hravart Posted March 16, 2007 Report Share Posted March 16, 2007 (edited) ՀԱՖԵԶ Հռչակաւոր բանաստեղծ Շէմս Էդ-Դին Մոհամէդ Հաֆէզը ծնւել է Իրանի Շիրազ քաղաքում: Նրա ծննդեան թւականը յայնտնի չէ: Այդ մասին ուսոմնասիրողները տարբեր կարծիքներ են յայտնել: Արևելագէտ Փաժմանին հաւանական վկայութիւններ է բերում, որ Հաֆէզը մահացել է 65 տարեկան հասակում: Ելնելով Փաժմանիի վկայութիւներից, Հաֆէզի ծննդեան թիւը պէտք է ընդունել 1324 թւականը: Մեզ յայտնի է նաև, որ Հաֆէզը ամուսնացել և ունեցել է երկու որդիներ, որոնցից մէկը վախճանւել 1362 թ. դեկտ. 24-ին: Որդուն նւիրւած մի բանաստեղծութեան մէջ նա շեշտում է մահւան թւականը և ամսաթիւը: Այնուհետև Շիրազ քաղաքում ունեցել է ամբիոն և աստւածաբանութիւնից կարդացել դասախօսութիւններ: Հաֆէզը իր կեանքում միայն մէկ անգամ է դուրս եկել Շիրազից և հրաւէրով գնացել Եազդ քաղաքը, բայց կարճ ժամա-նակից յետոյ վերադարձել է: Մէկ անգամ էլ հրաւէր է ստացել Հնդկաստանի թագաւորից, բայց հրաժարւել է, քանի որ պիտի ճանապարհորդէր ծովով:Այդ առիթներով Հաֆէզը գրել է գազելներ (غزلها), որոնք հետագայում հիմք են հանդիսացել նրա կենսագրութեան վերաբերեալ, աւանդութիւն-ների: Աւանդութիւններից մէկն ասում է, որ Հաֆէզի հայրը՝ Շէմս Էդ-Դինը, իսկ ոմանց ասելով էլ Բահա օդ-Դինը, բուն Իսպահանցի է եղել և երիտասարդ ժամանակ տեղաւորւել է Շիրազ, բնակութիւն հաստատել Շէյադան թաղամասում ու զբաղւել առևտրով: Մահից յետոյ նա թողել է բաւականին հարստութիւն, բայց աւագ որդիները վատնում են ամբողջը, փոքրիկ Հաֆէզին և նրա մօրը թողնում աղքատութեան մէջ, կարիքը Հաֆէզին ստիպում է մտնել փռում աշխատանքի: Մտնելով փուռը, նա իր ձեռք բերած փողը բաժանում է երեք մասի,- ասում է աւանդու-թիւնը, - մի մասը տալիս է մօրը, մի մասը իր ուսուցչին, որպէս ուսման վարձ, իսկ երրորդ մասը՝ աղքատներին: Հէնց այդ փռում էլ Հաֆէզը ստանում է նախնական կրթութիւնը, որտեղ և բերանացի է անում Ղուրանը, ժամանակակակից-ների կողմից ստանալով «Հաֆէզ» - յիշող մականունը: Փուռը որտեղ աշխատում էր Հաֆէզը, ժամանակին եղել է Շիրազի պօէտների հաւաքատեղին: Այդտեղ բանաստեղծները վիճում էին գրականութեան զանազան հարցերի շուրջը և ընթերցում իրենց ստեղծագործութիւնները: Երիտասարդ Հաֆէզը այդ «ակումբում» կարդում է դեռևս չափի և ռիթմի տեսակէտից թոյլ իր անդրանիկ ստեղծագործութիւնները և պօէտների կողմից ենթարկւում սուր ծաղրի: Այդ անյաջողու-թեան համար Հաֆէզը խոր տանջանք է ապրում, որովհետև սիրահարւած էր Շիրազի գեղեցկուհի Շահնաբաթին և ցանկանում էր միւս պօէտների պէս անուն վաստակել: Աւանդութիւնն ասում է որ երկար ժամանակ տանջ-ւելուց յետոյ Հաֆէզը տեղեկանում է, որ Շիրազ քաղաքի մերձակայքում կայ «Բաբա Կուխի» հաւատացեալների աղօթարանը, որ եթէ մարդ քառասուն գիշեր այնտեղ աղօթի, նրա ցանկութիւնները կը կատարւեն: Հաֆէզը կանոնաւոր կերպով գնում է աղօթատեղ: