Jump to content

ՍԻԱՄԱՆԹՕ


Recommended Posts

Սուրբ Մեսրոպ

(Նոր Ուղղագրությամբ)

Սիամանթո

Ն Ե Ր Բ Ո Ղ Ա Կ Ա Ն

Օշականի ամենասուրբ գերեզման,

Հանճարի հող´ ուրկեց այսօր,

Տասնևհինգ մրրիկյան դարերու,

Պատմություն մը պերճաշուք,

Արևելքեն Արևմուտք, երկու Հայքն բովանդակ,

Դեպի զքեզ, ազատորե՜ն աղոթելու կը շարժե...

Օշականի անհո՜ւն մեռյալ,

Դուն բյուրավոր ճյուղերով,

Ոսկեհոս գետ գիտության,

Մտքի փրկիչ, հույսի Հսկա, կյանքի կեդրոն,

Դուն անվախճա՜ն փոշիացյալ,

Ուրկեց ուղեղս, մանկությանս օրերուն,

Ե'ս աղքատորեն եկա վառել...

Օշականի վսեմական վարդապետ,

Դուն վեհիմաստ վանական եվ Աստծո բաժակ,

Դուն Հիսուսի բազմաբուրյան պատմուճան,

Խոսքի´ աղբյուր, բանի բարձունք,

Կարողությանց անվե´րջ կատար,

Դուն իմաստի ավազան եվ աղոթքի կապույտ անձրև,

Ափ մը հողեդ ամբողջ երկինք մը դեռ կը բուրե...

Օշականի դուն անկորուստ կրոնական,

Անապատին մե´ջ մխրճվող ճգնավոր,

Դուն անբասիր և մեհյանական մենակյաց,

Խունկի՜ անտառ, Կնդրուկներո՜ւ բուրաստան,

Քրիստոսի ազնիվ խոսքին դուն տիրական տարածիչ

Եվ գրանիտյա ուղղափառ սյուն,

Եվ մտքի գմբեթ և հոգիի անծայրածիր հորիզոն,

Դո´ւն շնորհքի աշնանային շտեմարան,

Քու հավատքե´դ հավատացյալ' ես ալ լացի...

Օշականի մեջ անմահորե՜ն մահացյալ,

Անճառելի և անդրանիկ դաստիարակ,

Ե'ս երազային երեխա մը վեցամյա,

Այբբենարանդ ի ձեռին, անմեղորեն զայն հեգելով

Առաջին խաչը, ճակտես սրտիս,

Հավատա ինձ ո՜վ հայությո´ւն...

Պատկերիդ դեմ է որ հաներ եմ...

Եվ լսե´ այսօր, թոթովախոս ծաղկոցի

Շուշանմարմին մանուկներեն`

Մինչև ծերերն հողաբույր,

Քու սուրբ անունդ կ´օրհներգեն... :

Օշականի հանճարանի՜ստ հողակույտ,

Եկեղեցվո խորանին քով անշուքորե՜ն մրափող`

Եվ Եհովայի պատգամախոս մեծ մատյանին

Դուն սրբագիր թարգմանիչ,

Ոսկեդարու ադամանդյա՜ բանալի,

Դուն հայ դպրությանց անշրջանակ լուսամուտ,

Դուն լեզվի կաճառ, գեղեցկության իջևան,

Դուն ճեմարան մարմարային մտածումի,

Ներե´ որ քու աշակերտդ արբեցյալ,

Տասնևհինգ դարեր նետո զքե´զ պաշտե...

Օշականեն մեզի հսկող Մտքի Աստված,

Դուն հասողության հիմնաքար,

Աստղերեն մեզ լույս լեցնող ոսկեհասակ աշտարակ,

Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի...

Դուն մտածման ծարավներու արծաթյա ծով,

Դուն Տարոնածին հսկա` Մովսես,

Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի,

Թո´ղ իմ գանգս, վերջալույսիս,

Քնարիս հետ, մոխիրովս առլցուն,

Հուղարկավորներս` խնկատուփի մը փոխարեն

Հողակույտիդ վրա վառեն...:

Ս ՈՒ Ր Բ Ի Ն Ա Ղ Ո Թ Ք Ը

Լո´ւյս տուր ինծի, Սստվաօ անհերքելի

Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,

Ճակատագրի և ճանաչման ստեղծի´չ,

Շունչի´ մրրիկ, կեդրոնական կարողություն,

Սուրբ սեղանիդ սարգավակն Մեսրոպ`

Իր մշուշապատ մեծ երազին`

Քու ձեռքերեդ հստակությու՜ն կ´աղերսե...

