hravart Posted March 5, 2007 Report Share Posted March 5, 2007 (edited) ՖԵՐԴՈՎՍԻ 934-1020 Իրանի ազգային մեծ բանաստեղծ ֆէրդովսին կամ իսկական անունով Աբոլ-Ղասէմ Մանսուրին ծնւել է Խորասանի Թուս քաղաքում մ.թ.934-ին: Հայրը հողագործ էր: Փոքրիկ Աբոլ-Ղասէմը մեծանում է հայրենի ազատ բնութեան մէջ: Գրել կարդալ է սովորել ծննդավայրում՝ գրավաճառ ու միաժամանակ գրականագէտ Ասադի մօտ: Նա պատանեկան հասակից արդէն ցոյց էր տալիս բանաստեղծական առանձնայատուկ շնորհք, որի համար քաջալերւում է իր ուսուցչից: Եռանդով սովորում է նաեւ արաբերնն ու պահլաւերէնը: Առանձին սէր ու հակում է ունեցել դէպի ազգային պատմութիւնն ու աւանդութիւնները, որոնք յետոյ անյքան խնամքով մշակեց եւ կերտեց իր հռչակաւոր դիւցազնավէպը - «Շահնամէ»-ն (Թագաւորների գիրք): Մինչեւ 58 տարեկան հասակն ապրեց Թուսում: 34 տարեկան հասակից սկսել է գրել «Շահնամէ»-ն, եւ 24 տարի շարունակ աշխատել է Իրանի հին զրոյցների վրայ: Այնուհետեւ նա անցնում է Ղազւին, Իրանի ժամանակի մայրաքաղաքը, ուր նստում էր հզօր Սուլթան Մահմուդ Շահը: Արքան պարսիկ գրականութեանն ու արւեստին զարկ տալու նպատակով, հովանաւորում էր իր ժամանակի նշանաւոր բանաստեղծներին ու գրականգէտներին, որոնց խրախուսելու համար առատ վարձատրում էր: Այդ բանաստեղծներին գլխաւորում էր Անսարին, որին «Բանաստեղծների Թագաւոր» տիտղոսն էին տւել: Աբոլ-Ղասէմը նոյն Անսարու միջոցով ներկայացնում է Սուլթան Մահմուդին «Շահնամէ»-ից «Ռոստամի մարտը Իսֆանդիարի դէմ» հատւածը, որի ընթերցումից հիացած արքան բացագանչում է. «Այդ դրախտային է»: Այդ օրւանից Աբուլ-Ղասէմը կոչւում է Ֆերդովսի, որ նշանակում է դրախտական: Այդ հանդիպումից յետոյ Սուլթան Մահմուդը կանչում է Ֆերդովսուն ու պատւիրում շարունակել իր աշխատանքը եւ լրացնել այն, որի համար նրան իր պալատում առանձին բնակարան է յատկացնում եւ ամէն տեսակի յարմարութիւններ տալիս եւ խօստանում է գործն աւարտելուց յետոյ հատուցել նրան ամէն մի երկտողի համար մի ոսկի թուման: Ֆերդովսին այդտեղ աշխատեց 12 տարի եւ 71 տարեկան հասակում աւարտեց իր հսկայական գործը, որ բաղկանում է 60,000 երկտողից: Գիրքը վերջանում է հետեւեալ տողերով. «Վերջացրի գործս ձիգ տարիների, Եւ աշխարհի մէջ անուն հանեցի. Ով կապրի խելքով, կենդանի հոգով, Կընդունի նրան հազար մի գովքով, Ցանեցի ցանս, մեծագոյն անանց, Նա ինձ կը պահի անմահ վեհապանծ» Ֆէրդովսին որոշել էր ստանալիք դրամով, հայրենի Թուս քաղաքը գետի ողողումնե-րից ապահովելու համար, մի զօրաւոր պատւար կանգնեցնել եւ ջրանցքներ պատրաստել, որպէսզի ժողովուրդն առատ ջուր ունենայ, իր արտերն ու այգիները ոռոգելու համար եւ իրեն շարունակ յիշի: Սակայն նրան