Քառասուներորդ գիշերը, Շահնաբաթի տան մօտով անցնելիս, յանկարծ գեղեցկուհին իր մօտ է հրաւիրում երիտասարդ Հաֆէզին: Հաֆէզը այդ անսպասելի երջանկութիւնից արտասւում է: Այդ օրւանից նա դառնում է այնպիսի բանաստեղծ, որի հռչակը տարածւում է աշխարհով մէկ, և այլն և այլն: Մի այլ աւանդութիւն էլ պատմում է մեծ բանաստեղծի կեանքի վերջին տարիներին պատահած դէպքերից մէկը, կապւած Լենկթէմուրի հետ: Ինչպէս յայտնի է, 1387 թ. արշաւում և գրաւում է Շիրազը: Երբ բռնակալը քաղաք է մտնում, նրա մօտ են բերում աղքատի շորեր հագած ծերունի Հաֆէզին: Նրանց խօսակցութեան ժամանակ Հաֆէզը իր գազելներից երկտող է արտասանում. Եթէ իմ սիրտը գրաւի Շիրազի թրքուհին աննման, Նրա խալի համար կընծայեմ Սամարղանդն ու Բուխարան: Վերոյիշեալ երկտողի Պարսկերէն բնագիրն է՝ آگر آن ترک شیرازی بدست آرد دل ما را به خال هندویش بخشم سمرقند و بخارا را - Ես աշխարհը ոչնչացրի՝ Սամարղանդն ու Բուխարան բարձրացնելու համար,- ասում է զայրացած Լենկթէմուրը, - դու Ինչպէ՞ս ես համարձակւում մի թրքուհու խալի... -Աշխարհակա´լ,- պատասխանում է Հաֆէզը,- դու ինքդ տեսնում ես, թէ ի՞նչ աստիճան աղքատութեան եմ հասել իմ շռայլութիւնների համար: Լենկթէմուրին դուր է գալիս Հաֆէզի սրամտութիւնը և ներում է նրան: Լենկթէմուրի արշաւանքից երկու տարի յետոյ, 1389 թ, դադարեց սոխակ-բանաստեղծի սիրտը: Կրօնաւորները Հաֆէզին անհաւատ էին համարում, որովհետև նա իր ստեղծագործու-թիւններում ծաղրի է ենթարկել նրանց և Ղուրանը, ուստի նրան չէր կարելի թաղել ուղղափառ Մահմեդականների հետ նոյն գերեզմանոցում: Այդ պատճառով ժամանակա-կիցները առաջարկում են միջնադարեան մի սովորութիւն՝ վիճակ հանել: Հաֆէզի գազելներից քաղում են առանձին կտորներ և գցում սափորի մէջ: Երեխան սափորից հանում է հետևեալ բէյթը. Խորասուզւած եմ մեղքերիս ծարութեան բեռից, Բայց քայլերդ մի´ հեռացրու Հաֆէզի գերեզմանից: Հէնց այս երկտողն էլ գրում են նրա շիրմաքարի վրայ: Հաֆէզին թաղեցին Ռոքնաբադ գետի ափին, Մոսալլահի վարդերի մէջ, որտեղ վարդերգու սոխակն այնքան երգեց ու սպասեց սիրոյ, գեղեցկութեան, իր պօէզիայի ոգեշնչման աղբիւր գեղեցկուհի Շահնաբաթին: Հաֆէզի կենսագրութեան շուրջը յօրինւած բոլոր աւանդութիւնները հիմնւած են նրա ըստեղծագործու-թիւնների վրայ, իսկ ստեղծագործութիւնների մէջ էլ համռօտակի ամփոփւած են նրա կեանքն ու գործու-նէութիւնը: Բոլոր աւանդութիւնները խօսում են այն մասին, որ Հաֆէզը փոքր հասակից մինչև կեանքի վերջին տարիները ապրել է ծայր աստիճան աղքատութեան մէջ: Հաֆէզը բանաստեղծի համբաւ է ձեռք բերել 14-րդ դարի քառասնական թւականներից յետոյ միայն, Շէյխ Աբու Իսհաղի թագաւորութեան ժամանակաշրջանում, մինչ այդ, նա որպէս բանաստեղծ, հռչակ և անուն չունէր: Այս ենթադրութեանը հիմք են տալիս 14-րդ դարի 2-րդ քառորդում Շիրազ քաղաքը այցելած Արաբական յայտնի ճանապարհորդ Իբն Բատուտայի՝ Շիրազ քաղաքի մասին թողած