Jump to content

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ #6


Recommended Posts

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

(Դասական Ուղղագրութեամբ)

I. ՑԱՅԳԱԼՈՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ

ՂՕՂԱՆՋ ԱՒԵՏԻՍԻ

Հազար ութ հարիւր վաթսունինն թւին

Հայոց այգիերն ի՞նչ պտուղ տւին,

Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել, –

Դժւար է ասել:

Սակայն այդ թւին Մայր Հայաստանի

Արգանդը եղաւ սրբօրէն բեղուն,

Մի մանուկ ծնւեց Լօռւայ Դսեղում...

Նա յետոյ պիտի դառնայ պատանի,

Եւ երիտասարդ, և այր իմաստուն,

Անբախտ Մարոյին լացով սպանի,

Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,

Մրմուռից դաղւած նրա բերանով

Սարոյի նանը պիտի ողբ ասի,

Մսրա զօրքի հետ Դաւիթը խօսի,

իքորը կանչի, «Էստի՜ համեցեք...»:

Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել

Իր մոխրակալած-հրակէզ հոգին

Եւ՝ որքան տրտում-նոյնքան կենսագին՝

Տարիներ յետոյ նա պիտի դառնայ

Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...

Միևնոյն թւին, Լոռուց շատ հեռու՝

Անատոլուի խաւար խորքերում

Մէկ ուրիշ մանուկ լոյս աշխարհ եկաւ,

Մինչ հայրը նրա՝ Գևոն կօշկակար,

Գոգնոցը հանեց, արխալուղ հագաւ,

Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝

Նրա տուն մտան՝ աչքալուսանքի,

Յետոյ հերթն եկաւ կանանց հոսանքի.

Մի թաս խաւիծով կամ ձւածեղով՝

Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝

Որդուն մաղթելով արևշատութիւն,

Նորատի մօրը՝ շուտ ապաշխարանք,

Աղւորիկ մի հարս,

Բարի տատութիւն...

Երևի այդօր-

Եթէ ոչ մարդկանց,

Գէթ ամենալուր և ամենազօր բնութեան համար...

Տօն էր անսովոր.

Չէ՞ որ նա գիտէր, թէ ում է ծնել,

Լսում էր չէ՞ որ,

Թէ ի՜նչ նւագներ և ի՜նչ անհամար,

Ի՜նչ հայաշխարհիկ երգեր են հնչում

Այդ երկու թխլիկ նորածինների

Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում...

Երևի այդօր ցերեկը ձգւեց՝

Քնից նոր զարթնած կտրիճի նման,

Իսկ ստւերները՝

Հարւած սպասող շնիկների պէս

Պոչերը քաշած՝ լուռ կծկւեցին...

Երևի ահեղ ջրվէժներն այդօր

Հոսեցին անձայն, ինչպէս նկարում,

Եւ լոյսը երգեց,

Քարը պար եկաւ...

Անատոլուի աւազուտներում երևի այդօր

Մարդիկ – քնի մէջ – ըմպեցի - զովը Լօռւայ ձորերի,

Ջահէլ այրու պէս ծարաւ արտերը և այգին պապակ

Յագուրդ ստացան կրքոտ Դեբեդի ջրից անապակ...

Եւ Լօռւայ ձորում քուն մտած մարդկանց

Երազ այցելեց,

Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ.

Հարաւից չւած հազարան մի հաւք,

Սոխակի ձայնով-ուժով անգըղի,

Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար,

Յետոյ դարաւոր կաղնու փչակը կտցով քչփորեց

Եւ մէ՜կ էլ յանկարծ –

Իր կտցի վրայ այնտեղից հանեց

Շողեր ծալծըլւած,

Շողեր դարսիդարս՝

Օձունի վանքի Շարակնոցի պէս...

Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացւելով,

Հէնց այն է պիտի – ծլընգ հա՜ ծլընգ – զնգային կարմիր,

Հազարան հաւքը հրթիռւեց-գնաց՝

Վերև սուրացող ասուպի նման,

Եւ... թառե՞ց արդեօք Լուսաստղի վրայ,

Թէ՞ ինքը դարձաւ Լուսաստըղ մի նոր...

...Երևի այդօրևքանի՜ դար յետոյ –

Երկինք ու երկիր հաշտւեցին նորից...

... Երևի այդօրևքանի՜ դար յետոյև

«Հայաստան» բառից պոկւեցին-ընկան

«Ռուսան ու Տաճկա»-ն...

ՂՕՂԱՆՋ ՈՐԲՈՒԹԵԱՆ

Իր ժողովրդի զաւակն իսկական՝

Ժողովրդի պէս ինքն էլ որբ մնաց,

Նա նոյնիսկ չկար և մի տարեկան,

Երբ...մայրը գնաց:

Ա՜խ, եթէ գնաց՝

Նրա լոյս հոգին թող որ համբառնայ,

Արժանի դառնայ

Իր հաւատացած երկնային գահին,

Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:

Մնար

Ու ծիծ տար

Իր Սողոմոնին – մեր Կոմիտասին,

Մնար

Ու հոգար

Մեր մինուճարի՜– իր որդու մասին:

Մնար ու նրան մայրութիւն անէր,

Յուսահատութեան, տրտմութեան պահին

Նրա ճակատի ամպերը վաներ,

Նախ՝ նրա ոտի

Ու յետոյ՝ սրտի

փշերը հանէր:

Մնար, որ յետոյ,

Շա՜տ ու շա՜տ յետոյ,

Երբ որդին քայլեց մութ արահետով,

Որ անդարձ եղաւ ու եղաւ անել,

Թերևս նա իր մայրական սրտով

Իր մինուճարի ու մեր հանճարի

Սև ցաւը տանէր...

Մնար,

Որ նրան մի ողջ ժողովուրդ

«Մեծ Մա՜յր» անւանէր,

«Վէհամա՜յր» կոչէր.

Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա

Իր բերնին տանէր,

Փէշերը պաչէր...

Մնա՛ր... Չմնա՜ց:

Գէթ հայրը մնար...

Բայց նա էլ գնաց,

Երբ որդին չկար տասը տարեկան,

Իր ժողովրդի զաւակն իսկական՝

Ժողովրդի պէս նա որբուկ մնաց:

Նա մնաց անտուն, մնաց բնաւեր...

– Տո լա՜ճ տնաւեր...

Եղաւ անդադար, եղաւ բնաւեր,

– Տո լա՜ճ տնաւեր...

Գրկանոց հասակ, վիրաւոր սրտիկ,

Աչքերում՝ արցունք, ճակատին՝ քրտինք,

Աշնան պաղ քամուն ու ձմրան ցրտին

Որբուկն ո՜ւր մնայ, որբուկն ո՜ւր գնայ.

Որտե՞ղ տաքանայ, ո՜ւմ թոնրան շրթին.

-Տո լա՜ճ տնաւեր...

Որբուկի սիրտը՝ ապակի փշուր,

Ա՜խ դրսից կարմիր-ներսից փուշ մասուր.

Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր, –

Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տայ նրան

Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր,

– Տո լա՜ճ տնաւեր...

Դռնեդուռ երգեց-ձայնը՝ կլկըլան,

Բերանն էր կ'երգեր, իսկ աչքը կուլար,

Դունչիկից կելներ ծխի տաք քուլան,

Սրտիկն էր էրւում, որտիկ սևաւո՜ր,

Ցաւերն էին փուքս, անձիկն էր քուրան...

– Տո լա՜ճ տնաւեր...

Երկու ձիգ տարի նա այսպէս պիտի

Ման գայ երգելով ու շուրջը դիտի

Մի հացի յոյսով կամ մի հաւկիթի,

Միտքը՝ հազար տեղ, աչքը՝ մի կէտի...

Սկիզբըդ խոց էր, վերջըդ՝ ո՞վ գիտի...

-Տո լա՜ճ տնաւեր...

ՂՕՂԱՆՋ ՑՆԾՈՒԹԵԱՆ

Գևոն չթողեց որդուն ապարանք,

Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր,

Բայց ինչ ունէին-չունէին նրանք՝

իրենց որբացած որդուն էր անցել:

Իսկ ի՞նչ ունէին: Լոկ ձայն կլկըլան, –

Մերթ այնպէս մեղմիկ,

Ասես թէ գինով լցնում են կուլան,

Մերթ այնպես զնգուն,

Ասես թէ կիրճում հովն է շնկշնկում.

Մերթ այնպես խաղաղ,

կաքաւն է ասես սաղմոսում «կղա».

Մերթ այնպէս յորդուն,

Ասես ընկել ես ջաղացի ջրտուն...

Նրանք գիտէին իրենց Կուտինան՝

Անատոլուի խաւար խորքերում:

Բայց նրանք, դիցուք, և գիտենային,

Թէ իրենց պապի պապին ու քեռուն

Գաղթի ճամփան է բերել հասցրել

ինչ որ Ցղնայից այս Կուտինային:

Այսքանը թէկուզ և գիտենային:

Ո՞վ պատմէր սակայն, որ գիւղն այդ Ցղնայ

Եւ Մասեաց փէշը Գողթանն է չքնաղ:

Արդէն կիսակոյր՝ տաճկախաւարից,

Ո՞վ պատմէր նրանց Գողթան գաւառից.

Գողթան գաւառի երգասաններից՝

Վիպող-վիպասան մեր գուսաններից:

... Փանդիռը գրկած ու վինը ծնկան,

Իրենք իրենցով ու դիցով լեցուն՝

Դուռ-դարպասների սալքարին նստել,

Երգել են նրանք վէպը Սաթինկան,

Աչքերն են գովել Ալանաց դստեր,

Եւ խօսքը խելօք, և մէջքը բարակ,

Եւ Արտաշիսի սիգալը արագ՝

Ձեռքին շիկափոկ-ոսկեօղ պարան...

Իսկ Արտաւա՜զդը, որին և տարան

Քաջքերը ի վեր Ազատն ի Մասիս...

Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին,

Որ սեգ սիգալով՝

Իր հուժկու քայլով

Գետերի թմբեր և ամբարտակներ

Ավիրեց տարաւ...

Իսկ Շամիրա՜մը պագշոտ

Ու տաքշող,

Գեղեցիկ ապրած-գեղեցիկ մեռած

Գեղեցիկ Արա՜ն...

Յաճախ կոյր ծնւած, անուս ու թերուս,

Բայց միշտ ողողւած կրակով ներքին,

Իրենց եօթնաղի տաւիղը ձեռքին՝

Նրանք են երգել ծնունդն այն աստծոյ,

Որ հուր հեր ուներ, բոց ունէր մորուս,

Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին,

Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից,

Երբ բոց էր ելնում եղեգան փողից...

Երգել են նրանք մեր պտղած հողից,

Գինուց, խաղողից,

Մեր սրտի դողից.

Երգել են նրանք մեր ցորեն հացից,

Մեր խինդ ու լացից,

Մարտում ընկածից.

Խորհել՝ երգելով,

Նւագով ցաւել,

Երգել ձեռքերով՝

Պարել-կաքաւել...

Ո՞վ է մեզ տվել, եթէ ոչ նրանք՝

Փող ու թմբուկին խաղացող մատներ,

Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ,

Եւ Նաւասարդեան թարմ առաւօտներ,

Եւ առաւօտներ վառ Վարդավառի,

Եւ ծուխ ծխանի՝ հայրենի կրակ, –

Ո՞վ է մեզ տւել, եթէ ոչ նրանք՝

Վիպասանները Գողթան գաւառի:

... Ո՞ւմ մտքով կանցնէր, թէ Գողթնից գաղթած,

Գերանը ջարդած ու սիւնը խախտած

Ինչ-որ տնակի կիսախաւարում,

Գողթնից շատ հեռո՛ւ, մի խորթ գաւառում,

Որտեղ վարակը օտար շարաւի՝

Ուտում էր մարմին ու հոգի կրծում, –

Ո՞ւմ մտքով կանցնէր, և ո՞վ էր կարծում,

Թէ պիտի շողայ Գողթան շառաւիղ,

Պիտի բոցկլտայ Գողթան Պայազատ՝

Նոյնքա՛ն հարազատ,

Նոյնքա՛ն հա՛յ ազատ,

Որքան և նրանք,

Արժանի ժառանգ

Գողթան գաւառի հայ գուսանների,

Փողհար-փանդռահար վիպասանների՝

Օտարի շնչից զանազանելի,

Այդքանով՝ նաև անհասանելի...

Ո՞վ է հասկացել քմայքը բախտի,

Եւ այն էլ... հայոց.

Յանկարծ կեռմանը ազգաւեր գաղթի՝

Կածանը վայոց,

Դառնում է ճամփայ համահաւաքման,

Խոյանք է դառնում թռիչքը անկման...

Ո՞վ է հասկացել քմայկը բախտի,

Եւ այն էլ... հայոց:

ՂՕՂԱՆՋ ՅՈՒՍՈՅ

Ութսունմէկ թիվ: Վազարշապատ: Էջմիածին:

Միրգ ու փոշի: Անխիղճ արև:

Շողամրցում Մասիսների, Արագածի:

Սրբագործւած հին-հին քարեր:

Եւ Մայր Արաքս: Եւ Մայր Տաճար:

Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր,

Հնչող,

Շնչող,

Կանչո՜ղ զանգեր...

Եւ ճեմարան՝ մտքի կաճառ:

Ճեմարանի բակում արձակ,

Որտեղ էլ որ աչք ես ածում՝

Զարմանալի հաւաքածու

Խօսւածքների, տարազների:

Ու բոլորի դէմքի վրայ՝

Վա՛խ, սպասո՛ւմ, անքնութի՛ւն,

Խօսուն հետքեր երազների:

Ամէն մէկը՝ մի գաւառից,

Եւ բոլորը՝ դեռ աղւամազ:

Ամէն մէկը խիտ խաւարից՝

Երզաում է լոյսի մի մաս,

Նոյնն է ուզում.

Ուոո՛ւմ, ուսո՜ւմ...

Եւ նրանց մէջ՝ սրան նայիր,

Հագին տարազ տաճկահայի.

Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝

Վրան պնդաց մազէ գոտիկ,

Նախշուն գուլպայ՝ վրան զոլեր,

Ու պոչաւոր մաշւած սոլեր:

Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ,

Իսկ հայեացքը՝ քէլէ՜ր-ցոլէ՜ր...

Ամէնքն՝ իրար մօտիկ-մօտիկ,

Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ:

Թե զարնէին սրտին դանակ՝

Մի պուտ արիւն դրւրս չէր հոսի:

Ո՞նց չմնայ նա մեկուսի,

Ո՞նց խառնւի, ասի-խօսի,

Թէ... հայերէն վատ է խօսում:

Բայց նա, մեկ էլ Աստւած գիտի,

Թե ինքն ինչպէ՜ս, ոնց է ուզում

Ուսո՜ւմ, ուսո՜ւմ:

Սակայն նրան

Ո՞վ կընդունի, այն էլ... որտե՜ղ –

Մի հոգևոր ուսումնարան,

Որի սանը մի օր պիտի

Հագնի սքեմ վարդապետի:

Իսկ նա....

Եւ նա վաղը պիտի

Երգի ի լուր և ի վճիռ

Համայն Հայոց Հայրապետի...

ՂՕՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ

Ու նա սկսեց... թուրքերէն երգել:

Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր,

Վայրկեաններ յետոյ ինքն իրեն գտաւ,

Հունի մեջ մտաւ

Ու գնա՜ց-գնա՜ց:

Կաթողիկոսը մթագնեց մնաց:

Մինչ յանկարծահաս զայրոյթի ծնած

Կրակը վառւեց ծեր աչքերի մէջ՝

Հէնց նոր սկսւող ժպիտը հանգաւ:

Առաջի՛ն անգամ,

Առաջի՜ն անգամ

Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մէջ,

Սրբապղծօրէն թուրք երգ է մխում...

Ա՛ստ՝ հայոց հօտի այս սուրբ փարախում,

Հովւապետն ինքը ականջ է կախում

Ինչ-որ մի մանկան անօրէն երգի...

Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝

«Հայր մեր», «Միայն սուրբ»,

«Արեգակն արդար»,

«Ով զարմանսլի»

Կամ «խորհուրդ խորին»,

Ուր զրաբարն է հնչել դարէդար

Եւ շարականն է յուզել բոլորին, -

Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մէջ,

Առաջի՛ն անգամ,

Առաջի՜ն անգամ

Սրբապղծութեան մանանեխ ընկաւ...

Բայց Վեհափառը իր վեհ դերի մէջ՝

Ինչպես վայել է՝ անայլայլ մնաց:

Իսկ մանկան երգը... թա՛փ առաւ գնաց:

Գնա՛ց-բարցրացա՜ւ,

Ընկա՜վ-ցածրացա՛ւ,

Քարէքար ընկաւ, պատէպատ խփւեց,

Եւ յետոյ՝ կրկին պոկւե՛ց ու գնա՜ց,

Մի վայրկեան օդում կախ ընկաւ մնաց,

Մի անտես թելով կարծես թէ կապւեց

Եւ, մի պահ յետոյ յանկարծ ցած թափւեց,

Թափւեց՝ նշենու ծաղկաթերթի պէս,

Հին վանքի ծեփի ճաքած շերտի պէս...

Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը... զուլա՛լ.

Այդպէս լեռնային վտակն է կարող

Քարերի վրայ ծիծաղել ու լալ:

Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձայ՜նը... գերո՛ղ.

Մերթ բողոքում է ու գանգատ անում,

Մերթ՝ դառնում այնպէս վսեմ ու բարի,

կարծես հինաւուրց այս Մայր Տաճարի

Երկինք խոյացած զանգակատնում

կախել են մի նո՛ր-անլեզւա՜կ մի զանգ՝

Մի համակ յուզանք...

Թւաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում,

Թւաց՝ երկինքն է կապոյտ ծիծաղում,

Թւաց՝ թէ շոգը յանկարծ կոտրւեց,

Թւաց՝ թէ մի հին երդում կատարւեց...

Կաթողիկոսը մի պահ մոռացաւ,

Թէ ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում,

Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում, –

Եւ այդքանի մէջ,

Ասես քնի մէջ,

Նա դանդաղ ժպտաց

Աչքերով իր թաց:

Յետոյ ժպիտը սկսեց հալւել

Ու հետզհետէ անհետ վերացաւ,

Մինչդեռ աչքերի թացն աւելացաւ

Թացն աւելացա՛վ ու աւելացա՜ւ...

Փղծկացող Վեհը հազիւ բարբառեց.

- Որդեա՜կ իմ, ո՜րբ իմ...

Ու ձայնը մարեց:

ՂՕՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹԵԱՆ

Եւ վարանումից, վԷճերից յետոյ

Իբրև եզակի մի բացառութիւն.

Կանոնագրքի մի զանցառութիւն,

Անյայտ օրէնքի չգրւած կէտով՝

Լոկ ձայնի՛ համար

Համարւեց նա սան:

Այդ կիզիչ ամառ

Նոր բօթեր հասան:

Սուլթան Համիդը, ի փառս ալլահի,

Ի նշան ահի

Ամէն մի հայի

Եւ ի գիտութիւն

Իր երկար քթով ամէն տեղ մտնող

Այդ Եւրոպայի, –

Սուլթան Համիդը տարաւ ու բերեց

Եւ

Ապտակի տեղ,

Ապտակի նման –

Շրը՛խկ՝

«Հայաստան» բառը արգելեց,

Լեզւից, քարտէզից, գրքերից, քերեց.

- Ջնջում եմ, չկա՛յ,

Ալլա՛հը վկայ:

Եւ չի՛ էլ եղել,

Եւ չի՛ լինելու.

Քանդողը ես եմ,

Ո՞վ է շինելու...

Իսկապես. քանդածն ո՞վ պիտի շիներ,

Թէ Ալեքսանդըր ցարն էլ իր հերթին՝

Սուրբ խաչելութեան նշանը սրտին,

Քրիստոնէական ժպիտը շրթին՝

Իր «ամենագութ» ձեռքով ցարական

Հայոց պատմութիւնն, իբրև առարկայ,

Արգելեց բոլոր հայ դպրոցներում.

- Չկայ՛, չի՜ եղել...

Սուլթանն ու արքան

Ձեռք-ձեռքի տւին

Միևնոյն թւին...

Իսկ ճեմարանո՛ւմ...

Թուրքախօս սանի կարօտ բերանում,

Անուշ մրգի պէս, բայց չհալւելով,

Ինչ բառեր էին հիմա քաղցրանում,

Անյատութիւնից յանկարծ բարձրանում

Քաջն Հայկ, Արամ,

Տիգրան Մեծ, Արա,

Մաշտոց, Եղիշէ, –

Ո՞ր մեկին յիշել...

Եւ չժանգոտած հին բանալիքը մերոպեան տառի,

Նախ՝ դժւարութեամբ,

Բայց հետզհետէ մի լուրջ բարութեամբ,

Ուրախ զնգոցով անվերջ պտըտւեց կողպէքում բառի

Ու բացեց դռներ՝

Սխրագործութեան,

Դարպասներ բացեց՝

Ահեղ փորձութեան,

Եւ զարմանալի՛, անհաւատալի՛, ճշմարի՛տ դէպքեր՝

Մահադարձութեա՜ն...

Իր այդ բանալուն յաւէտ պարտական՝

Ընկել էր տղան մի կախարդական,

Մի հեքիաթային վիթխարի դղեակ,

Որին մինչև այդ ինքն էր անտեղեակ:

Ե՛ւ սերտարանում, և՛ իր պաղ խցում՝

Աղոտ լոյսի տակ իր նաւթաւառի,

Մինչևիսկ եթէ ականջն էր խցում՝

Փանդիռն էր հնչում Գողթան գաւառի

Մարտ ու սէր երգող ձայնեղ գուսանաց.

Ե՛ւ խրախճանքը հին Վարդավառի,

Ե՛ւ մեհեաններում մորթւող տաւարի

Բառաչը խռպոտ, բոռոցը յորդուն

Տարաձայնում էր արդէն կուսանաց

Քրիստոսասէր թախծոտ մեղեդուն.

Յետոյ խուժում էր, մեղեդուն խեղդում

Վայրի աղմուկը վայրի քուշանաց,

Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց

Ու քաղաքակիրթ -

Նոյնքան բիրտ -

Յունաց...