վիճակւած չէր խօստացւած վարձատրութիւնն ստանալ: Ստեղծած մեծ փառքը եւ Մահմուդ Շահի ցոյց տւած հոգատարութիւնն իր հանդէպ, գրգռում է ժամա-նակակիցներից շատերի նախանձը, որոնք անվերջ չարախօսում են նրա վրայ, մանա-ւանդ Շահի վեզիրը, որ յաջողում է համոզել արքային, որ վճարումը ոսկու փոխարէն կատարել տալ արծաթով: Ֆէրդովսին բաղնիքումն էր երբ բերում են դրամը: Խորապէս ազդւած այդ ապերախտ վարմունքից, նա տեղն ու տեղը երկու մասի է բաժանում ստացած արծաթը, մի մասը տալիս է բաղնիսբանին, միւս մասն էլ իրեն մի բաժակ գարեջուր բերողին եւ ասում է. «Իմ առատաձեռնութիւնը Սուլթանի առատաձեռնու-թիւնից շատ է, քանի որ ես Շահի գանձով մի բաժակ գարեջուր եմ գնել»: Եւ բաղնիսից դուրս գալով՝ «Ջումէ» մզկիթի դռան վրայ գրում ՝է հետեւեալ տողերը: «Մայրն արքայի թէ լինէր Արքայազարմ մի տիկին, Մինչեւ ծունկն իմ կը հասնէր Դիզւած արծաթն ու ոսկին: Իսկ թէ հարյն արքայի Գլխին կրած լինել թագ, Պիտի դնէր իմ գլխին Նա ոսկեղէն մի պսակ»: Սուլթանը երբ մզկիթ է գնում աղօթելու, կարդում է վերոյիշել գրւածքը, սաստիկ զայրանում է եւ հրամայում Ֆերդովսուն ձերբակալեն, սակայն նա յաջողում է փախչել Մազանդարան եւ այնտեղից էլ Բաղդադ ու ապաստան գտնում Ալ-Նասէր-Բելլահ Խալիֆայի մօտ: Մեկնելուց առաջ նա թողեր էր մի երգիծագիր եւ խնդրել իր բարեկամ-ներից մէկին քսան օր յետոյ յանձնել Շահին; Այդ գրւածքով նա կծու լեզւով պարսա-ւում է արքային իւր ապերախտ վերաբերմունքի համար: Տարիներ յետոյ, երբ Շահի բարկութիւնն անցել էր, Ֆէրդովսին վերադառնում է իր ծննդավայրը, ուր զբաղւում է հայրենական կալւածի մշակութեամբ եւ նրա փոքրիկ հասոյթով ապրում: Անցնում է բաւական ժամանակ, մի օր Սուլթան Մահմուդը նստած իր շքեղ պալատի պարտէզներից մէկում՝ դիտում էր գեղեցիկ վերջալոյսը: Յանկարծ նրա ականջին են հասնում մի գողտրիկ երգի անուշ դայլայլները: Նրա հարցին թէ՝ ո՞ւմն է այդ երգը, պատասխանում են՝ Ֆերդովսունը: Սուլթանը մտածմունքի մէջ է ընկնում: Անդրա-դառնալով գործած սխալին՝ զղջում է: Նրա հրամանով 60,000 ոսկինեւ բազմաթիւ թանկագին նւէրներ պատրաստւում եւ ուղարկւում է մեծատաղանդ բանաստեղծին: Սակայն երբ Շահի մարդիկ երգ ու ցնծութեամբ՝ բեռնաւորւած ուղտերով ներս էին մտնում Թուսի արեւմտեան դռնից, արեւելեան դռնից այս նոյն ժամին սուգով ու արցունքով մի խումբ մարդիկ դուրս էին բերում ծերունի բանաստեղծի դիակն ու տանում հողին յանձնելու: Այսպէս նա մեռած հանդիպեց իր փառքին: Ֆերդովսւ աղջիկը հրաժարւեց ընդունել ուղարկւած նւէրը: Սակայն քոյրը վերցրեց եւ իր եղբօր յիշատակը յաւերժացնելու նպատակով շինեց նրա երազած պատւարն ու ջրանցքները, աւելացած դրամով էլ պատրաստեց իջեւաններ, ճամբորդնեերի