մանրակրկիտ նկարագրութիւնները, որտեղ յիշատակում է Հաֆէզի նախորդ՝ Սաադիի անունը: Ուստի, եթէ Հաֆէզը այդ ժամանակ բանաստեղծի համբաւ ունենար, անշուշտ չէր վրիպի Իբն Բատուտայի գրչից: Հաֆէզը ստեղծագործել է այն ժամանակաշրջանում երբ Մոնգոլական տիրապետութիւնը արևելքում ապրում էր իր մայրամուտը: 13-րդ դարի երկրորդ կէսերին հիմնւած Չինգիզ Խանի յաջորդ հուլաւիդների դինաստիայի հիմքերը երերւում էին երկրում հասունացած ներքին յուզումներից: Գրեթէ ամբողջ Պարսկաստանում սկսւեց վասալական կախում ունեցող ֆէոդալական տների պայքարը: Հիմնադրւում էին նոր դինաս-տիաներ, մի իշխաանութիւն փոխարինւում էր միւսով: Այսպէս, օրինակ, Ինջուիտների ժամանակ, 1342 թ. Աբու Իսհաղին յաջողւեց անկախանալ և իրեն հռչակեց փադիշահ: Վերջինիս և նրա եղբօրը Հաֆէզը մի քանի գազելներ է նւիրել: 1353 թ. Մուբարէզ էդ-Դինը գլխատեց Աբու Իսհաղին և հիմնադրեց Մուզաֆէիդների դինաստիան: Տարեբիրը յիշատակում է Մուբարէզ Էդ-Դին բռնակալի ժամանակը Շիրազ քաղաքում տիրող դաժան օրէնքների և ամենօրեայ գլխատումների մասին: Այս ժամանակաշրջանում թէ ինչպիսին է եղել Հաֆէզի վիճակը յայտնի չէ, քանի որ այդ մասին նա ոչ մի յիշատակութիւն չի թողել: Սակայն մի քանի գազելներում նա տալիս է «Մօհտասէբ» անունը որն այն ժամանակ յատուկ ժանդարմական տիտղոս էր, նշանակւած քաղաքի «Կարգ ու Կանոնը» հսկելու համար: Մուբարէզ էդ-Դինը ամենից առաջ օրէնք սահմանեց արգելել խնջոյքները, նւագելը և գինի վաճառելը: Աշխարհիկ սովորութիւնները արգելելու օրէնքի դէմ զայրացաւ ամբողջ ժողովուրդը, իսկ առևտրական դասը մասնաւորապէս դժգոհում էր գինի վաճառելու արգելքների համար: Ինչ վերաբերում է Հաֆէզին, նա իր կրքոտ գազելներով կոչ էր անում մոհթասէբների (ոստիկանական) Մոզաֆէրիդեան բռնակալութեան տապալ-մանը: Հաֆէզը բողոքում էր ոչ միայն Մոզաֆէրիդների բռնութեան դէմ, այլև նրա քննադատու-թեան սուր լաքը ուղղւած էր անարդարութիւնների անօրինականութեան և արիւնախում դարաշրջանի դէմ: Ահա թէ ինչ է գրում իր մի գազելում. Թէպէտ գինին խինդ է բերում բայց թափում է քամին վարդ, Մօհթասէբից զգո՜յշ եղիր, նւագով մի´ խմիր... մարդ: Գինու գաւաթը թևքերիդ ցնցոտու մէջ թաքցրու, Քանզի, ինչպէս կուժը գինի՝ դառն արիւն է թափում մա´րդ: Սակայն Մօզաֆէրիդների բռնապետութիւնը երկար չտևեց, վրայ հասան նրա կործանման օրերը և այդ բանը շուտ հասկացաւ Մօբարէզ էդ-Դինի որդին՝ Շօջան, որը 1358 թ, այրեց հօր աչքերը և գահընկեց արեց: Շօջան վերացրեց հօր կողմից սահմանւած օրէնքները, թոյլ տւեց խնջոյքները և գինի վաճառելը: Շահ Շօջան ինքը բանաստեղծ էր և հովանաւորում էր Հաֆէզին: Հաֆէզը Շօջային մի քանի գազելներ է նւիրել, իսկ նրա յաջորդ Շահ Մանսուրին՝ «սաղի-նամէ» պօէմը: Իրար յաջորդած պատերազմները, ֆէոդալական իշխանութեան կամայականութիւնները, դաժան օրէնք-ները, Իրանը դարձրել էին աղքատացած երկիր: Դրա համար Հաֆէզը աշխարհը համարում