«Օգնե´ ինծի, մեծապարգև՜ իմաստություն,

Ես` անցուպ հովիվ մեծ քարոզիդ,

Ես` եղկելի մահկանացու,

Ես դժգույն տնտես

Հայկազնյան ահեղ ցեղին...

Ես` տգետ դպիր և անվավեր վարդապետ,

Ես անծածան դրոշ հավատացյալ ամբոխներուդ,

Ես` անօժիտ վերծանո´ղ և անանձրև այդգեպան,

Ես` կույր աղբյուր և կորաքամակ ճանապարհորդ,

Ես` անարժան օրհնաբան անվերջ փառքիդ,

Իմ անդպիր հոտիս համար լո՜ւյս կ´աղերսեմ...

«Օգնե´ ինծի, Աստվա՜ծ բյուրեղ...

Ես` ողորմելի որոնիչ և անհետևանք խուզարկու,

Ես անքանքար քննիչ և անբերրի հյուլե,

Ես անաստիճան ճգնավոր և անթռիչ հռետոր,

Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն,

Երազատես մոլորյալ և անտաղանդ անրջող,

Ես սահմանփակ պատուհան և փակյալ դուռ,

Ես իմ հոգիիս հանդեպ փշրող երկա՜թ ալիք,

Ես գերեզմանի՜ պահապան և մեռելո՜ց հաշվակալ,

Ես հրեղեն հացիդ կարո՜տ ցորենաքաղ...

Ես աներդիք գիշերող և անսափոր ծարավի,

Ես մենավոր մշակ տատասկներու մեջ կորուսյալ,

Ես անճառագայթ աղջամուղջ, ես անլար քնար,

Դեռ անբարբառ Հայկազնյաց հոգիին`

Բացատրության Բանալի՜ մը կաղերսեմ...

«Օգնե´ ինծի, Տարրերու հայր,

Ես աչք աղոտ և տեսողություն անթափանց,

Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ,

Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ...

Ես անհողագործ դաշտօրա, շտեմարան թափուր,

Աեղանասպաս անհաց և ցամաքյալ գինեբաշխ,

Ես անկոչ հրավիրյալ Հիսուսական հարսանիքին,

Ես անձեթ լուսարար և անմատյան մտածող,

Եվ անգորով գգվիչ և սիրազուրկ սիրահար,

Ես անհրապույր քարոզիչ և քարկոծյալ քրիստոնյա,

Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ...

Ես անհամբույր շրթունք և հոգեզուրկ հեծեծող,

Ես սի´րտ անսեր և կուսություն անկատար,

Ես անբևեռ քալող և երերուն ուղեվոր...

Քու փրկության փարոսներեդ կաթի՜լ մը լույս տուր

Ինծի...

Եվ երկնային դուռներուդ հետ հոգեկան

Կյանքին դռները դրախտին պես թող բացվին...

«Օգնե´ ինծի, անծի՜ր Աստված...

Ես անկարկաջ առվակ և խափանյալ ջրվեժ...

Ես ուսուցիչ անուս և վարանյալ վարդապետ,

Ես դպրությանց դեռ անպսակ տնօրեն,

Ես խղճերու հանդեպ ինկո´ղ վարագույր...

Ես որմ մթաշեն, գեհենական բանտարկյալ,

Ես շյուղ կորուսյալ, հո՜ւնդ անպարգև...

Մացռապատ կածան, օձապտույտ գետնուղի...

Ես անհյուրնկալ օթևան և անբազմոց մահամերձ...

Լապտերիդ լույսը մի´ մերժիր ինձ...

«Օգնե´ ինծի, համագումար Սկզբունք,

Մկրտության ես անմյուռոն ավազան,

ես աղոթքի կիսակործան գավիթ,

Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող,

Ես անբույր օծանող և դառնահամ յուղ,

Ես անբալասան բժիշկ և անբեհեզ վիրակապ,

Ես կոտրած կանթեղ և պապագյալ պատրույգ,

Ես հողմակոծ անտառ և արտասվաթոր ուռենի...

Ես անտաշ ատաղձ և բորբոսյալ գերան,

Ես հողաշեն բուրվառ և անծխելի խունկ,

Ես անողկույզ որթատունկ և վարակյալ վարսակ,

Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք,

Ես անկարող կարգավոր և աննշխար քահանա,

Ես մենությանս մեջ մխացող անկարավան անապատ,

Այցելո՜ւթյուն տուր ինծի...

