թողեցի՝

Պեղիր տիեզերքն՝ յայտնութիւն դարձրու,

Դու՝ հրաշքներիս հրաշքն իմաստուն,

Թող վիշտ ու խինդդ անբաժան լինեն՝

Ինչպէս կակաչի կարմիրն ու սևը,-

Եւ թող յաւիտեան ախոյան՝ բախւեն

Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սէրը...

Եւ թող յոյսերս քեզ ապաւինեն,

Եւ թէ արտասւես՝ թող քո արցունքից

Գոհար խաղողի ողկոյզներ ծնւեն,

Թող նոր հրաշքներ ծնւեն քո ձեռքից...

Եւ իմաստնացած կգնաս այդպէս,

Դարերի անտես սանդուղքով կելնես

Դէպի կատարը կատարելութեան,

Որ միջօրէի արևի նման

Փարատես մութը ոգուդ չարութեան,

Եւ աղաւնանաս քո նմանի դէմ,-

Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես

Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպէս

Ազնիւ խտածւացքն ահեղ բնութեան՝

Հասնելով ոգու ներդաշնակութեան:

Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահութեան,

Որպէս նոր գինի, ի ցիւ դու գտնես,

Ըմպես, որ չիջնես ձորը ծերութեան,

Որ կեանքով լցւես ու նորից ելնես

Կանաչ սարերը քո պարմանութեան.

Որ տիեզերքում լոկ ինքդ լինես

Յաւերժ տիրական յավերժ բնութեան...»:

Եւ լռեց յաւէտ ու մարդու սրտի

Հովիտներն իջաւ, ընկնող աստղի պէս,

Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի,

Որ մարդն հասկացաւ անբարբառ լեզուն

Մեծ իմաստութեան ու տիեզերքի:

Ու ողջ բնութիւնն ապշեց մարդու դէմ.

Ծովերն աչք դարձան մարդու դէմ ապշած,

Եւ դարեր ահա մնացել են բաց...

Երկնակամարն էլ յոնքն է՝ վեր քաշւած՝

Յաւիտեան ապշած մայր տիեզերքի

Արեգակնաբիբ կապուտակ աչքի...

Բայց իմաստնացած մի պարմանի պէս՝

Մարդն էլ իրենով հիացաւ կարծես,

Ու մեծ տենչանքի ու կրքի ճամբով

Ելաւ փնտռելու իր ստեղծողին,

Տիեզերախոյզ մտքով թափառեց,

Հիւլէից հարցրեց, հասաւ աստղերին,

Հազար մի չեղած հրաշքներ երկնեց

Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,-

Չափւել նրա հետ,

Գտնել աստծուն՝

Պեղելով նրա առեղծւածը մեծ...

Կասկածեց, յուսաց ու դարեր փնտռեց,

Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝

(Իր վայրի քարայրն յավիտեան թողած

Այն վաղնջական խաւարի հովտում

Անբան գազանին՝ լեզուն կորցրած)...

Իսկ բարձունքներում լոյսերով լցւեց

Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային

Արևի ճամբին, ուր դարեր փնտռեց,

Ու երբ չգտաւ՝

Այն բիբլիական

Յարդագողն արած իր մտքի ճամբան,-

Ու երբ չգտաւ՝ ելաւ նորախոհ՝

Էլ չապաւինեց նա ոչ մի աստծոյ

Ու ոչ մի ոգու, որ իբր ահի

Տեսիլն էր անգոյ՝ այս տիեզերքում.-

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Այնինչ նիրհում է աստւած իր հոգում:

«ԲԻԲԼԻԱԿԱՆ»-Ի ՎԵՐՋԱԲԱՆԸ

1

Ոչ թէ աղջկա բախտն ես գուշակում,

Որպէս մի գնչու՝ ցնորք ափիդ մէջ,

Դու գիտես, թէ ծովն ինչ Է մտորում՝

Ծովն իր կաթիլի՝ իր պատկերի մէջ:

2

Դու, որ դուրս ելար ցաւերի ծովից,

Կանչես՝ վար կիչնե գարունն արևից,

Եւ թէ գետերի վրայ որոտաս,

Գետերն հինաւուրց հունը կփոխեն,

Բաւ Է ճակատիդ ադամանդը տաս՝

Անապատները մեղր կբխեն:

Կանչես՝ ժայռերի կրծքերից յանկարծ

Անտառներ կելնեն՝ գարուններ գրկած:

Մինչև կոկոններն աչքերը բանան՝

Կանչես՝ ծովերը պիտի միանան:

Լեռներին մինչև դայակ չդառնաս՝

Յղի լեռները չեն ծնի գանձեր,

Քանի պատւաստն է ձեռքդ բնութեան՝

Կջահելանան անտառները ծեր:

Քեզ դարեր սաստած կայծակները քեն՝

Մի փունջ երկաթի մէջ կբանտարկես:

Կկտրի, կանցնի օվկիաններն անվերջ

Քո շշուկն ահա՝ մի վայրկեանի մէջ:

Եւ ցած բերելով թևաւորներին՝

Դու երկնքումն էլ բացիր քո ճամփան,

Հրամայեցիր՝ քեզ առաւ թևին՝

Երկինք սլացաւ բրոնզն անկենդան:

Այն չես՝ ում սիրտը աչք էր վագրենի,

Սիրտդ՝ չար ծովեր ծածկող գթութիւն:

Քնքշանքդ բացեց լեզուն գազանի,

Եւ հաւքերն ահա երգերդ են կրկնում:

Եւ միակ խինդդ է՝ ոչ թէ նմանիդ՝

Այլ խօլ հողմերին գրաստդ կանես,

Եւ օրօր կասես քեզ ծնած հողիդ,

Դու հող, բայց հողից դրախտ կծնես:

Ձեռքդ կնիքն է կախարդանքներիդ

Եւ մարդուց բացի՝ ամէն գոյ՝ գերիդ,

Դու երկրէ-երկիր պճնողն աստղերի,

Դու դեռ խորտակողն անարգ թագերի:

Խօսքդ -բնութեան ճակատագիրը,

Գործդ -երազիդ գալոց երկիրը,-

Դու մարդը՝ խորհող հիւլէն բնութեան,

Հիւլէն՝ տիրակալն անսահմանութեան,

Տիեզերանիւթ շաղախից մի բուռ՝

Բայց մի տիեզերք՝ քանզի բիւրաղբիւր

էակների մէջ քո հին զուգընկեր՝

Լոյս ծնելն հողից քեզ է վիճակւել,

Եւ կգա դարը՝ կհրամայես՝

Գիշերն արևն էլ կզարթնի քնից

Եւ քեզ կնայէ նա էլ ապշադէմ,

Եւ կշշնջա՝ «Այս դու ես, որդի¯ս,

Ո´վ մարդ, բայց հազիվ քեզ ճանաչեցի,

Այնքան լուսաւոր թւացիր աչքիս

Թւաց թէ աչքս ես իմ դէմ բացի...

Բայց Ի՞նչ ես փնտրում անգամ գիշերով,

Երբ բաց աչքերով աստղերն են քնել,

Ինչո՞ւ ես մինչև աստղերը հանել

Մտքիդ գլուխը, ի՞նչ վիշտ կայ նորից,

Երբ մի բուռ հողից վայրի բնութեան

Դու քեզ հասցրիր կատարելութեան,-

Ինչո՞ւ չես ննջում»:

-Չեմ ննջի երբեք,

Քանի գաղտնալից տիեզերքն այս սեգ՝

Չի բացել իմ դէմ ծալքերն իր բոլոր,

Քանի դեռ մութն է ու խորհրդաւոր.

Քանի դեռ անդուռ առեղծւած մնան

ոյութեան գաղտնիքն ու քէնը մահւան.

Չե´մ ննջի երբէք՝ մահը կա քանի,

Քանի չեն դարձրել յաւերժ պատանի

Ինձ յայտնութիւններն իմ իմաստութեան.

Քանի գործս՝ յաւերժ, կեանքս է մի վայրկեան.

Քանի լուսնին էլ ծաղիկ չեմ ցանել,

Քանի լուսնից էլ մահը չեմ վանել,

Քանի չի դիպել դեռ ոտքս Մարսին,

Քանի չեմ հասել լոյսերիս լոյսին՝

Անմահութեանը մարդկային կենաց,

Որին արժան է մարդը տառապած...

Քանի մի ձեռքս միւսիս համար

Կոթող է յղկում, կամ թէ շիրմաքար,

Քանի ագռաւն իսկ մարդուց շատ կապրի,

Կամ բաոբաբը՝ եօթն հաղար տարի,-

Մինչ մարդս... պիտի գերեզման իջնեմ՝

Չապրած փետրի չափ հաւքի մի նսեմ,

Մարդը՝ խոհերի մի նոր աստղածով,

ճանապարհորդը ծիր կաթինների,

Մարդն էլ հողածին, բայց մարդն իր գլխով՝

նժարն անհամար մոլորակների,

Մարդն՝ յաւերժօրէն չարի դեմ հաստւած,

Մարդն՝ արարչությամբ՝ -Աստծոյ աստւած,

Բայց այս իր խոհն է՝ գործն յաւերժական,-

Իր կեանքով սակայն

Մարդն յաւերժի դէմ ի¯նչ է՝ մի վայրկեան,

Թիթէռի մի կեանք, մի բառ՝ մահւան դէմ՝

Որ չարտասանած գերին է մահւան...

Մինչդեռ մարդկային ծարաւն առաջին՝

Տիեզերասոյզ տենչն է իմ վերջին.

Յաւիտեան ըմպել երկինքն աստղալից,

Յաւերժ վայելել գգւանքը կնոջ,

Չհանգչի երբեք կիրքս մրրկալից,

Ոտքիս տակ բացւի լուսինը բողբոջ,

Նմանս ծնել - աստղերի մէջ,

Անմահ վայելել տիեզերքն այս պերճ,

Եւ սիրտս դառնայ բերդն անմահութեան,

Վայրկեանի սիրտս՝ դարեր տառապած...

Ու թէև ինչպէս կեանքը սխրալի՝

Մահն Էլ Է շարժմանց պատճառն անհեղլի՝

Առանցքը շարժմանը ներդաշնակութեան,

Բայց կեանքն Էլ ինչքան շատ գեղեցկանայ՝

Մահն աչքիս այնքան կըտգեղանայ,-

Կդառնայ վերջ(ին ոսոխս ամեհի...

Բայց ելնում ընդդէմ զառամեալ մահի՝

Եւ կռւելու եմ այնքան ժամանակ,

Մինչև՝ ինչպէս գահն իմ աստւածների՝

Թափուր գահ դառնայ մահն Էլ ոտքիս տակ...

(Շարունակելի)

Edited by hravart
Link to post
Share on other sites

«ԲԻԲԼԻԱԿԱՆ»

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՉԱԿԱՆԸ

(Դասական Ուղղագրութեամբ)

Մրջիւնն անգամ թէ պակասի՝

Աստւած ինքն էլ իսկոյն կասի,

Թե պակաս է ճոխ բնութեան

Ծիածանից մի գոյն, մի բան:

1

Աշխարհի եօթը հրաշալիքներ,

Հրաշքը մարդու լուսին ելնելն Էր:

Բայց հրաշքների հրաշքը վսեմ,

Թե ի՞նչն Է՝ այս հին հրաշքով կասեմ:

Այն՝ թէ ծաղկունքն Էլ, ինչպէս ծիածան,

Ո՞ւմ ձեռքով և ո՞ւմ համար համրացան:

Եւ լցւեց աշխարհն՝ ի՞նչ հրաշքներով,

Ի´՞նչ յաւերժատև ազգ-աշխարհներով:

Աշխարհի հազար հրաշալիքներ,

Հրաշքն՝ Աստըծոյ յաւերժ կնիքն Էր...

2

Ծաղիկներն ինչո՞ւ այսքան վիշտ ունեն,

Այսքան վիշտ ունեն, բայց լեզու չունեն,

Ինչքան քաղում ենք, քաղում ենք, քաղում,

Ոչ մէկի շուրթին բողոք չի դողում,

Այնինչ՝ ցաւում է սիրտն ամէն ծաղկի,

Երբ որ քաղվում է ծաղիկն իր կողքի,

Եւ զողն արցունքն է՝ իր վշտի վկան,

Համր բողոքի լեզուն է - սակայն՝

Ասում են ծաղկունքն էն գլխից այսպէս համր չեն եղել,

Ամէն ծաղկացեղ իր նուրբ լեզւով է խօսել, ծիծաղել,

Երբ դեռ նորաստեղծ վայրենամարդը վարդ չունէր կրծքին,

Երբ համր էր մարդը՝ երգով էր թովում վարդը սոխակին,

եղգեղում էին ողջ ծաղկացեղերն՝ ամենն՝ իր լեզւով,

Իրար հարցընում՝ թէ արդեօք ո՞վ է ստեղծել մեզ, ո՞վ...

Բացի անլեզու այս երկոտանուց՝ ի¯նչ լաւ է ողջը,

Իր լեզուն ունէր խնկավարդն, ինչպէս առւի խոխոջը:

Սոխակների հետ վիճում էր երգող վարդացեղը ողջ,

Կապոյտ երիցուկն ունէր հունչ-լեզուն իր նորաբողբոջ,

Իր լեզուն ուներ նունուֆարների ցեղը նրբախօս:

Երգի էր նման արևածաղկի լեզուն մեղրահոս,

Մեղրի մրմունջ էր անվարար լեզուն հօրոտ-մօրոտի՝

Բարկութեան մէջ էլ նման էր ձայնը քնքուշ որոտի:

Թէպէտ դեռ Մասիս անունը չկար, բայց գլխին ձիւն էր,

Կակաչն այնպիսի նուրբ լեզու ունէր, որ վարդը չունէր,

Այնպէս էր ասում, այնպէս էր խօսում,

Որ թէ´ խնդութիւն, թէ´ վիշտ էր հոսում,

Հեգ մարգարէի հրէ լեզւի պէս՝

Ե´վ խոնարհ, և´ վեհ, և խրոխտ, և հեզ,-

Այսպէս անզոյգ էր կակաչների ցեղն իմ վարդանման,

Երբ նա էր երգում՝ խոր լռութիւն էր տիրում անսահման,

Մասիսի լանջին ականջ էր դնում գայլն էլ կակաչին,

Որի նուրբ լեզուն նման էր վճիտ առվի կարկաչին:

Իր լեզուն ունէր դեղին տուղտացեղն, իր անզոյգ լեզուն,

Ամէն ծաղկացեղ լոկ իր լեզւով էր Աստծոյ հետ խօսում:

Իր լեզուն ուներ այժմ համր ցեղն այս շուշանների,

Որ շատ էր նման մեղմանուշ լեզւին մանուշակների,

Քանզի համր չէր մանուշակ ցեղն էլ՝ իր քնքուշ լեզւով,

Ասում, խօսում էր, կանչում, վիճում էր հազար մի ձևով:

Աստղերի հետ էր աստղածաղիկը հարցով զրուցում՝

Թէ ինչ է մարդը, կամ ծով ու ցամաքն ո՞վ է ստեղծում...

Մարդը ձայն ունի, բայց լեզու չունի՝ ինչի՞ց է արդեօք,

Իր լեզուն ուներ այս հուսամ ծաղկանց ցեղն էլ մտահոգ,

Վարդից էր հարցնում թէ՝ «Ինչո՞ւ մարդը՝ ցաւերին գերի՝

Չգիտէ, որ մենք իր ամենաբոյժ դեղն ենք վէրքերի...»:

նուրբ գեղգեղում էր նարգիզների ցեղն ամենաչքնաղ,

իր լեզուն ունէր մայիսեան դեղին ծաղկացեղն ուրախ,

Երբ նա խօսում էր՝ համբոյր էր թւում իր ձայնը մեղուշ,

Իր լեզուն ունէր ոսկեբիբ ցեղն էլ օշօշի քնքուշ:

Անուշ էր լեզուն եասաման ծաղկանց, մեղուշ էր այնքան,

Որ թվում էր, թէ մանուկի շուրթին կաթ էր մայրական,

Երբ որ խօսում էր ձնծաղիկացեղն՝ իր երգ ու տաղով՝

Լուռ լցվում էին Մասիսի ձիւնի աչքերն էլ շաղով:

Իր ոսկեշշուկ լեզւով էր խօսում ծաղիկն անթառամ,

Իր լեզուն ունէր նոյնիսկ չարախօս փուշը դառնահամ:

Հապա յասմի՞կը, սոխակն էլ չուներ լեզուն յասմիկի,

Որ, ասես, լիներ մրմունջ ու ղողանջ՝ արծաթէ զանգի:

3

Ու բազմալեզու դայլայլում Էին ծաղկունքն անհամար,

Ծաղկանց անուշ բոյրն ու քնքուշ լեզուն մրցելով իրար՝

Մեղրածով Էին ղարձընում Մասիսն ու հովիտն իր ծով,

Լոկ սատանան Էր ականջը գոցում իր չար նախանձով,

Որ Էլ չլսեր այս մեղրահամերգն իր ճամփամիջին,-

Աստծոյ ստեղծած շշուկն Էլ շանթ Էր թւում ականջին,

Քանզի, ասում են, Աստւած զրկել Էր դրախտից նրան,

Ահա թէ ինչու մերթ օձ Էր դառնում, մերթ կին՝ սատանան,

Փախչում Էր մարդու քարայրախորքը՝ դեռ վայրի ոգու,

Դրդում Էր մարդուն՝ աստծոյ ընդդեմ, ոխով ահարկու,-

Բայց մարդն ի նչ Էր որ, անլեզու, անբան, գորգից դեռ մի թէլ,

Նոր Էր չորեքթաթ գնալուց ելել, բառ չէր թոթովել:

Աստւածախանդը նենգ ու դիւային

Լսում լեզուներն այս աստւածային՝

Սև բիծ էր ուզում գցել աստծոյ հրաշքի վրայ,

Չար քրքջում էր, բայց թէ՝ անզոր էր քրքիջն էլ նրա,

Քանզի գոռում էր հազարալեզու ծովը ծաղկունանց,

Երբ կոխոտում էր վայրագ փղերի փաղանգը նրանց,

Կամ թէ՝ քայլող լեռ մամոնտն էր ճզմում ծաղկածովը նուրբ,

ճչում-մռնչում, վանում էր չարին ծաղկածովը սուրբ:

Այսպէս՝ էն գլխում՝ իր լեզուն ունէր ամէն մի ծաղիկ,

Ամէն ծաղկացեղ իր լեզուն ունէր,

Բայց աստծոյ գլուխգործոցը՝ համրիկ,

Վայրենամարդը: դեռ լեզու չուներ.

Համր ու ձիւնակերպ ծածկում Էր հովիտն Էակն առաջին

Իր մի բուռ վայրի թոռն ու ծոռներով, մայր լեռան լանջին,

Դեռ մանկաթոթով, անմարդալեզու, վայրենավոհմակ,

Խօսող ծաղկանցը՝ լուռ նախանձելով համր ու գլխահակ,

Համր ու անբարբառ, լուռ թափառում Էր անլեզուն անբան,

Քարայրամարդուկ մի կաթիլ աստւածն ու ծով սատանան:

Լուռ դեգերում Էր՝ տանելով անվերջ

Վայրենավագրին համր սրտի մէջ,

Մունջ ու անմռունչ վայրենին անբան,

Դեռ չէր էլ փնտրում մարդացման ճամբան,

Վայրենապտղած, մութ անտառներում,

Իր գանգի պէս լուռ մութ քարայրներում,

Համր ու անլեզու, համր ու անսփոփ,

Մի բուռ բազմութեամբ՝ բազմանում էր ցոփ,

Երգող հաւքերի, խօսող ձաղկանց մէջ

Լուռ բազմանում էր համրամունջ ու խեղճ,

Լցնում Մասիսի հովիտները նոր

Անլեզուներով, համրերով, սակայն

Հանապազօրեայ վշտից բազմախոր

Ուզում էր խօսել բնազդով մանկան,

Բերան էր բացում երազով լեզւի,

Ուզում էր խօսել, որ վիշտը կիսէր,

Որ փակ բերանով սիրտը չկիզւէր...

Մանուկ բնազդը օգնում Էր խօսել,

Ճգնում Էր, տնքում, բայց լեզու չուներ,

Ուզում Էր բանալ սիրտը նմանին,

Ցաւերը ցոյց տալ, իսկ ցաւն անհուն Էր:

Ու կափկափում Էր համր վա յրենին

Եօթանասունեօթ իր թոռն ու ծոռով,

Հազիվ թոթովում ձեռքի. . . բարբառով:

Անլեզու ձայնով, ձեռքով Էր խօսում

(Ինչպէս անբարբառ համրերը հիմա¤,

Լեզւի բնազդով խօսել Էր ոզում,

Կիսել էր տենչում իր վշտերն անմահ,

Աչքերի շանթով, ձեռքով Էր խօսում,

Բայց ձեռքով սրտի ամպը չես կիսի,

Այն Էլ անպտուղ լաբիրինթոսում՝

Քաղցի քաոսում երկրի քաոսի:

Եւ ծաղիկների լեզւաժխորում

Իր անդուռ բախտի մասին Էր խորհում,-

Երբ մեծ արարողն իր երկրին նայեց,

Տեսաւ՝ դեռ լուռ Է մարդն հազարացաւ:

-Լռեցե´ք յաւերժ, - խուլ հրամայեց,-

Ծաղիկների ծովն իսկոյն համրացաւ,

Սատանան ժպտաց, նրան թւաց թէ Աստւած սխալւեց,

Քանզի աշխարհի գեղեցկութիւնը իսկոյն մռայլւեց,

Երբ որ պապանձեց հազարալեզու համերգը ծաղկանց,

Ու մտքում մի պահ ծափ տւեց չարը սատանակաղկանձ,

Երբ Աստւած, իբր, իր ստեղծածը մեռցրեց, ցրեց,

Թւաց, թէ՝ իրաւ խելքը կորցրեց, ողջը մեռցրեց:

Բայց նորից մթնեց դժնի սատանան,

Նորից կորցրեց իր յոյսի ճամփան,

Եւ նախանձն յորդեց, իժ դարձաւ լորտուն,

Երբ Աստւած տեսաւ իր հազարավիշտ, բայց համր մարդուն,

Ասաց՝ «Իմ լեզւին պէտք չունեն անվիշտ ծաղկունքն հազարան,

Այս հազարացաւ մարդոց Է վայել լեզուներն համայն:

Իմ նուրբ ծաղկանցը պէտք չէ հուր լեզուն,

Անլեզու վիշտն է լեզու երազում երկրի քաոսում:

Մարդն համակ վիշտ է, և թող դարերում, երբ վիշտը սեղմի,

Թող խօսի մարդը, թող ցաւը պատմէ, որ ցաւը մեղմի,

Թող լեզւաւորւի, երբ ազատ խօսի՝ նոր իմաստանայ,

Իմաստնանալով ողջ տիեզերքի գաղտնիքը բանայ,

Բացի գաղտնիքից իմ աստւածային...