է բանտ: Մարդիկ որ աշխարհում ժամանակաւոր հիւրեն են, սակայն ապրում են դժւարութեան մէջ, և այդ խեղճերին, թշւառներին, պտտւող երկինքը (բախտի անիւը) վերջում սպանում է: Քանի որ մարդու վերջը մահն է, ուստի Հաֆէզը մարդկանց խրատում է ագահութիւն չանել, հարստութիւն չը կուտակել և վիշտն ու զրկանքները մոռանալ գինի խմելով. Գնա և այս երկնի տնից մի´ հայցիր հաց, օգնութիւն, Զի պտտւող պնակն այս սև՝ վերջում հիւրին կսպանի: Մա´րդ, թէ վերջին հանգրւանըդ միայն երկու թիզ հող է, Ի՞նչ կարիք կայ, որ պալատըդ մինչև երկինքը հասնի: Հաֆէզն իր ստեղծագործութիւններով սուր ծաղրի և քննադատութեան է ենթարկել ֆէոդալական ամբողջ սիստեմը, սկսած թագաւորից, դատաւորից, կրօնաւորից մինչև ստորին պաշտօնաւորը՝ մոհթասէբը: Նրա ստեղծագործութիւններում յատկապէս կրքոտ բնոյթ ստացաւ կրօնական հաստատութիւնների քննադատու-թիւնը. Կորչի´ քեզ պէս կրօնազգեստ բարեպաշտը այցելու, Թևքդ կարճ է, ձեռքդ երկար և պահանջկոտ միշտ մեր դէմ: Դու հագնում ես քուրձը այդ սև, որ կեղծիքով, միամիտ Դժբախտներին տանես քեզ հետ և այդ պարզ է մեզ արդէն: Ես ծառան եմ այդ խեղճ մարդկանց, գովասանքի արժանի, Որոնց աչքում ողջ աշխարհը հարդ էլ չարժի, լաւ գիտեն: Եւ քանի որ իմ մուրազը գինետունն է որոշւել, Ես չեմ գնայ աղօթարան և մենաստան, որ փտեմ: Չնայած որ Հաֆէզը Օմար Խայեամի նման աթեիստ չի եղել, բայց նրա ստեղծագործութիւնները զերծ են միստիկական կեղևից: Հաֆէզի ստեղծագործութիւններում հասարակ մարդը՝ ճորտը և մուրացկանը, դէրւիշը օժտւած են հոգեկան և բարոյական բարձր յատկութիւններով ու առաքինութիւններով, քան բարձատիտղոս թագաւորը, որի ձեռքերը արիւնոտ են: Ես դէրւիշ եմ ու մուրացկան, բայց չեմ փոխի ես երբէք Իմ թաղիքէ բուրդ գլխարկը շահի հարիւր թագի հետ: Կամ՝ Լաւ է լինել խեղճ մուրացկան քան շահնշահ աշխարհի: Կամ թէ՝ Անհոգ ժամանց, խսիր փռւածք, աղքատութի՜ւն, անդորր քուն, Այս հաճոյքը չկայ նոյնիսկ արքայական յարկի տակ: Հաֆէզը գովերգել է նաև Իրանի առասպելական թագաւորներին՝ Ջամշիդին, Քէյ Խոսրո-վին և միւսներին, որպէսզի իր ժամանակի իշխան-թագաւորները օրինակ վերցնեն նրանցից ու մտահոգւեն երկրի ու ժողովրդի կեանքով: «Սաղի-նամէ» պօէմում Շահ Մանսուրին հետևեալ պատգամն է յղում. Ե´կ, սաղի, և դու պատգամաւոր գնա ինձնից շահի մօտ, Ասա´ նրան, «ո՜վ Ջամշիդի գահ ու թագի ժառանգորդ, Աղքատ ու թոյլ ժողովրդի բեկւած սիրտը ամոքիր, Նրանից ետ աշխարհացոյց գաւաթը նոր որոնիր»: Բայց Հաֆէզն իր նախորդների պէս չի մնում տրադիցիայի ջերմ պաշտպան, և ոչ էլ գնում նրանց ընտրած գրական ուղիով, որոնք ֆէոդալական հասարակութեան խոցերը վերացնելու համար գրում էին բարոյախրա-տական երկեր, գովերգում անցեալի «բարի» թագաւորներին, կամ թէ «ճշմարտութեան» և «իմաստութեան» դեղատոմսեր մատուցում ժամանակի իշխաններին: Հաֆէզի մասնակի դարձը դէպի անցեալը՝ դա նրա փախուստն էր ներկայից: Նրա ստեղծագործութեան