«Օգնե´ ինծի, ո՜վ անբաղդատ Օրենք,

Ես վարանոտ մարդ և հուսահատ անձ...

Ես ահաբեկ անհատ և շվարած շնչավոր,

Ես տարակույսին մեջ տատանող հողմահալած,

Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր...

Ես գոս տերև` աշուններեն վա՜ր ինկող...

Ես չորացյալ ճյուղ և անհոտավետ վարդենի,

Ես ուշիմության ուրվական,

Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք,

Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող`

Քրիստոնյան ժողովորւրդիդ դեմ հանդիման

Ես Աստվածաշունչ մեծ Մատյանիդ

Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ...

«Օգնե´ ինծի, անծայրածիր Ծանոթություն,

երազոր Տեր, անհուն հնարիչ,

Լույսի զենիթ, անկնճիռ իմաստ,

Ջուր երկնային, անանջրպետ հոգի,

Անհաշիվ բաշխող, երազներու սահանք,

Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղեն,

Իմ կործանյալ ուսիս վրան թող ծածանի,

Եվ` հսկումներու, հեծեծանքի, աղոթքներու

Այս իրիկվան, քառասներորդ գիշերին`

Աստվա՜ծ անհեղլի, Աստվա՜ծ անափունք

Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարե,

Հոն իմ գյուտս խմորելու...»

Տ Ե Ս Ի Լ Ք Ը

Ո՜Վ հրաշալիք, ո՜վ հավատքի աննյութական հուր,

Ո՜վ զարմանագործ զորություն,

Ո՜վ բոցեղեն բժժանք, ո´վ անլույծ խորհուրդ,

Ահաւասիկ Քերովբե մը մրափին մեջ Մեսրոպին,

Իր աջ ձեռքո´վն լուսագիծ՝

Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրա

Հայկազնյան Այբբենարանը տառագրեց...:

Հանկարծ՝ Սուրբը, մեծ Տեսիլքեն ցնորաշարԺ՝

Մեռյալի մը պես ընդոստ ոտքի,

Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին,

Հրաշքին տակ արտասվելով,

Որմին առջև անհունորեն ծնրադրեց...:

Գ Յ ՈՒ Տ Ի Ն Փ Ա Ռ Ք Ը

Մեսրո´պ, հայ դարերուն դիմաց կեցող

Դուն ադամանդյա ապառաժ,

Դո´ւն մանուկներու մերկ ուղեղեն

Մինչև հանճարը ցոլքեր ցանող,

Գիտակցությանց անգյո´ւտ փարոս...

Դուն որուն կոփյունը կռանին,

Ժամերուն պես, րոպեին հետ անդադար,

Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլե,

Դուն աննինջ հսկող, դուն տիտանյան Տեսանող,

Դուն, օրորոցեն մինչ գերեզման,

Մեր մեն մի խոսքին մեն մի շունչին,

եղեցկաձայն բացատրիչ...

Դուն բարբառի արարաիչ, Բանի իշխան,

Դուն անբավ բավիղ տեսողության,

Դուն գոյացության արգավանդ հայր,

Դուն լույսի անիվ, դուն հավատքի հրավեր,

Դուն հայրենի հողին վրա մրրկին պես բարձրացող

Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի,

Որուն մեն մի հաստատաբուն ծառերն հսկա,

Մեկ մեկ քնար, մեկ մեկ փանդիռ են մեր շունչին...

Մեկ մեկ շեփոր մեր հագագին ռազմական,

Մեկ մեկ պատնեշ ճակատագրի պատուհասին...

Դուն անվատնելի ցորյանի դաշտ, դուն ձրի հաց,

Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշեկ,

Դուն արբեցությանց և գինիի ավազան,

Որուն մեջ ե´ս ալ ոսկի սափորս եմ մխրճեր...

Արևներու ծարավես խենթ...

Դուն մեծաթափանց նայվածքներով առաքյալ,

Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրվան,

Հելլեներեն և հանճարեղ և հրավառ

Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներեն,

Ու հրապաշտ Պարսիկներեն դրացի,

Մայր-բարբառիդ հիմնաքարովն հակինթ,

Հայկազնյանց մեր շառավիղն ազատեցիր...

Դուն երկրո´րդ Աստված,

Եվ մտածման դուն առաջի´ն արարիչ...

Դուն բեղո´ւն բարիք, սրտի´ աղբյուր,

Գույներու գանձ, գրությա´նց գահ,

Դուն թռչող դարերն մեկզմեկու կամարող

Կամուրջ անգիծ, ուրկից ցեղդ միլիոններով

Կամ պերճորեն կամ վատաբար,

Կյանքեն ի մահ կուգա կ´անցնի...