Թող ցեղաւորւի և լցնի հողագունդն այս դեռ դիվային»:

Ասաց ու մարդկանց պարգևեց ծաղկանց բիւրացեղ լեզուն,

Որ ծաղկանց նման մարդիկ մեղմանան ու դառնան խօսուն,

Բազմացեղւելով, - ամէն մի ցեղը մի ծաղկալեզւով,-

-Թող բազմախօսի, որ թէթևանան ցաւերն էլ իր ծով,

Թող երգի, խօսի, գեղգեղայ, հոսի գեղեցկութիւնը,

Թող ծիածանւի հազարախօսուն ողջ մարդկութիւնը:

«Զի պիտ մարդանայ ոչ միայն հացիվ,

Այլ բանիվ սրտի, այլ մտքի բանիվ...»: -

Ասաց արարողն ու ծաղկէ-ծաղիկ

Իջաւ, ման եկաւ՝ վերջին երկունքով,

Եւ աշխարհարար ձեռքով անմեղիկ

Սկսեց մէկ-մէկ պոկել հիացքով

Ծաղկանց բերանից հազարագոյնի լեզուներն այլ֊այլ,

Ծաղկանց բերանից ծաղկանց լեզուներն հազարադայլայլ

Իր հազարացեղ լեզուներն անբիծ

Մեկ առ մեկ պոկեց ծաղկանց բերանից,

Ինչպէս բերանից թոթով մանուկի՝

Պոկեց առաջին անուշիկ լեզուն իր ձնծաղիկի,-

Մանուկի նման ճչաց ձնծաղիկն ու յաւէտ լռեց,

Բայց արարողը նշխարեց լեզուն ու լեզուն բերեց

Մարդկանցից մէկի համր ու անլեզու բերանը դրեց,

Իր աստւածային շնչով էլ օծեց բերանն էլ մարդու,

Մօր կաթնաոգով շունչ տւեց լեզւին իր ադամորդու,

Եւ իսկոյն խօսեց վայրենին՝ լեզւով հեգ ձնծաղիկի,

Հազիվ թոթովեց. «Մա´, մա¯յր՝ իմ կեանքի,

Մի՞թէ իմ վիշտը չպիտի կիսես,

Որ ցեղս մեծնա՝ լիճս՝ ծովի պէս»:

Այս եղաւ մարդու առաջին խօսքը,

Որ, ասես, բացեց իր ոգեխորքը,-

Եւ աղօթքի պէս մարդն րնկաւ ոտքերն իր արարողի,

Այս մարդուն ճամբեց Աստւած հեռուներն իր ձիւնահողի,

Ուր մեղմ բազմացաւ ինքնաձև լեզւով՝ ուր էլ որ գնաց,

Խօսեց անխօսը... այնինչ՝ ձնծաղիկն անլեզու մնաց,

Յաւերժ համրացաւ ապշած աչքի պէս:

Եւ հրամայեց արարողը մեծ.

- Քո այս նուրբ լեզւով բազմացիր դու հեզ,

Քանի ձնծաղիկն համր գայ աշխարհ,

Քո լեզուն թող քո բէրանում Խօսի,-

Դու, քո երգն ասա աշխարհին արար,

Որ քո խօսքն այլոց վշտերն Էլ կիսի:

Եւ մինչև այսօր ձնծաղիկի տեղ այն ցեղն Է խօսում,

Որ ծւարել է մեծ հողագնղի ձիւնահիւսիսում:

Երբ այս արարեց՝ միւսին հակւեց,

Հրաշք մօր նման հուշիկ մօտեցաւ իր մանուշակին,

Մանուկ մանուշակն ահից թաքնւեց,

(Եւ յաւերժ մնաց թփերի տակին...¤:

Կուչ եկաւ ահից մանուշակն՝ աստծոյ լեզուն բերանում,

Թաքնւեց թփում, ինչպէս դեռակոյսն իր հօր վրանում:

Ասես չէր ուզում զրկւել իր լեզւից մանուշակն իմ հեզ,

Լացեց քնքշաճիչ, բայց խիղճը կորցրեց արարողն, ասես,

Եւ իսկոյն պոկեց հեգ մանուշակի քնքշանուշ լեզուն,

Հուշով նշխարեց, օձեց համբոյրով իր աստւածազուն,

Մի անշեջ ու հեզ, կապոյտ բոցի պէս

Դրեց բերանը վայրենակաղկանձ ուրիշ մի մարդու,-

Ինչպէս մայրն է միշտ դնում ստինքը բերանը որդու:

Սա էլ թոթովեց և այնպէս խօսեց հետն իր արարչի,

Ինչպէս օրոցքից մանկան առաջին բառը դուրս թռչի.

-Այն ճամփեն տուր ինձ, որ միշտ հետդ գամ,

Աստւած իմ, հայր իմ, որ ծով բազմանամ,

Եւ դեղին ծաղկից ծնւածն ինձ չուտէ.. .

Եւ այնտեղ ճամբեց այս նորաթոթով մարդուն բարբարոս,

(Աշխարհ բերելով մի նոր մարդացեղ՝ մանուշակախօս¤,-

Ուր Կարմիր ծովն էլ ծափ տւեց անմարդ իր ափերի հետ,

Քանզի բազմանալ սկսեց խօսուն ցեղն այս նորակերտ,

Մանուշակագոյն, մանուշակաբոյր լեզւով իր միակ,-

Ահա թէ ինչպէս համրացաւ խօսող ցեղը մանուշակ:

Եւ հրամայեց լեզու առածին արարողը մեծ.

-Քանի լուռ մնան մանուշակներդ՝

Մանուշակ լեզւով բազմացիր անեղծ,

Ազգ դարձիր և թող ծնւեն երգերդ

Քո միակ լեզւով մանուշակագոյն,

Այն, որ ոչ մի ցեղ չունի աշխարհքում.

Դու էլ չունենաս բոյրը ոչ մեկի,

Բացի բուրմունքից քո մանուշակի:

Եւ մկրտելով մայր աւազանում նեկտար նեղոսի՝

Կնքեց, որ իր նուրբ մանուշակ լեզւով յաւիտեան խօսի:

Այնինչ՝ իր կողքին մանուշակ ծաղիկն յաւերժ համրացաւ,

Եւ դարեր անցան՝ ոչ մի խօսք չասաւ,

Եւ անեծքն անգամ շուրթին կարկամեց:

Եւ շարունակեց, արարողը մեծ,

Ոսկէ մեղւի պէս՝ մայիսեան դեղին ծաղկին մօտեցաւ,

Որ լեզու ունէր և սակայն չունէր սա էլ ոչ մի ցաւ:

-Անհոգ արարածն ի՞նչ կանի լեզուն,

երբ մարդոց մէջ են ցաւերը հոսում,-

Խորհեց արարողն ու պոկեց լեզուն մայիսեան ծաղկի,

Որ մի վայրենուց մի նոր ցեղ ծագի:

Ու լեզուն դեղին մեղրի պէս բերեց ՝

Ուրիշ մի համրի բերանը դրեց,

Վայրենատեսիլ ուրիշ մի համրի:

Մարդն իսկոյն խօսեց՝ «էլ ի՞նչըս խամրի,

Աստւած իմ, մայր իմ», և իսկոյն ընկաւ ոտքերն աստծու,

Եւ Աստւած կնքեց. «Չես մնա ածու,

Քեզ եմ պարգևում լեզուն այս ծաղկի,

Որ քո բերանում յաւիտեան ծաղկի:

Ձմեռն էլ խօսի քո բերանի մէջ այս ծաղկի բոյրով,

Որ ցեղւես, ինչպէս այս ծաղիկն է ցեղ՝ իր լեզւաթոյրով:

Այնքան ժամանակ, քանի մայիսեան ծաղիկը մնա՝

Թող նրա լեզւով քո յաւերժացող եսը խոյանա:

Քուն թէ արթմնի քո գոյնը պահես՝ այս ծաղկի հանգոյն,

Քո շունչն ու հունչը, քո ձևն ու խորքը, քո եսն ինքնահուն:

Ոչ թէ դու այլոց երգածը կրկնես՝

Այլ, այս ծաղկի պէս, քո եսաբոյրով քո երգը երկնես:

Ոգորես դու էլ մանուշակ ցեղի, կակաչի նման,

Այս իսկ ծաղկի պէս քո միակ գոյնով ծաղկես յաւիտեան:

Յաւերժ բարբառես Աստւածապարգև միայն քո լեզւով,

Եւ թող բազմանայ իմ ստեղծածով՝ քո կաթիլը՝ ծով. . .

Ոչ թէ վայրենի մոլախոտախիտ դառնախռնւես,

Այլ քոնը ծնես, որ մնաս քոնը, որ չխառնւես:

Քո խորքով պեղես, քո խորք ու գոյնով,

Միայն մայիսեան ծաղկիս հանգոյնով...»,-

Ասաց ու ճամփեց այս մարդանոր ցեղն արարողն այնտեղ,

Ուր Հիմալայն Է, ոբի անապատն հողմախելահեղ,-

Որ երթա՝ ծնի, որ ծաղկեցնի, այնքան բազմանայ,

Ինքն Էլ փոշմանի՝ գլուխ չհանի այս ծովայորձանք,

Հոլ բազմացումից, որ Չինն Է այսօր աշխարհափորձանք...

Ահա թէ ինչպէս մայիսեան ծաղիկն յաւերժ համրացաւ,

Իր լեզւով, ինչպէս համր անասուն մարդն՝ ասուն դարձաւ:

Այսպէս՝ մի մարդուց երբ չինածովն Էլ նա աշխարհ բերեց,

Մեծ արարիչը դարձաւ յասմիկի բերանն համբուրեց

Մի խօսքով աշխարհ ստեղծողն իր կոյս, անշոշափ շուրթով:

Եւ դեռ լեզւանի ծաղիկը ժպտաց, բայց ճչաց վրդով,

Երբ, իսկոյն, որպէս գլուխ մի ծաղկի,

Պոկեց լեզուն Էլ խօսող յասմիկի

Ու բարի լեզուն դրեց բերան մի՝ վայրենաթոթով,

Աշխարհ բերելով՝ լեզւով այս ծաղկի, այս ծաղկի հոտով,

Վայրի մի մարդուց՝ մի նոր մարդացեղ,

Եւ այս ցեղն իսկոյն ուղարկեց այնտեղ,

Ուր գահավիժում ծով Նիագարան՝

Մարդ Էր որոնում ափերին ունայն...

Ու մինչև այսօր չգիտես՝ գտա՞ վ, թէ՞ դեռ չի գտել՝

Զի մարդը ծաղկի սուրբ քնքշութեանը մնաց անընտել:

Լեզուն դարձրեց սրտի բանալին, բայց միայն գոցող,

Լեզուն՝ լաբիրինթն իր հազար ու մի միտքը թաքցնող...

Եւ ահա Աստւած իր եօթնագունեայ ծաղկանցից ջոկեց,

Նուրբ իմ նարդոսի լեզուն Էլ պոկեց,

Դրեց անլեզու բերան մի մարդու, որ համրը խօսի,

Եւ իրաւ՝ խօսեց՝ հասնելով ափերն ի վար Նեղոսի,

Ծաղկի բոյրի պէս բարբառեց մարդը,

Այնպէս, որ, կարծես, նախանձեց վարդը,

Երբ «Տեր իմ» ասաց ցեղը նարդոսւած,

Եւ իսկոյն պոկեց արարողն Աստւած

Նունուֆար ծաղկի լեզուն Էլ ահա,

Ու մեղմ թոթովեց այս նորախօսն Էլ՝ «Հայր, ալելուեայ»,

Դառնաբերանը մեղմօրէն ծաղկի նեկտարալեզուն,

Ու դարը դարի՝ դանդաղ մեղմացաւ այս Էլ գազազուն,

Պատմելով ցաւերն իր նրբալեզւով, ինչպէս մօտենաս՝

Խուփն առնես՝ վառւող-ծխացող թոնրի բերանը բանաս,

Որ ծուխը չքվի, թէկուզ դեռ մնա կրակը... վշտի,

Քանզի լեզուն էլ ցաւն է դուրս վանում բազմախոց սրտի,

Երբ լեզւի ձեռով իր սիրտն է բացում մարդ մարդու առաջ,

Թեթևանում է՝ խօսելով ցաւից իր մշտահառաչ.

Ահա թէ ինչպէս նուրբ նունուֆարն էլ, մի օր լեզւանի,

Յաւերժ համրացաւ, գեթ մի շշուկի լեզւակ էլ չունի,

Քանզի իր լեզւով ծնւեց մարդացեղն Իրանի անեղծ:

Եւ հրամայեց արարողը մեծ,

Որ յաւերժ բուրէ նունուֆար լեզուն,

Յաւերժ բուրվառէ երգերն իր խօսուն,

Քանի աշխարհում, սարում ու քարում այս ծաղիկը կայ,

Ամենայն գարուն՝ մի նունուֆար էլ էլի աշխարհ գայ,

Յաւիտեան պիտի խօսի ու հոսի

Նունուֆար լեզուն՝ լեզուն էլ ֆարսի:

5

Այս որ արարեց արարողը մեծ՝

Իր օշօշ ծաղկի լեզուն էլ պոկեց,

Դրեց բերանը վայրենամռունչ եօթերորդ թոռան,

Իսկոյն թւաց, թէ իր մռունչները մրմունջներ դառան:

-Աստւած իմ, ասաց, հիմա ես կերգեմ իղձերը սրտիս,

իտեմ՝ քո խօսքով մարդանամ պիտի, ներիր դժբախտիս,

Ներիր լռութիւնն համր բերանիս, որ չէր աղօթում,-

Այսպէս բարբառեց ու մեղր էր, ասես, իր լեզւից կաթում:

Ժպտաց արարողն իմ Արարատի,

Այս մարդացեղն էլ ճամփեց արևելքն իր հողագնդի,

Աշխարհ բերելով հրաբիբ ու նուրբ մարդացեղն եթովբ,

Այնտեղ, ուր ջունգլին ողբում էր, ինչպէս վիրաւոր մի Հովբ,

Եւ հրամայեց յաւերժ թաքնւած արարողը մեծ.

-Դու էլ բազմացիր՝ յաւիտեան անեղծ,

Քանի այս օշօշ ծաղիկն էլ բացվի՝

Թող քո սուրբ լեզւով քո հողը լցւի,

Միայն քո լեզւով իմ նւիրական,-

Ասաց մեծ Աստւածն ու մի սուրբ վայրկեան

Համբուրեց վարդի աչքերն արցունքոտ,

Ապա համբուրեց բերանը բոցոտ,

Որ ցաւը չզգա, և իսկոյն պոկեց վարդաբոյր լեզուն,

Մեղրաբոցի պէս դրեց բերան մի՝ վայրենախօսուն:

-Մեղրածոր լեզուն մարդուն է վայել ու ոչ թէ վարդին,

Քանզի լեռնացած վիշտ չկա քնքուշ վարդենու սրտին:

Մարդուն է վայել վշտացիր լեզուն վարդաբոյր ու պերճ,

Քանզի սատանան ինձնից խռովել՝

Օձի է փոխւել խաբւած մարդու մէջ:

Վշտամբար մարդը թէ համր մնա, լեզու չունենայ՝

Անլեզուն ինչո՞վ իր սիրտը բանայ, որ թէթևանայ,

Լցնի գէթ շուրջը վարդաբոյր երգով իր ոգու անեղծ,-

Ասաց արարողն ու վարդալեզու այս ցեղն անդ յղեց,

Ուր փիղն է գոռում, բայց ասես յոյս էր կաթում լուսնյակից,

Եւ ուր կաղնին է վառւում առիւծի աչքի կայծակից...

Ու լեզու առած այս մարդն էլ Աստծուն ալելուեայ ասաց,

Եւ ասես մազ ու մորուքի միջից բուրեց վարդն անանց,-

-Աստւած իմ, - ասաց այս մարդն էլ որպէս նորածին մի վիթ,-

Հնդի´կ, համբուրի ալ վարդի փունջն էլ՝ մօրը մայր լեզւիդ:

Եւ հրամայեց գալիքնատեսիլ արարողը մեծ.

-Մի կաթիլ մարդուց ծով ծնիր անեղծ,

Որ քանի երկրում թէկուզ մի վարդի կոկոնիկ բացվի՝

Թող հնդկահողդ լոկ ու յաւիտեան քո լեզւով լցվի,

Որ երգի փոխես նուրբ խոյանքները վաղվայ մեծ ոգուդ,

Մարմնասով տեսնես, բայց ոչ ոգեսով, ո´վ իմ անհագուրդ:

Այս էլ որ երկնեց արարողը մեծ,

Իր շուշան ծաղկանց լեզուն էլ պոկեց

Դրեց անլեզու դառնաբերանը իր բարբարոսի,

Որ երբ մարդանայ՝ մեղմանա փոքր ինչ, մեղրանուշ խօսի,

Նրբանուշ խօսի, ինչպէս բուրմունքը շուշանի քնքուշ,

Մեղմանուշ խօսի, որ կիսէ վիշան էլ վարդի մշտափուշ:

Եւ այս ցեղն իսկոյն իր Սենա գետի ափերն առաքեց,

Ուր ցոփ շշուկով, շուշանամարմին սիրացոփ ծաղկեց

Բոլոր ափերին Սենամայր գետի իր շուշանաբոյր,-

Ահա թէ ինչու անլեզու մնաց շուշանն էլ իմ քոյր՝

Մարմարի նման յաւերժ կարկամեց:

Եւ հրամայեց յաւերժատեսիլ արարողը մեծ.

-Քանի աշխարհում շուշանները կան և համր են քանի՝

Շուշանալեզուդ մի սև շշուկ էլ մահի ահ չունի...

Բայց խելքդ գլխիդ դու թագ դարձրու՝ տիվ ու գիշերով,

Որ չփոշոտվի մայրենիդ՝ օտար լեզւափշերով. . .

-Ալելուեայ, -ձայնեց վայրենաթոթով այս մարդն էլ իսկոյն,

Ոտքն ընկաւ, իբր խնկեց աստըծուն:

Ու մեծախորհուրդն արևածաղկի լեզուն էլ առաւ,

Պատւաստեց բերանն ուրիշ մի համրի՝ իր լեզւածարաւ,

Սակայն սա հենց որ նուրբ լեզւաւորւեց՝ վեր նայեց խաբւած,

Չընկաւ անմարմին ոտքն արարողի, որ մթնեք ապշած:

Այս վայրենամարդն արևին նայեց հեգ Աստըծոյ տեղ,

Սատանայախաբ մեղքով էլ անմեղ:

Աոաջին բառը մանուկ բերանին աղօթքով դողաց.

-Դու ես Աստւածս, - ասաց արևին, Աստըծուն թողած:

Արևի առաջ երեսի վրայ ընկաւ, կարկամեց,

Բայց ժպտատխուր՝ խոժոռւեց պահ մի արարողը մեծ,

Ասաց՝ «Արևը իմ աչքն Է, մարդուկ, ես ներում եմ քեզ,

Բայց պիտի դու միշտ արևածաղկի քո լեզուն պաշտես,

Իմ գլխից Էլ վեր, որ դու չգնաս դու ուրիշ լեզւաց...»:

Ասաց ու յղեց այս ցեղին այնտեղ, ուր հողն Է կիզւած՝

Երկնքում ծաղկող արևածաղկի համբոյրի բոցով,

Ուր պարսկածովն Է ծաղրում արևին՝ ծով մռնչոցով:

Եւ հրամայեց արարողը մեծ.

-Քանի անլեզու արեածաղիկն արևին նայէ՝

Քո մայր լեզւին Էլ թող գալիք բախտդ յաւերժ փայփայէ,

Որ լեզուդ դառնայ ոգուդ ու երգիդ բաժակը ոսկի,

Եւ թող հարբենայ աշխհարհն Էլ վաղը երգով քո խօսքի՝

Արևածաղկից մեղրաբուրեան...

Ասաց արարիչն ու սուրբ մօր նման կռացաւ իսկոյն,

Պոկեց լեզուն Էլ չքնաղ նարգիզի,

Դրեց բերան մի՝ վայրի, ձեռնախօս դեռ համրախօսի:

-Ալելուեայ, հայր իմ, և խօսեց այս մարդն Էլ, երբ լեզու առաւ,

Եւ դարը դարին՝ սա Էլ գեղեցիկ մի նոր ցեղ դառաւ,

Եւ յունաստանւեց մայր իմաստությամբ իր աստւածագեղ,

Նարգիզ ծաղկաբոյր ու գեղադայլայլ լեզւով իր շքեղ:

Ահա թէ ինչու անլեզու դարձաւ նարգիզն այն ծաղիկ.

-Լեզուն ի՞նչ կանէր վշտին անտեղեակ ծաղիկն անցողիկ:

Դառնավշտահեղծ սրտոց Է վայել լեզուն Էլ մեղրիկ,

Թող մարդը խօսէ, որ շաղ տայ ոգու գանձերն իր վաղվան,

Որ աշխարհ բերէ գանձերն իր մտքի, գանձերն հազարան,

Միակ գանձերը ողջ տիեզերքի:

աւից գաւաթը լցւող գինու պէս երբ մարդը երգի՝

Հարբի գանձերով անմարմին ոգու,

Որ գեթ մեղմանայ վայրագն ահարկու:

6

Ասաց ու ելաւ Մասիս լյառն ի վեր արարողը մեծ,

Նայեց կակաչին, որ կռահելով՝ ոչ թէ կարկամեց,

Այլ վիզն երկարեց, ասաց սրտադող.

-Գլուխս կտրէ, բայց լեզուս ինձ թող,

Անլեզու կեանքս ինչպե՞ս կարկաչի...

Բայց Աստւած պոկեց լեզուն կակաչի

Եւ ապա պոկեց լեզուն Էլ վարդի

Երկուսը մեկեց, որ երգր յորդի.