համար: Ֆերդովսին վախճանւել է 1020 թւին 86 տարեկան հասակում: Մեծ է ու եզակի Ֆերդովսու դերը իւր հայենիքի և ժողովրդի հանդէպ՝ Իրանի ազգային զարթօնքի եւ վերածնութեան գործում: Արաբական տիրակալութեան օրերին իսլամ կրօնն իր խոշոր ազդեցութեամբ ջնջել տարել էր այն ամենը, ինչ որ պարսկական էր, եւ պարսից գեղեցիկ լեզուն ու փառաւոր պատմութիւնն արհամարհանքի էր ենթարկ-ւած Իրանցիներից. ընդհակառակն արաբ ազգն էր համարւում ամենաազնիւ եւ նրա լեզուն դրախտի լեզու ընդունւում: Ֆերդովսին էր որ ծառացաւ այս սոսկալի երեւոյթի դէմ եւ պարսից ազգը փրկեց դրա կործանարար ազդեցութիւնից: Նա մեծ Իրանի անցած փառքն ու գեղեցկութիւնը, հին հերոսների քաջագործութիւններն երգելով, իրեն յատուկ մաքուր պարսկերէնով եւ զօրեղ գրչով ներկայացրեց իր հայրենակիցներին, հասկացնելով նրանց, որ իրենք մի քաջ, ռազմասէր եւ պանծալի ազգի սերունդն են: դրանով իր ժամանակակից պարսիկ ժողովրդի մէջ նա արթնացրեց ազգային գիտակցութեան եւ հայրենասիրութեան վեհ հոգին: Իր հայրենիքին եւ ազգին մատուցած այս մեծ ծառայութեան համար Ֆերդովսին անցել է Իրանի անմահների շարքը: «Շահնամէն»-ն աշխարհիս լաւագոյն գրւածքներից մէկն է համարւում եւ թարգման-ւած է շատ լեզուներով: Նրանից հայերէն թարգմանւած է «Ռոստամ ու Սոհրաբ» վէպը, «Բահրամ Գուր եւ Ազադէ» փոքրիկ հատւածը (թարգմ,՝ պրոֆ. Ռ. Աբրահամեան), զանազան այլ հատւածներ թարգմանել են Յովսէփ Միրզայեան, Գիւլզադեան, Գ. Ասատուր, և ուրիշներ: Սակայն ամբողջական թարգմանութիւն հայերէնով դեռեւս չի կատարւել: 1934 թ. հոկտեմբեր ամսում ողջ Իրանում մեծ շուքով տօնւեց անմահ բանաստեղծի հազարամեակը: Յարգանքի հանդէսներ կատարւեցին եւս արտասահմանի զանազան երկրներում: ՖԵՐԴՈՎՍՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԱՀՄՈՒԴ ՇԱՀԻՆ Ո՜վ Ղազնաւիդ Մահմուդ Շահ, աշխարհակալ թակագիր, Թէ ոչ ոքից ահ չունես, Աստւածանից ունեցիր: Քանզի կային նախքան քեզ փադիշահներ բազմաթիւ, Թագ ունէին եւ հռչակ, փառք ունէին եւ պատիւ: Քեզնից նոքա բարձր էին իրենց դիրքով, բանակով, Իրենց գանձով, զօրութեամբ, իրենց գահով ու թագով: Չձգտեցին աշխարհում թէ ոչ բարի մի անւան, Եւ այդ բարի անունով դէպի բարի մի վախճան: Իւրաքանչիւր թագաւոր, որ դրամն ունէր սիրելի, Մարդկանց առաջ իմաստուն դարձաւ իսպառ նողկալի: Եւ արդ, որ այս աշխարհի դու ես արքան ու տէրը, Կը զարմանաս թէ ի՞նչ են այս անվայել խօսքերը: Բայց դու դեռ չես ճանաչում իմ սուր հանճարն երկսայրի, Չես երկնչում նախճիրից արիւնահեղ իմ սըրի: Դու ինձ անխիղճ, չարամիտ եւ անհաւատ կոչեցիր, Ես առիւծ եմ մռնչող, դու ինձ մաքի կարծեցիր: Edited March 8, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.