Թէ՛ խժաձայն սոյլ հռովմէական մարտափողերի,

Թէ՛ բութ խռխռոց պարսից ահաւոր մարտափղերի.

Թէ՛ սելջուկական սրերի շառաչ,

Թէ՛ կտրիճների մահազդու հառաչ,

Թէ՛ մոնղոլական աղեղից պոկւած երկաթէ նետեր՝

Ասես թշնամու հեռաւոր մատեր,

Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ.

Թէ՛ վահանների ծնծղան անծիծաղ,

Թէ՛ շեփորումը զօրապետերի,

Խօլ ելևէջը արեան գետերի,

Հրդեհի ձեռքում հողմերն անսահման,

Արձագանքում են նրա ականջում,

Եւ ինքնամոռաց՝ «Մարէ՛ ջան, ամա՜ն», –

Տեղից ցատկելով ակամայ կանչում,

Ճչում է ձայնով փոքրիկ գազանի

Եւ արթնացընում մի քնած սանի,

Որ վեր է թռչում, նոյնպէս վախեցած,

Աչքերն է ճմլում, մազերն է խառնում,

Վերակացուի անւամբ սպառնում

Եւ, մինչևանգամ իր տւած հարցի

Պատասխանի դէմ ականջը խցած՝

Հակում է նորից իր գլուխը ցած՝

Մագնիսի նման ձգող չոր բարձին...

ՂՕՂԱՆՋ ՀՍԿՄԱՆ

Ամիսներն են դանդաղ հոսում, –

Ու կարդում է նա Մանրուսում:

Թո՛ղ օրերը տրւեն վազքի, –

Նա զննում է մեռեալ Խազգիրք:

...Գանձե՜ր, գանձե՜ր՝ փականքի տակ,

Իսկ գանձերի տէրն՝ անգիտակ:

Անբանալի-գոց գանձարան...

Կեանքդ լինի թող տանջարան.

Թէկուզ մեռնես, բայց ման արի,

Փնտրիր, գտիր այդ բանալին:

Եւ աչքերն է ցաւով թարթում:

- Տարիները թող որ վազեն:

Աչքերի դէմ, քուն թէ արթուն,

Չվերծանւած խազե՜ր, խազե՜ր.

Մեղեդիներ ու սաղմոսներ՝

Ոչ թէ մինչև վանքի գմբէթ

Սուրբ խորանից երկարացած,

Այլ բրածոյ և քարացած.

Աստւածային վսեմ «Տաղ»-եր,

Որ ծալքերում մագաղաթի

Ժամանակն է փոշով թաղել.

Գանձի նման անգին «Գանձ»-եր,

Բայց ի՞նչ օգուտ, երբ չեն կարող

Կիզել անձեր,

Հոգի խանձել.

Արձանացած-անշարժ «Փող»-եր, –

Ինչխպե՞ս շարժել, տեղից փոխել.

Դիակնացած «Քարոզ» ու «Ճառ», –

Ի՞նչպես գտնել յարութեան ճար.

«Եղիցի»-ներ, «Աւետիս»-ներ, –

Ա՛խ, թէ նրանց հնչող տեսնէր...

Տարիներն են նորից հոսում,

Իսկ նրա դէմ՝ միշտ Մանրուսում,

Իսկ նրա դԷմ՝ անվերջ Խազգիրք, –

Շո՛ւնչը, հոգի՛ն, տրո՛փն ազգի,

Որ դարձել է խաղ ու նշան,

Մագաղաթի թերթեր խշշան:

Կարծես թէ մարդ յանկարծակի

Ընկել է լուռ մի շիրմատուն,

Ու լեզւազուրկ շիրմաքարե՛ր,

Նախանձով են նայում մարդուն:

Շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր,

Եւ մամուռի ու փոշու տակ՝ շիրմագըրե՛ր,

Եւ ի՛նչ խօսուն շիրմագըրեր. –

Արծիւ , Աղաւնեկ , Բազէ , Վարուժնակ ,

Տանուտրակ , Ծիծեռն ու Տիրոցի ձագ.,

Իւրաքանչիւրը ինչպէ՞ս է ճախրել ,

Եւ ո՞ւր է իջել, ինչպիսի՞ թևով...

Աղաչանք ,Հիւանդ , Տժգոյն ու Լալկան.

Իւրաքանյիւրը ինչպէ՞ս է տխրել,

Ինչպէ՞ս հառաչել, լացել ի՞նչ ձևով...

Դարբին ու Երկաթ , –

Ինչպէ՞ս էր զնգում,

Ինչպիսի՞ սալի,

Ինչպէ՞ս էր մարդու հոգին պար ածում...

Հովիւ ու Ոչխար., –

Ո՞նց էր շնկշընկում,

Ի՞նչ քար ու սարի,

Ի՞նչ շշուկով էր հօտը արածում...

Եւ նա վիրաւոր աչքերն է թարթում:

- Թո՛ղ ժամանակը անշտապ վազէր:

Իսկ աչքերի դեմ՝ քնած թէ արթուն՝

Նորի՛ց բերանփակ խազեր ու խազեր:

Խազեր Ձայնուժի.

Աստւած չի՛ յուշի...

Խազեր Բանալի.

Ի՛նքըդ ման արի...

Խազեր Կոչական ու Կէտադըրող.

Մի՛ յուսահատւիր,

կարո՛ղ ես, կարո՛ղ...

Խազեր Կիսանիշ և Ամանակի.

Կարիք ես զգում

Լոկ... ժամանակի՛...

ՂՕՂԱՆՁ ՄԵՂՍԱԿԱՆ

Իսկ ժամանակը իրենն էր անում:

Ամիսներն ամսին՝ անցնում են տարիք,

Եւ զգում է նա... այդ ինչի՞ կարիք...

Դեղնած գրքերի փոշին բերանում՝

Նա դուռն է բանում իր խոնաւ խցի

Ու դուրս է գալիս՝ փոքր-ինչ օդ ծծի:

Կանաչ բնառւից անվայել թռնում

Եւ այգիների ճամփան է բռնում:

Ճամփան տանում է դԷպի Արարատ,

Դեպի Մայր Արաքս՝ ճոխ դաշտի միջով:

Գարուն է գալիս:

Օդը՝ անարատ,

Բոյրով ու թոյրով, լոյսով է առատ

Ու նրա ջահել սրտի պէս ՝ ճիչով:

Գարուն է գալիս:

Ձներն են լալիս:

Որ առու-առու՝

Կրքից պղտորւած,

Իրար գիրկ վազեն:

Բացւող գարնան հետ վերադառնալիս՝

Զոյգեր են կազմում տատրակը, բազեն:

Ծառեր ու խոտեր ծաղիկ են տալիս,

Որ բնազդական-բուսական սիրով

Իրար փոշոտեն:

Որսի դուրս գալիս՝

Քիչ է մնում թէ գազաններն անգամ

Իրար յօշոտեն:

Իսկ սի՛րտը, սի՜րտը...

Իսկ սիրտը մարդու,

Սիրոյ հովերից այլևըս արթուն,

Գարնան գետի պէս մերթ՝ վարար յորդում,

Մերթ անձրևի պԷս լալիս է-լալի՜ս,

Ուզում է մէկին ասել,

«Ցանկալի՜ս»,

Ուզում է մէկին խեղդւելով ասել.

«Իմ երա՜զ ու սէ՛ր,

Դու ե՞րբ ես գալու»...

Գարուն է, գարուն:

Դաղձի բուրմունքից հարբել է առուն

Եւ ափերին է մի գլուխ զարկւում ութաձև քայլով,

Ինչպէս գինովն է Խփւում պատերին:

Նայողի աչքը խտուտ են ածում գոյնով ու փայլով

Խլվլան փնջեր կարմիր պուտերի,

Կապոյտ անմոռուկ ու խորոտ-մորոտ:

Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ՝

Բարեգութ դահճի ձեռքով գլխատւած շարքն է թթերի,

Որ արդէն խուրձ-խուրձ շիվեր են տվել՝

Մէկի տեղ քսան ու դեռ աւելի,

Եւ հեռւից հիմա

Նման են արդեօք... մի փայտէ պոչով մեծ ցախաւելի՞,

Որ բիլ երկնքից պիտի որ ա՜յ ա՜յ-ամենավերջին

Ամպերը ջնջի,

Թե՞ կոթի վրա տնկւած վրձինի,

Որ բիլ երկինքը ուր որ է պիտի կանաչ դարձընի...

Նա ինքնամոռաց գնում է առաջ:

Հրաւիրականչ շեփորի նման՝

Հնչում է ցուլի կարօտի բառաչ...

Եւ ջրից թափուր սափորի նման՝

Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի:

Այգիների մեջ թաղւած Տաճարի

Գմբէթն է միայն հեռւից երևում

Ծաղկած ծառերի գլխավերևում՝

Անյայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բոյնի նման:

Մի վաղուց ջարդւած կաւէ հին աման,

Նա՛ էլ չի փրկւել գարնան վարակից.

Նրա շուրջ բոլոր

Մամուռն է քաշել կանաչ պարագիծ:

Վիրաւոր սնձի բացւած երակից

Տաք արեան տեղակ պաղ կաթ է ծորում:

Դեղձենիների անբոց կրակից

Կայծեր են թռչում դիմացի ձորում:

Իսկ մամռակալած վիրաւոր գուռին

Մի հին փճակւած-բնաքանդ ուռի

Ծեր մուրացկանի ձեռքերի նման

Իր կոշտուկապատ ճիւղերն է մեկնել

Ու սրթսրթում է կարծես թէ քաղցից...

Եւ դաշտն են ելել հարս ու աղջիկներ,

Որը՝ սիբեխի, իսկ որը՝ դաղձի:

Մերթ հեռանում են

Ու մերթ՝ կուտակւում,

Մէկ կռանում են

Ու մէկ՝ շիտակւում,

Մերթ՝ ուրախ ճիչով, ասես կարօտով՝

Իրար են պարզում լխտիկ թևերը,

Ցուցադըրում են, կարծես թէ դիտմամբ,

փակ մարմինների բոլոր ձևերը,

Որ... աբեղայի սիրտը խռովեն,

Որ... աբեղային անհուր խորովեն,

Որ... աստւած ու նա կռւեն-խռովեն...

Եւ մի անօրէ՛ն,

Մի անվանելի՛,

Անանւանելի՜ ինչ-որ զգացում

Կպչում է նրա սրտին ու անձին՝

Կաթի պէս սնձի:

նա շրթունքներն է ակամայ կրծում,

Որ ցաւը օգնի:

Իզուր է կարծում,

Թէ ամենազօր գարնան դաւերին

Կյազթի ուժովն ինչ-որ ցաւերի:

Եւ, ճարահատեալ, աչքերն է գոցում,

Որ սատանեկան տեսիլքն աւերի,

Բայց մթութիւնը... սա էլ իր սևով

Նրանց վառվռուն ձևերն ընդգծում,

Մաքրագըրում է, շեշտում աւելի:

Խաչակնքել է ուզում աբեղան

Բայց նրա աջը շարժւել չի ուզում,

Ոզում է կանչել մի բերան «մեղայ»,

Բայց... կապ է ընկնում և խօսնակ լեզուն:

Եւ բնազդաբար, նա սիրտն է բռնում սև սքեմի տակ,

Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք,

Որ չտրոփի այդպես խենթօրէն,

Որ չտրոփի և... չտրաքի՝

Պղպջող գինու ափէափ լեցուն սափորի նման:

Մինչդեռ անվտանգ խուցի դարակին

Ննջում են տաղեր՝ կարօտ յօրինման,

Մինչդեռ անփորձանք խուցի դարակին

Կարօտով նրա ճամփան են պահում

Անլեզու խազեր:

Նա ետ է դառնում, ուզում է վազել,

Գնալ ու նորից վերծանել յամառ,

Որ ցաւն աչքերի թերևս մի օր

Փոխարկի մի նոր

Ցնծուն հանդէսի՝

Իր, ուրիշների... ականջի համար:

Նա ետ է դառնում իր ճամփի կէսից,

Որ գնայ կրկին աչքի լոյս մաշի

Եւ մի կերպ պրծնի իր սրտին կպած

Այդ կաթից սնձի,

Սոսնձից,

Խեժից, –

Եւ այդ վայրկեանին յանկարծ՝

Սոնա՜ եար,

Սոնա՜ եար, –

Թնդում,

Ու երգը խնդուն

Ընկնում է ետքից ու հետապնդում,

Կախվում է նրա փիլոնի փէշից,

Թառում է նրա փակւած կոպերին,

Հալչում է նրա այրւող ափերին,

Ոտքերի առաջ թաւալ է տալիս՝

Ճամփան է փակում և յիշեցնում,

Թե Վարդավառն է վերստին գալիս.

Սոնա՜ եար,

Սոնա՜ ...

Ցնծութեամբ օծված ծաղիկ է ծնում,

Ծաղիկնեի պէս դաշտերով ցանում

Ջանգիւլում կանչող հարս-աղջիկներին.

Սոնա՜ եար,

Սոնա՜ ...

Քայլը հնչում է նո՛յն չափով՝

Սոնա՜ ...

Կուրծքը շնչում է նո՛յն չափով՝

Սիրո՜ւն...

... Ու երբ, յոգնատանջ, աքլորականչին

Նա լուռ ննջում է,

Ինչ-որ մի Սոնա

Գալիս է թեքւում նրա ականջին

Ու շշնջում է,

Թե սարալանջին

Պառկած է քոյրը՝ անունը Խումար

Ու երեսն էլ բաց՝ տեսնելու համար:

...Շողերով հինւած իր գորգը թողել,

Առվի արծաթով երեսը ցօղել,

Կանգնել է ճամփին մի շաղոտ Շողեր՝

Բոլոր գլուխը պսակած ծամով,

Աչքերը նման սուրբ աստւածամօր:

- «Իսկ դու՝ անխելքըդ, վախենամ քնես,

Վախենամ քնես, քնով ընկընես՝

Արտերըդ մնան առանց հերկելու,

Ու երբ վեր կենաս,

Վազելով գնաս՝

Հա՛ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս, –

Խումար-իդ առան,

Սոնա-իդ տարան,

Շողեր-դ մնաց առանց գրկելու»...

Մի խառնակ երազ տանջում է նրան մինչև լուսադէմ:

Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթօ թևերը կանթել,

Կանգնել է իրենց կալի պռնկին:

Քամին խլում է նրա մինթանան,

Որ նրա թմփլիկ ծնկները բանայ

Ու ցոյց տա խալը՝ ծալի մեջ ծնկի:

Յետոյ այդ խալը դառնում է յանկարծ մւ պուտ սև՛ թանաք՝

Այն Շարակնոցում Սաղմոսավանքի,

Ու այդ կաթիլից իրար են ձուլւել զարդախազերը...

... Ու մեկ էլ քամին քանդում է հարսի դեղձան մազերը,

Եւ այդ մազերը - լարերի նման -

Ձգվում են մինչև ոտքերը նրա,

Ու շէկլիկ-մէկլիկ, աչքերով ծաւի

Այդ հարսը յանկարծ... դառնում է տաւիղ,

Եւ այդ ոսկելար, և այդ մսեղեն տաւիղի վրայ

Քամին նվագում ու... վերծանում է մեռած խազերը:

Ուզում է որսալ ու ձայնագըրել

(Ա՛յ, հիմա՜ – հիմա՜ լռած խազերի

Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի

Եւ իր մեծ գիւտով աշխարհը սարսի),

Բայց մինչ այդ արդէն նախանձոտ քամին այնպէս է փչում,

Որ կտրատելով լարերը բոլոր՝

Վերև է ցցում.

Հիմա ո՛չ տաւիղ,

Ո՛չ էլ վերծանւող մեռած խազերը:

Հիմա հուրհրան բոցեր են թւում դեղձան մազերը,

Դեղձան մազերը թւում են հուր վառ՝

Բարակ ծխի հետ պարզւած երկնքին:

Եւ հարսը հիմա դառնում է բուրվառ,

Ու շուրջը փռում բուրմունքը խնկի:

Աղջիկը բուրվա՞ռ, – որտե՞ղ է լսւած...

Բայց յանկարծակի քամին դադարում

Եւ, գունդուկծիկ, բարդուն է թառում

(Ի՜նչ անտանելի շոգ է , տե՛ր աստւած)...

Ու դարձեալ նրա մազերը դեղձան,

Որ ծուփ-ծուփ էին՝ ծալեծալ դարձան.

Բուրվառ չէր արդէն,

Այլ կրկին

Մի կին,

Բոցավառ մի հա՞րս,

Թե՞ խարտեաշ աղջիկ,

Եւ տղամարդու հայացքից ազդւած՝

Պտոյտ է գալիս, որ թողնի փախչի

(– Էդ ո՞ւր, անհոգի՛, էդ ո՞ւր, անաստւա՛ծ)...

Մինչ տեսիլքով է աչքը հիանում՝

Սուրացող հարսը մինթանի փէշով

Պտտահողմի պէս սիւն փոշի հանում

Եւ թէպէտ – շո՜գ է – քիչ զով է անում,

Բայց մի սեղան բուռ փոշի է ցանում

Խեղճի աչքերը...

Ու նա քնի մեջ

Ձեռն ակամայից աչքին է տանում,

Որ կսկըծում է ու մրմըռում է:

Աչքերը ձեռքով նա ճմըռում է,

Քնից արթնանում...՛

ՂՕՂԱՆՋ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ

Հետևում է տարին տարուն, միտքը՝ մտքին,

Հետևում է դեռ նոր գտած ելքը մուտքին:

Ապրում է նա աչքը՝ գրքին,

Ուշքը՝ երգին:

Ե՜րգ և ուսո՜ւմ,

Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՛ւմ...

Մինչ օրերն են համըր հոսում՝

Մտքի հետ է միտքը խօսում.

- Խազե՜ր, խազե՜ր, - թող փորձ անի,

Գուցէ՝ մի օր և վերծանի,

Ու ժողովուրդն ապերջանիկ

Նախանձելի բախտ ստանայ,

Աղքատացած մի ընտանիք

Ծով գանձերով հարստանայ:

Բայց խազն է խազ ու գիրքը՝ գիրք:

Իսկ գրքից զատ կայ կեանք և գիրկ,

Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ՝

Կենսաթրթիռ, լուսաթաթախ,

Որ ապրում են, շնչում-հնչում

Մարդկանց շրթին, իր ականջում.

Որ կենդանի մարդն է հիւսում

Ու կենդանի մարդին յուզում.

Որ հոսել են ու տեղ հասել

Ու չեն դարձել դեռ Մանրուսում,

Ու չեն դարձել մեռած խազեր...

Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն:

Այսօր թէ կան՝

Վաղը չկան.

Շուրջն ամէն տեղ

Երգւում են դեռ,

Բայց երգւելուց թէ դադրեցին,

Խազերի պէս, մէկ էլ տեսար,

Համրացան ու քար կտրեցին:

Որտեղի՞ց են դրանք գալիս,

Եւ ի՞նչ ճամփով ո՞ւր են գնում,

Ի՞նչն է անցնող փրփուր տալիս,

Եւ ջրի պէս ի՞նչն է մնում:

Ի՞նչն է այնտեղ ոգևորիչ,

ինչո՞վ է խորթ և հարազատ,

Ինչո՞վ մօտիկ, ինչո՞վ է զատ

Աշխարհիկը հոգևորից:

ի՞նչն է պայծառ, ի՞նչը՝ մթար,

Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար,

Ի՞նչն է եղծւած կամ անվթար,

ի՞նչն է կոպիտ կամ նազելի...

Իսկ թէ յանկարծ այդտեղ գտար

Բանալիքը մունջ խազերի՞...

ՂՕՂԱՆՋ ՕԾՄԱՆ

Եւ որտեղ երգն էր՝

Այնտեղ էլ նա էր...

...Ուրա՞խ է կեանքը,

Տխո՞ւր, դաժա՞ն է.

Միշտ ժողովրդից երգն անբաժան է.

Նա միշտ երգով է բանում ու դատում

Սիրում ու ատում,

Վիշտը փարատում.

Երգով է ուրախ,

Երգով է տխուր,

Երգով է վառւում, երգով է մխում.

Երգով է նա միշտ վարում ու հերկում,

Մանում ու ներկում,

Երեխայ գրկում,

Երգով քաղում է,

Աղում-մաղում է.

Երգով է կնունք, հարսանիք անում, –

Երգով է օրը բացւում-տաքանում,

Երգով է նորից օրն իրիկնանոմ...

Իսկ նա՞...

Այդ ե՞րբ էր,

Այդ ե՞րբ էր,

Ե՞րբ էր.

Տասներկուամեայ թշւառ մի որբ էր,

Երբ ձեռքից բռնած ճեմարան բերին,

Եւ որբուկ Սողոն Սողոմոն դարձաւ:

Ու չար թէ բարի այդ ճանապարհին

Ե՛ւըս տասներկու բոլորակ տարի

Ճեմարանի մէջ եկաւ ու անցաւ,

Ու Սողոմոնը... Կոմիտաս դարձաւ՝

Ի խոր յարգանըս

Այն հոգեզւարթ կաթողիկոսի,

Որ տասներկու դար դրանից առաջ

Ապագայ հունձի հունդերը ցրած՝

Ծիրը բաց արեց

Հայոց մեղեդու անթաղ ակօսի:

Նա բանաստեղծ էր

Ու երգաստեղծ էր.

Նա ունէր վառ ձայն

Ու նւագման ձիրք.

Եւ իր անվան հետ թողեց մի արձան՝

Խօսուն,

Բայց անձայն՝

«Նւիրեալք անձինք»:

Ձգւել էր դարը, ու երկարաձիգ

Դարի ետևից նորն էր սողացել.

Եւ հայ մեղեդին

Դար-դարի վրայ

Կրակի նման վառ փողփողացել,

Տարուբերւել էր ծփան գետի պէս,

Շեշտւել նետի պէս,

Մխւել սրտերում

Ու դողդողացել:

Աշխարհասըփիւռ հայոց թեմերին

Պատարագատու բոլոր բեմերին

Քանիսնե՜րն էին մի պահ շողացել,

Քանիսներն էին...