Մի նուրբ ու անմար բոցի պէս բերեց

Առաջին մարդու համր ու լեզւազուրկ բերանը դրեց,

Որ կակաչի պէս սա Էլ քնքշանայ և յաւերժ խօսի,-

Բայց այս մարդն իսկոյն վեր նայեց՝ դէպի ջահը Մասիսի,

Աստըծուն թողած իր լեռանն ասաց. «Մա, Մասիս, մարէ,

Քո ձիւնն իմ սրտի սև կրակն արդեօք ե՞րբ պիտի մարէ».

«Մարէ» խօսքն այնքան սրտաձայն ասաց, այնպէս հառաչեց,

Որ ներեց նրան փառքերից փախչող արարողը մեծ,

Համբուրեց նոյնիսկ, թողեց այս մարդուն Մասիսի վրայ,

Մայր Արաքսն ի վեր և արմատւեց իմ ցեղն հնօրեայ,

Յաւերժ բազմացաւ, դարձաւ Հայաստան մշտամեղեդի:

Եւ հրամայեց արարողը մեծ.

-Ո´վ իմ վշտաշիվ.

Քեզ լեզու տվի, որ քո երկիրը լցնես քո բանիւ,

Որ քեզ Էլ չասեն՝ «դու ով ես, ես ով»:

Բազմացիր դու էլ քո անզոյգ լեզւով,

Բազմացիր, քանզի քո կակաչ ծաղկի սևն էլ ինձ վկա՝

Սև շատ է գալու քո գլխին և քո Մասիսին հսկա:

-Ավա¯ղ... թոթովեց այս կակաչամարդն իր արարիչին,

Այս խօսքը եղաւ իր խօսքն առաջին...

Ահա թէ ինչու կորցրեց կակաչն իր մեղրալեզուն,

Բայց կակաչի տեղ՝ իր խինդ ու վշտից իմ ազգն է խօսում:

«Յար-յաւիտեան է իր կակաչ լեզւով հայը խօսելու,

Լոկ իր լեզւով է իր գալիքների վիշտը կիսելու,

Միակ մայր լեզւով իր բիբլիական,-

Թէկուզ ծաղիկներն՝ օր մի խոլական

Աստւածընդդէմ էլ՝ սատանայախաբ անաստւածանան,-

Հայ լեզւով քնեն՝ հայ լեզւով պիտի հայերն արթնանան,

եղգեղան, ինչպէս իմ հաւքերի մէջ՝ սոխակն իր լեզւով,

Արծիվն՝ իր լեզւով, անգղն՝ իր լեզւով:

Թեկուզ կակաչի սրտի սևն յորդէ՝ ծածկէ իր կարմրին

Վերջ չի գայ, Հայկոս, քո կակաչախօս ազգին ու գրին,

Բարբառես պիտի կակաչի կարմիր և թէ թուխ լեզւով,

Թէպէտ շատ պիտի խոնարհւես, ինչպէս կակաչն իր սևով,

Եւ դարը մի հեզ դու պիտ մազէ կամուրջով անցնես,

Մերթ այս կակաչի թէրթիկների պէս դու հեշտիւ ցրւես,

Մերթ բացւես՝ իր քոյր վարդերի նման,

Մերթ գոցւես-բացւես, այսպէս՝ յաւիտեան:

Քո լեզւաբոյրով, զոյգը չունեցող քո լեզւով անզոյգ,

Ինչպէս անզոյգ է ամէն մի ծաղիկն աստւածամասունք,

Անզոյգ, ինչպէս վարդն, ինչպէս շուշաններն իմ այս ձիւնասիփ,

Ինչպէս յասմիկներն, ինչպէս շուշաններն իմ այս ոսկեբիբ:

Անզոյգ, ինչպէս ցեղն հօրոտ-մօրոտի այս իմ երկնագոյն,

Անզոյգ, աննման, ինչպէս մայիսեանն այս ոսկեհանգոյն,

Ինքնանաս, որ քեզ չխաբի գալիք ոչ մի նենգ հման, , , »:

Այսպէս արարեց և յաւերժօրէն հայ կնքեց հային,

Հայ կնքեց յաւերժ հայ աւազանում իր աստւածային՝

Յաւերժամռունչ մայր Արաքսի մէջ,

Ուր գահն է Նոյան՝ ուր Մասիսն է պերճ:

7

Այսպէս մտքի մէջ իմաստնաբանեց,-

Եւ բուսոց արքա այն լոշտածաղկի լեզուն էլ հանեց

(Այն, որ արմատն է մարդամարմնաձև),-

Հանեց ու դրեց վերենաբերանը հեգ մի մարդուկի,

Որ իսկոյն ասաց՝ «Ես քոյրն եմ, տերն եմ կակաչասուզի ,-

Ալելուեայ, ասաց, դու իմ Եհովան,

Քեզ կապաւինեն վշտերս վաղւան,

Ալելուեայ, տէր իմ, ես երկինք գետինք պիտի քննեմ,

Լուսնի վրայ էլ ինձ կարթնացնեմ...»:

Լսեց ու ժպտաց արարողը մեղմ,

Եւ այս՝ լոշտակի ցեղը ոսկեգեղմ

Ուղարկեց այնտեղ, ուր ծովն է Կարմիր,

Լոկ մի խօսք ասաց՝ «Կարմիր ծովն անցիր...»:

Այս պահից ահա, այն էլ յաւիտեան

Համրացաւ լոշտակ ծաղիկն էլ մեր տան:

Ժպտաց արարիչն ու դարձաւ մօր պէս ձեռքով մեղմակի՝

Պոկեց լեզուն էլ վարդերի եղբայր մեղուշ մեխակի,

Դրեց բերանը եօթանասունեօթ իր վայրի թոռան,

Եւ այս տոտեմից անցոփածնունդ ելան, կեանք առան

Կազբեկ լեռների հովիտներն ի վար մեղմ ու գեղեցիկ՝

Հայ կակաչաքոյր, մեխակալեզու Քուռ գետի որդիք,

Այսպէս լեզւանի մեխակ ծաղիկն էլ յաւերժ կարկամեց:

Եւ հրովարտեց արև ու լուսնի արարողը մեծ.

-Քանի դեռ մեխակ ծաղիկն աշխարհ գայ՝ կծաղկես դու դեռ,

Թող ծիածանւի լեզւագոյներով աշխարհն իմ անմեռ:

Քեզ էլ մահ չկայ, ազգին էլ կակաչ,

Քանի ծաղիկներ բացւեն ձեր առաջ:

8

Այսպէս յաւերժ են երկրով անսահման

Ողջ բազմալեզու ցեղերն այս համայն՝

Այն հազար ու մի ծաղկունքից ծնւած,

Ու երկրէ-երկիր, ողջ աշխարհով մէկ վեր ծիածանւած:

Ամէն մայր լեզուն՝ ամէն մի ազգը մի գոյնն է նրա՝

Տիեզերական հրաշք են ցեղերն՝ աշխարհի վրայ:

Ծաղկանց ցեղերը, ցեղերը մարդկանց, ցեղերն հաւքերի,

Անզոյգ են բոլոր ցեղերն անհամար Աստծոյ ձիրքերի:

Ծառերի ցեղերն ու ձկնաթովի ցեղերը պէս-պէս,

Մանրէ, մրջիւնի ցեղերից մինչև փիղն ահեղատես,

Զարմանահրաշ մի մշտահանդէս՝ աստւածացոյցի,

Եղնիկից մինչև մամոնտը Մասիս և ծաղիկն ուրցի:

Գազանացեղի ու մարդացեղի պէս-պէս, բիւրարար,

Հազարահրաշ ինքնածին ցեղերն... Աստծոյ, անհամար:

Աննման, ինչպէս նման չէ արտոյտն ահեղ մամոնտին,

Եւ անզոյգ, ինչպէս նման չէ Վանա ծովն Արարատին:

Աննման, ինչպէս նման չէ տուղտը զմրուխտին իր քոյր,

Եւ անզոյգ, ինչպէս ամէն ազգ՝ իր մայր լեզւով ծաղկաբոյր:

Աննման, ինչպէս գահավիժումը Նիագարայի,

Եւ անզոյգ, ինչպէս լուսինն ամայի,

Աննման, ինչպէս աչքերդ կապոյտ,

Եւ անզոյգ, ինչպէս աչքերդ սևիկ,

Աննման, ինչպէս մահվան կամքն անփոյթ,

Եւ անզոյգ, ինչպէս վանքն իմ Տաթևիկ:

Աննման, անզոյգ, ինչպէս հրթիռը նման չէ վարդին,

Եւ անզոյգ, ինչպէս մարդուս գլուխը նման չէ սրտին:

Ինչպէս նման չէ կակաչր վարդին իմ հայոց լեզւով,

Այնինչ նման չեն ծաղկունքն իրարու՝ բիւր այլոց լեզւով:

Ինչպէս նման չէ շուշանը տուղտին, տուղտը կակաչին,

Այնինչ նման չէ նարգիզն յասմիկին, յասմիկն՝ արարչին:

Ինչպէս նման չէ քոյր մանուշակին նարգիզը եղբայր,

Քանզի անզոյգ են ծնւել մարդկութեան ցեղերն անհամար,

Հազարալեզու, բայց Աստւածային մի մօրից ծնւած,

Ծնւած մի մօրից, բայց երկրէ-երկիր՝ հազարացեղւած:

Ծնւած հրաշքով անիմանալի Աստծոյ անկաշառ,

Ամէն ցեղ՝ մի ծառ, մարդկութիւնն, ահա, ճոխ մի ծով անտառ:

Ամէն ազգ մի ծառ՝ բայց պտղաբոյսով՝ նման ոչ մէկին,-

Ինչքան պէս-պէս են, այնքան կախարդ են անտառն ու այգին:

Խաղողն անգին է, բայց թէ՝ անգին է դեղձն էլ խնկաթոյր,

Դեղձն հոյագեղ է, սակայն, շքեղ է սալորն էլ իր քոյր:

Սալորն անզոյգ է, բայց թէ՝ անզոյգ է կեռասն էլ վճիտ,

Կեռասն անուշ է, բայց մեղրանուշ է թուզն էլ սիրասիրտ:

Թուզը մեղրուն է, բայց ընկոյզն ինքն էլ մեղր է ու շաքար,

Ընկոյզն անզոյգ է, բայց աննման է նուռն էլ իր եղբայր:

Նուռն Էլ գինի է, բայց թէ գինի է անշուք թութն անգամ,

Թութը անզոյգ է, բայց թէ պակաս չէ խնձորն անթառամ:

Խնձորն հրաշք է, բայց աննման է տանձն էլ նոյն այգում,

Տանձը գանձ է միշտ, բայց շամամն ինքն էլ մի հատ է կեանքում:

Բանանն անուշ է, անուշ է նոյնքան արմաւն արաբի,

Սոխակն անզոյգ է, բայց և անզոյգ է ցեղն էլ կարապի:

Օշինդրի դեմ՝ արծաթ գարին էլ ցորեն է ոսկեայ,

Երբ իր բոյրն ունի՝ ձիւնակեչին էլ կաղնի է հսկա:

Դրախտ է բուրմունքն արևաքամուկ հայոց ծիրանի,

Բայց և սուրբ խունկ է բադամն Իրանի:

Մեկ մեկուց վեր չեն նուշն ու զկեռը,-

Այս է բնութեան՝ մեծ արարողի յաւերժ անմեռը:

Այս ամենով է այգին էլ աշխարհ մի բազմաբեղուն,-

Միանմանը մահն է գեղեցկի հազարագեղուն,

Հազարազեղուն մրցում է աշխարհն այս հազարացեղ,

-Բազմապտղանի այգին է դրախտն ամենաշքեղ:

Ես այգին ասի՝ աշխարհն հասկացիր, ով աշխարհաթաղ,

Վարդը չքնաղ է, բայց ծաղկեփունջն է բիւրահեղ չքնաղ:

Մի վանդակ վագրը գազանանոցի պերճանքը չունի,

Մի գոյնն անզոր է ծնել կախարդանք ճոխ ծիածանի:

Անգին է գորգը, թէ՝ բազմագոյն է, բազմածաղկաձև,

Աչքը չի հոգնում, երբ խայտաշխարհն է խայտում իր առջև:

Խաղողն անուշ է, բայց բիւր անուշ է բազմացեղ այգին,

Այգուց ո՞նց մտնենք վայրենամթար անտառը կրկին:

Մեծ, Աստւածային կշեռքի համար

Մի յոնքն էլ այն է՝ ինչ որ վիթխարի մի երկնակամար:

Չնաշխարհիկ է աշխարհն՝ հրաշքով,

Թէ նայես ոչ քո, այլ ցեղաց աչքով,

Թէ նայես աչքով դու աստւածային,

Քուրդ ծաղիկն ինքն էլ ազգ է աստղային:

Սադայելն ինքն է, Աստըծոյ ընդդէմ,

Երազում ամլել այգին այս եդեմ:

Նայիր ծառերի այս բազմամբոխին,-

Թխկին՝ ուրիշ բոյր, ուրիշ բոյր ունի իր կողքի բոխին:

Ուրիշ է կեչին, կաղնին ուրիշ է՝ իրենց բուրմունքով,

Բարդին՝ ուրիշ բոյր, ուրիշ է հացին՝ իր ցեղախունկով:

Խնձորենիներն ուրիշ բոյր ունեն, տանձենիք՝ ուրիշ,

Տուղտենիք ուրիշ խունկ են բուրվառում, վարդենիք՝ ուրիշ:

Չինարն ուրիշ է, ուրիշ է սոսին, էլ ո՞ր մեկն ասեմ,

Ամէն մէկն իր տեղն՝ իր սուրբ ցեղն ունի՝ նսեմ, թէ վսեմ:

Ներդաշնութիւնն այս է քաոսի,-

Մրջիւնն էլ պակսի՝ Աստւած էլ կասի

Թէ՝ պակասել է իմ ճոխ բնութեան

Սուրբ ծիածանից մի սուրբ գոյն, մի բան...

Մի գոյնից երբեք չի ծնվի, ո´վ կոյր, մի ճոխ ծիածան,

Փեթակներն ինչո՞վ մեղրի ծով դարձան,

Եթէ ոչ հազար գոյն ու նեկտարով ծաղկացեղերի,-

Միագունողին Աստւած չի ների:

Նուրբ է սոխակի գեղգեղանքն անուշ, բայց համերգ չի դեռ,

Համերգը՝ բազում հաւք ու թռչունի ցեղերն են անմեռ:

Հազարալեզու, հազարադայլայլ խորհուրդն է միայն,

Միակ անհեղլին՝ ողջ տիեզերքի ողջ գեղեցկութեան:

Եւ հուսկ մռնչաց, ընդդէմ ոսոխի,

Վերջնակնիքը մեծ արարողի.

-Թէկուզ աշխարհում այս իրարամերժ՝

Յաւերժ են բոլոր լեզուներն յաւերժ,

Իրենց նախամայր ծաղիկների պէս այն հազարագոյն,-

Յաւերժ է խօսուն կակաչածնունդ իմ հայոց լեզուն,

Յաւերժ է, քանի կակաչները կան:

Յաւերժ է խօսուն ձնծաղիկածին ռուսաց լեզուն՝

Ձնծաղիկները քանի աշխարհ գան:

Յաւերժ է իմ նուրբ նարգիզից ծնւած իմ յունաց լեզուն՝

Յաւերժ է, քանի նարգիզները կան:

Յաւերժ է ֆարսի՝ նունուֆարածին լեզուն էլ խօսուն՝

Յաւերժ է, քանի նունուֆար բացվի:

Յաւերժ է խօսուն մանուշակածին լեզուն արաբի՝

Քանի մանուշակն արցունքը թափի...

Յաւերժ է լեզուն այս մարդացեղւած արևածաղկի՝

Քանի իր գոյնով արևը ծագի:

Յաւերժ է մեխակ ծաղկից էլ ծնւած լեզուն լեռնազուն,

Քանի դեռ համր մեխակները կան:

Յաւերժ են բոլոր ազգ ու ցեղերի երազն ու լեզուն,

Քանի կան հողը, արև ու օվկիան:

Թող յար խաղաղւեն, որ ինձ հասկանան,

Ու թէ դեռ ցեղ են՝ լոյսով ազգանան:

Ամենն իր լեզւով թող ծաղկի յաւերժ,

Յաւիտեան անեղծ, յաւերժ անհեղլի,

Անմերժ աշխարհում այս իրարամերժ,

Քանի չի փոխել կակաչն իր գոյնը

Այս մշտափոփոխ մայր բնութեան մէջ:

Քանի ճերմակ է Մասիսի ձիւնը,

Քանի արևի իմ աչքն է անշէջ,-

Ամենն իր լեզւով պիտի բարբառի,

Որ գեղեցկութիւնն յաւերժ բուրվառի,

Իմ գեղեցկութիւնն աշխարհասփիւռ,

Եւ քանի համր են ծաղիկներն իմ լուռ,

Կուլ չի գնալու ոչ ոք ոչ ոքին,

Ինչպէս կուլ չի տա‎յ ծաղիկը ծաղկին:

Յաւերժ են՝ քանի վարդն ու կակաչը աշխարհ գան այսպէս,

Վերջ չկայ յաւերժ, ո´վ գետակ ազգեր, ո´վ հայեր և ձեզ,

Քանզի գետակն էլ գանձ է բիւրակնեայ,

Ո´վ իմ գետ ազգեր, ո´վ ազգեր իմ ծով...

Ծաղիկներիս հետ յաւիտեան պիտի ցեղերն աշխարհ գան,

Ու ցեղաւորւած՝ ծիածանակերպ պաշտելի մնան,-

Ա´յս է գեղեցիկն Աստւածախորհուրդ՝

Յաւիտենութեան ծարաւն անհագուրդ:

Edited by hravart
Link to post
Share on other sites

«ԲԻԲԼԻԿԱՆ»

(Նոր Ուղղագրութեամբ)

Ցավը տվեց սարերին՝

Սարերը չտարան...

Ցավը տվեց մարդուն՝

Մարդը տարավ:

(Մորս խոսքերից).

Երբ անհայտ ոգին՝ աշխարհն արարող,

Որ աստված կոչվեց դարեր ու դարեր,

Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,

Ստեղծեց համայն տիեզերքը մեր

Եվ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,

Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն:-

Լույսի հրճվանքը տվեց երկնքին,

Կապույտ ծիծաղը ծովին ծավալեց:

Ճերմակ ժպիտը սփռեց ձյուներին,

Վեհության խինդը լեռներին տվեց:

Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան,

Դայլայլը տվեց հավք ու հովերին:

Հողին բերկրանքը տվեց մայրության,

Սիրո խայտանքը տվեց ամենքին,

Ու բոլոր վարդերն իր ուրախության

Շաղ տվեց այսպես նորաստեղծ երկրին:

Բայց վշտի ծովը իրեն մոտ թողեց՝

Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հաներ,

Ո՞վ ուներ մի սիրտ՝ այնքան լայն ումեծ,

Որ վշտի ծովը անխռով տաներ:

Ու խորհեց խորին արարողը մեծ

Եվ անտեսորեն երկրում թափառեց.

Տեսավ ցնծում է սիրտը հավքերի,

Խենթ համբուրում են գազաններն իրար,

ՈՒ նրանց տվեց խայթը ցավերի՝

Ցրելով նրանց խինդը խելագար:

Եվ իսկույն աշնան տերևների պես

Ցավից սգացին հավք ու ծաղիկներ

Եվ կակաչների սիրտը սևացավ,-

Այն օրից իրենց լեզուն կորցրին

Ու դեռ նետում են կաղկանձով անբառ

ազաններն իրենց անեծքը լուսնին:

Եվ գթաց նրանց արարողն, ասես,

Նայելով երկրի խրոխտ լեռներին,--

Լեռները, ասաց, հզոր են ու վես,

Գոռոզ է նրանց կեցվածքն իմ աչքին,-

Թող քիչ խոնարհվեն ու խորհեն ինձ պես:

Ասաց ու վիշտը տվեց լեռներին:

Եվ հառաչեցին լեռները ցավից,

Անեծք ժայթքեցին հրաբուխներով,

Ցավից լանջերին խոցեր բացվեցին՝

Դարձան անդունդներ ու խորանալով

Այն սեգ լեռների տանջանքը լացին:

Եվ արցունքները գետերի փոխված՝

Իբրև լեռների լեզուն փրփրած՝

Խոցված լեռների անեծքն են լալիս,

Իսկ գագաթներին ձյունն հավերժացած

Սառած արցունքն է, որ ցած չի գալիս:

Թաց լեռներին արարողն ու մեծ

Ցավն առավ՝ անհոգ դաշտերին տվեց,

Վերքեր բացվեցին դաշտերի կրծքին,

Եվ հառաչեցին դաշտերը դարեր…

Ու դեռ մնում են նրանց վերքերից

Անապատները, որպես սպիներ:

թաց դաշտերին արարողը մեծ՝

Մռայլ նայելով ծովի ծիծաղին,

Առավ վշտի շանթն ու ծովը նետեց,

Ու ծովն անդնդից ելավ կատաղի,

Մինչև աստղերը ծառս եղավ ցավից,

Այնպես ծառս եղավ, որ կոհակների

Մատները կարծես աստղերն հանեցին՝

Որպես երկնքի աչքերը անգութ,

Որ նույնպես լացին…

Այնպես ծառս եղավ, որ հատակներից

Քարացած արցունք՝ ավազն երևաց,

Դարեր մոլեգնեց ու հետքը ցավի

Ալիքների մառ կնճիռը մնաց՝

Եղծելով չքնաղ երեսը ծովի:

Ծովին էլ գթաց արարողը լուռ,

Ցավն առավ ծովից՝ երկնքին տվեց:

Ամպերով գոռաց երկինքը զարհուր,

Ցավից անձրևը կարկուտի փոխվեց,

Անեծք կայծակեց ու լացեց անհույս,

Ու մնաց լուսինն աչքում երկնքի,

Որպես մի շիթը սառած արցունքի:

Իսկ հավերժական ցավից հալածված

Աստղերն այն օրից ասուպներ դարձած

Թռան ու մեռան իրար գրկի մեջ,

Եվ դարեր ցավը երկնքում մնաց՝

Ցրեց աստղերի դաշնությունը պերճ:

Ու ցավն առնելով արարողն էլի,

Խորհում էր՝ ո՞ւմ տար, որ գեթ մի գիշեր

Անխռով տաներ պարգևն ահալի,

Որ, ավա՜ղ, ինքն էլ չէր կարող տանել:

Սոսկաց, թե ցավը կմնա իրեն…

Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում,

Երբ տեսավ մոտիկ հովտում՝ տարորեն

Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում,-

Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում…

Տեսավ, խաղաղվեց խռովյալ ոգին,

Եվ ասաց՝ լոկ սա´ կարող է տանել,

Ու մարդուն տվեց վիշտը երկրային

Եվ ինքը թեթև սլացավ եթեր…

Եվ ծնվեց մարդու դեռ վայրի սրտին

Ցավի զգացումն ու ահը մահվան,

Եվ մարդն այսուհետ խեթ նայեց վագրին՝

Սրելով աչքը ժանիքի նման:-

Այդ ցավն Էր մարդու աչքերը բացեց,

Եվ մերկ ուղեղը զգեցած ահով՝

Զգաց, որ մահն Է վիշտն ամենամեծ

Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-

երեզմանի դեմ դնելով մանկան

Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորեց,

Իր մահը դարձրեց գոյի հոլովում՝

Ու սերնդաշար ապրեց վերստին՝

Տանելով դժնի վիշտ մոր մահվան,

Դիմացավ որդոց անհետ կորստին,

Տարավ դառնանուշ տանջանքը սիրո,

Տոկաց բնության խոլ աղետներին,

Ու լցված կյանքի ծարավուտ սիրով՝

Դիմացավ այրող վերքերի ցավին:

Բայց իր թույնի հետ վիշտն Էլ մեղր ունի՝

Եվ առագաստը բացեց մտածման

Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի,

Վիշտը, որ դարձավ հույսի օթևան…

Ու երբ նորախոհ մարդը մի վայրկյան

Առաջին վշտերն հույսի մեջ խեղդեց,

Ոգին հիացքով հայտնվեց անձայն՝

Գոյության կռվի ցավերն էլ տվեց:

Բայց մարդը կրա´կ կոփեց ժայռերից,

Լույսի ծնունդով ցավերը մեռցրեց,

Ու կենաց պտուղն հանապազօրյա

Իր տառապանքի անտառում գտավ,-

Ու ոգորանքով հաղթեց այն վշտին,

Որից խոլական մամոնտը կորավ…

Եվ դարեր ծխաց սիրտը մարդկային,

Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով,

Բայց չկորցրեց իր հույսն աստղային

Եվ իմաստութամբ իր նորաբողբոջ

Դարեր գուպարեց իր նմանի դեմ,

Որ լուծ Էր դարձել իր բյուր ուսերին -

Մարդը մարդուն գայլ որկորով դժխեմ…

Բայց անագորույն ոգին նորից նոր

Մարդու մեջ քամեց գետերով պղտոր

Իր տիեզերքի ցավերը բոլոր,

Եվ հրամայեց ապա մայր հողին,

Որ մարդու առջև բարիք չփռե,

Եվ անապատի փոխվեց տխրագին

Մարդու աչքի դեմ՝ դաշտը զմրուխտե,

Այնպես տոչորվեց և հողն աշխարհքի,

Որ անապատում օձն Էլ իր ձագի

Աչքի արցունքը ծարավից խմեց…

Այնպես, որ ծովն Էլ շոգից կարկամեց:

Բայց ինչքան շատ Է մարդն իմաստնանում՝

Իր ցավերն այնքան հեշտ Է դարմանում:

Ու մարդը խորհեց և մառ դաշաերից

Փախած գետերը ձորերից հանեց

Եվ անապատված դաշտերում սփռեց՝

Եվ գինի քամեց դաժան դաշտերից,

Եվ մեղրագետեր քրտնքով քամեց:

Եվ դժնետեսիլ հոգսերով ելավ,

Պեղեց ծովերը, լեռները պեղեց,

Աստծո թաքցրած գանձերը գտավ

Ու մտքի ձեռքը աստ ղերին մեկնեց՝

Եվ լուսնի վրա մահեր նշմարեց…

Եվ կյանք նշմարեց աստղերի վրա,

Եվ մահվան ահից իմաստնանալով՝

տավ հյուլեի հոլովումն անմահ,

Շարժմունքն անընդմեջ ու դարեր խորհեց,

Զգաց, որ երկու անգամ չի կարող

Անցնել նույն ջրով նույն գետի՝ անցնող:

Զգաց, որ մահը և´ կա, և´ չկա,

Որ նյութն, ինքնագոհ, շարժվում ինքնիրեն,

Մեռնում և հրա՜շք՝ ծնվում է նորեն:

Որ ոչ թե աստված ստեղծեց մարդուն,

Այլ մարդն իր ահից ստեղծեց աստծուն,

Դարերի մթնում իր խարխափանքի

Նյութին անգիտակ՝ նա երկնեց ոգի.

Եվ կույր խնկարկեց պատրանքն իր ունայն,-

Մարդը, որ ծնվեց ծովափնյա տիղմից

Ու դարձավ միակ խոհը բնության,-

Կռահեց, որ հողն է աճյունն արևի

Եվ եղել է, կա, անստեղծելի

Ու անեղծելի, ու դարեր խորհեց,

Եվ իմաստությամբ իր լուսաբողբոջ՝

Իր արցունքի պես սրբելով ընկճեց

Իր ցավերի հետ ցավերն ընկերոջ:

Եվ կործանելով իր մեջ գազանին՝

Նա իր մեջ զգաց երազներ վսեմ,

Լույսը դարձնելով իր սպեղանին՝

Անցավ ցավերի ճամփեքը դժխեմ,-

Նույն ծաղկից թե´ թույն, թե´ մեղր քամեց

Եվ աստծուց հզոր՝ ինքն էլ արարեց

Չեղած հրաշքներ աշխարհի վրա,-

Իր արարչության խնդությամբ խեղդեց

Մարդը բյուր դարեր բյուր ցավերն իրա:-

Մարեց կրակով իր ստեղծագործ՝

Ցավերի ծովը իր մի բուռ սրտում՝

Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ

Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստուն:-

Այդ աշխատանքն էր, որ ինչպես դարբին

Կռեց ու կոփեց հոգսերի սալին

Բիրտ անբանից մարդ ու մարդուց աստված՝

ազանի ճանկից մինչ աստղերն հասած…

Եվ վերջին անգամ ոգին հայտնվեց՝

- Դու, ասաց մարդուն, վշտին հաղթեցիր,

Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,

Քո մտքի թագով իր արքան դարձիր:

Վշտին հաղթողը իշխանն է խինդի,

Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն,

Ինքդ ստեղծիր հողը դրախտի

Եվ սնիր, որ հար վայելես նրան,

Որ վշտիդ գետերն էլ չծովանան:

Իշխիր ծովերի մռայլ հատակում,

Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր,

Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում,

Մրջյունից մինչև աստղերին իշխիր:

Եվ ինչ որ քո դեմ գաղտնիք թողեցի՝

Պեղիր տիեզերքն՝ հայտնություն դարձրու,

Դու հրաշքներիս հրաշքն իմաստուն,

Թող վիշտն ու խինդդ անբաժան լինեն՝

Ինչպես կակաչի կարմիրն ու սևը,-

Եվ թող հավիտյան ախոյան՝ բախվեն

Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սերը…

Եվ թող հույսերս քեզ ապավինեն,

Եվ թե արտասվես՝ թող քո արցունքից

ոհար խաղողի ողկույզներ ծնվեն,

Թող նոր հրաշքներ ծնվեն քո ձեռքից…

Եվ իմաստնացած կգնաս այդպես,

Դարերի անտես սանդուղքով կելնես

Դեպի կատարը կատարելության,

Որ միջօրեի արևի նման

Փարատես ստվերն ոգուդ չարության,

Եվ ա ղավնանաս քո նմանի դեմ,-

Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես

Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպես

Ազնիվ խտացվածքն ահեղ բնության՝

Հասնելով ոգու ներդաշնակության:

Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահության,

Որպես նոր գինի, իցիվ դու գտնես,

Ըմպես, որ չիջնեսնես ձորը ծերության,

Որ կյանքով լցվես ու նորից ելնես

Կանաչ սարերը քո պարմանության,

Որ տիեզերքում լոկ ինքդ լինես

Հավերժ տիրակալն հավերժ բնության…:

Եվ լռեց հավետ ու մարդու սրտի

Հովիտներն իջավ, ընկնող աստղի պես,

Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի,

Որ մարդն հասկացավ անբարբառ լեզուն

Մեծ իմաստության ու տիեզերքի:

Ու ողջ բնությունն ապշեց մարդու դեմ,

Ծովերն աչք դարձան մարդու դեմ ապշած

Եվ դարեր ահա մնացել են բաց:

Երկնակամարն Էլ հոնքն Է՝ վեր քաշված՝

Հավիտյան ապշած մայր տիեզերքի

Արեգակնաբիբ կապուտակ աչքի…

Բայց իմաստնացած մի պարմանի պես՝

Մարդն Էլ իրենով հիացավ կարծես,

Ու մեծ տենչանքի ու կրքի ճամփով

Ելավ փնտրելու իր ստեղծողին,

Տիեզերա######զ մտքով թափառեց,

Հյուլեից հարցրեց, հասավ աստղերին,

Հազար մի չեղած հրաշքներ երկնեց

Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,-

Չափվել նրա հետ,

Պեղելով նրա առեղծվածը մեծ…

Կասկածեց, հուսաց ու դարեր փնտրեց,

Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝

Դեպի լուսեղեն հրաշքը ձգտեց՝

(Իր վայրի քարայրն հավիտյան թողած

Այն վաղնջական խավարի հովտում

Անբան գազանին՝ լեզուն կորցրած)…

Իսկ բարձունքներում լույսերով լցվեց

Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային

Արևի ճամփին, ուր դարեր փնտրեց,

Ու երբ չգտավ՝

Այն բիբլիական

Հարդա գողն արած իր մտքի ճամփան,-

Ու երբ չգտավ՝ ելավ նորախոհ,

Էլ չապավինեց նա ոչ մի աստծո

Ու ոչ մի ոգու, որ իբր ահի

Տեսիլն էր անգո´ այս տիեզերքում.-

Այնինչ՝ նիրհում Է աստված իր հոգում:

ԲԻԲԼԻԱԿԱՆ»Ի ՎԵՐՋԱԲԱՆԸ

1

Ոչ թե աղջկա բախտն ես գուշակում,

Որպես մի գնչու՝ ցնորք ափիդ մեջ,

Դու գիտես, թե ծովն ինչ Է մտորում՝

Ծովն իր կաթիլի՝ իր պատկերի մեջ:

2

Դու, որ դուրս ելար ցավերի ծովից,

Կանչես՝ վար կիչնե գարունն արևից,

Եվ թե գետերի վրա որոտաս,

Գետերն հինավուրց հունը կփոխեն,

Բավ Է ճակատիդ ադամանդը տաս՝

Անապատները մեղր կբխեն:

Կանչես՝ ժայռերի կրծքերից հանկարծ

Անտառներ կելնեն՝ գարուններ գրկած:

Մինչև կոկոններն աչքերը բանան՝

Կանչես՝ ծովերը պիտի միանան:

Լեռներին մինչև դայակ չդառնաս՝

Հղի լեռները չեն ծնի գանձեր,

Քանի պատվաստն է ձեռքդ բնության՝

Կջահելանան անտառները ծեր:

Քեզ դարեր սաստած կայծակները քեն՝

Մի փունջ երկաթի մեջ կբանտարկես:

Կկտրի, կանցնի օվկիաններն անվերջ

Քո շշուկն ահա՝ մի վայրկյանի մեջ:

Եվ ցած բերելով թևավորներին՝

Դու երկնքումն էլ բացիր քո ճամփան,

Հրամայեցիր՝ քեզ առավ թևին՝

Երկինք սլացավ բրոնզն անկենդան:

Այն չես՝ ում սիրտը աչք էր վագրենի,

Սիրտդ՝ չար ծովեր ծածկող գթություն:

Քնքշանքդ բացեց լեզուն գազանի,

Եվ հավքերն ահա երգերդ են կրկնում:

Եվ միակ խինդդ է՝ ոչ թե նմանիդ՝

Այլ խոլ հողմերին գրաստդ կանես,

Եվ օրոր կասես քեղ ծնած հողիդ,

Դու հող, բայց հողից դրախտ կծնես:

Ձեռքդ կնիքն է կախարդանքներիդ

Եվ մարդուց բացի՝ ամեն գոյ՝ գերիդ,

Դու երկրե-երկիր պճնողն աստղերի,

Դու դեռ խորտակողն անարգ թագերի:

Խոսքդ - բնության ճակատագիրը,

ործդ - երազիդ գալոց երկիրը,-

Դու մարդը՝ խորհող հյուլեն բնության,

հյուլեն՝ տիրակալն անսահմանության,

Տիեզերանյութ շաղախից մի բուռ՝

Բայց մի տիեզերք՝ քանզի բյուրաղբյուր

էակների մեջ քո հին զուգընկեր՝

Լույս ծնելն հողից քեզ է վիճակվել,

Եվ կգա դարը՝ կհրամայես՝

իշերն արևն էլ կզարթնի քնից

Եվ քեզ կնայե նա էլ ապշադեմ,

Եվ կշշնջա՝ «Այս դու ես, որդի՜ս,

Ո´ վ մարդ, բայց հազիվ քեզ ճանաչեցի,

Այնքան լուսավոր թվացիր աչքիս

Թվաց թե աչքս ես իմ դեմ բացի…

Բայց Ի՞նչ ես փնտրում անգամ գիշերով,

Երբ բաց աչքերով աստղերն են քնել,

Ինչո՞ւ ես մինչև աստղերը հանել

Մտքիդ գլուխը, ի՞նչ վիշտ կա նորից,

Երբ մի բուռ հողից վայրի բնության

Դու քեզ հասցրիր կատարելության,-

Ինչո՞ւ չես ննջում»:

- Չեմ ննջի երբեք,

Քանի գաղտնալից տիեզերքն այս սեգ՝

Չի բացել իմ դեմ ծալքերն իր բոլոր,

Քանի դեռ մութն է ու խորհրդավոր.

Քանի դեռ անդուռ առեղծված մնան

ոյության գաղտնիքն ու քենը մահվան.

Չե´մ ննջի երբեք՝ մահը կա քանի,

Քանի չեն դարձրել հավերժ պատանի

Ինձ հայտնություններն իմ իմաստության.

Քանի գործս՝ հավերժ, կյանքս է մի վայրկյան.

Քանի լուսնին էլ ծաղիկ չեմ ցանել,

Քանի լուսնից էլ մահը չեմ վանել,

Քանի չի դիպել դեռ ոտքս Մարսին,

Քանի չեմ հասել լույսերիս լույսին՝

Անմահությանը մարդկային կենաց,

Որին արժան է մարդը տառապած…

Քանի մի ձեռքս մյուսիս համար

Կոթող է հղկում, կամ թե շիրմաքար,

Քանի ագռավն իսկ մարդուց շտա կապրի,

Կամ բաոբաբը՝ յոթն հաղար տարի,-

Մինչ մարդս… պիտի գերեզման իջնեմ՝

Չապրած փետրի չափ հավքի մի նսեմ,

Մարդը՝ խոհերի մի նոր աստղածով,

ճանապարհորդը ծիր կաթինների,

Մարդն էլ հողածին, բայց մարդն իր գլխով՝

նժարն անհամար մոլորակների,

Մարդն՝ հավերժորեն չարի դեմ հաստված,

Մարդն՝ արարչությամբ՝ և աստծո աստված,

Բայց այս իր խոհն է՝ գործն հավերժական,-

Իր կյանքով սակայն

Մարդն հավերժի դեմ ի՜նչ է՝ մի վայրկյան,

Թիթեռի մի կյանք, մի բառ՝ մահվան դեմ՝

Որ չարտասանած գերին է մահվան…

Մինչդեռ մարդկային ծարավն առաջին՝

Տիեզերասույզ տենչն է իմ վերջին.

Հավիտյան ըմպել երկինքն աստղալից,

Հավերժ վայելել գգվանքը կնոջ,

Չհանգչի երբեք կիրքս մրրկալից,

Ոտքիս տակ բացվի լուսինը բողբոջ,

Նմանս ծնել և աստղերի մեջ,

Անմահ վայելել տիեզերքն այս պերճ,

Եվ սիրտս դառնա բերդն անմահության,

Վայրկյանի սիրտս՝ դարեր տառապած…

Ու թեև ինչպես կյանքը սխրալի՝

Մահն Էլ Է շարժմանց պատճառն անհեղլի՝

Առանցքը շարժմանը ներդաշնակության,

Բայց կյանքն Էլ ինչքան շատ գեղեցկանա՝

Մահն աչքիս այնքան կըտգեղանա,-

Կդառնա վերչին ոսոխս ամեհի…

Բայց ելնում ընդդեմ զառամյալ մահի՝

Եվ կռվելու եմ այնքան ժամանակ,

Մինչև՝ ինչպես գահն իմ աստվածների՝

Թափուր գահ դառնա մահն Էլ ոտքիս տակ…

(Շարունակելի)

Edited by hravart
Link to post
Share on other sites

«ԲԻԲԼԻԱԿԱՆԻ»

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՉԱԿԱՆԸ

(Նոր Ուղղագրությամբ)

Մրջյունն անգամ թե պակասի՝

Աստված ինքն էլ իսկույն կասի,

Թե պակաս է նոխ բնության

Ծիածանից մի գույն, մի բան:

1

Աշխարհի յոթը հրաշալիքներ,

Հրաշքը մարդու լուսին ելնելն Էր:

Բայց հրաշքների հրաշքը վսեմ,

Թե ի՞նչն Է՝ այս հին հրաշքով կասեմ:

Այն՝ թե ծաղկունքն Էլ, ինչպես ծիածան,

Ո՞ւմ ձեռքով և ո՞ւմ համար համրացան:

Եվ լցվեց աշխարհն՝ ի՞նչ հրաշքներով,

Ի´՞նչ հավերժատև ազգ-աշխարհներով:

Աշխարհի հազար հրաշալիքներ,

Հրաշքն՝ աստըծո հավերժ կնիքն Էր…

2

Ծաղիկներն ինչո՞ւ այսքան վիշտ ունեն,

Այսքան վիշտ ունեն, բայց լեզու չունեն,

Ինչքան քաղում ենք, քաղում ենք, քաղում,

Ոչ մեկի շուրթին բողոք չի դողում,

Այնինչ՝ ցավում է սիրտն ամեն ծաղկի,

Երբ որ քաղվում է ծաղիկն իր,կողքի,

Եվ զողն արցունքն է՝ իր վշտի վկան,

Համր բողոքի լեզուն է-սակայն՝

Ասում են ծաղկունքն էն գլխից այսպես համր չեն եղել,

Ամեն ծաղկացեղ իր նուրբ լեզվով է խոսել, ծիծաղել,

Երբ դեռ նորաստեղծ վայրենամարդը վարդ չուներ կրծքին,

Երբ համր էր մարդը՝ երգով էր թովում վարդը սոխակին,

եղգեղում էին ողջ ծաղկացեղերն՝ ամենն՝ իր լեզվով,

Իրար հարցընում՝ թե արդյոք ո՞վ է ստեղծել մեզ, ո՞վ…

Բացի անլեզու այս երկոտանուց՝ ի՜նչ լավ է ողջը,

Իր լեզուն ուներ խնկավարդն, ինչպես առվի խոխոջը:

Սոխակների հետ վիճում էր երգող վարդացեղը ողջ,

Կապույտ երիցուկն ուներ հունչ-լեզուն իր նորաբողբոջ,

Իր լեզուն ուներ նունուֆարների ցեղը նրբախոս:

Երգի էր նման արևածաղկի լեզուն մեղրահոս,

Մեղրի մրմունջ էր անվարար լեզուն հորոտ- մորոտի՝

Բարկության մեջ էլ նման էր ձայնը քնքուշ որոտի:

Թեպետ դեռ Մասիս անունը չկար, բայց գլխին ձյուն էր,

Կակաչն այնպիսի նուրբ լեզու ուներ, որ վարդը չուներ,

Այնպես էր ասում, այնպես էր խոսում,

Որ թե´ խնդություն, թե´ վիշտ էր հոսում,

Հեգ մարգարեի հրե լեզվի պես՝

Ե´վ խոնարհ, և´ վեհ, և խրոխտ, և հեզ,-

Այսպես անզույգ էր կակաչների ցեղն իմ վարդանման,

Երբ նա էր երգում՝ խոր լռություն էր տիրում անսահման,

Մասիսի լանջին ականջ էր դնում գայլն էլ կակաչին,

Որի նուրբ լեզուն նման էր վճիտ առվի կարկաչին:

Իր լեզուն ուներ դեղին տուղտացեղն, իր անզույգ լեզուն,

Ամեն ծաղկացեղ լոկ իր լեզվով էր աստծո հետ խոսում:

Իր լեզուն ուներ այժմ համր ցեղն այս շուշանների,

Որ շատ էր նման մեղմանուշ լեզվին մանուշակների,

Քանզի համր չէր մանուշակ ցեղն էլ՝ իր քնքուշ լեզվով,

Ասում, խոսում էր, կանչում, վիճում էր հազար մի ձևով:

Աստղերի հետ էր աստղածաղիկը հարցով զրուցում՝

Թե ինչ է մարդը, կամ ծով ու ցամաքն ո՞վ է ստեղծում…

Մարդը ձայն ունի, բայց լեզու չունի՝ ինչի՞ց է արդյոք,

Իր լեզուն ուներ այս հուսամ ծաղկանց ցեղն էլ մտահոգ,

Վարդից էր հարցնում թե՝ «Ինչո՞ւ մարդը՝ ցավերին գերի՝

Չգիտե, որ մենք իր ամենաբույժ դեղն ենք վերքերի…»:

նուրբ գեղգեղում էր նարգիզների ցեղն ամենաչքնաղ,

իր լեզուն ուներ մայիսյան դեղին ծաղկացեղն ուրախ,

Երբ նա խոսում էր՝ համբույր էր թվում իր ձայնը մեղուշ,

Իր լեզուն ուներ ոսկեբիբ ցեղն էլ օշոշի քնքուշ:

Անուշ էր լեզուն յասաման ծաղկանց, մեղուշ էր այնքան,

Որ թվում էր, թե մանուկի շուրթին կաթ էր մայրական,

Երբ որ խոսում էր ձնծաղիկացեղն՝ իր երգ ու տաղով՝

Լուռ լցվում էին Մասիսի ձյունի աչքերն էլ շաղով:

Իր ոսկեշշուկ լեզվով էր խոսում ծաղիկն անթառամ,

Իր լեզուն ուներ նույնիսկ չարախոս փուշը դառնահամ:

Հապա հասմի՞կը, սոխակն էլ չուներ լեզուն հասմիկի,

Որ, ասես, լիներ մրմունջ ու ղողանջ՝ արծաթե զանգի:

3

Ու բազմալեզու դայլայլում Էին ծաղկունքն անհամար,

Ծաղկանց անուշ բույրն ու քնքուշ լեզուն մրցելով իրար՝

Մեղրածով Էին ղարձընում Մասիսն ու հովիտն իր ծով,

Լոկ սատանան Էր ականջը գոցում իր չար նախանձով,

Որ Էլ չլսեր այս մեղրահամերգն իր ճամփամիջին,-

Աստծո ստեղծած շշուկն Էլ շանթ Էր թվում ականջին,

Քանզի, ասում են, աստված զրկել Էր դրախտից նրան,

Ահա թե ինչու մերթ օձ Էր դառնում, մերթ կին՝ սատանան,

Փախչում Էր մարդու քարայրախորքը՝ դեռ վայրի ոգու,

Դրդում Էր մարդուն՝ աստծո ընդդեմ, ոխով ահարկու,-

Բայց մարդն ի նչ Էր որ, անլեզու, անբան, գորգից

դեռ մի թել,

Նոր Էր չորեքթաթ գնալուց ելել, բառ չէր թոթովել:

Աստվածախանդը նենգ ու դիվային

Լսում լեզուներն այս աստվածային՝

Սև բիծ էր ուզում գցել աստծո հրաշքի վրա,

Չար քրքջում էր, բայց թե՝ անզոր էր քրքիջն էլ նրա,

Քանզի գոռում էր հազարալեզու ծովը ծաղկունանց,

Երբ կոխոտում էր վայրագ փղերի փաղանգը նրանց,

Կամ թե՝ քայլող լեռ մամոնտն էր ճզմում ծաղկածովը նուրբ,

ճչում-մռնչում, վանում էր չարին ծաղկածովը սուրբ:

Այսպես՝ էն գլխում՝ իր լեզուն ուներ ամեն մի ծաղիկ,

Ամեն ծաղկացեղ իր լեզուն ուներ,

Բայց աստծո գլուխգործոցը՝ համրիկ,

Վայրենամարդը: դեռ լեզու չուներ.