ոգին իր ժամանակի չարի, վատի ժխտումն է: Նախորդ բանաստեղծներին հակառակ, Հաֆէզը նկարագրւող առարկան ֆանտաստիկական և միստիկական բնագա-ւառից փոխադրում է երկրային, իրական հողի վրայ: Նրա ստեղծագործական նպատակը դարձան Մոսալլայի վարդանոցն ու սոխակը, գեղեցկուհի Շահնաբաթը, դէրւիշը, մուրացկանը, ճորտը և առհասարակ մարդն իր ապրումներով: Սոխակի և վարդի մասին գրած նրա գազելների մէջ յուզականութիւնն այնքան խոր կերպով է արտայայտ-ւում որքան իր սիրած գեղեցկուհի Շահնաբաթի սիրոյ մասին գրած գազեները: Նրա իւրաքանչիւր տողում զգացւում է սիրող և տանջւող մարդը: Գիչըս երբ նիւթ առաւ գեղեցիկ պատկերից, Վարդի թերթիկն ամաչեց իմ տետրակի թերթերից: Հաֆէզը երբեմն իր ցաւերը մոռացութեան է տալիս գինու մէջ: Գինու բաժակն ա´ռ ու քամիր, անցաւո´ր Վշտեր ունես, գինի´ խմիր, անցաւո´ր Ողջ աշխարհն է դեռ սկզբից քայքայւած, Դու էլ խմիր ու քայքայւիր, անցաւոր: Արևելագէտներից ոմանք Հաֆէզի ստեղծագործութիւններում գինու գովքը համարել են զուտ արբեցումի և սուֆիական էքստազի1 միջոց: Այն ստեղծագործութիւնը որի մէջ շատ թէ քիչ չափով առկայ էին գինու գովքը կամ թէ սիրային, քնքուշ լիրիկական նկարագրութիւններ, համարւում է սուֆիական ալեգորիկ (այլաբանական) արտայայտութիւն: Նոյնիսկ Օմար Խայեամի պէս աթեիստ բանաստեղծի քառեակները համարւել են սուֆիական: Սուֆիզմը, իհարկէ, իր ազդեցութիւնը ունեցել է որոշ հեղինակների՝ Սենայի (سنائی), Աթթարի (عطّار), Ռումիի (رومی) և ուրիշների վրայ, իսկ ինչ վերաբերում է Հաֆէզին, ապա պէտք է ասել որ սուֆիզմի կնօնական փիլիոփայական գաղափարախօսու-թիւնը Հաֆէզի պօէզիայի հետ ոչ մի առնչութիւն չունի և 14-րդ դարում սուֆիզմը կորցրել էր իր ազդեցութիւնը: Հաֆէզի բանաստեղծութիւնները միշտ էլ կապւած են եղել ռէալ2 իրականու-թեան հետ, շաղախւած ժողովրդի բառ ու բանով ու միաձուլւած պօէտի անհատականութեան հետ: Այդ է պատճսռը, որ Հաֆէզի գազելները հետագայ բանաստեղծների համար, դարձան անհատի ազատութեան լիրիկայի3 մանիֆեստը4 : Հաֆէզի լիրիկայի առանձնայատկութիւնը նրա հումանիզմի5 մէջ է: Մինչև Հաֆէզը Իրանական գրականութեան մէջ գոյութիւն ունէին լիրիկական ժանրի բոլոր տեսակները՝ ռուբաիաթ (ربّاعیات), քասիդ (قصیده), գազել (غزل), ռոմանտիկական պօէմ, էպօս (حماسه ), մէսնևի (مثنوی), բարոյա-պրատական պօէմ և այլն: Չնայած Հաֆէզը ժամրային ասպարէզում նորութիւն չբերեց, բայց գազելը հասցրեց կատարելութեան և համաշխարային գրականութեան մէջ այդ տեսակում մնաց անգերազանցելի: Նրա ստեղծագործութիւնների ուժը, հմայքը, գեղեցկութիւնը զգալու համար պէտք է կարդալ բնագրի լեզւով: Հաֆէզի կենդանութեան օրօք նրա ստեղծագործութիւնները չեն հրատարակւել: Բանաստեղծի մահից յետոյ միայն կազմւեց «Հաֆէզի դիւանը», որը մեզ չի հասել: Հաֆէզի քառեակները մեծ մասամբ սիրային բնոյթի են, գրւած պատկերաւոր լեզռով: Նրա քառեակները ձևի և բովանդակութեան