Դուն Հելլեներեն հռչակված,

Մեծատիտղոս Ակումիտ,

Ո՜վ մենակյաց, ո՜վ Մագիստրոս, ահավասիկ

Երկու Հայքերն, «Ովսաննա՜ քեզ» կը գոռան...

Եվ ովսաննա Վաղարշապատի Հայրապետին`

Սահակ Պարթև զուգակշիռ արբանյակիդ,

Եվ Վռամշապուհ Արքային,

Որովհետև քու մեծ գյուտիդ զորավիգ,

Մեկն իր խաչին, մյուսն իր Սուրին համազոր

Քու քայլերուդ հետ քալելով`

Արարատյան արշալույսին,

Դպրությանց դուռը մեզ բացին...

Ա´հ, ամբողջ արյունը քու ուղեղիդ,

Ի՜նչ տենդերե որպիսի՜ տենդ,

Եվ սարսուռներե ի՜նչ սարսուռ,

Ի՜նչ գեհենական գալարումե գալարում,

Եվ վարանքե վարանք և վարկածե ի վարկած,

Եվ ծովային ծփանքներեն ի ծփանք,

Այլակերպիչ նժարե մը ուրիշ նժար,

Եվ կշիռե ի կշիռ, զքե՜զ տարավ,

Եվ մեն մի հյուլեն քու հոգիիդ,

Մեն մի ճաճանչը քու աչքերուդ,

Մեն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն,

Հողմային հևքդ և խոլ թափը թռիչներուդ,

Աղոթքներուդ հորձանքներն հրեղեն,

Քառասուն օր` տիվ և գիշեր,

Մենությանդ մեջ, Մեռյալի մը պես մենավոր,

Զքեզ դեպի Տեսիլքդ տարին...

Եվ անուրջի մեջ ծնանող ծաղկի ծիլեն,

Ու բողբոջեն դեռ անբույս,

Դուն մարող լույսեն, դուն տեսլական ստվերեն,

Անգույն գծեն և երազի վսեմ վարդեն,

Դուն ոլորտեն, անձայն շեշտեն, անգույն բառեն,

Դուն ծածանող և անարմատ ծվեններեն,

Դաշնակցությանց Ալփաբետան ստեղծեցիր...

Եվ Չորրորդ դարու Ոսկի սեմեն,

Մինչև մեր օրը, մեր արյունովը մթին`

Ահավասիկ Հայ Հանճարը բազմալար,

Քու ձևերուդ մեջ կը ձուլվի...

Ո՜վ անլուծելի առեղծված,

Ո՜վ ջղերո´ւ կայծակե խուրձ,

Արյան հնոց, անուրջներու անբիծ ծավալ,

Ո՜վ զարմանալի և տևական զգայախաբ,

Քնարական ահեղաբի´բ քիմեռատես,

Դուն Աստվածագիծ ծիածան...

Հաշտության հուրը մեզ բերող,

Դո´ւն, տարակույսին և տարտամին տիրապետ,

Դո´ւն տարօրինակ և տարագիծ գմբեթ...

Դո´ւն մեծ կրքերու կրոնավոր,

Ա´յր Աստուծո, մտքի´ եղբայր, քնարի´ քույր,

Քու բաժակեդ թո´ւյլ տորւ որ ես ալ ըմպեմ...

Եվ այսօր, քու սրբությամբդ սնած`

Ես ապաժաման քնարահար,

Եվ անվճար ու անարժան երախտագետ,

Ես` քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ...

Աչքերուս մեջ անոր աչքեն հուր առի...

Ու իմ խոսքերս անոր սրտեն եմ քաղեր,

Եվ ի´նչ որ կարդաս ճակտիս վրան,

Ի´նչ որ կարդաս ժպիտիս մեջ,

Անոր Հույսո՜վն եմ ես գրած...

Եվ թույլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ,

Որ Հայոց հողեն մինչև աստղերը հասնող

Քու ոսկիե սանդուխեդ վե´ր բարձրանամ,

Եվ հաստատաքայլ, աստիճանե աստիճան

Ու պսակե ի պսակ և լույսե ի լույս,

Իբր զավակը մտածումիդ,

Ես ի քե´զ գամ, իմ այս երգս երգելու...