Համր ու ձյունակերպ ծածկում Էր հովիտն Էակն առաջին

Իր մի բուռ վայրի թոռն ու ծոռներով, մայր լեռան լանջին,

Դեռ մանկաթոթով, անմարդալեզու, վայրենաոհմակ,

Խոսող ծաղկանցը՝ լուռ նախանձելով համր ու գլխահակ,

Համր ու անբարբառ, լուռ թափառում Էր ան լեզուն անբան, Քարայրամարդուկ մի կաթիլ աստվածն ու ծով սատանան:

Լուռ դեգերում Էր՝ տանելով անվերջ

Վայրենավագրին համր սրտի մեջ,

Մունջ ու անմռունչ վայրենին անբան,

Դեռ չէր էլ փնտրում մարդացման ճամփան,

Վայրենապտղած, մութ անտառներում,

Իր գանգի պես լուռ մութ քարայրներում,

Համր ու անլեզու, համր ու անսփոփ,

Մի բուռ բազմությամբ՝ բազմանում էր ցոփ,

Երգող հավքերի, խոսող ձաղկանց մեջ

Լուռ բազմանում էր համրամունջ ու խեղճ,

Լցնում Մասիսի հովիտները նոր

Անլեզուներով, համրերով, սակայն

Հանապազօրյա վշտից բազմախոր

Ուզում էր խոսել բնազդով մանկան,

Բերան էր բացում երազով լեզվի,

Ուզում էր խոսել, որ վիշտը կիսեր,

Որ փակ բերանով սիրտը չկիզվեր…

Մանուկ բնազդը օգնում Էր խոսել,

Ճգնում Էր, տնքում, բայց լեզու չուներ,

Ուզում Էր բանալ սիրտը նմանին,

Ցավերը ցույց տալ, իսկ ցավն անհուն Էր:

Ու կափկափում Էր համր վա յրենին

Յոթանասունյոթ իր թոռն ու ծոռով,

Հազիվ թոթովում ձեռքի... բարբառով:

Անլեզու ձայնով, ձեռքով Էր խոսում

(Ինչպես անբարբառ համրերը հիմա).,

Լեզվի բնազդով խոսել Էր ոզում,

Կիսել էր տենչում իր վշտերն անմահ,

Աչքերի շանթով, ձեռքով Էր խոսում,

Բայց ձեռքով սրտի ամպը չես կիսի,

Այն Էլ անպտուղ լաբիրինթոսում՝

Քաղցի քաոսում երկրի քաոսի:

Եվ ծաղիկների լեզվաժխորում

Իր անդուռ բախտի մասին Էր խորհում,-

Երբ մեծ արարողն իր երկրին նայեց,

Տեսավ՝ դեռ լուռ Է մարդն հազարացավ:

- Լռեցե´ք հավերժ,- խուլ հրամայեց,-

Ծաղիկների ծովն իսկույն համրացավ,

Սատանան ժպտաց, նրան թվաց թե աստված սխալվեց,

Քանզի աշխարհի գեղեցկությունը իսկույն մռայլվեց,

Երբ որ պապանձեց հազարալեզու համերգը ծաղկանց,

Ու մտքում մի պահ ծափ տվեց չարը սատանա կաղկանձ,

Երբ աստված, իբր, իր ստեղծածը մեռցրեց, ցրեց,

Թվաց, թե՝ իրավ խելքը կորցրեց, ողջը մեռցրեց:

Բայց նորից մթնեց դժնի սատանան,

Նորից կորցրեց իր հույսի ճամփան ,

Եվ նախանձն հորդեց, իժ դարձավ լորտուն,

Երբ աստված տեսավ իր հազարավիշտ, բայց համր մարդուն,

Ասաց՝ «Իմ լեզվին պետք չունեն անվիշտ ծաղկունքն հազարան,

Այս հազարացավ մարդոց Է վայել լեզուներն համայն:

Իմ նուրբ ծաղկանցը պետք չէ հուր լեզուն,

Անլեզու վիշտն է լեզու երազում երկրի քաոսում:

Մարդն համակ վիշտ է, և թող դարերում, երբ վիշտը սեղմի,

Թող խոսի մարդը, թող ցավը պատմե, որ ցավը մեղմի,

Թող լեզվավորվի, երբ ազատ խոսի՝ նոր իմաստանա, Իմաստնանալով ողջ տիեզերքի գաղտնիքը բանա,

Բացի գաղտնիքից իմ աստվածային…

Թող ցեղավորվի և լցնի հողագունդն այս դեռ դիվային»:

Ասաց ու մարդկանց պարգևեց ծաղկանց բյուրացեղ լեզուն,

Որ ծաղկանց նման մարդիկ մեղմանան ու դառնան խոսուն, Բազմացեղվելով,- ամեն մի ցեղը մի ծաղկալեզվով,-

- Թող բազմախոսի, որ թեթևանան ցավերն էլ իր ծով,

Թող երգի, խոսի, գեղգեղա, հոսի գեղեցկությունը,

Թող ծիածանվի հազարախոսուն ողջ մարդկությունը:

«Զի պիտ մարդանա ոչ միայն հացիվ,

Այլ բանիվ սրտի, այլ մտքի բանիվ…» :-

Ասաց արարողն ու ծազկեծաղիկ

Իջավ, ման եկավ՝ վերջին երկունքով,

Եվ աշխարհարար ձեռքով անմեղիկ

Սկսեց մեկ-մեկ պոկել հիացքով

Ծաղկանց բերանից հազարագույնի լեզուներն այլ֊այլ,

Ծաղկանց բերանից ծաղկանց լեզուներն հազարադայլայլ

Իր հազարացեղ լեզուներն անբիծ

Մեկ առ մեկ պոկեց ծաղկանց բերանից,

Ինչպես բերանից թոթով մանուկի՝

Պոկեց առաջին անուշիկ լեզուն իր ձնծաղիկի,-

Մանուկի նման ճչաց ձնծաղիկն ու հավետ լռեց,

Բայց արարողը նշխարեց լեզուն ու լեզուն բերեց

Մարդկանցից մեկի համր ու անլեզու բերանը դրեց,

Իր աստվածային շնչով էլ օծեց բերանն էլ մարդու,

Մոր կաթնաոգով շունչ տվեց լեզվին իր ադամորդու,

Եվ իսկույն խոսեց վայրենին՝ լեզվով հեգ ձնծաղիկի,

Հազիվ թոթովեց. «Մա´, մա՜յր՝ իմ կյանքի,

Մի՞թե իմ վիշտը չպիտի կիսես,

Որ ցեղս մեծնա՝ լիճս՝ ծովի պես»:

Այս եղավ մարդու առաջին խոսքը,

Որ, ասես, բացեց իր ոգեխորքը,-

Եվ աղոթքի պես մարդն րնկավ ոտքերն իր արարողի,

Այս մարդուն ճամփեց աստված հեռուներն իր ձյունահողի,

Ուր մեղմ բազմացավ ինքնաձև լեզվով՝ ուր էլ որ գնաց,

Խոսեց անխոսը… այնինչ՝ ձնծաղիկն անլեզու մնաց,

Հավերժ համրացավ ապշած աչքի պես:

Եվ հրամայեց արարողը մեծ.

- Քո այս նուրբ լեզվով բազմացիր դու հեզ,

Քանի ձնծաղիկն համր գա աշխարհ,

Քո լեզուն թող քո թերանում Խոսի,-

Դու ,քո երդն ասա աշխարհին արար,

Որ քո խոսքն այլոց վշտերն Էլ կիսի:

Եվ մինչև այսօր ձնծաղիկի տեղ այն ցեղն Է խոսում,

Որ ծվարել Է է մեծ հողագնղի ձյունահյուսիսում:

Երբ այս արարեց՝ մյուսին հակվեց,

Հրաշք մոր նման հուշիկ մոտեցավ իր մանուշակին,

Մանուկ մանուշակն ահից թաքնվեց,

(Եվ հավերժ մնաց թփերի տակին…).:

Կուչ եկավ ահից մանուշակն՝ աստծո լեզուն բերանում,

Թաքնվեց թփում, ինչպես դեռակույսն իր հոր վրանում:

Ասես չէր ուզում զրկվել իր լեզվից մանուշակն իմ հեզ,

Լացեց քնքշաճիչ, բայց խիղճը կորցրեց արարողն, ասես,

Եվ իսկույն պոկեց հեգ մանուշակի քնքշանուշ լեզուն,

Հուշով նշխարեց, օծեց համբույրով իր աստվածազուն,

Մի անշեջ ու հեզ կապույտ բոցի պես

Դրեց բերանը վայրենակաղկանձ ուրիշ մի մարդու,-

Ինչպես մայրն է միշտ դնում ստինքը բերանը որդու:

Սա էլ թոթովեց և այնպես խոսեց հետն իր արարչի,

Ինչպես օրոցքից մանկան առաջին բառը դուրս թռչի.

-Այն ճամփեն տուր ինձ, որ միշտ հետդ գամ,

Աստված իմ, հայր իմ, որ ծով բազմանամ,

Եվ դեղին ծաղկից ծնվածն ինձ չուտե...

Եվ այնտեղ ճամփեց այս նորաթոթով մարդուն բարբարոս,

(Աշխարհ բերելով մի նոր մարդացեղ՝ մանուշակախոս).,-

Ուր Կարմիր ծովն էլ ծափ տվեց անմարդ իր ափերի հետ,

Քանզի բազմանալ սկսեց խոսուն ցեղն այս նորակերտ,

Մանուշակագույն, մանուշակաբույր լեզվով իր միակ,-

Ահա թե ինչպես համրացավ խոսող ցեղը մանուշակ:

Եվ հրամայեց լեզու առածին արարողը մեծ.

- Քանի լուռ մնան մանուշակներդ՝

Մանուշակ լեզվով բազմացիր անեղծ,

Ազգ դարձիր և թող ծնվեն երգերդ

Քո միակ լեզվով մանուշակագույն,

Այն, որ ոչ մի ցեղ չունի աշխարհքում.

Դու էլ չունենաս բույրը ոչ մեկի,

Բացի բուրմունքից քո մանուշակի:

Եվ մկրտելով մայր ավազանում նեկտար նեղոսի՝

Կնքեց, որ իր նուրբ մանուշակ լեզվով հավիտյան խոսի:

Այնինչ՝ իր կողքին մանուշակ ծաղիկն հավերժ համրացավ,

Եվ դարեր անցան՝ ոչ մի խոսք չասավ,

Եվ անեծքն անգամ շուրթին կարկամեց:

4

Եվ շարունակեց, արարողը մեծ,

Ոսկե մեղվի պես՝ մայիսյան դեղին ծաղկին մոտեցավ,

Որ լեզու ուներ և սակայն չուներ սա էլ ոչ մի ցավ:

- Անհոգ արարածն ի՞նչ կանի լեզուն,

երբ մարդոց մեջ են ցավերը հոսում,-

Խորհեց արարողն ու պոկեց լեզուն մայիսյան ծաղկի,

Որ մի վայրենուց մի նոր ցեղ ծագի:

Ու լեզուն դեղին մեղրի պես բերեց ՝

Ուրիշ մի համրի բերանը դրեց,

Վայրենատեսիլ ուրիշ մի համրի:

Մարդն իսկույն խոսեց՝ «էլ ի՞նչըս խամրի,

Աստված իմ, մայր իմ», և իսկույն ընկավ ոտքերն աստծու,

Եվ աստված կնքեց. «Չես մնա ածու,

Քեզ եմ պարգևում լեզուն այս ծաղկի,

Որ քո բերանում հավիտյան ծաղկի:

Ձմեռն էլ խոսի քո բերանի մեջ այս ծաղկի բույրով,

Որ ցեղվես, ինչպես այս ծաղիկն է ցեղ՝ իր լեզվաթույրով:

Այնքան ժամանակ, քանի մայիսյան ծաղիկը մնա՝

Թող նրա լեզվով քո հավերժացող եսը խոյանա:

Քուն թե արթմնի քո գույնը պահես՝ այս ծաղկի հանգույն,

Քո շունչն ու հունչը, քո ձևն ու խորքը, քո եսն ինքնահուն:

Ոչ թե դու այոց երգածը կրկնես՝

Այլ, այս ծաղկի պես, քո եսաբույրով քո երգը երկնես:

Ոգորես դու էլ մանուշակ ցեղի, կակաչի նման,

Այս իսկ ծաղկի պես քո միակ գույնով ծաղկես հավիտյան:

Հավերժ բարբառես աստվածապարգև միայն քո լեզվով,

Եվ թող բազմանա իմ ստեղծածով՝ քո կաթիլը՝ ծով...

Ոչ թե վայրենի մոլախոտախիտ դառնախռնվես,

Այլ քոնը ծնես, որ մնաս քոնը, որ չխառնվես:

Քո խորքով պեղես, քո խորք ու գույնով,

Միայն մայիսյան ծաղկիս հանգույնով…»,-

Ասաց ու ճամփեց այս մարդանոր ցեղն արարողն այնտեղ,

Ուր Հիմալայն Է, ոբի անապատն հողմախելահեղ,-

Որ երթա՝ ծնի, որ ծաղկեցնի, այնքան բազմանա,

Ինքն Էլ փոշմանի՝ գլուխ չհանի այս ծովահորձանք,

Հոլ բազմացումից, որ չինն Է այսօր աշխարհափորձանք…

Ահա թե ինչպես մայիսյան ծաղիկն հավերժ համրացավ,

Իր լեզվով, ինչպես համր անասուն մարդն՝ ասուն դարձավ:

Այսպես՝ մի մարդուց երբ չինածովն Էլ նա աշխարհ բերեց,

Մեծ արարիչը դարձավ հասմիկի բերանն համբուրեց

Մի խոսքով աշխարհ ստեղծողն իր կույս,անշոշափ շուրթով:

Եվ դեռ լեզվանի ծաղիկը ժպտաց, բայց ճչաց վրդով,

Երբ, իսկույն, որպես գլուխ մի ծաղկի,

Պոկեց լեզուն Էլ խոսող հասմիկի

Ու բարի լեզուն դրեց բերան մի՝ վա յրենաթոթով,

Աշխարհ բերելով՝ լեզվով այս ծաղկի, այս ծաղկի հոտով,

Վայրի մի մարդուց՝ մի նոր մարդացեղ,

Եվ այս ցեղն իսկույն ուղարկեց այնտեղ,

Ուր գահավիժում ծով Նիագարան՝

Մարդ Էր որոնում ափերին ունայն…

Ու մինչև այսօր չգիտես՝ գտա՞ վ, թե՞ դեռ չի գտել՝

Զի մարդը ծաղկի սուրբ քնքշությանը մնաց անընտել:

Լեզուն դարձրեց սրտի բանալին, բայց միայն գոցող,

Լեզուն՝ լաբիրինթն իր հազար ու մի միտքը թաքցնող…

Եվ ահա աստված իր յոթնագունյա ծաղկանցից ջոկեց,

Նուրբ իմ նարդոսի լեզուն Էլ պոկեց,

Դրեց անլեզու բերան մի մարդու, որ համրը խոսի,

Եվ իրավ՝ խոսեց՝ հասնելով ափերն ի վար Նեղոսի,

Ծաղկի բույրի պես բարբառեց մարդը,

Այնպես, որ, կարծես, նախանձեց վարդը,

Երբ «Տեր իմ» ասաց ցեղը նարդոսված,

Եվ իսկույն պոկեց արարողն աստված

Նունուֆար ծաղկի լեզուն Էլ ահա,

Ու մեղմ թոթովեց այս նորախոսն Էլ՝ «Հայր, ալելույա»,

Դառնաբերանը մեղմորեն ծաղկի նեկտարալեզուն,

Ու դարը դարի՝ դանդաղ մեղմացավ այս Էլ գազազուն,

Պատմելով ցավերն իր նրբալեզվով, ինչպես մոտենաս՝

Խուփն առնես՝ վառվող-ծխացող թոնրի բերանը բանաս,

Որ ծուխը չքվի, թեկուզ դեռ մնա կրակը… վշտի,

Քանզի լեզուն էլ ցավն է դուրս վանում բազմախոց սրտի,

Երբ լեզվի ձեռով իր սիրտն է բացում մարդ մարդու առաջ,

Թեթևանում է՝ խոսելով ցավից իր մշտահառաչ.

Ահա թե ինչպես նուրբ նունուֆարն էլ, մի օր լեզվանի,

Հավերժ համրացավ, գեթ մի շշուկի լեզվակ էլ չունի,

Քանզի իր լեզվով ծնվեց մարդացեղն Իրանի անեղծ:

Եվ հրամայեց արարողը մեծ,

Որ հավերժ բուրե նունուֆար լեզուն,

Հավերժ բուրվառե երգերն իր խոսուն,

Քանի աշխարհում, սարում ու քարում այս ծաղիկը կա,

Ամենայն գարուն՝ մի նունուֆար էլ էլի աշխարհ գա,

Հավիտյան պիտի խոսի ու հոսի

Նունուֆար լեզուն՝ լեզուն էլ ֆարսի:

5

Այս որ արարեց արարողը մեծ՝

Իր օշոշ ծաղկի լեզուն էլ պոկեց,

Դրեց բերանը վայրենամռունչ յոթերորդ թոռան,

Իսկույն թվաց, թե իր մռունչները մրմունջներ դառան:

- Աստված իմ, ասաց, հիմա ես կերգեմ իղձերը սրտիս,

իտեմ՝ քո խոսքով մարդանամ պիտի, ներիր դժբախտիս,

Ներիր լռությունն համր բերանիս, որ չէր աղոթում,-

Այսպես բարբառեց ու մեղր էր, ասես, իր լեզվից կաթում:

Ժպտաց արարողն իմ Արարատի,

Այս մարդացեղն էլ ճամփեց արևելքն իր հողագնդի,

Աշխարհ բերելով հրաբիբ ու նուրբ մարդացեղն եթովբ,

Այնտեղ, ուր ջունգլին ողբում էր, ինչպես վիրավոր մի Հովբ,

Եվ հրամայեց հավերժ թաքնված արարողը մեծ.

- Դու էլ բազմացիր՝ հավիտյան անեղծ,

Քանի այս օշոշ ծաղիկն էլ բացվի՝

Թող քո սուրբ լեզվով քո հողը լցվի,

Միայն քո լեզվով իմ նվիրական, -

Ասաց մեծ աստվածն ու մի սուրբ վայրկյան

Համբուրեց վարդի աչքերն արցունքոտ,

Ապա համբուրեց բերանը բոցոտ,

Որ ցավը չզգա, և իսկույն պոկեց վարդաբույր լեզուն,

Մեղրաբոցի պես դրեց բերան մի՝ վայրենախոսուն:

- Մեղրածոր լեզուն մարդուն է վայել ու ոչ թե վարդին,

Քանզի լեռնացած վիշտ չկա քնքուշ վարդենու սրտին:

Մարդուն է վայել վշտացիր լեզուն վարդաբույր ու պերճ,

Քանզի սատանան ինձնից խռովել՝

Օձի է փոխվել խաբված մարդու մեջ:

Վշտամբար մարդը թե համր մնա, լեզու չունենա՝

Անլեզուն ինչո՞վ իր սիրտը բանա, որ թեթևանա,

Լցնի գեթ շուրջը վարդաբույր երգով իր ոգու անեղծ,-

Ասաց արարողն ու վարդալեզու այս ցեղն անդ հղեց,

Ուր փիղն է գոռում, բայց ասես հույս էր կաթում լուսնյակից,

Եվ ուր կաղնին է վառվում առյուծի աչքի կայծակից…

Ու լեզու առած այս մարդն էլ աստծուն ալելուիա ասաց,

Եվ ասես մազ ու մորուքի միջից բուրեց վարդն անանց,-

-Աստված իմ,- ասաց այս մարդն էլ որպես նորածին մի վիթ,-

Հնդի´կ, համբուրի ալ վարդի փունջն էլ՝ մորը մայր լեզվիդ:

Եվ հրամայեց գալիքնատեսիլ արարողը մեծ.