Եւ սակայն ոչ ոք

Հայոց հինաւուրց կաթողիկոսի անունը երբեք

Ո՛չ ստացել էր որպես թանկ ընծայ,

Ո՛չ էլ գողացել:

Եւ հիմա - յանկա՛րծ - հայոց նորընծայ

Երկրո՛րդ Կոմիտաս.

Որ Հայրապետի

Անւանը պիտի

Ամենայն ինչում

Տա նո՛ր մի հնչում,

Սուրբ յիշատակը մշտավառ պահի:

Ո՞ւմ մտքով կանցներ այդ վսեմ պահին,

Թէ այդ նորընծայ-նոր Կոմիտասը

Պիտի մոռանայ իր պարտաւորիչ

Անխօս ստացած պատւիրան դասը՝

Պիտի նա մի օր երախտաւորից

Իւրովի դառնայ մի չար ապերախտ՝

Պիտի կողոպտի մի թափուր դրախտ.

Հոգևոր պապի՝

Իր անւանատուր

Կաթողիկոսի անունն ստւերի,

Հակառակ անխօս տրւած պատւէրի՝

Եւ յիշատակը մոռացութեան տայ,

Իր շենշող կեանքի կարմիր բոցերով

Մատիտի նման թաւ ընդգծելով

Իր մեծ նախորդի մեռածութեան տակ...

Edited by hravart
Link to post
Share on other sites

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

(Դասական Ուղղագրութեամբ)

II. ԱՐԵՒԱԳԱԼԻ ՀԱՄԱԶԱՆԳ

ՂՕՂԱՆՋ ԱՄԱՌՆՕՐԵԱՅ

Եւ որտեղ երգը՝ այնտեղ էր հիմա և Կոմիտասը:

Նա՛, որ դեռ երեկ, իբրև մի ձայնեղ երգիչ-տիրացու,

Երգչախմբի մէջ մեներգ էր միայն վսեմ տարածում

Ու լսարանում հեզ պատասխանում սերտումի դասը, –

Հիմա դարձել էր խմբավար վանքի,

Դարձել էր հիմա երգի դասատու:

Թեթևանում էր երբ աշխտանքից,

Ծառայութիւնից օձիքն ազատում,

Հեռանում էր նա խուցից ու վանքից,

Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում:

Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ,

Ամենո՛ւր ու միշտ,

Ուր հայն էր շնչում:

...Ինչպէս աղջիկն է յանկարծ հարսնանում՝

Գարունն էլ այդպէս դառնում է ամառ.

Համբարցման տօնը պաղ հովն է տանում

Ու տեղ է բանում,

Որ գայ Վարդավառ:

Քանի չեն թոշնել կաթնառատ խոտեր,

Կանաչ ու ծաղիկ,

Գերանդիներն են սրւում-բթանում,

Եւ ծլարձակման յաղթ օրէնքի դէմ

Կարճ յաղթանակ է վերստին տանում

Ոգին խոտքաղի:

Բայց քիչ առաջւայ մարտում կատաղի

Իւրաքանչիւրը մի անգութ մարտիկ՝

Հիմա տմարդի

Նոյն տղամարդիկ

Ասես գթութեան եղբայր են դառնում՝

Իրենց աւշաքամ զոհերին առնում

Իրենց իսկ ուսին, իրենց շալակին.

Խնամքով դարսում սայլ-պատգարակին,

Ջորուն են բառնում

Կամ աւանակին, –

Եւ մեռած խոտեր, ծաղկունք մահացող

Գերեզմանի տեղ մարագ են գալիս,

Որ այնտեղ դառնան բոյրի պահածոյ:

Շոգը, որ մինչ այդ հիւր էր ցանկալի,

Աներեսօրէն դառնում է տանտէր

Ու խռովեցնում կնկան ու մարդուն:

Անբոց վառւում են արոտ ու հանդեր,

Արծաթ է հալում վաղահաս գարին,

Այնինչ հաճարի,

Ցորենի արտում

Հասկերը հասուն,

Հասկերը հոսուն,

Իւրաքանչիւրը մի հրէ լեզու,

Ձգւում են վերև, կարծես թէ ուզում

Մօտիկ երկնքի կապուտակ ծովից

Զովութիւն ըմպել,

(Ինչպէ՜ս չէ՝ կըմպես),

Չեն ըմպում սակայն, այլ միայն լիզում

Եւ անմիջապէս քաշում են լեզուն,

Երբ հասկանում են բուսական խելքով,

Որ մինչև անգամ երկինքը ծաւի

Նո՛յնպէս կապտել է անյագ ծարաւից...

Ամառվայ արփին այնպէս է կիզում,

Որ արևի տակ,

Թէկուզ անկրակ,

Եթէ ուզում ես՝ «իշխան» տապակիր.

Անշարժանում են լճեր ու լճակ,

Դառնում են կարծես կապոյտ ապակի,

Մինչդեռ նրանց տեղ օդն է ծփծփում ալիքով հրէ,

Եւ օդի հետ էլ երգն է ալիքւում.

- Հո՛վ արէք, սարեր...

Սարերը սակայն

Հովը պահում են հօտերի համար և սարւորների,

Որ գիւղը թողած՝ սար են բարձրանում:

Ու երգն էլ հիմա

Աղօթքի նման,

Երկինք է թռչում.

Ամպերին կառչում.

- Մի քիչ զո՛վ արէք. . .

Ամպերը սակայն ինչպե՞ս զով անեն

Եւ ինչպե՞ս անձրև թափեն, ծով անեն,

Եթէ բովանդակ երկնակամարին

Դեղի համար էլ ամպիկ չես ճարի:

Եւ աշխատանքի ոգին է կրկին

Խելահեղօրէն տիրում ամենքին:

Գւղացիները, տղամարդ թէ կին,

Հաւ-աքլորի պէս զարթնում են հիմա

Գիշերը դեռ կէս և ոչ թէ ծէգին

Եւ, աքլորների-հաւերի նման,

Իրիկնանալիս՝ դեռ հացը բերնում՝

Չե՛ն թառում - օ չէ՜ - յոգնած ու դադրած

Ոչ թէ քնում են, այլ կարծես մեռնում,

Իրենց խշխշան անկողիններին

Քրիստոսի պէս

Խաչւում են այնպես,

Որ կրկին շուտով

Յարութիւն առնեն

Եւ կիսամութով

Վերստին բռնեն

Նոյն աշխատանքի

Վառվռուն պոչը

Ու նորից խառնեն

Հրդեհին ծէգի

Իրենց աչքերի հրավառ բոցը,

Եւ որ քրտինքի շիթը ծորացող

Անվերջ շտկւող-անվերջ կորացող

Իրենց թիկունքին վազի մանեման՝

Ճամփան կորցըրած մրջիւնի նման...

Եւ աշխատում են մրցման մեջ մտած,

Աչքերը յոյսից ու երազից թաց,

Ու հետն էլ երգում.

- ...Զո՜վ արէք մի քիչ...

Հովից են երգում,

Զովից են երգում,

Որ շուտ չդադրեն տաքից ու շոգից:

Իսկ շո՛գը, տա՜քը,

Իսկ տո՛թը, տա՜պը...

Թո՛ղ որ շները՝

Բները մտած,

Շոգից շնչասպառ՝ լեզուն դուրս գցեն,

Իրենց կաս-կարմիր բոցաձև լեզուն.

Կարծես սխալմամբ կրակ են կրծել

Եւ հիմա, իզո՜ւր,

Ործկալ են ուզում...

Շոգի սիրահար դդումներ ցմփոր

Թո՛ղ որ թխսի պէս նորից ետ տանեն

Փարթամ թևերը իրենց թաղերի

Եւ ճտերն իրենց ետևը գցած՝

Ցանկապատն ի վեր արևկող անեն,

Թառեն էյվանի փայտէ ճաղերին...

Ուրիշի աչքին խիստ ծիծաղելի

Արևածաղկի մի պուճուր գնդիկ,

Կապելով հսկայ մեր երկրագնդին՝

Երկրագնդի պէս ծանրօրէն ու լուրջ

Թո՜ղ որ պտտւի ինչպէս արևի,

Այնպես էլ նաև իր առանցքի շուրջ՝

Անշարժ պահելով ծաղկատերևի

Դիրքը նախնական...

Թո՛ղ որ շոգն իրօք չարամտօրէն

Մարդկանց խեխդելու մահափորձ անի,

Եւ շուք ու շւաք տան վկայութիւն, –

Միևնոյնը չէ՞ գիւղացու համար,

Թէ նա մեռնի էլ՝ պիտի գործ անի,

Քանի որ ամա՛ռ, ամա՛ռ է, ամա՜ռ...

Խեղճ այրի կնոջ անծեփ-անսւաղ տանիքի նման՝

Այգիների մեջ հասած պտուղն է անվերջ կաթկթում.

Պիտի հաւաքել-փռել տանիքին

Շէկ ծիրանները՝

Մանրակոտորակ արևների պէս ,

Սև սալորները՝

Եզան աչքերի միամիտ փայլով,

Եւ կորիզահան դեղին դեղձերը՝

Անանուն ծաղկի փերթերի նման...

Սայլը բեռնաբարձ՝

Ծանր խրձերից խղճուկ ճռռալով՝

Անիւի կունդից իր մաշված սռնու

Քիթն է մերթ հանում

Ու մերթ՝ ետ տանում,

Աղուրի փոշում, լորձունքի նման, մազութ ծորալով:

Իսկ ջառջառների սեպերը երկաթ,

Քար ատամները գիշատիչ կամի

(Ծամի հա՛ ծամի)

Հաշանն են ծանում, հաշանը ոսկէ,

Որ չուզենալով դարմանը խառնել

Սրսուռ ցորենի արևահամին,

Մի բան է տենչում՝

Էրանի քամի.

- Սարե՜ր ջան սարե՛ր,

Մի քիչ հո՛վ արէք...

Իսկ քամին

Կարծես մարդու գնացած աղջիկ է դարձել

Քանի ամիս է՝ հէրանց չի գալիս,

Իսկ եթէ եկաւ՝ չի ուզի գնալ.

- Օտար դո՞ւռն ընկնեմ,

Լաւ է ջո՜ւրն ընկնեմ...

Մղեղն է թառում պատահած տեղում և ամէն ինչի,

Մինչև իսկ վանքում կիսաբաց ննջող Աստւածաշնչին.

- Մեղա՜ քեզ...

Աստւած բարին կատարի:

Իսկ բարին՝

Թառած դէզի կատարին,

(Պարզ խրտւիլակի ծիծաղկոտ տեսքով)

Ծտի պարսերն է շեղջերից քշում.

Իսկ բարին՝

Մաղւած ցորեն-գարու հետ

Փայտէ ամբարի դռնով է խշշում:

Մեծ կարասները

Ծոյլ յօրանջում են դատարկ մառանում,

Բայց վնաս չունի՛,

Խաղողի վազն է կրկին մայրանում.

Ճութը, ծոցի պէս , ուռչում է հիւթից

Եւ օգոստոսեան եռացած օդից

Ու խեղդող տօթից

Շնչահատ արդէն,

Մի պահ զրկւելով աբուռ-ամօթից,

Անզգուշօրէն կոճակն է բացում զմրուխտ թփերի. –

Հէրն էլ անիծած.

- Ի՞նչ անեմ, Մարէ՛,

Արևն ինձ կերէ՜...

ՂՕՂԱՆՋ ԱՇՆԱՆԱՇՈՒՆՉ

Բայց ահա

Նաև շոգն է կոտրւում՝ գոռոզութեան պէս,

Եւ տեղը զիջում իր գինն իմացող համեստութեանը:

Կապող անձրևի միջամտությեամբ

Երկիր ու երկին

Գրկւում են կրկին՝

Վերջ տալով իրենց սուր գժվածութեանը:

Եւ աշունն էլի,

Չարչիների պէս ու բոշաների,

Տեղից-տեղ գնում,

Դռներ է ընկնում

Եւ զբաղւում է իր ներկարարի սիրած փեշակով:

Չարչին բարձրականչ կհպարտանայ

Իր յուլունքների հազար տեսակով,

Ասեղ ու շիւղեր, ծամոն կծախի

Պառաւ տատերին, հարսներին շարմաղ:

Բոշան ցորենով զամբիւղ կփոխի

Եւ ինչով ուզես՝ մեծ ու փոքր մաղ:

Մինչդեռ աշո՜ւնը...

Նա բա՛ն չի ծախում,

Օդ ու եղանակ, գոյներ է փոխում:

Մինչդեռ աշո՜ւնը...

Միայն բաշխում է՝

Ցորեն ու գարի,

Խմիչք ու փշատ,

Հազա՜ր մի բարիք

Եւ, ամենից շատ,

Անվարձ ու ձրի

Միայն նախշո՜ւմ է...

Եւ այնպես դանդաղ, որ չես նկատի,

Աւելուկների ծամերը կանաչ

Էյվանի դէմքին ու տան ճակատին

Դեղնում են յանկարծ, դառնում անճանաչ:

Ու քաղցրութիւնից ճաքող սեխերի

Անուշ բուրմունքով

Օծւում են կրկին բոստան-բաղերը,

Իսկ ձմերուկի կերւած ճաղերը –

Լուսնի հաստ-բարակ փուլերի նման –

Հող ու փոշով են ամպոտւում հիմա:

Ընկուզենիներն իրենց սաղարթով

Այնպէս են մէկից դառնում հուրհուրան,

Կարծես թէ լինեն հսկայ ծխամորճ,

Եւ որպես ծխի առկայծող քուլայ՝

Մշուշն է սողում դաշտերի վրայ

Ու պտոյտ տալիս

Ծերուկների պէս պպզած լեռների

Սանըր չտեսած-փոշոտ գլխի շուրջ:

Մինչ դեղձին պարկեշտ ու ծիրանին լուրջ

Իրենց սաղարթն են աշխատում կոճկել լիրբ քամու հանդէպ,

Հաստլիկ ուռենին ու ձիգ կեռասին

Պատրաստ են իսկոյն իրենց լաչակը գլխներից քանդել՝

Մարդաթող հարսի,

Լաչառ կնկայ պէս :

Նորից, իսկապե՛ս,

Աշուն է, աշու՜ն:

Նորից սանդի մէջ ծեծում են կորկոտ,

Չաւար են խաշում,

Տաք հնձաններում ճմլում են խաղող

Ու գինի քաշում:

Նորից արիշտան,

Որ ձողերին են շարէշար փռել,

Թաց՝ օրօրւում է լուռ ու անշշուկ,

Չորացած՝ խշշում

Ու փշուր-փշուր

Թափվում է գետին՝

Խսիր-կարպետին:

Քամին կարծես թէ բան է կորցրել

Եւ որոնելով աւլում է գետինն

Ու տեղից-տեղ է խաշամը քշում:

Եւ տերևների հաստ ծածկոյթի տակ

Առվակ ու վտակ

Հոսում են ոչ թէ խշշոցով ջրի,

Այլ կարծես անվերջ տժտըժում-թշշում՝

Իրենց մէջ ընկած բոց տերևների

Չմարող հրից:

Սերկևիլները սրտի թրթիռով

Վերջինն են լքում անխռով այգին

Ու տեղափոխւում-մտնում են սնդուկ,

Որ հաստակաշի ու կողքապնդուկ,

Զառ խնձորների հարևանութեամբ

Պլըլւեն սիրով ու գորովագին

Կանանց պահուսոի շորերին փոթ-փոթ

Եւ իրենց բոյրը խենթօրէն խառնեն

Նրանց մարմնային բուրմունքին տարփոտ:

Աշուն է, աշո՜ւն:

Լուսաստղը հիմա

Նոյնիսկ ցերեկւայ դռներն է մաշում

Եւ ճառագայթուն ու մեծ է այնքան,

կարծես թէ բացւած հովհար է որ կայ:

Հովհարը սակայն

Ո՞ւմ է հարկաւոր, երբ շոգ չէ արդէն,

Երբ եղանակը այնքան է ցրտել,

Որ նորից ահա տան խոնաւ օդից

Մինչ աղը լալիս՝ լաւաշն է ծաղկում,

Իսկ պաղ եղեամի հալւելուց յետոյ

Կալում մնացած կոյտը ծղօտի

Կպչում է իրար,

Կարծես թէ թաղքում

Մազերի նման շեկլիկ աղջըկայ:

Անցած ձմրանը նշանւածների կոպերի տակով

Անհամբերութեամբ սահում է հիմա երազանքն այրող

Այն հարսանիքի,

Որ պիտի լինէր, բայց դեռ, ա՜խ, չկայ:

Գիշերւայ կէսին ոռնոցն է լսւում

Հօտ ու նախրի հետ սարից գիւղ իջած անկուշտ գայլերի,

Իսկ նոյնքան անկուշտ ջրաղացների անխոնջ չախչըխկան

կոչնակի նման կանչելով անվերջ՝

Ճամփան է պահում աղունով բարձւած սողուն սայլերի:

Եւ ահա՛ –

Կամաց քշէք սելերը...

Եւ ահա՛ -

Աշուն եկաւ սարիցը

Եւ ահա՛,

Այստեղ՛ –

Երկինքն ամպել է...

Եւ ահա՛,

Այնտե՜ղ –

Էս լուսնակ գիշեր...

Եւ ահա՛ –

Այնպէ՜ս՝

Միշտ նա է ներկայ,

Նա՛ ՝

Շինականի յար հաւատարիմ,

Յաւէտ անբաժան

Մեծ օգնականը.

Նա՛ ՝

Շինականի համկալ-ընկերը,

Հոտաղ-մշակը

Ու... երրորդ ձեռքը.

Նա՛ ՝

Ինքը... ե՜րգը:

ՂՕՂԱՆՋ ԱՀԱԳՆԱՑՈՂ

Ե՛րգը...

Կարծես տնից ելած մի պանդուխտ էր բազմաթափառ

Եւ ուզում էր կրկին փարւել հայրենիքին

Հայրենիքն էր... նրա հոգին:

Ե՛րգը...

Կարծես մի թռչուն էր, որ չւելով բնազդաբար,

Ետ էր թևում գիշերն ի լույս և օրն ի բուն:

Եւ նրա շէն ականջն էր... բույն:

Այդ ակա՛նջը...

Ջրւորների,

Սարւորների ուրախ կանչը,

Ձոյլ զանգերի ծոյլ ղօղանջը,

Առվի յիմար բլբըլոցը,

Ճրագների պլպըլոցը,

Հովի հունչը,

Թոնրի շունչը,

Մերժւած սրտի խուլ մրմունջը,

Երազների ու ծաղկունքի փսփսուքը,

Ողբասացի կոծն ու սուգը,

Արտասուքը,

Որ ծնւելով վառ ցաւի մէջ,

Դուրս չի պոռթկում,

Այլ կաթում է սրտի խորքում,

Ինչպէս մթին անձաւի մէջ,

Եւ այդ ահեղ կաթկթոցը

Միչև անգամ քար է ծակում.

Կէսչոր-կէսթաց փայտի նման

Վառւոդ լոյսի ճթճթոցը,

Որ վառ ցրտի դէմ-հանդիման

Ոնց էլ լինի դուռ է փակում.

Չարաճճի քամու առաջ

Տերևների սրսըփումը՝

Աշնան վառած անհուր բոցում.

Նոր մայրացած ստինքների

Մէկմէկի հետ լուռ շփումը՝

Այգու նման բուրող ծոցում.

Ջրի ճամփին աղջիկների քչփչոցը,

Մինուճարի հեռու ճամփող

Մոր խելագար պաչպչոցը,

Տաք հնձանի կպչուն դռան զիլ ճռինչը,

Անգըղ տեսած թուխսի սարսափն ու կռինչը,

Նորածինի ազդարարիչ-հրամայող բարակ ճիչը, –

Ամէ՛ն, ամէ՛ն, ամէ՛ն ինչը

Ալիք տալիս,

Գալի՜ս-գալի՜ս,

Ծովանում էր այդ ականջում,

Հազար ձևով այնտեղ հնչում,

Յետոյ տանջում ու պահանջում՝

Ելնե՜լ-թափվե՜լ սրտերից-սիրտ,

Հոգուց-հոգի,

Յոյզով ցօղել

Ու ողողել

Ամէն ոքի...

Ա՛յն, որ այնպես ցիրուցան էր,

Կամենում էր լինել հաւաք,

Ա՛յն, որ միայն աղմուկ էր դեռ,

Ցանկանում էր դառնալ նւագ.

Ա՛յն, որ հնչիւն, անկապ ձայն էր,

Եղանակ ու երգ էր ուզում, –

Վարարումի ու յորդումի

Ելք էր ուզում:

Իսկ թղթերին՝

Հազար ու մի երգ-եղանակ,

Դարձած նոտա.

Իսկ թղթերին՝

Հազար ու մի խաղիկ-տաղիկ

Հայաշխարհիկ,

Նաև օտար:

Իսկ թղթից դուրս

Որքա՜ն երգեր,

Որ չեն տեսել ձայնագըրող,

Օտար ժանգը գոնէ քերող

Հմուտ ձեռքեր:

Իսկ թղթից դուրս՝

Որքա՜ն-որքա՜ն

Շինականի ձեռքով ցանւած,

Բայց չհնձւած-անտէր բերքեր...

Ա՛յն, ինչ ականջն էր հաւաքել,

Ա՛խ, թէ հիմա իր շրթունքով

կրկնապատկւած ետ տար կրկին,

Սիրով բաշխէր նրանց, ովքեր

Իրենց արեամբ ու քրտինքով

Խմորում են տւել երգին:

Իր հետ մեկտեղ այն ժամանակ

Գիւղացին էլ գուցէ երգէր.