Edited by hravart
Link to post
Share on other sites

Սուրբ Մեսրոպ

(Դասական Ուղղագրութեամբ)

Սիամանթօ

Ն Ե Ր Բ Ո Ղ Ա Կ Ա Ն

Օշականի ամենասուրբ գերեզման,

Հանճարի հո´ղ ուրկէց այսօր,

Տասնևհինգ մրրիկեան դարերու,

Պատմութիւուն մը պերճաշուք,

Արևելքէն Արևմուտք, երկու Հայքն բովանդակ,

Դեպի զքեզ, ազատօրէ՜ն աղօթելու կը շարժէ...

Օշականի անհո՜ւն մեռեալ,

Դուն բիւուրաւոր ճիւղերով,

Ոսկեհոս գետ գիտութեան,

Մտքի փրկիչ, յոյսի Հսկայ, կեանքի կեդրոն,

Դուն անվախճա՜ն փոշիացեալ,

Ուրկէց ուղեղս, մանկութեանս օրերուն,

Ե'ս աղքատօրէն եկայ վառել...

Օշականի վսեմական վարդապետ,

Դուն վեհիմաստ վանական և Աստծոյ բաժակ,

Դուն Յիսուսի բազմաբուրեան պատմուճան,

Խօսքի´ աղբիւր, բանի բարձունք,

Կարողութեանց անվե´րջ կատար,

Դուն իմաստի ավազան և աղօթքի կապոյտ անձրև,

Ափ մը հողէդ ամբողջ երկինք մը դեռ կը բուրէ...

Օշականի դուն անկորուստ կրօնական,

Անապատին մէջ մխրճւող ճգնաւոր,

Դուն անբասիր և մեհեանական մենակեաց,

Խունկի՜ անտառ, Կնդրուկներո՜ւ բուրաստան,

Քրիստոսի ազնիվ խօսքին դուն տիրական տարածիչ

Եւ գրանիտեայ ուղղափառ սիւն,

Եւ մտքի գմբէթ և հոգիի անծայրածիր հորիզոն,

Դո´ւն շնորհքի աշնանային շտեմարան,

Քու հավատքէ´դ հավատացեա՜լ ես ալ լացի...

Օշականի մէջ անմահօրէ՜ն մահացեալ,

Անճառելի և անդրանիկ դաստիարակ,

Ես երազային երեխայ մը վեցամեայ,

Այբբենարանդ ի ձեռին, անմեղօրէն զայն հեգելով

Առաջին խաչը, ճակտէս սրտիս,

Հավատա ինծ ո՜վ հայութի´ւն...

Պատկերիդ դէմ է որ հաներ եմ...

Եւ լսէ´ այսօր, թոթովախօս ծաղկոցի

Շուշանմարմին մանուկներէն`

Մինչև ծերերն հողաբոյր,

Քու սուրբ անունդ կ´օրհներգեն... :

Օշականի հանճարանի՜ստ հողակոյտ,

Եկեղեցւոյ խորանին քով անշուքօրէ՜ն մրափող`

Եւ Եհովայի պատգամախօս մեծ մատեանին

Դուն սրբագիր թարգմանիչ,

Ոսկեդարու ադամանդեայ՜ բանալի,

Դուն հայ դպրութեանց անշրջանակ լուսամուտ,

Դուն լեզւի կաճառ, գեղեցկութեան իջևան,

Դուն ճեմարան մարմարային մտածումի,

Ներէ´ որ քու աշակերտդ արբեցեալ,

Տասնևհինգ դարեր յետոյ զքե´զ պաշտէ...

Օշականէն մեզի հսկող Մտքի Աստւած,

Դուն հասողութեան հիմնաքար,

Աստղերէն մեզ լոյս լեցնող ոսկեհասակ աշտարակ,

Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի...

Դուն մտածման ծարաւներու արծաթեայ ծով,

Դուն Տարօնածին հսկայ` Մովսես,

Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի,

Թո´ղ իմ գանգս, վերջալոյսիս,

Քնարիս հետ, մոխիրովս առլցուն,

Հուղարկավորներս` խնկատուփի մը փոխարէն

Հողակոյտիդ վրայ վառեն...:

Ս ՈՒ Ր Բ Ի Ն Ա Ղ Օ Թ Ք Ը

Լո´յս տուր ինծի, Սստւած անհերքելի

Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,

Ճակատագրի և ճանաչման ստեղծի´չ,

Շունչի´ մրրիկ, կեդրոնական կարողութիւն,

Սուրբ սեղանիդ սարգաւակն Մեսրոպ`

Իր մշուշապատ մեծ երազին`

Քու ձեռքերեդ հստակութիւ՜ն կ´աղերսէ...