- Մի կաթիլ մարդուց ծով ծնիր անեղծ,

Որ քանի երկրում թեկուզ մի վարդի կոկոնիկ բացվի՝

Թող հնդկահողդ լոկ ու հավիտյան քո լեզվով լցվի,

Որ երգի փոխես նուրբ խոյանքները վաղվա մեծ ոգուդ,

Մարմնասով տեսնես, բայց ոչ ոգեսով, ո´վ իմ անհագուրդ:

Այս էլ որ երկնեց արարողը մեծ,

Իր շուշան ծաղկանց լեզուն էլ պոկեց

Դրեց անլեզու դառնաբերանը իր բարբարոսի,

Որ երբ մարդանա՝ մեղմանա փոքր ինչ, մեղրանուշ խոսի,

Նրբանուշ խոսի, ինչպես բուրմունքը շուշանի քնքուշ,

Մեղմանուշ խոսի, որ կիսե վիշան էլ վարդի մշտափուշ:

Եվ այս ցեղն իսկույն իր Սենա գետի ափերն առաքեց,

Ուր ցոփ շշուկով, շուշանամարմին սիրացոփ ծաղկեց

Բոլոր ափերին Սենամայր գետի իր շուշանաբույր,-

Ահա թե ինչու անլեզու մնաց շուշանն էլ իմ քույր՝

Մարմարի նման հավերժ կարկամեց:

Եվ հրամայեց հավերժատեսիլ արարողը մեծ.

-Քանի աշխարհում շուշանները կան և համր են քանի՝

Շուշանալեզուդ մի սև շշուկ էլ մահի ահ չունի…

Բայց խելքդ գլխիդ դու թագ դարձրու՝ տիվ ու գիշերով,

Որ չփոշոտվի մայրենիդ՝ օտար լեզվափշերով...

- Ալելույա,-ձայնեց վայրենաթոթով այս մարդն էլ իսկույն,

Ոտքն ընկավ, իբր խնկեց աստըծուն:

Ու մեծախորհուրդն արևածաղկի լեզուն էլ առավ

Պատվաստեց բերանն ուրիշ մի համրի՝ իր լեզվածարավ,

Սակայն սա հենց որ նուրբ լեզվավորվեց՝ վեր նայեց խաբված,

Չընկավ անմարմին ոտքն արարողի, որ մթնեք ապշած:

Այս վայրենամարդն արևին նայեց հեգ աստըծո տեղ,

Սատանայախաբ մեղքով էլ անմեղ:

Աոաջին բառը մանուկ բերանին աղոթքով դողաց.

- Դու ես աստվածս,- ասաց արևին, աստըծուն թողած:

Արևի առաջ երեսի վրա ընկավ, կարկամեց,

Բայց ժպտատխուր՝ խոժոռվեց պահ մի արարողը մեծ,

Ասաց՝ «Արևը իմ աչքն Է, մարդուկ, ես ներում եմ քեզ,

Բայց պիտի դու միշտ արևածաղկի քո լեզուն պաշտես,

Իմ գլխից Էլ վեր, որ կու չգնաս դու ուրիշ լեզվաց…»:

Ասաց ու հղեց այս ցեղին այնտեղ, ուր հողն Է կիզված՝

Երկնքում ծաղկող արևածաղկի համբույրի բոցով,

Ուր պարսկածովն Է ծաղրում արևին՝ ծով մռնչոցով:

Եվ հրամայեց արարողը մեծ.

- Քանի անլեզու արեածաղիկն արևին նայե՝

Քո մայր լեզվին Էլ թող գալիք բախտդ հավերժ փայփայե,

Որ լեզուդ դառնա ոգուդ ու երգիդ բաժակը ոսկի,

Եվ թող հարբենա աշխհարհն Էլ վաղը երգով քո իոսքի՝

Արևածաղկից մեղրաբուրյան…

Ասաց արարիչն ու սուրբ մոր նման կռացավ իսկույն,

Պոկեց լեզուն Էլ չքնաղ նարգիզի,

Դրեց բերան մի՝ վայրի, ձեռնախոս դեռ համրախոսի:

- Ալելույա, հայր իմ,- խոսեց այս մարդն Էլ, երբ լեզու առավ,

Եվ դարը դարին՝ սա Էլ գեղեցիկ մի նոր ցեղ դառավ,

Եվ հունաստանվեց մայր իմաստությամբ իր աստվածագեղ, Նարգիզ ծաղկաբույր ու գեղադայլայլ լեզվով իր շքեղ:

Ահա թե ինչու անլեզու դարձավ նարգիզն այն ծաղիկ.

- Լեզուն ի՞նչ կաներ վշտին անտեղյակ ծաղիկն անցողիկ:

Դառնավշտահեղծ սրտոց Է վայել լեզուն Էլ մեղրիկ,

Թող մարդը խոսե, որ շաղ տա ոգու գանձերն իր վաղվան,

Որ աշխարհ բերե գանձերն իր մտքի, գանձերն հազարան,

Միակ գանձերը ողջ տիեզերքի:

Գավից գավաթը լցվող գինու պես երբ մարդը երգի՝

Հարբի գանձերով անմարմին ոգու,

Որ գեթ մեղմանա վայրագն ահարկու:

6

Ասաց ու ելավ Մասիս լյառն ի վեր արարողը մեծ,

Նայեց կակաչին, որ կռահելով՝ ոչ թե կարկամեց,

Այլ վիզն երկարեց, ասաց սրտադող.

- լուխս կտրե, բայց լեզուս ինձ թող,

Անլեզու կյանքս ինչպե՞ս կարկաչի…

Բայց աստված պոկեց լեզուն կակաչի

Եվ ապա պոկեց լեզուն Էլ վարդի

Երկուսը մեկեց, որ երգր հորդի.

Մի նուրբ ու անմար բոցի պես բերեց

Առաջին մարդու համր ու լեզվազուրկ բերանը դրեց,

Որ կակաչի պես սա Էլ քնքշանա և հավերժ խոսի, -

Բայց այս մարդն իսկույն վեր նայեց՝ դեպի ջահը Մասիսի, Աստըծուն Թողած իր լեռանն ասաց. «Մա, Մասիս, մարե,

Քո ձյունն իմ սրտի սև կրակն արդյոք ե՞րբ պիտի մարե».

«Մարե» խոսքն այնքան սրտաձայն ասաց, այնպես հառաչեց,

Որ ներեց նրան փառքերից փախչող արարողը մեծ,

Համբուրեց նույնիսկ, թողեց այս մարդուն Մասիսի վրա,

Մայր Արաքսն ի վեր և արմատվեց իմ ցեղն հնօրյա,

Հավերժ բազմացավ, դարձավ Հայաստան մշտամեղեդի:

Եվ հրամայեց արարողը մեծ.

-Ո´վ իմ վշտաշիվ.

Քեզ լեզու տվի, որ քո երկիրը լցնես քո բանիվ,

Որ քեզ Էլ չասեն՝ «դու ով ես, ես ով»:

Բազմացիր դու էլ քո անզույգ լեզվով,

Բազմացիր, քանզի քո կակաչ ծաղկի սևն էլ ինձ վկա՝

Սև շատ է գալու քո գլխին և քո Մասիսին հսկա:

- Ավա՜ղ… թոթովեց այս կակաչամարգն իր արարիչին,

Այս խոսքը եղավ իր խոսքն առաջին…

Ահա թե ինչու կորցրեց կակաչն իր մեղրալեզուն,

Բայց կակաչի տեղ՝ իր խինդ ու վշտից իմ ազգն է խոսում:

«Հուր-հավիտյան է իր կակաչ լեզվով հայը խոսելու,

Լոկ իր լեզվով է իր գալիքների վիշտը կիսելու,

Միակ մայր լեզվով իր բիբլիական,-

Թեկուզ ծաղիկներն՝ օր մի խոլական

Աստվածընղդեմ էլ՝ սատանայախաբ անաստվածանան,-

Հայ լեզվով քնեն՝ հայ լեզվով պիտի հայերն արթնանան, եղգեղան, ինչպես իմ հավքերի մեջ՝ սոխակն իր լեզվով,

Արծիվն՝ իր լեզվով, անգղն՝ իր լեզվով:

Թեկուզ կակաչի սրտի սևն հորդե՝ ծածկե իր կարմրին

Վերջ չի գա, Հայկոս, քո կակաչախոս ազգին ու գրին,

Բարբառես պիտի կակաչի կարմիր և թե թուխ լեզվով,

Թեպետ շատ պիտի խոնարհվես, ինչպես կակաչն իր սևով,

Եվ դարը մի հեզ դու պիտ մազե կամուրջով անցնես,

Մերթ այս կակաչի թերթիկների պես դու հեշտիվ ցրվես,

Մերթ բացվես՝ իր քույր վարդերի նման,

Մերթ գոցվես-բացվես, այսպես՝ հավիտյան:

Քո լեզվաբույրով, զույգը չունեցող քո լեզվով անզույգ,

Ինչպես անզույգ է ամեն մի ծաղիկն աստվածամասունք,

Անզույգ, ինչպես վարդն, ինչպես շուշաններն իմ այս ձյունասիփ,

Ինչպես հասմիկներն, ինչպես շուշաններն իմ այս ոսկեբիբ:

Անզույգ, ինչպես ցեղն հորոտ-մորոտի այս իմ երկնագույն,

Անզույգ, աննման, ինչպես մայիսյանն այս ոսկեհանգույն,

Ինքնանաս, որ քեզ չխաբի գալիք ոչ մի նենգ հման,,,»:

Այսպես արարեց և հավերժորեն հայ կնքեց հային,

Հայ կնքեց հավերժ հայ ավազանում իր աստվածային՝

Հավերժամռունչ մայր Արաքսի մեջ,

Ուր գահն է Նոյան՝ ուր Մասիսն է պերճ:

7

Այսպես մտքի մեջ իմաստնաբանեց, -

Եվ բուսոց արքա այն լոշտածաղկի լեզուն էլ հանեց

(Այն, որ արմատն է մարդամարմնաձև)., -

Հանեց ու դրեց վերենաբերանը հեգ մի մարդուկի,

Որ իսկույն ասաց՝ «Ես քույրն եմ, տերն եմ կակաչասուզի ,-

Ալելու, ասաց, դու իմ Եհովան,

Քեզ կապավինեն վշտերս վաղվան,

Ալելույա, տեր իմ, ես երկինք գետինք պիտի քննեմ,

Լուսնի վրա էլ ինձ կարթնացնեմ…»:

Լսեց ու ժպտաց արարողը մեղմ,

Եվ այս՝ լոշտակի ցեղը ոսկեգեղմ

Ուղարկեց այնտեղ, ուր ծովն է Կարմիր,

Լոկ մի խոսք ասաց՝ «Կարմիր ծովն անցիր…»:

Այս պահից ահա, այն էլ հավիտյան

Համրացավ լոշտակ ծաղիկն էլ մեր տան:

Ժպտաց արարիչն ու դարձավ մոր պես ձեռքով մեղմակի՝

Պոկեց լեզուն էլ վարդերի եղբայր մեղուշ մեխակի,

Դրեց բերանը յոթանասունյոթ իր վայրի թոռան,

Եվ այս տոտեմից անցոփածնունդ ելան, կյանք առան

Կազբեկ լեռների հովիտներն ի վար մեղմ ու գեղեցիկ՝

´Հայ կակաչաքույր, մեխակալեզու Քուռ գետի որդիք,

Այսպես լեզվանի մեխակ ծաղիկն էլ հավերժ կարկամեց:

Եվ հրովարտեց արև ու լուսնի արարողը մեծ.

- Քանի դեռ մեխակ ծաղիկն աշխարհ գա՝ կծաղկես դու դեռ,

Թող ծիածանվի լեզվագույներով աշխարհն իմ անմեռ:

Քեզ էլ մահ չկա, ազգին էլ կակաչ,

Քանի ծաղիկներ բացվեն ձեր առաջ:

8

Այսպես հավերժ են երկրով անսահման

Ողջ բազմալեզու ցեղերն այս համայն՝

Այն հազար ու մի ծաղկունքից ծնված,

Ու երկրե երկիր, ողջ աշխարհով մեկ վեր ծիածանված:

Ամեն մայր լեզուն՝ ամեն մի ազգը մի գույնն է նրա՝

Տիեզերական հրաշք են ցեղերն՝ աշխարհի վրա:

Ծաղկանց ցեղերը, ցեղերը մարդկանց, ցեղերն հավքերի,

Անզույգ են բոլոր ցեղերն անհամար աստծո ձիրքերի:

Ծառերի ցեղերն ու ձկնաթովի ցեղերը պես-պես,

Մանրէ, մրջյունի ցեղերից մինչև փիղն ահեղատես,

Զարմանահրաշ մի մշտահանդես՝ աստվածացույցի,

Եղնիկից մինչև մամոնտը Մասիս և ծաղիկն ուրցի:

ազանացեղի ու մարդացեղի պես-պես, բյուրարար,

Հազարահրաշ ինքնածին ցեղերն… աստծո, անհամար:

Աննման, ինչպես նման չէ արտույտն ահեղ մամոնտին,

Եվ անզույգ, ինչպես նման չէ Վանա ծովն Արարատին:

Աննման, ինչպես նման չէ տուղտը զմրուխտին իր քույր,

Եվ անզույգ, ինչպես ամեն ազգ՝ իր մայր լեզվով քաղցրաբույր:

Աննման, ինչպես գահավիժումը Նիագարայի,

Եվ անզույգ, ինչպես լուսինն ամայի,

Աննման, ինչպես աչքերդ կապույտ,

Եվ անզույգ, ինչպես աչքերդ սեևիկ,

Աննման, ինչպես մահվան կամքն անփույթ,

Եվ անզույգ, ինչպես վանքն իմ Տաթևիկ:

Աննման, անզույգ, ինչպես հրթիռը նման չէ վարդին,

Եվ անզույգ, ինչպես մարդուս գլուխը նման չէ սրտին:

Ինչպես նման չէ կակաչր վարդին իմ հայոց լեզվով,

Այնինչ նման չեն ծաղկունքն իրարու՝ բյուր այլոց լեզվով:

Ինչպես նման չէ շուշանը տուղտին, տուղտը կակաչին,

Այնինչ նման չէ նարգիզն հասմիկին, հասմիկն՝ արարչին:

Ինչպես նման չէ քույր մանուշակին նարգիզը եղբայր,

Քանզի անզույգ են ծնվել մարդկության ցեղերն անհամար,

Հազարալեզու, բայց աստվածային մի մորից ծնված,

Ծնված մի մորից, բայց երկրե-երկիր՝ հազարացեղված:

Ծնված հրաշքով անիմանալի աստծո անկաշառ,

Ամեն ցեղ՝ մի ծառ, մարդկությունն, ահա, ճոխ մի ծով անտառ:

Ամեն ազգ մի ծառ՝ բայց պտղաբույսով՝ նման ոչ մեկին,-

Ինչքան պես-պես են, այնքան կախարդ են անտառն ու այգին:

Խաղողն անգին է, բայց թե՝ անգին է դեղձն էլ խնկաթույր,

Դեղձն հոյա գեղ է, սակայն, շքեղ է սալորն էլ իր քույր:

Սալորն անզույգ է, բայց թե՝ անզույգ է կեռասն էլ վճիտ,

Կեռասն անուշ է, բայց մեղրանուշ է թուզն էլ սիրասիրտ:

Թուզը մեղրուն է, բայց ընկույզն ինքն էլ մեղր է ուշաքար,

Ընկույզն անզույգ է, բայց աննման է նուռն էլ իր եղբայր:

Նուռն Էլ գինի Է, բայց թե գինի Է անշուք թութն անգամ,

Թութը անզույգ Է, բայց թե պակաս չէ խնձորն անթառամ:

Խնձորն հրաշք է, բայց աննման է տանձն էլ նույն այգում,

Տանձը գանձ է միշտ, բայց շամամն ինքն էլ մի հատ է կյանքում:

Բանանն անուշ է, անուշ է նույնքան արմավն արաբի,

Սոխակն անզույգ է, բայց և անզույգ է ցեղն էլ կարապի:

Օշինդրի դեմ՝ արծաթ գարին էլ ցորեն է ոսկյա,

Երբ իր բույրն ունի՝ ձյունակեչին էլ կաղնի է հսկա:

Դրախտ է բուրմունքն արևաքամուկ հայոց ծիրանի,

Բայց և սուրբ խունկ է բադամն Իրանի:

Մեկ մեկուց վեր չեն նուշն ու զկեռը,-

Այս է բնության՝ մեծ արարողի հավերժ անմեռը:

Այս ամենով է այգին էլ աշխարհ մի բազմաբեղուն,-

Միանմանը մահն է գեղեցկի հազարագեղուն,

Հազարազեղուն մրցում է աշխարհն այս հազարացեղ,

-Բազմապտղանի այգին է դրախտն ամենաշքեղ:

Ես այգին ասի՝ աշխարհն հասկացիր, ով աշխարհաթաղ,

Վարդը չքնաղ է, բայց ծաղկեփունջն է բյուրահեղ չքնաղ:

Մի վանդակ վագրը գազանանոցի պերճանքը չունի,

Մի գույնն անզոր է ծնել կախարդանք ճոխ ծիածանի:

Անգին է գորգը, թե՝ բազմագույն է, բազմածաղկաձև,

Աչքը չի հոգնում, երբ խայտաշխարհն է խայտում իր առջև: Խաղողն Անուշ է, բայց բյուր անուշ է բազմացեղ այգին,

Այգուց ո՞նց մտնենք վայրենամթար անտառը կրկին:

Մեծ, աստվածային կշեռքի համար

Մի հոնքն էլ այն է՝ ինչ որ վիթխարի մի երկնակամար:

Չնաշխարհիկ է աշխարհն՝ հրաշքով,

Թե նայես ոչ քո, այլ ցեղաց աչքով,

Թե նայես աչքով դու աստվածային,

Քուրդ ծաղիկն ինքն էլ ազգ է աստղային:

Սադայելն ինքն է, աստըծո ընդդեմ,

Երազում ամլել այգին այս եդեմ:

Նայիր ծառերի այս բազմամբոխին,-

Թխկին՝ ուրիշ բույր, ուրիշ բույր ունի իր կողքի բոխին:

Ուրիշ է կեչին, կաղնին ուրիշ է՝ իրենց բուրմունքով,

Բարդին՝ ուրիշ բույր, ուրիշ է հացին՝ իր ցեղախունկով:

Խնձորենիներն ուրիշ բույր ունեն, տանձենիք՝ ուրիշ,

Տուղտենիք ուրիշ խունկ են բուրվառում, վարդենիք՝ ուրիշ:

Չինարն ուրիշ է, ուրիշ է սոսին, էլ ո՞ր մեկն ասեմ,

Ամեն մեկն իր տեղն՝ իր սուրբ ցեղն ունի՝ նսեմ, թե վսեմ:

Ներդաշնությունն այս է քաոսի,-

Մրջյունն էլ պակսի՝ աստված էլ կասի

Թե՝ պակասել է իմ ճոխ բնության

Սուրբ ծիածանից մի սուրբ գույն, մի բան…

Մի գույնից երբեք չի ծնվի, ո´վ կույր, մի ճոխ ծիածան,

Փեթակներն ինչո՞վ մեղրի ծով դարձան,

Եթե ոչ հազար գույն ու նեկտարով ծաղկացեղերի,-

Միագունողին աստված չի ների:

Նուրբ է սոխակի գեղգեղանքն անուշ, բայց համերգ չի դեռ,

Համերգը՝ բազում հավք ու թռչունի ցեղերն են անմեռ:

Հազարալեզու, հազարադայլայլ խորհուրդն է միայն,

Միակ անհեղլին՝ ողջ տիեզերքի ողջ գեղեցկության:

Եվ հուսկ մռնչաց, ընդդեմ ոսոխի,

Վերջնակնիքը մեծ արարողի.

-Թեկուզ աշխարհում այս իրարամերժ՝

Հավերժ են բոլոր լեզուներն հավերժ,

Իրենց նախամայր ծաղիկների պես այն հազարագույն,-

Հավերժ է խոսուն կակաչածնունդ իմ հայոց լեզուն,

Հավերժ է, քանի կակաչները կան:

Հավերժ է խոսուն ձնծաղիկածին ռուսաց լեզուն՝

Ձնծաղիկները քանի աշխարհ գան:

Հավերժ է իմ նուրբ նարգիզից ծնված իմ հունաց լեզուն՝

Հավերժ է, քանի նարգիզները կան:

Հավերժ է ֆարսի՝ նունուֆարածին լեզուն էլ խոսուն՝

Հավերժ է, քանի նունուֆար բացվի:

Հավերժ է խոսուն մանուշակածին լեզուն արաբի՝

Քանի մանուշակն արցունքը թափի…

Հավերժ է լեզուն այս մարդացեղված արևածաղկի՝

Քանի իր գույնով արևը ծագի:

Հավերժ է մեխակ ծաղկից էլ ծնված լեզուն լեռնազուն,

Քանի դեռ համր մեխակները կան:

Հավերժ են բոլոր ազգ ու ցեղերի երազն ու լեզուն,

Քանի կան հողը, արև ու օվկիան:

Թող հար խաղաղվեն, որ ինձ հասկանան,

Ու թե դեռ ցեղ են՝ լույսով ազգանան:

Ամենն իր լեզվով թող ծաղկի հավերժ,

Հավիտյան անեղծ, հավերժ անհեղլի,

Անմերժ աշխարհում այս իրարամերժ,

Քանի չի փոխել կակաչն իր գույնը

Այս մշտափոփոխ մայր բնության մեջ:

­Քանի ճերմակ է Մասիսի ձյունը,

Քանի արևի իմ աչքն է անշեջ,-

Ամենն իր լեզվով պիտի բարբառի,

Որ գեղեցկությունն հավերժ բուրվառի,

Իմ գեղեցկությունն աշխա րհասփյուռ,

Եվ քանի համր են ծաղիկներն իմ լուռ,

Կուլ չի գնալու ոչ ոք ոչ ոքին,

Ինչպես կուլ չի տա ծաղիկը ծաղկին:

Հավերժ են՝ քանի վարդն ու կակաչը աշխարհ գան այսպես,

Վերչ չկա հավերժ, ո´վ գետակ ազգեր, ո´վ հայեր և ձեզ,

Քանզի գետակն էլ գանձ է բյուրակնյա,

Ո´վ իմ գետ ազգեր, ո´վ ազգեր իմ ծով…

Ծաղիկներիս հետ հավիտյան պիտի ցեղերն աշխարհ գան,

Ու ցեղավորված՝ ծիածանակերպ պաշտելի մնան,-

Ա´յս է գեղեցիկն աստվածախորհուրդ՝

Հավիտենության ծարավն անհագուրդ:

Edited by hravart
Link to post
Share on other sites

Ամենայն Սրտով

(Դասական Ուղղագրութեամբ)

Յովհաննէս Շիրազ

Ամենայն սրտով բողոքում եմ ես մարդու անարդար վճիռի համար

Անիծում եմ ես մարդուն նենգաւոր, որ նա ընտրել է պղծւած ճանապարհ.