- Հ ով , հով, հո՜վն ընկաւ,

Դարդս ծո՛վն ընկաւ»

ՂՕՂԱՆՋ ԲՆԱՇԽԱՐՀԻԿ

Սակայն դարդը խեղճ ու կրակ գիւղացու

Եթէ անգամ

Ծովն ընկաւ,

Նոյնիսկ ծովն էլ դարդի վրայ գիւղացու

Իր ծովային աղաջրի փոխարէն

Կարծես դիտմամբ իւղ ածում,

Դարդը իւղով է օծում,

Որ... ջրի մէջ չընկղմի

Ու չդառնայ կեր տղմի:

Կարիքների ալիքային մոլի ծա՜փ,

Զրկանքների կոհակացող խաղացո՜ւմ, –

Եւ նոյն դարդը ողջ-առողջ

Շպրտւում է նորից ափ

Ու... կպչում է գիւղացուն,

Ինչպէս շապիկը մէջքին,

Տաք քրտինքից թաց մէջքին,

Եւ ի՜նչ քրտինք.

Հիմա արդէն իսկապէ՛ս որ աղաջուր:

Զուր է գեղջուկն աղաչում

Եւ յոյսի շողն իր աչքի

Նետում երկնի հրաշքին:

ՎԵրում՝

Աստւած ծանրականջ,

Ցածում՝

Աղօթք ու զուր կանչ,

Անտէր՝ պատառ-պատառիկ,

Սարի լանջին կարկատան.

Ծխոտ-մրոտ պատ-առիք,

Բոբիկ ոտներ, հին քաթան.

Եւ հազար ու մի կարիք

Հազար ու մի ծակ ու ծուկ.

Պիտի ուզեն հարսնացու,

Առնեն շոր ու մատանիք,

Պիտի փոխեն ծածկը տան,

Պարտքը մարեն, հարկը տան

Ու կաշառեն ջրպետին:

Նաև պիտի... դեռ պիտի...

Պիտի վարեն ու հերկեն,

Վարեն-հերկեն

Ու երգեն.

– Օրհնեա՜լ է Աստւած.

Յիշեա՜լ է Աստւած. . .

Աքլորը կանչեց գոմի դռանը,

Դեռ նոր է բացւում աղօթարանը.

– Աստւա՜ծ, փառքդ շա՜տ...

Եզնարած տղան թող անուշ քնի,

ութանաւորը վեր կենայ բանի.

– Աստւա՜ծ, փառքդ շա՜տ...

Գութանն է գնում-գութանն է գալիս.

– Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ. . .

Ուրախութիւնից ակերն են լալիս.

– Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ. . .

Մաճկալը՝ մաճին,

Իմ պաչն իր աջին.

– Շուռ տուր, սև՜ արա:

Հոտաղը՝ լծին,

Մատաղ վարոցին.

– Ձէ՛ն տուր, թև՜ արա:

Հօ՛ արա, Շեկօ՜,

Շօ արա, Լաչի՜ն.

– Մէջը կորդ մնաց:

Քշիր հա՜, Նիկօ՛,

Դաղի՛ր սատկածին.

– Գնաց հա՜ գնաց:

Գնաց հա՜ գնաց.

– Ոտըդ լէ՛ն արա, –

Էն էլ ո՜նց գնաց:

Գնաց հա՜ գնաց.

– Տղա՛յ, ձէ՜ն արա, –

Էլ բան չմնաց:

Արտը լեռ քար է,

Առը երկար է.

– Բայց խոփն էլ սուր է:

Քաղցած ենք, ծարաւ,

Ա՛յ հարս, ի՜նչ դառաւ.

– Բա գալըդ ո՞ւր է:

Է-հէ՜յ, հորիվա՛ր, ճիպտի՛ն տուր,

Սևին հօ՛ արա, Կապտի՜ն տուր.

– Կապո՛յտ եզ, չսատկե՜ս հա:

Թէ հօ ես անում՝ լա՛վ արա,

Բերան չես բանում, ա՛վարա.

– Վարել ենք արտի վատ կէսը:

Ծիր տանք հա՜ ծրենք,

Մեր դարդը ցրենք.

– Ես քեզ եմ ասում,

Սրա՛պ ջան,

Հողը սևանայ:

Հացն եկաւ: Բանանք,

Ուտենք կշտանանք,

Որ, քեզ եմ ասում,

Արա՛բ ջան,

Ուսըդ հովանա:

Ձեզ՝ Խոտի լաւը,

Մեզ էլ՝ փլաւը.

– Հորովե՜լ, հօ:

-Դե՛, ելէք լծենք,

Խոփը հող գցենք.

– Հօ՜, հորովե՛լ:

Նո՛ր ակօս բացենք,

խո՛ր ակօս բացենք

Է՛լ առաւել:

Յաջող է տարին.

Նամուսով վարի՝

Մէկին եօթ կտայ:

Խոտի տեղ դու, տե՛ս,

Չոր ճիպոտ կուտես,

Ա՛յ եզ անպիտան:

Գիտե՜մ, ոտմաշ ես,

Ոտերի՛դ մատաղ,

Բա ե՞ս, Ծիրա՛ն ջան,

Իմ սի՜րտն է մաշած:

Քրտընքախաշ ես,

Իմ համե՜ղ հոտաղ,

Բա ե՞ս, Տիրա՛ն ջան,

Իմ սի՜րտն է խաշած:

Ականջ մի՛ դրէք.

Հո՜ արէք.

Դարդներըդ ցրէք.

Շօ՜ արէք:

Դարդը քա՞ր կ'անի...

Աստված ճա՛ր կ'անի.

– Հորովե՜լ:

Աստւած ինչ չանի՝

Մարդը դի՜նջ կ'անի.

– Առաւե՜լ:

Եզո՜, շո՛ւտ արա, ո՜տ արա, ախպէ՜ր,

Դադրած մաճկալը քո ցա՜վը տանի.

– Պրծնենք ու գնանք:

վրան են զարկել սև ու մութ ամպեր,

Ձեռ ու ոտ արէք, ա՛յ, անձրև կ'անի.

– Մոլո՜ր կմնանք:

Ուժ տուր՝ վերջանայ,

Ջանըդ դինջանայ.

– Հօ՜ արա, էյ ե՛զ:

Վարենք ու ցանենք,

Խոփը դուրս հանենք.

– Լինենք պարզերես:

Թող չկտրվի ակի ճռինչը,

Գութանի անուշ ճլվստիկ ձենը.

– Իր ձենի՜ն մատաղ:

Առանց գութանի աշխարքը ի՞նչ է,

Նրա վրայ է աշխարքի շէնը.

– Իր շէնի՜ն մատաղ:

Հօ՜ արա, եզո՛ ջան, հորովե՜լ,

Ծարաւ ես՝ ես էլ եմ ծարաւել,

Դադրած ես՝ ես քեզնից առաւել,

Ինձ էլ է արևը խորովել.

– Հորովե՜լ:

Թե մեզնից Աստւած է խռովել՝

Աստըծուն ձէն կտանք առաւել.

– Օրհնեա՜լ է Աստւած,

Հորովել

Յիշեալ է Աստւած,

Հորովեեեե՜լ...

ՂՕՂԱՆՋ ՑԱՒԻ ԵՒ ԲՈՂՈՔԻ

Մեր խելքն էր մեզնից խռովել.

Մոռացած Կալերգ, Հորովել,

Մոռացած խալիկ, զվարթ տաղ՝

նէյնիմ-ով ու Բէյթ-ով էինք

Շատերս մեր հոգին պարպում.

Թողած մեր գինին անխարդախ՝

Օտարի շէրբէթ-ով էինք

Մեզ խաբում

Եւ ոչ թէ հարբում:

Մենք կայինք,

Մենք Դաւիթ էինք,

Սակայն դեռ մեզ չգիտէինք.

Դեռ պառւի շաղգամի արտում

Քիչն ուտում,

Շատն էինք ջարդում՝

Մանկօրէն ոտքի տակ տալիս:

Եւ մէկը պիտի գար ահա,

Մեզ նորից կայծակը տար թուր

Ու թամբեր Քուռկիկ Ջալալի,

Տար նաև մկունդ ու վահան,

Որ... Մսրայ նւոցին ընդդէմ

Զգայինք մեզ Ձէնով Օհան:

Սկզբում ինքն էլ վարանում՝

Գործում էր, բայց դժւարանում

Իր գործին տալ յարմար անուն:

Եւ ահա իր գործը նաև

Ստացաւ անունն իր վայել.

– Աշխարհում դուք ձե՛ր երգն ունէք,

Ձե՛ր երգը, խլացա՛ծ հայեր...

... Ու թէ հայ խաղի ու տաղի հանդէպ

Խլացել էին մեզնից շատերը,

Եթէ մերային խեղճ ու վատերը

Մեր արդար հացն ու պանիրը թողած,

Աչք էին տնկում օտար փախլսւ-ին,

Ապա օտարը՝

Ամենա՛յն սիրով,

Ապա օտարը՝

Խօսքերո՛վ,

Գրո՛վ –

Թաքուն-բացայայտ մեզ էր բանսարկում՝

Մի ամբողջ ազգի հեշտօրէն զրկում

Իր անկապտելի երգից ու պարից,

Մի ողջ ժողովուրդ կապում օտարից,

Օտար դռանը տնփեսայ սարքում

Մի տղամարդու, որ շէն տուն ունէր,

Տան մէջ սիւն ուներ,

Սեան վրա՝ տանիք

Ու տանիքի տակ՝ հսկայ ընտանիք,

Որ, ճիշտ է, գիտէր հիւրեր ընդունել,

Բայց գիտէր նաև ճանապա՜րհ դնել,

Ու թէ կտուրը կաթէր անձրևից՝

Գիտէր վերստին պատել սվաղով...

Մինչդեռ խուլ, անլուր, և կամ չարալուր

Ականջներն օտար միշտ յակւած էին

Հայոց երգի մէջ

Լսել սօսափը պարսկազենդական,

Հայոց տաղերում

Որսալ մեղեդին յոյն-բիւզանդական,

Թուրք-թաթարական բայաթի-շարքին:

Հայերն աշխարհում բանսարկւած էին.

Սրերից յետոյ,

Թրերից յետոյ՝

Հիմա էլ լեզւի թունաւոր նետով –

Ա՛ռ –

Զարկւած էին...

Քեզ հարւածողին որպէսզի զարկես

Եւ ունեցւածքըդ ու կեանքըդ փրկես,

Պիտի զարկողին իր զարկից զրկես:

Թե ոստայնի պէս ստեր են հիւսում,

Եւ դու կեղծիքը ճեղքել ես ուզում,

Պիտի սովորես ստողի լեզուն:

Իսկ նա շատ յաճախ ինքն էլ էր զգում,

Որ իր յաղթ բազկում

Տալիք հարվածի թափը պակաս է.

Դատապաշտպանի իր լեզուն արդար

Պտտում է հազիւ,

Պտտում է այնպէս, կարծես կակազ է:

Մինչդեռ ուզում էր

Ու երազում էր

Պաշտօն ստանալ և դատախազի. –

Աշխարհի առաջ բարձրանալ տեղից

Ու հատ-հատ ասել.

– Խօսելն իզուր է, ճառելն՝ անտեղի:

Միստը՛ր, աղա՛, սը՛ր,

Տիկնայք մեծարգոյ, պարոնայք ազնիւ,

Քար ու կշեռքին ի՞նչը կհասնի:

Այս՝ կշռաքարը, այս էլ կշեռքը.

Մեզանից՝ ահա մեր տաղն ու երգը,

Ձեզանից՝ կշեռքն ու կշռող ձեռքը:

Թող դժվարութեամբ ու հսկայ ջանքով

Բարձրանան-իջնեն կշռաթաթերը,

Անվստահութեամբ ու կասկածանքով

Իրար հոտոտեն կշռաքթերը,

Եւ ճիշտը խօսի, լռեն ստերը:

Այս էր նա ուզում,

Այս օրը յուսում,

Բայց և զգում էր,

Որ յաղթ բազկում իր

Տալիք հարւածի թափը պակաս է.

Դատապաշտպանի ու դատախազի

Իր արդար լեզուն

Շարժւում է հազիւ՝

Պտտում է այնպես, կարծես կակազ է:

Իսկ եթէ սուտը հերքել ես ուզում,

Պիտի սովորես ստողի լեզուն՝

Հրաժարւելով դատարկ զեղումից:

Պէտք է սովորել,

Իսկ ո՞րտեղ, ումի՞ց:

Պէտք է սովորել,

Իսկ ո՞ւմ մօտ, իսկ ո՞ւմ...

ՂՕՂԱՆՋ ՊԱՆԴԽՏԱԿԱՆ

Հայ դասատուներն իրենք են զգում,

Որ ջահել սանի առաջմղումից

Հոգնում կես ճամփին ու ետ են մնում:

Եւ Կոմիտասը Բեռլին է գնում:

Ու գերմանական քաղաքում խոժոռ

Ինչ-որ վանական՝

Աչքերը խոշոր,

Դէմքը՝ բանական,

Քայլքն՝ անբնական,

Պաղ անցորդների հայացքն է անվերջ վրան սևեռում,

Մինչ մոլեռանդի նայւածքը նրա՝

Որքան ներհայաց-նոյնքան բևեռուն,

Չի մեխւում սրա կամ նրա վրայ,

Այլ պեղում կարծես անծանօթ հեռուն:

Եւ կոշտ ու կոպիտ գերմաներէնը

Շուրջ երեք տարի, յարկադըրաբար,

Ճկւում է անվերջ նրա բերանում,

Սակայն չի ջարդւում վերջնականապէս,

Կարծես թէ թողած լեզուն կենդանի,

Գրում-կարդում է նորից գրաբար՝

Ճեմարանական խելօք սանի պէս:

Ի՜նչ անենք. շատ էլ հոգ չէ, որ այդպէս

Գերմաներէնը նեղում է հային:

Կար այլ մի լեզու՝ համամարդկային,

Այդ լեզւով խօսող գերմաններ կային,

Ու չեր վերջանում նրանց զրոյցը:

Կոտրելով բառի բարակ սառոյցը

Ոչ իբրև օտար-սառն ու կեղծամիտ,

Այլ մեծ պապի պէս՝ առանց կեղծամի,

Գալիս էր Բախը ու ծանըր նստում

Երգեհոնի դեմ, ֆիզհարմոնիայի

Ու բարի ժպտում մրայօն հային:

Եւ ալիքւում էր մի վսեմ Մեսսա,

Ու Բախը կարծես ասում էր.

-«Տեսա՞ր»:

Անհուն սրբութեամբ երկինք էր միտում

Մի հոգեսրբիչ հոյակապ Խորալ,

Եւ ծերուկ Բախը ջահելին դիտում,

Հարցնում էր կարծես – և գրաբարով,

– «Իմա՞ստը դորա»:

Իսկ այնուհետև՝

Օրատորիա-ի նարեկանման ծփացող մի ծով

Լռիկ մեղմութեամբ, աղօթքի ճիչով

Դիզւում էր դանդաղ, փլչում շատ արագ,

Մինչդեռ ականջում մոլեռանդ հայի

Օրատորիա-ի ծփանքի միջով,

Խեղդելով խորթ ձայնն Օրատորիա-ի,

Իրենն էր հնչում՝

Մի նոր Պատարագ...

Ու մէկ էլ յանկարծ Մոցարտն էր գալիս,

Գեղեցիկ, ջահել, կայտառ ու խնդուն,

Եւ պաղ դահլիճում ծիծաղն էր թնդում:

Նա մերթ՝ բարեկիրթ մանկան պէս՝ ուշիմ

Լսում էր հային, խփում էր ուսին,

Մերթ՝ յանպատրաստից երգ եղանակում,

Եւ մեկ էլ՝ խօսում համբոյրից կոյսի,

Սրա վեղարը ծաղրուծանակում,

Պատմում արկածներն իր և ուրիշի՝

Չափից աւելի անկեղծանալով:

Իսկ երբ տեսնում էր՝ իր կատակն է զուր,

Յուսահատօրէն ձեռքը թափ տալիս,

Իբրև միջնարար՝ մի բերան հազում

Ու լրջանալով,

Անկեղծ ջանալով՝

Նորից էր ուզում հային համոզել,

Որ պէտք է այսպէ՛սև ո՛չ այնպէս խօսել:

Մէջտեղ էր գալիս ուրախ ֆիգարոն,

Դահլիճում սարքում շքեղ հարսանիք,

Իսկ նրա մտքո՜ւմ...

Աղջիկ-պատանիք

Սարից իջնելով ելնում են տանիք,

Որ մեկ էլ տեսնեն, թէ ինչպէս Սարօն

Անուշի տեսքը հեռւից որսալով,

Մոռացած ադաթ, ընկեր ու աշխարհ՝

Գետնում է Մոսուն...

– Դուք ինձ չե՞ք լսում,

Այս է ճիշտը, հե՛ռ, այս է պէտք, պարո՛ն:

Իսկ հեռ-պարոնը լսում էր ուշիմ,

Ձմեր ու ամառ

Ուսանում յամառ,

Բայց և կրկընում.

– Ուրիշն՝ ուրիշին,

Ես ի՛մը, ի՛մը, ես ի՜մն եմ ուզում,

Ի՜մը, դուք հասկա՞ն...

Ու չէր աւարտում «հասկանում էք»-ը:

Իսկ երբ այս հսկան

Եւ կամ թէ ուրիշ վիթխարու մէկը

Հայ վարդապետի հոգին էր յուզում

Եւ գերեվարած տանում իր հետքով՝

Երբ նա չեր գտնում փրկումի դեղ-ճար,

Նրա բերանից ձգւում էր «Խղճա»-ն.

Հայցում էր Բախի մեներգ-աղօթքով...

Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք,

Լսո՞ւմ ես արդեօք մենակ ու մենիկ

Զղջացող որդուդ: Մի՞թէ չես զգում,

Որ հեռւից-հեռու անձայն գոռալով

Այդ քեզ է դիմում Բախի Խորալ- ով.

«Քեզնից հեռացայ, բայց դարձայ իսկոյն»:

Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք,

Այդ ինչպե՞ս, ինչպե՞ս դու դարձար կնիք

Եւ ինչո՞ւ դու հենց ընտրեցիր նրա՛ն

Ու դրոշմը քո, իբրև սուրբ խարան,

Դրեցիր վրան՝

Ասելով. «Ի՛մն ես,

Ո՜ւր էլ որ գնաս՝ իմ ճո՛րտը, ծառա՛ն,

Իմ մինուճարն ու հաւատարի՜մն ես»:

Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք...

Ժամեր շարունակ մենակ ու մենիկ,

Եւ համբերութեամբ մի անհատնելի

Խեղդելով հոգու ներհակությունը՝

Պաղ ստեղներին հաղորդում էր նա

Իր ամենազգայ ու ջերմ մատների

Սրսփումն այրող ու տաքութիւնը:

Նրա վեղարի թողած ստվերը

Ժամեր շարունակ անվերջ ընկնելով

Ֆիզհարմոնիայի սևափայլ ներկին՝

Մթագնում էր այն կրկին ու կրկին:

Գոթական ոճի գրադարանում

Նա, աղեղի պէս, անշարժ կորանում

Եւ ամե՜ն ինչ էր շուրջը մոռանում:

Բայց ամէնանգամ իրիկնամուտին,

Երբ մոտենում էր գիշերը՝

Մթին,

Ինչպես փակեղը,

Եւ Վարդապետին

Փակեղի նման նեղութիւն տալիս,

Մի անկոչ հիւր էր մթան հետ գալիս, –

Ա՛խ, գալըս ո՜րն է, –

Կարօտից մարող կնոջ պէս վազում,

Գոնէ մի թեթև հարց էլ չէր տալիս, –

Հարց տալըս ո՜րն է, –

Ձևի համար էլ նոյնիսկ չէր ասում,

Թէ Վարդապետը ուզո՞ւմ է, –

Վազում

Եւ թևերն իր տաք՝

Մէկ-երեք-չորստակ՝

Փաթթում էր, պլլում պանդուխդի նրա կարեվէր սրտին:

Թո՛ղ նա վերստին

Կուսակըրօնի կոչմանն իր վայել,

Սրբօրէն հաստատ իր տւած ուխտին՝

Անկոչ սիրուհուն իրենից վանէր:

Թէ դռնից հանէր՝

Պիտի երևար բաց լուսամուտին,

Լուսամուտի պէս աչքերը փակէր՝

Հիմա էլ մտքի դուռը կթակէր.

– Ընդունիր տունըդ:

– Ո՞վ ես, անո՛ւնըդ...

– Սուտլիկի՜ս մի տես,

Դու ինձ լա՛վ գիտես:

– Ո՞վ ես, անո՛ւնըդ...

– Հայրենակարօ՜տ....

Եւ Վարդապետի հայացքի դիմաց,

Նրա կարօտած աչքերին ի տես,

Ձգւում էր յանկարծ կածանը քարոտ.

Սարաւանդակից գութանի խոփն էր յանկարծ պսպըղում.

Թոնրի պռնկին, սև պուտուկի մէջ, ապուրն էր պաղում.

Ճակատին շարւած բոլոր «արծաթի» ծափերի ներքոյ՝

Արմաղան մի հարս նախշուն կարպետին ձաւար էր մաղում.

Իրենց մացառէ ցանցառ բեղի տակ

Ծիծաղում էին քարափներն անտակ՝

Աղունակների ու կաքաւների

Խտուտ յարուցող կրկրան ձայնից.

Բարակ գոլորշին, անուշ խնկի պէս ,

Ծփում էր այգում, ելնում հնձանից.

Հարթ կտուրներին ծփծփում էին

Աներեսօրէն կանաչած Խոտեր.

Ջահել ու բոբիկ կանացի ոտեր

Թփթփում էին

Ու տպում էին

Իրենց հետքերը աղուրի փոշում...

Յստակ էր այնպէ՛ս ու շոշափելի՜,

Տեսնում էր կարծես և ոչ թէ յիշում:

Եւ աչքերն էին բացւում-մշուշւում

Ինչ-որ մորմոքից, որ անուն չունի.

Թիկունքի վրայ զգում էր կարծես

Վազքը երթևեկ ինչ-որ մրջիւնի.

Ու դուռը զարկող կարօտ կոչւածը.

Էլ ի՜նչ հրաւէր, –

Սենեակ էր խուժում

Եւ անմոռացն էր վերյիշում.

– Կռունկ...

Խաբրիկ մը չունի՞ս...