«Օգնէ´ ինծի, մեծապարգև՜ իմաստութիւն,

Ես` անցուպ հովիւ մեծ քարոզիդ,

Ես` եղկելի մահկանացու,

Ես դժգոյն տնտես

Հայկազնեան ահեղ ցեղին...

Ես` տգէտ դպիր և անվաւեր վարդապետ,

Ես անծածան դրօշ հաւատացեալ ամբոխներուդ,

Ես` անօժիտ վերծանո´ղ և անանձրև այդգեպան,

Ես` կոյր աղբիւր և կորաքամակ ճանապարհորդ,

Ես` անարժան օրհնաբան անվերջ փառքիդ,

Իմ անդպիր հօտիս համար լո՜յս կաղերսեմ...

«Օգնէ´ ինծի, Աստւա՜ծ բիւրեղ...

Ես` ողորմելի որոնիչ և անհետևանք խուզարկու,

Ես անքանքար քննիչ և անբերրի հիւլէ,

Ես անաստիճան ճգնաւոր և անթռիչ հռետոր,

Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն,

Երազատես մոլորեալ և անտաղանդ անրջող,

Ես սահմանափակ պատուհան և փակեալ դուռ,

Ես իմ հոգիիս հանդէպ փշրող երկա՜թ ալիք,

Ես գերեզմանի՜ պահապան և մեռելո՜ց հաշւակալ,

Ես հրեղէն հացիդ կարօ՜տ ցորենաքաղ...

Ես աներդիք գիշերող և անսափոր ծարաւի,

Ես մենաւոր մշակ տատասկներու մէջ կորուսեալ,

Ես անճառագայթ աղջամուղջ, ես անլար քնար,

Դեռ անբարբառ Հայկազնեաց հոգիին`

Բացատրութեան Բանալի՜ մը կաղերսեմ...

«Օգնէ ինծի, Տարրերու հայր,

Ես աչք աղօտ և տեսողութիւն անթափանց,

Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ,

Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ...

Ես անհողագործ դաշտօրայ, շտեմարան թափուր,

Աեղանասպաս անհաց և ցամաքեալ գինեբաշխ,

Ես անկոչ հրավիրեալ Յիսուսական հարսանիքին,

Ես անձէթ լուսարար և անմատեան մտածող,

Եւ անգորով գգւիչ և սիրազուրկ սիրահար,

Ես անհրապոյր քարոզիչ և քարկոծեալ քրիստոնեայ,

Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ...

Ես անհամբոյր շրթունք և հոգեզուրկ հեծեծող,

Ես սիրտ անսէր և կուսութիւն անկատար,

Ես անբևեռ քալող և երերուն ուղեւոր...

Քու փրկութեան փարոսներէդ

կաթի՜լ մը լոյս տուր ինծի...

Եւ երկնային դուռներուդ հետ հոգեկան

Կեանքին դռները դրախտին պէս թող բացւին...

«Օգնէ´ ինծի, անծի՜ր Աստւած...

Ես անկարկաջ առւակ և խափանեալ ջրվէժ...

Ես ուսուցիչ անուս և վարանեալ վարդապետ,

Ես դպրութեանց դեռ անպսակ տնօրէն,

Ես խղճերու հանդէպ ինկո´ղ վարագոր...

Ես որմ մթաշէն, գեհենական բանտարկեալ,

Ես շիւղ կորուսեալ, հո՜ւնդ անպարգև...

Մացառապատ կածան, օձապտոյտ գետնուղի...

Ես անհիւրնկալ օթևան և անբազմոց մահամերձ...

Լապտերիդ լոյսը մի´ մերժիր ինձ...

«Օգնէ´ ինծի, համագումար Սկզբունք,

Մկրտութեան ես անմիւռոն աւազան,

ես աղօթքի կիսակործան գաւիթ,

Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող,

Ես անբոյր օծանող և դառնահամ իւղ,

Ես անբալասան բժիշկ և անբեհէզ վիրակապ,

Ես կոտրած կանթեղ և պապագեալ պատրոյգ,

Ես հողմակոծ անտառ և արտասւաթոր ուռենի...

Ես անտաշ ատաղձ և բորբոսեալ գերան,

Ես հողաշէն բուրվառ և անծխելի խունկ,

Ես անողկոյզ որթատունկ և վարակեալ վարսակ,

Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք,

Ես անկարող կարգաւոր և աննշխարհ քահանայ,

Ես մենութեանս մէջ մխացող անկարաւան անապատ,

Այցելո՜ւթիւն տուր ինծի...

