hravart Posted February 3, 2007 Report Share Posted February 3, 2007 ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆԸ Պատմել , ներկայացնել մէկին , որին ճանաչում ես տարիներ շարունակ, ե´ւ դիւրին է, ե´ւ դժւար: Ցանկացած անհատ իր ապրած տարիները իմաստաւորում, լաւն ու վատը արժէքաւորում է, լաւագոյն դեպքում երկու թերթ ճերմակ թղթի վրայ տեղաւորում ապրւածը: Ներքին ձայնը jաճախ է խառնւում, մտքին խճճում, շատ անգամ էլ սրբագրում է գրի առնւածը: Գրիչը ձեռքն առած մարդը նմանւում է ժամադրութեան շտապող անձի, որն աւելի շատ հաւատում է հայելու մեջ երեւացող իր արտացոլանքին: Սրտին` սաստելով, բանականութեանը սիրաշահելով արթուն աչքով ոտից-գլուխ նայում է հայելու մեջ իր արտացոլանքին, օտարի նման քննախոյզ, ու գնում է հանդիպման: Բնական իրավիճակ է: Բայց ոչ միշտ է բնականը յարմարւում բանականութեանը: Բանականութիւնը անթերի է ու մարդկային, եթէ իր շաղախին խառնել է սրտից բխածը: Սրտի ու մտքի շաղախից ծնւած բանականութիւնն է բնական: Առաջին հանդիպումը Իրանահայ Միութեան գրադարանում էր: Ես գրապահոցների շարքերում ամէն անգամւայ պէս զննում էի եղած գրքերը , երբ ինձ անծանօթ զոյգը ներս մտաւ: Տղամարդը մօտեցաւ գրապահոցներին, կինը տեղաւորւեց ընդհանուր սեղանի շուրջը: Սեղանի շուրջը բոլորած տարիքն առած մարդիկ զրուցում էին : Միջահասակ , անթերի ու կոկիկ հագնւած տղամարդու հայացքը տրամադրող էր , զրուցելու պատրաստ. զգացի որ նա էլ ինձ նման այդ միջավայրում նորեկ է: Գիրք էր փնտրում: Հաւանաբար չգտաւ: Ձեռքիս Շիրազի գիրքն էր, նայեց գրքին ու ասաց. - Հանճարեղ բանաստեղծ է՝ նմանը չունենք: Ես ժպտացի. - Շիրազը՝ իրօք նմանը չունի, բայց ես միայն հայացքով հաստատեցի, գուցէ դա քիչ էր: Ախր Շիրազը անկրկնելի է, ինչպէս լեռն Արարատ, ի տարբերութիւն լեռանը, Շիրազը մերն է ու մեր սրտումն է, մեր մտքին ու շրթին հազար ու մի թեւաւոր տող է դրոշմել նա: Նրա տողերն են կարկաչ ու զնգուն ձայնով արտասանում թոթովախօս մանուկները: Շիրազի տողերն են մեր քաղցած ոգին կերակրողն ու զօրացնողը, մարդուն մարդացնողը: Հաւանաբար հիմա մտածում էք, թէ ինչու եմ ես շեշտում նրա Շիրազասիրութիւնը: Չեմ չափազանցնում, կասկածողները թող մի պահ այցելեն համակարգիչ-հրաշքի գրական բաւիղներով, եւ «Հայաստան.ֆորում»-ում կտեսնեն ինչքա՜ն պոեմներ է տեղադրել իմ ընկեր «Հրավարդ»-ը: Բարձրագոյն բժշկական կրթութեամբ հայ մարդը տասնամեակներ շարունակ հիւանդներին բուժելով, ժամանակի ազատ պահը տրամադրել է Հայ հին ու նոր գրականութեանը: Բազմիցս ներկայացնելով դասականների գործերը հանդիսութիւնների ժամանակ, կատարելութեան հասցնելով ասմունքի իր արւեստը: Այս հեռաւոր ափերում տասնամեակներ շարունակ նա կամաւոր, սիրայօժար եղել է հայ գրականութեան լիիրաւ դեսպանը Ամերիկիայի տարածքում: Հայ գրողներին հեռաւոր ափերում մօտիկից ճանաչել ու շատերի հետ մտերմիկ զրուցել է: Մարօ Մարգարեան, Համօ Սահեան, Սիլւա Կապոտիկեան, էորգ Էմին, իսկ ում էլ բախտ չվիճակւեց երկրից այս ափերը գալ, ինքը հայրենիքում եղած ժամանակ առիթը չի կորցրել այցելելու նրանց, ու զրուցել է շատերի հետ : Յիշարժան էր ու անմոռանալի «Բիբլիական»ի հեղինակի Շիրազի հետ հանդիպումը: Տասնամեակների հեռւից այսօր էլ նա երբեմն միացնում է ձայնագրիչ սարքը ու ապրում նոյն պահի հրճվանքը: Խտասալիկի վրայ անթերի ու անեղծ Շիրազի ոգեշունչ ձայնն է, ու հանճարին երկրպագողի` Հրավարդի հարցերն են: Ես հաւանաբար իր թույլտւութեամբ մի օր գրի կառնեմ մինչեւ օրս մասունքի պէս պահպանւած