տեսակէտից, իհարկէ չեն գերազանցում Օմար Խայեմի, Բաբա Թահէր Օրիանի քառեակներին: Հաֆէզի ստեղծագործութեան հայելին նրա գազելներն են, որոնց հիմնական գաղափարները ամփոփւած են «Սաղի-Նամէ» պօէմում: Եւրոպայում Հաֆէզի ստեղծագործութիւնները յայտնի դարձան 18-րդ դարում, բայց նրա հռչակը տարած-ւեց 19-րդ դարում երբ Գեօթէն գրեց «Արևմտա-արևելեան դիւանը»: Գեօթէն դիւանի երկրորդ գլուխը («Հաֆէզի գիրքը» վերնագրով) ամբողջութեամբ նւիրել է Իրանի մեծ բանաստեղծին: Նա ոչ միայն Հաֆէզին էր բարձր գնահատում, այլև իրանական գրականութեան միւս ներկայացուցիչ-ներին: «Ասում են թէ պարսիկները ամբողջ հինգ դարերի իրենց բոլոր պօէտներից միայն եօէ բանաստեղծ են համարել արժանաւոր, -գրել է Գեօթէն,- բայց չէ՞ որ միւս խոտանւածներից շատերը բարձր են ինձանից: Գեօթէի ուսումնասիրութիւններից յետոյ, կարճ ժամանակւայ ընթացքում, մի քանի հրատարակութիւններով «Հաֆէզի դիւանը» լոյս տեսաւ գերմաներէն, ֆրանսերէն, անգլերէն և այլ լեզուներով: Ռուսաստանում Հաֆէզը տարածում գտաւ 20-րդ դարում ակադեմիկոսներ Կրիմակու, Կորշի, Ժոկովսկու և ուրիշների թարգմանութիւններով: Հաֆէզի ստեղծագործութիւնները թարգմանւել են արտասահմանեան հայ պարբերական մամուլում, Մաքսուդեանի, Կրասելենիկեանի, Միրզայանի, Մելիք-Վարդանեանի և ուրիշների թարգմանութեամբ: Հաֆէզի ստեղծագործութիւնները հայերէն առանձին գրքով լոյս են տեսել 1905 թ. Թաւրիզում, «Հնգեակներ, քառեակներ և տաղեր» խորագրով Մաքսուդեանի թարգմանութեամբ: Նոյն ժողովածուն վերահրատարակւել է 1912 թ. Պօլսում: Մաքսուդեանի մի քանի յաջող թարգմանութիւնները, լեզւական մասնակի փոփոխութեամբ, զետեղւած են մեր այս ժողովածուի մէջ: 1Էքստազ (extasy)- հափշտակություն,սքանչացում զմայլանք 2Ռէալ- իսկական, իրական, ստույգ 3Լիրիկա- քնարերգութիւն 4Մանիֆեստ (Manifest)- յայտնի, բացայայտ, դրսեւորել, ապացուցել, հրապարակել 5Հումանիզմ (humanism)- մարդասիրութիւն Սերգեյ Ումառեան (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ) Edited March 16, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
hravart Posted March 17, 2007 Author Report Share Posted March 17, 2007 ՔԱՌԵԱԿՆԵՐ ՀԱՖէԶ Այս գեղուին լանջը բացում մարմարի, Նազ է անում, ասես հիմա կմարի, Կուրծքն այնքան նուրբ, սիրտն երևում է տակից, Ինչպէս աւազը հատակում պաղ ջրի: Եթէ խելառ բախտն անօգուտ է, ի՞նչ օգուտ, Եթէ խեղճ սիրտն արիւնոտ է, ի՞նչ օգուտ, Աչքիդ բիբը եթէ թռաւ իր տեղից՝ Լոյսը թէկուզ քո աչքումդ է, ի՞նչ օգուտ Ողջ գիշերը նինջըս սիրուդ ծախեցի ես, Թարթիչներով ճակնթաքար ծակեցի ես. դարդերս, որ չէի պատմել ո´չ մի մարդու Ա՜խ, մինչև լոյս թշւառ սրտիս պատմեցի ես: Բաժանւեցի երբ քեզանից, սիրեկա´ն, Փախաւ ժպիտն իմ երեսից, սիրեկա´ն, Աստծոյ հետ՝ ե´ս գիտեմ, թէ հոգուս մէջ Որքա՜ն ցաւ կայ ու խո´ր կսկիծ, սիրեկա´ն: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.