ՂՕՂԱՆՋ ԿՈՏՈՐԱԾԻ

Չէ՛, կռունկ չկա՜ր Բեռլին քաղաքի երկնքում մթար,

Որ վարագուրւած հայոց աշխարհից գէթ խաբրիկ մը տար:

Բայց Գուտենբերգին ծնած աշխարհում՝

Սև կռունկների սև երամի պէս՝

Սև տառերն էին լրագըրերի էջերին թառում:

Եւ մի օր յանկարծ

(Ահաւո՜ր վայրկեան) ...

Եւ մի օր յանկարծ այդ տառերը սև՝

Քիչ առաջ հանգած

Ածուխներ ասես՝

Մատներն են այրում գրաշարների,

Ու տաք ոսպի պէս

Ընթերցողների լեզուն են վառում:

Նորի՜ց ու նորի՜ց

Հայոց աշխարհում

Մինչ թոնիրները՝ արիւնից մարում,

Խաղաղ ծխացող լուռ երդիկներին

Աքաղաղի տեղ բոցերն են պարում:

Եւ լեղապատառ մայրերը հայոց

Զո՜ւր են մրմնջում աղօթքը կերկէր,

Համըր Տիրամօր նիհար ծնկերին

Իզո՜ւր են այդպէս աղերսով փարում.

Եթէ ունենար

Որևէ հնար՝

Խեղճ տիրամայրը իրեն կփրկեր,

Մինչդեռ քիչ յետոյ ինքն է դառնալու

Պիղծ հանաքների,

Կեռ դանակների

Եւ ա՛յն հրդեհի չար կրակին կեր,

Որ նորից հիմա

Մարդկային մսեր ու ոսկորներ է շան պէս ճարակում:

Տարաբախտ երկրի

Եւ Աստծուց թափուր երկնի արանքում,

Իբրև ամօթի ծանըր վարագոյր,

Փռվում էր ծուխը,

Եւ ճենճահոտը օդի շերտերն էր այնպէս վարակում,

Որ – անժամանա՜կ –

Կռունկներն անգամ թողին-չւեցին

Եւ ուր թևեցին՝

Ահ ու սարսափից լեզուն կապ ընկած

Հայ մանչուկների խմբերի նման՝

Կը՛վ-կը՛վ հա՜ կը՛վ-կը՛վ՝

Անվերջ կվվեցին,

Անլուր աշխարհին իմաց տւեցին,

Որ հայոց երկրի ձորերում անտակ,

Կիրճերում խորունկ...

Ա՛խ, էլ ի՞նչ կռունկ,

Երբ հիմա վառման թոնիր էր դարձել

Թոնիրի երկիր Հայաստանն ինքը,

Ու թոնրին դրված սև խուփ էր կարծես

Հայոց երկինքը...

Եւ ո՞ւր է ինքը.

Այստե՛ղ՝ Բեռլինո՜ւմ, –

Սրամիտ բախտի ինչպիսի՜ հանաք,

Ճակատագրի ի՜նչ ծաղրուծանակ:

Է՛հ, հայի կեանքում ինչե՜ր չեն լինում.

Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողութիւնից:

...Երբ ռուս-տաճկական կռւում հերթական

Ռուսաց սւինը, թուրն ու բերդանկան

Անձնատուր արին ճամփին հանդիպող

Թուրքական բազում բերդ ու բերդակալ, –

Է՛լ գերմանացի,

Է՛լ ֆրանսացի,

Է՛լ անգլիացի՝

Իւրաքանչիւրը խփեց իր ծնկան,

Ու բոլորը մէկ ձեռ ու ոտ ընկան,

Սան-Ստեֆանոյ քաղաք գնացին՝

Այնտեղ գումարւող Վեհաժողովին,

Որ... Պետերբուրգը յաղթութեան դաշտից

Իր սպասածից քիչ բերք ժողովի:

Երկար նստեցին, ուշ-ուշ վեր կացան,

Դրսից ժպտալով՝ ներսից բարկացան,

Անգամ լռելով՝ իրար հասկացան,

Ու երբ, վերջապէս, պիղատոսաբար

Մաքուր լվացած իրենց ձեռքերով

Հայկական հարցը մէջտեղ բերեցին,

Քանի տաք էր դեռ՝ մերթ վերցըրեցին,

Մերթ էլ վերստին ներքև դրեցին,

Եւ ամէն մէկը մատներն իր վառեց:

Բայց ամէն մէկը այնքա՛ն շատ ճառեց,

Մինչև որ հարցը բաւական սառեց, –

Ու ցիների պէս ընկնելով վրան՝

Կտուցով, ճանկով լա՜ւ քրքըրեցին,

Առան-տւեցին, տւեցին-առան

Ու վերջում... հարսի լեցուն կոնքերով

Փեսայի աչքին լաւամարդ դառան.

Այս ու այն կողմից միաւորների զերօն քերեցին

Ու մնաց մի թիւ,

Որ էլ չի քամւի՝ ինչքան էլ քամես,

Ու մի թիւ մնաց... համեստից համեստ.

Մնաց 16 –

«Հայկական յօդւած» –

Հայկական հարցի բզկտւած մարմնից

Ոչ թէ մինչևիսկ դաշոյնով հատւած,

Այլ քաշքշոցո՜վ, այլ եղունգներո՜վ

Մի կերպ ծւատւած...

Սակայն... աշխարհում ինչե՜ր չեն լինում:

Սակայն... աշխարհի ցմփոր տէրերին դա էլ շատ թւաց:

Եւ ահա նրանք վերստին եկան Վեհաժողովի՝

Այս անգամ արդէն այս նոյն Բեռլինում,

Հայկական հարցը –

Յուշաթելի պէս –

Մատին փաթ տւած:

Երկար վիճեցին, տվեցին-առան.

– Հայ պատւիրակը թող նստի դռանն...

Ամէնքը մի-մի պողպատէ կռան՝

Իջա՛ն մեր սալին.

– Վա՜յ տամ մեր հալին...

Մեր արեան դիմաց՝ ծախսեցին թանաք.

– Ա՜յ քեզ խաչապաշտ թրի յաղթանակ...

Աղւէսութեանը խառնած շնութիւն,

Ներհակութեանը՝ միաբանութիւն,

Մեր արցունքի դէմ մի կում ջուր տւին,

16-ն այսպէս մի կերպ շուռ տւին:

Աչքըդ լո՜յս լինի,

Դու օգտւեցի՜ր, թվաբանութի՛ւն.

Շուռ գալով՝

Աճեց քո 16-ը –

Դարձաւ 61:

Իսկ մեր հա՜րցը, մե՞նք:

Իսկ Հարցը Հայոց քամւեց վերստին՝

Կարծես թէ՝ թափւած արեան համեմատ.

Մի թիզ էր եթէ Սան-Ստեֆանոյում,

Բեռլինում արդէն նա դարձաւ մի մատ:

Այո՛, այյստեղ էր՝ այս նո՛յն Բեռլինում,

Որ բարեխընամ մի Վեհաժողով

Որոշում հանեց... հայ հողազուրկին

Չբաւարարել վեց արշին հողով,

Այլ – ընդամէ՜նը – չխենթացընել

Մահւան ու ջարդի մշտական դողով...

Քաղցած հաւի պէս , քուն թէ արթմնի,

Հայն էլ ինքն իրեն տեսնում էր անվերջ

Ինքնավարութեան կորեկով լեցուն հսկայ մարագում,

Ինքնավարութիւն, որ հիմա դառձաւ – բարենորոգում:

Բարենորոգո՜ւմ...

Գլուխը քա՛րը.

Թո՛ղ լինէր թէկուզ բարենորոգում,

Բայց ոչ թէ թղթին, ոչ թէ թանաքով:

Բարենորոգո՜ւմ...

Եթէ ամէն ինչ

Ջարդում ես քարով ու դագանակով,

Փրթում ես թրով ու կեռ դանակով,

Խուժանի խուժմամբ՝ ասես հանաքով,

Նաև լրջօրէն՝ կարգին բանակով, –

ի՞նչ ես նորոգում.

Իհարկէ լա՛ցը,

Որ չի չորացել,

Եւ կոտորա՛ծը,

Որ չեն մոռացել...

Եթէ անջրդի հող ես ոռոգում,

Ի՞նչ է, եթէ ոչ բարենորոգում...

Եւ ահա Կարմիր սուլթանն իսկապէս

Հայի... ջուր դարձած արիւնի գետով

Հայոց անջրդի հողն էր ոռոգում,

Եւ այդ էր կոչվում բարենորոգում՝

Այս նոյն Բեռլինի 61 կետով:

Եւ հիմա -դատարկ այս որոշման տակ,

Իբրև մի կնիք վաւերացումի,

Կարմիր սուլթանը՝ պաղ թանաքի տեղ

Լաւ թաթախելով մեր արեան մէջ տաք՝

Դնում էր վայրի մի կրունկ...

– Կռո՜ւնկ –

Ա՜խ, էլ ի՞նչ կռունկ, էլ ի՜նչ սև Կռունկ,

Սրտաւե՛ր պանդուխտ.

Ո՞րտեղ ես տեսել երկինք հասցընող

Փրկարար սանդուղք.

Ո՞վ կըկշտանայ՝

Հացի փոխարէն թէ նրան տան թուղթ...

Սրտամե՜ռ պանդուխտ,

Էլ ինչ ես այդպես լալիս,

Ձայն տալիս

Կռո՜ւնկ հա Կռո՜ ւնկ,...

Ա՜խ, էլ ի՞նչ կռունկ,

Թէ՝ ճռնչոցով դարպաս ու դրունք

Հայոց յոյսի դէմ ուժգին փակւեցին,

Թէ հայոց Ուխտի

Յոգնատանջ ուղտի

Երկու ծնկներն էլ երեքտակւեցին.

Նորից մոլեգնեց մահւան հարսանիք,

Եւ Պոլսից մինչև պատժւած Սասուն՝

Հայոց աշխարհի ամէ՜ն մի մասում

Անբան անասուն դառնալը թւաց մի մե՜ծ արժանիք.

Թող կթե՛ն, շորթե՛ն,

Միայն... չմորթե՜ն,

Միայն...

ՂՕՂԱՆՋ ԶԱՐԹՕՆՔԻ ԵՒ ԿԵՆՍԱՏՄԱՆ

Եւ խորհել, որ այդ նոյն պահին,

Երբ թուրք սուլթանը այսպէս վեհաշուք

Տօնում էր ծնոննդն ու չմեռնելը յոբելեար Մահի,

Միևնոյն պահին

Այդ նոյն աշխարհում

Գարուն էր գարո՜ւն:

Քարայծը նորից

Իր քարայծիկի դունչիկն էր լիզում կիրճում ու սարում՝

Լեզւի ծայրով էլ թոյլ չդիպչելով բերնի ընկոյզին.

Արագիլն էլի

Ծեր խնձորենու, ծաղկի բոցի մէջ իր ոտն էր վառում՝

Վերցնում ու դնում միևնոյն ճիւղին

Իբրև կշտամբանք ուշացած մարդուն՝

Իր իսկ սեփական նախաձեռնութեամբ լոյս աշխարհ եկած

Մի ինքնագլուխ արևածաղկի աչիկն էր թարթում

Հէրւայ բոստանից.

Գութանի խոփը ժանգից էր նեղւում,

Ինչպէս որ մարդը՝ իր դէմքին կպած սարդի ոստայնից,

Բահն աղջկայ պէս ուզում էր փարւել

Ու յետոյ մարել կարօտած հողի կրքոտ հպումից.

Սամին ուզում էր անկրակ այրւել՝

Եզան մկանուտ վզի շփումից.

Լծացու բարդին գոհ չէր երևում սուր կացիններից.

Դեղձենիներից մարջան էր կաթում,

Շեփորիներից՝ երկնքի կաթիլ,

Եւ ձիւնի փաթիլ՝

Ակացիներից...

Անցած աշնանը հարսնացածների մայրութիւնը սուրբ

Զարթնում է յանկարծ՝

Ծնւելիք մանկան

Թոյլ քացիներից...

Շողերն են ընկել օրօրոցի մէջ խաղացող մանկան

Հինգջահեան ձեռքի պարզւած մատներին,

Ինչպէս մոմերին՝ բոցը բարակող...

Առւոյտից թափուր հսկայ մարագով

Պաղ ստւերների հսկայ ամբոխն է դէս ու դէն անում,

Լուռ հրմշտոցով իրար ոտ կոխում, ջարդում իրար կող.

Դուրս գալ են ուզում, բայց սիրտ չեն անում...

Անուն են ուզում, ծաղկունքն անանուն,

Ծաղկունք անւանի ուզում են նորից,

Քնքշանքով իրենց անունը լսել

Կոյս աղջիկների շրթերից լուսէ...

Գարուն, է գարո՜ւն:...

Անփորձ ու անգէտ մի ճուտ յիմարիկ

Փակ բողբողջների ստւերին ընկած՝

Երևի սիսեռ կամ ոսպ կարծելով՝

Կտցահարում է հա՜ կտցահարում...

Կիսով չոր ու թաց խաղաղ բակերում,

Կալատակերում,

Ու ծիլ են տւել

Աշնան կալսումից հողում մնացած հատիկներն արդէն,

Աքաղաղն այնպէս գոռոզ է քայլում

Անկիրթ հաւերի անփակ հարեմում՝

Աչքը շուռ տալով մէկ դէս ու մէկ դէն,

Ասես երէկւայ ասկեարը այսօր դարձել է սպայ...

Սարալանջերին, հարսնիքի նման,

Կրքոտ պուտերը բռնել են նազպար՝

Հարսներիի նման մոռացած մի պահ,

Որ աշխարհում կայ բիրտ առևանգիչ...

Մի տարի առաջ թսւրք թնդանօթի երկաթէ ճանկից

Վիրաւոր վանքին

Սրբատաշ քարի պաղ վերակապ է վերստին ճարում

Ձեռքը ճարտարի

Նորից հաճարին

Սեփական խէժով

Թսւրքի գնդակից տեղ-տեղ պատռւած կեղևն է կարում...

Գարուն է, գարո՜ւն,

Բայց մարդասպանին դա չի խանգարում,

Դա չի խանգարում,

Որ արեամբ յորդի հայկական առուն,

Որ դիակներով քարափն անյատակ

Իր պռունկներով գայ հաւասարւի...

Ա՜խ, եթէ անգամ քարէ սիրտ ճարւի,

Մարդկային սրտում բա կրա՞կ կարւի...

Որտե՞ղ էք տեսել որ թել-ասեղով,

Կտրւած երակ վերստին կարւի...

Այս արհաւիրքից, զուլումից այս չար

Դէ ե՛կ տնաւե՜ր մի՛ խելագարւի...

ՂՕՂԱՆՋ ԶԱՐՄԱՆՔԻ

Բայց նա այս անգամ չխելագարւեց:

Ո՛չ, նրա միտքը դեռ չխանգարւեց,

Դեռ չխանգարւեց և այն ժամանակ,

Երբ նա Բեռլինից հայրենիք հասաւ,

Եւ, իբրև կեանքի նոր ծաղր ու ծանակ,

Ապշած աչքերով այստեղ էլ տեսաւ

Եթէ ոչ արնոտ նոյն ահն ու մահը,

Ապա երկւորեակ ախն ու վախը նոյն,

Նոյն լաց ու կոծը, հառաչն ու վայը:

Այստեղ էլ հայի ձեռքը ծոցումն էր,

Այստեղ էլ հայի սիրտը բոցումն էր.

Ու մոլորւած էր գլխիկոր հայը:

Այստեղ էր արդէն ցար նիկոլա՜յը...

Վաթսունմէկ թւի ձևափոխութեամբ

Լոկ թղթի վրայ ջնջւած չարիքը

Եւ չնւազած նոյն հին կարիքը՝

Ենթակայ պարապ տեղափոխութեան,

Ձուկ դարձած՝ լողում-չէին խեղդւում

Ճորտատիրութեան անփոփոխ ծովում,

Ու ծառանում էր յեղափոխութեան

Մակընթացային կանաչ ալիքը:

Եւ Նիկոլայի աչքը ոխակալ

Ամենուր ու միշտ

Եւ ամենքի մէջ,

Անգամ երազում,

Տեսնում էր անվերջ

Միայն «տեռորիստ», «յեղափոխական»,

Միայն «դաւադիր», միայն «սոցիալիստ».

Թւում էր նրան կայսրութիւնն իր ողջ

Մի անծայրածիր ստէպ օձալից...

Եւ կայսերական բանտին ու բերդին

Բիւրաւոր հայեր զոհւելու տարան,

Դէմքին դաղելով մի ահեղ խարան՝

«Յեղափոխական» և կամ «դաւադիր»:

Քա՜րշ տւին տարան,

Որ այնտեղ մորթեն

Իբրև մատղացու գառներ ու հորթեր՝

Ի սէր Յիսուսի արդար հաւատի.

Գառնուկներ անմեղ՝

Լոկ նրա՛ համար,

Որ միսն էր յարմար՝

Որ միսն էր համեղ՝

Ու եթէ նաև հորթեր բազմամեղ՝

Լոկ ա՛յն հանցանքով պատժապարտելի,

Որ սին յոյսերի քաղւած բոստանում

Հորթուկի նման տրտինգ են տւել...

Այսպէս է.

Որտեղ շատ են խոստանում,

Միշտ էլ այնքան են յետոյ խստանում,

Որ ձեռք են կտրում, ոչ միայն թևեր:

Եւ կամոք ցարի՝

Նրա ոխակալ

Համայն Կովկասի պատիժ-փոխարքան՝

Յաւէտ անմոռաց մեր Գոլիցինը,

Երկու գլխանի արծիւը կրծքին

Այդ մոլի ցինը,

Փակում է հայոց դպրոցներն ամէն.

– Ովսա՜ննա... ամէ՜ն,

Եւ խաչապաշտի անկշտում ձին էլ

Թուրքավարի է կամենում ծամել՝

Խոտ է որոնում... ջրւած մարգերում.

– Ովսա՜ննա... ամէ՜ն:

Հայոց դարաւոր գիրն են արգելում,

Բռնագրաւում վանքի հողերը.

Գանձերը չեղած,

Եղած փողերը,

Պեղում մառանը,

Շտեմարանը,

Որ մի անգամ էլ քամւածը քամեն:

– Ովսա՜ննա... ամէ՜ն...

Փակել դպրո՜ցը, ուսումնարա՜նը...

Բայց ինպէ՞ս փակես մի ազգի լեզուն,

Մի ժողովրդի խօսուն բերանը:

Լեզուն կարող է սարսափից լալկւել

Կապ ընկնել ահից,

Բայց ոչ թէ փակւել:

Արգելել գի՜րը,

Այրել գրքե՜րը...

Բայց ո՞նց արգելես կսկըծող սրտի,

Մղկըտող հոգու ժայթքուն երգերը:

Այսպէս է.

Միշտ էլ երբ համն են հանում՝

Ուղիղ հակառակ բան են ստանում:

Եւ արդ՝ չուզելով և ակամայից՝

Ուխտեալ հայատեաց այդ Գոլիցինը

Մինչև իսկ արդէն ռուսացած հայից

Մոլի հայ սարքեց:

Կրկընւեց հինը. –

Ուր հայերէնը վաղուց էր մնջում՝

Հնչում էր հիմա,

Նոյնիսկ մռնչում.

Ով հայ գրքի դէմ աչքերն էր փակում,

Արդ սովորում էր հայ գիրը

Թաքո՜ւն.

Ով ռոմանսով էր թրջում իր բուկը,

Բերան ողողում օտարի երգով,

Հիմա գրգըռիչ մի հպարտութեամբ

Սեղան էր գցում հա՛յ երգի ձեռքով,

Հա՛յ երգով վարում իր գինարբուքը,

Հա՛յ նւագի տակ ուրախ պար գալիս,

Հա՛յ խաղով-տաղով երգում ու լալիս

Հայ երգն էր յուզում,

Հայ խօսքն էր հոսում

Հակառակութեա՜ն ոգին էր խօսում,

Հակառակութեան այն զարմանալի՛,

Սնիմանալի՛,

Արտառո՜ց ոգին,

Որ պարգևած է եթէ ամէնքին,

Ապա հայ հոգում այնքան է առատ,

Կարծես բախշելիս բնաւ չե՜ն նայել,

Իսկ թէ նայել են՝

Բա՜ն չեն խնայելև

Փռել են այնպէ՛ս շռայլ ու առատ,

Որ չես հասկանում՝

Ազգային արա՞տ,

Թէ՜ արժանիք է...

Այն է թերևըս,

Որ մեզ ջնջել է, բայց և պահպանել,

Որ մեզ սպանել,

Ծնել է նաև

Ու որով գուցէ ապրում տակաւին

Եւ աշխարհումըս կոչւում ենք հայեր...

Ինչպէս մարդկանց մէջ՝ անցողիկ կեանքում.

Այդպէս պատմութեան ծանըր երկայնքում

Երևի նաև լինում են ցեղեր.

Երևի նաև ազգեր են եղել.

Որոնց վիթխարի մարմինը թէպէտ

Գինու տկի չափ արիւն է տանում.

Բայց դա արիւն է. որ չի լերդանում.

Մի քերծւա՛ծք, մի վէ՛րք,

Ու բանը բո'ւրդ է.

Կողքը պատըռւած գինու տկի պէս

Քամւում է իսկոյն.

Եւ անհետանում.

Չքւում է ազգը կամ ժողովուրդը...

Իսկ մեր արի՜ւնը...

Նա ջրի՛, ցեխի՛

Եւ մինչև անգամ գարշահոտ նեխի՝

ԱմԷ՜ն ինչի մէջ իսկոյն լերդանում.

Փակում էր վէրքի բացւած բերանը:

Եւ այդ մակարդը, նոյն այդ մերանը

Որդուն է անցել հօրից ու մօրից.

Եւ արիւնաքամ,

Կիսամեռ անգամ,

Մենք քանի՜, քանի՜, մենք քանի՜ անգամ

Հոգեդարձի պէս փրկւել ենք նորից ...