զրոյց-երկխօսութիւնը, բայց դժվար թէ կարողանամ ընթերցողին հասցնել Շիրազեան խօսքի վառվռուն նրբերանգները: Սովետական Հայաստանի Սփւռքահայ Մշակութային Կապի Կոմիտէի նախագահ Վարդգես Համազասպեանի հետ ունեցած կապի շնորհիւ, տարիների ընթացքում ձեռք բերեց հայ գրականութեան ընտրանին: Տիրապետելով անգլերէնին ու պարսից լեզւին սիրեց ու իւրացրեց աշխարհի ծով գրականութիւնը: Արեւելքից ` Ֆիրդուսին ու Խայամը, արեւմուտքից` Շեքսպիրն ու Դանթեն, Սայաթ Նովայի ու Թումանյանի չափ, դարձան նրան, մօտ ու մտերիմ: Տասնամեակներ շարունակ նւագում էր ջութակը որ արդէն դարձել էր իր սէրն ու զբաղմունքը, որ առտնի հոգսերից ազատում էր նրան: Ջութակ նւագելը շարունակւեց մինչեւ նրա ձախ դաստակի վիրահատումը: Պօեզիայի չափ ու թերեւս աւելին գնահատում է դասական երաժշտութիւնը` թէ համաշխարային, թէ հայկական: Ինքն էլ չգիտի` Չարենցին հաւանում է Կոմիտասին նւիրւած պօեմի համար, թէ Կոմիտասի արածը գիտակցելով է սիրով արտասանում Չարենցի բազմաթիւ ստեղծագործութիւնները, աւելի յաճախ` «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Այսօր, այս հեռաւոր ափերում հայ մշակոյթի ցմահ դեսպանն է մեր Հրավարդը, որովհետեւ նա նոյնքան նախանձախնդիր ու որդիական իրաւունքներով թիկունք է կանգնում մեր ժողովրդի հին ու նոր պատմութեան ասպարէզում մարտնչող ու ճշմարտութիւն փնտրող պատմաբաններին, մանաւանդ` նորերին ու երիտասարդ ուժերին, գտնում է ձեւն ու կերպը նրանց ոգեւորելու: Իսկ հայոց լեզւի հարցերում տէր կանգնելով մեր ոսկեղենիկ լեզւին , հաւատում է ու իր հաւատն է փոխանցում , որ կգայ նաեւ Մանուկ Աբեղեանի ժամանակը: Այդ ժամանակը արագացնելու խանդավառութեամբ լցւած, նա իր գրադարանում պահպանւած ու Պարսկաստանում տպագրւած Աբեղեանի «Հայոց Լեզւի գրաբարի դասագիրք»-ը սիրով ու տքնանքով փրկեց մոռացութեան վիհից, երկուհարիւր էջանոց գիրքը համակարգչի ներսում տեղադրեց, օրինակներով ու լեզւական վարժութիւններով ճոխացնելուց յետոյ տեղաւորեց «Հայաստան ֆորումի» կայքէջում: Այսօր այդ հրաշալի դասագիրքը մեր նոր Հանրապետութեան նման շնորհիւ Հրավարդի, կրկին անգամ ծնւեց աւելի առողջ ու կենսունակ ինչպէս այն բոլոր մանուկները, որոնք լոյս աշխարհ էին գալիս Բժիշկ Հրաչ Վարդանեանի աչալուրջ ու հետեւողական հսկողութեան տակ: Այսօր աjս դասագիրքը նման է այն մանուկին, որին սպասել ենք տասնամեակներ շարունակ , ու գիտէինք , որ նա ` Մանուկ Աբեղեանից մնացած մեր հարուստ ու ճոխ ժառանգն է, որի համակարգչային կնքահայրը մեր օրերի ճշմարիտ հայրենասէրն ու մտաւորական Հրաչ Վարդանեանն է: Մտաւորականների այն հրաշափառ (Թաշչեան, Լիսիցեան) կոհորտայի ներկայացուցիչներից, հաւանաբար վերջին Մոհիկանը, որը տիւ ու գիշեր սահմանապահի աչալրջութեամբ ու դեսպանի իրաւունքով համակարգչի տարածքը հսկում է ամէն մի ոտնձգութիւնից ու կեղծ , աղմկոտ , ոչինչ չասող ու ոչինչ չուսուցանող պոռոտախօս համբակներից: Եօթանասուն բոլորած հային , ու բոլոր Գլենդէլաբնակ հայերի կողմից ազնւագոյն մարդուն , մտաւորականին ասում եմ. - Թող միշտ աչքդ զատի ու ձեռքդ զարկի համակարգչի տարածքը սողոսկած սնամէջ իմաստակին: Գլենդելաբնակ բժիշկ մտաւորական տիպական հայի մասին ակնարկը , ուսանելի է սերունդներին, իրենց հայրերին ճանաչելու խնդրում: Մշակոյթը մնայուն անշարժ հարստութիւն է, իսկ այն կրողները ազգի չմոռացւող, միշտ ապրող մանթաշովներն են: Հաւատացած եմ , որ այդ տեսակէտից ակնարկը ժամանակին է ու անհրաժեշտ… Վահան Գէորգեան Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.