«Օգնէ´ ինծի, ո՜վ անբաղդատ Օրէնք,

Ես վարանոտ մարդ և յուսահատ անձ...

Ես ահաբեկ անհատ և շւարած շնչաւոր,

Ես տարակոյսին մէջ տատանող հողմահալած,

Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր...

Ես գոս տերև` աշուններէն վա՜ր ինկող...

Ես չորացեալ ճիւղ և անհոտաւէտ վարդենի,

Ես ուշիմութեան ուրւական,

Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք,

Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող`

Քրիստոնեայ ժողովորւրդիդ դեմ հանդիման

Ես Աստւածաշունչ մեծ Մատեանիդ

Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ...

«Օգնէ´ ինծի, անծայրածիր Ծանոթութիւն,

երազօր Տեր, անհուն հնարիչ,

Լոյսի զենիթ, անկնճիռ իմաստ,

Ջուր երկնային, անանջրպետ հոգի,

Անհաշիւ բաշխող, երազներու սահանք,

Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղէն,

Իմ կործանեալ ուսիս վրան թող ծածանի,

Եվ` հսկումներու, հեծեծանքի, աղօթքներու

Այս իրիկւան, քառասներորդ գիշերին`

Աստւա՜ծ անհեղլի, Աստւա՜ծ անափունք

Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարէ,

Հոն իմ գիւտս խմորելու...»

Տ Ե Ս Ի Լ Ք Ը

Ո՜Վ հրաշալիք, ո՜վ հաւատքի աննիւթական հուր,

Ո՜վ զարմանագործ զօրութիւն,

Ո՜վ բոցեղէն բԺԺանք, ո´վ անլոյծ խորհուրդ,

Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մեջ Մեսրոպին,

Իր աջ ձեռքո´վն լուսագիծ՝

Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ

Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...:

Յանկարծ՝ Սուրբը, մեծ Տեսիլքէն ցնորաշարժ՝

Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի,

Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին,

Հրաշքին տակ արտասւելով,

Որմին առջև անհունօրէն ծնրադրեց...:

Գ Ի Ւ Տ Ի Ն Փ Ա Ռ Ք Ը

Մեսրո´պ, հայ դարերուն դիմաց կեցող

Դուն ադամանդեայ ապառաժ,

Դո´ւն մանուկներու մերկ ուղեղէն

Մինչև հանճարը ցոլքեր ցանող,

Գիտակցութեանց անգի´ւտ փարոս...

Դուն որուն կոփիւնը կռանին,

Ժամերուն պէս, րոպէին հետ անդադար,

Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլէ,

Դուն աննինջ հսկող, դուն տիտանեան Տեսանող,

Դուն, օրորոցէն մինչ գերեզման,

Մեր մեն մի խօսքին մեն մի շունչին,

եղեցկաձայն բացատրիչ...

Դուն բարբառի արարաիչ, Բանի իշխան,

Դուն անբաւ բաւիղ տեսողութեան,

Դուն գոյացութեան արգաւանդ հայր,

Դուն լոյսի անիւ, դուն հավատքի հրավէր,

Դուն հայրենի հողին վրայ մրրկին պէս բարձրացող

Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի,

Որուն մեն մի հաստատաբուն ծառերն հսկայ,

Մէկ մէկ քնար, մէկ մէկ փանդիռ են մեր շունչին...

Մէկ մէկ շեփոր մեր հագագին ռազմական,

Մէկ մէկ պատնէշ ճակատագրի պատուհասին...

Դուն անվատնելի ցոր"անի դաշտ, դուն ձրի հաց,

Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշէկ,

Դուն արբեցութեանց և գինիի աւազան,

Որուն մէջ ե´ս ալ ոսկի սափորս եմ մխրճէր...

Արևներու ծարաւէս խենթ...

Դուն մեծաթափանց նայվածքներով առաքեալ,

Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրւան,

Հելլեներէն և հանճարեղ և հրավառ

Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներէն,

Ու հրապաշտ Պարսիկներէն դրացի,

Մայր-բարբառիդ հիմնաքարովն յակինթ,

Հայկազնեանց մեր շառաւիղն ազատեցիր...

Դուն երկրո´րդ Աստւած,

Եւ մտածման դուն առաջի´ն արարիչ...

Դուն բեղո´ւն բարիք, սրտի´ աղբիւր,

Գոյներու գանձ, գրութեա´նց գահ,

Դուն թռչող դարերն մէկզմէկու կամարող

Կամուրջ անգիծ, ուրկից ցեղդ միլիոններով

Կամ պերճօրէն կամ վատաբար,

Կեանքէն ի մահ կուգայ կ´անցնի...