ՂՕՂԱՆՋ ՀԵՐՈՍԱԿԱՆ

Ա՜խ իմ ժողովուրդ

Ես դեռ չկայի՜,

Որ քեզ պէս ես էլ քեզ հետ տոկայի՝

Ծալւելու պատրաստ մէջքդ գրկելով:

Սակայն դու,

Որ քո պատմագրքերով

Մի ձիգ ցուցակ ես

Ու լեցուն ցանկ ես

Նահատակների՛,

Զոհի՛,

Հսկայի՛,

Դու չես զգացել երբևէ կարիք

Նաև քաջերի,

Անբ՝կ աջերի,

Որ կրծքիդ վրայ

Դարձել են զրահ,

Որ սուրբ են պահել պատիւդ ազգային

Իրենց պարզ կեանքով-մահով հսկայի:

Ա՜խ իմ ժողովուրդ

Ես դեռ չկայի՜,

Բայց կտրիճ որդիք մի՞թէ քիչ կային,

Որ – հողի տակից – զէնք էին պեղում

Եւ քո արեան դէմ սև արիւն հեղում:

Սասո՜ւնը...

Արդէն ո՞րերորդ անգամ

Նորից տէր դարձաւ նոր Դաւիթ մանկան,

Որ – ինչո՞ւ սակայն –

Կոչւեց... Անդրանիկ:

Ահեղ ջարդերի ճարակող բոցում

Ամէն սասունցի դարձաւ սասնայ ծուռ,

Սասնայ տուն դարձաւ ամէն ընտանիք,

Սասնայ դիւցազուն՝ թէ՛ մեծ, թէ պուճուր,

Որ – բաւակա՜ն է –

Քառսունծամ կոյսեր, հարսներ արմաղան

Օսմանցու համար էլ երկանք չաղա՛ն,

Որ – բաւակա՜ն է...

Խանդութ խաթունի գովքի փոխարէն,

Սասնայ զմբզմբան ջրերի նման,

Հնչեց սարերում, ճամփեքում ոլոր

Աջ ու ձախ jորդած

Երգը քաջորդաց

Մարտաշունչ «Լօ-լօ»-ն

«Վայ զուլում-վայ»-ը մի պահ խեղդելով...

Կիլիկիոյ տունը՝

Անառ Զէյթունը,

Որ մեն ու մենակ,

Սակայն միակամ

Կռվել-յաղթել էր քառասուն անգամ,

Հիմա՝

Քառասունմէ՛կերորդ անգամ,

Շէկ բուրւառի հետ

Սև վառոդ խնկեց,

Խաչը վերստին դրօշակ տնկեց,

Ճորտութեան գիրը կրկին հերքելով՝

«Սուր ու թուր, գնդակ ու հրացանը

Մեր խաղալիքն է» խրոխտ երգելով:

Միակուռ դարձաւ, ինչ ցիր ու ցան էր:

Կամք-սիրտ-նպատակ

Իրար յօդւեցին:

Եւ մեր դարաւոր թշնամու սրտում

Իւղոտ գնդակներ ճենճահոտւեցին:

Նրանց էր լսում մի ողջ Հայրենիք,

«Պատերազմիկ ենք,

Ոչ թէ վայրենիք»:

Նրանց էր լսում թշնամին սաստւած.

«Դուք ունէք սուլթան,

Մենք ունենք Աստւած»:

Նրանց ձայնի մէջ լսեցինք մեզ մենք,

«Մարդ կոտորելը

Սովրեցանք ձեզմեն»...

Ու եկեղեցիք պահքի մէջ մտան՝

Սգաւորւեցին

Ամբողջ չորս ամիս,

Քանզի քայլում էր Մաքառումն ինքը

Իբրև գինովցած մի Բարեկենդան:

Սուրբ սեղանների վարագոյրները

Փակւած մնացին

Ամբողջ չորս ամիս,

Քանզի բացւել էր Հերոսութիւնը,

Որպէսզի իր տաք

Կրունկների տակ

Ազատութիւնը ահարկու թնդայ:

Հարսներ,

Աղջիկներ,

Մայրեր,

Մանուկներ

Մերկացան իրենց արդ ու զարդերից,

Հագան քուրձ,

Ինչպէս հագնում են զրահ:

Եւ ամէն հայ սիրտ

Դարձաւ մի սրահ,

Ուր Վհատութիւնն էր հոգեվարում

«Կա՛մ-կա՛մ»-ի հատու հարւածների տակ,

Եւ Ազատութեան ոգին էր պարում

Որպէս վրնջող մի խենթ հովատան:

110,000 զօրքի յանդիման

Մարտնչում էին 6000 քաջեր:

Չմարդկայնացած թուրքի յանդիման

Մարտեղինացած մի ազգ էր խաչել

Իր բախտն իր վրայ:

Եւ սո՛ւրը նրա,

Որ ամբողջ վե՜ց դար սնար էր դարձել

Մեր մանուկների օրոցքի համար,

Սուրբ մատեանների գրքածածկերից

Խենեշ ժպիտով կարել էր բարձեր

Իր հաստ-իգացող նստուկին յարմար, –

Եւ սուրը նրա

Դիպաւ մեր խոփին,

Մեր թարթիչ-նետով զինավառ կոպին,

Մեր մամիկների ասեղին ճարտար,

Մեր մանուկների հայացքին արդար,

Մեր մանգաղների շեղբերին տոկուն,

Մեր Թոնիրների խաչերկաթներին, –

Երբեք չմեռած Հայկեան մեր ոգուն,

Որ ճառագայթող տասը մատներին

Չէր դրել հինա՝

Հոմանու նման,

Այլ քսել արիւն՝

Յովաննու նման,

Որ Յայտնութեան օրն ի վերջոյ հասնի,

Եւ ամէն մի ազգ արժանին տեսնի...

Իր վարդապետի մթին վեղարով

Թէ ուզէր՝ գուցէ և նա էր կարող

Հարկադիր մարտին միջամուխ լինել՝

Գոտեպնդումի խօսքերով զինել

Յուսահատւածին,

Քաջին մաքառող,

Որպէս նորօրեայ մի Ղևոնդ երէց:

Սակայն պայքարի զոհասեղանին

Նա բոլորովին ուրի՜շ զէնք դրեց:

Իր ժողովրդի

Երգահան որդին

Իր ե՛րգը բերեց

Քաջորդաց մարտին,

Իր «Լօ-լօ»-ն՝

Մի ջո՛կ,

Մի դասա՛կ,

Մի գո՛ւնդ,

Եւ կռւողների հոգին հանեց թունդ,

Մեկին տասն արեց

Եւ հարիւր՝ տասին,

Նա՛

Խրոխտ «Լօ-լօ»-ն լուռ Կոմիտասի:

Սիփանայ սարը գոռ արձագանքեց՝

Խռպոտ Նեմրութից չափը խլելով.

– Սիփանա՛... Լօ՜-լօ՜ ...

– Սուրբ Կարապետ»-ի զանգը զիլ զանգեց,

Ամէն մի զանգը՝ մի-մի... եօ՜թ հոլով

– Կտրիճնե՛ր, Լօ՜-լօ՜ ...

Վարագայ լեռը, Շամիրամ-առուն

Նոյն մէկ բայն էին անվերջ խոնարհում.

– Սուրը հագեցաւ...

Ներկւած Եփրատը ափերին տալով.

Վանայ ծովակը տրտում խնդալով՝

Իրար ձայն տւին.

– ... Դրեցին պատեա՜ն...

Ո՛չ,

Չյագեցան սրերն, իհարկէ,

Սակայն իսկապէս դրւեցին պատեան,

Ու երազելով մի ահեղ ատեան՝

Հայ մաքառումը,

Կտո՜ր առ կտո՜ր,

Իւրաքանչիւրը՝ մի կարմիր հատոր,

Այս անգամ նորից չաւարտւեց.

Հատվեց՝

Բացականչութեան ու կախման կէտով...

Հայի արիւնը նորից լերդացաւ,

Ու վէրքը դարձաւ ապաքինելի:

Կսկիծ ու մրմուռ,

Ճմլող սրտացաւ

Աչքերի խօսուն ապակիներին

Գրեցին, թէ երբ ի չիք կդառնան...

Ձմեռը նորից գարուն է դառնում,

Ամառն է կրկին հետևում գարնան,

Ամառւայ տեղը գարունն է բռնում,

Եւ նախ՝

Վախւորած, շււար ու մոլոր,

Ապա՝

Աննկատ և ակամայից

Ժպիտն է խաղում շուրթերին հայի.

Թևերն է ծալում ուժասպառ Լօ-լօ-ն,

Կոկորդն է ցամքում Վայ-աման-վայ-ի,

Նորից է հնչում ուրախ Նայ-նայ-ը:

Իսկ որտեղ երգը՝

Այնտեղ էլ նա է...

Edited by hravart
Link to post
Share on other sites

ՄԻՋՕՐԵԻ ՀԱՄԱԶԱՆԳ

ՂՕՂԱՆՋ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԵԱՆ

Աշունն էլի զբաղվում է ներկարարի իր փէշակով.

Նա օրն ի բուն աշխատում է,

Իսկ գյուղացին՝ հանգստանում,

Երբ աղունը տուն է գալիս

Ծանր սայլով կամ իշուկով,

Երբ աղւում է թթու-թուրշին,

Նորոգւում է ճօճկան քուրսին,

Ու չորացած ցան-փթիրը ամրոցի տեսք է ստանում:

Ամբողջ ամառ

Ջրի համար

Հոգի տվող հողը հիմա

Ծծողական թղթի նման

Կլանում է եղեամ ու թոն

Ու մեկ քրտնում, մեկ մրսում է:

Փխրուն գետինն աշնան ցրտի պա՜րզ գաղտնիքով

Նորից իրեն, մումիայի պէս , զմռսում է:

Ընկուզենին ու խնձորին

Իրենց խաշամն են ծալծլում հանդ ու ձորին՝

Նորահարսի փոթ-փոթ շորի

Ալիքաւոր դարսի նման:

Լոկ փշատն է կարմրատակված կախվել ճութ-ճութ՝

Մեղւի գնդւած պարսի նման:

Վերի-վերի, պարապ-սարապ ջահելի պէս ՝

Չի կարենում քամին մի տեղ տիտիկ անել.

Դէս է վազում-դէն է թռնում,

Մերթ ուզում է ծերպի խորքը մտիկ անել,

Մերթ ծառի հետ կոխ է բռնում,

Քիթը կոխում ուր պատահի՝

Սափորի մեջ,

Հարս ու կանանց խորհրդազոր փեշերի տակ:

Լեռնաշխարհում աղբյուր վտակ

Իրենց սնդիկ մարմնի վրա նորից հագնում են ապակի,

Մինչ տներում՝ ներսի տաքից՝

Ապակիններն ուրախութեամբ լաց են լինում աննպատակ:

Ղաւուրման է ամէն թոնրի

Աղ ներծծում ու ճարպ հսլում:

Ամէն կողմից կանչում խաշի,

Հարիսա են անվերջ հարում:

Այստեղ՝ ծնունդ,

Այնտեղ՝ կնունք,

Աչքալոյսի ժպտուն օղի:

Ամէն մատուռ՝ հաւաքավայր,

Եւ ամէն վանք՝ ուխտատեղի:

Ու վանք տանող ամէն ճամփա ու սայլուղի

Նախշըւում են տեսակ-տեսակ ոտնահետքով.

Տրեխաւոր, մաշիկաւոր, բոբիկ ոտքով

Վանք են գնում

Հեռու-մոտիկ ամէն գիւղից:

Տան առաջնեկ գառը՝ կապւած էշի վզից,

Առաջ վազում, կախ է ընկնում, շուրջը նայում,

Ու տանջւում է այն հարկադիր ու կեղծ հազից,

Որ անկասկած պիտի հնչէր իբրև մայուն...

Այն ինչ ջորու մէջքին կապւած

Զնգզնգացող սև կաթսայից՝

Ինչպէս ասպետն իր զրահից՝

Մի զառ խորոզ,

Գոռո՜զ-գոռո՜զ,

Իր կատարն է մէկ դուրս հանում,

Մէկ՝ ներս տանում,

Եւ թափ տալով իր թևերը հրանման՝

Չհրկիզող կայծերի խուրձ

Ու բոցեր է ցրում իր շուրջ:

Եւ սայլերն են առաջ սողում՝

Լծից պռչուկ բեռնաւորւած

Աղմըկարար ճիժ ու պիժով,

Աման-չաման-կուլա-կժով,

Աչքերն ածուխ աղջիկների անծուխ բոցով,

Նորածընի օրօրոցով:

Ու դալարուկ ճիպոտն ահա

Իր ազդեցիկ սուր սուլոցով

Մինչև եզան մէջքը դաղի՝

Նախ երկնքի կապոյտ երեսն է կտրատում՝

Երկրից ճայթած կայծակի պէս :

Ոմանք ուրախ՝

Ոմանք տրտում,

Սա՝ տխրադէմ-որբ ձագի պէս ,

Նա՝ ժպտերես ու բախտաւոր,

Սա՝ կարմրաթուշ,

նա՝ ախտաւոր,

Եւ բոլորը՝ ուխտը սրտում –

Թը՛փ հա թռը՜փ,

Զը՛նգ հա զրը՜նգ,

Ճը՛ռ հա ճռի՜նչ –

Հասնում են վանք՝

Ուխտատեղի:

Եւ մոմերի ու կանթեղի

Բուրումնալից բոցն է ճթթում,

Ծաղկի նման փունջ-փունջ փթթում,

Ծաղկի նման վառ ու դեղին:

«Տէ՜ր» են կանչում մի-մի բերան,

Մի-մի ծունըր աղօթք անում,

Մատղացուի ոտ ու վզից

Արձակում են կապ ու պարան,

Եւ գաւիթի սալարկը պաղ

Զոհի արեամբ է տաքանում...

Եւ հնչում է դհոլ-զուռնան,

Որ վանքերը հնամենի,

Մատուռները մէկէն դառնան

Խրախճանքի արբշիռ ու ցոփ հրապարակ:

ՂՕՂԱՆՋ ԽԱՂԿԱՊԻ

Ու տեղներից վեր են թռչում

Թիկունքը լայն մէջքը բարակ

Բոյը թիլ-թիլ

Բեղը ծիլ-ծիլ

Ջահել տղերք,

Տղամարդիկ մացառմօրուք,

Կուրծքը՝ փոշոտ,

Դէմքերն՝ այրւած,

Աչքերն՝ այրող,

Հագած-կապած՝

Որը քաթան կամ շալ-շապիկ,

Որը չուխա կամ արխալուղ,

Բրդէ գօտիկ, արծաթ քամար,

Իսկ զոլաւոր և կամ պուտ-պուտ գուլպաներին՝

Խռոմ սապոգ, մազէ քոշեր,

Սև կարիճի պոչի նման կեռքիթ տըրեխ:

Վեր են ցատկում գալիս շարւում իրար կողքի,

Եւ թուխ-թանաք ու պատ-կտրիճ տղամարդիկ

Պարսպւում են ու բըրգանում:

Սկսվում է բոլորպարը:

Ծանըր քայլքով,

Անեղանակ-աներգ-անծափ,

Բայց համաչափ,

Երկու շրջան բոլորում են, պտոյտ տալիս

Ինչ-որ զգոյշ ու կարկամած,

Հետո քայլքը արագացնում կամաց-կամաց:

Պարագլուխ ձայնեղ տղան խաղ է կապում,

Փէշդ եմ ընկել Աստւածածին...

Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է,

Աստւածածին...

Իսկ հողեղեն Աստւածածնի անմատչելի կախարդանքով

Աղջիկները ծուլ-ծուլ տալիս,

Մօտ են գալիս,

Բայց չեն մտնում պարաշրջան:

Իր խաղկապն է խաղասացը առաջ տանում,

Ա՛խ, ջանեջա՜ն,

Բարով հասնեմ իմ սիրածին...

Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է,

Իմ սիրածին...

Լայնանում է պարաշրջանն ամէն րոպէ,

Դհոլն անվերջ շարունակում է տրոփել,

Հանգոյցներ է տալիս զուռնան՝

Եղանակն է կոտորակւում,

Իսկ դհոլը, սպառնալով՝

Այնուհանդերձ չի տրաքւում:

Յետոյ նւագն արագ-արագ,

Փշուր-փշուր կուտակվում է,

Ձիգ է տալիս,

Վրայ տալիս,

Եւ թէ մէկ էր՝ չորստակւում է,

– Ա՜խ թէ չառնեմ,

Ես կմեռնեմ...

Ու կոպալի թակութակից

Մինչև անգամ փուչ դհոլի անմազ դէմքն է փշաքաղւում,

Իսկ զուռնայի ծակուտակից

Արցունքներն են կարծես շաղւում...

Պարեկների ողկոյզ-ողկոյզ մազերի մէջ

Մոլորւում է մեղւի նման բզբզացող աշնան քամին

Կամ պլլւում նայողների վիզ ու լանջին՝ չխայթելով.

– Քամին զանայ,

Ծոցըդ բանայ...

Հարս ու աղջիկ, ջահել կանայք

Դեռ չեմուչում, նազ են անում

Ու չեն մտնում պարաշրջան.

– Ե՛կ, ջանեջան...

Յետոյ արդէն չեն դիմանում

Ոսկորների ու լօդերի տանջող ցաւին,

Ու հնչում է մի ձևացո՜ղ,

Թէ՞ ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ:

Իսկ երբ տեղից մէկը պոկւում

Ու թռչում է պարաշրջան,

– Ա՜յ ջանէջան...

Միւսներն էլ՝

Լորերի պէս քլթիկ-մլթիկ՝

Հետևում են ողջ երամով:

Եւ արևի համ ունեցող,

Չորեքդիմաց ծամ ունեցող,

Մէջքակոտոր ծնկածալիկ,

Ծոցւոր,

Բոցւոր,

Խնկածաղիկ,

Խունջիկ-մունջիկ

Հարս ու աղջիկ՝

Սիրոյ հրշէջ-սիրոյ հրձիգ՝

Տասի համար անգութ դահիճ,

Մէկի համար խոնարհ ծառայ, –

Ճակատներին բոլոր «շահի»

Ու մէջքներին ոսկէ քամար,

Արեգակից շատ աւելի

Կարմրատակած իրենց շողից, –

Շաղ են գալիս ծլընգոցով,

Յետոյ շարժւում իրար կողքի՝

Ինչպէս անտես թելի վրայ

Հազարերանգ հուլունքի ծոր:

Պարաշրջանն է լայնանում,

Եւ փոխեփոխ՝

Հանգոյց-հանգոյց, օղակ-օղակ՝

Երգ են կապում աղջիկ-տղայ:

– Ի՞նչ ես կտոր-կտոր գալիս,

Ականջ արա, բան եմ ասում, –

Պարագլխի ձայնն է հոսում:

Խումբը խլում ու ձգում է,

-Ա՜յ եարէ ջան:

– Երբ խօսելու տեղն է գալիս,

Խոսկան տղի թութակ լեզուն... –

Մի աղջիկ է շուտ սկսում:

Օգնութիւն է խումբը տալիս,

-Ա՜խ մարէ ջան...

– ...Խօսկան տղի թութակ լեզուն

Սէրից էրւած խաղ է ասում, –

Տղան նրա խօսքն է կիսում:

– ...Չէ՝, բերնի մէջ լեզուն ասես

Կոտրւում է բանալու պէս, –

Ծամկտրածն է տղին կիզում:

Խումբը՝

-Հա՜-հա՜, հէ՛-հէ՛, հա՜-հա՜, –

Քրքջում է:

Ու թռչում է:

Իսկ ջահելը թէպէտ դաղւում,

Բայց և ուշքըն է գլխին ժողւում,

Ու երբ նորից հերթն է գալիս,

Պատասխան է մի կերպ տալիս.

– Էրւած սրտով եկել եմ ուխտ,

Որ պաղ սրտիդ անեմ մէկ թուղթ...

– Սեղան պաչեմ մէկ-մէկ ու ջուխտ,

Որ չբռնի ինձ գիր ու թուղթ...

– Օրոր-շորոր ով քեզ տեսաւ՝

Հաց ու ջրից կկտրվի...

– Հերի՜ք փչես, ա՛յ շան փեսայ,

Դալար շի՜վ եմ՝ չե՛մ կոտրւի...

– ... Հաց ու ջրից կկտրւի,

Կգայ ձեր տուն՝ դառնայ մշակ...

– ... Դալար շի՜վ եմ չե՛մ կոտրւի,

Սուտ խոսելն ես շինել փեշակ...

Խումբը նորից է խառնըւում

Իր գոչերով

Ու կոչերով.

– Դէ, թը՜ռթըռի,

Հոպտատըմբա՛:

Եւ դհոլչին ու զուռնաչին

Նւագում են թունդ Թռնոց-ին:

Եղանակը ծալծլւում է

Դարսւում իրար՝ ալիքի պէս,

Եւ փրփուրը կայտառութեան

Պղպջում է ջահելների գժւած սրտում:

Նոյնիսկ պարին չմասնակցող

Նախանձ կանանց բերանի մէջ

Սև ծամոնը՝

Օգտւելով հիացմունքի ազդու պահից,

Հանգստանում-շունչ է քաշում՝

Ատամների հետքով կնքւած իրաւունքով:

Սրա վզի «նապոլէոն»-ի,

Նրա մէջքի արծաթ գօտու

Շողքն է ընկնում վանքի պատին

Կամ դհոլչու նեղ ճակատին,

Յետոյ չքւում չաղ զուռնաչու չռւած աչքում:

Կրակ կըտրած կաղ դհոլչին

Հսկայական իր կոպալով

Եղանակը ետ է կծկում.

Ու զուռնաչու թշերն ուռած

Փուքսի նման իջնում են ցած.

Եւ աչքերը, որ խմիչքից ու զոռ տալուց

Լայնացել են ու կարմըրել՝

Գութան քաշող եզան հսկայ աչքերի պէս,

Հիմա նորից

Ստանում են մարդկայինի տեսք ու շնորհք...