Ատում եմ հոգով օրէնքներ շատ-շատ, որ ծանրացել են մարդկանց ուսերին

Եվ ստիպում են կեղծել, քծնվել, գովել անարժան, տգէտ բարքերին:

Ես բողոքում եմ, իրաւունք ունեմ գանգատ գրելու ամբողջ աշխարհին,

Որ հայոց հողը ետ վերադարձւի և տրվի պանդուխտ, տառապող հային,

Ես ցանկանում եմ մէկ անգամ տեսնել քարտեզը հայոց անծայր երկրի,

Դրանից յետոյ եթե մեռնեմ էլ, իմ հոգին ուրախ և յաւերժ կապրի:

Ինչո՞ւ է հայը պանդուխտի ցուպով, այսօր թափառում ամբողջ աշխարհում

Օտարի հողում կեղծւած ու տանջված, հեռու հիւսիսում կամ անապատում,

Ին՞չ է նա կորցրել Սուդանում կիզիչ, կամ Հնդկաստանում հեռու հեռաւոր,

Ինչո՞ւ է հայը բեկորներ դարձել, նա չունի հանգիստ, նա չունի անդորր:

Խեղճ պանդուխտ հային հող է հարկաւոր, ոչ օտար երկրում, այլ իր սեփական,

Եւ երբ ունենայ նա հողը նորից, դուրս կշպրտի ցուպն օտարութեան,

Անհուն հրճւանքով կշտապի հեռւից դէպի Ղարս, իգդիր, Վան կամ Արդահան,

Նորից կլսւի հորովելը հին, նորից կծխայ ծուխը հայկական:

Օտարի ձեռքից հինգ հարիւր տարվա հողերը այսօր ետ են գրավում,

Օրէնք է, ու մենք էլ ասում, որ հողը տիրոջն է միայն պատկանում.

Բայց ինչի խօսել ուրիշի մասին և միշտ մոռանալ ցաւը սեփական,

Ինչու վաստակել որ ուրիշն ուտի, մոռանալ քաղցը հարազատ մանկան:

Ոչ, բաւական է , չպէտք է լռել, երազել քիչ է, պէտք է պայքարել,

Քառասուն տարին դեռ նոր է անցել, հայոց հողերը պէտք է պահանջել,

Քարտեզի վրայ դեռ շատ անուններ մինչև օրս էլ հինն են մնացել

Նոյնն են մնացել քաղաքներ, գիւղեր, շեներ ու գետեր և հին ամրոցներ:

Սահմանին թիկնած Արարատն է սեգ, իրեն լանջերով, զմրուխտ կուսական,

Արարատն է սիմբոլը հայոց, միշտ թսվչանքով լի, քաղցր մայրական,

Իսկ այն կողմ հեռւում, Բինգեօլն է լքւած, սգւորի նման, սև ամպերի մէջ,

Վանա և Նազիկ լճերն են նիրհում, Ախթամարն է մեր արտասւում անվերջ:

Այս բոլորը դուք տեսնում էք հայեր և այն թսղել էք բախտի պատմութեան,

Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծւում, այս է մեզ ասում կեանքը այժմեան,

Պէտք է պայքարել, պէտք է պայքարել և պէտք չէ սոսկալ մահից սեփական,

Մահւան գնով էլ պարտաւոր ենք մենք միացեալ տեսնել հողը հայկական:

Ամենայն Սրտով

(Նոր Ուղղագրությամբ)

Հովհաննես Շիրազ

Ամենայն սրտով բողոքում եմ ես մարդու անարդար վճիռի համար

Անիծում եմ ես մարդուն նենգավոր, որ նա ընտրել է պղծված ճանապարհ.

Ատում եմ հոգով օրենքներ շատ-շատ, որ ծանրացել են մարդկանց ուսերին

Եվ ստիպում են կեղծել, քծնվել, գովել անարժան, տգետ բարքերին:

Ես բողոքում եմ, իրավունք ունեմ գանգատ գրելու ամբողջ աշխարհին,

Որ հայոց հողը ետ վերադարձվի և տրվի պանդուխտ, տառապող հային,

Ես ցանկանում եմ մեկ անգամ տեսնել քարտեզը հայոց անծայր երկրի,

Դրանից հետոյ եթե մեռնեմ էլ, իմ հոգին ուրախ և հավերժ կապրի:

Ինչո՞ւ է հայը պանդուխտի ցուպով, այսօր թափառում ամբողջ աշխարհում

Օտարի հողում կեղծված ու տանջված, հեռու հյուսիսում կամ անապատում,

Ին՞չ է նա կորցրել Սուդանում կիզիչ, կամ Հնդկաստանում հեռու հեռավոր,

Ինչո՞ւ է հայը բեկորներ դարձել, նա չունի հանգիստ, նա չունի անդորր:

Խեղճ պանդուխտ հային հող է հարկավոր, ոչ օտար երկրում, այլ իր սեփական,

Եւ երբ ունենա նա հողը նորից, դուրս կշպրտի ցուպն օտարության,

Անհուն հրճվանքով կշտապի հեռվից դէպի Ղարս, իգդիր, Վան կամ Արդահան,

Նորից կլսվի հորովելը հին, նորից կծխա ծուխը հայկական:

Օտարի ձեռքից հինգ հարյուր տարվա հողերը այսօր ետ են գրավում,

Օրէնք է, ու մենք էլ ասում, որ հողը տիրոջն է միայն պատկանում.

Բայց ինչի խոսել ուրիշի մասին և միշտ մոռանալ ցավը սեփական,

Ինչու վաստակել որ ուրիշն ուտի, մոռանալ քաղցը հարազատ մանկան:

Ոչ, բավական է , չպետք է լռել, երազել քիչ է, պետք է պայքարել,

Քառասուն տարին դեռ նոր է անցել, հայոց հողերը պետք է պահանջել,

Քարտեզի վրա դեռ շատ անուններ մինչև օրս էլ հինն են մնացել

Նոյնն են մնացել քաղաքներ, գյուղեր, շեներ ու գետեր և հին ամրոցներ:

Սահմանին թիկնած Արարատն է սեգ, իրեն լանջերով, զմրուխտ կուսական,

Արարատն է սիմբոլը հայոց, միշտ թսվչանքով լի, քաղցր մայրական,

Իսկ այն կողմ հեռվում, Բինգեոլն է լքված, սգվորի նման, սև ամպերի մեջ,

Վանա և Նազիկ լճերն են նիրհում, Ախթամարն է մեր արտասվում անվերջ:

Այս բոլորը դուք տեսնում էք հայեր և այն թսղել էք բախտի պատմության,

Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում, այս է մեզ ասում կյանքը այժմյան,

Պետք է պայքարել, պետք է պայքարել և պետք է սոսկալ մահից սեփական,

Մահվան գնով էլ պարտավոր ենք մենք միացյալ տեսնել հողը հայկական:

Link to post
Share on other sites

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶԻՆ

(Դասական Ուղղագրութեամբ)

Սեգալ (Սեդա Գալանդարեան)

Ջան իմ Շիրազ,

Իմ սրտագին խօսքերով այս,

Ինչպէս յայտնե՞մ սրտիս ցաւը,

Երբ կարդացի

Մեր հողերի, մեր վանքերի,

Մեզնից խլւած

Պապենական մեր վանքերի մասին գրւած

Քո խօսքերը...

Դու երբ աչքդ բարձրացնում ես,

Մեր սրբազան լեռն ես տեսնում,

Դու երբ սիրտդ մղկտում է,

Մեր հարազատ երգն ես լսում,

Դու երբ հոգիդ կարօտում է,

Աղջիկների սեւ աչքերում

Մաքուր հայի ցոլքն ես տեսնում:

Ջան իմ Շիրազ

Ի՞նչ կասես դու քո քոյրերին,

Եղբայրներին արիւնակից,

Որոնք ընկած սարդի ոստայն,

Կաթիլ, կաթիլ, արիւնաքամ,

Բաց աչքերով,

Ահաբեկւած,

Ականատես,

Ապրում են լուռ

Նոր սերունդի մահը դանդաղ:

Թէ հող չունես

Որտե՞ղ տնկես ծիլդ դալար,

Թէ տեղ չունես

Որտե՞ղ պահես գանձդ հազար:

Ասում ես թէ,

-Բաւական է երազելը, պէտք է կռւել ու պայքարել-

Դու էլ ասա,

Ի՞նչպէս անենք,

Հեռու ափից մեր ձեռքերը ո՞մ երկարենք

Մենք ենք այս կողմ կարօտ քաշում,

Մենք ենք այս կողմ մեր տաղանդով

Ուրիշներին հարկ վճարում,

Օտարի տան շեեր մաշում:

Ես հայուհի պարզ մի մայր եմ,

Իմ պարտքն էր

Տալ զավակ ազգիս:

Կատարել եմ ես պարտքը իմ:

Հիմա կանգնել,

Զաւակներով,

Զառիվայրի բաց շրթունքին

Սարսափահար,

Նայում եմ ցած

Խոր անդնդին:

Դու էլ կանգնած պապենական

Մեր հին հողին,

Դէմքդ տւած Արարատեան

Մքուր հովին,

Ասում ես թէ

-Լեզւաժխոր սփիւռքում,

հայեր քիչ էլ հայ կացէք-

Յետոյ գոչում,

-Հայուհին իր հայ որդոցն

Հայ դպրոց չի ուղարկում,

Ինչ ես գրում, ջան իմ Շիրազ,

Էդ խօսքերով մեր սրտերի

Վէքն է մխում:

Թերթիր մէկ-մէկ

Հայ պատմութեան էջերը մեր,

Տես թէինչպէս,

«Հայուհին էր որ պայքարեց

Ատամներով, եղունգներով,

Անապատում,

Կամ լպրծուն քաղաքներում,

Ու դեռեւս պայքարում է

Որ հայ մնայ,

Իր զաւակը...

Դուք փակել էք դռները պինդ

Ու հարազատ զաւակներին

Դուրսն էք թողել...

Նորաբողբոջ ծիլերը մեր,

Եւրոպայի բաց երախում

Ոչնչանում,

Օտար հմայք ու հոսանքով

Տարուբերվում, օտարանում...

Դու ես կանգնել պապենական

-Մեր պինդ հողին, երանի քե՜զ,

Դէմքդ տւել Արարատեան մաքուր հովին,

Երանի քե՜զ.

Դո՛ւ, հաւաքիր

Աշխարհով մէկ ցաք ու ցրիւ մեր սերնդին.

Ոգեկոչի՛ր,

Ու շեփորիր,

Մի տատանւիր,

Մրմուռ սրտով քեզ ձայնակցող

շատ կունենաս:

Մենք այս ափում հայրենիքի

խորթ զաւակ ենք,

Բայց տեսնում եմ,

Հավատում եմ,

Մենք երկուսս էլ մղկտում ենք

նոյն վերքերով,

Մենք երկուսս էլ արտասւում ենք

նոյն ցավերով:

Կանչիր ախպէր

Կանչիր գանք տուն,

Ինչքան մնանք օտար դռներ,

Ինչքան մաշենք օտար շեմեր:

Ջան իմ Շիրազ

Դու Չարենցի հալալ ախպէր:

* * *

Գահավիժւող սփիւռքում,

Մահացողի բնազդով,

Գերմարդկային հաւատքով,

Կառչել ենք մեր աւանդութեան,

Պատմութեան մէջ չտեսնւած

«հրաշք ցեղ»-ի

Մեր պատմութեան:

Անում ենք մենք անկարելին:

Լեզւաժխոր սփւռքում,

Դպրոցների խառնարանում,

Պահում ենք մեր «հայ լեզուն»:

Սպասում ենք,

Հաւատում ենք

Վերջնական մեր տո՛ւն գալուն:

Երբ որ հետ գանք,

Կանտառանան բազուկները,

Երբ որ տուն գանք,

Կթարմանան կաղնիները:

Ու սրբատաշ քարե՛րը մեր,

Զարդաքանդակ խաչե՛րը մեր,

Օտարների ոտքի կոխան

Վանքերը մեր,

Հայրենիքի ամայացած մյուս կէսը մեր,

Մե՛րն է կրկին:

Հողը տիրոջն է պատկանում,

Օրէնք է այդ,

Ջան իմ Շիրազ, նո՞ր ես գրում,

Մենք այդ վաղուց ենք իմանում,

Մենք այդ վաղուց ենք դաւանում:

Դու բողոքիր, մի վախեցիր,

Դու շեփորիր, մի տատանւիր,

Տես թէ ինչպէս, դու կունենաս

Մէջքիդ կանգնած,

Հայրենիքում ապրող հայի հետ միասին,

Ազատատենչ Արմենների մի հոծ բանակ:

Յետո՞յ:

Յետոյ, եթէ հաւատում ես հայի Աստծուն,

Յետոյ, եթե անծանօթ չես հայի ոգուն,

Կանգնի՛ր,

Դիտի՛ր,

Մի անգամ էլ,

Մեր փառաւոր պատմութեան մէջ

Տասնապատիկ անգամ տեսած

Նոր յարութիւն:

Յունւար, 1963

Edited by hravart
Link to post
Share on other sites

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ

(Նոր ՈՒղղագրությամբ)

(Հատված)

Հովհաննես Շիրազ

Հողագրւնդը օրորոց է մի հսկայ

Մեջը մանուկ անթիվ յոյսերն են ոսկյա:

Ո՜վ Հիսուսված խաղաղություն, դու դեռ չարոց խաղալիք,

Ա՜խ ինչ անե բանաստեղծդ որ չտեսնես սև գալիք:

Իմ քնարը ազգակոչն է միշտ իմ ազգի սրբազան,

Այժմ պիտի ողջ ազգերի վշտից խոսի իմ մուսան:

Ասես նրանց բալիկներն են օրորոցում իմ հույսի,

Իսկ ես ասես, մայրն եմ նրանց տագնապումով հայկոսի,

Սարսափսւմ եմ սև գալիքից, թեպետ կես հույս կշողամ,

Բայց դեռ քանի ամպերն են լեռ, ես քեզ համար կդողամ,

Թե ճամփա տան նյուտրոնին՝ կյանքիդ ճամփեն կգոցվի ,

Մարսի վրա թե մարդ էլ կա Մարսն էլ մահով կգոցվի,

Թող բարուրի մեջ էլ մեռնի նյուտրոնը դիվահար,

Որ բարուրվի հողագունդը օրոցքներով անհամար:

Խաղաղություն ողջ մարդկության, դու վեր՝ բոլոր կողմերից,

Թող քեզ աստված ինքը փրկե բոլոր ծածուկ հողմերից...

Ով աշխարհի միակ ըզձանք, որ նման ես կարոտի,

Որ կանգնել ես՝ արագիլի նման հազիվ մի ոտի:

Իրավ կարծես մի ոտք ունես կանգնած մոլոր ու վրդով, --

Ու կդողամ կեանքիդ համար հազար ու մի մոր սրտով:

Կարծես այա է՝ պիտե խլեն միակ որդուս իմ գրկից,

Ինչպես հովազն է գողանում, կամ բորենին օրոցքից...

Միայն ես չեմ… աշխարհով մէկ տագնապում է ամէն մարդ,

Թեեղնիկ ես՝ որսկանը շատ, թե գառնուկ ես գայլն է շատ,

Թե կամուրջ ես կիսակառույց՝ քանդել կուզեն կես ճամփիդ,

Թե հղի ես հրաշքներով՝ մահ են տենչում երկունքիդ:

Թեցորենի արտերն ես մեր՝ քեզ վառել են դեռ տենչում,

Թե առյուծ ես հանգիստ պառկած՝ վրադ վագր է մռնչում...

Թե դու ծովն ես իմ Սեւանա՝ ցամաքելդ կուզեն դեռ,

Կուզեն արփի քեզ չբերե ակն Արփայի բյուրալեռ,

Թե մայրիկիս աչքերն ես դու, թե շուրթերն ես քույիկիս,

Թե հույսի կուռք հայրենիքն ես՝ վշտասփյուռ հայության

Հայ արյունով կորցնել կուզեն Մասիս տանող քո ճամփան...

Թե բալիկիս թաթիկներն ես՝ կուզեն կտրել գլխիս հետ,

Թե վիրավոր դյուցազն ես՝ թաղել կուզեն քեզ անհետ:

Թե դեռ մանուկ գալիքներիդ օրորոցն ես դու հսկա՝

Երազում են ծովը սուզել օրոցքի հետ քո ոսկեյա,

Թե աստծո տաճարն ես դեռ՝ պղծել կուզե սատանան՝

Խրճիթներից մինչև պալատ՝ փշրել սյուներն ամեն տան:

Ո՜վ Հիսուսված խաղաղություն, ո՜վ դու խղճի տքնաբու,

Էլ ինչ անեմ, ով իմաստուն որ չխաչվես նորից դու:

Թե դու նավ ես՝ ողջ ծովերում առագաստւեմ քո նավին,

Թե դու գաղտնի մի ցավ ունես՝, եկ՝ լոխմանվեմ քո ցավին:

Թե դու սերմ ես հող կբերեմ քեզ ծովից էլ մեր Վանա,

Որ իշխանիս քույր տառեխով լցվի ծովն էլ Սեւանա:

Թե դեռ հղի հարսնանց մեջ ես՝ քեզ բյուր օրոցք կշինեմ,

Յոթնաբալիկ իմ երգով էլ ես քո ցավը կտանեմ:

Ո´վ օձընդեմ իմ արագիլ, օձը դարն է այս…. գոթի,

Ո՞վ է կտրել քո մի ոտը, որ կանգնել ես մի ոտի...

Edited by hravart
Link to post
Share on other sites

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ (ՀԱՏՒԱԾ)

(Դասական Ուղղագրութեամբ)

Յովհաննէս Շիրազ

Ամեն ազգի խաղաղութիւն , սուրբ ըղձանքով միշտ յղի,

Դու ես խորհուրդն իմաստութեան, դու ես արգանդն սուրբ հողի,

Ո՜վ մեծ Յիսուս, ա՜խ ի՞նչ անեմ, որ երբ որ գաս չխաչւես,

Վարդի փոխես փուշն էլ մեղաց, ոչ թէ սևով կակաչւես,

Թէ արևն եմ՝ քեզ եմ փնտրում՝ հողագունդն եմ՝ դեռ մթնում,

Թէ կոյր գառ եմ, մօր ստինք ես՝ մթնում էլ եմ քեզ գտնում...

Թէ քո զանգն եմ ազգամռունչ՝ դու ես լեզւակն իմ ոսկի,

Թէ տաճար եմ՝ դու ես զանգս, դու ես ղօղանջն իմ խօսքի,

Ես պապակ եմ աղբիւրներիդ՝ շատրւանիր մշտաբուխ,

Թէ ես հող եմ՝ գարուն ես դու, թէ թոնիր ես՝ ես՝ հացթուխ:

Թէ մակոյկ եմ կեանքի ծովում՝ դու ինձ տանող առագաստ,

Թէ անառակ որդի եմ քեզ՝ դու ինձ մայր ես հայրասաստ,

Թէ ես խօսքի հանք եմ ոսկի՝ հանքափորս դու ես միշտ,

Թէ ես կռւոմ զոհւած զինւոր՝ դու ես մայրս մշտավիշտ:

Թէ ճամբորդ եմ՝ դու ես ճամբէս,՝ թէ ջրւոր եմ՝ արտ ես դու,

Թէ արծիւ եմ՝ թևերս ես դու, թէ սոխակ եմ՝ վարդ ես դու:

Թէ թոնիր եմ՝ հացս դու ես, թէ կռիւ եմ՝ դու ինձ վերջ...

Թէ վիկտոր եմ՝ դու ես միակ իմ նոր գտած աստղը պերճ:

Թէ ես նաւ եմ տիեզերախոյզ՝ դու ես հրթիռն ինձ տանող,

Թէ խոպան եմ՝ դու ես խոփս՝ կեանքն ամենուր սերմանող:

Դագաղագործ չդառաս դու, թէ օրօցք ես դեռ գալիք՝

Քեզ կսպասեն հարսների մէջ՝ հազար-հազար ծիլ բալիկ,

Հազար-հազար օրօրոցներ, որ անտառ չեն տակաւին

Հազար ու բիւր սեղմ ու սաղմեր, որ դեղ են վաղն հայ ցաւին,

Հազար-հազար, հազար ու բիւր , հազար ու բիւր բալիկներ,

Թէ փլուզւես, ով խաղաղիկ՝ ումո՞վ դառնան... գալիքներ,

Եօթնապատիկ իմ ողջ տունը աղօթում է քեզ համար,

Ոչ թէ առաջ իմոնց համար, այլ քեզ համար, ո´վ աշխարհ,

Այսօր ծիլ է, վաղը գալիք, միւս օրը պտղակուտք:

Ով նէյտըրոն, քո պատեանը, դագաղն է ողջ մարդկութեան,

Թէ մարդկութեան մռունչն յամառ՝ չխորտակի քո ճամբան:

Վեր դաեակւիր խաղաղութի´ւն, արևելքից արևմուտք՝

Մեղրազեփիւռ օդի փոխւիր՝ բխած բոլոր ծաղկունքից,

Չճերմակի ոչ մի թուխդ, յոյսեր ծաղկեն քո քունքից,

Օդի փոխւիր, հիւսիսում էլ, հարւում էլ, ամենուր,

Ժողովրդւիր, ո՜վ բարութիւն, մերկ մի թողնի ոչ մի թուր:

Թէ գեղեցկի սիրահար եմ՝ դու ես չքնաղն իմ դարի՝

Դու կոյս մայր ես՝ դու ես միակ Աստւածամայրն աշխարհի:

Թէ կանթեղ ես՝ ամէն մի սիրտ ձէթ է որ միշտ վառ մնաս,

Թէ Մասիսի ձիւնն ես՝ կուզեմ աղբիւր դառած գիրկս գաս,

Թէ մայրիկիս աչքերն ես դեռ՝ կուզեմ վրաս միշտ նայես,

Թէ ազգերը բալիկներ են՝ կուզեմ մօր պէս փայփայես:

Թէ լուսին եմ՝ արև ես դու՝ ես քո լոյսով լոյս կտամ,

Թէ ցօղուն եմ խոստումների՝ դու ես ծաղիկն իմ խօստման,

Թէ բարուր եմ՝ կեանքն է օրօցք, դու ես բալիկն իմ գրկած,

Թէ բանակ եմ՝ դու ինձ ամրոց, դու ես վրանն իմ զարկած:

Թէ ես թուր եմ՝ դու ինձ պատեան, թէ երակ եմ՝ դու արիւն,-

Թէ փեսայ եմ՝ դու ես միակ կոյս հարսնացուս, իմ գարուն:

Թէ քո փողն եմ տագնապահունչ՝ դու ես շունչս մշտահողմ,-

Թէ սրինգ եմ՝ դու ես նւագն համասփիւռւած ամէն կողմ ,

Ո´վ մանկածին խորին խորհուրդ, ո´վ մանկապահ, մանկահայր,

Ո´վ մանկաբարձ, մանկադաեակ, մայրաստինք, մանկամայր:

Ո´վ մարդապաշտ խաղաղութիւն, էլ ո՞րն ասեմ քո մասին,

Մի երեսդ արեգակ է, մի երեսդ էլ դեռ լուսին:

Թէ դու Մարսն ես՝ ինչպէս լուսնին՝ քեզ նւաճել կտենչանք,

Դու իմ մի բուռ ժողովրդի Վանա ծովի անրջանք...