Դուն Հելլէներէն հռչակւած,

Մեծատիտղոս Ակումիտ,

Ո՜վ մենակեաց, ո՜վ Մագիստրոս, ահաւասիկ

Երկու Հայքերն, «Ովսաննա՜ քեզ» կը գոռան...

Եւ ովսաննա Վաղարշապատի Հայրապետին`

Սահակ Պարթև զուգակշիռ արբանեակիդ,

Եւ Վռամշապուհ Արքային,

Որովհետև քու մեծ գիւտիդ զորաւիգ,

Մէկն իր խաչին, միւսն իր Սուրին համազօր

Քու քայլերուդ հետ քալելով`

Արարատեան արշալոյսին,

Դպրութեանց դուռը մեզ բացին...

Ա´հ, ամբողջ արիւնը քու ուղեղիդ,

Ի՜նչ տենդերէ որպիսի՜ տենդ,

Եւ սարսուռներէ ի՜նչ սարսուռ,

Ի՜նչ գեհենական գալարումէ գալարում,

Եւ վարանքե վարանք և վարկածե ի վարկած,

Եւ ծովային ծփանքներէն ի ծփանք,

Այլակերպիչ նժարե մը ուրիշ նժար,

Եւ կշիռէ ի կշիռ, զքե՜զ տարաւ,

Եւ մեն մի հիւլէն քու հոգիիդ,

Մեն մի ճաճանչը քու աչքերուդ,

Մեն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն,

Հողմային հևքդ և խոլ թափը թռիչներուդ,

Աղօթքներուդ հորձանքներն հրեղէն,

Քառասուն օր` տիւ և գիշեր,

Մենութեանդ մէջ, Մեռեալի մը պէս մենաւոր,

Զքեզ դէպի Տեսիլքդ տարին...

Եւ անուրջի մէջ ծնանող ծաղկի ծիլէն,

Ու բողբոջէն դեռ անբոյս,

Դուն մարող լոյսէն, դուն տեսլական ստւերէն,

Անգոյն գծէն և երազի վսեմ վարդէն,

Դուն ոլորտէն, անձայն շեշտէն, անգոյն բառէն,

Դուն ծածանող և անարմատ ծւէններէն,

Դաշնակցութեանց Ալփաբետան ստեղծեցիր...

Եւ Չորրորդ դարու Ոսկի սեմէն,

Մինչև մեր օրը, մեր արիւնովը մթին`

Ահաւասիկ Հայ Հանճարը բազմալար,

Քու ձևերուդ մեջ կը ձուլվի...

Ո՜վ անլուծելի առեղծւած,

Ո՜վ ջղերո´ւ կայծակէ խուրձ,

Արեան հնոց, անուրջներու անբիծ ծաւալ,

Ո՜վ զարմանալի և տևական զգայախաբ,

Քնարական ահեղաբի´բ քիմեռատես,

Դուն Աստւածագիծ ծիածան...

Հաշտութեան հուրը մեզ բերող,

Դո´ւն, տարակոյսին և տարտամին տիրապետ,

Դո´ւն տարօրինակ և տարագիծ գմբէթ...

Դո´ւն մեծ կրքերու կրօնաւոր,

Ա´յր Աստուծոյ, մտքի´ եղբայր, քնարի´ քոյր,

Քու բաժակէդ թո´յլ տուր որ ես ալ ըմպեմ...

Եւ այսօր, քու սրբութեամբդ սնած`

Ես ապաժաման քնարահար,

Եւ անվճար ու անարժան երախտագէտ,

Ես` քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ...

Աչքերուս մեջ անոր աչքէն հուր առի...

Ու իմ խօսքերս անոր սրտէն եմ քաղէր,

Եւ ի´նչ որ կարդաս ճակտիս վրան,

Ի´նչ որ կարդաս ժպիտիս մէջ,

Անոր յոյսո՜վն եմ ես գրած...

Եւ թոյլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ,

Որ Հայոց հողէն մինչև աստղերը հասնող

Քու ոսկիէ սանդուխեդ վե´ր բարձրանամ,

Եւ հաստատաքայլ, աստիճանէ աստիճան

Ու պսակէ ի պսակ և լոյսէ ի լոյս,

Իբր զավակը մտածումիդ,

Ես ի քե´զ գամ, իմ այս երգս երգելու...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...