Իսկ գաւիթի պարապից դուրս`

Դարձեա՛լ նւազ, պարեր ու տաղ,

Մանրիկ ժպիտ, զնգուն ծիծաղ,

Շիվ տւած սէր,

Ծլած յոյսեր,

Երազների

Լուռ թևածում,

Կարօտներից ծանրած հոգու թեթևացում:

Այստեղ

Հորթուկ զոյգ պատանի

կոխ են բռնել`

Այնտեղ`

Թաքուն`

Մի մատանի

Սիրած տղի ձեռքով դողդոջ

Չափսի գալիս սիրած եարի մատի վրայ

Ու վառում է մատն իր բոցով:

Այստեղ`

Ծերեր, որ մանկացած

Վէգ են խաղում կամ ներկած ձու:

Այնտեղ`

Ջադու պառաւների

Ասէկոսէ ու մերկացում:

Նոր ժամանած ուխտաւորներ

Վանքի ներսում, վանքի առաջ,

Դեռ չզոհւած հորթի տրտինգ,

Ու երինջի վերջին բառաչ,

Դեռ չմորթւած աքլորների

Անժամանակ զիլ ծուղրուծու:

Իսկ այս կողմում`

Լարախաղաց

Ու վազվզող մի ծաղրածու,

Եւ մի քամի, որ չգիտես`

Ծաղրածուին կապկո՞ւմ է, թէ՞ տնազ անում,

Լխիկոնծի-գլխիկոնծի`

Գժուկի պէս թաւալւում է, փոշի հանում,

Յետոյ, յանկարծ, թափ է տալիս կեղտ ու փոշին

Կիրակնօրեայ հագուստներին տղամարդկանց

Կամ ձեռքերն է շուտ մաքրելու սուտ փորձ անում`

Ջահել կանանց ազդրերին քըսմըսելով...

Վանքի շուքն է մէկ երկարում մէկ կարճանում

Ասես կրիայ մի վիթխարի`

Մերթ շոգելով մերթ մրսելով`

Իր գլուխն է սև զրահից դանդաղ հանում

Ու ներս տանում:

Իսկ լեռները`

Նոյնպէս իրենց ստւերներով,

Որ ձգւում են հետզհետէ,

Ասուլիսի թունդ սիրահար կանանց նման

Մօտենում են լուռ, թաթերին,

Նայում պիշ-պիշ...

Եւ մինչ խարոյկ-օջախների

Անբոց շեղջերն են մարմըրում,

Մատղացուի նման զոհւած արեգակի արեամբ բոսոր

Երկնի ամպերն են կարմրում:

Մութն այլևս չի ընկրկում բամբ ձայներից,

Որ մնջում են` չուզենալով,

Կամաց-կամաց:

Եւ լռութիւն մի վիթխարի,

Նախ դողէդող ու կարկամած,

Յետոյ քիչ-քիչ սիրտ առնելով`

Մօտենում է, ծանր թառում

Շշմած վանքին ու ձանձրացած սար ու քարին:

Եւ ոչ մէկը,

Բացի գուցէ մի անմարմին ներողամիտ հրեշտակից,

Եւ ոչ մէկը չի նկատում,

Որ կարճմօրուս մի անծանօթ,

Բերանքսիվայր պառկած կտրին դիմացի տան,

Ողջ ժամանակ աչքը նրանց

Եւ ականջը` եղանակին,

Անափ սրտում` հիսցմունքի ծփան մի ծով,

Սեղմ շրթերին` երանելի շաղւած ժպիտ,

Նրանց երգ ու նւագին է ականջ դնում ինքնամոռաց,

Եւ մատիտը ու թուղթն առած`

Նկարո՞ւմ է,

Թէ՞ գրում է

Ինչ-որ նախշեր ծուռտիկ ու ծուռ`

Նման կարծես այն գրերին,

Որ գրբացն է թուղթ անելիս միշտ գըծմըծում:

Ո՞ր գիւղացու,

Ո՞ր միամիտ աստւածաւախ շինականի մտքով կանցներ,

Թէ հոգևոր

Մի վարդապետ բեղ-մօրուքով

Վանք է եկել` վանք չի մտել

Վանք է եկել, բայց ո՛չ ուխտի,

Ո՛չ քարոզի կամ օրհնութդան,

Այլ հեթանոս ու կռապաշտ:

Դատարկ-մատարկ խաղ լսելու,

Որ կապում են աղջիկ-տղայ,

Լակոտ-լուկոտ:

Մ ե ղ ա յ ք ե զ, տ է՛ ր...

ՂՕՂԱՆՋ ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ

Աշունն անվերջ խորանում ու խորանում է,

Արագածն ու Մասիսներն են արդէն ձնել:

Մինչ տանիքին արքադն արդեօք չորանո՞ւմ է,

Թէ՞ թացանում շաղոտ-ցօղոտ առաւօտից

Եւ իրիկւայ եղեամաշունչ խոնաւ օդից,

Նոյն այդ պահին նկուղներում ու մառանում

Կախանները սրսըփալով

Սեղմըւում են,

կպչում իրար՝

Իրենց ճխտուն՝ առանց այն էլ նեղ շարանում:

Այնպես հաստ է սերակալում մածունն արդէն,

Որ գդալը պիտի խրես բահի նման,

Բայց իր տեսքով հիմա ամէն մածնաման

Տեսնողի մէջ իսկոյն սարսուռ է հարուցում:

Իսկ զարս-կարագն անգամ հարուստ տան խնոցու

Երեկ` հսկայ դդմի նման,

Այսօր` դառնում հազիվ մի ձու,

Փոքրանում է` անհետանալ շտապելով:

Եւ մանրամաղ ուշ անձրևներ վար թափելով`

Պատրաստւում է երկինքն արդէն

Ձնով նախշել գետինը պաղ:

Բարակում են, դառնում ճապաղ

Ծիծղուն աղբիւր, ցատկան վտակ:

Օրստօրէ` պատերի տակ

Էլ ո՛չ նարդի չխկացընել,

Ո՛չ էլ խաղալ վէգ ու դամա.

Արդէն կարգին ցուրտ է հիմա:

Եւ ներկարար աշնան հետքով

Ինքը ձմեռն է մօտենում

Ինքնավստահ, ծանրաբարոյ

Վարագուրւած երկինքներից

Դանդաղօրէն իջնում է ցած,

Անցնում, գալիս սար ու քարով,

Նստում ծանըր ու պնդանում

Եւ անշտապ մի լրջութեամբ

Զբաղւում է սա էլ արդէն... նկարչութեա՜մբ,

նկարչութեա՛մբ,

Որ մէկ գոյն է լոկ ընդունում:

Երբ արևը ցոյց է տալիս իրեն մէկ-մէկ`

Սակաւ, ինչպէս թոյլ ժպիտը

Հիւանդ դէմքին մի աղքատի,

Սկսում են սառոյց ու ձիւն դառնալ կաթիլ,

Սկսում են, բայց և իսկոյն

Իրենց սխալն իրենք զգում,

Շար են շարւում սրա-նրա տան ճակատին,

Ջրհորդանի շիլ երկաթին,

Եւ – թէ՞ ինչպէս չե՛ս նկատի – ամենուրեք

Ու յատկապէս եկեղեցու բարձր պատից

Կախ է ընկնում սառցի լուլան`

Մէկը մէկից երկար ու լայն`

Երեխեքի ախորժակը բաց անելով:

Կախ է ընկնում և – ըստ տատի –

Ճերմակ Դևի դիտմամբ չռւած մատների պէս

Երեխեքին ահ է տալիս` չանչ հանելով,

Որ փայտ-քարով ցած չգցեն,

Վերցնեն ծծեն,

Թէ չէ` կապոյտ հազ կկպչեն...

Երդիքներն են որ ամէն օր լուսածագին

Թոնիրների ծուխն են անվերջ երկինք փնչում,

Իսկապէս որ կարծես շնչում

Խոր քուն մտած Սև Դևի պէս:

Ու երբ ձմռան անծայրածիր սպիտակին

Մարդիկ իրենց մժեղային սևն են խառնում`

Տաք տներից ելնում են դուրս ու, խևի պէս,

Ո՞ւր են գնում-ո՞ւր են դառնում` չես ըմբռնում,

Եւ իրենց իսկ շունչն է իսկոյն եղեամ դառնում

Իրենց փռչոտ-թաւ բեղերին,

Որ սարեակի թևերի պէս

Մեկնւում են տարբեր կողմեր, -

Հենց ա՛յդ պահին,

Նո՛յն ժամանակ

Սառնամանիքն է ինքնակամ կարգւում հսկիչ,

Ու պահակ են դառնում անվարձ

Ամէն տեսակ պաղ-պաղ հողմեր...

Իսկ աղքատի դատարկ գոմում

Մսրան պատի քարերն ամբողջ

Այնպէս առատ են եղեամում,

Որ աղասէր ու դեռ անփորձ

Հորթ ու երինջ

Եղեամը ջինջ

Մոլորութեամբ կարծելով աղ`

լիզմըզում են ու ի՜նչ, աւա՛ղ,

Լեզուն քաշել են շտապում

Ծանօթացած

Այն սրտփորիկ-կեռակտուց զգացումին,

Որ այդպէս էլ չեն իմանայ,

Թէ կոչւում է հիասթափում...

Տարւայ այս ուշ եղանակին,

Երբ դեռ վաղուց` աշնան տաքին

Հարկաւորը աղել,

Մաղել,

Աւելցուկը հողում թաղել,

Սարքաւորել,

Կարգաւորել,

Կժի ճաքին,

Շորի ծակին

Կիր են դրել ու կարկատան,

Երբ տանիքի ծուռվիզ դէզի

Անգամ տեսքից մարդ է մրսում,

Մինչդեռ այդ նոյն դէզի ներսում,

Ձիւն-սառցի տակ

Այնպէս է տաք,

Ինչպէս մարմինն անթև ճուտի,

Կարծես վաղուց` ամռան մուտին,

Դրսում գերել,

Այստեղ բերել

Ու պահում են ձմռան համար

Մի պատառիկ ջերմին ամառ

Եւ մի բաժին անուշ գարուն`

Ծիածանի գոյներ պահած իր խոտերով,

Իր զմռսւած ծաղիկների ծով հոտերով,

Տարւայ այս ուշ եղանակին,

Երբ կոշտապատ ձեռք ու բազուկ

Հանգստանում փոքրիշատէ

Ու դառնում են մի քիչ նազուկ,

Տարւայ այս ուշ եղանակին,

Երբ բահը թանկ, եղանն անգին,

Լուծը երկար, սամին թզուկ`

Մի անկիւնում,

Իրար գլխի,

Պարապ-սարապ`

Վերևից են նայում հիմա խեղճ թիակին,

Որով անվերջ պէտք է բակի

Ու կտուրի ձիւնը սրբել, –

Տարւայ այս ուշ եղանակին

Էլ գիւղացուն ի՞նչ է մնում,

Թէ ոչ երգե՛լ, պարե՛լ, հարբե՛լ,

Ժամանակն է սուրբ պսակի,

Մէկ-տասնըմէկ հարսանիքի...

ՂՕՂԱՆՋ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ

Արդար լոյսը դեռ նոր բացւած`

Թագւորահօր տան տանիքին

Զուռնան զլում է Ս ա հ ա ր ի

Եւ հեռաւոր ու թաղական,

Ազգ-ազգական,

Գիւղ-գեղովի

Հաւաքւում են կամաց-կամաց

Ուրախութեան մի ժողովի,

Որին թող որ աստծու կամքով

Արժանանայ ամէն օջախ:

Ու զուռնայի փողն է դառնում

Թէ` աջ ու ձախ,

Թէ` վար ու վեր,

Մարդիկ օղուն գինին խառնում

Ու մոռացած դարդ ու ցաւեր

Հանձնւում են ուրախութեան:

Ե՛ւըս մի փարչ չափից աւել,

Ե՛վըս մի գաւ թունդից ըմպում`

Ու սիրտն ի սէր անկախութեան

Գլխի դէմ է ապստամբում:

Իբրև ազդու քաջալերանք`

Գոռ դհոլն է անվերջ դմբում,

Ու կորչում է, ամէն վարանք.

Պար են մտնում արդէն նրանք`

Մինչև մի պապ կամ մի նանի,

Մոլութիւնից նրանց հանի,

- Տո՛, կսպասե՜ն հարսի հէրանք...

Եւ աղմուկով, ուրախ-զւարթ աղաղակով,

Գլուխները նւագից ու խմիչքից տաք,

Իրար խառնած խօսքեր քնքուշ ու բիրտ կատակ`

Թագւորահօր տան լի բակով,

Կալատակով,

Հոծ ամբոխը հարսնահիւրի

Գիւղամիջով հեղեղում է խնամոնց տուն:՜

Դհոլ-զուռնի խենթ նւագն է անվերջ թնդում,

Եւ դհոլչու ու զուռնաչու առջևն ընկած

Կրակ կտրած երիտասարդ մի թխադեմ`

Թագաւորի սրտամօտիկ մակարներից

Լող է տալիս գետնի վրայ՝ զոյգ ոտներով,

Մինչ ձեռները օդի մէջ են թիավարում:

Մերթ պպըզում,

Ասել յոգնած էլ չպիտի տեղից ելնի,

Վեր է ոստնում մի պահ յետոյ

Եւ մի ոտը կեռած օդում`

Տնկւում է նա միւսի վրայ,

Ապա արդէն երկու ոտով

Քայլ է անում մանր ու մօտիկ,

Վազ է տալիս արագ-արագ,

Վազ է տալիս ոչ թէ առաջ,

Այլ նոյն տեղում դոփդոփելով,

Յետոյ քայլը զգուշօրէն այնպէս փոխում,

Իր ոտները չի կամենում ասես թրջել

Աներևոյթ ջուր ու ցեխում:

Ու մի վայրկեան նայում է դուրս

Ձմեռային արփին քնկոտ,

Ասես զարթնած այդ զուռնայի ձայնից վայրի

Եւ ապակու ինչ որ բեկոր`

Ափսոսանքով ջարդւած մի շիշ կամ աղաման,

Պսպղում է կեղտաջրում`

Ցերեկային ու Երկրային աստղի նման:

Պար է պարում հիմա արդէն

Մի շորորուն զրինգ պառաւ`

Թագաւորի մի մօրաքոյր կամ քեռակին,

Եւ կարծես թէ իւղ են ածում

Ուրախութեան թէժ կրակին.

Ծափ ու ծիծաղ,

Սուր-սուր խօսքեր,

Որ չեն պահում վիրաւորանք...

Ա՜խ, վարդապե՛տ,

Այսպէս սրանք

Երգ ու տաղով,

Պար ու խաղով

Պիտի հասնեն խնամոնց տուն,

Պիտի այնտեղ ուրախ կոնծեն,

Պիտի ուզեն հարսի խոնչեն,

Պիտի պաչեն պառաւներին

Ու յագուրդ տան ծարաւներին

Վառ օղիով, գինին` աւել:

Ա՜խ, վարդապե՛տ, այնտեղ նրանք,

Ըստ ընդունւած սովորոյթի`

Դեռ կսարքեն անմեղ դաւեր.

Կգողանան թմփլիկ հաւեր,

Աքաղաղներ զառ ու գիրուկ,

կթռցընեն ճաշի պնակ,

Կքաշքըշեն իրար ականջ, բեղ ու մօրուք`

Իբրև զւարթ ուրախութեան անմեղ հանաք, -

Ու դեռ կերգե՛ն, կերգե՛ն, կերգե՛ն,

Կայրեն հոգի, սիրտ կմըրկեն...

Էհ, վարդապե՛տ, ո՞վ չգիտի,

Էլ ուր մանց դու չիմանաս,

Որ հարսնահօր տնից պիտի

Դուրս գան սրանք ուրախ-խնդուն,

Ճափայ ընկնեն դէպի ժամտուն, -

Ոմանք`

Արդէն ետևառաջ «ութ գծելով»,

Ոմանք`

Կանանց կռնակներին պագշոտօրէն աչք գցելով, -

Պիտի գնան գիւղի ժամտուն,

Լսեն փոշոտ-մաշւած խօսքեր գրաբարի`

Հասկանալով իմաստը լոկ երկու բառի.

– Տէ՞ր ես,որդեա՛կ...

Հազա՜ր անգամ տեսած մի ծես,

Սուրբ է թէպէտ,

Բայց, վարդապե՛տ,

Նոյնքան ծանօթ ու տաղտկալի,

Վառւող մոմեր ու խնկի ծուխ,

Որոնց հոտից յաճախ կարծես

Մարդու քիթ է խտուտ գալիս,

Ուխտ պահանջող-երդում կնքող Աւետարան,

Որ մագաղաթ իր շուրթերն է իրար տալիս,

Բախտաւորին օրհնանք դառնում,

Իսկ դժբախտին` ցմահ դարան...

Հարսանեկան բազմութիւնը տաք ալիքով

Հիմա արդէն, տե՛ս, յորդում է գաւթից ժամի`

Ճանապարհին կանգ առնելով դռների քով

Սեղան հանած մօտ ու հեռու բարեկամի:

Կարկտում է ամբողջ թափով,

Կարկտում է կոպալը, տե՛ս,

Եւ հաւքերի երամի պէս

Թռչկոտում են թղթէ փողեր:

Զուռնան գծում մանրիկ օղեր

Ու ճարմանդով ելևէջի

Կապ է գցում, իրար հինում`

Եղանակից շղթայ շինում...

Եւ ընկնելով

Յանկարծակի բարիացած քամու վիզը`

Քայլ է անում նաև խեղդւած-կոնդւած ձիւնը:՛

Տեղ են հասնում:

Կրակւում են հրացաններ`

Դէպի երկինք,

Որ կէս մի ժամ

Ազատւել է մութ ամպերի ձեռքից դաժան:

Կրակւում են հրացաններ,

Եւ այդ անմեղ-անչարամիտ մահափորձից

Մեծահոգի երկինքն անքէն

Ո՛չ դատի է տալիս նրանց,

Ո՛չ էլ նոյնիսկ պահում վրէժ

Այլ ժպտում է կապո՜յտ-կապո՜յտ

Ու ծիծաղում մեծավարի`

կրակոցը կարծես նրան

Պատճառել է միայն խտուտ:

Հարսանքատուն մըտցնելիս

Թագաւորի ու թագուհու գլխին

Վերից

Ցած է տեղում չամիչ-փշատ,

Նողուլ-նաբաթ,

Չիր ու չոր թութ

Կարկտախառն յորդ անձրևի խշխշոցով,

Եւ սերկևիլ, տանձ ու խնձոր`

Զատկին ներկած ձւերի պէս գունակ-գունակ:

Դռան շեմին

Թագաւորի ու թագուհու ոտքերի տակ

Փշրւում է բոլոր ափսէ մի սպիտակ,

Ինչպէս լուսնի երկւորեակը`

Խաղաղ լճում ներկւած քարից,

Որ ցաւ ու չոռ, անբախտութիւն հետը տանի...

Դէ, վարդապե՛տ, հիմա նրանք

Բաժակների չրխկոցին

Պիտի խառնեն հարսանեկան

Քեզ սիրելի ու դուրեկան

Փունջ-փունջ երգերը Ծաղկոցի.

Քիչը` ծանօթ,

Շատը` նոր գիւտ,

Եւ բոլորը` ուշագրաւ:

Եւ իսկապէս հարսանքատան

Ծխոտ-մրոտ օճորքի տակ

Անկրկնելի եղանակով

Գովերգւում է թագաւորի մահուդ չուխան

Գուլպան պուտ-պուտ,

Քիրման գօտին,

Շապիկը շալ,

Ձին հրեղէն`

Ինքն էլ վրէն.

– Աստծո՜ւ բարին

Մեր թագւորին,

Մեր թագւորին`թագն ի գլուխ:

Իսկ բքաշունչ ձմռան քամին

Չարանում է իր մտքի մէջ ու կատաղում,

Ինչ է թէ, տե՛ս,

Հարսանքատան դուռն են ահա իր դէմ փակել,

Ու րոպէն մէկ սկսում է դուռը թակել

Կամ աւլելով ձեան շեղջերը տանիքներից`

Բաց երդիքից ներս է մաղում,

Բուռ-բուռ շաղում`

Կարծես դիտմամբ ուտելիքն է անվերջ աղում,

Որ ամէն ինչ... չուտւելու չափ աղի լինի:

Օճորքի տակ հարսանքատան

Երգում են դեռ Գովքը փեսին:

Այնուհետև – այդպէ՛ս – արդէն երգ են դառնում

Ու թագուհու բոյրին իրենց հոտն են խառնում

Ճերմակ շուշան, ոսկէ ծաղիկ

Եւ վարդենիս,

Որոնց նման.

- Անուշ բուրէր քո թագուհին:

Կոշտ կոպալն ու վայրի զուռնան`

Քնքուշ երգից ամաչելով`

Ետ են քաշւել ու տեղ տւել,

Որ կարկաչեն դափ ու դուդուկ.

– Պնդուկի ծառ կապէր պնդուկ,

Էնոր նման պտկէք և դուք:

Բարեբանող երգը հիմա

Օրօրւում է,

Շորորւում է

Այգու նման մի պտղաբեր.

– Խաղողի ուռ կոչակ կապեր,

Պտղէք դուք էլ էնոր նման:

Ու երգողի ձայնը ծորուն

Երգի ծայրը ետ ոլորում,

Աւարտում է` հանգոյց տալով...

Ու տեսնում են դէմքերն իրենց

Օղի-գինով մի բաժակում,

Եւ կոնծելով նոյն պահին հենց`

Աւերում են դէմքերն իրենց

Ու հետևից շուտ ճաշակում

Կէս թաս շորւա,

Մի ֆոնտ գէր միս,

Եւ այնպիսի ախորժակով,

Խեղճերն ասես սրբի նման

Պաս են պահել մի ողջ ամիս:

Դափ դուդուկից հիմա արդէն ծայր է առնում

Նուրբ ու նազուկ մի Ձեռնախաղ

Յարուցելով հիացագին «վա՜յ-վա՜յ... ա՜խ-ա՜խ»:

Հասակակից հարս աղջկայ հրմշտոցից սրտապնդւած`

Չեմուչումով վեր է կենում

Մի թուխ վարսեղ հասուն աղջիկ,

Ու նազում է մի ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ:

Շագանակէ իր աչքերը պատսպարած թարթիչներով`

Նա թափանցիկ իր ականջին

Պահ է տալիս անհնազանդ մի սև խոպոպ

Եւ կէս մարած քայլ է անում

Դէպի կենտրոն պարաշրջան:

Եղանակը մօտենում է ու հեռանում:

Եւ որսալով մօտեցումը եղանակի`

Իր ամօթն է անմիջապէս նա մոռանում

Ու դալարուկ մէջքը իսկոյն կեռ-մեռ անում,

Սահ է սահում,

Այնպէ՜ս սահում,

Որ մի վայրկեան... ամենքի հետ`

Դուդուկահարն ինքն էլ նոյնպէս շունչն է պահում...