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ (ՀԱՏՎԱԾ)

(Նոր Ուղղագրությամբ)

Հովհաննես Շիրազ

Ամեն ազգի խաղաղություն , սուրբ ըղձանքով միշտ հղի,

Դու ես խորհուրդն իմաստության, դու ես արգանդն սուրբ հողի,

Ո՜վ մեծ Հիսուս, ա՜խ ի՞նչ անեմ, որ երբ որ գաս չխաչվես,

Վարդի փոխես փուշն էլ մեղաց, ոչ թե սևով կակաչվես,

Թե արևն եմ՝ քեզ եմ փնտրում՝ հողագունդն եմ՝ դեռ մթնում,

Թե կույր գառ եմ, մոր ստինք ես՝ մթնում էլ եմ քեզ գտնում...

Թե քո զանգն եմ ազգամռունչ՝ դու ես լեզվակն իմ ոսկի,

Թե տաճար եմ՝ դու ես զանգս, դու ես ղողանջն իմ խոսքի,

Ես պապակ եմ աղբյուրներիդ՝ շատրվանիր մշտաբուխ,

Թե ես հող եմ՝ գարուն ես դու, թե թոնիր ես՝ ես՝ հացթուխ:

Թե մակույկ եմ կյանքի ծովում՝ դու ինձ տանող առագաստ,

Թե անառակ որդի եմ քեզ՝ դու ինձ մայր ես հայրասաստ,

Թե ես խոսքի հանք եմ ոսկի՝ հանքափորս դու ես միշտ,

Թե ես կռվոմ զոհված զինվոր՝ դու ես մայրս մշտավիշտ:

Թե ճամբորդ եմ՝ դու ես ճամբես,՝ թե ջրվոր եմ՝ արտ ես դու,

Թե արծիվ եմ՝ թևերս ես դու, թե սոխակ եմ՝ վարդ ես դու:

Թե թոնիր եմ՝ հացս դու ես, թե կռիվ եմ՝ դու ինձ վերջ...

Թե վիկտոր եմ՝ դու ես միակ իմ նոր գտած աստղը պերճ:

Թե ես նավ եմ տիեզերա######զ՝ դու ես հրթիռն ինձ տանող,

Թե խոպան եմ՝ դու ես խոփս՝ կյանքն ամենուր սերմանող:

Դագաղագործ չդառաս դու, թե օրոցք ես դեռ գալիք՝

Քեզ կսպասեն հարսների մեջ՝ հազար-հազար ծիլ բալիկ,

Հազար-հազար օրորոցներ, որ անտառ չեն տակավին

Հազար ու բյուր սեղմ ու սաղմեր, որ դեղ են վաղն հայ ցավին,

Հազար-հազար, հազար ու բյուր , հազար ու բյուր բալիկներ,

Թե փլուզվես, ով խաղաղիկ՝ ումո՞վ դառնան... գալիքներ,

Յոթնապատիկ իմ ողջ տունը աղոթում է քեզ համար,

Ոչ թե առաջ իմոնց համար, այլ քեզ համար, ո´վ աշխարհ,

Այսօր ծիլ է, վաղը գալիք, մյուս օրը պտղակուտք:

Ով նեյտըրոն, քո պատյանը, դագաղն է ողջ մարդկության,

Թե մարդկության մռունչն համառ՝ չխորտակի քո ճամբան:

Վեր դայակւիր խաղաղությո´ւն, արևելքից արևմուտք՝

Մեղրազեփյուռ օդի փոխվիր՝ բխած բոլոր ծաղկունքից,

Չճերմակի ոչ մի թուխդ, հույսեր ծաղկեն քո քունքից,

Օդի փոխվիր, հյուսիսում էլ, հարվում էլ, ամենուր,

Ժողովրդվիր, ո՜վ բարություն, մերկ մի թողնի ոչ մի թուր:

Թե գեղեցկի սիրահար եմ՝ դու ես չքնաղն իմ դարի՝

Դու կույս մայր ես՝ դու ես միակ Աստվածամայրն աշխարհի:

Թե կանթեղ ես՝ ամեն մի սիրտ ձեթ է որ միշտ վառ մնաս,

Թե Մասիսի ձյունն ես՝ կուզեմ աղբյուր դառած գիրկս գաս,

Թե մայրիկիս աչքերն ես դեռ՝ կուզեմ վրաս միշտ նայես,

Թե ազգերը բալիկներ են՝ կուզեմ մոր պես փայփայես:

Թե լուսին եմ՝ արև ես դու՝ ես քո լույսով լույս կտամ,

Թե ցօղուն եմ խոստումների՝ դու ես ծաղիկն իմ խոստման,

Թե բարուր եմ՝ կյանքն է օրօցք, դու ես բալիկն իմ գրկած,

Թե բանակ եմ՝ դու ինձ ամրոց, դու ես վրանն իմ զարկած:

Թե ես թուր եմ՝ դու ինձ պատյան, թե երակ եմ՝ դու արյուն,-

Թե փեսա, եմ՝ դու ես միակ կույս հարսնացուս, իմ գարուն:

Թե քո փողն եմ տագնապահունչ՝ դու ես շունչս մշտահողմ,-

Թե սրինգ եմ՝ դու ես նվագն համասփյուռված ամեն կողմ ,

Ո´վ մանկածին խորին խորհուրդ, ո´վ մանկապահ, մանկահայր,

Ո´վ մանկաբարձ, մանկադայակ, մայրաստինք, մանկամայր:

Ո´վ մարդապաշտ խաղաղություն, էլ ո՞րն ասեմ քո մասին,

Մի երեսդ արեգակ է, մի երեսդ էլ դեռ լուսին:

Թե դու Մարսն ես՝ ինչպես լուսնին՝ քեզ նվաճել կտենչանք,

Դու իմ մի բուռ ժողովրդի Վանա ծովի անրջանք...

Edited by hravart
Link to post
Share on other sites
  • 1 month later...

ՊԱՏԳԱՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

(Դասական Ուղղագրութեամբ)

Յովհաննէս Շիրազ

Հայոց յոյս ու բաղցանքով շուրջս գարուն է կրկին,

Ու ես մի լոյս աղաւնու փայփայում եմ իմ կրծքին,---

---Իմ կարօտի թեւաւոր, առ բիւրածալ սիրտս տար՝

Որտեղ մի հայ կը գտնես՝ տուր իմ սրտից մի պատառ,

Որպէս նամակն իմաստուն հայոց երկրի նորակերտ:

Հասիր պանդուխտ հայերին, յոյսն օջախիր երդէ-երդ,

Ասա ձեզ ենք կարօտում եւ հողերին դեռ գերի,---

Բալասանն ենք որոնում հայոց վերջին վէրքերի:

Քանզի ազգի կէս կաղնին՝ ուռենու պէս կռանում՝

Օտար անտառ դեռ մտած՝ մայր լեզուն է մոռանում,

Իր հայ որդոցն հայուհին հայոց դպրոց չե տալիս

Եւ Մաշտոցն է հայ վշտից այստեղ շիրմում շուռ գալիս,

Ծունկի չոքում շիրմում էլ, աղօթում է, իմացիր,

Որ սփիւռքը կուլ չերթայ, աղգ իմ քիչ էլ դիմացիր.

Քիչ էլ տոկայ, ա՜խ, քիչ էլ, -- մինչեւ չքւի չարն անբան՝

Մինչեւ բացւի սրտիս պէս, դէպի Մասիս մեր ճամբան.

Հասի´ր, ասա´ հայերին՝ կուլ չգնայ վայերին, --

Անմահութեան նման տուր հայոց լեզուն հայերին.

Ամերիկա սլացիր, հասիր այնտեղ իմ ճիչով,

Ուր հայ լեզուն է խեղդում Նիագարան իր գոչով...

Հասի´ր, ասա, ո´վ հայեր, Մայր Արաքսը դեռ լացով

Ձեր գալուն է սպասում , որ ինքն էլ գայ, դառնայ ծով,

Իր Մասիսն էլ տուն բերէ, բերէ ծովն էլ իր Վանա՝

Սրբէ արցունքն աչքերի ծովացումով Սեւանա:

Իմ արծւաթեւ աղաւնի, թեւաւորիր իմ մուսան՝

Ա´ռ իմ սիրտը կտուցիդ՝ տար հայ վէրքին բալասան,

Թռի´ր երկիրն իմ հայոց, հասիր մինչեւ Վանա ծով,

Ասա՝ Սեւան քոյրիկդ քեզ է կանչում մօր լացով,

Քո կարօտից մի աչքը ցամաքել է, չորացել...

Այն որ ճամբայ էր նաւի՝ ոտքի ճամբայ է դարձել...

Սեւանն այստեղ է լալիս, այնտեղ՝ ծովակն իր Վանա,

Թէ ե՞րբ պիտի իր քոյրը իր քրոջը միանայ...

Հասի´ր, իմ սուրբ սուրհանդակ,

Հայ կայ համայն լուսնի տակ, --

Հասի´ր, ասա՝ ո´վ հայեր, այցիս խորհուրդն հասկացէք,

Լեզւաժխոր սփիւռքում, հայեր քիչ էլ հայ կացէք,

Հայոց ազգի սուրբ անունն արեւ պահէք լուսնի տակ, --

Երիտասարդ հայութիւն, դու ես յոյսը մեր միակ:

Չհարսանաք օտարին, տուն չբերէք օտար կին...

Ձեր կեանքը՝ վար, վեր պահէք հայոց լեզուն մեր անգին...

Օրօրեցէք օրոցքներն հայոց լեզւով մեր անշէջ,

Մեծասքանչ մեր լեզւով, որ անզոյգ է աստղաց մէջ:

Մեզ Աստւած է հայ ծնել, թէ չլինենք մենք ցրւած,

Հայոց ազգի ճակատին անմահութիւն է գրւած, --

Քիչ ենք, իրաւ, բայց հայ ենք, ջուր չխառնենք մեր կաթին...

Որ չմթնի մեր աստղը Արագածի գագաթին...

Չհարսանաք դուք այլոց, լաւ իմացէք, որ բարի

Հայրենիքի փուշն՝ անուշ, դառն է վարդն էլ օտարի,

Երիտասարդ հայութիւն այս մէկը լաւ իմանաս,

Թէ կին բերես օտարին, կնոջ կինը կը դառնաս.

Կաթ չի դառնայ հայ լեզուն, օտար կնոջ ստինքին,

Օտար ստինքն օձ է կոյր, Հայոց մանկանց շրթունքին

...Երիտասարդ հայութիւն, դու կը կորչես յաւիտեան՝

Թէ մոռանաս հայ լեզուն, թէ չմտնես Հայաստան...

Թէ օտարի հողը հերկես, օտարի կոյսը գրկես,

Թէ քո հրաշք ձեռքերից Վանա հողը դեռ զրկես,

Թէ միշտ օտար երգ երգես, թէ հայ լեզուն չփրկես՝

Ազգիդ սրտին կը զարկես, ա՜խ, թէ զարկես մահս՝ քեզ...

Անտառւեցէք բազուկներ, Արարատի կուրծքն ի վեր,

Մինչեւ բացւեն Մասիսի ճամբաները կենսաբեր,

Մինչեւ երկու քոյրերը՝ Սեւանա ծով -- Վանա ծով,

Մեզնով իրար գիրկ ընկնեն երջանկութեան մեր լացով. --

Յուլիս 1962

Երեւան,

Պատգամ Արտասահմանի Հայության

(Նոր ՈՒղղագրությամբ)

Հովհաննես Շիրազ

Հայոց հույս ու բաղցանքով շուրջս գարուն է կրկին,

Ու ես մի լույս աղաւնու փայփայում եմ իմ կրծքին,--

--Իմ կարօտի թեւաւոր, առ բյուրածալ սիրտս տար՝

Որտեղ մի հայ կը գտնես՝ տուր իմ սրտից մի պատառ,

Որպես նամակն իմաստուն հայոց երկրի նորակերտ:

Հասիր պանդուխտ հայերին, հույսն օջախիր երդե-երդ,

Ասա ձեզ ենք կարօտում եւ հողերին դեռ գերի,--

Բալասանն ենք որոնում հայոց վերջին վերքերի:

Քանզի ազգի կես կաղնին՝ ուռենու պես կռանում՝

Օտար անտառ դեռ մտած՝ մայր լեզուն է մոռանում,

Իր հայ որդոցն հայուհին հայոց դպրոց չե տալիս

Եւ Մաշտոցն է հայ վշտից այստեղ շիրմում շուռ գալիս,

Ծունկի չոքում շիրմում էլ, աղօթում է, իմացիր,

Որ սփյուռքը կուլ չերթա, աղգ իմ քիչ էլ դիմացիր.

Քիչ էլ տոկա, ա՜խ, քիչ էլ, -- մինչեւ չքւի չարն անբան՝

Մինչեւ բացւի սրտիս պես, դեպի Մասիս մեր ճամբան.

Հասի՛ր, ասա՛ հայերին՝ կուլ չգնա վայերին, --

Անմահության նման տուր հայոց լեզուն հայերին.

Ամերիկա սլացիր, հասիր այնտեղ իմ ճիչով,

Ուր հայ լեզուն է խեղդում Նիագարան իր գոչով...

Հասի՛ր, ասա, ո՛վ հայեր, Մայր Արաքսը դեռ լացով

Ձեր գալուն է սպասում , որ ինքն էլ գա, դառնա ծով,

Իր Մասիսն էլ տուն բերե, բերե ծովն էլ իր Վանա՝

Սրբե արցունքն աչքերի ծովացումով Սեւանա:

Իմ արծւաթեւ աղաւնի, թեւաւորիր իմ մուսան՝

Ա՛ռ իմ սիրտը կտուցիդ՝ տար հայ վերքին բալասան,

Թռի՛ր երկիրն իմ հայոց, հասիր մինչեւ Վանա ծով,

Ասա՝ Սեւան քույրիկդ քեզ է կանչում մօր լացով,

Քո կարօտից մի աչքը ցամաքել է, չորացել...

Այն որ ճամբա էր նաւի՝ ոտքի ճամբա է դարձել...

Սեւանն այստեղ է լալիս, այնտեղ՝ ծովակն իր Վանա,

Թե ե±րբ պիտի իր քույրը իր քրոջը միանա...

Հասի՛ր, իմ սուրբ սուրհանդակ,

Հայ կա համայն լուղնի տակ, --

Հասի՛ր, ասա՝ ո՛վ հայեր, այցիս խորհուրդն հասկացեք,

Լեզւաժխոր սփյուռքում, հայեր քիչ էլ հայ կացեք,

Հայոց ազգի սուրբ անունն արեւ պահեք լուսնի տակ, --

Երիտասարդ հայություն, դու ես հույսը մեր միակ:

Չհարսանաք օտարին, տուն չբերեք օտար կին...

Ձեր կյանքը՝ վար, վեր պահեք հայոց լեզուն մեր անգին...

Օրորեցեք օրոցքներն հայոց լեզւով մեր անշեջ,

Մեծասքանչ մեր լեզւով, որ անզույգ է աստղաց մեջ:

Մեզ Աստված է հայ ծնել, թե չլինենք մենք ցրված,

Հայոց ազգի ճակատին անմահություն է գրված, --

Քիչ ենք, իրավ բայց հայ ենք, ջուր չխառնենք մեր կաթին...

Որ չմթնի մեր աստղը Արագածի գագաթին...

Չհարսանաք դուք այլոց, լաւ իմացեք, որ բարի

Հայրենիքի փուշն՝ անուշ, դառն է վարդն էլ օտարի,

Երիտասարդ հայություն այս մեկը լավ իմանաս,

Թե կին բերես օտարին, կնոջ կինը կը դառնաս.

Կաթ չի դառնա հայ լեզուն, օտար կնոջ ստինքին,

Օտար ստինքն օձ է կույր, Հայոց մանկանց շրթունքին:

...Երիտասարդ հայություն, դու կը կորչես հաւիտյան՝

Թե մոռանաս հայ լեզուն, թե չմտնես Հայաստան...

Թե օտարի հողը հերկես, օտարի կույսը գրկես,

Թե քո հրաշք ձեռքերից Վանա հողը դեռ զրկես,

Թե միշտ օտար երգ երգես, թե հայ լեզուն չփրկես՝

Ազգիդ սրտին կը զարկես, ա՜խ, թե զարկես մահս՝ քեզ...

Անտառվեցեք բազուկներ, Արարատի կուրծքն ի վեր,

Մինչեւ բացւեն Մասիսի ճամբաները կենսաբեր,

Մինչեւ երկու քույրերը՝ Սեւանա ծով - Վանա ծով,

Մեզնով իրար գիրկ ընկնեն երջանկության մեր լացով. --

Հուլիս 1962

Երեւան

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

ՄԱԻԱՆ Ի ՎԵՐ

(Դասական Ուղղագրութեամբ)

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ

Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռւում տեսայ,

Գերւած տեսայ ու ես լացի, Հայոց ցաւերն հեռւում տեսայ,

Ա՜խմ ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,

Հովտում այրւող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռւում տեսայ:

Ա՜խ, ասացին ճամբայ չը կայ քարերն ի վեր, ի վեր Մասիս,,

կընկնի վիհերն ով բարձրանայ սարերն ի վեր, ի վեր Մասիս,

Մենակ դու չես սիրտ իմ կարօտ, աչքդ յառել Մասիսն ի վեր,

Ժողովուրդս է ձգտել յաւերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթէ՞ իրաւ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,

Միթէ՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,

Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,

Ա՜խ, միթէ՞ չեմ համբուրւելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ´, նա է յոյսիս ճամբան՝ քարերն ի վե´ր, ի վեր Մասիս,

Թո´ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,,

Կը տանեմ սիրտս վիրաւոր որպէս դրօշ Մասիսն ի վեր,

Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

Վիհ – անդունդ:

Դար – բարձրունք, լեռ, բլուր:

Աստեղնահաս – աստղերին հասնող:

Սուրալ – սլանալ, արշաւակի գնալ:

ՄԱԻԱՆ Ի ՎԵՐ

(Նոր Ուղղագրությամբ)

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,

Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,

Ա՜խ, ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,

Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամբա չը կա քարերն ի վեր, ի վեր Մասիս,,

կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,

Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,

Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,

Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,

Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,

Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ´, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե´ր, ի վեր Մասիս,

Թո´ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,,

Կը տանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,

Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

Link to post
Share on other sites

ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ

Հովհաննես Շիրազ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

(Հայոց համայնապատկերը)

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

1

Հայաստանի ամեն մի լեռ

Մի քարացած հայ է անմեռ:

Ամեն մի լեռ` մի ճգնավոր,

Մի իշխան ե, մի թագավոր:

Առնոս լեռը` հովիվ է քաջ`

Բլուրների հոտն իր առաջ:

Անդոկ լեռը` հայ մարգարե`

Սիրտը` կրակ, դեմքը` քարե:

Աչքն աղոթող` ծովն է Վանա`

Նարեկացին` սարն է Սասնա:

Վարագա լեռն` արծվի պես

Քարացել է` Հայրիկն է, տե´ս:

Աշնակ սարն էլ, աշնակցինե´ր,

Ձեզ Մուշ կանչող Իշխանն է ձեր:

Վեհ-Շարան է Արագածը,

Որ տենչում է Կարսա հացը:

Արարատը` Հայկն է վիմված`

Երևանվող հույսի դիմաց,

Վար կնայե` մեկ Երևան,

Հազար ու մեկ` դեպ Մուշ ու Վան:

Ազնանց Փոքր Մհերն էլ Սիս`

Ժայռի մեջ է, վա´յ աչքերիս:

Տավրոս լեռը զիմ Կիլիկիան`

Ինքն է հայոց վերջին արքան:

Ազգ իմ, Գրգուռ, Նեմրութն էլ քո,

Ծովասարն լամպի ներքո`

Վարշամակված հայոց վշտով,

Հոնքը կիտել վեհ ու վրդով`

Ատրուշանի կրակն ընկած`

Շնչում, ինչես Թոնդրակն հանգած,

Խուլ ծխում են` ելք են փնտրում,

Մտնաքողը պահ մի պատռում,

Այրվում, նայում Արարատին`

Հուր են ուզում ժայթքել չորս դին

Անդ շղթայված լեռներս վեհ,

Իմ աշխարհը, որ երբևե

Գահ չի դառնա ժանտ ոսոխին`

Աստված կիջնի դեռ մեր հողին.

Միշտ չենք մնա

Ասպատակված,-

Մի´ պարծենա,

Անզգամվա´ծ...

Հայոց լեզուն` թուրն է հայոց,

Թուր Կայծակին` ընդդեմ վայոց:

...................................

Հայաստանի ամեն մի լեռ`

Վաղն հրաբուխ է մի անմեր...

2

Ո´վ անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ,

Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միչտ,-

Բայց ո´չ, այս անգամ դուրս եմ կանչում ձեզ

Բոլոր խորշերից քուն ու մոռացման,

Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,-

Բայց, ելե´ք` ձեզ եմ կանչում այս անգամ:

Սպին իր վերքը մտքից չի հանի,

Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն`

Թեկուզ մի սիրտ էլ մոռացած լինի`

Զարթե´ք, դառն հուշեր, պետք էք այս անգամ...

Ո´վ դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի,

Զարթե´ք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի,

Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա,

Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա,

Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին,

Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին:

...........................................

Եւ թող այս գիրքս դասագիրք դառնա

Մանուկ մարդկության սեղանի վրա:

Edited by hravart
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...