Դիւրագրգիռ դափն է յանկարծ ընդոստ զարկում,

Ու դառնում է նւագն ահա է՛լ աւելի լարաթրթիռ,

Ձեռքերն ասես թէ խրտնելով վեր թևարկում,

Յետոյ, կարծես ապահովւած

Ետ են գալիս թառում սրտին:

Իսկ ոտքերից մէկը`

Կարծես գորովանքով ապտակում է

Պաչ պահանջող գժուկ գորգին.

Մերթ կրունկով ու մերթ թաթով

Մանրիկ-մանրիկ տկտկում է,

Մինչդեռ միւսը ինքն իր կարգին

Սահում է լուռ, սակայն յուզւած,

Կարծես շոյում մաքուր խուզւած

Խիտ մազերը այդ նոյն գորգի:

Պարո՜ւմ է նա,

Եւ աչքրն են դառնում տամուկ:

Պարո՜ւմ է նա,

Եւ հագուստը խայտաճամուկ

Մերթ ծալեծալ, փոթ-փոթ գալիս,

Մատնիչօրէն ցոյց է տալիս

Իր թաքցրած ձևերը պերճ ու խելքահան,

Մերթ էլ կիտւած ծալքերն ահա

Ետ են դարսւում,

Բացւում-պարզւում

Եւ վաւաշոտ տղամարդկանց

Հայացքների նետերի դէմ

Կրկին դառնում մի իւրովի ազնիւ վահան:

Պարո՜ւմ է նա,

Վառո՜ւմ է նա,

Եւ բոլորը` մեծ թէ պուճուր,

Մոռանում են հասակն իրենց,

Դուրս են ելնում տարիքներից:

Եւ չափ տւող թունդ ծափերի ալիքներից

Արձանի պէս անշարժացած նորահարսի

Քողն է ուռչում ու կուչ գալիս,

Ու նորատի հարսնաքրոջ

Զառ լաչակն է բաց-խուփ անում,

Ամէն անգամ մերթ` թաքցընում փոսիկն այտի,

Մերթ` դունչիկի ոսպանման խալը բանում:

Ծափ է տալիս մինչև անգամ նորափեսան`

Մոռանալով, որ ուրիշի պսակ չէ սա,

Մոռանալով, որ ինքն այստեղ

Ոչ մակար է, ոչ էլ քաւոր:

Իսկ նա... կարծես չի էլ լսում.

Ոտն է հազիւ գորգին քսում

Եւ շարժումով մի հարկաւոր`

Թէ՛ նազելի, թէ՛ յարգևոր,

Պտտըւում է կրունկներին,

Որից նրա շորը ճամուկ

Քիչ ուռչում է թեթև քամուց.

Յետոյ` կարծես ամաչելով`

Նորից կպչում սրունքներին:

Եւ խելքամաղ ջահել տղերք,

Տղամարդիկ սիրակեղեք

Իրենց մատնող-դաւաճանող աչքերն ահա

Թարթիչների սուտլիկ-մուտլիկ խաղով կոծկում

Եւ թուլակամ շրթունքներն են բռնի կոճկում...

Ա՜խ, Վարդապե՛տ, յիշո՜ւմ ես դու

Գարնանային այն օրն անցած,

Դաշտում դաղձ ու սիբեխ քաղող

Այն հարսներին, աղջիկներին.

Փախուստը քո դէպի պաղ խուց...

Վաղուց էր դա,

Վաղո՜ւց, Վաղո՜ւց,

Յիշո՞ւմ ես դու,

Ա՜խ, Վարդապե՛տ,

Ո՞նց չյիշել,

Երբ ողջ գիշեր

Մի տանջալից ծանըր երազ քեզ տւայտեց,

Քեզ փարւելով` նաև խայթեց,

Խայթեց` ինչ-որ անուշ ցաւով,

Անո՜ւշ-անո՜ւշ, ինչպէս հիմա`

Այս վայրկեանին...

Նոյն վայրկեանին

Մի թուխ կտրիճ մէջքին քամար,

Հագին չուխայ մէջքապնդուկ,

Հնոցի պէս բոց աչքերին

Ածուխի պէս սև-սև կամար,

Հայացքը` լուրջ, դէմքը` յանդուգն, –

Արջի նման մէջ է գալիս,

Ծանրամարմին պտոյտ տալիս,

Բայց... կոպալի դեղին հարւած –

Նա` նւագին հաւասարւած,

Արջից յանկարծ վագր է դառնում`

Թեթև ցատկով վեր է թռնում

Ու թէև նա ոչ մի բանից

Ո՛չ կախւում է, ո՛չ էլ բռնում,

Բայց մնում է վեր` օդի մէջ:

Ու պարուհու

Սև յօնքերի երկաչքանի կոր կամրջով

Անց է կենում

Մոլորաքայլ մնջախաղի մի մտածում:

Յետոյ կամուրջն իր յօնքերի

Կշեռքի է նա վեր ածում

Եւ թոյլ տալիս իր աչքերին,

Որ վեր ու վար նժար ճօճեն.

Մնջախաղով կշռում է նա

Նրա բախտը`

Իր «հա»-ն ու «չէ»-ն...

Ու քայլում է աղջիկն այնպէս զգուշօրէն,

Քայլ է փոխում կարծես ոչ թէ գետնի վրայ,

Այլ սառոյցի.

Ամա՜ն, յանկարծ չսայթաքի ու չընկնի վայր, -

Ցաւը ոչինչ, փակ տեղերը բաց կլինեն`

Կդառնայ խաղք ու խայտառակ:

Նոյն այդ պահին

Տղան այնպէս է կտկտում,

Այնպէ՛ս արագ,

Կարծես սրա ոտների տակ, ընդհակառակն`

Արդէն ոչ թէ սահուն սառոյց,

Այլ լոկ կրա՜կ,

Խարոյկի մեծ շեղջ է փռած,

Եւ որպէսզի չայրի իրեն`

Աշխատում է քիչ դիպցընել ոտքը գետնին

Ու շատ մնալ օդում` թռած...

Կոտրատւում է աղջիկն էլի ու նազ անում,

Եւ ժպիտը`

Գարնանային երիժնակի ցօղունի պէս,

Որքան քաղցր է ու հիւթալի – նոյնքան` փշոտ:

Ու տեսնելով, որ աղջիկը չի հեզանում,

Պարեկ տղան, ցաւը դէմքին, ցատկում է օդ,

Փլւում, գետինն է սասանում:

Ոտներն արդէն յաճախ-յաճախ

Թեք են տալիս մէկ աջ մէկ ձած,

Մինչ իրանը` գոտկատեղից`

Չի էլ շարժւում անգամ տեղից:

Իսկ ձեռքե՜րը... մի կատարեալ,

Մի կատարեալ... ի՞նչ... գալարա՜նք.

Առաջ ու ետ, վերև-ներքև`

Բան են որսում ասես նրանք,

Մերթ` բարկացած ու կատաղի,

Մերթ էլ յանկարծ տատամսում են ու վարանում,

Կարծես արդէն մթան մէջ են բան որոնում:

Նորից` ընդոստ.

– Տաշի-տուշի...

Յետոյ` յուշիկ.

– Հոպտտա-տմբա...

Եւ դառնում է պարն աւելի առոյգ ու ժիր:

Ու պարեկի շալէ թումբանն

Իր իսկ հանած հողմի առաջ

Փռփռում է` կարծես դառած

Դարբնոցի մեծ փուքսը կաշւէ:

Հետզհետէ մեծ ու փոքր աւելի են մօտիկանում,

Իրար սեղմւած` պարողներին մտիկ անում,

Յետոյ սրտի ամբողջ տապով

Ծափ են տալիս պարի չափով

Ու պարն անվերջ տաքացընում.

- Սը՛-սը՜, Սը՛-սը՜...

Իրենց դմբոյ էրիկներից դժգոհ կանայք

Մտքների մէջ կամ բացայայտ հոգոց հանում

Ու ձեռքերն են ցաւով տանում

Իրենց կրծքին... ինչի՞ց ուռչող:

Մինչ պարեկը

Ձմռան պաղած հողն է – թը՛կ-թը՛կ այնպէս դոփում,

Մեխ է կարծես այնտեղ խփսւմ

Իր ոտքերո՜վ, ոչ թէ մուրճով.

Մինչ պարեկի ուսերը, տե՛ս, պար են պարում

Իր իրանից ու ոտքերից ասես անկախ ու ինքնավար,

Յօնքերն, ահա՛, պար են գալիս իրենց համար`

Կամ շինելով, կամ քանդելով երկու կամար,

Պար են գալիս աչքերն անջատ,

Դաստակը` ջոկ,

Թաթն` առանձին,

Ծունկը` ծալւած,

Իրանը` ձիգ,

Գլուխն` ուղիղ,

Իսկ վիզը` թեք.

Բոլորն` անջատ և առանձին,

Բայց և այնպէս` բոլորը մէկ, –

Նոյն ժամանակ

Շիւ աղջկայ թևիկները, աղաւնու պէս,

Մերթ տեսնում ես` քիչ է մնում թառեն գետնին,

Ասես սրսուռ կուտի վրայ,

Մերթ էլ տեսար` վեր են սուրում,

Ճախր են տալիս,

Յետոյ, ինչպէս բոյնի չորս կողմ,

Գլխի շուրջն են պտոյտ գալիս,

Ու վերջում էլ,

Երբ նազելի մի շարժումով կանգ են առնում,

Խոնարհաբար գլուխ տալիս`

Իբրև նշան ներողութեան,

Որ դադարում են պարելուց, –

Ձեռքերն այնժամ հեզ ու հլու`

Երկու յոգնած աղաւնու պէս`

Թևը ծալած կուչ են գալիս,

Որ անհանգիստ-վայրիվերող կրծքի վրայ

Հանգստանան,

Մինչդեռ տղան վերջին անգամ

Ոտքի վրայ օղակ տալով`

Ցատկում է վեր,

Եօթ-ութ վայրկեան օդում մնում արձանացած

Եւ, քարի պէս, ընկնում է ցած

Ընկած տեղը ծնկի գալով...

Ու հնչում է կենաց մի նոր`

Թագւորահօր,

Թագւորամօր

Կայ-չկայի, ծետ ու պետի:

Ա՜խ, Վարդապե՛տ, հիմա պիտի

Պատկառելի մի նոր տաղով

Կանչեն փեսի պապ ու տատին,

Հօրն ու մօրը,

Քուր-ախպօրը`

Ամէն մէկին մի տուն խաղով,

- Որ գան նստեն, դարպաս անեն,

Ծնրիկ զարկեն սուրբ սեղանին,

Հրամմեն բարին մեր թագւորին...

Յետոյ արդէն մի բաղաձայն կատակասէր,

Սկսելով զաւեշտական իր խաղն ասել`

Գովքի դիմաց պիտի չուզի, այլ պահանջի՛

Փեսահօրից`

Սել մի սեղան...

Փեսախպօրից`

Խոյ մի խորվու...

Փեսաքուրից`

Գուլպայ եօթ ջուխտ`

Իմանալով, որ կստանայ

Իր խոպաձայն երգի դիմաց,

Երկու ճնճուղ,

Մէկ գարեհաց...

Յետոյ պիտի կարգով հնչեն

Կարգի դրւած հազար կենաց

Աւանդական ու կրկնւող՛

Համեղ թէպէտ,

Բայց չփոխւող ճաշերի պէս հոգնեցուցիչ,

Որ և սրանք պիտի կուլ տան

Թունդ օղիով, գինով անուշ

Ու հետադարձ ճամփան թակեն

Խաշլամայի պատառներով:

Դեռ Վարդապե՛տ, դու կտեսնես

Ալիք-ալիք ծփան Շորոր,

Ապա Նազպար,

Եւ, հակառակ իր իսկ կամքին,

Մի կաքաւող աղջիկ կամ կին,

Ա՜խ, Վարդապե՛տ,

Մինչև անգամ վարդապետին կուսակրօն

Յիշել կտայ... պիղծ մի ջաննաթ`

Մեր անալի դրախտի տեղ,

Յիշել կտայ պիղծ մի ջաննաթ`

Խարդաւանքով անգոյ չարի:

Յետոյ... ապա...

Դեռ կայ Դարձպար,

Կայ Թոնոցի, կայ Քոչարի,

Երբ սկզբում կռնաբռնուկ`

Քիչ ծալւելով,

Շատ տարւելով,

Յետոյ արդէն թևատրուկ`

Շեշտով հատու և կտըրուկ

Դէպի առաջ քիչ են տարւում,

Այլ մօտեմօտ ծնկածալւում,

Ասես իրար ուժ գումարած,

Մի սի՛րտ-մի կա՛մք-մի մա՛րդ դառած`

Աչքի համար անտես մի պատ

Պիտի քանդեն իրենց ուսով.

Յետոյ, յանկարծ, ամբողջ ուժով,

Ասես իրար խիստ կարոտած

Պիտի ամուր գրկեն իրար

Մէջք ու իրան

Եւ թի՜ռ թռչեն մէջքագրկուկ:

Եւ ժամանակ առ ժամանակ

Իր կոպալի զարկերի հետ

Խաղացնելով ողկոյզի պէս գռուզ բաշը,

Խմած գինուց ու եռանդից կարմրատակած`

Աքլորի պէս կծղրտայ գէր դհոլչին.

-Այ շաբաաաաաա՜շ - հա, -

Ու փութաջան թքոտելով թուման-տասնոց`

Կկպցնի իր ճակատին

Կամ կխրի գդակի տակ`

Կէսը կախած իր ծոծրակի,

Իր յօնքերի, դէմքի վրայ`

Թղթէ գունեղ ծոպքերի պէս:

Եւ կըտևի դա մինչև լոյս,

Մինչև բարի աղօթարան,

Երբ որ Պարոն աքլորն, իզո՜ւր,

Երբ որ Տիկին հաւերն, իզո՜ւր,

Ուժ պիտի տան կոկորդներին`

Յայտարարեն լոյսը բացւած,

Ու չլսեն իրենց ձայնը անգամ իրենք`

Դհոլ-զուռնի զորութեանը կուլ գնալով...

Ա՛խ, միամի՜տ իմ պապերի

Մանկաբարոյ ուրախութիւն,

Որ տևում էր եօ՜թ օր-գիշեր,

Որ անցնում էր երգ ու պարով,

Կռիւներով գինեհարոյց,

Ու հաշտութեամբ գինեմիջնորդ...

Ա՛խ, միամի՜տ իմ պապերի

Մանկաբարոյ ուրախութիւն

Սերմի առթիւ` դեռ չցրւած,

Մանկան առթիւ` դեռ չծնւած...

Ա՜խ, անգիտա՜կ իմ պապերի

Բնապարգև հարստութիւն

Հազար երգ ու եղանակի,

Որ չունէին տէր-տնօրէն

Ու զուրկ էին հեղինակից.

Անհատնելի մի գանձանակ,

Որ շաղ տալիս անփութօրէն,

Ցրում էին հայ գիւղացիք

Իրենց մաքուր շրթունքն ի վար`

Ինչպէս որ միշտ և ամենուր,

Այս անգամ էլ հարսանեկան

Ուրախութեան այս առիթով`

Ցանկանալով սէ՛ր, միութի՛ւն, երջանկութի՛ւն,

Բոլորովին մոռանալով այդ վայրկեանին,

Որ հեշտօրէն չի կատարւում ամէն մաղթանք,

Որ կարող է նաև լինել...

ՂՕՂԱՆՋ ՄՐՄՈՒՌԻ

Իսկ թէ լինէր - Աստւած չանի -

Իսկ թէ յանկարծ այնպէ՜ս լինէր,

Որ այգու պէս անուշ բուրող նորահարսի առագաստում

Գառի նման մշմըշալով

Ամէն գիշեր հանգիստ քնէր

Ընդամենը մի տասներեք գարուն տեսած նորափեսան

Մէջքը հարսին, դէմքը պատին, -

Այնժամ պիտի հարսն ի՞նչ անէր:

Ա՜խ նա ինչպէս բութ մանգաղից, անվերջ քսւող անիւղ յեսան,

Քար էլ լինէր` խարտւէր պիտի,

Փոշի՜-փոշի՜ պիտի մաշւէր,

Եւ ձեռն ի ծոց ու վիզը ծուռ`

Մի խուլ անկիւն պիտի քաշւէր,

Գրտնակի պէս լիք ու լխտիկ իր թևերը յօշոտելով,

Անիծելով իր բախտը սև,

Երազելով գգւանք ու սէր

Պիտի երգէր ողի՜կ-ողի՜կ,

- Իմա՜լ էնեմ, իմա՜լ չենեմ,

Եար պստիկ ա, շիւարել եմ...

Իսկ թէ`լինէր, այնպէ՛ս լինէր,

Որ ընջաւոր

Ու փնջաւոր`

Ծամո՛վ մի կին,

Որ կարճըլիկ

Ու կարճուլիկ`

Համո՛վ մէկին

Օր ծերութեան դարձնէր կին

Մի անատամ կծու խոջա

Քիթը` բարդան, ոտքը` քոթուկ,

Աչքը` ճպիռ, վիզը` ճօճան...

Իսկ թէ` լինէր, այնպէ՛ս լինէր,

Որ լի տունն իր վանդակ շինէր

Ու այդ ոսկէ նեղ վանդակում

Փակէր կաքաւ մի կլորիկ

Մի սիրաւոր

Եւ վիրաւոր

Եւ սևաւոր

Անբախտ լորիկ, –

Իսկ թէ ահա այսպէ՛ս լինէր,

Այդ օր մահու քաւթառի հետ

Նոյն չոր բարձին

Լերկ գլխի դէմ վարսեղ գլուխն ինչպէ՞ս դնէր,

Ծմակի պէս պաղ այդ ծոցում ինչպէ՞ս քնէր,

Կրակ կողերն ինչպէ՞ս հպէր լուլա-սառցին,

Ինչպէ՞ս, ինչպէ՞ս մալուլ երգով ծունկ չծեծէր,

Ծամկտրածը իր մարէին ո՞նց չանիծէր,

Ինչպէ՞ս չասէր, որ նա արեց իր բախտն աւեր,

Ջահել սրտում կրակի պէս վառեց ցաւեր,

Արար աշխարհ լիքը լաւեր`

Ինչո՞ւ թողեց կտրիճ քաջին,

Ինչո՞ւ տւեց քաւթառ խոջին,

– Իմ կեղտ էնոր մեղրի միջին,

Էնոր ոսկուն նստեն հաւեր,

Բա մարէ՜ ջան, բա տնաւե՜ր...

Իսկ թէ տային ո՛չ թէ հարուստ բայց ծեր խոջի,

Այլ հենց մի լաւ` սրտով սիրած ջահել քաջի,

Մինչև անգամ չոր քարի տեղ խսիր տային,

Չոր գետնի տեղ տային նաև մաշւած կարպետ,

Է՜հ վարդապե՛տ,

Ի՜նչ է պիտի բախտաւորւած հա խնդայի՞ն:

Չ՛է վարդապե՛տ,

Աղքատութեան ծունկը չնկնի մինչև անգամ քո թշնամին...

Հարսանիքի դհոլ-զուռնան դեռ չլռած,

Եւ պահունի շորերն անգամ սնդուկի մէջ դեռ չդրած`

Պանդխտութեան անգութ քամին,

Հարսի ծոցից նորափեսին փրցընելով

Եւ քարէքար ու սարէսար թռցընելով`

Իր սիրածի անուշ համին

Բաժանումի դառնութիւնն է արդէն խառնում,

Գնում է նա

Եւ... մի՛ տարի, երկո՛ւ, երե՛ք... ետ չի դառնում,

Եւ կարօտից ու տանջանքից,

Անկարելի անրջանքից

Մարմինն ասես վէրք է դառնում համատարած

Ու նւո՛ւմ է, անքո՜ւն ցաւո՜ւմ:

Սէրն է մխում կուրացուցիչ-դառըն ծխով,

Ինչպէս ծառից հենց նոր ջարդւած խարոյկ դառած

Թաց ոստերը` անթթւածին քարանձաւում...

Անկողինն է հարսին այրում կրակի պէս,

Օրն է մթնում, իսկ իր սէրը տուն չի գալիս:

Եւ

– Էս անտէր բարձի վրայ

Առանց եարի քո՜ւն չի գալիս...

Ու վէրքերը դառնում են երգ,

Ու երգերը դառնում են վէրք,

Ու սրտերը՝ ծանըր մի քար,

Երբ զինւոր են տանում եարին,

– Ա՜խ երթար ու էլ ե՛տ չգար

Քեզի սալդաթ գրած տարին...

Երբ չեն տալիս եարը եարին,

– Որ ախ էնէմ, կուգայ արի՜ն...

Երբ խախտում են խօսք ու երդում,

– Տաք արիւնն է մէջս լերդում...

Երբ...

Վարդապե՛տ, ի՞նչ էիր դու,

Մօրից ծընւած հող հօ չէի՞ր,

Որ լուռ ու մունջ ներծըծէիր

Անձրև ու ջուր,

Եղեամ ու ձիւն,

Կարկուտ ու ցօղ:

Թէ լինէիր մինչև անգամ անլեզու հող,

Այս ամէնը ինչպէ՞ս և ո՞ր հոգիդ տանէր:

Չէ՞ որ հոգիդ պիտի մի օր

Պոռթկար,

Որպէս մի արտեզեան խորունկ ջրհոր,

Ժայթքէ՛ր,

Չորս դին ցրեր ցայտքեր,

Ծիածանւած շատրւաննէ՜ր.

(Շարունակելի) http://forum.hayastan.com/index.php?showtopic=31873

Edited by hravart
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...